«ԱՐԾՎԱԲՈՒՅՆԻ» ՊՐԵՄԻԵՐԱՆ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ. Նաիր ՅԱՆ
Մեր կինոն, թատրոնը, գրականությունը մեծ հաշվով չեն համարձակվում դիպչել ազգային թեմաներին ու խնդիրներին: Չհաջողելու վախը, հասարակական քննդատությունը, ժողովրդական ցավը լիարժեք արտահայտելուն պատրաստ չլինե՞լն է պատճառը, թե՞ ստեղծագործ մտքի, գեղագիտական արժեհամակարգի պակասը, դժվար է միանշանակ ասելը. տեսակետները տարբեր են: Բայց փաստն այն է, որ առայժմ որեւէ մոնումենտալ, անգամ ոչ մոնումենտալ ստեղծագործություն չունենք: Ինչո՞ւ արցախյան պատերազմի թեմայով պիեսներ չեն գրվում. թատրոնի մարդիկ բարձրաձայնում ենՙ տվեք մեզ լավ պիես, բեմադրենք: Որոշ թատերախաղեր եղել են այս թեմայով, բայցՙ անհաջող:
Պարզվում էՙ Սունդուկյանի անվան թատրոնը դեռ անցյալ տարի պետք է արցախյան պատերազմի թեմայով պիես ներկայացներ ու նախՙ Ստեփանակերտում: Բեմադրության փորձերը սկսվել են դեռ 2015 թվականին: 2016-ի մարտին սունդուկյանցիները գործուղվել են Ստեփանակերտՙ հանդիպելու Արցախի մշակույթի նախարարի հետ եւ պայմանավորվելու, որպեսզի ներկայացումն այնտեղ բեմադրվի: Բայց ապրիլյան պատերազմը խանգարել է ու հետաձգել ներկայացումը: Խոսքը ժամանակակից հեղինակ Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն» պիեսի մասին է, որը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը : Անկախ ամեն ինչիցՙ ներկայացման փորձերը շարունակվել են, ու մայր թատրոնը փետրվարին իր աշխատանքը վերսկսեց «Արծվաբույն» պիեսի առաջնախաղով:
Գործողությունները տեղի են ունենում Արցախումՙ սահմանին: 1990-ականներն են. ազատամարտիկների ջոկատն արցախցի հրամանատարի գլխավորությամբ թեժ մարտեր է մղում ադրբեջանցիների դեմ: Նրանք տարբեր տարիքի ենՙ համալսարանի ուսանողից մինչեւ փորձառու տարեց ազատամարտիկ: Իսկ տղաների կողքին, նրանց հետ Հերիքնազ տատն է, որին Արցախի բարբառով Ամայ (մայրիկ) են ասում: Ամայի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Ջուլիետա Ստեփանյանը : Հերոսուհու աչքի առաջ են տղաները վիրավորվում ու զոհվում. նա այն քնքուշ ու բարի, համբերատար ու հոգատար ձեռքն է, որն ամուր է պահում տղաների մարտական ոգին, քաջալերում ու հույս ներշնչում:
«Իմ բոլոր դերերից Ամայը խիստ տարբերվում է: Միգուցե հասարակությունն ինձ սովոր է տեսնել կոմիկական դերերում, բայց դա չէ իմ բնույթը, ես դրամատիկ կերպարների դերասանուհի եմ: «Արծվաբույն» ներկայացման մեջ հենց այդպիսի դեր է ինձ վստահվել, որը հերոս ծնող մայրերի հավաքական կերպարն է: Արցունքը, լացը քարացել են այդ կնոջ սրտում: Ես նրա նախատիպերին իրական կյանքում հաճախ եմ հանդիպել: Նրանք որդեկորույս մեր մայրերն են, որոնք այնքան նման են իրար. լուռ, անմռունչ տանում են իրենց ցավն ու ողբըՙ հոգում փայփայելով լուսավորը, բարին, ապագայի հույսն ու հավատը: Բեմադրության յուրաքանչյուր փորձի ժամանակ ես վերապրել եմ որդեկորույս մոր ցավը, մտել եմ նրա մաշկի տակ, ու, հավատացեք, ինձ զգացել եմ ոչ թե այդ մոր դերում, այլ զգացել եմՙ որպես հենց այդ մայրը»,- իր կերպարը ներկայացրեց Ջուլիետա Ստեփանյանը:
Ռեժիսոր Դավիթ Հարությունյանը նկատեց, որ «Արծվաբույնն» ուշացած ներկայացում է, որովհետեւ արցախյան թեմայով պիեսներ պետք է վաղուց ու հաճախակի բեմադրված լինեին բոլոր թատրոնների կողմից: Մեր վերքը դեռ թարմ է ու, ցավոք, անընդհատ է թարմացվում, որովեհտեւ մեր սահմանները խաղաղ չեն. հայի ամեն սերունդ իր խաչն է տանումՙ դատապարտված հայրենիքն արյունով պաշտպանելու առաքելությանը: «Մենք մեր բաց վերքի վրա աղ չենք լցնում, որովհետեւ չափից դուրս զգացմունքայնությունը, արցունքներ կորզելը կնշանակի ցավեցնել մարդկանց ու հատկապես որդի կորցրած մայրերին, հայր ու եղբայր կորցրած մեր ազգակիցներին: Պիեսում իրադարձություններն ընթանում են անսպասելի ու կտրուկՙ զիգզագաձեւ. այդպիսին է պատերազմը: Կերպարները փորձում են իրենց զգացածն ու ապրածը հաղորդել բեմից, բայց ոչ երբեք գեղարվեստի հաշվին: ?Մենք չենք ողբում, արցունք չենք թափում, այլ ցույց ենք տալիս այն միասնական ուժը, կամքը, որով առաջնորդվել ու հաղթել ենք միշտ»,- իր բեմադրական սկբունքների մասին պատմեց Դավիթ Հարությունյանը:
Երկու գործողությունից կազմված «Արծվաբույնը» հանդիսատեսի աչքերով որոշ շտկումների, վերանայումների կարիք ունի: Ներկայացման դինամիկան ու ռիթմը ռելսերից երբեմն դուրս են գալիս, ու դրա պատճառը ձգձգվող որոշ տեսարանները, երկարացված մենախոսություններն են: Գլխավոր հերոսներից մեկը ոտքից վիրավոր է, նաեւ կոնտուզիա է ստացել ու չի կարող մասնակցել մարտերին: Նա չարացած է թշնամու վրա, տեղը չի գտնում, ցույց է տալիս, որ հոգեպես տանջվում է, որ ընկերները կռվում են, իսկ ինքը դիրքերում չէ: Տանջվում է, որ ընտանիքին վաղուց չի տեսել, չի տեսել նաեւ մեկ տարեկան որդուն: Ըստ էությանՙ Կամոն դրամատիկ հերոս է, բայց բեմից տեսնում ենք էմոցիաները չափից ավելի դուրս թողնող, բոլոր բառերը հեւալով, ատամների արանքից արտասանող, չափից ավելի բռնկվող ու բորբոքվող, անհավասարակշիռ կերպարի: Գերավելորդ էմոցիաները խանգարում են կերպարի ընկալմանն ու յուրացմանը, ներսիցՙ հոգուց ու սրտից դուրս եկող մեկ հատիկ բառը կամ նախադասությունը, մի հայացքն ավելի ազդեցիկ է, քան խաղացվող ափեափ էմոցիան: Բեմադրության ներքին գիծը միշտ չի հաջողվում պահպանել, ասմունքի վերածվող մենախոսություններն ու երկխոսությունները մի հավաքական նախադասությամբ փոխարինելն ավելի տպավորիչ ու համոզիչ կլինեն: Դերասանական կազմը, երեւում է, որ շատ է ջանում լավ խաղ ցույց տալ. դերերը յուրացնելն ու կերպարների հետ նույնանալը դեռեւս ժամանակ կպահանջի:
Ջուլիետա Ստեփանյանը կերպարային ներաշխարհ ունեցող, դերն զգալու, հասկանալու եւ իրենը դարձնելու ունակությամբ օժտված դերասանուհի է, բայց ցավ ու ողբերգություն ապրող կնոջ նրա մարմնավորած կերպարը չափից շատ է պաճուճվել սահմռկեցնող արտահայտչամիջոցներով: Արցախցի Ամայի կերպարը ներկայացման անկյունաքարն էՙ հայ մոր հավերժական, հավաքական հուշարձան, որին հանդիսատեսը ծափողջույններով ընդունեց:
«Արծվաբույնի» դրամատուրգիան դժվար է ուժեղ համարել: Որոշ տեսարաններ ուղղակի չեն կապվում ու կարծես միմյանցից անկախ լինեն: Ճիշտ է, գոյություն ունի դրամտուրգիական ու ռեժիսորական ոճ, երբ առաջին հայացքից է միայն թվում, թե այս ու մյուս տեսարաններն անջատված, իմաստային կապով միացած չեն, բայց հետո են հասկացվում դրանց ներքին հանգույցները, սական «Արծվաբույնն» այդ դեպքերից չէ: Բռնկուն, լարված պահերին հաջորդում են տեղատվությունները, որոնք թուլացնում են տրամադրությունը: Պիեսը մշակման կարիք ունի, որին կհաջորդի բեմադրական ավելի կուռ ամբողջականության հանգեցնող աշխատանքը: Մնում է, որ բոլոր նրանք, ովքեր մի փոքր անգամ մասնակցություն ունեն այս ներկայացման մեջ, կողքից նայեն իրենց անկողմնակալի աչքերով, ընդունեն առողջ, սրտացավ քննադատությունը եւ շտկումներից, սխալն զգալուց եւ ուղղելուց չխուսափեն:
Այս ամենով հանդերձՙ դահլիճի արձագանքն աննախադեպ էր: Դժվար էր հավատալ, որ Սունդուկյանի անվան թատրոնում վերջապես հոտնկայս ծափահարող ու «բրավո» գոչող հանդիսատես կար: Պրեմիերային դահլիճը լեփ լեցուն էր: Նման արձագանքը փաստում է, որ մենք վաղուց էինք սպասում արցախյան թեմայով ներկայացման, մանավանդ որ այն հասավ հանդիսատեսի գիտակցությանը, զգայական աշխարհին ու հոգուն. այն հուզեց մարդկանց: Քսանհինգ տարի հետո մեր թատերական աշխարհում մեծ բեմի համար նախատեսված լայնածավալ աշխատանք է կատարվել, որի մասնակիցներից յուրաքանչյուրն իրենից մի մասնիկ ունիՙ բեմից դահլիճին նվիրելու: Դա ոչ միայն դերասանի մասնագիտական պարտքն է, այլ ավելինՙ հարգանքի տուրքՙ մեր արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին ու հայ ազգի պատվախնդրությանը:
«Արծվաբույնը» նույն թեմայով որեւէ ներկայացման հետ համեմատել չենք կարող, որովհետեւ նույն թեմայով ուրիշ որեւէ ներկայացում չունենք: «Արծվաբույնը» կարող է դառնալ ծրագրային. վերջապես կա մի բեմադրություն, որը կարելի է դիտել ընտանիքովՙ երեխայից մինչեւ տատ ու պապ: Վերջապես կա մի բեմադրություն, որը կարելի է ներկայացնել նաեւ դպրոցահասակներին: Երկու ժամՙ մեր գենի, տեսակի, նկարագրի, անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Արժե այդ երկու ժամը հատկացնել բեմից մեր ներսը նայելու համար:
՛՛ԱԶԳ՛՛ շաբաթաթերթ