Ալեքսանդր ՎԻՏԵՐ/«ԿԱՅԱՐԱՆ կամ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿ ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐ»

Ալեքսանդր ՎԻՆՏԵՐԻ «ԿԱՅԱՐԱՆ կամ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿ ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2011 թ., թիվ 24-25-ում

Ալեքսանդր ՎԻՏԵՐ

ԿԱՅԱՐԱՆ

կամ

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿ ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐ

Պիես երկու գործողությամբ

Գործող անձինք

ՏԱՆՅԱ

ՕԼՅԱ

ԻՌԱ 

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Առաջին պատկեր

Գավառական կայարանի փոքրիկ սրահ: Նստարանին նստած է Տանյան, 35 տարեկան:

ՏԱՆՅԱ (նայում է ժամացույցին): Մնաց քսան րոպե: Բան չմնաց: Հավերժության հետ համեմատած` մանրուք է: (Դադար🙂 Բայց ինչ դանդաղ են անցնում այս քսան րոպեները: Երբ այսպես սպասում ես, թվում է` ինչ-որ տեղ չար թզուկ է իշխում  ժամանակի վրա ու չի թողնում, որ նա առաջ գնա: Նա գերեվարել է րոպեները: Թեև, երբ նայում ես հայելուն… (Նայում է ժամացույցին🙂 Տասնինը: Շնորհակալություն, թզուկ, ազատ արձակած րոպեի համար:

Ներս է գալիս Օլյան, 25 տարեկան: Հագնված է նորաձև:

ՕԼՅԱ (շուրջը նայելով): Վերջապե՜ս… Հազիվ հասա: Այս ինչ թշվառություն է, բայց թքա՛ծ: Սրանից վատն էլ է եղել: Այս ո՞ւր եմ հասել: Մտքովս չէր անցնի, որ դեռ այսպիսի տեղեր կան: Սա նույնիսկ ծայրամաս չէ: Սա աշխարհագրության վերջն է: (Նկատում է Տանյային🙂 Ողջույն հնաբնակին: Գնացքին ինչքա՞ն կա…

ՏԱՆՅԱ Տասնութ րոպե:

ՕԼՅԱ Տասնութ… իսկ հետո ճանապարհ: Մինչև տուն, որտեղ ինձ է սպասում տաք ջուրը, կարմիր գինին ու փափուկ անկողինը: Տեր Աստված, ոնց եմ ուզում տուն հասնել:

ՏԱՆՅԱ Տասնյոթ:

ՕԼՅԱ Ի՞նչ:

ՏԱՆՅԱ Ասում եմ` տասնյոթ րոպե մնաց:

ՕԼՅԱ Հրաշալի է: Ի դեպ, այս կայարանը գոնե անվանում ունի՞:

ՏԱՆՅԱ Երևի չէ:

ՕԼՅԱ Ի՞նչ է նշանակում «երևի»-ն: Անվանում պիտի լինի: Աշխարհում ամեն ինչ անուն ունի:

ՏԱՆՅԱ Սա պարզապես Կայարան է: Անանուն:

ՕԼՅԱ Դե, սատանան իր հետ: Ի դեպ, որտե՞ղ է դրամարկղը: Ինչո՞ւ չեմ տեսնում կախարդական պատուհանիկը:

ՏԱՆՅԱ Այստեղ դրամարկղ չկա:

ՕԼՅԱ Ա՜յ թե խրվել եմ… Անուն չկա, դրամարկղ չկա: Իսկ որտեղի՞ց տոմս վերցնեմ, որպեսզի գնամ այս թշվառ տեղից:

ՏԱՆՅԱ Բայց ինչո՞ւ թշվառ, այստեղ շատ գեղեցիկ անտառ կա:

ՕԼՅԱ Դե լավ, տեսա ձեր այդ գեղեցիկ անտառը: Չորս ժամ սոճիների մեջ թափառում էի: Ա՜յ թե խրվել եմ…

ՏԱՆՅԱԻզուր եք հուզվում: Եթե ուզում եք գնալ` կգնաք:

ՕԼՅԱ Ուզենա՞մ… Չկասկածեք, դա իմ ամենամեծ ցանկությունն է:

ՏԱՆՅԱՏեսնենք:

ՕԼՅԱ Ի՞նչ կա տեսնելու: Այս գավառական գորշությո՞ւնը, թե՞ ձեր հեքիաթային անտառը: Ասում եք, էլի… (Դադար🙂 Ոնց եմ մրսել… Գոնե բուֆետ կա՞:

ՏԱՆՅԱ Չկա: Բայց սեղանին, թերմոսում թեյ կա:

ՕԼՅԱ (վերցնում է թերմոսը): Իսկապես թեյ է, այն էլ` տաք: Ինչ էլ լավ է բուրում:

ՏԱՆՅԱ Գետնամորի է:

ՕԼՅԱ Ի՞նչ:

ՏԱՆՅԱ Ասում եմ` գետնամորու հոտն է: Հատուկ եմ լցրել:

ՕԼՅԱ Ուրեմն, այստեղի տանտիրուհի՞ն եք: Ինչո՞ւ միանգամից չասացիք: Իսկ ես մտածեցի` դուք էլ եք գնացքին սպասում:

ՏԱՆՅԱ Սպասում եմ:

ՕԼՅԱ Բայց և այնպես, որտե՞ղ կարող եմ տոմս գնել:

ՏԱՆՅԱ Տոմս չկա:

ՕԼՅԱ Ո՞նց թե` չկա:

ՏԱՆՅԱ Քիչ հետո դուք էլ կհասկանաք:

ՕԼՅԱ Իհարկե, կհասկանամ, երբ գնացքն առանց ինձ կմեկնի: Լուրջ, որտե՞ղ տոմս գնեմ:

ՏԱՆՅԱ Ես էլ ասում եմ, որ ձեզ տոմս պետք չէ:

ՕԼՅԱ Էն էլ ո՜նց է պետք: Վաղը անգլերենի ստուգարք ունեմ: Երկու ստուգարք է մնացել, մի քննություն, ու ես դիպլոմավոր մասնագետ եմ: Իսկ դուք ասում եք` տոմս պետք չէ:

ՏԱՆՅԱ Տասը:

ՕԼՅԱԻ՞նչ` տասը:

ՏԱՆՅԱ Գնացքին տասը րոպե մնաց:

ՕԼՅԱ Տոմսի հե՛րն էլ անիծած: Ուղեկցորդի հետ լեզու կգտնեմ, փառք Աստծո, փող կա: Իսկ դուք այստեղի հավաքարա՞րն եք:

ՏԱՆՅԱ Եվ հավաքարարն եմ, և էլի շատ բան: Սա իմ կայարանն է: Այստեղ և՛ ղեկավարություն եմ, և՛ ենթակա:

ՕԼՅԱ Ասում ես` ղեկավարությո՞ւն, բա էլ ի՞նչ ես տոմսի հաշվով ուղեղ հարթուկում: Նույնիսկ կայարանի անունը ասել չես կարող:

ՏԱՆՅԱ Ասում եմ` անուն չունի: Չկա: Կայարան է, ու վե՛րջ: Կանգառ:

ՕԼՅԱ Քեզ հետ խոսելն անիմաստ է: Գնամ, ինքս նայեմ: (Պտտվում է տարածքում🙂 Այո՜… Չվացուցակ… Կայարանից… Ժամանումը` 17-ն անց 40… Մեկնումը` 17-ն անց 45… Այստեղ էլ անվանում չկա… Իսկ այս կողմում նավերի չվացուցակն է: Չհաս-կա-ցա՜… Հիմա այստեղ կայարա՞ն է, թե՞ նավահանգիստ:

ՏԱՆՅԱ Այստեղ Կայարան է:

ՕԼՅԱ (կարդում է): Ժամանումը` 9-ը 00-ին, մեկնումը` 9-ն անց 15… Բացատրեք ինձ, ի՞նչ նավահանգիստ կարող է լինել ձմռանը:

ՏԱՆՅԱ Նորմալ նավահանգիստ, եթե, իհարկե, մեկնող լինի:

ՕԼՅԱ Պատահաբար նավահանգստում չե՞ք աշխատում, համատեղության կարգով:

ՏԱՆՅԱ Նավահանգստում` նույնպես:

ՕԼՅԱ Ո՞վ ունի ձեր հնարավորությունը… լավ, շարունակենք կարդալ: Ինքնաթիռների չվացուցակ… Դե, սա արդեն լրիվ վերջն է: Ուզում եք ասել, որ այստեղ օդանավակայան է՞լ կա:

ՏԱՆՅԱ Կա: Ճիշտ է, մեծ չէ: Բայց կա:

ՕԼՅԱ Ու հիմա կասեք, որ այնտեղ է՞լ եք աշխատում:

ՏԱՆՅԱ Աշխատում եմ:

ՕԼՅԱ Որտե՞ղ է ձեր ղեկավարությունը:

ՏԱՆՅԱ Ղեկավարությունն էլ, ենթական էլ ես եմ:

ՕԼՅԱ Պարզ է: Իսկ սա, պատահաբար, գժանոց չէ՞: Ինչ-որ շատ նման է: Համապատասխան կոլորիտ է, անձնակազմն էլ` նմանապես…

ՏԱՆՅԱ Իզուր եք չարանում, ասացի, չէ՞, որ սա Կայարան է: Մեծատառով:

ՕԼՅԱ Հիմա հասկացա: Եթե Կայարանը մեծատառով է, ուրեմն, ամեն ինչ պարզ է: Դուք ձեզ կողքից լսեիք, հա՞… Կայարա՛ն:

ՏԱՆՅԱ Մնաց մեկ րոպե:

ՕԼՅԱ Շնորհակալություն, որ զգուշացրիք: Աստված ձեզ հետ, մնացեք ձեր առեղծվածային Կայարանում, իսկ ես գնամ: (Դուրս է վազում🙂

ՏԱՆՅԱ Միայն թե այսօր կատարվեր: Դե, խնդրում եմ… Միայն թե ստացվի: Դե՞… Դեռ տաս վայրկյան կա… Վե՛րջ: Չստացվեց…

Գալիս է Օլյան:

ՕԼՅԱ Հո սառնամանիք չէ՜… Գնացքն ուշանո՞ւմ է, հա՞: Այստեղ կսպասեմ, գոնե տաք է:

ՏԱՆՅԱ Գնացքն այսօր չի գա:

ՕԼՅԱԻնչպե՞ս թե` չի գա:

ՏԱՆՅԱ Պարզապես չի գա:

ՕԼՅԱ Եվ որտեղի՞ց ձեզ այդ ինֆորմացիան, նախապե՞ս գիտեիք:

ՏԱՆՅԱ Չգիտեի: Հույս ունեի, որ կգա:

ՕԼՅԱ Նա հո՜ւյս ուներ… Ո՞վ է այստեղ պետը:

ՏԱՆՅԱ Ես:

ՕԼՅԱ Ուրեմն պատասխանիր, ո՞ւր է կորել գնացքը:

ՏԱՆՅԱ Չի եկել:

ՕԼՅԱ Այդ մի բանը հասցրի նկատել: Ինչո՞ւ չի եկել:

ՏԱՆՅԱ Որովհետև դուք չէիք ուզում:

ՕԼՅԱ Ի՞նչ, ե՞ս չէի ուզում… Ի՞նչ ես դուրս տալիս: Դու գոնե պատկերացնո՞ւմ ես ուսման վարձիս չափը: Երեսուն տարում այդքան չես վաստակի: Ես չէի ուզո՛ւմ…

ՏԱՆՅԱ Ուրեմն, դուք նաև սովորել չէիք ուզում:

ՕԼՅԱ Իսկ դա քո գործը չէ:

ՏԱՆՅԱ Իհարկե, իմ գործը չէ: Բայց գնացքը ձե՛զ համար չեկավ:

ՕԼՅԱ Ի՞նչ է նշանակում` ինձ համար չեկավ: Չլինի՞ իմ անձնական գնացքն է… Իսկ գուցե իզո՞ւր եմ իրար անցել, գուցե ուշանո՞ւմ է…

ՏԱՆՅԱ Նա երբեք չի ուշանում: Կամ ժամանում է, կամ` ոչ:

ՕԼՅԱ Հրաշալի՜ է: Ա՛յ թե խրվեցի… Թե ինչի՞ս էր պետք այդ ապուշը:

ՏԱՆՅԱ Ի՞նչ ապուշ:

ՕԼՅԱ Կա մեկը, ամառանոց հրավիրեց… Օղի, խորոված, հաճելի երաժշտություն, էրոտիկ ֆիլմ… Սկսեցինք համբուրվել ու… և այլն: Մեկ էլ տեսնեմ` գետնասկյուռի պես ֆսֆսացնում է, ռումբ գցես` չի զարթնի: Իսկ ես պառկել եմ… ամենավերջին ապուշի պես:

ՏԱՆՅԱ Քնե՞լ էր:

ՕԼՅԱ Մաչո էր խաղում… Ի՞նչ են դարձել տղամարդիկ: Դե, ես էլ վեր թռա ու… Իսկ սառնամանիքին մեքենան տեղից կշարժես, բա ո՞նց… Ես էլ գժոտեցի: Ճանապարհային նշանը տեսա. «Մինչև կայարան 10 կմ»: Անտառով գնացի:

ՏԱՆՅԱ Ինչո՞ւ ամառանոցում չմնացիք: Առավոտյան կգնայիք:

ՕԼՅԱ Ի՞նչ առավոտ… նա մինչև առավոտ կենդանի չէր մնա, եթե ես այնտեղ մնայի: Հենց տեղում սրիկայի ջարդը կտայի, Աստված է վկա: Ու հետո, առավոտյան ստուգարքի էի:

ՏԱՆՅԱ Բայց, միևնույն է, դուք ոչ մի տեղ էլ չհասաք:

ՕԼՅԱ Լավ հիշեցրիք: Որպես կայարանապետ բացատրեք ինձ, ի՞նչ է կատարվում այստեղ:

ՏԱՆՅԱ Եվ ի՞նչ պիտի բացատրեմ:

ՕԼՅԱ Ո՞նց թե` ինչ: Ո՞ւր է գնացքը: Ու ո՞նց այստեղից դուրս պրծնեմ:

ՏԱՆՅԱ Գնացք չկա ու այսօր արդեն չի լինի: Սպասեք առավոտվա ինքնաթիռին:

ՕԼՅԱ Ասում եք` չի՞ լինի: Լավ, իսկ ե՞րբ կլինի ինքնաթիռը:

ՏԱՆՅԱ Ժամը 10-ին:

ՕԼՅԱ 10-ին… ստուգարքը 11-ն անց կես է: Ամենաշատը կես ժամվա թռիչք է: Կհասցնեմ:  

ՏԱՆՅԱ Եթե միայն ինքնաթիռը ժամանի:

ՕԼՅԱ Եթե ժամանի՞… Չհասկացա, դուք պե՞տն եք, թե՞ պետը չեք:

ՏԱՆՅԱ Պետն եմ: Բայց դա ինձնից չէ կախված:

ՕԼՅԱ Վե՛րջ, զզվերցրի՛ք… Սկզբում այն ապուշը, հիմա` դուք: (Կամաց, ատամների արանքից🙂 Կորեք գրողի ծոցը, ոտքով կգնամ… ռելսերով:

ՏԱՆՅԱ Տեղ չեք հասնի, շատ ցուրտ է:

ՕԼՅԱ Շնորհակալ եմ լավատեսության համար: (Դուրս է նայում պատուհանից🙂 Իսկ գուցե իրավացի եք… ռելսերին հավերժ մնալու հեռանկար կա: Այս ի՞նչ ծակուռ եմ ընկել… Գոնե հեռախոս կա՞:

ՏԱՆՅԱ Չկա:

ՕԼՅԱ Չհասկացա՜… Ինչպե՞ս կարող է կայարանում հեռախոս չլինել:

ՏԱՆՅԱ Հեռախոս պետք չէ:

ՕԼՅԱ Ո՞նց թե` պետք չէ: Զառանցանք…

Երկրորդ պատկեր

Ներս է վազում վախեցած ու արտասվող Իռան, շուրջն է նայում ու հոգնած նստում է նստարանին:

ԻՌԱ Սողո՛ւն… 

ՕԼՅԱ Դա ո՞ւմ է վերաբերվում:

ԻՌԱ Ի՞նչ… ինձուինձ խոսում եմ: (Դադար🙂 Լավ է, գոնե այստեղ հասա: Մարդկանց մոտ: Շատ լավ է… 

ՕԼՅԱ Միայն չասեք, որ դուք էլ կայարանապետ եք:

ԻՌԱ Չէ… ես պարզապես… ուզում եմ տուն գնալ:

ՕԼՅԱ Ցավոք, այստեղից տուն հասնելը բարդ է:

ԻՌԱ Տո՞մս չկա: 

ՕԼՅԱ Այստեղ ոչ միայն տոմս չկա, դրամարկղ ու գնացք էլ չկա: Վերջին հույսը ինքնաթիռն է: Խոստացել են, որ առավոտյան կլինի:

ԻՌԱ Սա օդանավակայա՞ն է:

ՕԼՅԱ Ոչ միայն օդանավակայան, նաև նավահանգիստ է: Ու բոլորին ղեկավարում է… Ի՞նչ է ձեր անունը: 

ՏԱՆՅԱ Տանյա:

ՕԼՅԱ Բոլորին ղեկավարում է Տանյան: Ծափահարություններ, խնդրում եմ: Համենայնդեպս, ինքն է ասում ու հավատացնում է, որ ասածը համապատասխանում է իրականությանը:

ՏԱՆՅԱ Թեյ ուզո՞ւմ եք:

ԻՌԱ Իսկ կարելի՞ է… այնպես եմ սառել:

Տանյան թեյ է բերում

ԻՌԱ (խմում է): Ինչ լավ է, իսկական լորենու թեյ: Հարյուր տարի է` չեմ խմել:

ՕԼՅԱ Լորենո՞ւ… տուր փորձեմ: (Համտեսում է🙂 Իրոք որ… սա ի՞նչ զառանցանք է, նույն թերմոսից չէ՞ր իմ խմածը: Աչքովց տեսա, չէ՞… Միայն թե իմը գետնամորու համով էր:

ԻՌԱ Օ՜յ, ես էլ եմ ուզում: 

ՏԱՆՅԱ Հիմա կբերեմ: (Դուրս է գնում🙂

ԻՌԱ Ինչ լավ է… տաք, մարդիկ, մեղրով լորենու թեյ:

ՕԼՅԱ Լսիր, ընկերուհի, արի խոսենք, քանի նա չկա:

ԻՌԱ Ինչի՞մասին: 

ՕԼՅԱ Այստեղ ինչ-որ բան էն չէ: Բացարձակ աբսուրդ է:

ԻՌԱ Ինչո՞ւ որ… 

ՕԼՅԱ Այս ամենը մի տեսակ… նորմալ չէ:

ԻՌԱ Ամե՞նը… 

ՕԼՅԱ Ամենը: Այս կայարանը, օդանավակայանն ու նավահանգիստը` մեկ սրվակում: Չվացուցակն անտեսող գնացքները: Հեռախոսի բացակայությունը: Ու նաև այս աննորմալ Տանյան:

ԻՌԱ Ինչո՞ւ աննորմալ… Ինձ որ հարցնես` շատ հաճելի կին է: 

ՕԼՅԱ Հաճելի՞… Դուրս տված զառանցանքն է՞լ հաճելի է: Իսկ ինձ որ հարցնես, նա այնքան կայարանապետ է, որքան ես` նախարար:

ԻՌԱ Ինչի՞ նախարար: 

ՕԼՅԱ Ամեն ինչի, ի՞նչ տարբերություն: Կարևորն այն է, որ նա չէ պետը:

ԻՌԱ Այդ դեպքում նա ի՞նչ է: 

ՕԼՅԱ Խաղաղ, նորմալ գիժ:

ԻՌԱ Բա մենք ի՞նչ անենք:

ՕԼՅԱՉգիտեմ… չգիտեմ: 

ԻՌԱ (լալիս է): Բայց ո՞նց այստեղից դուրս գանք:

ՕԼՅԱ Վերջ տուր լացիդ, արի մտածենք: Մոտակա կայարան չենք հասնի` կսառչենք: Բայց այս գիժը ինչ-որ կերպ ապրում է այստեղ, չէ՞… Ուրեմն, մի տեղից սնունդ, հագուստ է վերցնում: Ինչը նշանակում է, որ պիտի փորձենք նրանից պարզել` որտեղ ենք գտնվում ու սա ինչ տեղ է: Դրանից հետո կհասկանանք` ինչպես փասափուսաներս այստեղից քաշենք:

ԻՌԱ Եվ ինչպե՞ս ենք այդ ամենը պարզելու: 

ՕԼՅԱ Այո, պրոբլեմ է… Ստո՛պ: Մտածեցի… Կարծես ինքն էլ է այստեղ տխրում, դրա համար էլ հեքիաթներ է պատմում: Չէ՞ որ մենք շնորհակալ ունկնդիր ենք: Արի այնպես անենք, որ ինքը ցանկանա մեզնից գլուխն ազատել:

ԻՌԱ Ինչպե՞ս…  

ՕԼՅԱՇատ հեշտ: Մենք… մենք… օրինակ, նրան կպատմենք, որ դու փախել ես զոնայից: Նստած էիր սպանության համար: Փախել ես ու հիմա թաքստոց ես փնտրում: Կայարանը լավագույն տարբերակն է:

ԻՌԱ Է հետո՞ ինչ… 

ՕԼՅԱ Ո՞նց թե` ինչ: Ամեն ինչ կանի, որ քեզնից ազատվի:

ԻՌԱ Չեմ ուզում նրան խաբել:

ՕԼՅԱ Իսկ ուզո՞ւմ ես նստել այստեղ ու սպասել, չգիտես` ինչի: Հասկացիր, նա մեզ հեշտ ու հանգիստ բաց թողնողը չէ: Դե, ինչ, համաձա՞յն ես:

ԻՌԱ Եթե այլ ելք չկա…

Գալիս է Տանյան

ՏԱՆՅԱ Սա էլ հնդկորենի մեղրը: Թեյի հետ աննման է:

ՕԼՅԱ Լավ է, բայց Իռայի համար ավելի լավ է մեղր` առանց թեյի:

ՏԱՆՅԱ Բա ինչի՞ հետ: Սուրճ կա, ուզո՞ւմ եք:

ՕԼՅԱ Չէ, Իռան չեֆիրն է հարգում:

ՏԱՆՅԱ Ինչն է հարգո՞ւմ…

ՕԼՅԱ Չեֆիրը: Զոնայում այդպիսի խմիչք կա: (Իռային.) Ճի՞շտ եմ ասում:

ԻՌԱ Դե… հա, էլի… նման բան… 

ՕԼՅԱ (կամաց, խորհրդավոր): Նա հիմա էլ այնտեղ պիտի լիներ: (Ավելի կամաց` Տանյային🙂 Ինչքան հասկացա` պատահականությունն է օգնել: Հիմա փախուստի մեջ է: (Իռային.) ճի՞շտ եմ ասում:

ԻՌԱ Հա… ոնց որ…

ՏԱՆՅԱ Դուք զոնայի՞ց եք փախել:

ԻՌԱ Փախել եմ… ոնց որ… 

ՏԱՆՅԱ Մտքովս չէր անցնի:

ԻՌԱ Տեսքս է այդպես հանգիստ… իրականում…

ՕԼՅԱ Մարմանդ կրակ է… Թույլ տվեք ներկայացնել` ձեր առջև հանրահայտ Իռկա մոլագարն է: Նրա մասին կարդացե՞լ եք թերթերում:

ՏԱՆՅԱ Ոնց որ չէ…

ՕԼՅԱ Հինգ սպանություն: Ցմահ դատավճիռ: Ինտերպոլն է փնտրում:

ՏԱՆՅԱ Այդ բոլորը դո՞ւք եք:

ԻՌԱ Դե… ընդհանրապես… ոնց որ…

ՏԱՆՅԱ Ինչ հետաքրքի՜ր է: Կենդանի մարդասպան տեսած չկայի:

ՕԼՅԱ (Տանյային մի կողմ է տանում): Հետաքրքի՞ր է: Ավելի լավ է մտածիր, որ վկայի սպանելը նրա համար ջուր խմելու պես մի բան է:

ՏԱՆՅԱ Հետո՞ ինչ:

ՕԼՅԱ Ինչպե՞ս թե… Մենք վկա ենք, իսկ նրա համար մի դիակով ավել, երկուսով պակաս` հեչ բան է:

ՏԱՆՅԱ Չլինի՞ ուզում է մեզ սպանել: Բայց ինչի՞…

ՕԼՅԱ Ամեն ինչ հնարավոր է: Այստեղ շատ խաղաղ է: Վկաներ նրան պետք չեն: Մեզ կսպանի ու այնքան կսպասի կայարանում, մինչև խախանդվի:

ՏԱՆՅԱ (Իռային): Դուք իսկապե՞ս մարդասպան եք:

ԻՌԱ Ու նաև էն… բնաբարող: Բռնաբարողուհի… 

ՏԱՆՅԱ Ո՞ւմ մտքով կանցներ:

ՕԼՅԱ Բա՞… Սկզբում սպանում է, հետո` բռնաբարում:

ԻՌԱ Չէ… բայց ինչո՞ւ: Ես ավելի շատ մինչև սպանությունն եմ սիրում: Թե չէ պատահում է, բռնաբարում ես, իսկ հետո սպանելու տրամադրություն չես ունենում:

ՕԼՅԱ Բա՞, ինչ էի ասո՞ւմ…

ՏԱՆՅԱ Ճիշտն ասած, չէի սպասում… Առաջին հայացքից այնքան հանգիստ եք, համեստ:

ԻՌԱ Բայց ես հանգիստ ու համեստ էլ սպանում եմ, առանց աղմուկի: Աղմուկն ինչի՞ս է պետք: Վրա կտան, ճաղերի հետը կգցեն: 

ՏԱՆՅԱ Դուք այնքան փխրուն եք… ինչպե՞ս եք գլուխ հանում: Թե՞ միայն կանանց եք բռնաբարում:

ԻՌԱ Ինչո՞ւ, ավելի շատ տղամարդկանց եմ… Կողմնորոշումս ճիշտ է: 

ՕԼՅԱ Համեստություն է անում` և՛ կանանց, և՛ տղամարդկանց, ով ձեռքի տակ ընկավ:

ՏԱՆՅԱ Իսկ եթե ուժեղ տղամարդ է, իսկ ինքը այնքան…

ՕԼՅԱ Նա սամբո է պարապել… կամ նման մի բան…

ԻՌԱ Կարատե: Սև գոտի ունեմ: 

ՕԼՅԱ Ըհը, աղյուսը մի մատով կոտրում է:

ԻՌԱ Դե, մի մատով` չափազանցրիր… Երկուսով` հա…

ՕԼՅԱ Դե լավ, երկուսով. ի՞նչ տարբերություն… Կարևորը` ուժ ունի: Թաքնված ուժ:

ՏԱՆՅԱ Գիտե՞ք մտքովս ինչ անցավ. մնացեք այստեղ: Միասին կապրենք: Տեղանքը խաղաղ է, աչքից հեռու: Ինտերպոլն այստեղ չի հասնի:

ԻՌԱ Ու դուք չե՞ք վախենում թաքցնել մարդասպանին: Չէ՞ որ քրեական հոդված է:

ՏԱՆՅԱ Սատանան հոդվածի հետ, մենք` ուր, հոդվածն` ուր: Դե ի՞նչ, մնո՞ւմ եք:

ԻՌԱ Չգիտեմ…

ՏԱՆՅԱ Համարենք, որ համաձայն եք: Նշել է պետք: Հիմա գինի կբերեմ: (Դուրս է վազում🙂

ՕԼՅԱ Խրվեցինք:

ԻՌԱ Բա ասում էիր` կուզենա մեզնից ազատվե՜լ: Ո՞նց չէ, ուզեց: Հիմա հաստա՛տ մեզ բաց չի թողնի: 

ՕԼՅԱ Ո՞վ կմտածեր, որ այդքան գիժ է…

ԻՌԱ Հիմա՞ ինչ անենք: 

ՕԼՅԱ (մոտենում է չվացուցակին): Չվացուցակները կարծես կեղծ չեն:

ԻՌԱ Կեղծ են, կեղծ չեն` ի՞նչ տարբերություն: 

ՕԼՅԱ Մի՛ ասա, եթե իսկական են, հույս կա, որ կամ ինքնաթիռը կթռչի, կամ նավը ափին կմոտենա:

ԻՌԱ Մե՞զ դրանից ինչ…

ՕԼՅԱ Ինչպե՞ս թե… Պիտի դիմանանք մինչև առավոտ, իսկ հետո… 

Տանյան խմիչք է բերում:

ՏԱՆՅԱ Կարմիր է: Մեղրի նման քաղցր… (Լցնում է բաժակները🙂 Դե, խմենք մեր ցանկությունների կատարման կենացը:

ՕԼՅԱԱնձամբ ես միշտ երեք ցանկություն եմ ունեցել` հարուստ լինել, երեխա ունենալ սիրած տղամարդուց ու… չէ, այդ մեկը շատ անձնական է ու անհնար…

ԻՌԱ Դե լավ, ասա… շատ հետաքրքիր է: 

ՕԼՅԱ Ոչ… չեմ կարող:

ԻՌԱ (մտնում է դերի մեջ): Ասա, թե չէ երկուսիդ էլ կմորթեմ:

ՕԼՅԱ Քե՞զ ինչ եղավ: Դե… կուզենայի իմանալ, թե ինչ է տղամարդ լինելը:

ԻՌԱ Այդ մեկը իրոք լինելու բան չէ: Իսկ մնացած ցանկություններդ ի՞նչ վիճակում են: 

ՕԼՅԱ Փողի հարցը դեռ մնում է… Երեխան` նույնպես: Ինչ վերաբերում է տղամարդուն, ինչպես բացատրեց ծանոթ հոգեբանը, դա իմ չիրականացված երևակայության սուբլիմացիան է` ախտաբանորեն արտահայտված:

ՏԱՆՅԱ Ուրեմն, խմենք չիրականացված երևակայության իրականացման կենացը:

Խմում են:

ՕԼՅԱ Հոգնեցի:

ՏԱՆՅԱ Ձեզ հարմար կտեղավորեմ, հանգստացեք մինչև առավոտ:

ԻՌԱ Շնորհակալություն:  

ՕԼՅԱ Դուք մեզ փրկում եք:

Տանյան հանում է սպիտակեղենը, փռում է նստարաններին:

ՏԱՆՅԱ Բարի գիշեր:

ԻՌԱ Բարի գիշեր:

Տանյան դուրս է գնում:

ՕԼՅԱ Իռա:

ԻՌԱ Ի՞նչ: 

ՕԼՅԱ Եթե գիշերը բռնաբարելու կամ սպանելու միտք ունենաս` չարթնացնես:

ԻՌԱ Լավ: Քնիր: 

Երրորդ պատկեր

Գիշեր:

ԻՌԱ Դե, զարթնի՛ր… 

ՕԼՅԱ Ի՞նչ… որտե՞ղ… ի՞նչ ես ուզում…

ԻՌԱ Զարթնիր, ասում եմ: 

ՕԼՅԱ Ինքնաթիռն այստե՞ղ է:

ԻՌԱ Չէ: 

ՕԼՅԱ Բա էլ ի՞նչ ես… (Նայում է ժամացույցին🙂 Տեր Աստված, երեքն է:

ԻՌԱ (լրագիրն է տալիս): Կարդա: 

ՕԼՅԱ Գիշերվա երեքի՞ն… դու հաստատ մոլագար ես: Մամուլա-մոլագարային սինդրոմ: Մամուլն այդքան կսիրե՞ն:

ԻՌԱ Դու կարդա, կարդա: 

ՕԼՅԱ Ու ինձ հանգի՞ստ կթողնես:

ԻՌԱ Կարդա, ասում եմ: 

ՕԼՅԱ Սատանան քեզ հետ, տուր: Այսպես… «Եղանակի տեսություն… Տեղումներ»… Սա՞ է քեզ այդպես հուզել: Ձյուն չե՞ս տեսել:

ԻՌԱ Դու վերևում կարդա: 

ՕԼՅԱ «Քրեական քրոնիկոն»:

ԻՌԱ Հա, կարդա: 

ՕԼՅԱ «Երեկ խիստ հսկողության գաղութից… փախել է… սպանության համար դատապարտված… Իրինա Բուլախովան… Փնտրելուն ներգրավված է Ինտերպոլը»: Հետո՞ ինչ:

ԻՌԱ Ո՞նց թե` ինչ: Իրինա Բուլախովան ես եմ:  

ՕԼՅԱ Ստո՛պ: Ի՞նչ է նշանակում` դու ես:

ԻՌԱ Իսկ դու լուսանկարին նայիր: 

ՕԼՅԱ (նայում է🙂 Ա՜յ քեզ… Բայց սա դո՛ւ ես:

ԻՌԱ Ե՞ս ինչ եմ ասում: 

ՕԼՅԱ Ստո՛պ… ստացվում է… դու իսկապես…

ԻՌԱ Ի՞նչ` իսկապես: 

ՕԼՅԱ Ես գուշակել եմ: Հանգի՛ստ: (Վազում է դեպի անկյունը🙂 Չմոտենա՛ս:

ԻՌԱ Քեզ ի՞նչ եղավ: Լուրջ մտածում ես, որ ես մարդասպա՞ն եմ: 

ՕԼՅԱ Ես ոչինչ չեմ մտածում, ոչինչ: Հիմա իրերս կհավաքեմ: Արագ: Քեզ երազում եմ տեսել, դու աչքիս ես երևացել, ու վերջ: Կարևորը` չհուզվես…

ԻՌԱ Վախենո՞ւմ ես ինձնից: 

ՕԼՅԱ Չէ… ոչ… ես ոչնչից չեմ վախենում… պարզապես…

ԻՌԱ Սա աբսուրդ է: 

ՕԼՅԱ Ես էլ եմ ասում` աբսուրդ է, զառանցանք: Իսկ եթե զառանցանք է, ուրեմն քեզ ոչ տեսել եմ, ոչ էլ` լսել: Աչքիս ես երևացել, ու վերջ: Կարևորը` չհուզվես…

ԻՌԱ Լսիր, ես մարդասպան չեմ: 

ՕԼՅԱ Ես էլ եմ ասում` մարդասպան չես: Ու լավ ես արել, որ փախել ես: Ազնիվ մարդիկ բանտերում քարշ գա՞ն:

ԻՌԱ Ես ոչ մի տեղ քարշ չեմ եկել, լսո՞ւմ ես: Ես վարսավիր եմ:

ՕԼՅԱ Ես էլ նույնն եմ ասում: Ազնիվ մարդն անգամ գաղութում զբաղմունք կգտնի: (Փորձում է դռնով սպրդել դուրս🙂

ԻՌԱ Կանգնե՛լ: 

ՕԼՅԱ (վախեցած): Ես… ոչինչ չեմ անում… ես…

ԻՌԱ Նստի՛ր: 

ՕԼՅԱ (նստում է): Ես… արդեն… արդեն… նստեցի…

ԻՌԱ Իսկ հիմա լսիր ու սուս մնա:

ՕԼՅԱ Լավ:

ԻՌԱ Իրինա Բուլախովան ես եմ: 

ՕԼՅԱ Գեղեցիկ անուն, ազգանուն է:

ԻՌԱ Լռե՛լ… Ես վարսավիր եմ: Երբեք օրենք չեմ խախտել: Ու գաղութում էլ երբեք չեմ նստել: Իսկ հիմա կարող ես խոսել:  

ՕԼՅԱ Բայց ինքդ էիր ասում, որ…

ԻՌԱ Շարունակիր խոսքդ: Միայն հասկացիր, որ սխալ է կատարվել: 

ՕԼՅԱ Իսկ թե՞րթը:

ԻՌԱ Չգիտեմ: Թեև արդեն սկսում եմ մտածել, որ տարօրինակ ոչինչ չկա, եթե այս տեսակ Կայարանում այսպիսի թերթ կա:

ՕԼՅԱ Ուզում ես ասել, որ կե՞ղծ է: Որ տպել է այն… (Զննում է լրագիրը🙂 Նման չէ… թեև… գուցե օդանավակայանից բացի տպարան է՞լ ունի… Բայց եթե դու չես ստում…

ԻՌԱ Իհարկե, չեմ ստում: 

ՏԱՆՅԱ — Ուրեմն, ասածիդ մեջ ինչ-որ բան կա:

ՕԼՅԱ Հա՞…

ԻՌԱ Այս թերթն ու Կայարանը ինչ-որ կերպ իրար հետ կապված են:

Մտնում է Տանյան

ՏԱՆՅԱ Քնած չե՞ք: Որ այդպես է, իմ ետևի՜ց…

ՕԼՅԱՈ՞ւր:

ՏԱՆՅԱ Հիանանք հյուսիսափայլով: Աննկարագրելի՜ գեղեցկություն է: Այնպես եմ ուզում տեսնել…

ՕԼՅԱ Հյուսիսափա՞յլ… այստե՞ղ:

ՏԱՆՅԱ Բա էլ որտե՞ղ: Չէ՞ որ մենք այստեղ ենք: Դե, ո՞ւմ եմ ասում, իմ հետևի՛ց: Չե՞ք ուզում: Այդ դեպքում մենակ կգնամ: (Դուրս է գնում🙂

ԻՌԱ Տեսա՞ր: Այսքանից հետո զարմանում ես թերթի վրա՞: 

ՕԼՅԱ Տարօրինակ է:

ԻՌԱ Այսի՞նքն…  

ՕԼՅԱ Ի՞նչ էր ասում ցանկությունների մասին…

ԻՌԱ Դա ի՞նչ կապ ունի…

ՕԼՅԱ Նա ասաց, որ ուզում է տեսնել հյուսիսափայլը:

ԻՌԱ Հետո՞ ինչ:

ՕԼՅԱ Իսկ դրանից առաջ ասաց, որ գնացքը չեկավ, որովհետև ես չուզեցի:

ԻՌԱ Կապ չեմ տեսնում:

ՕԼՅԱ Հասկանում ես… եթե ազնվորեն` չէի ուզում գնալ այդ ստուգարքին: Ավելի ճիշտ` հե՛չ չէի ուզում:

ԻՌԱ Լավ, ասենք, այդպես է, բայց դա դեռ չի բացատրում ոչ գնացքի, ոչ էլ թերթի հարցը: 

ՕԼՅԱ Գուցե խելահեղ բան ասեմ, բայց… Այս կայարանում կամաց-կամաց խելագարվում ես… Հասկանո՞ւմ ես, դու շատ էիր ուզում հավատացնել, որ մարդասպան ես: Ուզո՞ւմ էիր:

ԻՌԱ Ուզում էի:

ՕԼՅԱ Ըհը, ցանկությունդ կատարվեց:

ԻՌԱ Աբսուրդ է: 

ՕԼՅԱ Իսկ դու թեյը հիշիր: Թեմոսը մեկն է, իսկ թեյը` տարբեր: Ու հենց այն, ինչ ուզում էինք:

ԻՌԱ Միևնույն է, աբսուրդ է: Ուզում ես ասել, որ այս Կայարանում կատարվում են մեր ցանկություննե՞րը: Ո՛չ: Ես չափահաս, նորմալ մարդ եմ ու վաղուց հեքիաթների չեմ հավատում:

ՕԼՅԱ Բայց ինքդ ես տեսնում… 

ԻՌԱ Քո կարծիքով, մեր բոլոր ցանկությունները միանգամից կատարվո՞ւմ են: 

ՕԼՅԱԱյո:

ԻՌԱ Բոլո՞րը:

ՕԼՅԱ Չգիտեմ, բայց, ըստ տրամաբանության, կարծում եմ, որ բոլորը: Համենայնդեպս, որոնք իրական են:

ԻՌԱ Հիմա դա կստուգենք:

ՕԼՅԱ Ինչպե՞ս:

ԻՌԱ Հիշո՞ւմ ես, երեկոյան քո ցանկությունների մասին ասացիր:

ՕԼՅԱ Հա, բայց…

ԻՌԱ Ասացիր, հիշում եմ: Փողն ու երեխան ստուգելը դժվար է…

ՕԼՅԱԱյդ ինչո՞ւ փողը դժվար է. փողը կամ կա, կամ չկա: Ես չեմ ունեցել, այսինքն, քիչ եմ ունեցել… (Ստուգում, պայուսակում անսովոր թղթադրամներ է գտնում🙂 Սրանք ի՞նչ են… ո՞վ է խցկել պայուսակս: Դո՞ւ…

ԻՌԱ Էլ բան ու գործ չունեմ:

ՕԼՅԱ Բայց անսովոր են, հիերոգլիֆներով… Լսիր, այս ինչքա՜ն է… Զառանցա՛նք…

ԻՌԱ Ճապոնական իեն է:

ՕԼՅԱ Դո՞ւ որտեղից գիտես:

ԻՌԱ Գաղտնի՞ք է, ինչ է, բոլորն էլ գիտեն: Ու հետո, ծանոթ ճապոնացի ունեի…

ՕԼՅԱ Ասում ես` ճապոնացի՞… կասկածելի է: Սկզբում հոդվածը, հիմա` սա…

ԻՌԱ Բայց քեզնից չեն գողացել, չէ՞, այլ հակառակը…

ՕԼՅԱԵվ ի՞նչ եմ անելու սրանք այս ծակուռում, հը՞: Ո՞ւր խցկեմ… Այստեղ ոչ կփոխանակես, ոչ կգնես, ոչ խանութ կա, ոչ բանկ, ոչինչ…

ԻՌԱ Ես ավելին կասեմ` մեր փողերն էլ կարող ես խցկել… այդ նույն տեղը: Մոտավորապես նույն էֆեկտն է: Փո՞ղ ուզեցիր` խնդրեմ: Իսկ թե ինչու իեն` դու մտածիր:

ՕԼՅԱ Բայց ես իրոք երազում էի Ճապոնիայի մասին: Դե, Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ` օրիգինալ չէ, բայց Ճապոնիան…

ԻՌԱ Տեսնո՞ւմ ես, կատարվում են երազանքները:

ՕԼՅԱ Իսկ եթե սրանք կայարանի այդ չորացած մո՞ւկն խցկել… ու եթե սրանք կե՞ղծ են:  

ԻՌԱ Դե, եթե չես հավատում, արի ստուգենք քո վերջին ցանկությունը:

ՕԼՅԱ Ի՞նչը նկատի ունես:

ԻՌԱ Ասում էիր, որ ուզում ես իմանալ, թե ինչ է տղամարդ լինելը: Ուզո՞ւմ ես:

ՕԼՅԱ Ասենք, ուզում եմ, հետո՞ ինչ: Դա անհնար է: Ստո՛պ: Ուզում ես ասել… Ո՛չ: Միայն ոչ դա: (Շոշոփում է իրեն, ուժասպառ փլվում է նստարանին🙂 Վե՛րջ…

ԻՌԱ Այսի՞նքն…

ՕԼՅԱ Հիմա հաստատ քաղաք գնալ չի լինի:

ԻՌԱ Այդ ինչո՞ւ:

ՕԼՅԱ Իրականացավ երազանքս: Ես էլ մտածում եմ` ինչ անբնական զգացումներ ունեմ: Հիմա գոտկատեղից վերև ես կին եմ, իսկ ներքևում ցանկությանս լիակատար իրականացումն է:

ԻՌԱ Այդ դեպքում ո՞ւր մնաց երեխա ունենալու ցանկությունդ: Ոնց որ շատ էիր ուզում:

ՕԼՅԱ Այո… բայց ոչ թե ընդհանրապես, այլ սիրած տղամարդուց: Իսկ նա այստեղ չէ, ամսից ավելի է` չեմ տեսնել ու սրանից հետո հազիվ տեսնեմ…

ԻՌԱ Դե լավ, քեզ մի կոտորիր, մի կերպ դուրս կգանք այս կայարանից…

ՕԼՅԱ Մենք լուրջ վիճել ենք ու բաժանվել:

ԻՌԱ Ուրիշի՞ն է գտել:

ՕԼՅԱ Ոնց որ… Նա այնքան տնարա՜ր է` եփում-թափում է, երեխա է ուզում ունենալ, իսկ ես միայն կարիերայի մասին եմ մտածում, գլխումս միայն քննություններ են… Իսկ գուցե ես էլ էի երեխա ուզում: Հենց որ գնաց, հանկարծ հասկացա` բալիկ եմ ուզում, որ նման լինի նրան, նրա աչքերը, նրա ձեռքերը, մազերը… Ես բալիկիս այնպե՜ս կսիրեի, բայց… ուշ է: Հիմարացա, իսկ հիմա արդեն ուշ է… Թեև… եթե հղիանայի, հասկանո՞ւմ ես, ինձ թվում է, որ նա… Ամեն ինչ այլ կերպ կլիներ… Ստո՛պ: Սիրտս խառնում է… Ստո՛պ: Ի՞նչ է ստացվում… 

ԻՌԱ Կարծում ես…

ՕԼՅԱ Իսկ եթե այո՞… Աստված իմ, սա խելագարություն է… Գոնե պատկերացնո՞ւմ ես գինեկոլոգի աչքերը, երբ տեսնի կատարված երազանքներս` միասին: Ոչ մի գժանոց նրան չի ընդունի:

ԻՌԱ Հանգիստ, մի հուզվիր, քեզ չի կարելի:

ՕԼՅԱ Չհուզվե՞մ… Քո տեղը գոնե գաղութն է, իսկ իմը` Կունստկամերան:

ԻՌԱ Ծննդատուն տղամարդկանց համար… Հաճելի բաների մասին մտածիր, ասենք` փողի…

ՕԼՅԱ Հիմա ինչի՞ս է պետք, եթե ես անգամ չգիտեմ, թե ինչ եմ:

ԻՌԱ Ոչինչ, փողը միշտ էլ պետք է, գերմաֆրոդիտն էլ մարդ է, նա էլ է ուզում գեղեցիկ ապրել: Այնպես որ, եթե դրանից ես…

ՕԼՅԱ Ես դրանից չե՛մ:

ԻՌԱ Բա ո՞վ ես:

ՕԼՅԱ Չգիտեմ:

ԻՌԱ Ուզո՞ւմ ես` պարզենք:

ՕԼՅԱ Ինչպե՞ս:

ԻՌԱ Շատ հասարակ, եթե տղամարդ ես դարձել, իմ նկատմամբ անտարբեր չպիտի մնաս:

ՕԼՅԱ Այդ ինչպե՞ս:

ԻՌԱ Իբր չգիտես, թե ինչպես ու ինչով…

ՕԼՅԱ Դե… արի փորձենք: Դու ի՞նչ ես ուզում անել:

ԻՌԱ Ուզո՞ւմ ես` ստրիպտիզ պարեմ:

ՕԼՅԱ Փորձիր: (Իռան, աստիճանաբար հանվելով, պարում է🙂 Օ՜յ…

ԻՌԱ Ի՞նչ:

ՕԼՅԱ Ինչ ծիծաղելի է:

ԻՌԱ Ի՞նչը:

ՕԼՅԱ Շարժվում է… ինքն իրեն: Օյ, խուտուտ է տալիս: Էլի պարիր:

ԻՌԱ Է՞լ ինչ կուզեիր: Կանանց մոտ չէի ամաչում, իսկ տղամարդու դեմ չեմ կարող:

ՕԼՅԱ Բայց ես ի՞նչ գրողի տարած տղամարդ եմ: Տղամարդկային փորձս մի երկու րոպե է: Ու շատ հնարավոր է, որ ես հղի տղամարդ եմ: Ի՞նչ է ստացվում, ես և՛ մայր եմ, և հա՞յր:

ԻՌԱ Սպասիր, առաջարկ ունեմ:

ՕԼՅԱ Էլի պա՞ր:

ԻՌԱ Ոչ: Այս ամենը խելագարության է նման, չէ՞…

ՕԼՅԱ Նման է:

ԻՌԱ Ես վախենում եմ ինչ-որ բան անել կամ ասել, ամեն նոր քայլն ավելացնում է այս խելագարությունը: Ավելի լավ է աղոթենք ու քնենք, որ առավոտյան թվա, թե այս ամենը գիշերային մղձավանջ էր, հիմար երազ: Համաձա՞յն ես:

ՕԼՅԱ Երևի ճիշտ ես… Իսկ գուցե էլի՞ պարես: Չես պատկերացնում, ինչ կայֆ է, երբ կանգնում ու շարժվում է…

ԻՌԱ Վերջ տուր, խնդրում եմ, թե չէ, մեկ էլ տեսար, քեզ կորցրիր:

ՕԼՅԱ Լավ, վե՛րջ: Բայց ինչ լավ է այդ բանն ունենալը…

Քնում են: Մթնում է:

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Չորրորդ պատկեր

Առավոտ: Ներս է մտնում Տանյան լողազգեստով, սրբիչն ուսին գցած:

ՏԱՆՅԱ Վեր կացեք:

ՕԼՅԱ Ի՞նչ… ո՞ւր է…

ՏԱՆՅԱ Զարթնեք, լողանալու ամենալավ ժամն է: Ուշացաք` պահը բաց կթողնեք:

ԻՌԱ Ի՞նչ լողանալ…

ՏԱՆՅԱ Ո՞նց թե` ինչ… Առավոտյան ծովը նոր կթած կաթի պես տաք է: Ճայերը թռչում են ցա՜ծր, ցա՜ծր… Իսկ հեռվում նավերն են: Հրա՛շք: Դու մտնում ես նոր կթած ջրի մեջ, շնչում ես ծովի տտիպ աղահամն ու տրվում ես նրան: Ու դուք ուզում եք քնել-մնա՞լ:

ՕԼՅԱ Ի՞նչ ես խոսում, ծովն առավոտյան սառն է: Ի՞նչ նոր կթած կաթ… Եվ, ընդհանրապես, ի՞նչ ծով: Այստեղ ծով չկա: Այստեղ մի անանուն գետակ է ու ձմեռային անտառ:

ԻՌԱ Իսկապես, ի՞նչ ծովային լոգանք հունվարին:

ՏԱՆՅԱ Եթե ուզում եք, որ հունվար լինի, ուրեմն կլինի հունվար:

ՕԼՅԱ Ստո՛պ: Մի րոպե: Հիշեցի ցանկության մասին: (Իրեն շոշափելով🙂 Տարօրինակ է, ոչինչ չկա:

ՏԱՆՅԱ Ի՞նչ չկա:

ՕԼՅԱ Իսկ գիշերը կար:

ՏԱՆՅԱԻ՞նչ կար:

ՕԼՅԱ Ցանկությունների իրականացում: Երևի երազ էր:

ԻՌԱ Նկատի ունես…

ՕԼՅԱ Սպասիր… եթե դու գիտես, ուրեմն դա երազ չէր:

ԻՌԱ Ուրեմն` երազ չէր:

ՏԱՆՅԱ Ինչի՞ մասին է խոսքը:

ՕԼՅԱ Ես չգիտեմ` լողազգե՞ստ հագնեմ, թե՞ տղամարդու կիսավարտիք:

ՏԱՆՅԱ Ինչ սիրտդ կուզենա:

ՕԼՅԱ Իմ սիրտը քո մահն է ուզում:

Տանյան ընկնում է հատակին:

ՕԼՅԱ Հեյ, քեզ ի՞նչ եղավ… հո լուրջ չասացի՞…

ԻՌԱ (շոշափելով Տանյային): Սառն է:

ՕԼՅԱ Լրի՞վ:

ԻՌԱ Լրիվ: Շնորհավորում եմ: Կարելի է ասել, որ արդեն կոլեգաներ ենք:

ՕԼՅԱ Բայց ես… ես միայն… մատով անգամ չեմ կպել…

ԻՌԱ Վախից: Սիրտը չդիմացավ:

ՕԼՅԱ Բա ի՞նչ անենք:

ԻՌԱ Որպես այդ գործի մասնագետ առաջարկում եմ մաքրել հետքերը:

ՕԼՅԱ Լո՞ւրջ ես ասում:

ԻՌԱ Լուրջ, անլուրջ… չգիտեմ` ինչ անեմ: Չգիտե՛մ: Կուշտ եմ այս հանելուկներից: Իսկ այսօր պատրաստվում էի ընտանեկան կյանքիս առաջին էջը գրել:

ՕԼՅԱ Այսի՞նքն…

ԻՌԱ Երեկ իմ հարսանիքը պիտի լիներ:

ՕԼՅԱ Հարսանի՞քը…

ԻՌԱ Ըհը, շքեղ հարսանիք: Փեսացուն` առաջին կարգի: Փող, մեքենա` ամեն ինչ կա: Իսկ որ բռի ու ժլատ է, ի՞նչ անենք, վարսավիրական դասընթաց անցած աղջկա համար դա էլ քիչ չէ:

ՕԼՅԱ Ի՞նչ ես գոռում:

ԻՌԱ Որովհետև էլ ուժ չունեմ: Այստեղ ինչ որ կատարվում է` զառանցանք չէ, ավելի լուրջ բան է:

ՕԼՅԱ Մեղավորը ե՞ս եմ: Ես էլ քո օրին եմ:

ԻՌԱ Ներիր, չեմ դիմանում:

ՕԼՅԱ Ի՞նչ էիր ասում հարսանիքի մասին: Թե չէ տեսում եմ, որ անսովոր ես հագնված…

ԻՌԱ Ընկերների հետ նույն մեքենայով էինք Զագս գնում: Սկսեց ինձ գովել` և՛ գեղեցիկ եմ, և՛ խելացի: Սկզբում դուրըս գալիս էր, մինչև անցավ մանրամասներին: Դե, որ հարսի կուրծքը սուպեր է: Ընկերը, թե` քոնը հեչ, իմինը ավելի լավն է: Սկսեցին վիճել, կարծես մեքենայի մեջ չեմ: Իսկ ես ատամներս սեղմել ու համբերում եմ, ուզում ես լավ ապրել` պիտի համբերես: Բայց որ սկսեց քանդել զգեստիս կոճակները, չհամբերեցի: Կարևորը` չխնդրեց, որ ես հանվեմ, այլ ինքը, տիրոջ նման… Դե, ես էլ ընթացքից մեքենայից դուրս թռա: Բախտս բերեց, որ խորը ձյան մեջ ընկա: Ելա ու` ուղիղ անտառ: Վազքով: Կուշտ լացի ու վերադարձա: Բա ի՞նչ անեի: Մեքենան չկար: Գնացել էին: Գրություն էին թողել ճամփեզրին, քարի տակ. «Սպասում ենք Զագսի մոտ»: Ու տասը դոլար` տեղ հասնելու համար: Դե, ես էլ նորից անտառ վազեցի…

ՕԼՅԱ Լա՜վ պատմություն է…

ԻՌԱ Ներիր, որ հարձակվեցի վրադ… Իսկ սրա՞ն ինչ անենք: Ոնց որ ճիշտ է շունչը փչել…

ՕԼՅԱ Գուցե արհեստական շնչառությո՞ւն փորձենք:

ԻՌԱ Դա ջրահեղձին է օգնում, իսկ վախեցածին` դժվար թե…

ՕԼՅԱ Իսկ եթե դեղ տա՞նք: Ստո՛պ: Ինչ-որ տեղ դեղատուփ եմ տեսել… ահա՛: Տեսնենք… Անալգին…

ԻՌԱ Չէ, գլուխը հաստատ չի ցավում:

ՕԼՅԱ Ստամոքսի…

ԻՌԱ Չէ:

ՕԼՅԱ Սրտային…

ԻՌԱ Էլի չէ:

ՕԼՅԱ Մահվան…

ԻՌԱ Ի՞նչ…

ՕԼՅԱ (կարդում է): «Մահվան դեմ: Քսել հանգուցյալին օրը երեք անգամ, մեռնելուց անմիջապես հետո: Կողմնակի ազդեցություններ հայտնաբերված չեն: Երաշխավորված է Առողջապահության նախարարության կողմից»:

ԻՌԱ Լո՞ւրջ…

ՕԼՅԱ Ինքդ կարդա:

ԻՌԱ (կարդում է): Ճիշտ որ… Դե, եթե Առողջապահության նախարարությո՜ւնն է…

ՕԼՅԱ Իսկ դու համոզվա՞ծ ես, որ նա…

ԻՌԱ Չգիտեմ, բայց սրանից ավելի վատ չի լինի:

Երկուսով Տանյային ինչոր քսուկ են քսում: Նա բացում է աչքերը, հետո ոտքի է կանգնում:

ՏԱՆՅԱ Օ՜յ… ի՞նչ է եղել ինձ հետ:

ՕԼՅԱ Ոնց որ մեռել էիր, իսկ հիմա հարություն առար ի մեռելոց:

ՏԱՆՅԱ Պատահում է…

ՕԼՅԱ Ի՞նչ է պատահում: Ուզում ես ասել, որ անսովոր ոչինչ չի՞ եղել: Որ ամեն ինչ կարգի՞ն է: Ուրեմն, մեզանից մեկը հաստատ գիժ է: Գոնե դա հասկանո՞ւմ ես:

ՏԱՆՅԱ Ուրեմն, ծով չե՞ք գալիս:

ՕԼՅԱ Գրողի ծոցը ծովը, ես ուզում եմ հասկանալ, թե ի՛նչ է այստեղ կատարվում:

ՏԱՆՅԱ Ոչինչ: Բացարձակ ոչինչ: Հարցն էլ այն է, որ ոչինչ: Դե, ես գնացի լողափ: (Դուրս է գնում🙂

ՕԼՅԱ Չէ, դու լսեցի՞ր… Ժամը քանի՞սն է:

ԻՌԱ 9-ին 10 պակաս: Հետո՞ ինչ…

ՕԼՅԱ Ինչպե՞ս թե… 10 րոպեից ժամանում է նավը: Դե, արագ, գուցե հասցնենք:

ԻՌԱ Ես չեմ գա:

ՕԼՅԱ Ինչպե՞ս թե` չես գա:

ԻՌԱ Չեմ գա: Ես չեմ ուզում վերադառնալ:

ՕԼՅԱ Բայց ինչո՞ւ:

ԻՌԱ Եթե վերադառնամ, կնմանվեմ մեղավոր շնիկի: Ու կհանվեմ փեսացուիս ընկերների առաջ: Եթե խելքին փչի` մնացածն էլ կհանեմ, որ ընկերները գնահատեն…

ՕԼՅԱ Քշի՛ր գրողի ծոցը, թո՛ղ նրան:

ԻՌԱ Արդեն ուղարկել եմ ու եկել այս կայարանը:

ՕԼՅԱ Դե, մնա, եթե ուզում ես, իսկ ես թռա: (Դուրս է վազում🙂

Գալիս է Տանյան:

ՏԱՆՅԱ Իսկ ո՞ւր է…

ԻՌԱ Վազեց նավահանգիստ:

ՏԱՆՅԱ Միայն թե նրան հաջողվի:

ԻՌԱ Ուզում ես, որ նա գնա՞: Իսկ ինձ թվում էր, թե…

ՏԱՆՅԱ Չէ, ես ուզում եմ, շատ եմ ուզում:

Գալիս է Օլյան:

ԻՌԱ Դե՞…

ՕԼՅԱ Ոչինչ:

ԻՌԱ Ուշացա՞ր:

ՕԼՅԱ Չէ: Նավ չկար:

ՏԱՆՅԱ Չկար, ուրեմն` չկար… ի՞նչ կարող ես անել: Ուզո՞ւմ եք, առագաստանավով ման գանք:

ՕԼՅԱ Ի՞նչ առագաստանավ:

ՏԱՆՅԱ Հին: Ճերմակաթույր առագաստներով: Կապիտանն էլ ծովային ծեր գայլ է:

ՕԼՅԱ Ինչո՞ւ չէիր ասում, որ այստեղ առագաստանավ կա: Քո ծովային գայլը ինչքա՞ն կվերցնի քաղաք հասցնելու համար:

ՏԱՆՅԱ Ոչինչ:

ՕԼՅԱ Այսի՞նքն…

ՏԱՆՅԱ Այդ առագաստանավով չի կարելի գնալ, միայն ման գալ ու հանգստանալ:

ՕԼՅԱ Էլ չեմ դիմանում: Խրվել եմ այս աբսուրդի մեջ, ասես ճահիճում լինեմ: Որտե՞ղ եմ ես: Ի՞նչ է պատահել ինձ:

ՏԱՆՅԱ Ուզում եք իմանա՞լ:

ՕԼՅԱ Ուզում եմ: Շա՛տ:

ՏԱՆՅԱ Դուք Կայարանում եք:

ՕԼՅԱ Այդպես էլ գիտեի: Իսկ որտե՞ղ է գտնվում այս կայարանը:

ՏԱՆՅԱ Չգիտեմ:

ՕԼՅԱ Ես քեզ հիմա… Ասենք, չէ, միևնույն է, հարություն կառնես:

ԻՌԱ Սպասիր, չգժոտես: (Տանյային.) Ավելի լավ է, բացատրիր, թե ինչպե՞ս ենք հայտնվել այստեղ:

ՏԱՆՅԱՈւզո՞ւմ եք իմանալ:

ԻՌԱ Իհարկե:

ՏԱՆՅԱ Լավ: Միայն թեյ վերցնեմ: (Գնում, թեյ է լցնում🙂

ՕԼՅԱ Ինչի՞դ է պետք:

ԻՌԱ Գոնե մի բան կիմանանք:

ՏԱՆՅԱ Հրա՛շք… բալով թեյ:

ԻՌԱ Մենք սպասում ենք:

ՏԱՆՅԱ Ինչի՞ց սկսեմ… Կյանքիս մասին պատմեմ երկու նախադասությա՞մբ: Սկսում եմ հիշել ու չգիտեմ` ինչ ասեմ… Դե, ապրում էր աշխարհում մի կին: Հարուստ չէր, բայց աղքատ էլ չէր: Ավարտեց ինստիտուտը, աշխատեց, աշխատանքը հետաքրքիր չէր` 9-ից 6-ը թղթեր էի գրոտում, բայց աշխատավարձը քիչ չէր, կարելի էր ապրել…

ՕԼՅԱ Անձնակա՞նդ ոնց էր:

ՏԱՆՅԱ Տղամարդիկ կային, բայց ընտանիք չեղավ: Փառք Աստծո, երեխաներ չունեցա… Չհանդիպեցի իմ միակին, իսկ եղածները մի բան չէին: Սկզբում կարծես վատ չէր, բայց հենց փորձում ես ապրել, միանգամից հասկանում ես` այն չէ… Չգիտես ինչու, բոլորը մտածում են, որ երջանկացրել են քեզ ընդամենը իրենց ներկայությամբ, իսկ դու պետք է թաթերիդ վրա վազես ու նրանց սպասարկես… Բայց չէ՞ որ ես էլ եմ աշխատում, հոգնում եմ ու քիչ չեմ վաստակում, նույնիսկ ավելի շատ… Չէ, մենակությունը լավ բան է: Մի խոսքով, այդպես էլ ապրում էի` աշխատանք, տուն, խանութներ, հեռուստացույց… Կյանք առանց վաղվա օրվա… Լուսավոր ոչինչ ո՛չ անցյալում, ո՛չ առջևում…

ՕԼՅԱ Բայց քո պատմածն ի՞նչ կապ ունի այս կայարանի հետ:

ՏԱՆՅԱ Այդպես ապրեցի, մինչև մի գեղեցիկ օր զանգեց անհայտ մեկն ու առաջարկեց Կայարանապետի պաշտոնը:

ԻՌԱ Այս կայարանի՞:

ՏԱՆՅԱ Հա: Ու ես համաձայնվեցի: Մտածեցի` նոր կյանք, նոր բարեկամներ… Բայց ի՞նչ իմանայի, որ այսպես կլիներ:

ՕԼՅԱԻնչպե՞ս` այսպես:

ՏԱՆՅԱ Դե, ձեզ նման եկա այստեղ ու չէի կարողանում հասկանալ, թե ուր եմ ընկել: Սկզբում մտածում էի` ինչ-որ մեկի հիմար կատակն է: Հետո խելագարության մասին սկսեցի մտածել: Դե… Կայարան է: Չվացուցակ: Ծառայողական բնակարան: Սառնարանում ամեն ինչ կա: Պահարանում` լիքը հագուստ: Միայն թե…

ԻՌԱ Ի՞նչ:

ՏԱՆՅԱ Ոչ ոք չկա: Մարդ չկա: Կենդանի շունչ չկա: Ու գլխավորը` ոչ գնացք կա, ոչ ինքնաթիռ, ոչ էլ նավ: Երբ այս ամենը տեսա` գժվեցի: Որոշեցի ռելսերով քաղաք գնալ:

ՕԼՅԱ Գնացի՞ր:

ՏԱՆՅԱ Հա: Երկար քայլեցի: Ոտքերս հազիվ էի քարշ տալիս: Արդեն զղջում էի ու երբ մտածեցի, որ ավելի լավ էր` Կայարանում մնայի` միանգամից դուրս եկա Կայարանի առաջ:

ՕԼՅԱ Պտտվե՞լ էիր կայարանի շուրջը:

ՏԱՆՅԱ Չէ, պարզապես շատ ուզեցի Կայարանում հայտնվել: Ու հայտնվեցի… Այդ պահին էլ հասկացա, թե ինչ է Կայարանը:

ԻՌԱ Եվ ի՞նչ է:

ՏԱՆՅԱ Այստեղ կատարվում են մեր երազանքները: Ցանկացա՛ծ: Մեր մեջ նստած երազանքները: Սիրտդ անանա՞ս է ուզում` խնդրեմ, ոսկի՞` ինչքան կամենաս…

ԻՌԱ Դա անհնար է… զառանցանք, պատրանք…

ՏԱՆՅԱ Պատրանք չէ, իրոք այդպես է: Դու կարող ես ամեն ինչ ստանալ: Եվ ամեն ինչ կլինի իսկականը: Միայն մի բան չես կարող` գնալ այստեղից:

ՕԼՅԱ Ինչո՞ւ:

ՏԱՆՅԱՈրովհետև ամեն մեկիս մեջ նստած է այսպիսի կյանքից անսահման գոհ փոքրիկ, զզվելի մի որդ: Իսկ դու չես կարող քեզ խոստովանել, որ չես ուզում այստեղից գնալ: Շատերն են այստեղ եկել, բայց քչերն են գնացել:

ՕԼՅԱ Շատե՞րը… բա ո՞ւր են նրանք:

ՏԱՆՅԱ Ով` որտեղ… Կառուցել են իրենց աշխարհն ու ապրում են: Ամեն մեկն` իր ցանկությունների հետ:

ԻՌԱ Դրանից էլ լավ բա՞ն:

ՏԱՆՅԱ Կարծո՞ւմ ես:

ԻՌԱ Իհարկե: Իսկ դու դեռ դժգո՞հ ես:

ՕԼՅԱ (Տանյային): Կատակո՞ւմ ես… Ասա, որ կատակում ես:

ՏԱՆՅԱ Դեռ չե՞ք համոզվել:

ՕԼՅԱ Ինչպե՞ս է դա լինում:

ՏԱՆՅԱ Չգիտեմ` ինչպես, բայց լինում է:

ԻՌԱ Օյ, սպասեք ցանկություն պահեմ: Ես ուզում եմ… ուզում եմ… (Փակում է աչքերը, ցնցվում է🙂 Սա ի՞նչ է… օյ, սառն է… (Զգեստի տակից հանում է պաղպաղակի տուփը🙂 Պաղպաղակ… Ո՞վ խցկեց… Դե, խոստովանեք… տխմար կատակ է: 

ՕԼՅԱ Ես չեմ, ազնիվ խոսք, ու հետո, որտեղի՞ց դա վերցրի:

ՏԱՆՅԱ Դա քո ցանկությունն է, դու ես արել:

ԻՌԱ Բայց ես չեմ ասել… անգամ չեմ մտածել…

ՏԱՆՅԱ Ցանկությունը այն չէ, ինչ ասում ես, իսկ երբեմն, նաև մտածածդ չէ: Այստեղ կատարվում են չասված ցանկությունները, ոչ թե բարձրաձայն ասվածները, հասկանո՞ւմ ես: Երբեմն անգամ ինքդ չես գիտակցում… (Վերցնում, պահում է պաղպաղակը🙂 Դու ի՞նչ պաղպաղակ ես սիրում: 

ԻՌԱ Ասենք` ելակի:

ՕԼՅԱ (պաղպաղակը զննելուց հետո): Վերցրու: Տեսնո՞ւմ ես:

ԻՌԱ (ինքն էլ զննում): Ճիշտ որ… ելակ է…

ՕԼՅԱ Դե, գիտես… Հազիվ ենք տաքացել, իսկ սիրտդ սառն է ուզում:

ՏԱՆՅԱ Դա նորմալ է: Ամռանը Ամանոր ես ուզում, ձմռանը` պաղպաղակ:

ԻՌԱ (դնում է պաղպաղակը, մտախոհ քայլում է, ինչոր մեկն անցնում է կողքով, ու պաղպաղակն անհետանում է): Ես դա՞ ցանկացա: Տարօրինակ է… (Տեսնում է, որ այն չկա🙂 Ո՞վ վերցրեց: Դո՞ւ, Օլյա… սիրտդ շատ է ուզում` ինքդ ցանկացիր:

ՕԼՅԱ Ես չեմ վերցրել, իմ ինչի՞ն է… Ես մրգային չեմ սիրում, միայն կրեմ-բրյուլե: Գուցե Տանյա՞ն է… (Տանյան հեգնական ժպտում, լռում է🙂

ԻՌԱ Պաղպաղակն անհետացավ… Ա՜, հասկացա: Հասկացա, երբ ընդամենը պաղպաղակ ուզեցի, չնչին մի բան: Դա վիրավորական էր, ու միանգամից ախորժակս կորավ:

ՕԼՅԱ Գոնե հասկացա՞ր, թե հիմա ինչ ասացիր: (Տանյային.) Դու հասկացա՞ր:

ՏԱՆՅԱ Իհարկե, նա սկսեց հասկանալ մեխանիզմը:

ԻՌԱ Ուռա՛, կեցցե՛ կայարանը: (Սկսում է թռչկոտել, հետո դուրս է վազում🙂

ՕԼՅԱ Ի՞նչ եղավ դրան:

ՏԱՆՅԱ Առաջին փուլն է:

ՕԼՅԱ Ուզում ես ասել, որ խելքը թռցրե՞ց:

ՏԱՆՅԱ Դե չէ… սա կայարանում գտնվելու առաջին փուլն է` էյֆորիա: Նա նորմալ է արձագանքում:

ՕԼՅԱ Իսկ ո՞րն է երկրորդը:

ՏԱՆՅԱ Երկրորդը դեպրեսիան է:

ՕԼՅԱ Ինչո՞ւ:

ՏԱՆՅԱ Դժվար է բացատրել, շուտով ինքդ կզգաս: Առաջին փուլը երկար չի տևում:

ՕԼՅԱ Բոլորին քեզնով չչափես: Գուցե քո երևակայությունը քիչ է, իսկ իմը շատից էլ շատ է:

ՏԱՆՅԱ Դե, զոռ տուր երևակայությանդ, ո՞վ է քեզ խանգարում:

ՕԼՅԱ Գուցե դու ես խանգարում: Քո ներկայությամբ մի տեսակ անհարմար եմ զգում ցանկանալ…

ՏԱՆՅԱ (հեգնանքով): Այդքան որ ինտիմ ցանկություննե՞ր են:

ՕԼՅԱ Քո գործը չէ: (Գնում, բայց վերադառնում է🙂 Պարզապես չեմ կարողանում կենտրոնանալ… Ցանկություններս սովորական չեն, բայց ինտիմ էլ չեն…

ՏԱՆՅԱ Դու հիմա կատարում ես ի՛մ ցանկությունը:

ՕԼՅԱ Ինչպե՞ս թե…

ՏԱՆՅԱ Հիմա ես ուզում եմ մենակ մնալ: Դուք ինձ հոգնեցրիք…

ՕԼՅԱ Օյ, խնդրեմ: (Գնում է: Տանյան, ուսերը գրկելով, գուցե լաց է լինում կամ պարզապես օրորվում է🙂

Հինգերորդ պատկեր

Ներս է վազում Իռան նոր զգեստով ու սանրվածքով, գլխարկով, զարդեղենով, պտտվում է, զննում իրեն երևակայական հայելում: Տանյան տխուր հետևում է նրան:

ԻՌԱ Ի՞նչ կասես… Վերսաչի է, ամսագրում եմ տեսել… Ի՞նչ ես լռում, չե՞ս հավանում:

ՏԱՆՅԱ (անտարբեր): Հավանում եմ:

ԻՌԱ Իսկ գլխա՞րկը… թե՞ հանեմ:

ՏԱՆՅԱ Եթե ուզում ես` հանիր:

ԻՌԱ (գլխարկը հանում, նորից դնում է): Չէ, այս ձևն ինձ սազում է: Իսկ կոշիկնե՞րս… կրունկները բարձր են, բայց հարմար են: Որակ եմ ասել, նույնիսկ կարող եմ պարել: Միայն թե երաժշտություն լիներ…

ՏԱՆՅԱ Կարող ես պատվիրել:

ԻՌԱ Հա՞… բայց ի՞նչ եմ ուզում ես… (Փակում է աչքերը, հնչում է թեթև, հաճելի երաժշտություն🙂 Քեզ խանգարո՞ւմ եմ… ո՞չ… Իսկ երաժշտությո՞ւնը…

ՏԱՆՅԱ Ինձ դուր է գալիս:

ԻՌԱ (դանդաղ պարում է): Արի պարենք… (Տանյան միանում է նրան: Հանկարծ Իռան կանգնում է🙂 Ինչ-որ շատ դանդաղ է, գուցե աշխուժանա՞նք… (Նորից փակում է աչքերը, կենտրոնանում է: Հնչում է արագ, ռիթմիկ երաժշտություն🙂 Սո՛ւպեր:

Երկուսով ինքնամոռաց պարում են, մինչև ուժասպառ փլվում են նստարանին: Երաժշտությունն աստիճանաբար մարում է:

ՏԱՆՅԱ Քեզ դուր եկա՞վ:

ԻՌԱ Ըհը, վաղուց այդպես չէի պարել: Իսկ դո՞ւ:

ՏԱՆՅԱ Ինձ հաճելի էր, որ երկուսով պարեցինք…

ԻՌԱ (հեռու է քաշվում): Երկուսով, ըհը… բայց և այնպես մենք զույգ չենք:

ՏԱՆՅԱ Դե ոչ, ինձ սխալ հասկացար… Պարզապես արդեն գժվում եմ այս մենակությունից: Սկզբում դուր էր գալիս, ինձ լավ էի զգում, հանգիստ, բայց երբ մեկը չկա, ում հետ կարող ես կիսվել…

ԻՌԱ Ընկերուհի չե՞ս ունեցել:

ՏԱՆՅԱ Ունեցել եմ, աշխատանքի տեղում, հարևանուհիներս, բայց նրանք  ընտանիք ունեն, իրենց պրոբլեմները… Մեկը համադասարանցիս էր, բայց անուսնացավ ու գնաց արտասահման: Երևի քեզ հետաքրքիր չէ… Իսկապե՞ս այստեղ քեզ դուր է գալիս:

ԻՌԱ Առայժմ` այո, ի՞նչ կա:

ՏԱՆՅԱ Ասես երեխա լինես, ի՞նչ ցանկություններ են` զգեստ, պաղպաղակ, պար…

ԻՌԱ Անհայր եմ մեծացել, իսկ մայրս շատ խիստ էր: Անգինայից աչք չէի բացում, դրա համար էլ պաղպաղակը տաբուի տակ էր: Նորաձև հագուստի համար փող չկար, իսկ դիսկոտեկ… Մայրս լսել անգամ չէր ուզում, նրա կարծիքով այնտեղ ինձ անպայման պիտի բռնաբարեին, սպանեին ու թաղեին թփի տակ: Կհավատա՞ս, սկսեցի վաստակել, բայց պաղպաղակ չեմ գնում… Վախենում եմ…

ՏԱՆՅԱ Ծանր մանկություն… Բայց և այնպես, մի՞թե ինչ-որ գլոբալ ցանկություններ չունես:

ԻՌԱ Ունեմ, միայն թե դեռ չի կատարվում: Ասում-ասում եմ, ու ոչինչ:

ՏԱՆՅԱ Եթե գաղտնիք չէ, միտքդ ի՞նչ ես դրել:

ԻՌԱ Ի՞նչ գաղտնիք… ուզում եմ սիրել ու սիրված լինել:

ՏԱՆՅԱ Բոլորն են այդպես ասում, ինքնատիպ չես:

ԻՌԱ Իսկ ես չեմ ուզում ինքնատիպ լինել, ուզում եմ երջանիկ լինել:

ՏԱՆՅԱ Գիտե՞ս, սիրել ու սիրված լինելը նույն բանը չէ, երբեմն էլ լրիվ հակառակն է: Եվ հետո, դա շատ վերացական ցանկություն է: Ո՞ւմ ես ուզում սիրել:

ԻՌԱ Կոնկրետ մեկը չէ, մի տեսակ… հավաքական կերպար է: Աղոտ մի տեսակ…

ՏԱՆՅԱ Բայց ամուսնանում էիր, չէ՞… դա չէ՞ր քո ցանկության իրականացումը:

ԻՌԱ Հասկանո՞ւմ ես, ամուսնությունը մի բան է, իսկ սերը… Պետք չէ բոլոր ձվերը  մի զամբյուղում դնել:

ՏԱՆՅԱ Նրան չե՞ս սիրել, փողերի համա՞ր էիր ամուսնանում:

ԻՌԱ Այդքան հարուստ չէր, ընդամենը` բնակարան, մեքենա… Ճիշտ է, այլանդակ չէր, անկողնում էլ` ոչինչ, ինձ դուր էր գալիս մինչև վերջին օրը, բայց սեր… Նա շատ էր հողին կպած:

ՏԱՆՅԱ Իսկ սերը քեզ համար ի՞նչ է` ծաղիկնե՞ր, քնքուշ խոսքե՞ր, համբույրներ աստղերի տա՞կ:

ԻՌԱ Բառերին այնքան էլ չեմ հավատում… Ծաղիկներ… Եթե անկեղծ` չեմ սիրում ծաղիկ, մի կես րոպե հաճելի զգացումներ, հետո քարշ տուր այդ ավելը, մինչև տուն հասնես, հետո ցողունները կտրիր, ջուրը փոխիր, իսկ որ թոշնում են` տխրում ես, հերիք չէ, պիտի շպրտես ու ծաղկամանը լվանաս… տհաճությունը զգալիորեն գերազանցում է հաճույքին: Աստղերի տակ էլ համբուրվել չեմ սիրում. ձմռանը ցուրտ է, ամռանը մոծակներն են զահլա տանում…

ՏԱՆՅԱ Իսկ գարնա՞նը, երբ ծաղկում են ծառերը:

ԻՌԱ Իսկ գարնանը անպայման անձրև է, ու հատկապես այն ժամանակ, երբ սպիտակ շալվար ես հագնում ու մոռանում ես անձրևանոցը:

ՏԱՆՅԱ Հեչ ռոմանտիկ չես, քեզ ոչինչ դուր չի գալիս:

ԻՌԱ Ինչո՞ւ… սիրում եմ նվեր ստանալ… ինչ պատահի` զարդեր, հագուստ, կոսմետիկա…

ՏԱՆՅԱՊարզ է: Բայց եթե այստեղ կարող ես ունենալ և՛ հագուստ, և՛ զարդեր, ինչի՞դ է պետք տղամարդը: Գուցե դա է պատճառը, որ երազանքդ չի կատարվում, որովհետև իրականում քեզ միայն նվերներ են պետք ու կոմֆորտ…

ԻՌԱ Կարծո՞ւմ ես:

ՏԱՆՅԱ Ոչ մի անգամ չե՞ս սիրահարվել… հենց այնպես:

ԻՌԱ Սիրահարվել եմ:

ՏԱՆՅԱ Եվ ի՞նչ… թե՞ մոռացել ես:

ԻՌԱ Իսկ դու չե՞ս ծիծաղի… ազնի՞վ խոսք:

ՏԱՆՅԱ Չեմ ծիծաղի:

ԻՌԱ Շատ փոքր էի: Նա հոլիվուդյան հայտնի դերասան էր… Միայն էկրանին եմ տեսել: Տեսնում էի թե չէ` սիրտս մարում էր…

ՏԱՆՅԱ Դրանք միայն ֆիլմերում են այդպիսին, իսկ կյանքում` հարբեցող, թմրամոլ, լավագույն դեպքում` կնամոլ…

ԻՌԱ Իսկ վատագո՞ւյն…

ՏԱՆՅԱ Երկնագույն:

ԻՌԱ Գիտեմ… Բայց ի՞նչ կարևոր է, թե նա կյանքում ինչ է, միևնույն է, դա անհնար է:

ՏԱՆՅԱ Իսկ մեր հասարակ տղամարդկանց հետ ոչինչ չի՞ եղել:

ԻՌԱ Երբեմն…

ՏԱՆՅԱ Գիտե՞ս ինչ… նայիր պայուսակիդ մեջ, ամեն ինչ տեղո՞ւմ է:

ԻՌԱ Ի՞նչ, կարո՞ղ է` թալանել են:

ՏԱՆՅԱ Ընդհակառակը… դե, նայիր…

ԻՌԱ (նյարդային տնտղում է պայուսակը, նամակ է հանում): Սա՞ ինչ է: Նամակ… Հասցեն անգլերենով է գրված: Դո՞ւ ես դրել:

ՏԱՆՅԱ Ե՞րբ հասցրի…

ԻՌԱ (դողացող ձեռքերով բացում է, անձայն կարդում է` շուրթերն են շարժվում): Չի կարող պատահել… Ախր, նրանից է… Կնիքն էլ հոլիվուդյան է… Ու լուսանկարը…

ՏԱՆՅԱ Ի՞նչ է գրում:

ԻՌԱ Գրում է, որ սիրահարվել է առաջին հայացքից, երկար փնտրել է ինձ… Չէ, սա անհնար է…

ՏԱՆՅԱ Ի՞նչը:

ԻՌԱ Նույնիսկ ուկրաիներեն է սովորել, որպեսզի ինձ գրի… Խնդրում է ներել աներես համառության համար, բայց չի կարող ապրել առանց ինձ: Ու հիմա նրա ճակատագիրն իմ ձեռքերում է… (Անուժ նստում է🙂 Անհնար է, անհնար է…

ՏԱՆՅԱ Դու այդպես էիր ուզում…

ԻՌԱ Բայց ինչպե՞ս… որտեղի՞ց գիտեիր նամակի մասին:

ՏԱՆՅԱ Հաստատ չգիտեի, պարզապես ինձ հետ էլ նման բան եղել է… Միայն թե դերասան չէր, ծանոթացել ենք չաթում ու երբեք իրար չենք տեսել: Բայց այս ամենը լավ չէ:

ԻՌԱ Ինչո՞ւ լավ չէ:

ՏԱՆՅԱ Հասկանո՞ւմ ես, այսպիսի սիրո համար բավական է նամակներ, լուսանկարներ, ֆանտազիաներ, հիշողություններ… Կենդանի մարդ քեզ պետք չէ, ավելին, նա վախեցնում է` հանկա՞րծ կհիասթափվես: Սա փակուղային ցանկություն է, նա քեզ կայարանից դուրս չի բերի: Համենայնդեպս, ինձ դուրս չբերեց:

ԻՌԱ Ուզում ես գնա՞լ կայարանից, այստեղ վա՞տ է:

ՏԱՆՅԱ Չգիտեմ… ինձ մոտ անհետանում է ցանկությունը: Որոնք էլ որ հայտնվում են, մի տեսակ պստիկ են, անարտահայտիչ… Շուտով դու էլ կզգաս:

ԻՌԱ (նորից հանում է նամակը): Ներիր, բայց ուզում եմ մենակ կարդալ: Եթե սա անգամ զառանցանք է, ինձ դուր է գալիս:

ՏԱՆՅԱ Չեմ խանգարի… թեյ ուզո՞ւմ ես:

ԻՌԱ Թե՞յ… չէ: Գինի:

ՏԱՆՅԱ (բացում է թեմոսը, հոտ է քաշում ու տալիս է նրան): Մուսկատ է… սպիտակ:

Վեցերորդ պատկեր

Գալիս է զգեստափոխված Օլյան` կաշվե հագուստով, ամազոնուհու է նման:

ԻՌԱ Վաո՜ւ… կլա՛ս:

ՕԼՅԱ (զարմացած զննում է իրեն): Չեմ էլ տեսել` ինչ եմ վրաս քաշել… Այստեղ այնքան բան է կատարվել, որ… Դեռ թե՞յ եք հուպ տալիս:

ԻՌԱ Որոշեցինք արյուններս տաքացնել: Գինի ուզո՞ւմ ես:

ՕԼՅԱ Չէ, ադրենալինս ինձ հերիք է, ավելի լավ է` հանդարտվեմ:

ԻՌԱ (վերցնում է թերմոսը): Հիմա այստեղ անանուխ կլինի… Ի՜… (Հոտ է քաշում, թերմոսը հեռու է տանում🙂 Տարօրինակ է…

ՕԼՅԱ (վերցնում է թերմոսը, հոտ է քաշում, համտեսում է): Կաթ է` կաթ չէ… Չեմ հասկանում:

ՏԱՆՅԱ (հոտ է քաշում): Կումիս է: Քոչվոր ցեղերի խմիչք: Խոստովանեք, ո՞ր մեկիդ գործն է:

ՕԼՅԱ Է՜խ, ինչ ասես` չեմ արել. օդապարիկով եմ թռել, ծովի հատակն եմ սուզվել, ձիավարել եմ…

ՏԱՆՅԱ Քեզ ամազոնուհի՞ էիր զգում…

ՕԼՅԱ Մի քիչ կար… Փոքր ժամանակ սիրում էի ամազոնուհի խաղալ:

ՏԱՆՅԱ Իսկ ամազոնուհիները կումիս էին խմում… Խնդրե՛մ:

ՕԼՅԱ (կում անելուց հետո դեմքը ծամածռում է` դուրը չի եկել): Սա… կայֆ է… Լսեք, գուցե իսկապե՞ս նախորդ կյանքում ամազոնուհի եմ եղել:

ԻՌԱ Իսկ տղամարդիկ քեզ հետաքրքրում են միայն որպես պատերազմական ավա՞ր:

ՕԼՅԱ Ինչո՞ւ, ամազոնուհին էլ էր ամուսնանում, բայց մինչ այդ գոնե մի թշնամու պիտի սպաներ: Չէ, այդ քնկոտ գետնասկյուռիկի վերջը պիտի տայի…

ԻՌԱ Զգույշ արտահայտվիր…

ՕԼՅԱ Դե լավ, կատակեցի:

ՏԱՆՅԱ Հը, ուզածիդ չափ խաղացի՞ր:

ՕԼՅԱ Էքստրիմը իմ թուլությունն է… է՛ր: Միայն թե էլ ոչինչ չեմ ուզում:

ԻՌԱ Ես էլ ոչինչ չեմ ուզում:

ՏԱՆՅԱ Այդքան շո՞ւտ…

ՕԼՅԱ Գուցե պարզապես հոգնել ենք ցանկանալ: Այդպես չէ՞, Իռա:

ԻՌԱ Իրոք, ինչքա՞ն կարելի է…

ՏԱՆՅԱ Վե՛րջ, սկսվում է երկրորդ փուլը: Պա-բա-պա-պա՜մ…

Կանայք նստում են շուրջանակի ու բեմադրիչի հայեցողությամբ երգում են տխուր ժողովրդական երգ:

ՕԼՅԱ Բայց տարօրինակ է, չէ՞, ցանկություններս կատարվում են, իսկ ես նույնիսկ մի գրամ երջանիկ չեմ, ուրախություն չեմ զգում:

ԻՌԱ Ես էլ… Կարծես նամակը տան վարձի կտրոն լինի…

ՏԱՆՅԱ Մենք իրերը գնահատում են այն գնով, որը վճարել ենք: Իսկ այստեղ ամեն ինչ ձրի է: Դու ոչինչ չես վճարում, ոչի՛նչ: Ու կորցնում ես ուրախության զգացումը:

ՕԼՅԱ Իսկ ոչ ոք չի՞ կարող այստեղից դուրս պրծնել: Եկողը հավերժ մնում է այստե՞ղ:

ՏԱՆՅԱ Գնացող լինում է, բայց…

ԻՌԱ Ի՞նչ է պետք դրա համար:

ՏԱՆՅԱ Ամեն մեկն ինքն է որոշում` գնա՞լ, թե՞ մնալ:

ՕԼՅԱ Ի՞նքը… չէ, չի կարող: Մենք արդեն չենք պատկանում ինքներս մեզ:

ՏԱՆՅԱ Իհարկե:

ՕԼՅԱ Որ այդպես է, ասա, խնդրում եմ, այստեղ ո՞ւմ է պատկանում իշխանությունը:

ՏԱՆՅԱ Պատասխանը վաղուց գիտես:

ՕԼՅԱ Ե՞ս:

ՏԱՆՅԱ Մեզանից ամեն մեկն էլ գիտե: Այստեղ թագավորում են մեր իսկական ցանկությունները: Իսկակա՛ն, ոչ թե սեփական «եսը» հանգստացնող արհեստական կեծվածը: Այս աշխարհն անկեղծ է: Ու երբ սկսում ես հասկանալ քո ոչ թե մտացածին, այլ իսկական ցանկությունները` տխրությունը համակում է քեզ… Այս աշխարհը մեզ գերեվարել է: Իսկ մենք երջանիկ պատանդներ ենք… Նա մեզ տալիս է ամեն ինչ, բայց վերցնում է դրա համար պայքարելու հնարավորությունը: Այս աշխարհն ապրում է արնախումի նման, որ սնվում է մարդկային ուժով, քեզ թողնելով ընդամենը գեղեցիկ փաթեթ, որը փայփայում է սեփական ֆանտազիաներդ: Դու չես կարող կռիվ տալ այս ճահճի դեմ, քանի որ քեզ ոչինչ չի պահում իսկական աշխարհում, որտեղ ամեն մի ցանկությանդ համար տալիս ես սրտիդ մի կտորը… Այստեղ սրտեր պետք չե՛ն, քանի որ ոչ մեկը չի ուզում զոհաբերել ու վճարել, կորցնել հանգիստն ու բարեկեցությունը:

ՕԼՅԱ Բայց ինչպե՞ս դուրս գանք այդ աշխարհից:

ՏԱՆՅԱ Ընդամենը պիտի հիշես այն ցանկությունը, հանուն որի համաձայն ես պայքարել ու վճարել քո գինը:

Դադար:

ՕԼՅԱ Ուզում եմ գնալ այստեղից:

ՏԱՆՅԱ Չէ, դա չէ… դա միայն ճանապարհն է, ոչ թե նպատակը: Պիտի գտնես, զգաս քո մեջ ինչ-որ բան, որը կբացահայտի կարևորը, իսկապես կարևորը…

ՕԼՅԱ Իսկ ե՞րբ է հաջորդ տրանսպորտը:

ՏԱՆՅԱ Քսան րոպե հետո:

ՕԼՅԱ Եվ դա ի՞նչ կլինի…

ՏԱՆՅԱ Պիտի որ գնացք լինի… Եթե ուզում եք այստեղից գնալ` փնտրեք այդ ցանկությունը… հանուն ինչի… ինչի համար…

Նյարդային քայլում են սենյակում, լարված մտածում են:

ԻՌԱ Ոչինչ գլուխս չի գալիս:

ՕԼՅԱ Ես էլ… ոչինչ չկա…

ՏԱՆՅԱ Քիչ մնաց, ճահիճն արդեն հասնում է ձեր հոգիներին:

ՕԼՅԱ Ես ուզում եմ լավ աշխատանք, մեծ տուն, սիրած տղամարդ, երեխա…

ՏԱՆՅԱ Ոչ, դու ընդամենը բառեր ես ասում: Շատ բառ, բայց ոչ մեկը ճշմարիտ չէ:

ՕԼՅԱ Ճշմարիտ է:

ՏԱՆՅԱ Միայն բառերով:

Դադար:

ԻՌԱ (կամաց): Չգիտեմ… Այս հանելուկը երբեք չեմ լուծի: Ես կմնամ այստեղ, թեև… գուցե դա այնքան էլ վատ չէ…

ՏԱՆՅԱ Ոչ, չհանձնվես… հիշի՛ր: Ամեն անգամ, երբ սպասում եմ գնացքին կամ նավին, փորձում եմ այնպիսի մի բան հիշել, որ դուրս պրծնեմ: Պետք չէ հանձնվել:

ՕԼՅԱ Բայց քե՞զ ինչ, եթե մեզնից մեկը գնա:

ՏԱՆՅԱ Չգիտեմ: Գուցեև` ոչինչ… Իսկ գուցե ինձ հավատ տա, որ դա հնարավոր է…

Նորից նյարդային քայլում են: Կանգ են առնում:

ՏԱՆՅԱ Դե, ի՞նչ…

ԻՌԱ Ոչինչ…

ՕԼՅԱ Ես չեմ կարող… Ամեն ինչ կեղծ է թվում… Ամեն ինչ… Ոչ… Չգիտեմ…

ՏԱՆՅԱ Ի՞նչ չգիտես:

ՕԼՅԱ Ինչ-որ միտք անցավ… հենց այնպես, հիմարություն:

ՏԱՆՅԱ Պատմիր:

ՕԼՅԱ Չէ, իմաստ չունի:

ԻՌԱ Փորձիր, կորցնելու ի՞նչ ունես:

ՕԼՅԱ Վաղուց էր… հինգ տարեկան էի: Պուրակում հին, փայտե ճոճանակ կար, սարսափելի ճռճռում էր ու նման էր փայտե հրեշի: Ինձ նստեցնում էին ճոճանակին, ու ես թռչում էի այդ ճռճռոցի ուղեկցությամբ: Թռչում էի, իսկ ներքևում ամբողջ աշխարհն էր, ու ես ֆանտաստիկ թռչունի նման նայում էի այդ աշխարհին ու նրա համար երգում իմ նվիրական երգը… Ես մոռացել եմ… մոռացել էի այդ ճոճանակի մասին, բայց հիմա հանկարծ մտածեցի… չէ, ավելի ճիշտ, զգացի, որ ուզում եմ այդ ճոճանակին նստեցնել իմ բալիկին: Նրան նվիրել այդ փոքրիկ թևերը… Հիմարություն է, իհարկե, բայց… Ես իսկապես ցանկացա այդ ճոճանակը, իսկ նա չհայտնվեց… Նա պիտի հայտնվի այստեղ, չէ՞ որ սա իսկական ցանկություն է…    

ԻՌԱ Չկա… (Վազում, ստուգում է ամենուր🙂 Ճոճանակ չկա…

ՏԱՆՅԱ Չկա: Դա շատ լավ է…

ՕԼՅԱ Բայց ինչո՞ւ:

ՏԱՆՅԱ Ինձ թվում է, որ մեր բոլոր կատարված ցանկություններն ընդամենը պատրանք են, այստեղ կարող են լինել ամենագեղեցիկ ճոճանակները, բայց նրանցից ոչ մեկը իսկական չէ… Գուցե սա՞ է իմաստը:

ԻՌԱ Ասացիր, որ ուզում ես այդ ճոճանակին նստեցնել քո բալիկին: Բայց դու չես կարող որոշել քո երեխայի փոխարեն, հասկանո՞ւմ ես:

ՏԱՆՅԱ Այո՜, մենք այստեղ ենք ընկել ինչ-որ մեկի, ինչ-որ բանի, ինչ-որ ինչի համար: Իսկ երեխան անմեղ արարած է, նա աշխարհ է գալիս մաքուր ու անբիծ:

ԻՌԱՈւ մենք չենք կարող նրա փոխարեն որոշել, թե ինչ աշխարհում է նա ապրելու:

ՕԼՅԱ Մեր ցանկություններն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են ուրիշի ցանկությունները: Ու երբ ուրիշի համար ինչ-որ բան ենք ուզում, պետք է ինչ-որ բան զոհաբերենք:

ԻՌԱ Ու դու պատրաստ ես այս աշխարհը զոհաբերել, որպեսզի քո երեխային նստեցնես հին ճոճանակի՞ն: Բայց արժե՞…

ՕԼՅԱ Կարծում ես, գժվե՞լ եմ:

ՏԱՆՅԱ Թող խոսի, գուցե սա իսկական ցանկություն է… Թեկուզ խելահեղ, բայց իսկական… Կինը երբեմն չի հասկանում իր ցանկությունների գաղտնի էությունը, բայց գնում է նրա ետևից ու հասնում է ճանապարհին:

ՕԼՅԱ Ինչքա՞ն մնաց ինքնաթիռին:

ՏԱՆՅԱ Ուզում էիր ասել` գնացքի՞ն:

ՕԼՅԱ Ինձ թվում է, որ դա պիտի ինքնաթիռ լինի:

ՏԱՆՅԱ Հինգ րոպե:

ՕԼՅԱ Ես կփորձեմ…

ՏԱՆՅԱ Փորձիր, միայն չմոռանաս, որ միայն այստեղ է ամեն ինչ ձրի, իսկ այնտեղ ամեն մեկն իր ցանկության համար վճարում է ամենաբարձր գինը:

ՕԼՅԱ Ճոճանակը կարո՞ղ է գին ունենալ… դա հենց այնպես… նոստալգիա է… խաղալիք…

ՏԱՆՅԱ Նոստալգիա… գուցե: Բայց երբ այդ նոստալգիան ապագայինն է` դադարում է խաղալիք լինել:

ԻՌԱ Երեք րոպե…

ՏԱՆՅԱ Դե, ի՞նչ ես սպասում…

ՕԼՅԱ Լավ, կփորձեմ: Կհանդիպենք… թե՞ չէ… (Դուրս է վազում🙂

ԻՌԱ Կարծում ես` կգնա՞:

ՏԱՆՅԱ Նա գտավ, թե հանուն ինչի պիտի վճարի իր գինը: Երևի գտավ…

ԻՌԱ Իսկ մե՞նք…

ՏԱՆՅԱ Իսկ մենք թեյ կխմենք: Լորենո՞ւ…

ԻՌԱ Մուրաբայով:

ՏԱՆՅԱ Ես` մոշով:

Դադար: Աղմուկ է լսվում:

ԻՌԱ Լսո՞ւմ ես, կարծես ինքնաթիռի ձայն է…

Ռուսերենից թարգմանեց

Կ. ԽՈԴԻԿՅԱՆԸ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։