Ագոտա ԿՐԻՍՏՈՖ / ՀԱՄԱՃԱՐԱԿ1

Գործող անձինք
ԲԺՇԿՈՒՀԻ
ՓՐԿՈՂ
ՓՐԿՎԱԾ
ՀՐՇԵՋ 1
ՀՐՇԵՋ 2
ՀԱՄՈԶՈՂ
ՏՂԱՄԱՐԴ 1
ՏՂԱՄԱՐԴ 2
ՀԱՂԹԱՆԴԱՄ

Տեսարան 1

Բժշկուհի, Փրկող, Փրկված:
Բեմը ներկայացնում է բժշկական կաբինետ՝ բավական անխնամ վիճակում: Բժշկուհին նստած է գրասեղանի մոտ: Հիսուն տարեկան կին է՝ վատ պահպանված: Առջևը դրված է կարմիր գինու շիշ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ամպեր են: Միայն ամպեր: Չկա տխմար նարնջագույն արևամուտը, և մնացյալը: Ատում եմ բնության գեղեցկությունը: Միայն գարշելի եղանակ եմ սիրում: Անձրև, մառախուղ, քամի, ցեխ, մի խոսքով, գարշանք: (Լցնում է բաժակը և խմում:) Առողջ լինե՛նք: Ատում եմ առողջությունը: Գինին շատ վատ է առողջության համար: Ծուխը` նույնպես: (Ծխախոտ է վառում:) Եվ որքա՞ն պիտի սա տևի… Ոչ մի հաճախորդ: Մարդ չկա: Ոչ մի հիվանդ: Միայն մեռելներ: Ի՞նչ են, ի վերջո, հիվանդները: Զահլա տանողներ: Մարդիկ պետք է կամ լավ առողջություն ունենան, կամ սատկեն: Խնամե՞լ նրանց: Բուժե՞լ: Ինչի՞ համար: Առանց այն էլ շատ են: (Խմում է:) Բժշկությո՞ւն, ծիծաղս մի բերեք: Դա ընդամենը անգինա բուժելու համար է: Բայց անգինան ինքն իրեն էլ կարող է բուժվել: (Խմում է:) Ի՜նչ լռություն է: Հարց եմ տալիս` արդյոք ձյուն կգա՞… Հարց եմ տալիս, թե ինչու եմ այդ հարցը տալիս: Ձյուն կգա՞, թե՞ չի գա… Հարց եմ տալիս, ի դեպ, թե ինչո՞ւ եմ նորից այդ հարցը տալիս, ինչ ուզում է լինի: (Դուռը ծեծում են:) Գնա՛, ուրիշ տեղ բուժվիր: Դա ինձ չի վերաբերում: Ձեր անգինաներն ինձ չեն վերաբերում: Դա ինքն իրեն է բուժվում: (Ավելի ուժգին են ծեծում:) Ասպիրին խմե՛ք: Հրաշալի միջոց է: Ամեն ինչի համար էլ լավ է: Եթե չի օգնում, ուրեմն, ոչինչ չի օգնի: (Շատ ավելի ուժգին են ծեծում:) Լավ, եղա՜վ, կարող եմ ձեզ հակաբիոտիկ սրսկել: Դա էլ լավ է` հակաբիոտիկը: Ոչնչացնում է միկրոբները, վիրուսները, բացիլները, ամեն ինչն է ոչնչացնում: Հաբեր ընդունելով, հետույքին սրսկելով, ներերակային ճանապարհով…
Դուռն աղմուկով բացվում է: Մտնում է Փրկողը` երիտասարդ աղջկա գրկած, նրան զգուշորեն դնում է բժշկական բազմոցին: Սրբում է ճակատը:
ԲԺՇԿՈՒՀԻ — Դա ի՞նչ է:
ՓՐԿՈՂ — Աղջիկ է, մի գեղեցիկ, երիտասարդ աղջիկ, որին գտա անտառում կախված:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ընդամենը դա՞ գտաք:
ՓՐԿՈՂ — Ինչպե՞ս թե «ընդամենը»: Ես սունկ հավաքելու չէի գնացել:
ԲԺՇԿՈՒՀԻ — Իսկ ի՞նչ էիք հավաքում, ի՞նչ էիք փնտրում
ՓՐԿՈՂ — Ծառ` միզելու համար: Ահա թե ինչ էի փնտրում:
ԲԺՇԿՈԻՀԻ — Ծառն այնքան էլ դժվար չէ գտնել անտառում:
ՓՐԿՈՂ — Այո, դա այնքան էլ դժվար չէ… Բայց գրողը տանի՛: Մարդ հարցնի…
ԲԺՇԿՈԻՀԻ — Գրողը տանի՛: Դուք ասացիք` գրողը տանի՞:
ՓՐԿՈՂ — Այո: Բայց ձեզ ի՞նչ եղավ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Պաշտում եմ «գրողը տանի»-ն: Պաշտում եմ այդ արտահայտությունը: Ցավոք, հաճախ չես լսի: Գրողը տանի՛: Հի՛-հի:
ՓՐԿՈՂ — Լավ կլիներ մի բան անեիք այդ խեղճ աղջկա համար:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ուրիշներ չկայի՞ն:
ՓՐԿՈՂ — Ի՞նչ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Կախվածներ: Անտառում:
ՓՐԿՈՂ — Չգիտեմ: Նա միակն էր, որին տեսա, և որին… փրկեցի: Ինչո՞ւ: Պիտի որ ուրիշներն էլ լինեի՞ն:
ԲԺՇԿՈՒՀԻ — Անտառը լիքն է դրանցով: Լիքն է կախվածներով: Պարզ է` մարդիկ տեսնում են միայն ջահելներին ու գեղեցիկներին: Միշտ նրանց են փրկում: Եվ երբեք ոչ մի պառավ, տգեղ կամ փսլնքոտ: Երբե՛ք:
ՓՐԿՈՂ — Բայց սա միակն էր, որ տեսա: Ես ում ասես կփրկեի:
ԲԺՇԿՈՒՀԻ — Դա հիմարություն է: Պետք չէ ում ասես փրկել: Ի դեպ, դուք իրավունք չունեք ամեն պատահածին փրկելու:
ՓՐԿՈՂ — Ինչպե՞ս թե: Դա իրավունք չէ, դա պարտականություն է:
ԲԺՇԿՈՒՀԻ — Տրա-լա-լա-լա, տրա-լա-լա: Եվ ի՞նչ կուզեիք, որ նրան անեմ:
ՓՐԿՈՂ — Նրան պետք է իսկապես փրկել, վերջնական: Վերադարձնել կյանքին, ապագայի՜ն:
ԲԺՇԿՈՒՀԻ — Նա փայտացել է:
ՓՐԿՈՂ — Բոլորովին: Նա շնչում է: Դուք բժիշկ եք, չէ՞:
ԲԺՇԿՈՒՀԻ — Էի, էի: Բայց այլևս հիվանդներ չունեմ: Միայն մեռելներ են: Եվ անգինաներ: Այս խոնավ եղանակի պատճառով է: Կուզեի՞ք մի բաժակ խմել: (Ելնում, գնում է բաժակը ողողելու:)
ՓՐԿՈՂ — Ոչ, ոչ, շնորհակալ եմ: Որևէ բան արեք այս հմայիչ աղջկան:
ԲԺՇԿՈՒՀԻ — Հմայի՜չ, հմայիչ… Միշտ գեղեցիկ կանանց են…
ՓՐԿՈՂ — Դուք կարծում եք` տեսնո՞ւմ էի, որ նա գեղեցիկ է: Լեզուն դուրս էր ընկել: Ոտքից գլուխ կապտած էր:
ԲԺՇԿՈՒՀԻ — Զզվանքս եկավ: (Փրկվածին նայելով:) Նա այլևս կապտած չէ… հիմա:
ՓՐԿՈՂ — Իսկապես: Նա դեռ ողջ է: Սիրտը բաբախում է:
ԲԺՇԿՈՒՀԻ — Չի կարելի վստահել սրտի բախոցին:
ՓՐԿՈՂ — (բռնում է Բժշկուհու խալաթից): Եթե հենց հիմա որևէ բան չանեք, ես կջարդե՛մ ձեր կեղտոտ ռեխը:
ԲԺՇԿՈՒՀԻ — Հանգի՛ստ, հանգիստ:
ՓՐԿՈՂ — Գոնե քննեք նրան:
ԲԺՇԿՈՒՀԻ — Եթե շատ եք ուզում… (Քննում է աղջկան:) Շնչառությունը կանոնավոր է, սրտի բախոցը` բավական հուսադրող… Ի՜նչ գեղեցիկ ծծեր են:
ՓՐԿՈՂ — Է՜… այդ ի՞նչ եք անում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Քննում եմ, ի՞նչ եմ անում: Ուզում էիք, չէ՞, որ նրան քննեմ: Գեղեցի՜կ է ջահելությունը:
ՓՐԿՈՂ — (մի կողմ է հրում Բժշկուհուն): Այլևս նրան չդիպչե՛ք: Այս կողմերը պոլիկլինիկա չկա՞:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ոչ պոլիկլինիկա, ոչ էլ հիվանդանոց: Այս կողմերը ինձնից բացի ոչինչ չկա: Տես, է՛, աչքերը բացեց:
ՓՐԿՈՂ — (մոտենում է Փրկվածին): Գեղեցի՜կ, կապո՜ւյտ աչքեր: Սքանչելի են:
ԲԺՇԿՈՒՀԻ — Քիչ առաջ նա լրիվ կապույտ էր, և դուք չէիք գտնում, որ դա սքանչելի է:
ՓՐԿՈՂ — Վհո՛ւկ: Ես նրան անմիջապես կտանեմ այստեղից:
ՓՐԿՎԱԾ — Չեմ ուզում, որ ինձ տանեն: Ես ինձ այստեղ լավ եմ զգում: Պառկած: Ես շատ լավ եմ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Տեսնո՞ւմ եք:
ՓՐԿՎԱԾ — Որտե՞ղ եմ ես: Սա է՞ հանդերձյալ աշխարհը:
Բժշկուհին քմծիծաղում է:
