Էմին ԹՈՐՈՍՅԱՆ
Ամփոփելով 2022 թվականը, հարկ եմ համարում նշել, որ բավականին բուռն ստեղծագործական տարի էր թատրոնի համար։ 2022-ին ՊՀԹ խաղացանկը համալրվեց չորս նոր ներկայացումներով։
Առաջինը, որ հանձնեցինք հանդիսատեսի դատին, աշխարհահռչակ ամերիկացի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» ստեղծագործությունն էր։ Սրանով հիմք դրվեց համաշխարհային դրամատուրգիային անդրադարձը ՊՀԹ-ում։ Ի դեպ, արդեն կայացած այդ չորս պրեմիերաներին զուգահեռ, թատրոնում սկսվեցին կլասիցիզմի ամենավառ դեմքերից Պիեռ Կոռնեյլի «Սիդ» և Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունների բեմադրական աշխատանքները, որոնք հանդիսատեսին կհանձնենք 2023 թ-ին։
Շարունակելով, նշեմ, որ 2022-ին միմյանց հաջորդեցին Լյուդմիլա Ռազումովսկայայի «Սիրելի Ելենա Սերգեևնա», Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը», Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտները» ստեղծագործությունների, մեկը մյուսին հաջորդող պրեմիերաները, ինչը թատրոնի համար ուներ կարևոր նշանակություն։ Նախ, այդ ստեղծագործությունները թատրոնի լայնասպեկտոր հանդիսատեսի համար էր, որ լուծեց մի քանի խնդիր՝ մանկապատանեկան հանդիսատեսի կրթադաստիարակչական և գեղագիտական ընկալումների մասով, ինչպես նաև թատրոնի երեկոյան խաղացանկը հարստացավ այդչափ նշանակալի ներկայացումով՝ «Կատուն շիկացած տանիքին», ինչը պատվաբեր և նշաձող է յուրաքանչյուր թատրոնի համար։ Նշված ներկայացումներում աշխատեցին տարբեր գեղագիտություն ունեցող ստեղծագործական անհատներ՝ գերպրոֆեսիոնալից մինչև դեբյուտանտներ, իսկ դերասանական կազմում, բացի ՊՀԹ հիմնական կազմից, թատրոն հրավիրվեցին ԵԹԿՊԻ-ի նորավարտ երիտասարդներ, ինչին մեծ նշանակություն ու կարևորություն տվեց ՊՀԹ գեղարվեստական խորհրդատու Հրաչյա Գասպարյանը։
Տարին լեցուն էր նաև ներգնա հյուրախաղերով. ՀՀ մարզերում հանդիսատեսին հնարավորություն ընձեռնվեց հաղորդակից լինել թատրոնի մի շարք ներկայացումների։
Այս ամենն, իհարկե, կայացել է թատրոնի ամբողջ անձնակազմի ջանքերի ներդրման և նվիրումի արդյունքում, ինչի համար շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում իմ շատ սիրելի ՊՀԹ գործընկերներին։ Նոր Տարվա բարեմաղթանքս է՝ յուրաքանչյուրն ունենա ամուր առողջություն։ Թող բոլոր ընտանիքներում լինի ջերմություն ու սեր։ Որովհետև այդ ընտանեկան սիրո ու ջերմության արդյունքում է, որ հնարավոր է դառնում ստեղծագործելը, լուսավորն ու գեղեցիկն արարելը՝ հանուն թատրոնի, հանուն հանդիսատեսի, հանուն Քո երկրի։
Կուզեմ, որ հայը վերագտնի իր ազգային արժանապատվությունը, նախնյաց կանչով սթափվի ու տեր կանգնի իր հայրենիքին՝ արժանի լինելով հայրերի օրհնությանը։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Սիրով ու հարգանքով՝
ՊՀԹ տնօրեն Էմին ԹՈՐՈՍՅԱՆ