ՇԵՔՍՊԻՐՅԱՆ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
Նոյեմբերի 1-5-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվում է Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնը: 5 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակիցներ ու հյուրեր` հանրահայտ արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ Իտալիայից, ԱՄՆ-ից, Սանկտ Պետերբուրգից, Մակեդոնիայից իրենց մասնակցությամբ առավել հետաքրքիր կդարձնեն փառատոնային ծրագիրը:
Երևանում կցուցադրվի 10 ներկայացում, Գյումրիում՝ 1 ներկայացում Վ. Աճեմյանի ավան պետական դրամատիկական թատրոնում:
Փառատոնի խաղացանկում են Բիտոլայի ազգային ակադեմիան թատրոնի՝ «Անտոնիո և Կլեոպատրա», «Օթելլո», ԱՄՆ-ի «Լիթ Մուն» թատերական ընկերության՝ «Հուլիոս Կեսար», «Ռիչարդ 3-րդ», Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի՝ «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումները:
Շեքսպիրյան փառատոնում Հայաստանը ներկայացնում են Երևանի պետական Կամերային թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը և Ուսանողական թատրոնը:
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր` նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Ըստ մեր քաղաքի կանոնադրության՝ Չափն ընդդեմ չափի» (բեմ.՝ Կարո Բալյան) ներկայացումով:
Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ Երևանում անց է կացվել 2005թ-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
2016թ-ից փառատոնի տնօրենն է դերասան, բեմադրիչ Կարո Բալյանը: