«ԱՐՎԵՍՏԸ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ, ԷՄՈՑԻՈՆԱԼ ԱՇԽԱՐՀ Է, ՊԵՏՔ Է ՈՒՂԵՂԸ «ՊԱՐԱՊ ԹՈՂՆԵՆՔ». ԱՐՄԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ


Ս. Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնն այս տարի 3 առաջնախաղ (պրեմիերա) է ունեցել (Վ. Շեքսպիրի «Համլետ», Դանիել Խարմսի «Любовь» և Ռեյ Կունի «Ծիծաղելի փողեր» պիեսի հիման վրա բեմադրված «Ջեք-փոթ» ներկայացումները), իսկ 4-րդը՝ Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-Շիդար» պիեսը (բեմադրության հեղինակ՝ Արմեն Մեհրաբյան), նախատեսվում է վաղը՝ դեկտեմբերի 19-ին: Հիշեցնենք, որ «Արտավազդ-Շիդար» պիեսը 2013-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից կազմակերպված «Լևոն Շանթ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել էր լավագույն պիես, և մրցանակաբաշխության պայմաններից մեկն էլ լավագույն պիեսի բեմադրումն էր Համազգային թատրոնում: «Հայտարարելով այս մրցույթը՝ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը նպատակ ուներ բացահայտելու թատերգության ժանրում ստեղծագործող նոր անուններ, պարզելու, թե մեր փոթորկուն ժամանակները ժամանակակից հայ դրամատուրգիայում ինչ արձագանքներ են ստանում, ով է նրա գլխավոր հերոսը և, որ ամենակարևորն է, արձագանքելու մեր հանրության այն մտահոգությանը, թե ժամանակակից դրամատուրգիայի առումով հայ բեմը նահանջներ ունի, և հայ դրամատուրգիայի գրիչն այնքան էլ բեղուն չէ: Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ստացված 51 հայտերի մեջ թեև կային այնպիսիք, որոնք նույնիսկ կարդալու արժանի չէին, բայց և կային ժամանակակից դրամատուրգիայի գրչի բեղունությունն ապացուցող գործեր, ինչպիսիք էին սկզբունքային զտման արդյունքում առանձնացված 13 պիեսները, որոնք մեկ գրքում ամփոփված լույս տեսան այս տարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը: «Արտավազդ-Շիդարն» ահա այդ 13 պիեսներից մեկն է, որի բեմադրության հեղինակ Արմեն Մեհրաբյանը, մի փոքր բացելով փակագծերը, ասաց, թե ինչ սկզբունքով է փորձել մոտենալ պիեսին. «Արվեստը, առաջին հերթին, ինչպես-ն է, ոչ թե ինչ-ը: Բայց այս դեպքում ես փորձեցի ավելի շատ անդրադառնալ ինչ-ին, ոչ թե ինչպես-ին, որովհետև ինձ համար կարևոր չէ, թե մարդուն ինչպես են սպանում՝ քարո՞վ, թե՞ միջուկային զենքով: Կարևորն այն է, որ մարդ է սպանվում. սա է խնդիրը: Եվ այս դեպքում ինչպես-ը մղվում է երկրորդ պլան»,- ասաց Ա. Մեհրաբյանը: Բեմադրության հեղինակն ասում է, որ ներկայացումը բավականին բարդ է, և այն դիտելուց հետո շատերի մոտ կարող են հարցեր առաջանալ՝ իսկ ինչո՞ւ այսպես ու ոչ թե այնպես և այլն. «Արվեստը, կարծում եմ, առաջին հերթին էմոցիոնալ աշխարհ է, և պետք է այդ էմոցիաներին տեղի տանք, ուղեղը «պարապ թողնենք», զգացմունքը բերենք առաջին պլան: Հակառակ դեպքում, հենց սկսում ենք ավելի խորը մտածել, մեր իսկ ուղեղը դառնում է մեր առաջին թշնամին: Այս առումով պիտի փորձենք ինտելեկտից «ազատվել», թողնել ինտելեկտը ենթագիտակցությանը. վերջինս այս հարցում ավելի զորեղ է, քան գիտակցությունը»,- կարծում է Ա. Մեհրաբյանը: Պիեսի թեման արվեստի, գրականության հավերժական թեմաներից է. «Հերոսը փորձում է պատասխանել «ո՞վ եմ ես հարցին», և դա տեքստում էլ կա: Երբ Արտավազդը մենախոսում է հայելու առաջ, նա ինքն իրեն հարց է տալիս. «Ո՞վ ես դու, Արտավազդ»: Ես կուզեի, որ մեզանից յուրաքանչյուրը պատասխաներ այդ հարցին՝ ո՞վ եմ ես, որովհետև այսօր մեզ համար սա կարևորագույն հարց է, որին, սակայն, մենք կամ չենք կարողանում պատասխանել կամ էլ փորձում ենք շրջանցել»,- ասում է պարոն Մեհրաբյանը: Ներկայացման գլխավոր դերակատարը Արման Նավասարդյանն է, որի խաղը, ըստ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի, մի առանձին գրավչություն է հաղորդում պիեսին. «Արտավազդ-Շիդարը» հայ ժամանակակից դրամատուրգիայի ինքնատիպ ստեղծագործություններից մեկն է, որը բեմադրվում է շատ ճաշակով ու գրագետ,- ասում է Վ. Մկրտչյանը,- բացի հեղինակի և բեմադրիչի յուրօրինակ մոտեցումից, պիեսը շատ ինքնատիպ է դառնում նաև մեր վարպետի՝ Սոս Սարգսյանի սիրելի սաներից մեկի՝ Արման Նավասարդյանի խաղի շնորհիվ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/12/18/526458/

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։