Նիլ ՍԱՅՄՈՆ / ՅՈՆԿԵՐՍՈՒՄ ՄՈԼՈՐՎԱԾԸ

Թատերգություն երկու գործողությամբ

Թարգմանեց՝ Մարո ՄԱԴՈՅԱՆԸ

Գործող անձինք

Ջեյ

Արթի

Էդդի

Բելլա

Մեծ մայր Քուրնից

Լուի

Գերթ

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Առաջին տեսարան

Նյու Յորք նահանգի Յոնկերս քաղաք, 1942 թվական:

Գտնվում ենք «Քուրնից հրուշակեղենի խանութ»-ի վերևի հարկը զբաղեցնող բնակարանում: Բնակարանն ունի հյուրասենյակ, ճաշասենյակ, փոքրիկ խոհանոց, մեկ սանհանգույց և երկու ննջասենյակ: Առաջին հարկի մուտքի դուռը տանում է  անմիջապես դեպի հրուշակեղենի խանութ:

Օգոստոս ամիսն է, շոգ ու հեղձուցիչ օրվա մոտավորապես երեկոյան վեց անց կեսը: Դրսում դեռևս բավական լուսավոր է: Հյուրասենյակում միացած է հովհարիչը:

Հյուրասենյակում երկու պատանի են: Նրանցից մեկը Արթուր Քուրնիցն է, նա մոտավորապես տասներեք ու կես տարեկան է: Անհանգիստ ու հուզված նստած է հին բազկաթոռի վրա: Հագել է իր ունեցած միակ բրդյա կոստյումը՝ հնաոճ և մինչև ծնկները հասնող տաբատով, վերնաշապիկ, փողկապ, երկար գուլպաներ ու դարչնագույն կոշիկներ:

Մյուս տղան նրա եղբայրն է՝ Ջեյ Քուրնիցը, դեռ տասնվեց տարեկանը չի բոլորել: Վերջինս նույնպես հագել է կոստյում, բայց երկար տաբատով, վերնաշապիկ, փողկապ և փայլուն սև  կոշիկներ: Նստած է բազմոցի վրա և, ինչպես երևում է, ոչ թե անհանգիստ է, այլ մռայլ ու բարկացած:

Արթին թաշկինակով շարունակ սրբում է հոնքերի քրտինքը:

Ջեյ Տանել չեմ կարողանում, երբ գալիս ենք այստեղ, իսկ դու՞:

Արթի (Կանգնած է հովհարիչի դիմաց):  Շոգ է: Սարսափելի շոգում եմ:  

Ջեյ Նույնիսկ եթե հով լիներ, կրկին ինձ համար ատելի կլիներ այստեղ գալը: Անգամ պապան չի ուզում այստեղ գալ, թեպետ  նրա հարազատ մայրն է… Փոքր ժամանակ այնպես էի նրանից վախենում: Երբ կաղալով ու ձեռնափայտը ձեռքին ներս էր մտնում այդ դռնից, թվում էր՝ քեզ սպանելու է գալիս: Հինգ տարեկանում  նկարել էի նրան ու տակը գրել՝ «Մեծ մայր Ֆրանքենսթեյնը»:

Արթի Նա երբևէ տեսա՞վ այդ նկարը:

Ջեյ Եթե տեսներ, ապա այսօր դու մինուճար որդի կլինեիր: Պապան ասում է՝ նա ձեռնափայտն այնքան արագ է տարուբերում, որ կարող էր դառնալ աշխարհի լավագույն գոլֆ խաղացողներից մեկը:

Արթի Ես միայն հիշում եմ, որ անչափ տհաճ էր նրան համբուրելը: Թվում էր՝ շրթունքներս քսվում են կնճռոտված սառցակտորի:

Ջեյ Դե հա, իրոք նա շատ սառն է: Մամայի թաղման ժամանակ միակն էր, որ լաց չեղավ… Հետաքրքիր է, ինչի՞ մասին է  պապան այսքան երկար խոսում նրա հետ:

Արթի Որովհետև նրա մի ականջը խուլ է, չէ՞:

Ջեյ Հա՛… Նկատե՞լ ես,  պապայի կողմի ընտանիքի անդամներից ամեն մեկը մի պրոբլեմ ունի: Մաման ինձ միշտ այդպես էր ասում:     

Արթի Ինձ երբեք չի ասել: Օրինակ՝ ո՞վ:

Ջեյ Օրինակ՝ բոլորը: Օրինակ՝ Բելլա հորաքույրը… մի քիչ… (իր գլուխն է մատնացույց անում) դե, գիտես, էլի, չի աշխատում, վերանորոգման մեջ է:

Արթի Դա ինձ չի անհանգստացնում: Ես սիրում եմ նրան: Ավելի լավն է, քան «շոգ տան» մեծ մայրը:

Ջեյ Ես չեմ ասում, թե նա լավը չէ: Պարզապես նրա գլխի շուրջ գնդիկներն անվերջ պտտվում են… Մաման ասում էր՝ դրա պատճառն այն է, որ երբ փոքր ժամանակ հորաքույրը մի հիմար բան է արել, ամեն անգամ մեծ մաման հարվածել է նրա գլխին… ինչը  նրան ավելի հիմար է դարձրել: 

Արթի (Պառկում է հատակին, բազմոցի դիմաց): Հիմար մարդը չի կարող այդքան ընտիր պաղպաղակով ըմպելիք պատրաստել:

Ջեյ Կե՛ցցե հորաքույրը: Հրաշալի՛ է: Երեսունհինգ տարեկան է և կարողանում է պաղպաղակով ըմպելիք պատրաստել: Ոչ մեկին ավագ դպրոցի դիպլոմ չեն տա այն բանի համար, որ  կարողանում է հարած սերուցքի վրա բալ դնել:

Արթի Նա հաճախե՞լ է ավագ դպրոց:

Ջեյ Շատ քիչ: Առաջին տարին կորցրել է, որովհետև չէր կարողանում գտնել դպրոցի տեղը:

(Ննջարանի դուռը բացվում է: Հյուրասենյակ է մտնում տղաների հայրը՝ մոտավորապես քառասունմեկ տարեկան Էդդի Քուրնիցը: Նա  կոստյումով ու փողկապով է: Երևում է, որ շատ է շոգում և հուզված է: Թաշկինակով սրբում է հոնքերը):

Էդդի Երեխաներ, ո՞նց եք, լա՞վ եք:

Ջեյ Հա, պապ, լավ ենք:

Էդդի Մի քանի րոպեից կավարտեմ խոսակցությունս մեծ մամայի հետ: (Արթիին.) Ինչո՞ւ ես պառկել հատակին: Վեր կաց: Տաբատդ կճմռթես: Ուզում ես, որ մեծ մաման քեզ ճմռթված տաբատո՞վ տեսնի: (Վերադառնում է ննջարան և իր ետևից փակում դուռը:)

Արթի Ի՞նչ է, ուզում է հետս արդուկ ման տա՞մ:

Ջեյ Բելլա հորաքրոջ պես վախենում է մորից: Օրինակ, Բելլա հորաքույրը լավ հաշվել չգիտեր, ուստի երկու գդալ պաղպաղակի փոխարեն, երեք կամ չորս գդալ էր դնում պաղպաղակով խմիչքի մեջ ու վաճառում նույն արժեքով: Երբ մեծ մաման դա տեսավ՝ խփնվե՛ց: Մտավոր զարգացման գործակցի մի քանի միավոր էլ հորաքույրն այդ ժամանակ կորցրեց: (Բազմոցի ետևից վերցնում է մի լուսանկար:) Ահա, նայիր: Սա Գերթ հորաքույրն է փոքր ժամանակ: Տեսնո՞ւմ ես, ինչպես է կախել գլուխը: Հավանաբար փորձում է խույս տալ: Հնամենի ձեռնափայտը ուղղված է նրա կողմը… Չե՞ս կարծում, որ Գերթ հորաքույրը նույնպես մի քիչ կուտը պակաս է:

Արթի Ոչ, պարզապես նա հիվանդ է: Կարծես նրա թոքերն են, կամ նման մի բան:

Ջեյ Թոքե՛րը, չէ՛ մի: Նա չի կարողանում ճիշտ խոսել: Նախադասության առաջին կեսը ասելիս օդը դուրս է փչում, իսկ երկրորդ կեսին՝ օդը ներս է քաշում: Դու դա տեսել ես:

Արթի Ցույց կտա՞ս:

Ջեյ Չեմ ուզում:

Արթի Լա՜վ էլի:

Ջեյ Չէ, չեմ ուզում:

Արթի Չէ, պետք է անե՛ս:

Ջեյ (Գերթ հորաքրոջ տնազն է անում՝ օդը դուրս է փչում): «Օ՜, բարև, Ջեյ, ինչպե՞ս ես: Իսկ հայրիկդ ինչպե՞ս է: Իսկ… (Խոսում է օդը ներս քաշելով:)  ինչպե՞ս է քո փոքր եղբայր Արթին»:

Արթի (Ծիծաղում է): Շատ լավն է: Շատ եմ սիրում, երբ դա անում ես:

Ջեյ Մեկ անգամ տեսա, թե ինչպես էր փորձում փչելով մոմը հանգցնել: Կեսից  փչելու փոխարեն սկսեց ներս քաշել:

Արթի Հաստատ չես տեսել նման բան:  

Ջեյ Ի՜, հենց այս երկու աչքով եմ տեսել: Մաման ասում էր, որ նա այդպես է խոսում, որովհետև շատ էր վախենում մեծ մամայից, որն իր երեխաներին թույլ չէր տալիս լաց լինել:

Արթի Երբե՞ք:

Ջեյ Երբե՛ք: Դե, եթե դու էլ մեծանայիր այստեղ ու քեզ թույլ չտային  լաց լինել, ապա Գերթ հորաքրոջ պես դու էլ կսկսեիր  նախադասության երկրորդ կեսը ներս քաշել:

(Կրկին ներս է մտնում Էդդին):

Էդդի Մեծ մայրն անհանգստանում է իր ժանյակների համար: Նստելիս ձեր գլուխը մի հենեք դրանց վրա, այլապես դրանք կյուղոտվեն: Նա հենց նոր է լվացել:

(Կրկին վերադառնում է ննջասենյակ):   

Արթի (Ջեյին): Ուզում է ասել, որ այստեղ կարող են նստել միայն նրանք, ովքեր հենց նո՞ր են շամպունով լվացել իրենց գլուխը:

Ջեյ Իսկ հորեղբայր Լուի՞ն: Դու գիտես նրա ով լինելը, չէ՞:

Արթի Հա՛: Գանգստեր է: Հավատո՞ւմ ես:

Ջեյ Հաստա՛տ: Ասում են, նա մի խոշոր մաֆիայի պարագլխի անմիջական ստորադասն է, նրա կամակատարը:

Արթի Ուզում ես ասել՝ նա ստո՞ր մարդ է:

Ջեյ Ոչ թե ստոր, այլ ստորադաս: Օգնակա՛ն, գործակի՛ց… Իրոք նա հզոր է. պարկով մարդն է:

Արթի Ի՞նչ է նշանակում պարկով մարդ: Մի՞թե նա մարդկանց դնում է պարկերի մեջ: 

Ջեյ Ոչ թե մարդկանց, այլ փող: Ապօրինի փող: Նա պարկերով այդպիսի փողեր է ստանում ոմն մեկից և փոխանցում մաֆիայի պարագլխին… (Արթին տեղից ելնում է ու մոտենում  պատուհանին:) Լսիր, ես այլևս ոչինչ չեմ ասելու Լուի հորեղբոր մասին, որովհետև նա կարող է հենց այդ պահին ներս մտնել: Ասում են, որ երբեմն գալիս է այստեղ գիշերելու:  

Արթի   (Նայում է պատուհանից դուրս): Հե՜յ: Տես, Բելլա հորաքույրն է…     

Ջեյ   Վերև է բարձրանո՞ւմ:

Արթի Ոչ: Տան մոտով անցավ:

Ջեյ Հաստատ կրկին մոլորվել է: (Պատուհանից դուրս է նայում և կանչում:) Բելլա հորաքո՞ւյր… հե՜յ… Էս մենք ենք՝ Ջեյն ու Արթին… Ահա, այստեղ ենք՝ վերևի հարկում: (Ձեռքը թափահարում է:) Այո, այո, այստեղ՝ վերևում… Գալիս է: (Տղաները հեռանում են պատուհանի մոտից:) Նրան  անհրաժեշտ է կողմնացույցով ման գալ, կամ նման մի բան:

(Ննջասենյակի դուռը բացվում է: Կրկին դուրս է գալիս Էդդին):

Էդդի   Մի քիչ կամաց խոսեք: Մեծ մաման ասում է, «Ինչո՞ւ են այդպես աղաղակում»:

Ջեյ Մենք Բելլա հորաքրոջն էինք կանչում: Նա ներքևում էր ու հիմա բարձրանում է վերև:

Արթի Կարո՞ղ եմ պիջակս հանել:

Էդդի Նախ թող մեծ մաման քեզ տեսնի՝ հետո: Եվ ո՛չ մի պաղպաղակով ըմպելիք Բելլա հորաքրոջից, եթե նույնիսկ նա  առաջարկի: Այս պահին չեմ ուզում, որ մեծ մաման որևէ պատճառով սրտնեղվի: Ուղղիր այդ ժանյակները:  

Ջեյ Մեծ մաման հո վատ չի՞ զգում:

Էդդի Թիկունքն է անհանգստացնում: Հենց Բելլա հորաքույրը գա, ասա՝ մայրիկն ուզում է, որ շփի իր թիկունքը… Արթի՛, մազերդ սանրի՛ր և քեզ խելոք պահիր:

(Էդդին կրկին գնում է ննջասենյակ: Լսվում է դիմացի դռան թակոցը):

Բելլա (Բեմ չմտած): Ջե՞յ, Արթի՞, ես եմ, Բելլա հորաքույրը: Կարո՞ղ եմ ներս գալ:

Ջեյ Կռահո՞ւմ ես՝ այս մի հոգավորը մոռացել է, թե ինչպես են դուռը բացում…   

(Ջեյը դուռը բացում է: Այնտեղ կանգնած է մոտ երեսունհինգ տարեկան Բելլա Քուրնիցը: Թեպետ նրա հագուստը չափազանց անճաշակ է և մնացած հագ ու կապին անհամապատասխան, սակայն, իր տարիքից մի քիչ ավելի մեծ երևալով հանդերձ, շատ կոկիկ, հաճելի ու գեղեցիկ տեսք ունի: Նա նույնքան ջերմ, բարյացկամ ու մարդամոտ է, որքան մտավոր ասպարեզում թերզարգացած է և հուզական):

Բելլա (Ժպտալով): Մոռացել էի բանալիս վերցնել:

Ջեյ Բա ինչպե՞ս բացեցիր ներքևի դուռը:

Բելլա Օգտագործեցի պահուստային բանալիս: Ի՜նչ լավ արեցիք, որ ձայն տվեցիք ինձ, այլապես անցնում ու գնում էի տան կողքով, չէ՞: Երբեմն շատ եմ ընկնում անուրջների գիրկը: Երևի պետք է մոտս զարթուցիչ պահեմ… Օ՜հ, Տեր Աստված, որքա՜ն ուրախ եմ ձեզ տեսնել, Արթի՛, Ջե՛յ, իմ երկու ամենասիրելի զարմիկներ:

Ջեյ Կարծեմ մենք քո եղբորորդիներն ենք:

Բելլա Այո, իհարկե, իմ զարմիկներն եք, իմ եղբորորդիները, իմ տղաները: Ապա, մի մոտ եկեք և ձեր Բելլա հորաքրոջը պաչիկ տվեք: (Մի կողմ է դնում շձեռքի պայուսակը, գրկում է Ջեյին և Արթիին ու համբուրում:) Հլա մի տեսնեմ ձեզ: Էս ինչքա՜ն եք մեծացել: Դուք այնքան արագ եք մեծանում, քիչ է մնում լաց լինեմ… Բա ո՞ւր է ձեր հայրը: Շա՜տ վաղուց է չեմ տեսել… (Կանչում է:) Էդդի՛, ես եմ՝ Բելլան… Նա այստե՞ղ է:

Արթի Այնտեղ է, մեծ մամայի հետ է զրուցում:

Բելլա (Հանկարծ նյարդայնացած): Օ՜հ, ավելի լավ է չխանգարեմ  նրանց… Մաման ինձ չհարցրե՞ց:

Ջեյ Պապան ասաց, որ նրա թիկունքն է ցավում և ուզում է, որ հենց գաս, անմիջապես գնաս շփես նրա թիկունքը:

Բելլա Օ՜հ, մայրիկին ասացի՞ք, որ ես այստեղ եմ:

Ջեյ Ոչ, դու հենց նոր եկար:

Բելլա Ասացի՞ք, թե ուր էի գնացել:

Ջեյ Մենք չգիտեինք, թե ուր էիր գնացել:

Բելլա Լավ, եկեք առայժմ չասենք, որ այստեղ եմ: Հակառակ դեպքում չենք կարող միասին ժամանակ անցկացնել: (Հանում է բլուզը:) Օ՜հ, դուք գնալով ավելի եք գեղեցկանում:

Ջեյ Շնորհակալություն:

Արթի Շնորհակալություն, Բելլա հորաքույր:

Բելլա Վստահ եմ, ձեր աչքին ես շատ ավելի մեծ եմ երևում: Ճիշտն ասեք, այդպես չէ՞: Ասե՛ք:

Ջեյ Ոչ, չեմ կարծում:

Արթի Ո՛չ:

Բելլա Գիտեի, որ այդպես կասեք: Ես երեսունհինգ տարեկան եմ ու բոլորովին չի երևում, չէ՞:

Ջեյ Ոչ:

Արթին Իմ աչքին՝ ոչ:

Բելլա: Տղաներ, իսկ դուք հիմա քանի՞ տարեկան եք: Մոտավորապես՝ քսա՞ն:

Արթի Ես տասներեք ու կես տարեկան եմ:

Ջեյ Ես՝ տասնհինգ ու կես:

Բելլա Դե, եթե գումարենք, կստացվի մոտավորապես երեսունհինգ: Այնպես որ, մենք կարող էինք լինել քույր ու եղբայրներ: Մի՞թե դա հրաշալի չէ:

Ջեյ Այո:

Բելլա Այսպես… Ես գնացել էի կինոթատրոն: Արտակարգ լավ ժամանակ անցկացրի: Երանի իմանայի, որ այստեղ եք. միասին կգնայինք:

Ջեյ Ի՞նչ կինոնկար դիտեցիր:

Բելլա Չգիտեմ: Ես չկարողացա գտնել այն կինոթատրոնը, որը փնտրում էի, ուստի գնացի այն կինոթատրոնը, որը գտա: Բայց ֆիլմն ավելի լավն էր, քան այն, որն ուզում էի գտնել: Այնտեղ խաղում էր Բեթթի Դեյվիսը և Ջորջ Բրենթը… Գուցե հաջորդ շաբաթ բոլորս միասի՞ն գնանք, եթե կարողանամ կրկին գտնել այդ սխալ կինոթատրոնը:

Արթի Այո, իհարկե, սիրով կգամ:

Ջեյ Միայն թե հաջորդ շաբաթ մենք այստեղ չենք լինի: Պապայի հետ գնալու ենք Յանքիների խաղին:

Բելլա Օհ, պարզ է, ճիշտ եք անում: Տղաներն ավելի շատ բեյսբոլ են սիրում, քան սիրային պատմություններ… Ինչո՞ւ չեք հանում ձեր պիջակները: Չե՞ք տեսնում, ինչպես եք քրտնել:

Արթի Մենք լավ ենք: Օդափոխիչը մեզ հովացնում է:

Բելլա Այդ օդափոխիչն ընդհանրապես չի հովացնում, պարզապես տաք օդի շրջանառությունն է արագացնում… Այ, կինոթատրոններում կան օդորակիչներ: Ես նույնիսկ մրսում էի: Այնքան ուրախ էի դերասանների համար, որ նրանք գտնվում էին օդորակիչ ունեցող կինոթատրոնում:

Ջեյ (Նայում է Արթիին, հետո՝ Բելլային): Չեմ կարծում, որ դերասանները դա զգում են: Էկարնի վրա պարզապես նրանց պատկերներն են:

Բելլա Խենթո՛ւկ, ես գիտեմ: Ուզում էի ասել՝ նրանք ուրախ կլինեն, եթե իմանան, որ մարդիկ իրենց ֆիլմերը դիտում են շատ հով ու հաճելի սրահում, ուստի է՛լ ավելի են վայելում դրանք:

Ջեյ Օհ, իրոք որ ճիշտ ես ասում:

Բելլա Անկասկած լավ գիտեմ, թե ինչը միանգամից կհովացնի երկուսիդ: Ի՞նչ կարծիքի եք մի մեծ բաժակ պաղպաղակով սքանչելի ըմպելիքի մասին: Տեսնում եմ, որ ձեր դեմքերը միանգամից փայլեցին: Դե եկեք գնանք ներքևի հարկ, ես կպատրաստեմ ձեզ համար:

Ջեյ Կարծում եմ, պետք է այստե՛ղ սպասենք: Պապան ուր որ է դուրս կգա, իսկ նա ուզում է, որ մենք տեսնենք մեծ մամային: 

Բելլա Խնդիր չկա, այդ դեպքում ըմպելիքները կբերեմ այստեղ: Ո՞ր տեսակն եք ուզում՝ շոկոլադո՞վ, վանիլայի՞ն, պեկանի յուղո՞վ: Արթի՛, դու ամենաշատ ո՞րն ես սիրում:

Արթի Այդ բոլորը:   

Բելլա Ուրեմն կպատրաստեմ երեք տարբեր համեր ունեցող պաղպաղակներով: Սովորաբար ես պատրաստում էի չո՛րս տարբեր համեր ունեցող պաղպաղակներով, չտեսնված լավ էին վաճառվում: Սակայն դա շատ թանկ նստեց մեզ վրա… Ե՞րբ է ինձ հարցրել: 

Ջեյ Ո՞վ, մեծ մամա՞ն: Մի քանի րոպե առաջ:

Բելլա Նրան ասացի՞ր, որ ես այստեղ եմ:

Ջեյ Ոչ, մենք պապային ասացինք, որ քեզ տեսանք պատուհանից: Բայց հավանաբար նա մեծ մամային ոչինչ չի ասել:

Բելլա Դա ո՛չ մի նշանակություն չունի: Երբ աստիճաններով բարձրանում էի, նա լսե՛ց իմ ոտնաձայները:

Արթի Ո՞նց, մի՞թե նրա մի ականջը խուլ չէ:

Բելլա Օ՜հ, անշուշտ: Սակայն նրա մյուս ականջի լսողությունը կատարյալ է…  Իսկ փոքրիկ ափսեով պաղպաղա՞կ. ասենք շոկոլադով պաղպաղակ, վրան էլ՝ հալեցրած սերուցքային կոնֆետ, հարած կրեմ ու մանրացրած ընկույզ: Արթուր, մի՞թե  կարող ես ասել՝ ոչ: Վստահ եմ, չես կարող: Դե ասա՝ ո՛չ: Ուզում եմ լսել, թե ինչպես ես դա ասում:

Արթի (Նայում է Ջեյին): Նրա ասածը կարծես իրոք շատ փոքր է:

Ջեյ (Բելլային): Ո՛չ, նա չի կարող: Մենք շուտով պետք է ճաշենք: Պարզապես պապան մեզ ասել է, որ սպասենք:

Բելլա Օ՜, ձեր հայրը: Նա երբեք որևէ մեկից որևէ բան չի վերցնում: Ձեր մորը նույնիսկ չէի կարողանում մի բաժակ սուրճ հյուրասիրել… Գիտե՞ք… Բայց, իրոք, ո՞ւր է նա:

Ջեյ Նա մահացել է: Մաման մահացել է:

Բելլա (Մի պահ շփոթված է երևում): Այո, գիտեմ… Ուզում եմ ասել  որտե՞ղ է նա թաղված:

Ջեյ Բրոնքսի Իսրայել Լեռան գերեզմանոցում: Դու եկել էիր թաղմանը, հիշո՞ւմ ես:

Բելլա Ուզում ես ասել՝ առաջին անգա՞մ:

Ջեյ Ի՞նչ է նշանակում՝ առաջին անգամ:

Բելլա Երբ եկա ավտոմեքենայով, ոչ թե ավտոբուսով:

Արթի Ավտոբուսո՞վ:

Բելլա (Մտածում է): Ոչ, ոչ, ես մեկ ուրիշի մասին եմ մտածում: Միտքս երբեմն թափառում է: Դպրոցի երեխաները միշտ ասում էին, «Հե՜յ, Բելլա, զանգեցին «Կորած և գտնված իրերի» գրասենյակից և ասացին, «Արի ուղեղդ տար»»… (Ծիծաղում է:) Բայց չէի կարծում, որ դա ծիծաղելի էր: (Տղաները գլխով են անում:) Վստահ եմ, շատ եք կարոտում ձեր մամային, այնպես չէ՞: Արթի, այնպես չէ՞:    

Արթի Այո: Շա՜տ:

Բելլա Նա չափազանց նման էր ձեր հայրիկին: Շատ անկախ ու ինքնուրույն էր: Հիմնականում տարված էր իր սեփական ընտանիքով: (Ձայնը ցածրացնում է:) Նա մեծ մամայի հետ յոլա չէր գնում, այսինքն՝ որևէ մեկը մեծ մամայի հետ յոլա չի գնում: Քույրս՝ Գերթը ժամանակին նշանված էր մեկ հետ: Նշանածին բերել էր մեծ մամայի հետ ծանոթացնելու: Հաջորդ օրը մարդը թողեց գնաց Բոստոն:

Ջեյ Դա շատ վատ է:

Բելլա Մեծ մամային չասեք, որ ձեզ ասել եմ այդ մասին:

Արթի Չեմ ասի:

Բելլա Ի՞նչ:

Արթի Չեմ ասի:

Բելլա Դուք երկուսդ էլ շատ ամաչկոտ եք: Ես էլ էի ամաչկոտ: Մեծ մամային դուր չի գալիս, երբ շատ եմ խոսում… Ես շատ ընկերներ ունեի, սակայն նրանց հետ չէի խոսում… Ափսոս, որ ձեր մայրը չկարողացավ ունենալ ավելի շատ երեխաներ… Նա չունեցավ, այնպես չէ՞:

Ջեյ Ոչ, չունեցավ:

Բելլա Ոչ… Որովհետև հիմա, երբ նա չկա, ձեզ համար շատ ավելի հեշտ կլիներ: Երբ քո կյանքում խնդիրներ ես ունենում, կարևոր է կողքիդ ունենալ մեծ ընտանիք: Մենք մեծ ընտանիք էինք… Ես, ձեր հայրը, Լուին ու Գերթը… Դա այն ժամանակ էր, երբ Րոզն ու Ահարոնը դեռ չէին մահացել… Րոզը նորածին էր, բայց Ահարոնը գրեթե տասներկու տարեկան էր: Րոզին այնքան լավ չգիտեի, որքան Ահարոնին… Դուք նրանց երբեք չեք տեսել, այնպես չէ՞:

Ջեյ Կարծում եմ, այդ ժամանակ մենք դեռ չէինք ծնվել:

Բելլա Ճիշտ է, ես էլ եմ այդպես կարծում… Իմ հայրը մահացել է, երբ ես դեռ չէի ծնվել: Բայց դա ինձ տխրություն չի պատճառել:

Ջեյ Դա լավ է:

Բելլա Որովհետև ես նրան անչափ շատ էի սիրում: Գիտե՞ք, որ կարող ես սիրել մեկին, ով մահացել է նախքան քո ծնվելը:

Ջեյ Երևի:

Բելլա Որովհետև գիտեի, որ նա հոգ կտաներ իմ մասին… Ինչպես  ձեր հայրն է հոգ տանում ձեր մասին: Հասկանո՞ւմ եք, ինչ եմ ուզում ասել:

Ջեյ Կարծում եմ:

Բելլա Դե, ի՞նչ որոշեցիք պաղպաղակի մասին: Եթե պատրաստեմ ու դուք չուտեք, ապա կմնա սեղանի վրա ու կհալչի… Արթուր, վերջին անգամն եմ հարցնում՝ այո, թե՝ ոչ:

Արթի Ես… Ես կուզեի… (Նայում է Ջեյին, ով թափահարում է գլուխը՝ «ոչ»:) Գուցե ավելի ուշ:

Բելլա (Բարկացած ճայթում է՝ կոպիտ ու սառը տոնով): Ո՛Չ, Ո՛Չ, Ո՛Չ ՄԻ ԱՎԵԼԻ ՈՒՇ… Այլևս չեմ հարցնելու քեզ: Դուք երկուսդ էլ վիրավորեցիք իմ զգացմունքները: Մինչև ձեր հորը չասեք, որ ձեզ ավելի լավ վարվելակերպ սովորեցնի, ես չեմ կարող բարյացկամ լինել ձեր հանդեպ: Գիտեմ, որ դուք կարոտում եք ձեր մորը, բայց դա պատճառ չէ, որ անհարգալից լինեք իմ հանդեպ… Ես միշտ սիրել եմ ձեր մորը, անկախ նրանից, նա իմ պատրաստած սուրճը կընդուներ, թե՝ ոչ: Դուք երկուսդ էլ կարող եք դա ասել ձեր հորը: Լսո՞ւմ եք… Ես արդեն հոգնել ու զզվել եմ դրանից:  

(Գնում է լոգասենյակ և ուժգին շրխկոցով դուռը փակում: Ջեյն ու Արթին նայում են միմյանց):

Ջեյ Տեսնո՞ւմ ես, սա է պատճառը, որ չեմ սիրում այստեղ գալ:

(Բացվում է ննջասենյակի դուռը, դուրս է գալիս ուժասպառ ու գունատված Էդդին, նայում է շուրջը):

Էդդի Ո՞ւր է Բելլա հորաքույրը: Ինձ թվաց, որ հենց նոր լսեցի նրա ձայնը:

Ջեյ Նա լողասենյակում է:

Էդդի Դռան շրխկոց լսեցի: Արդյոք նրան ինչ-որ վիրավորական բան ասացի՞ք:

Ջեյ Այո, ամեն ինչ:

Արթի Պապ, մի՞թե գնալու ժամանակը չէ:

Էդդի Երբ ասեմ, այն ժամանակ էլ կգնանք: Դուք դեռ նույնիսկ չեք տեսել մեծ մամային: Բավակա՛ն է ինձ շտապեցնեք: Դեռ նոր  ենք եկել այստեղ, այնպես չէ՞:

Արթի Խնդիր չկա, պապ, կարող ես ուզածիդ չափ խոսել:

Էդդի Դու, ես ու Արթին պետք է հետո խոսենք: (Թակում է լոգասենյակի դուռը:) Բե՛լլա, ես եմ՝ Էդդին: Մաման քեզ է ուզում: Կրկին նրա թիկունքն է ցավում… Բելլա՞… (Պատասխան չկա: Դիմում է տղաներին:) Նա լա՞վ է:

Ջեյ Ինչպե՞ս կարող ես հասկանալ նրա լավ կամ վատ լինելը:

Էդդի Հե՜յ, չլսե՛մ Բելլա հորաքրոջ մասին որևէ դիտողություն, իմացա՞ք: Նա ձեզ շատ է սիրում: Միշտ այդպես է եղել: Նա  պատրաստ է ձեզ համար անել ամեն ինչ: Այնպես որ, պարզապես նստեք այդտեղ ու լուռ մնացեք: Տեր Աստված, գլուխս պայթում է:

(Կրկին գնում է ննջասենյակ և դուռը փակում: Բացվում է լողասենյակի դուռը, և Բելլան դուրս է գալիս՝ ձեռքին սրբիչ ու քսայուղ):  

Բելլա Քիչ առաջ ձեր հա՞յրն էր դուռը թակում:

Ջեյ Այո:

Բելլա Բարկացա՞ծ է ինձ վրա:

Ջեյ Քո՞ վրա: Ոչ:

Բելլա Հուսով եմ՝ ոչ: Արդյոք տեսքս ավելի լա՞վ է:

Արթի Ավելի լավ, քան ե՞րբ:

Բելլա Քան առաջ, երբ դու ասացիր, որ տեսքս լավ չէ:

Արթի Ես նման բան չեմ ասել:

Բելլա Ուրեմն ո՞վ ասաց… Ջե՞յը:

Արթի Միգուցե: Ջեյ, դու այդպիսի բան ասացի՞ր:

Ջեյ Ոչ ոք ոչինչ չի ասել:

Բելլա Օ՜, գիտեմ. մեծ մաման էր: Այսօր նրա՛ն դուր չեկավ իմ տեսքը: Նա ատում է այս զգեստը… որ ինքս եմ կարել:

Արթի Իրո՞ք:

Բելլա (Գլխով է անում): Գրեթե մեկ տարի տևեց:

Ջեյ Բելլա հորաքույր, մեծ մաման քեզ է ուզում:

Բելլա Օ՜, այո… Հենց մամային շփեմ վերջացնեմ, կսկսեմ ճաշ պատրաստել… Տղանե՛ր, քաղցա՞ծ եք:

Արթի Ես չգիտեմ: Ջեյը գիտե: Ջե՛յ, ասա՛ նրան:

Ջեյ Վստահ չեմ, թե մնալու ենք ճաշին:

Բելլա Իհարկե, մնալու եք: Կարծում եք, ձեզ կթողնե՞մ, որ առանց ճաշելու տուն գնաք… Արթի՛, կրկին ուզում ես ինձ մերժե՞լ:

Արթի (Արագ): Ես չե՛մ մերժում, ուտելու եմ: Ես քաղցած եմ: Անկախ նրանից, թե Ջեյն ինչ կասի, ես ուտելու եմ:

Բելլա Դե, մենք բոլորս էլ ուտելու ենք: Այսօր կիրակի է: Կիրակի օրերին ընտանիքի անդամները միշտ միասին են ճաշում: Եվ, Արթի, մտածիր, թե ինչ դեսերտ ես ուզում, որովհետև ստանալու ես քո սրտի ուզածը… Հենց հիմիկվանից սկսիր մտածել:

Արթի Սկսեցի՛, սկսեցի՛: Ես ուզում եմ մի մեծ բաժակ պաղպաղակի ըմպելիք, հետն էլ հալեցրած շոկոլադով ու հարած կրեմով պաղպաղակ: Կարելի՞ է:

Բելլա Ինձ համար դա հրաշալի է: Իսկ Ջեյին ոչ մի պատառ չտաս: Նա բաց թողեց իր վերջնաժամկետը: 

(Քիթը վեր է տնկում և Ջեյին նայելով, գնում է դեպի մեծ մամայի սենյակ):

Արթի (Ջեյին): Մի՛ բարկացիր, ստիպվա՛ծ էի այդպես ասել: Վախենում էի, որ կխեղդեր ինձ այդ սրբիչով:

Ջեյ Դա պապայից է կախված: Տեսնենք նա՛ ինչ կասի:

(Արթին պառկում է բազմոցի վրա: Ննջասենյակի դուռը բացվում է, դուրս է գալիս Էդդին: Նա լարված տեսք  ունի: Մոտենում է բաց պատուհանին և խորը շունչ է քաշում):

Էդդի Ջեյ, խնդրում եմ, ինձ մի բաժակ ջուր տուր:

Ջեյ Հենց հիմա, պապ: (Արագ գնում է խոհանոց:)

Էդդի Այստեղ հավանաբար ջերմաստիճանը հարյուրից ավելի է: (Նայում է Արթիին:) Կոշիկներդ իջեցրո՛ւ բազմոցի վրայից, ի՞նչ է կատարվում քեզ հետ:

Արթի (Կոշիկներն իջեցնում է): Մի տեսակ ուշագնաց եմ լինում:

Էդդի Ի՞նչ է նշանակում՝ ուշագնաց ես լինում: Քո տարիքի երեխաները ուշագնաց չեն լինում:

Արթի Գուցե սկսել եմ մեծանալ:

Ջեյ (Բաժակը ձեռքին ներս է մտնում): Ահա, պապ, լավ սառը ջուր է:

Էդդի Գորգի վրա չթափե՛ս: (Վերցնում է բաժակը, խմում, բաժակը դնում է ներքև:) Շատ լավ… Այժմ խոսելու ժամանակն է: Ջեյ, նստի՛ր Արթիի կողքին: (Ջեյը նստում է բազմոցին՝ Արթիի կողքին: Էդդին նստում է աթոռին: Նա մտածում է, թե ինչպես սկսի:) Ես… ը՜… Տղաներ, ես ուզում էի ձեզ ասել…

(Եվ հանկարծ նա փլուզվում է, աչքերում արցունքներ են հայտնվում: Արագ փորձում է կոծկել դրանք: Աչքերը սրբում է ու մոտենում պատուհանին, որպեսզի մի քիչ օդ շնչի):

Արթի Պա, ինչ-որ բա՞ն է պատահել…

Էդդի Այստեղ այնքան սարսափելի շոգ է, այնպես չէ՞… Ուրեմն,  ներսի սենյակում նոր խոսում էի ձեր մեծ մոր հետ… Որովհետև խնդիր ունեի… Երբ ես և ձեր մայրը որևէ դժվարություն էինք ունենում, միշտ աշխատում էինք, որ դուք, տղաներ, դա չզգաք, քանի որ չէինք ուզում ձեզ մտահոգություն պատճառել… Երբ նա հիվանդացավ, առաջին տարին նույնիսկ ձեզ այդ մասին չասացի… Դե, բնականաբար, հնարավոր չէ քաղցկեղը մշտապես գաղտնի պահել… Ջեյ, դուք իմացաք այդ մասին, թեպետ ոչինչ չէի ասել, այնպես չէ՞:

Ջեյ Այո, պապ:

Էդդի Արեցի՝ ինչ կարող էի: Լավագույն բժիշկները, լավագույն հիվանդանոցը, որ հնարավոր էր… ձեր մայրն ուներ հարմարավետ հիվանդասենյակ, այնպես չէ՞. երկհոգանոց, միմյանցից վարագույով բաժանված, և ոչ թե ընդհանուր հիվանդասենյակ… Բուժքրոջը հավելյալ գումար վճարեցի, որպեսզի նրան  պատուհանի մոտ տեղավորի: Նա շատ էր սիրում ամեն օր  նայել այն ծառին… Միայն դրա համար արժե՛ր այդքան թանկ վճարել:

Ջեյ Պապ, դա հոյակապ ծառ էր:

Էդդի Հիշո՞ւմ ես, որքան երկար մնաց հիվանդանոցում: Արթի՛, հիշո՞ւմ ես:

Արթի Շա՜տ երկար:

Էդդի Գրեթե չորս ամիս… Գումարի պատճառով ցանկանում էր տուն գալ, բայց ես գիտեի, որ տանը չէր կարող նույն խնամքը ստանալ: Նույնիսկ եթե ունենար մասնավոր բուժքույր, որը միշտ չէ, որ գալիս է: Մանավանդ այս պատերազմի պայմաններում դժվար է բուժքույր գտնել:

Ջեյ Գիտեմ, պապ:

Էդդի Տղանե՛ր, մենք հարուստ չենք: Վստահ եմ, սա ձեզ համար հայտնություն չէ… բայց հիմա պետք է մի բան ասեմ: Սակայն միշտ հույս եմ ունեցել, որ երբեք ստիպված չեմ լինի ձեզ դա ասել… Ունեցած-չունեցածս ծախսեցի բժիշկների և հիվանդանոցի վրա: Այնուհետև, ծախսեցի այն ամենը, որ պետք է ունենայի ապագայում… այսինքն՝ սնանկացա ու ընկա պարտքերի մեջ… գրավ էր պետք… միայն թե ոչինչ չէր մնացել, որ գրավ դնեի… Ուստի գնացի մի մարդու մոտ… նրան ասում են՝ Շիլոկ… Նա վարկի շնաձուկ է… Վաշխառու… Ես չէի կարող դիմել բանկին, որովհետև նրանք չեն ընդունում վիշտն ու կսկիծը որպես գրավի առարկա… Արթի՛, գիտե՞ս՝ ինչ է գրավի առարկան… Եթե ցանկանում ես պարտքով տասը դոլար վերցնել, ապա պետք է դրա դիմաց որպես երաշխիք տաս մի բան, որն արժե տասնմեկ դոլար… Դա նրանց շահաբաժինն է… Շիլոկին գրավի առարկա պետք չէ… Նրա գրավի առարկան քո հուսահատությունն է… Ուստի նա քեզ գումար է տալիս… Այնուհետև, նա ունի մի ժամացույց: Հենց գումարը ստանում ես, այդ նույն պահից ժամացույցը սկսում է աշխատել… Այն ժամ է պահում քո խոստումի վրա… Եթե խոստումդ պահում ես, ժամացույցը կանգնում է… իսկ եթե չես պահում, ապա  շարունակում է տկտկալ… Իսկ որոշ ժամանակ անց քո սիրտը սկսում է ավելի բարձրաձայն տկտկալ, քան նրա ժամացույցը… Այդ մարդը դառնում է մի ամպ, որն ուր էլ գնաս, մթնեցնում է քո կյանքը… Բայց հասկացե՛ք մի բան: Այդ մարդը ձեր մորը ողջ էր պահում… Պահում էր  նրա պատուհանից երևացող ծառը… Նրա ցավազրկողների շնորհիվ ձեր մոր վերջին օրերը տանելի եղան… Ու ես երախտապարտ եմ դրա համար… Ջե՛յ, հիշո՞ւմ ես, ձեզ ինչ եմ սովորեցրել մարդկանցից որևէ բան ընդունելու մասին:

Ջեյ (Գլխով է անում): Երբե՛ք որևէ բան մի ընդունիր, որովհետև նրանց մշտապես պարտավորված կլինես:

Էդդի Ուստի, երբե՛ք մի ընդունիր քե՛զ համար… Սակայն, երբեմն լինում է այնպես, որ այլընտրանք չես ունենում նրա համար, ում սիրում ես… Նյու Յորքում մի մարդ կա, ում շատ մեծ գումար եմ պարտք… Ինը հազար դոլար… Ես չունեմ ինը հազար դոլար… Եթե չորս տարի աշխատեմ ու խնայեմ, կրկին չեմ ունենա ինը հազար դոլար… Նա իր գումարը պահանջում է այս տարի: Կարող եմ նշել նրա վարկանիշը բարձրացնող մի բան. թաղման օրը ծաղիկներ էր ուղարկել ու դրա համար իմ պարտքին հավելյալ գումար չէր ավելացրել…

Ջեյ Պա՛պ…

Էդդի Թույլ տուր ավարտեմ… Ոչ մի կերպ չեմ կարող այդ մարդու պարտքը մարել… Ուրեմն ի՞նչ կարող է նա անել, սպանելո՞ւ է ինձ… Հնարավոր է… Եթե ինձ սպանի, ապա ոչ միայն կկորցնի իր գումարը, այլև կրկին ծախսի տակ կընկնի իմ թաղմանը ծաղիկներ ուղարկելու համար… Մի՛ նայիր այդպիսի անհանգստացած հայացքով, ես չեմ պատրաստվում մեռնել… Այս ամենը ձեզ չէի ասի, եթե ուրախ ավարտ չլիներ… Ինձ հրաշք էր անհրաժեշտ… Եվ այդ հրաշքը պատահեց… Այս երկիրը պատերազմ սկսեց… Պատերազմ Ճապոնիայի և Գերմանիայի դեմ… Եվ եթե իմ մայրը երեսունհինգ տարի առաջ եկած չլիներ այս երկիր, այժմ պետք է կռվելիս լինեի հակառակ կողմից… Միայն թե, չեմ կարծում, որ այնտեղ հրեաների ձեռքը զենք կտային…Եվ եթե չամուսնանայի ձեր մոր հետ և իմ խնամքի տակ չունենայի երկու երեխա, ապա կռվելու էի այս կողմից… Իսկ դրա համար շատ ծեր եմ: Ուստի կողմերից ոչ մեկը չունի իմ կարիքը… Բացի տկտկացող ժամացույցով մարդուց, ուրիշ ոչ մեկը չունի: Ձեզ մի բան ասեմ. ես սիրում եմ այս երկիրը: Որովհետև այստեղ ընդունեցին հրեաներին: Ընդունեցին իռլանդացիներին, իտալացիներին և բոլոր մյուսներին… Լավ հիշեք դա: Այստեղ կան մեծ թվով գերմանացիներ, ովքեր կռվում են Ամերիկայի կողմից, սակայն այնտեղ չկա ոչ մի ամերիկացի, որ կռվի Գերմանիայի կողմից… Ատո՛ւմ եմ այս պատերազմը, և թող ների Աստված, եթե ասեմ, որ այն փրկելու է իմ կյանքը… Այժմ կարող եմ ստանալ այնպիսի աշխատանքներ, որ նախկինում երբեք չէի կարող ունենալ… Եվ ես գտա այդպիսի աշխատանք… Այժմ աշխատում եմ մի ընկերությունում, որը երկաթի ջարդոն է վաճառում… Կարծում էի, թե երկաթի ջարդոնը դեն են շպրտում, բայց պարզվում է, այժմ դրանով նավ են պատրաստում… Առանց պատկերացում ունենալու, թե ի՞նչ պետք է անեմ, կարող եմ մեկ տարուց էլ պակաս ժամանակում  աշխատել ինը հազար դոլար…

Ջեյ Դա հրաշալի՛ է, պապ:

Էդդի Մինչև խոսքս չավարտեմ, այդ բանը մի՛ ասա… Այն գործարանները, որոնք պետք է վաճառեմ, գտնվում են հարավում… Ջորջիա, Քենթաքի, Լուիզիանա, Թեքսաս, նույնիսկ Նյու Մեքսիքո: Մտքովս էլ չէր անցնում, որ երբևէ կտեսնեմ այդ վայրերը… Գնալու եմ մոտավորապես տասը ամսով… Այդ ընթացքում ապրելու եմ գնացքներում, ավտոբուսներում, հյուրանոցներում, որտեղ հաջողվի մնալու տեղ ճարել… Մեկ տարին չլրացած մենք կազատվենք պարտքերից ու կրկին կլինենք միասին… Լա՞վ… Այստեղ հարց է առաջանում. իսկ դուք որտե՞ղ եք ապրելու իմ բացակայության ընթացքում:       

(Ջեյն ու Արթին նայեցին միմյանց: Խլացնող լռություն):

Արթի (Հոնքերը սրբելով):  Տե՛ր Աստված, ի՜նչ շոգ է այստեղ:

Ջեյ Պապ, խնդրում եմ, մեզ մի՛ ստիպիր ապրել այստեղ… Այդպես ես մտածում անել, չէ՞:

Էդդի Ջե՛յ, ես այլընտրանք չունեմ: Չգիտեմ, ուրիշ ո՞ւմ դիմեմ:

Ջեյ (Էդդիին): Ինչո՞ւ չենք կարող մնալ մեր բնակարանում:

Էդդի Այն արդեն հանձնել եմ: Երեկ այդ մասին տեղեկացրեցի տանտիրուհուն:

Արթի (Զարմացած): Հանձնե՞լ ես:

Էդդի Տանտիրուհին բարձրացրեց վարձավճարը: Բոլորը ցանկանում են օգտվել պատերազմից և ավելի մեծ գումարներ աշխատել: Իրականում, մինչև տարեվերջ պարտքս կդառնա տասնմեկ հազար: Իմ բացակայության ժամանակ ժամացույցը չի դադարի տկտկալ:

Ջեյ Մեծ մաման ուրախ չի լինի մեզ հետ: Մենք անբան ու ծույլ ենք, ամեն ինչ գցում ու թողնում ենք հատակին: Արթին անընդհատ կոտրում է ինչ պատահի: 

Արթի (Էդդիին): Հիշո՞ւմ ես, ինչպես կոտրեցի ընտիր ջրի սափորը: Իսկ բազմոցի վրայի թանաքի բծե՞րը: Այդ ամենի մեղավորը ես եմ… Պա՛պ, ես վտանգավո՛ր եմ:

ԷԴԴԻ Հիմա երկուսդ էլ ի՛նձ լսեք: Ես մեկ ու կես ժամ փորձում էի նրան համոզել: Այնպես չէ, որ նա ձեզ չի սիրում: Պարզապես նա ծեր է: Ունի իր սովորությունները, որոնք չի ցանկանա փոխել: Եվ նաև անհանգստանում է, երբ Բելլայի շուրջը մարդիկ են լինում:

Արթի Ես էլ:

Էդդի Նա նույնիսկ վերջնական պատասխան չի տվել, դեռ մտածում է այդ մասին: Հիմա դուրս կգա, կխոսի ձեզ հետ: Մեզանից է կախված մեծ մամային համոզել, որ դուք նրան նեղություն չեք պատճառի… Դրա համար եմ ուզում, որ երկուսդ էլ շատ կոկիկ տեսք ունենաք: Չե՞ք տեսնում, դա որքան կարևոր է:

Ջեյ Պապ, եթե նա մեզ ընդունի, այդ դեպքում դու պարտավորված կլինես նրան: Չե՞ս կարծում, որ արդեն բավական շատ պարտավորություններ ունես:

Էդդի Ես ինձ համար չեմ խնդրում, այլ իմ տղաների: Ուստի, պարտավորված կլինեմ իմ տղաների համար: Այլևս քննարկելու ոչինչ չկա… Այժմ ամեն ինչ կախված է մեծ մամայից… Եվ ամեն ինչ կախված է նաև ձեզանից: (Մոտենում է մեծ մամայի ննջասենյակի դռանը:) Տեսնեմ նա պատրա՞ստ է: (Շրջվում է դեպի տղաները:) Եթե ասի՝ ոչ, ապա չեմ կարող այդ աշխատանքն ընդունել: Չեմ կարողանա պարտքս վճարել այն մարդուն… Դուք երկուսդ էլ լավ երեխաներ եք: Պարզապես ցույց տվեք մեծ մամային, թե նրա համար ինչ հրաշալի պարգև է ձեզ հետ ապրելը… Ջե՛յ, փողկապդ ուղղի՛ր: Արթի՛, օձիքդ շտկի՛ր… Երկուսդ էլ զգա՛ստ կանգնեք… (Նրանք ուղղվում են և զգաստ կանգնում: Էդդին գլխով է անում:) Ապրե՛ք:

(Գնում է մեծ մամայի սենյակ: Տղաները նայում են միմյանց):

Ջեյ Օ՜հ, Տեր Աստված, ի՞նչ ենք անելու, եթե մեծ մաման ասի՝ «այո»:

Արթի Չի՛ ասի, որովհետև ես մի բան կկոտրեմ: Ո՞րն է այս սենյակում նրա ամենասիրած իրը:

Ջեյ Չե՛ս կարող որևէ բան ջարդել, որովհետև մենք պետք է մնանք այստեղ ու փրկենք պապայի կյանքը:

Արթի Իսկ մե՞ր կյանքը: Մենք կարող ենք մեծանալ ու դառնալ ճիշտ Բելլա հորաքրոջ նման: Հնարավոր է, որ հաջորդ քսան տարին մնամ յոթերորդ դասարանում:

Ջեյ Լսի՛ր, երբ մեծ մաման գա ու դու այսպես շարունակես, դա հավասարազոր կլինի, որ ատրճանակը պահես պապայի գլխին ու  ձգանը քաշես:

Արթի Օ՜, ուրեմն մնանք այստեղ և ամեն անգամ լաց լինելուց մեր գլխին մի ուժգին հարված ստանա՞նք… կամ Գերթ հորաքրոջ նման մոմը փչելու փոխարենը, ներս քաշե՞նք. (Շունչը ներքաշելով ասում է) «Ողջո՛ւյն, Արթի, ինչպե՞ս ես»:  

Ջեյ (Ամուր բռնում է Արթիի վերնաշապիկի օձիքը): Աստվա՛ծ վկա, եթե մի բառ էլ ասես, այնպիսի՛ շոլթի կստանաս:  (Արթին ետ է քաշվում, սակայն Ջեյը բաց չի թողնում նրա օձիքը… և այն կիսով չափ պոկվում ու կախ է ընկնում:) Օ՛հ, Տեր Աստված, պոկվե՛ց:

Արթի Դե վե՛րջ: Մեզ համար արդեն պատերազմն ավարտվա՛ծ է… Հույս ունեմ, որ պապան գերեզմանատեղ վերցրած կլինի մամայի կողքին:

Ջեյ (Նայում է պահարանի դարակի մեջ): Տե՛ր Աստված, անիծյալ լինի. դա քո պատճառով եղավ… Տես, կարո՞ղ ես մի գնդասեղ գտնել, գուցե հնարավոր լինի կպցնել:

Արթի Բա ո՜նց: Հիմա էլ, ճիշտ մեծ մամայի ներս մտնելու պահին, պետք է դարակները քրքրեմ: Վստահ եմ, նա կցանկանա որդեգրել մեզ նման անօրեններին:

(Շտապ մոտենում է Ջեյին, սակայն դարակն ուժգին փակվում է և Ջեյը ցավից գալարվում է):

Ջեյ (Սկսում է լաց լինել): Գրո՛ղը տանի: Այնպե՛ս եմ քեզ ատում: Ատո՛ւմ եմ մամային, որ նա մահացավ: Ատո՛ւմ եմ պապային, որ մեզ գցել է այս վիճակի մեջ: Ատո՛ւմ եմ մեծ մամային, որ  այդպիսի անպետք ծեր կին է: Ատում եմ բոլորին այս անիծյալ աշխարհում:

(Բացվում է ննջասենյակի դուռը, և դուրս է գալիս Էդդին՝ ժպիտը դեմքին):

Էդդի Տղանե՛ր, պատրա՞ստ եք: (Նայում է տղաներին:) Այստեղ ի՞նչ է կատարվում… Ինչո՞ւ ես լաց լինում: Իսկ ի՞նչ է պատահել քո օձիքին: (Արագ փակում է ննջասենյակի դուռը:)

Արթի Ոչինչ:

Էդդի Ինձ մի՛ ասա՝ ոչինչ: Կռվո՞ւմ էիք: Դե իհարկե, կռվում էիք, մի ձեզ նայեք: Հավատս չի՛ գալիս: Եթե չեմ կարող ձեզ վստահել նույնիսկ երկու րոպե, ինչպե՞ս եմ վստահելու մեկ տարի… Եվ մի՞թե կարծում եք, որ կարող եմ այդպես վերաբերվել իմ մորը, իմ քրոջը՝ Բելլային… Հենց սկզբից գիտեի, որ սա շատ հիմար գաղափար է: Եթե այսքան հուսահատ վիճակում չլինեի, երբե՛ք այս քայլին չէի դիմի… Ամաչո՛ւմ եմ ձեր փոխարեն: Երկուսի՛դ փոխարեն էլ ամաչո՛ւմ եմ… Գնացե՛ք ու դրսում ինձ սպասեք: Դու՛րս, փողոց գնացե՛ք: Չե՛մ ուզում ձեզ տեսնել… Գնացե՛ք, դո՛ւրս եկեք: 

Արթի Մենք չէինք կռվում: Դա պատահմամբ եղավ: Ես ուզում էի ուղղել փողկապս ու պատահմամբ մի քիչ ամուր քաշեցի:

Ջեյ Ես մամայի համար էի լաց լինում, որովհետև գիտեմ, թե նա որքան կտխրեր, եթե քեզ այսքան հուսահատված տեսներ… Մենք իրոք ցանկանո՛ւմ ենք մնալ այստեղ: Յոնքերսը շատ ենք սիրում: Պարզապես աղոթում էինք, որ մեծ մաման մեզ թույլ տա մնալ:

Արթի Աստված իմ, երանի թույլ տա… Սա ապրելու համար այնքան հաճելի տեղ է երևում:

Էդդի Լո՞ւրջ եք ասում, թե՞ փորձում եք ստելով դուրս գալ այս վիճակից:

Ջեյ Լուրջ ենք ասում: Շա՛տ լուրջ:

Արթի Մեր կյանքում երբեք այսքան լուրջ չե՛նք եղել:

Էդդի Հույս ունեմ, որ այդպես է: Հանուն մեր բոլորի… Շատ լավ: Դե, ուղղվեք: Օձիքդ ներս ծալի՛ր: Աչքերդ սրբի՛ր… Գնամ մեծ մամային բերեմ: (Դուռը բացվում է, և ներս է մտնում Բելլան: Նա հեծկլտալով արագ մոտենում է բազմոցին և նետվում վրան:) Օ՜հ, Տե՛ր Աստված, Բելլա՞… Ի՞նչ է պատահել… Բելլա՞, ասա՛, ի՞նչ կա: (Բելլան հինգ տարեկան երեխայի նման դեմքը թաղում է բարձի մեջ: Արթին և Ջեյը նայում են միմյանց… Էդդին նստում է Բելլայի կողքին և թևը գցում նրա ուսին, այնուհետև մեղմ ձայնով հարցնում:) Մաման ինչ-որ բա՞ն ասաց… Մի՞թե նա բարկացավ քո վրա: (Բելլան ինչ-որ բան է շշնջում Էդդիի ականջին:) Ոչ, Բելլա, ո՛չ: Նրան հաստատ դուր է գալիս, թե ինչպես ես շփում նրա թիկունքը: Նա ինձ ասել է այդ մասին… Պարզապես, այսօր նրա միտքը շատ զբաղված է: (Կշտամբող հայացքով նայում է տղաներին, այնուհետև դարձյալ նայում է Բելլային:) Հանգստացա՞ր, քաղցրս: (Բելլան կրկին շշնջում է նրա ականջին:) Այո, գիտեմ, որ միայնակ ես… Գիտեմ, դժվար է մշտապես լինել միայն երկուսով՝ դու և նա… Բելլա, բայց քեզ համար լավ լուր ունեմ… Գուցե այլևս մենակ չես լինի… Գիտե՞ս, ով է մնալու այստեղ, հա՞, Բելլա: Եթե մաման համաձայնվի, ապա՝ Արթուրն ու Ջեյը… Մի՞թե դա հաճելի չի լինի… Արթուրի և Ջեյի ներկայությունը… Նրանք կապրեն այստեղ և քեզ հետ ժամանակ կանցկացնեն, ու կլինի մեկը, ում հետ կարող ես երեկոյան ժամերին զրուցել: (Արթին և Ջեյը նայեցին միմյանց:) Քաղցրս, դա քեզ հաճելի կլինի՞:

Բելլա (Փայլատակում է): Այո՛:

Էդդի (Բելլային): Շատ լավ: Դե հիմա ժպտա և եկ գրկեմ քեզ:

(Բելլան ընկնում է Էդդիի վզով):

Բելլա Էդդի՛, մի՛ գնա… Մնա այստեղ, մեզ հետ ապրիր… Ես շատ-շատ եմ կարոտում քեզ… Մաման երբեմն այնպես անտանելի է:

Էդդի Ոչ, ճիշտ չես: Նա պարզապես ծերացել է… Քաղցրս, չեմ կարող մնալ: Ես պետք է հեռանամ որոշ ժամանակով: Բայց տղաները կմնան քեզ մոտ: Նրանք անհամբեր սպասում են… Տես, որքա՜ն ուրախ են: (Բելլային նայելով, Արթին և Ջեյը բռնազբոսիկ ժպտում են:) Բելլա, չե՞ս ուզում քո սենյակում մի քիչ պառկել: Մաման հիմա պետք է խոսի տղաների հետ:

Բելլա (Ամուր բռնում է Էդդիի ձեռքը): Ո՛չ: Ես ուզում եմ մնալ այստեղ՝ քեզ հետ:

Էդդի Կարծում եմ, ավելի ճիշտ կլինի, եթե մաման ու տղաները առանձին խոսեն:

Բելլա           (Խիստ տոնով): Ես ուզում եմ մնալ այստեղ՝ քեզ հետ:

Էդդի Օ՜հ, Տեր Աստված… Լա՛վ: Ա՛յ, այստեղ նստիր: Բայց չխոսես, լա՞վ… Հանկարծ չմիջամտես, որովհետև չենք ուզում, որ մաման բարկանա… Շատ լավ: Դե, ուրեմն գնացի:

(Նա մոտենում է ննջասենյակին, դուռը թակում է և ներս մտնում: Ջեյն ու Արթին նայում են Բելլային: Վերջինս նայում է առաստաղին):

Ջեյ Բելլա հորաքույր, ես ու Արթին իրոք հույս ունենք, որ կստացվի:

Բելլա (Մատը դնում է շուրթերի վրա): Սու՜սսս: Չպետք է միջամտել:

Ջեյ Այո, իրո՛ք, ճիշտ ես ասում:

        (Էդդին դուրս է գալիս ննջասենյակից և տղաներին նախապատրաստում,  որ ողջունեն մեծ մամային):

Էդդի Թիկունքը նրան սպանում է, սակայն չի թողնում, որ օգնեմ իրեն: (Կանչում է:) Մամա՛, պատրաստ ենք:

(Երբ մաման իրեն հարմար պահին մուտք է գործում, լսվում են զարկեր: Ննջասենյակից դուրս գալով, մեծ մայր Քուրնիցը  դանդաղ առաջ է շարժվում: Նա խոշորակազմ կին է, կամ գոնե պետք է այդպիսի տպավորություն թողնի: Գեր չէ, սակայն թմբլիկ է և, չնայած յոթանասունն անց է, ունի ամուր, ուղղաձիգ կազմվածք: Նրա սպիտակած մազերը եվրոպական ոճով ետ են հավաքված և գնդիկ արված: Ձեռնափայտով է և քայլելիս ոտքերից մեկը մի քիչ քարշ է տալիս: Կրում է առանց շրջանակի ակնոց: Դեմքը գունատ է և սպիտակ: Հագել է այդ ժամանակաշրջանի ոճին հարմար լայն ծաղկազարդ զգեստ, իսկ կրծքին ամրացրել է խեցեքանդակ բրոշ: Երևում է, որ նրա բնորոշ հատկանիշներն են իշխանությունն ու կարգապահությունը, ինչպես նաև կարողանում է  ուշադրություն պահանջել շրջապատից: Խոսելիս օգտագործում է շատ քիչ, սակայն խելամտորեն ընտրված բառեր՝ ակնհայտ գերմանական առոգանությամբ:

Առանց նայելու որևէ մեկին՝ հատկապես տղաներին, մոտենում է բազկաթոռին: Այնուհետև նստում է և նայում Էդդիին):

Մեծ մայր Ե՞վ…

(Էդդին գլխի շարժումով տղաներին ժեստ է անում):

Ջեյ (Հետևում է ակնարկին): Ողջո՛ւյն, մեծ մամա:

Արթի Ողջո՛ւյն, մեծ մամա:

(Էդդին կրկին նայում է տղաներին և գլխով մեկ այլ ազդանշան տալիս նրանց: Ջեյը մոտենում է և արագ համբուրելով մեծ մոր այտը, կրկին վերադառնում է իր տեղը: Այնուհետև մոտենում է Արթին, համբուրում է և նույնպես վերադառնում իր տեղը: Մեծ մայր Քուրնիցը գրեթե չի արձագանքում):

Էդդի Մամ, գիտեմ, որ տղաներին վաղուց չես տեսել: Նրանք ցանկանում էին գալ, սակայն նրանց մայրը երկար ժամանակ  հիվանդ էր և պետք է հնարավորին չափ շատ ժամանակ անցկացնեին նրա հետ… Վստահ եմ, ձեր վերջին հանդիպումից հետո շատ են մեծացել, չէ՞:

Մեծ մայր (Նայում է տղաներին, ձեռնափայտն ուղղում է Արթիի կողմը): Սա փո՞քրն է:

Էդդի Այո: Արթուրը: Նա երկու տարով փոքր է, այնպես չէ՞, Արթի:

Արթի Այո: Ես երկու տարով փոքր եմ… նրանից:

Մեծ մայր (Նայում է Ջեյին, ձեռնափայտը ուղղում է նրա կողմը): Ա՛յս մեկին ավելի լավ եմ հիշում… Սա իր մորն է նման:

Ջեյ Այո, շատերն են այդպես ասում:

Մեծ մայր Ի՞նչ է պատահել աչքերիդ:

Ջեյ Ի՞մ աչքերին: Օ՜հ, պարզապես մի քիչ կարմրել են: Ինչ-որ բան էր ընկել աչքերիս մեջ, մի քիչ ամուր տրորեցի:

Մեծ մայր Գուցե լա՞ց ես եղել:

Ջեյ Ո՞վ, ե՞ս: Ես երբե՛ք լաց չեմ լինում:

Մեծ մայր Մեծ տղաները չպե՛տք է լաց լինեն:

Ջեյ Գիտեմ: Մի քանի տարի է, ինչ լաց չեմ լինում: Միայն փոքր ժամանակ, այն էլ մի քանի անգամ:

Էդդի Օ՜, մամ, նրանք երկուսն էլ ուժեղ տղաներ են:

Մեծ մայր (Նայում է Ջեյին): Հակոբն ես, չէ՞:

Ջեյ Այո, բայց ինձ ասում են՝ Ջեյ:

Մեծ մայր Ո՛չ, ինձ Ջեյը դուր չի գալիս… Հակո՛բ է անունդ:

Ջեյ Իհարկե, Հակոբը շատ լավ անուն է:

Մեծ մայր Եվ Արթուր:

Արթի Բայց ինձ ասում են՝ Արթի:

Մեծ մայր Ես քեզ Արթի չեմ ասի:

Արթի Իհարկե, ես շատ եմ սիրում Արթուր անունը: Արթուր թագավորի անունն է:

Մեծ մայր Դպրոց հաճախո՞ւմ ես:

Արթի Հա:

Մեծ մայր Ի՞նչ:

Արթի Այո: Նույն դպրոցն եմ հաճախում, ինչ Հակոբը:

Մեծ մայր Սրանցից ո՞ր մեկն է խելացին:

(Ջեյն ու Արթին նայում են միմյանց):

Էդդի Երկուսն էլ շատ լավ են սովորում:

Մեծ մայր (Ձեռնափայտը ուղղում է Էդդիի կողմը): Թող նրանք պատասխանեն: (Նայում է տղաներին:) Ո՞ր մեկդ է առավել խելացին:

Արթի (Ցույց է տալիս Ջեյին): Հակոբը: Նա բոլոր առարկաներից միշտ Ա-եր է ստանում: Ես ավելի լավ եմ սպորտի ասպարեզում:

Մեծ մայր Սպո՞րտ:

Արթի Այո, բեյսբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ:

Մեծ մայր Դու հողի ու ցեխի վրա՞ ես խաղում: Հետո տուն ես գալիս կեղտոտ կոշիկներով և հատակը կեղտոտո՞ւմ:

Արթի Ոչ, երբե՛ք: Ես կոշիկներս մաքրում եմ մարզադաշտում: Հետս խոզանակ ու քսուկ եմ տանում, նստում նստարանին  ու  փայլեցնում եմ կոշիկներս:

(Նայում է Էդդիին, որպեսզի տեսնի՝  իր ասածը համոզի՞չ էր, թե՞ ոչ):

Մեծ մայր Եթե խելացի տղան իրոք խելացի է, ապա նա քեզ կստիպի, որ հենց այդպես անես:

Էդդի Չէ, տղաներն իրոք շատ կոկիկ են: Նույնիսկ նրանց մայրն էր այդպես ասում:

(Մեծ մայրը ձեռնափայտով մի քանի անգամ հարվածում է հատակին, ցանկանալով հայտարարություն անել):

Մեծ մայր Հիմա ասեք… ինչո՞ւ եք ուզում ապրել մեծ մամայի հետ:

(Տղաները նայում են միմյանց)

Արթի … Հակոբ, մեծ մամային կասե՞ս:

(Ջեյը խոժոռ հայացքով նայում է նրան):

Ջեյ Դե… որովհետև… պապան պետք է գնա, և պետք է մեր բնակարանը հանձնենք… Եվ հետո, պապան ասաց, որ մենք հնարավորություն կունենանք գալ այստեղ և ապրել մեր միակ ողջ մնացած մեծ մոր… և մեր միակ ողջ ու առողջ հորաքրոջ՝ Բելլայի հետ… Կարծում եմ, որ այժմ, երբ մեր երկիրը պատերազմի մեջ է Գերմ… Ճապոնիայի հետ, անհրաժեշտ է, որ ընտանիքի անդամները, մի տեսակ, համախմբվեն… որպեսզի այսպիսի օրերին բոլորս լինենք միասին… նաև կարծում եմ, որ…չէ, ոչինչ: Այսքանը:

Մեծ մայր (Գլխով է անում): Հըըը՜մ… Եվ սա խելացի՞ն է:

Էդդի Մամա՛, կարծում եմ, նա շատ լավ ասաց:

Մեծ մայր (Ձեռնափայտն ուղղում է Արթիի կողմը): Իսկ դո՞ւ, Արթուր թագավոր… դո՛ւ ինչո՞ւ ես ցանկանում ապրել մեծ մամայի հետ:

Արթի (Մեծ մամային նայելուց հետո): Որովհետև գնալու ուրիշ տեղ չունենք:

Էդդի Արթի՛… Մամա, կարծում եմ, Արթին ցանկանում էր ասել…

Մեծ մայր (Ձեռնափայտն ուղղելով Էդդիի կողմը): Ո՛չ… նա շատ լավ գիտե, թե ինչ է ցանկանում ասել… (Նայում է Արթիին:) Կարծում եմ, որ հավանաբար սա՛ է խելացին:

Էդդի Նա միշտ չափազանց անկեղծ է: Բայց, մամա՛, նա դեռ երեխա է:

Մեծ մայր Ուրե՛մն, դուք ուրիշ գնալու տեղ չունեք: Դա՛ է պատճառը, որ ցանկանում եք ապրել մեծ մամայի հետ… Շա՛տ լավ… Շա՛տ լավ… Դե, հիմա մեծ մաման ձեզ կասի, թե ինչու չի կարծում, որ դուք պետք է ապրեք նրա հետ… Այս տունը փոքր տղաներին հարմար տեղ չէ՛: Ես ծեր կին եմ: Ես չե՛մ սիրում խոսել: Ես չե՛մ սիրում աղմուկ: Ես չե՛մ սիրում, որ իմ տանը մարդիկ լինեն: Ժամանակին ունեցել եմ վեց երեխա, իսկ այժմ չեմ ուզում այստեղ երեխաներ լինեն… Ես ու Բելլան շաբաթը վեց օր զբաղված ենք խանութի հոգսերով, իսկ կիրակի օրերին հանգստանում ենք: Այսօր կիրակի է, իսկ ես չեմ հանգստանում… Բելլան չի կարողանում… մարդկանց հետ չի՛ կարողանում երկար աշխատել: Մի քիչ ստացվում է, բայց այնուհետև շատ է ոգևորվում… Հասկանո՞ւմ եք, թե ինչ եմ ասում… Այստեղ դուք ի՞նչ եք անելու: Այս տանը ձեզ համար խաղալու ոչինչ չկա: Այս տանը ո՛չ մի խաղալիք չկա: Ժամը վեցից հետո ես չեմ սիրում ռադիո լսել: Միայն լուրերն եմ լսում և վերջ…  Ժամը իննին քնում ենք, ժամը հինգին՝ արթնանում: Ես ընկերներ չունեմ: Բելլան նույնպես ընկերներ չունի: Դուք այստեղ ուրախ չե՛ք լինի, իսկ տխուր տղաներ ինձ պետք չեն:

Էդդի Մամա, կարո՞ղ եմ միայն մի բան ասել…

Մեծ մայր (Ձեռնափայտը վերև է բարձրացնում): Միայն մի բան կասեմ… Ահա թե ինչ եմ մտածում ես այս մասին: Պատճառն էլ այն է, որ շատ երկար ժամանակ մեջս զայրույթ եմ պահել… Ինչո՞ւ պետք է անեմ այս բանը… Ինչո՞վ եմ պարտական ձեր հորը… Ձեր մոր հետ ամուսնանալուց հետո ե՞րբ է նա եկել այս կողմերը: Ես չեմ տեսել նրան… Որովհետև ձեր մայրը նրան տրամադրել էր իմ դեմ: Իր հարազատ մոր… Ձեր մայրն ինձ չէր սիրում, ես էլ նրա՛ն չէի սիրում: Ես նույնպես չեմ վախենում ճշմարտությունն ասել… Ես որևէ մեկի մահը չեմ կամեցել: Գուցե նա ձեզ համար լավ մայր է եղել, թող հանգչի խաղաղությամբ, սակայն ինձ համար նա ոչ մի նշանակություն չի ունեցել… Եվ ձեր հայրը վախենում էր նրանից: Դրա համար էլ նա այստեղ չէր գալիս: Դուք արդեն մեծ տղաներ եք, սակայն ձեր ծնված օրից քանի՞ անգամ եմ ձեզ տեսել՝ չո՞րս, հի՞նգ անգամ…Թոռնիկներն այդպես չեն լինում: Այդպես լինում են օտարները… Իսկ այժմ եկել և օգնությո՞ւն է խնդրում ինձանից… Նա լաց եղավ իմ ննջասենյակում, լաց եղավ ո՛չ թե տղամարդու, այլ երեխայի պես: Նա միշտ այդպիսին է եղել… Ամուսին և երկու երեխա եմ թաղել, բայց լաց չե՛մ եղել… Ձեր հորաքույրը՝ Գերթրուդը չի կարողանում խոսել առանց խեղդվելու, բայց ես լաց չե՛մ եղել… Եվ գուցե Լուիին մի օր մեռած գտնեն փողոցում, միևնույն է, լաց չե՛մ լինի… Ինձ այդպե՛ս են դաստիարակել: Դաստիարակել են լինել ուժե՛ղ: Երբ երեխա ժամանակ Գերմանիայում մեզ ծեծում էին ճիպոտներով, ես լաց չէ՛ի լինում… Այս աշխարհում չե՛ս կարող դիմանալ, եթե չլինես պողպատի նման: Ձեր հայրը ցանկանում է, որ դուք մեծանաք, բայց նախ ի՛նքը թող մեծանա… Երբ նա սովորի լինել հայր, ինչպես ե՛ս սովորեցի լինել մայր, այդ ժամանակ էլ կլինի տղամարդ: Այդ դեպքում  իմ օգնության կարիքը չի՛ ունենա… Կարծում եք, ես դաժա՞ն եմ: Կարծում եք, սարսափելի վատ մա՞րդ եմ: Կարծում եք, որ մեծ մայրը նման բաներ չպե՞տք է ասի: Ձեր դեմքերի վրա տեսնում եմ, թե ինչ եք մտածում… Շատ լավ է, դա ձեզ կդարձնի ավելի ամուր: Դա ձեզ կդարձնի ուժեղ: Այդ դեպքում կկարողանաք ինքներդ հոգ տանել ձեր մասին, առանց որևէ մեկի օգնության… Ուստի, սա՛ է իմ որոշումը: Գուցե մի օր դրա համար ինձ շնորհակալ կլինեք: (Կանգնում է:) Բելլա, այդ տղաներին կոնով պաղպաղակ  տուր: Այնուհետև արի ննջասենյակ ու ոտքերս մերսիր:

(Նա ուղղվում է դեպի ննջասենյակ: Բոլորը ցնցված կանգնած են: Իսկ Բելլան նստած է մնացել և կարծես անտարբեր է այն ամենի հանդեպ, ինչը տեղի է ունենում): 

Էդդի (Առանց բարկանալու): Մամա, դու ճիշտ ես: Ես թույլ մարդ եմ, լացկան… Միշտ այդպիսին եմ եղել: Երբ փոքր ժամանակ ինձ չէիր գրկում ու սիրում, լաց էի լինում… Երբ քույրս ու եղբայրս մահացան, լաց եղա… Եվ այն օրից, ինչ Էվելինը մահացել է, չեմ դադարել լաց լինելուց… Բայց մեկ հարցում դու սխալ ես: Նա ինձ երբեք չի՛ տրամադրել քո դեմ: Նա ինձ դեպի իրե՛ն է տրամադրել… Դեպի սերը, դեպի հոգ տանելը, գրկելն ու հենարան լինելը նրան, ով դրա կարիքն ունի… Ցավում եմ, որ տղաներին ավելի հաճախ չեմ բերել այստեղ: Գուցե վախենում էի, որ նրանք այստեղ կիմանան այնպիսի բաներ, որոնք ես փորձել եմ մոռանալ… Գուցե հենց այսօր նրանք դա իմացան… Կներե՛ս, որ կիրակի օրով անհանգստացրի քեզ: Կներե՛ս, որ չարաշահեցի ու խանգարեցի քո հանգիստը: Ցավում եմ այն ամենի համար, որ փոքր ժամանակ պատահել է քեզ Բեռլինում: Վստահ եմ, որ դա սարսափելի է եղել: Մամա, սակայն սա Յոնքերսն է: Ես չեմ բարկացել քո վրա ինձ ու տղաներին մերժելու համար: Ես ինձ վրա եմ բարկանում, որ անտեղի հույս եմ փայփայել… Մամա, քեզ լավ նայիր… Բելլա, մի՛ անհանգստացիր պաղպաղակի համար, ես արդեն օգտագործել եմ այս տարվա իմ հասանելիքը: (Մոտենում է դռանը:) Տղանե՛ր, եկե՛ք: Գնում ենք: (Այս ամենին ներկա գտնվող Ջեյն ու Արթին այնքան են ապշել, որ չեն կարողանում շարժվել:) Ասացի, եկե՛ք, գնում ենք:

(Նրանք մոտենում են դռանը):

Բելլա Արթի՞… (Ջերմ ու քաղցր ժպիտը դեմքին ելնում է նստած տեղից:) Մեկ ուրիշ օր կընթրենք միասին… Հիմա դու և Ջեյը գնացեք տուն, հավաքեք ձեր իրերը, իսկ ես կպատրասեմ ձեր անկողինը և պահարանում տեղ կբացեմ ձեր իրերի համար:

(Տղաները մի պահ կանգնում են ու նայում Էդիին):

Էդդի Բելլա, շնորհակալ եմ… սակայն մաման ու ես նոր որոշեցինք, որ դա լավ միտք չէ:

Բելլա (Շարունակում է ժպտալ և սկսում պատրաստել բազմոց-մահճակալը): Եվ, Ջեյ, կգրես ձեր սիրած նախաճաշի ուտեստների ցուցակը, որպեսզի այնպես անեմ, որ այդ բոլորից լինի մեր տանը… Չմոռանաք ձեր ատամի խոզանակները, քանի որ մենք խանութում խոզանակ չունենք… Եվ յուրաքանչյուրդ տանից բերեք նաև ձեզ համար սիրելի որևէ բան: Եթե նույնիսկ չափսերով մեծ լինի, մենք այն կտեղավորենք:

Մեծ մայր Բելլա, վե՛րջ տուր: Սա քո գործը չէ՛:

Բելլա Գուցե բերեք ձեր մայրիկի նկա՞րը: Մենք այն կդնենք հենց այստեղ, սեղանի վրա: Դուք այն կտեսնեք ամեն գիշեր քնելուց առաջ և ամեն առավոտ՝ արթնանալիս… Այստեղ այնքա՜ն ուրախ կլինի ձեր երկուսի հետ… Մաման ճիշտ է ասում, ես շատ եմ ոգևորվում, երբ իմ շուրջը մարդիկ են լինում, բայց դա ինձ համար չափազանց ուրախալի է:

Մեծ մայր Բելլա՛, Nicht sprecken! Վե՛րջ տուր…Նրանք պետք է գնա՛ն և վե՛րջ:

Բելլա (Շատ հանգիստ): Ո՛չ, մամա, նրանք չե՛ն գնալու: Նրանք պետք է մնան: Եթե դու պնդես, ապա ես նույնպես կգնամ… Գիտեմ, սա ասել եմ հազար անգամ, բայց այս անգամ շատ լուրջ եմ ասում… Կարող եմ գնալ հոգեբուժարան: Այնտեղ ինձ կընդունեն… Դու միշտ ասում ես… Ու եթե գնամ, դու կմնաս մենակ… Իսկ դու վախենում ես մենակ մնալուց, մամա… Այդ մասին ինձանից բացի ուրիշ ոչ ոք չգիտե… Բայց դու կարող ես մենակ չմնալ, մամա, որովհետև հիմա կարող ենք բոլորս միասին լինել… Ես, դու, Ջեյն ու Արթին… Մի՞թե դա հրաշալի չի լինի, մա՛մա:

(Բոլորը քարացած կանգնած են, բացի Բելլայից, ով ուրախությունից փայլում է… Բեմը մթնում է):

Երկրորդ  տեսարան

Մթության մեջ, գնացքի ձայնի ուղեկցությամբ, լսվում է Էդդիի ձայնը:

Էդդի «Սիրելի Ջեյ և Արթի… Անցյալ գիշեր փորձեցի զանգահարել ձեզ, բայց մոռացել էի, որ հեռախոսը գտնվում է հրուշակեղենի խանութում ու դուք հավանաբար չեք լսի ձայնը… Դե, ես արդեն եղել եմ Քենթաքիում, Ջորջիայում, Թենեսիում, Արևմտյան Վիրջինիայում… Ինձ չբողոքե՛ք Բելլա հորաքրոջ պատրաստած ուտեստներից, որովհետև այստեղ ես չեմ կերել որևէ բան, որը չլինի տապակած, ապխտած, պյուրե արած, աղացած, կամ չմատուցվի  եգիպտացորենի բլիթով… Այդ ուտեստները կամ որսացել են ճահճի միջից, կամ ծառի վրայից, կամ էլ դրանք դուրս են եկել հողի տակից… Այս պահին կրկին պարտքի տակ կընկնեմ, եթե պարզապես սոխի փաթեթ ուտեմ…»:  

(Բեմը լուսավորվում է, իսկ Ջեյը շարունակում է կարդալ նամակը: Տղաներն անկողնու մեջ են: Լամպերից մեկը վառվում է: Ուշ գիշեր է):

Ջեյ (Կարդում է): «Թեպետ գործերս լավ են գնում, սակայն մի աննշան անհաջողություն ունեցա: Ինձ մոտ ի հայտ եկավ, ինչպես  բժիշկներն են ասում՝ սրտի անկանոն բաբախյուն: Բժիշկն ասում է, որ լուրջ բան չկա, խորհուրդ է տալիս ավելի քիչ ճամփորդել: Սակայն այս պահին դադար տալու հնարավորություն չունեմ»: (Նայում է Արթիին:) Սրտի անկանոն բաբախյունը լավ բան չէ… Աստված իմ, երանի կարողանայինք մի քիչ գումար աշխատել: Խոսքս ոչ թե աննշան, այլ լուրջ գումարի մասին է:

Արթի Իսկ եթե կտրենք մեծ մամայի հյուսքերն ու վաճառենք բանակին, որպեսզի փշալարեր պատրաստե՞ն:

Ջեյ Հավատս չի գալիս, որ մենք պատերազմ ենք մղում, որպեսզի ավելի լավ աշխարհ ստեղծենք քեզ նմանների համար:

(Մուտքի դուռը բացվում է, և ներս է մտնում Բելլան: Նա կամաց փակում է դուռը, նայում է տղաներին և մատը դնելով շուրթերին, հասկացնում, որ լուռ մնան):

Բելլա Մեծ մաման քնած է: Չասե՛ք, թե ուզում եք արթնացնել նրան… Արթի՛, Ջե՛յ: Այսօր ինձ հրաշալի ու չտեսնված մի բան պատահեց: Բայց մի՛ հարցրեք այդ մասին: Ես չեմ կարող պատմել: Դուք ինձ հաջողություն բերող կախարդական հմայիլներ եք:

Մեծ մայր (Հայտնվում է իր ննջասենյակից, դիմում Բելլային): Կարծում ես չլսեցի՞, ինչպես բարձրացար աստիճաններով: Կարծում ես չգիտե՞մ, որ ժամը տասնմեկն է: Կարծում ես չգիտե՞մ, թե որտեղ էիր:

Բելլա Մամա, պարզապես կինոթատրոն էի գնացել:

Մեծ մայր Կինոթատրոն, կինոթատրոն, կինոթատրոն: Դու մսխում ես քո փողն ու քո կյանքը կինոթատրոնի վրա: Հետո էլ միայնակ քայլելով գալիս ես տուն: Գիտե՞ս, թե ժամը տասնմեկին ինչպիսի տղամարդիկ են լինում փողոցներում:

Բելլա Մամա, ինձ նույնիսկ մեկ հոգի չի հանդիպել:

Մեծ մայր Հա՛, հա՛, հա, եթե փորձանք ես փնտրում, ապա ընկնում ես փորձանքի մեջ:

Բելլա Մամա, ինձ ոչ ոք չի անհանգստացնում:

Մեծ մայր Ուրեմն փողերդ վատնում ես կինոամսագրերի վրա՞, գլուխդ լցնում Հոլիվուդո՞վ և երազանքներո՞վ, որոնք մեզ նման մարդկանց չե՞ն պատահում:

Բելլա Երբեմն պատահում են:

Մեծ մայր Երբե՛ք: ԵՐԲԵ՛Ք… (Ձեռքը պարզում է:) Դա ինձ տուր: Չեմ ուզում աղբ պահել այս տանը:

Բելլա Մամա, սա ի՛մ ամսագիրն է, ես գնել եմ իմ փողով:

Մեծ մայր Ո՛չ, ի՞նչ «իմ փող»: Այստեղ ե՛ս եմ վճարում ամեն ինչի համար: Դու չես ունենա ոչինչ, եթե ե՛ս քեզ չտամ: Ինձ-տուր-այդ- ամսագիրը:

Բելլա Մամա, խնդրում եմ, ինձ հետ այդպես մի՛ վարվիր տղաների ներկայությամբ:

Մեծ մայր Դու տղաների ներկայությամբ ես ամսագիրը տուն բերում, ուրեմն տղաների ներկայությամբ էլ այն կտաս ինձ: (Պարզում է ձեռքը:) Բելլա, ինձ տուր՝ հենց հիմա: (Բելլան ամաչելով ու շփոթված նայում է տղաներին, այնուհետև ամսագիրը տալիս է մորը: Վերջինս զզվանքով նայում է ամսագրին և գլխով անում🙂 Երբ մեռնեմ, կարող ես առնել քո սեփական ամսագրերը:

Բելլա Ո՛չ, մամա, չեմ առնի, որովհետև ինչ էլ լինի, կրկին դու կգտնես մի ձև, որ վերցնես դրանք ինձանից:

(Բելլան արագ գնում է իր սենյակը: Մեծ մայրը նայում է տղաներին):

Մեծ մայր …Ուզո՞ւմ եք վճարել հոսանքի համար: (Ջեյն անմիջապես անջատում է լույսը: Լրիվ մութ է, միայն մեծ մոր սենյակի լույսն է վառվում:) Իսկ դու ցանկանում էիր կտրե՞լ իմ հյուսքերը: Մատնե՛րդ կկտրե՛մ:

(Գնում է իր ննջասենյակ և դուռը շրխկացնում: Բեմը մթնում է, կրկին լսվում է գնացքի ձայնը):

Երրորդ  տեսարան

          Մթության մեջ կրկին լսվում է Էդդիի ձայնը:

Էդդի (Վերևից լսվող ձայնը): «Սիրելի տղաներ… Այս անգամ  նամակս շատ կարճ կլինի: Այժմ գտնվում եմ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում և ահավոր հոգնած եմ, ինչպես այստեղ են ասում՝ ամբողջ մարմինս ծռվել է, և ուժասպառ եմ եղել, որը Տեխասի ոճն է: Ստիպված մեկ շաբաթ արձակուրդ վերցրեցի, որպեսզի վերականգնվեմ: Անհանգստանալու բան չկա: Շատ շուտով կշարունակեմ ճամփորդել: Խոստանում եմ լրացնել բաց թողած ժամանակս… Սիրով՝ պապա»:

(Բեմը լուսավորվում է: Մեկ շաբաթ անց. կիրակի է. կեսօր: Արթին կանգնել է մեծ մոր աթոռի վրա, ձեռքը բարձրացրել է վերև և ուրախությունից ցնծում է):  

Արթի (Գոռալով): Վերջապե՛ս մենակ ենք: Մեծ մաման դրսո՛ւմ է, Բելլա հորաքույրը դրսո՛ւմ է: Ամբողջ բնակարանը մերն է: Մենք ազա՛տ ենք՝ հա՛-հա՛-հա՛-հա՛-հա՛:

Ջեյ Դե ձայնդ կտրի՛ր, հա՞: Մեծ մաման կարող է ամեն վայրկյան  վերադառնալ: Գիտե՛ս ինչ կանի, եթե տեսնի՝ ոնց ես ցատկում իր աթոռի վրա:

Արթի (Գերմաներենի առոգանությամբ): Հա՛, նա կկտրի իմ ոտքերը… Եվ Բելլա հորաքույրը դրանցից ճաշ կեփի: (Ցատկում է անկողնու վրա:)

Ջեյ (Պատուհանից դուրս է նայում): Հե՜յ, Արթի՛: Կրկին այդ մեքենան է:

Արթի Ի՞նչ մեքենա:

Ջեյ Սև սթուդաբեկերը: Այն երկու տղաներն են, որ Լուի հորեղբորն էին հարցնում: Կարծես մարդասպաններ լինեն… Քո կարծիքով ի՞նչ է նրանց ուզածը:

Արթի (Պատուհանից դուրս է նայում) Չգիտեմ: Արի դրանց ուղարկենք մեծ մամայի ծոցը, հա՛-հա՛-հա՛-հա՛:

Ջեյ (Արթիին ետ է քաշում): Հեռո՛ւ գնա այդտեղից: (Կրկին  գաղտագողի նայում է:) Անդադար պտույտներ են անում: Մի՞թե չես վախենում այսպիսի մարդկանցից:

Արթի Ո՛չ: Ամիսներ շարունակ ապրել եմ այստեղ: Ամեն ինչի կդիմանամ:

(Մուտքի դուռը բացվում է, ներս է մտնում Բելլան):

Բելլա Մաման տա՞նն է:

Ջեյ Ոչ, դեռ չի վերադարձել Գերթ հորաքրոջ տանից:

Բելլա Ես չե՛մ ուզում լաց լինել: Ես չե՛մ ուզում լաց լինել: Ես չե՛մ ուզում լաց լինել:

Ջեյ Ինչո՞վ կարող ենք օգնել… Բելլա հորաքույր, կարող ես ասել մեզ:

Բելլա Կարծո՞ւմ ես: Արդյոք կարո՞ղ եմ ձեզ վստահել: Դուք դեռ շատ փոքր եք:

Ջեյ Վստահելի լինելու համար տարիքը կարևոր չէ:

Բելլա Ուրեմն, ինչ որ ասեմ, երբեք չե՞ք ասի մեծ մամային: Որովհետև եթե նա իմանա, ինձ կտանի հոգեբուժարան… Նա կանի դա, ու ես այնտեղ կմնամ մինչև կյանքիս վերջ:

Ջեյ Չեմ կարծում, որ նման բան անի: Նա երբեմն դա ասում է պարզապես քեզ վախեցնելու համար:

Բելլա Ո՛չ: Նա իրոք դա կանի: Երբեմն մենք տրոլեյբուս էինք նստում, և ամեն անգամ հոգեբուժարանի կողքով անցնելիս նա ասում էր, «Ահա այստեղ կապրես, եթե քեզ խելոք չպահես»:  

Արթի Դու ասացիր, որ նա այդ բանը չի անի, որովհետև վախենում է մենակ մնալուց:

Բելլա Բայց նա այլևս մենակ չէ: Այժմ իր կողքին ունի ձեզ՝ երկուսիդ: 

Արթի Օ՜հ, ո՛չ, եթե դու գնաս, մենք էլ քեզ հետ կգանք հոգեբուժարան:

Ջեյ Արթի՛, վե՛րջ տուր… Բելլա հորաքույր, եթե չես ուզում ասել, չենք ստիպի: Մենք քո ընկերներն ենք:

Բելլա Ոչ, պետք է ասեմ որևէ մեկին… Երանի Էդդին լիներ այստեղ: Նա կիմանար, թե ինչպես վարվեմ:

Ջեյ Մենք Էդդիի որդիներն ենք: Դա գրեթե նույն բանն է:

Բելլա Այո՛: Ճիշտ է… Շատ լավ… Եկեք այստեղ: Երկուսդ էլ նստե՛ք այստեղ: (Բելլան նստում է բազմոց-մահճակալին: Տղաները տեղավորվում են նրա երկու կողքը:) Ուրեմն, սա մեր գաղտնիքն է, լա՞վ… Սրբազան գաղտնիքը: Երկուսդ էլ կրկնեք:

Արթի,  Ջեյ  և  Բելլա Սա սրբազան գաղտնիք է:

Բելլա Շատ լավ, այսպիսով… (Ժպտում է:) Ես պետք է ամուսնանամ… Ես պետք է լինեմ կին և պետք է ունենամ շատ ու շատ երեխաներ, պետք է ապրեմ իմ սեփական տանը… Մի՞թե դա հրաշալի լուր չէ: (Տղաները նայում են միմյանց:) Միայն դուք գիտեք այդ մասին… Ջե՛յ, Արթի՛: Ես պետք է ամուսնանա՛մ:

(Իհարկե, նրանք ապշած են):

Ջեյ Օ՜հ, դա հիանալի է, Բելլա՛ հորաքույր:

Արթի Իսկ դու արդեն հանդիպե՞լ ես որևէ մեկին:

Բելլա Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ արդեն հանդիպե՞լ ես որևէ մեկին…  Իհարկե, հանդիպել եմ… Ես նրան տասը օր առաջ հանդիպել եմ Օրփեում կինոթատրոնում… Այս շաբաթ չորս անգամ տեսել եմ նրան այնտեղ:

 Ջեյ Դուք երկուսդ էլ չորս անգամ դիտել եք նույն կինոնկա՞րը:

Բելլա Ինձ համար դա կարևոր չէ: Եվ նրա համար նույնպես, քանի որ  այնտեղ է աշխատում: Նա հսկիչ է… Եվ համազգեստով չափազանց հաճելի տեսք ունի:

Արթի Նա հսկի՞չ է:

Բելլա Նրա անունը Ջոննի է: Ես միշտ մտածել եմ, որ պետք է ամուսնանամ մեկի հետ, ում անունը Ջոննի է:

Արթի Հրաշալի՜ նախազգացում:

Բելլա Մի խոսքով, այնուհետև մենք գնացինք սուրճ խմելու…. Հետո գնացինք այգում զբոսնելու… Եվ իջանք գետի մոտ: Իսկ այսօր, ուղի՛ղ ժամը երկուսին… կամ երկուսն անց տասնհինգ… կամ երկուսն անց կես… ճիշտ ինչպես լինում է ֆիլմերում, նա ինձ ամուսնության առաջարկություն արեց… Ես նրան ասացի, որ կմտածեմ այդ մասին, բայց պատասխանն է՝ այո:

Արթի Դա այդ մասին ահագին արագ մտածել է:

Բելլա Գիտեմ, բայց չէի ուզում, որ նա միտքը փոխի… Մի՞թե իմ չափ ուրախ չեք այս ամենի համար:

Ջեյ Օհ, իհարկե… իհարկե… իհարկե… Իսկ նա քանի՞ տարեկան է:

Բելլա Երեսուն… Գուցե՝ ոչ: Գուցե մոտ քառասուն… Բայց նա շատ գեղեցիկ է: Եվ անչափ քաղաքավարի: Եվ լուռ: Ստիպված միայն ես էի խոսում: Նա միայն ասաց. «Կամուսնանա՞ս ինձ հետ»:

Ջեյ Նախկինում երբևէ ամուսնացած եղե՞լ է:

Բելլա Օհ, ոչ: Ես երբեք չէի ամուսնանա ինչ-որ մեկի հետ, ով նախկինում ամուսնացած է եղել: Ես ուզում եմ, որ երկուսիս համար էլ դա լինի առաջին անգամ:

Ջեյ Իսկ ինչո՞ւ նա բանակում չէ, եթե չունի երեխաներ:

Բելլա Օհ, ցանկացել է գնալ, բայց նրան չեն վերցրել իր հաշմանդամության պատճառով:

Ջեյ Ի՞նչ հաշմանդամություն:

Բելլա Նա կարդալու հաշմանդամություն ունի:

Ջեյ Ուզում ես ասել, նրա աչքերը վա՞տ են տեսնում:

Բելլա Ոչ: Նա պարզապես չի կարողանում սովորել: Ինչպես ես: Փոքր ժամանակ հաճախել է հատուկ դպրոց՝ հոգեբուժարանի մոտ գտնվող դպրոցը: Մեկ անգամ էլ մոտ վեց ամիս մնացել է հոգեբուժարանում. ասում է՝ սարսափելի տեղ է… Ուստի, ծնողները նրան հանել են այնտեղից… Իսկ հիմա շատ ավելի ուրախ է:

Արթի Օ՜, հասկացա… Ջե՛յ, դու հասկացա՞ր:

Ջեյ Հասկանում եմ, թե ինչու չես ցանկանում ասել մեծ մամային… Ուզում եմ ասել, որովհետև դա այնքան անսպասելի է:

Բելլա Եվ հետո, նա չի պատրաստվում մշտապես լինել հսկիչ… Ուզում է  ռեստորան բացել, որովհետև, եթե կա մի բան, որը  մարդիկ միշտ անում են, ապա դա ուտելն է: Մի՞թե համաձայն չեք: (Արթին և Ջեյը միասին գլխով են անում:) Ես կլինեմ խոհարարը, իսկ նա կլինի տնօրենը: Ինձ համար դա կլինի աշխարհում ամենալավ բանը:

Ջեյ Նա կկարողանա՞ ռեստորան կառավարել, եթե չի կարող կարդալ ճաշացուցակը:

Բելլա Դե, այդ ամենը կանեմ ես: Ես կօգնեմ նրան… Խնդիրն այն է, որ նրա ծնողներն աղքատ են, իսկ ինքը շատ գումար չի վաստակում, և ռեստորան բացելու համար մեզ անհրաժեշտ է մոտավորապես հինգ հազար դոլար… Իսկ ես վստահ չեմ, որ  մաման ինձ այդ գումարը կտա:

Ջեյ Քո մաման ունի՞ հինգ հազար դոլար:

Բելլա Օհ, շատ ավելի՝ տասը կամ տասնհինգ հազար: Այդ մասին որևէ մեկին չպետք է ասեմ:

Ջեյ Իսկ որտե՞ղ է պահում, բանկո՞ւմ:

Բելլա Ոչ, այստեղ, տանը ինչ-որ տեղ: Ամեն տարի նա փոխում է թաքստոցը: Ոչ ոք չգիտե, որ նա գումար ունի… Ոչ Էդդին, ոչ Գերթը և ոչ էլ Լուին: Ոչ ոք… Ուստի իմ խնդիրն է մամային ստիպել, որպեսզի համաձայնվի, որ ես ամուսնանամ Ջոննիի հետ, որպեսզի համաձայնվի, որ մենք ռեստորան բացենք, ու ես տեղափոխվեմ այստեղից, որպեսզի համաձայնվի ինձ տալ հինգ հազար դոլար: Բայց չեմ կարծում, թե կհամաձայնվի: Իսկ դուք ի՞նչ եք կարծում:

Ջեյ Ինձ թվում է, որ նա այլևս քեզ թույլ չի տա կինոթատրոն գնալ:

Բելլա Եթե դուք չասեք, ապա նա չի իմանա: Ջեյ, դուք նրան չե՛ք ասի,  չէ՞:

Ջեյ Երդվո՛ւմ եմ:

Բելլա Արթի՞:

Արթի Ես նրա հետ շատ չեմ շփվում:

Բելլա Հիմա պետք է գնամ իմ ննջասենյակ և խորհեմ այս ամենի մասին: Խորհելն ինձ մոտ լավ չի ստացվում: Ձեռքերս ավելի լավ եմ կարողանում օգտագործել… Բայց դուք խելացի եք: Երկուսդ էլ: Գուցե դո՛ւք խորհեք իմ փոխարեն… Խնդրում եմ, խորհեք: Մինչև կյանքիս վերջը ձեզ երախտապարտ կլինեմ: (Ուղղվում է դեպի ննջասենյակ, բայց հետո կանգ է առնում:) Օ՜հ, անուն մտածեցի ռեստորանի համար… «Լա Բելլա Ջոննի»:

Ջեյ Շատ գրավիչ է:

Բելլա Հա՛, պարզապես լավ կլիներ, եթե նա կարողանար կարդալ դա: (Գնում է իր ննջասենյակը:)

Արթի Սպասիր, մինչև Ջոննին հանդիպի մեծ մամայի հետ: Մեկ շաբաթ չանցած կրկին կհայտնվի հոգեբուժարանում:

Ջեյ Տասնհի՛նգ հազա՜ր… Վա՛հ: Ի՞նչ ես կարծում, դրա մի մասը փոխ կտա՞ր պապային: (Նայում է շուրջը:) Ո՞րն է այն պահելու համար ամենաապահով տեղը: Որտեղ ոչ մեկի մտքով չի անցնի նայել: 

Արթի Իրոք, բայց դու գողություն անելու միտք չունես, չէ՞:    

Ջեյ Ոչ, բայց գուցե փոխ վերցնենք: Պարզապես շատ կցանկանայի պապային ուղարկել մի ծրար, որի մեջ լիներ ինը հազար դոլար:

Արթի Իսկ ի՞նչ կմտածի, ո՞վ է այն ուղարկել: Աստվա՞ծ: 

Ջեյ Նա Լեհաստանում մի հորեղբայր ուներ, որը մահացել է: Նա պապային գումար է թողել որպես ժառանգություն:

Արթի Կարծում ես, գերմանացիները թույլ կտային, որ Լեհաստանում ապրող ինչ-որ հրեա ինը հազար դոլար ուղարկեր Ալաբամայում ապրող մեկ այլ հրեայի՞:

Բեմը մթնում է:    

Չորրորդ  տեսարան

Լսվում է գնացքի ձայնը…. այնուհետև Էդդիի ձայնը…

Էդդի (Վերևից լսվում է ձայնը): «…Սիրելի տղաներ… Հարավային նահանգներով ճամփորդելն ինձ համար եղավ նոր փորձառություն: Մարդկանց մի մասը շատ ջերմ, կրթված ու քաղաքավարի է, ու նաև պերճախոս: Բայց գնացքում հանդիպում են մարդիկ, ովքեր ծխախոտի նստվածքը թքում են պատուհանին… Շատերի համար տարօրինակ է հնչում իմ նյույորքյան առոգանությունը: Մինչև այստեղ գալը նույնիսկ չգիտեի, որ նման առոգանություն ունեմ… Ատլանտայում ծանոթացա շատ հաճելի հրեա ընտանիքի հետ, բայց նրանց խոսելաոճը նույնպես անհասկանալի էր: Այդ կինը՝ տիկին Շնայդերն իր իդիշ առոգանությամբ, ինձ ասաց. «Շաբաշին (սաբբաթ) սինագոգ կգաս և կծանոթանաս հիանալի մարդկանց հետ»: Նրա զգացմունքները չվիրավորելու համար իմ նյույորքյան առոգանությամբ ասացի. «Հարշկա» (հարց չկա): Իսկ նա պարզապես նայեց ինձ և ասաց՝ «Իսկ ո՞վ է Հարշկան»… Կարծում եմ, բավական ժամանակ է պետք, որպեսզի վարժվեմ տարբեր առոգանություններին: 

Սիրով՝ պապա»:    

(Բեմը լուսավորվում է: Մեկ շաբաթ անց, գրեթե կեսգիշեր է: Սենյակում մութ է, միայն պատուհանից երևացող լիալուսինն է պայծառ փայլում:

Տղաների անկողինը բաց է, սակայն նրանցից ոչ մեկն այնտեղ չէ: Արթին պիժամայով կանգնել է ներքևի հարկ տանող դռան մոտ):

Արթի Ջե՛յ, արագացրո՛ւ: Ի՞նչ ենք անելու, եթե հանկարծ մեծ մաման  արթնանա… Սա խենթություն է: Ինչո՞ւ պետք է նա դրամը թաքցնի խանութում:

(Ներքևում լապտերի լույս է երևում: Արթին արագ վերադառնում է անկողին: Ջեյը ներս է մտնում լապտերը ձեռքին):

Ջեյ Ես ամեն տեղ նայեցի: Այնտեղ ոչ մի դրամ էլ չկա: (Դողացնում է:) Տեր Աստված, սառեցի: Ես փնտրում էի պաղպաղակի տուփերի տակ: (Մտնում է անկողին:) Ինձ թվում է՝ ցրտահարվել եմ:

Արթի Ինչո՞ւ պետք է դրամը պահեր պաղպաղակների տակ: Մենք այդ տուփերն օգտագործում ենք ամեն շաբաթ:

Ջեյ Բայց ո՛չ թթի պաղպաղակի տուփերը: Թթինը ամիսներ շարունակ մնում է: Ոչ մեկի մտքով չի անցնի նայել թթի պաղպաղակի տուփերի տակ:  

Արթի Հավատս չի գալիս, որ գողանում ենք մեր հարազատ մեծ մորից:

(Նրանք հանգցնում են լապտերը և պառկում քնելու… Անցնում է մի պահ… Հետո բացվում է մուտքի դուռը: Ներս է մտնում գլխարկ դրած մի մարդ: Նա փակում է դուռը, դանդաղ մոտենում է պատուհանին: Ձեռքին փոքրիկ սև պայուսակ է):

Ջեյ Ո՞վ է: (Լապտերը վառում է և պահում մարդու վրա:)

Լուի Տղաս, այդ լույսը դեմքիցս հեռացրո՛ւ և շարունակիր քնե՛լ:

Ջեյ Պարոն, երդվում եմ, այստեղ գողանալու ոչինչ չկա:

Լուի Մի՞թե դու Ջեյն ես:

Ջեյ Հա՛: Իսկ դու ո՞վ ես:

Լուի Ես Լուի հորեղբայրն եմ:

Ջեյ Լուի հորեղբա՞յրը: Ճի՞շտ ես ասում… Արթի՛, տե՛ս, Լուի հորեղբայրն է:

Արթի Լուի հորեղբա՞յրը… Իրո՞ք: Ողջո՛ւյն, Լուի հորեղբայր:

Լուի Մի՞թե դու Արթին ես:

Արթի Հա՛, ես Արթին եմ… Ողջո՛ւյն, Լուի հորեղբայր:

Լուի Հլա մի րոպե սպասե՛ք: (Լուին վառում է սեղանի լամպը: Լուի Քուրնիցը մոտավորապես երեսունվեց տարեկան է: Հագելին երկկոճակաշար կոստյում է, որի կրծքամասի գրպանում թաշկինակ կա, մուգ կապույտ վերնաշապիկով է, ճչացող փողկապով ու սև, սուրքիթ կոշիկներով: Կրում է լայնեզր գլխարկ, ձեռքին փոքրիկ սև պայուսակ է՝ շատ նման  բժշկական պայուսակի:) Ա՛յ քեզ զարմանալի բան: Աչքերիս չե՛մ կարողանում հավատալ: Էս ե՞րբ հասցրիք այսքա՜ն մեծանալ: Որոշ ժամանակ ձեզ չեմ տեսնում, մեկ էլ՝ հոպ, միանգամից մեծանում եք… Ապա մի մոտ եկե՛ք: Դե՛, շուտ մոտ եկեք, ուզում եմ ձեզ գրկել: Ձե՛զ եմ ասում, լսո՞ւմ եք, դե՛ արագ, մոտեցե՛ք: (Տղաները նայում են միմյանց, մտածելով, որ Լուին այն տեսակին չի պատկանում, ովքեր սիրում են գրկախառնվել: Նրանք արագ թռնում են անկողնուց ու մոտենում Լուիին: Վերջինս ձեռքերը գցում է տղաների ուսերին, ամուր գրկում: Նայում է Ջեյին:) Ճիշտ մորդ պատկերն ես: Ձեր մայրը գեղեցիկ կին էր… (Արթիին.) Իսկ դու… Դու շատ նման ես փոքրիկ ցլաբարակ շան: Մի՞թե  իրոք ցլաբարակ շուն ես: (Խառնշտում է Արթիի մազերը:)

Արթի Հա, երևի թե:

Լուի (Ձևացնում է, իբր բռունցքով հարվածում է Ջեյի փորին): Հե՜յ, մի տե՛ս, է՜: Էս ի՞նչ է, դու միջին քաշայի՞ն ես: Էս ո՞վ է քեզ այսպես ուժեղացրել:

Ջեյ Բելլա հորաքույրը: Նա շատ լավ խոհարար է:

Լուի (Հանում է գլխարկը): Նաև ներքևի հարկում գտնվող սառնարան տանող գիշերային այցերը, չէ՞: Իսկ լապտերով թթի պաղպաղակների մեջ պեղումներ անե՞լը… Տղաս, դա համարվում է ներխուժում և կողոպուտ, որի համար երկուսից հինգ տարի է հասնում:

Ջեյ Դու ինձ տե՞սար:

Լուի (Մոտենում է մեծ մոր սենյակի դռանը, ականջ դնում): Ես ներքևում եմ եղել այն պահից, երբ մաման խանութը փակեց:

Ջեյ Մթության մեջ նստա՞ծ:

Լուի Հա՛: Սպասում էի, որ գնա քնելու: Երկար խոսակցության տրամադրություն չունեի:

Ջեյ (Նայում է Արթիին, հետո Լուիին): Ես մատով մի քիչ վերցրեցի: Շատ եմ սիրում թթի պաղպաղակ:

Լուի Տղաս, դա լուրջ սխալ է: Մաման կարողանում է մատնահետքեր կարդալ: Առավոտյան կբռնացնի քեզ:

Ջեյ Լո՞ւրջ ես ասում:

Լուի Դե փախե՛ք էստեղից: Դուք, ի՞նչ է, երկու թուլակամնե՞ր եք, ինչպես ձեր հայրը… Արթի, ի՞նչ էր ներքևից բերում քեզ համար, մի քանի պիստա՞կ:   

Արթի Ոչ, ոչինչ էլ չէր բերում: Ես քաղցած չէի:

Լուի Կարծում եք, ես ու ձեր հայրը փոքր ժամանակ այդպիսի բաներ չե՞նք արել: Դա էր ամենազվարճալին: Օրվա ընթացքում ոչինչ չէինք վերցնում: Կար մեր սրտի ուզած ամեն բան՝ մեկ տոննա պաղպաղակով և քաղցրավենիքով լի խանութ: Երբեք ոչինչ չէինք վերցնում… Բայց հենց մաման գլուխը դնում էր բարձին ու լույսն անջատում, իջնում էինք ներքև, խժռում էինք պաղպաղակը և կատվի նման մլավում… Այդպես է պետք  անել, չէ՞: Հաճույքի մի մասն էլ հենց այն է, որ կարող ես բռնվել: Տղանե՛ր, ճիշտ չե՞մ ասում, ամենաքաղցր բանը վտանգն է:

Ջեյ Երևի:

Լուի Միանգամայն:

Արթի Ես չգիտեի, որ պապան այդպիսին է եղել:  

Լուի Հա՛, բայց թե, համենայնդեպս, նա այդ հարցում շատ ապաշնորհ էր: Մաման միշտ իմանում էր, թե ինչ է կատարվում: Եթե անգամ ոլորաբլիթի վրայից աղի մի հատիկ պակասեր… Բայց ոչինչ չէր ասում: Կաթը ձեռքին խանութից բարձրանում էր վերև, նստում նախաճաշի, իմանալով, որ ամեն ինչի վրայից երկու գդալ պակասել է: Պարզապես սևեռուն հայացքով նայում էր մեզ… ուղիղ մեր ակնախնձորների մեջ՝ բիբը բբին… անթարթ… Նրա աչքերը կարծես երկու փաստաբաններ լինեին… Ի վերջո Էդդին չէր դիմանում ճնշմանը: Նա միշտ կոտրվում էր: Արցունքները թաց խոստովանության պես սկսում էին գլորվել այտերի վրայով… ու նրա գլխին մի ուժգին շառաչուն հարված էր հասնում գերմանական խոշոր ձեռքի կողմից… Բայց ո՛չ իմ գլխին: Ես այնքան էի նայում մամային նույնպիսի սևեռուն հայացքով, մինչև նրա կոպերից յուրաքանչյուրը ծանրանում ու դառնում էր տասը ֆունտ… Այնուհետև շրջվում էր ու իջնում ներքև՝ հաշվարկ անելու… Եվ գիտե՞ք ինչ, նրան դա շատ էր դուր գալիս… որովհետև ես կարողանում էի իմ իրավունքը պաշտպանել… Հա՛, ես ու մաման սիրում ենք դիմակայել և հաղթել:

Ջեյ Ոչ ոք մեզ չէր ասել, որ այսօր գալու էիր:

Լուի Ոչ ոք չգիտեր: Նույնիսկ ինձ համար էր անակնկալ: Այստեղ կմնամ մի երկու օր, գուցե՝ մեկ շաբաթ: Այժմ ներկում են իմ բնակարանը:     

Արթի Դու չգիտեի՞ր, որ պետք է ներկեն քո բնակարանը:

Լուի Հենց այսօր կարողացան ձեռք բերել անհրաժեշտ գույնի ներկը: Պատերազմի պայմաններում դժվար է ճարել:   

(Լուին հանում է պիջակը, տակից երևում է պատյանը, նրա միջից էլ՝ ատրճանակը:) Տղաներ, և ի՞նչ, ձեր քիթը հեռո՞ւ եք պահում փորձանքից:

(Տղաները մագնիսացած նայում են ատրճանակին:)

Ջեյ Ի՞նչ:

Լուի Ձեր պապան ինչպե՞ս է: Մաման ասաց, որ թափոնի գործ է անում: Արթի, մի՞թե դա ճիշտ է:

Արթի (Նայում է ատրճանակին): Ի՞նչ:

Լուի Իբր երկաթի ջարդոն է վաճառում, մի՞թե այդպես է:

Տղաները միասին Ի՞նչ:

Լուի Ի՞նչ է պատահել: (Նայում է ատրճանակին:) Սա՞: (Ժպտում է:) Հե՜յ, սրա համար մի՛ անհանգստացեք: (Ատրճանակը հանում է պատյանի միջից:) Ընկերոջս ատրճանակն է: Նա ոստիկան է և արձակուրդ գնալուց առաջ վստահել է ինձ, որ պահեմ: Ընկերս մտահոգվում է, քանի որ կորցնելու դեպքում պետք է վճարի դրա համար… (Ատրճանակը դնում է գոտու տակ, տաբատի դիմացի բացվածքից մի քիչ վերև:) Բացի այդ, սա կանանց դուր է գալիս: Երբ շատ մոտիկից պարում եմ նրանց հետ, նրանք հաճույքից սարսռում են: (Տղաներին աչքով է անում:)   

Ջեյ Մի՞թե… մի՞թե լիցքավորված է:

Լուի Օ՜, հույս ունեմ՝ ոչ: Այլապես, եթե պարպվի, ես կդառնամ բալետի պարուհի: (Տղաներին աչքով է անում, արձակում է ատրճանակը և գցում է աթոռի վրա, վերադառնում ու շարունակում է հանվել:) Ձեր հայրը երբեմն  գումար ուղարկո՞ւմ է ձեզ որոշ ծախսերի համար:

Ջեյ Օ՜հ, այո, երբ կարողանում է:

Լուի Այսինքն՝ երբե՛ք, այնպես չէ՞: Կարծում եք չգիտե՞մ, թե ինչ է կատարվում: Շնաձկերը խայծ են տալիս նրան, չէ՞: Նա պետք է ինձ դիմեր: Գումարի փոխառության շատ ձևեր կան: Ձեր հայրը դա չի հասկանում: Երբեմն, եթե շատ ես վեր-վեր թռչում, ապա ավելի ու ավելի ներքև ես ընկնում: Ջեյ, հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ուզում ասել:

Ջեյ Հա… երբեք մտքովս չէր անցնի, որ ոստիկանն իր ատրճանակը կտա որևէ մեկին:

Լուի (Նայում է Ջեյին, հետո՝ Արթին): Արթի, գիտե՞ս, որ շատ խելացի եղբայր ունես: Ջեյ, ճիշտ ես ասում, սա ի՛մ ատրճանակն է: Ես մի շատ կարևոր ու հայտնի քաղաքական գործչի թիկնապահն եմ, մի տեսակ… ինչպես ՀԴԲ-ի գործակալ, որին մեկ այլ անուն են տալիս:

Արթի Ուզում ես ասել՝ կամակատա՞ր:

Լուի (Զայրացած նայում է Արթիին): Այդ պատմություններն ումի՞ց ես լսել, Ջեյի՞ց:

Արթի Ո՛չ, երդվում եմ:

Լուի Երբեք դա որևէ մեկի մոտ չկրկնես, հասկացա՞ր:   

Արթի Ես չէի ուզում այդպես ասել: Պարզապես մտքիս կամակոր բառն էր:

Լուի Դուք երկու խեղկատակներ եք, չէ՞: Արթի՛, ինձ մի՛ ծաղրիր, քիթդ սկսում է երկարել… Ուրեմն, հիմա մի փոքր գործնական խոսակցություն ունեմ ձեզ հետ: Տղաներ, չե՞ք ուզում դասերից հետո մի քիչ գումար վաստակել:

Ջեյ Նկատի ունես աշխատա՞նք: Ես փորձում էի աշխատանք փնտրել, բայց մեծ մաման ուզում է, որ դասերից հետո լինենք խանութում, մեր ծախսերը հոգալու համար:

Լուի Իսկ չե՞ք ուզում ինձ համար աշխատել: Շաբաթը հինգ դոլար՝ կանխիկ, որը կկիսեք երկուսիդ մեջ: Միայն, նախ ինձ ասեք, թե մտքիս ինչ թիվ եմ պահել: Եթե սխալվեք, գործարքը չեղյալ եմ համարում… Տղաներ, փորձեք գուշակել:

Արթի Երեք:

Ջեյ Յոթ:

Լուի Երեսունյոթ, միանգամայն ճիշտ է: Հրաշալի գուշակություն: Արդեն կարող եք աշխատավարձ ստանալ Լուիից: (Ծնկակապի միջից հանում է հինգ դոլարանոց և տալիս է Ջեյին:) Արթի, իսկ դու կարո՞ղ ես մեքենա վարել:

Արթի Ո՞վ, ե՞ս: Ես ընդամենը տասներեք ու կես տարեկան եմ:

Լուի Շատ ափսոս: Ինձ պետք է մեկը, ով կարող է մեքենա վարել:

Արթի Ես հիանալի գլաչմուշկող:

Լուի (Ժպտում է): Տղաս, դա շատ լավ է, որովհետև ես պտտելու եմ քո անիվները: Հիմա իմ հերթն է, որ քեզ ծաղրեմ: Արթնացի՛ր ու սկսիր ապրել: Դրսում աշխարհը շատ արագ է շարժվում:

Ջեյ Լուի հորեղբայր… Այս հինգ դոլարանոցը… Վրան քո պատկերն է:

Լուի (Արթիին): Նա քեզանից արագ չի շարժվում: Արթի, ստուգիր գրպանդ:    

(Արթին ստուգում է պիժամայի գրպանը և այնտեղ հայտնաբերում հինգ դոլարանոց):

Արթի Սա հինգ դոլարանոց է: Իսկականը: Ինչպե՞ս արեցիր:

Լուի Այս մատներն ունեն արտասովոր հմտություններ: Ես կարող էի լավ ջութակահար լինել, համերգներ տալ, սակայն թաշկինակը շարունակ ընկնում էր վզիս վրայից:

Ջեյ Գումարի դիմաց ի՞նչ պետք է անենք:

Լուի Ոչինչ: Ասենք, եթե մեկը գա և ինձ փնտրի, կասեք, որ ոչինչ չգիտեք, ոչինչ չեք տեսել, ոչինչ չեք լսել: Ի՞նչ եք կարծում, այդքանը կարո՞ղ եք անել:

Արթի Անցյալ օրը երկու մարդ քեզ էին փնտրում:

Լուի Հա՞: Ի՞նչ մարդիկ էին:

Արթի Նրանցից մեկի քիթը կոտրված էր, իսկ մյուսն ուներ…

Լուի Բեթի Գրաբլի փողկապ:

Արթի Այո:

Լուի Հոլիվուդի Հարին է: Նա մետաքսի վրա ձեռքով նկարել է բոլոր աստղերին: Երբ մի քիչ էլ մեծանաք, կարող եք տեսնել նաև Ջիփսի Րոզ Լիի փողկապը… Ուրեմն, եթե այդ մարդիկ կրկին հայտնվեն այստեղ ու սկսեն հարցեր տալ, ի՞նչ եք պատասխանլու նրանց:

Արթի և Ջեյ Ոչինչ:

Լուի Ապրե՛ք, խելացի տղաներ եք: Արթի, տես ի՞նչ կա Ջեյի գրպանում:

(Արթին ձեռքը մտցնում է Ջեյի գրպանը և դուրս բերում մի թղթադրամ):

Արթի Եվս մեկ հինգ դոլարանոց:

Լուի Քարնեգի Հոլում կարող էի նվագել:

Ջեյ Մենք սխալ բան չենք անում, այնպես չէ՞:

Լուի Դուք իմ եղբոր զավակներն եք, մի՞թե կարծում եք, որ ձեզ կարող եմ ներգրավել ինչ-որ անխոհեմ գործի մեջ: Հիմար բաներ մի՛ ասեք: Կան մեկ-երկու տղաներ, որոնք ինձ չեն սիրում, որովհետև ես հանդիպում էի մի տիկնոջ հետ, ում չպետք է հանդիպեի: Դա մի աննշան, թաղային խնդիր է… հասկացա՞ք: Դե, արդեն ուշ է: Գնամ լվացվեմ: Դեմ չե՞ք, որ այսօր ձեր անկողնում քնեմ:

Արթի Իհարկե, դեմ չենք, էստեղ լիքը տեղ կա:

Լուի Մի բան էլ ասեմ ու վերջ: (Մատնացույց է անում իր սև պայուսակը:) Սրան ձեռք չտաք: Իմ ունեցած բոլոր արժեքավոր իրերը դրա մեջ են՝ զինակոչի քարտս, վարորդական իրավունքս… Իմ ընտիր ճարմանդները: Պայուսակը կդնեմ այնպիսի տեղ, որ դրա մասին մտահոգվելու անհրաժեշտություն չունենաք: (Ուղղվում է դեպի լոգարան, հետո կանգնում է:) Օ՜հ, Արթի, մի տես, ուրիշ բան կա՞ պիժամայիդ գրպանում:

Արթի (Ստուգում է): Ոչ: Այնտեղ ոչինչ չկա:

Լուի Դե լավ, մի՛ անհանգստացիր: Դու դեռ շատ փոքր ես:

(Լուին քրքջալով մտնում է լոգասենյակ):

Արթի Զարմանալի մարդ է: Կարծես սեփական տանդ ունենաս Ջեյմս Քագնիի կինոնկարը:

Ջեյ Մենք չենք վերցնի այդ դրամը: Կեսգիշերին նրա բնակարանը չե՛ն ներկում: Նա պարկով մարդկանցից է, ունի պարկ ու ատրճանակ, ու պապան չի ցանկանա, որ մենք վարձատրվենք Բեթի Գրաբլի փողկապ կրող Հոլիվուդի Հարիին «Ոչինչ» չասելու համար: Մտքիցդ հանի՛ր:

(Բացվում է Բելլայի սենյակի դուռը, նա անձայն դուրս է գալիս):

Բելլա Ջե՞յ: Արթի՞: Մի բան մտածեցի՞ք, թե ինչպե՞ս եմ ասելու մեծ մամային. դե գիտեք, թե ում մասին:

Ջեյ Վա՜յ, ոչ: Մենք իրոք շատ զբաղված էինք:

Բելլա Պարզ է: Հասկանում եմ: Բայց եթե մի բան մտածեք, յուրաքանչյուրիդ մեկական դոլար կտամ: Գիտեմ, որ դա ձեզ պետք կգա: Հիմա թողնում եմ, որ քնեք: Շատ լավ երազ էի տեսնում: Գնամ, ավարտին հասցնեմ: (Վերադառնում է սենյակ, դուռը փակում:)

Ջեյ Գիտե՞ս, միայն այս ընտանիքից կարող ենք մեզ համար շատ լավ ապրուստ ապահովել:

(Լոգասենյակի դուռը բացվում է: Լուին  դուրս է գալիս սև պայուսակը ձեռքին և այնպես է դնում հատակին, որ պառկած տեղից երևա: Հետո նստում է, հանում  ծնկակապերն ու գուլպաները, մտնում անկողին):

Լուի Տղաներ, չե՞ք ուզում գնալ զուգարան:

Ջեյ Ոչ: Ինչո՞ւ:

Լուի Չեմ սիրում, երբ քնած ժամանակ որևէ մեկը վեր է կենում:

Արթի Շատ լավ… Ինչքա՞ն ես քնում:

Լուի Այնքան, մինչև մի տհաճ բան եմ տեսնում:

Ջեյ Դու կարող ես քնած ժամանակ տեսնե՞լ:

Լուի (Ժպտում է): Փոքրիկս, ինձ մի՛ փորձիր: Արթնանալիս ես  դյուրագրգիռ եմ լինում: (Գոհ նայում է իր շուրջը:) Այո, լավ է լինել տանը, սեփական անկողնում:

Արթի Դու այստե՞ղ էիր քնում:

Լուի Այո: Ես ու Էդդին: Իսկ Գերթը քնում էր Բելլայի հետ: Մաման էլ քնում էր իր ձեռնափայտի հետ… Տղերք, ընտանիքի պես քաղցր բան չկա: Ընտանեկան օջախը միակ տեղն է աշխարհում, որտեղ դու ապահով ես… Համաձա՞յն եք:

Ջեյ Այո:

Արթի Այո:

Լուի Այո: Ուրեմն, բարեկամներս, եթե անկանխատեսելի մի բան չպատահի, ապա կհանդիպենք առավոտյան… (Անջատում է լամպը:) Բարի գիշեր: (Կողքի է շրջվում, տղաներից մի քիչ հեռու: Այնուհետև… լռություն:) 

Արթի Ջե՞յ:

Ջեյ Ի՞նչ:

Արթի Ուզում եմ զուգարան գնալ:

Լուի (Առանց շարժվելու): Պահիր:

(Մթության մեջ լսվում է):

Էդդի (Վերևից լսվող ձայնը): «Սիրելի տղաներ… Ինձ հույս տվող միակ բանն այն է, որ դուք ընտանիքիս հետ եք: Փառք Աստծո, որ ապահով ձեռքերում եք: Ձեզ սիրող՝ պապա»:

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Առաջին տեսարան

Մթության մեջ լսվում է «գնացքի» երաժշտություն և Էդդիի նամակը:

Երբ լույսը վառվում է, տեսնում ենք Արթիին՝ անկողնու մեջ: Նա փաթաթված է բաղնիքի խալաթով, ծնկին երգիծական գիրք Է: Նամակն է կարդում, իսկ Էդդիի ձայնը շարունակում է:

Էդդի (Վերևից լսվող ձայնը): «Սիրելի տղաներ… կներեք, որ վերջերս նամակ չեմ գրել: Պատճառն այն է, որ մի քանի օր եղել եմ հիվանդանոցում: Ոչ մի լուրջ բան չկա: Բժիշկն ասաց, որ պարզապես գերհոգնածություն է: Հիշում եմ, երբ փոքր էի ու հիվանդանում էի, մաման ինձ տալիս էր անտանելի վատ համ ունեցող գերմանական մանանեխի ապուր: Տեր Աստված, որքան էի ատում այն: Բարեբախտաբար, այստեղ՝ Միսիսիպիում, դրանից չեն մատուցում: Շուտով կրկին կգրեմ: Ձեզ սիրող՝ պապա»:

(Դրսի դուռը բացվում է, ներս է մտնում Ջեյը՝ ձեռքին պնակով ապուր):

Ջեյ Քո բախտը բերել է: Դպրոց չես գնում ու երգիծական գրքեր ես կարդում: Երանի ե՛ս ունենայի ջերմություն: Ահա, խմիր սա:

Արթի (Տարակուսանքով նայում է ապուրին): Սա ի՞նչ է:

Ջեյ Մեծ մաման քեզ համար ապուր է պատրաստել:

Արթի Ոչ մի դեպքում չե՛մ խմի դա:

Ջեյ Արթի, վերջ տուր, այսօր նրա տրամադրությունը սարսափելի վատ է:

Արթի Ուզում ես ասել, որ մնացած բոլոր օրերին շատ լա՞վ է լինում:

Ջեյ Պարզապես խմիր… Ո՞ւր է Լուի հորեղբայրը:

Արթի Բելլա հորաքրոջ սենյակում է՝ մի քիչ ննջում է:

Ջեյ Դե նրան ասա, որ այսօր առավոտյան նրան զանգահարել են. Studebaker-ի տղաներից մեկն էր:

Արթի Բայց ասացի՛ր, որ դու ոչինչ չգիտես, չէ՞:

Ջեյ Այո: Իսկ նրանք ասացին, «Լուիին ասա, որ ուրբաթ գիշեր պարն ավարտվելու է»:

Արթի Ի՞նչ պար:

Ջեյ «Ցտեսություն, Լուի» պարը:

Արթի Ուզում ես ասել, որ նա դավաճանե՞լ է մոբին:

Ջեյ Ճի՛շտ հասկացար:

Արթի Վա՜յ… Կարծում ես, նրան կսպանե՞ն:

Ջեյ Գուցե երեքիս էլ: Չէ՞ որ մենք նրա համար ենք աշխատում:

(Մուտքի դուռը բացվում է, ներս է մտնում մեծ մաման: Նա կապել է հրուշակեղենի խանութի գոգնոցը. բարկացած է երևում):

Մեծ մայր (Ջեյին): Ապուրը վերև բարձրացնելու համար քսան րոպե՞ է անհրաժեշտ… ներքևում արդեն մեկ հավաքարար ունեմ, ով իր գործը չի անում: Ինձ երկրորդը պետք չէ:

Ջեյ Հենց հիմա գալու էի:

Մեծ մայր Եվ մի՛ թույլ տուր, որ երեխաներն ամբողջ օրը նստեն նստարանների վրա: Մեկը խմիչք է գնում, իսկ մյուս երկուսը ոլորաբլիթ են գողանում: Եթե գողանան, դու ես վճարելու դրանց համար:

Ջեյ Անշուշտ: Դա շատ արդար է: (Մոտենում է մուտքի դռանը:)

Մեծ մայր Դա՛ ի՞նչ բան էր:

Ջեյ Ասացի. «Այո՛, լսեցի՛»:

Մեծ մայր Էս մեկն իմ աչքին շատ ինքնավստահ է: (Արթիի վրայից քաշում է սավանը:) Ապա մի տեսնեմ: Վե՛ր կաց: Բավական է պառկես, վե՛ր կաց:

Արթի (Սավանը ետ է քաշում): Ցրտից դողացնում եմ: Ու ջերմության մեջ այրվում եմ: Կարող ես ձեռք տալ ճակատիս ու համոզվել:

Մեծ մայր Անկողնում պառկելով ջերմում ես: Եթե վեր կենաս ու քայլես, ջերմությունը կփնտրի մեկ ուրիշին: (Ձեռնափայտով երկու անգամ խփում է մահճակալին:) Վե՛ր կաց, վե՛ր կաց:

Արթի (Վեր է կենում անկողնուց, կանգնում, սկսում է դողացնել): Երբ ջերմություն էի ունենում, մայրս միշտ թողնում էր, որ մնամ անկողնում:

Մեծ մայր (Ուղղում է սավանները և մահճակալը ծալելով, կրկին բազմոց է դարձնում): Դու քո մոր տանը չես: (Մատնացույց է անում հյուրասենյակի սեղանի մոտ դրված աթոռը:) Նստիր աթոռին ու կատարիր տնային աշխատանքդ: Եվ ո՛չ մի զվարճալի գիրք: Եվ վերջացրու այդ ապուրը:

Արթի Փորձեցի, բայց կուլ չի գնում:

Մեծ մայր Եթե արագ ուտես, համը չես զգա:

Արթի Եթե անգամ լեզու չունենայի, կրկին համը կզգայի:

Մեծ մայր Լսի՛ր, դեռ էն մեկի նման ինքնավստահ չես, բայց աչքիս արդեն սկսում ես նմանվել: Ո՛չ, պարոն: Այս տանը չես կարող… Եթե ապրում ես ինձ մոտ, ապա չես կարող երկու օր մնալ անկողնում… Արագ լավացվի՛ր, հագնվի՛ր, իջի՛ր ներքև ու լվա՛ գազավորված ըմպելիքի շատրվանն ու ավլի՛ր խանութը: Ես չեմ խնդրել, որ հոգ տանեմ ձեր մասին, բայց եթե պետք է դա անեմ, ապա դու պարտավոր ես կատարել այն ամենը, ինչ ասում եմ քեզ: Գլուխդ մի՛ շրջիր ինձանից: Ի՛նձ նայիր… Դու այս վեճը չե՛ս կարող հաղթել, քե՛զ եմ ասում, արա հենց հիմա: Հասկանո՞ւմ ես:

Արթի …Այո:

Մեծ մայր Դե, ուրեմն հենց հիմա այդ ապուրը դիր բերանդ, այլապես  ինքս կդնեմ:

(Արթին նայում է մեծ մորը: Ակնհայտ է, որ նա անդրդվելի է: Արթին արագ բերանն է դնում ապուրն ու կուլ չի տալիս):

Արթի …Չեմ կարողանում կուլ տալ: (Մեծ մայրը մոտենում է, ետ է քաշում նրա գլուխը, ապուրը կուլ է գնում:) Կարող էիր ինձ խեղդել… Ինչո՞ւ ես հետս այդքան դաժան վարվում: Ես քո հարազատ թոռն եմ:

Մեծ մայր Ճիշտ ես: Իսկ ո՞վ եմ ե՛ս:

Արթի Ի՞նչ ես ուզում ասել:

Մեծ մայր Ո՞վ եմ ես… Մի՞թե ոչնչություն եմ:

Արթի Ոչ: Դու իմ մեծ մայրն ես:

Մեծ մայր Այդ դեպքում, ո՞ւր է հարգանքը: Քո ծնված օրից երբևէ հարգանք չեմ ստացել քեզանից, կամ քո ընտանիքից:

Արթի Պարզապես դու զայրացած ես մորս վրա ու մուռդ ինձանից ես հանում: Քեզ ընդհանրապես չի հուզում նեխած ապուրդ կամ ինձ առողջացնելը: Դու պարզապես ցանկանում ես ինձ տանջել, որովհետև Գերմանիայում ինչ-որ մեկը տանջել է քեզ: Նույնիսկ պապան է դա ասել… Դե, դա իմ մեղքը չէ: Մուռդ Հիտլերից հանիր, ոչ թե ինձանից:

Մեծ մայր Եթե դու մեծանայիր Գերմանիայում, հիմա արդեն մեռած կլինեիր:

Արթի Ճիշտ է, հավանաբար մեռած կլինեի: Իսկ եթե այս ապուրն ուտեմ, նույնպես կմեռնեմ: Իսկ դա քեզ ուրախություն կպատճառի՞: Մեծ մամա, իսկ դու ցանկանո՞ւմ ես ուրախ լինել: Դե տե՛ս: (Սկսում է արագ կուլ տալ վեց-յոթ գգալ ապուր:) Եղա՞վ: Հիմա կարող ես այդտեղ կանգնել ու տեսնել, թե ինչպես եմ մեռնում:

Մեծ մայր Ոչ, դու չե՛ս մեռնի: Մինչև կեսօր շատ ավելի լավ կզգաս քեզ: Արթո՛ւր, այնքան էլ կարևոր չէ, որ ատում ես ինձ… Միայն կարևոր է, որ դու ապրես: (Մոտենում, բացում է մուտքի դուռը:) Դա մի բան է, որը չկարողացա սովորեցնել քո հորը: (Դուրս է գալիս:)

(Բացվում է Բելլայի ննջասենյակի դուռը, դուրս է գալիս Լուին՝ քնկոտ աչքերով, գզգզված մազերով: Հագին  ներքնաշապիկ է, շալվար ու գուլպաներ, բայց  կոշիկ չի հագել):

Լուի Երբևէ լսե՞լ ես գեներալ Րոմմելի մասին:

Արթի Ո՞ւմ:

Լուի Գեներալ Էրվին Րոմմելի, որը Գերմանիայի տանկային զորքի հրամանատարն է: Այս պահին նա շրջում է Եգիպտոսով մեկ ու կտրելով անցնում բրիտանական բանակի միջով: Այսինքն, նա քո պատկերացրած ամենահզոր մարդկանցից է… Բայց եթե մաման ցանկանա, որ նա ուտի ապուրը, ապա նա կուտի՛ ապուրը:

Արթի Իսկ դու փոքր ժամանակ կերե՞լ ես:

Լուի Օ՜, այո:

Արթի Ես կարծում էի, թե նրանից չես վախեցել:

Լուի Եվ իրոք չեմ վախեցել: Հենց այդպես ապացուցեցի նրան: Այդ ապուրը  քեզանից շատ էի ատում, բայց երեք պնակ խմում էի և էլի ուզում: Մաման գիտեր, որ ինձ չի կարող հաղթել:

Արթի Երանի քո չափ դիմացկուն լինեի:

Լուի Հե՜յ, փոքրիկս, դու արդեն մոտ ես դրան: Դու ընդունեցիր նրա մարտահրավերը: Դա քաջություն էր պահանջում: Դա պահանջում է նկարագիր:

Արթի Իսկ ի՞նչ է նշանակում նկարագիր:

(Լուին կանգնում է, հանդուգն կեցվածք հաղորդելով մարմնին և դեմքին):

Լուի Այ, սա՛ է նկարագիրը… Որտե՞ղ է Ջեյ-Ջեյը:

Արթի Ներքևի հարկում է, հսկում է ոլորաբլիթները… Լուի հորեղբայր, հեռախոսով մեկը քեզ էր հարցնում:

Լուի Ի՞նձ:

Արթի Ջեյը պատասխանեց զանգին: Նա ասաց, որ երբևէ քո անունը չի լսել:

Լուի Բայց ինձ հաղորդելու բան է ասել, այնպես չէ՞:

Արթի Այո: Ասել է՝ «Լուիին ասա, որ ուրբաթ գիշեր պարն ավարտվում է»:

Լուի (Ժպտում է): Հա: Դե, դա ոչինչ էլ չի նշանակում: Բրոնքսից եկած երկու տղա սիրում են մեծ-մեծ խոսել: Աքլորանում են, էլի: Հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ուզում ասել, հա՞… Քեզ ի՞նչ պատահեց: Մեծ մաման տրամադրությունդ գցե՞ց:

Արթի Ինձ թվում է, որ նա շատ է սիրում այդպես անել:

Լուի Հե՜յ, սպասիր քեզ մի բան ասեմ: Գուշակիր, ո՞վ է քեզանից ավելի շատ ատում այստեղ ապրելը: (Մատնացույց է անում Մեծ մոր սենյակի դուռը:) Ձեռնափայտով ծեր կինը: Ճիշտ այդպես: Մեծ մաման ատում է խանութի աշխատանքը կազմակերպելը: Նա ատում է Յոնքերսում ապրելը: Գիտե՞ս, թե քանի ընկեր է ձեռք բերել երեսուն տարվա ընթացքում… Զրո:

Արթի Նա մարդկանց հետ շփվելու ցանկություն բոլորովին չունի:

Լուի Չեմ ասում, որ նրա հետ հաճելի է: Ես քեզ կասեմ ճշմարտությունը: Ես էլ շատ չեմ սիրում նրան: Ու նա գիտե: Ինչո՞ւ պետք է սիրեմ: Մեկ ափսե կոտրելու համար ինձ փակում էր զգեստապահարանում: Ընդամենը տասը ցենտ արժողությամբ ափսեի համար երկու-երեք ժամ մնում էի զգեստապահարանում: Իսկ եթե լաց էի լինում, ապա մնում էի ևս մեկ ժամ… առանց լույսի, առանց ջրի. միայն՝ շնչելու համար բավարար օդ: Հենց այդ ժամանակ էլ սովորեցի լաց չլինել: Իսկ մի քանի անգամ պահարանի մեջ մնալուց հետո դարձա ավելի պինդ ու դիմացկուն, ու էլ երբեք ոչ մի ափսե չկոտրեցի… Չէ՛, ես նրան չեմ սիրում, սակայն հարգում եմ: Մաման չտեսնված ուսուցիչ էր:

Արթի Մի՞թե ավելի հեշտ չէր լինի, եթե նա թղթե ափսեներ օգտագործեր:

Լուի Այդ դեպքում ո՞ւր կմնար դաս տալը: Թղթե ափսեները հարգանք չեն ներշնչում: Ինձ լսի՛ր… Նա մեր հանդեպ ավելի դաժան չի եղել, քան ինքն իր հանդեպ: Երբ տասներկու տարեկան էր, Բեռլինում հայրը նրան տարել է քաղաքական հանրահավաքի: Ձի հեծած ոստիկանները գավազաններով ցրել են այդ հանրահավաքը: Ինչ-որ մեկը քար է նետել: Ի պատասխան, ոստիկաններից մեկն ուժգին հարվածել է նրա հոր գլխին, իսկ ձին ոտնահարել է մամայի ոտքն ու կոտրել: Երբևէ նրա ոտքը չեն բուժել: Մինչև օրս մաման ամեն օր ցավից տառապում է, բայց երբևէ չեմ տեսել, որ ցավը մեղմելու համար գոնե մեկ ասպիրին խմի: Նա կարող էր վիրահատել ոտքը, բայց խնայած գումարն օգտագործել է, որպեսզի ամուսնու և վեց երեխաների հետ գա այս երկիր: Տղաս, այ դա՛ նկարագիր է:

Արթի Իսկ իմ պապային երբևէ դրե՞լ է պահարանի մեջ:

Լուի Նման բան չէր կարող պատահել: Հենց մաման բացում էր պահարանի դուռը, հայրդ ինքն իրեն կապում էր ջեռուցման մարտկոցին. նույնիսկ երբ այն շատ տաք էր լինում: Ո՛չ, նա այնքան սաստիկ էր վախենում մամայից, որ երբեք չէր համարձակվի հակառակվել նրան: Պապադ շատ զգույշ էր: Նա ոչ մի անգամ որևէ բան չի կոտրել, հավանաբար, բացի ինքն իրենից…

Արթի Երբևէ ցանկացե՞լ ես տանից փախչել:

Լուի Ես փախել եմ տանից: Տասներկու անգամ: Յոնքերսում այդ ցուցանիշը դեռ ոչ ոք չի գերազանցել: Վերջին անգամ մաման ինձ չէր ուզում ներս թողնել: Ոստիկանին ասաց, որ չի ճանաչում ինձ: Ես գնալու ոչ մի տեղ չունեի ու ձմռան ցրտին երկու շաբաթ մնացի տան նկուղում՝ երկու կատուների հետ: Բելլան ինձ սենդվիչներ էր բերում: Բերեց նաև ծածկոց ու մի քանի հատ մոմ: Մաման նրան բռնացրեց և ամբողջ գիշեր պահեց պահարանի մեջ: Բայց Բելլան ոչինչ չի հասկանում,  նրա համար դա մի տեսակ զվարճալի էր: Կամ գուցե մտածեց, որ դա ամենաապահով տեղն էր… Իսկ, օրինակ, Գերթը… Գերթը շատ ավելի էր վախեցած, քան հայրդ: Գերթը քնած ժամանակ խոսելու սովորություն ուներ: Մի գիշեր մաման լսեց, թե ինչպես էր տհաճ բաներ ասում իր մասին: Այդ շաբաթ Գերթը զրկվեց ընթրիքից, իսկ դրանից հետո սովորեց քնելիս շունչը պահել:

Արթի Ես չեմ մեղադրում, որ ատում ես նրան:

Լուի Ես չեմ ասել «ատում եմ»: Ես նրան չեմ սիրում: Դա նույնը չէ: Հիմա քեզ ինչպե՞ս ես զգում:

Արթի Կարծում եմ, էլ ջերմություն չունեմ:

Լուի Ապուրը զզվելի է, բայց օգնում է… Երբ Ջեյը գա, ասա, թող ինձ համար սուրճ ու դոնաթ բերի: Ես լողանալիս կլինեմ: Նախքան գնալս պետք է մաքրվեմ:

Արթի Դու գնալո՞ւ ես: Ե՞րբ:

Լուի Այսօր երեկոյան: Իմաստ չունի սպասեմ, մինչև պարն ավարտվի: (Աչքով է անում և ուղղվում դեպի լոգասենյակ:)

Արթի Լուի հորեղբա՞յր… (Լուին կանգ է առնում:) Հո փորձությունների մեջ չե՞ս:

Լուի (Ժպտալով): Արթի, ես երբեք առանց փորձությունների չեմ եղել: (Մտնում է լոգասենյակ, դուռը փակում:)

Բացվում է մուտքի դուռը: Ջեյը կատաղած ներս է խուժում՝ շրխկոցով փակելով դուռը):

Ջեյ Ատո՛ւմ եմ նրան… Ուղղակի տանել չեմ կարողանում: Չեմ զարմանում, որ մաման չէր ուզում՝ գանք այստեղ:

Արթի Ի՞նչ է արել:

Ջեյ Նա երեք ոլորաբլիթի գումար է գանձում ինձանից: Ինչ-որ երեխաներ երեք ոլորաբլիթ են գողացել, երբ նա ներքևում էր, իսկ ես քո ապուրը բերելու համար  բարձրացել էի վերև… Ասում է. «Ոչ, երբ բարձրացա վերև, ապակե ամանի մեջ կար տասներկու ոլորաբլիթ, իսկ երբ իջա ներքև, այնտեղ կար միայն ինը հատ»… Նույնիսկ Շերլոք Հոլմսը դա չէր նկատի…

Արթի Մեկ ոլորաբլիթն արժե երկու ցենտ, ուրեմն խոսքն ընդամենը վեց ցենտի մասին է:

Ջեյ Օ՜, ընդամենը, հա՞: Դե ուրեմն դո՛ւ վճարիր… Մի՞թե Լուի հորեղբայրը դեռ քնած է:

Արթի Լողանում է: Այսօր գնալու է:

Ջեյ Գնալո՞ւ է: Ես պետք է խոսեմ նրա հետ:

Արթի Ինչի՞ մասին:

Ջեյ Իմ անձնական գործի:

Արթի Ջեյ, դու ոչ մի գործ էլ չունես: Միակ բանը, որ ունես, դա մի գործ է, որը քո վրա նստում է օրական վեց ցենտ… Ջեյ, լավ էլի,  ասա: Միևնույն է, ես վաղ թե ուշ կիմանամ:

Ջեյ Պետք է Լուի հորեղբորը խնդրեմ, որ ինձ իր հետ տանի:

Արթի Ի՜… Ի՞ՆՉ:

Ջեյ Կարո՞ղ ես լռե՛լ:

Արթի Գժվե՞լ ես: Լուի հորեղբոր հետ գնա՞…ա՞…ս:

Ջեյ Ինձ անհրաժեշտ է գումար աշխատել: Մի լավ աշխատանք գտնել ինչ-որ տեղ: Այստեղ ապրել չեմ կարող, երբ գրպանումս ունեմ մինուս վեց ցենտ: Լուի հորեղբայրն   այստեղից պրծնելու իմ ուղեգիրն է:

Արթի Տանից փախչե՞լ: Պապային միայն դա էր պակաս:

Ջեյ Դե, մենք չենք կարող մեր հույսը դնել միայն պապայի վրա: Գուցե ինձ հաջողվի ավելի լավ հոգամ նրա համար, քան նա է կարողանում հոգ տանել մեր համար:

Արթի Ինչպե՞ս:

Ջեյ Գուցե Լուի հորեղբայրը կարող է ինձ մի քանի բան սովորեցնել:

Արթի Օ՜հ, հրաշալի է, այսինքն՝ ի՞նչ ես ուզում դառնալ, կրտսեր պարկով մա՞րդ: «Ծոցատետրի երեխա՞»:

Ջեյ Եթե Լուի հորեղբայրը համաձայնվի, դու չես կարող ինձ խանգարել:

Արթի …Եթե այդպես է, ինձ էլ տար քեզ հետ:

Ջեյ Քե՞զ տանեմ: Դու դեռ երեխա ես: Բացի այդ, մեծ մաման քո հանդեպ այնպես չի վերաբերվում, ինչպես իմ…

Արթի Ջեյ, ես վախենում եմ մեծ մամայից: Երբ փոքր է եղել, ձին ընկել է նրա վրա, ու մինչև հիմա դեռ  մի ասպիրին չի խմել:  

Ջեյ Լսի՛ր, եթե կարողանամ ինչ-որ տեղ լավ վարձատրվող աշխատանք գտնել, քեզ էլ կկանչեմ:

Արթի Խոստանո՞ւմ ես:

Ջեյ Երդվում եմ մամայի գերեզմանով:

Արթի Հավատս չի գալիս՝ Արթուր և Հակոբ գանգստերները:

(Բացվում է դուռը, ներս է մտնում Բելլան):

Բելլա (Ջեյին): Օ՜հ, դու այստեղ ես: Մաման ինձ ուղարկեց, որ փնտրեմ քեզ: Նա չգիտեր, թե այս քսան րոպեն որտեղ ես եղել:

Ջեյ Հենց հիմա կիջնեմ ներքև: Ուզում էի մի բան հարցնել Լուի հորեղբորը: Նա լողանում է:

Բելլա Արթի, արդեն ավելի լա՞վ ես զգում:

Արթի Օ՜հ, շատ ավելի լավ:

Բելլա Ջերմություն չունե՞ս:

Արթի Ոչ, նա վախեցավ ու փախավ:

Բելլա Ուրախ եմ, որովհետև այսօր հյուր ենք ունենալու: Քույրս՝ Գերթրուդն է գալու: Հիշո՞ւմ ես նրան:

Ջեյ Մի քիչ:

Բելլա Նա վատառողջ է, չի կարողանում ճիշտ շնչել: Ինձ թվում է, դրա պատճառն այն է, որ նա միշտ քնում էր գլուխը բարձի մեջ խրած:

Արթի Բարձի մե՞ջ:

(Բելլան գլխով է անում, արագ փակում է մուտքի դուռը, մոտենում է տղաներին):

Բելլա (Շշնջալով): Այս երեկո է ա՛յն օրը:

Ջեյ Ո՞ր օրը:   

Բելլա Այն օրը, որ խոսելու եմ մամայի հետ: Դուք գիտե՛ք, թե ինչի մասին:

Ջեյ Միայն երկո՞ւսդ եք լինելու:

Բելլա Ոչ, ներկա կլինեն Գերթրուդ հորաքույրն ու Լուի հորեղբայրը, ինչպես նաև դու և Արթին: Ես չեմ համարձակվի խոսել մամայի հետ, եթե ներկա չլինեն ընտանիքի մյուս անդամները: Որպեսզի նրանք ինձ աջակցեն… Դուք աջակցելու եք ինձ, չէ՞: Խոստացե՛լ եք:

Ջեյ Դա շատ երկար չի՞ տևի:

Բելլա Ո՛չ, եթե բոլորն ինձ աջակցեն… Դու գնալու տեղ չունես, այնպես չէ՞: 

Ջեյ Ո՞վ: Ե՞ս: Ես ո՞ւր պետք է գնամ:

Բելլա Այնքան հուզված եմ: Ամբողջ օրը սիրտս խփում է: Անդադար ուտում եմ: Երեք հատ ոլորաբլիթ եմ կերել, երբ ընդհանրապես դրանից չեմ ուտում:

Ջեյ Այդ դո՞ւ ես կերել ոլորաբլիթները… Եթե որևէ բան ես ուտում, այդ մասին նախապես ասո՞ւմ ես մեծ մամային:

Բելլա Օ՜հ, նա տեղյակ է, որ ես եմ կերել ոլորաբլիթները: Նույնիսկ ինձ ասաց. «Ինչո՞ւ ես այդքան շատ ուտում, մի՞թե հուզված ես ինչ-որ բանից»… Ավելի լավ է ներքև իջնեմ: (Մոտենում է մուտքի դռանը:) Ջեյ, դու էլ արի: Չեմ ուզում մինչև  երեկո մամային որևէ բանով նեղացնել: (Բացում է դուռը:) Արթի, եթե ուզում ես, կարող եմ մի քիչ էլ ապուր բերել: (Դուրս է գալիս և դուռը փակում:)

Ջեյ (Բարկացած): Նա գիտե՛ր, որ Բելլա հորաքույրն է կերել ոլորաբլիթները: Արթի՛, մեծ մաման խելագա՛ր է: Այդ ձին որտե՞ղ է ընկել, նրա գլխի վրա՞:

(Լուին դուրս է գալիս լողասենյակից: Նրա մազերը թաց են, ուղիղ և ետ սանրված: Պարանոցին սրբիչ է գցել, իսկ ձեռքին բռնել է փոքրիկ, սև պայուսակը):

Լուի Ջեյ-Ջեյ, ճիշտ ժամանակին ես եկել: (Նայում է շուրջը:) Իմ սուրճն ու դոնաթը բերե՞լ ես:

Արթի Օ՜, մոռացել եմ նրան ասել:

Լուի Դե ասա՛:

Արթի (Ջեյին): Լուի հորեղբայրը սուրճ ու դոնաթ էր ուզում:

Ջեյ Հենց հիմա կբերեմ… Մեծ մամային կասե՞ս, որ քեզ համար է, որովհետև դոնաթները թանկ արժեն:

Լուի (Ժպտում է): Այդ ի՞նչ է, նա քեզանի՞ց է գանձում պակասած դոնաթների գումարը:

Ջեյ Ո՛չ, պակասած ոլորաբլիթների: Որտեղի՞ց իմացար:

Լուի Դա նրա սիրած խարդախությունն է: Մեկ անգամ նրան երկու դոլար էի պարտք մեկ տոպրակ պակասած պիստակի համար: Մի պահ այն վաճառասեղանի վրա էր, հաջորդ պահին անհետացել էր: Նա ինձ մեղադրեց: Ավելի ուշ բացահայտեցի, որ մաման թաքցրել էր իր պահարանի մեջ: Հետո ինձ ասաց. «Եթե որևէ մեկը այս խանութից որևէ բան գողանա, պատասխանատուն դու ես, եթե նույնիսկ գողացողը ե՛ս լինեմ»… Հե՜յ, Արթի, վերնաշապիկս բեր: Մահճակալի վրա է:

(Արթին գնում է Բելլայի ննջասենյակը):

Ջեյ Իսկ նրան վճարեցի՞ր երկու դոլար:

Լուի Ոչ, այդ գիշեր պիստակը ետ գողացա  նրանից, բայց սովորեցի իմ դասը:

Ջեյ Լուի հորեղբայր, քո կյանքում շատ բան ես սովորել, չէ՞:

Լուի Այլևս ոչ ոք պիստակի համար ինձ չի մեղադրի:

(Արթին վերադառնում է՝ Լուիի վերնաշապիկը ձեռքին):

Ջեյ Պարզ է… Վստահ եմ, քեզանից շատ բան կարելի է սովորել:

Լուի (Վերցնում է վերնաշապիկը, հագնում): Կարող եմ գիրք գրել:

Ջեյ Դու գիրք գրելու կարիք չունես: Ուզում եմ ասել, չե՞ս կարծում, որ ինչ-որ մեկը քեզ հետ շփվելով ու քո արածներին հետևելով, կարող է շատ բան ընդօրինակել:

Լուի (Նստում է բազմոցի վրա, սկսում է փայլեցնել կոշիկները): Շատ՝ ի՞նչ:

Ջեյ Որևէ բան:

Լուի Չեմ կարծում: Որովհետև չեմ սիրում, որ ինչ-որ մեկը պոչիցս կպած ման է գալիս ու հետևում, թե ինչ եմ անում:

Ջեյ (Նայում է նախ Արթիին, այնուհետև Լուիին): Լուի հորեղբայր… քեզ մի շատ կարևոր հարց եմ ուզում տալ:

Լուի Տղաս, հարցեր մի՛ տուր: Հավանաբար դա է ամենալավ բանը, որը կարող եմ քեզ սովորեցնել: Երբեք հարցեր մի՛ տուր: 

Ջեյ Կներես… Այդ դեպքում պարզապես կասեմ… Ես ուզում եմ այստեղից հեռանալ… Այսօր… Արդեն որոշել եմ: Վերջնական որոշում է…

Լուի Ո՞ւր ես գնալու:

Ջեյ Որքան հնարավոր է հեռու:

Լուի Իսկ դա որքա՞ն հեռու է՝ հինգ դոլար հեռո՞ւ, տասը դոլար հեռո՞ւ: Գուցե մեկ դյուժին ոլորաբլիթ հեռո՞ւ:

Ջեյ Ո՛չ: Ընդամենը երկու զույգ կոշիկ հեռու: Մինչև դրանք կմաշվեն:

Լուի Իսկ դրանից հետո ի՞նչ ես անելու: Շատ լավ կլինի, եթե ունենաս ավելի վստահելի փոխադրամիջոց, քան երկու զույգ կոշիկն է:

Ջեյ Նման բան երբևէ չեմ արել: Դրա համար էլ քո խորհուրդն եմ հարցնում:

Լուի Ջեյ-Ջեյ, դրանով դու շատ կտխրեցնես մեծ մամային:

Ջեյ Ո՛չ, չե՛մ տխրեցնի: Ու հետո, դա քեզ էլ չի խանգարել:

(Լուին մի պահ դադարեցնում է կոշիկները խոզանակելը և նայում է Ջեյին):

Արթի Լուի հորեղբայր, ուզո՞ւմ ես կոշիկներդ խոզանակեմ:

Լուի (Արթիին): Հե՜յ, հերթո՛վ, երկուսդ միանգամից վրա մի՛ տվեք, պա՞րզ է: (Շարունակում է խոզանակել կոշիկները, Ջեյին:) Ուրեմն, ի՞նչն է պատճառը, որ ուզում ես հեռանալ: Դրսում ցուրտ է, վտանգավոր… քեզ  միայնակ ես զգալու:

Ջեյ Ես դա գիտեմ… բայց այնտեղ փող կա:

Լուի Օ՜հ, հիմա հասկացա… Դու ուզում ես արագ հարստանա՞լ:

Ջեյ Ոչ ինձ համար, այլ՝ պապայի:

Լուի Ի՜նչ դուրեկան բան ես ասում: Ուզում ես լինել Րոբին Հուդի նմա՞ն:

Ջեյ Ես չեմ ուզում ավազակություն անել ու կողոպտել մարդկանց:

Լուի Իրո՞ք… Իսկ ո՛ւմ ես ուզում կողոպտել:

Ջեյ Ոչ մեկին:

Լուի Դա մի տեսակ բացառում է արագ հարստանալու տարբերակը:

Ջեյ Ոմանց դա հաջողվում է:

Լուի Հա՞: ինչպե՞ս:

Ջեյ Կարծում ես, թե դա՞ է հարցը:  

Լուի (Բարկացած): Դե ուրեմն ոչ մի հարց էլ մի տուր: Տղաս, ես քեզ չեմ կարող օգնել: Ես քեզ սովորեցնելու ոչինչ չունեմ: Ոչի՛նչ չեմ ուզում քեզ սովորեցնել… Քեզ թվում է՝ ես դա՞ եմ անում. կողոպտում եմ բա՞նկ, մթերային խանո՞ւթ, խմիչքի խանո՞ւթ, այգում գտնվող փոքրամարմին ծեր կանա՞նց: Կարծում ես, այդպիսի՞ն եմ ես:    

Ջեյ Ոչ… այդպես չե՛մ կարծում:

Լուի Այդպես չե՞ս կարծում: Իսկ ինչպե՞ս մեկնաբանեմ դա, համարեմ հաճոյախոսությո՞ւն… Ուզո՞ւմ ես իմանալ, ինչով եմ զբաղվում: Ես բիզնեսմեն եմ: Ազատ ձեռներեց եմ, դրամի կառավարիչ եմ: Ես օրը քսանչորս ժամ ներդրումային խորհրդատվություն եմ անում: Ամբողջ օրը ուշքդ գնում էր այդ հարցը տալու համար. դե՛, ահա՛, ասացի քեզ: Դասը վերջացավ: Դպրոցն ավարտեցիր: Իսկ հիմա մի աղջիկ ընտրիր ու հետը գնա ավարտական երեկոյիդ, եղա՞վ:

Ջեյ Շնորհակալ եմ… Պարզապես ունեմ ևս մի աննշան հարց:

Լուի (Ժպտում է): Տղա՛ս, դու իրոք ձվեր ունես… Գիտե՞ս, որ իրոք  պինդ ձվեր ունես:

Ջեյ Տեղյակ եմ, որ ունեմ:

Լուի (Արթիին): Եղբորդ շատ եմ սիրում… Նա ի՛նձ է հիշեցնում: (Ջեյին.) Ասա, այդ աննշան հարցդ, լսում եմ:

Ջեյ Քո բիզնեսում կա՞ աշխատանքի հնարավորություն:

Լուի (Սևեռուն հայացքով նայելով Ջեյին): Դու ունե՛ս ձվեր, բայց, կարծում եմ, դրանք գտնվում են քո գլխում:

Ջեյ Կանեմ ցանկացած գործ ու ոչ մի հարց չեմ տա: 

Լուի Ոչ մի աշխատանքի հնարավորություն չկա: Ու պատճառն այն է, որ այլևս ոչ մի բիզնես չկա: Ես տեղափոխվում եմ: Հենց այս պահին ունեմ շատ լավ հնարավորություն՝ ավելի հաճելի և ավելի շահավետ բնագավառում: Այդ գործի համար միայն մեկ մարդ է անհրաժեշտ և, բացի այդ, գործը գտնվում է քաղաքից դուրս… Սրանով հարցը փակված է: Այս խոսակցությունն ինձ համար ընդհանրապես մեռած է: Եղա՞վ:

Ջեյ Ինձ էլ տար քեզ հետ… Երբ  ցանկանաս, քեզ հանգիստ կթողնեմ, բայց շատ եմ խնդրում, այսօր տա՛ր ինձ քեզ հետ:

Լուի Կարո՞ղ է դու խուլ ես, կամ բան: (Արթիին:) Մի՞թե նա խուլ է: Մի՞թե չլսեց, նոր ինչ ասացի: Դու լսեցի՞ր, ես ինչ ասացի:

Արթի Հա՛, լսեցի՛ ասածներիդ մեծ մասը:

Լուի (Ջեյին): Քեզ որպես ի՞նչ տանեմ: Որպես ուղեկի՞ց: Քո ներկայությունից արդեն սկսում եմ ձանձրանալ: Ինչի՞ս ես պետք: Դու ի՞նչ կարող ես անել ինձ համար, հը՞: (Գնում է ննջասենյակ:)

Ջեյ …Կարող եմ բռնել քո փոքրիկ սև պայուսակը:

(Լուին իր ուսաբարձը հագած դուրս է գալիս: Նրա աչքերն այրվում են: Մոտենում է Ջեյին):

Լուի Քեզ շա՞տ է հետաքրքրում իմ փոքրիկ սև պայուսակը:

Ջեյ Ոչ… Պարզապես մտածում էի…

Լուի Ո՞չ: Բայց դու ուզում ես բռնել այն: Ինչո՞ւ: Կարծում ես, շա՞տ ծանր է… Կարծում ես, իմ թևը կոտրվա՞ծ է, չե՞մ կարող մի փոքրիկ պայուսակ բռնել:

Ջեյ Ոչ:

Լուի Ուրեմն, գուցե մեկ այլ նպատակ ունես դրանով հետաքրքրվելու համար… Դու իմ պայուսակի շուրջն էիր պտտվո՞ւմ:

Ջեյ Ո՛չ, երդվո՛ւմ եմ:

Լուի Ուրեմն, ի՞նչն էր քեզ հետաքրքրում, գուցե դրա քա՞շը կամ բան… Ուզո՞ւմ ես ձեռքդ վերցնել, խնդրեմ, կարող ես վերցնել:

Ջեյ Ես չեմ ուզում իմ ձեռքը վերցնել…

Լուի Ջեյ, վերցրու, քեզ չի կծի… Մինչև ձեռքդ չվերցնես, սիրտդ տեղը չի ընկնի: Տղաս, մի՛ վարանիր, վերցրո՛ւ:

Ջեյ Իրոք, չեմ ուզում:

Արթի Ջեյ, լա՜վ էլի, վերցրու, խնդրում եմ:

Ջեյ Իսկ դու մի՛ խառնվիր:

Լուի Չէ, չէ… Արթի, եկ այստեղ:

Արթի Ո՞վ: Ե՞ս:

Լուի Հենց դու: Դո՛ւ ես Արթին: (Արթին մոտենում է: Լուին թևը գցում է նրա ուսին:) Ուզում եմ, որ մոտենաս այ, այն աթոռակին ոի վերցնես սև պայուսակը:

Արթի Ջեյին ավելի մոտ է:

Լուի Ջեյը ցանկություն չունի: Ես ուզում եմ, որ դու վերցնես: (Արթին մոտենում է աթոռակին ու կանգնում:) Դե, Արթի, վերցրո՛ւ:

Արթի (Դեմքը լարվում է): Չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է՝ լաց եմ լինելու:

Լուի Արթի, պարզապես վերցրու այն: (Արթին վերցնում է պայուսակը:) Ծա՞նր է:

Արթի Ոչ:

Լուի Թեթև՞ է:

Արթի Ոչ:

Լուի Այսինքն, ինչպիսի՞ն է:

Արթի …Միջին ծանրության:

Լուի Շատ լավ, ուրեմն ունի միջին ծանրություն… Քո կարծիքով, ի՞նչ կա պայուսակի մեջ… Փո՞ղ… Հինգ, տասը, քսան և հարյուր դոլարանոց թղթադրամներ, որոնք բոլորը կապված են ռետինե կապո՞վ… Ասա՛, Ի՞ՆՉ… Ես ասում եմ՝ Ի՛ՆՉ:

Արթի Չգիտեմ:

Լուի Չգիտես… Եթե այդպես է, գուցե ավելի լավ է բացես ու նայես… Արթի՛, ինչո՞ւ այդպես չես անում… Բաց արա պայուսակը… Լա՞վ:

Արթի Լուի հորեղբայր, խնդրում եմ…

Լուի (Մեկ քայլ է անում դեպի Արթին): Արթի, վերջին անգամ եմ ասում… քանի որ համբերությունս արդեն հատվում է… Բա՛ց արա… պայուսա՛կը:

(Արթին սարսափած ու անօգնական հայացքով նայում է նրան… և հանկարծ):

Ջեյ Արթի՛, չբացե՛ս… Լուի հորեղբայր, ի՞նչ ես ուզում նրանից: Եթե ուզում ես պայուսակը բացվի, ինքդ արա դա: (Վերցնում է պայուսակը Արթիից և շպրտում Լուիի ոտքերի առջև:) Գուցե դու չես կողոպտում բանկեր, մթերային խանութներ, կամ փոքրակազմ ծեր կանանց, սակայն դու է՛լ ավելի վատն ես: Դու ահաբեկիչ ես: Դու հալածում ես երկու երեխաների՝ հարազատ եղբորդ տղաներին: Դու իմ հորը ծաղրում ես, որ նա լաց է եղել և վախեցել է մեծ մամայից: Դե, գիտե՞ս ինչ, Յոնքերսում բոլորն են վախենում մեծ մամայից… Եվ թույլ տուր մի բան ասել իմ հոր մասին: Համենայնդեպս, նա մի բանով օգնում է այս պատերազմին: Նա հիվանդ է ու հոգնած, սակայն գնացել է, որպեսզի ռազմանավեր, տանկեր ու թնդանոթներ պատրաստելու համար երկաթ վաճառի: Ոը ես հպարտ եմ նրանով: Իսկ դո՛ւ ի՞նչ ես անում: Դու թաքնվում ես քո մոր բնակարանում, վախեցնում ես երկու երեխայի և քեզ պահում ես այնպես, կարծես Համֆրի Բոգարտը լինես: Դե, գիտե՞ս ինչ, դու Համֆրի Բոգարտը չես… Մի բան էլ քեզ ասեմ: Ո՛չ: Այսքանը:

(Լուին նույնիսկ աչքը չի թարթում: Նա կես քայլ անում դեպի Ջեյը):

Լուի (Ժպտում է) Տպավորիչ էր: Իրոք, շատ գեղեցիկ էր: Աստված վկա, աչքերս լցվեցին… Ջեյ դու ավելի մեծ ձվեր ունես, քան կարծում էի: Քոնը պողպատե բասկետբոլի գնդակներ են… Ջեյ, գիտե՞ս, թե ինչ ունես: Դու ունես նկարագի՛ր:

Ջեյ Չհասկացա, ի՞նչ է նշանակում նկարագիր:

Լուի Արթի, ասա՛ նրան:

(Արթին ցույց է տալիս նկարագրի համար Լուիի արած ժեստը):

Արթի (Ջեյին): Ա՛յ, սա է նկարագիրը:   

Լուի Այո՛… Ջեյ, հայրդ երջանիկ մարդ է, ասում եմ քեզ… այդ պատճառով էլ չեմ կարծում, որ դու պետք է գաս ինձ հետ: Դու մնա այստեղ և հոգ տար Արթիի, ինչպես նաև մամայի ու Բելլայի համար: Եվ գուցե կգա մի օր, երբ հպարտ կլինես նաև քո թոռոմած Լուի հորեղբայրով: (Վերցնում է պայուսակը, դնում սեղանի վրա:) Եվ, տղանե՛ր, մի անհանգստացեք, թե ինչ կա պայուսակի մեջ: Այնտեղ միայն իմ կեղտոտ շորերն են: Այդքանը:

(Նա մոտենում է հայելուն, ներս է մտնում մեծ մայրը):

Մեծ մայր (Խիստ տոնով դիմում է Ջեյին): Չլինի՞ բանկիր ես: Հիմա քո կեսօրվա նախաճաշի ժա՞մն է: Դե իմացի՛ր, սա քեզ համար բանկ չէ: Անմիջապես իջի՛ր ներքև և օգնի՛ր Բելլային խանութը փակել… Արթուր, հագնվի՛ր: Այսօր մենք հյուր ենք ունենալու:

(Արթին վազելով գնում է լոգասենյակ):

Լուի Մամա, չեմ կարծում, որ իմ մնալը պարտադիր է:

Մեծ մայր Իսկ քեզ չեմ խնդրել, որ մնաս: Բելլան է քեզ խնդրել: Ուստի, դու կմնաս: (Ջեյին.) Ինձ ինչ-որ բան էիր ուզում ասե՞լ: Ո՞չ: Դե ուրեմն գնա ներքևի հարկ… Իսկ ավելի ուշ ես ու դու կխոսենք մեկ այլ բանի մասին:

Ջեյ Ինչի՞ մասին:

Մեծ մայր Մեկ բանկա պիստակի, որն անհետացել է: Հենց դրա մասին:  

(Ջեյը նայում է Լուիին, գնում է: Լուին հագնում է պիջակը, դնում է գլխարկը: Մեծ մայրը խոժոռ հայացքով նայում է նրան: Գրպանից հանում է մի քանի թղթադրամ):

Մեծ մայր Լուի, շատ անփույթ ես դարձել: Այս առավոտ փող էիր թողել իմ զարդասեղանի վրա:

Լուի Մա, Լուին երբեք անփույթ չի լինում: Դա քեզ համար է: Այս շաբաթը հաջող էր ինձ համար:

Մեծ մայր Քեզ համար հաջող շաբաթը մեկ ուրիշի համար շատ վատ շաբաթ է լինում… Լուի, ինձ քո շահույթները պետք չեն:

Լուի Եղածն ընդամենը հարյուր դոլար է: Մա, ծնունդդ շնորհավոր: Վաղը քո ծննդյան օրն է, այնպես չէ՞:

Մեծ մայր (Փողը դնում է սեղանին): Ինձ մի վճարիր նրա համար, որ ծնվել եմ: Դրա համար ես արդեն բավականաչափ վճարվել եմ:

Լուի (Վերցնում է փողը): Այդ դեպքում վերցրու ինձ գիշերելու տեղ տալու համար: Դու գիտես, թե որքան եմ ատում հյուրանոցում մնալը:

Մեծ մայր (Բարկացած): Ես քեզանից չե՛մ վերցնի… Ինչ էլ որ  տալու լինես… Դու միշտ եղել ես ամենաուժեղը: Դիմակայողը… Ողջ մնացողը: Ինչ գնով էլ լինի, այո, դա քեզ սովորեցրել եմ: Բայց պետք չէ, որ դրա համար մեկ ուրիշը վճարի… Լուի, քո կեղտոտ փողերը քե՛զ պահիր: 

Լուի (Ժպտում է): Մա, դու չտեսնված ես: Հարյուր տոկոսանոց պողպատ: Երբևէ պատրաստված ամենաընտիր որակի: Էդդին գնացել է երկաթի ջարդոն փնտրելու: Ապուշը չգիտե, որ հենց այստեղ կա դրանից՝ մի ամբողջ ռազմանավ լիքը… Բացառված է: Մա, դու չես կարող ինձ վհատեցնել: Ես չափազանց ուժեղ եմ: Ինձ դա լավ ես սովորեցրել: Եվ լավ հիշիր, դու իմ գործընկերն ես եղել այն ամենում, ինչը ես իրականացրել եմ իմ կյանքում: (Կատաղի օդային համբույր է ուղարկում մորը:)

    Բեմը մթնում է:

Երկրորդ տեսարան

Մթության մեջ լսվում է Էդդիի ձայնը: 

Էդդի (Վերևից լսվող ձայնը): «Սիրելի մամա… Տղաներն ասում են, որ դուք իրար հետ շատ լավ եք լեզու գտնում: Ես ասում էի, չէ՞, որ նրանք նեղություն չեն պատճառի քեզ: Նամակիս հետ կցում եմ քսանհինգ դոլար՝ նրանց սննդի և Արթիի դեղորայքի ծախսերը հոգալու համար… Հակոբն ասում է, ինչ-որ երեխաներ խանութից պիստակ և ոլորաբլիթ են գողանում: Զարմանալի է, որ անցել է գրեթե երեսուն տարի, սակայն այդ երևույթը չի դադարել… Սիրով՝ Էդդի»: 

(Նույն օրը երեկոյան: 

Բելլան և Ջեյը ընթրիքից հետո հավաքում են սպասքը և շարում են աթոռները:

Մեծ մայրը իր մշտական տեղում է՝ աթոռի վրա: Հագին բլուզ է,  կեռասեղնում է կամ ասեղնագործում: Լուին հագել է կոստյումի պիջակը, շտապով գնում-գալիս է, կարծես անհամբեր է, ուզում է դուրս գալ: Գերթ հորաքույրը, ով մոտավորապես 35-40 տարեկան է, նստած է բազմոցին: Ձեռքին փոքրիկ պայուսակ ու թաշկինակ է, որով ժամանակ առ ժամանակ սրբում է բերանը: Արթին չի երևում. նա խոհանոցում օգնում է լվանալ ափսեները):

Բելլա Ո՞վ կցանկանա ևս մեկ բաժակ սուրճ: Մամա՞: Գե՞րթ:

(Մեծ մայրը չի պատասխանում:)

Գերթ (Գլխով է անում): Ը՜մմ:

Բելլա Հետը շտուդել ուզո՞ւմ ես:

Գերթ (Կերկերաձայն): Ոչ:

Բելլա Ջեյ, սուրճ բեր Գերթ հորաքրոջ համար, շտուդել հարկավոր չէ: (Ջեյը գնում է:) Լուի, չե՞ս ուզում ևս մի կտոր շտուդել:

Լուի (Մտացրիվ): Ոչ, Բելլա, եղածը բավարար էր:

Բելլա Դու միշտ ուտում ես երկու կտոր:

Լուի Բելլա, այսօր մեկը բավարար էր, հասկացա՞ր:  

(Լուին նայում է ժամացույցին… Բելլան աթոռները ճաշասեղանի մոտից վերցնում, շրջանաձև շարում հյուրասենյակում):

Բելլա Երբ դասավորում եմ աթոռները, թող ոչ ոք չօգնի: Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես եմ ուզում դնել դրանք:

(Լուին նայում է իր ժամացույցին հենց այն պահին, երբ Բելլան աթոռներից մեկը դնում է աջ կողմում):

Լուի Մամա, լսի՛ր, ես պետք է հենց հիմա վազեմ: Կզանգեմ հաջորդ շաբաթ: Գերթ, քաղցրս, շատ ուրախ էի քեզ տեսնելու համար: Տեսքդ հիասքանչ է:

Բելլա Լուի, դու կնստես հենց այստեղ:

Լուի Բելլա, կներես, բայց ստիպված եմ գնալ: Ընթրիքը բարձրակարգ էր, անկեղծ եմ ասում: (Համբուրում է Բելլայի այտը: Դեպի խոհանոց:) Ջե՛յ, ամեն ինչ լավ է լինելու, հավատա ինձ: Արթին որտե՞ղ է: Ես գնում եմ:

Բելլա Ո՜ոոչ: Լուի, դու դեռ չես կարող գնալ… Խոստացել ես:

Լուի Ես խոստացել եմ մնալ ընթրիքին: Եվ մնացի՛: Քանի՞ ընթրիքի ես ուզում մնամ:

Բելլա Սակայն ընտանեկան խոսակցությունը դեռ չի եղել:

Լուի Մենք խոսել ենք: Ընթրիքի ընթացքում անընդհատ խոսում էինք: Նույնիսկ ժամանակ չունեցա որևէ բան կուլ տալ: Բելլա՛, արդեն այնքան եմ խոսել, որ սպառվել եմ:

Բելլա Բայց դեռևս կա մի նյութ, որի մասին ընթրիքի սեղանի շուրջը հնարավոր չէ խոսել… Դու նստիր այստե՛ղ: Սա քո՛ տեղն է:

Լուի (Բորբոքված): Քեզ ասել եմ, որ սուրճից անմիջապես հետո գնալու եմ: Ես խմեցի իմ սուրճը, կերա իմ շտուդելը, կերա իմ ընթրիքը: Բելլա, այժմ պետք է գնամ: 

Բելլա (Նյարդայնացած): Մամա՛, Գե՛րթ, ասե՛ք նրան, որ մնա… Լուի՛,  չե՛ս կարող գնալ: Դու պետք է լինես այստե՛ղ: Ամբողջ ընտանիքը պետք է լինի այստե՛ղ: Մամա՛, ասա՛ նրան:

Մեծ մայր (Խիստ տոնով): Բելլա՛, դու շատ ես հուզվում:

Բելլա Մամա, խոստանում եմ, չե՛մ հուզվի: Ես շատ լավ եմ… Պարզապես ասա Լուիին, որ մնա: Սպասեք կանչեմ տղաներին:

Գերթ Բելլա, Լուին կմնա:

Բելլա (Բարձրաձայն կանչում է տղաներին): Ջե՛յ, Արթի՛, ափսեները թող մնան: Մենք հետո դրանք կլվանանք… Հիմա եկեք այստեղ:

(Ջեյը ներս է մտնում, իր հետ բերելով Գերթի սուրճը: Արթին գալիս է նրա ետևից, ուտելով իր շտուդելի վերջին պատառը: Նա արդեն հագնված է):

Ջեյ Գերթ հորաքույր, ահա քո սուրճը:

Գերթ Շնորհակալ եմ:

Բելլա Ջե՛յ, Արթի՛, նստեք բազմոցի վրա՝ Գերթ հորաքրոջ կողքին: Մամա, դու մնա քո տեղում: Ես կնստեմ այստեղ, իսկ դու՝ Լուի, նստիր աթոռին:

Լուի Բելլա, ես ամբողջ երեկո նստած եմ եղել: Կարող եմ կանգնել, լա՞վ:

Բելլա Լուի, բայց շատ ավելի լավ կլինի, եթե նստես: Ես պատկերացրել եմ, որ բոլորը նստած կլինեն:

Լուի Ես չե՛մ ուզում նստել: Փոխի՛ր պատկերացրածդ: Հիմա պատկերացրու, որ բոլորը նստած են, իսկ ես՝ կանգնած: Եղա՞վ:

(Առաջին անգամ լսում ենք, թե ինչպես է Գերթ հորաքույրն ասում մի լրիվ նախադասություն, որի ժամանակ ակներև է դառնում նրա հիվանդությունը: Նախադասության կեսը նա ասում է նորմալ, իսկ երկրորդ կեսից սկսում է շունչն այնպես ներս քաշել, որ բառերը ստանում են շատ ավելի բարձր տոնայնություն, և դրանց արտաբերելը դժվարանում է նրա համար):

Գերթ Լուի՛, չե՞ս կարող նստել մի քանի րոպե, մինչև Բելլան ասի մեզ… (սկսում է շունչը ներս քաշել)… ինչ որ ուզում է ասել:

(Արթին և Ջեյը նայում են իրար):

Լուի Լա՛վ: Լա՛վ: (Նստում է պատուհանագոգին:) Այստե՞ղ: Եղա՞վ: Բելլա, այսպե՞ս էիր պատկերացնում:

Բելլա Ոչ: Ես պատկերացնում էի, որ դու կնստես իմ ընտրած աթոռին:

Լուի (Մոտենում է «իր» աթոռին, բայց չի նստում): Բելլա՛, շատ կարևոր է, որ այստեղից գնամ հնարավորին չափ շուտ: Շա՛տ կարևոր է: Քաղցրս, չեմ ուզում քեզ նեղացնել, բայց չեմ կարող երեկոն անցկացնել նստելու տեղերը ճիշտ դասավորելու վրա… Ես կկանգնեմ, կլսեմ, հետո կգնա՛մ:

Բելլա (Նեղացած երեխայի պես գլուխը կախում է): Ես պատկերացնում էի, որ բոլորը նստած պետք է լինեն:

Լուի Հիսուս Քրիստո՛ս:

Գերթ Ի սեր Աստծո, Լուի, վե՛րջ տուր, նստիր և մի՛ վիճիր նրա հետ, թե չէ… (Շունչը ներս է քաշում:) …նորից նրա տրամադրությունը կընկնի:

Մեծ մայր Լուի, նստի՛ր: Գերթրուդ, վե՛րջ տուր:

Լուի Լուի, նստի՛ր: Լուի, կանգնի՛ր: Լուի, կե՛ր… Մա, ինձ այլևս չես կարող վախեցնել: Գուցե այստեղ մյուսներին կարող ես, բայց ոչ ինձ: Հասկանո՞ւմ ես:

Մեծ մայր (Շարունակում է կեռասեղնել): Լուի, նստի՛ր:

(Լուին նստում է):

Բելլա Շատ լավ: (Նստում է:) Հիմա բոլորս նստա՞ծ ենք:

Լուի Այո՛, Բելլա: Բոլորս նստած ենք: Ուզո՞ւմ ես քո պատկերացրածի պատկերը քաշել:

Գերթ Լուի, վերջ տուր:

Բելլա (Նայում է շուրջը, գոհ ժպտում): Հիմա… ո՞վ է ուզում առաջինը սկսել:

Լուի (Կանգնում է): Ով է ուզում սկսե՞լ… Ի՞նչը սկսել… Մամա՛, ես սրա ժամանակը չունեմ: Գուցե, երբ տասներկու տարեկան էի… բայց ոչ այսօր: Աստծու սիրուն, սա նրա խաղերից է, նրա խելագար խաղերից:

Գերթ Բելլա, մի՞թե սա խաղ է: Դու պարզապես խա՞ղ ես խաղում… (շունչը ներս է քաշում) …սիրելիս, մեզ հետ խա՞ղ ես խաղում:

Բելլա Սա խաղ չէ: Սա շատ կարևոր է… Բայց չգիտեմ, թե ինչպես սկսեմ  ասելիքս: Պետք է, որ մեկն օգնի ինձ և առաջինը սկսի:

Լուի Մեզ պետք է կարևոր բան ասես  և ուզում ես, որ առաջինը մե՞նք սկսենք: (Ուղղվում է դեպի մուտքի դուռը:) Գերթ, լսի՛ր, դու նրան ավելի լավ ես հասկանում, քան ես: Երբ կպարզես, թե ինչ է ուզում, ինձ ասա:  

Ջեյ Բելլա հորաքույր, վերջերս դու… (Լուին և մյուսները դադարում են խոսել և նայում են Ջեյին:) …վերջերս դու սկսել ես կինոթատրո՞ն հաճախել, Բելլա հորաքույր:

Բելլա (Ժպտում է): Ջեյ, շնորհակալ եմ… Այո, վերջերս սկսել եմ շատ հաճախել կինոթատրոն… (Լուին զարմացած նայում է Բելլային:) Անցյալ շաբաթ՝ երեք անգամ:

Ջեյ Իրո՞ք… Իսկ լա՞վ ֆիլմ էր:

Բելլա Օ՜հ, այո: Ես տեսա մի ֆիլմ Ուիլյամ Հոլդենի և Ջին Արթուրի մասնակցությամբ… Իսկապես շատ հավանեցի… Դա էր պատճառը, որ դիտեցի երեք անգամ:

Լուի Սրա համա՞ր էր, որ մնացի ընթրիքին: Սա լսելու համա՞ր պետք է նստեմ աջ կողմում դրված աթոռին: Ջին Արթո՞ւր և Ուիլյամ Հոլդե՞ն: Մի՞թե նրանք այն պատկերի մեջ են, որը դու պատկերացրել ես:

Գերթ Բելլա, ասելիքդ դրա՞ մասին է: Մի՞թե այս ամենը… (օդը ներս է քաշում) …անցյալ շաբաթ քո դիտած ֆիլմերի մասին է:

Բելլա Ոչ, բայց արդեն մոտենում եմ դրան: Ջեյ, ինձ ավելի շատ հարցեր տուր: Քեզ մոտ դա լավ է ստացվում:

Ջեյ Ո՜ւհ, հիմա փորձեմ… Իսկ դու… մենա՞կ գնացիր:

Բելլա Օ՜, այո: Ես միշտ մենակ եմ գնում: Բայց հետաքրքիր էր, որ այդ հարցը տվեցիր… Որովհետև այնտեղ հանդիպեցի մի ընկերոջ… Գերթ, դու նույնպես կարող ես հարցեր տալ:

Գերթ Ես չգիտեմ ինչ…(օդը ներս է քաշում) …հարց տամ:

Արթի Հարցրու, թե ով է այդ ընկերը:

Գերթ Ո՞վ է այդ ընկերը:

Բելլա Դե, նրա անունը Ջոննի է, և միշտ հանդիպում եմ նրան այնտեղ, որովհետև նա գլխավոր հսկիչն է: Նա շատ սիրալիր է:

Ջեյ Ուրեմն, դու նրան միայն կինոթատրոնո՞ւմ ես հանդիպում:

Բելլա Դե, մի քանի անգամ սրճարան ենք գնացել, մեկ անգամ էլ զբոսնել ենք այգում:

Լուի Այդ տղայի հետ դու գնացել ես այգի՞:

Բելլա Պարզապես զրուցելու համար… Լուի, եթե ուզում ես ինձ հարցեր տալ, պետք է նստես: (Լուին նստում է:) Հիմա ո՞ւմ հերթն է:

Մեծ մայր Դա այն օ՞րն էր, որ տուն վերադարձար ժամը տասնմեկին:

Բելլա Հնարավոր է: Կարծում եմ: Ուրիշ հարց չունե՞ք:

Գերթ Ի՞նչ էիք անում մինչև ժամը… (օդը ներս է քաշում) …տասնմեկը:

Բելլա Քայլում էինք ու զրուցում… Սկսեցինք ճանաչել միմյանց… Նա չի ցանկանում հսկիչ մնալ: Մի օր ուզում է բացել սեփական ռեստորանը:

Լուի Սեփական ռեստորա՞նը: Եվ նա հսկի՞չ է: Ի՞նչ է, նա տասնհինգ- տասնվեց տարեկա՞ն է:

Բելլա Ոչ, քառասուն տարեկան է… Եվ ինձ հետ է ուզում բացել այդ ռեստորանը:

(Լռություն: Բելլային հաջողվել է գրավել նրանց ուշադրությունը):

Լուի Իսկ ինչո՞ւ քեզ հետ:

Բելլա (Սկսում է նյարդայնանալ): Որովհետև ես կարող եմ  կերակուրները պատրաստել… ճաշացուցակը գրել… և  հաշվապահությունն անել:

Գերթ Իսկ ի՞նչ է անելու նա՛:

Բելլա Նա կլինի մենեջերը: (Զգում է, որ այս ամենը լավ չի ստացվում:)

Լուի Եթե նա է լինելու մենեջերը, ինչո՞ւ ինքը չի գրում ճաշացուցակը և կատարում հաշվապահությունը:

Բելլա Դե, նա… (Բելլան նայում է Արթիին և Ջեյին:) Նա ունի կարդալու հաշմանդամություն:

Լուի Ի՞նչ:

Բելլա Կարդալու հաշմանդամություն:

Լուի Լավ, հլա մի րոպե սպասի՛ր: (Կանգնում է:) Ի՞նչ ես ուզում ասել: Ուրեմն, նա չի՞ կարող կարդալ:

Բելլա Դու չպետք է վեր կենաս քո աթոռից: Ես այդպես չեմ պատկերացրել:

Լուի Հա, շատ լավ եմ անում, այժմ ես եմ ստանում իմ սեփական պատկերացումը … Այդ տղան ի՞նչ է, անգրագե՞տ է:

Բելլա Նա կարող է կարդալ… մի քիչ:

Լուի Ի՞նչ է նշանակում՝ մի քիչ: Իր անո՞ւնը… Ի՞նչ է, նա փորձում է քեզ խաբե՞լ, ծաղրե՞լ, թե՞ ինչ-որ ակնկալիք ունի: Բելլա, նա քեզանից ինչ-որ բան է ակնկալո՞ւմ:   

Բելլա Գուցե հիմա ճիշտ ժամանակը չէ այս ամենի մասին խոսելու համար:

Լուի Ոչ, սա հրաշալի ժամանակ է այդ մասին խոսելու համար… Բելլա, այդ մարդը ի՞նչ է ուզում քեզանից: Նա քեզ դիպե՞լ է… Սիրաբանե՞լ է քեզ հետ:

Բելլա Ոչ, նա այդպիսին չէ:

Լուի Լավ, բա ինչպիսի՞ն է… Նա քառասուն տարեկան մարդ է, գիշերով քեզ տանում է այգի, ուզում է ռեստորան բացել քեզ հետ ու գրել-կարդալ չգիտե… Ինչպե՞ս եք ռեստորան բացելու: Ո՞վ է գումարը ներդնելու:

Բելլա Դրա համար անհրաժեշտ է ընդամենը հինգ հազար դոլար:

Լուի (Ծիծաղում է): Հինգ հազար դոլա՞ր: Իսկ ինչո՞ւ ոչ հինգ միլիոն: Իսկ ո՞վ ունի հինգ հազար դոլար: Նա՞:

Բելլա Ոչ, չեմ կարծում… Նա ընդհանրապես ոչ մի գումար էլ չունի:

Լուի Օ՜, շատ ափսոս… Այդ դեպքում ո՞վ է մնում:

Բելլա Լուի, մի՛ գոռա ինձ վրա:

Լուի Բելլա, ես քո վրա չե՛մ գոռում, պարզապես քեզ հարց եմ տալիս: Ո՞վ է մնում, որ ներդնի հինգ հազար դոլար:

Գերթ Մամա, սա սարսափելի է: Խնդրում եմ, նրանց ասա… (օդը ներս է քաշում) …վերջ տան այս ահավոր բանին:

Լուի Բելլա, ո՞վ է մնում:

Բելլա Ես այդ գումարը ձեռք կբերեմ որևէ տեղից:

Լուի Բելլա, որտե՞ղ է այդ որևէ տեղը… Որևէ տեղ գոյություն չունի: Ուզում ես, որ մաման խանութը վաճառի՞: Մի՞թե այդ տղան ասել է, որ այդպես անես:

Բելլա Նա ինձ ոչինչ չի ասել, որ անեմ:

Լուի Ուրեմն նա կամ շատ խելացի է, կամ էլ չափազանց վտանգավոր:

Բելլա Նա վտանգավոր չէ:

Լուի Որտեղի՞ց գիտես:

Բելլա Գիտեմ, որովհետև վտանգավոր մարդկանց հոգեբուժարան չեն ընդունում:

Լուի …Հոգեբուժարա՞ն:

Մեծ մայր Օ՜, տեր Աստվա՛ծ:

Գերթ Ես ոչինչ չեմ հասկանում: Խնդրում եմ, որևէ մեկդ… (շունչը ներս է քաշում) …բացատրեք ինձ:

Լուի Բելլա, քաղցրս, ինչպես երևում է, այդ մարդը չափազանց խնդրահարույց է… Նա հիմա ապրում է հոգեբուժարանո՞ւմ:

Բելլա Ոչ, ապրում է ծնողների հետ: Նա չի սիրում հոգեբուժարանը: Այնտեղ նրա հետ լավ չեն վարվել: (Վճռական հայացքով նայում է մեծ մորը:) Մամա՛, դա հաճելի տեղ չէ՛:

Լուի Բելլա, քաղցրս, այլևս մի՛ գնա այդ կինոթատրոնը: Այլևս մի՛ հանդիպիր այդ մարդու հետ: Գուցե նա շատ լավ մարդ է, բայց, ինչպես երևում է, ունի շատ անհեթեթ գաղափարներ: Քաղցրս, հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ուզում ասել:     

Բելլա Ջե՛յ… դու խոստացար աջակցել ինձ: Արթի՛, դու ասացի՛ր, որ ինձ կպաշտպանե՛ս: Դուք խոստացե՛լ եք:

Լուի Բելլա, բայց ի՞նչ հարցում ես ուզում աջակցություն… Ռեստորանի՞: Գումարի՞: Դա՞ է այդ տղայի ուզածը:

Բելլա Նա ավելի շատ բան է ուզում:

Լուի Բելլա, դրանից ավել ի՞նչ կարող է ցանկանալ:

Բելլա Ի՛նձ: Նա ուզում է ի՛նձ: Նա ուզում է ամուսնանալ ինձ հետ: (Լաց է լինում:) Ես ուզում եմ ամուսնանալ նրա հետ… Ես ուզում եմ նրանից երեխաներ ունենալ… Ես ուզում եմ ունենալ իմ սեփական երեխաները:

Լուի (Կրկին նստում է): Հիսո՛ւս Քրիստո՛ս:

Մեծ մայր (Այդ ամենից ցնցված): Բավակա՛ն է… Այլևս չե՛մ ուզում լսել:

Բելլա Մամա՛, քո կարծիքով ես չե՞մ կարող առողջ երեխաներ ունենալ: Բայց ես կարո՛ղ եմ… Ես ցուլի պես ուժեղ եմ: Տասներկու տարեկանից աշխատել եմ խանութում ու միայնակ հոգ տարել քո մասին, ա՛յ թե որքան ուժեղ եմ ես… Մամա՛, ես պողպատի պես եմ: Մի՞թե մենք այդպիսին չպետք է լինեինք… Բայց իմ երեխաները չեն մեռնի, որովհետև ես նրանց կսիրեմ և հոգ կտանեմ նրանց մասին… Նրանք հիվանդություն ձեռք չեն բերի իմ և Գերթի նման, թույլ չե՛ն լինի Էդդիի և Լուիի նման… Իմ երեխաներն ավելի ուրախ կլինեն, քան մենք ենք եղել, որովհետև նրանց կսովորեցնեմ լինել ուրախ… ոչ թե մեծանան ու փախչեն տանից, կամ մեծանան ու չայցելեն ինձ: Կամ այնքան վախեցած լինեն, որ չկարողանան շնչել… և երբե՛ք թույլ չեմ տա, որ իրենց կյանքն անցկացնեն իմ թիկունքն ու ոտքերը շփելով: Քո շուրջը որևէ մեկին չես ունեցել, ով քեզ սիրեր այնքան, որ ցանկանար հպվել քեզ, քանի որ բոլորին հասկացրել էիր, որ չես սիրում, երբ որևէ մեկը քեզ մոտենում է քնքշանքով… Մամա՛, իսկ դու գիտե՞ս, թե ինչ կարելի է զգալ պողպատին հպվելիս: Պողպատը կարծր է ու սառը, իսկ ես ուզում եմ իմ երեխաների հետ լինել փափուկ ու ջերմ… Մամա՛, թույլ տուր, որ ես ունենամ իմ երեխաները: Որովհետև ինձ պետք է, որ սիրեմ մեկին: Նախքան մեռնելս, պետք է սիրեմ մեկին, ով փոխադարձաբար կսիրի ինձ… Մամա, տուր ինձ այդ հնարավորությունը, և ես խոստանում եմ, որ քեզ երբեք չի անհանգստացնի այն միտքը, որ մենակ կմնաս… Որովհետև կունենաս մեզ… Ինձ, իմ ամուսնուն և իմ երեխաներին… Լուի՛, ասա՛ նրան, թե դա որքան հրաշալի կլինի… Գե՛րթ, մի՞թե դա նրան չի ուրախացնի… Մամա՞… Խնդրում եմ, ասա այո՛… Ես շատ եմ ուզում, որ դու ասես այո՛… Խնդրո՜ւմ եմ:

(Տիրում է քար լռություն: Ոչ ոք չի շարժվում: Ի վերջո, մեծ մայրը դանդաղ կանգնում է, քայլում է դեպի իր սենյակը,  մտնում է ներս և դուռը կամաց փակում:

Բելլան նայում է մյուսներին):

Գրկե՛ք ինձ… Խնդրում եմ, որևէ մեկդ գրկեք ինձ:

(Գերթը վեր է կենում և, փաթաթվելով Բելլային, նրբորեն օրորում է նրան 

Բեմը մթնում է):                

Երրորդ տեսարան

Արթի (Վերևից լսվող ձայնը): «Սիրելի պապա… Այստեղ ամեն ինչ իրոք շատ վատ է: Ահավոր, ահավոր վատ: Երանի դու այստեղ լինեիր: Գոնե միայն շաբաթավերջի օրերին: Անցյալ գիշեր լաց եղա՝ քեզ էի ուզում… և մամային… բայց Ջեյը վախեցավ, որ մեծ մաման կլսի, ուստի գուլպա խոթեց բերանս: Ես քեզ շատ  սիրում ու կարոտում եմ: Քո որդի՝ Արթի… Եվ ոչ թե Արթուր»:

(Մեկ շաբաթ անց, կիրակի: Կեսօր է:

Արթին նստած սեղանի մոտ գրառում է կատարում հուշատետրում: Ջեյը կանգնած դուրս է նայում պատուհանից):

Ջեյ Ի՞նչ ես կարծում, որտե՞ղ է Բելլա հորաքույրը: Երկու գիշեր է՝ չկա: Քաղաքում ինչ-որ տեղ մոլորվել է: Ես մտահոգվում եմ:

Արթի Գուցե Լուի հորեղբայրն է նրան տարել իր հետ:

Ջեյ Ի՞նչ ես կարծում, եթե ի՛նձ չտարավ, Բելլա հորաքրոջն ու նրա հոգեբուժարանից  դուրս եկած քառասուն տարեկան հսկիչին պետք է տանե՞ր…

(Մեծ մոր սենյակի դուռը բացվում, դուրս է գալիս Գերթ հորաքույը):

Գերթ Ես պետք է գնամ: Կարծում եմ, Բելլա հորաքրոջ զանգից հետո… (շունչը ներս է քաշում) …մաման շատ ավելի լավ է զգում:

Ջեյ Իսկ գաղափար ունե՞ս, թե որտեղ է նա:

Գերթ Այո: (Գնում է մեծ մոր սենյակի դռնից). Նա իմ տանն է:

Ջեյ Քո տա՞նը:

Գերթ Շը՜շշշ: Նա չի ուզում, որ մաման իմանա:

Արթի Ուզում ես ասել, որ այս բոլոր օրերին այնտե՞ղ է եղել:

(Գերթը գլխով է անում՝ «այո»):

Ջեյ Երբևէ վերադառնալո՞ւ է:

Գերթ Այսօր հանդիպելու է այդ մարդու հետ… Մենք դա շուտով կիմանանք:

Արթի Քո կարծիքով, նրանք կամուսնանա՞ն:

Գերթ Ո՞վ գիտե… Երկու օր է… (շունչը ներս է քաշում) …լաց է լինում: Կներեք: Ես շատ դժվարությամբ եմ խոսում:

Ջեյ Գերթ հորաքույր, բժիշկները չե՞ն կարող քեզ օգնել:

Գերթ Ինձ մոտ դա հաճախ չի պատահում: Հիմնականում դա… (շունչը ներս է քաշում) …լինում է, երբ գալիս եմ այստեղ:

Ջեյ Օ՜հ:

Գերթ Տղաներ, հոգ տարեք մեծ մամայի համար: Եթե Բելլա հորաքույրը չվերադառնա, դուք եք լինելու նրա միակ հույսը:

Ջեյ Գիտեմ:

Գերթ Որևէ խնդիր լինելու դեպքում ունե՞ք իմ համարը:

Ջեյ Ոչ, երևի ոչ:

Գերթ Ուեսթչեսթեր յոթ… (օդը ներս է քաշում) …չորս-վեց-վեց -ինը:

Արթի Ի՞նչ:

Գերթ Ուեսթչեսթեր յոթ… (օդը ներս է քաշում) …չորս-վեց-…

Ջեյ Ունե՛մ, ես ունե՛մ:

Գերթ Սիրելիներս, ցտեսություն: Մնա՛ք բարով: Ես ձեզ սիրում եմ: (Իր ետևից փակում է մուտքի դուռը):

Արթի Կարող էր է՛լ ավելի վատ լինել: Պատկերացրու, որ մեծ մամայի փոխարեն նրա հետ մնայինք:

Ջեյ Դա զվարճալի չէ:

Արթի Այո՛, զվարճալի է: Բայց ես նրան խղճում եմ: Ես խղճում եմ այս ամբողջ ընտանիքին… Նույնիսկ մեծ մամային… Մի՞թե դու չես խղճում: (Արթին նայում է Ջեյին, լուռ է:) Դե, ես իրոք խղճում եմ: Դու նույնպես պետք է խղճաս: (Մեծ մամայի սենյակի դուռը բացվում է: Նա դուրս է գալիս: Շատ հոգնած տեսք ունի:) Բարև, մեծ մամա: Ինչպե՞ս ես:

Արթի Որևէ բան ուզո՞ւմ ես:

Մեծ մայր (Նստում է): Կիրակի օրով ի՞նչ գործ ունեք տանը: Ինչո՞ւ չեք գնում քայլելու, կամ մի բան:

Ջեյ Մտածեցինք քեզ մենակ չթողնել:

Մեծ մայր Ես ոչ մեկի կարիքը չունեմ:

Արթի Մեծ մամա, ուզո՞ւմ ես ռադիոն միացնեմ: Այսօր կարող ես  կիրակնօրյա լուրեր լսել:

Մեծ մայր Այս շաբաթվա լսածս լուրերն առավել քան բավարար են:

Ջեյ Հյուսիսային Աֆրիկայում գործերը դեպի լավն են գնում: Այս ամիս քսան հազար գերմանացի են բռնել:

Մեծ մայր Քսան հազար գերմանացի… Շատ լավ է: Դա շատ լավ լուր է:

Արթի Հիմա ֆուտբոլի խաղ է: Բայց երբեմն խաղն ընդհատում են, որպեսզի լուրեր հաղորդեն:

Մեծ մայր Ուզում եք ինձ ստիպել, որ ֆուտբոլ լսե՞մ: (Գլուխը շրջում է:) Մի՞թե հեռախոսը զնգաց: Ներքևի հարկից լսեցի՞ք հեռախոսի ձայնը:

Ջեյ Ոչ:

Մեծ մայր Ոչ: Կիրակի օրերին չի զնգում… Ինչպե՞ս  է ձեր հայրը:

Ջեյ Արդեն մի քիչ ավելի լավ է: Նա կարծում է, որ մոտ ութ ամսից վերջնականապես տուն կվերադառնա:

Մեծ մայր Ութ ամսից… Եվ դուք ուրախ եք, որ տուն եք վերադառնալու, հա՞:

Արթի Դե… հա… երևի թե:

Ջեյ Մեծ մամա, բայց մենք կրկին կգանք քեզ այցելության:

Մեծ մայր Հավանաբար ես այստեղ չեմ լինի… Հնարավոր է, որ խանութը վաճառեմ:

Ջեյ Խանութը վաճառե՞ս: Բայց ի՞նչ ես անելու առանց խանութի:

Մեծ մայր Այդքան շատ մի՛ անհանգստացեք ձեր մեծ մոր համար: Հավատացե՛ք ասածիս, ձեր մեծ մայրը կարող է հոգ տանել իր մասին… Գնացեք դուրս՝ երկուսդ էլ: Դուք չափազանց շատ եք խոսում:

Ջեյ Վստա՞հ ես, որ մենակ մնալով չես նեղվի:

Մեծ մայր (Ավելի խորն է նստում աթոռի մեջ և փակում է աչքերը): Հավանաբար սա առաջին կիրակին է, որ կհաջողվի մի քիչ հանգստանալ:

(Մուտքի դուռը բացվում է, Բելլան ներս է մտնում: Հագին վերարկու, է,  գլխարկով,  ձեռքին՝ պայուսակ, ճամպրուկ և տորթի տուփ):

Ջեյ Բելլա հորաքո՛ւյր:

Արթի Ինչպե՞ս ես

Մեծ մայր (չի արձագանքում, մնում է նույն դիրքով, աչքերը փակ): Դե գնացե՛ք: Քանի՞ անգամ պետք է ձեզ ասեմ:

(Տղաները նայում են նրան, շրջվում են դուրս են գալիս: Բելլան նայում է մորը, որը դեռ չի ուզում բացել աչքերը):

Բելլա Ողջույն, մամա… (Մեծ մայրը չի արձագանքում:) Թեյ պատրաստե՞մ քեզ համար: Այստեղ շատ ցուրտ է… Գրոսմենից սուրճի տորթ եմ բերել, դեռ տաք է… Մամա, ոչինչ, եթե չես ուզում խոսել ինձ հետ: Գիտեմ, հավանաբար շատ ես բարկացած ինձ վրա:

Մեծ մայր (Հայացքն ուղղում է այլ կողմ): Դու վերադարձե՞լ ես, թե՞ պարզապես այցելության ես եկել:

Բելլա Չգիտեմ… Մտածեցի վերադառնալ և քեզ հետ խոսել այդ մասին:

Մեծ մայր Ինչպես այն օ՞րը խոսեցիր, որ տանից հեռացար… Առանց մի բառ ասելու:

Բելլա Մամա, այդ դո՛ւ ոչինչ չասացիր: Դու ինձ հնարավորություն չտվեցիր, որ որևէ բան ասեմ:

Մեծ մայր Ես լսեցի քո ասածը: Դրանից ավել ինձ ոչինչ պետք չէր լսել:

Բելլա (Գլխով է անում): Մամա, տես, ես լաց չեմ լինում… Ես գիտեմ, որ շատ ես բարկացած ինձ վրա, բայց լաց չեմ լինում: Եվ ոչ այն պատճառով, որ վախենում եմ լաց լինել, այլ որովհետև մեջս արցունք չի մնացել: Մեջս մի տեսակ  դատարկություն եմ զգում: Ինչպես դու ես մշտապես զգում:

Մեծ մայր Դու ի՞նչ գիտես, թե ես ինչ եմ զգում:

Բելլա Քեզ թվում է, ես ոչինչ չգիտեմ, այնպես չէ՞: Մամա, դու կարծում ես, որ ես հիմար եմ, այնպես չէ՞:

Մեծ մայր Ոչ: Դու հիմար չես:

Բելլա Ուրեմն ի՞նչ, խելագա՞ր եմ: Մամա, դու կարծում ես, որ ես խելագա՞ր եմ:

Մեծ մայր Այդ բառը չօգտագործե՛ս ինձ մոտ:

Բելլա Ինչո՞ւ չօգտագործեմ: Դու վախենո՞ւմ ես դրանից: Մամա, եթե քո կարծիքով ես այդպիսին եմ, ապա մի՛ վախեցիր ասել դա: Որովհետև, եթե ես խելագար եմ, ապա պետք է լինեմ հոգեբուժարանում, այդպես չէ՞: Բայց այդ դեպքում դու կմնաս մենակ, իսկ դա չես ուզում: Մամա, արդյոք դա չէ՞ պատճառը, որ դու չես օգտագործում այդ բառը:

Մեծ մայր Բելլա, ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ ես դու… Դու երեխա ես: Բժիշկն ինձ այդպես է ասել: Դու խելագար չես: Դու հիմար չես… Երեխա՛ ես… Ու ես քեզ հենց այդպես եմ վերաբերվում: Որովհետև դու միայն այդպես կարող ես հասկանալ… Քեզ բժիշկներ պետք չեն: Դու հիվանդ չես: Քեզ պետք չէ հոգեբուժարան տանել: Դու այստե՛ղ ես ապրում: Այստեղ կարող են հսկել քեզ և հոգ տանել քո մասին… Բելլա, դու միշտ լինելու ես երեխա: Եվ այս աշխարհում, որտեղ կա այնքան շատ ատելություն, հիվանդություն և մահ, որտեղ ոչ ոք չի կարող խաղաղ ապրել, գուցե դու ավելի լավ վիճակում ես: Բելլա, մնա երեխա և ուրախ եղիր, որ Աստված քեզ այդպիսին է ստեղծել:

Բելլա Այդ դեպքում ինչու է նա ինձ ստեղծել կնոջ տեսքով: Եվ ինչո՞ւ եմ ներքուստ ինձ կին զգում: Եվ ինչո՞ւ եմ ցանկանում այն ամենը, ինչ կինը պետք է ցանկանա: Մի՞թե սրա համար է, որ պետք է նրան շնորհակալ լինեմ: Մամա, ինչո՞ւ է նա ինձ ստեղծել այնպես, որ ես ամեն ինչ անեմ, ինչպես կինն է անում, բացի նրա նման մտածելուց… Գիտեմ, երբեմն լինում եմ շփոթված… և վախեցած: Բայց եթե երեխայի նման եմ, ինչո՞ւ չեմ կարող լինել երեխայի պես ուրախ: Ինչո՞ւ իմ երեխաներն ունենալու փոխարեն տիկնիկներով չեմ բավարարվում:

Մեծ մայր Բավարար խելացի չեմ այդ հարցին պատասխանելու համար:

Բելլա Մամա, բայց ես խելացի եմ: Գուցե միայն այնքան խելացի, որքան կարող է լինել երեխան, բայց որոշ երեխաներ հասուն մարդկանցից ավելի խելացի են: Ինձ շատ են հանդիպել հասուն մարդիկ, որոնք հիմար են: Նաև դաժան:

Մեծ մայր Բելլա, դու չունես պարտականություններ: Պարտականությունները  մարդկանց դաժան են դարձնում:

Բելլա Ես չեմ ուզում լինել քո պարտականությունը: Գուցե այդ դեպքում իմ հանդեպ այսքան դաժան չլինես:

Մեծ մայր Այդ դեպքում ո՞վ է քեզ համար պարտականություն վերցնելու: Ի՞նքդ: Այն մարդը, որի հետ փախե՞լ էիր: Որը քեզանից փո՞ղ է ուզում: Որը քեզանից ուրիշ բանե՞ր է ուզում: Միայն Աստված գիտե, թե ուրիշ ինչ է ուզում: Այնպիսի բաներ, որոնց մասին դու երբեք չես իմանա: Բելլա, մնա այնպիսին, ինչպիսին կաս, որովհետև դու չգիտես, թե այդ զգացմունքներն ինչ կարող են անել քեզ:

Բելլա Այո՛, մամա, գիտեմ: Ես գիտեմ քո նշած ուրիշ բաների մասին… Մամա, որովհետև այդ բաները պատահել են ինձ հետ… Օ՜, այո՛… Դրանք պատահել են, որովհետև ես եմ այդպես ցանկացել… Դու բարկանո՞ւմ ես ինձ վրա:

Մեծ մայր (Շրջում է գլուխը, անտեսելով): Բելլա, դու չես հասկանում, թե ինչ ես խոսում:

Բելլա Ուզում ես ասել, որ ես ճշմարտությունը չե՞մ ասում: Այո՛, ասում եմ: Ես գիտեմ, թե որն է ճշմարտությունը… Ուղղակի այս տարիների ընթացքում միշտ վախեցել եմ քեզ ասել: Գերթրուդը գիտե: Նա միակն է…Մամա, մի՞թե ատում ես ինձ: Ասա՛, որովհետև ես չգիտեմ, արդյոք սխալ եմ արել, թե՞ ոչ:

Մեծ մայր Դու բարկացած ես, և դա է պատճառը, որ սուտ ես խոսում: Ես չեմ ուզում լսել քո մանկական ստերը: (Ձեռքը թափահարում է, Բելլային հասկացնելով, որ հեռանա:)

Բելլա Ո՛չ, մամա, դու պետք է ինձ լսես… Երբ դպրոց էի հաճախում, տղաներին թույլ էի տալիս ինձ դիպչել… Նաև այն տղաներին, որոնց հանդիպում էի այգում… Ինչպես նաև կինոթատրոններում… Նույնիսկ այն տղաներին, որոնց հանդիպում էի մեր խանութում… Գիշերները, երբ քնած էիր, իջնում էի ներքև և նրանց ներս էի թողնում… Մամա, և  ոչ միայն տղաներին… նաև տղամարդկանց:

Մեծ մայր Բելլա, վե՛րջ տուր: Դու չես հասկանում, թե ինչ ես ասում… Այդ ամենը քո երևակայության արդյունքն է:

Բելլա Մամա, ես ուզում եմ, որ մեկը դիպչի ինձ: Մեկը գրկի ինձ: Ասի, որ ես գեղեցիկ եմ… Դու ինձ ոչ մի անգամ դա չես ասել: Մի քանիսը նույնիսկ ասել են, որ սիրում են ինձ, բայց ես չեմ հավատացել, որովհետև գիտեի, թե ինչ էր նրանց ուզածը… Բացի Ջոննիից: Նա իրոք սիրում է ինձ: Որովհետև նա հասկանում է ինձ: Որովհետև նա ինձ նման է: Նա միակ մարդն է, որի հետ ինձ ապահով եմ զգում: Ուստի մտածեցի, որ գուցե իմ կյանքում առաջին անգամ կարող եմ լինել երջանիկ… Դա էր պատճառը, որ փախա տանից: Ես նույնիսկ վերցրեցի հինգ հազար դոլար, որպեսզի տամ նրան ռեստորանի համար: Գուցե նա նույնպես քաջություն ունենար տանից հեռանալու համար:

Մեծ մայր (Արհամարհական նայում է Բելլային): Մի՞թե դա ևս մեկն էր երազածդ բաներից: Որտեղի՞ց ճարեցիր հինգ հազար դոլար:

(Բելլան բացում է պայուսակը, հանում ռետինե ժապավենով կապված  թղթադրամները, դնում է սեղանին):

Բելլա Մամա, մի՞թե սա երազի նման է:

Մեծ մայր (Վերցնում է թղթադրամները, ուշադիր նայում): Որտեղի՞ց ես վերցրել սրանք: (Արագ շրջվում, նայում է իր սենյակի ուղղությամբ:) Ինձանի՞ց ես գողացել: Դու գիտե՛ս, որտեղ եմ պահում իմ փողերը: Քեզանից բացի ոչ ոք չգիտե: (Բելլայի դեմքին է շփում բաժակով թեյը:) Գո՛ղ: Դու գողանում ես քո հարազատ մորի՞ց: Գո՛ղ:

Բելլա (Բղավում է): Մամա՛, խնդրե՛մ, կարող ես ինձ խփել: Գլուխս ջարդի՛ր, ինձ հիմար ու խելագար դարձրու, որովհետև առանց այն էլ կարծում ես, որ ես այդպիսին եմ, չէ՞:

Մեծ մայր Դո՛ւրս իմ տանից: Գնա ապրիր քո գող ընկերոջ հետ: Ուզո՞ւմ ես մնացած փողերը. գնա՛, վերցրո՛ւ: Դրանք քեզ երկար չեն դիմանա… Ողջ մնալու համար երկուսդ էլ ստիպված կլինեք կրկին գողություն անել, հավատացնում եմ քեզ:   

Բելլա Մամա՛, ինձ պետք չեն քո մնացած փողերը… Սրանք էլ կարող ես վերցնել… Լուին է ինձ տվել: Վերջին երկու օրը գիշերել եմ Գերթրուդի տանը… Լուին եկավ հրաժեշտ տալու և իր սև պայուսակի միջից տվեց այս գումարը. Աստված գիտե, թե էլ որքան ունի… Ես չհարցրեցի: Մամա, գուցե նա նույնպես գող է, բայց իմ եղբայրն է և ինձ այնքան շատ է սիրում, որ ուզում է օգնել… Մամա, դու միայն ունես գողեր ու հիվանդ փոքրիկ աղջիկներ: Բայց Աստված չէ նրանց այդպիսին ստեղծել, այլ՝ դու: Մամա, այո՛, մենք ողջ ենք, ուրիշ ոչինչ… Իրականում, մեզանից միայն Ահարոնն ու Ռոզն էին բախտավորները:

Մեծ մայր (Վհատված): Ո՜ոոոչ… Ինձ այդ բանը չասե՛ս… Խնդրո՛ւմ եմ… Օ՜, Տեր Աստվա՛ծ… Բելլա՛, ինձ այդ բանը չասե՛ս:

Բելլա Մամա, ներիր… Չէի ուզում վիրավորել քեզ:

Մեծ մայր Այո, ուզում էիր… Սա իմ պատիժն է, որ ողջ եմ մնացել… որ իմ հարազատ երեխաներից ավելի երկար եմ ապրել… Իմ մեղքն այն է, որ չեմ մահացել նրանցից առաջ… Բելլա, գնա՛: Վերցրո՛ւ Լուիի փողերը… Կարծում ես չգիտե՞մ, թե նա ով է… Հինգ տարեկանից նա գողություն է արել… Այն օրից, որ Ահարոնը մահացավ, ես մեկուսացա բոլորից… քեզանից ու Լուիից… Գերթից ու Էդդիից… Նախ կորցրեցի Ռոզին, այնուհետև՝ Ահարոնին. ու ես դադարեցի զգալ որևէ բան, որովհետև այլևս ի վիճակի չէի որևէ կորստի դիմակայել:

Բելլա Մամա՛:

Մեծ մայր Գնա՛, բա՛ց արա քո ռեստորանը, ապրի՛ր քո անձնական կյանքով, ունեցի՛ր քո սեփական երեխաները: Եթե դա լինի սխալ որոշում, ապա թող դա լինի քո սխալը… Եթե ճիշտ չեմ վարվել քեզ հետ, ապա ինքս պետք է հաշվի նստեմ այդ փաստի հետ… Ես իմ կյանքն այսպես եմ ապրել: Այժմ ոչ ոք չի կարող դա փոխել, նույնիսկ դո՛ւ:

Բելլա Մամա, ոչ մի ռեստորան էլ չկա… Նա վախենում է լինել բիզնեսմեն, կամ կառավարիչ… Նա ուզում է լինել հսկիչ… Նա սիրում է ամբողջ օրը լինել մթության մեջ և ուզած ժամանակ ֆիլմեր դիտել… Այդ կերպ կարող է ապրել այնպիսի աշխարհում, որտեղ իրեն ապահով է զգում… Նա չի ուզում երեխաներ ունենալ… Նա չի ուզում ամուսնանալ… Նա ուզում է ապրել իր ծնողների հետ, որովհետև գիտե, որ ծնողները սիրում են իրեն… Եվ այդքանը բավարար է համարում:

Մեծ մայր Ուրեմն, նա քեզանից ավելի բախտավոր է:

Բելլա Գուցե այդպես է… Բայց ես շարունակելու եմ ուզել այն, ինչը չունեմ… Անցյալը փոխելն ինձ համար շատ ուշ է… Գուցե դեռևս երեխա եմ, բայց իմ մեջ կա բավարար կանացիություն, որպեսզի ինձ դժբախտ զգամ: Ես ու դու պետք է փնտրենք ու գտնենք մոտեցման մի նոր ձև այս իրավիճակից դուրս գալու համար… Հնարավոր է, այլևս երբեք չի լինի առաջվա պես… (Ելնում է նստած տեղից:) Գնամ իրերս տեղավորեմ… Կարծում եմ, այսօր երկուսս էլ բավականին շատ բան ենք ասել… իսկ դու չե՞ս կարծում: (Հավաքում է իրերը, մտնում է իր սենյակ և դուռը փակում:)

(Մեծ մայրը անզգայացած նստած է… այնուհետև ձեռքը մոտեցնում է բերանին և փորձում խեղդել այն զգացմունքները, որոնք սկսում են համակել նրան: Բեմը մթնում է):

Չորրորդ տեսարան

Բելլա (Վերևից լսվող ձայնը):  «Սիրելի Էդդի… Այս բացիկը Բելլայի կողմից է: Պարզապես ուզում եմ քեզ հայտնել, որ Արթին ու Ջեյը լավ են, նաև լավ լուր ունեմ քեզ հաղորդելու, սակայն այլևս գրելու տեղ չկա: Սիրով՝ Բելլա»:

(Ինն ամիս անց: Լսվում է եկեղեցու զանգերի ձայնը: Արթին և Ջեյը հագել են այն հագուստը, որ հագել էին առաջին օրը: Յուրաքանչյուրն ունի մեկ ճամպրուկ, որոնք դրված են սենյակի կենտրոնում):

Արթի …Քո կարծիքով պապան որքա՞ն է մնալու այնտեղ:

Ջեյ Չգիտեմ: Արթի, բայց մենք լավ դիմացա՛նք: Տասը ամիս է այստեղ ենք ու դեռ ողջ ենք: Անցանք մեծ մամայի կապանքների միջով, և մեզ ոչինչ չպատահեց: 

Արթի Գիտե՞ս, թե ում եմ կարոտում: Լուի հորեղբորը… Ուրախ եմ, որ այն երկուսը նրան չկարողացան բռնել:

Ջեյ Հա՛, բայց մեկ էլ տեսար՝ ճապոնացիները բռնեն նրան: Կարծում ես, Խաղաղ օվկիանոսի հարավային մասում կռվելն ավելի ապահո՞վ է:

Արթի Ոչ: Բայց հավանաբար Գվադալկանալում նա ամենահարուստ մարդն է:

(Մուտքի դուռը բացվում է, ներս է մտնում Բելլան, ձեռքին՝ երկու տոպրակ):

Բելլա Փառք Աստծու: Վախենում էի, որ մինչև վերադառնալս գնացած կլինեք: Ամբողջ Յոնկերսում այսուայն կողմ ընկած, սրանցից էի փնտրում… (Տոպրակները դնում է հատակին:) Լավ, հիմա փակեք ձեր աչքերը: (Տղաները փակում են: Բելլան հանում է բասկետբոլի ու ֆուտբոլի գնդակներ: Բասկետբոլի գնդակը տալիս է Ջեյին:) Ջեյ, ֆուտբոլի գնդակը քեզ համար է: (Ֆուտբոլի գնդակը տալիս է Արթիին:) Արթի, բասկետբոլի գնդակը քեզ համար է: Հավանո՞ւմ եք:

Արթի Տե՛ր Աստվա՛ծ: 

Ջեյ Անհավատալի՛ է:

Բելլա Հուսով եմ, չափսերը ճիշտ են: Ես առաջնորդվեցի իմ ենթադրությամբ:

Ջեյ Բելլա հորաքույր, սա իմ ստացած լավագույն նվերներից է:

Բելլա Դե, դուք երկուսդ էլ ի՛մ երբևէ ստացած լավագույն նվերն եք: Ատում եմ ձեզանից բաժանվելը:

Ջեյ Բայց ո՞վ ասաց, որ այդպես է: Մենք միշտ գալու ենք այստեղ:

Արթի Բելլա հորաքույր, շնորհակալություն, ես իրոք շատ եմ հավանում սա:

Բելլա Դե, այն միայն իմ կողմից չէ, նաև՝ մեծ մամայի: Բայց նրան այդ մասին հետո կհայտնեմ:  

(Ննջարանի դուռը բացվում է, դուրս է գալիս Էդդին):

Էդդի Դե՛ տղանե՛ր, ես ու մեծ մաման ավարտեցինք մեր խոսակցությունը: Պատրա՞ստ եք, որ գնանք:

Ջեյ Պապ, տե՛ս: Սա Բելլա հորաքրոջ և մեծ մամայի կողմից է:

Արթի Բելլա հորաքույր, մի կողմ կանգնիր, որ գնդակը փոխանցեմ:  

(Հենց այն պահին, որ Արթին ֆուտբոլի գնդակը նետում է Ջեյին, ննջասենյակից դուրս է գալիս մեծ մայրը):

Մեծ մայր Սա ի՞նչ բան է: Ես ձեզ ի՞նչ եմ ասել տանը խաղեր խաղալու մասին:

Էդդի Մամա, նրանք չեն խաղում: Նրանք դա լավ գիտեն:

Մեծ մայր Ես քեզ հավատացնում եմ, եթե մի բան կոտրեն, ապա շատ թանկ են վճարելու:  

Ջեյ Մեծ մամա, շնորհակալ եմ գնդակի համար: Ես այն շատ եմ հավանում:

Էդդի Դե լավ, տղաներ, մեծ մաման հոգնած է: Եկեք նրան ցտեսություն ասենք և գնանք:

Մեծ մայր Այս առավոտ մենք արդեն ասել ենք ցտեսություն: Երկու ցտեսությունը չափազանց շատ է:

Էդդի (Որոշ անկեղծությամբ): Դե՛, մամա… պարզապես ուզում էի  շնորհակալություն ասել: Դու շատ բան արեցիր տղաների և ինձ համար: Ես չգիտեմ, ինչպե՞ս փոխհատուցեմ:

Մեծ մայր Ես քեզ կասեմ, թե ինչպես: Այդ բանն այլևս մի՛ արա:

Էդդի Աստված եմ կանչում, որ այլևս ստիպված չլինեմ:

Մեծ մայր Իսկ եթե ստիպված լինես, ապա կրկին կասեմ՝ ոչ: Եվ այս անգամ՝ հաստատ… Երբ Լուին մեկնեց բանակ, մտածեցի, որ փողը քեզ ուղարկեմ: Նույնիսկ Բելլան խնդրեց, որ ուղարկեմ: Բայց հետո ասացի՝ ոչ… Էդդին պետք է ինքնուրույն անի ամեն ինչ: Եվ դու արեցի՛ր: Դա լա՛վ է:

Էդդի Այո, մամա: Ուրախ եմ, որ վերջապես հավանում ես ինձ:

Մեծ մայր Ես այդպիսի բան չասացի: Ես միայն ասացի «լավ է»:

Էդդի Մամա, ես ընդունում եմ դա:

Մեծ մայր Ուրեմն, հավանաբար դու կրկին կամուսնանաս, ու քո տղաներին չեմ տեսնի ևս տասը տարի:

Էդդի Մամա, ես դեռ չեմ պատրաստվում ամուսնանալ, բայց այսուհետ տղաներն այլևս օտարի պես չեն լինի: Նրանք կլինեն թոռնիկներ: Ու ես պետք է քեզ հրաժեշտի համբույր տամ, անկախ նրանից, դա քեզ դուր կգա, թե՝ ոչ: (Կռանում, համբուրում է մորը:) Շնորհակալ եմ, որ կռիվ չարեցիր: (Շրջվում է Բելլայի կողմը:) Բելլա, ցտեսություն: Ի՞նչ կարող եմ ասել:

Բելլա Էդդի, ես գիտե՛մ, գիտե՛մ:

Էդդի Այնքան շատ եմ սիրում քեզ: (Գգվում է նրան:) Տղաներ, ձեզ կսպասեմ ներքևի հարկում: Մոտեցեք ու շնորհակալություն հայտնեք մեծ մամային:

(Էդդին դուրս է գալիս, նախքան նրա աչքերից արցունք կթափվեր):

Ջեյ Ես… ըը՜ըՄեծ մամա, պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեզ քո տանն ընդունելու համար: Գիտեմ, դա հեշտ չէր քեզ համար:

Մեծ մայր (Նայում է Ջեյին): Դու չես վախենում ճշմարտությունն ասել: Դա լավ է… Իսկ ուզո՞ւմ ես լսել ի՛մ ճշմարտությունը… Ամեն ինչ ցավ է պատճառում: Կյանքում ինչ էլ որ ստանաս, նաև կորցնում ես ինչ-որ բան:

Ջեյ Հավանաբար շատ փոքր եմ դա հասկանալու համար:

Մեծ մայր Իսկ ես շատ ծեր եմ դա մոռանալու համար… Դե հիմա գնա, գնա տուն: Հոգ տար հայրիկիդ մասին: Նա լավ տղա է, բայց միշտ մի քիչ օգնության կարիք է ունենում:

(Ջեյը գլխով է անում, մոտենում դռանը և սպասում Արթիին):

 Արթի Մեծ մամա, իրոք, դու շատ օգնեցիր ինձ ու Հակոբին: Danke schön… Դա նշանակում է «Շնորհակալություն»:

Մեծ մայր Այս մեկը խորամանկ է: Փորձում է ինձ խաբել ու համոզել… Մի՛ փորձիր փոխել ինձ: Երբեմն ծերերն այնքան էլ սխալ չեն լինում:

Արթի Միանգամայն ճիշտ ես… Արթուր թագավորը կարո՞ղ է քեզ հրաժեշտի համբույր տալ: (Համբուրում է նրան, մոտենում դռանը:)

Մեծ մայր Տղաներ, այն գիշեր ի՞նչ էիք փնտրում թթի պաղպաղակի տակ: Գուցե իմ փողե՞րը:

Արթի Ո՛չ, երդվո՛ւմ եմ:

Մեծ մայր Պետք է փնտրեիք կտրելու գործիքի ետևում:

(Տղաները խփում են իրենց գլխին, որ այդքան ապուշ են եղել և դուրս են գալիս: Բելլան նայում է մորը):

Բելլա Դե, ես սկսեմ ընթրիքի պատրաստությունը… Դեմ չե՞ս լինի, եթե մի քիչ ավելի շուտ ընթրենք, քանի որ այս երեկո պայմանավորված եմ մեկի հետ: (Մեծ մայրը նայում է նրան:) Մամա, նա աղջիկ է: Ես մի նոր ընկերուհի եմ ձեռք բերել: Նա սիրում է ինձ, ես էլ սիրում եմ նրան… Նա ունի մի եղբայր, որին նույնպես սիրում եմ… Նա աշխատում է գրադարանում… Նա կարող է կարդալ, ինչ ցանկանա… Ուզում եմ մի օր նրանց հրավիրել ընթրիքի… Մամա, կարո՞ղ եմ: (Մեծ մայրը, չիմանալով ինչպես վարվել, հայացքը շրջում է այլ կողմ:) Խնդիր չկա…Շտապ չէ: Պարտադիր չէ, որ որոշումդ հենց հիմա կայացնես: (Միացնում է ռադիոն:) Մտածում եմ, որ հինգշաբթի երեկոյան հարմար կլինի: (Ռադիոյով հաղորդում են «Զգույշ, դա իմ սիրտն է» երգը Բինգ Քոսբիի կատարմամբ: Բելլան քթի տակ ուրախ ձայնակցում է:) Մամա, սա կոչվում է երաժշտություն: (Եվ շտապում է  դեպի խոհանոց:)

Մեծ մայրը նայում է Բելլայի ետևից և գլխով է անում, կարծես ասելով՝ «Ուրեմն հարցը հասավ այստեղ…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։