ԿՈՒՍԱԿԱԼԸ / Սամվել ՄՀԵՐՅԱՆ
ՊԻԵՍՆԵՐ / Սամվել ՄՀԵՐՅԱՆ
3-րդ դարի վերջ: Մեծ Հայքի 29-ամյա անիշխանության շրջան:
Խոսրով արքայի դավադիր սպանությամբ Սասանորդի Արտաշիրը
նվաճում է նրա գահն ու սկսում է երկիրը կառավարել
իր հարկահավաքների միջոցով:
Պատմական անցուդարձի այս պայմաններում
Մանդակունիների տոհմից մի իշխանորդի,
Կապադովկյան Կեսարիայից Հայք վերադառնալով,
մահափորձ է կատարում պարսից կուսակալի դեմ…
Սամվել ՄՀԵՐՅԱՆ
Մեզ ճանաչում են պատմության անթիվ նվաճողները.
Նրանք բազմիցս մահացու վերքեր պատճառեցին մեզ,
Սակայն մեզ գիտեն նաև երկնքի հրեշտակները,
Որ երբ ընկնում ենք, ոտքի ելնելիս՝ զորակցում են մեզ:
ԿՈՒՍԱԿԱԼԸ
Գործող անձինք
ՇԱՀԻՆ — պարսից կուսակալ
ԱՐԳԱՎԱՆ — Մանդակունի իշխանազն
ԴՊԻՐ — կուսակալի դպիր
ՔՐՄԱՊԵՏ
ՔԱՄԵՍ — կուսակալի ծառայապետ
ՊԱՆՏԵԱ — կուսակալի դուստր
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — հռոմեացի դեսպան
ԽՈՐԵՆ, ՍՄԲԱՏ — Արգավանի ընկերներ
ԲՈՒՐԶ — դպիրի ծառա
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — Կեսարիայի եպիսկոպոս
ԳՐԻԳՈՐ — Փերմելիանոսի աշակերտ
ՔԱՀԱՆԱ
ԽՈՐԵՆ
ՏԱՍՆԱՊԵՏ
Բանտապահներ, զինվորներ, թիկնապահներ, օրիորդներ, ուրվականներ:
285 թվական, սկսած մեր Տեր և Փրկչի Սուրբ Ծնունդից:
Պարթևների երկրում այլևս տապավել էր Արշակունիների հարստությունն ու թագավորի գահն անցել է Սասանյան Արտաշիրին: Այս թոհուբոհից անմասն չմնաց նաև Հայքը: Անակ Պարթևի դավադիր ձեռքով սպանվեց Խոսրով Մեծ արքան և հայոց գահը մնաց թափուր: Վրահաս արհավիրքը գնահատելով, Արտավազդ Մանդակունին, արքայորդի Տրդատին առնելով, փախցրեց Հռոմ: Իմանալով այս, պարսից արքան հրամայեց սրի մատնել Մանդակունյաց ողջ ազնվաճյուղը… Չարաբաստիկ այդ օրերից անցել է արդեն 27-ը տարի, ինչ պարսից Արտաշիրը նվաճել է Հայքը և կառավարում է այն իր հավատարիմ ու կամակատար կուսակալների միջոցով:
Այս նույն ժամանակ, վերջին հինգ տարիների ընթացքում, Հռոմը ինը կայսր է փոխում։ Նրանցից վերջինի՝ Դիոկղետիանոսի գահակալությամբ վերջապես դադարում է Հռոմի երկարամյա ճգնաժամը։ Փոխարենը դժվարին և փորձություններով լի ժամանակներ են սկսվում քրիստոնյաների համար…
Այսպես, Հռոմի իշխանության տակ գտնվող, Կեսարիայի ժայռափոր քարանձավներում բազմաթիվ ծպտյալ հայ քրիստոնյաներ էին բնակվում, ովքեր իրենց անդադար աղոթքների մեջ Բարձրյալ Տիրոջից աղերսում էին մեծ ողորմածություն Դիոկղետիանոս կայսրից մշտապես հալածվող եկեղեցու զորացման և սրբերի հաստատման համար…
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ
ԿԵՍԱՐԻԱ: ԺԱՅՌԱՓՈՐ ԵԿԵՂԵՑԻ: Եպիսկոպոսն ու Գրիգորը փառաբանություն են երգում:
ԳՐԻԳՈՐ — Ու բեթղեհեմվեց հոգիս հայտնությամբ
Քո Սուրբ Ծնունդի,
Օտար էի, սակայն ա՜զգ համարվեցի,
կանչվեցի՝ որդի՛…
Արդ, տաճար դարձավ մսուրը սրտիս,
խարխափանքս՝ լո՜ւյս.
Եվ աղաղակեց անձս՝ Ովսաննա՜,
փա՜ռք ի բարձունս…
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — Ծնունդիդ լուրը Հարության օրվա
հույսով սփոփեց ինձ,
Եվ Բեթղեհեմի աստղի փայլն հոգիս
բուժեց ցավերից.
Ու լուսավորվեց մթագնած սիրտս
մանկան հայտնությամբ,
Եվ հովիվների ուրախության հետ
ե՛ս էլ սքանչացա…
Գալիս է Արգավանը ընկերոջ՝ Սմբատի հետ, սկսում է երգել նրանց հետ:
ԱՐԳԱՎԱՆ — Արդ սրբագործվեց ջուրն Հորդանանի
Մկրտությամբ Քո,
Երկինքը ճեղքվեց վարագույրի պես, լսվեց
ձայնն Աստուծո.
Եվ աղավնակերպ Հոգին իմ սրտում
կենաց բույն հյուսեց,
Ու մխիթարված անձս ցնծությամբ
փառաբանեց Քեզ:
Եպիսկոպոսն ու Գրիգորը վերջաբանում են՝ «Ամեն» ասելով: Գրիգորը մոտենում է Արգավանին և ողջագուրվում:
ԳՐԻԳՈՐ — (Արգավանին): Ինչպե՞ս ես, եղբա՛յր, ուրախ եմ նորից հանդիպելու քեզ:
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — Խաղաղություն ձեզ:
ԱՐԳԱՎԱՆ – (գլուխ է խոնարհում): Բարև, ուսուցիչ:
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — (Սմբատին): Բարի տեսանք, ազնիվ Սմբատ:
ՍՄԲԱՏ — Անշուշտ, բարի է հանդիպումը մեր և անշուշտ, ե՛ս էլ ուրախ եմ նորից հանդիպելու ձեզ:
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — Այսքան վաղ ժամին ձեր այստեղ գալու համար պատճառ կա… ճի՞շտ եմ կռահում:
ԱՐԳԱՎԱՆ — Ինչպես միշտ, Հայր Սուրբ:
Եպիսկոպոսը հարցեր տալու փոխարեն աղոթքի է հրավիրում նրանց:
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — Եկեք հոգսերը մեր հանձնենք Աստծուն, և ճշմարտության Հոգին թող Ի՛նքն ուղղորդի մեզ: (Նրանք ծնկում են և կարկառում ձեռքերը վեր):
Զորության Աստված, Հաղթանակած Սուրբ,
Որ գերեզմանի սպառնալիքը
Վեր առար փառքով Քո Սուրբ Հարության,
Եվ հալածեցիր կորուստը՝ կյանքով,
Մահն՝ հավերժությամբ,
Անեծքն՝ օրհնությամբ, մեղքը՝ շնորհով,
Եվ թշնամանքը հաղթեցիր սիրով…
Քո ներկայության մեջ փտությունը
Վերափոխվում է հավերժ փթթանքի,
Խավարը լույսի, ցուրտը ջերմության,
Ապականությունն՝ անապակության,
Իսկ սուգն ու լացը՝ մխիթարանքի…
Քեզ հավատացին նահապետները
և ընտիր եղան,
Քեզ վստահեցին ընտրյալները և
սրբություն գտան,
Քեզ հույս դրեցին սրբերը բոլոր
և արդարացան,
Ապավինեցին Քեզ արդարներն ու
երեսդ տեսան…
Արդ աղաչում եմ, այն հույսի համար,
Որ Քո մեջ ունենք, թող որ չամաչենք…
Եվ արդարության ուղիով քայլենք՝
Ավետարանի խաղաղության մեջ,
Քանզի Բարձրյալիդ նախասահմանմամբ
Կանչվեցինք Որդուդ անեղծ պատկերին
Կերպարանակից լինելու: Ուստի
Թող փառավորվի Անունը Նրա
մեր հոգիներում
Եվ Նրան միայն թող վերընծայվի՝
Մեծարանք, պատիվ ու վայելչություն,
Ժողովուրդների և ազգերի մեջ,
Հավիտենական դարերում, մինչև
Վախճանն ամենի: Ամեն և ամեն…
Արգավանը և Գրիգորն «ամեն» ասելով, ոտքի են ելնում, օգնում են Փերմելիանոսին կանգնել: Իսկ Սմբատը, որ չէր էլ ծնրադրել՝ համակ հետևում է երեք անձերի աղոթակարգին:
ԱՐԳԱՎԱՆ — Ես գնում եմ Հայք և եկել եմ ձեզ հրաժեշտ տալու:
ԳՐԻԳՈՐ — Հա՞յք…
ԱՐԳԱՎԱՆ — Այո՛, ուսուցիչ: Մանդակունյաց տան կոտորածը ինձ հանգիստ չի տալիս: Ես վրեժ ունեմ լուծելու պարսից ոճրագործներից: Եվ հատուցումի բաժակից պիտի խմել տամ նրանց՝ այդ բանի համար:
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — Այսինքն, ուզում ես միայնա՞կ դուրս գալ պարսից զորքի դեմ:
ՍՄԲԱՏ — Ինչո՞ւ միայնակ, ես նրա հետ եմ:
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ – Թեկուզ երկուսով, չե՞ք գտնում, որ դա խելահեղ միտք է:
ԱՐԳԱՎԱՆ — Պարսից զորքի հետ առճակատվելու խնդիր չունենք մենք, մեր թիրախն իշխան Շահինն է՝ պարսից կուսակալը, ով հեղինակել է եղեռնությունն այդ:
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — Արգավան, որդիս, հանի՛ր մտքիցդ բանն այդ անխոհեմ և հատուցումը վստահիր Աստուծուն:
ԱՐԳԱՎԱՆ — Անկարող եմ, տեր…
Եպիսկոպոսը խստացնում է տոնը:
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — Չէ՞ որ ուսմունքը սովորեցնում է մեզ՝ ներո՜ղ լինել. չդատե՛լ, նաև խոնարհությունով հնազանդվե՜լ է պատվիրում:
ԱՐԳԱՎԱՆ – Անշուշտ, բայց վախկոտությունն անվանել ներում, առավել ևս, Աստուծո առջև կեղծավորություն անել՝ չե՛մ կարող, քանզի ներումն իմ կլինի քծնանք ու հայհոյություն՝ արդարության դեմ: Մի՞թե կեղծիքը բանսարկություն չէ, և կեղծավորը նման չէ՞ չարին: Եվ Առաքյալը չի՞ սովորեցնում մեզ, որ՝ «Ամեն ինչ, որ հավատքից չէ, մեղք է»:
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — Ի՞նչ ես կամենում դրանով ասել…
ԱՐԳԱՎԱՆ — Այն, որ իմ հոգին ատելությամբ է լցված ոճրագործ կուսակալի դեմ և ինքս ինձ խաբեմ, թե՝ հանուն Աստուծո ներում եմ նրան՝ երեսպաշտություն չի՞ համարվի սա, և չի՞ անարգվի սրանով արդյոք աստվածպաշտության անեղծ խորհուրդը:
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — Եվ ի՞նչ ես ուզում այսքանից հետո անեմ քեզ համար:
ԱՐԳԱՎԱՆ — Օրհնի՜ր իմ ուղին:
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ – (դեմքը խոժոռում է): Ինչպե՞ս կարող եմ օրհնել ոճիրը…
ԱՐԳԱՎԱՆ — Ոճիրը չէ, այլ՝ ի՛նձ:
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — Բայց չէ՞ որ ուզում ես մարդ սպանել…
ԱՐԳԱՎԱՆ — Ոչ թե մարդ, այլ՝ մի ոճրագործի:
ԳՐԻԳՈՐ — Արգավան, եղբա՛յր, դատդ վստահիր Աստուծուն և հոգիդ փրկիր վրեժի հետևանքներից: Այդ կուսակալի մասին լսել եմ, որ իր սիրելի կնոջ մահվանից հետո խիստ հազվադեպ է երևում այնտեղ, որտեղ շատ մարդ կա: Նա բաց է թողնում տաճարի բոլոր տոները: Նաև խուսանավում է տոնահանդեսներ կազմակերպելուց: Արհամարհում և չի ներկայանում նախարարների կազմակերպած ճոխ խրախճանքներին: Ատում է որսը, նողկում պարերից, քամահարում անգամ զորախաղերը…
ԱՐԳԱՎԱՆ — Գրիգոր, գիտեմ՝ ճշմարտությո՜ւնն են ճառում շուրթերդ, և քո բերանով Աստվա՜ծ է խոսում հոգիների հետ, սակայն այլ բան է սիրտս պահանջում, քան հասկացածս և ոչ ոք ինձ ետ չի՛ կարող պահել իմ մտածածից:
ԳՐԻԳՈՐ – (բռնում է գլուխն ու հուզմունքով խոսում): Կյանքս կտայի, որ չվերապրեիր այն արհավիրքը, որի մեջ դու կաս:
ԱՐԳԱՎԱՆ — Դու ի՞նչ մեղք ունես, որ կամենում ես կյանքով հատուցել իմ ցավի համար:
ԳՐԻԳՈՐ — Մեղք գուցե չունեմ, բայց և անմասն չե՛մ այս ամենից:
ԱՐԳԱՎԱՆ — Ինչի՞ մասին ես խոսում, եղբայր իմ:
ԳՐԻԳՈՐ — Ես այն Անակի որդին եմ, որի դավադիր ձեռքով սպանվեց Խոսրովն ու հայոց գահը թաղվեց խավարում:
ԱՐԳԱՎԱՆ — Անակ Պարթևը քո հա՞յրն է…
ԳՐԻԳՈՐ — Այո՛… Երե՛կ միայն իմացա փաստն այդ: Հորս մասին ինձ շատ բան չեն պատմել, բացի այն, որ նա Սուրենյան Պահլավ արքայաճյուղից Անակն է, և այն, որ մայրս ինձանով հղիացել է Պարսից կողմերից Հայք գալու ճամփին՝ Արտեզ գավառում:
ՍՄԲԱՏ – (լսածից ցնցվում է): Ա՜յ քեզ նորությո՜ւն, ա՜յ քեզ շրջադա՜րձ… Այստեղ իրարու դեմուդեմ կանգնած երկու ոխերիմ ազգատոհմերի զավակներ են և դրանցից մեկին պիտի վերջ տրվի հենց ա՛յս իմ սրով…
Սմբատը մերկացնում է սուրն ու վրա հասնում Գրիգորին:
ԱՐԳԱՎԱՆ – (կտրում է նրա ճամփան): Կա՛ց, Սմբատ, կա՛նգ առ…
ՍՄԲԱՏ — Հեռո՛ւ, Արգավա՛ն, ինձ մի՛ խանգարիր… թող սրախողխող անեմ դավաճան հոր ժառանգորդին ու վերջ տամ ցեղին այդ ազգակործան…
Արգավանը որպես կենդանի վահան՝ մարմնով պատսպարում է Գրիգորին Սմբատի սրից:
ԱՐԳԱՎԱՆ — Սպասի՛ր, Սմբատ… թաքցրու սուրդ…
ՍՄԲԱՏ — Մի կո՛ղմ, Արգավա՛ն… թե խոչընդոտես, նրա հետ քեզ էլ կզոհեմ այստեղ…
Սմբատը հարվածում է Արգավանի դեմքին: Արգավանը մի կողմ է հրում Սմբատին, նա ընկնում է, ձեռքից վայր է գցում սուրը:
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — (Արգավանին): Կանգ առ, մա՛րդ Աստուծո… (Սմբատին.) Տեսնում եմ, իշխան, որ կուրացրել է քեզ չարությունը և սևն ու սպիտակն իրար ես խառնել…
ԳՐԻԳՈՐ – (փարվում է Արգավանի ուսին): Արգավան, եղբայր, ապացույցներից վե՜ր է քո սերը: Իսկ եղբայրական հավատարմությունդ Աստուծո առջև խունկի բուրմունքի պես հաճելի է… (Վերցնում է Սմբատի վայր գցած սուրը, մեկնում նրան:) Թե ինձ սպանես, մեծ ծառայություն մատուցած պիտի լինես քո ազգին և Արշակունյաց մնացորդին: Քեզ մեծ ընծաներով կդիմավորեն Հռոմի պալատում Տրդատ արքայազնն ու Արտավազդը: Քանզի մեկի հոր սպանության ոխն հատուցած պիտի լինես, իսկ մյուսի համար կլուծես անկատար վրեժն իր ազնվական ցեղի կոտորման:
Սմբատը սպառնալից հայացք գցելով ներկաների վրա՝ հեռանում է:
ԱՐԳԱՎԱՆ — (Գրիգորին): Այսուհետ կյանքդ մազից է կախված: Եթե Սմբատը բարձրաձայնի այն, ինչն այստեղ լսեց, քեզ փնտրողների թիվն, անտարակույս, կբազմապատկվի:
ԳՐԻԳՈՐ — Գիտեմ, Արգավան: Մորս արգանդում, դեռ ոսկորներս չկազմավորված, Տերն ինձ ողորմեց և Իր բանական հոտի մեջ դրեց՝ Ավետարանի անխարդախ կաթով սնուցանելու: Ես հասակ առա Տիրոջ արոտում՝ Աստուծո բարբառը ճանաչողների հետ արածելով: Եվ իմաստնացա՝ խոնարհ ծառայի պես գտնվելով ու հիմա կյանքս ծրարված՝ Աստուծո ծոցում պահված է՝ նախասահմանված մի ժամանակում բացելու համար…
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — (հուզված՝ Գրիգորին): Ի՞նչ ես պատրաստվում անել, որդյակ իմ:
ԳՐԻԳՈՐ — Կգնամ Հռոմ. այնտեղ կգտնեմ Արշակունյաց տան թագաժառանգին… և ծառայության կանցնեմ նրա մոտ: Թերևս այսպես փորձեմ հատուցել հորս մեղքերի առատությունը, որոնց պատճառով ոչ միայն Հայոց երկիրը զրկվեց արքայից, այլև արքայազն Տրդատն անմասն մնաց հայրական սիրուց ու գորովանքից, աթոռից, թագից, ժառանգությունից, հարստությունից: Աստված նրան օրհնել է Իր մեծ ողորմության պես, և զորություն է հագցրել նրան ներսից ու դրսից՝ Մեծ օրվա համար…
ՓԵՐՄԵԼԻԱՆՈՍ — Երանի օրն այդ տեսնեն աչքերն իմ…
Եպիսկոպոսը դուրս է ելնում: Գրիգորը մնում է մենակ: Ծնկում է և սկսում աղոթել:
ԳՐԻԳՈՐ — Ո՜վ ժամանակներ և ժամեր քննող,
Տեր Ամենակալ, որ հավերժության ընթացքը Քո մոտ վայրկեանի պես է…
Որ իմաստության ջրերն աթոռիդ
տակից բխելով՝ ռոգում են ողջ արարչությունը փառքիդ գիտությամբ…
Իսկ երկնից բոլոր զարդարանքները
Սաղմոսերգում են լո՜ւյսը հանճարիդ…
Քրիստոս, Աստված, Տեր…
Որդի Բարձրյալ Հոր…
Ողորմի՜ր, փրկիր, սրբի՜ր, հաջողի՜ր…
Քո խոսքն ասում է, որ թագավորի
Մտածմունքներն ու խորհուրդներն, ինչպես
Գետի հոսանքը, կարող ես թեքել,
ուր որ կամենաս…
Արդ, աղաչում եմ, որ Արշակունի թագաժառանգը
ով ազգական է ինձ արյամբ, սակայն
հորս սոսկալի մեղքի պատճառով
դարձել է անձս որոնող ոսոխ,
թող ինձ ընդունի հարազատի պես,
իբրև զինակցի, Ընկերոջ, եղբոր,
այլ ո՛չ թշնամու…
Որպեսզի նրան մեծ խոնարհությամբ ծառայելով՝ Քե՛զ,
Ամենասուրբի՜դ, մատուցեմ խոցված
և խիթերով լի սրտիս զոհերն ու
թողություն գտնեմ…
Տեր, ճանապարհս, կամքիդ համընթաց, թող ուղեկցվի Հռոմ…
Եվ առաջնորդվի քայլերս դեպի
Քո փրկությունը…
Ու թե հորիցս ժառանգած մեղքի քավության ճամփին,
ես հարկադրված, պիտի տառապեմ
դժոխքին հայտնի, և անհայտ բոլոր Չարչարանքներով՝
կա՛մքդ թող լինի…
Հավիտենիցս հավիտյան. ամեն…
Ուղեկցի՜ր ինձ Հռո՛մ…
287 թվական…
Երկու տարի է անցել այն օրից, ինչ Արգավանը ընկերոջ հետ ապրում է Հայքում և տարատեսակ ճանապարհներ է փնտրում՝ կուսակալ Շաինի կյանքին վերջ տալու համար: Բայց ինչպես պարզվեց, դա դժվարին գործ է. այս կուսակալը խիստ հազվադեպ է երևում այնտեղ, որտեղ շատ մարդ կա: Խուսանավում է տոնահանդեսներ կազմակերպելուց: Արհամարհում և չի ներկայանում նախարարների կազմակերպած ճոխ խրախճանքներին: Մերժում է ամեն մի ժամանցային նախաձեռնություն. քամահրում անգամ զորախաղերը…
Բայց Արգավանի համառությունը արդյունք տվեց. և ամֆիթատրոնում, մի ներկայացման ժանանակ նրան հաջողվեց նետի հեռահար զարկով խոցել Շահինին:
ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ
ՀԱՅՔ: ԴՊԻՐԻ ՏԱՆԸ: Դպիրը, գրասեղանի առջև նստած, նամակ է գրում:
ԴՊԻՐ — (մեկուսի): Ով արևաշատ ասպետ Արտավազդ, Խոսրով արքայի դավադրական մահն Հայոց աշխարհն ընկղմեց թանձր խավարմունքի մեջ, և Արշակունյաց արքայաճյուղի հույսն սկսեց մարել Սասանյանների թագավորության արագ վերելքով: Այս տարիների ընթացքում Հայքում ազնվականի խոսքն հազվադեպ է հնչում մարդկանց մեջ. Հեղինակություն վայելողներ չկան, իրարու հանդեպ վստահությունը կորսվել է իսպառ, արմատավորվել է բամբասանքը, ատելությունը համընդհանուր է, սուտն՝ ընդունելի, անեծքն՝ հանդուրժվող, հայհոյանքն ազատ, կեղծիքն՝ ամենուր, հանցանքն՝ անպատիժ. և ստացվել է, որ պառակտությամբ ազգն աղճատվելով դարձել է ամբոխ, իսկ ժողոդուրդն՝ իր տան մեջ ինքն իրեն օտա՜ր է զգում:
Այսպես Սասանի նորօծյալ որդի Արտաշիր արքան խառնաշփոթ է ստեղծեց հայոց մեջ, և հոտը կորցրած գառներին, ինչպես վրահաս գայլեր, տիրապետում է իր ծառաների միջոցով, որոնց կուսակալներ է կարգել երկրում այս:
Ազնիվ Արտավազդ, որ արքայորդի Տրդատի աջ ձեռքն ու զորականն ես, իմացիր, որ մեր համբերության թասն այլևս լիքն է, և օրըստօրե մեզ արբենում են ամոթի գինով, որ հուսահատվենք… Բայց դեռ հույսո՛վ ենք… Ու դեռ ավելին. Ծննդկան կնոջ անհամբերությամբ՝ սպասում ենք Տրդատ արքայազունի հայտնությանը, ով Հռոմում մեծ դիրք է վայելում կայսեր մոտ: Վստահ ենք, որ նա, աստվածների որդու ցասումով, Արշակունյաց տան վրեժը կառնի իր ոսոխներից և խաղաղություն կբերի երկրիս, որ շատ տառապեց…
Ներս է մտնում Բուրզը և խոնարհվում:
ԲՈՒՐԶ — Կանչե՞լ էիր ինձ, տերԽ
ԴՊԻՐ — Այո, Բուրզ, մո՛տ եկ: Ինչո՞ւ ուշացար:
ԲՈՒՐԶ — Քաղաքի բոլոր փողոցներում մեծ իրարանցում էր… Իշխան Շահինի տնօրինությամբ ամֆիթատրոնում դերասանները Արտաշես Մեծի և Սաթենիկի սիրո պատմությունն էին ներկայացնում…
ԴՊԻՐ — Հա, գիտեմ, իր հույն հյուրի պատվին է ներկայացումն այս: Դեմիտրիանոսը, որ եկել է Հայք, Հռոմի դեսպանն է: Նա կուսակալի հին բարեկամն է… (Սեղանի վրայից մի գրություն է վերցնում, կնքում է այն ու մեկնում Բուրզին:) Սա քոնն է, վերցրո՛ւ:
ԲՈՒՐԶ – (վերցնում է ծրարը, շուռումուռ տալիս և քանզի կարդալ չգիտի՝ հարցնում է): Սա ի՞նչ է, տեր իմ…
ԴՊԻՐ — Քո ազատության վկայագիրը:
ԲՈՒՐԶ — Ինչպե՞ս հասկանամ քո այս խոսքերը…
ԴՊԻՐ — Այլևս ազատ մարդ ես՝ ո՛չ ծառա, ահա՝ աշխարհը աչքիդ առջև է… գնա՛, ուր կուզես:
ԲՈՒՐԶ — Ինձ բա՞ց ես թողնում… դժգո՞հ ես ինձնից… ուզում ես գնա՞մ…
ԴՊԻՐ — Չէ՜, ի՞նչ ես ասում… Եթե ուզում ես իմ կողքին լինել, կարող ես մնալ՝ որպես զինակից, ընկեր, համակիր, բարեկամ՝ եղբայր, սակայն ո՛չ ծառա:
ԲՈՒՐԶ — (գիտակցելով տիրոջ ազնիվ արարքը՝ ծնկի է իջնում, բռնում դպիրի երկու սրունքը և արտասվում է): Թե մինչև հիմա կարգավիճակիս պարտադրությամբ էի ծառայում անձիդ ազնվությանը, այժմ քեզ պիտի ծառայեմ կամքիս հոժարությունով և կրտսեր եղբոր սիրո ջերմությամբ:
ԴՊԻՐ – (բարձրացնում է Բուրզին, հանելով իր թիկնոցը, մեկնում նրան): Դու ազատ մարդ ես, արա, ինչ կուզես: Առ, գցիր ուսիդ, արժանավոր մարդ:
ԲՈՒՐԶ – (հագնում է թիկնոցը): Թող աստվածներին տեսնելու փառքը հասնի քո հոգուն և Լույսն այն, որին անվերջ փնտրում ես դեռ մանկությունից, թող որ նա Ի՜նքը գա ու քեզ գտնի:
Նրանք ողջագուրվում են: Դրսից ձայներ են լսվում: Արնաթաթախ ներս է մտնում Սմբատը:
ՍՄԲԱՏ — (Դպիրին): Քո օգնության կարիքն ունեմ, տեր:
ԴՊԻՐ — Ո՞վ ես դու և ի՞նչ գործ ունես այստեղ… Երևում է, որ ազնվական ես…
ՍՄԲԱՏ — Բագրատունի եմ, անունս՝ Սմբատ: Այս պահին իշխան Շահինի մարդիկ որոնում են ինձ…
ԴՊԻՐ — Ի՞նչ մեղադրանքով:
ՍՄԲԱՏ — Կուսակալի դեմ մահափորձի… Քառորդ ժամ առաջ, ամֆիթատրոնում, ներկայացման թեժ պահին, ընկերս նետով տապալեց իշխան Շահինին… և բացառված չէ, որ սպանել է…
Դպիրը զննում է Սմբատի վերքը: Բուրզը շտապ դպիրին է մոտեցնում նրա կաշվե պայուսակը, որտեղ վերջինս իր դեղաբույսերն ու օշարակներն էր պահում:
ԴՊԻՐ — Այ քեզ նորությո՜ւն… Ինչպե՞ս պատահեց, որ հանդգնեցիք նման արարքի… հովանավորներ ունե՞ք այս գործում:
ՍՄԲԱՏ — Հովանավորներ չունե՛նք, ինքնե՜րս ենք մեր գլխի տերը: Վաղուց էինք գործն այս նախապատրաստել, բայց չէինք հաջողում, քանի որ Շահինը զգուշավոր մարդ է: Ու երբ իմացանք, որ պարսից իշխանն իր հռոմեացի հյուրի հետ պիտի ներկա գտնվի ամֆիթատրոնի ներկայացմանը, կառավարական օթյակի դիմաց տեղ զբաղեցրինք և Արգավանը իր նետի զարկով տապալեց նրան: Իրարանցումը հանդիսատեսի մեջ համատարած խուճապ տարածեց, խառնաշփոթը տեղափոխվեց բեմ: Վախից շփոթված դերասաններն ու նվագախումբը մոռացան, թե քիչ առաջ ինչպես էին՝ մարմնավորում նախնյաց սխրանքն ու վարքն արքաների:
ԴՊԻՐ — Իսկ քո ընկե՞րը…
ՍՄԲԱՏ — Երբ որ ճեղքեցինք մեզ շրջապատող թիկնապահների դիմադրությունն ու նետվեցինք դեպի փախչող ամբոխը, ոստիկանների մի խումբ սկսեց հետապնդել մեզ: Արգավանը ինքնազոհության գնալով, կտրեց նրանց դեմն ու մարտի բռնվեց: Կռիվը երկար չտևեց. նրան վիրավորեցին և գուցե նաև…
ԴՊԻՐ – Բուրզ, անհապաղ մեկնում եմ պալատ: Հիմա ուր որ է, իմ ետևից մարդ կուղարկեն այստեղ: Իշխանազունին ի՛նքդ անհրաժեշտ օգնություն ցույց տուր, իսկ նրա այստեղ լինելու փաստը թող մնա ծածո՛ւկ: (Մոտենում է սեղանին, իր նամակի մեջ նոր գրառում է կատարում, կնքում է, Բուրզին:) Սա ուղարկիր Հռոմ, Արտավազդին, ով արքայազուն Տրդատի աջ ձեռքն ու զինակիցն է…
Դպիրը աճապարելով՝ գնում է:
ԲՈՒՐԶ – (զննում է Սմբատի վերքը): Հիմա պիտի թույլ տաս, որ կարեմ վերքդ…
ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ
ՀԱՅՔ: ԴՊԻՐԻ ՏԱՆԸ: Ներս են մտնում պարսից արքայի Պատվիրակը, Քրմապետը և Քամեսը:
ՊԱՏՎԻՐԱԿ — Ողջույն, քրմապետ:
ՔՐՄԱՊԵՏ — Ընդունիր սրտիս մեծարանքը, տեր:
ՊԱՏՎԻՐԱԿ — Ինչո՞ւ դպիրին չես բերել քեզ հետ: Քեզ պատվիրել էինք, որ նրան կանչեիր այս հանդիպմանը, որ նա հավաստի տեղելություններ մեզ հայտներ իշխան Շահինի կյանքի և առողջության վերաբերյալ:
ՔՐՄԱՊԵՏ — Տեր, այդ դպիրը անվստահելի մեկն է: Այստեղ ինձ հետ է Քամե՜սը՝ իշխան Շահինի ծառայապետը: Նրա խոսքերը պակաս հավաստի չեն, քան դպիրի…
ՊԱՏՎԻՐԱԿ — Քամես, զեկուցի՛ր:
ՔԱՄԵՍ — Իշխան Շահինի վերքը շատ ծանր է, երեք օր է, ինչ անգիտակից պառկած է, ասես իր մահն է սպասում: Սակայն դպիրը վստահեցնում է, որ նա կարթնանա ու կկազդուրվի:
ՊԱՏՎԻՐԱԿ — Քամես, կարող ես մնալ: Քրմապետ, առաջ եկ և լսիր ինձ: Մեր հորդորներին ընառաջելով, պարսից մեծ արքան բարի է տեսնում, որ կուսակալի տեղապահ որպես դու նշանակվես:
ՔՐՄԱՊԵՏ — Պարսից արքայի կամքը օրենք է…:
ՊԱՏՎԻՐԱԿ — Ուրեմն լսիր. նախ պետք է վերջ տաս քրիստոնյաներին, նրանք վտանգ են սպառնում պարսից իշխանությանը:
ՔՐՄԱՊԵՏ — Խոստանում եմ, որ նրանց արյունով գետեր կհոսեն հայոց երկրի մեջ:
ՊԱՏՎԻՐԱԿ — Մահապատիժի ենթարկիր նաև ամֆիթատրոնի պահակազորին: Կուսակալի դեմ այս մահափորձը պետք է հատուցվի բոլոր խստությամբ:
ՔՐՄԱՊԵՏ — Այս բանի համար ազգայնականներն ինձ կհոշոտեն:
ՊԱՏՎԻՐԱԿ — Ովքե՞ր են դրանք…
ՔՐՄԱՊԵՏ — Նախարարները, ազնվականներն ու որոշ քրմեր…
ՊԱՏՎԻՐԱԿ — Կարող ես հանգիստ լինել, քրմապետ… նրանք ամենքն էլ հավատարմության երդում են տվել պարսից արքային և առանց նրա կամքի աջ կամ ձախ քայլել չեն կարող: Կատարիր, ինչ պատվիրում ենք քեզ, և դու կվայելես պարսից արքայի բարեհաճությունն ու պատիվները:
ՔԱՄԵՍ — Ներիր, ազնիվ տեր… Իշխան Շահինին խոցող ավազակն այս պահին բանտո՜ւմ անգիտակից է… և իր ստացած վերքերից գուցե շուտով կմեռնի: Գուցե հրամայես նրա՞ն քառատենք ամֆիթատրոնում:
ՊԱՏՎԻՐԱԿ — Մի՞թե համարժեք պատասխան է դա… Առաջարկում ես պարսից իշխանի մահն հատուցել մի պատանու կյանքո՞վ: Եվ հետո, տղան այդ սխրագործի պես է ընդունվում մարդկանց մեջ: Եթե նրան սպանես՝ իր մահապատժով կհերոսանա: Ասացիր՝ բանտում նա վիրավոր է: Թողե՛ք, թող նեխի իր վերքերի մեջ և անհետ կորչի:
ՔՐՄԱՊԵՏ — Լավ, էլ ի՞նչ է պետք:
ՊԱՏՎԻՐԱԿ — Հայոց արքայազն Տրդատը Հռոմում զորք է ժողովում՝ պարսից սահմանը հատելու համար: Նրան այս հարցում օգնում է կայսր Դիոկղեդիանոսը: Շահինը ոչ մի քայլ չի ձեռնարկել, մարտահրավերն այս դիմակայելու: Ռազմական ժողով գումարիր… կանչիր բանակի բոլոր պաշտոնյաներին և հրամայիր, որ պատերազմի պատրաստեն զորքը: Իսկ մնացածի մասին հաջորդիվ…
ՔՐՄԱՊԵՏ — Պարսից արքայի կամքը օրենք է: Ես նրա հայտնած ամեն պայմանը կընդունեմ որպես պատվեր Վահագնից՞
Պատվիրակը հեռանում է: Քրմապետը մնում է մենակ:
ՔՐՄԱՊԵՏ — (մեկուսի).
Ինչպես ծառերն են օրորվում քամու շոյանքից հարբած,
Այնպես և դո՛ւ ես, սիրտ իմ, երերում փառքով հմայված…
Ինձ բացատրում ես, թե՝ «փառքն աճելու ձգտումն է բարի»,
Բայց ես գիտեմ, որ այն սոսկ պատրանք է՝ վտանգով հղի:
Ո՞ւմ է պետք փառքը՝ սին երազների կաթվածն այդ խեղի,
Որ մի հպումով դարձնում է դեմքը անճանաչելի.
Ցցում է քիթը, ծռում բերանը, կեղծում ժպիտը,
Փոխում է անգամ ձայնի հնչմունքը, թյուրում է միտքը.
Դա մի կաշառք է, որով շորթում է կյանքն անհոգ հոգուն՝
Խղճից հանգիստը խլելու համար։ Օ՜, ագահություն,
Գայլա՛խտ, քա՛ղց է դա, որ փափագում է տենչով ահարկու
Աշխարհն ինքնացնել և դուրս գալ տիեզերք՝ աստղեր որսալու։
Ասա ինձ, սիրտ իմ, մեր ինչի՞ն է պետք աստղային հեռուն,
Եթե մենք այնտեղ պիտի կորցնենք և՛ հանգիստ և՛ քուն,
Եթե այն պիտի միմյանց դեմ կռվի հանի ինձ ու քեզ,
Ու կարգի երկու բարեկամներիս ախոյան որպես:
ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՈՐԴ
ԿՈՒՍԱԿԱԼԻ ՏԱՆԸ: Պարային խումբը կատարում է ուրվականների մի դիվապար:
Շահինն անկողնում գալարվում է ցավ ու տենդի մեջ, ասես կռվում է ուրվականների հոծ խմբի դեմ, որոնք սարսափ են ներշնչում, ահ, տագնապ, և՛ վախ… Պարսից իշխանը մղձավանջային երազ է տեսնում, կամ ճիշտ է ասել՝ նրան վերստին այցի է եկել անցյալից մի հուշ. մի ժանտ պատմություն իր ապրած կյանքից, որ հոգետանջում ու կեղեքում է իրեն անդադար:
Այստեղ կուսակալը, կատարելով կամքն Արտաշիրի՝ հրամաններ է հղում իր զորքին, որ Մանդակունյաց ճյուղն հատեն ի սպառ: Իսկ զինվորները սրի են քաշում երեխաներին, կանանց, ծերերին: Կուսակալը, իր երազում կանգնած, նայում է իրեն, ասես երկատված են Շահիններն այստեղ. նրանցից մեկը պաշտոնյա է, որ հրամաններ է տալիս, իսկ մյուսը՝ հասարակ մահկանացու, ով կանգնել է զորքի և մանկանց համար լացող-աղերսող մայրերի միջև: Սա դիմադրում է զինվորներին և ապարդյուն ջանքեր գործադրում, որ սպանդն այս դադարեցնեն: Իսկ մյուս՝ արյունարբու կուսակալն՝ իր հոգու ցասման մեջ, գոռում-գոչումով շարունակում էր մահակոչ հրամաններ արձակել: Եվ կուսակալի ձեռքից մահկանացու Շահինը ուզում է մի մանուկ փրկել սպանդից այս. նա գրկում է մեկին և փորձում փախչել: Բայց զինվորները կտրում են նրա դեմը: Շահինը հրում է նրանցից մեկին, երկրորդին խոցում իր ձեռքի սրով, սակայն երրորդին հաղթահարել չի կարողանում: Զինվորը նրան տապալում է գետնին և վեր է բարձրացնում սուրը՝ մանկանը վերջ տալու համար: Խղճահարված Շահինն աղերսով նայում է զինվորին և սարսափում իր տեսածից. զինվորն այս, որին նայում է՝ իշխան Շահինը՝ ճանաչեց իրե՛ն… Այս տեսարանի սոսկումից պարսից կուսակալը վեր է թռչում, նստում անկողնուն և աչքերը բացելով, գոչում է:
ՇԱՀԻՆ — Փրկե՜ք… օգնեցե՜ք… Ինձ մի սպանեք…
Անկողնուն գամված, բուժումներից հետո կուսակալ Շահինը նոր է արթնացել: Պանտեան կուսակալի անկողնու մոտ նստած թաշկինակով սրբում է նրա ճակատի քրտինքը:
ՊԱՆՏԵԱ — Փա՜ռք Արեգակին, հայր իմ, արթնացա՞ր:
ՇԱՀԻՆ — Պանտե՜ա, դուստր իմ: Մի՞թե ողջ եմ ես:
ՊԱՆՏԵԱ — Այո, տեր, ողջ ես… Ակնհայտ է, որ աստվածներն իրենց ողորմությունը սփռել են վրադ: Ինչպե՞ս ես զգում:
ՇԱՀԻՆ — Իմ չքնաղ աղջիկ… Այս երկարատև քնից զարթնելով՝ քեզ տեսնելն ասես հաղորդակցություն լինի երկնի հետ: Ո՞ւր է դպիրը:
Ներս է մտնում դպիրը և ձայն է տալիս:
ՊԱՆՏԵԱ — Դպիր, այստեղ եկ… Նա արթնացել է:
ԴՊԻՐ — Փառք աստվածներին:
ՊԱՆՏԵԱ — Խոսիր նրա հետ և թող քեզ հայտնի իր սրտում եղած տագնապն ու վախը:
ԴՊԻՐ — Քավ լիցի… Ի՞նչ վախ…
ՊԱՆՏԵԱ — Ինձ թվաց, որ նա ինչ-որ տեսիլքի ազդեցության տակ վեր թռավ քնից; Երևում է՝ մի զարհուրելի և գերբնական բանի հետ է առնչվել մղձավանջի մեջ, որից տակավին սոսկում է… քանզի հոգու շփոթքից չի կարողանում մտքն արտահայտել ըստ պատշաճության: Կամ էլ՝ տագնապից բառերի հոսքը կոկորդում լռված` խեղդում են նրան, և սիրտը հուզող տվայտությունը դուրս է հորդում սոսկ ծանր հևոցով:
ԴՊԻՐ – (մոտենում է կուսակալի մահճակալին): Փառք երկինքներում բնակվողներին, որ նախընտրեցին կյանքդ, քան մահդ:
ՇԱՀԻՆ — Քանի՞ օր է, ինչ անգիտակից եմ…
ԴՊԻՐ — Տասնհինգ, մեծ իշխան:
ՇԱՀԻՆ — Իմ ազնիվ դպիր, համոզված եմ, որ քո հրաշագործ օշարակներն են փրկել ինձ մահից… իմ բարի բժիշկ, շնորհակալ եմ ջանքերիդ համար: (Պանտեային.) Սիրելիս, այստեղ կանչիր Քամեսին… (Պանտեան գլուխ է խոնարհում և դուրս գալիս: Դպիրին:) Նույն մղձավանջն է, որ կեղեքում է անձս արդեն շուրջ երեք տասնամյակ, երբ կատարելով կամքն Արտաշիրի՝ հրամաններ էի հղում իմ զորքին, որ Մանդակունյաց ճյուղն հատեն ի սպառ: Իսկ զինվորները, հնազանդվելով՝ սրի էին քաշում երեխաներին, կանանց, ծերերին: Սակայն այսօրվա տեսիլքն ինչքան էլ որ սոսկալի էր և նախորդների նման կեղեքող, սրա մեջ հույսի ինչ որ նշույլ կար…
Երկու Շահիններ կային երազիս մեջ. նրանցից մեկը պարսից արքայի կամակատարն էր՝ կուսակալն Անգութ, ով կոտորելու հրամաններ էր արձակում, իսկ մյուսն՝ աստվածավախ մի մահկանացու, ով կանգնել էր զորքի և մանկանց համար լացող-աղերսող մայրերի միջև ու գութ էր հայցում:
Իմ տեսիլքի մեջ ես հայտնվել էի մի վայրում, որտեղ ողորմությունը դեմ էր պատիժին, դատապարտությունը հանդիմանվում էր բարեգործությամբ, իսկ կարեկցանքը պախարակում էր վճիռն ատյանի: Իմ այս երազում ներումն առավել զորեղ էր մեղքից, զղջումն` հանցանքից, սերը` օրենքից, գութը` վրեժից… Եվ ստացվել էր, որ մեկ մարմնի մեջ կռվի էի ելել ինքս իմ անձի դեմ… Ես կամենում էի այդ սպանդից փրկել մի մանկան, որին գրկել էի ամուր: Իսկ երկրորդ եսն իմ, որ կուսակալն էր՝ հոգու ցասման մեջ, գոռում-գոչումով՝ յուղ էր շաղ տալիս դժոխքի հրին, որ դուրս էր ելել լափելու ամբողջ մի իշխանատոհմ…
Ներս է մտնում հազարապետ Քամեսը: Սա ցածրահասակ, կլոր, դուրս ընկած աչքերով մեկն է:
ՔԱՄԵՍ — Տերն իմ զարթնե՞լ է:
ՇԱՀԻՆ — Քամես, առաջ եկ… Ի՞նչ նորություն կա վերջին օրերի անցից ու դարձից:
ՔԱՄԵՍ – (երկրպագությամբ գլուխ է խոնարհում և առաջ գալիս): Վեհաշուք իշխան, քո դեմ ապստամբած հանցագործներից մեկին բռնեցինք, իսկ մյուսը՝ փախավ: Ձերբակալել ենք նաև թատրոնի այդ օրվա ամբողջ պահակազորին և մահվան դատապարտել որպես դավադրության մեջ կասկածյալների:
ՇԱՀԻՆ — Ո՞վ է կարգադրել նման բան:
ՔԱՄԵՍ — Քրմապետը, տեր:
ՇԱՀԻՆ — Ի՞նչ արտոնությամբ:
ՔԱՄԵՍ — Քո տկարության օրերին պարսից արքայից նրան նշանակել են որպես տեղապա՜հը:
ՇԱՀԻՆ — Քրմապետի իմ տեղապա՞հ որպես… Ամբարշտության ինքնաքարո՞զն այդ, ով իր գործերը առաջ մղելու համար մինչևիսկ աստվածասե՜ր է իրեն ձևացնում… Նրա ելույթներն արժեքավոր են այնչափ, ինչքան որ սափորի վրայի նախշազարդերն են, որոնց ետևում դատարկություն է, և մութ, և ծմակ: Որտեղ որ նա է, կեղծիքը, սուտն ու բանսարկությունը միախառնված` հասակ են առնում ժանտափշի պես և բամբասելով ճշմարտությանը` վեր են խոյանում աներեսաբար:
ՔԱՄԵՍ — Մի՞թե իմ տերը դժգոհ է ինձնից:
ՇԱՀԻՆ – (ծառայապետի խոսքն անպատասխան է թողնում): Քանի՞սն էին նրանք:
ՔԱՄԵՍ — Ինչպե՞ս…
ՇԱՀԻՆ — Պահակազորի մարդիկ քանի՞սն էին:
ՔԱՄԵՍ – Հիսուներեքը:
ՇԱՀԻՆ — Որտե՞ղ է հիմա քրմապետը:
ՔԱՄԵՍ — Այստեղ… Կամք ունե՞ս նրան ընդունելու:
ՇԱՀԻՆ — Թող ներս գա:
Ծառայապետը գլուխ է խոնարհում և ետետելով դուրս ելնում: Կուսակալը կում է անում իր կողքին դրված գավաթից ու ոտքերն իջեցնում գետնին: Դպիրն օգնում է թիկնել մահճակալին:
ԴՊԻՐ — Շատ մի վստահիր նրան, կուսակալ: Քրմապետի աչքն այլևս պիտի կարոտի գահիդ: Այս տասնհինգ օրվա ընթացքում, ինչ դու մահճիդ մեջ կռիվ էիր տալիս մահվան տեսիլների հետ, նա տեղապահի պաշտոնում արդեն հասցրել է վայելել իշխանության համն ու հոտը փառքի:
ՇԱՀԻՆ — Դպիր, ինչո՞վ են ժողովուրդները մեղսակից իրենց տիրակալների հանցանքներին, երբ ընդհանուր առմամբ հեռու են նրանց նիստից ու կացից, անհաղորդ՝ նրանց վարքին ու բարքին, անտեղյակ՝ նրանց ելքից ու մուտքից, անհաղորդ՝ նրանց շարժին ու ձևին… էլ չեմ ասում թե՝ անմասն նրանց խաղին-հրճվանքին:
ԴՊԻՐ — Մի՞թե արքայի հարստությունը, հարգն ու պատիվը և զորությունն իր ժողովուրդը չէ՞…
ՇԱՀԻՆ — Ընդունում եմ… Բայց պատմություն կերտողն անհատնե՜րն են, իսկ ժողովուրդները գնում են այնտեղ, ուր կառաջնորդեն իրենց տերերը:
ԴՊԻՐ — Իսկ ո՞ր անհատն է պատմություն կերտել առանց իր զորքի, և մի՞թե հիմար զորագլխի անհաջողության ողջ ծանրությունը զորքն իր չի կրում: Այդպես էլ՝ հովվին պատժելով, աստված մատնում է նրա հոտը գայլերին:
ՇԱՀԻՆ — Լա՛վ, համաձայն եմ, քո ասածներում տրամաբանության բազում պաշար կա… Ընդունում եմ, որ տերերի գործին հպատակների կցորդությունը ինչ-ինչ առումով բացատրելի է: Իսկ որդինե՜րը… ինչո՞վ են նրանք մասնակից իրենց հայրերի գործին, որ պատասխան են տալիս նրանց ամեն մի արարքի համար:
ԴՊԻՐ — Ինչպես օրհնությունն, այնպես անե՛ծքն էլ՝ ժառանգելի՜ է: Քրիստոնյաների Սուրբ Գիրքն ասում է, Աստծո օրհնությունն հազար սերունդ է, իսկ անեծքը չորս:
Ներս է մտնում քրմապետը, գլուխ է խոնարհում կուսակալին և անմիջապես միջամտում է զրույցին:
ՔՐՄԱՊԵՏ — Ո՜հ, դա Հիսուսի հետևորդների դատարկ բարբաջն է, որ արդեն քառորդ հազարամյակ է, ինչ մոլորության որդ են տարածում աշխարհի վրա: Բայց աստվածները նրանց մերժել են…
ԴՊԻՐ — Նրանք անձա՞մբ են քեզ այդ բանն ասել:
ՔՐՄԱՊԵՏ — Տեսնում եմ, լա՜վ ես սերտել գրքերը մարգարեների և օրենքների… Չլինի՞ ի՛նքդ էլ այդ քրիստոնյա աղանդի սերմն ու քարոզն ես կրում:
ՇԱՀԻՆ — Քրմապետի հետ զգո՜ւյշ եղիր, դպիր: Նրա խոսքերը զորություն ունեն դատապարտելու և արձակելու:
Դպիրը գլուխ է խոնարհում և հեռանում դեպի սենյակի խորքում դրված իր գրասեղանը:
ՔՐՄԱՊԵՏ — Լուսափառ իշխան, փա՜ռք աստվածներին, որ արթնացրեցին քեզ մահվան քնից:
ՇԱՀԻՆ — Վստահ եմ՝ նրանք լսել են նաև քո աղոթքները:
ՔՐՄԱՊԵՏ — Անշուշտ, կուսակալ, այս օրերին, ինչ անգիտակից էիր, անընդմեջ բոլոր տաճարներում խունկ ու ողջակեզ է մատուցվել հանուն քո ապաքինման…
ՇԱՀԻՆ – (ընդհատում է): Ուզում եմ հարցնել, քրմապետ…
ՔՐՄԱՊԵՏ — Խնդրեմ…
ՇԱՀԻՆ — Այդ ի՞նչ վրձին է,
Որ հորիզոնը ծիածանում է արևածագին,
Եվ կանթեղում է լուսնի երեսը գիշերվա պահին…
Ո՞վ ստեղծեց աստղերն իբրև երկնասփյուռ վզնոց լուսագեղ,
Ո՞ւմ են հաճեցնում ծաղիկներն իրենց խայտանքով գունեղ.
Ի՞նչ հանճարով է ձվի մեջ հյուսվում
սիրտը արծիվի,
Երկրի խորքերից ի՞նչպես է ելնում
քամին հարավի…
Ի՞նչ հնարքով է
Ամպրոպը գոռում, գետը կարկաչում,
ծովը շառաչում,
Գառներն ինչպե՞ս են իրենց մայրերի
ձայնը ճանաչում…
Ո՞վ գոյակերտեց խայթը կարիճի, թունագեղձն օձի,
Ո՞վ է բորբոքում ձագին սիրելու
բնազդն առյուծի.
Ի՞նչ գիտությամբ է եղնիկը ծնում,
արջը ձուկ բռնում,
Տերևն ինչպե՞ս է ձմռան գալուստը նախապես զգում…
Ի՞նչ օրենքով է… ի՞նչ իշխանությամբ…
Ի՜նչ զորությամբ է… ի՜նչ իմաստությամբ…
ՔՐՄԱՊԵՏ — Երևում է, տեր, մահվան ննջի մեջ համահաղորդ ես եղել երկնային զորություններին:
ՇԱՀԻՆ — Ճիշտ հակառա՜կը… ուրվականների հախուռն մի խումբ այցելել էր ինձ և հիշեցնում էր նախկին մեղքերս:
ՔՐՄԱՊԵՏ — Չեմ հասկանում քեզ…
ՇԱՀԻՆ — Ո՜հ, կարևոր չէ, թողնենք երկինքն ու սանդարամետը… Լավ կանես պատմես՝ ի՞նչ կա աշխարհում:
ՔՐՄԱՊԵՏ — Մտահոգություն ունեմ, կուսակալ…
ՇԱՀԻՆ — Ի՞նչ է պատահել:
ՔՐՄԱՊԵՏ — Թագավորական կարգերի հանդեպ ապստամբողներ կան… Քրիստոնյաները… նրանք առավել հանդուգն են դառնում: Չեն հնազանդվում մեր աստվածներին. չեն երկրպագում մայր Անահիտին, նսեմացնում են փառքն Արամազդի, ծաղրում են Միհրին, հեգնում Վահագնին, անարգում Տիրին… և համոզում են մարդկանց, թե՝ սրանք աստվածներ չեն:
ՇԱՀԻՆ — Ինձ ի՞նչ դրանից, ձեր աստվածները մեր խնդիրը չեն….
ՔՐՄԱՊԵՏ — Նրանք չեն պատվում պարսից արքային, այլ թագավոր են ընդունում Հիսուս անունով մեկին, ում հրեաները տարիներ առաջ խաչին գամեցին Երուսաղեմում:
ՇԱՀԻՆ — Թե չեմ սխալվում, քրիստոնյաներից մի քահանայի, քո իսկ հորդորով, ձերբակալել ենք:
ՔՐՄԱՊԵՏ — Դա բավական չէ՛, հավատա, պետք է բոլորի՜ն վերջ տալ: Ի դեպ, մեր մարդիկ հայտնաբերել են նրանց որջերը: Հրամանիդ ենք սպասում, որ իսկույն ամենքին բռնենք…
ՇԱՀԻՆ – (ընդհատում է): Ուզում ես ասել, իմ ուշքի գալով խանգարեցի քեզ, կոտորել նրանց ինչպես թատրոնի պահակազորի՞ն… (Քրմապետը քարանում է կուսակալի սպառնալից հայացքի ներքո:) Քրմապետ հիշի՛ր, ձեր կրոնական հարցերին ես չեմ միջամտելու: Լա՛վ, ուրիշ ի՞նչ կա…
ՔՐՄԱՊԵՏ — Երեք օր է, ինչ տեղս չեմ գտնում: Ազգայնականներն իրենց անընդհատ քարոզների մեջ խոսում են հայոց վերազարթոնքից, այն էլ այնպիսի խանդավառությամբ, որ լսողների մեջ արթնանում է իրենց պատմական անցյալի մասին հիշողությունը:
ՇԱՀԻՆ — Է՜, խոսում են, թող խոսեն, հետո ի՞նչ…
ՔՐՄԱՊԵՏ — Նրանք մեծ հույս են կապում այն թշվառ բանտարկյալի հետ, ով համարձակվեց ամֆիթատրոնում ձեռքն իր բարձրացնել կուսակալիդ դեմ: Ժողովրդի մեջ տրամադրություն կա, թե նա հերոս է, և համակրանք է ձևավորվում այդ անձի հանդեպ… Նրան անհապաղ պետք է վերացնել և մարել հույսն այդ:
ՇԱՀԻՆ — Մտավախությո՞ւն ունես, քրմապետ…
ՔՐՄԱՊԵՏ — Հռոմից տագնապալի լուրեր ենք ստացել: Կայսրն ուզում է նվաճել Հայքը:
ՇԱՀԻՆ — Այ քեզ ախորժակ…
ՔՐՄԱՊԵՏ — Իսկ գիտե՞ս, թե ում ձեռքով է ուզում իրականացնել այդ ծրագիրը:
ՇԱՀԻՆ — Խոսրովի որդո՞ւ…
ՔՐՄԱՊԵՏ — Այո՛, զորավար Տրդատն այս պահին կայսեր հորդորով մի լեգեոն է կազմել հայերից: Նրան այս հարցում օժանդակում են հայ իշխանները:
ՇԱՀԻՆ — Միշտ զարմանացել եմ, թե արքայորդուն ինչպես հաջողվեց օտարության մեջ այդքա՜ն բարձրանալ կայսեր աչքերում… Սա հիացմունքի արժանի գործ է:
ՔՐՄԱՊԵՏ — Դրան նպասեց այն, որ վերջերս Հռոմում կայսրերը մեկմեկու ավելի հաճախակի էին փոխարինում, քան աշունն՝ ամռանը:
ՇԱՀԻՆ — Ուզում ես ասել, այս պայմաններում դո՞ւ էլ կհասնեիր նման արդյունքի…
(Շահինի հեգնանքը խոցում է քրմապետին: Կուսակալը մոտ է կանչում դպիրին:) Իսկ դու ի՞նչ կասես, այս մասին, դպի՛ր:
ԴՊԻՐ — Երբ Պրոբոսն իր զինակիցներից դավաճանաբար սպանվում է, նրա զորքն հարձակվում է Լիկիանոսի պալատի վրա: Ասում են, այնտեղ Տրդատը, մենակ դիմակայելով՝ դավադիրներին ե՛տ է շպրտում: Արքայազունը բացառիկ ուժ և քաջություն ունի:
ՔՐՄԱՊԵՏ — Պատկերացնում եմ, թե կայսերն ինչքա՜ն երախտագետ է հանդեպ Տրդատի… Այնպես որ այժմ Արշակունյաց զարմն հիրավի բարձր դիրք է զբաղեցնում Հռոմի պալատում, իսկ Մանդակունի Արտավազդը իր հավատարիմն է բոլոր գործերում:
Ներս մտնում Քամեսը:
ՔԱՄԵՍ — Քեզ տեսակցել է ուզում հռոմի դեսպան Դեմիտրիանոսը:
ՇԱՀԻՆ — Նե՛րս հրավիրիր:
Քամեսը դուրս է գալիս:
ՔՐՄԱՊԵՏ – (ծոցից գալարաթուղթ է հանում): Լա՛վ, որ Հռոմի դեսպանն այստեղ է… Սա ներկայացրու Դեմիտրիանոսին:
ՇԱՀԻՆ — Սա ի՞նչ է, քարտե՞զ…
ՔՐՄԱՊԵՏ — (որ դպիրը չլսի): Այստեղ գծված է, թե ինչպես է պետք Հայքն երկու մասի բաժանել` արևելյան և արևմտյան:
ՇԱՀԻՆ — Նկատի ունես՝ Պարսից և Հռոմի՞… Իսկ ինչո՞ւ համար…
ՔՐՄԱՊԵՏ — Որ դյուրին լինի նրան տիրելը:
ՇԱՀԻՆ — Բայց մի՞թե այժմ Հայքը նվաճված չէ Պարսից կողմից:
ՔՐՄԱՊԵՏ — Այո, դու ճիշտ ես: Բայց հավատա, սա երկար չի տևի: Կանցնի կես դար կամ երկու` չգիտեմ, և Հայքը նորից կվերգտնի իր երբեմնի փառքը:
ՇԱՀԻՆ – Այլ կերպ ասած` պետք է դուրս բերել հային հայի դեմ… Բայց կաց, քիչ առաջ ասացիր՝ Հռոմի կայսերն ուզում է Տրդատի ձեռքով նվաճել Հայքը: Ինչո՞ւ նա պիտի հրաժարվի իր մտադրությունից և համաձայնի կիսել այն մեզ հետ:
ՔՐՄԱՊԵՏ — Եթե իմանա, որ առանց կռվի կստանա կեսը, երկրորդ կեսի համար պատերազմ չի նախաձեռնի:
ՇԱՀԻՆ — Ո՜ւր են հասցրել քեզ մտորումներդ, քրմապետ… Գիտե՞ս, պահ է գալիս, որ մտածում եմ, թե ազգությամբ հայ չե՛ս, դու ավելի շատ հայատյաց ես, քան այս ազգի որոշ թշնամիները:
ՔՐՄԱՊԵՏ — Իզուր ես այդպես կարծում, կուսակա՜լ, ես հայատյաց չե՛մ: Տրդատն իր գալով, կբերի Հռոմի բարքերն ու հունաց աստվածներին: Նման անհաջող մի փորձ կատարեց Տիգրանն իր օրում, բայց չհաջողեց: Ես մտածում եմ, զիջելով Հայքի մի մասը, գուցե, փրկենք մյուս կեսը…
Ներս է մտնում Հռոմի դեսպան Դեմիտրիանոսը: Նա հագել է իր տոնական տոգան: Հագուստի տակից երևում է վիրակապը, որ վկայում է՝ վերքն ամբողջությամբ չի ապաքինվել: Դպիրը մոտենում է պաշտոնյաներին՝ արձանագրություն կազմելու նրանց զրույցից:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Ազնիվ բարեկամ, ուրախ եմ քեզ ողջ-առողջ տեսնել:
ՇԱՀԻՆ — Շնորհակալ եմ, որ համբերությամբ հետևել ես իմ ապաքինմանը:
Ներս է մտնում Պանտեան՝ մրգերով սկուտեղով ու սափորով գինիով: Սկուտեղը դնում մահճակալի կողքի փոքրիկ սեղանին: Աղջկա տեսքը ցնցում է Դեմիտրիանոսին:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — (Շահինին): Ո՞վ է աղջիկն այս, որ վառվռում էր ծիածանային գունասքանչությամբ, արևի պես ջերմ, աստղի պես փայլուն, օդի պես թեթև, զեփյուռի պես զով, հողի պես փխրուն, ծաղկի պես քնքուշ…
ՇԱՀԻՆ — Իմ դուստրն է, իմաստը կյանքիս:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — (Շահինին): Երդվում եմ Զևսով, նրա պես չքնաղ էակ չի տեսել աշխարհն իր օրում: (Պանտեային.) Ով սքանչելուհի, անունդ ի՞նչ է…
ՊԱՆՏԵԱ – Պանտեա:
Դեսպանի հաճոյախոսություններից շիկնած օրիորդն լքում է սենյակը:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Պանտեան գնաց, բայց նրա բերած խինդն ու հմայքը սկուտեղին դրված ուտեստների հետ մնաց սենյակում… (Գինուց կում է անում:) Տեղյա՞կ ես արդյոք, թե ովքեր էին այն սանձարձակները, որ հանդգնությամբ խառնաշփոթի մատնեցին ամֆիթատրոնը՝ ոտնձգելով մեծությանդ դեմ:
ՇԱՀԻՆ — Հը՜մ… առայժմ՝ ոչ: Ի՞նչ է հայտնի քեզ:
ՔՐՄԱՊԵՏ – (մեջ է ընկնում): Երևում է, որ առաջ ես ընկել մեր քննիչներից…
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ – (անտեսելով քրմապետի հարցը): Շահին, քեզ վրա մահափորձողը Կեսարիայից է և ինձ բարեկամ մի ընտանիքի մինուճար որդի…
ՔՐՄԱՊԵՏ — Որտեղի՞ց են այդ մանրամասները…
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ – (այս անգամ էլ անտեսելով քրմապետին): Այդ չարաբաստիկ օրը, երբ նրա նետերից մեկը խոցեց նաև ինձ, իմ թիկնապահը վրեժխնդրաբար նետվում է նրան բռնելու, սակայն երբ մոտենում է, ճանաչում է իմ ընկերոջ որդուն՝ Կեսարիայի թիվ մե՛կ նետաձիգին: Նրա անունը Արգավան է: Նա խաղաղասեր մի քրիստոնյա է…
ՔՐՄԱՊԵՏ — Ահա թե ինչ. նա քրիստոնյա՞ է… հիմա էլ նրանք ոտնձգում են պարսից գահի դեմ:
ՇԱՀԻՆ — Էլի՞ քրիստոնյա… Վերջերս բանտում մի քահանա ենք փակի տակ առել. սա քարոզում էր, որ աստված մեկն է և անարգելով մյուս կրոնները՝ խռովություն էր գցում մարդկանց մեջ: Գուցե Արգավանը վրեժխնդի՞ր է եղել մեզանից:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Չէ՜, Արգավանը խռովարար չէ: Նա Կեսարիայում հայտնի է որպես աստվածավախ մարդ, բարեգո՛րծ, սակայն, ո՛չ ապստամբ և ո՛չ էլ վրիժառու… ինչպես իր մայրը, որ Մանդակունեաց ազնվաճյուղից է:
ՇԱՀԻՆ – (այս լսելով՝ ցնցվում է): Ի՞նչ… ի՞նչ…
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Ասում եմ…
ՇԱՀԻՆ — Ասացիր՝ նրա անունը ի՞նչ է…
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Արգավա՛ն է:
ՇԱՀԻՆ — Չէ՛, ազգատո՜հմը:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Մանդակունի է, չե՞ս լսել երբեք այդ տոհմի մասին. նրա մայրն իշխան Արտավազդի քույր Շուշա՜նն է: (Շահինը այլայլվում է:) Ի՞նչ եղավ, իշխան, քեզ լավ չե՞ս զգում…
ՇԱՀԻՆ — Մանդակունիներն այլևս պիտի վերացած լինեին երկրիս երեսից:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Վերացա՞ծ…
ՇԱՀԻՆ — Այո՛, նրանց բոլորին ե՛ս եմ կոտորել:
ՔՐՄԱՊԵՏ — Լսեցի՞ր, Շահին, նա Մանդակունի է և քրիստոնյա:
ՇԱՀԻՆ — Մենակ թողեք մեզ: (Քրմապետը և դպիրը քայլ են անում, որ հեռանան:) Դպիր, դու մնա՛… (Քրմապետը դժգոհ լքում է սրահը:) Դեմիտրիանոս, քիչ առաջ հարցրեցիր՝ լսե՞լ եմ արդյոք այդ ցեղի մասին: Այո՛, բարեկամ, ոչ միայն լսել, այլև առիթ եմ ունեցել նրանց ցեղասպանելու: Նրանց մանկանց ճիչն ու աղաղակը, անտեսանելի զանգի ղողանջով կեղեքում են խիղճն իմ ամեն վայրկյան: Իսկ կանանց աղերսն ու որդեկորույս մայրերի լացը քունն իմ վերածել են մղձավանջի…
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Ո՞րն էր նրանց մեղքը:
ՇԱՀԻՆ — Մեղավորն այստեղ քո դիմաց նստած ա՜նձն է, բարեկամ:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Ի՞նչն է քեզ դրդել այդպես վարվելու… պատճառներ ունեի՞ր:
ՇԱՀԻՆ — Պատճառնե՞ր… ավաղ. այնպիսի պատճառ ինձ հայտնի չէ, որն ի զորու լինի արդարացնելու պատժի այս ձևը: Դատաստանն արդար մի՞թե այն չէ, որ պատիժն հանցանքին լինի համարժեք:
Մի պահ լռություն է տիրում:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Ինձ ինչ որ բան ես կամենում պատմել…
ՇԱՀԻՆ — Տարիներ առաջ, երբ պարսից արքա Արտաշիրն Անակ Պարթևի ձեռքով վերջ տվեց կյանքին Խոսրով արքայի և ուժով զավթեց երկիրը նրա, հայոց նախարարները Արշակունյաց ցեղի հետ արտագաղթեցին և ապավինեցին հույներին: Նրանցից մեկն էլ Արտավազդ Մանդակունին էր: Սա Խոսրովի Տրդատ որդուն տարավ Հռոմի կայսեր դուռը: Այս իմանալով՝ Արտաշիր արքան հրամայեց կոտորել ու ոչնչացնել Մանդակունիների ամբողջ ցեղը: Գործն այդ հանձեցին ինձ: Ես այդ ժամանակ ինձ մոտ հանդեսի հրավիրեցի Մանդակունի ողջ իշխանատոհմը և գլխատեցի նախ ցեղի մեծերին, ապա՝ մյուսներին:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Հիմա հասկանալի է, թե որտեղից է Արգավանի ատելությունը քո հանդեպ:
ՇԱՀԻՆ — Դու, եղբայր, նույնպես, հավանաբար ինձ կատես այլևս… Տարտարոսի հուրն հոգուս այրումով կբոցավառվի հավերժության մեջ, և ուրվականներն իմ մահվան լուրով կզվարճանան մոտ ապագայում, զի կյանքիս հույսը վատնել եմ իսպառ իմ քարսրտությամբ:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Բնավ, ոչ, եղբայր: Դու կատարել ես կամքն Արտաշիրի: Քո պատմության մեջ ակներև է ցավն հոգուդ զղջումի, որ ազնիվ սրտիդ ցուցիչն է անշուշտ:
ՇԱՀԻՆ — Ի դեպ, բարեկամ, սրտանց ողբում եմ մահը Պրոբոսի…
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Անշուշտ, մեծ սուգ էր կայսեր վախճանը, բայց ողբերգությունն առավել է մեծ, երբ զորավարը դավաճանության զոհ է դառնում իր զինվորի ձեռքով:
ՇԱՀԻՆ — Իսկ Լիկիանո՞սը…
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Լիկիանոսի իշխանությունը օր օրի վրա ավելանում է, և Հռոմում նրա կշիռն առավել ծանր է դառնում:
ՇԱՀԻՆ — Ասա ինձ, ազնիվ պատվիրակ Հռոմի, Հայկազյան գահի թագաժառանգը…
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Խոսրովի որդի՞ն… նա խիստ շահեկան դիրք է զբաղեցնում Հռոմի պալատում:
ՇԱՀԻՆ — Լսել եմ, որ նա Հռոմում պատվական զորավար է և վայելում է կայսեր գովքն ու հովանին:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Այո՛… Տրդատի շնորհքն ու փառքը կայսեր պալատում գնահատված է հարգով ու պատվով:
ՇԱՀԻՆ — Պատկերացնում եմ, թե Լիկիանոսը ի՜նչ վարձք է տվել իրեն փրկողին…
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — …Եվ փառք, և պատիվ, և իշխանություն…
ՇԱՀԻՆ — Դա ահազանգ է պարսից Արտաշիր արքայի համար:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Հիրավի, որ դա անհանգստության հիմնավոր պատճառ պիտի համարվի Սասանի որդու խաղաղությանը: Տրդատը ռազմագետի բացառիկ տաղանդ ունեցող մեկն է և մարտ վարելու մեջ մի անխոցելի հակառակորդ:
ՇԱՀԻՆ — Ասա, ինչո՞վ է պայմանավորված այն համակրանքը, որ շռայլորեն արտահայտում ես հանդեպ այդ անձի:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Նրան համակրում ու մեծարում է նաև ոսոխը: Արքայազնն ասես աստվածների կողմից ուղարկված պատվիրակ լինի, առասպելական մի տիպար՝ ահեղ, ռազմական, վսեմ, ինչպես վարպետներն իրենց քարակոփ աշխատանքներում կերտում էին հունաց աստվածներին։ Նրա ամեն քայլն հաջողությամբ է, կռիվն՝ հաղթությամբ, խոսքն՝ իմաստությամբ, միտքը՝ խորհրդով, սիրտն՝ ազնվությամբ, վարքը՝ վայելուչ…
ՇԱՀԻՆ — Հնարավոր է՝ Հայքում զարգացող ազգային բոլոր այս շարժումները ուղիղ կապ ունեն քո պատմածի հետ:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Ժամանակների պահանջո՜վ է դա տեղի ունենում, ժողովրդի մեջ վերարթնացել է ազատ ապրելու հիշողությունը և հանուն դրա պատրաստ են անգամ զոհաբերվելու:
ՇԱՀԻՆ — Ինձ զայրացնում է, միաժամանակ՝ նաև զարմացնում այս ժողովուրդը: Այսքան հանճարե՜ղ և այսքան թշվա՜ռ… Պարսից կողմերում խոսում էին, որ այս ազգի վրա երկնային ինչ որ առաքելություն կա նախակոչված, որին մշտապես հակառակում և ընդդիմանում է այս ժողովուրդը իր համառությամբ… Սրանք շեղվել են իրենց նախահոր՝ Հայկյան պատկերից և հեռացել են պատվիրաններից, որ ունեին հնում՝ իրենց ավանդված… դրա համար էլ պատիժ են կրում այս թշվառությամբ:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Ի՞նչ պատկեր է դա և ո՞վ է Հայկը…
Շահինը նշան է անում, որ դպիրը խոսի:
ԴՊԻՐ — Հայկը մեր՝ հայերիս նախահայրն է: Նրա ձեռքով Աստված սաստեց գոռոզ Նեբրովթի հպարտությունը, ով Բաբելոնի տիրակալ Բելն էր:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Նեբրովթի մասին լսել եմ: Նրա օրերում խառնաշփոթ էր տիրում աշխարհում: Նա մի անավարտ աշտարակ շինեց և սպանվեց պատերազմի մեջ՝ նետի խոցումից:
ԴՊԻՐ — Հենց Հայկի նե՛տն է տապալել նրան, իսկ աշտարակն այդ՝ դա աշխարհակալ համատիրության նախօրինակն էր, որ չհաջողվեց: Փաստացի՝ Նեբրովթն առաջին կայսրն եղավ երկրում այս, ում զորությունը կասեցրեց Հայկն իր եռաթև նետով:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Ո՜հ, ահա թե ի՞նչ…
ՇԱՀԻՆ — Ըստ առասպելի, Հայկազյան նետի սլացքն հավերժ է:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Եվ ո՞ւր է սլանում:
ՇԱՀԻՆ – (ձեռքը դնում է Արգավանի նետից խոցված իր վերքին): Բռնապետներիս խոնարհեցնելու: Ա՛յդ են հասկացել տիրակալները, որ զգուշանում են այս ժողովրդից և չեն հանդուրժում հայի լինելը արեգակի տակ:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ — Ինձ հիացնում է վստահությունն այն, որով խոսում ես… Սիրելի Շահին, ես պիտի գնամ: Իմ ձիակառքը ամրոցիդ գավթում ինձ է սպասում: Տասնհինգ օր առաջ մեկնած կլինեի, եթե չլիներ անձիդ նկատմամբ սրտացավանքս: Հիմա, երբ գիտեմ, որ կազդուրվել ես, խիղճս հանգիստ է: Կարող եմ գնալ:
ՇԱՀԻՆ — Բարի ճանապարհ, ազնվական այր: Թող աստվածները ուղեկցեն կառքդ խաղաղության մեջ:
ԴԵՄԻՏՐԻԱՆՈՍ – (քայլ է անում, որ հեռանա, ապա մոտենում է կուսակալին, շշուկով): Շահին, իմացիր՝ այս պահին Հռոմի կայսրը զենքով և պատերազմի այլ միջոցներով սպառազինում է զորավար Տրդատ արքայազնին և գուցե հենց վաղն էլ Խոսրովի որդին կռվով կելնի պարսից զորքի դեմ: Իսկ թե Տրդատը մտադրվել է՝ իր հոր ունեցվածքն ազատագրելու, ուրեմն, նրան դա կհաջողվի:
Դեմիտրիանոսը լքում է սենյակը:
ՇԱՀԻՆ — Ասա ինձ դպիր, ի՞նչ մարդիկ են այդ քրիստոնյաները:
ԴՊԻՐ — Իմ աստվածները Միհրն ու Վահագն են:
ՇԱՀԻՆ — Եվ այդուհանդերձ…
ԴՊԻՐ — Քրիստոնյաները պաշտում են Հիսուս անունով մեկին, ում Աստծո Որդի են կոչում:
ՇԱՀԻՆ — Եվ, այդուհանդերձ… ի՞նչ են դավանում, և ի՞նչ ուսմունքի են նրանք հետևում:
ԴՊԻՐ — Սիրել թշնամուն, ներել ոսոխին, չդատապարտել…
ՇԱՀԻՆ – (ձայն է տալիս ծառայապետին): Քամե՜ս…
Սենյակ է մտնում ծառայապետը:
ՔԱՄԵՍ — Լսում եմ, տեր իմ:
ՇԱՀԻՆ — Այն հանցավորը, որին բռնել եք…
ՔԱՄԵՍ — Այո, ազնիվ տեր…
ՇԱՀԻՆ — Պատրաստվե՛ք, որ ինձ ուղեկցեք՝ նրա հետ հանդիպման:
Քամեսը հեռանում է: Շահինի նշանով դուրս է ելնում նաև դպիրը:
ՇԱՀԻՆ — (մեկուսի): Այ քեզ երկնային զուգադիպություն.
Երազիս մեջի այն երեխան, ում ջանում էի փրկել, գուցե, հենց նա՜ է…
Կուսակալի աչքին երևում է երազի ուրվականը, ով մանուկներին կոտորելու հրաման էր արձակում:
ՈՒՐՎԱԿԱՆ – (հայտնվելով Շահինին՝ նախատում է նրան): Չէ՛, եթե թույլ տաս, որ պետության դեմ դավադիր մեկը խուսափի պատժից, ի՞նչ բարոյական իրավունք պիտի ունենաս` դատի կանչելու մյուսին, ով հանցավոր է պակաս, քան սա՛…
ՇԱՀԻՆ — Իսկ մի՞թե նրան դատապարտելով՝ երկրի երեսից պիտի վերանա մեղքն ու հանցանքը: Ի վերջո, դիրքս ողորմությա՞մբ եմ հաստատելու, թե՞ սրտմտությամբ:
ՈՒՐՎԱԿԱՆ — Իմաստությունով և արդարությա՛մբ:
ՇԱՀԻՆ — Իսկ գթությո՞ւնը…
ՈՒՐՎԱԿԱՆ — Որպես կուսակալ՝ դու պարտավոր ես վճի՛ռ կայացնել, նրա պատճառով մարդիկ են զոհվել: Եվ հետո պարսից թագավորը թե իմանա, որ դու Մանդակունի ես ողջ թողել, անշուշտ կգլխատի քեզ: (Հեռանում է:)
ՇԱՀԻՆ — (մեկուսի).
Ո՜հ, հաշտություն եմ թախանձում քեզնից,
հոգեսեր Աստվա՜ծ…
Սրտիս խորքերում իրար են բախվել
երկու հակաուժ,
Որ բռնվելով մշտատև վեճի,
Հոգիս սարքել են մի լլկատեղի
Ու չեն կամենում զիջել մեկմեկու.
Ո՞վ է հաղթելու ուժերի այս թեժ Գոյապայքարում,
ե՞ս, թե՞ դարձյալ ե՛ս…
չե՛մ զանազանում…
Չէ՜, թո՜ւյլ եմ, Աստվա՜ծ. տկար եմ,
ինչպես Ձեռնարկն անհաջող, թուղթը մրոտող
Գիրքն այն անվսեմ, որ կարդացողի
Աչքը հոգնեցնում, իսկ հոգուն՝ բացի
Ձանձրույթից ոչինչ չի առաջարկում:
Տխո՜ւր եմ, Աստված…
Երեխայական իմ մաքրությունը,
Անմեղությունը ու բարությունը,
Իրար հաջորդող շար ու շարանով
Քարավան կազմած, լքում են հոգիս,
ե՛տ կանչիր նրանց…
Անկեղծ ուզում եմ դառնալ դեպի քեզ,
Բայց համառորեն շեղվում եմ քեզնից.
գթա՜ ինձ, Աստվա՛ծ.
Քեզնից ստացած լույսն ու շնորհը
Խեղդել եմ իմ մեջ ամբարտավանի Մեծամտությամբ
ու դարձել է՛լ ստոր…
Ծուլացել եմ, Տեր, դարձել հապաղկոտ,
Ինչպես արևի լույսը քողարկող
անանձրև մի ամպ,
Որ անհողմ օդում փռվել է անդարդ
Ու երկնասլաց իր ճամփորդության հրճվանքն է վայելում…
Այս ո՞ւր եմ հասել…
Կյանքի բովանդակ բերկրանքն անտեսել,
Մահվան դժնդակ նամշապատկերն եմ
Անդադար խարկում մտքերիս բովում…
Լսի՜ր ինձ, Աստվա՜ծ.
Թե միտքս ինձնից առաջ է անցել այնպես ուժգնորեն,
Որ անարգել է հոգևորն ամեն,
ընդհատի՛ր նրան,
Սաստի՛ր սլացքն այդ ոչ աստվածային,
Որն ինձ տանում է հեռու քեզանից:
Խլի՛ր ձեռքիցս ղեկն իմ օրերի
Եվ առաջնորդի՛ր ընթացքը կյանքիս
կամքիդ համընթաց…
Ես ինքս ինձ հետ չեմ համերաշխվում.
Հաշտություն տուր ինձ, ողորմած Աստված:
ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՈՐԴ
ԲԱՆՏԱԽՑՈՒՄ: Խցում շղթայված՝ երեք կալանավոր կա: Մթության միջից աղոթքի ձայն է լսվում.
ՔԱՀԱՆԱ – (մեկուսի).
Խավարն ինձ գտավ, երբ որ մարել էր
Հոգուս կանթեղը սիրո պակասից,
Եվ ողորմություն չկար այլևս
սրտիս պահոցում:
Կորուստն ինձ հասավ, երբ մթամել էր
Լույսն իմ աչքերի խարխափանքով խոր
Ու վհատվել էի անհավատությամբ
մահվան ծմակում…
Իսկ կործանումը՝ հառնեց իմ առջև,
Երբ գալարվում էի քամահրանքով լի,
Ու միանգամայն քրքրվել էր իմ
Կարեկցությունը անտարբերությամբ…
Եվ համակվեցի ես ահով Աստուծո բացակայության.
Ու հատուցումի սպասումից անձս
պատվեց սոսկումով:
Գերեզմանն իմ դեմ բացեց դռները հանդերձյալների,
Ու ես հանցանաց ձորով քայլեցի՝
թանձր մեգի մեջ.
Եղա ժողովքում ուրվականների,
Եվ հեղեղատը տեսա կուռքերի,
ուր մահեր կային շատ,
Եվ մեռելների դիահոտ՝ այնքա՜ն
սոսկալի ու գարշ…
Արդ, դժոխքն այդժամ կանչեց ինձ՝ եղբայր,
Սանդարամետը կոչեց՝ բարեկամ,
Սատակումն՝ ընկեր, վախճանն՝ հարազատ,
Վիշտը՝ դրացի, ցավը՝ յուրային…
Ոհ, Տեր, ազատի՜ր… Ոհ, Տեր, հաջողի՜ր…
Խնդրում եմ, ներիր մեղքերս անթիվ,
Հանցանքս առատ, Ոճիրքս բազում,
Խեղությունքս շատ, կեղծիքս հազար,
Զազրանքներս բյուր, բամբասանքս մեծ,
Չարիքս ահեղ, վախս վիթխարի, Նենգությունս խորն,
Ագահությունս տիեզերածավալ,
Դավաճանությունն իմ անչափելի,
Եվ ուրացումս անընդգրկելի:
Հիսուս Քրիստոս, Որդի Բարձրյալ Հոր,
Ծնունդ անքնին, Բա՜ն առաջնահունչ,
Է՜ նախահռչակ, Անուն սկզբնակոչ,
Քե՜զ եմ մատուցում շուրթերիս պարարտ զվարակները.
Ընդունի՜ր ճարպերն հոգուս զղջումի,
Սկուտեղը սրտիս ապաշխարության,
Խո՜ւնկն արցունքներիս, յո՜ւղը աղոթքիս…
Քո սրբությանը ապավինեցի, Տեր,
թող չամաչեմ…
Քո արդարությունն հավանեցի, Տեր,
թող չերկնչեմ…
Քո դատաստանին հանձնվեցի,
թող չհանդիմանվեմ…
Քո ողորմությանն հուսացի, Տեր, թող չդատապարտվեմ:
Աղոթական կանչը զգաստացնում է Արգավանին, ով նստած է երկու բռնավորների միջև:
ԱՐԳԱՎԱՆ — Ամեն և ամեն… Թող որ աղոթքիդ խնկածուխն իբրև բուրավետ վկա, առաքվելով վեր, դեպի երկնային բարձրությունները՝ Արարչի առջև բարեխոսություն լինի քեզ համար:
Երրորդ բռնավորը, ով Արգավանի ձախ կողմն է նստած, միջամտում է:
ԽՈՐԵՆ — (Արգավանին): Փառք աստվածներին, կարծում էի, ուշքի չես գա, բարեկամ:
ՔԱՀԱՆԱ — (Արգավանին): Քո հակիրճ խոսքից հասկացա, որ դու աստվածճանաչ ես:
ԽՈՐԵՆ — Սա քահանա է քրիստոնյաներից: Նա քրմապետի հրամանով է հայտնվել այստեղ է, որ չի խոնարհվել կուռքերի առաջ:
ԱՐԳԱՎԱՆ — Քրիստոնյա՜ եմ: Աշակերտել եմ Փերմելիանոսին Կեսարիայի մեջ:
ՔԱՀԱՆԱ — Անունդ ի՞նչ է…
ԱՐԳԱՎԱՆ – Արգավան:
ՔԱՀԱՆԱ — Արգավան, ի՞նչ պատճառով ես հայտնվել այստեղ:
ԱՐԳԱՎԱՆ — Մարդ եմ սպանել… գուցե և մարդկանց… Ամֆիթատրոնում, նետի խոցումով զգետնեցի իշխան Շահինին և իր կողքին գտնվող մի քանի հոգու:
ՔԱՀԱՆԱ — Քրիստոնյա ես և մարդ ես սպանե՞լ:
ԱՐԳԱՎԱՆ — Բնից կտրված իմ ազգատոհմի վրեժն եմ լուծել այդ կուսակալից, ով կոտորել է Մանդակունյաց ճյուղն՝ երեխայից-ծեր: Մայրս՝ Շուշանը, ով Արտավազդի մինուճար քույրն էր, հավատացյալ էր և անվերապահ հետևորդն Հիսուս Քրիստոսի Սուրբ վարդապետության: Նա ինձ խրատեց այդ նույն ուսմունքի ոգուն հարազատ, ինչն ինքն էր կրում՝ քարոզիչների խոսքն ընդունելով: Սակայն իմ կյանքը տակն ի վեր շրջվեց, երբ որ իմացա դառնագին փաստն այն, որ կուսակալը… Եվ այդ օրվանից իմ սիրտը կորցրեց երեխայական միամտանքն ու սկսեց բաբախել վրեժխնդրությամբ:
ՔԱՀԱՆԱ — Հատուցումն ինչո՞ւ չվստահեցիր Աստուծո դատին:
ԲՌՆԱՎՈՐ — (Արգավանին): Շատ ճի՛շտ է արել, իր ձե՛ռքն է վերցրել հարցի լուծումը: Կեցցե՛ս, Արգավան, դու սխրագո՛րծ ես, քո հերոսական վարքը պատմության մեջ կզետեղվի ոսկե տառերով:
ՔԱՀԱՆԱ — Հերոսական վա՜րք. մարդասպանությունն հերոսությո՞ւն է, իսկ ողորմություն գործելն այդ դեպքում ի՞նչ է՝ թուլությո՞ւն:
ԽՈՐԵՆ — Ե՛ս էլ այդ օրվա ըմբոստներից եմ, որ քո արարքից ոգևորվելով, շատ խենթերի հետ կռիվ տվեցի ոստիկանների??? մի հոծ խմբի դեմ ու թեև հիմա բանտում եմ, սակայն քեզ զորակցելով՝ այդ օրը մի պահ հոգիս ճաշակեց ազատությունը: Կասկած չունենաս, դու քաջագործ ես:
ԱՐԳԱՎԱՆ — Ինչպե՞ս կարող եմ կոչվել քաջագործ, երբ չորս ծնողի դարձրեցի սգվոր, չորս կնոջ՝ այրի, և դեռ չգիտեմ, թե քանի-քանի՜ զավակի՝ անհայր…
ԽՈՐԵՆ — Բայց նաև ոմանց համար շահեցիր կյանքն իր զավակի, հոգին ամուսնու, առողջությունն հոր:
ԱՐԳԱՎԱՆ — Լավ, ընդունենք, թե սպանելով նրան՝ չարիք կանխեցի և գուցե սխրանք դրսևորեցի՝ վտանգելով ինձ, բայց թե հիրավի, սխրագործ եմ ես, ինչո՞ւ իմ սիրտը չի փառավորվում հաղթանակով այս, ինչո՞ւ ուրախ չեմ:
ՔԱՀԱՆԱ — Գիտե՞ս, Արգավան, երբ երեխա էի, անկեղծ կարծում էի, թե զորությունս կբավարարի՝ մինչևիսկ լեռը տեղաշարժելու: Իսկ երբ մեծացա…
ԽՈՐԵՆ — Իրականության զգացումը փոխե՞ց քո հայացքները:
ՔԱՀԱՆԱ — Ո՛չ, տկարացավ հոգուս հավա՜տքը: Փոքր տարիքում ուրախանում էի բոլորի համար…
ԽՈՐԵՆ — Իսկ ավելի ուշ հայտնաբերեցիր, որ մարդիկ չա՞ր են…
ՔԱՀԱՆԱ — Ո՛չ, սե՜րս խամրեց: Ժամանակ կար, երբ խիստ ամուր էի իմ համոզմունքներում. ջատագովում էի վսեմությունը…
ԽՈՐԵՆ — Հետո հասկացար, որ համառությամբ հեռու չե՞ս գնա…
ՔԱՀԱՆԱ — Գայթակղվեցի՜… Երբ պատանի էի, ես չէի կասկածում դրացիներիս ազնվությանը…
ԽՈՐԵՆ — Հետո հասկացար մարդու դավաճան ինքնէությո՞ւնը…
ՔԱՀԱՆԱ — Ո՛չ, փոքրոգացա: Քայլում էի վստահ, կանգնում էի հաստատ, խոսում էի հստակ…
ԽՈՐԵՆ — Եվ ի՞նչ…
ՔԱՀԱՆԱ — Սայթաքեցի՜… Օժանդակում էի կարոտյալներին, քաջալերում էի հուսահատներին, ողորմում` խեղճին…
ԽՈՐԵՆ — Իսկ հիմա ի՞նչ է…
ՔԱՀԱՆԱ — Անձս ցամաքեց, լույսս աղոտվեց, սիրտս վեհերեց, և այժմ ի՛նքս կարիքավոր եմ մխիթարության ու գթածության…
ԱՐԳԱՎԱՆ — Այդպես մի խոսիր, քո խոնարհ անձը շատ պատվական է ամենքիս համար:
ՔԱՀԱՆԱ — Ո՞ւմ է պետք աղը, երբ անհամ է այն:
ԱՐԳԱՎԱՆ — Ի՞նչ ես կամենում ասել դրանով:
ՔԱՀԱՆԱ — Արգավան, որդի, մի՛ թող՝ վրեժի որդը ուտի քեզ: Եվ պատերազմիր ազատությունդ կաշկանդողի դեմ, այլ ո՛չ թե մարմնի:
Ոտնաձայներ են լսվում, դռան փականի ձայնը: Ներս են մտնում երկու զինվոր, հետո՝ Քամեսը և կուսակալը, որի նշանով զինվորները դուրս են գնում:
ՇԱՀԻՆ – (Քամեսի ձեռքից վերցնում է կանթեղը, զննում է խուցը, մոտենում Արգավանին): Դո՞ւ ես Արգավանը, Մանդակունիներից…
ԱՐԳԱՎԱՆ — Այո, անունս Արգավան է և Մանդակունի եմ:
ՇԱՀԻՆ — Որտեղի՞ց է քեզ այդքան քաջություն կամ հիմարություն, որ հանդգնեցիր ոտնձգելու պարսից արքայի պաշտոնակրին:
ԱՐԳԱՎԱՆ — Ժառանգել եմ իմ հայրերից, որոնց դու կոտորել ես:
ՇԱՀԻՆ — Ես համոզված էի, որ Մանդակունի անունն այլևս չեմ լսի, սակայն…
ԱՐԳԱՎԱՆ — Սակայն հաշվարկիդ մեջ վրիպե՛լ ես:
ՇԱՀԻՆ — Հիմա՛ր պատանի, քեզ վերացնելով՝ կամբողջացնե՜մ իմ կիսատ գործը: Բացի քեզանից Մանդակունիքը քանի՞սն են… շա՞տ են…
ԱՐԳԱՎԱՆ — Նրանցից մեկն էլ բավական է, որ խափանի քունդ:
ՔԱՄԵՍ — Լռի՛ր, անպատկառ, չափդ ճանաչի՛ր, ինչպե՞ս ես խոսում մեծ իշխանի հետ:
Տեր, հրամայիր, սրան քառատենք ամֆիթատրոնում՝ բազմության առջև:
ԱՐԳԱՎԱՆ — Ես չեմ վախենում մեռնելուց: Ավա՜ղ, մահն ամենօրյա երազներիս մեջ, նահատակված իմ ազգականների ձայնով վրե՜ժ է պահանջում ինձնից:
Քամեսն առաջ է գալիս և զարկում է Արգավանի դեմքին: Վերջինս ուշաթափվում է:
ՇԱՀԻՆ — Դո՛ւրս բերեք իսկույն խցից ու տարեք տուն և իմ բժիշկը օժանդակություն թող ցուցաբերի նրան, անհապաղ:
Քամեսի ցուցումով երկու զինվորները ուշագնաց Արգավանին արձակում են շղթաներից և քարշ տալով, դուրս հանում խցից:
ԽՈՐԵՆ – (այս տեսնելով՝ չի կարողանում զսպել ցասումը): Կարծում ես, նրան պատանդ առնելով կարող ես գերե՞լ ազատ ապրելու մեր իրավունքը:
ՇԱՀԻՆ — Ո՞վ է տղան այս:
ՔԱՄԵՍ — Նրան բռնել են ամֆիթատրոնի իրարանցման մեջ կարգազանցություն հրահրելիս:
ՇԱՀԻՆ — Ազատ արձակեք:
Կուսակալն ու Քամեսը հեռանում են խցից:
287 թվական:
Երրորդ ամսի 27-րդ օրը, պատերազմներում մշտապես թրծված Խոսրովի որդու լեգեոններն անցան գրոհի և մեկը մյուսի ետևից սկսեցին ազատագրել հայրենի շեներն ու ավանները: Տրդատի զորագնդերը ասես ժայռերից պոկված բեկորներ՝ թափվեցին պարսից բանակի գլխին։ Վրահաս աղետն ու արհավիրքը հակառակորդի մեջ խուճապ գցեց, և աննշանակ դիմադրություններ ցուցաբերելով՝ պարսից զորքերը ընդհանուր նահանջ սկսեցին, մինչև որ հասան Մծբին: Հակառակորդը այստեղ Տրդատի դեմ էր դուրս բերել պարսից մահապարտ զորագնդերն ու պատերազմներում վարժված փղերին:
Հայոց արքայազնը Աստվածամարտիկ ասպետի փառքով առաջ նետվեց և մարտի բռնվեց պարսից զորքի հետ։ Նա սլանում էր կայծակի թափով ու շանթահարում իրեն հանդիման ելած ամենքին: Այսպես կռվելով՝ Տրդատը հատեց պարսից բանակի զորաշարքերը, իսկ հայոց զորքը, նրա սխրանքից ոգևորվելով, անցավ հարձակման։ Մծբինի բերդը ազատագրված է:
Հաջորդը Տիգրանակերտն է։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ
ԿՈՒՍԱԿԱԼԻ ՏԱՆԸ: Դպիրն Արտավազդին ուղղված իր նամակն է կարդում:
ԴՊԻՐ- (մեկուսի): Ո՜վ Մանդակունյաց տան ազնիվ իշխան, հոգու ցնծությամբ և ուրախությամբ ընդունեցինք այն բարեբեր լուրը, որ արքայազնի հետ հայոց զորքը առաջնորդելով հասել ես Մծբին: Իմ այս գրությամբ քեզ իմացնում եմ, որ Արգավանը ամֆիթատրոնում կուսակալի դեմ ելնելով, բազում խոցեր ստացավ: Իսկ բանտում վերքերն այդ բորբոքվելով, տասնհիգ օրվա մեջ իշխանազունին հյուծեցին մինչև կաշին ու ոսկրը: Բայց որքան էլ որ զարմանալի է՝ իշխան Շահինի տնօրինությամբ քրոջդ որդուն կալանավայրից տեղափոխեցին պալատ՝ բուժելու, և այժմ նրա կյանքին այլևս մահ չի սպառնում: Իմացիր նաև, որ Արգավանի զինակից Սմբատն իմ տանն ապահով պատսպարված է: (Կնքում է նամակը և մոտենալով դռան մոտ կանգնած Բուրզին, մեկնում է նրան:) Սա հասցրու Մծբի՛ն, տուր Արտավազդին և շուտ դարձիր տուն…
Բուրզը վերցնում է նամակը, գլուխ խոնարհում, գնում է: Ներս են մտնում քրմապետը և Քամեսը: Դպիրը թաքստոց է մտնում:
ՔԱՄԵՍ — Սրբազան իշխան, մտահոգվա՞ծ ես:
ՔՐՄԱՊԵՏ — Ինչպե՞ս կարող եմ չմտահոգվել: Տրդատի զորքը հաղթարշավելով մտել է Մծբին և արագընթաց մոտենում է մեզ: Իսկ կուսակալը ասես թե հատուկ դիտավորությամբ՝ զորքերն իր ետ է պահում կռվելուց:
ՔԱՄԵՍ — Երևում է, որ ուրվականները Շահինի հոգին գերել են քաղցր մելամաղձությամբ և նա պետության կարևորագույն, մյուս խնդիրներին անդրադառնալու ժամանակ չունի: Ու բավական չէ, որ Մանդակունյանց այն սանձարձակին, մահից փրկելով, բերել է պալատ, հետն էլ ազատեց նրան համակրող մի բանտարկյալի: Ես պատվիրել եմ, որ հետևեն այդ երիտասարդին… Վստահ եմ, որ նա մեզ դուրս կբերի իրենց որջի մոտ:
ՔՐՄԱՊԵՏ — Իսկ Մանդակունին այդ ի՞նչ եղավ… ուշքի եկե՞լ է:
ՔԱՄԵՍ — Դեռ ո՛չ: Ոչ ողջ է, և ո՛չ էլ՝ մեռած…
ՔՐՄԱՊԵՏ — Հիշիր, Քամես, նա չպետք է ապրի:
ՔԱՄԵՍ — Տեր, հրամայիր, և Արգավանի վերջը ես կտամ դաշույնիս շեղբով:
ՔՐՄԱՊԵՏ — Ի՞նչ դաշույն, հիմա՛ր, այդ փսլնքոտի սպանությունը ոտքի կհանի գավառի բնակչությանը: Ամֆիթատրոնում նրա կատարած հանցանքն ամենքի մոտ ընկալվել է որպես քաջություն: Նրան համակրում և ընդունում են իշխաններն անգամ… Վերցրու սրվակն այս, կխառնես ջրին: Սրա խմողը հիվանդանում է սոսկալի տենդով և մեռնում երկու-երեք շաբաթից: Մեզ ժամանակ է պետք ձգել, մինչև որ պարսից արքան Շահինին կկանչի Տիզբոն՝ հարցաքննելու:
ՔԱՄԵՍ — Ի՞նչ մեղադրանքով…
ՔՐՄԱՊԵՏ — Որ պատմության այս վճռորոշ պահին, երբ պարսից զորքերն իրար հաջորդող պարտություններ են կրում սպարապետ Արտավազդից, մեր սիրելի Շահինն օ՜ձ է իր տան մեջ տաքացնում: Այն էլ այնպիսի օձ, որը Մանդակունյաց վրեժի թույնով լի երախ ունի: Իսկույն կատարիր, ինչ ասացի:
Քրմապետը հեռանում է:
ՔԱՄԵՍ — (մեկուսի): Ծառայությունը ծառայություն է,
Իսկ ստրկությունը ստրկություն…
Եվ ի՞նչ առավելություն ունի ստրուկի հանդեպ իր տերը,
երբ նա՛ էլ ինչ-որ մեկի ծառան ու կամակատարն է…
Զինվորն հլու է իր տասնապետին,
Տասնապետները հպատակվում են հարյուրապետին,
հարյուրապետը՝ հազարապետին,
սա կուսակալին, նա էլ՝ արքային,
իսկ թագավորի կյանքի հսկողը իր թիկնապահն է, որ մի զինվոր է…
Ու, թե, հիրավի, հազարապե՜տը զինվորագրված մեկն է՝ իրենից զորավորի մոտ, ուրեմն, ինչպես զինվորն է ծառա, սա՛ էլ ծառա է հազարապատիկ…
Արդ, ինչո՞ւ պիտի ողբամ վիճակս, որ ստրուկ եմ ծնվել. ծառա լինելս կընդունեմ որպես ի վերուստ տրված մասնագիտություն և մեկի տեղը, միաժամանակ, երկո՛ւ տիրոջ մոտ մեջքս կծռեմ…
Սրան կքծնեմ, կսիրեմ, կօրհնեմ,
Նրան կդավեմ, կատեմ, կանիծեմ…
Եվ խարդավանքներ հյուսելով, գուցե, մեկ օր ստացվի՝ օգտապաշտության աստիճաններով վեր մագլցելով՝ կդառնամ իշխան-կուսակալ-արքա, գուցե և՝ կայսր:
Քամեսը հեռանում է: Դպիրը ելնում է թաքստոցից:
ԴՊԻՐ — Ախ, որքա՜ն հեշտ են որոշվում մարդկանց ճակատագրերը: Առյուծի արգանդն առյուծ է ծնում, վագրինը՝ վագր, իսկ գայլինը՝ գայլ: Բայց մարդն ունակ է ծնել մարդ և՝ «մարդ». մեկը գեղեցիկ աստղերի նման, բուրավետ, ինչպես ծաղկունքն հովիտի, մյուսը՝ անճոռնի՝ ցեխաճճվի պես: (Հեռանում է:)
ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ
ԿՈՒՍԱԿԱԼԻ ՏԱՆԸ: Արգավանը անգիտակից պառկած է թափանցիկ քողով վարագուրված մահճին:
Սենյակ են մտնում երեք օրիորդ և տարվում աշխույժ խաղով: Նրանց ճիչերը արթնացնում են Արգավանին: Նա հետևում է աղջիկների աշխույժ վարքին, հայացքը սևեռվում է նրանցից մեկի վրա: Փորձում է տեղից բարձրանալ, վայր է ընկնում: Աղջիկները նրան նկատելով՝ վախեցած դուրս են փախչում: Քիչ անց Արգավանը ուշքի է գալիս, մահճից բռնվելով՝ նստում է անկողնուն: Նայում է շուրջը՝ ամեն բան օտար են իրեն:
ԱՐԳԱՎԱՆ — Որտե՞ղ եմ… Ի՞նչ էր նոր տեսածն իմ… Միթե՞ երազ էր կույսն այն, որ աչքիս երևաց իբրև մի հուշ դրախտից` իմ բազմահալած սիրտն առնչելու հավերժության հետ. Նա հազար ու մի գիշերվա չքնաղ տեսիլ էր կարծես, տաճարում հնչող երաժշտության նման հոգեթով: Նրա աչքերի մթում իրար էին ձուլված երկնաշաղ լուսատուներն ու ծովի գիշերը, իսկ ժպիտն ասես լուսաբացում էր օրը նոր հույսով: Նրա վարսերը՝ ռազմի դրոշի ծածանման փառքով, իբրև բազմածուփ ծովերի շառաչ, հիշեցնում էին մի զորահանդես, ուր պատերազմից հաղթանակով ետ դարձած բանակը պատվո ողջույն էր հղում արքային: Երեսը լուսնի պայծառության պես արտացոլում էր զմայլանք ու սեր: Իսկ աչքերն, ասես տիեզերքի մթում որպես զույգ ջահեր փայլատակելով, հույս էին արթնացնում…
Հանձինս նրա` բնության բոլոր հրաշքներն ասես ներդրոշմվել էին մի կերպարի մեջ. վճիտ էր առվակի թափանցության պես… Հոգեսքանչ՝ որպես քամին լեռների… Կուսախանդ, ինչպես կոկոնը վարդի և անխառն` իբրև լույսն առավոտի…
Ներս է մտնում Դպիրը՝ սևազգեստ, ձեռքին կաշվե սև պայուսակ:
ԳՊԻՐ – (մոտենում, զննում է վերքը): Այլևս մահդ հաղթահարված է, փա՜ռք տուր արևին:
ԱՐԳԱՎԱՆ – (բռնում է Դպիրի ձեռքը): Ասա, ազնիվ մարդ, ովքե՞ր էին այստեղ քիչ առաջ խաղում ու խանդավառում… Իրակա՞ն էին այն աղջիկները, թե երազ էի տեսնում:
ԴՊԻՐ — Կարող ես հանգիստ լինել, տեսածդ երազ չի եղել և ոչ էլ պատրանք:
ԱՐԳԱՎԱՆ — Այդ դեպքում, խնդրեմ, ասա, ազնիվ մարդ, ո՞վ էր օրիորդն այն, որ իմ աչքերի առջև հայտնվեց իբրև երկնքում նորավառ աստղ և կամ արևի ոսկեթել ուղի` կենսախինդ-պայծառ-անհասանելի:
ԴՊԻՐ — Օրիորդն այն, ով քո առջև հայտնվեց մաքուր երկնքի հաստատության պես, վաղորդյան ցողի նման թարմաշունչ և քնքշասարսուռ` ասես ձյան փաթիլ՝ իշխան Շահինի սիրեցյալ դուստր Պանտեան է, ում վախեցրիր քո անսպասելի հայտնությամբ: Նրան չէին տեղեկացրել, որ սենյակը զբաղեցված է…
ԱՐԳԱՎԱՆ – (Կուսակալի մասին լսելով՝ լրջանում է): Ասա, ո՞վ ես դու և որտե՞ղ եմ ես:
ԴՊԻՐ — Ինձ Դպիր կոչիր: Ես այս պալատում Պարսից և Հայոց պատմության սերտողն ու պահապանն եմ: Աստվածների ողորմած կամքով նաև բժիշկն եմ իշխան Շահինի:
ԱՐԳԱՎԱՆ — Ես պալատո՞ւմ եմ…
ԴՊԻՐ – (սրվակ է հանում պայուսակից): Այո՛, դու կուսակալի տանն ես գտնվում: (Սրվակը մեկնում է:) Կուլ տուր հեղուկն այս, որ ապաքինվես:
ԱՐԳԱՎԱՆ – (ասես չի լսում հորդորը): Ինչպե՞ս եմ հայտնվել կուսակալի տանը:
ԴՊԻՐ — Իշխան Շահինն է կարգադրել, որ քեզ այստեղ բերեն և բժշկեն:
ԱՐԳԱՎԱՆ – (վրդովված): Հեռո՛ւ տար ձեռքդ…
ԴՊԻՐ — Լռի՛ր, ես բարեկամ եմ:
ԱՐԳԱՎԱՆ — Ինչո՞ւ պիտի հավատամ, երբ կուսակալի սպասավորն ես դու:
ԴՊԻՐ — Գոնե այն բանի համար, որ ընկերդ իմ տանն է գտնվում: Այս պահին Սմբատը հուսալի պատսպարված է իմ տանիքի տակ և իմ պատրաստած դեղաբույսերով ապաքինվում է: Սա էլ խոսքերիս վկայությունն է… (Ծոցից դաշույն է հանում, տալիս Արգավանին:)
ԱՐԳԱՎԱՆ — Սա Սմբատի դաշույնն է:
Արգավանը վեր կենալու փորձ է անում, ուժերը դավաճանում են, վայր է ընկնում:
ԴՊԻՐ — (հանգստացնող օշարակ է մեկնում): Քեզ չի կարելի հուզվել, խմի՛ր թուրմը և հանգստացիր:
Արգավանը խմում է: Սենյակ է մտնում ճերմակ ծառայազգեստով Քամեսը:
ՔԱՄԵՍ – (Արգավանին): Լուսազարդ տերն իմ կամք հայտնեց՝ տեսնել քեզ, իշխանազո՜ւն: (Ուզում է հեռանալ:)
ԴՊԻՐ — Քամես, այսուհետ իշխանազունին անհրաժեշտ բոլոր պարագաները, այդ թվում սնունդն ու դեղորայքը իմ անմիջական վերահսկումով պիտի հրամցվի: Այս սենյակ առանց իմ տեղեկության ոչ ոք չմտնի:
ՔԱՄԵՍ – (վախից գունատվում է): Բայց… կարգն այնպես է:
ԴՊԻՐ — Սա կուսակալի կարգադրությունն է:
ՔԱՄԵՍ – Ինչ-որ վտանգի ակնկալիք կա՞ նման զգուշության դիմելու համար:
ԴՊԻՐ — Այո, պարզվել է, որ այս պալատում թունավոր օձ կա, բայց քանի դեռ բռնված չէ, այլ ազատ սողում է, ստիպված ենք նախազգուշական քայլերի դիմել:
ՔԱՄԵՍ — Շատ լավ, հասկացա:
ԴՊԻՐ — Այս մասին հայտնիր նաև քրմապետին, թող նույնպես զգուշանա:
Քամեսի վախն ու խուճապն ակներև է դառնում: Նա հեռանում է: Արգավանը ելնում է անկողնուց և դպիրի օգնությամբ սկսում է հագնվել:
ԱՐԳԱՎԱՆ — Տարօրինա՜կ է… Շահինի կյանքին ոտնձգելով՝ ես կայացրեցի սեփական մահվան դատավճիռս: Սակայն մահապարտ կոչվելու համար խիստ ախորժելի պայմաններում եմ կրում «պատիժն» իմ. այն դեպքում, որ շատ պաշտոնյաների տրված չէր նույնիսկ կուսակալի տան նախագավիթին մոտ գտնվելու արտոնությունը:
ԴՊԻՐ — Հավատա, իշխան, նրա այս վարքի հիմքերը խորն են ու խիստ բազմածալ:
ԱՐԳԱՎԱՆ — Կենդանիներին մինչև մորթելը լավ կերակրում են… Միթե՞ փորձում է այս կերպ նվաճել վստահությունս, որ դառնամ մատնիչն ընկերներիս, կամ Մանդակունի մյուս ազատվածների տեղը իմանա՞լ:
Դպիրը գնում է սենյակի խորքը, արծաթյա սափորից գինի է լցնում, կում անում, ապա շրջվում իշխանազնի կողմը:
ԴՊԻՐ — Վստահեցնում եմ, այս պալատում քեզ զգուշանալ է պետք ոչ թե Շահինից, այլ քրմապետից՝ մարդկային ցեղի այդ խեղկատակից, որ մանկությունից ծախել է իրեն չարիք գործելուն: Այդ ծաղրախենթը իմացել է, որ դու քրիստոնյա ես, որոնց մշտապես նա հալածում է և խարդավանքներ նյութում նրանց դեմ: Զգույշ եղիր, իշխան, նա կարգադրել է՝ թունավորել քեզ: Ամֆիթատրոնում քո կատարածը ոգևորության ալիք է բերել ժողովրդի մեջ և շատ մարդկանց սրտերում ազատության հույս է արթնացել:
ԱՐԳԱՎԱՆ — Իսկ քրմապե՞տը…
ԴՊԻՐ — Նա կարծում է, որ սպանելով քեզ, մարդկանց սրտերից կխլի հույսն այդ:
ԱՐԳԱՎԱՆ — Միամտաբար համոզված էին, որ բարեպաշտ մեկն է: Համենայնդեպս այդ էին վկայում նրա ճառերն ու քարոզները, որ լսել եմ հաճախ:
ԴՊԻՐ — Այդ ճառերով ու քարոզներով նա ականջն է շոյում միամիտ մարդկանց:
ԱՐԳԱՎԱՆ — Իսկ ինչպե՞ս են մարդիկ ընդունում նրան:
ԴՊԻՐ — Հարուստների մոտ ընդունվում է հանց արդարության ազնիվ ջատագով, աղքատի համար` անգութ դատավոր: Մտերիմները նրան կոչում են արևի որդի, հեռավորները` խավարի ծնունդ:
ԱՐԳԱՎԱՆ — (մեկուսի): Ե՛ս, որ հավատքով ու մկրտությամբ քրիստոնյա եմ և պատվիրանի համաձայն պիտի սիրեի թշնամուս, թողություն շնորհեի պարտապաններիս ու ներեի իմ դեմ մեղանչողներին, առանց խղճի խայթ զգալու նետահարեցի մեկին, ում համար Աստուծո Միածինն Իր կյանքն է զոհել: Իսկ նա՛, որ մատի թեթև շարժումով կարող էր անձս մատնել դժոխքի չարչարանքներին, ինձ համար իր տան մեջ դրախտային անկյո՞ւն է ստեղծել… (Դպիրին.) Գուցե Շահինը ուզում է այս կերպ նվաստացնե՞լ ինձ՝ ցույց տալով, որ անհաջողակ վրիժառու եմ: Մեկտեղ, գթություն դրսևորելով, մարդկանց մեջ իրեն կներկայացնի որպես բարերար և ողորմած տեր: Կամ կամենում է սիրաշահությամբ կաշառե՞լ խիղճս, որ հոգիս կորցնի… (Մեկուսի:) Ա՜յ քեզ շրջադարձ… Բարեկաներս ի՞նչ կմտածեն: Պատկերացնում եմ Սմբատի դեմքը, երբ իմանա, որ Շահինի տանը պատիվների մեջ, փառք եմ վայելում:
ԴՊԻՐ — Քի՛չ էլ համբերիր և նրանց անձա՛մբ կբացատրես:
ԱՐԳԱՎԱՆ — Անձա՞մբ… բայց ինչպե՞ս…
ԴՊԻՐ — Դեմ առ դեմ կանգնած:
ԱՐԳԱՎԱՆ — Ծաղրո՞ւմ ես, ինչ է:
ԴՊԻՐ — Ինչպե՞ս կարող եմ…
ԱՐԳԱՎԱՆ — Ազնիվ մարդ, անշուշտ, վստահությունդ հույս է ներշնչում, բայց կբացատրե՞ս խոսքերիդ հիմքը:
ԴՊԻՐ – (ծոցից մի թուղթ հանելով): Սա կուսակալի բերդի հատակագիծն է, մինչ պարսիկների հաստատվելն այստեղ: Բերդը հիմա այլ տեսք ունի և շինարարական բազում գործեր են կատարվել քառորդ դարի ընթացքում: Սակայն քարտեզն այս յուրահատուկ է և պատկերում է ամրոցում առկա գաղտնուղիներն ու ծածուկ ելքերը: Դրանց մի մասը, որոնք անհայտ են Շահինի մարդկանց, պահպանվում են դեռ:
ԱՐԳԱՎԱՆ — Որտեղի՞ց է քեզ այս մագաղաթը:
ԴՊԻՐ — Իշխան Շահինի գրադարանից: Երկու տարի է, սա իմ ձեռքում է: Այս ընթացքում մանրամասն ուսումնասիրել ու վերծանել եմ այստեղ նշմարված ճանապարհները:
ԱՐԳԱՎԱՆ — Ուզում ես ասե՜լ…
ԴՊԻՐ — Ուզում եմ ասել, որ ամրոցի տակ, ժայռափոր մի անցք՝ ոլորապտույտ գալարուղիով, տանում-հասցնում է մինչև ձորակի գետաբերանը: Ես կարող եմ քեզ ցանկացած պահի դուրս բերել բերդից:
ԱՐԳԱՎԱՆ — Ուրեմն, ի գո՛րծ:
ԴՊԻՐ — Նախ և առաջ դու պետք է կազդուրվես վերջնականապես:
Ոտնաձայներ են լսվում: Դպիրը քարտեզը թաքցնում է: Ներս է մտնում կուսակալ Շահինը:
ՇԱՀԻՆ — Ի՞նչ ես մտածում, Մանդակունյաց զարմ, ինչո՞վ կավարտվի հունաց ու պարսից միջև այս ձգվող առճակատումը:
ԱՐԳԱՎԱՆ — Հայքի հաղթությա՜մբ:
ՇԱՀԻՆ — Երևում է, որ հույսդ չես կորցրել և երազելու կարողությունը քեզ չի լքել դեռ:
ԱՐԳԱՎԱՆ — Փառք երկինքներում բնակվող Աստծուն:
ՇԱՀԻՆ — Շատ ուշագրավ է պատասխանիդ ձևն հենց ա՛յս պահին, երբ Տրդատի զորքը հատելով Պարսից և Հռոմի միջև հաստատված սահմանն՝ հաղթական երթով մտել է Մծբին:
ԱՐԳԱՎԱՆ — Երանի նրանց, որոնց աչքերը կտեսնեն Հայքի վերազարթոնքը: Ի՞նչ է սպասվում ինձ և ո՞րն է արդյոք մտադրությունդ՝ կապված անձիս հետ:
ՇԱՀԻՆ — Մտադրությունս քո հանդեպ՝ ա՛յս է. դու ազատված ես ատյանի առջև պատասխան տալուց և թեկուզ այսօր կարող ես լքել ապարանքը իմ, գնալ՝ ուր կուզես:
ԱՐԳԱՎԱՆ — Պատճառը ո՞րն է քո այսօրինակ գթասրտության… ողորմածությո՞ւնը:
ՇԱՀԻՆ — Պատճառը, ավա՜ղ, դո՜ւ ես… Արգավան, քեզանից անկախ, դարձել ես խի՜ղճն իմ, մեղքերիս ծովում դու այն փրփո՜ւրն ես, որ քեզ ձեռք մեկնելով՝ հոգիս փորձում է փրկվել գեհենի չարչարանքներից:
ԱՐԳԱՎԱՆ — Երանի՜ բանտում մեռած լինեի… Քո այս վարմունքով ինձ ոչ թե օգնում, այլև ակամա խաչն ես բարձրացնում տասն և տասն անգամ՝ բազմապատկելով մահապարտյալիս ահն ու ամոթը:
ՇԱՀԻՆ — Քեզ չի՞ գոհացնում որոշումը իմ:
ԱՐԳԱՎԱՆ — Դու ուզում ես, որ երախտապա՞րտ լինեմ դահճին այն, ով սրհատել է Մանդակունյաց ճյուղն, ու հայոց գահը դարձնելով թափուր, հարկահավաք է դարձել իմ երկրում:
ՇԱՀԻՆ — Ով երիտասարդ, մտորումներիդ համա՜ր սոսկ պարսից դատարանը քեզ կհանձներ դահճին և ցուցադրաբար կքառատեին ամֆիթատրոնում՝ որպես դա՛ս այլոց:
ԱՐԳԱՎԱՆ — Իսկ այս պալատը, ի՞նչ է, օրենքից դո՞ւրս է, որ մահվան փոխարեն ինձ գութ և շնորհներ է մատուցում անվերջ:
ՇԱՀԻՆ —
Համոզված եմ, որ պատահական չէ մեր այս զրույցը, և ինչ որ անհայտ մի կանխորոշում կա այս ամենում: Այս ընթացքում, որ բուժում էիր առնում, քո մասին շատ փաստեր իմացա: Տեղեկացա, որ հունաց երկրում հաստատվելուց ետք, Կեսարիայի մի արվարձանի մեջ հայրդ՝ Տաճատը տուն է կառուցել և բնակվում է իր գեղեցկուհի Շուշան տիկնոջ հետ, ով քո մա՜յրն է: Գիտեմ, որ մայրդ, բացի այն, որ քիչ փրկվածներից է Մանդակունյաց մեջ, հարազատ քույրն է Արտավազդի, ով հանդգնություն կամ արիություն (կոչիր՝ ոնց կուզե՛ս) ունեցավ՝ պարսից արքայի ձեռքից ազատել Խոսրով արքայի որդուն և հասցնել Հռոմ:
ԱՐԳԱՎԱՆ – (շունչն ասես սեղմվում է կոկորդում): Երևում է, որ ժամանակը զուր չես վատնել, իշխան: Ասացիր, որ մեր զրույցն ի վերուստ կանխորոշված էր…
ՇԱՀԻՆ — Ինչ են դավանում քրիստոնյանե՞րը…
ԱՐԳԱՎԱՆ — Սա ի՞նչ կապ ունի մեր զրույցի հետ:
ՇԱՀԻՆ — Ինձ հայտնի է, որ մայրդ՝ Շուշանը հետևում է այդ ուսմունքին, որը քարոզում է մի մարդու հարության մասին, ում Հիսուս Քրիստոս են կանչում:
ԱՐԳԱՎԱՆ — Ահա թե ո՛ւր են հասնում ձեռքերդ…
ՇԱՀԻՆ — Ի՞նչ են քարոզում քրիստոնյաները…
ԱՐԳԱՎԱՆ — Սեր-խոնարհություն, գթություն-ներում:
ՇԱՀԻՆ – (քահ-քահ ծիծաղում է): Սե՜ր-խոնարհությո՜ւն, գթությո՜ւն-ներո՜ւմ… հետաքրքիր է, արդյոք սիրո՞վ է պայմանավորված ատելությունդ հանդեպ իմ անձը, թե՞ գթությամբ էիր ուզում ինձ սպանել:
ԱՐԳԱՎԱՆ — Դու խոսում ես իմ թերություններից, բայց, որ հարցրեցիր, ահա՛ ինչ կասեմ. իմ ապրած կյանքով արժանի չեմ այն Աստուծուն, որին պաշտում եմ, իսկ իմ սիրո պակասի համար հատուցման օրում պատասխան պիտի տամ Նրա՜ն… ինչպես որ դո՛ւ էլ՝ քո արարքների:
ՇԱՀԻՆ – (ոտքի է ելնում, կարճ շրջան գործում. անհանգիստ է): Կյանքս կտայի, որ քո մեղքերը իմը լինեին, այդպիսով հոգիս պիտի թոթափված լիներ մեծ բեռից:
ԱՐԳԱՎԱՆ — Այդպես մի՛ խոսիր, ինձ չե՛ս ճանաչում… Ես արդար մարդ չե՛մ: Եթե արդար ես փնտրում, այցելիր այն քահանային, որին փակել ես խոնավ զնդանում: Նրա բերանում զորության խոսք կա և հրաշքներ է գործում զանազան:
ՇԱՀԻՆ — Իզո՛ւր ես կարծում, թե քեզ չգիտեմ… Քո վրա դրոշմ կա երկինքներից:
ԱՐԳԱՎԱՆ — Այ քեզ նորությո՜ւն… Ես սովորական մահկանացու եմ և անկեղծորեն չեմ հասկանում, թե ո՞րն է գովերգիդ նպատակը, երբ ինձ մահվան պիտի դատապարտեիր արարքիս համար: Իհարկե, չէ՞ որ հրաշքով ողջ մնացիր իմ արձակած նետից:
ՇԱՀԻՆ — Ցավն էլ հենց դա՛ է. Արգավան, նետիդ սլաքի հետ դու ի՛նքդ էլ իբրև մի դրախտային շող ներթափանցեցիր սրտիս մթան մեջ: Այն օրվանից, ինչ ճանաչել եմ քեզ, ինձ ահաբեկող ուրվականները անհետացել են երազիս միջից և իմ աչքերը այլևս խաղաղ քնով են փակվում գիշերվա պահին: (Վերև նայելով, դիմում է Աստծուն:) Ո՜վ երկնային Տեր, որքա՜ն անքննելի են քո դատաստանները, և անհասկանալի ճանապարհներդ… (Կիսաձայն:) Ես երդվել էի, որ քեզ սպանելով՝ Մանդակունյաց իմ ազնվատոհմի վրեժը կառնեմ: Ասեմ ավելին՝ դեռ օրեր առաջ պատրաստ էի սրով խոցոտել նրան, ով փորձեր ինձ ե՛տ պահել այդ մտքից, սակայն հիմա ո՛չ միայն վայելում եմ քեզանից ստացած պատիվն ու հարգը, այլ աստվածային դիպվածով պիտի քեզ ուսուցանեմ հավիտենություն տանող երկնային ճանապարհները: Եվ ստացվում է՝ այսքան ժամանակ քեզ ատել եմ, որ գամ ու փրկություն քարոզեմ անձիդ:
Կուսակալը դուրս է ելնում: Արգավանը ծնկի է իջնում:
ԱՐԳԱՎԱՆ — Չխոնարհվեցի Քո առջև, Տեր իմ,
հակառակորդիս մո՜տ մեջք ծռեցի,
Չհոժարեցի երկրպագել Քեզ,
ախոյանիս մո՜տ գլուխ կախեցի։
Ծունկ չծալեցի խորանիդ առջև,
ոսոխի սո՜ւրը ծնկի բերեց ինձ։
Քեզնից ծածկեցի հանցանքս, սակայն
ամոթս հայտնի դարձավ թշնամո՜ւս։
Չապավինեցի ողորմությանդ,
սակայն խնդրեցի հալածողների՜ս։
Քեզ չհուսացի, Տե՜ր, և ստիպված էի
գութ հայցել անձս ամբաստանողի՜ց…
Քիչ հաղորդվեցի, շատ հալածվեցի,
Ուշ աղոթեցի, շուտով պարտվեցի,
Դանդաղ գործեցի, արագ հաղթվեցի,
Հազիվ խորհեցի, իսկույն սահեցի,
Չապաշխարեցի` գահավիժեցի,
Կանչվեցի` ընտիր չգտնվեցի…
ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ
ՏԱՃԱՐԻ ԳԱՎԹՈՒՄ: Տաճարի վերին բեմահարթակին կանգնած է քրմապետը: Նրա վարած ծեսը սպասարկում են աջ ու ձախ կողմերում կանգնած երկու քրմեր: Ներքևում ժողովուրդն է, որոնց մեջ ծպտված Բուրզն ու Խորենն են:
ԲՈՒՐԶ — Չէի կամենա, որ մեզ այստեղ տեսնեն, այն էլ՝ միասին:
ԽՈՐԵՆ — Ուզում եմ պարզել, ի՞նչ հետևանք է թողել մարդկանց մեջ ամֆիթատրոնում տեղի ունեցածը: Կա՛ց, սկսում են… Շեփո՜ր հնչեցրեք` թատրոնի սկիզբը ազդարարված է:
Քրմապետը պարզում է թևերն ու ձայնի ողջ խրոխտությամբ` սկսում որոտալ Վահագն աստծո ծնունդին նվիրված ծիսական երգը:
ՔՐՄԱՊԵՏ — Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ունէր եւ
զկարմրիկն եղէգնիկ:
Ընդ եղէգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղէգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ…
ԲՈՒՐԶ — Շինծու է երգում, ձայնն էլ կեղծում է:
ԽՈՐԵՆ — Ձայնի մեջ փառատենչության կնիք կա դաջված, ասես ուզում է իր երգի տոնով մեզ նուաստացնել:
ՔՐՄԱՊԵՏ — Նա հուր հեր ունէր, բոց ունէր մօրուս,
Եւ աչկունք էին արեգակունք:
ԽՈՐԵՆ — Հազիվ է երգում, քիչ էլ որ զոռ տա, կարող է պայթել:
ԲՈՒՐԶ — Սա պայթողը չէ, բայց այս գոռոցից իմ խեղճ գլուխը ցավում է արդեն:
Երգն ավարտվում է քրմապետի ձայնի խզումով: Սպասավորներից մեկը քրմապետին է փոխանցում ծիսական դաշույնը: Մյուսը նրան մոտեցնում է զոհաբերության գառն ու մի թաս է պահում զոհի վզի տակ:
ՔՐՄԱՊԵՏ – (դաշույնը հպում է զոհի վզին):
Արյան մեջ կյանք կա, կենաց մեջ` արյուն,
Արյան մեջ հողի բույրն է խտացած,
Եվ ամփոփուած է արևի ջերմը,
Ջրերի ուժը, հողմերի զովքը… Ոմանց օրենք չէ արյուն խմելը, բայց արիներիս, որ սպասարկում ենք զրություններին մեր ընծաներով, հավերժության հետ հարաբերուելու նպատակով` մեզ տրուած է վայելել աստվածների ճաշակելիքը` զի արյան մեջ է կենդանու շունչը: (Խոսքն ավարտելով քշտում է թևքերը, մորթում զոհն ու խմում թասի մեջ թափված արյունը:)
ԺՈՂՈՎՈՒՐԴ
Փա՜ռք, մեծն Վահագնին… փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք…
ԽՈՐԵՆ — Թո՜ւհ, քո… զզվելի, արյունարբու մարդ: Զուտ երևույթը պատկերացնելով խորապես զգում եմ, որ այս ծեսի մեջ վայրենություն կա:
ԲՈՒՐԶ — Էս խելագարը կարծում է՝ արյուն խմելով պիտի հավիտյան ապրի՞:
ԽՈՐԵՆ — Սրան որ թողնենք, մեզ կհորդորի մեկմեկու ուտել:
ԲՈՒՐԶ — Միշտ զարմացել եմ, թե ո՞նց է մարդն այս կարողանում՝ համոզված խոսել այսքան անհաստատ բաների մասին:
ՔՐՄԱՊԵՏ – (նորից բարձրանում է տաճարի վերին բեմահարթակ): Արիածին հայե՛ր, hայոց տոները ազգի մեջ նորոգում են ցեղային հավատքի` սիրո, զորության, արյան հարազատության, հիշողության շարունակելիության, հոգեձուլումի և այլ աստվածաշնորհ զգացողությունները: Շուտով գարնանային օրհավասարն է՝ Մեծն Վահագնի տոնը: Այդ օրը մենք` հայերս, նորոգում ենք մեր աստվածների, նախնյաց ոգիների, ազնվական ցեղամարտի նկատմամբ հավատքի զգացողությունները, հարաբերում ենք արարչական զորությունների հետ: Ոգեկոչման այդ օրը մեր մեջ նորոգելու ենք հավերժության զգացողությունը և ուլի ավանդական զոհաբերությամբ հզորացնելու ենք կապը նախնյաց ոգիների հետ: Բայց այսօր, մեր հայրենական ավանդույթները անարգողներ կան՝ քրիստոնյանե՜րը: Նրանք օտարածին իրենց գաղափարները ճշմարտության տեղ հրամցնելով` շարունակ անարգում են մեր աստվածների՝ չգերազանցվող մեծությունն ու փառքը: Սա ընդգծված վիրավորանք է՝ ուղղված տաճարին և մեր ազգային գիտակցությանը: Աստվածները վրեժ են պահանջում: Թե ոչինչ չանենք, մենք կբորբոքենք երկնքի ահեղ զայրույթը մեր դեմ:
Տիգրանակերտը ազատագրվեց առանց կռիվի: Հակառակորդն իր զորքերը ետ էր քաշել քաղաքից և նահանջելով հասել էր Կարին. Մծբինում հայոց զորքերի մղած անհավանական պատերազմի լուրն հասել էր պարսից զորականներին, և զարհուրել էին նրանց սրտերը, վրեժխնրությամբ լցված՝ Տրդատին տեսնելու ահից:
Հայոց զորքերը շարժվեցին դեպի դեպի Կարին քաղաքը։ Այստեղ Տրդատին դիմակայելու ելավ թշնամու զորքի ընտրանին։ Պարսից կորովի զորականները, գիտենալով Տրդատ հսկայի սաստիկ ուժը և կուռ զրահների ամրությունը, բազմաթիվ նետեր արձակելով վիրավորեցին նրա ձիուն։ Իսկ արքայորդին ցատկելով վիրավոր նժույգից, մերկացրեց սուրն ու մարտի բռնվեց։ Պարսից զորականներից շատերն ընկան նրա զորեղ հարվածներից։ Իսկ մի ձիավորի մերկ ձեռքով նա ցած նետեց ձիուց, հեծնեց նժույգին ու արիաբար շարունակեց մարտը, տանելով այն հաղթական ավարտի։ Կարինն ազատագրվեց։
ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ
ԴՊԻՐԻ ՏԱՆԸ: Խորենը և Սմբատը նստած են բուխարու առջև: Բուրզը փոխում է Սմբատի վիրակապ:
ՍՄԲԱՏ — Ձեր աղոթքները թող ընդունելի լինի Արամազդ աստծո առաջին:
ԽՈՐԵՆ — Աստվածների հովանու քողը թող պատսպարի մեզ ամեն չարից:
ԲՈՒՐԶ — Բայց ինչ ուզում ես ասա, Խորեն, տաճար գնալը վտանգով լի էր: Եթե մեզ այնտեղ միասին տեսնեին Շահինի մարդիկ, կբացահայտվեր նաև դպիրը, ով մեզ աջակցեց՝ հովանի տալով:
ՍՄԲԱՏ — Իսկ վստա՞հ եք, որ չեն ճանաչել:
ԽՈՐԵՆ — Չգիտեմ, Սմբատ, բայց անորոշությունն ինձ կեղեքում էր այս պատերի մեջ:
ՍՄԲԱՏ — Հասկանում եմ քեզ…Կարծես բանտում լինեմ այս տանը, որն ինչքան մեծ, այնքան ճնշող է:
ԲՈՒՐԶ — Ժամանակ կար, որ սա ժառանգական ամրոցն էր իշխան Արտավազդի: Բայց տարիներ առաջ, երբ կուսակալի մանկահաս դուստր Պանտեան տենդի ցնցումների մեջ հոգեվարք էր ապրում, դպիրի պատրաստած օշարակը ողջացրեց մեռնող աղջկան: Իսկ կուսակալը դստեր կյանքը փրկող բժշկին, որպես առատ վարձք, շնորհեց ամրոցն այս և շրջակա մարգագետինը: Եվ այդ օրերից դպիրը դարձավ Շահինի ընկերն ու բարեկամը, նրա տան բժիշկն ու սպասված հյուրը:
ԽՈՐԵՆ – (բուխարու կրակի վրա փայտ է գցում): Իրոք, դպիրն այս հրաշագործ է. նա Արգավանի կյանքն էլ փրկեց իր դեղաբույսերով:
ՍՄԲԱՏ — Լավ, պատմեք, ի՞նչ էին խոսում տաճարում:
ԽՈՐԵՆ — Մարդկանց զրույցի հիմնական նյութը Արգավանն էր և ամֆիթատրոնում տեղի ունեցած իրադարձության վերլուծությունը:
ՍՄԲԱՏ — Հետաքրքիր է այդ եղելության հանդեպ հասարակ մարդկաց կարծիքն ու տրամադրությունը:
ՍՄԲԱՏ — Ազնվականներն ու ժողովուրդը հույսեր են կապում Արգավանի հետ որպես հերոսի: Նրան համակրում և աջակցում են նույնիսկ մայրերն այն նահատակների, որ զոհ գնացին ամֆիթատրոնում տեղի ունեցած թոհուբոհում: Իսկ ազգայնականներն արդեն խոսում են, որ առաջնորդ են գտել, մանավանդ, որ Արգավանի քեռին Տրդատի հաղթական զորքի հրամանատար Արտավազդն է:
Սմբատի դեմքին անհանգստության նշույլ է երևում:
ԲՈՒՐԶ — (Սմբատին): Այսօր մի տեսակ թթված ես, Սմբատ, տեղդ չես գտնում: Մռայլությանդ պատճառը ո՞րն է:
ՍՄԲԱՏ — Ի՞նչ է, մարդ պիտի միշտ ուրա՞խ լինի:
ԲՈՒՐԶ — Մյուսները ինձ ի՞նչ… Ո՞րն է մտահոգ դեմքիդ առիթը:
ՍՄԲԱՏ — Այն, որ Արգավանը վայելում է պարսից մեծ կուսակալի բարեհաճությունն ու մեծարանքը. ասես որդեգիր զավակը լինի իշխան Շահինի: Ինչո՞ւ Շահինը նրան խնայեց, երբ արդեն տեղյակ է, որ Արգավանը Մանդակունի է և քրիստոնյա: Այդպես չասացի՞ր…
ԽՈՐԵՆ — Այո, տեղյակ էր, անձամբ եմ լսեն նրանց զրույցը:
ՍՄԲԱՏ — Թող Արամազդի շանթերն ինձ զարկե՛ն: Ամֆիթատրոնի պահակազորը (հիսուներեք ո՛գ), որ ոչ մի աղերս և առնչություն չուներ այն օրվա կատարվածի հետ, կասկածվելով, թե ապստամբյալների հետ միաբան են, խաչին գամվեցին: Իսկ նա՛, որ ամբողջ այս եղելության գլխավոր դեմքն ու դերակատարն է, շքազարդվե՞լ է վարձքով հերոսի:
ԽՈՐԵՆ – Սմբատ, բարեկամ, մինչ Արգավանի հետ հանդիպելը պատրաստ էի երդվել, որ հանգչել է լույսն ազգիս փրկության և թանձր մթան իշխանություն է իջել մեր վրա: Համոզված էի, որ անհետացել է գալիքի հանդեպ վստահությունը մարդկանց սրտերում և ծաղրածեծված ժողովրդիս կամքն ահաբեկվել է հուսահատությամբ: Այն, ինչը դուք արեցիք կուսակալի դեմ, նույնն է, ինչ ձեռնոց նետեիք Սասանյան Արտաշիր Մեծին:
ՍՄԲԱՏ — Արևը վկա, այստեղ մութ բան կա… Հետաքրքիր է, իսկ Արտավազդը տեղյա՞կ է, որ քրոջ զավակը պատանդ է պարսից կուսակալի մոտ:
Ներս է մտնում դպիրը:
ԴՊԻՐ – (Սմբատի հարցը լսելով՝ ինքն է պատասխանում): Այո՛, տեղյակ է: Այսօր նամակ եմ ստացել հայոց սպարապետից: Նա ջախջախելով պարսից զորքերը՝ հասել է Կարին:
Իշխանազները ուրախության ճիչեր են արձակում:
ԽՈՐԵՆ — Հասել է Կարի՜ն… դեռ օրեր առաջ նա Մծբինում էր: Ընդունիր սրտիս ողջ մեծարանքը և հարգանքները, ո՜վ փառահեղ այր: Ինչպե՞ս ես, լա՞վ ես:
ԴՊԻՐ — Ինչպես տեսնում եք` պինդ եմ և առույգ:
Նրանք ողջագուրվում են:
ԴՊԻՐ – (զննում է կազդուրվող երիտասարդներին): Որքա՜ն առավել ե՛ս, բարեկամներ: Ակներև, որ լավ կազդուրվել եք, ընդունո՞ւմ եք այն թուրմերը, որ ուղարկում եմ ձեզ:
ԽՈՐԵՆ — Այո՛, իհարկե:
Դպիրը նայում է Սմբատին:
ՍՄԲԱՏ — Այո, ես նո՛ւյնպես:
ԴՊԻՐ — Ես իմ գլխով եմ պատասխանատու ձեր կյանքի համար: (Ձեռքի գալարաթուղթը ցույց տալով:) Սա Արտավազդի նամակն է՝ գրված Կարնո ամրոցից: (Բացում, կարդում է:) «Այս գրությունս վկայությունն է իմ անմնացորդ շնորհակալության, ուղղված քեզ՝ դպիր, որ քո հրաշագործ դեղաբույսերով ապաքինել ես քրոջս որդուն: Մեկտեղ՝ արքայազն Տրդատի հղած խրախուսական խոսքն եմ փոխանցում Սմբատին և Խորենին իրենց քաջության համար: Իսկ իմ լուսաշատ Արգավանից, թե նորություն լինի, գրով ճամփիր ինձ»:
ՍՄԲԱՏ — Ինչպե՞ս է այնտեղ իմ բարեկամը:
ԴՊԻՐ — Փա՜ռք աստվածներին, նա կազդուրվում է:
ԽՈՐԵՆ — Դպիր, Արգավանին պետք է անհապաղ հայտնել, որ մարդկանց ստվար մի զանգված, անկախ նրանից, քրիստոնյա են, թե հեթանոս, ոգևորված են իր մեծ սխրանքով և մտադրություն ունեն Շահինից հրապարակավ պահանջել նրա ազատությունը:
ԴՊԻՐ — Իշխանն այդ մասին քաջատեղյակ էԽ
ԽՈՐԵՆ — Որտեղի՞ց գիտի:
ԴՊԻՐ — Ինձնից… Շահինից…
ՍՄԲԱՏ — Ե՜վ…
ԴՊԻՐ — Դա նրան քի՛չ է հետաքրքրում:
ՍՄԲԱՏ — Ինչպե՞ս թե՝ քիչ է հետաքրքրում:
ԴՊԻՐ — Ամֆիթատրոնում իր կատարածի մասին մեծարանքն այս պահին նրա ականջների մեջ հնչում է որպես հանդիմանություն, քաջալերանքը՝ քարկոծում իբրև, հիացմունքի խոսքն՝ ինչպես հայհոյանք, խոնարհումը՝ ծաղր, գնահատանքը՝ որպես բանադրանք, իսկ երախտիքի հավաստումն՝ իբրև չարաբանություն:
ԽՈՐԵՆ — Չեմ հասկանում՝ դա լա՞վ է, թե՝ վա՛տ:
ՍՄԲԱՏ — Դպիր, մեզ հայտնիր Արգավանի մասին ճշմարտությունը և մեզնից վանիր տարակուսանքն այն, որի մեջ մենք կանք:
ԴՊԻՐ — Ի՞նչ է պատահել և ի՞նչ եք ուզում, որ իմացնեմ ձեզ:
ԽՈՐԵՆ – (Սմբատի կոպտությունը մեղմում է հարցը փոխելով): Ճի՞շտ են լուրերն այն, որ Արգավանը սիրահարվել է Շահինի դստեր Պանտեային:
ԴՊԻՐ — Նրան տեսնողը չի կարող անցնել անտարբեր, այնքա՜ն չնաշխարհիկ է:
ՍՄԲԱՏ — Ի՞նչ է կատարվում մեր ընկերոջ հետ:
ԴՊԻՐ — Արգավանի սիրտն այս պահին ասես մի նվագարան, սիրային քնքուշ երաժշտությամբ երգեր է կերտում Պանտեայի մասին, իսկ հոգին՝ ծովի հողմերից քշված առագաստի պես հուզալիքվում է՝ նրա պատկերը կրկին տեսնելու տենչով համակված:
ԽՈՐԵՆ — Ի՞նչ հնարքով է նա ալեկոծել սիրտն Արգավանի, կախարդա՞նք գուցե:
ԴՊԻՐ — Ընդհակառակը. մի քանի խոսքով թե բնութագրեմ նրան, ձեզ կասեմ՝ տեսք սքանչական, տիպար գեղեցիկ, դեմք ազնվաշուք, էություն բարի, գոյություն վսեմ:
ԽՈՐԵՆ — Ա՜յ քեզ էություն… Տեսնում եմ, դպիր, ոնց որ թե ի՛նքդ էլ սիրահարված ես:
ԴՊԻՐ — Շափյուղի նման պատվական է նա, ոսկու պես մաքուր, մետաքսի պես նուրբ: Եվ առհասարակ, սիրահարվելուց հետո է միայն իշխանն իմացել, որ աղջիկը Շահինի դուստրն է, այնպես որ նրան մի հանդիմանեք այդ «մեղքի» համար:
ՍՄԲԱՏ – (խստացնում է խոսքը): Վահագնը վկա, չգիտեմ՝ տխրե՞լ, թե՞ ուրախանալ: Եթե այսպես շարունակվի, շուտով կլսենք, որ Արգավանը փեսա է դառնում իշխան Շահինին և կուսակալի դեմ պայքարելու փոխարեն պիտի հարսանիքի պատրաստվենք: Իսկ գուցե նրան սիրաշահո՞ւմ են, որպեսզի դառնա իրենց լրտեսն ու կամակատարը:
ԴՊԻՐ – (չի կարողանում թաքցնել զայրույթը): Ինձ թվում է, դու զառանցում ես և զրպարտում ես մի ազնիվ մարդու, ով սիրում է քեզ: Իմացիր, Սմբատ, եղբորդ հարցում դու մոլորված ես:
ՍՄԲԱՏ — Ես զրպարտո՞ւմ եմ… (Բռնում է դպիրի օձիքը:) Ո՞վ է արտոնել քեզ հետս խոսել այդպես:
Դպիրը մի շարժումով օձիքն ազատում է Սմբատի ձեռքից:
ԽՈՐԵՆ — Սպասի՜ր, բարեկամ, մի՞թե կասկածներ ունես մեր եղբոր հավատարմության վերաբերյալ: Ես կնախընտրեմ խարանել լեզուս, քան մթագնեմ նրա անունը իմ կասկածներով: Կուսակալի դեմ արձակած նետի հետ Արգավանը իբրև լույսի շող մտավ սրտիս մեջ և փարատեց այն խավարը, որն ինձ անհույս էր դարձրել:
ԴՊԻՐ — Ե՛տ քաշիր ձեռքդ և իմացիր, որ եղբորդ հարցում դու մոլորված ես:
ՍՄԲԱՏ — Իսկ ինչո՞ւ քեզ պիտի հավատամ:
ԴՊԻՐ պ Գոնե այն բանի համար, որ կյանքդ փրկեցի մահից:
ԽՈՐԵՆ — Սպասի՜ր, բարեկամ, մի՞թե կասկածներ ունես մեր եղբոր հավատարմության հանդեպ:
ՍՄԲԱՏ — Չգիտեմ, իսկ դու ի՞նչ կասես:
ԽՈՐԵՆ — Ես ավելի շուտ ի՛նձ չեմ վստահի, քան Արգավանին և կնախընտրեմ խարանել լեզուս, քան թե մթագնեմ նրա ազնվությունը իմ կասկածներով:
ՍՄԲԱՏ — Կուզեի, որ ե՛ս էլ քեզ պես մտածեի:
ԴՊԻՐ — Տեսնում եմ, տեղդ չես գտնում, Սմբատ:
ՍՄԲԱՏ — Իսկ ես տեսնում եմ, որ կուսակալի պալատում լավ էլ տեղավորվել եք: Եվ ակներև է, որ համակրանքդ Արգավանի և Շահինի կողմն է:
ԴՊԻՐ — Ուզում ես ասել, որ պաշտպանում եմ եղբորդ քեզնի՞ց: Երևույթո՞վ ես դատում:
ՍՄԲԱՏ — Իսկ ի՞նչ է…
ԴՊԻՐ — Այդպես քեզ մի օր կարող են հարց տալ, թե` «ի՞նչ է ծովը», պատասխանես` «ջո՛ւր»:
ՍՄԲԱՏ — Իսկ մի՞թե ջուր չէ:
ԴՊԻՐ — Ասելով «ջուր» է, անշուրտ, սխալված չես լինի, սակայն դու կնմանվես այն պարզամտին, ով ծովի մասին կարծիք կազմելիս բավարարվում է սոսկ ափից դիտելով:
ՍՄԲԱՏ — Քեզ չեմ հասկանում, պարզ խոսել գիտե՞ս:
ԽՈՐԵՆ — Վերջապես լռի՛ր, ամո՛թ է, Սմբատ, շփոթում ես, թե ով է մեր առջև:
ՍՄԲԱՏ — Չե՞ս լսում` ինչ է խոսում…
ԽՈՐԵՆ — Ես լսում եմ, թե ինչ ես խոսում դո՛ւ և ամաչում եմ պահվածքիդ համար: ԴՊԻՐ — (Սմբատին): Ազնիվ իշխանազն, դու ինձ խոցեցիր վարքիդ խստությամբ և հալածեցիր սառնությամբ սրտիդ: Ավելի լավ է՝ բաժանվենք, քան իրար քարկոծենք սին կասկածներով և անարգ խոսքով:
Դպիրը քայլ է անում, որ հեռանա:
ԽՈՐԵՆ — Բա՜վ է, դպիր, կա՜ց… Խնդրում եմ, մնա՛: (Սմբատին.) Սիրելի Սմբատ, ակնհայտ է, որ տարակուսանքը սիրտդ բռնել է եղբորս հանդեպ անվստահությամբ և մթագած է վճռականությունդ կասկածի ստվերով:
ԴՊԻՐ — Լավ, լսիր, Սմբատ… Տարիներ առաջ կուսակալը մեծ սպանդ կատարեց և Մանդակունյաց ճյուղը հատվեց հիմքից, Շահինն իր խղճի խայթից նվաղեց ու հիվանդացավ հոգու խոր ցավով: Երկար ժամանակ նա տվայտում էր մղձավանջի մեջ, մինչև որ եղավ՝ Արգավանն իր նետով մահացու հարված հասցրեց Շահինին: Սակայն հրաշքով նա ապաքինվեց: Ու երբ իմացավ, որ իր անձի դեմ ոտնձգողը Մանդակունի է, սա ընդունեց որպես մի նշան երկնից ու սրտին դրեց աստվածների և մարդկանց առջև քավել մեղքերն ու թողություն գտնել:
ԽՈՐԵՆ — (Սմբատին): Քաջ ասպետ, ասա՛, ի՞նչն է քեզ տանջում երկբայությամբ և ի՞նչ բեռ է հոգուդ վրա ծանրացել, որ անկարող ես թոթափել քեզնից:
ՍՄԲԱՏ — Իրո՞ք ուզում եք իմանալ պատճառն իմ երկնչության: Ուրեմն, լսեք… Մինչ Արգավանի հետ Գամիրքում էինք, Հայք վերադարձի ճանապարհին, Կեսարիայի մեջ, հյուրընկալվեցինք Փերմելիանոսին: Այնտեղ էր նաև Արգավանի ընկեր Գրիգորը, ով մեծ պատիվ ուներ Կապադովկիայի եկեղեցու մեջ…
ԽՈՐԵՆ — Այո, Գրիգորին լավ եմ ճանաչում:
ՍՄԲԱՏ — Մի շտապիր ասել, թե ճանաչում ես… Այդ Գրիգորը ոչ այլ ոք է, քան զավա՜կը Խոսրով արքային սպանող Անակ Պարթևի: Երբ սա իմացա, մերկացրի իմ սուրն ու ուզեցի սպանել նրան: Բայց Արգավանը թույլ չտվեց, որ գործն այդ կատարեմ: Այնտեղ քիչ մնաց կռվի բռնվեի Արգավանի հետ: Բայց ինձ զսպեցի, որ իմ ցասումով չվտանգեմ այն առաքելությունը, որ հանձն էինք առել…
ԲՈՒՐԶ — Այ քեզ նորությո՜ւն…
ԽՈՐԵՆ — Ո՜հ, Արգավանը ընկերն է Խոսրով արքային սպանող Անակի որդու: Այս հանգամանքը նրան չի ներվի. ո՛չ ժողովրդից, ո՛չ Արտավազդից, ո՛չ էլ Տրդատից:
Դպիրը բարձր ծիծաղում է:
ՍՄԲԱՏ — Ծիծաղելու ի՞նչ կա, ազնիվ մարդ:
ԴՊԻՐ — Փերմելիանոսի մոտ ուսուցանած Գրիգորը, ում մասին վկայում ես, թե Անակ Պարթևի որդին է, այժմ Տրդատի դպիրն ու գրագիրն է և արքայորդու շքախմբի մեջ այս պահին հայոց զորքերի կրած հաղթանակներն է նշում նրա հետ…
Դրսից աղմուկ է լսվում, զինվորականների ջոկատը խուժում է ներս: Տասնապետը առաջ է գալիս:
ՏԱՍՆԱՊԵՏ — Դպի՛ր, դու և այս երկու այրերը ձերբակալված եք:
ԴՊԻՐ — Ձերբակալվա՞ծ ենք… Ո՞ւմ հրամանով…
ՏԱՍՆԱՊԵՏ – (հրամանագիր է ցույց տալիս): Սա քրմապետի գիրն ու կնիքն է:
Խորենն ու Սմբատը նետվում են դեպի իրենց զենքերն ու կռվի բռնվում նրանց հետ:
ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ
ԲԱՆՏԱԽՑՈՒՄ: Քահանան ծնկած աղոթում է: Նրա ձեռքերը շղթայված են:
ՔԱՀԱՆԱ — (մեկուսի):
Քրիստոս հարյավ ի մեռելոց.–
մեզ և ձեզ մեծ ավետիս,
Քրիստոս հարյավ ի մեռելոց.–
հուրախություն աշխարհքիս,
Քրիստոս հարյավ ի մեռելոց.–
ձայն տվեք քնածներին,
Քրիստոս հարյավ ի մեռելոց.
լուր հասցրեք ննջածներին…
Աստծո կամքը կատարվեց.
դժոխքն ընկավ պարտությամբ,
Աստծո կամքը կատարվեց.–
մահվան փառքն ունայնացավ,
Աստծո կամքը կատարվեց.–
գերեզմանը դատարկվեց,
Աստծո կամքը կատարվեց.–
մութն ընկղմվեց լույսի մեջ…
Քրիստոս հարյավ ի մեռելոց.–
քաջացեք, սգավորներ,
Քրիստոս հարյավ ի մեռելոց.–
թոթափվեք, բեռնավորներ,
Քրիստոս հարյավ ի մեռելոց.–
մխիթարվեք, ճգնողներ,
Քրիստոս հարյավ ի մեռելոց.
սփոփվեցեք, ուխտավորներ…
Փող հնչեցրեք հաղթության,
խաղաղության որդիներ,
Թմբուկ զարկեք խնդության,
արդարություն սիրողներ,
Սաղմոս ասեք օրհնության,
խոնարհությամբ վարվողներ,
Երգ երգեցեք գոհության,
ճշմարտության վկաներ…
Պանծալի և օրհնյալ է
Հարությունը Քրիստոսի,
Սքանչելի և օրհնյալ է
Հարությունը Քրիստոսի,
Հրաշալի և օրհնյալ է հ
Հարությունը Քրիստոսի,
Հավիտյանս օրհնյալ է
Հարությունը Քրիստոսի…
Ներս է մտնում կուսակալը երկու բանտապահի հետ: Քահանան ելնում է ծնկած դիրքից:
ՇԱՀԻՆ — (բանտապահներին): Ազատեք նրան շղթաներից և դո՛ւրս ելեք խցից: (Բանտապահները կատարում են հրամանը: Քահանային.) Դո՞ւ ես քահանան այն, որի մասին վկայում են, թե Աստուծո մարդ է:
ՔԱՀԱՆԱ — Ես սովորական մահկանացու եմ ինչպես քեզ համար, այդպես նաև ի՛մ՝ Աստուծո Որդին ընդունեց մահն Իր, հարություն առավ և հիմա երկնում Հոր աջ կողմին է:
ՇԱՀԻՆ — Ճանաչո՞ւմ ես ինձ:
ՔԱՀԱՆԱ — Կուսակալն ես դու, որ աստվածների առաջ շնորհ ես գտել ոչ միայն քո խիզախ վարքով կամ ռազմարվեստի փայլուն գիտությամբ, այլ նաև սրտիդ իմաստությամբ և հոգուդ հանճարով:
ՇԱՀԻՆ — Իսկ Արգավանի մասին ի՞նչ կասես:
ՔԱՀԱՆԱ — Ոհ, Արգավանը… Նա փոթորիկից առաջ գնացող խաղաղության պես, իրենից հետո եկող տարե՜րքն է նախագուշակում:
ՇԱՀԻՆ — Փոթորի՞կ… տարե՞րգ… Ինչի՞ մասին ես խոսում, քահանա:
ՔԱՀԱՆԱ — Ինչի համար որ գտնվում եմ այս բանտախցում. Աստվածաշնչյան քարոզի՛, որը շատ ավելի շուտ կհասնի այստեղ, քան հաղթանակող զորքը Տրդատի:
ՇԱՀԻՆ — Ո՞ր աստուծուն եք դուք՝ քրիստոնյաներդ երկրպագում, հրեաների՞:
ՔԱՀԱՆԱ — Այն, Ով արարեց երկնից երկինքը: Ով կարգ և օրենք սահմանեց ծովի, ցամաքի, լուսնի, արեգակի և աստղերի վրա: Ով մարդուն դրեց դրախտի մեջ և նրան տվեց շունչ, միտք, կամք, սեր, զգացմունք, առաքինության և ճշմարտության գիտակցությունը, հոգին սրբության և աստվածներին կերպարանակից լինելու փառքը:
ՇԱՀԻՆ — Իսկ Արամա՞զդը, Մի՞հրը, Վահա՞գնը, Զևսը, Հերմեսը…
ՔԱՀԱՆԱ — Երբ արեգակը փայլում է երկնում, լուսավորության համար այլևայլ ջահեր վառելու անհրաժեշտություն չկա՛:
ՇԱՀԻՆ — Ի՞նչ տարբերություն կա քո քարոզի և քրմապետի խոսքերի միջև:
ՔԱՀԱՆԱ — Նրա խոսքերը հնարածին են, որ իրենց փայլով նմանակում են ճշմարտությանը, ինչպես նման է ճրագն՝ արևին: Նույնկերպ թատրոնում դերասանները արքա են խաղում: Բայց ինչքան էլ նրանք համոզիչ թվան, միևնույն է` արքա չե՛ն: Թագավոր դառնալու համար հատուկ օծությո՜ւն է պետք: Բայց իմացիր՝ կա առավելագույն մի պայծառություն, որի համեմատ նույնիսկ արևը անարգ մի ստվե՜ր է. դա Աստուծո Որդու փառավոր լո՜ւյսն է, որի գերազանց զորության մասին իր ողջ սքանչությամբ աղաղակում է համայն երկինքը: Եվ Դատաստանի Ահեղ ժամին մենք այդ լույսի ներքո պիտի հատուցենք մեր արարքների համար Նրա մոտ:
ՇԱՀԻՆ — Իսկ ի՞նչ է Նրա անունը:
ՔԱՀԱՆԱ — Փրկի՜չ:
ՇԱՀԻՆ — Ասում ես՝ Փրկի՞չ և դատաստանի մասի՞ն ես խոսում, Փրկիչն ինչի՞ց մեզ պիտի փրկի, թե՝ ո՛չ դատաստանից:
ՔԱՀԱՆԱ — Մարդն ի՛նքն է հանձնում իրեն ատյանին՝ սեփական մեղքո՛վ: Աստուծո Որդին մեզ ազատում է մեղքի խավարից, որովհետև սա է դատաստանը, որ լույսն աշխարհ եկավ, իսկ մարդիկ, որոնց գործերը չար են, խավարն ավելի սիրեցին, քան լույսը:
ՇԱՀԻՆ – Իհարկե, առանց հատուցման Աստուծո արդարությունը կիսատ կմնար, և դատաստանի բացակայությամբ կիսատ կլիներ նաև Բարձրյալի աստվածությո՜ւնը…
ՔԱՀԱՆԱ — Բայց դատաստանի խստությունն Աստված մեղմեց իր սիրով և ողորմությամբ, որ կործանումը առավել զորեղ չլինի, քան որ փրկության հույսը:
ՇԱՀԻՆ — Չկա՛ թողություն ինձ համար, ավա՜ղ, ակնհայտ է, որ վերջս չափազանց դա՛ռն է լինելու, ինչպես որ դառն են օշինդրի պես ապրած օրերս: Ես մեղապարտ եմ, ազնիվ քահանա… Երկնքի առաջ մաքուր չէ խիղճս:
ՔԱՀԱՆԱ — Ի՞նչն է տանջում քեզ, որ հաղթահարել չես կարողանում քո բարձր դիրքից:
ՇԱՀԻՆ — Իմ ամենօրյա մարտնչումները մարդկանց հետ չեն, որ հաղթահարեմ, այլ անդրշիրիմյան ուրվականների, որ գիշերային իմ տեսիլքներում այցելում են ինձ արդեն քառորդ դար:
ՔԱՀԱՆԱ — Ի՞նչ տեսիլքներ են դրանք, կուսակալ:
ՇԱՀԻՆ — Ունայն, մթնատես. սարսափ ամենուր, ահ բոլորովին, սոսկում՝ տարածվող, տագնապ համասփյուռ, վախ շուրջանակի, երկյուղ առկախված, սարսուռ վրահաս, դող ահագնացող, վտանգ զարգացող… Սրանք խավարի չար ոգիներ են, որ ժամանում են հանդերձյալներից` իրենց ավարին տիրելու համար, ինչպես անտառի լեշակերներն են ի հայտ գալիս, երբ տկար կենդանու կամ արյան հոտ են առնում՝ դեռ հեռվից: Նրանք ասես կան, բայց նաև չկան. ասես կենդանի շողք կամ թանձր ստվեր, որ դուրս են ելնում գերեզմանոցի գարշության միջից և սանդարամետյան ձայնարկումներով պառավ տիկնանց պես իրենց մատների սուր մագիլներով ճանկռում են վիզս, երեսս, կուրծքս, պլոկում մաշկս: Փետում մազերս, բեղս, մորուքս…
ՔԱՀԱՆԱ — Երևում է, որ հոգիդ կորցրել է խաղաղությունը:
ՇԱՀԻՆ — Խավա՜ր է շուրջս… Լույսս մարե՜լ է, հանգիստս կորել, քունս դադարել, մեջքս կորացել, արցունքս սպառվել… Անարգված եմ, նախատված եմ, կշտամբված եմ, ծաղրված եմ, կոտրված եմ… Ոտնահարված եմ ամենից առաջ` ինքս իմ առջև, ինքս ինձանից: Անցյալում գործած հանցանքիս մաղձը ոսկորի ներսի փտածության պես կեղեքում է ինձ…
ՔԱՀԱՆԱ — Իսկ ինչո՞ւ ես ի՛նձ պատմում այդ մասին: Դիմիր Բարձրյալին. քո աղաղակով թակիր երկնքի բոլոր դռները. մեղքերիդ համար թողություն խնդրիր Բուն Սրբագրողից:
ՇԱՀԻՆ — Ինչպե՞ս կարող եմ դիմել մի աստուծո, ում չեմ ճանաչում:
ՔԱՀԱՆԱ — Իզո՜ւր ես կարծում, թե չես ճանաչում: Դու ճանաչում ես Նրան մեղքերիդ գիտակցությամբ և զղջումով հոգուդ: վ ամեն անգամ հաղորդակից ես լինում Նրան, երբ խղճմտանքից հանդիմանվելով խոստովանում ես գործած հանցանքդ:
ՇԱՀԻՆ — Այդ դեպքում, ասա, ես ինչպե՞ս դիմեմ սրբության Հորը, երբ պիղծ եմ հոգով, էությամբ վատթար, սրտով կործանված, անձով ջախջախված…
ՔԱՀԱՆԱ — Այսպես է ասում Բարձրն ու Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, և որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձրերում և սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած և խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ, և կենդանացնեմ սրտով կոտրվածներին: Եթե բացես քո սիրտն Աստուծո առջև ու խոստովանես ապրածդ կյանքի ողջ գարշությունը, թերևս ներվես:
ՇԱՀԻՆ — Խոսքերիդ ոգին հոգուս աչքերին այնքա՜ն ծանոթ են և որքա՜ն առատ մխիթարություն կան քարոզիդ մեջ, որ քիչ է մնում համոզես՝ ի՛նքս էլ քրիստոնյա դառնամ:
ՔԱՀԱՆԱ — Երանի ի՛նքդ էլ ինձ նման լինեիր, միայն թե հեռու այն կապանքներից, որոնց մեջ, որ կամ:
ՇԱՀԻՆ — Ազնիվ քահանա, քո շրթունքներով աստվածներն են խոսում մարդկանց հետ:
ՔԱՀԱՆԱ — Երանելի եմ համարում անձն իմ, որ արժանացա վայելելու ազնիվ իշխանավորիդ ուշադրությունն ու առավել ևս` գովեստի խոսքեր լսել քեզնից:
ՇԱՀԻՆ — Քրմապետը և ծերակույտը ինձ բռնադատում են, որ մահապատիժի դատապարտեմ քեզ:
ՔԱՀԱՆԱ — Ուրեմն, դո՞ւ ես դիմադրում նրանց, քանի որ ողջ եմ:
ՇԱՀԻՆ — Նրանց, ամենքին դիմակայելը խրթին գործ է, բայց եթե օգնես ինձ…
ՔԱՀԱՆԱ — Օգնեմ քե՞զ… Ինչպե՞ս…
ՇԱՀԻՆ — Երեք օր հետո արևագալի օրհավասարն է: Եվ քրմապետի տնօրինությամբ, տաճարում պիտի մեծ շուքով տոնվի Միհրի ծնունդը: Կհրամայեմ՝ քեզ այնտեղ բերել, և մարդկանց առաջ, հրապարակավ դու կհրաժարվես քո գաղափարներից: Մեկտեղ կհայտարարես, թե «Միհրը մեծ է», «Արամազդը՝ վեհ», «Անահիտը՝ սուրբ», «Վահագնը՝ զորեղ», «Աստղիկը՝ չքնաղ», և կմասնակցես նրանց նվիրված զոհաբերության սրբազան կարգին: Եթե սա անես, կեանքդ կփրկես:
ՔԱՀԱՆԱ — Աստված տեսնի և հատուցի քեզ բարի ջանքերդ:
ՇԱՀԻՆ — Նշանակում է` դու համաձա՞յն ես:
ՔԱՀԱՆԱ — «Եթէ անգամ թզենին իր պտուղը չտայ, որթաունկը ծնունդ չունենայ, ձիթենին բերք չտայ, դաշտերը կերակուր չտան, ես պիտի ուրախանամ Տիրոջով, ուրախանամ իմ փրկիչ Աստուծով: Իսկ «Այն աստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից եւ այս երկնքի տակից»: (Ձեռքերը վեր է բարձրացնում՝ բարձրացնելով և ձայնը:) «Տէրն է, որ իր զօրութեամբ ստեղծեց երկիրը, իր իմաստութեամբ հաստատեց տիեզերքը եւ իր հանճարով տարածեց երկինքը»:
ՇԱՀԻՆ — Լավ մտածիր, քահանա…
ՔԱՀԱՆԱ — Գիտե՞ս, թե ո՞րն էր Իսրայելի անկման պատճառը. Կռապաշտությո՜ւնը… ա՛յն, որ նրանք թողեցին իրենց Աստուծուն և պաշտեցին կուռքերին՝ բորբոքելով Տիրոջ խանդն ու զայրույթը:
ՇԱՀԻՆ — Ի՞նչ կապ ունի սա մեր զրոյցի հետ:
ՔԱՀԱՆԱ — Այն կապը, որ դու առաջարկում ես ինձ գործել մի բան, ինչի պատճառով երկիրնե՜ր են ջնջվել աշխարհի երեսից:
ՇԱՀԻՆ — Դո՛ւ որոշեցիր, քահանա:
Կուսակալը հեռանում է: Մնալով մենակ՝ քահանան ծնկում է և փառաբանություն երգում:
ՔԱՀԱՆԱ — Ու Քո Հարության լուրը լսելով՝
Հոգիս արթնացավ թմբիրից մահվան,
Ես ճանաչեցի Քո ձայնը հեռվից
Եվ սիրտս լցվեց հույսով փրկության…
ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ
ՊԱՆՏԵԱՅԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ: Պանտեան սիրային երգ է երգում.
ՊԱՆՏԵԱ — Թեպետ քեզ չեմ ճանաչում,
սակայն կրկին ու կրկին
Քե՜զ է փնտրում իմ հոգին,
օ՜, իմ ասպետ անմեկին:
Լռությամբ եմ սիրում քեզ,
հանկարծ ոչ ոք չիմանա,
Թող իմ անմեղ տենչանքով
սիրտս մենա՛կ հիանա.
Թաքուն եմ քեզ կարոտում,
շունչս պահած՝ մեղմ ու զգույշ,
Որտե՞ղ ես սուրբ իմ երազ,
դրախտային քաղցր հուշ:
(Մոտենում է Անահիտի արձանին):
Ով ամենամայր, Անահիտ չքնաղ,
մեծն դիցուհի,
Պտղաբերության և առատության տիրուհի անմահ,
Որ երկնաբնակ զորություների
Բարեհաճության և ակնածանքի
Փառաց պսակը ճակատիդ զարդն է,
Իսկ երևելի քրմուհիների
Մատուցած զոհերն ու աղոթքները
Որպես աստղափայլ ադամանդազգեստ շուրջդ բոլորած՝
Պատվո ողջույն ես ընդունում Միհրից,
Մեծարանք Տիրից, գովեստ Վահագնից:
Քո սուրբ խորանից ականջդ դարձրու
Դեպի շուրթերիս աղերսանքներն ու լսիր կանչն հոգուս,
Որ ղողանջում է երկնային քնքուշ ձայնարկումներով,
Որոնց մեջ տագնապն ու զմայլանքը միախառնված՝
Անձս գերել են մի երիտասարդ ազնվականի
նկատմամբ տածած քաղցր թախիծով,
Կարոտով, տենչով, գուցե և՝ սիրով…
Ու հիմա չունեմ սրտակից մեկը, որ ինձ խորհուրդ տա:
Ա՜խ, երանի, թե՝ մայրս ողջ լիներ…
Ափերով ծածկում է դեմքն ու լալիս: Հայտնվում է Պանտեայի մոր տեսիլքը:
ՄԱՅՐ — Պանտե՜ա, դուստր իմ…
ՊԱՆՏԵԱ — Մայրի՜կ, դո՞ւ ես… Թե՞ ուրվական ես հանդերձյալներից հայտնված՝ հոգիս մոլորեցնելու:
ՄԱՅՐ — Գառնուկի նման գանգուր աղջնակ իմ, որքա՜ն գեղեցիկ օրիորդ ես դարձել…
ՊԱՆՏԵԱ — Փառք Անահիտին, որ քո տեսքով է խոսում հոգուս հետ…
ՄԱՅՐ — Ի՞նչն է տանջում քեզ, դուստր իմ, որ հանգիստ չունես քնիդ մեջ:
ՊԱՆՏԵԱ — Կարոտել եմ քեզ, մայր և իմաստուն քո խորհուրդների կարիքն եմ զգում: Սիրտս ասես վանդակված թռչուն լինի, որ ուզում է ճախրել, բայց չի կարողանում: Կարծես մի գանձ եմ գտել, բայց դա իմը չէ: Մայրիկ, օդը չի հերիքում՝ լիարժեք շնչելու համար: Ես նման եմ փոթորկված ծովի, որի ալքները ուժգին բախվում են ժայռերին և փրփրած ե՛տ քաշվում…
ՄԱՅՐ — Սիրահարվա՜ծ ես… Ո՞վ է ասպետն այդ, որ խռովել է սիրտդ անձիդ մեջ:
ՊԱՆՏԵԱ — Իշխանորդի է… Ինչպես հայրս է վեհանձն ու վսեմ, այդպիսինն է նա: Թե բնութագրեմ նրան, կասեմ ՝տեսք ազնվապատկեր, հայացք լուսավոր…
ՄԱՅՐ — Տեսնում եմ՝ հոգիդ սիրուց երգում է… Նրան պատմե՞լ ես սրտիդ զգացմունքը:
ՊԱՆՏԵԱ — Ինչպե՞ս կարող եմ… չե՛մ համարձակվի:
ՄԱՅՐ — Ի՛նքդ պետք է քեզ օգնես աղջի՜կս, դու հայտնվել ես մի շեմի առաջ, որի ետևում կարող ես գտնել երջանկությունդ: Ներս մտիր առանց դուռը թակելու:
ՊԱՆՏԵԱ — Իսկ եթե հայրս իմանա՞…
ՄԱՅՐ — Հայրդ ինչպե՞ս է…
ՊԱՆՏԵԱ — Անցյալից մի հուշ նրան անդադար մտատանջում է: Եվ ծերացել է կարոտից ասես, քո հեռանալուց հետո այդպես էլ չամուսնացավ նա: Հարճեր էլ չունի… հավատարիմ մնաց իր սիրուն և ամուսնական ուխտին նվիրյալ: Ձեր սիրո մասին երգասացներն ու բանահյուսները դեռ շատ կխոսեն: Գուցե և գրքեր գրվեն դարեր անց:
ՄԱՅՐ — Սիրունիկ դուստր իմ, քեզ տեսնելն հոգուս վրա լույս բերեց և խաղաղությամբ այլևս պիտի կրեմ ինձ հասած առանձնությունը: Լույսը բացվում է… Ես պիտի գնամ…
ՊԱՆՏԵԱ — Մի գնա, մայրի՜կ… Խնդրում եմ, մնա, թող որ մի քիչ էլ վայելեմ քո սուրբ ներկայությունը:
ՄԱՅՐ — Ներս մտնել առանց դուռը թակելո՞ւ…
Մայրն անհետանում է: Աղջիկն արթնանում է:
ՊԱՆՏԵԱ — Ներս մտնել առանց դուռը թակելո՞ւ… Իսկ եթե իշխանն ինձ չճանաչի՞… Կամ հանկարծ պարզվի, որ նրա սրտում ուրիշ օրիորդ կա, ինչպե՞ս ինձ պիտի պահեմ այդ դեպքում. կասեմ՝ Շահինի դուստրն եմ և ինձ հայրս է ուղարկել՝ այսինչ կամ այնինչ հանձնարարությամբ…
ՏԵՍԱՐԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ
ԿՈՒՍԱԿԱԼԻ ՏԱՆԸ: Արգավանը համակված է Պանտեայի հանդեպ սիրով:
ԱՐԳԱՎԱՆ — (սիրային երգ է երգում):
Տիրոջ գո՞րծն է գուցե սա, որ
երկնավոր Իր գահից
Շնորհեց քեզ իմ սրտին՝
ի արձագանք աղոթքիս.
Բոլորովին ուրիշ ես՝
ամենքից զատ մի էակ,
Ասա՛, քե՞զ եմ տեսել իմ
երազներում շարունակ.
Շուրթքդ վարդի թերթիկներ,
իսկ երեսդ՝ ճերմակ ձյուն,
Լույս է հորդում քո տեսքից
և անսահման ջերմություն.
Մազերդ հանց մի ջրվեժ,
որ թափվում է ժայռն ի վար,
Որտեղի՞ց ես, ո՜վ չքնաղ,
տեսքով այդքան հրավառ…
(Մոտենում է պատուհանին, ծնկի իջնում, աղոթում է):
Այս ի՞նչ արեցի.
Կյանքը չընտրեցի` մահն հավանեցի,
Բարին ատեցի` չարը սիրեցի,
Սուրբը մերժեցի` պիղծն ընդունեցի,
Շնորհն ուրացա, փառքս ծախեցի…
Այս ի՞նչ արեցի.
Փոխանակ սիրեի` հակառակեցի,
Փոխանակ ներեի` ամբաստանեցի,
Գութի փոխարեն դատապարտեցի,
Ողորմության տեղ` վատաբանեցի…
Այս ի՞նչ արեցի.
Չխոնահվեցի, այլ հպարտացա,
Չապաշխարեցի, այլ գոռոզացա,
Չպատկառեցի` ամբարիշտացա,
Չերկյուղեցի` անօրեն դարձա…
Այս ի՞նչ արեցի.
Քիչ աղոթեցի, շատ բամբասեցի,
Պակաս օրհնեցի, լի անիծեցի,
Ուխտս դրժեցի, խիղճս կորցրեցի,
Հույսս հատեցի, լույսս մարեցի…
Այս ի՞նչ արեցի.
Բարձրյալ Հոր Որդուդ խաչի՜ն գամեցի,
Հագուստիդ համար վիճակ գցեցի,
Ջուր ուզեցիր, բայց քացախ տվեցի,
Այս ի՜նչ արեցի, այս ի՜նչ արեցի…
Ներս է մտնում Քրմապետը:
ՔՐՄԱՊԵՏ — Դո՞ւ ես Արգավանն այն, ում ամբոխը մեծապատվում է որպես հերոսի:
(Արգավանը լուռ է:) Եթե քրիստոնյա չլինեիր, ե՛ս էլ կհամակրեի քեզ: Չե՞ս ճանաչում ինձ. Քրմապետն եմ ես:
ԱՐԳԱՎԱՆ — Ո՞ր առիթին եմ պարտական այս մեծ իրադարձության համար, որ հիմա ճանաչեցի քեզ:
ՔՐՄԱՊԵՏ – (խոցվում է Արգավանի հեգնանքից): Ով առաքինի, հայրենասեր այր, որ հանդգնեցիր ձեռքդ բարձրացնել կուսակալի դեմ, ասա, մի քանի խեղկատակների հիացմունքից զատ, ի՞նչ ունես այժմ… Ոչի՛նչ: Բայց միայն կործանված երկիր, հափշտակված տուն, մորթված ազգատոհմ…
ԱՐԳԱՎԱՆ – (հազիվ զսպելով զայրույթը): Վատ նախաբան ես ընտրել, քրմապետ. Հայոց տապանը ժողովուրդների ջրհեղեղի մեջ իր Արարատն է տենչում վերգտնել: Ու լինելու է, որ Աստված շուտով կնորոգի այն երդումը, որը խոսեց Հայկի հետ: Իսկ առնետները, որ օրհասական պահին լքեցին վթարված նավն այս, կմնան դրսում, որտեղ խավարի ջրերը խորն են և անդունդներ կան այնտեղ անհատակ, ու լացի ձայներ` անվերջ, ողբալի…
ՔՐՄԱՊԵՏ — Երևում է, որ խենթ լինելուց զատ, իմաստասեր ես: Արգավան, երկար խոսել չեմ կարող, ուշադիր լսիր, իշխան Շահինի իշխանությունը շուտով կավարտվի և կառավարման ղեկն ի՛նձ կտրվի: Թե, հրաժարվես այն սուտ ուսմունքից, որի կրողն ես, մեկտեղ, մեզ հանձնես քրիստոնյաների գտնվելու վայրերը… խոստանում եմ քո ելքն այս պալատից: Արգավան, որդյակ, լավ մտածիր…
ԱՐԳԱՎԱՆ – (կատաղությամբ վրա է գալիս, ձեռքի դաշույնը սեղմում է քրմապետի վզին): Կե՜ղծ ազնվական, որ որդեգիր ես եղել խավարի իշխանությանը և ծախել ես քեզ՝ պոռնկությանը, չե՞ս վախենում, որ մի օր կկանգնես Տրդատ արքայի ատյանի առաջ:
ՔՐՄԱՊԵՏ — Ցնդած երազո՛ղ, ո՞ւմ վրա պիտի նա թագավորի, երբ Հայքը վաղուց չկա՛ երկնի տակ: Դու զվարճալի մարդ ես, Արգավան…
ԱՐԳԱՎԱՆ — Հետո կերևա, ծիծաղողն ո՞վ է… Բայց դավաճանի վախճանը իրեն սպասեցնել չի տա ու այն կլինի խայտառակությամբ և ամոթով լի:
ՔՐՄԱՊԵՏ — Դավաճանությո՞ւն… Ես ձեր Տրդատին հավատարմության երդում չեմ տվել, որ բարբառում ես, թե դավաճան եմ: Իմ արքան պարսից Մեծն Արտաշի՛րն է: Ինչո՞վ է ինձնից տարբերվում քեռիդ, ով Տրդատի մոտ ծառայությունով տուրք է մատուցում Հռոմի կայսրին:
ԱՐԳԱՎԱՆ — Դու քո գոյությամբ և ծախված վարքով արդարացնում ես թշնամու բոլոր չարություններն ու ոճիրները, որ գործել են մեր մեջ՝ կեղեքելով մեզ: Բնույթդ ինքնին հայհոյություն է ընդդեմ սրբության և պարսավում ես ազնվությունը անձիդ նենգությամբ…
Ներս է մտնում Պանտեան: Կրքերը հանդարտվում են: Արգավանը նրան տեսնելով՝ քարանում է:
ԱՐԳԱՎԱՆ — Օրիորդ Պանտե՞ա…
ՊԱՆՏԵԱ — Իշխան Արգավան, հայրս ինձ խնդրեց, որ այցելեմ քեզ և անձամբ հայտնեմ, որ կամենում է հանդիպել հետդ:
ՔՐՄԱՊԵՏ – (քայլ է անում, որ դուրս գա): Բարև, Պանտեա: (Արգավանին.) Դեռ կհանդիպենք…
Քրմապետը հեռանում է: Արգավանը շարունակում է անթարթ հայացքով նայել աղջկան:
ՊԱՆՏԵԱ — Հայրս ինձ խնդրեց… մեկտեղ կամեցավ իմանալ, թե քեզ ինչ որ բան պետք չէ՞… (Արգավանը չի պատասխանում: Իշխանի նայվածքը շփոթեցնում է, կարծելով, թե տեսքի հետ կապված խնդիր կա, գրպանից հանում է թաշկինակը, սրբում դեմքը, ուղղում վարսերը:) Ինչ-որ բան այն չէ՞:
ԱՐԳԱՎԱՆ — Դեմքդ նման է
Հնոցի զատիչ բոցով մաքրված
Թափանցիկ ոսկու՝ այնքա՜ն անարատ,
Որ արևի պես շողում է հեռվից…
ՊԱՆՏԵԱ — Իսկ քո մարմինը`
Շափյուղա քարի սալերով պատած
Մի աշտարակ է, որտեղ տաճարի
Ողջակեզները մատուցանելու
Համար պատրաստված իրերն են դրվում…
ԱՐԳԱՎԱՆ — Հոնքերիդ դարսվածքն,
Ինչպես երկվորյակ կարապներ լինեն,
Որ թևածում են աչքերիդ լազուր լճի վրայով
Ու հաղորդում են երեսիդ փայլին
երկնային զմայլք…
ՊԱՆՏԵԱ — Իսկ քո ճակատը
Նման է օդում թևերը բացած մի սև արծիվի`
Հինավուրց լեռան զույգ խառնարանի
վրա ճախրելիս…
ԱՐԳԱՎԱՆ — Շուրթերիդ բացվածքն ասես՝ շուշանի
խոնավ թերթեր են,
Որ թավշոտել են քամուց մրսոտած…
Իսկ ատամներդ` մարգարտյա ճերմակ
հատեր են, որոնք
Գեղազարդում են թագուհու շքեղ հանդերձանքները…
ՊԱՆՏԵԱ — Բերանիդ ձևը՝
Իբրև արքայի զինապահեստի
կնքված դռներն են,
Որտեղ պահվում են զորավորների
երկսայրի սրեր,
Նետեր, վահաններ ու սաղավարտներ…
Իսկ ձայնդ` նման ծովի շառաչի`
Որոտարկում է, երբ ալիքները
զարնվում են ափին…
«Բանաստեղծները» մի պահ լռում են:
ՊԱՆՏԵԱ — Անհայտ երգիչի սիրային խոսքն այս առաջին անգամ լսել եմ մորս արտասանությամբ, երբ դեռ աղջնակ էի…
ԱՐԳԱՎԱՆ — Կարծես, թե երազ լինեին մանկության մեր տարիները…
ՊԱՆՏԵԱ — Այո, երազ էր, որ, ցավոք, տևեց սոսկ մեկ ակնթարթ:
ԱՐԳԱՎԱՆ — Ուզում եմ հարցնել, Պանտեա…
ՊԱՆՏԵԱ – Հարցրու:
ԱՐԳԱՎԱՆ — Երազանք ունե՞ս:
ՊԱՆՏԵԱ — Չեմ հասկանում քեզ:
ԱՐԳԱՎԱՆ — Կա՞ այնպիսի բան` իղձ, փափագ, տենչանք կամ մի նպատակ, որ կատարվելիս՝ դու երջանկություն կզգաս հոգեպես:
ՊԱՆՏԵԱ — Թերևս, այո… այդպիսի մի իղձ, որի բնույթը կարող եմ կոչել` «երազանքային», ճամփորդությո՜ւնն է:
ԱՐԳԱՎԱՆ — Ճամփորդությո՞ւնը…
ՊԱՆՏԵԱ — Ճամփորդել, այն էլ՝ հրաշքի թևով… Արծվի թռիչքով շրջել աշխարհքի ամեն վայրերը: Տեսնել Ճենաստանն ու Հնդկաստանը, Ասորեստանը, Պարթևստանը և Մարաց երկիրը… Այցելել Հռոմ, Հունաստան, Կիպրոս, Կիլիկիա, Գաղիա…
ԱՐԳԱՎԱՆ — Հետաքրքի՜ր է…
ՊԱՆՏԵԱ — Իմ երազա՞նքը…
ԱՐԳԱՎԱՆ — Չէ, քո խոսե՜լը` ասածիդ ձև՜ը, բառերիդ շա՜րքը, ձայնիդ հնչմո՜ւնքը… վերջապես` այտիդ վրայի փոսը, որն հատնվում է, երբ դու ժպտում ես:
ՊԱՆՏԵԱ – (ժպտում է): Բայց ամենից շատ տենչում եմ՝ նորից տեսնել հայրենի մեր Բահլ գավառը. իմ պապի գյուղը կանգո՞ւն է արդյոք, ովքե՞ր կան այնտեղ մեր ծանոթներից և ի՞նչ են անում, մեզ դեռ հիշո՞ւմ են, թե՞ մոռացել են:
ԱՐԳԱՎԱՆ — Զարմանալի՜ է…
ՊԱՆՏԵԱ — Ի՞նչն է զարմացնում քեզ, իմ խոսքե՞րը…
ԱՐԳԱՎԱՆ — Տեսքիդ մեջ առկա պայծառությո՜ւնը: (Աղջիկը շիկնում է հաճոյախոսությունից:) Իսկ կա՞ մեկ այլ բան` աներևույթ մի իսկություն, որին տեսնելու հրճվանքն առավել չափով քեզ կհուզեր, քան պտույտն աշխարհի տերություններով:
ՊԱՆՏԵԱ — Օրինակ՝ ի՞նչը…
ԱՐԳԱՎԱՆ — Ասենք` գտնել մի հարցի պատասխան կամ խնդրի լուծում, որի մասին դու շատ ես մտածել, սակայն այդպես էլ չես հասել դրա մեկնության ելքին և կամ պետք ունես առնչվելու մի գերբնության հետ, որի հայտնության կարիքն զգում ես հոգուդ հյուսվածքի բոլոր թելերով:
ՊԱՆՏԵԱ — Սրտանց ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ առաքելություն ունեմ այս կյանքում. պարզել` իմ դերը ո՞րն է երկնի տակ: Ուրիշ կերպ ասած` աստվածային ի՞նչ նախասահմանում կա անձիս հանդեպ: Ո՞ր ճամփով գնամ, ի՞նչ կերպ օգտակար լինեմ իմ ազգին, իմ ընտանիքին, իմ հայրենիքին:
ԱՐԳԱՎԱՆ — Հրաշա՜լի է…
ՊԱՆՏԵԱ — Իմ պատմությո՞ւնը…
ԱՐԳԱՎԱՆ – (ժպտալով տարուբերում է գլուխը): Այն սքանչությո՜ւնը, որ լեռնաղբյուրի ջրերի նման բխում է քեզնից:
Այս միջոցին Արգավանի գլուխն սկսում պտտվել: Նա բռնում է գլուխն ու երկու քայլ ետ գնալով` նստում:
ՊԱՆՏԵԱ — Դեմքդ գունատ է, իշխան, ինչպե՞ս ես… (Մոտենում է, Արգավանը բռնում է աղջկա ձեռքը:)
ԱՐԳԱՎԱՆ — Սիրուն էուհի, տպավորություն կա մոտս, թե մի տեղ տեսել եմ քեզ:
ՊԱՆՏԵԱ — Տեսե՞լ ես, որտե՞ղ…
ԱՐԳԱՎԱՆ — Քեզ հանդիպել եմ հորիզոնի մո՜տ…
Դու դուրս էիր եկել քո առագաստից՝
Ծագող արևը դիմավորելու.
Դու լուսաբացը հագել էիր՝ իբրև ցողախիտ հանդերձ,
Քեզ հանդիպել եմ այնտեղ, ուր քաղցր
Մանանան, ինչպես օրհնության շղարշ` իջել էր դաշտին,
Իսկ մառախուղը զատվել էր ծովից
Եվ պատարագվող խնկածուխ ասես՝ հասել էր երկնին.
Դու հովիտների ծաղկունքը որպես գեղազարդ գոտի
Կապել էիր մեջքիդ և շատ նման էիր
Փեսային սպասող մի հարսնացուի…
ՊԱՆՏԵԱ — Վերջացրո՜ւ, իշխան… Բավակա՛ն է ինձ հաճոյախոսես, ամաչեցնո՜ւմ ես ինձ քո խոսքերով: Ավելի լավ է, պատասխանիր, թե ինչո՞ւ են մեր տան սպասավորները ծածուկ բամբասում, իբր դու այն ավազակն ես, ով նետահարել է հորս թատրոնում:
Ներս է մտնում Դպիրը: Նա շնչակտուր է:
ՊԱՆՏԵԱ — Դպի՜ր…
ԴՊԻՐ – (գրկում է նրան): Արևի դուստր… Շող արեգակի…
Պանտեան հեռանում է: Արգավանը մոտենում է դպիրին:
ԱՐԳԱՎԱՆ — Որքա՜ն ուրախ եմ, քեզ տեսնել, Դպիր: Ժամանակ չկորցնենք, ես պատրաստ եմ, պետք է անհապաղ փախչել այս թակարդից:
ԴՊԻՐ — Սպասիր, Արգավան: Այստեղ մենակ չեմ…
Դպիրի նշանով սենյակ են մտնում Սմբատը Խորենը և Բուրզը:
ԱՐԳԱՎԱՆ — Սմբա՞տ… Խորե՞ն…
Խորենն ու Սմբատը նետվում են դեպի Արգավանը և ողջագուրվում:
ԽՈՐԵՆ — Բարև, բարեկամ:
ՍՄԲԱՏ — Ողջո՜ւյն, եղբայր իմ, ներիր, որ այսքան սպասեցրինք քեզ:
ԱՐԳԱՎԱՆ — Դուք այստե՞ղ… ինչպե՞ս… բացատրեք, թե ի՞նչն ինչոց է:
ՍՄԲԱՏ — Դպիրը մեզ այստեղ բերեց ժայռափոր, խրթին գետնուղիներով:
ԱՐԳԱՎԱՆ – (զարմանքով): Դպիր, բայց չէ՞ որ նախատեսել էինք…
ԴՊԻՐ — Հանգամանքները փոխվել են, Արգավան…
ԲՈՒՐԶ — Քրմապետի մարդիկ տաճարում ճանաչել են մեզ և հայտնաբերել դպիրի տանը: Այսօր մեծ կռիվ տվեցինք նրա թիկնազորի դեմ:
ԴՊԻՐ — Հիմա իմ կյա՛նքն էլ մազից է կախված: Շուտով ամենքը կիմանան, որ ես թաքցրել եմ քո բարեկամներին: Սա միակ տեղն է, որտեղ ոչ մի մարդ մեզ չի որոնի: Իսկ երբ մութն ընկավ, նույն ճանապարհով կփախչենք բերդից ու կմիանանք Խոսրովի որդու համակիրներին:
ՍՄԲԱՏ — Սակայն այստեղից մինչ հեռանալը կուզեմ դեմ առ դեմ տեսնել Շահինին:
ԱՐԳԱՎԱՆ — Չէ՛, կուսակալին հանգիստ թող, Սմբատ:
ՍՄԲԱՏ — Քեզ ի՞նչ է եղել, Արգավա՛ն, եղբայր, մի՞թե քո նետը չէր խոցել նրան դեռ օրեր առաջ: Եվ մի՞թե պարսից զորականների դեմ չէր պայքարը, որ վարում էինք մենք՝ հանուն Մեծ Հայքի ազատագրման: Շա՞տ բան է փոխվել այն օրվանից, երբ այս զնդանում ես:
ԱՐԳԱՎԱՆ — Այո՛, բարեկամ, հանգամանքների բերմամբ ակամա հայտնվել եմ մի հոգեվիճակում, որտեղ սրտիս մեջ իրար հակընդդեմ երկբևեռվել են վրեժխնդրությունն ու խղճմտանքը, ողորմածությունն ու դատաստանը, քենն ու ներումը, ոխն ու գթությունը, ատելությունը և հանդուրժումը, սերն ու թշնամանքը, հպարտությունն ու խոնարհությունը, ապստամբն ու հեզը…
ՍՄԲԱՏ — Ո՞րն է պատճառը քո երկբայության:
ԱՐԳԱՎԱՆ — Իշխան Շահի՜նը…
ՍՄԲԱՏ — Կուսակա՞լը… Ո՜հ, չլինի թե նա կաշառել է քեզ:
ԽՈՐԵՆ — Հետևի՛ր լեզվիդ, Սմբա՛տ, գժվե՞լ ես…
ԱՐԳԱՎԱՆ — Կաշառե՛լ է, հա, բայց ոչ թե ոսկով, այլև անբասիր իր վարք ու բարքով, իր ազնվությա՜մբ…
ՍՄԲԱՏ — …Եվ ի՞նչն է նրա մեջ հիացրել քեզ՝ քրիստոնյայի՜դ…
ԱՐԳԱՎԱՆ — Նա խիզախություն ունի, նայելով աչքերին մահվան, քայլել կյանքի մեջ…
Մոտեցող մարդկանց ձայներ են լսվում:
ԴՊԻՐ – (Խորենին ու Սմբատին): Շո՛ւտ, թաքստոց մտեք…
Իշխանազները աճապարում են թաքնվել վարագույրի ետևում: Բուրզը մնում է դպիրի կողքին: Ներս են մտնում կուսակալն ու Պանտեան: Դպիրի կողքին Բուրզին տեսնելով՝ կուսակալը վրդովվում է:
ՇԱՀԻՆ — Ի՞նչ գործ ունի այս ծառան պալատում:
ԴՊԻՐ — Նա ազատ մարդ է:
ՇԱՀԻՆ — Ազատ մա՞րդ…
ԴՊԻՐ — Այո, նա իմ եղբայրն է և բարեկամը:
ՇԱՀԻՆ — Իսկ երբվանի՞ց է…
ԴՊԻՐ — Մի քանի օր է:
ՊԱՆՏԵԱ — Դու մեծ սիրտ ունես, դպի՜ր… Եվ որքա՜ն քաջություն ու կամք, որ կարողանաս ծառային կոչել եղբայր կամ ընկեր:
ԴՊԻՐ — Ավա՜ղ, օրիորդ, թե օժտված լինեի մեծահոգությամբ, այս ազնիվ մարդուն տարիներ առա՛ջ ազատ կարձակեի:
ՇԱՀԻՆ — Քեզ պետք չէ՞ ծառա…
ԴՊԻՐ — Եթե կամենա, թող ինձ ծառայի աշխատավարձով, այլ ո՛չ թե ձրի:
ՇԱՀԻՆ – (քահ-քահ ծիծաղում է): Գիտե՞ս, ազնիվ մարդ, մեր երկուսի մեջ ընդհանուր բան կա. ես էլ երեկ մի շնորհագրով կալանավորված այն քահանային արձակեցին տուն:
ԱՐԳԱՎԱՆ – (կուսակալի խոսքը հուզում է Արգավանի սիրտը): Քո բարի կամքն ու արժանավոր վարքն, իբրև ճշմարիտ բարեպաշտության հավերժ օրինակ, աստվածների սեղանի առջև թող անուշաբույր և ընդունելի զոհ հանդիսանան:
ՇԱՀԻՆ — Դպիր, տեղդ չես գտնում և տեսքդ էլ հյուծված է կարծես… քեզ լավ չե՞ս զգում:
ԴՊԻՐ — Ծանր գիշեր եմ անցկացրել, իմ տեր:
ՇԱՀԻՆ — Իսկ դեմքիդ կապտուկը ո՞նց կբացատրես:
Կուսակալի հարցից դպիրը կաշկանդվում է: Սակայն չի հասցնում բացատրություն տալ, երբ դրսից բազմության ձայներ են լսվում:
ՇԱՀԻՆ — Ի՞նչ է կատարվում… Քամես, որտե՞ղ ես:
Ներս են մտնում քրմապետը և Քամեսը՝ թիկնազորի ուղեկցությամբ: Նրանք շրջապատում են սենյակում ներկա գտնվողներին: Կուսակալը գնում, թիկնում է աթոռին:
ՔԱՄԵՍ — (Դպիրին): Այսքանից հետո լկտիություն ես ունեցել պալա՞տ ներկայանալու: (Շահինին.) Այսքան ժամանակ քո այս դպիրը անձդ որոնող ավազակներին իր տանն էր պահում:
ՇԱՀԻՆ — Դպիր, ի՞նչ է սա. չար երա՞զ, թե՞ նենգ իրականություն:
ՔՐՄԱՊԵՏ — Բնորոշումներ տալու պահը չէ: Կուսակալ Շահին, ձերբակալված ես: Դու կասկածվում ես լրտեսության մեջ հոգուդ Տրդատի և Արտավազդի: Մեղադրանքը քո անգործությո՜ւնն է: (Ծոցից թուղթ է հանում:) Սա ավագանու որոշումն է: Իսկ մինչ պարսից արքան կորոշի, թե ո՞վ է արժանի այս պաշտոնին, ե՛ս նշանակվեցի ժամանակավոր տեղապահ որպես:
ՇԱՀԻՆ – (սևեռուն նայում է Քամեսին): Եվ դո՞ւ, սևամորթ…
ՔԱՄԵՍ — Ներիր, կուսակալ, քո զորությունը անկում է ապրում:
ՔՐՄԱՊԵՏ — Կուսակալ, և դու այսքան հանգի՞ստ ես:
ՇԱՀԻՆ — Իսկ մի՞թե ինչ-որ բան ընդունակ եմ փոփոխելու իմ անհանգստությամբ:
ՔՐՄԱՊԵՏ — Նվազագույնս, ինչո՞ւ քո զորքին չես հանձնարարում կռվի պատրաստվել: Կամ քաղաքային կայազորն ինչո՞ւ հրահանգված չէ՝ ամրակայելու բերդապարիսպը: Տպավորություն է, որ ուզում ես հանձնել քաղաքն այս առանց կռվի:
ՇԱՀԻՆ — Ես չեմ կամենում, որ մարդիկ զոհվեն: Ի՞նչ եք կամենում ձեր ծերակույտով, որ բազմահազար զոհերի գնո՞վ խոստովանենք, որ Հայոց երկիրը այլևս անտեր չէ, այլ տե՛ր ունի:
ՔՐՄԱՊԵՏ — Երկրի համար այս բախտորոշ պահին, երբ Տրդատի զորքն հատել է Արաքս գետն ու մեծ թափով ազատագրում է հոր կալվածքները, քո միակ միտքն ու զբաղվածությունը Մանդակունի այս երիտասարդին խնամք տանե՞լն է:
ՇԱՀԻՆ — Ուշ, թե շուտ պիտի լիներ այս բանը:
ԴՊԻՐ — Չա՛ր մարդ, տեսնում եմ՝ հոգիդ մաղձով է լցված բարու դեմ և չես խնայում անգամ ազգակցիդ: Քո նմանների պատճառով մարդիկ երես են թեքում մեր աստվածներից:
ՇԱՀԻՆ – Ասա, քրմապետ, մեջդ ինչո՞ւ է այսքան չարություն և թույն կուտակվել հանդեպ քո ազգի, ինչո՞ւ ես այսքան ատում ինքդ քեզ:
ՔՐՄԱՊԵՏ – (կուսակալի հարցն անպատասխան թողնելով, զինվորներին նշան է անում): Լա՜վ, շատ խոսեցինք… Դե՜հ, ձերբակալե՛ք սրանց, տարեք բանտ և դահիճները թող հարցաքննեն ու բացահայտեն նրանց հանցանքը:
Զինվորները նիզակներն ուղղում են սենյակում գտնվողների վրա: Բուրզը զինվորներից մեկից խլում նիզակն ու որպես վահան, կանգնում է դպիրի դիմաց: Կռիվ է սկսվում: Բուրզը խոցում է զինվորներից մեկին, մյուսի հետ մենամարտելիս ընկնում է խոցված: Վարագույրի ետևից դուրս են նետվում Խորենն ու Սմբատը, կատաղի մարտի են բռնվում, տապալում քրմապետի զորականներին: Քամեսը թիկունքից հարձակվում է Խորենի վրա, դաշույնով խոցում, նա վայր է ընկնում:
ՍՄԲԱՏ – (դաշույնով կտրում է Քամեսի կոկորդը): Մեռի՛ր, դժոխքի մռայլ առաքյալ…
Քամեսը մեռնում է: Մարտն ավարտվում է: Արգավանն ու Սմբատը մոտենում են ընկած Խորենին: Արգավանը գրկում է նրան:
ԽՈՐԵՆ — Մթության շղարշն անանցանելի մառախուղի պես պարուրել է ինձ եև արեգակի խավարման նման մարում է անձս…
ՍՄԲԱՏ — Խորեն, եղբայր իմ, հույսդ մի՛ կորցնի և թույլ մի տուր, որ աչքերդ փակվեն հավիտյան ննջով:
ԽՈՐԵՆ — (Արգավանին): Կարո՞ղ եմ հուսալ, որ կաղոթես իմ հոգու փրկության համար այն Աստծուն, որին Հիսուս ես կանչում մշտապես:
ԱՐԳԱՎԱՆ — Եղբայր իմ, սիրտս կտոր-կտոր ես անում քո խոսքով… (Խորենը մեռնում է: Արգավանը փարվում է նրան, լալիս է:) Իմ բարի ընկեր, ննջիր լույսի մեջ: Թե մինչև հիմա իմ սրտի մեջ էիր, այսուհետ պիտի լինես մասն հոգուս:
Դպիրը մոտենում է Բուրզին, ով մահացու վերքով պառկած է գետնին.
ԲՈՒՐԶ — Ափսոս, որ երկար չկարողացա ազատության մեջ ծառայել քեզ, տեր…
Բուրզը մեռնում է: Դպիրը ցավից հառաչում է:
ԴՊԻՐ — Որքա՜ն կարճ տևեց ազատությունդ… Բուրզ, իմ բարեկամ, թող աստվածներին տեսնելու փառքը հանգչի քո հոգուն:
ՍՄԲԱՏ – (դաշույնով նետվում է Շահինի վրա): Աղոթի՜ր, Շահին, մահդ եկել է, ես կսպանե՜մ քեզ…
ԱՐԳԱՎԱՆ – (կանգնում է ընկերոջ առջև): Դադա՛ր առ, Սմբատ…
ՍՄԲԱՏ — Հեռո՛ւ, ինձանից, արդեն երկրորդ անգամ է, որ փակում ես ճամփաս քո անձով: (Հրում է Արգավանին, ոստյուն կատարելով՝ հայտնվում կուսակալի կողքին, սուրը հպում է նրա վզին:)
ՊԱՆՏԵԱ — Արգավան, սրանք քո ընկերնե՞րն են…
ՇԱՀԻՆ — Մի՞թե աստվածներն ինձ ողջ թողեցին, որ արդարության դատաստանը քո ձեռքով կատարեն…
Սրահ են ներխուժում տասնյակի հասնող թիկնապահները, շրջապատում ներսում գտնվողներին: Նրանք աղեղները լարում են անկոչ հյուրերի վրա:
ՏԱՍՆԱՊԵՏ — Վա՛յր դրեք զենքերը ձեր և հանձնվե՛ք:
ԱՐԳԱՎԱՆ — Սմբատ, լսիր՛ ինձ, սուրդ ե՛տ քաշիր…
ՍՄԲԱՏ — Եվ մեզ սպանեն առանց կռվի՞…
ԱՐԳԱՎԱՆ — Թե սպանելու լինեին՝ հիմա այստե՞ղ կլինեի:
ՍՄԲԱՏ — Ինչո՞ւ ես փորձում խնայել նրան՝ ինձ արգելելով:
ԱՐԳԱՎԱՆ — Սմբատ, եղբայր իմ, ի՞նչ խղճով գոցեմ դռներն իմ հոգու կարեկցության, երբ ի՛նձ` հանցավորիս ողորմելո՜վ են գնել ատեանից և շնորհո՜վ եմ հիմա համարվում արդարների մեջ: Ու ինչպե՞ս պիտի վարվեմ խստությամբ, ե՜ս, որ գթություն գտած` բուժվեցի մահվան վերքերից, երբ վիրավոր էի…
Սմբատը ետ է քաշում սուրը, գցում գետնին: Թիկնապահները շրջապատում են ամենքին: Կուսակալը բազմում է թիկնաթոռին:
ՇԱՀԻՆ — Քրմապետ, քո ապրած օրերի մեջ առավել մեծ դիրք զբաղեցրիր և ավելի շատ պատիվ վայելեցիր, քան որ արժան էիր: Եվ փոխարենը փա՜ռք տայիր Վահագնին և Արամազդին, թունավոր լեզվով սկսեցիր վեճեր և գժտություններ սփռել աջ ու ձախ: Քեզ չե՛մ սպանի, այլ կպատվիրեմ, որ մտնես տաճար ու միանձնանաս խցերից մեկում: Այնտեղ կամ դարձի կգաս, կզղջաս ապրածիդ համար, կամ էլ սեփական թույնդ ներսից քեզ կոչնչացնի:
ՔՐՄԱՊԵՏ — (ծնկի է իջնում): Ողորմությունդ անսահման է, տեր…
ԴՊԻՐ — Կուսակալ, որքա՜ն ճիշտ ժամանակին հայտնվեցին քո թիկնապահները:
ՇԱՀԻՆ — Պատահական չէր նրանց գալը: Ինձ զեկուցել էին, որ քրմապետը ավագանու հետ դավադրություն է նյութել անձիս դեմ և պատշաճ կերպով պատրաստվել էի ես: Ասեմ ավելին. մինչ քրմապետից բացահայտվելդ ես իմացել եմ, որ Արգավանի բարեկամներին քո տանն ես պահում: Ու չզարմանաս, որ միշտ տեղյակ եմ եղել նաև քո և Արտավազդի նամակագրության մանրամասներին:
ԴՊԻՐ — Այդ դեպքում ինչպե՞ս ես հանդուրժել ինձ: Դու, որ կարող էիր մատի շարժումով ազատել քեզ իմ ներկայությունից՝ կյանքիս վերջ տալով…
ՇԱՀԻՆ — Զարմանում ես, որ երախտամոռ չե՞մ… Չէ՞ որ փրկել ես դստերս կյանքն ու ի՛նձ էլ ես բուժել չարաղետ վերքից:
Քրմապետն օգտվելով խառնաշփոթից՝ ոտքի է ելնում, պատյանից դուրս է քաշում դաշույնն ու նետվում դեպի Պանտեան: Դաշույնը սեղմում է օրիորդի կոկորդին:
ՔՐՄԱՊԵՏ — Ճանապա՛րհ տվեք, այլապես օրիորդ Պանտեայի դին կհայտնվի այս գորգի վրա:
ՇԱՀԻՆ – (ելնում է տեղից, քայլում դեպի քրմապետը): Սպասիր, քրմապետ, բա՛ց թող աղջկան:
Պանտեան խուճապից կտրուկ շարժում է կատարում, դաշույնի շեղբը կտրում է աղջկա կոկորդը: Պանտեան վայր է ընկնում: Կուսակալը դստեր անկումը տեսնելով՝ հուսահատն ճիչ է արձակում, նետվում դեպի աղջիկը:
ՇԱՀԻՆ — Ո՜վ անհոգի մարդ, սպանեցիր նրան…
ՔՐՄԱՊԵՏ — Սա պատահական ստացվեց, ես չէի կամենում…
Քրմապետը փորձ է կատարում ճեղքել թիկնապահների արգելքն ու փախչել: Դպիրը կտրում է նրա առաջն ու զարկում դաշույնով: Քրմապետը տապալվում է գետնին: Դպիրը շտապում է Պանտեային օգնություն ցուցաբերելու, բայց աղջկա վերքը մահացու է:
ՏԱՍՆԱՊԵՏ — Ի զե՛ն:
Արգավանը գրկում է Սմբատին՝ թիկունքը վահան դարձնելով պարսից զորքի դեմ:
ՇԱՀԻՆ — Կա՛նգ առեք: (Թիկնապահները իջեցնում են աղեղները: Կուսակալը գրկում է Պանտեային, հեկեկում:) Մարդ ուղարկե՛ք, թող այստեղ կանչեն քահանային, ում աղոթքներն Աստուծո առջև պատվական մարգարիտներ են: Կխնդրեմ, որ նա բարեխոսության աղոթք բարձրացնի աղջկաս համար: Ու եթե փրկեց դստերս կյանքը, ես կընդունեմ իր աստծուն որպես Տեր: (Պանտեային.) Ներիր ինձ դուստր իմ, որ անզոր եղա պաշտպանելու քեզ այս բիրտ աշխարհից, արմատախիլ եղար պարտեզից կոկոն վարդի պես՝ դեռ հազարափառ ծաղիկ չդարձած… (Պանտեան մեռնում է հոր գրկում:) Ո՜հ, Զև՛ս, Արամա՛զդ, Վահա՛գն, Հերմէ՛ս,
կամ ո՞վ կաք այդտեղ, իջե՛ք երկնքից, շանթահարե՛ք ինձ…
Անունս ջնջե՛ք երկրիս երեսից…
Ա՜խ, ինչ, թշվա՜ռն եմ…
Երանի ծնված չլինեի երբեք…
Որտե՞ղ է լսված՝ զավակն հատուցի
հոր մեղքի համար…
Ի՜նչ զավեշտ է սա.
Լինել կուսակալ և տկարանա՞լ:
Կեղտոտ-լեշակեր
Երախներ զսպել չկարողանա՞լ…
Թույլ տալ, որ անսանձ
մի խումբ գայլաշուն,
Անազգ, անտոհմիկ, անցեղ, անանուն՝
Գերեզմանակյաց դիահոշոտներ,
Գարշության հոտը նախադասողներ,
Պակաս քան ոչինչ լինելով հանդերձ
Մատաղ մի առյուծ անեն մորթազե՞րծ…
Էլ ինչի՞ս է պետք տիտղոսն, ու գահը,
Երբ դահիճն ի՛նքն է ընտրում իր զոհը,
Երբ անզորությունն հանկարծ իշխող է
դառնում զորեղին,
Եվ առյուծն է դրվում բորենիների զոհասեղանին…
(Հայացքը կանգ է առնում քրմապետի արնածոր դիակի վրա:)
Լուսամուտից դուրս գցեք այս շանը, և թող գավիթի սալահատակի վրա անթաղում մարմինը նրա նեխի երկնի տակ, ինչպես որ ինքն է գարշանք տարածում իր ստոր գոյությամբ:
(Թիկնապահներից երկուսը քրմապետի դին քարշ տալով դուրս են շպռտում պատուհանից: Կուսակալի առջև հայտնվում է իր երազի միջի ուրվականը:)
Ա՜խ, անեծք, նզովք, օ՜, մա՛հ քմահաճ,
Կանգնել ես շեմիս, չե՛ս գալիս առաջ.
Ժպտում ես քնքուշ որպես բարեկամ,
Նշան ես անում՝ ինքս մոտենամ:
Ժպտա՛, ծաղրամի՛տ, ինչքան որ կուզես,
Կուզե՞ս ծիծաղիր… խնդա աներես,
Կուզե՞ս՝ բարձրաձայն ինձ հանդիմանիր,
Նախատինքներով հոգիս քարկոծիր…
Մե՛կ է, ողջ եմ ես, քեզ չեմ պատկանում,
Քո մրոտ գրկում տեղ չեմ փափագում:
Սակայն բավ է, կա՛ց… Ցնո՛րք, հեռացի՛ր…
Ինձ պետք չես բնավ, չքվի՛ր, հեռացի՛ր…
Արգավանը մոտենում, խոնարհվում է Պանտեայի վրա:
ԱՐԳԱՎԱՆ — Դու հայտնվեիր իմ կյանքում իբրև երկնքում ծագած նորավառ աստղ և կամ արևի ոսկեթել ուղի` կենսախինդ, պայծառ, բայց և վաղանցիկ…
ՇԱՀԻՆ — Արգավան, ինչպես քեզ խոստացել էի՝ դու ազատ մարդ ես, կարող ես գնալ: Քո հետ տար նաև այս ընկերոջդ: Ես կկարգադրեմ, որ մի հարյուրյակ հեծելազոր ձեզ ուղեկցի մինչև Արաքսի ափը, որտեղ Տրդատի զորաճամբարն է: (Ոտքի է ելնում, պատյանից դուրս է քաշում դաշույնն ու մեկնում Սմբատին:) Քաջ իշխանազուն, ավարտին հասցրու սկսածդ գործը:
Կուսակալը Սմբատի ձեռքով դաշույնով խոցում է իրեն:
ՍՄԲԱՏ — Չէ՜, Շահին… սպասի՜ր…
ԴՊԻՐ — (գոռալով): Ո՜չ, կուսակա՜լ, ո՜չ… (Ձեռքով ամուր սեղմում է նրա արնածոր վերքը:) Այս ի՞նչ արեցիր… սպանեցի՛ր քեզ…
ՇԱՀԻՆ — Իմ ազնիվ դպիր, պատմագրության մատյաններիդ մեջ մեղքերիս ամբողջ առատությունը մի հիշատակիր, որպեսզի գալիք սերունդն անունս անեծքով չտա և հանդերձյալում հոգիս չտանջվի մարդկանց նզովքից…
ԴՊԻՐ — Տեր, քեզ շատ խոսել չի կարելի: Արյանդ հոսքի հետ նաև կյանքդ է հեռանում քեզնից: Թո՛ւյլ տուր զննեմ վերքդ և բուժում սկսեմ անհապաղ…
ՇԱՀԻՆ — Դժոխքի անմեռ որդերն իմ մահվան ժամին են սպասում, որպեսզի վայելեն մարմնիս մեղսահամ պարարտությունը…
Կուսակալը, մահամերձ, մոտենում է դստեր մարմնին: Արգավանը հրաժեշտ է տալիս Պանտեային:
ՇԱՀԻՆ — (Արգավանին):
Ի սեր այն Աստծո, որին պաշտում ես, խնդրում եմ գթա և մի՛ ատիր ինձ…
ԱՐԳԱՎԱՆ — Իմ ողորմածը ողորմություն չէ՛, ո՛չ էլ ներածս բանի տեղ կանցնի, թե որ Բարձրյալի կամքով չլինի: Թող Աստված տեսնի տառապանքներդ և հատուցի քեզ այն, ինչն արժան է… Քանզի Նրանից, Նրանով, դեպի Նա է ամեն բան. Նրան լինի փառք հավիտյան. ամեն:
Կուսակալը, դստեր կողքին պառկելով, մեռնում է: Դպիրի ցուցումով թիկնազորը լքում է սենյակը:
ԴՊԻՐ – (սրբում է արցունքն ու դիմում երկու իշխանազուններին): Հայոց արքայազն Տրդատի զորքը մակնթացային ալիքի նման հատել է Արաքս գետն ու մեծ թափով մոտենում է մեզ: Շուտով կտեսնենք, որ Տրդատի փառքն համբառնելու է երկնքից երկինք: Նրա զորության հետ դո՛ւք էլ պիտի մեծանաք ուժով: Եվ գահն այս, որը վերհաստատում ենք հայրենյաց վրա, այնքան ժամանակ կանգուն կմնա, քանի դեռ ձեզ պես ազնվականներ կլինեն Հայքում ելնող ու մտնող:
Ներս է մտնում քահանան և հոգեհանգստի աղոթք է բարձրացնում զոհվածների համար:
Երկու շաբաթ անց, հինգերորդ ամսի վեցերորդ օրը, հայոց հաղթական լեգեոնները ազատագրեցին Երվանդաշատը, և վերհաստատվեց գահն Արշակունյաց Տրդատի ձեռքով։
Իշխան Արգավանը հրաժարվելով աշխարհիկ կյանքից՝ մեկնեց Կեսարիա և ուխտագրվեց ճգնության այնտեղի այրերից մեկում։
Սմբատը Արտավազդ Մանդակունու հետ բազում մարտերում մեծ հաղթանակներ կերտեց նորհաստատ հայրենյաց համար։
Դպիրը դարձավ պալատի բժիշկն ու գրագիրը:
Այս դեպքերից շուրջ տասնչորս տարի անց՝
301 թվականին, Տրդատ Մեծ արքան քրիստոնեությունը Հայքում հռչակեց որպես պետական կրոն:
303 թվականի հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության օրվա արևածագին, Արածանի գետի ակունքների մոտ, մկրտվեց արքան, արքունին, զորքն ու ողջ ազգը, Բարձրյալից նախասահմանվելով՝ Քրիստոսի պատկերին կերպարանակից
և Աստծո սուրբ ժողովուրդ լինելու…
Անակի որդի Գրիգորը, ով Լուսավորիչ անունով պիտի հիշվեր ազգերից, 13 տարի, բազմաթիվ չարչարանքներ ու փորձություններ հաղթահարելով, Բարձրյալիդ կամքով և ողորմությամբ դարձավ Հայոց Քրիստոսահիմն Եկեղեցու հայրն ու առաջին Կաթողիկոսը:
Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, յաւիտյանս ԱՄԷՆ:
