Կապանում՝ «Սերը պահարան չի հարցնում»
Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետթատրոնի բեմում հերթական պրեմիերան Սամվել Խալաթյանի «Սերը պահարան չի հարցնում» կատակերգությունն է՝ Արտավազդ Գրիգորյանի բեմադրությամբ:
Կապանցիները կարծես թե գտել են իրենց դրամատուրգին. սա նույն հեղինակի արդեն երրորդ գործն է, որ բեմադրվում է այստեղ, և թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանի ու գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանի վկայությամբ՝ սյունիքցիները ջերմորեն են ընդունում նրա հերոսներին:
Կատակերգական իրադարձությունը տեղի է ունենում մեր օրերում, հերոսները մեզ ծանոթ բժիշկն է, ով քիչ է վաստակում և մտադիր է ընտանիքով արտագաղթել, նաև՝ արտասահմանցի գործարար մեկն է, ով գումարի դիմաց պատրաստ է օժանդակել նրան այդ հարցում և, քանի որ Ամանոր է, առանց Ձմեռ պապի, Ձյունանուշի, ընկերոջ տունը շփոթող հարբած այցելուի, ներսուդուրս անողների ու առանց խանդի տեսարանների յոլա չես գնա… Ավարտին, իհարկե, հաղթում է սթափ բանականությունը, յուրաքանչյուրը գտնում է իր երջանկությունը՝ միակ երջանկավետ երկրում՝ հայրենիքում:
Նոր բեմադրությամբ, Ամանորի շեմին, Կապանի թատրոնն անչափ ուրախ և հուզումնալից պահեր պարգևեց հանդիսատեսին՝ խառնվածքային կերպարների բարձրարվեստ մարմնավորմամբ ու դրվագների ակնապարար մատուցմամբ, կրկին փաստելով, որ սերը պահարան չի հարցնում: