«Արմմոնո»

Մոնոներկայացումն աշխարհում ընդունված և արդի թատերական ժանրերից մեկն է, որը հարազատ և սիրելի է դարձել նաև հայ հանդիսատեսի համար: Այս տեսակ ներկայացումների ընթացքում կապ է ստեղծվում հանդիսատես-դերասանի միջև: «Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2003 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Փառատոնի հանդիսավոր բացումը կայացել է Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հանդիսականի դատին հանձնվել է Հ. Ղազանչյանի բեմադրած «Կոնտրաբաս» մոնոներկայացումը` Հովհաննես Բաբախանյանի մասնակցությամբ: Փառատոնին մասնակցել են ճանաչված դերասաններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Պարսկաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից: 2005 թ. «Արմմոնոն» վերանվանվել է և դարձել «Շեքսպիրյան» փառատոն: Սակայն բազմաթիվ թատերասերների խնդրանքով Հ. Ղազանչյանը կրկին վերադարձրեց նախկին անվանումն ու առանձնացրեց «Շեքսպիրյան» փառատոնը: Այսպիսով, 2009 թ. սկսած՝ մոնոներկայացումների փառատոնը կրեց նախկին անունը՝ «Արմմոնո»: 2009 թ. փառատոնն ընդլայնեց իր աշխարհագրական սահմանները. այն անցկացվեց ոչ միայն մայրաքաղաքում, այլև Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Բեմադրությունները տեղի ունեցան Ալեքսանդր Շիրվանզադեի անվան Կապանի թատրոնի վերանորոգված շենքում: Փառատոնին մասնակցեցին դերասաններ Հայաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից և Ֆրանսիայից: 2011 թ. հուլիսի 18-22-ը փառատոնն անց է կացվել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում: Փառատոնը նվիրված է եղել Արցախի հռչակման 20-ամյակին: Կայացմանն աջակցել են Հայաստանի Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները, ինչպես նաև ԼՂՀ Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: 2009 թ.-ից «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրենը Մարիաննա Մխիթարյանն է: 2012 թ.-ին փառատոնը նշեց իր 10-ամյակը: «Արմմոնո» թատերական փառատոնին իրենց մասնակցությունն են ունեցել Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեյացարիայից, ինչպես նաև Պարսկաստանից հրավիրված դերասաններ: Իր ներկայությամբ փառատոնը պատվել են ռուս ճանաչված դերասան Ռեգիմանտաս Ադոմայտիսը, Ալեքսանդր Կալյագինը, Գենադի Խազանովը, Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովը, գերմանացի Ֆիլիպ Հոխմայերը և այլք: Մեծ ոգևորությամբ փառատոնին ցանկություն են հայտնում մասնակցել նաև ճանաչված և երիտասարդ հայ դերասանները. ՀՀ վաստ. արտիստներ Մուրադ Ջանիբեկյանը, Ռոբերտ Հակոբյանը, Նարինե Գրիգորյանը, ՀՀ ժող. արտիստ Արմեն Սանթրոսյանը, դերասաններ` Հովհաննես Բաբախանյանը, Ագնեսա Շահնազարյանը, Արամ Հովհաննիսյանը և այլոք: Ի դեպ, հայ մասնակիցները վերջին տարիների ընթացքում տարբեր հրավերներ են ստացել մասնակցելու հեղինակավոր մոնոփառատոներին և վերադարձել են մրցանակներով, գրան-պրիներով: 2014 թ. «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի մասնակիցները ներկայացել են «Թատերական Լոռի» փառատոնին. ցուցադրվել է 7 մոնոներկայացում: 2015-ից առանձին «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրով (փառատոնի նորամուծությունն է) հանդես են գալիս մոնոներկայացման ժանրում իրենց առաջին քայլերն անող երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները: Փառատոնն իրենց մասնակցությամբ պատվել են հանրահայտ մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ, թատերագետ Նինա Մազուրը, Վրոցլավի փառատոնի նախագահ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա) և այլոք: Նշենք, որ փառատոնի հիմնադրման օրվանից «Արմմոնոն» անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: «Արմմոնո» փառատոնի ներկայացումները ցուցադրվում են երևանյան տարբեր դահլիճներում:

Պաշտոնական կայք՝ www. armmono.com

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։