«ԱՎԱՆՍԵՆ»-Ի   ԲԵՄԱՄՈՒՏԵՐԸ

«Ավանսեն»-ը Երևանում ստեղծված ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ընկերություն է, որն իր գործունեության կարճ ժամանակամիջոցում միջազգային համբավ է ձեռք բերել: Ընկերությունն ամեն տարի ֆրանկոֆոն պատանեկան թատերախմբերի ազգային փառատոներ է կազմակերպում, որոնց մասնակցում են հանրապետության տասնյակ դպրոցների հարյուրավոր պատանի դերակատարներ: Ուշագրավ է, որ ֆրանսիական թատրարվեստը, լեզուն, մշակույթը տարածելու համար փառատոները, որոնց հրավիրվում ու ներկա են լինում թատերկերի հեղինակները, անցկացվում են ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս քաղաքներում՝ Գյումրիում, Գորիսում:
«Ավանսեն»-ի այս տարվա փառատոնը նվիրված էր ֆրանս-աֆրիկյան թատերգրությանը՝ ժամանակակից այն աֆրիկացի հեղինակների երկերին, որոնք ստեղծագործում են ֆրանսերեն: Փառատոնին մասնակցում էին Էրվե Վեգբոմն ու Բրիս Բոնուն (Բենին), Պենդիա Դիուֆը (Սենեգալ), ինչպես նաև ֆրանսիացի թատերագիր-բեմադրիչ Բեռնար Ռնուն ու դերասանուհի Քրիստին Գոմեսը։
Այդ կապակցությամբ «Ավանսեն»-ը նախաձեռնել ու «Ֆրանս-աֆրիկյան պիեսներ» խորագրով հրատարակել էր ժամանակակից ֆրանս-աֆրիկյան թատերգրության ամենահայտնի հեղինակների՝ Էրվե Վեգբոմի, Բրիս Բոնուի, Քոֆի Քվայուլեի, Պենդիա Դիուֆի, Ակիմ Բայի, Բարրի Մումինիի լավագույն երկերի հայերեն թարգմանված ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փառատոնի օրերին: Գորիսում ֆրանկոֆոն պատանեկան թատերախմբերի ազգային փառատոնին մասնակցելուց բացի, հյուրերը Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցեցին «Հոգեբանական վերքը գրականության մեջ» գիտաժողովին, «Ալյանս ֆրանսեզի» սրահում ցուցադրեցին աֆրիկյան կենցաղի յուրահատկություններն ու կերակրատեսակները, Էրվե Վեգբոմը «Գոյ» թատրոնի բեմում երկու երեկո ներկայացրեց «Ծովանցում» մենախաղը, որի համահեղինակն է, բեմադրիչն ու դերակատարը:
Հերթական փառատոնը նոր է ավարտվել, բայց «Ավանսենն» արդեն նախապատրաստվում է հաջորդ տարվա փառատոնին: Այն նվիրված է լինելու ժամանակակից բելգիական թատերգրությանը:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։