Արթուր Սարիբեկյան. «ՉԱՐԱՃՃԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԿԳՐԱՎԵՆ ՓՈՔՐԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍԿ ՄԵԾԵՐԻՆ ԿՀԻՇԵՑՆԵՆ ԻՐԵՆՑ ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
Հունիսի 8-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ կբարձրանա «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» ներկայացումը` ամերիկացի հանրահայտ գրող Օ’ Հենրիի համանուն պատմվածքի հիման վրա, որի բեմադրությունն իրականացրել է Արթուր Սարիբեկյանը:
Բեմադրիչի խոսքով` գործը քիչ բեմադրված է Երևանոմ: «Որքան գիտեմ, Օ’ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» պատմվածքը քիչ բեմադրված է Երևանում, և այդ փաստը կրկնակի պարտավորեցնող է: Պատանի հանդիսատեսի թատրոնում առաջին անգամ եմ աշխատում որպես բեմադրիչ: Ինձ հրավիրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը: Եվ պետք է ասեմ, որ գերագույն հաճույք է աշխատել այս թատրոնի դերասանների ու անձնակազմի հետ»:
Խոսելով բեմադրական աշխատանքների մասին` Ա. Սարիբեկյանն ասաց. «Թե ինչ է սպասում հանդիսատեսին, չեմ բացի փակագծերը` թող անակնկալ մնա: Ասեմ, որ փորձել ենք այնպես անել, որ յուրաքանչյուր տեսարան լինի անսպասելի, և դա, կարծես, հաջողվել է: Հետաքրքիր բեմանկարչական լուծումներ է առաջարկել երիտասարդ բեմանկարիչ Մարիամ Մուրադյանը»:
Ա. Սարիբեկյանի փոխանցմամբ` ներկայացումը դուր կգա փոքրիկներին և ոչ միայն. «Մեր պատմության չարաճճի հերոսները, անշուշտ, կգրավեն փոքրերի ուշադրությունը, իսկ մեծերին կհիշեցնեն իրենց անհոգ մանկության մասին: Այս աշխատանքի ասելիքը հետևյալն է` մեծերի մեջ փնտրել մանուկներին, լույս աշխարհ հանել ու չթողնել, որ նրանց մեջ վերանան երազները…»:
_________
ՊՀԹ մամուլի ծառայություն