Սաթէ – Աթղը թատերական միություն «Մարդկային Պատմություններ» Ք. Դյուրանժե
Սաթէ – Աթղը թատերական միությունը հիմնադրվել է 2013 թվականին՝ Ֆրանսիայում։
Միության հիմնական ուղղություններից է հայկական մշակույթի տարածումը
Ֆրանսիայում՝ տարբեր ազգերի ներկայացուցիչ դերասան – երաժիշտների հետ
համատեղ աշխատանքով։
Սաթէ – Աթղը թատերական միությունը 2016 թվականից պարբերաբար տարբեր
մշակութային նախագծերով հանդես է գալիս Հայաստանում։ Ֆրանսիական
ժամանակակից թատրոնի հանրահռչակումը Հայաստանում եղել եւ մնում է Սաթէ –
Աթղի գլխավոր նպատակը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ
իրականացրել է Յասմինա Ռեզայի, Ֆլորիան Զելլերի թատրոններին նվիրված
նախագծեր, որոնք լայն արձագանք են ստացել հայ թատերասեր հասարակության
շրջանում։ Շարունակելով այդ ուղղությամբ իրականացվող նախագծերը, այս տարի
Սաթէ – Աթղը թատերական միությունը հայ հանդիսատեսի դատին կներկայացնի
ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Քզավիե Դյուրանժեի «Մարդկային
պատմություններ» պիեսը, որը բացառապես կանանց համար գրված
մենախոսություններից կազմված ստեղծագործություն է։
«Մարդկային պատմություններ» ներկայացման մեջ զբաղված են հայ հանդիսատեսին
քաջ ծանոթ դերասանուհիներ Մարինե Պետրոսյանը, Տաթեւ Հովակիմյանը, Անի
Խաչիկյանը, Ֆրիդա Յորքը, Տաթեւ Մելքոնյանը, ինչպես նաեւ դերասան Մանվել
Սարգսյանը եւ թավջութակահարուհի եւ ջազ երգչուհի Արփենիկ Հակոբյանը։
Բեմադրությունը թատրոնի եւ կինոյի միաձուլում է՝ կենդանի երաժշտական
կատարմամբ։
Բեմադրության ռեժիսորը, պիեսի թարգմանիչը եւ նախագծի ղեկավարը Սաթէ – Աթղը
թատերական միության համահիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Սաթէ
Խաչատրյանն է։ Զգեստների նկարիչը՝ Էդգար Մանուկյանն է, իսկ կինոռեժիսորը՝ Մերի
Գրիգորյանը։
Նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Լիոնի
Մետրոպոլի, Իրապա հարթակի եւ Իզեր դեպարտամենտի աջակցությամբ։
Ներկայացումը կկայանա Լոֆթում՝ հուլիսի 30, 30-ին եւ օգոստոսի 6, 7-ին։
Ներկայացման առաջնախաղին ներկա կլինի պիեսի հեղինակ Քզավիե Դյուրանժեն, ով
օգոստոսի 2-ին, ժամը՝ 19։00-ին հանդիպում կունենա դրամատուրգների եւ
ռեժիսորների հետ, իսկ օգոստոսի 3-ին, ժամը՝ 13։00-ին դերասանի վարպետության
դասընթաց կանցկացնի դերասանների հետ։