Հրաչ Բեգլարյանը ծնվել է 1956 թ. Լոռու մարզի Լեռնավան գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժնում։ Ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Սևանի շրջանի (այժմ Գեղարքունիքի մարզ) Ծովագյուղի միջնակարգ դպրոցում։ Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, մասնակցել Հայաստանի բազմաթիվ հնավայրերի պեղումներին։ Բեգլարյանը պատմական գիտությունների թեկնածու է և երկար տարիներ դասախոսել է հանրապետության հոգևոր ու աշխարհիկ ուսումնական հաստատություններում։
Հայաստանի գրողների միության անդամ է 2013 թվականից, լրագրողների միության անդամ՝ 1994 թվականից։
Ստեղծագործել սկսել է մանուկ հասակից։ Դեռևս դպրոցական տարիներից նրա բանաստեղծությունները տպագրվել են «Պիոներ կանչ», շրջանային «Լուսարձակ», հետագայում նաև՝ «Ավանգարդ», «Գարուն» և այլ պարբերականներում։ Ունի տպագրված շուրջ 10 գիրք, որոնցից 5-ը՝ գրական։ Դեռևս 1996 թ. տպագրվել է Հրաչ Բեգլարյանի «Հողի կանչը» պատմվածքների ժողովածուն, 2006 թ. «Դրախտի պատուհան» բանաստեղծությունների ժողովածուն, 2009 թ. Հ. Բեգլարյանը հրատարակել է «Մարախի տարի» պատմավեպը և «Թլոլ Դավիթ» վեպը (պետական աջակցությամբ)։ 2011 թ. լույս է տեսել նրա «Հրապարակ» վեպը, 2013 թ. պետական աջակցությամբ «Կաղնին ու մեխը» պատմվածքների ժողովածուն։ 2014 թ. տպագրվել է նրա «Երկրագործական մթերքների վերամշակումը միջնադարյան Հայաստանում» գիտական մենագրությունը, որը նրա տասնամյակների գիտական պրպտումների արգասիքն է։ 2016 թ. հրատարակվել է հեղինակի «Չարքակապ» պատմվածքների ժողովածուն։ Բացի այս գրքերից նա մամուլում հանդես է եկել տասնյակ պատմվածքներով, գիտական և հրապարակախոսական հոդվածներով։
Նա ունի շուրջ 20 տարվա լրագրողական աշխատանքի փորձ։ 1986-2006 թթ. աշխատել է «Սևան» թերթում նախ որպես Նամակների, մշակույթի և կենցաղի բաժնի վարիչ, ապա՝ խմբագրի տեղակալ։
ՏԵՍԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