Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / Ո՞ՒՐ ԵՔ ԳՆՈՒՄ…

Դրամատիկական էտյուդ 2 մասից
Գործող անձինք
ՄԱՅՐ
ՈՐԴԻ

Առաջին գործողություն
Սենյակ: Կապոցներով գրքեր, ճամպրուկներ, իրեր, զգեստներ՝ կախիչներով, սեղանին` սպասք և սննդամթերքի մնացորդներ: Տուն, որի բնակիչները լքել ու հեռացել են:

ՈՐԴԻ — Չմտածես, ամեն բան կկարգավորեմ, ու կսկսենք ապրել: Թե չէ այսպես մինչև ե՞րբ… Պետք է նոր կյանք սկսել, պետք է փախչել, թեկուզ աշխարհի ծայրը… Մնացին գրքերը աթոռներին ու սեղանը… Հասկանում եմ, այս ամենը ձեր հալալ աշխատանքով եք ստեղծել ու դժվար է հրաժարվել: Այս ամենը ինձ համար էր… Ինչո՞ւ ես լռում, ասա, ինչ մտածում ես, գիտեմ, որ սխալ եմ, գիտեմ, որ այս ամենը սրտովդ չէ: Ներիր ինձ, թող այս անգամ էլ իմ ուզածով լինի: Վերարկո՞ւս վերցնեմ, թե՞ անձրևանոցս… չէ, ոչինչ չեմ վերցնի: Զանգիս կսպասես, հենց տեղ հասա` կզանգեմ:
ՄԱՅՐ — Գիտեմ, որ կզանգես, բայց…
ՈՐԴԻ — Բայց ինչո՞ւ եմ գնում: Դա՞ ես ուզում իմանալ: Կասեմ, մամ, կասեմ…
ՄԱՅՐ — Էդքան կյանք չունեմ, որ սպասեմ: Ամբողջ կյանքում սպասել եմ, որ մեծանաք, ընտանիք կազմեք, երեխաներ ունենաք, իսկ դուք… Բայղուշի պես չորս պատի մեջ նստեմ ու սպասեմ, թե ով դուռս կբախի: Է՜… անխիղճ եք… (Լալիս է:) Բայց եթե որոշել ես, ինչ ասեմ… Գնա, իսկ վերարկուդ վերցրու, գլխարկդ էլ, ախր, չգիտես էլ` ուր ես գնում:
ՈՐԴԻ — Մամ, նորից մի սկսիր… Քեզ լավ եմ հասկանում, բայց դու էլ ինձ հասկացիր, մտիր իմ դրության մեջ, էլ չեմ կարող… Այստեղ ապրել չեմ կարող: Հա, միայն եղբորս կասես, թե որտեղ եմ… կասես, որ նրանց շատ եմ սիրում ու շատ կկարոտեմ:
ՄԱՅՐ — Երկու ամիս է` չի զանգել: Անհանգիստ եմ:
ՈՐԴԻ — Լավ են, մի մտածիր… Հա, Գուրգենից փողը կվերցնես, չմոռանաս: Տանը գնորդ լինի` չխաբվես, լավ ծանր ու թեթև կանես, նոր կվաճառես: Իմ ասած գինը կասես… Մա, քեզ հետ եմ, չե՞ս լսում…
ՄԱՅՐ — Սուրճը խմիր, քանի տաք է:
ՈՐԴԻ — Դու չե՞ս խմում: Ոչ սուրճ ես խմում, ո՛չ հաց ես ուտում, չեղավ, չէ՞… Ոչ մեկին չես ասել, չէ՞, որ գնում եմ: Թող չգան: Չեմ ուզում:
ՄԱՅՐ — Անահիտն է գալու Արամի հետ, մի քիչ կնստենք, կխոսենք, հին ու նոր կհիշենք…
ՈՐԴԻ — Ինչի՞ համար ես կանչել, քեզ ո՞վ էր խնդրել: Հը՛, Անահիտն ու Արամը գալու են… Զանգիր, ասա` թող չգան:
ՄԱՅՐ — Ո՞նց կլինի, հո անտեր չե՞ս, կամ մորաքույրդ քեզ ի՞նչ է արել: Կգան, կնստենք, թեյ կխմենք…
ՈՐԴԻ — Մա, մի նեղվիր, չարացել եմ, հա՛, չարացել եմ, դու լինեիր` չէի՞ր չարանա… Չէ, ասա, դու չէի՞ր չարանա:
ՄԱՅՐ — Ախր, ժամանակը փոխվել է, ինչո՞ւ չես ուզում դա ընդունել, ինչո՞ւ… Մարդիկ էլ են փոխվել, ամեն ինչ, ամեն բան փոխվել է: Անծանոթ, օտար երկրում ո՞նց պիտի ապրես: Չե՞ս տեսնում` կյանքը փոխվում է, դեպի լավն է գնում: Ջահելներդ որ գնում եք, էս երկիրը ո՞ւմ եք թողնում…
ՈՐԴԻ — Ես դավաճան եմ… այդպե՞ս է դուրս գալիս, հա՞: Ես չեմ սիրում իմ տունը, իմ փողոցը, մեր փողոցի անտեր շանը, մեր դռան ակացիայի ծառը… չե՞մ սիրում, հա՞, չե՞մ սիրում…
ՄԱՅՐ — Գնա խանութ, Շուշիկին ասա, թող մի շիշ օղի կամ գինի տա: Ինչո՞ւ ես նայում, ոչինչ, որ պարտք ենք, ո՞ւր պիտի փախչենք: Ասա` մաման թոշակին կտա:
ՈՐԴԻ — Թոշակին կտանք… և այդպես մի ամբողջ կյանք աշխատավարձից աշխատավարձ, թոշակից թոշակ, նպաստից նպաստ… Պարտքեր, պարտքեր ու էլի պարտքեր մինչև գերեզման: Մարդ վախենում է նույնիսկ մեռնել` պարտատերերը չեն թողնի թաղել, մինչև պարտքերդ չտաս: Իսկ նրանք դա հաստա՛տ կանեն: Մամ, մի հուզվիր… ես քեզ շատ եմ սիրում…
ՄԱՅՐ — Ժամը քանի՞սն է… Մնաց յոթ ժամ: Չեմ սիրում, երբ տնից գնում են: Դու էիր իմ կողքին մնացել, դու էլ ես գնում… Գնա, ես ուժեղ եմ, կապրեմ: Առանց ձեզ էլ կապրեմ…
ՈՐԴԻ — Կապրես, բայց ինչպե՞ս…
ՄԱՅՐ — Չապրելով՝ կապրեմ: Յոթ ժամ կա, էլի մտածիր, տղաս, կարող է փոշմանես:
ՈՐԴԻ — Զանգիր, ասա` չգան, ասա` արդեն մեկնել եմ: Այս մի քանի ժամը ուզում եմ` միասին լինենք, երկուսով:
ՄԱՅՐ — Հեռախոսն անջատել են…
ՈՐԴԻ — Իհարկե, կանջատեն… Ապրում ենք քսանմեկերորդ դարո՞ւմ, թե՞ ջունգլիներում: ՄԱՅՐ — Է՜…
ՈՐԴԻ — Մամ, ես շա՞տ դժգոհ մարդ եմ… Այսքան թաշկինակ ու գուլպա ինչո՞ւ ես դրել: Նորերը թող մնան, կվաճառես… եթե նեղն ընկնես: Մամ, իրո՞ք այդքան վատն եմ…
ՄԱՅՐ — Չէ, բալես, չէ: Հենց լեզուդ բացվեց` առաջին բառդ ոչ մամա էր, ոչ էլ պապա, ԱՐԵՎ էր: Ես ու հայրդ զարմացել էինք, իսկ տատդ, թե` էս երեխեն մեր ցեղից է, արև ասողը վատ մարդ կլինի՞, հը՞… Հա, էս անկողինն էլ կվերցնես:
ՈՐԴԻ — Այդ անկողինն ավելորդ է: Էս փողը մնա մոտդ, յոլա կգնաս, մինչև ուղարկեմ: Իսկ հիշո՞ւմ ես, առաջին անգամ որ տարար մանկապարտեզ, այնքան էի գոռացել, որ մյուս օրը վարիչն ասաց. «Տղա ջան, եթե պիտի էլի լաս ու մայրիկիդ ուզես, լավ է` տանը մնաս: Բա դու տղամարդ չե՞ս»: Ասում էիր` տղաս, կմեծանաս, լավ մարդ կդառնաս… Տես, թե ինչ եղավ:
ՄԱՅՐ — Դու երբեք հոգս չես պատճառել, ես միշտ հպարտացել եմ քեզնով: Դու ամեն ինչ հասկանում էիր, իսկ եղբայրդ՝ ոչ, նա շատ կամակորն էր, իր խոսքի տերը: Հորդ էր նման: Իսկ դու շատ ես նման իմ հայրիկին: Նա բարի էր, աշխատասեր, օգնում էր բոլորին, ով դիմում էր նրան, երբեք դատարկաձեռն չէր հեռանում: Հա, տղաս, դու պապիդ ես նման: Բարի մաղթանքներից բացի ոչինչ չունեցավ:
ՈՐԴԻ — Ես չեմ ուզում բարի չլինել, պարզվեց` բարի լինելը հիմարություն է:
ՄԱՅՐ — Դու էլ որ գնաս, մեր շենքում տղամարդ չի մնա: Երկու օր առաջ առաջին հարկի Վարդանը գնաց ընտանիքով: Ամեն ինչ ծախեց ու գնաց, կարծեմ` Ամերիկա: Էլ չեն գա: Փոքր տղեն ուղիղ մի շաբաթ լալիս էր ու կրկնում. «Պապա ջան, որ ինձ տանում ես ուրիշ տեղ, ես ո՞ւմ հետ եմ խաղալու, ախր, էդ անգլերենը չգիտեմ…»:
ՈՐԴԻ — Ի՞նչ անեն, այ մեր, ապրելու հնար չկա: Այդ տղան ուտել է ուզում, հագնել է ուզում, դպրոց գնալ է ուզում, խեղճ Վարդանը ո՞նց պահեր, այն էլ` երեք երեխա: Ոչ կինն էր աշխատում, ոչ` ինքը: Ամբողջ օրը վազում էր, հացի փող հազիվ էր վաստակում: Իսկ դու ասում ես` այսպես չի մնա…
ՄԱՅՐ — Նստիր, հերիք գնաս, գաս: Նստի՛ր, ասում եմ… ինչ մնացել է` կծախեմ ու պարտքերդ կփակեմ:
ՈՐԴԻ — Գրքերս չծախես, մնացածն ինչ ուզում ես` արա: (Միացնում է մագնիտոֆոնը, ձայնակցելով երգին:) «Տարիները անցան, մեր սերն ու արցունքները հուշ դարձան…»: (Լռում է, երգը հնչում է:)
ՄԱՅՐ — Հայրդ շատ էր սիրում, ամեն օր լսում էր: Շատ երազանքներ ուներ, ափսոս…
ՈՐԴԻ — Հիշո՞uմ ես, դպրոց պիտի գնայի… էլի փող չկար, որ դպրոցական համազգեստ ու կոշիկներն գնեիք: Հայրիկը նորոգեց հին կոշիկներs ու ասաց. յոլա կգնաս, մինչև նորը գնենք: Արագ-արագ հագա կոշիկներս ու հայտարարեցի. ես պատրաստ եմ, դե ինձ «յոլա» տարեք: Իրար նայեցիք ու հռհռացիք… Չգիտեի` ինչ է յոլա գնալը: Կարծում էի, այգի է, թատրոն կամ կինո: Ես շատ փոքր էի ու թաղի տղաներն ինձ «ճուտո» էին ասում: Մամ, հիշո՞ւմ ես…
ՄԱՅՐ — Եղբորդ հետ ամողջ օր ֆուտբոլ էիք խաղում, հարևաններն էլ կռիվ էին գալիս ու պահանջում, որ ձեր կոտրած ապակին գնեմ: Ամբողջ բակի պատուհանները ես ու հայրդ ենք ապակեպատել: Իսկ երբ սկսեցիր բակում ներկայացումներ կազմակերպել, բոլորն ասում էին, որ հաստատ դերասան կդառնաս: Հայրդ չէր ուզում, ասում էր. դա ի՞նչ տղամարդու գործ է, դերասան, այն էլ` սոված: Մինչև վերջ էլ դեմ էր: Նա համոզված էր, որ տղամարդը պիտի փող աշխատի ու տուն պահի:
ՈՐԴԻ — Մամ, դու սիրո՞ւմ էիր նրան:
ՄԱՅՐ — Եթե չսիրեի` մի վայրկյան չէի ապրի նրա հետ: Մինչև հիմա էլ սիրում եմ ու կսիրեմ: ՈՐԴԻ — Նոր տարվա գիշերը հագնում էր քո կարմիր խալաթը, բամբակից բեղ ու մորուք սարքում… «Ձմեռ պապն եմ ձեր սիրելի, որ գալիս եմ ամեն տարի»… Նվերներ էր տալիս, իսկ մենք արտասանում էինք, երգում, պարում… Ի՜նչ օրեր էին… Մեծացանք, ամեն մեկս գնաց իր ճամփով, իսկ մանկության հեքիաթը մնաց հեռվում, թանձր մառախուղի մեջ…
ՄԱՅՐ — Քունքերդ ճերմակել են…
ՈՐԴԻ — Քառասունս լրացել է, իսկ դու ուզում ես…
ՄԱՅՐ — Ինձ համար դեռ երեխա ես…
ՈՐԴԻ — Ու միշտ էլ երեխա կմնամ:
ՄԱՅՐ — Դեղդ չմոռանաս:
ՈՐԴԻ — Վերցրել եմ:
ՄԱՅՐ — Ցուրտ է:
ՈՐԴԻ — Պլիտան միացնե՞մ:
ՄԱՅՐ — Չէ:
ՈՐԴԻ — Միացնեմ:
ՄԱՅՐ — Պետք չէ, Էներգիան խնայել է պետք:
ՈՐԴԻ — Հա, բոլոր մուծումներն արել եմ… ջուրը, աղբը, բնակվարձն էլ եմ մուծել:
ՄԱՅՐ — Ինչի՞ համար, ախր, ճամփի վրա ես, փողը պետք կգար… Ես կմուծեի, էլի… Հանկարծ շատ չխմես, բալես, սիրտդ լավ չի… ու քիչ ծխիր, թոքերդ խնայիր:
ՈՐԴԻ — Գիտես, որ չեմ խմում:
ՄԱՅՐ — Ո՞վ գիտի, մենակ մարդը դարդից ու մենակությունից էլ կխմի: Ծանր գործ չանես, մեջքդ կբռնվի…
ՈՐԴԻ — Ախր, էլ երեխա չեմ, մա:
ՄԱՅՐ — Ես գիտեմ, թե ինչ եմ ասում, դու ինձ լսիր…
ՈՐԴԻ — Միշտ էլ լսել եմ քեզ:
ՄԱՅՐ — Գոնե ամուսնանայիր, երեխաներիդ էլ տեսնեի…
ՈՐԴԻ — Էլի սկսեցի՞ր…
ՄԱՅՐ — Դա իմ վերջին ցանկությունն է:
ՈՐԴԻ — Դու երկար կապրես, իսկ ես կամուսնանամ, դեռ ուշ չէ:
ՄԱՅՐ — Եղբորդ տղան արդեն բանակում պետք է լիներ: Կամուսնացնի ու պապիկ կդառնա, իսկ դու…
ՈՐԴԻ — Էլի սկսեցի՞ր… սա` այսպես, նա` այնպես: Ի՞նձ ինչ…
ՄԱՅՐ — Դու էլ տղա կունենաս, ու նա քեզ հետ այդպես կխոսի:
ՈՐԴԻ — Փառք Աստծո, որ չունեմ: Թեև… կուզենայի ունենալ, բայց…
ՄԱՅՐ — Ի՞նչ բայց… Քո բայցերին վերջ չկա:
ՈՐԴԻ — Հուսով եմ, որ շուտով վերջը կլինի ու դու կուրախանաս, շատ կուրախանաս:
ՄԱՅՐ — Տա Աստված: Իսկ քո թատրոնը թողնում ես ու գնո՞ւմ…
ՈՐԴԻ — Ինչի՞ համար, ո՞վ խնդրեց… դա իմ ցավն է, իմ առաջին ու վերջին սերը, իմ կյանքի իմաստը… չէի՞ր կարող լռել…
Դռան զանգ:
ՄԱՅՐ — Անահիտը կլինի: (Գնում է միջանցք:) Գալիս եմ, գալիս…
ՈՐԴԻ — (նայելով շուրջը): Քեզ անչափ կկարոտեմ, միշտ քեզ կհիշեմ… Իրոք, որ առանց քեզ ապրելը դժվար կլինի: Մաշվել ես, ծերացել, երևի դու էլ ես հոգնել կործանվող ու նոր ստեղծվող ճակատագրերին ականատես լինելուց: Այդ ճակատագրեր շատ տարբեր ու զարմանալիորեն նման են իրար: (Գալիս է մայրը:) Ո՞վ էր:
ՄԱՅՐ — Մուրացկան, հաց խնդրեց…
ՈՐԴԻ — Թող ներս գա, խնդրում եմ, կերակրիր, թեյ տուր, վառարանի մոտ նստի, տաքանա: Ներս կանչիր:
ՄԱՅՐ — Ասացի, չեկավ:
ՈՐԴԻ — Հաց տվեցի՞ր:
ՄԱՅՐ — Իհարկե: Ինձ չնայեց, հասկացա, որ մուրացկան չէ, կարիքն էր ստիպել: Լացեց…
ՈՐԴԻ — Հիմա շատ տներում լալիս են` մի կտոր հացի, մի քիչ ջերմության, մի բուռ խղճի ու բարության համար: Լալիս են ու բարություն են փնտրում…
ՄԱՅՐ — Լավ, հերիք է, արի ճամփից առաջ ուրախ բաներից խոսենք: Ուզո՞ւմ ես` երգեմ:
ՈՐԴԻ — Վաղուց չես երգել… հիշո՞ւմ ես էն երգը:
ՄԱՅՐ — (երգում է, հետո`): Գոնե հորդ հրաժեշտ տայիր: (Նորից է երգում է:)
ՈՐԴԻ — Առավոտ շուտ գնացի գերեզմանատուն:
ՄԱՅՐ — (երգում է, հետո`): Ապրես, լավ ես արել: (Նորից է երգում է:) Հավաքեցի՞ր ճամպրուկդ, բան չմոռացա՞ր… (Երգում է:) Չեմ քնի, կսպասեմ, մինչև բոլորդ տուն դառնաք: Կաղոթեմ աստծուն, որ ինձ համբերություն տա ու երկար կյանք: (Երգում է ու լալիս:) Չէ, չեմ մեռնի, կսպասեմ: (Լացը խեղդում է երգը:)
ՈՐԴԻ — Մամ, որոշել էինք ուրախանալ…
ՄԱՅՐ — (սթափվելով): Հա, ճիշտ ես, պիտի ուրախանանք: Ողորմած հոգին քեֆ անել շատ էր սիրում:
ՈՐԴԻ — Որտեղ լինեինք` միշտ թամադա էին ընտրում: Բա ի՞նչ կենացներ էր խմում…
ՄԱՅՐ — Մի բաժակ խմում էր ու պարում:
ՈՐԴԻ — Տեր աստված, ընկել ենք մի կտոր հացի ետևից ու մոռացել քույր, եղբայր, հորեղբայր, տատ, պապ, ազգ, բարեկամ, ցեղ, տոհմ ու տոհմածառ: Արմատներս ենք կորցրել… Վայ, են ազգին, որ արմատ չունի:
ՄԱՅՐ — Ազգն էլ կա, ամուր ու պինդ արմատներն էլ` հետը: Պահել է պետք, ընդամենը, թե չէ սուտ փիլիսոփա ես գլխիս կտրել: Անտեր մի թողնի հայրենիքդ, պաշտպանիր նրան: Բայց չէ՝, վախկոտ շան պես պոչներդ եք քաշում ու խռոված ձևանալով փախչում: Տեր կանգնեք ձեր տանը: Բայց չէ`, պատերը քանդեցիք, հիմա էլ կտուրը քանդեք…
ՈՐԴԻ — Մենք չէ, քանդողները քանդեցին:
ՄԱՅՐ — (սենյակը թաղվում է խավարի մեջ): Լույսը մարեցին:
ՈՐԴԻ — Վարձը չե՞նք մուծել:
ՄԱՅՐ — Լավ չեմ տեսնում, մոմը վառիր…
ՈՐԴԻ — Վարձը մուծե՞լ ենք:
ՄԱՅՐ — Այո, տես հարցնում ես, որովհետև դու ոչ թե այսօր ես գնում, այլ արդեն քանի տարի էլ այստեղ չես… վաղուց գնացել ես…
ՈՐԴԻ — Էլի սկսեցիր՞…
ՄԱՅՐ — Պիտի խոսեմ, այնքան խոսեմ, մինչև հետ կանգնես: Ախր, չեմ ուզում, որ գնաս: (Խեղդվելով:) Մի գնա, բալես:
ՈՐԴԻ — Ամեն օր նույն խոսքերը, նո՛ւյնն ու նո՛ւյնը:
ՄԱՅՐ — Չե՞նք մուծել լույսի վարձը: Ոչ, չենք մուծել:
ՈՐԴԻ — Մուծես-չմուծես, միևնույն է, էլ լույս չի լինի… դեռ երկար ժամանակ չի լինելու:
ՄԱՅՐ — Անընդհատ վատից ես խոսում, երկրում լավ բան չկա՞: Կա, տեսնող է պետք, բալես, տեսնողը չկա: Էդ սև ակնոցդ հանիր:
ՈՐԴԻ — Ասացիր, որ մուծել ես, ինչո՞ւ ստեցիր:
ՄԱՅՐ — Որ մանր-մունր հարցերով չզբաղեցնեի ուղեղդ:
ՈՐԴԻ — Մանր-մունր հարցեր… Թվում է, իրոք, մանր-մունր հարցեր են, բայց դրանցից ոչ մեկը լուծված չէ, ուրեմն, այդքան մանր չեն, մեծ են, հսկայական… Ու մարդիկ, շատ ավելի կարևոր հարցեր թողած, ընկել են այդ մանր-մունրի հետևից:
ՄԱՅՐ — (պատուհանից դուրս նայելով): Ամբողջ թաղն են անջատել, ի՞նչ է, մեկը չի՞ մուծել… Այնտեղ շուտ-շուտ կսափրվես, թե չէ մեծ ես երևում: Իսկ շալվարներդ ո՞վ է արդուկելու… լվացք անելու…
ՈՐԴԻ — Մի՛շտ նույնը: Ճամբար էիր ուղարկում` «Ամեն օր հագուստդ կփոխես, կոշիկներդ կմաքրես, որովհետև մաքուր կոշիկներով տղամարդիկ կյանքում հաջողակ են ու սիրված»:
ՄԱՅՐ — Իմ ճաշերից բացի ուրիշ բան չես ուտում, ո՞վ պիտի քեզ համար ճաշ եփի:
ՈՐԴԻ — Ես հասուն տղամարդ եմ:
ՄԱՅՐ — Անահիտն ու Արամը ուշացան:
ՈՐԴԻ — Ավելի լավ, մինչև գան` տանը չեմ լինի:
ՄԱՅՐ — Ի՜նչ արագ է անցնում ժամանակը… (ժամացույցին.) Ինչո՞ւ ես շտապում, խնայիր ինձ: Քիչ է մնում սիրտս պայթի…
ՈՐԴԻ — Ինչո՞ւ ես նյարդայնանում, Ժամացույցն` ի՞նչ, կյանքը, կյանքն է անցնում:
ՄԱՅՐ — Սոված չե՞ս:
ՈՐԴԻ — Հա… մի քիչ կուտեի: (Լույսը վառվում է:)
ՄԱՅՐ — Տեսա՞ր, որ միայն մերը չէր, ընդհանուր էին անջատել:
Որդին ուշադիր նայում է մոմին:
ՄԱՅՐ — Ի՞նչ ես մտածում, հանգցրու մոմը, խնայել է պետք:
ՈՐԴԻ — Խնայել է պետք… ճիշտ ես: (Մարում է մոմը:) Որ ոք ինձ չհասկացավ: Ինչո՞ւ… Ուզածս չի լինում, չի ստացվում, ուշանում է… Ինչո՞ւ, մամ… Թատրոնում չհասկացան, ընկերներս չհասկացան, եղբայրս չհասկացավ, կինս չհասկացավ, առանց բացատրության գնաց, դու էլ չհասկացար… Այդքան բարդ ու անհասկանալի՞ եմ:
ՄԱՅՐ — Որովհետև շատ խելոք ես:
ՈՐԴԻ — Երևի նրանից է, որ հորիզոնը դեռ չեմ տեսել:
ՄԱՅՐ — Էլի սկսեցի՞ր խաղալ:
ՈՐԴԻ — Չէ, չեմ խաղում: Այո, պետք է հորիզոնը տեսնել, հեռուն… անսահմանությունը: Եթե տեսել ես հորիզոնն ու մխրճվել նրա մեջ, քեզ հաստատ կհասկանան:
ՄԱՅՐ — Ցնդա՞ր, այ տղա…
ՈՐԴԻ — Ցնդած ծնվել եմ, մա… Իսկ ես ծնված օրվանից միայն սարեր եմ տեսել… սարեր ու սարեր, իսկ դրանցից այն կողմ` ոչինչ:
ՄԱՅՐ — Տեսնեմ` հացը տաքացա՞վ… (Գնում է, վերադառնում է մատուցարանով:)
ՈՐԴԻ — Շատ չլցնես, մի շերեփ…
ՄԱՅՐ — Քանի տաք է` կեր… Վերջացրի՞ր հարցասանությունդ, Ցիցերոն: Կեր… հացով, այ տղա:
ՈՐԴԻ — Քո եփածը համով է:
ՄԱՅՐ — Բարի ախորժակ: (Հայացքը չի կտրում տղայից:)
ՈՐԴԻ — Մի քանի օրից նոր տարի է…
ՄԱՅՐ — Ի՞նձ ինչ… մենակ մարդու նոր տարին ո՞ւմ է պետք:
ՈՐԴԻ — Տանը չմնաս, Անահիտենց հետ կդիմավորես:
ՄԱՅՐ — Արի հենց հիմա դիմավորենք, իրար հետ: Ինչո՞ւ ես զարմացած նայում… դու կեր, ես հիմա կգամ: (Գնում, շամպայն է բերում:) Նոր տարվա համար էի պահել: Բաց, ինչո՞ւ ես սառել…
ՈՐԴԻ — Բայց դու չես խմում:
ՄԱՅՐ — Հիմա կխմեմ: Սպասիր, բաժակ բերեմ: Բաժակ էլ չի մնացել… էդքան սպասքից ոչ մի հատ… (Բերում է սովորական բաժակներ:) Սրանց մեջ լցրու:
ՈՐԴԻ — Բացե՞մ…
ՄԱՅՐ — Իհարկե, բաց, միայն զգույշ… այդպես…
ՈՐԴԻ — (շիշը բացելով): Լցնե՞մ…
ՄԱՅՐ — Իհարկե… ապրես: (Ժամացույցի սլաքները ետ է պտտում` 12-ի վրա:) Հիմա նորմալ է:
ՈՐԴԻ — Մա, այս ի՞նչ ես անում, սա լու՞րջ է…
ՄԱՅՐ — Հիմա կխփեն ժամացույցի զանգերն ու կգա նոր տարին, իր հետ կբերի…
ՈՐԴԻ — Մա… (Խփում է ժամացույցի զանգերը:)
ՄԱՅՐ — (բաժակը բարձրացնում է): Սա երևի իմ վերջին նոր տարին կլինի քեզ հետ, տղաս… Ձեզ թվում է, հարյուր տարի ե՞մ ապրելու: Եղբայրդ ընտանիքով գնաց, դու գնում ես… Կենացդ, բալես, Աստված միշտ քեզ հետ լինի: Թող այս նոր տարին երջանկություն բերի քեզ, հաջողություն, թող քո ճամփան հարթ ու կանաչ լինի… (Լալիս է:) Ափսոս, Ձմեռ պապը չկա… Բա ես մենակ ո՞նց եմ ապրելու, առանց Ձմեռ պապիկի, առանց ձեզ… (Բաժակը խփում է տղայի բաժակին ու մինչև վերջ խմում:)
ՈՐԴԻ — Ողջ լինես, մամ ջան: (Ուզում է խմել:)
ՄԱՅՐ — (չթողնելով): Լից, Էլի լից…
ՈՐԴԻ — Հերիք է, մա…
ՄԱՅՐ — Չէ, լից, լիքը լից…
ՈՐԴԻ — (լցնում է): Ինձ թվում է` բավական է:
ՄԱՅՐ — Ախր, չես թողնում խոսեմ:
ՈՐԴԻ — Ե՞ս:
ՄԱՅՐ — Հա, դու… լռիր ու լսիր… (Խմում է:)
ՈՐԴԻ — Մայրի՜կ…
ՄԱՅՐ — Վախենում ես, որ կվատանա՞մ… չէ, ինձ հետ ոչինչ չի լինի…
ՈՐԴԻ — Մի քիչ պառկիր: (Գրկում է մորը:) Մի լա, այստեղ մի քիչ պառկիր…
ՄԱՅՐ — Չէ, չեմ պառկի, հանկարծ կքնեմ ու դու կգնաս: (Լույսը հանգչում է:) Նորից անջատեցին… մոմը բեր:

Երկրորդ գործողություն

Մութ է, աղոտ երևում է Որդին, նա ծխում է, Մայրը պառկած է: Մոմը դեռ վառվում է:
ՄԱՅՐ — Լուսանում է…
ՈՐԴԻ — Գոնե մի քիչ հանգստացա՞ր:
ՄԱՅՐ — Աչքերս փակ էին, բայց միտքս արթուն էր… Ժամը քանիսն է՞:
ՈՐԴԻ — Արդեն 5-ն է:
ՄԱՅՐ — Երկու ժամ մնաց:
ՈՐԴԻ — Շները հաչում էին ու հաչում…
ՄԱՅՐ — Շները միշտ էլ հաչել են:
ՈՐԴԻ — (պատուհանից դուրս է նայում): Աստղեր չկան, միայն կլոր լուսինն է:
ՄԱՅՐ — Լավ է, որ լուսինն էլ կա:
ՈՐԴԻ — Լուսին, լուսին լուսերես
Ինչքան սիրուն, կլոր ես,
Լույս ես տալիս գիշերով,
Քո վառվռուն թշերով: (Բացում է պատուհանը:)
ՄԱՅՐ — Կմրսես, փակիր, ախր դու շատ մրսկան ես, շուտ ես հիվանդանում:
ՈՐԴԻ — Ոչ մի բան էլ չի պատահի:
ՄԱՅՐ — Ոտքերդ տաք կպահես, երկու զույգ գուլպա եմ գործել, որ հագնես:
ՈՐԴԻ — Մաքուր օդ է… սառն է, բայց մաքուր:
ՄԱՅՐ — Արարատը մթության մեջ է: (Մոտենում է պատուհանին:) Բոլորը գնում են, իսկ Արարատը ուզում է տուն գալ, երազում է, որ կգա այդ օրը… երազում է: Ցրտեց, փակիր պատուհանը: (Պատուհանի գոգից վերցնելով ծաղկամանը:) Մրսեցի՞ր… հիմա կտաքանաս, քեզ կջրեմ, ու դու չես խռովի, չէ՞: (Ծաղկամանը դնում է մոմակալի կողքը:) Ճիշտ է, ջերմությունը արևի ջերմությունը չէ, լույսն էլ արևինը չէ, բայց քիչ լույսով ու ջերմությամբ էլ կարելի է ապրել, եթե, իհարկե, ապրել ես ուզում:
ՈՐԴԻ — Մա, փողկապս գտա՞ր:
ՄԱՅՐ — Կոստյումիդ հետ եմ դրել: Վերնաշապիկդ արդուկել եմ, շալվարդ ննջարանում է: Հա, կոշիկներդ չեմ մաքրել, հիմա կմաքրեմ: (Բերում է կոշիկները և սկսում մաքրել:)
ՈՐԴԻ — Թող, ես կմաքրեմ… (Ձեռքից վերցնում է կոշիկներն ու խոզանակը: Սենյակը լուսավորվում է:)
ՄԱՅՐ — Լույսը տվեցին, ի՜նչ ուրախություն…
ՈՐԴԻ — Սուրճ չխմե՞նք:
ՄԱՅՐ — Հիմա կեփեմ: (Գնում է խոհանոց:)
ՈՐԴԻ — (լսվում է շների հաչոցը:) Դեռ հաչում են ու հաչում, ի՞նչ են ուզում: Վախենում են խավարի՞ց, ցո՞ւրտ է, թե՞ սոված են… Փողոցները լցվել են շներով, անցնել չես կարող, գռմռում են, հաչում ու հարձակվում վրադ…
ՄԱՅՐ — (բերում է սրճեփը): Գազն անջատել են, պլիտան միացրու: Քաղցր եմ արել, գիտեմ, որ դառն ես խմում, բայց առավոտ շուտ քաղցրը լավ է: Էդ ի՞նչ էիր քեզ ու քեզ խոսում:
ՈՐԴԻ — Հաչող շների հետ էի խոսում:
ՄԱՅՐ — Հաչում են, թող հաչան, քեզ ի՞նչ են անում: Շունն էլ չհաչա՞
ՈՐԴԻ — Բայց հաչոց էլ կա, հաչոց էլ… Սրանք չգիտեն, թե ինչու են հաչում:
ՄԱՅՐ — Գիտեն, ինչո՞ւ ես զարմացաԾ նայում, ասում եմ՝ գիտեն: Դու որ խոսում ես, չգիտե՞ս` ինչի համար ես խոսում: Գիտես: Նրանք էլ գիտեն, թե ինչու են հաչում:
ՈՐԴԻ — Դու էլ հո չհամեմատեցի՜ր… մարդն ու կենդանին մե՞կ են:
ՄԱՅՐ — Ախր, կենդանին էլ է մտածում, տեսնում, սիրում, տխրում…
ՈՐԴԻ — Չի մտածում, բնազդաբար…
ՄԱՅՐ — Ի՞նչ ես ասում, գյուտ արիր:
ՈՐԴԻ — Ճիշտ եմ ասում:
ՄԱՅՐ — Ճի՞շտ… Իսկ որ Սոնան գնաց ու իր Շարիկին անտեր թողեց, թող Շարիկն էլ գնար էս բակից: Չգնաց: Ուղիղ վեց ամիս Սոնայի դռանը նստած մնաց: Ոչ ուտում էր, ոչ էլ հեռանում դռնից, սպասում էր, որ Սոնան կգա: Սպասեց, սպասեց ու սատկեց: Շարիկը չէր հաչում, լալիս էր:
ՈՐԴԻ — Չափազանցնում ես, մա…
ՄԱՅՐ — Իսկ որ Աշոտենք մի շաբաթ է` գնացել էին, ու շունը գյուղից ուղիղ տուն եկա՞վ, դրա՞ն ինչ կասես: Ինչքան «մերսեդես» է կանգնում շենքի մոտ` վազում, ուշադիր նայում է:
ՈՐԴԻ — Ինչո՞ւ:
ՄԱՅՐ — Աշոտին է սպասում: Գռմռում է, հաչում, պոչը թափ է տալիս ու հեռանում: Ու էդպես արդեն երկու տարի: Իսկ դու ասում ես… Շները էսպես անտեր չէին, է՜, տեր ունեին, տեր… (Սուրճի բաժակներն է բերում:) Իսկ այսօ՞ր… (Սուրճ է լցնում:)
ՈՐԴԻ — Այսօր` ի՞նչ…
ՄԱՅՐ — Հրացաններն առած ամեն առավոտ կրակելով գնում են: Գոնե էդ խեղճերին հավաքեն, տանեն, տիրություն անեն, ախր, շնչավոր են, մեղք են
ՈՐԴԻ — Այսօր մարդկանց են թրխկացնում, իսկ դու շների մասին ես մտածում:
ՄԱՅՐ — Մտածողը պիտի մտածի: Չմտածելով մինչև ո՞ւր ենք հասնելու, վերջը այս թունելից մի օր դուրս պիտի գա՞նք, թե չէ: Պիտի գանք, տղաս, թե չէ լավն էլ, վատն էլ դրել ենք մեծ խարույկի վրա ու խորովում ենք, որ հենց հիմա կշտանանք: Իսկ մեզնից հետո եկողները ի՞նչ պիտի ուտեն` չենք մտածում: Բայց պիտի մտածենք նաև եկողների մասին:
ՈՐԴԻ — Եկողների մասին… Ճիշտ ես, մայրիկ, ճիշտ ես:
ՄԱՅՐ — Ճանապարհից առաջ գոնե սափրվեիր… ջուր տաքացնե՞մ: (Գնում է խոհանոց:)
ՈՐԴԻ — Պաղ ջրով էլ եմ սափրվում:
ՄԱՅՐ — (բերում է թեյնիկը): Լավ է, երեկ ջուր էի վերցրել, թե չէ դեռ չեն տվել: (Թեյնիկը դնում է էլեկտրական սալիկին:) Գլուխդ էլ կլվանաս:
ՈՐԴԻ — Հայելին որտե՞ղ է… լավ, գտա:
ՄԱՅՐ — Մինչև կսափրվես, ջուրը կտաքանա… տաշտը բերեմ, այստեղ էլ կլվանաս, բաղնիքում ցուրտ է:
ՈՐԴԻ — Լվանա՞մ որ…
ՄԱՅՐ — Անպայման, հայրդ ամեն օր լվանում էր գլուխը, ոտքերն ու պարտադիր սափրվում էր: Ոչ մեկդ չքաշեցիք նրան: (Գնում է:)
ՈՐԴԻ — Նա հայրս էր, ես` ես եմ… մարդիկ տարբեր են լինում:
ՄԱՅՐ — (բերում է տաշտը, օճառը և սրբիչը): Իսկ մաքուր ու կոկիկ բոլորը պիտի լինեն: Չէ, քեզ պես` մի անհաջողություն` և օրերով չես սափրվում, տրամադրություն չունես, չես լվացվում, ամոթ է, ամոթ… Ջուրը տաքացավ, հանիր վերնաշապիկդ, շապիկդ էլ, նորը կտամ:
ՈՐԴԻ — Ախր, ես փոքր տղա չեմ, ճաղատանում եմ…
ՄԱՅՐ — Հանվիր, հանվիր, փոքր չես, ի՞նչ ես… (Թեյնիկից ջուրը լցնում է գլխին:) Հիսուս Քրիստոս:
ՈՐԴԻ — Էն ժամանակ է, որ լողացնում էիր, նույն խոսքերն էիր ասում:
ՄԱՅՐ — Պետք է ասել, բալես… օճառը վերցրու:
ՈՐԴԻ — Ոնց որ թե տաք է:
ՄԱՅՐ — Գրաֆինի մեջ մի քիչ ջուր կա, սպասիր հովացնեմ… Հիմա ո՞նց է:
ՈՐԴԻ — Հիմա լավ է: Մի անգամ էլ օճառեմ, ու բավական է… Մա, լից…
ՄԱՅՐ — (ջուրը լցնելով): Ահա, մաքուր տղա դառար: (Սրբիչը տալով:) Անո՜ւշ…
ՈՐԴԻ — Շնորհակալություն:
ՄԱՅՐ — Պլիտայի վրա մազերդ չորացրու, թե չէ կմրսես… հիմա շապիկ տամ: (Բերում է:) Հագիր, չմրսեսԼ Սպասիր, երկար թևերովն էլ տամ: (Գնում է:)
ՈՐԴԻ — Մամ, քեզ շատ եմ սիրում, շատ… (Մայրը գալիս է, նա փաթաթվում է մորը:) Առանց քեզ շատ դժվար կլինի ինձ համար, մամ: Ես քեզ աշխարհի չափ եմ սիրում, ես քեզ տիեզերքի չափ եմ սիրում, մամ: (Լալիս է:) Առանց քեզ չեմ ապրի, մամ:
ՄԱՅՐ — Բա ասում ես` տղամա՞րդ եմ… վե՛րջ, վերջացրո՛ւ: Հագնվիր, չմրսես, ճամփա պիտի գնաս: Հաց դնեմ, հո սոված չե՞ս գնալու: Շատ բան չկա, բայց կեր, որ տնից սոված դուրս չգաս:
ՈՐԴԻ — Չեմ ուզում:
ՄԱՅՐ — Կեր, բալես… բան չմնաց, կեր ու պատրաստվիր:
ՈՐԴԻ — Միջանցքում ո՞ւմ ջութակն է, երկու շաբաթ է` դրված է, ուզում եմ հարցնեմ, անընդհատ մոռանում եմ:
ՄԱՅՐ — Երկրորդ հարկի Վարդանինն է:
ՈՐԴԻ — Վարդանը ընտանիքով Մոսկվա չգնա՞ց:
ՄԱՅՐ — Գնաց:
ՈՐԴԻ — Ջութակն ինչո՞ւ չտարավ:
ՄԱՅՐ — Տվեց ինձ, ասաց. ջութակս պահեք ու պահպանեք, մինչև վերադառնամ:
ՈՐԴԻ — Էստեղ հո պահեստ չի՞, թող իր տանը պահեր:
ՄԱՅՐ — Ասաց. «Չգիտեմ, երբ կգամ, իսկ տանել չեմ կարող: Եթե շուտ եկա` կվերցնեմ, թե չեկա` կտաս մի երաժիշտ երեխայի, հիմա էսպիսի գործիք դժվար ճարվի»: Չվերցնե՞ի…
ՈՐԴԻ — Բայց…
ՄԱՅՐ — Ասում է` տիկին Հասմիկ, որ չպիտի նվագեմ, որ իմ մասնագիտությամբ չպիտի աշխատեմ, ինչո՞ւ տանեմ: Այստեղ էլ գործ չկա, երկու տարի անգործ նստած եմ, ջութակը խռովել է ինձնից:
ՈՐԴԻ — Իսկ դու ասում ես` ինչո՞ւ եք գնում, ո՞ւր եք գնում: Ի՞նչ աներ, որ չգնար…
ՄԱՅՐ — Գիտեմ, բալես, գիտեմ, տաղանդավոր երաժիշտ էր: Համարյա բոլոր համերգներին եղել եմ: Այնպես էր նվագում, դահլիճը կախարդվում էր նրա ջութակի հնչյուններից, իսկ հիմա… (Գնում, բերում է ջութակը:) Համրացել է, չի խոսում, չի երգում: (Ջութակին.) Շուտով տերդ կվերադառնա, ու դու նորից կերգես սոխակի պես: Կարևորն այն է, որ հույսդ չկորցնես:
Ամպել ու ձյուն չի գալիս, Շողեր ջան
Սարիցը տուն չի գալիս, Շողեր ջան…
Դուն օրորա, դուն շորորա, Շողեր ջան… (Երգում է ու երեխայի նման օրորում է ջութակը:)
ՈՐԴԻ — Էդքան տարի սովորեցինք, տառապեցինք, որ այսօր…
ՄԱՅՐ — Չէ, չասես… դուք անպետք չեք, դուք պետք եք… հա, պետք եք…
ՈՐԴԻ — Բայց ո՞ւմ:
ՄԱՅՐ — Մեզ եք պետք: Ի՞նչ անենք, որ ժամանակներն այսպիսին են, հո էսպես չի՞ մնալու:
ՈՐԴԻ — Խեղճ մայրիկ, ախր, մարդիկ ի՞նչ անեն: Հացի փող չունեն, թատրոն ո՞նց գան, համերգ ո՞նց լսեն, փող ունենան` հաց կգնեն: Դու պատմում էիր, որ պատերազմի տարիներին էլ հաց չկար, սով էր, բայց թատրոն գնում էին, չէ՞, համերգ ու կինո գնում էին, չէ՞: Ի՞նչ եղա՜վ, ի՞նչը փոխվեց… (Դուրս է գնում:)
ՄԱՅՐ — Ժամանակի հետ առաջ գնալու փոխարեն ետ ենք գնացել: Ձեր գիտությունը մարդուն դարձրեց անտարբեր, անհոգի, անխիղճ: Հա, չկար հեռուստացույց, վիդեո, համակարգիչ, մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գրքերից էինք ստանում, արվեստից, ուսուցչից: Իսկ հիմա ամեն ինչի պատասխանը պատրաստի կա, կոճակը սեղմում ես` խնդրեմ, պատրաստ է: Ռոմանտիկա չկա ձեր կյանքում, պոեզիա չկա, սեր չկա, ամեն ինչի պատասխանը համակարգչից եք ուզում` ինչպես ապրել, շնչել, ինչպես խոսել, սիրել… Ստանում եք ձեզ հարմար պատասխանն ու ապրում: Սխալ է, թե ճիշտ` ձեզ համար միևնույն է: Ամեն ինչ ձեզ եք հարմարեցնում` դիմացինի սիրտը, հոգին, կյանքը, բոլորին նմանեցնում եք ձեզ: Իսկ մենք հարգում էինք իրար, սիրում էինք, փորձում էինք հասկանալ: ՈՐԴԻ — (ներս է գալիս): Դպրոցը հիշեցի՞ր, աշակերտների՞դ:
ՄԱՅՐ — Հա, դպրոցը հիշեցի, ձեռ առ…
ՈՐԴԻ — Մամ, մի նեղացիր, կատակ արի:
ՄԱՅՐ — Կատա՞կ… Ախր, դուք կատակ անել էլ չգիտեք: Ամենակարևորը` պայքարել չգիտեք: Պայ-քա-րել, տղաս: Հենց մի բան դուրերդ չի գալիս, խռովկան երեխայի պես ասում եք. տվեք խաղալիքս, գնում եմ, էլ չեմ խաղում: Բա եղա՞վ… Էդպես խռոված ո՞ւր եք գնում, ինքներդ էլ չգիտեք:
ՈՐԴԻ — Այո, մենք այդպիսին ենք, ու դուք եք մեզ այդպես դաստիարակել: Դուք միշտ արգելել եք՝ սա չի կարելի, նա չի կարելի, ոչինչ չի կարելի… Ու մենք էլ «՚չի կարելի» լսելով մեծացել ենք…
ՄԱՅՐ — Ինչե՞ր ես խոսում…
ՈՐԴԻ — Թող խոսեմ… Միշտ այսպես է, չեք թողնում, որ սեփական կարծիքը հայտնենք: Ինչո՞ւ, մամ… Հիշո՞ւմ ես, մի աղջկա հետ էի հանդիպում, մենք սիրում էինք իրար… Մինչև այսօր էլ սիրում եմ, չեմ կարող մոռանալ: Իսկ դո՞ւք` ո՜չ, այդ աղջիկը մեզ հարմար չէ, նրա ծնողները, նախնիները… Ախր, մեզ ի՞նչ` նախնիները, նրա նախնիների հե՞տ պիտի ամուսնանայի: Իսկ ես լսեցի ձեզ, չէ՞ որ մեծերին լսել է պետք, հարգել մեծի խոսքը: Լսեցի ձեզ և ամուսնացա ուրիշի հետ:
ՄԱՅՐ — Լիլիթը կարգին ընտանիքի աղջիկ էր, իսկ դու…
ՈՐԴԻ — Ես նրան չէի ճանաչում, տեսա նշանադրության օրը, որովհետև իմ փոխարեն դուք էինք սիրահարվել Լիլիթին, նրա ընտանիքին ու հարստությանը:
ՄԱՅՐ — Լիլիթը շատ լավն էր…
ՈՐԴԻ — Լավն էր գուցե ուրիշի՞ համար… Միթե՞ չհասկացաք, որ չէի սիրում նրան:
ՄԱՅՐ — Ու բաժանվեցիր:
ՈՐԴԻ — Այդպես իրար խաբելով պիտի մի ամբողջ կյա՞նք ապրեինք… Հետո` երեխաներ, թոռներ, ծոռներ… ու խաբված մեռնեինք: Ես արդեն 40 տարեկան եմ, կարծում ես, նորի՞ց կհանդիպեմ մեկին, կսիրեմ ու կուզենամ նոր ընտանիք ստեղծել: Ներիր, չէի ուզում քեզ վիրավորել, երևի գժվում եմ… հա, գժվել եմ”
ՄԱՅՐ — Ոչինչ, ջահել ես, ուժեղ… Նորից եմ ասում, ուշ չէ՜:
ՈՐԴԻ — Մամ, ներիր: (Գրկում է մորը:)
ՄԱՅՐ — Հանգստացիր, ճամփա պիտի գնաս: Ինչ շուտ թռավ ժամանակը:
ՈՐԴԻ — Ժամանակն անցնում է, մենք միշտ նրանից ետ ենք ընկնում:
ՄԱՅՐ — Անձնագիրդ չմոռանաս:
ՈՐԴԻ — (ստուգելով գրպանը): Վերցրել եմ:
ՄԱՅՐ — Կես ժամ առաջ են սկսում տոմսերի գրանցումը: Ճամպրուկդ բագաժ կտաս, սա հետդ կվերցնես:
ՈՐԴԻ — Սա ի՞նչ է, մա:
ՄԱՅՐ — Մի քիչ ուտելու բան եմ դրել:
ՈՐԴԻ — Այս մեծ պայուսակո՞վ:
ՄԱՅՐ — Երկար ճանապարհ ես գնալու, բալես:
ՈՐԴԻ — Էդ մեծ պայուսակը չեմ վերցնի:
ՄԱՅՐ — Կվերցնես, խելոք ես… քեզ համար եմ չարչարվել:
ՈՐԴԻ — Լավ, կվերցնեմ… հանգստացա՞ր:
ՄԱՅՐ — Էս ժամին ինչո՞վ ես հասնելու կայարան: Տրանսպորտ չկա… Գոնե տաքսի լիներ: Հա, մեր փողոցի խաչմերուկում մեկը կա, միշտ կանգնած է, բայց նստող չկա… Դրանով էլ կգնաս:
ՈՐԴԻ — Տաքսիով չէ, ոտքով… քայլելով պիտի գնամ: Վերջին անգամ նայելով շենքերին, փողոցներին, անտեր շներին, անտուններին… ո՞նց են ասում ժարգոնով, հա, բոմժերին:
ՄԱՅՐ — Էս ծանր ճամպրուկը ո՞նց պիտի քարշ տաս:
ՈՐԴԻ — Ոչինչ, կդիմանամ, ոնց էիր ասում` տղամարդ չե՞ս:
ՄԱՅՐ — Հագիր վերարկուդ, գլխարկդ էլ դիր, ցուրտ է:
ՈՐԴԻ — Կհագնեմ, մամ, գլխարկն էլ կդնեմ… Չէ՞ որ ցուրտ է:
ՄԱՅՐ — Մնաց մի ժամ:
ՈՐԴԻ — Ըհը…
ՄԱՅՐ — Իսկ քայլելով չես ուշանա՞:
ՈՐԴԻ — Չեմ ուշանա: (Հագնում է վերարկուն, դնում գլխարկը:)
ՄԱՅՐ — Կոճակներդ…
ՈՐԴԻ — Մա՜մ…
ՄԱՅՐ — Օձիքդ ուղղիր… Ախր, շատ եմ ուզում հետդ գալ կայարան:
ՈՐԴԻ — Ոչ, տանը մնա:
ՄԱՅՐ — Բա չճանապարհե՞մ:
ՈՐԴԻ — Պետք չէ, տանը մնա: Դե, մնաս բարով: (Գրկախառնվում են:)
ՄԱՅՐ — Սպասի՜ր… (Գլխաշորը գցում է ուսերին:) Գոնը հետդ ներքև իջնեմ…
ՈՐԴԻ — Չէ, մամ, տանը մնա:
ՄԱՅՐ — Սպասիր… Վերցրու, ամուր կպահես, քեզ կպաշտպանի չարից… (Մեկնում է փոքրիկ Աստվածաշունչը:) Հենց մենակ մնաս` կարդա:
ՈՐԴԻ — Ես կզանգեմ, մեր… իմ մասին չմտածես, ամեն բան կհարթվի: Ցտեսություն:
ՄԱՅՐ — Գնա, բալես, գնա, չուշանաս հանկարծ…
ՈՐԴԻ — Դե… (Գնում է:)
ՄԱՅՐ — Գնա… Բոլորդ էլ գնացեք: Մոռացեք հայրենիք, օջախ, գերեզման… ամեն-ամեն ինչ: Փնտրեք ձեր երջանկությունը, գտեք ու ուրախացեք ձեր գտածով: Մոռացեք պատմություն, լեզու, ազգ, mոռացեք ու անազգ ապրեք: Գնացեք… Քաղաքում մարդ չի մնացել, քայլում ես` անծանոթ, անգույն, հոգնած դեմքեր: Դատարկ աչքեր: Վայրահաչ, անտեր ու սոված շներ: Մուրացկաններ՝ ցնցոտիավոր, խեղճ ու սոված: Աղբակույտեր… ցեխ… փոշի… կեղտ… Իսկ ես կմնամ ու կսպասեմ, կսպասեմ ու կհավատամ, որ մի օր բոլորդ էլ կբռնեք ետ դարձի ճամփան: Կաղոթեմ այդ օրվա համար, կաղոթեմ ու կսպասեմ: Արարատին մի սիրեք ձեր տան պատից կախված նկարից, հայրենիքը նկար չէ, որ հոգնես նրան նայելուց, մաշված զգեստ չէ, որ երբ ուզես` փոխես, կոշիկ էլ չէ, որ դեն գցես: Հայրենիքը մենք ենք, մեր տունը, մեր գիրն ու մշակույթը, մեր եկեղեցին: Մեր նախնիները պահել, փայփայել ու մեզ են ժառանգել, բայց մենք թողնում ենք ու… մնաս բարով: Մինչև ե՞րբ պիտի թափառենք աշխարհով մեկ: Մինչև ե՞րբ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով