ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դրամատուրգ

 

Նախատոնական գիշերները պարզկա են, երկինքն՝ աստղաշատ և լեռնային օդն ասես զրնգում է: Թվում է, ինչ էլ խնդրես, Բարձրյալը տալու է: Տալու է անսակարկ, տալու է Իրեն հատուկ շռայլությամբ, քանի որ Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին մարդը վատ բան խնդրել չի կարող:

Եվ ես նույնպես խնդրում եմ:

Առաջինը՝ խաղաղություն: Աստվածային այն լուսե խաղաղությունը, որ հավասարակշռում է մարդու, երկրի, աշխարհի ներսուդուրսը, դարձնում Տիեզերական ներդաշնակության մի մասնիկը:

Երկրիս իշխանավորներին՝  իմաստնություն: Կտրելուց առաջ յոթ անգամ չափելու շնորհ, մանավանդ, որ նրանց մեջ Ալեքսանդր չկա, որ Գորդյան հանգույց կտրելու սուր ունենա:

Հոգևորականին՝ աղոթասիրություն և Աստծուն ու ազգին ծառայելու նվիրում:

Մտավորականին…

Իրեն մտքի պայքարին և մտավոր արարչությանը նվիրած մարդը պիտի իմանա, որ նյութի ու գաղափարի պայքարում երկրորդն ընտրած անձը հարկ եղած դեպքում պիտի նաև արհամարհել կարողանա առաջինը: Ուստիև գրչակից ընկերներիս մտքի կորդ անդաստանը վարելու համառություն եմ ցանկանում: Առողջություն, և թող նրանց մեջ չմարի Աստվածատուր ու սրբազան կայծը, որից բռնկվում է իսկական ստեղծագործության բոցը և ապրեցնող կրակ դառնում: Իսկ եթե անհանգստություն լինի, ապա՝ ստեղծագործական և եթե լինի տվայտանք՝ արարելու տվայտանք թող լինի:

Գրողի խոսքն Աստվածատուր է, ուրեմն պիտի ծառայի բարուն: Ամեն գրիչ բռնող, իրեն գրող համարող մարդու նախ տաղանդ եմ ցանկանում, ապա ժողովրդից վերցրածը նրան  վերադարձնել կարողանալու շնորհ…

Թատրոնի մարդկանց…

Ամեն իսկական ռեժիսոր լավ գիտե, որ բեմն այն տեղն է, ուր Երկինքն ու երկիրը հանդիպում են իրար և իսկական արվեստը միշտ ծնվում է այն դեպքում, երբ Մեծ Ստեղծագործողն Իր մատն է հպում դրան:

Դերասաններին ցանկանում եմ դերասան լինելուց առաջ, և դրան զուգահեռ, սրտի մեջ պահել, փայփայել, գուրգուրել արտիստին: Նաև շատ ու լավ դերեր եմ ցանկանում, ժամանակակից դրամատուրգիան, այսօրվա մարդու խոհը, հոգսն ու գործը բեմից նույն մարդուն հասցնելու վարպետություն:

Եվ վերջում, ինչպես մեր նախնիները կասեին. աշխարհին խաղաղություն, հացին էժանություն, մահին թանկություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

 

 

25-ը դեկտեմբերի 2019թ.

Ք. Սևան

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։