Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ Երևանում անց է կացվել 2005թ.-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա 2003թ. սեպտեմբերի 24-ին առաջին անգամ Երևանում անցկացրեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, որի հանդիսավոր բացումը կայացավ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` Հ. Ղազանչյանի բեմադրած «Կոնտրաբաս» մոնոներկայացմամբ:
2005թ. «Արմմոնոն» վերանվանվեց «Շեքսպիրյան» փառատոն, որի շրջանակներում թատերասեր հանրությանը հրամցվում էին միմիայն շեքսպիրյան գործեր: Բազմաթիվ թատերասերների խնդրանքով 2009թ. սկսած մոնոներկայացումների փառատոնին վերադարձվեց նախկին անունը, ինչի արդյունքում Հայաստանի թատերական գործիչների միությունն ունեցավ միաժամանակ երկու միջազգային թատերական փառատոն` իրարից խիստ տարբերվող բովանդակությամբ:
Փառատոնը տարիների ընթացքում ձեռք բերեց միջազգային մեծ ճանաչում` դառնալով Շեքսպիրյան փառատոների Եվրոպական ցանցի անդամ:
Երևանի Շեքսպիրյան փառատոնը շարունակում է կարևորել ժամանակակից խոշորագույն թատերական դեմքերի մասնակցությունը: Հայաստանում հյուրընկալվել են. Ալեքսանդր Կալյագինը, Ռոբերտ Ստուրուան, Իրինա Բրուքը… Գրեթե ամեն տարի փառատոնի օրերին Երևանում էր գտնվում Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Անժի Ժուրովսկին` Լեհաստանից: Փառատոնային պատմության էջերից երբևէ չեն ջնջվի բեմադրիչ Փիթեր Բրուքի WARUM, WARUM ներկայացումը (Ցյուրիխի դրամատիկական թատրոն), անգլիացի աշխարհահռչակ բեմադրիչ Դեկլան Դոնելլանի «12-րդ գիշերը» հանրահայտ բեմադրությունը, որը նա իրականացրել է Մոսկվայում` Ռուսաստանի հայտնի դերասանների հետ և խոշոր կտավի գործեր:
Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին ընդառաջ փառատոնի շրջանակներում Հայաստանում էին (2014թ.) Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից, այդ թվում. Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի նախագահ, Գդանսկի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Ջերսի Լեմոնը, Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի համակարգող Ջոաննա Սնիեժկո Միստերեկը, Լոնդոնի «Գլոբուս» թատրոնի «Գլոբ թու Գլոբ» Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը, Նոյսի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Ռայներ Վիերցը /Գերմանիա/, Գյուլայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Սանդոր Զոզեֆ Գեդեոնը /Հունգարիա/, Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Էմիլ Բորողինան /Ռումինիա/, Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի և «Մարին Սորեսկու» թատրոնի տնօրեն Միրչա Կորնիստեանուն, Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի համակարգող Յոլանդա Մանեսկուն, Բարսելոնայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Վելվեհի Էռնանդես Մոնսեռռատը /Իսպանիա/, Օստրավայի ամառային Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Անդրեյ Հարմեցկոն /Չեխիա/, Բաթի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Ֆիլիպ Պարր /Անգլիա/, Էլսինորի «Շեքսպիրը Համլետի ամրոցում» փառատոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր գործադիր տնօրեն Լարս Էնջելսը /Դանիա/:
Վ. Փափազյանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում ներկայացվեց «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետև, անցկացվեց «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Երևանի Շեքսպիրյան փառատոնի շնորհիվ վերականգնվեցին հայ թատրոնի Շեքսպիրյան ավանդույթները՝ ինչի վկայությունն են հայկական նոր բեմադրությունները, որոնք հաջողությամբ ընդգրկվում են փառատոնի ծրագրում: Այսպիսով`լրացնելով Շեքսպիրյան ավանդույթներով հարուստ հայ թատրոնի պատմության անկրկնելի էջերը, փառատոնը մեր մշակութային կյանքի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը դարձավ`մշակութային իրադարձություն, տոն, որին սիրով են սպասում:
Հեռանկարներում նախատեսվում է, անշուշտ, աշխարհագրության լայնացում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացում. հնարավոր է համատեղ ներկայացման բեմադրություն 2016-2017թթ.:
Հուրախություն բոլորիս, փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր գործունեության շառավիղը` ընդգրկելով նաև հանրապետության մարզերը: Այս գործընթացը ևս կունենա իր տրամաբանական շարունակությունը:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։