ԳՅՈՒՄՐՈՒ Վ.ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ. 157-ՐԴ ԹԱՏՐԱՇՐՋԱՆ
Գյումրու դրամատիկականն իր ձեռքբերումներով և հաստատումներով, ակնառու դարձած իր իրադարձություններով և իրողություններով 2022 թվականի տարեսկզբին հանդիսատեսին ներկայացրեց Մ. Ակոպովայի «Բոհեմ» ներկայացումը: Բեմադրող ռեժիսոր՝ Տաթև Ժաքյան։
Հաջորդիվ, Գյումրու դրամատիկականն իր 157-րդ թատերաշրջանը բացեց ըստ Սթիվեն Քինգի՝ «Միզերի» հոգեբանական դրամայով։ Բեմադրության հեղինակը մայրաքաղաքից հրավիրված երիտասարդ ռեժիսոր Գոռ Մարգարյանն է, ով իր համարձակ քայլերով և նորարարության ձգտումով թատրոն բերեց գեղագիտական նոր ընկալումներ՝ հարստացնելով Գյումրու դրամատիկականի խաղացանկը ևս մեկ յուրօրինակ ներկայացումով։ Ներկայացմանը մասնակցում են Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը և Գյումրու դրամատիկականի երիտասարդ դերասան Արսեն Սաղաթելյանը։
157-րդ թատերաշրջանը նշանավորվեց նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական և Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնների համատեղ նախաձեռնությամբ՝ տարվա թատերական իրադարձություն դարձած, ամերիկացի դրամատուրգ Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» դրամայով։ Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյան, գլխավոր դերում՝ Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղ. ղեկավար, ՀՀ վաստ. արտիստ Նարինե Գրիգորյան։
Թատերաշրջանի ձեռքբերումներից է Ժ. Պոմրայի «Սպասում» ներկայացումը, որը Գյումրու դրամատիկականի հետ իրականացվեց հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության շրջանակներում: Բեմադրության հեղինակ՝ Սաթէ Խաչատրյան:
Ամանորին ընդառաջ Գյումրու դրամատիկականն իր պատանի հանդիսատեսին ներկայացրեց «Մերին և ամանորյա հրաշքը» հեքիաթ-ներկայացումը։
Գյումրու դրամատիկականը 157-րդ թատերաշրջանի ընթացքում իր հանդիսատեսին խոստանում է նոր ու հետաքրքիր նախագծեր, սպասված ներկայացումներ, ինչպես նաև հյուրախաղեր մայրաքաղաքում և հանրապետության տարբեր մարզերում։
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հանդիսատես․ սիրով շնորհավորում ենք գալիք Ամանորի և Սուրբ ծննդի առիթով՝ մաղթելով ամենայն բարիք և ստեղծագործական բեղուն օրեր։ Թող գալիք տարում մեր սպասումները լինեն սիրո և ստեղծագործական վերթևումներով լի, երազանքներն ու նպատակները իրականություն դառնան գեղեցիկն արարող հրաշագործների շնորհիվ ու մեզանից երբեք չհեռանա բոհեմական կյանքը։
Խաղաղություն Հայոց աշխարհին, ուժ և եռանդ յուրաքանչյուրիս։
Սիրով՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն։




