ԱՅՎԱԶՅԱՆ, ԳՈՒՄԱՐԱԾ ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ՝ ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱՅԻ ԵՐԱՆԳՆԵՐՈՎ

«Գոյ» թատրոնում Սամսոն Ստեփանյանի «Դեկորներ» ներկայացման պրեմիերան

«Գոյ» թատրոնում կայացավ ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի՝ ըստ Աղասի Այվազյանի բեմադրած «Դեկորներ» ներկայացման պրեմիերան: Ընտրված էր աբսուրդի ժանրը՝ տրագիկոմեդիայի երանգներով: Գլխավոր դերերում հանդես եկան Սարգիս Չոլոյանը, Սամվել Թոփալյանը, Գուրգեն Սարգսյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Աննա Հարությունյանը: Նկարիչը եւ զգեստների ձեւավորողը Լուսինե Տարակչյանն է, վիդեո եւ հնչունային ձեւավորումը` Հայկ Իսրայելյանինն է: Ներկայացումը սկսվում է երեք հերոսների «մուտքով»: Նրանք հեքիաթային թզուկներին են հիշեցնում, համենայնդեպս, նրանց հագուկապը եւ պահվածքն այդպիսին էր: Սկզբում բախտավոր անգիտության մեջ են, հետո գլխի են ընկնում, որ իրականում ունայնության մեջ են, չկա ոչինչ, չկա ժամանակ, եւ ամենակարեւորը՝ ՏԵՂ: Եվ երբ պայմանական ՏԵՂ-ի հարցը լուծվում է «պայքարի» ու ինչ-ինչ փոխզիջումների եւ երեւակայության ուժով, ազատությունն է սկսում կարեւորվել, սակայն ներկայացման մեջ ազատության ձգտումը, չգիտես ինչու, այնքան է ծայրահեղացվում, որ ռեժիսորի մտահղացմամբ համարժեքանում է կործանարարությանը: Մեր սուբյեկտիվ ընկալմամբ, ներկայացումը թեթեւ քաղաքական ենթատեքստ ուներ: Ներկայացման մեջ կին էլ է «ներմուծված», որը համարյա նույն խաղն է խաղում, ինչ նրա նախատատ Եվան, սակայն ի տարբերություն Եվայի, այս կինը կանացի հմայքին ու տղամարդկանց ցանցը գցելու միջոցների է դիմում: Տվյալ դեպքում ադամները մի քանիսն են, մի քիչ էլ գռեհիկ են, երբեմն ոչ էսթետիկ շարժուձեւով: Օրինակ, մի տեսակ պատճառաբանված չէր նրանցից մեկի գլուխը կնոջ ոտքերի արանքը մտցնելը կամ վերեւ նայելը: Եթե դա ընդամենը լսարանից ծիծաղ կորզելու միջոց էր, ապա պարզունակ հնարքի է դիմել ռեժիսորը: Իսկ ընդհանրապես, ամբողջության մեջ ներկայացումը հաջողված էր:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ 30.10.2014

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով