ՓՈԹՈՐԻԿ / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Գործող անձինք

ՊԱՀԱԿ ԾԵՐՈՒՆԻ (ԱՎԵՏՅԱՆ)

ՎՐԵԺ — Ձկնորս

ՍՈԿՐԱՏ — Ձկնորս

ՂԱԶԱՐ — Ռեստորանի տեր

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ ԿԻՆ (ՄԵՐԻ)

ԲԺԻՇԿ

ՍԱՆԻՏԱՐ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԵՅՏԵՆԱՆՏ

ՇԱՐՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆ

ԴՐՍԻՑ ՁԱՅՆ ՏՎՈՂ ՄԱՐԴ

ՏԵՍԱՐԱՆ 1

Լճափնյա ռեստորանի դահլիճ: Կիսախավար: Գիշեր: Մերթ ընդ մերթ լսվող լճի ալեկոծության ու քամու ձայն: Այդ ձայնը, գործողությունից կախված, ուժգնանում կամ թուլանում է:

Դահլիճի անկյունում, լի սեղանի մոտ նստած են Վրեժն ու Սոկրատը: Օղի են խմում: Քիչ այն կողմ՝ դատարկ սեղանի մոտ նստած է Ծերունին: Սուրճ է խմում և խաղում է աղոթնոցի հատիկների հետ:

ՍՈԿՐԱՏ — Ողջ էղնինք, ախպեր, սաղ ու լավ:

ՎՐԵԺ — Ողջ:

Խմում են:

ԾԵՐՈՒՆԻ — (մեկուսի, բարձրաձայն մտածելով): Ամեն ինչ առաջացել է աստղափոշուց: Մեծ պայթյունից հետո նախանյութը որպես էներգիա ու փոշի տարածվել է տիրեզերքում, հետո ինքնակազմակերպվել ու ձև է ստացել: Ի՞նչ է մարդը: Ատոմների միացություն: Ատոմներ, որոնք միշտ եղել են տիեզերքում, հետո ժամանակի մի կարճ հատվածում միացել են մարդու մեջ: Երբ մարդը չլինի, ատոմներն էլի կլինեն: Կլինեն որպես հող,  հետո որպես խոտ, ծառ, որդ, ծաղիկ, օձ… Կլինեն որպես էներգիա:

ՍՈԿՐԱՏ — Էլի սկսեց զառանցել: Էնքան կարդաց, գլխի շարիկները թափվեցին:

ՎՐԵԺ — Այ տղա, մեր դասատուն է եղել ինչքան չլինի: Համ էլ խոսում է՝ խոսի, քեզ ի՞նչ, արաղդ խմի: Մեկ է, էսօր ծով մտնել չի ըլնի, հմի սետկեքը խճճվել, խառնվել են իրար, թե փոթորիկից հետո ի՞նչ պտի անենք, Աստված գիտի:

ՍՈԿՐԱՏ — Իբր էս քամին ու ալիքը քիչ են, էս էլ էստեղ ա ներվերս սղոցում: Դպրոցում արածն իբր քիչ էր, հըմի էլ խոսըմ ու խոսըմ ա: Մեծացանք էլ, սրանից չպրծանք, տո:

ՎՐԵԺ — Հո ամեն օր իրան չե՞ս տեսնըմ, որ նեղվըմ ես: Էս մի գիշերն ա, էլի, կանցնի, մենք մեր գործին կեթանք: Անտեր բիձա յա, պահակ ա իրա համար: Ղազարը խղճացել, բերել ա ըստեղ: Ճիշտ ա, խոսում ա ամբախ-զամբախ, բայց անվնաս ա:

ՍՈԿՐԱՏ — Ընենց ես ասըմ, կարծես նոր տեսա ու չեմ ճանաչըմ: Մեր հազար տարվա դասղեկն ա, չէ՞: (Դիմում է ծերունուն): Ավետյան, Արմոյից ի՞նչ խաբար կա:

ԾԵՐՈՒՆԻ — (չի պատասխանում):

ՍՈԿՐԱՏ — Քեզ հետ եմ, չե՞ս լսըմ:

ԾԵՐՈՒՆԻ — Տղա, կամ ընկեր Ավետյան ասա, կամ անունս տուր: Եթե ազգանունս ես տալիս որպես ուսուցիչ, ուրեմն ընկերով ասա: Արմոն… Արմոն ջրի կաթիլ է անապատի մեջ: Աշխարհում ութ միլիարդ մարդ է ապրում ու նրանցից ամեն մեկը մի Արմո է:

ՎՐԵԺ — Զանգո՞ւմ է գոնե, փող-մող ուղարկո՞ւմ է:

ԾԵՐՈՒՆԻ — Փողն ինչի՞ս է: Շոր ունեմ, լավից-վատից ուտելու բան կա, պահականոցն էլ տաք է:

ՍՈԿՐԱՏ — Մի բաժակ կխմե՞ս:

ԾԵՐՈՒՆԻ — Չէ, գիտես, որ չեմ խմում:

ՎՐԵԺ — Ավետյան, արա՞ղն ես ափսոսում, թե՞ քեզ:

ԾԵՐՈՒՆԻ — (չի պատասխանում, լսում է ալեկոծության շառաչը):

ՍՈԿՐԱՏ — Դպրոցում ում բռնում էր, համոզում, սպառնում, ստիպում էր, թե կարդա: Էս էլ շատ կարդալու շառը:

ԾԵՐՈՒՆԻ — Դու գիտե՞ս, որ փիլիսոփա Սոկրատը իդիոտ է եղել:

ՍՈԿՐԱՏ — Այսի՞նքն:

ԾԵՐՈՒՆԻ — Հա, իդիոտ:

ՎՐԵԺ — (ծիծաղում է՝ ձեռքերն իրար խփելով):

ՍՈԿՐԱՏ — Տարիքդ եմ հաշվի առնըմ, էն, որ լավից-վատից դաս ես տվել ինձ ու տղիդ հետ նույն դասարանում եմ սովորել, թե չէ…

ԾԵՐՈՒՆԻ — Ի՞նչ՝ թե չէ:

ՍՈԿՐԱՏ — (բռունցքը ցույց տալով): Էսի աչքդ կամ բերանդ կփակեր:

ԾԵՐՈՒՆԻ — Ունայնություն ունայնությանց… Ով սրբազան, փրկարար տգիտություն:

ՍՈԿՐԱՏ — Արա ձենդ կտրի, է, թե չէ գիտեմ, հա՜:

ԾԵՐՈՒՆԻ — (չի շարժվում տեղից, նստած է գլուխը կրծքին հակած):

ՎՐԵԺ — Այ ախպեր, խելքդ ո՞ւմ հետ ես դնում: Դու էլ նեղանալու մարդ գտար: Բաժակդ բեր, մեր ջղայնացած մոր կենացը խմենք:

ՍՈԿՐԱՏ — Ախր չափն անցնում ա: Շատ էլ ասըմ ենք ցնդած բիձա յա, շատ էլ ասըմ ենք կնգա մահից հետո անտեր շան պես օրն ըստեղ ա մեռցնում, հո ամեն բան կուլ չե՞նք տա: Մենք էլ պատիվ ունենք, չէ՞: Իդիոտը ո՞րն ա:

ԾԵՐՈՒՆԻ — Դե արի սրան բացատրի, որ Սոկրատը փիլիսոփա էր, գաղափարի, իդեայի մարդ, որ Հին Հունաստանում էդ կարգի մարդկանց հարգում էին ու կերակրում հասարակության հաշվին, արի էս մարդուն հասկացրու, որ Հին Հունաստանում ամեն մարդ իդիոտ լինել չէր կարող:

ՍՈԿՐԱՏ — (Ծերունուն լսում է ուշադիր, հետո բաժակը խփում է Վրեժի բաժակին):  Քո ասածի պես, ախպեր: Թող մեր էս մոր կենացն ըլնի: Մեր իսկական մերը մեզ կաթով ա սնել մի էրկու տարի, իսկ սա մեզ պահում ա արդեն քանի տարի: Ճիշտ ա, ժամանակ առ ժամանակ ջղայնանում ա, ալիքներն իրար խառնում, բայց հետո խաղաղվում, հանգստանում ա ու ավելի բացձեռ ա դառնում: Ճիշտ չե՞մ ասըմ:

ՎՐԵԺ — Սևանա ծովի կենացը: (Խմում է, բերանը սրբում թևքով): Սևանա սըբ Նշան, ոտդ պաքեմ, դու անփորձանք պահի մեզ, էրեխի տեր ենք:

ԾԵՐՈՒՆԻ — Ձկնորս էլ կա, ձկնորս էլ: Հիսուսի աշակերտներն էլ էին ձկնորս, իմոնք էլ: Ձկնորս էլ կա, ձկնորս էլ:

ՏԵՍԱՐԱՆ 2

Ներս է մտնում Ղազարը, գալիս, կանգնում է բարի մոտ: Ձեռի հետ ինչ-որ գործ է անում:

ԾԵՐՈՒՆԻ — (սեղանից վերցնում է սուրճի դատարկ բաժակը, մոտենում Ղազարին: Բաժակը դնում է սեղանին, ուզում է գնալ, իր տեղում նստել):

ՂԱԶԱՐ — Ինչի՞ բաժակը դու բերեցիր: Ես կվերցնեի:

ԾԵՐՈՒՆԻ — Պագոննե՞րս ընկան, թե՞ թրիս պատյանի թանկարժեք քարերը:

ՂԱԶԱՐ — Սոված չե՞ս: Կուզե՞ս մի կտոր խորոված տամ կամ մի կտոր ձուկ:

ԾԵՐՈՒՆԻ — Չէ, ցերեկը տանը կերել եմ:

ՂԱԶԱՐ — Տանը… Տանը ո՞վ ունես, որ հաց տա քեզ: Ի՞նչ ես կերել:

ԾԵՐՈՒՆԻ — Աշխարհի ամենաանվնաս բանը՝ խաշած կարտոֆիլ:  Картофель с мундиром,- կասեր պալկովնիկ Կոշտենկոն:

ՂԱԶԱՐ — Էդ ո՞վ է:

ԾԵՐՈՒՆԻ — Էդ հազար տարի առաջ էր: Ես խորհրդային բանակի զինվոր էի, Կոշտենկոն մեր գնդապետն էր: Օղի էր խմում ու վրան կեղևով խաշած կարտոֆիլ ուտում: Դա հին պատմություն է, Ղազար, իսկ անցածը հիշելը՝ անշնորհակալ ու անօգուտ բան, հավատա:

ՂԱԶԱՐ — Քո կարծիքով կարտոֆիլը ամենաանվնաս ուտելի՞քն է:

ԾԵՐՈՒՆԻ — Ինձ համար՝ այո, խաշելուց հետո երկու օր ու ավելի պահպանվում է, էժան է, հեշտ է պատրաստելը և, մանավանդ, ծամելը:

ՂԱԶԱՐ — Ծամե՞լը:

ԾԵՐՈՒՆԻ — Հա, Ղազար, ծամելը: Ես ծեր մարդ եմ: Աստված պահի ատամնաբույժ Մեսրոպի արևը, էնպիսի պրոթեզ է սարքել, որ ոչ կարգին ծամել եմ կարողանում, ոչ էր երկար խոսել: Եթե չուզեմ էլ, էս պրոթեզն ինձ ստիպում է, որ Աստծո պատվիրանը պահեմ:

ՂԱԶԱՐ — Ո՞ր պատվիրանը:

ԾԵՐՈՒՆԻ — Մարդ ոչ միայն հացիվ կեցցե, այլ ամենայն բանիվն Աստծո: Հասկացա՞ր, թե բացատրեմ:

ՂԱԶԱՐ — Հասկացա մոտավորապես… Լսիր, ընկեր Ավետյան, խելքդ ինչի՞ ես Սոկրատի խելքին դնում: Դպրոցից ճանաչում ես նրան, չգիտե՞ս, որ ասածդ չի հասկանալու: Նա միայն ձուկ բռնել ու փող հաշվել գիտե:

ԾԵՐՈՒՆԻ — Ճիշտ ես ասում, իզուր չեն ասել՝ մարգարիտներդ խոզերի առաջ մի գցիր, թե չէ կպատառոտեն քեզ: Էսօր է՞լ տուն չգնացիր:

ՂԱԶԱՐ — Էլ ո՞ւր: Արդեն ժամը երկուսն անց կես է: Մինչև հասնեմ, անկողին մտնեմ, վեր կենալուս ժամանակը կլինի: Համ էլ գնալ չի լինի: Տղերքը նստած են: Էս վերջերս օբյեկտ էկող էլ չի լինում ախր:

ԾԵՐՈՒՆԻ — Ցուրտը մի կողմից, ծովի ալեկոծությունը՝ մյուս, աշխարհի գլխին թափվող ռումբերն էլ՝ գլխապինդ:

ՂԱԶԱՐ — Թե հոգնած ես, գնա, պառկի, մեկ է, ես էստեղ եմ:

ԾԵՐՈՒՆԻ — Պառկեմ, որ ի՞նչ: Նախ քունս չի տանում, հետո էլ մարդ շուն լինի, ծեր չլինի: Պառկում եմ մի երկու ժամ, հետո գնում եմ էնտեղ: Ետ եմ գալիս, նորից պառկում, էն է հա, աչքս կպնում է, նորից եմ գնում: Ասենք ի՞նչ եմ բողոքում, մի քիչ էլ դիմանամ, գնալուս ժամանակը կգա:

ՂԱԶԱՐ — (ցրված, ականջը՝ ծովի աղմուկին): Ո՞ւր գնալուդ ժամանակը: Տեղ ե՞ս գնալու:

ԾԵՐՈՒՆԻ — Գնալու եմ, բա՞: Գնալու եմ էնտեղ, որտեղից ոչ ոք ետ չի գալիս: Լավ հիշեցի, դուրս գամ, մի հատ տարածքին աչք ածեմ:

ՂԱԶԱՐ — Էս քամուն, էս ալեկոծությանը, էս… էս… էս դժոխքի դուռ դարձած օբյեկտին ո՞վ կմոտենա:

ԾԵՐՈՒՆԻ — Գողն ի՞նչ է փնտրում՝ մութ գիշեր: (Գնում է դեպի դուռը):

ՂԱԶԱՐ — Ետ արի, ռեստորանի տերը ես եմ, ես չեմ անհանգստանում, դու ինչի՞ ես իրար խառնվել:

ԾԵՐՈՒՆԻ — (չի լսում, գնում է):

ՍՈԿՐԱՏ — Արի, հետներս մի բաժակ բան խմի, Ղազար:

ՂԱԶԱՐ — Չէ, տղերք ջան, անուշ արեք:

ՎՐԵԺ — Էլ անուշ անելու բան չի մնացել, ախպեր: Մի շիշ էլ բեր:

ՂԱԶԱՐ — (մի շիշ օղի է վերցնում, մոտենում է նրանց սեղանին):

ՎՐԵԺ — Նստի մեր հետ, ախպեր, նստի, մեկ ա՝ մինչև լուսը բացվի, հազար ժամ կանցնի:

ՂԱԶԱՐ — Չէ, Վրեժ ջան, շնորհակալ եմ, գործ ունեմ:

ՍՈԿՐԱՏ — Էս կեսգիշերին ի՞նչ գործ, նստի: Ծովը կատաղած ա, գիշերը՝ երկար ու էս ժամանակ ամենակարևոր գործը խմելն ա, հավատա: Պտի լավ թրջվես, որ օսկռներդ ծովի պաղ սրսփանքը չզգան:

ՂԱԶԱՐ — (նստում է):

ՎՐԵԺ — (լցնում է բաժակները): Սաղ ու լավ, ախպեր: Խմենք աշխարհի խաղաղության համար: Աստված թող աշխարհին խաղաղություն տա, մեզ առողջություն ու հաջողություն, Ավետյանին էլ՝ խելք:

ՂԱԶԱՐ — Ինչի՞, Ավետյանն անխե՞լք ա:

ՍՈԿՐԱՏ — Տո բա ի՞նչ ա: Հիշում ես, դպրոցում կյանքներս ուտում էր՝ սովորեք հա սովորեք: Ասենք թե իրա նման էդքան կարդայինք ու իրա պես ցնդվեինք, ի՞նչ: Էնքան էր կողս մշտել, էս թևիս տակ մազոլ էր բուսել, ախպեր: Մինչև հըմի գիտի՝ առաջվա էրեխեքն ենք:

ՂԱԶԱՐ — Էդ մարդը քեզ ի՞նչ ա արել: Ամբողջ օրը լուռ նստած թզբեխ ա շխկացնում:

ՍՈԿՐԱՏ — Չլսա՞ր ընձի ինչ ասավ:

ՎՐԵԺ — (ծիծաղելով): Իդիոտ ասավ, ի՞նչ: Թե դրան ինչի՞ ես պահում, չեմ հասկանում:

ՍՈԿՐԱՏ — Ո՞վ գիտե, կարող ա տղեն ավել փող ունի: Ինքը՝ իրա փողը, ում ուզի կտա, մեր ի՞նչ բանն ա:

ՂԱԶԱՐ — Հարցը փողը չի: Ինքը շատ պարտաճանաչ է, կողքին ոսկի թափած ըլնի, չի վերցնի, իմ ունեցածին ինձնից ավելի շատ է ցավում: Համ էլ մեր դասատուն է ախր ու մեր ընկերոջ հերը:

ՍՈԿՐԱՏ — Իդիոտ… Իդիոտը դու ես: Արմանի հերը չլներ, գիտե՞ս ինչ կանեի:

ՎՐԵԺ — (լուսամուտից դուրս է նայում): Եղանակի էն տղեն էսօրվա համար ի՞նչ ասեց: Ես էսօր չեմ լսել: Չասեց՝ էս վիշապի քամին ե՞րբ ա կտրվելու:

ՂԱԶԱՐ — Ասեց՝ էգուց եղանակը կպարզի, իսկ էս գիշեր…

ՍՈԿՐԱՏ — Ալիքը հմի գիտե՞ս սետկեքը ոնց ա իրար խառնե… Հմի մեջն ընկած ձուկն էլ ջարդվե, անպետք ա դարձե: Չայկեքի աչքը լուս: Մեզի մենակ մեր մրսելն ու տանջանքն ա մնալու:

ՎՐԵԺ — Մի հատ էլ չխմե՞նք:

ՍՈԿՐԱՏ — Խմենք, ուրիշ ի՞նչ կա անելու:

ՎՐԵԺ — Էս գիշեր էլ տուն չգնացինք: Էգուց կռիվը պատրաստ ա:

ՂԱԶԱՐ — Վախենո՞ւմ ես:

ՎՐԵԺ — Էլ ի՞նչ տղամարդ, որ կնկանից չվախենա: Այ ախպեր, որ գիշերը որ տուն չեմ էթում, էգսի օրը համաշխարհային պատերազմ է: «Էլի լրբերի ու փչացածների հե՞տ էիր»: Ասում ա, կարծես ես Ալոն Դելոնն եմ: Դե արի ու արդարացի. «Այ Լիլո ջան, ախր…»: Ինչքան ուզում ես համոզի, Լիլոս առյուծի պես հարձակվում ա: Տղա ես՝ դիմադրի: (Բաժակը դատարկում է մեկեն):

Քամու և ալեկոծության ձայներն ուժեղանում են:

ՏԵՍԱՐԱՆ 3

Նույն սենյակը: Վրեժը գլուխը սեղանին դրած ննջում է: Սոկրատն ու Ղազարը զրուցում են: Ծերունին գլուխը կրծքին հակած նստած է նրանցից հեռու: Ուսերին վերարկու է գցել, ձեռքին աղոթնոցն է:

ԾԵՐՈՒՆԻ — Ձմեռվա վերջին եղևնիները մի տեսակ մթնում, սևանում են, բայց մարդկանց մեծ մասը դա չի նկատում: Հա, նրանք սևանում, խունանում են գարնանը կանաչելուց առաջ: Այդպես գիշերն է սևանում լուսաբացից առաջ, այդպես լիճն է մգանում ցայգալույսին, այդպես հուսահատվում ու ալեկոծվում է մարդու հոգին, մարմնից դուրս գալուց առաջ:

ՍՈԿՐԱՏ — (մոտենում է նրան): Էդ ի՞նչ ես խոսըմ քեզ ու քեզ:

ԾԵՐՈՒՆԻ — Քեզ համար չեմ խոսում, խոսում եմ ինձ համար:

ՍՈԿՐԱՏ — Խոսքը նրա համար ա, որ ուրիշն էլ լսի ու հասկանա:

ԾԵՐՈՒՆԻ — Լսելը կլսի, բայց կհասկանա՞:

ՍՈԿՐԱՏ — Էլի վիրավորեցիր: Ընչի՞ ես վիրավորում, որ ձկնորս ենք, մարդ չե՞նք, քո չափ մարդ չե՞նք: Ես հո առաջվա էրեխեն չե՞մ: Կյանքս կերար՝ սովորիր, խփում էիր գլխիս: Էնքան էիր տվել գլխիս… Տե՛ս, ջեբիս փողերը… (Գրպանից հանում է ծալծլված փողերը, թափահարում ծերունու աչքերի առաջ): Տե՛ս: (Կրկնօրինակում է նրան): Սովորի՛ր: Դու սովորածն ես, ես չսովորածը, դու գրագետն ես, ես անգրագետը: Հըմի ասա, էս աշխարհի մատոռն ի՞նչն ա: Փո՛ղը: Ես դրանից ունեմ ու ամեն օր ունեմ, իսկ դու հացին կակա ես ասըմ, Ղազրը չլնի, սոված կմեռնիս: Արածներդ հիշելիս ամեն անգամ ներվերս խառնըվըմ են: (Ձեռքը մեկնում, թեթևակի քաշում է ծերունու ծնոտից):

ՂԱԶԱՐ — (արագ մոտենում է, բռնում Սոկրատի թևից ու հեռու է քաշում): Հեռո՜ւ, ձե՛ռքդ, մոռանո՞ւմ ես՝ ով է դիմացդ նստած մարդը: Նա մեր ամբողջ գյուղին գիր ու պատմություն է սովորեցրել: Հետո ի՞նչ, որ մենք նրան էդպես էլ չենք հասկացել: Մոռացե՞լ ես, ինքը ընկեր Ավետյանն է, նրա տղա Արմանը մեր դասընկերն է եղել, մոռացե՞լ ես:

ՍՈԿՐԱՏ — Հենց էդ ա, որ հիշըմ եմ: Տասը տարի ամեն օր վիրավորել ա, հմի էլ… Իդիոտ: Հմի ասել էի իդիոտը ով ա:

ԾԵՐՈՒՆԻ — (կիսաձայն): Այն ժամանակ էլ գիտեի, որ դու Մաշտոցի թշնամին ես, բայց չգիտեի, որ էդքան հիշաչար կլինես: (Շոշափում է ծնոտը):

ՍՈԿՐԱՏ — (Ղազարին): Էդ ի՞նչ երաժշտություն ես դրել, մի հատ ուրախ պար միացրու:

ՂԱԶԱՐ — Սրտիս հետ գնա, Սոկրատ, լիճը էնտեղ է գազազել, դու՝ էստեղ: Էրկու օր է՝ տուն չեմ գնացել, կարգին չեմ քնել, հաճախորդ չկա:

ՍՈԿՐԱՏ — Պար միացրա, ես ուզըմ եմ պարեմ:

ԾԵՐՈՒՆԻ — (կիսաձայն, ինքն իրեն): Ասում են Արմանը… Սիրտս ցավում է անունը տալիս, աչքերս լցվում են անունն արտասանելիս: Կա՞, ապրո՞ւմ է գոնե, թե՞ անապատում հայտնված ջրի կաթիլի պես գոլորշիացել է: Արմանը… Հա, որդիս է, բայց զավակը հո ծնողի պատանդը չէ՞: Իրենից բան չեմ ուզում: Ուզածս մի բան է. թող ապրի աշխարհում, թող լավ ապրի ու էնքան լավ ապրի, որ եթե ինձ մոռանա, իր լավ ապրելու պատճառով մոռանա: Կինս կար, էլի լավ էր, իսկ հիմա մենակ եմ ու մենակ լինելը դժվար բան է, իսկ Սոկրատը…

ՂԱԶԱՐ — Վաղը քեֆը կթողնի, կգա, ներողություն կխնդրի:

ԾԵՐՈՒՆԻ — Բայց ով չգիտի, որ մարդն անկեղծ է լինում խմած ժամանակ: Ես որպես մանկավարժ երևի սխալ եմ թույլ տվել մի ժամանակ ու հիմա դրա պտուղներն եմ քաղում:

Ղազարն ուրախ պարեղանակ է միացնում, Սոկրատն սկսում է պարել: Վրեժն արթնանում է երաժշտության ձայնից ու Սոկրատի բացականչություններից:

ՎՐԵԺ — Այ ախպեր, թող մի քիչ աչքս կպցնեմ: Տուն եմ էթում, Լիանը կյանքս ուտում, չի թողնում քնեմ: «Եսիմ ո՞ր փչացածի հետ ես լկստվել»: Ասելը հեչ, մոտիկ էլ չի թողնում. «Գնա, բոզերի հետ լկստվի»: Ու ես ո՛չ քնել եմ կարում, ո՛չ հանգստանալ: Մնացել եմ ծովի ու տան արանքում: Դե արի ու բացատրի, թե փոթորիկ էր, ծով մտնել չէր ըլնում, տուն գալ էլ չէր ըլնում, արի հասկացրա, թե երկինք ու ծով իրար էին խառնվե: Սրտիս նեղությունից խմում եմ, հիմի էլ դրա համար ա կռվում հետս:

Սոկրատը նրան պարի է հրավիրում: Զոռով հանում է տեղից ու ստիպում է պարել:

ՍՈԿՐԱՏ — Տաշի՜, պարի, քանի պարելու հնար կա, պարի, քանի ուրախանալու հավես կա, ուրախացի, Սոկրատ, ո՞վ կարա գարանտիա տա, որ ծովը էգուց քեզ կուլ չի տա:

ՎՐԵԺ — (պարելով): Բերանդ խեր բաց, արա՛, ի՞նչ ես կռռում:

ՍՈԿՐԱՏ — Մոռացե՞լ ես, մենակ էս տարի քանի ձկնորս ա խեղդվե իմ ու քու սիրած ծովում: (Պարելով): Մխոն՝ մեկ, Համբոն՝ էրկու, Գարոն՝ իրեք, Կարոն՝ չորս… Գևոն՝ հինգ: Մենակ էս տարվա ընթացքում, մոռացե՞լ ես:

ՎՐԵԺ — (դադարում է պարել): Քու մարդ ասողին ինչ եմ ասել: Ասում ես պարի: Էլ պարե՞լ կլնի, թևերս թուլացան:

ՍՈԿՐԱՏ — Թևերդ թուլացան, կասես նոր լսեցիր, կասես դու էս աշխարհից ու էս գեղից չես, կասես ձկնորս չես:

ՎՐԵԺ — (մոտենում է սեղանին, օղի է լցնում ու խմում): Թյո՛ւ, քու մարդ ասողի:

ՍՈԿՐԱՏ – Եսիմ, էլ ուրախանալու ժամանակ ըլնի՞: (Երգում է):

Հե՜յ նավավար, ի՞նչ ես անում,

Ուր ես նստում դու նավակ,

Սև ամպերն են տե՛ս բարձրանում

Դեպի երկինք կապուտակ:

ԾԵՐՈՒՆԻ — Դե արի Սոկրատին հասկացրու, որ ժամանակը մարդու համար է, ոչ թե լճի, սարի, քարի: Նույնիսկ կենդանիները ժամանակը չեն զգում: Նրանցը ներկան է, նրանք անցյալ չունեն, ապագայի զգացողություն չունեն: Մենակ մարդն է, որ ներկան թողած՝ տատանվում է անցյալի ու ապագայի ճոճանակի վրա:

ՂԱԶԱՐ — Որ էդպես է, ուրեմն Սոկրատը ճիշտ է անում, էլի:

ԾԵՐՈՒՆԻ — Սոկրատը… Նա էդքանը չի հասկանում, նրա մոտ բնազդն է խոսում, ոչ թե խելքը:

ՂԱԶԱՐ — Գործ չունես, ընկեր Ավետյան, տեսնում ես՝ խմած է, կլսի, էլի կկատաղի:

ԾԵՐՈՒՆԻ — Լսում է՝ լսի, ես վաղուց որևէ բանից չեմ վախենում: Ոչ կյանքից եմ վախենում, ոչ մահից: Ամեն ինչ անցողիկ է և ամեն բան՝ ունայն: Հիմա որոշ չափով հասկանում եմ, թե ժամանակն ինչ է: Երբ անցնում ես դրա միջով, անընդհատ հարվածներ ես ստանում, մարմնիցդ, կյանքիցդ մաս-մաս թողնում ես ժամանակի մեջ ու մի տեսակ անտարբեր ես դառնում շրջապատի ու էդ ժամանակի նկատմամբ:

ՂԱԶԱՐ — Ընկեր Ավետյան, քեզ հասկանալու համար մարդ պիտի փիլիսոփա լինի: Ես սովորական բարմեն եմ կամ հասարակ առևտրական: Ապրանք եմ ծախում ձկնորս տղերքին, խմիչքով նրանց ծարավը կոտրում, մի քիչ շահույթ եմ ունենում, ընտանիքս պահում ու քո ասածներն ինձ համար չեն:

ԾԵՐՈՒՆԻ — Մի անհանգստացիր, ես քեզնից չեմ էլ պահանջում, որ հասկանաս: Ամեն մարդ ինքն է եզրակացություններ անում իր ապրածից ու չապրածից, ամեն մարդ ինքն է պատասխանատու իր ու իր Աստծու առաջ: Մի անհանգստացիր, ես ծերացել եմ ու հիմա հաճախ մտածում եմ բարձրաձայն:

ՍՈԿՐԱՏ — (շարունակում է պարել ու ինքն իրեն ոգևորել): Տաշի, տուշի՜…

ՎՐԵԺ — (գլուխը դնում է սեղանին, փորձում է քնել):

ՏԵՍԱՐԱՆ 4

Լսվում է մեղմ երաժշտություն, որ մեկ-մեկ ընդհատվում է քամու և ալեկոծության շառաչով: Ղազարը լուսամուտից դուրս է նայում, Սոկրատը պարելուց հոգնած՝ նստել է ոտքերը մի այլ աթոռի դրած: Վրեժը քնած է:

ԾԵՐՈՒՆԻ — (քայլում է սենյակում ձեռքերը թիկունքին դրած ու խաղում է աղոթնոցի հատիկների հետ): Երբ թուխսը ճուտ է հանում, ոչ ոք չի իմանում, թե էդ դեղին, փափուկ ու անմեղ արարածներից որ մեկն ինչ կդառնա: Այդպես էլ ուսուցիչն է: Երբ առաջին անգամ դպրոց    են գալիս, բոլորը մի-մի հրեշտակ են՝ անմեղ, մաքուր, լուսե և ուսուցիչը, եթե ինձ նման միամիտ է, փորձում է նրանցից սրբեր կերտել: Ինձ նման հազար երազանք է փայփայում. էս մեկը կմեծանա, մեծ գիտնական կդառնա, էն մեկը՝ մեծ զորավար, երրորդը… չորրորդը… հինգերորդը: Աղջիկները` բազմազավակ ու սուրբ մայրեր, տղաները… Ու երբեք մտքովս չէի անցկացնում, թե նրանց մեջ նաև ապագա սրիկաներ կան, ով գիտե, գուցե դավաճաններ, նաև   մարմնավաճառներ: Մտքովս չէր անցնում նաև, որ Ղազարի ռեստորանի պահակն եմ դառնալու և Սոկրատի քավության նոխազն ու ծաղրի առարկան: Իմ դասղեկ դասարանը քսանութ աշակերտ ուներ: Նրանց մեջ հիմի պրոֆեսորներ կան, հայտնի բժիշկներ, փողատեր գործարարներ ու նաև՝ ձկնորսներ ու մարմնավաճառներ: Ասենք, հո բոլորը քո ուզածով չէ՞ր լինելու: Ժառանգականություն կա, չէ՞, ընկեր Ավետյան, ընտանիքի դաստիարակություն վերջապես:

ՂԱԶԱՐ — Էլի խոսո՞ւմ ես, ի՞նչ ես խոսում էդքան:

ԾԵՐՈՒՆԻ — Ասեցի՝ ուշադրություն մի դարձրու: Ինձ ու ինձ եմ խոսում: Կյանքի ծանրն ու թեթևն եմ կշռում հանապազ ու այդպես էլ չեմ հասկանում: Միայն գիտեմ, որ կյանքիս ծանրը վաղուց գնացել է ու հիմա ինձ թեթևն է մնացել:

ՂԱԶԱՐ — Թեթև տար, ի՞նչ պտի հասկանաս: Երեկ էրեխա էի, էսօր արդեն քունքերս սպիտակել են: Ո՞վ է բան հասկացել կյանքից, որ մենք հասկանանք: Ի՞նչ պտի հասկանաս: Թեթև տար:

Դուռը բացվում է, ներս է մտնում Մերին: Բոլորը նայում են նրա կողմը:

ՂԱԶԱՐ — Յա՛, էս որտեղի՞ց էս ժամին:

ՄԵՐԻ — Որտեղի՞ց: Չգիտե՞ս… Գրողի ծոցից… Ասեցի էս գիշերով, էս եղանակին թե բաց ըլնի, մենակ քո օբյեկտը բաց կլնի: Թե դու էլ ստեղ չլնես, ընկեր Ավետյանը կլնի: Սառել եմ, Ղազար: (Տեսնում է Վրեժին ու Սոկրատին): Դուք է՞լ եք էստեղ:

ՂԱԶԱՐ — Հա, մեր դասարանն ա, դասղեկն էլ հետը:

ՍՈԿՐԱՏ — Խեր ըլնի, ո՞նց ես:

ՄԵՐԻ — Սուս, մի խոսեցնի, շան պես հոգնած եմ, սառած ու կատաղած:

ՎՐԵԺ — (գլուխը սեղանից բարձրացնում է): Յա՜, որսդ հաջող չի էղե՞լ:

ՄԵՐԻ — Մարդ չէր, անասուն էր, Ղազար, սաղ գիշեր տանջեց, փողը չտվեց, էս եղանակին ճամփի վրա իջեցրեց ավտոյից ու ինքը ջանդամվեց:

ՂԱԶԱՐ — Ո՞վ էր:

ՄԵՐԻ — Օ՜ֆ, ի՞նչ իմանամ, հո ամեն մեկի պասպորտը չե՞մ նայում, մի հատ եզ էր, էլի:

ՎՐԵԺ — Եզ, թե՞ ցուլ:

ԾԵՐՈՒՆԻ — (ուսուցչի խստությամբ): Մի՛ ցինիկացիր, Վրե՛ժ:

ՂԱԶԱՐ — Գոնե մեքենայի համարը չհիշեցի՞ր:

ՄԵՐԻ — Դրսում քամի ու բուք է, աչք աչքի չի տեսնում, կանգնեց, մեքենայից դուրս հրեց, ընկա ասֆալտին, ինքը քշեց գնաց:

ՍՈԿՐԱՏ — Արի, արի մի բաժակ բան խմի, ներսդ տաքանա: Մի օր ձեռքներս կընկնի, հոր հարսանիքը կհիշեցնենք:

ՄԵՐԻ — (մոտենում է սեղանին, դանդաղ, կում-կում դատարկում է Սոկրատի տված բաժակը):

ՎՐԵԺ — Մի բան կեր:

ՄԵՐԻ — Վրեժ, վիրավորանքից ներսս վառվում ա: Էսքան տանջանք ու էս տեսակ կյանքն ո՞ւմ ա պետք, ընկեր Ավետյան:

ԾԵՐՈՒՆԻ — Ո՞ւմ: Քեզ: Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը:

ՄԵՐԻ — Ես ընտրեցի էս անպատիվ ճանապարհը: Գիտես, ութերորդ դասարանից սիրում էինք իրար, ամուսնացանք, Վարոյի համար երեք էրեխա բերեցի: Հետո գնաց ու լեշ գտած  ագռավի պես էլ ետ չեկավ: Երեք էրեխա, մերս՝ չորս, ես էլ՝ հինգ: Էդքան ուտող բերանը պիտի պահվեր: Առաջին անգամ, որ ինձ ծախեցի, ամոթից գետինն էի մտնում, մի շաբաթ հաց ուտել էլ չէի կարում, հետո երկրորդ անգամ ավելի հեշտացավ, հետո սովորություն դարձավ, դարձավ արհեստ: Առաջ թանկ արժեի, հետո էժանացա ու հիմի… Ասենք, ի՞նչ եմ խոսում, ընկեր Ավետյանից էլ չեմ ամաչում:

ԾԵՐՈՒՆԻ — Է՜, աղջիկ ջան, քո իմացած ընկեր Ավետյանը չկա, ութ տարի առաջ մեռել ու թաղվել է կնոջ հետ: Կա պահակ ծերունին, որ մի քիչ ցնդած է, արհամարհված, մի խոսքով անտեր բիձա:

ՂԱԶԱՐ — Հանգստացեք, լավ:

ՄԵՐԻ — Չես հավատա, Ղազար, բայց էսքան տանջանքից հետո ինձ քամի ա մնում ու իմ լղճվանքը:

ՍՈԿՐԱՏ — (ծաղրով): Զատո շրխկան անուն ունես՝ Մառա:

ՄԵՐԻ — Այ անտեր, էդ առաջին տարիներին էի էդպես անվանում ինձ: Անունս փոխեցի, որ գյուղում չիմանան ինչով եմ ապրում, ինչով եմ զբաղվում, որ չիմանան ոնց եմ հաց աշխատում: Առաջ չէի հավատում, բայց հիմի գիտեմ, որ գողինն ու բոզինը քառասուն օր է: Քառասուն օրից հետո ամեն ինչ իմացվում է:

ՍՈԿՐԱՏ — Դե լավ, հերիք ճնգճնգաս: Ընենց ես խոսում, կասես ձմեռվա քամուն ու ալիքին սետկ ես քաշմ ջրից: Կասես ձեռներդ փետանում են, երեսդ՝ սառում, նստած տեղդ էղած-չեղածդ փետանում ու պոպոք ա դառնըմ ու հույսդ մենակ Սևանա սըբ Նշանն ա մնըմ:

ՎՐԵԺ — Պարեկներին մոռացար, ախպեր: Բա որ զապրետի ժամանակ սետկ ես դնըմ ու գնում ես հանելու: Պարեկն ընկըմ ա հետևիցդ: Դու զոռ ես տալըմ լոտկի մատոռին: Մատոռը գոռռըմ ա, լոտկը թռնըմ ալիքների վրով, կասես հըմի շուռ կգա ու դու Սևանա տակը կիջնես: Հետո… Հետո պարեկները հավաքըմ, տանըմ են սետկեքը: Հետո ի՞նչ, որ մի շաբաթ առաջ էիր մի փեշ փող տվե ու առե:

ՍՈԿՐԱՏ — Ասըմ են՝ արգելքի ժամանակ ձուկ մի որսա, չեն ասըմ՝ տուն ենք պահըմ ախր: Իսկ դու էկել, նվնվըմ ես, թե՝ խաբել, փողս չեն տվել:

ՄԵՐԻ — Է, Սոկո, կարծում ես հե՞շտ ա ամեն անասունի տակ փռոց դառնալը: Երազիս ընենց մարդու էրես չէի տեսել, որ…

ՎՐԵԺ — Դու մենակ անունն ասա, բռնենք ականջները կտրենք, ասա ո՞վ էր:

ՄԵՐԻ — Երազիս տեսա՞ծը:

ՎՐԵԺ — Չէ, քեզ խաբող փախնողի անունը:

ՄԵՐԻ — Տո եսիմ ո՞վ էր:

ԾԵՐՈՒՆԻ — (քթի տակ): Честный трус:

ՂԱԶԱՐ — Ընկեր Ավետյան, տռուս, բայց ոչ չեստնիյ:

ՎՐԵԺ — Տենաս ընչի՞ ըսենց էղավ: Ձկնորս դարձանք: Է, լավ արեցինք: Դժվար գործ ա, բայց թե էրեխա պտի պահենք: Փող կա, բայց ուրախություն չկա: Ընտանիք կա, բայց ընտանիքի մեջ խաղաղություն չկա, կին կա, բայց նրա խանդը քանդում ա ամեն բան ու էսքան տանջանքից  հետո ամեն ժամ ու ամեն օր պտի արդարանաս, երդվես պտի, թե՝ հորս արև, իմ կյանքում քեզնից բացի ուրիշ կնիկ չկա: Կարո՞ղ ա իմ բռնած ձկների անեծքն ա թափվում գլխիս: Ի՞նչ կասես, ընկեր Ավետյան:

ԾԵՐՈՒՆԻ — (չի պատասպանում, գլուխը կախ խաղում է աղոթնոցի հետ):

ՄԵՐԻ — Դե ասա իմ գլխին էլ ինձ հետ իրենց կանանց դավաճանողների կանանց անեծքն ա թափվում էլի:

ՍՈԿՐԱՏ — Դուք էլ սկսեցիք ձեր դասատուի պես փիլիսոփայել: Գործ ա, անում ենք, կյանք ա, ապրում ենք: Ըսենց ենք կարում ապրել, ըսենց ենք ապրում: Մի խորանա, Վրեժ ջան, մեկ ա ինչքան էլ խորանաս, չես հասկանա:

ՎՐԵԺ — Դե ասա, եթե անեծք չի, մեր դասարանի ամենասիրուն աղջիկն ընչի՞ ըսենց դարձավ: Ասում ա՝ ընտանիք եմ պահում:

ՄԵՐԻ — Հա, ընտանիք եմ պահում, բա ի՞նչ:

ՎՐԵԺ — Ընտանիք ու էրեխա պահելու ուրիշ ճամփա չկա՞ր:

ՍՈԿՐԱՏ — Ամեն կնգա մեջ հազար անառակ ա ապրում, ո՞վ գիտե:

ՎՐԵԺ — Շատ չասեցի՞ր: Ամեն կնգա մե՞ջ: Հմի ինձ ասա՝ մենք ինչի՞ ենք մեր դասատուին էսքան անարգում: Նրա տղան, մեր ընկերը գնաց, անբարաթ կորավ, իսկ մենք օգնելու տեղակ ինչ ասես բերում ենք նրա հոր գլխին, ինչ է, թե խոսում ա: Ինչ ա թե ընենց բաներ ա խոսում, որ մենք չենք հասկանում:

ՍՈԿՐԱՏ — (նրան է մեկնում բաժակը): Առ, խմի ու գլխիցդ մեծ հարցերի պատասխանը մի փնտրի: Մեկ է, ինչքան էլ փնտրես, գլխիդ մեջ դրանց պատասխանը չկա ու չես գտնի:

ՎՐԵԺ — (խմում է, բաժակը դնում սեղանին ու շարունակում): Մեր սերնդի չստացված կյանքի պատճառը երկրաշա՞րժն էր, պատերա՞զմը, թե՞ մեր մեջ բուն դրած չարի սերմը:

ՄԵՐԻ — Չէ, պարզապես ժամանակի միջով անցանք, ծռմռվեցինք, փոխվեցինք, թողեցինք մեր երկիրը, բախտի համար աշխարհե-աշխարհ ընկանք: Անունը դրեցինք՝ ընտանիքի համար ենք անում, բայց գնացինք մեր հաճույքների ետևից: Մեր ունեցածը չգնահատեցինք ու բոլորին մեղադրեցինք՝ մեզնից բացի: Ընտանիքները քայքայեցինք, ելանք մեր բախտի դեմ, ապրում ենք էս մի մատնոց լճի ափին ու նրան ծով անունն ենք տալիս: Գիշեր ու զօր քամում ու  քամում ենք  լիճը ու զարմանում, որ տարեցտարի ձուկը պակասում ա: Ու ցավն էն ա, որ էդ ծովի խաղաղությունը շուտ մոռանում ու հիշում ենք ալեկոծությունը: Մեր հոգիներն էլ էս ծովի պես են:

ՍՈԿՐԱՏ — Էսօր ձեզ ի՞նչ ա էղել: (Մոտենում է բարին, բարձրացնում երաժշտությունը և սկսում է պարել): Տաշի-տուշի՜:

ՄԵՐԻ — Ես անունը դրել եմ՝ իբր էրեխա եմ պահում, ծեր մեր եմ պահում, պատիվ, հոգի, մարմին մոռացած… (Լալիս է): Սրանք ամեն օր իրենց խեղդում են արաղի բաժակի մեջ: Էս ծերունին մենակության դեմ կռվելով ու նրան հաղթելու հույսով պահակ ա դարձել: Իր գրքերը, մտքերը, աղոթքը թողած պահակ ա դարձել, տանում ա Սոկոյի ծաղրուծանակը ու չգիտես՝ ինչի: Ի՜նչ ուղիղ, խնամված ու սիրուն տղամարդ էր ու աշակերտուհի չկար, որ սիրահարված չլիներ Ավետյանին:

ԾԵՐՈՒՆԻ — Մերի ջան, հանդարտվիր, կյանքը դաժան բան է, ուր նայում ես՝ պատերազմ է, արյուն, պայթյուններ ու մահ: Աշխարհի հզորները տարիներով ու տասնամյակներով սարքածը քանդում են մի քանի րոպեում: Քանդում են ու քանդում: Չեն ափսոսում, է՜, չեն ափսոսում ու էս արյուն-արցունքի մեջ դու քո անհաջող գիշե՞րն ես ափսոսում: Դրա համար լաց ես լինում, որ ի՞նչ:

ՄԵՐԻ — Բան գտար մխիթարելու: Իմ մատը մտած փուշն ինձ ավելի մեծ ցավ ա տալիս, քան ուրիշի սրտի վերքը: Ամեն մարդ իր պատերազմն ունի ու էդ պատերազմն իր համար  ամենակարևորն ա: Առանց էն էլ մարդն աշխարհ ա գալիս ու ընկնում ա պատեազմի մեջ: Կռիվ ա տալիս մի կտոր հացի համար, կռիվ ա տալիս, որ զավակ մեծացնի ու էլի պատերազմին տա,  ամեն ինչ անում ա, որ իր էրեխեն իր ճամփով չեթա, իր բախտը, իր արարմունքը չժառանգի, ու կարծես էդի քիչ ա, աշխարհի հզորները էդ մարդու գլխին ռումբ են քցում: Սև՜ գա ձեր վրա:  Ընկեր Ավետյանն ասում ա՝ մարդն ինքն ա ընտրում իր ճանապարհը: Ես իմ կամքո՞վ գնացի էս ճամփով, թե՞ դու քո կամքով դասատուի աշխատանքից հետո պահակ դարձար:

ԾԵՐՈՒՆԻ — (մեկուսի): Ամեն մարդ գնում է իր բնազդի ետևից: Ուզի-չուզի՝ գնում է: Մեկին նախանձն է կրծում, երկրորդին՝ վավաշոտությունը, երրորդին՝ արծաթասիրությունը, չորրորդին… հինգերորդին… Ինձ էլ իմ կիրքն ու իմ հպարտությունն են սպանում ամեն օր: Դեռ փոքրուց երազում էի ասկետ լինել, ինչու՝ չգիտեմ: Երազում էի քչով բավարարվել, մարմինն ու նրա պահանջներն արհամարհել, ապրել հոգու օրենքներով: Դրա համար աղոթում էի Աստծուն:   Աստված տվեց իմ ուզածը, բայց միշտ չէ, որ իմ ուզածը իմ պատկերացրածի պես եղավ ու ես սկսեցի դժգոհել: Հա, այդպես է, հաճախ մարդն Աստծուց որևէ բան է խնդրում, բայց երբ Աստված տալիս է ու էդ տվածը մարդու պատկերացրածի պես չի լինում, սկսում է դժգոհել: Խնդրում ես, տալիս է, բայց տալիս է այն, ինչն օգտակար է հոգուդ և ոչ թե մարմնիդ համար: (Մոտենում է լուսամուտին ու սկսում է նայել ծովին):

ՂԱԶԱՐ — Տղերք, մեկ է ըստեղ օտար մարդ չկա, մենք մերոնցով ենք: Ոնց հասկանում եմ, դուք էլ որևէ բանի կարիք չունեք: Գնամ, մի էրկու ժամ աչքս կպցնեմ, արդեն քանի գիշեր է կարգին չեմ քնել: Բան է, եթե… ընկեր Ավետյանն էստեղ է, ինձ քնից կհանի:

ՎՐԵԺ — Գնա, այ ախպեր, քեզ ո՞վ ա բռնել: Մենք մինչև լուս որ ըստեղ ենք ու ծովն էլ կատաղած ա ըսենց:

ՍՈԿՐԱՏ — Մի շիշ արաղ էլ բեր, նոր գնա:

ՂԱԶԱՐ — (բերում, շիշը դնում է սեղանին): Բարի ախորժակ: (Գնում է):

ՏԵՍԱՐԱՆ 5

Սեղանի մոտ նստած են Վրեժը, Սոկրատն ու Մերին:

ՎՐԵԺ — (օղի է լցնում բաժակների մեջ): Էլի խմենք ծովի կենացը: Խմենք մեր դժվար կյանքի կենացը, խմենք մեր էրեխեքի կենացը, խմենք…

ՍՈԿՐԱՏ — Խմենք, ախպեր, ես սաղի ցավն էլ տանեմ:

Վրեժն ու Սոկրատը խմում են, Մերին բաժակը դնում է սեղանին:

ՎՐԵԺ — Ընչի՞ չես խմում:

ՄԵՐԻ — Չէ, էլի, Վրեժ ջան, ես ձեզ հետ չեմ ձգի: Գոնե շամպայն ըլներ, էլի…

ՎՐԵԺ — Ուրիշ բաների մեջ ձգում ես, ըստեղ չէ՞, խմի, ասըմ եմ: Շամպայն ըլներ, թագավորական պալատից չես: Խմի՛ ասըմ եմ:

ՄԵՐԻ — Չէ, չէ, գլուխս պտտվում ա:

ՎՐԵԺ — (ձեռքը սեղանին է խփում): Քեզ ասըմ եմ խմի, աղջի:

ՄԵՐԻ — (կում է անում): Էս էլ քո խաթեր:

ՍՈԿՐԱՏ — Էն Ավետյանն ո՞ւր գնաց:

ՎՐԵԺ — Գրողի ծոցը, եսիմ ո՞ւր: Ես հո իրա պահակը չե՞մ: Քամին էլ չի կտրվում, մարդ թողնի, տուն ջանդամվի:

ՍՈԿՐԱՏ — Ասենք գնացիր, հետո՞, դու տանը տիտիկ տվո՞ղ ես:

ՎՐԵԺ — Էդ էլ ես ճիշտ ասըմ: Պտի գնամ ու կռվի մեջ ընկնեմ:

ՄԵՐԻ — Ի՞նչ կռիվ:

ՎՐԵԺ — Կնկաս հետ, ախչի: Պտի ասի՝ էլի փչացածների հե՞տ ես անցկացրե գիշերը, ալկաշ:

ՄԵՐԻ — Փչացածը ե՞ս եմ:

ՍՈԿՐԱՏ — Ալկաշն էլ ե՞ս:

ՎՐԵԺ — Դե արի նորից երդվի, որ Ղազարի մոտ ես նստած եղե: Սաղ գիշեր սպասել ես քամու կտրվելուն: Ես հեչ, էրեխեքին եմ խղճում: Մենք շան ու կատվի պես ենք ապրում ու մեր էրեխեքը վախեցած ու տխուր են մեծանըմ: Մերի, արի պարենք:

ՄԵՐԻ — Յա, քեզ ի՞նչ եղավ:

ՎՐԵԺ — Լսի, տես ինչ լավ երաժշտություն ա, արի պարենք: Ասըմ եմ խմի, չես խմըմ, ասըմ եմ պարենք՝ ձև ես թափում: Ախչի, քո գործի անունն ի՞նչ ա: Պարտադիր ուրիշները պտի ըլնեն, որ…

ՄԵՐԻ — Ճիշտ ա, պարելու տրամ չունեմ, բայց որ ասում ես…

Վրեժն ու Մերին պարում են:

Դուռը ծեծում են:

ՍՈԿՐԱՏ — Յա, էս ուշ ժամին ո՞վ ա: Մեր խելքին ուրիշ մարդ էլ կա՞: Ո՞վ ա:

ԴՐՍԻՑ ՁԱՅՆ ՏՎՈՂ ՄԱՐԴ — Ես եմ:

ՍՈԿՐԱՏ — Ի՞նչ ես ուզում:

ԴՐՍԻՑ ՁԱՅՆ ՏՎՈՂ ՄԱՐԴ — Հեչ, ասի տեսեմ ի՞նչ եք անում:

ՍՈԿՐԱՏ — Ի՞նչ: Լվացք:

ԴՐՍԻՑ ՁԱՅՆ ՏՎՈՂ ՄԱՐԴ — Լո՞ւրջ:

ՎՐԵԺ — (Մերիի մեջքը պինդ գրկելով ու դեպի իրեն քաշելով): Հեչ, ախպեր, ապրըմ ենք:

ԴՐՍԻՑ ՁԱՅՆ ՏՎՈՂ ՄԱՐԴ — Ապրը՞մ…

ՎՐԵԺ — Հա, մեզ տված կյանքն ըսենց ենք ապրըմ: Ո՞վ ես, արի ներս, մի բաժակ բան խմի:

ԴՐՍԻՑ ՁԱՅՆ ՏՎՈՂ ՄԱՐԴ — Չէ, ժամանակ չունեմ: Գնում եմ: Ասի տեսնեմ ի՞նչ բանի եք:

ՄԵՐԻ — Խելքիդ ձուն գա, հա՜, էս եղանակին դրսում ի՞նչ ես անում:

ԴՐՍԻՑ ՁԱՅՆ ՏՎՈՂ ՄԱՐԴ — Լավ, ես գնացի, հաջող:

ՄԵՐԻ — (Վրեժին): Այ տղա, շունչս կտրվեց, մի քիչ կամաց, հա՛:

ՎՐԵԺ — Մեկ ա՝ տուն գնամ պտի ասի… Ավելի լավ ա անեմ՝ ասի, քան չանեմ ու… Հավատըմ ես, կյանքիս մեջ իրանից բացի ուրիշ կին չեմ ճանաչել, իսկ ինքը…

ՄԵՐԻ — (ձեռ առնելով): Խե՜ղճ տղա: Ասա հրեշտակ ես, ոչ թե տղամարդ:

ՎՐԵԺ — Ոնց ուզըմ ես հասկացի: (Ավելի պինդ է գրկում Մերիին):

Երաժշտությունն ավարտվել է, բայց Վրեժը շարունակում է գրկած պահել Մերիին:

ՄԵՐԻ — Լավ, թող:

ՎՐԵԺ — Չէ, ինչ թողնել… (Համբուրում է):

ՄԵՐԻ — (փորձում է նրա գրկից ազատվել): Լավ, թող, այ տղա, հո չգժվա՞ր:

ՎՐԵԺ — Ի՞նչ ես ձևեր թափում, թե՞ առանց փողի համաձայն չես: Ասա՝ ինչ արժե: Ճիշտ ա, էս քանի օրը որս չեմ արե, մոտս էդքան չկա, բայց նիսի ցուցակում գրի, կտամ: Գիտես, որ կտամ:

ՄԵՐԻ — Դե լավ, մի լպիրշացի:

ՎՐԵԺ — Էդ ի՞նչ ա:

ՄԵՐԻ — Մի նագլիացի:

ՎՐԵԺ — Տեսա՞ր սրան, անամոթն ու նագլին ե՞ս եմ, թե՞ դու: Օրը հազար հոգու հետ եսիմ ինչ ես անըմ, ամոթ չէ, իմ հետ ամո՞թ ա:

ՄԵՐԻ — (նրան վանելով): Հա, քեզ չեմ ուզում, կամքն իմը չէ՞, թո՛ղ:

ՍՈԿՐԱՏ — (քրքջում է): Սիրող զույգի կենացը:

ՄԵՐԻ — (Վրեժի գրկից ազատվելով ուզում է սենյակից դուրս գալ):

ՎՐԵԺ — (թևից կոպտորեն քաշելով): Ո՞ւր, ախչի, արի ասըմ եմ, նազ մի ծախի:

ՄԵՐԻ — Ախչին հիմի ասել էի ով ա, թող, ես մտածում էի՝ մարդ ես, բայց դու էլ բոլոր տղամարդկանց պես…

ՎՐԵԺ — Ինձ սաղի հետ մի համեմատի, ախչի:

ՄԵՐԻ — Ախչին կնիկդ ա:

ՎՐԵԺ — (զայրացած հրում է): Կնոջս հանգիստ թող, նրա հետ գործ չունես:

ՄԵՐԻ — (սայթաքում, ընկնում է՝ գլուխը սեղանի եզրին խփելով):

Ներս է մտնում Ծերունին:

ԾԵՐՈՒՆԻ — Էս ի՞նչ աղմուկ է: (Տեսնում է հատակին ընկած կնոջը): Ի՞նչ է պատահել, Սոկրատ:

ՍՈԿՐԱՏ — Էլի Սոկրատ: Ինչ ըլնում ա՝ Սոկրատ:

ԾԵՐՈՒՆԻ — (կռանում է, ուզում է ուշքի բերել): Մերի, Մերի, ի՞նչ եղավ… (Շոշափում է զարկերակը): Ո՞վ խփեց, ի՞նչ եղավ… (Սոկրատին.) Ի՞նչ ես շշմել, շտապ օգնություն զանգիր:

ՍՈԿՐԱՏ — Էս եղանակին էստեղ գալու համար վեզդեխոտ ա պետք: (Մոտենում է Մերիին, կռանում, նայում է, բայց ձեռք չի տալիս: Զանգում է):

ԾԵՐՈՒՆԻ — (փորձում է ուշքի բերել, չի հաջողում, հանում է բաճկոնը, ծալում, դնում է Մերիի գլխի տակ, պառկեցնում է հարմար դիրքով): Մի քանի րոպեով բացակայեցի, էս ի՞նչ արեցիք, ախր երեք էրեխա ունի էս խեղճը:

ՎՐԵԺ — (կապկում է): Երեք երեխա ունի՞: Իրեք էրեխի տեր կարգին կնիկն ի՞նչ գործ ունի ըստեղ, գիշերով: Փեշդ վրեն ես քցըմ:

ԾԵՐՈՒՆԻ — (անելիքը չիմանալով): Մեղք է, ախր անտեր կին է, ո՞ր մեկդ խփեց:

ՍՈԿՐԱՏ — Մենք չենք խփել, ինքն ա ընգել: Խմած էր՝ ընգավ:

ԾԵՐՈՒՆԻ — Գոնե Ղազարին կանչեք:

ՎՐԵԺ — (դուրս է գնում, վերադառնում է Ղազարի հետ):

ՂԱԶԱՐ — Լավ, էս անելու բա՞ն էր: Ձեզ հարգեցի, գիշերը տուն չգնացի, օբյեկտը բաց պահեցի ձեր խաթեր, ասեցի՝ կերեք-խմեք, մի քիչ աչքս կպցնեմ, իսկ դո՞ւք… Գոնե շտապ օգնություն ու ոստիկանություն զանգե՞լ եք:

ՍՈԿՐԱՏ — Զանգել եմ, ասեցին կգան:

ՂԱԶԱՐ — (կռանում, նայում է Մերիին): Մեղք էր, սրա թաղման ծախսն էլ ես պտի քաշեմ ստիպված: Ուզեմ-չուզեմ պտի քաշեմ:  (Ծերունուն.) Լավ, չկարեցա՞ր չթողնել: Հազար տարվա դասատու ես:

ԾԵՐՈՒՆԻ — (ուսերն է թոթվում մեղավոր):

ՎՐԵԺ — (Ծերունուն): Ինչի՞ ձեն չես հանում: Ընչի՞ չես ասում, ով հրեց աղջկան: Դո՛ւ հրեցիր: (Սոկրատին.) Ինքը չէ՞ր:

ՍՈԿՐԱՏ — Հա՞:

ՎՐԵԺ — Հա՛:

ՍՈԿՐԱՏ — Հա՜:

ԾԵՐՈՒՆԻ — Ե՞ս:

ՎՐԵԺ — Հա՛:

ԾԵՐՈՒՆԻ — Հա՞:

ՍՈԿՐԱՏ — Հա՛:

ԾԵՐՈՒՆԻ — Հա՜:

ՂԱԶԱՐ — (Ծերունուն): Դո՞ւ:

ԾԵՐՈՒՆԻ — Ասում են:

Ներս են մտնում բժիշկները և ոստիկանները: Բժիշկը կռանում, զննում է Մերիին:

ԲԺԻՇԿ -Կենսաբանական մահ: Մահը վրա է հասել գլխին ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքից:

ԼԵՅՏԵՆԱՆՏ — Ո՞վ է հարվածել:

ՎՐԵԺ — (գլխի շարժումով ցույց է տալիս Ծերունուն):

ԼԵՅՏԵՆԱՆՏ — Հա՞:

ԾԵՐՈՒՆԻ — (չի պատասխանում):

ԼԵՅՏԵՆԱՆՏ — (Շարքայինին՝ Մերիի գլխի տակ դրած բաճկոնը ցույց տալով): Վերցրու որպես իրեղեն ապացույց:

ՇԱՐՔԱՅԻՆ — Լսում եմ: (Վերցնում է բաճկոնը, դնում տոպրակի մեջ):

Բժիշկները Մերիին դնում են պատգարակի վրա, ծածկում են սավանով, դուրս են տանում:

Շարքայինն ու լեյտենանտը չափումներ են անում, արյան նմուշ վերցնում հատակից ու սեղանի եզրից, լուսանկարում են:

ՂԱԶԱՐ — (Ծերունուն): Իրո՞ք դու ես հրել աղջկան:

ԾԵՐՈՒՆԻ — (բացասաբար շարժում է գլուխը):

ՂԱԶԱՐ — Ո՞վ:

ԾԵՐՈՒՆԻ — Ես սենյակում չէի, ձայնի վրա ներս մտա:

ՂԱԶԱՐ — Բա ինչի՞ չես ասում:

ԾԵՐՈՒՆԻ — Հինգ երեխա Սոկրատն ունի, չորսը՝ Վրեժը, իրենք ու կանայք էլ հետը՝ տասներեք հոգի: Տասներեք հոգի մի կողմում, մի անտեր ծերունի՝ մյուս…

ԼԵՅՏԵՆԱՆՏ — Ձեռնաշղթա հագցնե՞նք:

ԾԵՐՈՒՆԻ — (ձեռքերը մեկնելով): Իմ կյանքում շատ բաներ եմ տեսել. լավ օրեր, մեծ ու գեղեցիկ քաղաքներ, շքեղ ծովափեր, գեղեցիկ կանայք… Նաև մենակություն եմ տեսել, կիսաքաղց կյանք, արհամարհանք, էլի շատ բաներ: Չէի մտածում, թե կյանքիս վերջում բանտ էլ կտեսնեմ:

ԼԵՅՏԵՆԱՆՏ — Ձեռնաշղթա չեմ հագցնում: Գնանք:

ԾԵՐՈՒՆԻ — Ինձ համար ի՞նչ տարբերություն, թե որտեղ կլինեմ: Ինձ համար սեփական տունս բանտ կարող է թվալ, իսկ բանտի խուցը՝ ազատության կղզյակ: Աշխարհում ամեն բան հարաբերական է:

ՂԱԶԱՐ — Խելքիդ վրա ձյուն գա, հա՜:

ԾԵՐՈՒՆԻ — Ինչքան չլինի՝ օրը մի երկու անգամ հաց կտան: Խուցն էլ տաք կլինի հաստատ: Ինձ համար էդքանը բավարար է: Վատն էն է, որ ծովին կկարոտեմ: Մարդն ազատ է այնքան ժամանակ, քանի դեռ հանգիստ է նրա խիղճը և քանի դեռ սրտի մեջ Աստված է բնակվում:

ՂԱԶԱՐ — (հագից հանում է բաճկոնը, գցում Ծերունու ուսերին): Ախր քոնը արյունոտվել էր: Կմրսես:

ԾԵՐՈՒՆԻ — (Սոկրատին ու Վրեժին նայելով): Մարդու համար կարևորն Աստված է ու սեփական խիղճը, մնացածը հեչ:

Ոստիկանները տանում են Ծերունուն: Ղազարը հետևում է նրանց: Վրեժն ու Սոկրատը մնում են կանգնած:

ԴՐՍԻՑ ՁԱՅՆ ՏՎՈՂ ՄԱՐԴ — (ուժեղ ծեծում է դուռը):

ՎՐԵԺ — (վախեցած): Ո՞վ է:

ԴՐՍԻՑ ՁԱՅՆ ՏՎՈՂ ՄԱՐԴ — Ես եմ, ո՞վ: Էդ ի՞նչ եք անում էդտեղ:

ՍՈԿՐԱՏ — Հե՛չ, ապրըմ ենք:

ԴՐՍԻՑ ՁԱՅՆ ՏՎՈՂ ՄԱՐԴ — Էդ էլ ապրե՞լ է:

ՍՈԿՐԱՏ — Էդքան ենք կարըմ, ախպեր: Ինչքան կարըմ, էնքան էլ ապրըմ ենք:

ԴՐՍԻՑ ՁԱՅՆ ՏՎՈՂ ՄԱՐԴ — Բա ձեր աղմուկն ի՞նչ է: Ծովի ձայնն էլ է խլացնում: Էդ ո՞ւմ եք սպանել:

ՎՐԵԺ — Մե՞նք… մենք մարդ սպանող չենք, մենք մժեղ էլ չենք տրորում, էլ ո՞ւր մնաց՝ մարդ:

ԴՐՍԻՑ ՁԱՅՆ ՏՎՈՂ ՄԱՐԴ — Մի քիչ կամաց, մի քիչ ցածր խոսեք, ծովի ձայնը մի խլացրեք: Ապրըմ ենք: Ըդե՞նց են ապրում:

ՍՈԿՐԱՏ — Էլ ի՞նչ հայ, որ անաղմուկ ապրի: Հո մո՞ւկ չենք, ախպեր:

ՎՐԵԺ — Էդ ո՞վ է, է՜: (Դուռը բացում, դուրս է նայում):

ՍՈԿՐԱՏ — Ո՞վ ա:

ՎՐԵԺ — Մարդ չկա:

ԴՐՍԻՑ ՁԱՅՆ ՏՎՈՂ ՄԱՐԴ — Ես գնում եմ, բայց դուք հանգիստ մնացեք:

ՍՈԿՐԱՏ — Տո գնա, քո էլ… Ձեն եք հանում, երգում եք, պարում եք, ծիծաղում եք, կռվում եք… Բա ապրելը ո՞նց ա ըլնում, կասե՞ս: Մենք ըսենց ենք կարում, մեր դատավորն էլ, դատվողն էլ ծովն ա:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

10 ապրիլի 2026 թ.

ք. Սևան

You may also like...