ՓՐԿՈՂ — Ոչ, դուք դեռ հողի վրա եք: Դուք ապրում եք: Այդ ես եմ ձեզ փրկել:
ՓՐԿՎԱԾ — Ա՜յ քեզ ավանակ:
ՓՐԿՈՂ — Ներեցե՛ք:
ԲԺՇԿՈՒՀԻ — Դուք ճիշտ լսեցիք: Նա ասաց. «ավանակ»:
ՓՐԿՎԱԾ — Եսասեր, կեղծավոր, տխմար, ինքնակոչ, սաղմ:
ՓՐԿՈՂ — Ե՞ս:
ԲԺՇԿՈՒՀԻ — Դուք: Ճիշտ այդպես:
ՓՐԿՈՂ — Ինչո՞ւ:
ՓՐԿՎԱԾ — Որովհետև՛:
ԲԺՇԿՈՒՀԻ — Որովհետև խառնվում եք ձեզ չվերաբերող գործերին:
ՓՐԿՈՂ — Ե՞ս: Ե՞րբ: Ինչպե՞ս:
ՓՐԿՎԱԾ — Հիմա ես ուզում եմ քնել:
ՓՐԿՈՂ — Նա կարծես թե ավելի լավ է զգում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Տեսնո՞ւմ եք: Ինքն իրեն լավացավ: Ինչպես միշտ:
ՓՐԿՈՂ — Ինչպես մի՞շտ: Հիմա ես ի՞նչ պիտի անեմ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Թողնենք` քնի:
ՓՐԿՈՂ — Այո: Ես կսպասեմ:
ՓՐԿՎԱԾ — Կարիք չկա: Ես մենակ լավ էլ քնում եմ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Դուք կարող եք այդ ընթացքում գնալ տեղեկացնել իշխանություններին:
ՓՐԿՈՂ — Հեռախոս կա՞ այստեղ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Հեռախոսը խաթարված է:
ՓՐԿՈՂ — Որևէ բան կա՞ այստեղ, որ խաթարված չէ, այս կեղտոտ ծակուռում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Չկա: Ամեն ինչ խաթարված է:
ՓՐԿՈՂ — Բայց ինչո՞ւ, Տեր Աստված…
ԲԺՇԿՈՒՀԻ — Դուք կարող էին փոխարենը ասել. «Գրողը տանի՛»…
ՓՐԿՈՂ — Բայց ի՞նչ է այստեղ կատարվում, վերջ ի վերջո:
ԲԺՇԿՈՒՀԻ — Առանձնապես ոչինչ: Գրեթե բոլորը մահացել են, ինքնասպան են եղել:
ՓՐԿՈՂ — Գրեթե բոլո՞րը: Բայց… ի՞նչ պատճառով:
ԲԺՇԿՈՒՀԻ — Չգիտենք: Պատճառ չկա: Դա համաճարակ է:
ՓՐԿՈՂ — Համաճարա՞կ… Ինքնասպանությա՞ն:
ԲԺՇԿՈՒՀԻ — Այո: Ինքնասպանության վիրուս, միկրոբներ: Համաճարակ: (Երկու բաժակ է վերցնում, մեկը տալիս է Փրկողին:) Չեք ուզո՞ւմ:
ՓՐԿՈՂ — Այդ ի՞նչ եք խմում:
ԲԺՇԿՈԻՀԻ — Կարմիր գինի: Տեղական: Մառանը լիքն է: Ուզո՞ւմ եք: Առանձնապես մի բան չէ:
ՓՐԿՈՂ — Ուրիշ ոչինչ չունե՞ք: Մի որևէ… թունդ խմիչք:
ԲԺՇԿՈՒՀԻ — Հի՛-հի՛: Ուրիշ բան չկա: Կամ սա եք խմում, կամ ոչինչ:
ՓՐԿՈՂ — (վերցնում է բաժակը և զզվանքով խմում): Եվ ո՞ր իշխանություններին է պետք տեղեկացնել:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ինքնասպանությունների հանձնաժողովին: Ամեն անգամ, երբ մի փրկված է հայտնաբերվում, դա նրանց հետաքրքրում է:
ՓՐԿՈՂ — Իսկ մյուսները նրանց չե՞ն հետաքրքրում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Այո, իհարկե: Նրանք բոլորին են քննում, համոզվելու համար, որ իսկապես մեռած են: Բայց փրկվածները նրանց առանձնապես են հետաքրքրում:
ՓՐԿՈՂ — Ինչո՞ւ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Որպեսզի նրանց հարցեր տան: Մեռածներին` չեն կարող:
ՓՐԿՈՂ — Եվ որտե՞ղ է գտնվում այդ հանձնաժողովը:
ԲԺՇԿՈԻՀԻ — Դիմացի բիստրոյում: Հրշեջներն են դրանով զբաղվում:
ՓՐԿՈՂ — Հրշեջնե՞րը:
ԲԺՇԿՈՒՀԻ — Այո, հրշեջները: Նրանք շատ լավն են: Հիմար են, բայց արդյունավետ: Սկզբում մեզ հոգեբույժներ էին ուղարկում, բայց նրանք բոլորն ինքնասպան եղան:
ՓՐԿՈՂ — Հոգեբույժնե՞րը:
ԲԺՇԿՈՒՀԻ — Է, հա: Դա ձեզ զարմացնո՞ւմ է: Ութ հոգի էին: Հրշեջները երբեք ինքնասպան չեն լինում, նրանք չափազանց կազմակերպված են: Ի դեպ, ինչպե՞ս կարողացաք մտնել այս կեղտոտ ծակուռը:
ՓՐԿՈՂ — Մեքենայով: Ճամփաբաժանին սխալվեցի: Նույնիսկ չգիտեմ, թե որտեղ եմ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ավելի լավ ձեզ համար: Մեր ծակուռը կարանտինի մեջ է: Ոչ ոք այստեղ չի մտնում, ոչ ոք այստեղից դուրս չի գալիս: Երթևեկությունը շեղված է: Դուք արգելափակոցը չտեսա՞ք:
ՓՐԿՈՂ — Ոչ, ոչինչ չտեսա: Ինչո՞ւ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ոչ ոք չի կարող այստեղ մտնել` համաճարակի պատճառով:
ՓՐԿՈՂ — Իսկ ինչպե՞ս եք սնունդ հայթայթում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Հրշեջներն են բերում արգելափակոցի մոտից:
ՓՐԿՈՂ — Կրկնում եմ. ես ոչ մի արգելափակոց չտեսա:
ԲԺՇԿՈՒՀԻ — Տարօրինակ է: Բոլոր դեպքերում, դուրս գալիս կտեսնեք: Իմիջիայլոց, դուրս գալու մասին պետք չէ անգամ երազել:
ՓՐԿՈՂ — Ի՞նչ: Ես չե՞մ կարող այստեղից դուրս գալ: Բայց ես գործեր ունեմ, պարտականություններ ունեմ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Իհարկե, իհարկե:
ՓՐԿՈՂ — Ի՞նչը «իհարկե, իհարկե»:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ոչինչ: Դուք հիմա վարակված եք ինքնասպանության վիրուսով: Եթե այստեղից դուրս գաք, կվարակեք ամբողջ երկիրը: Աշխա՜րհը: Գնացեք, հրշեջներին կանչեք:
ՓՐԿՈՂ — Ի՞նչ պիտի անեն:
ԲԺՇԿՈՒՀԻ — Մահվան հաստատում:
ՓՐԿՈՂ — Բայց նա մեռած չէ՛:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ուրեմն, հարցաքննում:
ՓՐԿՈՂ — Հրշեջնե՞րը:
ԲԺՇԿՈՒՀԻ — Այո, հրշեջները: Հարցաքննում, հոգեվերլուծություն, նույնիսկ հերձում: Իրենց Աստծո տեղ են դրել, այդ հրշեջները:
ՓՐԿՈՂ — Համենայնդեպս, պետք է թույլ տան, որ դուրս գամ այստեղից:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ոչ մի դեպքում: Բայց եթե ճիշտ է, որ այլևս արգելափակոց չկա…
ՓՐԿՈՂ — Ոչինչ չկա:
ԲԺՇԿՈՒՀԻ — Հավանաբար բոլորը կախվել են անտառում… կամ խեղդվել իրենց մեքենաների գազից, կամ էլ… ատրճանակվել…
ՓՐԿՈՂ — Ո՞ւմ մասին եք խոսում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Արգելափակոցի մենթերի: Մենթերը նույնքան հիմար են, որքան հրշեջները, բայց շատ ավելի զգայուն:
ՓՐԿՈՂ — Դուք մոլորության մեջ եք: Մենթերը` զգայո՞ւն:
ԲԺՇԿՈՒՀԻ — Եվ որքա՜ն: Նրանք պայծառատես են, նահատակ, ճնշված, մեղավոր: Նրանք սոսկալիորեն սիրո կարիք են զգում:
ՓՐԿՈՂ — Դա հուզիչ է: Ուրեմն, այլևս արգելափակոց չկա՛: Մնացել են միայն հրշեջները: Գնամ փնտրեմ նրանց: Որտե՞ղ կարող են լինել այս ժամին:
ԲԺՇԿՈՒՀԻ — Դիմացի բիստրոյում: Արդեն ասել եմ ձեզ:
ՓՐԿՈՂ — Դեռ բա՞ց է:
ԲԺՇԿՈՒՀԻ — Միշտ բաց է:
ՓՐԿՈՂ — (կռանում է Փրկվածի վրա, քնքշանքով նայում նրան): Հրեշտակի պես է քնել: Երկու րոպեից կվերադառնամ և հետը կմեկնեմ այստեղից հեռու:
ԲԺՇԿՈՒՀԻ — Նրա հե՞տ: Դա ինձ շատ կզարմացներ:
ՓՐԿՈՂ — Ես նրան սիրում եմ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ա՜հ:
ՓՐԿՈՂ — Այո: Ինձ ոչինչ չի կանգնեցնի:
ԲԺՇԿՈՒՀԻ — Օ՜, սե՜ր: Ես էլ եմ եղել ջահել ու գեղեցիկ:
ՓՐԿՈՂ — Չի՛ կարող պատահել:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ինչպես բոլորը: Նա էլ մի օր կդառնա…
ՓՐԿՈՂ — Դա այնքան էլ շուտ չի լինի:
ԲԺՇԿՈՒՀԻ — Եթե իմանայիք, թե ժամանակը որքա՜ն արագ է անցնում:
ՓՐԿՈՂ — Գնամ հրշեջներին փնտրեմ, քանի որ պետք է:
ԲԺՇԿՈՒՀԻ — Դա պետք է, պետք է:
Փրկողը դուրս է գալիս:
Տեսարան 2
Բժշկուհի, Փրկված:
ՓՐԿՎԱԾ — Գնա՞ց այդ ավանակը:
ԲԺՇԿՈՒՀԻ — Այո, վերջապես:
ՓՐԿՎԱԾ — (վեր է կենում): Մի բաժակ ինձ համար կգտնվի՞:
ԲԺՇԿՈՒՀԻ — Անշուշտ: (Գինի է լցնում այն բաժակի մեջ, որից արդեն խմել էր Փրկվողը: Երկու կանայք խմում են:)
ՓՐԿՎԱԾ — Վերջում, կարծեմ, դուք սկսեցիք ողբալ ձեր ջահելությունը:
Երկար լռություն: Փրկվածը, բաժակը ձեռքին, քայլում է:
ՓՐԿՎԱԾ — Սա ձեզ դո՞ւր է գալիս:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ես ինձ հարցեր չեմ տալիս: Խմում եմ այն, ինչ կա:
ՓՐԿՎԱԾ — Գինին նկատի չունեմ: Դա իրոք խմելու բան չէ: Նկատի ունեմ լռությունը:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ընդհանրապե՞ս լռությունը:
ՓՐԿՎԱԾ — Ոչ: Հատկապես մեր լռությունը:
ԲԺՇԿՈՒՀԻ — Այո: Ինձ դուր է գալիս: Այն մի որակ ունի… լռության առանձնահատուկ մի որակ:
ՓՐԿՎԱԾ — Այլևս ոչ: Վերջ տվեք ձեր բարբաջանքին:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ես բարբաջո՞ւմ եմ:
ՓՐԿՎԱԾ — Եվ մոռացաք բաժակս լցնել: (Գինի է լցնում իր բաժակը: Լռություն:) Հնարավոր չէ՞ ավելի արագ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ի՞նչը:
ՓՐԿՎԱԾ — Հո չե՞նք կարող հավերժորեն այստեղ միասին մնալ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ճիշտ է: Ես գնացի: (Բացում է պատուհանը:)
ՓՐԿՎԱԾ — Ձեզ հետաքրքրող բան կա՞ դրսում:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ոչ: Չկա: Ի՞նչը կարող է ինձ հետաքրքրել դրսում:
ՓՐԿՎԱԾ — Որ այդպես է, փակեք պատուհանը, ցուրտ է:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ցո՞ւրտ է: Ե՞րբ: Այստե՞ղ: Դո՞ւրսը:
ՓՐԿՎԱԾ — Ձեր կատակները դառնում են միօրինակ: Միշտ նույնն են:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ձերը` նույնպես: Նվիրում եմ ձեզ իմ օրացույցը: Վերցրեք:
ՓՐԿՎԱԾ — Ինչի՞ս է պետք: Որ իմանամ, թե այսօր ինչ օ՞ր է:
ԲԺՇԿՈՒՀԻ — Այսօր երեքշաբթի է:
ՓՐԿՎԱԾ — Ի՞նչ կարևոր է:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ոչ մի կարևորություն: Դա միշտ էլ կարող է պետք գալ: Մինչև նրանց գալը կարող եք ծխել: (Ոտքը գցում է պատուհանից դուրս:)
ՓՐԿՎԱԾ — Դուք կարող եք կոտրվածք ստանալ ցատկելիս:
ԲԺՇԿՈՒՀԻ — Հենց դա է ինձ մտահոգում: Այնքան էլ բարձր չէ: Իսկ եթե նետվե՞մ:
ՓՐԿՎԱԾ — Փորձեք:
Բժշկուհին պատուհանից դուրս է ցատկում: Անկման աղմուկ, լռություն: Փրկվածը լցնում է իր բաժակը: Նստում է Բժշկուհու բազկաթոռին:
ՓՐԿՎԱԾ — Նա ցատկեց: Եվ այսօր երեքշաբթի է: Ինչպես միշտ: (Խմում է, սիգարետ վառում:) Նա իսկապես ցատկեց: Նա դուրսն է, ամեն ինչից դուրս: Եվ միշտ միևնույն կերպ է ավարտվում` կյանքը:
Լսվում է հրշեջ մեքենայի շչակը: Փրկվածը ճերմակ խալաթ է գցում վրան:

Տեսարան 3

Փրկված, Հրշեջ 1, Հրշեջ 2, Փրկող: Մտնում են Հրշեջ 1-ը և Հրշեջ 2-ը:
ՀՐՇԵՋ 1 — Բարև, բժիշկ:
ՀՐՇԵՋ 2 — Ինքնասպանն ո՞ւր է:
ՓՐԿՎԱԾ — Հենց նոր պատուհանից ցատկեց:
ՀՐՇԵՋ 1 — Ախ, այդպե՜ս: Ուրեմն, նրան չե՞ն փրկել:
ՀՐՇԵՋ 2 — Գնամ տեսնեմ` իսկապես մեռա՞ծ է, թե՞ ոչ:
Հրշեջ 2-ը դուրս է գալիս, ներս է մտնում Փրկողը:
ՓՐԿՈՂ — Հրշեջն ո՞ւր վազեց: Բժիշկը որտե՞ղ է:
ՀՐՇԵՋ 1 — Նա չէ՞ բժիշկը:
ՓՐԿՈՂ — Ոչ: Սա նա է, որին փրկեցի:
ՀՐՇԵՋ 1 — Ախ, այդպե՜ս: Ուրեմն, բժիշկը դուք եք:
ՓՐԿՈՂ — Ոչ, ես չեմ: Ո՞ւր է նա:
ՀՐՇԵՋ 1 — Այսպիսով, ո՞վ է ցատկել պատուհանից դուրս:
ՓՐԿՈՂ — Ինչ-որ մեկը ցատկե՞լ է պատուհանից: Բայց դա շատ վտանգավո՛ր է: Մենք երրորդ հարկում ենք:
ՓՐԿՎԱԾ — Նա չի ցատկել: Նա նետվել է:
ՀՐՇԵՋ 1 — Նետվե՞լ է: Ո՞վ:
ՓՐԿՈՂ — Նետվե՞լ է: Ուրե՜մն…
ՓՐԿՎԱԾ — Դե, հա՜: Լավ, ես գնում եմ տուն:
ՀՐՇԵՋ 1 — Այլևս «տուն գնալ» չկա:
ՓՐԿՈՂ — Մի րոպե, մի րոպե: Ես պատասխանատու եմ ձեզ համար: Ես փրկել եմ ձեր կյանքը:
ՀՐՇԵՋ 1 — Նա հիվա՞նդ էր:
ՓՐԿՎԱԾ — Ես էի հիվա՞նդ:
ՓՐԿՈՂ — Ոչ: Ես նրան ծառից հանեցի: Ահա նրա պարանը, գրպանումս է:
ՓՐԿՎԱԾ — Դա բախտ է բերում:
ՀՐՇԵՋ 1 — Դա ձեր պարտականությունների մեջ չի մտնում: Այդ մենք ենք մարդկանց հանում պարանից:
ՓՐԿՈՂ — Ի՜նչ եք ասում: Բիստրոյում գինի խմելի՞ս: Եվ շատերի՞ն եք հանել:
ՀՐՇԵՋ 1 — Դա կախված է եղանակից: Նայած թե ինչ եղանակ է:
ՓՐԿՈՂ — Բայց ո՞ւր է գնացել բժշկուհին:
ՓՐԿՎԱԾ — Պատուհանից ցած:
ՓՐԿՈՂ — Բժշկուհին նետվել է պատուհանի՞ց: Ինչո՞ւ:
ՓՐԿՎԱԾ — Որ ինքնասպան լինի, այսպես ասած:
ՀՐՇԵՋ 1 — Ուրեմն, դա ինքն է… Բժշկուհի՞ն է ցատկել պատուհանից: Իսկ դո՞ւք: Դուք, այսպես ասած, կախվա՞ծն եք:
ՓՐԿՎԱԾ — Դա է, որ կա:
ՀՐՇԵՋ 1 — Ախ, այդպես: Ուրեմն, հիմա պետք է գնալ գտնել Համոզողին:
ՓՐԿՈՂ — Դա ո՞վ է:
ՀՐՇԵՋ 1 — Համոզողը: Որը համոզում է:
ՓՐԿՈՂ — Ո՞վ է ում համոզում:
ՀՐՇԵՋ 1 — Նրան: Նա պիտի նրան համոզի:
ՓՐԿՎԱԾ — Ինչո՞ւմ:
ՀՐՇԵՋ 1 — Որոշ բաների անօգտակարության մեջ: Կներեք: Ինքնասպանության: Ոչ-ինքնասպանության: Այո, հենց դա է: Որ այլևս չկախվեք:
ՓՐԿՈՂ — Ո՞ւր է այդ մարդը:
ՀՐՇԵՋ — Դա մարդ չէ: Դա Համոզող է: Նախկինում նա հոգեբույժ էր:
ՓՐԿՈՂ — Ես կարծում էի, թե դրանից այլևս չունեք:
ՀՐՇԵՋ 1 — Դա վերջինն էր: Մենք նրան Համոզող անվանեցինք:
Տեսարան 4
Փրկող, Փրկված, Հրշեջ 1, Հրշեջ 2, Տղամարդ 1, Տղամարդ 2, Բժշկուհի (դիակի տեսքով):
Ներս է մտնում Հրշեջ 2-ը, որից հետո Տղամարդ 1-ը և Տղամարդ 2-ը, որոնք պատգարակի վրա բերում են Բժշկուհուն:
ՀՐՇԵՋ 2 — Պատգարակը դրեք այնտեղ, անկյունում:
ՓՐԿՈՂ — Հուսով եմ` լուրջ բան չկա, հնարավոր է նրան փրկել:
ՓՐԿՎԱԾ — Այլևս փրկելու բան չկա: Նա նետվել է ցած:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Նա գլխի վրա է վայրէջք կատարել:
Տղամարդիկ անփութորեն դնում են պատգարակը:
ՓՐԿՈՂ — Եվ, այնուամենայնիվ, նա մեռած չէ՞:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Լավ էլ մեռած է:
ՓՐԿՈՂ — Գուցե սիրտը դեռ բաբախում է: Եթե սիրտը կանգ չի առել, ուրեմն, ամեն ինչ լավ է:(Կռանում է դիակի վրա, բարձրացնում սավանը, որով ծածկված է:) Բայց… նա գրեթե գլուխ չունի:
ՀՐՇԵՋ 1 — Ուրեմն, ինքնասպանը Բժշկուհի՞ն է, հը՞, այդպե՞ս է: (Տեղավորվում է գրասեղանի մոտ, ձեռքի պայուսակից մի թուղթ հանում:)
ՀՐՇԵՋ 2 — (դիմելով երկու տղամարդկանց): Դուք կարող եք գնալ, շնորհակալություն:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Շնորհակալությո՞ւն: Հենց այդպե՞ս: Ընդամե՞նը:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Դիակը երրորդ հա՜րկ բարձրացնելուց հետո` «դուք կարող եք գնա՜լ, շնորհակալությո՞ւն»:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Բացի այդ, նա սոսկալի ծանր էր:
ՓՐԿՈՂ- Ի՞նչ են ուզում սրանք:
ՓՐԿՎԱԾ — Փող, էլ ի՞նչ:
ՓՐԿՈՂ — Փող են ուզո՞ւմ:
ՓՐԿՎԱԾ — Ուրիշ ի՞նչ կարող էին ուզել: Գործ արեցին, չէ՞:
Փրկողը մի թղթադրամ է տալիս երկու տղամարդկանց:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Շնորհակալություն, պարոն: Դուք լավ պարոն եք:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Շնորհակալություն, պարոն: Դուք հազվագյուտ պարոն եք:
ՀՐՇԵՋ 2 — Եվ կուղարկեք ինձ մոտ Համոզողին, եղա՞վ: Նա պետք է որ բիստրոյում լինի:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Կասենք:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Որ նրան ուղարկեն:
Տղամարդ 1-ը և Տղամարդ 2-ը դուրս են գալիս:
Տեսարան 5
Հրշեջ 1, Հրշեջ 2, Փրկող, Փրկված, Բժշկուհի (դիակը):
ՀՐՇԵՋ 1 — Այստեղ կտրտե՞նք:
ՀՐՇԵՋ 2 — Իմաստ չունի: Նա արդեն բավական կտրտված է:
ՀՐՇԵՋ 1 — Ի՞նչ անենք հետը:
ՀՐՇԵՋ 2 — Թող մնա իր տեղում: Մենք չենք շտապում:
ՀՐՇԵՋ 1 — Իսկապես, ինչո՞ւ թռավ այդ բժշկուհին:
ՓՐԿՎԱԾ — Օ, ամեն անգամ ինձ տեսնելիս նա այդպես է անում: Լավ, ես գնացի:
ՓՐԿՈՂ — Ո՛չ, ո՛չ: Ես ձեզ համար պատասխանատու եմ:
ՀՐՇԵՋ 2 — Դուք պետք է սպասեք Համոզողին:
ՓՐԿՎԱԾ — Դա պարտադի՞ր է:
ՀՐՇԵՋ 2 — Այսպես ասած: Համենայնդեպս, այս երեկո ուրիշ անելիք չունենք:
ՀՐՇԵՋ 1 — Մինչ այդ, կարող ենք մեր զեկուցագիրը պատրաստել:
ՀՐՇԵՋ 2 — Ի՞նչ զեկուցագիր:
ՀՐՇԵՋ 1 — Նրա վերաբերյալ: Նրա, որը չի մեռել:
ՀՐՇԵՋ 2 — Դու զեկուցագրերի մոլուցք ունես: Նա կախվել է, և նրան հանել են պարանից:
ՓՐԿՈՂ — Դա ես էի, որ…
ՀՐՇԵՋ 1 — Լռե՛ք: Հարց թիվ 1. Պատճա՞ռը:
ՓՐԿՎԱԾ — Ինչպե՞ս թե` պատճառը:
ՀՐՇԵՋ 1 — Ոչինչ չգիտեմ: Այստեղ գրված է. «Պատճառը»: Պատճառը, էլի:
ՓՐԿՎԱԾ — Ինչի՞ պատճառը: Փրկելո՞ւ:
ՀՐՇԵՋ 1 — Ոչ: Կախվելու: Կախվելու պատճառը:
ՓՐԿՎԱԾ — Մեռնելու համար:
ՀՐՇԵՋ 1 — Ինչո՞ւ մեռնել:
ՓՐԿՎԱԾ — Զահլաս գնացել է:
ՀՐՇԵՋ 1 — Ինչի՞ց:
ՓՐԿՎԱԾ — Հրշեջներից: (Գինի է լցնում է բաժակը, հարմար տեղավորվում բազմոցին:)
ՀՐՇԵՋ 1 — Նա ուզում է մեզ վիրավորե՞լ:
ՀՐՇԵՋ 2 — Հոգ չէ:
ՀՐՇԵՋ 1 — Այո, ճիշտ է: Ուրեմն, մի խոսքով, ես կարող եմ իմ զեկուցագրի մեջ ինչ ասես գրել:
ՓՐԿՎԱԾ — Ո՞ւմ համար է զեկուցագիրը:
ՀՐՇԵՋ 1 — Հարցաթերթիկի համար: Ես պիտի լրացնե՞մ:
ՀՐՇԵՋ 2 — Ինչպես միշտ:
ՀՐՇԵՋ 1 — Ուրեմն, ինչպես միշտ: Դա ձանձրալի է:
ՀՐՇԵՋ 2 — Ձանձրալի է, ձանձրալի է: Դու պարտավոր չես:
ՀՐՇԵՋ 1 — Պարտավոր չե՞մ: Հեշտ է ասել:
Հրշեջ 1-ը գրում է, Հրշեջ 2-ը թոթվում է ուսերը, հետո դիմում Փրկողին:
ՀՐՇԵՋ 2 — Դուք որտեղի՞ց ընկաք:
ՓՐԿՈՂ — Ես չեմ ընկել:
ՀՐՇԵՋ 2 — Առայժմ: Դուք որտեղի՞ց դուրս եկաք:
ՓՐԿՈՂ — Ի դեպ, ես կուզեի դուրս գալ այս կեղտոտ ծակուռից:
ՀՐՇԵՋ 2 — Անկարելի է:
ՓՐԿՈՂ — Եվ ինչո՞ւ:
ՀՐՇԵՋ 2 — Որովհետև անկարելի է:
ՓՐԿՈՂ — Տեսնում եմ:
ՀՐՇԵՋ 2 — Դուք ոչինչ էլ չեք տեսնում:
ՓՐԿՈՂ — Տեսնում եմ: Նրան: Գուցե ես ոչ մի ուրիշ բան չեմ տեսնում, բայց նրան տեսնում եմ:
ՀՐՇԵՋ 2 — Դա հաշիվ չէ: Նա ընդամենը տեսիլք է, կատարելապես տեսլական:
ՓՐԿՈՂ — Նա այդպիսի տեսք չունի:
ՀՐՇԵՋ 2 — Հա, տե՜սքը: Դա ոչ մի կապ չունի այս դեպքերի հետ:
ՓՐԿՈՂ — Ո՞ր դեպքերի:
ՀՐՇԵՋ 2 — Հատուկ մասնավոր դեպքերի:
Տեսարան 6
Նախորդները և Համոզողը:
ՀԱՄՈԶՈՂ — Բարի օր, այդ ես եմ: Ձեզ պե՞տք եմ:
ՀՐՇԵՋ 2 — Շատ ուշացրիք ձեր գալը: Դուք բացակա՞ էիք:
ՀԱՄՈԶՈՂ — Ես բացակա չէի, ես դուրսն էի:
ՀՐՇԵՋ 2 — Ինչո՞ւ էիք դուրսը:
ՓՐԿՎԱԾ — Որովհետև երեքշաբթի է:
ՀԱՄՈԶՈՂ — Ես ոչինչ չեմ նկատել: Ուրեմն, դա՞ է պատճառը: Շնորհակալ եմ:
ՓՐԿՈՂ — Ոչինչ չեմ հասկանում: Հետո՞ ինչ, որ երեքշաբթի է:
ՓՐԿՎԱԾ — Դա վերջին օրն է չորեքշաբթիից առաջ: Ջոկեցի՞ք:
ՀԱՄՈԶՈՂ — Բացի այդ, ես հիվանդ եմ:
ՀՐՇԵՋ 1 — Նա միշտ հիվանդ է: Հատկապես այստեղը, չէ՞: Գլուխը:
ՀԱՄՈԶՈՂ — Հնարավոր չէ՞ միշտ չլինել հիվանդ, մարմելանդ:
ՀՐՇԵՋ 1 — Այդ ես ե՞մ մարմելանդը:
ՀԱՄՈԶՈՂ — Չէ, դա հանգի համար էր:
ՀՐՇԵՋ 1 — Հոգուս հետ եք խաղո՞ւմ: Ձեր այդ կոնֆիտյուրը ոչ մի հանգի հետ չի բռնում:
ՀՐՇԵՋ 2 — Եղավ, եղավ… Ահա մի փրկված ձեզ համար:
ՀԱՄՈԶՈՂ — Սե՞ռը:
ՀՐՇԵՋ 1 — Սե՜ռը: Միայն դա է նրանց հետաքրքրում:
ՀԱՄՈԶՈՂ — Փրկվածի սեռը:
ՀՐՇԵՋ 2 — Դուք նրան չե՞ք տեսնում:
ՀԱՄՈԶՈՂ — Ոչ: Բարեբախտաբար:
ՀՐՇԵՋ 2 — Իգական:
ՀԱՄՈԶՈՂ — Ամուրի՞ է:
ՀՐՇԵՋ 2 — Կարծում եմ:
ՀԱՄՈԶՈՂ — Պետք է դրանում համոզված լինել: Ես իմ մասնագիտությանը լո՛ւրջ եմ վերաբերում: Ես գիտակցում եմ իմ պատասխանատվությունը: Դուք ինձ նշանակել եք համոզող, և դուք պիտի կրեք դրա հետևանքները, իսկ հետևանքները կլինեն լուրջ, պարոնայք հրշեջներ, շատ լուրջ, ես ուզում եմ դրանով ասել, որ…
ՀՐՇԵՋ 2 — Բավակա՛ն է:
ՀՐՇԵՋ 1 — Ինչ ասա՞ց:
ՀՐՇԵՋ 2 — Ձեր քաղաքացիական կացությո՞ւնը, օրիորդ:
ՓՐԿՎԱԾ — Ամուսնացած չեմ:
ՀԱՄՈԶՈՂ — Դուք համոզվա՞ծ եք դրանում:
ՓՐԿՎԱԾ — Լիովին:
ՓՐԿՈՂ — Լավ զուգադիպություն է: Ես էլ եմ ամուրի:
ՀԱՄՈԶՈՂ — Խոսքը ձեր մասին չէ: Առայժմ: Ծնողնե՞րը:
ՓՐԿՎԱԾ — Ինչպես բոլորը:
ՀԱՄՈԶՈՂ — Ի՞նչ ծնողներ ունեք:
ՓՐԿՎԱԾ — Հայր և մայր:
ՀԱՄՈԶՈՂ — Եվ Սուրբ Հոգի՞: Ոչ, դա ուրիշ բան է: Ինքնասպանության պատճա՞ռը:
ՓՐԿՎԱԾ — Չգիտեմ:
ՓՐԿՈՂ — Դա… գուցե… համաճարակն է:
ՀԱՄՈԶՈՂ — Դարձյալ դո՛ւք: Չենք կարող ամեն բան դնել համաճարակի ուսերին: Մյուս կողմից, որտեղի՞ց հայտնվեց այդ համաճարակը: Հարցեր, որ շա՜տ հեռու են տանում: Եվ քանի որ ոչ ոք չի կարող այդ հարցերին պատասխանել, պարզեցնում են: Պատճառն անհայտ է` դա գոյություն ունի: Այստեղ, գրքում: (Գրպանից գիրք է հանում: Փնտրում է էջը: Կարդում է առանց համոզումի:) Մի հուսահատվեք: Կյանքը երջանկության աղբյուրն է: Երջանկությունը հասանելի է բոլորին: Պետք է օգտվել կյանքից: Դուք երիտասարդ եք, ապագան ձերն է: Ժամանակը կբուժի վերքերը: Բոլոր ձմեռներին հաջորդում է գարունը: Ամեն մի ցավ իր դարմանն ունի: Դուք դեռ կարող եք երջանիկ լինել: Դուք… դարձյալ կգտնեք… տեղը… հասարակություն… կատարել… պարտականություն: Ծրագրեր կազմեք, նպատակ ունեցեք… պայքարեք… հաջողություն… հավատ ձեր հանդեպ… լավատես… հաջողություն: Էջ ութսունչորս, հավելված: (Փնտրում է գրքի մեջ:) Ահա… Մտածեք ձեր ծնողների մասին: Նրանց խորը վիշտ մի պատճառեք:
ՀՐՇԵՋ 2 — Դա՞ է ամբողջը:
ՀԱՄՈԶՈՂ — Դա էլ քիչ չէ:
ՀՐՇԵՋ 2 — Լսեցի՞ք:
ՓՐԿՎԱԾ — Բա ո՞նց, իհարկե: Այս էլ որերո՜րդ անգամ…
ՀԱՄՈԶՈՂ — Խնդրե՛մ: Դուք համոզվա՞ծ եք:
ՓՐԿՎԱԾ — Ինչպե՞ս կարող եմ չլինել:
ՀՐՇԵՋ 1 — Զեկուցագիրը պահանջում է շիտակ պատասխան:
ՓՐԿՎԱԾ — Ես կատարելապես համոզված եմ:
ՀՐՇԵՋ 1 — Ինչո՞ւմ:
ՓՐԿՎԱԾ — Ձեր ուզած ամեն ինչում:
ՀՐՇԵՋ 1 — Ուրեմն, լավ է:
ՀՐՇԵՋ 2 — Դուք կարող եք գնալ:
ՓՐԿՎԱԾ — Ո՞ւր:
ՀՐՇԵՋ 2 — Ուր որ կուզեք:
ՓՐԿՎԱԾ — Կարո՞ղ եմ անտառ վերադառնալ:
ՓՐԿՈՂ — Դե, ոչ… գժվել ե՞ք, ինչ է: Հիմա ես ձեզ հսկելու եմ:
ՓՐԿՎԱԾ — Վերադարձրե՛ք իմ պարանը:
ՓՐԿՈՂ — Նա գի՛ժ է:
ՓՐԿՎԱԾ — Դա իմ պարանն է, չէ՞:
ՀԱՄՈԶՈՂ — Ճիշտ է, դա ի՛ր պարանն է:
ՓՐԿՈՂ — Ես ձեզ համար պատասխանատու եմ:
ՀԱՄՈԶՈՂ — Ո՞ւմ տեղն է իրեն դրել այս տիպը:
ՓՐԿՈՂ — Եկե՛ք: Գնանք մի քիչ զբոսնենք:
ՓՐԿՎԱԾ — Ո՞ւր ենք գնալու:
ՓՐԿՈՂ — Այլուր: Հեռու այստեղից:
ՓՐԿՎԱԾ — Որ ի՞նչ անենք:
ՓՐԿՈՂ — Որ լիքը հետաքրքիր բաներ անենք: Ձեզ համբուրեմ, օրինակի համար:
ՓՐԿՎԱԾ — Մեզ իրար չեն ներկայացրել:
ՓՐԿՈՂ — Ես ձեզ սիրո՛ւմ եմ:
ՓՐԿՎԱԾ — Հենց այդպե՞ս, միանգամի՞ց, սեր առաջին հայացքի՞ց:
ՓՐԿՈՂ — Այո, և ընդմիշտ:
ՓՐԿՎԱԾ — (եթե հնարավոր է՝ երգելով):
Եվ կանցնի հավերժական սերը
Մի քանի օրում մի քանի ամսում
Մի քանի տարում և կգա
մեկ ուրիշը
Ինչ-որ տեղից ոչ մի տեղին
որևէ տեղից
Եվ երգում է կյանքը քամին
և երգում է սերը
Եվ գալիս է ժամանակը մահվան տագնապի
Եվ անցնում է հավերժությունը
և անցնում է սերը
Եվ ժամանակն է անցնում և
կյանքն է անցնում

Ժամանակը խաղում է
հավերժության հետ
Ամպերը խաղում են արևի հետ
Սիրահարները խաղում են
իրենց սրտերի հետ
Կյանքը խաղում է նրանց
սիրո հետ
Եվ երգում է կյանքը քամին
և երգում է սերը
Եվ գալիս է ժամանակը
մահվան տագնապի
Եվ անցնում է հավերժությունը և
անցնում է սերը
Եվ ժամանակն է անցնում և կյանքն է անցնում:
ՓՐԿՈՂ — Գնացինք, սիրելիս:
Փրկողը և Փրկվածը դուրս են գալիս:
Տեսարան 7
Հրշեջ 1, Հրշեջ 2, Համոզող, Բժշկուհի (դիակը):
ՀՐՇԵՋ 1- (փորձում է երգել՝ հեծկլտալով): Երգում է կյանքը… սերը… հավերժությունը… անհետանում է… տագնապը… մահը… Դա գեղեցիկ է, տխուր և հրաշալի:
ՀՐՇԵՋ 2 — Ցնդեցի՞ր, ինչ է:
ՀԱՄՈԶՈՂ — Նա պարզապես վարակվել է:
ՀՐՇԵՋ 1 — Վարակվե՞լ եմ: Ե՞ս: Ասացեք, խնդրե՜մ, Համոզող:
ՀԱՄՈԶՈՂ — Խնդրեմ:
ՀՐՇԵՋ 1 — Ի՞նչ:
ՀԱՄՈԶՈՂ — Դուք ինձ ասացիք` ասացեք խնդրեմ, ես էլ ասում եմ` խնդրեմ:
ՀՐՇԵՋ 1 — Նա ինձ կխենթացնի:
ՀԱՄՈԶՈՂ — Նշանակում է, կրկնակի աշխատանք կատարեցի:
ՀՐՇԵՋ 2 — Համոզո՛ղ: Դուք աղջկան շատ բան չասացիք:
ՀԱՄՈԶՈՂ — Դա ամենն է, ինչ գրված է անհայտ պատճառների վերաբերյալ: Այս գրքում: Իսկ հիմա պետք է այստեղից բացակայեմ այլուր գնալու համար, և հնարավորին չափ շուտ:
ՀՐՇԵՋ 1 — Բավակա՛ն է, հասկացա՞ք: Թքած ունեմ ձեր բացակայությունների վրա, ձեր այլուրների և ձեր երեքշաբթիների վրա: Հասկացա՞ք:
ՀԱՄՈԶՈՂ — Կան նաև հինգշաբթիներ: Բայց դրանք ավելի քիչ են:
ՀՐՇԵՋ 1 — Ավելի քի՞չ են: Հինգշաբթինե՞րը:
ՀՐՇԵՋ 2 — Ձեռ քաշի՛ր: Քայլիր միշտ առա՛ջ:
ՀԱՄՈԶՈՂ — Նա միշտ չի քայլում: Երբեմն նաև նստում է, կանգնում, պառկում և… (Նկատում է դիակը:) Տես, է՛, նա նորի՞ց է ցատկել:
ՀՐՇԵՋ 1 — Դա ձեզ չի վերաբերում:
ՀԱՄՈԶՈՂ — Երբ ինչ-որ բան ինձ վերաբերի, ես ձեզ գրավոր կհայտնեմ: Առա՛յժմ: Ես պետք է այդ տիպին բռնեմ, այդ Փրկողին:
Համոզողն ուզում է դուրս գալ, սակայն Փրկողն ու Փրկվածը ներս են մտնում:
Տեսարան 8
Հրշեջ 1, Հրշեջ 2, Համոզող, Բժշկուհի (դիակը), Փրկող, Փրկված:
ՓՐԿՎԱԾ — Թողե՛ք ինձ: Հանգի՛ստ թողեք:
ՓՐԿՈՂ — Օ, ոչ, ես ձեզ չեմ թողնի: Նա չի ուզում, որ իր հետ մնամ:
ՀԱՄՈԶՈՂ — Ուրեմն, մի մնացեք իր հետ:
ՓՐԿՈՂ — Ես պատասխանատու եմ այս աղջկա համար: Ես փրկել եմ նրա կյանքը:
ՀԱՄՈԶՈՂ — Հետո ի՞նչ: Դուք միակը չեք:
ՓՐԿՈՂ — Ես չեմ ուզում, որ նա երկրորդ անգամ ինքնասպան լինի:
ՀՐՇԵՋ 2 — Նա նորից ինքնասպան չի լինի: Համոզողը նրան համոզեց:
ՓՐԿՈՂ — Նա ուզում է ևս մեկ անգամ կախվել: Նա ինձ ասաց այդ մասին:
ՓՐԿՎԱԾ — Դա ընդամենը հոգու հետ խաղալու համար էր:
ՀՐՇԵՋ 1 — Համոզող, դա ձեր սխալի հետևանքն է: Դուք նրան այնքան էլ լավ չհամոզեցիք:
ՀԱՄՈԶՈՂ — Լսեք, փոքրիկս, դուք Էդիպոսի բարդույթն ունեք: Դուք ինձ նույնացնում եք ձեր հոր հետ, որին միշտ ատել եք, ինչպեսև բոլորին, և փոխանցում եք ձեր բարդույթն ինձ, քանզի ձեզ թվացել եմ վերադաս մի ուժ:
ՀՐՇԵՋ 1 — Ի՞նչ ասաց:
ՀՐՇԵՋ 2 — Հոգեբույժն է, որ դարձյալ խոսեց նրանում: Մինչդեռ` լավ խլացրել էինք:
ՀՐՇԵՋ 1 — Զզվեցի՛նք: Ի՞նչ ենք անում:
ՀԱՄՈԶՈՂ — Ես կարող եմ ևս մեկ անգամ կարդալ այն, ինչ արդեն կարդացի:
Համոզողը փնտրում է իր գրքում: Նրա թիկունքում երկու հրշեջները դավ են նյութում: Հրշեջ 1-ը ցույց է տալիս իր ատրճանակը, Հրշեջ 2-ը ժխտական նշան է անում: Հրշեջ 1-ը մահակ է ցույց տալիս, Հրշեջ 2-ը համաձայնության նշան է անում:
ՀՐՇԵՋ 2 — Բայց… ինչպես որ հարկն է, եղա՞վ:
ՀԱՄՈԶՈՂ — Մի հուսահատվեք: Կյանքը երջանկության աղբյուրն է: Ժամանակը կբուժի վերքերը: Բոլոր ձմեռներից հետո գալիս է գարու…
ՀՐՇԵՋ 1 — (բարձրացնում է մահակը): Գնացի՞նք:
ՀՐՇԵՋ 2 — Դա ինձ թվում է անհրաժեշտ, կասեի` նույնիսկ անխուսափելի:
ՀՐՇԵՋ 1 — Այսի՞նքն:
ՓՐԿՈՂ — Ի՞նչ եք ուզում անել:
ՀՐՇԵՋ 2 — Դե՛:
ՀԱՄՈԶՈՂ — …Ամեն ցավ իր դարմանն ունի: Դուք դեռ կարող եք…
Հրշեջ 1-ը հարվածում է: Համոզողը տապալվում է:
ՀՐՇԵՋ 2 — Եղա՞վ:
ՀՐՇԵՋ 1 — Կարող ես չկասկածել:
ՓՐԿՈՂ — Դուք… մարդասպաննե՛ր եք:
ՓՐԿՎԱԾ — Դե ոչ: Սրանք հրշեջներ են:
ՀՐՇԵՋ 1 — Կտրտե՞նք:
ՀՐՇԵՋ 2 — Վաղը: Դիր նրան մյուսի կողքը:
ՀՐՇԵՋ 1 — Դիր նրան, դիր նրան… Ծղոտ հո չի՞:
ՀՐՇԵՋ 2 — Ես չասացի, թե ծղոտ է: Քարշ տուր անկյունը:
Հրշեջ 1-ը քարշ է տալիս Համոզողին և դնում Բժշկուհու կողքին:
ՓՐԿՈՂ — Աչքերիս չեմ հավատում: Եկեք, նստում ենք մեքենաս և գնում այստեղից:
ՓՐԿՎԱԾ — Դա ձեր սևեռուն գաղափա՞րն է:
Փրկողը և Փրկվածը դուրս են գալիս:
Տեսարան 9
Հրշեջ 1, Հրշեջ 2, Հաղթանդամ, Տղամարդ 1, Տղամարդ 2, գումարած դիակները:
Մտնում է Հաղթանդամը` վզակոթերից բռնած Տղամարդ 1-ուն և Տղամարդ 2-ին:
ՀԱՂԹԱՆԴԱՄ — Այս երկու արարածները…
ՏՂԱՄԱՐԴ 1 ԵՎ ՏՂԱՄԱՐԴ 2 — Բարև բոլորին:
ՀԱՂԹԱՆԴԱՄ — Սրանք ձեր գործակալնե՞րն են:
ՀՐՇԵՋ 1 — Եթե կուզեք…
ՀՐՇԵՋ 2 — Դա խոսելու ձև է:
ՀԱՂԹԱՆԴԱՄ — Մի փոքր գործ կա կարգավորելու:
ՀՐՇԵՋ 2 — Ի՞նչ եք նորից արել:
ՀԱՂԹԱՆԴԱՄ — Քարուքանդ են արել իմ բիստրոն:
ՀՐՇԵՋ 1 — Ես հիմա զեկույց կգրեմ:
ՀՐՇԵՋ 2 — Դուք վնասից հատուցում կստանաք: Հիմա դրանով կզբաղվենք:
ՀԱՂԹԱՆԴԱՄ — Հուսով եմ: Թե ոչ` կփակեմ: Չկա բիստրոն` չկա շտաբը: Պա՞րզ է:
ՀՐՇԵՋ 2 — Պարզ է:
ՀԱՂԹԱՆԴԱՄ — Ես ձեզ վստահում եմ: Դուք միշտ լավ հաճախորդ եք եղել` հրշեջներդ: Հետևաբար` վստահում եմ: Բայց արագացրեք: Հաշիվը կներկայացնեմ, և առարկություն չլինի, հա՛: Պա՞րզ է:
ՀՐՇԵՋ 2 — Պարզ է: Ամեն ինչ պարզ է: Հանգիստ եղեք: Այդ հարցն իսկույն կկարգավորենք:
ՀՐՇԵՋ 1 — Զեկուցագիրն անե՞մ:
ՀՐՇԵՋ 2 — Եթե ուզում ես…
ՀՐՇԵՋ 1 — Ուզում եմ:
ՀԱՂԹԱՆԴԱՄ — Զեկուցագիրն ինչի՞ս է պետք… Քիչ հետո կգամ փողս ստանալու:
ՀՐՇԵՋ 2 — Պարզ է, պարզ է:
Հաղթանդամը դուրս է գալիս:
Տեսարան 10
Հրշեջ 1, Հրշեջ 2, Տղամարդ 1, Տղամարդ 2, գումարած դիակները:
ՀՐՇԵՋ 2 — Ի՞նչ է տեղի ունեցել բիստրոյում:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Դե, մի բաժակ խմեցինք:
ՀՐՇԵՋ 2 — Մի՞:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Դե, ասենք երկու կամ երեք:
ՀՐՇԵՋ 2 — Ո՞վ է ձեզ համար վճարել:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Ինքներս: Քսան ֆրանկ ունեինք:
ՀՐՇԵՋ 2 — Ո՞վ է ձեզ փող տվել:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Դուք լավ գիտեք: Այն մարդը, որ քածի հետ է ֆռֆռում:
ՀՐՇԵՋ 2 — Հոգիներ փրկո՞ղը: Բայց նա պարտավոր չէր: Քսանը` շատ է: Շա՜տ-շատ է ձեզ համար:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Այն դեպքում, երբ այսքա՜ն դիակներ ենք քարշ տալիս… Եվ երբեք մեզ ոչինչ չի վճարվել…
ՀՐՇԵՋ 2 — Անցանք առաջ: Ուրեմն, դուք երեք բաժակ եք խմել: Եվ երրորդ բաժակից հետո ի՞նչ տեղի ունեցավ:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Մենք դեռ տասը ֆրանկ ունեինք:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Ուզում էինք կիսել: Պետք էր մանրել: Մի բաժակ էլ պատվիրեցինք:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Հետո` մեկն էլ, որովհետև նախորդը խցանի համ ուներ: Մենք չէին կարող հեռանալ այդ վատ համը բերաններիս: Հաջորդ բաժակը խցանի համ չուներ: Դե, մենք էլ նորից պատվիրեցինք…
Դադար:
ՀՐՇԵՋ 1 — Շարունակե՛ք:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Մենք չէինք կարող շարունակել: Այլևս փող չունեինք:
ՀՐՇԵՋ 2 — Ուրեմն, ի՞նչ արեցիք:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Նա բաժակը շպրտեց երեսիս: Ահա…
ՏՂԱՄԱՐԴ 1 — Իսկ նա մի աթոռ վերցրեց և ջարդեց գլխիս: Ահա… այստեղ… ուռել է:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Այնուհետև վերցրինք ու ջարդեցինք` ինչ ձեռքներիս տակ ընկավ:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Այո՜, մի ահավոր կռիվ էր:
ՀՐՇԵՋ 1 — Ո՞ւմ դեմ:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Ինչպե՞ս թե` ում դեմ:
ՀՐՇԵՋ 2 — Ուրիշ մարդ կա՞ր բիստրոյում:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Չեմ կարծում: Որքան հիշում եմ` չկար, տիրոջից բացի: Նա մեզ չխանգարեց:
Տեսարան 11
Նախորդները, հետո` Փրկող և Փրկված:
Փրկողը մտնում է Փրկվածի հետ:
ՓՐԿՎԱԾ — Ի՜նչ կպչուն տիպ է այս մարդը: Ուզում է, որ կյանքս պատմեմ:
ՓՐԿՈՂ — Նա սքանչելի՜ է: Եվ եղանակն է փոխվում: Երկինքը բացվում է, մի հսկա լուսին է հայտնվել, որ գնալով նվազում է:
ՓՐԿՎԱԾ — Ուզում է նվազի, ուզում է վազի: (Գինի է լցնում և խմում:)
ՓՐԿՈՂ — Դուք շատ եք խմում: Դա լավ չէ առողջության համար: Դրանից զատ, այդ գինին շատ վատն է:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Շատ վատ գինի գոյություն չունի:
ՓՐԿՎԱԾ — Է, ձեզ ի՞նչ: Նստեք ձեր մեքենան ու ռադ եղեք այստեղից: (Երկու բաժակ է մեկնում երկու տղամարդկանց:)
ՓՐԿՈՂ — Հա՛, իհարկե, իմ մեքենա՜ն: Ես չեմ գտնում իմ մեքենան:
ՀՐՇԵՋ 1 — Ի՞նչ մեքենա:
ՓՐԿՈՂ — Իմ մեքենան: Այստեղ գալուց կանգնեցրի ճիշտ տան առջև: Այլևս չկա:
ՀՐՇԵՋ 2 — Դա մեզ չի վերաբերում:
ՓՐԿՈՂ — Պետք է գտնել:
ՀՐՇԵՋ 2 — Ոչ ոք ձեզ չի խանգարում:
ՓՐԿՈՂ — Դուք չե՞ք ուզում ինձ օգնել:
ՀՐՇԵՋ 2 — Մենք մեքենաներով չենք զբաղվում: Ուրիշ գործեր ունենք անելու:
ՀՐՇԵՋ 1 — Մենք համաճարակով ենք զբաղված:
ՀՐՇԵՋ 2 — Դա ձեր անձնական գործն է` ձեր և ձեր մեքենայի միջև: Մենք` հրշեջներս, դրա հետ ոչ մի կապ չունենք:
ՀՐՇԵՋ 1 — Եթե ուզում եք, ես կարող եմ մի զեկուցագիր ներկայացնել:
ՀՐՇԵՋ 2 — Չէ մի, երկու-երեք հատ ներկայացրո՛ւ: Իր մեքենա՜ն: Խե՞նթ է այս տիպը:
ՓՐԿՈՂ — Լավ: Գնամ նորից փնտրեմ: Դուք ինձ կընկերանա՞ք, օրիորդ:
ՓՐԿՎԱԾ — Այսօր արդեն բավական քայլել եմ:
ՓՐԿՈՂ — Ես կվերադառնամ: Սպասեք ինձ այստեղ:
ՓՐԿՎԱԾ — Բա ո՞նց, սպասում եմ: Անհամբե՛ր:
Փրկողը դուրս է գալիս:
Տեսարան 12
Նախորդները, Փրկողից զատ:
ՀՐՇԵՋ 2 — (դիմելով երկու տղամարդկանց): Ուրեմն, հատուցելու համար ձեր պատճառած վնասները…
ՏՂԱՄԱՐԴ 1 — Ի՞նչ պիտի անենք:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Պատրաստ ենք ձեզ ծառայել, պարոն:
ՀՐՇԵՋ 2 — Վերադառնում եք բիստրո, երկու թունդ սուրճ վերցնում, և սա: (Ատրճանակ է տալիս երկու տղամարդկանց:)
ՏՂԱՄԱՐԴ 1 — Սա վճարելու համա՞ր է:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Ինչո՞ւ չէ: Այսպիսի խաղալիքը մի երկու հարյուր կարժենա:
ՀՐՇԵՋ 2 — Ոչ, տալիս եմ, որ կրակեք:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Ինչի՞ վրա: Մենք արդեն ամեն ինչ ջարդուփշուր ենք արել:
ՀՐՇԵՋ 2 — Ոչ թե ինչի, այլ ո՞ւմ վրա:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Այլևս ոչ ոք չկա:
ՀՐՇԵՋ 2 — Բիստրոյի տերը կա, չէ՞:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Նա այնքան էլ չար չէ:
ՀՐՇԵՋ 2 — Ուրեմն, պիտի վճարեք պատճառած վնասների համար: Շշերի, բաժակների, աթոռների, հայելիների…
ՏՂԱՄԱՐԴ 1 — Փող չունենք:
ՀՐՇԵՋ 1 — Հենց դրա համար եմ ատրճանակը տալիս:
Հրշեջը 2-ը նորից է մեկնում ատրճանակը, երկու տղամարդիկ ընկրկում են:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Մենք սրանից օգտվել չգիտենք:
ՀՐՇԵՋ 1 — (վերցնում է ատրճանակը): Դա դժվար չէ: Սեղմում եք այստեղ: (Կրակոց:) Կներեք, ինչ-որ մեկին արթնացրի՞:
ՀԱՄՈԶՈՂ — (վեր է կենում): Այո, ինձ: Սիգարետ ունե՞ք:
ՀՐՇԵՋ 1 — (նրան սիգարետ է տալիս և կրակվառիչ): Ահա թե ինչ է լինում, երբ նրանց չեն կտրտում:
ՀՐՇԵՋ 2 — Ահա թե ինչ է լինում, երբ նրանց լավ չեն սատկացնում: Դուք երկուսդ գնացեք ձեր պարտքերը վճարեք այս ատրճանակով, բայց դրանից առաջ մի պտույտ կատարեք գյուղամիջով` տեսեք արդյոք որևէ բան շարժվո՞ւմ է:
ՀԱՄՈԶՈՂ — Հավատացեք ինձ, ոչինչ չի շարժվում:

Տեսարան 13
Նախորդները, գումարած Փրկողը:
Մտնում է Փրկողը` այլայլված:
ՓՐԿՈՂ — Ասես… ասես… գյուղն այլևս չկա… այլևս տներ չկան… ոչ մի տեղ… ոչ ոք չկա…
ՓՐԿՎԱԾ — Ձեր մեքենան գտա՞ք:
ՓՐԿՈՂ — Իմ մեքենա՞ն: Ոչ, չեմ գտել: Ես ոչինչ չեմ գտել: Այլևս ոչինչ չկա, այս տնից զատ:
ՀՐՇԵՋ 2 — Եվ բիստրոյի՞ց:
ՓՐԿՈՂ — Այո, բիստրոն տեղում է: Դրանից զատ` ոչինչ, ոչինչ… Ոչի՜նչ:
ՓՐԿՎԱԾ — Կարծես թե ցնորվում է:
ՓՐԿՈՂ — Այո, ցնորվում եմ: Տեսնե՜լ այդ սրբած տարածքը, ավերված, առանց տների, առանց ծառերի, առանց բլուրների…
ՀԱՄՈԶՈՂ — Հանգի՛ստ: Դուք երբեք արդյունաբերական գոտի չե՞ք տեսել:
ՓՐԿՈՂ — Դուք բոլորդ խե՞նթ եք, ինչ է: Գժե՜ր, մարդասպաննե՜ր, հանցագործնե՜ր:
ՀՐՇԵՋ 2 — Լա՛վ, լա՛վ: Ձայնդ կտրի՛ր: Ուրեմն, դուք երկուսդ կզբաղվեք բիստրոյով և մի պտույտ կկատարեք` տեսնելու համար` արդյոք որևէ մեկը կա՞:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Իսկ եթե կա, ի՞նչ ենք անում:
ՀՐՇԵՋ 1 — Սեղմում եք այստեղ:
ՀՐՇԵՋ 2 — Չդիպչե՛ս: Հիմա էլ մյուսին կարթնացնես:
ԲԺՇԿՈՒՀԻ — (վեր է կենում): Էս ոնց եմ հարբել, գանգս ոնց ա ցավում: Էլ կարմիր գինի չկա՞: (Գտնում է շիշը, խմում է:)
ՀՐՇԵՋ 2 — Տեսնո՞ւմ ես:
ՀՐՇԵՋ 1 — Բայց ես չկրակեցի:
ՀՐՇԵՋ 2 — Արդյունքը նույնն է:
ՀՐՇԵՋ 1 — Որովհետև չկտրտեցինք, սրան էլ:
ՀՐՇԵՋ 2 — Գնացեք, տղաներ, վերցրեք այս ատրճանակը և արեք ինչ ասացի: (Ստիպում է Տղամարդ 1-ին վերցնել ատրճանակը:)
ՏՂԱՄԱՐԴ 1 — Դա ինձ բոլորովին դուր չի գալիս: Այնքան էլ զվարճալի չէ:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Դիակ քարշ տալը` հասկացանք, բայց դիակ դարձնելը…
ՀԱՄՈԶՈՂ — Հիմա, ինչ է, պիտի ձևեր թափե՞ք: Դո՛ւրս այստեղից: (Հրում է երկու տղամարդկանց դեպի ելքը: Նրանք դուրս են գալիս:)
Տեսարան 14
Նախորդները` երկու Տղամարդուց բացի:
ՀԱՄՈԶՈՂ — (Հրշեջ 1-ին դիմելով): Դո՛ւք:
ՀՐՇԵՋ 1 — Ե՛ս:
ՀԱՄՈԶՈՂ — Վերցրեք այս փոքրիկ ռումբը: Կպայթեցնեք բիստրոյում: Պետք է որ այդ երկու տիպերը ներսում լինեն: Եվ, իհարկե, տերը, ինչպես հասկանում եք:
ՀՐՇԵՋ 1 — Ճիշտ այդպե՛ս: (Դուրս է գալիս ռումբը ձեռքին:)
ՀՐՇԵՋ 2 — Իսկ ե՞ս, ես ի՞նչ եմ անում:
ՀԱՄՈԶՈՂ — Կարծում եմ, ձեր կարիքն այլևս չունենք: Շնորհակալ ենք: (Ատրճանակի կրակոցով տապալում է Հրշեջ 2-ին:)
ԲԺՇԿՈՒՀԻ — Այստե՞ղ կտրտենք նրան:
Բոլորը խենթի պես ծիծաղում են` Փրկողից բացի:
ՓՐԿՈՂ — Անկարելի՜ է:
ՓՐԿՎԱԾ — Լավ էլ կարելի է: Իսկ մյուս հրշե՞ջը:
ՀԱՄՈԶՈՂ — Նա հօդս կցնդի իր ռումբի հետ միասին:
ՓՐԿՎԱԾ — Այսպիսով, վերջացրինք:
Փրկվածն անհետանում է, Համոզողը` հարմար տեղավորվում:
ՀԱՄՈԶՈՂ — Մեզ մնում է ուղղաթիռին սպասել:
ՓՐԿՈՂ — Կարո՞ղ եմ գնալ:
ՀԱՄՈԶՈՂ — Անշուշտ: Ի՞նչ եք կարծում:
ՓՐԿՈՂ — Այն ամենից հետո… որ այստեղ կատարվեց… ես նույնիսկ չգիտեմ… ասես մի մղձավանջ լինի:
ԲԺՇԿՈՒՀԻ — Հենց դա է, որ կա, դա է, որ կա:
ՓՐԿՈՂ — Ասես մղձավանջ լինի, երբ չկա… Նա: Բայց… ո՞ւր է նա: Գնա՞ց:
ՀԱՄՈԶՈՂ — Ո՞ւմ մասին եք խոսում, իմ խեղճ տղա:
ՓՐԿՈՂ — Այն երիտասարդ անձնավորության, որին փրկեցի… որն այստեղ էր…
ԲԺՇԿՈՒՀԻ — Հա՛-հա, հի՛-հի՛: Խոսքն իմ մասի՜ն է:
ՓՐԿՈՂ — Ո՛չ, ձեր մասին չէ: Այլ ջահել աղջկա՛:
ՀԱՄՈԶՈՂ — Նա երևի տեսիլքներ ունի:
ՓՐԿՈՂ — Դա տեսիլք չէր: Ես շոյել եմ նրա մազերը… Նրա կապույտ աչքերը ես դեռ տեսնում եմ…
ԲԺՇԿՈՒՀԻ — Իմի պե՞ս:
ՓՐԿՈՂ — Ո՛չ: (Դադար:) Այո, մի քիչ ձերի պես: Բայց ո՞ւր է նա:
ԲԺՇԿՈՒՀԻ — Այստեղ: Գեղեցիկ են, չէ՞, իմ կապույտ աչքերը:
ՓՐԿՈՂ — Ոչ, գեղեցիկ չե՛ն:
ԲԺՇԿՈՒՀԻ — Մինչդեռ նույնն են: Այն, ինչ մնում է` աչքերն են: Մազերը ճերմակում են, դեմքը` կնճռոտվում, մարմինը` էլ չխոսենք:
ՀԱՄՈԶՈՂ — Դա ձեզ բավարարո՞ւմ է որպես բացատրություն:
ՓՐԿՈՂ — Բոլորովի՛ն: Որտե՞ղ է նա:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ես այստեղ եմ: Այստեղ ուրիշ մարդ չկար:
ՓՐԿՈՂ — Գնամ փնտրեմ: Ես կգտնեմ նրան: Ես կմեկնեմ նրա հետ, ես կհեռանամ այս խենթերի աշխարհից:
ՀԱՄՈԶՈՂ — Դա հենց այն է, ինչ պատրաստվում ենք անել: Ձեզ մնում է միայն մեզ հետ ուղղաթիռ նստել:
ՓՐԿՈՂ — Ո՛չ առանց նրա:
ՀԱՄՈԶՈՂ — Բայց նա այստեղ է: Մի քիչ ծերացել է, այդքան մի բան:
ԲԺՇԿՈՒՀԻ — Շատ հեռու չենք գնում: Մինչև մոտակա գյուղը:
ՓՐԿՈՂ — Ինչի՞ համար:
ՀԱՄՈԶՈՂ — Համաճարակը տարածելու: Դուք կլինեք առաջինը խմբում:
ՓՐԿՈՂ — Ի՞նչ խումբ:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ինքնասպանների, ուրիշ էլ ի՞նչ: Դուք, ուրեմն, մինչև հիմա ոչինչ չե՞ք հասկացել:
ՓՐԿՈՂ — Ոչ: Ոչինչ:
ՀԱՄՈԶՈՂ — Մենք գյուղից գյուղ ենք գնում` ձեզ նման որևէ վարակվածի հետ: Նա փոխանցում է վիրուսը բոլորին, և երբ այլևս մարդ չի մնում, վերացնում ենք գյուղը: Դա հեշտ է:
ՓՐԿՈՂ — Բայց… Ի՞նչ նպատակով:
ՀԱՄՈԶՈՂ — Պետք է տեղ ազատել: Գործարանների, մայրուղիների, զանազան բազաների համար:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ուղղաթիռն ուր որ է` կգա:
ՀԱՄՈԶՈՂ — Ցավում եմ, սիրելիս, ուղղաթիռում ընդամենը երկու տեղ կա:
ԲԺՇԿՈՒՀԻ — Ի՞նչ եք ուզում ասել:
ՀԱՄՈԶՈՂ — Դուք ավելորդ եք: Դուք ազատված եք գործից, մենք այլևս ձեր կարիքը չունենք: Շնորհակալ ենք ձեր համագործակցության համար: (Ատրճանակի կրակոցով տապալում է Բժշկուհուն:)
Տեսարան 15
Համոզող, Փրկող, Տղամարդ 1, Տղամարդ 2, Փրկված:
Մտնում են Տղամարդ 1-ը և Տղամարդ 2-ը:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Բարև բոլորին:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Ներողություն ենք խնդրում ձեզ անհանգստացնելու համար:
ՀԱՄՈԶՈՂ — Բայց ինչպե՞ս պատահեց:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Ի՞նչը, պարոն:
ՀԱՄՈԶՈՂ — Որ դուք այստեղ եք:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Մենք ծրագրով նախատեսված չէի՞նք:
ՀԱՄՈԶՈՂ — Դուք… ըըը… վերջացրի՞ք… ձեր… պարտքերի խնդիրը:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Մենք չէ, Հրշեջը դա արեց: Նա մի ռումբ գցեց բիստրոյում:
ՀԱՄՈԶՈՂ — Դուք ներսում չէի՞ք:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Ամենևին: Մենք մեր շրջայցն էինք կատարում, բարեխղճորեն:
ՀԱՄՈԶՈՂ — Ուրեմն, միայն բիստրոյի տե՞րն է հօդս ցնդել:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Եվ Հրշեջը, որ ռումբը գցեց: Շատ վատ գցեց` հետը պայթեց:
ՓՐԿՈՂ — Դա նախատեսված էր: Դա մի ռումբ էր, որի հետ միասին են պայթում:
ՀԱՄՈԶՈՂ — Իսկ դո՞ւք:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Մե՞նք: Մենք նայում էինք: Դա շատ հետաքրքիր էր:
ՀԱՄՈԶՈՂ — Ինչ-որ բան չստացվեց, բայց ոչինչ: Մենք ուղղաթիռով կգնանք և սրանց կթողնենք այստեղ:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Ո՞ր ուղղաթիռով: Այն, որ ուզում էր վայրէ՞ջք կատարել:
ՀԱՄՈԶՈՂ — Դուք տեսա՞ք: Որտե՞ղ է:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Փոսի մեջ: Շարքից դուրս է եկել:
ՀԱՄՈԶՈՂ — Ի՞նչ եք ուզում ասել:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Մեզ մի ատրճանակ տվեցին, որպեսզի կրակենք այն ամենի վրա, ինչ շարժվում է: Ուղղաթիռը շարժվում է, չէ՞:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Այլևս չի շարժվում, քանի որ խփել ենք:
ՀԱՄՈԶՈՂ — Միայն թե չասե՛ք, որ ուղղաթիռը կործանել եք:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Բայց շարժվում էր: Դե, մենք էլ կրակեցինք: Անձնակազմի վրա… շարժիչի վրա…
ՀԱՄՈԶՈՂ — Դուք խփեցի՞ք:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Օդում: Ինչպես մի բադի: Դա շատ զվարճալի էր:
ՀԱՄՈԶՈՂ — Ապուշնե՛ր:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Այն, ինչ մեզ միշտ ասում են… վաղուց ի վեր: Զզվել ենք արդեն: Գնացինք: ՏՂԱՄԱՐԴ 1 — Ուրիշ ի՞նչ կարող ենք այստեղ անել: Ոչ դիակ կա տեղափոխելու, ոչ էլ` բիստրո:
ՓՐԿՈՂ — Ասացեք, դուք… պատահաբար… որևէ տեղ… մի երիտասարդ աղջիկ չտեսա՞ք, որը…
ՏՂԱՄԱՐԴ 2 — Էհ… Գիտեք, այս մառախուղը…
ՓՐԿՈՂ — Մառախուղ կա՞, հիմա:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Այլևս լուսին չկա: Աստղեր չկան:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Բայց մենք կարող ենք ձեզ ատրճանակ տալ:
Տղամարդ 2-ը գցում է ատրճանակը Փրկողի առջև, որը վերցնում է և նայում: Բեմի խորքում հայտնվում է Փրկվածը: Նա ժպտում է:
ՀԱՄՈԶՈՂ — Ո՞ւր եք գնում, դուք երկուսդ:
ՏՂԱՄԱՐԴ 1 — Ուղիղ` դաշտերի միջով, մառախուղի միջով:
ՀԱՄՈԶՈՂ — Ոտքո՞վ:
ՏՂԱՄԱՐԴ 2 — Ոտքով, ոտաբոբիկ, ինչպես միշտ:
Երկու տղամարդիկ դուրս են գալիս: Փրկողը նայում է Փրկվածին:
ՓՐԿՎԱԾ — Դե… Եկեք… Եկեք…
ՓՐԿՈՂ — Այո:
Փրկողը դանդաղ բարձրացնում է ատրճանակը, կրակում իր սրտին, վայր է գցում ատրճանակը և, ձեռքերը պարզած դեպի Փրկվածը, առաջանում է: Նրանք գրկախառնվում են:
ՀԱՄՈԶՈՂ — Իսկ ե՞ս: (Բուլդոզերի աղմուկ:) Բուլդոզերները գալի՜ս են: (Աղմուկն ուժգնանում է: Բացելով դուռը և գիշերվա մեջ գոռալով:) Կանգ առե՛ք: Կանգ առե՛ք:
Դղրդյուն: Խավար:
ՓՐԿՎԱԾ — Բարի գիշեր, ողջ մնացածներ:
Ֆրանսերենից թարգմանեց Անահիտ ԹՈՓՉՅԱՆԸ2
1. լditions du Seuil, 2007
2. Անահիտ ԹՈՓՉՅԱՆ, հայերեն թարգմանության համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։