ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ / ՀՈՎՆԱՆ ՄԵԾԱՏՈՒՆ
Դրամա չորս արարով
Բնագիրը վերծանեց և հրատարակության պատրաստեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Գործող անձինք
ՀՈՎՆԱՆ – մեծահարուստ հայ
ՆԱԶԵ – Հովնանի կինը
ՄԱՐԵ – Հովնանի մայրը
ԽՈՐԵՆ – Հովնանի որդին
ՆՈՒՆՈՒՖԱՐ – Հովնանի հարսը
ՀԵՐԻՔ – Հովնանի աղջիկը
ՀԱՅԿ – Հովնանի թոռը
ՍԱՀԱԿ – Նունուֆարի հայրը
ՀԱՍԱՆ ԲԵՅ — թուրք բարձրաստիճան զինվորական
ԹԱԼԱԼ — մունետիկ
ՎԱԼԻ ՓԱՇԱ – թուրք բարձրաստիճան պաշտոնյա
ՖԱՅԻԿ – թուրք զինվորական պաշտոնյա
ԱԲՐՈ – Խորենի հարսանիքի հյուրերից, ընչազուրկ հայ
ԶԱՐԴԱՐ — Խորենի և Նունուֆարի հարսանիքի քավորը
ԵՂՈ — Խորենի հարսանիքի հյուրերից
ՋՆԴՈ — Խորենի հարսանիքի հյուրերից
ՉԱՎՈՒՇ – Հասան բեյի ծառան
Ա ԶԱՊՏԻԱ
Բ ԶԱՊՏԻԱ
ՀՅՈՒՐԵՐ
ԾԱՌԱ
ԵՐԵՑ
ՀԻՎԱՆԴ ԿԻՆ
ՊԱՇՏՈՆՅԱ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Ա ԱՐԱՐ
Հովնան մեծատունի սենյակը՝ փոքրասիական ճաշակով զարդարված: Դիմացի և ձախ պատերի տակ սաքուներ են՝ մինդարներով և մութաքաներով: Պատերին ու հատակին գորգեր ու կարպետներ են, դիմացի և ձախ պատերին՝ մի-մի երկաթավանդակ պատուհան՝ գույնզգույն ապակիներով: Դիմացի և ձախ պատերի անկյունում դուռ է, որը գլխավոր մուտքն է: Ձախ պատի մեջ ևս մի դուռ կա, որ կանանց բաժինն է: Սաքուները քառակուսի սյուներ ունեն, որոնց գլուխների խոյակները միանում են իրար՝ զանազան ծակոտկեն քանդակներով ոճավորված: Երեկո է: Պատերին ճրագներ են վառած: Հարսանիքի հյուրերը ներս են մտնում: Նունուֆարին և Խորենին, իբրև պսակված զույգի, շրջապատել են քավորը՝ Զարդարը, ջահել տղաներ: Ետևից գալիս են Սահակը, Ջնդոն, Եղոն և այլ հյուրեր:
ՀՅՈՒՐԵՐ – (բացականչում են): Հայ-հա՜յ, շնորհավո՜ր, շնորհավո՜ր, շա՜տ-շատ ապրեն, ոտքերը բարի՜:
Բոլորը մտնում են ներս և բոլորվում շուրջանակի. դիմացը կանգնում է պսակվող զույգը, որոնց դիմաց Հովնանն է, Նազեն և Սահակը: Ձախ դռնից, ձեռքը բռնած, դուրս են բերում պառավ մարեին, որ կույր է և կորաքամակ: Երբ ամենքը բոլորվում են հարսի շուրջը, նվագը դադարում է:
ՀՈՎՆԱՆ — (Մարեին): Մարե՛: (Մարեն չի լսում:) Մարե՛:
ՄԱՐԵ – (խուլ, պառավ ձայնով, կույր աչքերը տարածության մեջ): Ո՞վ է:
ՀՅՈՒՐԵՐ — Տղադ է՝ Հովնանը, մարե՛, քեզ բան է ասում:
ՀՈՎՆԱՆ – (Մարեի ականջն ի վար, բարձր): Մարե՛, օրհնե թոռիդ ու հարսիդ. ժամից
եկան, պսակվեցին:
ՀՅՈՒՐԵՐ — Օրհնե՛, օրհնե՛: (Պսակված զույգին.) Խորե՛ն, Նունուֆա՛ր, առա՛ջ եկեք, չոքեցե՛ք:
Խորենն ու Նունուֆարը չոքում են մարեի դիմաց և ձեռը համբուրում:
ՄԱՐԵ — (գլխի ընկնելով): Հա՛, հա՛… դո՜ւք եք: Ապրիք, բալանե՛րս, պսակով ծերանաք: Ծլիք, ծաղկիք, ջրի պես հորդորիք: Հովնա՛ն, սեղանդ հայր Աբրահամու սեղանն ըլի: Աստված մարեիդ հոգին առջևդ առնե:
ՀՅՈՒՐԵՐ — Ամե՛ն, Ամե՛ն: Հոգո՛վ կշտանաս, մարե՛, Աստված անուշ մահ տա քեզ:
ՍԱՀԱԿ — (առաջ գալով): Հովնա՛ն, աղջիկս չէ՛, թե տղիդ եմ տալիս, տղա՛ս եմ աղջկադ
տալիս: Նրանց հույսն ու սյունը դու ես: Էլ ես չկամ: (Համբուրելով զույգին:) Շեն սրտով մնաք, ցամաք աչքով, բալանե՛րս:
ՀՅՈՒՐԵՐ — Ամե՛ն, ամե՛ն:
Նունուֆարը մեկ-մեկ համբուրում է մարեի, Հովնանի, Նազեի և ապա ավելի պատվավոր ու հասակավոր հյուրերի ձեռքերը:
ՀՈՎՆԱՆ — Դե՛, փա՛ռք քեզ, Աստվա՛ծ: (Մոտենում է մարեին և բռնելով նրա թևից՝ տանում նստեցնում է սաքուին: Հյուրերը ժպտալից դիտում են այս տեսարանը: Հյուրերին:) է՜հ, համեցեք, էֆենդինե՛ր, նստեցեք:
Հյուրերը նստում են:
Պատկեր. մեջտեղում նստած է մարեն, աջ և ձախ կողքերին՝ Սահակը, Ջնդոն, Զարդարը, Եղոն և այլ պատվելի մեծեր: Ավելի առջևում՝ ձախակողմը, կանայք են, հասակավորները՝ սաքուին, ջահելները՝ հատակին, ծալապատիկ: Աջ կողմում՝ դռան մոտ, ջահել տղաներ են և սպասավորներ: Ձախ անկյունում կանգնած են հարսն ու փեսան: Հարսը՝ ձեռքերը բարև բռնած, երեսին թափանցիկ քող ունի: Փեսան կանգնած է նրա աջ կողքին՝ անշարժ և ջերմեռանդ:
ՀՈՎՆԱՆ — (որ բարև բռնած կանգնել էր մարեի առջև, ծափ է խփում աջ ձեռով ձախ ափին, որ ծառան ներս գա): Է՛յ, տղա՛:
ԾԱՌԱ — (ձախ դռնից մտնում, բարև բռնած կանգնում է Հովնանի դիմաց): Էֆենդի՞ս…
ՀՈՎՆԱՆ. Դուրսն ի՞նչ բանի են:
ԾԱՌԱ — Հացը գցե՞նք:
ՀՈՎՆԱՆ — Կեցի՛ր: Տվի՞ր աղքատների բաժինը:
ԾԱՌԱ — (զվարթ ու ճարտար): Էֆենդի՛, գելը կերավ, ծիտը ժողվեց, մուկը կրեց, ոտները մաշեց:
ՀՅՈՒՐԵՐ — (ծիծաղում են): Մեզ բան չեն թողե՞լ:
ՀՈՎՆԱՆ — Լա՛վ: Ճամփորդների՞ն, հիվանդների՞ն…
ԾԱՌԱ — Աշխարհք լիացավ, էֆենդի՛:
ՀՈՎՆԱՆ — Աբրոն ինչո՞ւ չեկավ:
ԾԱՌԱ — Աբրոն էլ՝ մյուս աղքատների հետ, ստացավ իր բաժինը:
ՀՈՎՆԱՆ — Չէ՛, ուրախություն է, միասին անենք. ով որ դռանը կանգնել է, կանչիր ներս գան:
Ծառան գնում է:
ԵՐԵՑ — Վարձքդ կատար, Հովնա՛ն:
ՀՅՈՒՐԵՐ — Հայր Աբրահամու փայն ուտես:
Ներս են մտնում Աբրոն և այլ աղքատներ: Հյուրերը ետ-ետ են քաշվում ձախակողմը և դռան մոտ տեղ են բաց անում նրանց համար:
ՀՈՎՆԱՆ — (աղքատներին): Անո՛ւշ արեք, նստեցե՛ք:
ԱԲՐՈ — Աստված քեզ մեկին հազար տա, Հովնա՛ն պատվելի, նեղություն մի քաշի, մենք…
Նստում է դռան մոտ, մյուս աղքատները հետևում են նրան: Ծառան ուրիշ ծառաների օգնությամբ ներս է բերում կերակուրներ, միրգ, գինի, ծաղիկներ և դնում հյուրերի առջև՝ փոքրիկ խոնչաներով:
ՀՈՎՆԱՆ — (ծառաներին ցույց է տալիս աղքատների կողմը): Այն կողմն էլ:
Ծառաները սարքում են նաև աղքատների սեղանը:
ՀՅՈՒՐԵՐ — (Հովնանին): Դե նստիր, Հովնա՛ն էֆենդի:
ԶԱՐԴԱՐ — Թո՜ւ… Հովնանի ձևերը չվերջացա՜ն…
ՀՈՎՆԱՆ — (մոտենալով մարեին՝ մի պահ լռում է և արձանացած նայում նրան. կարծես մտքում խոսում է մեկի հետ: Հետո բարձրաձայն՝ մարեին): Մարե՜, հիշենք հներին, անցյալների՜ս: (Մարեն ուշադրությունը լարում է:) Պապուկներ, մամուկներ, հին նախնիներ… ձեր շուքերը հիմի նստած են այս հարկի տակ: Առաքել պապուկ, Բաղդասար պապուկ… մամուկ Հերքո…
ՄԱՐԵ — (մի տեսակ միստիկ ոգևորությամբ կցելով): Ղունկիանոս ապուպապ, Մերկեր ապուպապ, Ղևոնդ, Մագթա՜ղ…
ՀՈՎՆԱՆ — Հին ապուպապեր, ձեր շուքը իմ օջախի վրա: (Նազեին.) Նազե՛, արի մարեի աջն առ: (Հերիքին.) Հերի՛ք, Հայկին բեր: (Հերիքը հյուրերի միջից առաջ է բերում փոքրիկ Հայկին:) Հա՛յկ, տղա՛ս, արի մամումամիդ ձեռքը համբուրիր: (Նազեն և Հայկը համբուրում են մարեի ձեռքը:) Մարե՛, աջդ տուր: (Մարեն մեկնում է աջը Հովնանին: Սա չոքում է, համբուրում, ապա վեր կենում:) Նազե՛, գնա գործիդ: Հա՛յկ, արի մարեի գիրկը:
Մարեն նստում է, Հովնանը Հայկին տալիս է մարեի գիրկը:
ԶԱՐԴԱՐ — (որ հիացքով դիտում էր այս տեսարանը): Օրհնվի՜ սովորութքդ, Հովնա՛ն, որ ամեն բանի բարակները գիտես: Երևում է, թե ծերին հարգելը ինչ անուշ խորհուրդ է:
ՀՈՎՆԱՆ — (ցույց տալով մարեին): Նախնիներս սրա կույր աչքերի միջից ինձ են մտիկ տալիս:
ՀՅՈՒՐԵՐ — Նախնինե՞րդ…
ՀՈՎՆԱՆ — Սրա չորս բոլորը նրանց շուքերն են նստած, և գիշերները նրանց փսփսոցը լսում եմ: (Հյուրերը մի ակամա ակնածանք են զգում:) Է՜հ, առաջ քան խնջույք՝ հիշենք Աստված:
ԵՐԵՑ — Օրհնյալ է անունն Աստծո: (Ցածրաձայն կարճ աղոթք է մրմնջում, որից հետո վերցնում է գինով լի գուռը:) Է՜հ, արդար Հովնանի աչքը ամենքին տեսավ, Աստված հաճեցավ: Կենդանությո՛ւն, հրամա՛ն է ձեզ, քե՛ֆ արեք:
ՀՅՈՒՐԵՐ — (գինի և օղի լցնելով գավաթները՝ խմում են): Հովնա՛ն պատվելի, տղադ ու հարսդ ապրեն:
ՀՈՎՆԱՆ — Անո՜ւշ:
ՀՅՈՒՐԵՐ — Ջանդ անուշ:
ԶԱՐԴԱՐ — (մտածկոտ): Ասեք թե բախտավոր հարսանիք լիներ, մենք էլ էս պատերազմի փորձանքներից ազատվեինք:
ՀՈՎՆԱՆ — Փորձանքն էլ, փրկությունն էլ Աստծու ձեռին է:
ԶԱՐԴԱՐ — Փորձանքը որ գա, ուրիշ բան կխոսես:
ԵՂՈ — Մա՛րդ Աստծո, թողեք մեր քեֆն անենք:
ԶԱՐԴԱՐ — Չէ՛, կեցի՛ր, ես Հովնանին պիտի կապեմ: Թե նա ժողովարանի փիլիսոփան
է, ես էլ դրսի փիլիսոփան եմ:
ՍԱՀԱԿ — Հայ-հո՜ւյ, խնամուս կապե՞ս: Դու որ ուսումնարան էիր գնում, խնամիս ուսումնարանից գալիս էր:
Հյուրերը ծիծաղում են:
ԵՂՈ — Ջանը՛մ, Հովնանն էլ, դուք էլ ինչ կուզեք, խոսեք: Շուկան ուրիշ բաներ են ասում:
ՀՅՈՒՐԵՐ – (անհանգիստ): Ի՞նչ, նորե՞ն լուր ունես:
ԵՂՈ — Ջարդ պիտի լինի:
ՀՅՈՒՐԵՐ — Ջա՞րդ…
Բոլորը նայում են Հովնանին:
ՀՈՎՆԱՆ — Ջա՞րդ… (Քմծիծաղով:) Խելքդ ո՞ւր է: Պատերազմը սահմանի վրա, մենք՝ ներսերը, քաշված մեկ անկյունը: Ջա՞րդ… Սահմանի վրա՝ գուցե: Բայց մեր քաղաքո՜ւմ… մտքեդ չանցնիս:
ԵՂՈ — Սահմանի վրա ջարդել են, էստեղ էլ կջարդեն:
ՀՈՎՆԱՆ — Ասածդ հասկանո՞ւմ ես: Կարելի՞ բան է՝ հանգիստ ժողովուրդը ջարդել: Ապստա՞մբ ենք, թե՞ ավազակ… Ջարդը ուրիշների համար է:
ԵՂՈ — Անմեղ ենք, բայց պիտի ջարդեն:
ՀՈՎՆԱՆ — (սրտնեղ): Է՛հ, օրենք չկա՞:
ԵՂՈ — Չգիտեմ, բայց պիտի ջարդեն:
ՀՈՎՆԱՆ — Աստվա՞ծ ուր է:
ԵՂՈ — Աստվա՞ծ… Աստված ո՞ւր էր հին ջարդերի ժամանակ:
ՀՈՎՆԱՆ — (մռայլվելով): Հին ջարդե՜րը… (Կարծես ինքն իրեն:) Հա՛, դաժան բաներ էին… (Մի փոքր նշանակալից:) Հին ջարդերը, սիրելի՛ք, դաժան բաներ էին, խոսք չկա: Բայց ես ձեզ ուրիշ բան ասե՞մ: Ահա ամենքդ էլ գիտեք՝ համարյա կառավարական բարձր պաշտոնյա եմ…
ՍԱՀԱԿ — (լրացնելով): Ազգապե՛տ…
ՀՈՎՆԱՆ — (ընդհատելով): Այդ ոչինչ: Դեռ օրենսգետ էլ եմ եղած: Օրենքի գրքեր եմ շարադրել: Այդ էլ ոչինչ: Շատ ազգերի օրինագրքեր եմ կարդացել: Բայց կարծում եք՝ իմ հույսը դա՞ է: Ոչ մի բան իմ սրտին այնքան նեցուկ չէ՝ անձի օրենք, պետության օրենք, որքան մի բան, որ միշտ աշխարհիս տակին նկատել եմ: Տեսեք՝ ժողովրդին կոտորում են, ոչնչացնում, նեղում: Բայց ժողովրդի արմատին ձեռ չեն տալիս, չեն կարողանում: Չի լինում: Չի եղե՜լ: Ձեզ բան ասեմ. շատ եմ մեջս կշռել ու տեսել եմ, որ մեկ վերջնական արդարություն կա Աստծո տուրուառության մեջ:
ԵՐԵՑ — (երեսը խաչակնքելով): Փա՜ռք իր զորության:
ՀՅՈՒՐԵՐ — (նույնպես խաչակնքելով երեսները): Աստված մեծ է:
ՀՈՎՆԱՆ — Այնպես որ, ճիշտ է՝ ապստամբներին կպատժեն, մի քիչ էլ բնակչությանը կնեղեն: Բայց որ ժողովրդի՞ն ձեռ տան, երբե՛ք: Մեր մասին որ խոսք չկա. մենք անվտանգ ենք: (Զվարթանալով:) Օղի վերցրեք, էֆենդինե՛ր, Աստված է օրհնել մեր ուրախությունը:
Հյուրերը զվարթանում են: Հովնանը վերցնում է օղին, մյուսները հետևում են նրան:
ԶԱՐԴԱՐ — Կեցե՛ք, կեցե՛ք: Հովնա՛ն, մեկ էն ոտանավորդ ասա, էն որ ժողովարանը կարդացիր. ի՞նչ էր անունը՝ <<Արարչական արդարությո՞ւն>>: Հը՞: Ասա՛, ո՛տքդ պագնեմ:
ՀՅՈՒՐԵՐԻՑ ՄԵԿԸ — Ծո՛, էս ինչ վեճի ու կռվի քաղաք է եղել ձերը: Մա՛րդ Աստծո, թողեք մի քեֆ անենք, է՜…
ՍԱՀԱԿ — Մեր քաղաքի բերքն ի՞նչ է՝ կրոնի վեճ:
ՀՈՎՆԱՆ — (ուզում է օղի վերցնել: Հյուրերին): Է՛, կենդանությո՛ւն, ո՛ղջ լինեք:
ՆԱԶԵ — (մոտենալով Հովնանին, կես լուրջ, կես կատակ): Դու մի քիչ օղուց հեռու. վերցնողներից չես:
ՀՈՎՆԱՆ — (զվարթ): Կնի՜կ, ափսոս քեզ, որ այս երեկոյի ուրախության խորհուրդը չես հասկանում: Տղա՜ եմ պսակում: Դեռ ինչե՜ր պիտի անենք այս գիշեր: (Խմում է օղին:) Ա՛յ քեզ օղուց հեռու:
ՀՅՈՒՐԵՐ — (ծիծաղում են): Տեսա՞ք:
ՆԱԶԵ — (հեռանալով, հյուրերին՝ կես կատակ): Խելքը պիտի կորցնի ուրախությունից: Սրա ուրախությունը մի քիչ փորձանքով է:
ՀՈՎՆԱՆ — Քեֆիդ նայիր. կյանքը ուրախություն է:
ԶԱՐԴԱՐ — Օհո՜, էդ դո՞ւ ես ասում: Ժողովարանը բարակ աստվածաբանություն ես անում, հա՜:
ՀՈՎՆԱՆ — Գետնի վրա՞ ես, դե քեֆ արա, որ տակը չես:
ՍԱՀԱԿ — Կերա՞ր: Ծո՛, քո վարպետը խնամուս աշակերտն է:
ՀՈՎՆԱՆ — Ձգե՛, ձգե՛: (Աշուղներին.) Դե՛, աշուղնե՛ր, զարկեք տեսնեմ:
Աշուղները նվագում են մի շուրջպար:
ՍԱՀԱԿ — (հյուրերին): Դե՛, ելե՛ք:
ՀՅՈՒՐԵՐ — (վեր կենալով): Օհո՜, ծերերը ջահելացել են:
Շուրջպար են բռնում: Մի երկու շրջան պարելուց հետո հները նստում են, նորերն են առաջ գալիս:
ՍԱՀԱԿ — Կեցե՛ք, կեցե՛ք: Իմ աղջիկն էս անգամ կարգե դուրս պիտի խաղա: (Մոտենալով Նունուֆարին:) Դե՛, աղջի՛կս, քե՛զ տեսնեմ:
Մեջ է քաշում Նունուֆարին: Աշուղները նվագում են կենտապար, և Նունուֆարը սկսում է պարել:
ՀՈՎՆԱՆ — (որ արդեն մի քիչ գինով է, հանկարծ վեր է թռչում զվարթ): Կեցե՛ք, կեցե՛ք:
Աշուղները լռում են, հյուրերը սպասում են նրան:
ՍԱՀԱԿ — Հը՜, նախանձեցի՞ր:
ՀՈՎՆԱՆ — Կեցե՛ք: (Սահակին.) Դու աղջկանդ արժեքը այդպե՞ս իմացար: Ոսկիների վրա պիտի խաղացնեմ:
ՀՅՈՒՐԵՐ — Ոսկիների վրա՞:
ՀՈՎՆԱՆ — Իսկակա՛ն ոսկիների վրա: Աստված ինձ բախտ է տվել, ես նրան ուրախություն չեմ ցույց տվել: Հիմի պետք է ցույց տամ: (Գնում է դեպի ձախ սենյակը և դուրս բերելով մի արկղիկ, հանելով միջից մի փոքրիկ պարկ՝ գալիս է մեջտեղ:) Իմ հարսս այն հարսներից չէ, որ ոտը գետնին դիպչի: (Հանում է ոսկիները և բռով տալիս ծառային:) Ծո՛, ա՛ռ, շա՛ղ տուր: Փռի՛ր, փռի՛ր:
ԶԱՐԴԱՐ — Ամեն բանի մեջ ուրի՜շ համ կգտնի:
ՀՈՎՆԱՆ — (ծառային): Վախվխելով մի փռիր, շաղ տուր: Ուրախությունից թանկ բան չէ՛: Հե՛րն եմ անիծել: Ունեմ-չունեմ չկա՛: Փռի՛ր: Դավիթ Մարգարեի պես պիտի խաղամ: (Ծառան չոքած փռում է ոսկին: Աշուղներին:) Զարկեցե՛ք: (Աշուղները սկսում են նոր կենտապար: Նունուֆարին:) Դե՛, հարսնացո՛ւ, քե՛զ տեսնեմ, առա՛ջ արի:
ՆԱԶԵ — Կեցե՛ք, ջա՛նըմ, ի՞նչ է անում:
ՀՈՎՆԱՆ — (հյուրերին): Դե ծա՛փ զարկեցեք: (Հյուրերը գայթակղված նայում են ոսկիներին և հափշտակված ծափ տալիս: Հովնանը՝ մոլեգնած, անհասկանալի հափշտակությամբ, նույպես ծափ է տալիս: Նազեն սարսափած նայում է Հովնանին և ուզում է մի բանով արգելել, բայց կաշկանդված է նվագի և ծափերի ձայներով:) Ապրե՜ս, հարսնացու:
ՀՅՈՒՐԵՐ — Ջա՜ն:
Հովնանը մեջ է ընկնում և ինքն էլ պարում Նունուֆարի դիմաց: Նա մոլեգնած է, իրեն կորցրած: Ամենքը մի տեսակ կատաղության մեջ են, բոլորի ծափերի, ձայների մեջ զգացվում է և՛ գայթակղություն, և՛ նախանձ, և՛ խելագար ուրախություն:
ՆԱԶԵ — (սարսափած՝ Հովնանին): Կեցի՛ր, Մա՛րդ Աստծո, կեցի՛ր:
Ձայները լռում են:
ՀՈՎՆԱՆ — Ի՞նչ կա, ի՞նչ եղավ:
ՆԱԶԵ — Կեցի՛ր, արածդ քեզ չի վայելում: Հասկանո՞ւմ ես: Կեցի՛ր, մի փորձանք կբերես:
ՀՈՎՆԱՆ — (գինով, զվարթությամբ): Կնի՜կ, Աստվա՛ծ հետս պարում է և հրամայում է՝ պարեմ. ի՞նչ փորձանք:
ՆԱԶԵ — Ասածդ ուրախություն չէ, Աստծուց վախեցիր:
ՀՈՎՆԱՆ — Ես արդար եմ, և Աստված հետս է. աղքատներին տվի, հիվանդներին ղրկեցի. ի՞նչ մեղք ունեմ, որ վախենամ Աստծուց: Քեֆի՛դ նայիր: Ասա՞ծդ ինչ է: Աստված այնպես է օջախս հաստատել, որ էլ բան չի դիպչի ինձ:
ՆԱԶԵ — Լռի՛ր, դու գինով ես… (Երեսը խաչակնքելով՝անցնում է ձախակողմյան սենյակը:) Աստվա՛ծ, չհանես ահը սրտիցս:
ՀՈՎՆԱՆ — Հիմար խոսեցիր և պարը ավրեցիր: (Աշուղներին.) Մեր գործին անցնենք: Դե զարկեցե՛ք:
Աշուղները շարունակում են նվագել:
ՀՈՎՆԱՆ — (Նունուֆարին): Հա՛րս, առա՛ջ արի:
Հյուրերը բացականչում են, և Հովնանն ու Նունուֆարը սկսում են պարել: Ներս է մտնում Հասան բեյը: Դռների մոտ հյուրերը ետ են քաշվում, հարգանքով բարևում, կանայք խմբվում են ձախ անկյունում և երեսները ծածկում: Տղամարդիկ մի քիչ շփոթվում են: Ոմանք ուզում են Հովնանին իմաց տալ Հասան բեյի գալը, բայց նա ձեռքով հասկացնում է, որ թույլ տան Հովնանին պարել: Նա ժպտում է այս տեսարանի դիմաց: Բայց հանկարծ դիտելով Նունուֆարի գեղեցկությունը՝ սկսում է շլանալ: Մինչ նա քարացած նայում է Նունուֆարին, հյուրերն անհանգստանում են. նրանք մե՛կ ուզում են Հովնանին կանգնեցնել, մե՛կ էլ կարկամում են:
ՆԱԶԵ — (ներս գալով ձախ սենյակից և հանկարծ նկատելով Հասան բեյին՝ սարսափած հարձակվում է Հովնանի վրա): Կեցի՛ր, ի՞նչ ես անում:
ՀՈՎՆԱՆ — (կանգնում է): Ի՞նչ եղավ նորեն:
Նունուֆարը, նկատելով Հասան բեյին, փախչում է անկյունը:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (ժպտալով՝ Հովնանին): Ես եմ, Հովնա՛ն էֆենդի… Պարի՛ր, պարի՛ր:
ՀՈՎՆԱՆ — Համեցիր, Հասա՛ն բեյ, բարի եկար: (Հյուրերին, կանանց:) Ոչ մեկդ մի՛ քաշվեք, դուրս ելնելու հրաման չկա: Հասան բեյը տանու բարեկամ է, իմ եղբայրը: Այսօր մի ուրախություն է ինձ համար, որ էդ կարգն ու սովորույթը տեղ չունեն իմ տանը: (Կանայք դեռ խմբված ու պահված են անկյունում:) Առա՛ջ եկեք, Հովնան ու Հասան բեյ միևնույն բանն են այս գիշեր: Դե՛հ: (Կանայք սկզբում անհամարձակ, բայց հետո կամաց-կամաց առաջ են գալիս: Նունուֆարին:) Առաջ կանգնիր:
Նունուֆարը միամիտ և անդիմադարձ կատարում է Հովնանի հրամանը: Հյուրերից ոմանք՝ դժգոհ, ոմանք՝ զարմացած, մի մասն էլ զվարճացած նայում են այս բոլորին:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ներիր, որ տարաժամ ներս մտա… Անակնկալ է, գիտեմ… Կուզեի քեզ դուրս կանչել, բայց…
ՀՈՎՆԱՆ — Առաջ մեկ համեցեք նստիր, Հասա՛ն բեյ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (նստած է, աչքը՝ Նունուֆարին): Գործով եկա, և քո ու քո հյուրերի ներողամտությունն եմ խնդրում հատուկ:
ՀՈՎՆԱՆ — Ի՞նչ ես ասում, Հասա՛ն բեյ, չէի իմանում, թե քաղաք ես եկել, եթե ոչ՝ ամենապատվավոր հյուրս էիր այս գիշեր:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Քո ազնվությունն է այդ: (Մի կողմ քաշելով Հովնանին և ցած ձայնով:) Աստված չէր կամեցել, որ քեզ այս գիշեր, քո պատվին ու սրտին հարմար հաճելի խոսք ասեի. շա՛տ եմ ցավում: Մենակ՝ բարեկամի պարտք կատարած լինելու համար քեզ մի բան պիտի ասեմ, որ մի քիչ այս ուրախությանը չի հարմարվում: Արդեն իսկ իմացած կլինես, և ժամանակն էլ սուղ էր, որ ուշացնեի… Տեղահանություն պիտի լինի:
ՀՈՎՆԱՆ — Տեղահանությո՞ւն: Սխալ կլինի, բե՛յ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Այո՛, տեղահանություն, դեպի ներսերը:
ՀՈՎՆԱՆ — Անշուշտ արդարությունը պաշտպանված է, և հանցավոր տարրերը պիտի
տեղահանվեն:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Բոլոր քաղաքները, գյուղերը, ժողովուրդը՝ ամենքը պիտի տեղահանվեն:
ՀՈՎՆԱՆ — (սթափվելով): Ժողովո՞ւրդը… Ժողովուրդը ամբո՞ղջ…
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ամենքը, ամենքը:
ՀՈՎՆԱՆ — Սպասի՛ր, բե՛յ, ամենքը որ ասում ես, նաև… ես է՞լ…
ՀԱՍԱն ԲԵՅ — (ժպտալով): Դո՛ւ էլ, Հովնա՛ն էֆենդի:
ՀՈՎՆԱՆ — Ես է՜լ… (Լռություն:) Մեր քաղա՜քը, ժողովո՜ւրդը, ե՜ս… հանցավո՞ր: Չէ՛, անշուշտ թյուրիմացություն կա: Թե չէ՝ ինչպե՞ս կարելի է, որ ե՛ս էլ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Սուլթանական իրադե եկած է: (Նայում է Նունուֆարին: Նազեն, նկատելով Հասան բեյի հայացքը, անհանգստանում է: Կարճ, խռովյալ լռություն: Նազեն, ինչ-որ չար բան գուշակելով, հանկարծ մոտենում է Նունուֆարին և ետ է մղում դեպի անկյունը:) Հովնա՛ն էֆենդի, հարսդ շա՜տ գեղեցիկ է և վտանգավո՜ր գեղեցիկ…
ՀՈՎՆԱՆ — (խայթված): Գեղեցի՞կ… (Առաջվա մտքին դառնալով:) Օրե՜նք կա, արդարությո՜ւն կա. ինչպե՞ս չէ…
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Հովնա՛ն էֆենդի, կուզե՞ս վաղը մտածենք այս մասին: Հարսդ շա՜տ գեղեցիկ է…
ՀՈՎՆԱՆ — Վաղը մտածե՞նք…
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (Նունուֆարով հափշտակված՝ պատասխանը ուշացնում է): Այո՜: (Սթափվելով:) Հատուկ ներողություն եմ խնդրում, ուրախությունդ խանգարեցի. եթե իրավունք կտաս, կմեկնեմ: (Վեր է կենում:) Պաշտոնական գործեր ունեմ: Մնաս բարյավ: (Ներս մտնող հյուրերին բարևում է:) Համեցե՛ք:
ՀՈՎՆԱՆ — (տխուր): Գնաս բարյավ, Հասա՛ն բեյ:
ՀՅՈՒՐԵՐ — (ճամփու գցելով Հասան Բեյին): Հասա՛ն բեյ, օրենք կա, Աստված կա:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ճակատագիր է:
Հասան բեյը դուրս է ելնում: Նրա գնալուց հետո հյուրերը, զգալով դժբախտությունը, շփոթված նայում են Հովնանին:
ՀՅՈՒՐԵՐ — (Հովնանին): Հովնա՛ն էֆենդի, ի՞նչ է եղել:
ՀՈՎՆԱՆ — Մե՜ծ դժբախտություն…
ԵՂՈ — Ես ասո՜ւմ էի…
ԱԲՐՈ — (որ դուրսն էր այդ ժամանակ՝ ներս ընկնելով): Տնա՛վերներ, ձեր տուն չավերի, ի՞նչ բանի եք:
ՀՅՈՒՐԵՐ — Ջանը՛մ, մի ասեք իմանանք, ի՞նչ բան է…
ԱԲՐՈ — (ընկնելով Հովնանի ոտները): Ամա՜ն, ափա՜ր, զուլո՜ւմ է, անձդ ազատե՜…
ՀՅՈՒՐԵՐ — Ջա՞րդ է…
ԱԲՐՈ — Խո՞ւլ եք, չե՞ք իմանա զուլումի ձենը…
Հովնանը մնացել է տեղնուտեղը քարացած: Հյուրերը շարժվում են դեպի դուռն ու պատուհանները: Ոմանք ավելի առաջանում են դեպի Հովնանը և կուչ գալիս: Ճնշված, անհանգիստ լռություն: Մի չարագույժ ձայն է լսվում փողոցից՝ ժանգոտ և կերկերուն, որ դեռ հեռվից ձգվում է իբրև ձայն, բայց երբ մոտենում է, արդեն վերածվում է պարզ բառերի:
ՆԱԶԵ — Ամա՛ն, ի՞նչ է ասում…
ՁԱՅՆԸ — (մոտենալով): Պատրաստվեցե՜ք…
Ա ՀՅՈՒՐ — Թալա՞ն է…
ԱԲՐՈ — Թալա՜ն է… զուլո՜ւմ, մեր զմանուկ պիտի ուրանա… (Մոտենալով Հայկին:) Երթանք, տղա՛ս: (Դուրս է տանում Հայկին աջ կողմից:) Երթանք քնիր:
ՁԱՅՆԸ — (որ մոտ է դռանը): Պատրաստվեցե՜ք… երեք օր ժամանա՜կ… հրամա՜ն է… պիտի երթանք Արա՜բիա… մնացողը սրի՜ կանցնի… (Հեռանում է:) Պատրաստվեցե՜ք…
ՆԱԶԵ — Ամա՜ն, ամա՜ն… (Ծնկներն է ծեծում:) Աստված պատիժներս տվեց:
Ձայնը հեռանում է և կտրվում: Հովնանը և հյուրերը մեջտեղ են գալիս, արձանանում: Ամենքը սարսափած են:
ՄԱՐԵ — (խուլ ու խռպոտ): Հովնա՞ն…
ՀՈՎՆԱՆ — (հազիվ զսպելով իրեն): Ի՞նչ է, մարե:
ՄԱՐԵ — Հարսնիքը ինչո՞ւ կտրեց:
Ճնշող լռություն: Ամենքը վախեցած նայում են մարեին, որ մի գերբնական ոգու պես կույր աչքերը տարածության մեջ չռած՝ աշխատում է որսալ ձայները: Ամենքը վախենում են կարծես, որ մարեն կիմանա դժբախտությունը՝ համարելով դա մի սարսափելի աղետ:
ՄԱՐԵ — (ոՈր անհանգստանում է լռությունից, գերեզմանային ձայնով): Մարդ չկա՞… Հովնա՞ն… (Լռություն:) Հարսնիքը վերջացա՞վ…
ՀՈՎՆԱՆ — Հարսնիքն սկսվե՜ց, մարե՛…
ՆԱԶԵ — (չոքելով մարեի առջև՝ գրկում է նրա ոտները): Հարսնիքը վերջացա՜վ, մարե՛…
ՄԱՐԵ — (չարագույժ ձայնով, անհանգիստ): Վերջացա՞վ… Ի՞նչ եղավ…
ՆԱԶԵ — Տներս քանդվեց, մարե՜, Սուլթանը մեզ քշում է Արաբիա:
ՄԱՐԵ — Քշո՞ւմ է, Արաբիա՞, ինչո՞ւ …
ՆԱԶԵ — Չգիտեմ, պիտի երթանք, մարե՛… Ողջ քաղաքը տնով-տեղով քշում է…
ՄԱՐԵ — (վեր է կենում տեղից, բուի պես մեջտեղ գալով, բռունցքը սեղմած, սպառնալից հայացքը սևեռած՝ սկսում է պար գալ): Էհե՜յ…. հարսնի՜ք է, պա՜ր բռնեցեք, քեմանի զարկեցեք, ծափ տվեք, հող լցրեք գլխիս, տղիս հարսնի՜քն է… տեսա՞ք… տեսա՞ք… Թագավորնե՜ր, հարսնիք արեք, արեք տեսեք զուլումի թագավորին… Ամա՜ն, ամա՜ն…
Մարեն կանգնում է, լռություն:
ԹԱԼԱԼ — (հեռվից): Պատրաստվեցե՜ք…
Ձայնը գնալով խլանում է և կորչում:
ՀՅՈՒՐԵՐ — (հանկարծ սթափվելով): Եկե՛ք, եկե՛ք երթանք տներս…
ԶԱՐԴԱՐ — Ո՞ւր երթանք, գնալով ի՞նչ կլինի: Մեծ ունենք էստեղ, կացեք մի ճամփա հարցնենք: (Հովնանին.) Հովնա՛ն էֆենդի, ի՞նչ անենք:
Բոլորը կանգնում են:
ՀՈՎՆԱՆ — (խորասույզ, անճանաչելի, ոչ մարդկային ձայնով): Գե՜շ տեղը մթնեց… Խախտվում է հաստատության հիմը… Գալիս է մարդու գազանը: (Լռություն:) Աստվա՛ծ հասնի…
Հյուրերը երկյուղած խաչակնքում են:
ԵՐԵՑ — (խաչակնքելով): Տերն մեր Հիսուս, Խաչեցյալն Ամենափրկիչ զորավ մեզ:
ՀՈՎՆԱՆ — Ժողովրդի արմատն է պոկվում: Հի՜ն ուրվականները վեր կացան գերեզմաններից: (Լռություն:) Չէ՛, այսպես կարելի չէ՛. օրենք կա, Աստված կա…
ԶԱՐԴԱՐ — Ի՞նչ անենք, Հովնա՛ն էֆենդի:
ՀՈՎՆԱՆ — Ես կդիմեմ օրենքին և արդարությանը:
ՀՅՈՒՐԵՐ — Աստվա՛ծ օգնականդ:
ՀՈՎՆԱՆ — Եկեք ձեզնից վաղը մի քանի մարդ էլ. ես ժողովրդի կողմից կերթամ կառավարության դուռը, կխոսեմ: Արդարություն կպահանջեմ:
ՀՅՈՒՐԵՐ — Հա, եղա՜վ, էդպես էլ արեք: Սահակ, Ջնդո, Եղո, Զարդար էֆենդիներ, գնացեք:
ՍԱՀԱԿ, ՋՆԴՈ, ԵՂՈ, ԶԱՐԴԱՐ — Կերթանք Հովնանի հետ:
ՀՈՎՆԱՆ — (դուռը ծեծելով): Հարսանիքը վերջացա՜վ, գնաք բարով…
Հյուրերը ցրվում են շփոթված. կանայք՝ գլխիկոր, հեծկլտալով:
ԵՐԵՑ — Տերն մեր Հիսուս Քրիստոս Ի՛նքն հասնի, Աստվածածի՛նը բարեխոս:
Խաչակնքում է և հեռանում: Մնացել են Հովնանը, Նազեն, Հերիքը, Նունուֆարը, Սահակը և մարեն: Նունուֆարը՝ գունատ արձանի պես, Խորենը՝ գլխիկոր, կանգնած են մեջտեղում: Նազեն չոքած է գետնին՝ ոսկիների վրա, և լուռ ծնկներն է ծեծում: Նունուֆարը, Խորենը և Հերիքն անցնում են ձախ սենյակը: Նրանց հետևում է Սահակը:
ՀՈՎՆԱՆ. Հա՜… Աշխարհքս հաստատուն չէ՜ր եղել: Մրջյունի պես ճամփի մեջտեղ բուն էինք շինել, կարծում էինք, թե ապահով ենք… Հիմի ոտնե՜ր են եկել մեզ կոխկռտելու:
Լռություն:
ՆԱԶԵ — Ի՞նչ ասավ Հասան բեյը:
ՀՈՎՆԱՆ — Էլ չգիտեմ: Կարծեմ Նունուֆարին գեշ նայեց:
ՆԱԶԵ — (խորամիտ): Չէ՞… Ես էլ նկատեցի: Ուրի՞շ, ի՞նչ ասավ…
ՀՈՎՆԱՆ — Չգիտեմ, գեշ բան:
ՆԱԶԵ — Գեշ բա՞ն… ի՞նչ… ասա՛, Աստծո՛ւ սիրուն:
ՀՈՎՆԱՆ — Հասկացրեց, որ… Նունուֆարին հավանում է…
ՆԱԶԵ — (վեր թռչելով): Ամա՜ն, տնե-օջախե հեռու: Է՞ս ինչ զուլում էր…
ՀՈՎՆԱՆ — Մեծ զուլում:
Լռություն:
ՆԱԶԵ — (զգաստացած): Կեցի՛ր: Կեցի՛ր: Վնաս չունի: Դրա համար քեզ մի՛ կորցնի: Կեցի՛ր: (Մոտենում է ձախ դռանը:) Խնամի՛: (Ներս են մտնում Սահակը, Նունուֆարը, Հերիքը և Խորենը:) Խնամի՛, Նունուֆարին տար ձեր տունը:
ՍԱՀԱԿ — Աստծու կապածը մարդ չի քանդի, խնամի՛: Եղածն եղած է:
ՆԱԶԵ — Դրա ժամանակը չէ: Տա՛ր:
ՀՈՎՆԱՆ — Ինչե՞ր ես ասում, ո՞ւր պիտի տանի: Նունուֆարը մեր հարսն է:
ՍԱՀԱԿ — Ա՜խ, Հովնան խնամիս էլ չի ուզում: Ո՞ւր տանեմ, կին չունեմ, մարդ չունեմ տանը: (Հովնանին.) Աչքիս լույսի պես եմ պահել աղջկաս: Քեզ եմ հավատում մենակ… Խորենս ջահել է… (Լցվելով:) Ճամփան… Հովնան խնամի… ի՞նչ պիտի անես Նունուֆարիս… (Հովնան լուռ է:) Հույսս դո՛ւ ես… թե չէ՝ աղջիկս կորա՜ծ է… (Արցունքները կուլ է տալիս: Նունուֆարին:) Արի… (Գրկում է Նունուֆարին, որ հեծկլտում է հոր գրկում:) Աստված էսպես ուզեց, որ հարսանիքդ սև լիներ, աղջի՜կս… Է՜հ, Աստծուն աղոթեցեք՝ ճանփուն տղան ու աղջիկը անփորձ մնան: Հովնան, էլ ես ու դու կորա՜նք… (Լաց է լինում:) Է՜հ, երթամ դատարկ տունս նայեմ: Հովնա՛ն, զավակս՝ քեզ, քեզ էլ Աստծուն եմ հանձնում: Բարի գիշեր:
Դուրս է ելնում դիմացի մուտքից:
ՄՆԱՑՅԱԼՆԵՐԸ — Բարի գիշեր:
Հերիքը, Նունուֆարը և Խորենն անցնում են ձախ սենյակը:
ՆԱԶԵ — (Հովնանին): Լա՛վ, հիմի ի՞նչ է միտքդ:
ՀՈՎՆԱՆ — Չգիտեմ:
ՆԱԶԵ — (անհանգիստ): Չգիտե՞ս, ի՞նչը չգիտես:
ՀՈՎՆԱՆ — Չգիտեմ, տեսնենք. խելքս շաղվում է: Խելք կորցնելու բաներ են:
ՆԱԶԵ — Ի՞նչ պիտի տեսնես: Աղջիկը չպիտի՞ ազատես ձեռքից:
ՀՈՎՆԱՆ — Տեսնե՜նք: (Ըստ երևույթին անտեղի սրտնեղելով:) Տեսնե՛նք: Պիտի երթամ կառավարության դուռը. պաշտպանություն պիտի պահանջեմ:
ՆԱԶԵ — (անհանգստանալով): Հա՛, դե էդպե՛ս ասա:
ԽՈՐԵՆ — Է՛դ է ճամփան, էդպես կհաջողվի՛:
ՀՈՎՆԱՆ — (նույն սրտնեղությամբ): Մի՛ ասեք, մի՛ ասեք: Աստված հեռու տանի. մարդ կյանք փրկելու համար գեշ բաներ է անում: Ասա թե վաղը Աստծով գործը գլուխ բերեմ… թե չէ… Մի՛ ասեք, մի՛ ասեք, լինելիք որ լինի՜…
ՆԱԶԵ — Դե, հույս Աստված, էդ լինելիքը չի լինի:
ՀՈՎՆԱՆ -. Հը՜մ, ո՞վ գիտե, Աստված տա, որ չլինի:
ԽՈՐԵՆ — Լինի՜. է՜հ, ե՞ս ուր եմ: Թե մեռնելու ենք՝ մեռնենք:
ՀՈՎՆԱՆ — Դու մահը չգիտե՜ս, լռի՛ր:
ՄԱՐԵ — (վեր է կենում և առաջ գալիս: Կերկեր ձայնով և կույր աչքերը տարածության մեջ): Հովնա՞ն…
ՀՈՎՆԱՆ — Քովդ եմ, մարե:
ՄԱՐԵ — (սպառնալից, դողդոջուն ձայնով:) Չէրթա՜ս, իմացա՞ր…
ՀՈՎՆԱՆ — (սրտահույզ): Չէրթա՜մ…
ՄԱՐԵ — (ավելի խիստ): Չէրթա՜ս, մարեին հողը չդրած՝ չէրթա՜ս… (Լռություն: Բոլորը ազդված են մարեի խստահայաց և խորամիտ դեմքից: Նա հեռանում է Հովնանից և իր կույր աչքերով նայում է չորս կողմ, ապա կարծելով, թե իր դեմ Հովնանն է կանգնած, խոսում է դատարկ օդի մեջ՝ դաժան անեծքի սպառնալիքի ձայնով:) Մարեին չթաղած՝ չէրթա՜ս…
Բոլորը սարսափահար նայում են նրան:
Վարագույր
Բ ԱՐԱՐ
Վալի նահանգապետի ընդունարան դահլիճը: Աջ կողմում պարտեզի բակն է, որ մուտքի դուռ ունի դեպի աջ: Դիմացը՝ մեջտեղում, մի քարե սանդուղք դեպի ետ է բարձրանում, ոլորվում դեպի ձախ, առաջ գալիս ու վերջանում մի դռնով, որից հետո աջից ձախ երկարում է մի լայն պատշգամբ՝ արաբական սյուներով: Դա ընդունարան դահլիճի պատշգամբն է: Պատշգամբի վրա են բացված դահլիճի պատուհանները, որոնցից երևում է ներսում վառվող մի կանթեղ, բազմոցներ, սեղան և այլն: Պատշգամբի ձախակողմում դրված է մի բազմոց: Առավոտ է: Հասան բեյը նստած է պատշգամբի աջ թևակողմում՝ հասարակ աթոռի վրա, և դիտում է պարտեզը: Ներս է մտնում Ֆայիկ բեյը, որ բարձրանում է սանդուղքով:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ահա՛ն, Ֆայի՛կ բեյ, լավ արիր, որ եկար: Բարև:
ՖԱՅԻԿ — (մտերմորեն, բայց պաշտոնական վերապահումով բարևում է Հասան բեյին և ժպտում): Բե՞յ, ինչպե՞ս ես:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Սպասում եմ Վալի փաշային: Դեռ չի եկել: Քեզ կարևոր հրահանգներ ունեմ տալու:
ՖԱՅԻԿ — Հրամայի՛ր, բե՛յ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ես նշանակված եմ աքսորվող քարավանի պետ մինչև Միջագետք: Դու իմ օգնականներից մինը պիտի լինես:
ՖԱՅԻԿ — Շատ ուրախ եմ, բե՛յ: Շա՜տ ուրախ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (անհանգիստ ժպիտով): Ինչո՞ւ ես ուրախ:
ՖԱՅԻԿ — Հովնանի աղջկան կազատեմ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (հանգստացած): Հա՜, աղջի՜կը: Լավն է: Որ հավանում ես, քեզ լինի:
ՖԱՅԻԿ — Վախենում եմ՝ հետս չգա:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ի՞նչ խենթ բան… չգա՞լս որն է: Խլի՛ր:
ՖԱՅԻԿ — Ուզում եմ՝ իր կամքով գա:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Շատ բարակներն ես մանում:
ՖԱՅԻԿ — Է՜հ, ուզում եմ, բայց սերը զորով չի լինի:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ասել է՝ սեր ես գցել այդ աղջկան: Ղոչա՜ղ…
ՖԱՅԻԿ — (պարզորեն): Վաղո՜ւց: Երբ դպրոց էի գնում, միշտ նրանց տան առջևով էի անցնում:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (քահ-քահ ծիծաղելով): Օհո՜, բանը խոշորացավ: Է՛հ, էլ ի՞նչ ես ուզում, նպատակիդ հասար:
ՖԱՅԻԿ — (տխուր ժպիտով): Չգիտեմ, խիղճս հանգիստ չէ… հա՛մ ասում եմ, հա՛մ՝ զղջում…
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Վայելի՛ր, վայելի՛ր, վերջը կզղջանք: Ես Նունուֆարին եմ աչքս դրել: Պիտի քաշեմ: Բայց վախենում եմ՝ զորով քաշելուց աղմուկ դուրս գա և Վալիի ականջն ընկնի: Կարծեմ՝ Վալին գիտի, որ Հովնանը գեղեցիկ հարս ունի: Ականջը որ գցեն, ինքը կքաշի: Ռեուֆ բեյն էլ քարվանի հետ է. նա էլ գիտի Նունուֆարին: Սիրտս հանգիստ չէ: Ուզում եմ աղջիկը իր կամքով բերեմ քովս, հետո, երբ կհեռանանք, Հովնանին ճամփու կդնեմ: Ափսոս է, հարամ չլինի քեֆս. լա՜վ աղջիկ է:
ՖԱՅԻԿ — Գոնե Հովնանը հետներս առնեինք, ընտանիքն ազատեինք, մեղք են:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ջհանդամը Հովնանն ու իր ընտանիքը… Նունուֆարին ես կառնեմ, աղջկան էլ՝ դու: Էլ մնացածների պահապանը ես ու դու հո չե՞նք: Բան չունե՞ս: (Լռություն:) Ֆայի՜կ, ի՞նչ քեֆեր են սպասում մեզ…. ի՞նչ հուրի-փերիներ… Վա՜հ, ի՜նչ գանձեր բացվեցին մեկենիմեկ… Ո՞վ կսպասեր, հը՞… (Ֆայիկը լուռ է:) Դե գնա, հրամանի թուղթը ստացիր, ապա արի այստեղ: Շուտ-շուտ պիտի գնանք Հովնանի տունը և լավ հսկենք: Թե չէ լուրը կընկնի քաղաքը, և գեղուհիները ձեռքերես կթռցնեն: (Նայելով աջ:) Հովնանը եկավ…
ՖԱՅԻԿ — Ցտեսությո՛ւն, բե՛յ:
Ֆայիկը դուրս է ելնում: Աջից մտնում է Հովնանը՝ մտախոհ և տխուր:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Աստված պահպանե, Հովնա՛ն էֆենդի:
ՀՈՎՆԱՆ — (քաղաքավարի): Բարև, Հասա՛ն բեյ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (նստում է): Է՜հ, ի՞նչ ես միտք անում, Աստված մեծ է:
ՀՈՎՆԱՆ — Աստված մե՜ծ է, բե՛յ, մենակ մեզ հասած աղետը ավելի մեծ եղավ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Աստծո կամեցողությունն է:
ՀՈՎՆԱՆ — Օրենքները խախտվում են, և Աստված չանի՝ բոլորովին ոչնչանան: Այսպես որ գնա, քարը քարի վրա չի մնա:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Պիտի ուրախացնեմ քեզ. ե՛ս պիտի դառնամ տեղահանվող քարվանի պետը: Հիմի դու իմ պաշտպանության տակն ես:
ՀՈՎՆԱՆ — Քո պաշտպանության տա՞կ. մինչև որտե՞ղ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Մինչև Միջագետք:
ՀՈՎՆԱՆ — Ուրեմն այնպես հասկանամ, որ ես ու ընտանիքս ազատված ենք:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Եթե կամենաս, ամենքդ ազատված եք, Հովնա՛ն էֆենդի:
ՀՈՎՆԱՆ — Ես ի՞նչ պիտի չկամենամ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ինչո՞ւ շիտակը չխոսենք: Գիշերս տուն որ գնացի, մեկ միտք եկավ ընկավ գլուխս ու սկսեց տանջել ինձ: Պարզապես հարսիդ վիճակը ինձ շատ մտահոգեց: Ավազակ տարրերը ճամփին վխտում են: Ի՞նչ պիտի լինի նրա վերջը:
ՀՈՎՆԱՆ — Նրա վե՜րջը:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ախր չգիտես, հարսդ շա՜տ գեղեցիկ է: Եթե վաղը ամբոխը չխլեց, ճամփին մի որևէ ավազակ պիտի խլի: Բավական է քաղաքից դուրս գաս, կթռցնեն՝ անգին քարի պես: Ասում եմ՝ անտանելի գեղեցիկ է: Ի՞նչ անենք, Հովնա՛ն էֆենդի:
ՀՈՎՆԱՆ — Իմ հարսը ընկած է քո օջախը, բե՛յ, և ես հույս ունեմ, որ դու, բարեկամս լինելուց առաջ, մարդ ես անկասկած:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ձեռքես ինչ որ գա, պիտի անեմ: Ես չեմ կարող թողնել, որ այդպիսի մի գեղուհի սրիկաների ձեռքն ընկնի: Շիտակն ասեմ՝ եթե դու էլ չկամենայիր հարսիդ պաշտպանությունն ինձ հանձնել, ես պիտի կամենամ արդեն: Հա՛, այն էլ ասեմ, որ չեմ ուզում լինի էնպես, թե ես զորով աղջիկ եմ քաշում: Քո տանից աղջիկ քաշելը ո՛չ քո պատվին է արժանի, ո՛չ էլ ինձ է սազական: Հարսդ պիտի հասկանա, որ իր օգուտն այդ է: Քո էլ օգուտն այդ է: Դա հասկացնելու կարիք չունեմ: (Հովնանը լուռ է:) Բան չեմ ասում. դեռ մի օր էլ ժամանակ կա: Համոզիր հարսիդ, թող իր կամքով, բարեկամի պես վաղը չէ մյուս օրը գա նստի իմ կառքը՝ ճամփա ընկնենք:
ՀՈՎՆԱՆ — Ապա որդի՞ս, բե՜յ… Ի՞նչ ասեմ որդուս… Ինչպե՞ս կարելի է:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Որդիդ խոհեմ կլինի և կըմբռնի, որ իր բախտը չբանեց: Բախտի բան է, Հովնա՛ն էֆենդի: Հարսդ եթե որդուդ վիճակված լիներ, այսպես խառն օրերի իրար չէին գա: Կերևա, թե իմ բախտն է, և Աստծով այդպես էլ կլինի:
ՀՈՎՆԱՆ — Մեր բարեկամության սիրուն, բե՛յ, խնայիր որդուս, նա որ իմանա՜…
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Որդիդ արդեն իսկ քաղաքում չի կարող մնալ: Նա պարտավոր է, իբրև զինվոր, ատյանի ներկայանալ: Կինը հո չի՞ տանի հետը: Չէ՛, Հովնա՛ն էֆենդի, Նունուֆարը իմ բախտն է: Մի՞թե համաձայն չես: (Հովնանը լուռ է:) Այն էլ ասեմ՝ եթե չուզենաս, ես կհիվանդանամ:
ՀՈՎՆԱՆ — Բայց մի՞թե, բե՛յ, հնար չէ, որ բարեկամի պես մեզ հետ լինես, և այդ բանը չլինի:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ճշմարի՛տ Աստված, այնպես հափշտակված եմ հարսիդ գեղեցկությամբ, որ ասածիդ պես քովը չեմ կարող մնալ: Այս էլ բարեկամի խոստովանանք էր: Եթե կուզես՝ սա մի հանելուկ է. նստիր մտածիր և ինձ պատասխան տուր վաղը:
ՀՈՎՆԱՆ — Իսկ մեր վիճակը ի՞նչ է լինելու:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Աստծով երբ բարեկամանանք, մի բան կանեմ:
ՀՈՎՆԱՆ — Է՜հ, գեշ տեղ մթնեց օրերս, բե՛յ: Հիմի պիտի նստեմ թղթե մակույկը և ընկնեմ ծովը:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Է՜հ, Հովնա՛ն էֆենդի, կյանքն էլ քամու բերանը դրած մի ճրագ է: Ի՞նչ իմանաս՝ երբ կմարի: Հիմի ես ի՞նչ իմանամ՝ ե՞ս ավելի կապրեմ, թե՞ դու: Ճակատագիր է: (Լռություն:) Է՜հ, ինչ որ է: Ես գնացի: (Դիմում է դեպի դիմացի դուռը:) Դու էլ գնա ձերոնց համոզիր:
ՀՈՎՆԱՆ — (ետևից գնալով): Վերևն Աստված կա, բե՛յ…
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Աստված հենց այդպես է ուզում:
Հասան բեյը դուրս է գնում: Մի պաշտոնյա, դիմացի դռնից մտնելով, խոնարհ բարևում է Հասան բեյին և ապա դիմում Հովնանին՝ նույնպես խոնարհ բարևելով:
ՊԱՇՏՈՆՅԱ — Հովնա՛ն էֆենդի, Վալի փաշան այս րոպեիս ձեզ կընդունի պատշգամբում: Մենա՞կ եք:
ՀՈՎՆԱՆ — Ո՛չ, քաղաքացիներ կան: (Ցույց տալով աջ կողմը:) Այնտեղ սպասում են:
ՊԱՇՏՈՆՅԱ — Ուրեմն Վալի փաշան այս րոպեիս դուրս կգա:
Պաշտոնյան գլուխ է տալիս և հեռանում նույն դռնից: Հասան բեյը դիմում է դեպի աջ դուռը և դուրս ելնում: Հենց նա դուրս է ելնում, դուռը բացվում է, և քաղաքացիները ներս են մտնում: Նրանց մեջ են Սահակը, Ջնդոն, Զարդարը և Եղոն: Սրանք առաջ են անցնում: Նրանց հետևում են մի խումբ այլ պատվավոր քաղաքացիներ: Սրանք բարձրանում են սանդուղքով Հովնանի մոտ՝ պատշգամբի աջ գլուխը: Իսկ բակը հետզհետե լցվում է մեծ ամբոխով: Ձախ դռնից ներս է գալիս Վալի փաշան: Հովնանը և քաղաքացիք խոնարհ ողջունում են նրան: Վալի փաշան քաղաքավարի և սիրալիր բարևում է, նստում բազմոցին:
ՎԱԼԻ — Ինչո՞ւ եք նեղություն կրել, որդի՛քս:
ՀՈՎՆԱՆ — Ձեր ողջությունն ենք հարցնում, Վալի՛ փաշա:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ — Ձեր ողջությունը:
ՎԱԼԻ — Մեծապես շնորհակալ եմ: Հուսամ՝ քաղաքը անվրդով պատրաստ է ճամփա ընկնելու:
ՀՈՎՆԱՆ — Քաղաքից պատգամավոր ենք: Բնակչությունը հուզված է մեծապես:
ՎԱԼԻ — Զարմանալի է, ինչո՞ւ:
ՀՈՎՆԱՆ — Իրադեի միտքը կուզեինք պարզել, Վալի փաշա: Ի՞նչ է տրամադիր Իրադեն բնակչության այն մասի համար, որ անպարտ է և օրինական:
ՎԱԼԻ — Իրադեի միտքը պարզ է, էֆենդինե՛ր: Մի կարգ վայրեր պատերազմի կրակին մոտ են և վտանգված: Պետք է մարդկային կյանքերն ապահովենք: Ուստի բնակչությունը կառավարության պաշտպանությամբ պարպելու է իր բնակավայրը և ապահով տեղափոխվելու ավելի ներսերը, մինչև պատերազմի վտանգներն անցնեն: Է՜հ, որդի՛քս, հեշտ բան չէ՞ր այս պարզ բանը հասկանալը:
ՀՈՎՆԱՆ — Հեշտ բան է հասկանալը, բայց շատ դժվար բան է այդ բանը, տե՛ր իմ: Թողնել տուն, օջախ, հայրենի հող և մեկնել հեռու Արաբիա… Շատ դժվար է այս պարզ բանը, վսեմափայլ տեր իմ…
ՎԱԼԻ — Այդքան մի հուզվեք, Հովնա՛ն էֆենդի, պարզապես մեկ փոքրիկ անհարմարություն է, կամ լավ ևս՝ անսովորություն:
ՀՈՎՆԱՆ — Գուցե, վսեմափա՛յլ տեր, Իրադեն ինչ որ բան նախատեսո՞ւմ է ծերերի, մանուկների, հղիների համար: Ի՞նչ պիտի լինի նրանց վիճակը:
ՎԱԼԻ — Առանձին գրություն չեմ ստացել այդ մասին տակավին:
ՀՈՎՆԱՆ — Ուրեմն ի՞նչ անենք, երթանք փչանա՞նք:
ՎԱԼԻ — Իրադեի հրամայական պահանջը ստիպում է ինձ հորդորել ձեզ, որ վաղը ևեթ ճամփա ընկնեք:
ՀՈՎՆԱՆ — Ինչպե՞ս ճամփա ընկնենք, վսեմափա՛յլ տեր: Ինչպե՞ս քանդվենք-երթանք փորձանքների դռնովը ներս: Շնո՛րհ արեք, տե՛ր իմ, թու՛յլ տվեք մայրաքաղաք երթանք և վերին ատյաններից օգնություն հայցենք:
ՎԱԼԻ — Վալիի պարտականությունը պիտի կատարեմ և ձեր անձերը վտանգից հեռացնեմ: Չեմ կարող թույլ տալ, որ քաղաքից հեռանաք. ճամփաները վտանգված են:
ՀՈՎՆԱՆ — Եթե այդպես է, թույլ տվեք, տե՛ր, մի կարճ ժամանակ քաղաքս մնանք և հեռագրով դիմենք բարձր ատյաններին:
ՎԱԼԻ — Շատ փափագելի կլիներ, եթե դրա կարիքը տեսնեի: Ընդհակառակը այսպես ամենից ապահով է:
ՀՈՎՆԱՆ — (աշխատելով հուզմունքը զսպել): Համարձակվում եմ հարցնել, Վալի՛ փաշա, ինչո՞ւ է կատարվում այս ամենը: Մենք թշնամի չենք, մենք ավազակ չենք, մենք դավաճան չենք. մենք այս երկրի մշակներն ենք: Ի՞նչ է մեր հանցանքը, ինչո՞ւ է կատարվում այս ամենը:
ՎԱԼԻ — Անկեղծ ասեմ՝ չգիտեմ:
ՀՈՎՆԱՆ — Դո՜ւք չգիտեք:
ՎԱԼԻ — Ե՛ս չգիտեմ: Հովնան էֆենդի, չտանք այնպիսի հարցեր, որոնց չպետք է պատասխանեն:
ՀՈՎՆԱՆ — Ինչպե՞ս հարցեր չտանք: Ինչպե՞ս չիմանանք, թե ինչու ենք ոչնչանում: Ահա մենք ճամփա կընկնենք: Եվ ես հարցնում եմ՝ եթե ճամփին մի ահավոր աղետի հանդիպե՞նք…
ՎԱԼԻ — Ճակատագիր է, Հովնա՛ն էֆենդի:
ՀՈՎՆԱՆ — Ի՞նչ է ուզում մեզնից ճակատագիրը:
ՎԱԼԻ — Ո՞վ իմանա: Ճակատագրի լեզուն հանելուկ է: Ճակատագիրն էր՝ մեզ պատերազմ բերեց: Արի իմացիր՝ ինչո՞ւ:
ՀՈՎՆԱՆ — Պատերազմը մեծ աղետ է: Բայց մի՞թե մենք ենք հանցավորը, որ ճակատագիրը մեզ է պատժում:
ՎԱԼԻ — Դուք հանցավոր չեք, թերևս դուք պատերազմի զոհերն եք: Աշխարհքի բան է: Այսպես բերեց աշխարհքի խաղը: Մեկը պիտի զոհվեր, և ահա դուք եք զոհվում:
ՀՈՎՆԱՆ — Եվ դա արդարությո՞ւն է, վսեմափա՛յլ տեր:
ՎԱԼԻ — Արդարությո՛ւն է:
ՀՈՎՆԱՆ — Ինչպե՞ս, տեր իմ: Այն ժամանակ դարձյալ կրկնում եմ խնդիրքս. թույլ տվեք վերին ատյանները երթանք և անձամբ պարզենք արդարության խնդիրը:
ՎԱԼԻ — Հովնա՛ն էֆենդի, Հովնա՛ն էֆենդի, ի՞նչ ես կորցրել վերին ատյաններում: Ի՞նչ
է հույսդ՝ վերին ատյաններն ես ուզում գնալ: Դե թույլ տվի, ի՞նչ պիտի ասեն քեզ վերին ատյանները: Նրանք էլ քեզ այն պիտի ասեն, ինչ որ ես: Եվ ի՞նչ ենք ես, նրանք, ամենքը, ի՞նչ կա մեր ձեռքը. ոչի՛նչ: Հասկանանք աշխարհքը, էֆենդիներ: Աշխարհքս բյուրավոր թելերով մի գործվածք է՝ մեկը կապած մյուսին: Աստված ո՜ւր, վերին ատյաններն ո՜ւր, Վալին ո՜ւր… Ես վերին ատյանների կամքն եմ կատարում, նրանք՝ ուրիշի, ուրիշը՝ ուրիշի, ամենքն՝ Աստծո:
ՀՈՎՆԱՆ — (տխուր): Աստվա՞ծ է ուրեմն այս ամենի պատճառը:
ՎԱԼԻ — Աստված է վկա, որ Աստված է: Ամենաչնչին բանը, որ կատարվում է, Աստծո կամքն է, որ կատարվում է:
ՀՈՎՆԱՆ — Այդ արդարությունը ես չեմ հասկանում:
ՎԱԼԻ — Հասկանա՛նք աշխարհքս: Կացեք, որդի՛ք, ձեզ մի առակ ասեմ: Անփույթ դատավորի մինը մի աղքատ կնոջ որդուն բանտ էր գցել և չէր հոգում՝ իսկապես մեղավո՞ր էր, թե՞ ոչ: Օրեն մեկը այրի կինը բարձանում է սրա կտուրը և, առաջին չոքելով, աղաչանք է անում, որ իր որդուն բանտից ազատի: Դատավորը մերժում է: Աղքատ կինը արտասվում է և ետ դառնում: Հենց հեռանում է, կտուրը փլվում է և դատավորին տակովն անում: Ոչ ոք չի իմանում, թե ինչից փլվեց կտուրը: Բայց ասում են՝ արդարության գրքի մեջ գրված է, որ այրի կինը հեռանալիս արցունքի մի կաթիլ էր գցել դատավորի տան կտուրին: Եվ հողը այնքան ծանրացած էր եղել, որ ծանրությունը լցվելուն պակսելիս էր եղել արցունքի մի կաթիլի չափ քաշ: Ընկավ կաթիլը կտրան հողին, և կտուրը փուլ եկավ: Արդարությունը ծածուկ մնաց երկուսից էլ, բայց կատարվեց: Աշխարհս կշեռք է, մեր գործերը՝ կշեռքի քարեր: Որ քարը, ինչ քաշ որ ունի, իր վարձքն էլ այդ է: Աստծու գութը ամենատես աչքերն ունի: Մեկ մրջյունի ոտ էլ որ ցավում է իր բնի մեջ, Աստծու սիրտը ցավում է երկնքում: Գնացեք խաղաղությամբ և անհոգ եղեք: Ամեն բան Աստծո դատողության մեջ իր տեղը կգտնի: Ամենաչնչին բանը որ կատարվում է, Աստծու կամքն է կատարվում: Թողնենք, որ կատարվի:
ՀՈՎՆԱՆ — Գեղեցիկ օրինակով խոսեցիք, տե՛ր: Համարձակվում եմ նկատել, որ ձեր ասած արդարությունը հիմիկվանից պարզ երևում է: Ես Աստծու առջև բոլոր ատյաններին հիմի ևեթ ցույց կտամ արդարությունը, ու թող նրանք ցույց տան մեր հանցանքը: Թող արդարությունը հիմի կշռի ամենքիս գործը:
ՎԱԼԻ — Ամեն բան ժամանակին է նայում: Ամեն բան կկատարվի, կպատահի ժամանակի դատարանի համար: Մի վախենա, մենք ժամանակը կմոռանանք, ժամանակը մեզ կհիշի: Անհոգ եղեք այս մասին: Շատ եմ ապրել, շատ տեսել ու լավ գիտեմ. սա էլ մի ձոր է, որ եկել է, պիտի լցվի, որ անցնի: Մի տարակուսեք, հայրենակի՛ց եղբայրներ: Այս հանկարծահաս աղետը ժպիտով դիմավորենք, Աստծո հաճությունը վաստակենք և այլևս այսպիսի դառն օրեր չտեսնենք: (Վեր է կենում:)
ՀՈՎՆԱՆ — Այն ժամանակ, հանուն մարդկության, կոչ եմ անում ձեզ՝ դո՛ւք օգնեցեք այս աղետավոր ժողովրդին:
ՎԱԼԻ — Ե՞ս, է՜, ի՞նչ եմ ես, մի անկրակ մարդ: Ի՞նչ կա իմ ձեռքին: Հա՜, մեղքանում եմ ձեր այրիներին, հիվանդներին և մանուկներին: Բայց ոչ մի ուրիշ գութի չեմ կարող նրանց հանձնել, քան Աստծո գութն է: Աստվա՛ծ նրանց հսկի: Գնացեք, բարի ճանապարհ, Տեր ընդ ձեզ:
Վալին դուրս է ելնում ձախից:
ՀՈՎՆԱՆ — (նրա ետևից): Ասել է՝ երթանք փչանա՜նք: Դա՞ է արդարությունը: Քառասուն տարի այս ձեռքովս այս երկրի տունն եմ շինել, ահա այսպես զարկի՞ ձեռքիս:
ՋՆԴՈ — Երթանք, ջանը՛մ, երթանք: Դատարկ բան էր, ես գիտեի:
Հովնան շարժվում է դեպի դուրս: Նրան հետևում են բոլորը: Հասնելով սանդուղքի գլխին՝ կանգ է առնում: Ժողովուրդը շրջապատում է նրան:
ԺՈՂՈՎՈՒՐԴ — Հովնա՛ն էֆենդի, ի՞նչ եղավ, մեկ ճար արա:
ՀՈՎՆԱՆ — Էլ մենք գին չունենք, էլ մենք ոչինչ ենք: Ասացեք ժողովրդին, թող ուրանա:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ — Ուրանա՞, ի՞նչը ուրանա:
ՀՈՎՆԱՆ — Ի՞նչը… ամեն բան՝ կայք, պատիվ, խիղճ, հավատ:
ՋՆԴՈ — Ի՞նչ է ասում, խելքը կորցրել է:
ՀՈՎՆԱՆ — (բարկացած): Չեմ կորցրել, կյանքնե՛րդ ազատեցեք:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ — Դե մենք էլ կյանքն ենք ազատում:
ՀՈՎՆԱՆ — (ավելի բարկացած): Կյա՜նքը՝ ամենապետքակա՜նը, մնացածը՝ խիղճ է, հավատ է, ինչ հորս ցավն է, դատարկ բաներ են: Ազատվեցե՛ք, կյա՛նքն ազատեցեք:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ — Աղտոտվե՜լ… կարելի՞ բան է: Ի՞նչ է ասում, ուրանա՞նք:
ՀՈՎՆԱՆ — Վե՜րջը կմաքրվեք: Կյանքը չվերջացավ: Էլի կա կյանք: Ապա ի՞նչ եք ուզում. ոճիրը գործվի, անպատիվ լցվենք հորերն ու լռե՞նք:
ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ — Ճակատի գիր է:
ՀՈՎՆԱՆ — (զայրագին): Ժողովո՛ւրդն ազատեցեք, դատարկ խոսքեր մի՛ խոսեք, ժողովու՛րդն ազատեցեք, ձե՛զ ազատեցեք: Ամբողջ ժողովրդով ելեք երթանք արդարություն պահանջենք:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ — Ո՞վ կթողնի, ո՞ւր երթանք, ո՞վ կնայի մեզ:
ՀՈՎՆԱՆ — Վերին ատյանները չեն իմանում այս ոճիրը, մարդկությունը չի լսել. գիտե՞ք ինչ կանեն, եթե իմանան, քար քարի վրա չեն թողնի: Ապա իմանա՜ն… Լուր պետք է տրվի մարդկությանը:
ՔԱՂԱՔԱՑԻ — Է՜հ, Հովնա՛ն էֆենդի, ի՞նչ կարող ես անել:
ԶԱՐԴԱՐ — Ամեն տեղ էլ էս պիտի ասեն:
ՀՈՎՆԱՆ — Ամեն տեղ է՞ս պիտի ասեն: Երկաթ կհագնեմ, պողպատ կմաշեմ, կերթամ կգտնեմ այս ոճրի արմատը: Տեսնեմ՝ նո՞ւյնը կասեն:
ԶԱՐԴԱՐ — Ոճրի արմա՞տը, ո՞վ է ոճրի արմատը: Մեկը մեկի վրա է գցում, Աստծուն են ասում արմատը: Գնա՛, ի՞նչ կանես:
ՀՈՎՆԱՆ — Աստված այդպես չի ասել: Աստված ինքը չի տեսել այդպիսի ոճիր: Նրա անգիտությամբ է սա գործվում: Մարդկությունն էլ տեղյակ չէ այս ոճրին: Պետք է լուր տալ մարդկության, աշխարհքով մեկ պետք է գոռալ, ձայնը մինչև Աստված պետք է հասցնել:
ՁԱՅՆԵՐ — Է՜, ծուռ բաներ է խոսում:
ՋՆԴՈ — Ջանը՛մ, սա էսպես ծուռ խոսելով մեր գործը ավրեց:
ՀՈՎՆԱՆ — Ե՞ս ավրեցի ձեր գործը, թե՞ ձեր Աստվածը: Առակներ մի՛ խոսիր: Դու հասկանալիք չունես:
ՋՆԴՈ — Ասածդ ի՞նչ է, ժողովրդի սիրտը ինչի՞ ես պղտորում, ի՞նչ ես ասում՝ ուրանա:
ՀՈՎՆԱՆ — Ով որ չի ուզում կյանքը փրկել, թող գնա իր մեռելը մեռնելու: Ես պիտի փրկեմ ժողովուրդը: Ես պիտի ցույց տամ արդարությունը:
ՋՆԴՈ — Դու խայինություն պիտի անես, քո կյանքը պիտի ազատես, մեզ գցես փորձանքը: Ճամփադ գնա, հասկացանք՝ ինչ մարդ ես: (Ժողովրդին.) Երթա՛նք:
ԺՈՂՈՎՈՒՐԴ. -Երթանք, ախպե՛ր, երթանք: (Քաշվում են:) Վերջերս հասավ:
ՀՈՎՆԱՆ — Չե՞ք ուզում փրկվել, ես էլ ժողովրդի դատը կփրկեմ, ինձ կփրկեմ. ես էլ մի ժողովորդ եմ:
ՍԱՀԱԿ — Ծանր խոսքեր ասիր, խնամի՛: Հիմի հազար բան պիտի վրադ խոսեն:
ՀՈՎՆԱՆ — Խոսքերի ժամանակ չէ՛: Ամենաթանկ բանը ձեռքերես գնում է՝ ժողովրդի դա՜տը: Ես պիտի հասցնեմ մարդկության: Արդարությո՛ւն կա, Աստվա՛ծ կա:
Վարագույր
Գ ԱՐԱՐ
Հովնանի սենյակը: Պատերի տակ անկարգ թափված են բոխչաներ և այլ ճամփու իրեր:
ԽՈՐԵՆ — (մտնում է աջ կողմից՝ ձեռին մի կարճ դաշույն, որ տնտղում է և ապա թաքցնում գոտկատեղում): Ա՜խ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (մտնում է նրա ետևից): Խորե՛ն, ի՞նչ ես անում, թո՛ղ էդ դանակը, Գնա պահվիր տեղդ:
ԽՈՐԵՆ — (Նունուֆարին գրկել փորձելով): Կյանք տար Աստված, թռցնեի քեզ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (ընկնում է Խորենի թևին): Է՜հ, ի՞նչ թռցնել. մենակ ի՞նձ… էսքան ժողովուրդը կրակի մեջ է:
ԽՈՐԵՆ — Ժողովրդին ազատում չկա՜ էլ: Պիտի ջարդվի: Դու ասա՝ քեզ ազատեի: Կարո՞ղ ես հետս փախչել:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Է՜հ, Խորեն, թե պիտի մեռնենք, հարազատների հետ մեռնենք:
ԽՈՐԵՆ — (ատամները կրճտելով): Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ: Կռիվ չէ՝ կռիվ մտնեմ: Մենակ ես չեմ՝ սարերն ընկնեմ: Ջա՜րդ է: Կռվող չկա: Ես ձեռքերս կապած մեկ տղամարդ եմ: Քանի՜ կյանք պիտի ունենամ, որ կռվելով քեզ ազատեմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ամա՜ն, Խորեն, քեզ համար շատ եմ վախենում: Չհակառակե՜ս:
ԽՈՐԵՆ — Է՞հ, թողնեմ, որ տանե՞ն քեզ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Մի՛ վախենա, ես քեզնից շուտ կմեռնեմ:
ՀԵՐԻՔ — (մտնում է ներս): Խորե՛ն, ի սե՛ր Աստծո, գնա տեղդ պահվիր: Եկան հարցրին: Բեյին էլ ասել են, որ գնացել ես զինվորական ատյան:
ԽՈՐԵՆ — Ապա Նունուֆա՞րը:
ՀԵՐԻՔ — Ես հետն եմ: Գնա՛:
ԽՈՐԵՆ — Դո՞ւ… ես որ զարկվեմ, էլ դու ի՞նչ:
ՀԵՐԻՔ — Ես ճարը գիտեմ, գնա՛:
ԽՈՐԵՆ — Վա՜յ Խորենի գլխին, որ ճարը դու ես:
Խորենը դուրս է ելնում աջից:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (մոտենում է Հերիքին և կպչում նրան): Ամա՜ն, քույրիկ, բեյը չգա՞:
ՀԵՐԻՔ — Մի՛ վախենա, ես հետդ եմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ա՜խ, ե՞րբ պիտի ազատվենք, չտեսնեմ ես էս բոլորը:
ՀԵՐԻՔ — Չես տեսնի… ես էնպես կանեմ, որ չես տեսնի:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Հա՜, գիտեմ. առաջ դու մեռնես, ինձ թողնես մենակ… Գիտեմ՝ ինչ է միտքդ:
ՀԵՐԻՔ — Քո ի՞նչ գործն է: Քեզ ու Խորենին կազատեմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չէ՛, չէ՛, քույրի՛կ, ապա հայրի՞կը, մայրի՞կը, դո՞ւ… ի՞նչ ես ասում:
ՀԵՐԻՔ — Է՞, ի՞նչ է, պիտի երթաս բեյի՞ն…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չեմ երթա, ինձ կդեղեմ:
ՀԵՐԻՔ — Օգու՞տն ինչ: Ափսոս չէ՞ կյանքդ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Էդպես լավ է: Որ ինձ դեղեմ, գազանը վազ կգա ձեզնից: Ախր որ փախչեմ, կչարանա ու ձեզ կկոտորի:
ՀԵՐԻՔ — Խենթ բաներ մի խոսիր, Նունուֆա՛ր: Գնա կյանքդ ազատիր, ջհանդա՛մը մենք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չէ՛, քույրի՛կ, էսքան մարդը որ պիտի մեռնի, ես արժանի՞ եմ, որ կյանքս ազատեմ: (Ընկնելով Հերիքի գիրկը:) Ես եղա պատճառը, որ հայրիկին չարչարում են: Քույրի՛կ, քեզ եմ ասում գաղտնիքս, պիտի երթամ բեյի մոտ և հետո կյանքիս վերջ տամ:
ՀԵՐԻՔ — Խե՛նթ, ափսոս չե՞ս, ապա ի՞նչ անի Խորենը:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Այ որ ես չփախչեմ ու բեյի մոտ մեռնեմ, էլ Խորենին բեյը չի մեղադրի, ու, ո՞վ գիտի, ազատի: Ի՞նչ անեմ, քույրի՛կ, ես պիտի մեռնեմ, որ դուք ազատվեք: (Հանկարծ փղձկալով:) Ապա ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ: Մի՞թե ես ուզում եմ էդ բանը: (Սարսափով նայում է Հերիքին:) Քույրի՛կ, իսկ եթե էնպես պատահի, որ չմեռնեմ… շո՛ւտ չմեռնեմ… Ա՜խ, Աստվա՛ծ, թռչուն դարձրու մեզ, թռցրու: Ի՞նչ ենք արել, ի՞նչ է մեր մեղքը…
ՀԵՐԻՔ — Մի՛ վախենա, չեմ թողնի, որ տանջվես. ես գիտեմ անելիքս: Հանգի՛ստ կաց: (Ականջ դնելով:) Ոտքի ձայն է: Գնանք:
Նունուֆարի մեջքը գրկած տանում է դեպի ձախ սենյակը: Մտնում են Հովնանը, նրա ետևից՝ Նազեն:
ՆԱԶԵ — Հա՛, որտե՞ղ էիր: Բան դուրս եկա՞վ:
ՀՈՎՆԱՆ — Պիտի մորթվենք: Պիտի մորթվենք անասունների պես ու…
ՆԱԶԵ — Ամա՜ն, Հովնա՛ն, ժողովարան չէ, քարոզը թո՛ղ:
ՀՈՎՆԱՆ — Քարոզ չէ՛: Արդարությունը քարոզ չէ՛:
ՆԱԶԵ — Ջանը՛մ, ի՞նչ արդարություն, ի՞նչ բան:
ՀՈՎՆԱՆ — Ի՞նչ, աշխարհքի մեծերը մի օր դատի չպիտի՞ նայեն: Վերին ատյան չպիտի՞ լինի: Էլ ուրիշ նպատակ չէ՜, մե՜կ նպատակ ունեմ. պիտի կյանքս ազատեմ, երթամ արդարություն պահանջեմ:
ՆԱԶԵ — Ամա՛ն, Աստծո՛ւ սիրուն, դու խելքդ կորցրել ես: Մեռնում ես՝ մեռիր: Արդարություն չկա:
ՀՈՎՆԱՆ — Ի՞նչ, արդարություն չկա՞: Ատամներովս դուրս կքաշեմ արդարությունը: Ո՞վ է այս ոճրի պատասխան տվողը: Պիտի գտնեմ: Այսպես անիրավված մեռնել չեմ ուզում: (Լռություն:) Արդարություն չկա՜: Չկա՞: Լա՛վ: Ե՛ս եմ արդարությունը, դո՛ւ ես, ժողովո՛ւրդն է: Ու մի մարդ, մի շուն չպիտի՞ նայի մեր կողմը:
ՆԱԶԵ — Գիտեի՜, որ վերջերս մահն է: Բեյը… տեսա՞վ քեզ:
ՀՈՎՆԱՆ — Բեյը… աղջկան ուզում է:
ՆԱԶԵ — (աարսափով): Ուզո՜ւմ է… (Սրտատրոփ:) Է՞հ, ի՞նչ պիտի անես:
ՀՈՎՆԱՆ — Ինչ պիտի անե՜մ… Ես ի՞նչ գիտեմ:
ՆԱԶԵ — (վեր թռչելով): Վա՜յ, հո՜ղը գլխիս, ոնց թե՝ ինչ գիտեմ: Աղջիկը պիտի տա՞ս:
ՀՈՎՆԱՆ — (խուլ): Ես գործ ունեմ, նպատակ ունեմ:
ՆԱԶԵ — Գործերդ ու նպատակներդ քեզ թող, ես աղջիկն եմ ասում: Աղջիկը պիտի…
Տե՜ր Աստված… աղջիկը պիտի տա՞ս…
ՀՈՎՆԱՆ — Վախենում եմ՝ տամ: (Բարկացած:) Ե՜ս չպիտի տամ: Բայց… ո՞վ է իմանում… նեղը մնալ կա: Նեղը որ մնամ, ի՞նչ պիտի անեմ: Մեռնել չեմ կարող: Դա՛տ ունեմ:
ՆԱԶԵ — Աստծու սիրուն, ինչե՜ր է խոսում… ի՞նչ դատ, ի՞նչ ես ասում:
ՀՈՎՆԱՆ — Դատ ունեմ մարդկության հետ: Աշխարհք պիտի դատի կանչեմ: Պիտի երթամ վերերը, վերին ատյանները, արդարություն պիտի պահանջեմ:
ՆԱԶԵ — Ջանը՛մ, ի՞նչ արդարություն, ի՞նչ բան: Արդարություն չկա:
ՀՈՎՆԱՆ — Ուրիշ նպատակ չէ՜, մե՛կ նպատակ ունեմ հիմա՝ կյանքս պիտի ազատեմ և երթամ արդարություն պահանջեմ: Ես մեռնել չեմ ուզում, արդարություն եմ ուզում:
ՆԱԶԵ — Ո՞վ է քեզ լսողը, ո՞վ է քեզ բանի տեղ դնողը… ա՜խ…
ՀՈՎՆԱՆ — Բկերը կխրեմ ատամներս, դատի կքաշեմ: Ատամներովս արդարությունը բերաններից դուրս կհանեմ: Պետք է չիմանա՞մ՝ ով է այս ոճրի արմատը: Այսպես անիրավված մեռնե՞լ: Ով է ինձ լսո՞ղը… Աշխարհքի ականջները կպատռեմ, լսել կտամ:
ՆԱԶԵ — Դե որ էդպես է, թող տղադ էլ միտքդ հասկանա: (Անցնում է ձախ սենյակը և մի փոքր անց դուրս է ելնում Խորենի հետ:) Ահա՛ դու, ահա՛ նա:
ԽՈՐԵՆ — Ինձ նայիր, հայրի՛կ, ասածդ մտքովդ չանցի: Էլ հերի՛ք եղավ: Բեյին չեմ թողնի, որ Նունուֆարին մոտենա: Ես է՛լ մարդ եմ…
ՀՈՎՆԱՆ — (դառն ծաղրով): Դո՞ւ ես մարդ, ե՞ս եմ մարդ, սրա՞նք… (Ծիծաղ:) Հը՛, հը՛, հը՛… մորթվելո՜ւ հավեր. խոհարարը մի քանի օր խնայել է ձեզ՝ փլավի համար: Մարդը վերջացա՜վ, տղա՛ս, երեկ էինք մարդ: Շոր էր մարդը՝ վրաներիցս հանեցին: Ձգե՛, ձգե՛, մորթվող հավի մտածելը շատ երկար չպիտի լինի:
ՆԱԶԵ — Դու խելքդ կորցրել ես:
ՀՈՎՆԱՆ — Չեմ կորցրել: Ես մեռնել չեմ ուզում:
ՆԱԶԵ — Մեռնել որ չես ուզում… ի՞նչ է, պատիվնե՞րս պիտի կորցնենք:
ՀՈՎՆԱՆ — (դառն): Պատիվը թանկացա՜վ… Աստծու ուտելու բան դառավ պատիվը: Մսացունե՜ր… կարծում եք, թե պատի՞վ ունեք: Սա՞ է ձեր պատիվը: Դանակի տակ դրած ոչխարի պատիվը: Շա՜նը գցեք, թքել եմ վրան: Պատիվը էն ժամանակ էր, որ իմ ձեռս էր ուրիշին տալը կամ չտալը: Մենք պատիվ չունենք:
ՆԱԶԵ — (հանդիմանորեն և գլուխը դառն շարժելով՝ դուրս է ելնում ձախից): Հը՜մ, ա՛յ թե ինչ մարդ ես դու:
ՀՈՎՆԱՆ — Ե՜ս… (Միջոց: Մեքենաբար վերցնում է Նարեկը, բայց փոխանակ կարդալու՝ ձեռքում բռնած նայում է սաքուին և խորասուզվում մտքերի մեջ: Հերիքը ներս է մտնում ձախից և, կամաց մոտենալով Հովնանին, լուռ կանգնում է նրա դիմաց: Հովնանը՝ կարծես ինքն իրեն, մտախոհ, հասարակ, դառն:) Այսօր՝ կյանքի գրկում, վայելքի սեղանի վրա, պատկերդ՝ Աստծու պատկեր, շուրջդ՝ բարիք, բարեկամ, առողջ, պատվավոր… ու վաղը՝ իբրև ոտնատակի դիակ… Կյանք և մահ – փո՜ւհ, այն փտած ոսկրը, այն հոտած գանգը, որ պիտի դառնա մարդ… Եվ քեզ բոթում են այնտեղ… և ո՞վ կկամենա երթալ: Դևեր և սադայելնե՜ր…
ՀԵՐԻՔ — Ա՜խ, մեռնե՜լը…
ՀՈՎՆԱՆ — Մեռնե՜լը, մա՜հը: Աստված ինքը դրել է մահի երկյուղը մեր մեջ, որ չմեռնենք: Իսկ սա մահ չէ, ոճիր է, խեղդամահ է՝ մարդու ձեռքով՝ բռնի, անիրավ, հիմար: Մահը Աստծուց է սոսկալի, իսկ սա՞, մարդո՞ւցը՝ ամենասոսկալի: Ո՜ւ, ձեռս տվեք այս կյանքի իրավունքը, ցույց տամ՝ արդարությունը որն է:
ՀԵՐԻՔ — Հայրի՛կ, համբերի՜ր, Աստված ողորմա՜ծ է:
ՀՈՎՆԱՆ — Ա՜խ, Հերի՛ք, այնպես մի քար է եկել նստել սրտիս… Նունուֆա՜րը, իմ հարսը…
ՀԵՐԻՔ — Նունուֆարը ի՞նչ, հայրի՛կ:
ՀՈՎՆԱՆ — Բեյը ուզո՜ւմ է…
ՀԵՐԻՔ — Ամա՜ն, մեղք է Նունուֆարը, հայրիկ: Ի՞նչ անենք: Խեղճը անմեղ-անմեղ եկավ մեր տունը թե չէ… այդ փորձանքը: Կասես ես եմ անողը: Սրտիցս արյուն է կաթում, որ վրան եմ նայում:
ՀՈՎՆԱՆ — Ի՞նչ անեմ, ինչպե՞ս անեմ, ի՞նչ ասեմ որդուս, խիղճս ինչպե՞ս ծախեմ:
ՀԵՐԻՔ — Դե, հայրի՛կ, վերջը վերջը դու ի՞նչ մեղավոր ես. իրենք կգան, իրենք կխլեն, դու ի՞նչ անես:
ՀՈՎՆԱՆ — Ո՞վ գիտի, Հերի՛ք: Մարդ մեռնելուց առաջ գեշ բաներ կարող է անել: Վախենում եմ՝ խիղճս ծախեմ… Ախր ուզում եմ, որ ե՛ս չտամ աղջկան:
ՀԵՐԻՔ — Ամա՜ն, հայրի՜կ…
ՀՈՎՆԱՆ — Հորի մեջն ենք, ջուրն ենք ընկել, օձն ենք բռնել: Աստված այնպես մեկ փորձություն դրեց առջևս, որից Ինքը խելքը կկորցներ: (Մտնում է Նունուֆարը ձախ դռնից: Նկատելով Հովնանին՝ ուզում է ետ դառնալ, բայց Հովնանը գնում է դեպի նա՝ ձեռները տարածած:) Նունուֆա՜ր… (Գրկում է նրան: Նունուֆարը չոքում է Հովնանի առջև, հետո ընկնում ոտները: Հովնանը կռանում է, բարձրացնում նրան և վիզն ընկնելով՝ սկսում է անզուսպ հեկեկալ:) Խելք սովորեցրու ինձ՝ ազատեմ քեզ… (Նունուֆարը նույնպես լաց է լինում:) Նունուֆա՜ր, մատա՜ղ, ների՛ր ինձ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (զպելով լացը): Ի՞նչ ներեմ, հայրի՛կ, դու ի՞նչ ես անում, քո ձեռը ի՞նչ կա:
ՀՈՎՆԱՆ — Ներիր ինձ, ախր քեզ է՛լ ազատել պետք է…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (տխուր, հանգիստ, անմեղ): Հա՛, հայրի՛կ, ինչպես որ գիտես, էնպես էլ արա: Ազատի՛ր: Իհարկե, հնարքները դու գիտես:
ՀՈՎՆԱՆ — (բաց է թողնում Նունուֆարին և խորտակված, մռայլ դուրս է ելնում աջ դռնից): Ե՜ս, ի՞նչ անեմ ես…
Լռություն:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Քույրի՛կ, ի՞նչ անբախտն ենք մենք: Երևի Աստված նրա համար է ստեղծել մեզ, որ աշխարհքին զոհ դառնանք:
ՀԵՐԻՔ — Է՜հ, ինչե՞ր ես ասում:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Կտեսնես, քույրի՛կ, ե՛ս մեջտեղը զոհ կերթամ: (Լռություն:) Է՜հ, Աստվա՛ծ, Աստվա՛ծ, ի՞նչ տեսակ բան է… կասես երազում լինեմ: Ախր թե նրա համար ենք մենք, որ զոհվենք, էլ ինչո՞ւ է Աստված մեզ ստեղծում, որ մենք էլ ապրել ուզենանք… (Ինքն իրեն, խեղճ և մտախոհ:) Ախր մեղք եմ, ջահել եմ…
ՀԵՐԻՔ — Դե որ էդ գիտես, քեզ պիտի ազատես:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ո՛չ, քույրիկ, ես զոհ եմ: Մենակ էն ասա, որ ես զոհվեմ՝ դուք ազատվեք: Հայրիկը հո մեղքս գալիս է:
ՀԵՐԻՔ — (ականջ դնելով դրսի ոտնաձայնի): Սպասիր, ո՞վ է:
Ֆայիկը ներս է մտնում դիմացից:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ամա՜ն, քույրի՜կ…
Նունուֆարը ձախից դուրս է գնում:
ՖԱՅԻԿ — Բարև՛, օրիո՛րդ:
ՀԵՐԻՔ — Բարև՛, ի՞նչ եք ուզում, բե՛յ:
ՖԱՅԻԿ — Ներեցեք, օրիո՛րդ, որ եկա: Քաղաքավարության ժամանակ չէր: Թեև իրար հետ խոսած չունենք, բայց խոսենք: Ձեր կյանքը վտանգի մեջ է:
ՀԵՐԻՔ — Ի՞նչ եք կամենում, բե՛յ:
ՖԱՅԻԿ — Օրիո՛րդ, ես ձեզ պիտի պաշտպանեմ:
ՀԵՐԻՔ — Շնորհակալ եմ, բե՛յ, ես պաշտպանություն չեմ ուզում:
ՖԱՅԻԿ — Ափսոս է ձեր ջահել կյանքը: Թողեք ձեզ պաշտպանեմ:
ՀԵՐԻՔ — Օգուտ չունի, բե՛յ: Մեր դուռը մեծ է, գնացե՛ք ձեր ճամփան:
ՖԱՅԻԿ — Ինչո՞ւ չեք ուզում, որ ձեզ պաշտպանեմ: Մենք մարդ չե՞նք, օրիո՛րդ…
ՀԵՐԻՔ — Չխոսենք, բե՛յ…
ՖԱՅԻԿ — (պարզ): Ինչո՞ւ չխոսենք, օրիո՛րդ…
ՀԵՐԻՔ — Է՜հ, բե՛յ, ես մեռած եմ:
ՖԱՅԻԿ — Օրիո՛րդ, ի՞նչ եք ասում. այդ խոսքն ի՞նձ եք ասում:
ՀԵՐԻՔ — Ի՞նչ եք ուզում, բե՛յ:
ՖԱՅԻԿ — Է՜հ, օրիո՛րդ, ամոթ չէ՞, որ մի ազնիվ տղամարդ ձեզ պես ջահել օրիորդից լսի այդ խոսքը, թե ես մեռած եմ:
ՀԵՐԻՔ — (կտրուկ): Ազնիվ տղամա՞րդ, ջահել օրիո՞րդ… սու՛ս կացեք, բավակա՛ն է, բե՛յ…
ՖԱՅԻԿ — (հետաքրքրված և մի փոքր վիրավորված): Ինչո՞ւ, օրիո՛րդ…
ՀԵՐԻՔ — (հուզված): Ձե՞զ եք ասում՝ ազնիվ տղամարդ, ի՞նձ եք ասում՝ ջահել օրիորդ: Ո՞վ է ջահել օրիորդը: Ե՞ս: Ես փալասի կտոր եմ ձեր ոտքի տակ, հողին հավասար: Ձեռքերի վրա՞ են տանում ջահել օրիորդներին՝ վարդի փնջի պես, թե՞ վայրի ճամփաներին քաշ են տալիս: (Կտրուկ:) Ջահել օրիորդ չկա՛:
ՖԱՅԻԿ — Կա՛, օրիո՛րդ, կա՛:
ՀԵՐԻՔ — Չկա, ասում եմ ձեզ, ջահել օրիորդը ազնիվ տղամարդու համար էն դժվար սիրուն ծաղիկն է, որ բարձր քարափի մեջ է բուսած: Մի՛ խոսեցրեք ինձ: Մի՛ գրգռեք դատարկ խոսքերով՝ ջահել օրիո՜րդ, ազնիվ տղամա՜րդ: Ո՞ւր են էն ազնիվ ու քաջ երիտասարդները, որ կրակի պես հասնեն, զարկեն-թռցնեն էս հազարավոր ջահել օրիորդներին:
ՖԱՅԻԿ — (ոգևորվելով): Ե՛ս եմ այդ երիտասարդը: Պատիվս վկա, ձեզ կթռցնեմ կրակի պես, եկե՛ք…
ՀԵՐԻՔ — (վճռական ու բարկացած): Կգամ…
ՖԱՅԻԿ — Աստվա՛ծ վկա, պատրաստ եմ, եկե՛ք:
ՀԵՐԻՔ — Գա՞մ… (Դառն:) Շա՜տ ազնիվ եք: Ապա մյո՞ւս ջահել օրիորդները, ապա են հազարավորնե՞րը…
ՖԱՅԻԿ — (դեռ ոգևորված): Նրանք դժբախտ են, նրանք պիտի կորչեն… բայց գոնե դու՛ք, դու՛ք ազատվեցեք. ափսոս է ձեր մատաղ կյանքը:
ՀԵՐԻՔ — Նրանք պիտի կորչե՞ն… հա՞, սա՞ է ձեր տղամարդկությունը: Դե որ նրանք պիտի կորչեն, ես էլ թանկ բան չեմ, թող ես էլ կորչեմ:
ՖԱՅԻԿ — (կոտրված): Ափսո՜ս, ափսո՜ս, ափսո՜ս …
Լռություն: Նազեն ներս է մտնում ձախ դռնից: Նայելով Հերիքին և Ֆայիկին՝ առանձին նշանակություն չի տալիս, մտերիմ հայացքով մոտենում է Ֆայիկին:
ՆԱԶԵ — Տեսա՞ր, Ֆայի՛կ, տեսա՞ր, տղա՛ս՝ ինչ զուլում եկավ գլխներիս:
ՖԱՅԻԿ — Հանը՛մ, օրիորդին ասում եմ, որ իրեն կազատեմ, չի համաձայնում:
ՆԱԶԵ — (տխուր): Է՜, տղա՛ս, ի՞նչ պիտի ազատես: Նա կորած է: Գիտես՝ ինչ կրակի մեջ ենք:
ՖԱՅԻԿ — (աչքերը կախելով): Մի՛ ասա, մե՛րս, մի՛ ասա…
ՆԱԶԵ — Դու մեր ունե՞ս: (Ֆայիկը լռում է:) Եթե դուք ամենքդ մեր ունենայիք, մերերը էս օրին չէին լինի:
ՖԱՅԻԿ — Սիրտդ մի՛ կոտրիր, մե՛րս: Աստված մեծ է:
ՀԵՐԻՔ — (առաջ գալով, վճռական): Բե՛յ:
ՖԱՅԻԿ — Ի՞նչ կա, օրիո՛րդ…
ՀԵՐԻՔ — Մեկ բան պիտի խնդրեմ: Լավությու՞ն եք ուզում անել՝ Նունուֆարին ու Խորենին ազատեցեք:
ՖԱՅԻԿ — Դժվար է, օրիո՛րդ, շատ դժվար է:
ՀԵՐԻՔ – Ինչո՞ւ դժվարացաք…
ՖԱՅԻԿ — Օրիո՛րդ, նրանց որ ազատեմ, ես էլ հետները պիտի երթամ:
ՀԵՐԻՔ — Գնացեք, ի՞նչ կա որ…
ՖԱՅԻԿ — Բեյը պիտի կատաղի ու վրեժը ձերոնցից հանի:
ՀԵՐԻՔ — Թող հանի: Դուք սրա՜նց ազատեցեք:
ՖԱՅԻԿ — Ասել է՝ ձեր ծնողներին զոհո՞ւմ եք:
ՀԵՐԻՔ — Ե՛ս կազատեմ:
ՖԱՅԻԿ — Չեք կարող: Մի՞թե չգիտեք, որ չեք կարող: Եվ հավատալո՞ւ բան է, որ անկեղծ եք ասում:
ՀԵՐԻՔ — Ի՞նչ անեմ: Ջահելները պիտի ազատվեն:
ՖԱՅԻԿ — Ապա դո՞ւք, օրիո՛րդ, դուք ջահել չե՞ք:
ՀԵՐԻՔ — Ջհանդա՛մը ես, սրա՛նց ազատեցեք: Նունուֆարի առջև գեշ փորձանքներ կան: Նա մեռնել չի իմանում:
ՖԱՅԻԿ — Իսկ դուք իմանո՞ւմ եք:
ՀԵՐԻՔ — (ժպտալով): Քիչ-միչ, տեղը որ եկա՜վ…
ՖԱՅԻԿ — Չգիտեմ ինչ ասեմ, օրիո՛րդ: Մեջս մի խենթ բան է պտույտ գալիս… ճի՞շտ եմ անում… Ա՜խ, օրիորդ, դե հասկացեք, ես էլ կյանքի ու մահի հետ խաղացող եմ: Բայց դուք ափսոս եք:
ՀԵՐԻՔ — Գնացե՛ք, դուք տղամարդ չեք:
ՖԱՅԻԿ — (ազդված): Ես տղամարդ չե՞մ: Բանը որ էդտեղ հասնի, ես կրակի հետ թռչող եմ: Իմ էլ արյունս մի քիչ խենթ է, հա՜…
ՀԵՐԻՔ — Օրիո՜րդը… (Ծնկի է գալիս:) Նեղն ընկած օրիորդը էսպես ծունկի ընկած բան խնդրի տղամարդուց ու նա չկատարի՞: Ապա՞: Էն զարկված տղամարդկանցից մեկը ծպտունս լսե՜ր, թե ես իրենից բան եմ խնդրում, կրակի պես կթռչեր: (Արցունքը հազիվ զսպելով:) Ողջ գիշերներ պատուհանիս տակ տղամարդիկ են ոտի վրա չորացել՝ սպասելով, որ մի ժպիտս տեսնեն: Եվ նրանցից մե՜կը չկա, որ հասնի, գա: Դրա համար էլ ապրել չեմ ուզում: Ու դուք էլ տղամարդ չեք:
ՖԱՅԻԿ — Էդպե՞ս եք ուզում: Լա՛վ, վե՛ր կացեք: Կազատեմ: Կազատեմ, հետո դուք գիտեք: Կուզեք՝ համակրեցեք ինձ, կուզեք՝ մոռացեք: Չուզեցի, ախպե՛ր, էսպես երջանկությունը: Ես էդ խոսքը վերցնողը չեմ: Ես տղամարդ եմ:
ՀԵՐԻՔ — (վեր է կենում): Հա՛, էդտե՛ղ ազնիվ եք:
ՆԱԶԵ — (արտասվելով): Հա՛, տղա՛ս, դու ազնիվ ես. մի էդ օտար աղջկան մեր տանից ազատեցե՜ք, մի էդ զույգը մուրազաչոր չմնա՜… (Համբուրում է Ֆայիկին:) Մենք ջհանդա՛մը, մենք կորած ենք:
ՖԱՅԻԿ — Ձեզ էլ կազատեի, թե օրիորդը թողներ… սրանց ազատելով՝ ես, ո՞վ գիտե, ուր կընկնեմ… էհ՜, սա էր օրիորդի ուզածը, թող էսպես լինի: Կանչեցե՛ք Նունուֆարին: Գնանք Խորենի սենյակը, խոսենք:
ՀԵՐԻՔ — (ուրախ): Հիմա՛…
ՆԱԶԵ — Աստված՛, Դու՛ հասնես:
ՀԵՐԻՔ — (անցնում է ձախ սենյակը: Շուտով այնտեղից լսվում են տրտունջի ձայներ): Նունուֆա՜ր, գնա՜…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չեմ կարող, քույրի՜կ, չեմ կարող…
ՆԱԶԵ — (դռան մոտ): Աղջի՛կս, Ֆայիկը պիտի ազատի քեզ ու Խորենին… (Խորենը մտնում է դիմացից:) Պատրաստվիր, տղա՛ս, բեյը քեզ ու Նունուֆարին պիտի փախցնի…
ԽՈՐԵՆ — (սաստիկ ուրախացած): Ամա՜ն, բե՛յ, պատվի՛դ սիրույն…
ՆԱԶԵ — (Նունուֆարին): Դե՛, աղջի՛կս, լսիր բեյին, գնացեք խորհուրդ արեք …
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (ներս գալով): Չէ՛ , մայրի՛կ, ես ասի, որ չեմ երթա:
ԽՈՐԵՆ — Ինչո՞ւ…
ՆԱԶԵ — Չես երթա՞, ինչո՞ւ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Դուք փորձանքը կընկնեք. չեմ երթա, պիտի մնամ:
ԽՈՐԵՆ — Ի՞նչ է ասում…
ՆԱԶԵ — Ամա՛ն, որ հակառակվեցիր ի՞նչ պիտի պատահի… ինչո՞ւ չես գնում:
ԽՈՐԵՆ — (զայրացած): Չե՞ս ուզում… Ինչո՞ւ, բեյի շնի՞կն ես ուզում դառնալ:
ՆԱԶԵ — Ո՞վ գիտե…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Ա՜խր հայրիկը, մայրիկը, Հերի՜քը… ինչպե՞ս անեմ… չեմ կարող:
ԽՈՐԵՆ — Հայրի՜կ, մայրի՜կ չգիտեմ: Ե՛լ երթանք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Մի՛ զորի, Խորե՛ն, թող հանգիստ մեռնեմ:
ԽՈՐԵՆ — (գոռում է): Զորով կտանեմ. կյանքի հարց է, ե՛լ:
ՖԱՅԻԿ — (մոտենալով Նունուֆարին): Հանը՛մ, ինչո՞ւ եք համառում, ելեք գնանք Խորենի սենյակը, էնտեղից պիտի դուրս գանք: Աստված մեծ է: Ելե՛ք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Աստվա՜ծ, ի՞նչ անեմ…
ԽՈՐԵՆ — Ե՛լ, ի՞նչ պիտի անես:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Չէ՛, Խորե՛ն, չեմ գա, ուզո՞ւմ ես՝ դու գնա:
ԽՈՐԵՆ — (բարձրացնելով բռունցքը): Ե՛լ, թե չէ հիմի կվերջացնեմ…
ՀԵՐԻՔ, ՖԱՅԻԿ — (առաջ գալով): Խորե՛ն…
ԽՈՐԵՆ — (Նունուֆարին): Գիտեմ՝ ինչ է միտքդ: (Քաշում է թևից:) Ե՛լ, ասում եմ քեզ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (թևն ազատելով՝ փախչում է դեպի ձախ սենյակը): Չեմ գա, պիտի մնամ:
Նունուֆարը մտնում է ձախ սենյակը, Խորենը՝ նրա ետևից:
ԽՈՐԵՆ — Անզգա՛մ…
Խորենը հետևում է Նունուֆարին: Հովնանը ներս է մտնում դիմացի դռնից: Նա նկատել է Խորենի այլայլմունքը:
ՀՈՎՆԱՆ — Հա՛, ի՞նչ կա…
ՖԱՅԻԿ — Ոչինչ, Հովնան էֆենդի, Նունուֆարին ու Խորենին ուզում եմ փախցնել:
ՀՈՎՆԱՆ — Ուզում ես փախցնե՜լ…
ՆԱԶԵ — (բարկացած): Օ՜ֆ, փախչեն թող, իրենք էլ ազատվեն, մենք էլ: (Դուրս է նայում ձախ դռնից:) Խորեն՛, շու՛տ արա…
Խորենը ներս է մտնում ձախ դռնից: Լռություն:
ՀՈՎՆԱՆ — Հը՛, փախչու՜մ ես:
ՆԱԶԵ — Վա՞յ… տղադ, հարսդ իրենց կյանքն են ազատում. ուրախ չե՞ս:
ՀՈՎՆԱՆ — Լա՜վ… (Լռություն:) Փախչո՜ւմ եք, մեզ թողնում կրակի բերա՜նը… (Խորենին.) Ո՞վ է կյանքն ազատում, ե՞ս…
ԽՈՐԵՆ — Ե՛ս: Ի՞նչ կա: Ամեն մարդ իր կյանքի մասին է մտածում:
ՀՈՎՆԱՆ — Ամեն մարդ իր կյանքի մասի՜ն է մտածում… (Դառն զզվանքով:) Հը՛, հը՛, հը՛… տեսա՞ր ինչ աղբ է մարդը…
ԽՈՐԵՆ — Տեսա, ի՞նչ կա որ…
ՀՈՎՆԱՆ — Ապա ինձ խաչն էիք հանո՞ւմ… (Սպառնալով:) Հը՜, ինձ նայիր, խելքդ գլուխդ հավաքիր: Փախչել չկա՜:
ՖԱՅԻԿ — Է՜, Հովնան էֆենդի, նրանց փախչելն էլ մի ազնվություն է, որ պիտի թույլ տանք:
ՀՈՎՆԱՆ — Հազար ազնվության գիրք գրեցեք՝ ես մեռնել չեմ ուզում:
ՖԱՅԻԿ — (մի փոքր խիստ): Չեղա՛վ, դա ազնվություն չէ:
ՀՈՎՆԱՆ — Ազնվությո՜ւն… մի կողմ տար այդ փտած լաթն էլ: Մեզ՝ շներիս, գցեք դուրս, իսկ դուք վերը՝ տաք տեղերում, առանց մեզ հեշտ-հեշտ ազնվությո՜ւն արեք: Ապա մենք՝ շներս, չե՞նք ուզում ազնիվ լինել: Ձգիր, ձգիր, հնար ունես՝ ազնիվ ես: Եթե մեկը պիտի մեռնի, որ մյուսը ազնիվ լինի, թքել եմ այդ ազնվության վրա: Փախչել չկա:
ՆԱԶԵ — Ապա ինչպե՞ս պիտի լինի, անխի՛ղճ:
ՀՈՎՆԱՆ — Ամենքս մի-մի քիչ պիտի աղտոտվենք, ամենքս միասին պիտի ազատվենք:
ՆԱԶԵ — Չի՞ լինի, որ դու մեռնես, ջահելներն ազատվեն: Աղբ կյանքը ինչի՞դ է պետք:
ՀՈՎՆԱՆ — Թե այս աղբ կյանքը պետքական է, ամենքի կյանքն էլ պետքական է: Ես էլ պիտի ապրեմ, ճանճն էլ. ամենքն էլ հավասար պիտի ապրեն: (Դուրս գնալով դիմացի դռնից:) Փախչել չկա՜:
ՆԱԶԵ — Հա՜, դե է՛դ ասա, միտքդ հասկանանք: Տեսա՞ր, տեսա՞ր մարդը:
ՖԱՅԻԿ — Հետևից մի ընկեք: Գնանք Խորենի սենյակը, ես ուրիշ հնար գիտեմ:
ՆԱԶԵ — Ի՜նչ հնար, որդի՜, կմատնե, հնարը դժվարացավ:
ԽՈՐԵՆ — Աստված ողորմած է, գնանք: Էլ ձայներդ կտրեցեք՝ կասկած չլինի: Եվ լավ կլինի՝ Նունուֆարը մնա կողքի սենյակում՝ իր աչքի առջև: Մենք գնանք, գնանք. ես դրա մարդ ասողին:
Խորենը դուրս է գնում աջ դռնից: Մտնում են Հասան բեյը և Հովնանը դիմացի դռնից: Հասան բեյը գինով է:
ՀՈՎՆԱՆ — (սռաջ գալով): Բարո՛վ եկար, բե՛յ, համեցե՛ք:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Եկա մի քիչ հանգստանալու և… (Նստելով:) Է՜հ, ի՞նչ կա:
ՀՈՎՆԱՆ — Ողջությո՛ւնդ, ինչպե՞ս են ճամփաները:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Գեշ են, ավազակները կողոպտում, սպանում են… անիծածները:
ՀՈՎՆԱՆ — Ասել է՝ վտանգավո՞ր է:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (հարբածի ցրվածությամբ): Ո՛չ:
ՀՈՎՆԱՆ — Ո՞չ: Անվտա՞նգ է:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ո՛չ:
ՀՈՎՆԱՆ — Չեմ հասկանում, բե՛յ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (գինովի ծիծաղով): Հարսդ գեղեցիկ է: Ես ի՞նչ անեմ: (Աչքերը դարձնելով դեպի ձախ դուռը:) Մի կոնյակ խմենք:
ՀՈՎՆԱՆ — (ծափ տալով՝ կանչում է ծառային): Տղա՛, Սերո՛բ: (Աջ դռնից մտնում է ծառան:) Կոնյակ և մեզե բեր: (Ծառան դուրս է ելնում:) Ինչպես երևում է, բե՛յ, մեր վիճակը գեշ է լինելու:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (որ լավ չէր լսում): Նունուֆա՞րը, է՜հ, ո՜չ, ո՞վ ասավ:
Ծառան ներս է բերում կոնյակ և մեզե, լցնում է բաժակները և հեռանում:
ՀՈՎՆԱՆ — Համեցե՛ք, բե՛յ, անո՛ւշ արա:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (խմում է կոնյակը և վեր կենալով՝ մոտենում է ձախ դռանը): Աղունակը լո՜ւռ է:
Հասան բեյը դարձյալ դառնում է իր տեղը, նստում և, հենվելով մութաքային, արբշիռ ու անտարբեր նայում է Հովնանին, լռում:
ՀՈՎՆԱՆ — Հասա՛ն բեյ, պարզն ասա, ինչպե՞ս պիտի ճամփա ընկնենք:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ապահով:
ՀՈՎՆԱՆ — Ո՞ւմ պաշտպանությամբ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Զինվորների…
ՀՈՎՆԱՆ — Ապա ասիր, որ ավազակները սպանում են ամենքին:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Այո՛, սպանում են:
ՀՈՎՆԱՆ — Էլ ի՞նչ ապահովություն, երբ սպանում են:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Հովնա՛ն էֆենդի, մեր բարեկամության սիրուն լինի, գնա Նունուֆարին համոզիր՝ վեր կենա մեկ, իր կամքով, էնպես անուշ քովս մտնի:
ՀՈՎՆԱՆ — Հը՜մ… Ասել է՝ մի ճանճի չափ էլ կարևոր չեմ ես: Մարդը այսքա՜ն չնչին: Հա՛, հա՛, հա՛: Եվ մեկն ասի, թե ի՞նչ է իմ ուզածը. մի բան, որ իսկի էլ քեզ պետք չէ: Մի չնչին բան, մի ողորմելի փշրանք, որ ձեռքիցդ վայր է ընկնում ու չես նկատում: Մարդը այսքան էժա՜ն, էդ չնչին բանն այսքան թա՜նկ… Շա՜ն կյանք:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Է՜հ, քեֆս կոտրում ես. ախր քեֆը երկու րոպե չունի, մեկ րոպե ունի: Խոսեցիր՝ կթռչի: Մի՛ ձանձրացնի, գնա՛:
ՀՈՎՆԱՆ — Հենց այդ չձանձրացնելն էլ մի քեֆ է, բե՛յ: Այն ո՞ր մարդու կտորը իրեն արժանի կհամարի ուրիշին ձանձրացնելը: Ես էլ եմ ուզում՝ չձանձրացնեմ, բայց կյանքս իմ ձեռին չէ, քո ձեռին է … ինչպե՞ս չձանձրացնեմ: Ապա կյա՜նքս:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (գոռալով): Ջհանդա՛մը կյանքդ: Ես քեֆ ունեմ անելիք: Գնա կանչի՛ր:
ՀՈՎՆԱՆ — Դու չես մեղավորը, այլ էն շուն Աստվածը, որ ձեզ ստեղծել է: (Այլայլված անցնում է դեպի ձախակողմյան դուռը: Հետո արագ մոտենում է կոնյակի շշին, խլելով շիշը՝ տանում է բերանը և ամբողջովին խմում: Ապա շիշը ձեռին կանգնում է և վայրենի, արբշիռ հայացքով նայում մի անորոշ կետի՝ խոսելով ինքն իրեն՝ խռպոտ ձայնով ու հուսահատ դառնությամբ:) Մարդո՞ւ ձեռը մարդն ընկնի… Դե ասել է՝ ջուրը տարա՜վ…
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Վերջը պիտի բերես, ավելի լավ է շուտ բեր:
ՀՈՎՆԱՆ — Է՜հ, թռա՜վ թռչունը ձեռքես: Տանուլ տվի խաղիս քարերը: (Գնում է դեպի ձախ դուռը:) Նունուֆա՛ր… (Մազերը փետելով:) Է՜… ընկած շուն:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Վնաս չունի, Հովնա՛ն էֆենդի, մարդ է, կպատահի:
ՀՈՎՆԱՆ — (մտնում է ձախ սենյակը և մի փոքր հետո ներս է գալիս՝ Նունուֆարի հետ կիսաձայն խոսելով, դառն հեգնանքով): Արի՜, աղջի՛կս, արի՜ համոզիր բեյին, որ մեզ ազատի:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (մի քայլ անելով՝ հանկարծ ցնցվում է և կանգ առնում): Ա՜խ….
ՀՈՎՆԱՆ — Ուրիշ ճար չկա: Էլ ես ոչինչ եմ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (ընկնելով Հովնանի թևերի վրա և հեծկլտալով): Ապա ե՜ս, ապա ե՜ս…
ՀՈՎՆԱՆ — Վերջը կմաքրվենք՝ դու էլ, ես էլ… Գնա՜, մատա՜ղ: (Նունուֆար շարժում է անում առաջ, բայց նորից մեխվում է տեղում:) Հիմի էլ քո ձեռի՞ն պիտի նայեմ: Ա՜խ, ա՜խ: Գնա՛:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Կերթամ, հայրի՛կ, կերթամ, թո՛ղ:
ՀՈՎՆԱՆ — Հա՛, աղջի՛կս, գնա. մեկ ժողովրդի կտակ կատարած կլինես: Գնա: Ուխտ
կա սրա մեջ, գնա կատարիր:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (վարանելով): Օ՜ֆ… հայրի՜կ…
ՀՈՎՆԱՆ — (ջղայնանալով): Հայրի՛կ չէ, շո՛ւն ասա… (Աղաչելով:) Գնա՜, զավա՜կս, գնա՜… (Ատամները կռճտելով՝ չար ու պաղատագին:) Գնա՜… (Զայրանալով:) Ե՞ս պիտի մենակ աղտոտվեմ, մի քիչ էլ դուք աղտոտվեցեք, շնե՜ր:
Հովնանը դուրս է ելնում դիմացի դռնից: Նունուֆարը, աչքերը գետնին, ուրվականի պես, կանգնած է: Լռություն:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Արի՜, գեղեցի՜կս, արի՜, տխո՜ւրս: Ե՞րբ պիտի դեմքդ ժպտա:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (լռություն: Դողում է և վայր չընկնելու համար բռնում է պատը): Բե՜յ, շնորհ արա, սպանել տուր ինձ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Փերի՜, ինչո՜ւ պիտի սպանել տամ քեզ: Տանս թագուհին ես լինելու:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Բե՜յ, եթե քույր ունես, նրա սիրուն աղաչում եմ քեզ, ազատիր մերոնց կյանքը:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Որ ազատեմ, կինս կլինե՞ս:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (հազիվ է զսպում լացը): Օ՜ֆ…
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Կլինե՞ս, փերի՜. ասա՛, որ ազատեմ ձերոնց:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Կլինեմ, մենակ աղաչում եմ քեզ, բե՛յ, որ մերոնց հետդ տանես: (Հեկեկալով:) Տեսնո՞ւմ ես, ջահել կյանքս զոհեցի:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Լա՛վ, լա՛վ, քեզ համար կանեմ: Հեշտ է, մի բան կլինի: (Հմայված Նունուֆարի լացով:) Օխա՜յ, ի՜նչ անուշ է գեղեցկուհու լացը: Չէ՛, սիրում եմ քեզ, գազե՛լս: Դե պատրաստվիր, հիմի կառքը կգա: (Կանչելով ծառային:) Չավո՛ւշ:
ՉԱՎՈՒՇ — (դիմացի դռնից մտնելով): Բե՞յ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Կառքը եկա՞վ:
ՉԱՎՈՒՇ — Կառքը պատրաստ է, կանչե՞մ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Այո՛: Ֆայիկ բե՞յն ուր է:
ՉԱՎՈՒՇ — Դուրսն է, սպասում է:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Կանչիր և կառքը մոտեցրու դռանը:
Դրսից լսվում է ամբոխի աղմուկ:
ՉԱՎՈՒՇ — Իսկույն, բե՛յ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ի՞նչ կա, ի՞նչ է:
ՉԱՎՈՒՇ — Ժողովուրդն է, անհանգիստ է:
Չավուշը դուրս է գնում, ներս է մտնում Ֆայիկը:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Լսի՛ր, Ֆայի՛կ բեյ, Նունուֆարի խնդիրքով պատվիրում եմ քեզ, որ Հովնան էֆենդու հետ լինես մինչև Միջագետք և ճամփին կյանքերը պաշտպանես: Ես ու Նունուֆարը այս րոպեիս պիտի ճամփա ընկնենք:
ՖԱՅԻԿ — (պաշտոնական): Լսո՛ւմ եմ, բե՛յ:
Ֆայիկը դուրս է շտապում դիմացի դռնից: Դրսից լսվում է ձիերի բոժոժների ձայնը: Ներս են մտնում Նազեն, Հերիքը, Խորենը, Հովնանը:
ՀԱՍԱՆ ԲԵՅ. Է՜հ, Հովնա՛ն էֆենդի, ես ու Նունուֆարը ճամփա պիտի ընկնենք: Ֆայիկ բեյը կգա ձեզ հետ և ձեզ կպաշտպանի: (Խորենին.) Բախտդ չբանեց, տղա՛ս: Խոհեմ եղիր և կյանքդ ազատիր:
ՆԱԶԵ — Ո՞ւր պիտի տանեք աղջկան: Աղջիկը չի գա:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Աղջիկն ինքը կամեցավ:
ԽՈՐԵՆ — Ես թույլ չեմ տա, որ Նունուֆարը գա:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Այս կանանց եմ խնայում, թե չէ՜… շատ հանդուգն ես:
ԽՈՐԵՆ — Չէ՛, բե՛յ, ես չե՛մ թողնի:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Կյանքդ ափսոս է, տե՜ս:
ՖԱՅԻԿ — (մեջ ընկնելով, Խորենին): Եղբա՛յրս, թո՛ղ, զգո՜ւյշ խոսիր: Եղածը եղած է:
ԽՈՐԵՆ — Թող կորչի-գնա, աղջիկ չկա՛:
ՖԱՅԻԿ — Գնանք մյուս սենյակը, քեզ բան պիտի ասեմ: (Նազեին և Հերիքին.) Հանըմնե՛ր, տարե՛ք:
Ֆայիկը հասկացնում է, որ Խորենին վտանգ է սպառնում: Հերիքը սարսափած գնում է Խորենի կողմը:
ԽՈՐԵՆ — Ո՛չ, ես կենդանի դուրս չեմ գա, ես մեռած չեմ: Լրբությունն էլ չափ ունի:
ՀՈՎՆԱՆ — Խորե՛ն…
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (դուրս ելնելով): Ես քեզ հիմի ցույց կտամ:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (վազում է դեպի Խորենը): Ամա՜ն, ի՞նչ ես անում:
ԽՈՐԵՆ — (բռնում է Նունուֆարին): Լի՛րբ, անզգա՛մ…
ՖԱՅԻԿ — Բա՛ց թող…
ՀԵՐԻՔ — Խորե՛ն…
ԽՈՐԵՆ — Թողեք վերջացնեմ անառակին…
ՆՈՒՆՈՒՖԱՐ — Խորե՜ն, ամա՜ն, քեզ կսպանե՜ն…
ԽՈՐԵՆ — Չէրթա՛ս, հոգի՛դ կհանեմ:
ՆԱԶԵ — (Հովնանին): Ի՞նչ ես պապանձվել: Տղայիդ պիտի սպանեն:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (ազատվելով Խորենից և վազելով դեպի Հովնանը): Հայրի՜կ, Խորենին պիտի սպանեն…
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (ներս է մտնում՝ խոսելով մի զապտիայի հետ, որ սկսում է խեթ-խեթ նայել Խորենին): Կյանքդ խնայելու համար քեզ ձերբակալում եմ: (Զապտիային.) Բռնի՛ր սրան: (Զապտիան բռնում է Խորենին: Դրսից լսվում է ամբոխի աղաղակը, որ մոտենում է: Նունուֆարին.) Գնա՛նք:
ՆՈՒՆՈՒՖԱՐ — (Նազեին): Ամա՜ն, մայրի՜կ, ազատի՜ր ինձ… չեմ կարող, չեմ կարող, ես տեր չունեմ:
ՆԱԶԵ — (Հովնանի վրա հարձակվելով, բռունցքը սեղմած): Դե՜, քո մարդ լինելիքը կանիծեմ ես: (Պաշտպանելով Նունուֆարին:) Մարդ չմոտենա՜…
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (զապտիաներին, որ այդ ժամանակ ներս են նայում): Եկեք այս պառավին և այս տղային քաշեցեք, սրանք իրենց օգուտը չեն հասկանում:
Զապտիաները առաջ են գալիս և բռնում Նազեին ու Խորենին: Նազեին քաշում են դեպի ձախ սենյակը:
ՆԱԶԵ — (դիմադրելով): Թո՛ղ, անօրեն՛…
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (Հովնանին): Եթե Նունուֆարը իր կամքով չգա, չեմ տանի: Մնացածը դու գիտես:
Լռություն:
ԽՈՐԵՆ — Ամենքդ էլ ինձ թողիք: Վա՜յ գլխիս, էլ ինչո՞ւ եմ ապրում: (Պոկվում է զապտիաների ձեռից և հանկարծ հանելով դաշույնը՝ հարձակվում է Հասան բեյի վրա:) Կորի՛ր, գազա՛ն:
ԶԱՊՏԻԱ — Վա՛յ, անհավա՛տ:
Զապտիան դաշույնը խրում է Խորենի մեջքը: Խորենն ընկնում է: Ընդհանուր ճիչ և սարսափ: Նունուֆարը վազում է, ընկնում Խորենի դիակի վրա:
ՆԱԶԵ — (ճիգ է անում դուրս գալու, դիպչում է ձախ դռանը: Լսվում է նրա մաքառումը ներսից): Շնե՜ր, շնե՜ր…
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (զապտիաներին): Դո՛ւրս գնացեք: (Հովնանին՝ բարձր, սպառնալի ձայնով:) Իր կամքով կգա, թող գա, եթե՝ ոչ… չեմ տանի:
Հասան բեյը դուրս է ելնում դիմացի դռնից:
ՆԱԶԵ — (ներս պրծնելով ձախ դռնից): Շնե՜ր… (Ընկնում է Խորենի դիակի վրա:) Օ՜ֆ, չորանար մորդ մեջքը…
Լռություն: Ներս է մտնում մարեն ձախ դռնից, երերալով որոնում է Հովնանին: Նունուֆարը և Հերիքը մոտենում են մարեին: Ճնշող լռություն:
ՄԱՐԵ — Հովնա՞ն:
ՀԱՅԿ — (դուրս վազելով ձախ դռնից և մոտենալով Խորենի դիակին): Վա՞յ, հորեղբայրն ինչո՞ւ է պառկել: (Ֆայիկը ետ է քաշում Հայկին: Մոտենալով մարեին:) Մարե՛, պիտի երթանք:
ՄԱՐԵ — Մնա՞նք:
ՀԱՅԿ — Պիտի երթանք:
ՄԱՐԵ — (խիստ): Ի՞նչ ես ասում, չեմ հասկանում:
ՀԱՅԿ — (բարձր): Պիտի երթանք, մարե՛:
ՄԱՐԵ — Պիտի երթա՞նք… հա՞… պիտի երթա՞նք… (Օդի մեջ նայելով:) Հովնա՞ն:
ՆԱԶԵ — (ուշքի գալով և դառնալով Հովնանին): Հիմի գնա, ապրիր ջահելիդ արյունով, խայի՜ն: Աստվա՛ծ անի քո դատաստանը:
ՀՈՎՆԱՆ — Հա՛, պիտի ապրեմ… (Լռություն: Բռունցքը սեղմած մոտենալով Նազեին:) Է՜հ, ինձ նայիր: Շան պես պիտի դատի քաշեմ քո Աստծուն: Պիտի ապրեմ, ապա՞: Կատաղած շո՛ւն ասա, խայի՛ն մի ասա:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (ներս է մտնում դիմացի դռնից): Դե՛, կառքն սպասում է: (Ցույց տալով մարեին:) Քիչ մարդ նստեցեք, տեղ չկա: Դե ես գնացի:
Նունուֆարը, Հերիքը հեծկլտում են:
ՄԱՐԵ — (խարխափելով): Հա՜, բալանե՜րս, չէրթա՜ք:
Հովնանը, ջղաձգորեն հեկեկալով, համբուրում է մարեի ձեռներն ու ընկնում ոտները:
Մնացածները լուռ գրկում են մարեին և համբուրում: Հետո բոլորը ետ են գնում:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (դռներից առաջ գալով դեպիՆունուֆարը): Դե՛, աղջի՛կս, ժամանակն է:
ՀԵՐԻՔ — (բռնում է Նունուֆարի ձեռքը): Ես էլ կգամ հետդ, Նունուֆա՛ր:
ՖԱՅԻԿ — (Հերիքին): Օրիո՛րդ, Աստծո՛ւ սիրուն:
ՀԵՐԻՔ — Չէ,՛ պիտի երթամ:
ՖԱՅԻԿ — Մի՛ գնա, օրիո՛րդ:
ՀԵՐԻՔ — Ո՛չ, բե՛յ, ես կերթամ, դուք մնացեք, ծնողքս ազատեցեք:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (քաշում է Նունուֆարին): Գնա՛նք, աղջի՛կս:
Նունուֆարը հեկեկալով գնում է Հասան բեյի ետևից: Աղմուկը սաստկանում է: Լսվում է հրացանի ձայն:
ՀՈՎՆԱՆ — Կեցե՛ք, առաջ ես պիտի գնամ… (Գնում է Հասան բեյի ետևից:) Մեծ զոհը՝ ե՜ս…
ՆԱԶԵ — (նրա ետևից): Որդի՜ուրացող, Աստվա՜ծ ուրացող…
ՀԵՐԻՔ — (Նունուֆարին բռնելով): Ես հետդ եմ, մի վախենա:
ՖԱՅԻԿ — (Հերիքին): Աղաչում եմ, օրիո՜րդ:
ՀԵՐԻՔ — (դռան մոտ` Ֆայիկին): Ծնողքս հասցրեք Միջագետք և այն ժամանա՜կ….
ՖԱՅԻԿ — (սաստիկ հուզված և հետաքրքրված): Այն ժամանա՞կ… Այն ժամանա՞կ… (Հերիքն անհասկանալի նշան է անում ձեռով և շտապ դուրս է ելնում՝ թողնելով Ֆայիկին հոգեկան մեծ խռովքի մեջ:) Է՜հ, անե՛ծք էս անողին…
Ֆայիկն ուզում է վազել Հերիքի ետևից, բայց զսպելով իրեն՝ ետ է գալիս և զապտիային ձեռով նշան է անում, որ բաց թողնի Նազեին ու դուրս գա: Զապտիան հնազանդվում է և դուրս գնում:
ՆԱԶԵ — (ազատվելով զապտիայի ձեռից՝ վազում է դուրս): Աղջիկնե՜րս… աղջիկնե՜րս… (Ներս է մտնում զապտիան:) Փախա՞վ, մենա՞կ փախավ: (Դուրս ելնելով:) Թողեց աղջկան, թողեց թոռանը:
ԶԱՊՏԻԱ — Զուր ես գնում, կառքը փախավ: Չորս հոգով գնացին:
ԵՐԿՐՈՐԴ ԶԱՊՏԻԱ — Զո՜ւր է, գնացի՜ն:
ՆԱԶԵ — (քշելով նրանց՝ դուրս է վազում): Կեցե՛ք, աղջիկնե՜րս…
ՖԱՅԻԿ — (գրկելով Հայկին): Արի, տղա՛ս, արի:
ՀԱՅԿ — Մեծ մարե՜ն, մեծ մարե՜ն:
Ֆայիկը, որի ուշքը Հերիքի կողմն էր, չի լսում Հայկին և դուրս է տանում նրան: Լռություն: Լսվում է ձիերի բոժոժների ձայնը: Մարեն խարխափելով և դողահար գնում է դեպի դռները, ապա ետ դառնալով՝ որոնում է գնացողներին:
ՄԱՐԵ — (ականջ է դնում և խոսում ինքն իրեն): Պիտի երթա՞նք… Հա՜, պիտի երթա՜նք… (Լռություն: Հանկարծ ծնկներն է ծեծում: Խռպոտ, չարագույժ ձայնով:) Սև հավը կանչե՜ց տանս վրա:
Վարագույր
Դ ԱՐԱՐ
Միջագետք: Մի վայրի, դաժան կայան անապատի մեջ: Հեռվում երևում են պղնձագույն մեռելատիպ բլուրներ՝ տխրաշուք և ամայի: Գերի ամբոխն է կուտակված ավազի վրա: Նրանք մերկ են, սովալլուկ, ոտաբոբիկ և նման են խելագարների կամ դիմակ հագած կմախքների: Նրանք նստած են, թափված իրար վրա և քարացած: Դեպի աջ նստած է Նազեն՝ խստադեմ: Մի քիչ հեռու փորի վրա պառկած է Աբրոն: Մեջտեղում՝ իրար կողքի, նստած են Ջնդոն, Սահակը, Եղոն և Զարդարը: Դեպի ձախ՝ փշերի վրա, սարքած է մի վրան՝ դուռը կիսով դեպի աջ, որ փակ է:
ՀԻՎԱՆԴ ԿԻՆ — Տղաս մեռա՜վ, քովես հեռացե՜ք:
ԵՂՈ — Իմացա՞ք՝ ինչ ասին զապտիաները. վաղը ջարդ է:
Լռություն:
ՀԻՎԱՆԴ ԿԻՆ — Աստծո՜ւ սիրուն, տղաս մեռա՜վ, հեռացե՜ք …
Լռություն:
ՍԱՀԱԿ — Վաղը պիտի ջարդե՞ն: (Լռություն:) Օ՜ֆ, թե վաղը ջարդեն, ո՞վ է տերս:
ՋՆԴՈ — Շները…
ՍԱՀԱԿ — Սուտ չէ, օ՜ֆ….
ԵՂՈ — Հայ-հա՜յ, շունը քե՞զ պիտի լայեղ աներ… լավ մսերը թողած:
ԶԱՐԴԱՐ — Տասնինը մարդ նոր հաշվեցի: Ջրի հետ եկան հասան մեզ՝ Արաբիա:
ՋՆԴՈ — Վաղը ջարդ է, դուք նստել մեռե՞լ եք հաշվում: Էգուցվա ջարդե՞ն տեսնենք քանի մարդ պիտի հաշվեք:
ՍԱՀԱԿ — Ջարդը չսկսած՝ ես կմեռնեմ:
ՋՆԴՈ — Թանկ բան չէիր. տես՝ ճամփան քանիսներն ընկան:
ՍԱՀԱԿ — Մարդու պես չես խոսում:
ՋՆԴՈ — Աստված շա՞տ է մարդու պես խոսում: Շուն ենք, դե՜: (Հանկարծ բորբոքվելով:) Դո՞ւ ես քեզ մարդ ասում. աղջիկդ չխանայեցիր:
ՍԱՀԱԿ — Ե՞ս ծախեցի, Հովնանը ծախեց:
ԵՂՈ — Մեկ է, կեղծավո՜ր, ջարդը որ սկսավ, Հովնանի հետ աղջիկ պիտի ծախեք:
ՍԱՀԱԿ — Հովնա՞նն ում շունն է: Աղջիկս ձեռքես առավ ծախեց: Գիտենայի՝ ես կծախեի:
ՋՆԴՈ — Լա՜վ խաբեց Հասան բեյը ձեզ: Տե՛ղն է, խայիննե՛ր:
ԵՂՈ — Հույսները Ֆայիկն է:
ՋՆԴՈ — Ֆայիկին բռնել են: Էլ Ֆայիկը չի գա:
ՍԱՀԱԿ — (նստում է և մի քիչ հետո սկսում նվալ): Աստծո՜ւ սիրուն, մի փշուր հա՜ց, մեռա՜…
ՋՆԴՈ — Սատկի՛ր, չկա՛:
ՍԱՀԱԿ — Ինչի՞ ես ասում՝ սատկիր. քեզ ի՞նչ եմ արել:
ՋՆԴՈ — (բորբոքվելով): Շո՛ւն, հացս չգողացա՞ր:
ՍԱՀԱԿ — Ձեռս չորանա, թե հաց եմ վերցրել:
ՋՆԴՈ — Պիտի ճաթեմ, Աստվա՛ծ, Աստվա՛ծ… (Հանկարծ ընկնելով Սահակի վրա:) Ծոցդ բա՛ց… (Սահակն աշխատում է խուսափել: Ջնդոն բռնում է Սահակին և ծոցը քրքրում:) Ծոցդ բա՛ց….
ԵՂՈ — (ընկնելով Սահակի վրա): Հացը տո՛ւր…
ԶԱՐԴԱՐ — Հա՛ցը:
ՋՆԴՈ — (Սահակի մոտից հանում է մի կտոր սև հաց): Ահա՛:
ԶԱՐԴԱՐ — (քշելով Ջնդոյին): Ո՞ւր ես տանում, ի՛նձ տուր:
Զարդարը խլում է հացը Ջնդոյի ձեռքից: Ջնդոն, հրելով Զարդարին, հացը ձեռքից ետ է խլում, դնում բերանը և ուտում:
ՋՆԴՈ — Շո՛ւն, ո՞ւմ հացն ես խլում:
Սահակը խփում է Ջնդոյին և մի փոքրիկ փշուր ետ խլելով՝ ինքն էլ է սկսում ուտել: Հովնանը մտնում է դիմացից: Նա ցնցոտիների մեջ է, բոբիկ, մազերը խռիվ, մուրուքով: Տանջված, վայրի տեսք ունի: Կիսախելագարի է նման: Խոսում է մե՛կ ինքն իրեն, մե՛կ ուրիշների հետ՝ ոտնաթաթերի ծայրով առաջ գալով:
ՀՈՎՆԱՆ — Պո՛, պո՛, պո՛, պո՛, պո՜… ինչքան մա՜րդ, ինչքան մա՜րդ… Էհե՜յ, թմբո՜ւկ զարկեք Հովնան մեծատունի հարսանիքին, սեղա՜ն գցեցեք: Տղանե՜ր, բաշխեցե՜ք աղքատների բաժինը: Ծա՛փ տվեք, քեմանի՛ զարկեք: Դավիթ մարգարեի պես պիտի պարեմ… (Պարում է և երգում:) Ինչքան մա՜րդ, ինչքան մա՜րդ…
ՀԵՐԻՔ — (մտնում է աջ կողմից: Նրան հետևում է Աբրոն, որ լուռ դիտում է Հովնանին): Հայրի՞կ…
ՀՈՎՆԱՆ — (դադարելով պարելուց): Վա՞յ, պարս ավրեցիր: (Ցույց տալով Հերիքին:) Ահա՛ Հովնան մեծատունի աղջիկը: Ե՛կ, Հերի՛ք, հո՞րդ ես փնտրում: Հայրդ միլիոն անգամ մեռավ:
ՀԵՐԻՔ — Հայրի՛կ, նստիր հանգստացիր:
ՀՈՎՆԱՆ — Թո՛ղ, ես հարսանիք եմ անում: (Պարում է և երգում:) Ինչքան մա՜րդ, ինչքան մա՜րդ… (Կանգ է առնում, խոսում ինքն իրեն:) Աստված՝ անարդար, մարդն՝ ադարացի: (Նայում է չորս կողմը, ուր նստած կամ պառկած են անտարբեր ու բութ մարդիկ:) Հա՜, ասվել է՝ մեռե՜ք, մեռե՜ք, այդպե՜ս: Մեռավ մարդկությունը, և ես թաղեցի: Հոգոցն հանգուցելոց: (Նստում է ավազի վրա և վերցնելով մի բուռ ավազ՝ սկսում է մաղել ու խոսել ինքն իրեն:) Մեռա՜վ… խիղճն էլ, օրենքն էլ թաղեցի, քարը դրի վրան… Հոգոցն հանգուցելոց: Մնացել եմ ես: Բայց ասենք՝ ես էլ եմ մեռած: (Միջոց:) Հը՜մ, մրջյունի մեկը՝ Հովնան կոչեցյալ, ճամփա էր ելել, Աստծու հետ հավիտյան քայլել էր ուզում: Ոտանավոր էր սարքում. <<Շավիղ աստվածային, Հովնան առաքելացյալ, մարդ աստվածացյալ>>: Հա՛, հա՛, հա՛, մա՞րդ… փտած կտո՜ր… որտեղից կուզես՝ բռնի՛ր, կպատռվի՜… Աղբ են՝ մարդն էլ, առաքինությունն էլ: Վաղը ջարդ է, ու Հովնան աղբը կերթա աղբանոց: (Լռություն:) Թե սա է արդարությունը, Աստված չեմ ճանաչում: (Դադարելով ավազի հետ խաղալուց:) Աստված՝ անարդար, մարդն՝ արդարացի: Օ՜ֆ, ի՜նչ երկար քաշեց այս մահը:
ՆԱԶԵ — Շա՜տ պիտի ապրես: Կյանքդ որդունք պիտի դառնա, միսդ ուտի:
ՀՈՎՆԱՆ — (հասարակ և արհամարհական): Դու հասկանալիք չունես, դու լռի՛ր: (Ավազի հետ է խաղում: Հանկարծ վեր է թռչում:) Հերիքն ո՞ւր է, Հերիքը չկա՞: (Տեսնելով Հերիքին՝ մի բեռան մոտ պառկած:) Հա՛, Հերիքն այստեղ է: (Լռություն: Ինքն իրեն:) Հասան բեյը չեկա՜վ: Հասան բեյը մնաց ճամփին: Իսկ վաղը ջարդ է:
ՆԱԶԵ — <<Հասան բեյը չեկա՜վ>>: Չես՞ կարող՝ հիմի էլ աղջիկդ ծախիր: Կախվիր էդ գազանի փեշից, տեսնեմ վաղը սատկածդ պիտի ազատվե՞ս:
ՀՈՎՆԱՆ — Աստված տվեց այդ փեշն ու ինքը հեռացավ:
ՆԱԶԵ — Հույսդ Հասան բեյն է: Ո՞նց չէ, կգա ու գլուխդ կազատի: Հո՛ղը գլխիդ:
ՀՈՎՆԱՆ — Հասան բեյը էլի մարդ է: Քեզ պես տմարդի չէ: Հասան բեյը շներին հաց նետել գիտի: Դու փուշ ես ու անապատ:
ԱԲՐՈ — (որ միշտ անխոս պառկած էր փորի վրա ու դիտում էր այս բոլորը, հանկարծ ինչ-որ բան նկատելով ձախակողմում՝ վեր է կենում ու զգույշ մոտենում Հերիքին): Հերի՛ք, փախի՜ր, Հասան բեյը եկավ:
ՀԵՐԻՔ — (վախեցած): Հասան բե՞յը…
Հերիքն աննկատելի անցնում է աջ կողմը: Նրան հետևում է Աբրոն: Հովնանը վեր է կենում և դողդողալով մոտենում Նազեին: Սովից տատանվում է:
ՀՈՎՆԱՆ — Ա՜խ, քա՜ղցը, այս մարմի՜նը, որից չեմ ազատվում… (Նազեին՝ հասարակ ձայնով:) Մի քիչ հաց չունե՞ս…
ՆԱԶԵ — Ցա՛վս կեր. տղի հացը քեզ տամ, տղեն մե՞ռնի:
ՀՈՎՆԱՆ — Տղեն որ չմեռնի, ես պիտի մեռնեմ:
ՆԱԶԵ — Մեռի՛ր: Մեկ է՝ վաղը պիտի մորթեն:
ՀՈՎՆԱՆ — Պիտի մորթեն, պիտի նետեն աղբանոցները, և մեկը չպիտի ասի, թե սա մարդ էր:
ՆԱԶԵ — Սո՛ւս. ի՞նչ մարդ ես դու: Դու ջահելներիդ արյունով ապրող անասուն ես:
ՀՈՎՆԱՆ — Ե՜ս եմ իսկական մարդը: Մի Հովնա՜ն, մի ամբողջ մարդկությո՜ւն:
ՆԱԶԵ — <<Իսկական մարդը>>: Տեսա՞ր՝ գլխիդ եկածը: Ժողովո՜ւրդ էիր ազատում:
ՀՈՎՆԱՆ — Ես էլ մի ժողովուրդ եմ. մինչև մի Հովնանի հոգսը չհոգացվի, ժողովուրդ չկա՜:
ՆԱԶԵ — Ամո՛թ ունեցիր. տե՜ս, մեկ մարդ ես, հազար մարդու իրավունք ես գոռում: Սպասի՜ր, վաղը հոգսդ կհոգան, երբ ջարդ կանեն: Ա՜խ, ո՞ւր էր…
ՀՈՎՆԱՆ — Սո՛ւս, ի՞նչ իրավունք ունի մարդ մարդու վրա: Գիտե՞ս՝ ինչ ասել է մեկ մարդու կյանք…
ՆԱԶԵ — <<Մեկ մարդու կյա՜նք>>: Ապա մարեդ հա՞վ էր, տղադ հա՞վ էր, հարսդ հա՞վ էր, որ մորթել տվիր: (Զզվանքով և սպառնալից:) Ը՜, կեղծավո՜ր…
ՀՈՎՆԱՆ — (խորտակված): Ասա՛, ասա՛, կե՛ր մարմինս ու հոգիս: (Սարսափած:) Ե՜ս, ե՜ս… ես սպանեցի որդուս, ես ձգեցի մորս, ես ծախեցի հարսիս… (Մազերը փետելով:) Շնե՜ր, ինչպե՜ս աղտոտվեցի ձեզ ու ինձ համար: Հիմի ի՞նչը պիտի մաքրի ինձ: Ինչո՞ւ ընկա, եթե չպիտի բարձրանամ. չմաքրված՝ ինչպե՞ս մեռնեմ:
ՆԱԶԵ — Թո՛ղ պոռնիկ լացդ, գնա մեռիր: Կույր աչքովդ տես՝ ինչպես են ուրիշները նահատակվում:
ՀՈՎՆԱՆ — Ես նահատակի չափ վախկոտ չեմ, որ մեռնեմ: Ես քաջ եմ, ուզում եմ՝ ապրեմ, ոճրի վերջը տեսնեմ:
ՆԱԶԵ — Դու հոգիդ կորցրած անպատիվ մարդ ես, դրա համար չես մեռնում:
ՀՈՎՆԱՆ — Չեմ կորցրել, անխի՛ղճ: Ասա՝ ցեխի մեջ կորած որդունք եմ, բայց խիղճս չեմ կորցրել: Հարազատ եմ կորցրել, ժողովուրդ եմ կորցրել: Այս մեռելների ժողովուրդը կթողնի՞, որ մեռնեմ: Հա՛ց տուր:
ՆԱԶԵ — Սատկի՛ր, չկա՛:
ՀՈՎՆԱՆ — (լացով): Աշխարհքի՜ աղքատներ, ողորմությո՜ւն արեք մեծատուն Հովնանին: Սովա՛ծ շներ, ինչպես չե՞ք սատկում… (Գլուխը ծեծելով:) Վա՜խ, Հովնա՜ն, Հովնա՜ն, Հովնա՜ն, ի՞նչ եմ դառել ես, ի՞նչ եմ դառել ես: Խի՜ղճ ունեցիր մի քիչ, անխի՛ղճ. ես է՜լ մի ժամանակ մարդ էի, իմ երեսին է՜լ Աստծու պատկեր կար: Հիմի էլ, որ ոտնատակի ցեխ եմ, էլի՜, էլի՜ մի բան եմ: Կատաղա՜ծ Աստված, հանդարտվի՜ր մի քիչ: Մի՞թե հետին մի գութ չպիտի պահած լինես ինձ համար: Լսելիքիդ մի կողմը չպե՞տք է բաց լինի՝ լսելու իմ գանգատները… Ի՞նչ եմ դառել ես, ի՞նչ եմ դառել ես: Դա՛տ արա ինձ, Աստվա՛ծ: Ե՛կ՝ ես դատ անեմ քեզ: Չէ՞ որ իմ ձեռքը քո ձեռքն էր: Չէ՜ որ՝ եթե ե՛ս կամեցա, դո՛ւ կամեցար: Չէ՛ որ՝ վե՜րջը, վե՜րջը ես արդար եմ:
ՆԱԶԵ — Գոնե մի՛ կատաղեցնի ինձ, թո՛ղ անօրեն խոսքերդ:
ՀՈՎՆԱՆ — Պիտի խոսեմ: (Գոռում է:) Պիտի գոռամ: Ես արդար եմ:
ՆԱԶԵ — Արդարը իր հարազատներին չէր սպանի:
ՀՈՎՆԱՆ — (լալահառաչ): Ե՛ս չարի, Աստվա՛ծ արեց: Եթե չուզեր, կբռներ ձեռս: Կյանքի կամքն էլ նա է, կարողն էլ նա է, սերն էլ նա է, երկյուղն էլ նա է: Ճշմարիտն եմ ասում, ես արդար եմ, քանի որ ես Աստված չեմ:
ՆԱԶԵ — (ցատկելով տեղից՝ հարձակվում է Հովնանի վրա և նրան քշում): Կորի՛ր, անզգա՛մ մարդ:
ՀՈՎՆԱՆ — (լալահառաչ): Ո՞ւր կորչեմ, ես ամեն տեղ էլ կորած եմ:
ՀԻՎԱՆԴ ԿԻՆ — (լացով): Տղաս մեռա՜վ, հեռացե՜ք քովես, Աստծո՜ւ սիրուն:
ՀՈՎՆԱՆ — Սո՜ւտ է լացդ՝ իմիս պես: Քանի՞ հավ ես մորթել ձեռքովդ: Նրանք էլ քեզ նման գոռում էին՝ Աստծո՜ւ սիրուն: Ազգե՛ր ու ցեղե՛ր, իրար եք մորթում ու գոռում՝ Աստծո՜ւ սիրուն: Հիմարնե՜ր… ի՞նչ հողը տա Աստված գլխին: (Ուղղվելով նստած տեղում և ձեռքի ավազը թափ տալով:) Է՜հ, Աստվա՛ծ, Դու էլ չգիտես՝ ինչ անես: Թո՜ղ, Քո բանը չէ աշխարհ կառավարելը: (Վեր կենալով ու մի քայլ փոխելով:) Օ՜ֆ, խելքս պիտի կորցնեմ:
Հովնանը հանկարծ մոտենում է Հայկին և նրա գլխատակից հացը խլում: Նազեն, վեր ցատկելով և Հովնանին խփելով, խլում է հացը ձեռից:
ՆԱԶԵ — Ցա՛վս կեր:
ՀՈՎՆԱՆ — (բռունցքները դեպի երկինք ուղղած, խելագար կատաղությամբ): Էհէ՜, դուրս կորիր այդտեղից, դուրս կորիր այդտեղից: Վռնդեցե՛ք դրան, թող չքանա այդ ցնդածը:
ՀԵՐԻՔ — (առաջ գալով դեպի հայրը): Հայրի՜կ, հայրի՜կ…
ՀՈՎՆԱՆ — (լացով): Աստված կատաղել է, Հերի՜ք: Աստված խենթացել է, Հերի՜ք:
ՀԵՐԻՔ — Երթանք, հայրի՛կ, ես հաց կգտնեմ:
ՀՈՎՆԱՆ — Մա՜հ գտիր… երկա՜ր քաշեց այս մահը: (Մոտենալով Հայկին:) Ներիր, տղա՜ս, ձեր Հովնանը վաղուց գետնի տակն է:
Հովնանը հեռանում է դեպի աջ: Հերիքը հետևում է նրան: Նազեն և մյուսները պառկում են: Լռություն ամենուրեք: Ձախակողմից երևում են Հասան բեյի հյուրերը՝ զանազան պաշտոնյաներ և անձեր, որոնք զբոսնելով գալիս են դեպի վրանը:
ԱՀՅՈՒՐ — Անհամություն արեց Ֆայիկը: Հովնանի հարսին ու աղջկան փախցրեց:
ՀՅՈՒՐԵՐ — Փախցրե՞ց: Հետո՞:
Ա ՀՅՈՒՐ — Հետո ի՞նչ: Բռնվեց: Հասան բեյը զինվորական դատի տվեց, ետ ճամփեց: Ամբաստանել էր, թե դավաճան է, ճամփին քարավանից գերիներ է փախցրել: Պատճառը, իհարկե, ուրիշ էր, ուզում էր աղջիկը ձեռից խլել:
Բ ՀՅՈՒՐ — Բա ի՞նչ եղան Հովնանի հարսն ու աղջիկը:
Գ ՀՅՈՒՐ — Հարսը իրեն դեղեց՝ մեռավ, իսկ աղջիկը փախած է: Չկա: Հնարավոր է՝ հոր հետ եկած կլինի: Ախր ճամփին քարավանը խառնվեց:
Բ ՀՅՈՒՐ — Հոր հե՞տ… սիրո՞ւն է:
Գ ՀՅՈՒՐ — Շա՜տ սիրուն է:
Բ ՀՅՈՒՐ — Ասում են՝ հարսն էլ շատ սիրուն էր:
Ա ՀՅՈՒՐ — Երկնքի կտոր:
Բ ՀՅՈՒՐ — (նկատելով Հովնանին՝ մոտենում է): Դո՞ւ ես Հովնանը:
ՀՈՎՆԱՆ — (ավազի հետ խաղալով, հայացքը գետնին): Ես եմ: (Ավազը վերցնում է, մատների արանքով թափում: Ուղղվելով:) Ես եմ Հովնան մեծատունը, ժամանակով պար էի խաղում ոսկիներիս վրա, հիմի ոսկիներս ավազ են դարձել:
Բ ՀՅՈՒՐ — Էս խենթի մեջ ճշմարտություն կա:
Գ ՀՅՈՒՐ — Եթե ճշմարտությունը խենթություն է, ասածդ ճշմարիտ է:
ՀՈՎՆԱՆ — Ամեն բան ճշմարիտ է:
Բ ՀՅՈՒՐ — Դու է՛ն ասա, աղջիկ ունե՞ս:
ՀՈՎՆԱՆ — Երբ մարդ էի, ունեի: Հիմի մարդու անուն եմ:
Ա ՀՅՈՒՐ — Հոգ մի՛ անի, Աստված մեծ է:
ՀՈՎՆԱՆ — Աստված մեռավ, և ես նրան թաղեցի: Ահա Աստված ինձ դատի է կանչում: Ո՞ւմ ես դատի կանչում… Հովնանի՞ն… Ես Հովնանի մոխիրն եմ:
Գ ՀՅՈՒՐ — Ի՞նչ ես դուրս տալիս:
ՀՈՎՆԱՆ — (հայացքը երկնքին): Ի՞նձ ես դատում: Դու քե՛զ ես դատում: Դո՛ւ սպանեցիր զավակիս: Ի՞նչ ես խեթ-խեթ նայում, մի՛ մոտենա, թե չէ եթե Հովնանի ձեռն ընկնե՜ս…
Ա ՀՅՈՒՐ — (խփելով Հովնանի գլխին): Դե՜…
ՀՈՎՆԱՆ — Զար՛կ, զա՛րկ Հովնանի գլխին. դա Աստծու ձեռն է:
Բ ՀՅՈՒՐ — Թողեք, ջանը՛մ, խենթ է:
ՀՈՎՆԱՆ — Հազար խելք եմ մաշել, մինչև որ խենթացել եմ: (Հյուրերը ծիծաղում են:) Ինձ ո՞ւր եք խփում, գնացեք աշխարքն այսպես ստեղծողին խփեցեք: Ես մեռելաթաղ եմ: Դուք մեռցրեք, ես թաղեմ: Չմեռցնեք էլ՝ վնաս չունի, քանի որ ամեն բան մեռած է: Ես թաղեցի պրծա, ես թեթև եմ, պար եմ խաղում:
Ա ՀՅՈՒՐ — Գլու՞խդ է ավելի թեթև, թե՞ ոտներդ:
ՀՈՎՆԱՆ — Երկուսն էլ թեթև են:
Ա ՀՅՈՒՐ — Ինչի՞ցն է:
ՀՈՎՆԱՆ — Բեռս կողոպտել են, շորե՜րս…
Ա ՀՅՈՒՐ — Շորե՞րդ:
ՀՈՎՆԱՆ — Աշխարհքի հոգսե՜րը… Ես էլ էի հագել պատիվ, ազնվություն, սրբություն: Ավազակները հանեցին վրայիցս: Հիմի վերից վար մաքուր եմ:
ՀՅՈՒՐԵՐ — (ծիծաղելով): Հա՞:
ՀՈՎՆԱՆ — Մերկ եմ, բեյեր, մորո՜ւց մերկ: Թեթև եմ քամու պես:
ՀՅՈՒՐԵՐ — (ծիծաղելով): Դրա համար էլ քե՞ֆ էս անում:
ՀՈՎՆԱՆ — Քեֆ եմ անում: Դուք էլ քեֆ արեք, վառեցեք, վերջացրեք աշխարհքը: Էս մեկը չեղավ, նորը շինենք:
Գ ՀՅՈՒՐ — Դու է՞լ պիտի աշխարհք շինես:
ՀՈՎՆԱՆ — Ե՛ս էլ: Դրա համար եմ ուզում կենդանի մնամ: (Աղաչանքով:) Ազնի՜վ բեյեր, ինձ ընդունեցեք ձեր այս պոռնկանոցի ծառա: Սրանից ազնիվ տեղ աշխարհքում չկա:
ՀՅՈՒՐԵՐ — Օհո՜…
ԱՀՅՈՒՐ — Որ ընդունենք, ի՞նչ կանես:
ՀՈՎՆԱՆ — Ամե՜ն բան, ամենքիդ կծառայեմ, կզվարճացնեմ:
Ա ՀՅՈՒՐ — Կզվարճացնե՞ս, կարող ե՞ս:
ՀՈՎՆԱՆ — Ի՞նչ անեմ, որ չզվարճացնեմ: Էլ ոչինչ չունեմ կորցնելու: Մի աշխարհք ունեի, թաղեցի, պրծավ-գնաց: (Հուզվելով:) Ամենքիդ կզվարճացնեմ, ամենքիդ կսիրեմ, ամեն բան կանեմ: Չէ՞ որ ես ատելությունն էլ կորցրել եմ: Ես ամեն բան եմ կորցրել: Բեյե՜ր, ինձ կյանքն է պետք, ձեր սերն ու ատելությունը՝ ձե՜զ: Կյա՛նքս տվեք ինձ:
Գ ՀՅՈՒՐ — Դե գնա, աղջիկդ բեր:
ՀՈՎՆԱՆ — Աղջիկս բերե՞մ: Լա՛վ: (Ուզում է վեր կենալ, բայց միտքը փոխում է:) Չէ՛, լավ է պահեմ՝ Ֆայիկին տամ. Ֆայիկը լավ տղա է… Ասենք՝ նրա ազնվությունից ի՞նչ օգուտ: Կպահեմ Հասան բեյի համար: Թե Հասան բեյն էլ չգա ու… Չէ՛, ձե՛զ տամ, նաղդը դուք եք: Հաշիվը կարծեմ շիտակ է:
Հովնանը ուզում է վեր կենալ: Հյուրերը ծիծաղում են:
Գ ՀՅՈՒՐ — Չէ՜, հաշիվը խառնեցիր:
ՀՈՎՆԱՆ — Չխառնեցի՜: (Ձախակողմից երևում է Հասան բեյը՝ մի քանի պաշտոնյայի հետ: Նա և իր ընկերները մի փոքր գինով են: Հովնանը վեր է կենում ու կուզեկուզ մոտենում Հասան բեյին:) Հասա՛ն բեյ, Հասա՛ն բեյ, ի՞նչ բաներ կան աշխարհքում:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Հովնան էֆենդի՞, դո՞ւ ես, չճանաչեցի:
ՀՈՎՆԱՆ — Ե՜ս եմ, բե՛յ, ո՜ւր ենք հասել, ի՜նչ խորունկ աշխարհք է:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Աստծու գործն է: Մեր ձեռը ոչինչ չկա:
Հասան Բեյը ուզում է մտնել վրան:
ՀՈՎՆԱՆ — Հասա՛ն բեյ, խոստո՛ւմդ…
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ի՞նչ խոստում:
ՀՈՎՆԱՆ — Աղջիկս պիտի առնեիր: Խոսք ես տվել:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Հա՞, ո՞ւր է, մո՞տդ է, բե՛ր:
ՀՈՎՆԱՆ — Ազատվեցի՜, ազատվեցի՜:
Հովնանը վազում է դեպի աջ կողմը՝ Հերիքին որոնելու: Աջ կողմում ոչ ոք չկա, բացի Նազեից, Ջնդոյից և Զարդարից, որ պառկած քնած են: Հովնանը վազում է դեպի ձախ և կորչում վրանի ետևում:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Է՛հ, ամեն ժամ իր ուրախությունն ունի: Համեցեք, բեյե՛ր, նստեցեք քեֆ անենք:
Հյուրերը նշանացի շնորհակալություն են հայտնում և նստում վրանի բարձերին:
Բ ՀՅՈՒՐ — Ինչպես տեսնում եմ՝ միշտ քեֆի մեջ եք:
Դ ՀՅՈՒՐ — Լա՜վ քարավանով եկանք:
Բ ՀՅՈՒՐ — Է՜հ, քեֆից չե՞ք հոգնում:
Դ ՀՅՈՒՐ — Է՛, էֆենդի՛, որ հոգնում ենք, քեֆ ենք անում, որ հանգստանանք:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Ընկել ենք քեֆի ծովն ու լողում ենք, ի՞նչ հոգնել: (Կոնյակ վերցնելով և հրամցնելով հյուրերին:) Կոնյակ վերցրեք, էֆենդինե՛ր, խիղճս տանջում է: Չզարմանաք, Աստվա՛ծ վկա, ինչ որ ճիշտ է, ճիշտ է: Վախենում եմ, որ այս քեֆի մեջ մեղք ու անեծք լինի… Զորում են, ախպե՛րս, զորում են… քե՛ֆ պիտի անես:
Բ ՀՅՈՒՐ — Է՛հ, շատ էլ, բայց Աստված վկա, ճշմարիտն եմ ասում, խղճմտանքս ասում է, որ խիստ ենք վարվում գերիների հետ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Զորում են, ասում եմ, զորում: Ո՞վ է խիստ վարվում: Ե՞ս ինչ ունեմ մեջը: Ես ո՞վ… Նստած էինք միամիտ, եկան մի օր, ասին՝ իրավունք է, արեք ինչ որ սրտներդ ուզում է: Ահա ձեզ կայք, բարիք, ոսկի, աղջիկներ: Բա՜… վա՜յ ձեր հոր գերեզմանը: Սրտին կասե՞ն, թե ինչ ես ուզում: Մարդ կդիմանա՞:
ՀՅՈՒՐԵՐ — Դժվար է:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Հասկանո՞ւմ եք, ասում են՝ իրավունք է, քեֆ արեք, ոնց որ ուզեք՝ անսա՜նձ, անվե՜րջ… Մեկ էլ տեսար՝ շուրջդ կրակների պես բոցկլտացին գեղուհիներ՝ մեկը ոսկեհեր հրդեհ, մեկը մրահոն գիշեր, մեկը կապտաչյա ծով… Վերջացա՞վ, էլի կան գեղուհիներ… նորի՜ց գեղուհիներ, նորի՜ց գեղուհիներ…
ՀՅՈՒՐԵՐ — Խենթացնո՜ղ բան:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Հա՜… և կրքի ծով, կրակի հեղեղ, ջեննեթ, ջեհենհեմ… Աչքերդ շաղվում են, միտքդ մոռանում է ամեն բան, կյանքը դառնում է մեկ վայրկյան: (Կոնյակ վերցնելով:) Քե՛ֆ արեք, մեկ վայրկյան է կյանքը, մնացածը փուչ է ու մոռացում: Սա հեքիաթ է, իրականություն չէ: Հրաշք է, որ հեքիաթի մեջ է լինում: Հրաշք է, բայց ահա առջևդ է, կատարվում է: Հաշվեք՝ աղջիկնե՜ր, աղջիկնե՜ր, աղջիկնե՜ր… Այս տեսակ հրաշք մի անգամ եղավ: Էլ չի լինելու ո՛չ մեր կյանքում, ո՛չ աշխարհքի կյանքում: Սիրտդ ինչպե՞ս դիմանա: Առիթ է, էֆենդինե՛ր, առիթը բաց մի՛ թողեք, կյանքը մեկ անգամ է, երկու չէ՜: Քե՛ֆ արեք, ածողներին կանչեցեք ներս: (Ներս են մտնում արաբական երաժիշտներ՝ սրնգահար, դափ ածողներ, և սկսում են նվագել:) Խմե՜մ, խմե՜մ, խմե՜մ ու չհագենամ: Բերե՜ք…
ՀՅՈՒՐԵՐ — Ի՞նչ բերենք, բե՛յ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Բերե՜ք, <<չգիտեմ ինչ>> բերեք: Չգիտեմ՝ ինչ եմ ուզում: Բերե՜ք, աշխա՜րհք բերեք՝ գցեմ ոտներիս տակ:
Բ ՀՅՈՒՐ — Սրա մեջ փորձանք կա:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Իմ քեֆն է մարդու իրավունքը… ինչ ուզեմ՝ կանեմ: Բերե՜ք:
ՀՅՈՒՐԵՐ — (վախեցած): Է՞:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (մոլուցքի մեջ): Աստված պար կխաղացնեմ: Բերե՜ք:
Բ ՀՅՈՒՐ — Մեղք ու անեծք կա սրա մեջ, Աստվա՛ծ վկա:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Մեղք ու անեծքը նրանց, ովքեր իմ սանձը բաց թողին: Իմ քեֆն է հիմա… Քշում եմ ձիերս… փախե՜ք… (Հյուրերի ակնածանքը նկատելով:) Հա՛, վախենո՞ւմ եք: (Ծիծաղում է:) Հա՛, հա՛, հա՛, Աստված պարել կտամ: Ապա՜: Աստված մարդուն եղանք չտա, որ գետինը բռնի, որ տվեց՝ վա՛յ դիմացիններին: (Վերցնում է գինու շիշը և պարպում:) Պիտի խմեմ, խմեմ այս խենթ քեֆի գինին:
ՀՅՈՒՐԵՐ — Կվնասվես, բե՛յ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (երերալով և դեմքը ծամածռելով, վայր ընկնելու պես): Վնասված եմ, հալված եմ, ծերված այս թույնից:
ՀՅՈՒՐԵՐ — (վրա վազելով՝ բռնում են նրան): Բե՛յ, վա՞տ ես, հանգստացիր:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (խեղդված, խռպոտ և դառն): Անեծք, ով ինձ իրավունք տվեց: Պիտի խեղդվեմ այս կրքի ծովի մեջ: Մի ճար արեք, ազատեցեք:
ՀՅՈՒՐԵՐ — Նստիր, բե՛յ: (Նստեցնում են թախտին:) Հանգստացիր:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (խռպոտ, վայրենի ծիծաղով): Ճա՜ր արեք: Ո՞վ կարող է ճար անել ինձ, ես եմ իմ թշնամին:
ՀՅՈՒՐԵՐ — Ջանդ խնայիր, բե՛յ:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — Չեմ մեռնի: Քաղցր է անսահման քեֆը… քաշո՜ւմ է, քաշո՜ւմ է, քաշո՜ւմ: Դու էլ գնում ես ու խեղդվում: Քանի խմում եմ սիրո կրակը, սիրտս ավելի՜-ավելի է կատաղում: Մեկ գեղուհին կրակ է, շատ գեղուհիները՝ հրդեհ: Հրդեհ գցեմ, հրդեհ գցեմ, գեղուհինե՜ր, որ սիրտս վառվի ու կատաղի:
ՀՅՈՒՐԵՐ — (զվարճանալով): Այ-հա՜յ, լա՜վ ասիր:
Ձախից ներս են գալիս նվագածուներ՝ սրնգահար և դափ ածողներ: Նվագում են:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (ձեռը գցում է կոնյակի շշին ու խփում հատակին): Բերե՜ք, գեղուհինե՜ր բերեք, գեղուհիների հրդեհ պիտի գցեմ: Չավո՜ւշ: (Չավուշը ներս է գալիս:) Գնա գեղուհիներին բեր: Մյուսներին էլ կանչիր՝ գնան քարվանի մեջ որոնեն:
Չավուշը գնում է: Ձախից առաջ է գալիս Հերիքը, որի ետևից վազում է Հովնանը:
ՀԵՐԻՔ — (Հովնանին): Հայրի՛կ, հայրի՛կ, թո՛ղ, Աստծու՛ սիրուն, թո՛ղ:
ՀՈՎՆԱՆ — Գնա՛:
ՀԵՐԻՔ — Հայրի՛կ, պոռնկանո՞ց գնամ:
ՀՈՎՆԱՆ — Պոռնկանոց չկա: Աշխարհքը պոռնկանոց է: Գնա, որ ազատվենք:
ՀԵՐԻՔ — (դառնագին արցունքները խեղդելով): Օ՜ֆ, պոռնկանոց գնամ, որազատվե՞ք: Դո՛ւք ազատվեք: Ապա ես չպիտի՞ ազատվեմ, ի՞նչ եմ ես, շո՞ւն եմ:
ՀՈՎՆԱՆ — Գնա՛, ի՞նչդ պիտի կորցնես, որ վախենում ես… կյա՞նքդ, պատի՞վդ… Մոռացի՛ր, սև փարա չարժեն:
ՆԱԶԵ — (պառկած տեղից կիսով չափ բարձրանալով՝ նորից ընկնում է գետնին ու ճանկռոտում ավազը): Ամա՜ն, ազատեցե՜ք: (Մի կողմ մրափող Ջնդոյին և Զարդարին:) Դուք Աստված չունե՞ք, դուք մարդ չե՞ք:
ՋՆԴՈ — (զարթնելով՝ վեր է կենում և մոտենում Նազեին): Հա՛, ի՞նչ կա:
ՆԱԶԵ — Հիմի էլ աղջիկն է ղրկում պոռնկանոց:
ՋՆԴՈ — (հեռանալով իր տեղը՝ պառկում է): Ը՜, ես էլ ասի՝ բան է ասում:
ԶԱՐԴԱՐ —(որ զարթնել էր միայն և դիտում էր): Ա՜խ, էս աղտոտ կյանքն ինչո՞ւ էսքան անուշացավ:
ՋՆԴՈ — (Հովնանին): Գո՛ղ շուն, ուզում ես ծլկե՞լ:
ՀՈՎՆԱՆ — Գնա մեռե՛լդ թաղիր: (Հերիքի թևից ձգելով:) Գնանք:
ՀԵՐԻՔ — Հայրի՛կ, տե՛ս, էնպես բան կանեմ, որ անձդ փորձանքի կգա: Մե՛ղք ես, թո՛ղ:
ՀՈՎՆԱՆ — Գնանք, ասում եմ: (Հերիքը դիմադրում է: Հովնանը կանչում է զապտիաներին:) Եկեք սրան տարեք, սա հոգիս հանեց:
Զապտիաները մոտենում են և բռնում Հերիքին: Նազեն, վեր թռչելով, մոտենում է, որ օգնի Հերիքին:
ՆԱԶԵ — Թողե՛ք:
ՀՈՎՆԱՆ — (Նազեին): Քաշվի՛ր, անզգա՛մ:
Զապտիաներից մեկը բռնում է Նազեին, մյուսը Հովնանի հետ քաշում է Հերիքին դեպի վրանը: Հերիքը դիմադարում է, բայց նրան տանում են վրանը:
ՆԱԶԵ. Ամա՜ն, օգնեցե՜ք, տարա՜վ, էս մե՜կն էլ տարավ:
Նազեն գնում է Հերիքի ետևից, բայց զապտիան նրան ետ է մղում: Նազեն ընկնում է երեսի վրա և մնում այդ դիրքում:
ՋՆԴՈ — Սրանք իրենց կյանքն ազատեցին, մենք մնացինք դրսի շուն: Մի կտոր հաց տային, մնացածը՝ ջհանդամը:
ԶԱՊՏԻԱ — (պառկածներին): Դե՛, քաշվեցե՛ք:
Նազեն, Ջնդոն և Զարդարը քաշվում են դեպի աջ և դուրս ելնում:
ՀՈՎՆԱՆ — (վրանում): Ահա՛, Հասա՛ն բեյ, ահա՛ քո պահուստը:
ՀԱՍԱՆ ԲԵՅ — (զննելով Հերիքին): Ուշացել ես, Հովնա՛ն էֆենդի, թառամել է վարդը:
ՀՈՎՆԱՆ — (սարսափած): Ուշացե՜լ եմ… կյանքի՜ց ուշացել եմ:
Բ ՀՅՈՒՐ — (ուզելով օգնել Հովնանին): Տա՛ր աղջիկը, տա՛ր:
ՀՈՎՆԱՆ — Ամեն բան այսպես փտա՞ծ պիտի լինի: Ինչ բանի ձեռ եմ գցում, չոթռում է, պատռվում: Ի՞նչ ծախեմ հիմի, ի՞նչը գին ունի, որ ծախեմ: Աստված փարա չարժե:
Բ ՀՅՈՒՐ — Տա՛ր սրան, տա՛ր:
Ա ՀՅՈՒՐ — Չէ՛, սպասիր, կարծեմ՝ գեշը չէ: Բեր, ես կառնեմ:
ՀՈՎՆԱՆ — (ուրախացած): Հա՞, բերե՞մ: Կազատե՞ս:
Ա ՀՅՈՒՐ — (մյուսներին աչքով անելով) Կազատեմ:
ՀՈՎՆԱՆ — Դե՛, աղջի՛կս, գնա՛: Կազատի:
ՀԵՐԻՔ — (ընդդիմանալով): Թո՛ղ, հայրիկ: Տես՝ խաբում է, չի ազատի, թո՛ղ:
ՀՈՎՆԱՆ — Գնա՜:
ՀԵՐԻՔ — Ա՜խ, հայրի՛կ, ի՞նչ ես դառել: Մեղք ես, թո՛ղ:
Ա ՀՅՈՒՐ — (զապտիային): Տար այս աղջիկը մյուսների մոտ:
Զապտիան Հերիքին զորով տանում է դեպի ձախ:
Ա ՀՅՈՒՐ — (Հովնանին): Դե՛, դու էլ քաշվիր:
ՀՈՎՆԱՆ — Բե՜յ…
Զապտիան Հովնանին հրում է դուրս:
ՀՈՎՆԱՆ — (ընդդիմանալով): Բեյե՜ր, բեյե՜ր… գեղեցիկ աղջիկներ կբերեմ ձեզ համար…
Գ ՀՅՈՒՐ — (առաջ գալով): Կարո՞ղ ես…
ՀՈՎՆԱՆ — Արար աշխարհք կհավաքեմ, կբերեմ: Խնայեցե՜ք խեղճ ծերուկիս:
ՀՅՈՒՐԵՐ — Դե գնա բեր:
ՀՈՎՆԱՆ — Հա՜, բախտս բանեց: (Վազում է դեպի դուրս:) Ա՛յդ ասեք, դա ի՛մ բանն է:
ՉԱՎՈՒՇ — (զապտիային): Վրանի թևը իջեցնենք, արևը թեքվեց:
Երկուսով իջեցնում են վրանի թևն այնպես, որ այլևս ոչինչ չի երևում: Միայն երբեմն լսվում է սրնգահարի և դափ ածողի նվագը: Գերիները կամաց-կամաց վերադառնում են իրենց նախկին տեղը: Երևում է Հովնանը, նրա ետևից՝ Նազեն, Ջնդոն, Զարդարը, Եղոն, Սահակը:
ՆԱԶԵ — (Հովնանին): Տարա՞ր, շո՛ւն, տարա՞ր, կշտացա՞ր:
ՀՈՎՆԱՆ — Տարա և էլի կտանեմ:
ՆԱԶԵ — Կտանե՜ս, շո՛ւն, կտանե՜ս:
ՀՈՎՆԱՆ — Կտանեմ ու կբարձրանամ:
ՆԱԶԵ — Դո՞ւ, շո՛ւն, դո՞ւ պիտի բարձրանաս…
ՀՈՎՆԱՆ — Շատ պիտի բարձրանամ: Ամենքից վեր պիտի նստեմ: Ապա ինչո՞ւ ընկա, որ չպիտի բարձրանամ: Կեցիր՝ գնամ դատի՜…
ՆԱԶԵ — Կգնա՜ս… սատկածդ պիտի տեսնեմ էգուց… կգնա՜ս…
ՀՈՎՆԱՆ — Աստված երկնքից վար կիջեցնեմ, դատի կքաշեմ: Ինձ նայի՞ր. ամեն բան ծախեցի, քեզ էլ կծախեմ, կբարձրանա՜մ:
ՆԱԶԵ — (ձայնը ատամների մեջ խեղդելով, չար): Կծախե՜ս, ամե՛ն բան կծախես:
ՀՈՎՆԱՆ — Աստվա՛ծ կծախեմ, կբարձրանամ: (Որոնելով գերիների մեջ:) Բերե՛ք, ո՞ւր են աղջիկները: Վերևում ուզում են:
ԲՈԼՈՐԸ — (խլրտում): Դե՜… Դե՜… մարդ չե՞ս, ազնվություն չունե՞ս:
ՀՈՎՆԱՆ — Թքեցե՛ք, ոչնչացրե՛ք… Էլ չկա հին մարդկությունը, մեռա՜վ, փտե՜ց: Բերե՛ք աղջիկները: Տեսեք՝ սրբություն չկա՜, փտե՜ց: Տեսեք՝ ի՜նչ քեֆ է չորս դին: Թաղում են աշխարհը: (Վրանից լսվում են ծափի, սրնգի, դափի ձայներ՝ հռհռոցի հետ:) Թաղեցե՜ք, այդպե՜ս թաղեցեք ամեն ինչ… դուք՝ այդտեղ, սրանք՝ այստեղ: Ոչինչ չմնաց, մեկ եք բոլորդ՝ աղա, ծառա, մաքուր, աղտոտ, խորթ, հարազատ… բոլորդ էլ ինձ պես եք՝ խնջույքից վռնդված կամ խնջույքից վռնդվելիք քոսոտ շուն: Հա՛, հա՛, հա՛, հա՛: Վե՛րջ, վե՛րջ, վե՛րջ… Բերե՛ք աղջիկները:
ՁԱՅՆԵՐ — Աստված անիծի քեզ:
ՀՈՎՆԱՆ — (պարելով այս ու այն կողմ է վազում, պրպտում: Ապա կանգ է առնում): Ազնվությո՞ւն եք պահում: Վերջացրե՛ք: Ի՞նչ եք կորցնելու: Ոչի՛նչ, ոչի՛նչ, ոչի՛նչ: Եկեք ինձ հետ, ես նոր աշխարհք եմ գտել, նոր մարդկություն, նոր Աստված: Եկեք գնանք նրա մոտ, և դուք կտեսնեք արդարությունը՝ կայծակ ու փոթորիկ:
ԵՂՈ — Էդպիսի Աստված չկա:
ՀՈՎՆԱՆ — Լինել կտամ, մեջը կանիծեմ:
ՋՆԴՈ — Գնա քեզ պես խենթերին ճանաչել տուր էդ Աստվածդ:
ՀՈՎՆԱՆ — Այն ժամանակ՝ սատկեցեք… մեկի տեղ՝ միլիոն: Իմ Աստվածը չկա՞, ապա ո՞վ պիտի ասի, որ Հովնանն արդար էր: (Լացակումելով:) Նա՛ պիտի ասի, որ ես արդար եմ: Հա՛, հա՛… թե չէ ձեր Աստվածն ու արդարությունը դեն ածելու աղբ են:
ՁԱՅՆԵՐ — Դե՜…
ՋՆԴՈ — Դու ի՞նչ շուն ես՝ Աստծու դեմ հաչում ես:
ՀՈՎՆԱՆ — Սատկելի՛քդ սատկիր: Տեսանք՝ ուր հասցրեց ձեր Աստվածը: (Ցույց տալով ամբոխը:) Ահա՛, կերե՛ք ձեր Աստվածը:
ՁԱՅՆԵՐ — Դե հերի՛ք եղավ, անզգա՛մ:
Ամբոխը վեր է կենում և հավաքվում Հովնանի շուրջը:
ՋՆԴՈ — Ինչո՞ւ ես կատաղել, ինչո՞ւ ես հայհոյում:
ՀՈՎՆԱՆ — Շան պես կբռնեմ քո այդ Աստծու բկից ու կխեղդեմ:
ՋՆԴՈ — Ծո՛, զարկե՛ք էս շանը: (Վերցնելով մի քար և հարձակվելով Հովնանի վրա:) Անհավա՛տ մարդ:
ՆԱԶԵ — Ամա՛ն, զարկե՛ք, ազատեցե՛ք ինձ էդ Աստծու ցասումից:
ՀՈՎՆԱՆ — Աստված՝ անարդար, մարդն՝ արդարացի: (Ամբոխը քարեր է նետում և հարձակվում Հովնանի վրա, որ ետ-ետ է գնում:) Չեք մեռցնի, բոլորդ կմեռնեք, ես կմնամ:
ԶԱՐԴԱՐ — Թողե՛ք, խենթ է:
ՋՆԴՈ — Զարկե՛ք:
ՀՈՎՆԱՆ — Ո՞ւմ եք քարկոծում, ձե՜զ եք քարկոծում, ձեր անարդար Աստծո՜ւն, ողորմելինե՛ր:
Վրանից անհանգիստ ձայներ են լսվում: Լսվում է ատրճանակի կրակոց: Ամբոխը քարերը վայր է թափում և կարկամում: Ձախ կողմից ջարդարարներն ու գերիները լցվում են վրան:
ՁԱՅՆԵՐ — (ձախից): Բռնեցե՛ք, բռնեցե՛ք:
Ներս է ընկնում Հերիքը՝ ատրճանակը ձեռքին: Նա կատաղի աչքեր ունի, հերարձակ է, զգեստը պատառոտած:
ՆԱԶԵ — (դեմ վազելով): Ամա՜ն, ի՞նչ է…
ՀԵՐԻՔ — (խուլ): Բան չկա… (Շփոթված է, տեղ է որոնում բեռների մեջ:) Զարկի շանը:
ՆԱԶԵ — Բեյի՞ն:
ՀԵՐԻՔ — Զարկի՛…
Հերիքը շփոթված դես ու դեն է նայում, ուզում է մտնել մի բեռան տակ: Ատրճանակը վայր է գցում:
ՀՈՎՆԱՆ — (քշելով Հերիքին): Հեռացի՛ր մեզանից:
ՋՆԴՈ — (արգելելով Հերիքին): Կորի՛ր, անզգա՛մ:
ՍԱՀԱԿ, ԶԱՐԴԱՐ, ԵՂՈ — Գնա՛, հեռացի՛ր…
Ա ԶԱՊՏԻԱ — (աջ կողմից ներս մտնելով և հեռվում՝ խմբերի մեջ որոնելով): Ո՞ւր է շան աղջիկը:
Բ ԶԱՊՏԻԱ — Էստե՛ղ փախավ:
Ա զապտիան վազում է նրա ետևից, ջարդարար անբոխ է լցվում աջ կողմից: Բ զապտիան մոտենում է Նազեին:
ՆԱԶԵ — (իրեն մոտեցող Բ զապտիային): Էստեղ աղջիկ չկա՛:
Ա ԶԱՊՏԻԱ — (հրելով Նազեին): Սուտ էլ ես խոսո՞ւմ, անզգա՛մ… Ասին, որ էստեղ է… (Ամբոխին.) Բեյին զարկող աղջկա հորը բռնեցեք:
ՋՆԴՈ — Էստեղ է:
ԱԲՐՈ — (հրելով Ջնդոյին): Ձենդ կտրի՛ր, շո՛ւն:
Ամբոխը խառնվում է, որոնում են Հովնանին ու Հերիքին:
ԱՄԲՈԽԻՑ ՄԵԿԸ — (դուրս քաշելով ամբոխի միջից Հերիքին): Ա՛յ՝ որտեղ է, արի՛, ցո՛ւյց տուր ծնողքդ:
ԵՐԿՐՈՐԴԸ ԱՄԲՈԽԻՑ — (մոտենալով Հովնանին): Դո՞ւ ես աղջկա հայրը:
ՀՈՎՆԱՆ — Ո՛չ:
ԵՐՐՈՐԴԸ ԱՄԲՈԽԻՑ — Դո՛ւ ես: (Մտածելով:) Ապա ո՞վ է սրա հայրը:
ԱԲՐՈ — (առաջ գալով): Ե՛ս եմ…
ՉՈՐՐՈՐԴԸ ԱՄԲՈԽԻՑ — Թե դու Հովնանն ես, Հովնանը թոռ ունի, ո՞ւր է թոռը: (Հովնանին.) Ո՞ւր է Հովնանի թոռը:
ՀՈՎՆԱՆ — (ցույց է տալիս Նազեի ետևը թաքնված Հայկին): Ահա՛, այստե՛ղ է:
ԱՄԲՈԽԻՑ ՄԵԿԸ — (Նազեի ետևում թաքնված Հայկին նկատելով): Ահա՛ տղան, բռնեցե՛ք:
ԵՐԿՐՈՐԴԸ ԱՄԲՈԽԻՑ — (բռնում է Հայկին): Զարկե՛ք տղին:
ՀԱՅԿ — (ճչում է): Մարե՜…
ՋՆԴՈ — (որ չի կարողանում ճեղքել ամբոխը): Աղա՛ զապտիա, ես ցույց կտամ իսկական հորը:
ՀՈՎՆԱՆ — (բռնելով Ջնդոյին, որ առաջ չգնա): Կա՛ց:
Ա ԶԱՊՏԻԱ — (Նազեին): Դո՞ւ ես աղջկան մայրը:
ՆԱԶԵ — (խիստ): Ե՛ս եմ…. տղին ձեռ չտաք. ճամփին գտած որբ է, իմը չէ՛….
ԱՄԲՈԽԻՑ ՄԵԿԸ — Չորսին էլ մեջտեղ բերեք:
Աբրոյին, Նազեին, Հերիքին և Հայկին քշում են առաջ: Հերիքը դիմադրում է, իսկ Նազեն աշխատում է իրենից պոկել Հայկին, որ սարսափած կպչում է նրան:
ԱՄԲՈԽԻՑ ՄԵԿԸ — Տարե՛ք:
ԱՄԲՈԽԻՑ ԵՐԿՐՈՐԴԸ — Զարկե՛ք:
Լսվում են ատրճանակի ձայներ, և աղմուկը հանկարծ դադարում է: Լռություն:
ՀՈՎՆԱՆ — (այլայլված փետում է մազերը, հետո փորձում ամբոխի կողմն անցնել, բայց սարսափահար կանգ է առնում): Կացե՛ք, կացե՛ք, ե՛ս եմ հայրը… (Հովնանը հետ է նայում:)
ՋՆԴՈ — (բռնել է Ա զապտիայի ձեռքից և քաշում է դեպի Հովնանը): Ա՛յ, սա՛ է այն անզգամի հայրը:
Ամբոխ է խմբվում Հովնանի դեմ: Հովնանը սարսափահար նայում է զապտիային և Ջնդոյին:
ՀՈՎՆԱՆ — Դուք խենթացած Աստված եք:
Ա ԶԱՊՏԻԱ — (ամբոխին): Մի կո՛ղմ քաշվեք…
Բ ԶԱՊՏԻԱ — (ամբոխին քշում է մի կողմ և բացում մի շրջան, որում փռված են անշունչ Նազեն, Հայկը, Հերիքը և Աբրոն: Դիմելով Հովնանին): Դու սրանցը չե՞ս, անասո՛ւն:
ՀՈՎՆԱՆ — (սարսափած նայելով դիակներին): Ե՜ս… (Կարկամում է և խելագար մոլուցքով չոքում Աբրոյի դիակի առջև: Ցույց տալով դիակը:) Ահա այս մարդը դո՛ւ ես, Աստվա՛ծ… Քո արդարության առջև ես հող եմ և մոխիր…
Հովնանը կաթվածահար ընկնում է Աբրոյի դիակի վրա:
Վարագույր
