ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

ԿԱՄՐՋԱՅԻՆ ԲԱԼԼԱԴ

 

Գործող անձինք

ԳԵՎՈՐԳ — հիսունն անց 

ՍՈՆԱ — քառասունին մոտ

 

                                             Պատկեր առաջին

Գևորգի բնակարանը` մեկ անշուք սենյակ: Չխկում է փականը, ներս է մտնում Գևորգը, ետևից` Սոնան:

ԳԵՎՈՐԳ — Դուք էլ եք մտնո՞ւմ:

ՍՈՆԱ — Չմտնե՞մ:

ԳԵՎՈՐԳ — Ինչների՞դ է, այստեղ հետաքրքիր ոչինչ չկա: Եվ առհասարակ, ո՞վ եք, ի՞նչ եք ուզում: Լավ, մտեք, քանի որ եկել եք: Թեև չեմ պատկերացնում, թե ինչով կարող եմ օգտակար լինել: Կամրջի մոտից ետևիցս գալիս եք: Եթե փող եք ուզելու` նախապես ասեմ` զուր են ջանքերը, չունեմ:

ՍՈՆԱ — Ես նման եմ մուրացիկի՞:

ԳԵՎՈՐԳ – Ոչ: Բայց հիմա ընդունված է, ուզում են` մատաղի, ինչ-որ գերծանր հիվանդների բուժման, էլի ինչ-որ բաների:

ՍՈՆԱ — Ես փող ունեմ, տուն էլ ունեմ:

ԳԵՎՈՐԳ — Դա լավ է: Ուրեմն ի՞նչ:

ՍՈՆԱ — Եթե ներս թողնեք` կասեմ:

ԳԵՎՈՐԳ — Ահա, թողել եմ, ասեք:

ՍՈՆԱ — Թույլ տվեք նստեմ, ոտքերս ցավում են, ահագին քայլել եմ ձեր ետևից:

ԳԵՎՈՐԳ — Ո՞վ էր խնդրում:

ՍՈՆԱ — Լույսը վառեք, որ աթոռը տեսնեմ:

ԳԵՎՈՐԳ — (վառելով լույսը): Ահա, նստեք:

ՍՈՆԱ — (նստելով ճռճռան, հնամաշ աթոռին): Մտքովս չէր անցնի, թե նման աթոռներ դեռ պահպանվել են:

ԳԵՎՈՐԳ — Հուսով եմ` գույքագրման համար չեք եկել: Դե, սկսեք, լսում եմ ձեզ, համակ ուշադրություն:

ՍՈՆԱ — Սուրճ կտա՞ք, թե՞ էնպես սկսեմ:

ԳԵՎՈՐԳ — Էնպես, սուրճ չունեմ, այսինքն գուցե և ունեմ, բայց փնտրելու հավես չունեմ, ունեմ գարեջուր, դա հաստատ է, կուզե՞ք:

ՍՈՆԱ — Կուզեմ, ծարավ եմ:

ԳԵՎՈՐԳ — Հա՞… (Սառնարանից հանում, բացում է, տալիս:) Խնդրեմ: (Իր շիշը ձեռքին` նստում է): Դե՞…

ՍՈՆԱ — Այնպիսի տպավորություն ունեմ, որ իմ ներկայությունը տհաճ է ձեզ:

ԳԵՎՈՐԳ — Տանելի է, պարզապես պատճառն եմ ուզում իմանալ:

ՍՈՆԱ – Ուրեմն… Սրանից քսանհինգ տարի առաջ էր…

ԳԵՎՈՐԳ — (հոգնած) — Ահաաա՜…

ՍՈՆԱ — Կարճ է, մի վախեցեք, մինչև գարեջուրը խմեք, կավարտեմ:

ԳԵՎՈՐԳ — Չեմ կարծում: (Կլլում է շշի ամբողջ պարունակությունը:)

ՍՈՆԱ — Ճիշտ որ, չհասցրի:

ԳԵՎՈՐԳ — Ոչինչ, շարունակեք:      

ՍՈՆԱ — Ես տասներկու տարեկան աղջնակ էի, հայրս խանութ ուղարկեց, հացի, ասաց` հանկարծ կամրջով չանցնես, էս կողմի խանութից բեր: Բայց երբ ինձ ասում են` կամուրջը չանցնես, ես անցնում եմ, բնավորություն է:

ԳԵՎՈՐԳ — Լավ բնավորություն է, ավանակային համառություն, իսկ ավանակներն այնքա՜ն հմայիչ են:

ՍՈՆԱ — Գուցե, դեմ չեմ: 

ԳԵՎՈՐԳ — Սկիզբը լավն էր, շարունակեք:

ՍՈՆԱ — Ուրեմն, անցնում եմ կամրջով, տեսնեմ իմ առջև, կամրջի հենց մեջտեղում, մի տաքսի կանգ առավ… տարօրինակ է, չէ՞:

ԳԵՎՈՐԳ — (զգուշացած): Չգիտեմ:

ՍՈՆԱ — Մի տղամարդ դուրս եկավ միջից ու մոտեցավ բազրիքին, տաքսին անմիջապես քշեց-գնաց, տղամարդը թեքվեց` նայեց ցած` ձորին, հետո նկատեց ինձ, գլուխը բարձրացրեց, ասաց` «Մոտ արի, պստլո», գրպանից մի բուռ թղթադրամ հանեց, տվեց, ասաց` «Ինձ այլևս պետք չի, վերցրու, վերցրու ու արագ գնա էստեղից»: Ես էլ վերցրի ու վազեցի, էլ ետ չնայեցի, վախեցա: Ծանոթ պատմություն է, չէ՞: 

ԳԵՎՈՐԳ — Ծանոթ է կարծես:

ՍՈՆԱ — Ուրեմն դուք եք, չեմ սխալվել:

ԳԵՎՈՐԳ — Այո, ես եմ… ու նաև` ոչ: Քսանհինգ տարի առաջ ես ուրիշ էի, ուրիշ մարդ էր մոտեցել կամրջի բազրիքին:

ՍՈՆԱ — Ուզում եք ասել` այն ժամանակ սխալվե՞լ եք:

ԳԵՎՈՐԳ — Ինձ թվում էր` վճռական եմ տրամադրված, բայց հետո պարզվեց, որ իրականում ես չէի եկել ինձ կամրջից գցելու, այլ պարզապես բեմադրել էի իմ ինքնասպանությունը և ուզեցի մինչև վերջ հանդիսատես մնալ, ես վայելում էի պրոցեսը, իսկ երբ եկավ կատարելու պահը, հասկացա, որ մեռնել այնքան էլ չեմ ուզում, խաղ էի անում` տաքսին, կամուրջը, փողը ձեզ տալը, բազրիքին մոտենալ՝ ցած նայելը… թիթիզություն էր արածս, հերիք էր ցած նայել` որպեսզի հասկանայի դա, սառն օդն ու սարսափը խփեցին դեմքիս` սթափվեցի, կամուրջ-ինքնասպանություն-բան` դուրս եկան միջիցս, տակս լցրած` փախա:

ՍՈՆԱ — Պատճառն այնքան էլ լուրջ չէր երևի:

ԳԵՎՈՐԳ — Լուրջ էր-լուրջ չէր` ներսս մի փորեք փայտփորիկի պես, ցավեցնում եք:

ՍՈՆԱ — Լավ, էլ չեմ փորի: Բայց չեք պատկերացնի` ինչ ուրախ եմ, որ չեք գցել ձեզ:

ԳԵՎՈՐԳ — Չեմ կիսում ձեր ուրախությունը, հիմա պրծած կլինեի:

ՍՈՆԱ – Ինչո՞ւ, այս տարիների ընթացքում լավ բան չե՞ք տեսել կյանքում:

ԳԵՎՈՐԳ – Չգիտեմ… Լավ-վատ` մեկ է, չի մնում, վզզալով անցնում է, մնում է հիշողությունդ, որը երջանկություն չի բերում, միայն` տխրություն, ստացվում է` ինչքան շատ ես հավաքել` ներսդ այնքան ավելի շատ է ցավում: Կամրջից մի լավ բան մնաց` իրական սարսափը, ինչը հետո նկարել եմ… իմ լավագույն նկարն է:

ՍՈՆԱ — Նկարի՞չ եք:

ԳԵՎՈՐԳ — Չի երևո՞ւմ… (Ներկոտ ձեռքերը ցույց տալով:) Բայց դա էլ պայմանական է, կարող էի գրել, նվագել, պարզապես նկարչությունն ընկավ ձեռիս տակ:

ՍՈՆԱ — Թույլ կտա՞ք ծխեմ:

ԳԵՎՈՐԳ — Ես ձեր հայրիկը չեմ, ծխեք, եթե ուզում եք շուտ մեռնել: (Ինքն էլ է ծխում:)

ՍՈՆԱ — Ես ինձ անչափ մեղավոր էի զգում, որ փողը վերցրի ու փախա, ու այդ մեղավորության զգացումը այդպես էլ դուրս չեկավ միջիցս:

ԳԵՎՈՐԳ — Մտքովս չէր անցնում, որ դա կարող է հետք թողնել ձեր հոգեկանի վրա… Այդ պահին ամեն բան ինքնաբերաբար էի անում: Անասունի մեկն էի:

ՍՈՆԱ — Հիմա մա՞րդ եք դարձել:

ԳԵՎՈՐԳ – Չգիտեմ: Խոստացաք չփորփրել… Ասացի` անասունի մեկն եմ, վերջ, դրանից ավել ի՞նչ կարող եմ անել: Ահագին փող էր, որքան հիշում եմ, չէ՞:

ՍՈՆԱ — Ես ճշգրիտ եմ հիշում` հարյուր երեսուներեք ռուբլի: Այդքան փող չէի պահել ձեռքիս, ձեռքերս այրվելով տուն հասցրի, տվեցի հորս, ասաց` քեզ հացի ենք ուղարկել, դու փող ես բերե՞լ, ասաց` տար, վերադարձրու: Ասացի` ո՞ւմ վերադարձնեմ, հո էնտեղ ինձ չի՞ սպասում: Ասաց` իմ գործը չի, տար ռադ արա իմ տնից: Ես էլ տարա ու կամրջից ցած գցեցի, ձեր ետևից, նետեցի ու փախա:

ԳԵՎՈՐԳ – Ափսոս: Ծախսեիր, էլի, դպրոցի բուֆետում ընկերներիդ հետ նրբերշիկ, քաղցրավենիք ուտեիր, պաղպաղակ…

ՍՈՆԱ — Ասում եմ՝ ձեռքերս այրում էին: Ամեն դեպքում` ես ձեզ պարտք եմ, հարյուր երեսուներեք ռուբլի, այսօր դա մոտ երեք հարյուր դոլար կանի, հաշվել եմ:

ԳԵՎՈՐԳ — Եկել եք վերադարձնե՞ք:

ՍՈՆԱ — Մտքովս չէր անցել… Բայց` կարող եմ:

ԳԵՎՈՐԳ — Պետք չէ, պարտքով չեմ տվել: (Սառնարանում տնտղելով:) Վերջացավ գարեջուրը: Այ, եթե ուզում եք լավություն անել` խանութից մի շիշ օղի բերեք, ե՛ս կգնայի, բայց ինձ վատ եմ զգում, գլուխս ցավում է: Բայց փողը ես եմ տալու: 

ՍՈՆԱ — Փող պետք չի, ես եմ հյուրասիրում, թույլ տվեք:

ԳԵՎՈՐԳ – Լավ: Բայց արագ արեք այդ բանը, բերանս չորանում է:

ՍՈՆԱ — Կլինի՞ ուրիշ բան բերեմ, ես օղի չեմ տանում, գինի բերեմ, հա՞:

ԳԵՎՈՐԳ — Եվ օղի:

ՍՈՆԱ — Պարզ է: (Դուրս է գալիս:)

ԳԵՎՈՐԳ — Ահա այսպես, Գևորգ եղբայր, կյանքը չի դադարում անակնկալներ մատուցել, թեև թվում էր` անհուսորեն թառամել է: Թառամած կյանքն ուզում է ասել` տեսնու՞մ ես, ես այնուամենայնիվ ողջ եմ, կամ, ավելին` հետաքրքիր եմ, ապրիր ինձ հավեսով, մինչև վերջ, ու ափսոսա ամեն անցնող րոպեն: Չեմ ափսոսա, հույս չունենաս: Տեսնենք հյուրասիրելու ինչ ունեմ, ամեն դեպքում` հյուրս կին է, հաց-պանիրով չեմ պրծնի: (Պահարանում փորփրում է, ինչ-որ բլիթ, կոնֆետ է հայտնաբերում:) Չէ, սրանք հին են, ամոթ է, թե որտեղի՞ց են հայտնվել այս տանը… (Գցում է աղբամանը:) Եկել է, քսանհինգ տարի անց, ասում է` ինչ լավ է, որ ինքնասպան չեղար, հոգիս խաղաղվեց: Բոլորն իրենց հոգիների խաղաղության համար են հոգում… Ես սրան ինչ հյուրասիրեմ ախր… Ձու կա, գուցե ձվածե՞ղ սարքեմ, օմլետ… Լավ դե, Գևորգ, ինչ ես իրար անցել, կարծես դու ես հրավիրել, սուրճ կա` հերիք է, թե՞ չկա… Չէ, տակը մի քիչ մնացել է, կհերիքի: Ծխենք առայժմ: (Ծխում է:) Էէէ, ինչ եղավ այս կինը, շենքի տակի խանութը չի՞ տեսել: Թե՞ բնավորության համաձայն կամուրջի մոտի խանութն է գնացել:

Գալիս է Սոնան:

ՍՈՆԱ — Եկա, եկա, մի սրտնեղեք: Սրտնեղում էիք, չէ՞, պարոն… Ձեր անունը չգիտեմ, քսանհինգ տարվա ծանոթներ ենք, բայց միմյանց անուն չգիտենք:

ԳԵՎՈՐԳ — Բեր խմենք` հետո: (Վերցնում է օղին, բացում, լցնում, խմում:) Օֆֆֆ… Այ հիմա կարելի է և ծանոթանալ, հիմա ես` ես եմ, Գևորգն եմ:

ՍՈՆԱ – Սոնա:

ԳԵՎՈՐԳ — Տվեք գինին, բացեմ, Սոնա:

Գևորգը բացում է գինին: Սոնան նաև կոնֆետ է բերել, դնում է սեղանին:

ԳԵՎՈՐԳ — Կոնֆետը օղուն չի սազում, անպատվություն է, ձկան պահածո բերեիք կամ բաստուրմա:

ՍՈՆԱ — Մտքովս չանցավ, կներեք:

ԳԵՎՈՐԳ — Զիջող կին եք, իսկական կին: Թեև ես ավանակային համառությամբ կանանց եմ սիրում, այն` որ ամեն ինչի կռվով ես հասնում, արյունլվա:

ՍՈՆԱ — Գուցե միայն այդպիսիք են հանդիպել, վարժվել եք:

ԳԵՎՈՐԳ – Ինչո՞ւ չեք նստում:

ՍՈՆԱ — Փոշոտ է, մաքրեմ, փալասն ո՞ւր է:

ԳԵՎՈՐԳ – Սկսվեց: Քիչ առաջ նստել էիք, մաքրվել է արդեն:

ՍՈՆԱ — Ճիշտ որ…

ԳԵՎՈՐԳ — Ներկ է կպել, կանաչը… Կարգին շրջվեք, նայեմ…

ՍՈՆԱ – Պարոն…

ԳԵՎՈՐԳ — Շրջազգեստին եմ նայում, ազնիվ խոսք:

ՍՈՆԱ — Հա՞…

ԳԵՎՈՐԳ — Բերեք լուծիչով մաքրեմ:

ՍՈՆԱ — Պետք չէ, շնորհակալ եմ, ինքս կմաքրեմ հետո: (Նստում է:)

ԳԵՎՈՐԳ — Կուզե՞ք սուրճ եփեմ:

ՍՈՆԱ – Կուզեմ:

ԳԵՎՈՐԳ — Գեղեցիկ էր:

ՍՈՆԱ — Ի՞նչը:

ԳԵՎՈՐԳ — Այդ կնոջական սեթևեթանքը, որով ասացիք` կուզեմ:

ՍՈՆԱ — Խմիչքը բացեց ձեզ:

ԳԵՎՈՐԳ — Բացում է, այո, ձեզ էլ կբացի: Խմեք, լցրել եմ: 

ՍՈՆԱ — Ողջ լինեք: (Խմում է:)

ԳԵՎՈՐԳ — Ողջ եմ, ողջ: Նույնիսկ` նկարել ուզեցի:

ՍՈՆԱ — Հենց հիմա՞:

ԳԵՎՈՐԳ — Չէ, հիմա չէ, մի քիչ էլ ծանոթանանք: Բայց շատ չէ, որ գաղտնիքի մաս մնա: Կատվով:

ՍՈՆԱ — Գրկիս` երևի:

ԳԵՎՈՐԳ — Ոչ, գլխին: Կատուն ձեր շարունակությունը պետք է լինի, ձեր բնույթի լրացումը: Չէ՞ որ իրականում այնքան էլ զիջող չեք, ճանկռել կարող եք, չէ՞:

ՍՈՆԱ — Կյանքը փոխեց, առաջ ավելի ճանկռող էի: Բայց կատուն գլխիս չի մնա:

ԳԵՎՈՐԳ — Պետք էլ չի, բա երևակայությունն ինչի՞ համար է, մի օր էլ կգաք, կտեսնեք` արդեն նկարել եմ… ինձ պետք չի, որ ժամերով նստեք առջևս, ես հոգնել եմ նման նկարչությունից, ես դա անում էի ուսանող ժամանակ: Պահը պետք է հասունանա, հասկանո՞ւմ եք, երբ հասունացավ` կվերցնեմ վրձինն ու կհարձակվեմ կտավին, գուցե` ոչ էլ կտավին, այլ փայտի վրա կամ թիթեղի, չգիտեմ, ինքը կհուշի:

ՍՈՆԱ — Ափսոս, կուզեի նստել նկարչի առաջ, կեցվածքներ ընդունել:

ԳԵՎՈՐԳ — Մե՞րկ:

ՍՈՆԱ — Դեհ, եթե արվեստին անհրաժեշտ եղավ… Բայց իմ մերկությունն այլևս հետաքրքիր չէ, մարմինս իր թարմությունը վաղուց կորցրել է:

ԳԵՎՈՐԳ — Խորամանկո՞ւմ եք:

ՍՈՆԱ — Չէ, իսկապես…

ԳԵՎՈՐԳ — Լավ, թողնենք:

ՍՈՆԱ — Կուզե՞ք, պատմեմ ձեզ իմ մասին:

ԳԵՎՈՐԳ – Ոչ: Այսինքն՝ պատմեք, զգում եմ, ձեզ պետք է:

ՍՈՆԱ — Չէ, չեմ պատմի:

ԳԵՎՈՐԳ — Լավ, մի պատմեք: Բերեք, էլի խմենք:

ՍՈՆԱ — Մեր երկրորդ ծանոթության համար:

ԳԵՎՈՐԳ — Բայց առաջինը լավն էր, չէ՞, հետաքրքիր էր, բովանդակալից: Բերեք նախ առաջինի համար խմենք: Էն պստիկ աղջնակի համար, որ փողերս առավ ու թռավ:

Սոնան հանկարծ սկսում է ծանր շնչել, պայուսակից հանում է դեղով սրվակը, փչում բերանի մեջ, հանգստանում:

ԳԵՎՈՐԳ — Ալերգի՞կ  եք:

ՍՈՆԱ — Ահ, բանի տեղ մի դրեք, մանրուք է մեծ կյանքի դիմաց:

ԳԵՎՈՐԳ — Բայց խմելը ձեզ երևի հակացուցված է:

ՍՈՆԱ — Իբր ձեզ հակացուցված չէ:

ԳԵՎՈՐԳ – Գուցե… Չգիտեմ… Սակայն չնվնվանք, չէ՞ որ մենք բոլորս հաղթած սերմնաբջիջի ծնունդ ենք, միլիոնավորներից մեկի, որը սրան-նրան հրելով, բոլորից արագ սլանալով` առաջինն է տեղ հասել, փաստորեն` մենք չեմպիոնի զավակ ենք, մենք իրավունք չունենք նվնվալու, հարգենք մեզ ծնունդ տված սերմնաբջիջին: 

ՍՈՆԱ — Եվ ով է սա ասում, մարդ, ով հասել էր կամրջին:

ԳԵՎՈՐԳ — Ես եմ ասում, այո, ես առավել իրավունք ունեմ ասելու, որովհետև հասել եմ կամրջին ու ետ դարձել: (Աղոթելու կերպով:) Ներիր մեղավորիս, օ մեծն սերմնաբջիջ, հա՛յր իմ, ներիր, որ տարիներ առաջ փորձել եմ դավաճանել մեծիդ, նվաստս, ստորս, դավաճանս, ներիր: Բերեք խմենք հաղթած սերմնաբջիջի կենացը:

Խմում են:

ԳԵՎՈՐԳ — Դե՞…

ՍՈՆԱ — Ի՞նչ:

ԳԵՎՈՐԳ – Պատմեք:

ՍՈՆԱ — Ի՞նչ պատմեմ:

ԳԵՎՈՐԳ — Ձեր կյանքի պատմությունը, ուզում էիք, չէ՞:

ՍՈՆԱ — Բայց դուք չուզեցիք լսել, պարզապես զիջում եք:

ԳԵՎՈՐԳ — Չէ, կլսեմ, երբեմն մարդասեր եմ լինում, հիմա այդ պահն է:

ՍՈՆԱ — Հասկանում եմ, հետաքրքիր չի, իհարկե, մենք միայն ինքներս մեզ ենք սիրում, դա՛ էլ երևի չեմպիոն սերմնաբջիջից ժառանգած բնույթ է, դիմացինին մենք միայն կարող ենք հանդուրժել, լավագույն դեպքում:

ԳԵՎՈՐԳ — Հիմա լավագույն դեպքն է, պատմեք, թե չէ կանցնի:

ՍՈՆԱ — Դուք երբեք ամուսնացած չեք եղել, այո՞:

ԳԵՎՈՐԳ — Ինձ իմ մասին եք ուզում պատմե՞լ:

ՍՈՆԱ — Բայց կանայք եղել են ձեր կյանքում, հետքեր թողել են, նույնիսկ` սպիներ…

ԳԵՎՈՐԳ — Եղել են, անշուշտ, ճգնավոր չեմ, սպիներ էլ կան` և՛ հոգուս, և՛ մարմնիս վրա: Սակայն ես այս խաղը վճռել եմ մենակ խաղալ, այսպես ազնիվ է, ո՞ր իրավունքով եմ ինչ-որ մեկին էլ ներքաշելու, դժվար խաղ է, վտանգներով, խնդիրներով լեցուն: Բացի այդ, ինչ-որ մեկին ներքաշելով` ստիպված խաղի կանոնները պիտի փոխես, հարմարվես, հարմարեցնես, հետո` երեխա, խաղի կանոններն առավել ես փոխելու, առավել ես հարմարվելու, ու հանկարծ կպարզվի, որ դու արդեն դու չես, դավաճանել ես քեզ, քո կյանքին: Ես ուզում եմ ես մնալ, ուզում եմ մենակ տանել խաղը:

ՍՈՆԱ — Գուցե էգոի՞զմ է:

ԳԵՎՈՐԳ — Թո՛ւ, բարկացրիք: Ես մեծ, բարձր բաներից եմ խոսում, իսկ դուք մանրացնում, տանում եք միջին մարդկային կաղապարների մեջ: Եթե խոր նայենք` միացյալ ապրելն է էգոիզմ… մենակ չմնաս, քո մասին հոգան, կերակուր տան, հագուստդ լվան, զայրույթդ թափելու տեղ ունենաս: Իսկ մենակ ապրելը դյուրին բան չէ, հավատացեք, ամեն մեկի բանը չէ:

ՍՈՆԱ — Ինքս էլ մենակ եմ ապրում:

ԳԵՎՈՐԳ — Տարբերություն կա, դուք դեպքերի բերումով եք մենակ, ես` սեփական ընտրությամբ:

ՍՈՆԱ — Իմն էլ ինչ-որ տեղ ընտրություն էր:

ԳԵՎՈՐԳ — Կենցաղային իրադրության ընտրությո՞ւն… Բաժանվե՞լ եք:

ՍՈՆԱ – Այո: Արդեն վաղուց:

ԳԵՎՈՐԳ — Երևի հարբեցող էր, թմրամոլ կամ խաղամոլ, ընտանիքի փողը քամուն էր տալիս:

ՍՈՆԱ — Ոչ, հակառակը:

ԳԵՎՈՐԳ – Այսինքն…

ՍՈՆԱ — Շատ ճիշտ մարդ էր, չափազանց ճիշտ, այնքան` որ հոգնեցի, ձանձրացա:

ԳԵՎՈՐԳ — Սա արդեն հետաքրքիր է, բարձրանում եք աչքիս: Սակայն սկզբում չտեսա՞ք ում հետ գործ ունեք:

ՍՈՆԱ – Սկզբո՞ւմ… դեհ, ջահել էինք… Նա գիտությամբ տարված երիտասարդ էր, թմրամոլի պես էր տարված, և ինձ դա դուր էր գալիս…

ԳԵՎՈՐԳ — Տեսքով էլ սիրունիկ էր երևի:

ՍՈՆԱ — Հա, վատը չէր, բարձրահասակ, մարզված… Բայց…

ԳԵՎՈՐԳ — Բայց անկողնում այդ բոլորն այնքան էլ գործուն չէին:

ՍՈՆԱ — Չէ, անկողինը ոչինչ, անկողինը չէր խնդիրը:

ԳԵՎՈՐԳ — Անկողինը խնդիր է, այն էլ ինչպիսի խնդիր, բոլոր անկողիններում Ֆրեյդի խնդրահարույց ականջներն են թաքնված, մեկ էլ հո՛պ` բարձրանում են: 

ՍՈՆԱ — Չե՞ք չափազանցնում այդ ականջների ներկայությունը, ոմանց համար դրանք շատ աննշան են, կամ էլ առհասարակ բացակայում են:

ԳԵՎՈՐԳ — Այս դեպքում բացակայությունն էլ է ներկայություն:

ՍՈՆԱ — Դժվարանում եմ հասկանալ…

ԳԵՎՈՐԳ — Ոչինչ, հետո խորը կմտածեք` կհասկանաք:

ՍՈՆԱ — Ամեն դեպքում, մենք նորմալ անկողին ունեինք:

ԳԵՎՈՐԳ – Ռեգուլյար:

ՍՈՆԱ — Ծաղրում եք:

ԳԵՎՈՐԳ — Ամենևին, անկողնային գործում ռեգուլյարը շատ կարևոր է:

ՍՈՆԱ — Առանց հեգնանքի չեք կարողանո՞ւմ:

ԳԵՎՈՐԳ — Չեմ կարողանում, այնքան հեգնելի է մարդն իր ծեծված խնդիրներով, ամբողջ կյանքը ծախսում է դրանց լուծման վրա, ու մեկ էլ շրխկ` արդեն դագաղի մեջ է` կոկիկ կոստյումով, փողկապով, աչուկները փակ, որդերին կեր դառնալու պատրաստ, քիչ է մնում մոտենաս, լխկած տուտուզը կմճտես` հարցնես` հը՞, ի՞նչ եղավ լիբիդոդ, մեծ սերերդ, հավատքդ, հույզերդ, ծրագրերդ, լացուկոծդ…

ՍՈՆԱ — Դաժան եք:

ԳԵՎՈՐԳ — Իմ մասին եմ խոսում, ոչ ոքի չեմ դիպչում, թեև ընդհանրացումներ կան իհարկե, ուրիշ ո՞նց, ես էլ մարդկային ցեղից եմ, հո այլմոլորակային չե՞մ: Սակայն դառնանք ձեզ. ամուսնական կյանքից հոգնեցիք ուրեմն…

ՍՈՆԱ — Հոգնեցի, այո, ասես ռոբոտի հետ ապրեի, երբ մտածում էի` որ ոչինչ չի փոխվելու, որ այսպես էլ շարունակվելու է, քիչ էր մնում խելագարվեի: Օտար երկրում դա ավելի անտանելի էր, մենք Եվրոպայում էինք ապրում, տեղափոխվել էինք, նրան լավ գործ էին առաջարկել, ինքն էր ու իր գործը, իսկի երեխա չէր ուզում, մի խոսքով, թողեցի` եկա: 

ԳԵՎՈՐԳ — Հիմա լավ եք զգո՞ւմ ձեզ:

ՍՈՆԱ — Ոչ այնքան: Բայց տանելի է, գոնե հարազատ միջավայրում եմ… 

ԳԵՎՈՐԳ — Եվ բաց հնարավորություններով, չէ՞:

ՍՈՆԱ — Այսի՞նքն…

ԳԵՎՈՐԳ — Դե, ծեր չեք, ահագին համակրելի եք դեռ…

ՍՈՆԱ — Այդպես խոսելուց հետո սովորաբար փորձում են գրկել:

ԳԵՎՈՐԳ — Էէէ, սպասեք դուք էլ ձեր գրկելով, ես ճշմարտությունն եմ ասում:

ՍՈՆԱ — Բայց ձեզ մոտ հաստատ բաց հնարավորություններս օգտագործելու համար չեմ եկել:

ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ իմանալ, մի՞թե մենք միշտ գիտենք, թե ինչու ենք անում այս կամ այն բանը, մեր ներսում թաքուն նախագծող կա:

ՍՈՆԱ — Տարօրինակ տուն է ձեր տունը:

ԳԵՎՈՐԳ — Ի՞նչն է տարօրինակ, տուն է, էլի:

ՍՈՆԱ — Այսպիսի նախագծով տներ չեմ տեսել:

ԳԵՎՈՐԳ — Նորմալ տուն էր, երկու սենյականոց, բայց այն մի սենյակը հարևանս գնեց, կպցրեց իր երեք սենյակին:

ՍՈՆԱ — Փողի կարի՞ք ունեիք:

ԳԵՎՈՐԳ – Դեհ… 

ՍՈՆԱ — Բայց նկարիչները սովորաբար փող ունենում են` նկարների վաճառք, պատվերներ…

ԳԱԵՎՈՐԳ — Իմ նկարները չեն առնում, ես հանդիսատեսի քիմքին վայել նկար չեմ նկարում, պարզապես չեմ կարողանում, փորձել եմ վաճառքի նկար նկարել, չի ստացվում, ապաշնորհ եմ, հենց սկսում եմ նկարել` ծիծաղս գալիս է, հետո զզվանքս է գալիս, հետո` զայրույթս… Քաղցրիկ-մեղցրիկ նատյուրմորտներ, պուպուշիկ ծաղիկներ, սղալած պեյզաժներ, էրոտիզմ` նրբիկ բդիկներով, կլորիկ ծիծիկներով, երկիմաստ հայացքներով… Աստված իմ, ինչ հիմար է սպառողը, ինչ հեշտ է նրան խաբելը:

ՍՈՆԱ — Ձեր դեպքում` ոչ այնքան:

ԳԵՎՈՐԳ — Իմ դեպքում` այո, իմ նկարածը տհաճություն է պատճառում նրան, երբեմն էլ` ցավ, ո՞վ կուզի իր տանն իրեն ցավ պատճառող նկար կախել…

ՍՈՆԱ — Ե՛ս կուզեմ, կվաճառե՞ք:

ԳԵՎՈՐԳ — Ձեռ քաշեք:

ՍՈՆԱ — Ցույց էլ չեք տա՞:

ԳԵՎՈՐԳ — Ինչների՞դ է:

ՍՈՆԱ — Պարզ հետաքրքրություն:

ԳԵՎՈՐԳ — Լավ, բայց հիմա չէ, հիմա խմենք, վաղուց չենք խմել:

Խմում են:

ՍՈՆԱ — Իմ հարևանն էլ ուզեց, որ սենյակս վաճառեմ իրեն, տղային ամուսնացրել էր, նեղվում էին…

ԳԵՎՈՐԳ — Է վաճառեիք… ձերը շա՞տ է:

ՍՈՆԱ — Երեք սենյակ, ծնողներիցս մնացած տուն է:

ԳԵՎՈՐԳ — Ձեզ, մենակ, երեք սենյակն ի՞նչ պետք է, ես լինեի` երկո՛ւսը կվաճառեի:

ՍՈՆԱ — Չեմ կարող, դավաճանության պես է, այդ տանը ծնողներս են ապրել, պապիկ-տատիկս, նրանց ոգիները շրջում են սենյակներում, նրանց եփած կերակուրների հոտերը սավառնում են օդում, նրանց ձայները հնչում են…

ԳԵՎՈՐԳ — Սենտիմենտալ կին: Ձայները սավառնում են, հոտերը՝ հնչում… Երևի կարգին գին չի տվել, հա՞:

ՍՈՆԱ — Շատ էլ կարգին գին էր տալիս: Բայց ես փողի կարիք չունեմ:

ԳԵՎՈՐԳ — Հարուստ ե՞ք:

ՍՈՆԱ — Չէ, բայց ինձ հերիքում է:

ԳԵՎՈՐԳ — Ագահ չեք, լավ է: Ես էլ ագահությունից չէր, որ վաճառեցի: Առնետը:

ՍՈՆԱ — Ի՞նչ:

ԳԵՎՈՐԳ — Առնետն է, դուրս եկավ զբոսանքի, էնտեղ:

ՍՈՆԱ — Ես առնետներից չեմ վախենում, բայց ինչո՞ւ չեք վերացնում:

ԳԵՎՈՐԳ — Իմ առնետներն ուրիշ տեսակի են, չեն վերանում: Գնացեք արդեն, Սոնա, սկսվում է:

ՍՈՆԱ — Ի՞նչը:

ԳԵՎՈՐԳ – Առնետապարը: Չէ, դեռ մի քիչ էլ կարող եք մնալ, բայց դրա համար ես մի մեծ բաժակ պիտի կլանեմ: (Լցնում է, խմում:)

ՍՈՆԱ — Հիմա կարո՞ղ եմ մնալ:

ԳԵՎՈՐԳ — Մի րոպե… (Դադար, խմիչքն է տեղավորում իր ներսում:)  Կարող եք, այո, դեռ կա ժամանակ, սակայն կարծում եմ` շատ չի: (Նայում է ենթադրյալ առնետի կողմը:)  Ժպտում է տականքը:

ՍՈՆԱ — Ինձ նայեք, մոռացեք:

ԳԵՎՈՐԳ — Բայց նա կանչում է, ասում է` ես ավելի քնքուշիկն եմ, ինձ նայիր:

ՍՈՆԱ — Երաժշտություն միացրեք, չունե՞ք… Այն ի՞նչ գործիք է, սրի՞նգ… Դու՞ք եք նվագում…

ԳԵՎՈՐԳ — Էնպես, սիրողական:

ՍՈՆԱ — Սիրողական նվագ չեմ սիրում, բայց նվագեք, հետաքրքիր է:

ԳԵՎՈՐԳ — Երաժիշտ եք:

ՍՈՆԱ — Այո, դաշնակահար եմ, դասավանդում եմ երաժշտական դպրոցում:

ԳԵՎՈՐԳ — Ուրեմն կնվագեմ, ձեր ինադու: (Վերցնում է գործիքը:)

ՍՈՆԱ — Ափսոս դաշնամուր չունեք, կնվագակցեի:

ԳԵՎՈՐԳ — Ունեի, բայց բնակարանի այն կեսի հետ վաճառեցի: Ի՞նչ նվագեմ… Այսինքն ինչ եմ հարցնում, ընդամենը մի երկու մեղեդի գիտեմ, «Լորիկը» նվագե՞մ:

ՍՈՆԱ – Նվագեք:

ԳԵՎՈՐԳ — Երգեք հետս, ոգևորեք երաժշտիս:

Գևորգը նվագում է, Սոնան երգում է, հետո վեր է կենում, պարում են:

ՍՈՆԱ — Ինքնուսի համար վատ չնվագեցիք, գիտե՞ք:

ԳԵՎՈՐԳ — Պահ, իսկ դուք վատ երգեցիք:

ՍՈՆԱ — Չէ հա…

ԳԵՎՈՐԳ — Այո, այո:

ՍՈՆԱ — Ես կոնսերվատորիա ավարտած երաժիշտ եմ, պարոն:

ԳԵՎՈՐԳ — Հա ի՞նչ անենք, էնքան կոնսավարտ գիտեմ, որ բանի պետք չեն: Երաժշտությունը հո կոնսերվատորիայով չի՞, ոչ էլ` բացարձակ լսողությունով, ձեզ նմանները ազատություն չունեն, ուսումի ու բացարձակ լսողության կաղապարների գերին են, իսկ արվեստի մարդը պիտի ազատություն ունենա, նա պիտի ունենա սխալվելու ազատություն, սխալվելու համարձակություն:

ՍՈՆԱ — Ես լավ եմ նվագում, պարոն:

ԳԵՎՈՐԳ — Լավ, մի բորբոքվեք, մի օր կգնանք մի տեղ, ուր դաշնամուր կա, և կստուգենք:

ՍՈՆԱ — Իմ տանը կա: Ձեզ ընթրիքի հրավիրե՞մ մի օր:

ԳԵՎՈՐԳ — Հրավիրեք, բայց` ճաշի, ընթրիքը կարող է ձգձգվել, հետո ուշ կլինի, ես կասեմ` մնա՞մ, դուք կասեք… Ի՞նչ կասեք:

ՍՈՆԱ – Չգիտեմ:

ԳԵՎՈՐԳ — Հասկանում եմ, ծեր եմ, երբեմն մոռանում եմ այս իրողությունը, այսինքն` երբեմն չէ, միշտ էլ մոռանում եմ:

ՍՈՆԱ — Մի սեթևեթեք, տեղը տեղին, կարգին տղամարդ եք, ի՞նչ է եղել:

ԳԵՎՈՐԳ — Սովորել եմ մթան մեջ սանրվել, բայց երևի լույսը վառելու ժամանակն է, ինքս ինձ խաբելով` ծիծաղելի եմ դառնում:

ՍՈՆԱ — Լավ, համոզեցիք, կասեմ` մնացեք, բայց` հարևան սենյակում:

ԳԵՎՈՐԳ — Դա էլ վատ չէ, կսկսենք հարևան սենյակից: Ես ձեզ կնկարեմ ձեր տանը, ձեր միջավայրում, դաշնամուրի մոտ, չէ, վրա:

ՍՈՆԱ — Կատուն գլխիս:

ԳԵՎՈՐԳ — Չէ, այս դեպքում` կրծքին, դուք` դաշնամուրին պառկած, այսպես` ջղաձիգ կեցվածքով, իսկ կատուն` ձեր մերկ կրծքին:

ՍՈՆԱ — Բայց դուք ասացիք, թե երևակայությամբ եք նկարելու:

ԳԵՎՈՐԳ — Շատ բան ասացի, ես առհասարակ կես ժամը մեկ նույն առիթով կարող եմ ծայրահեղ տարբեր բաներ ասել, ինձ մի վստահեք, Սոնա, վտանգավոր է:

ՍՈՆԱ — Չեմ էլ վստահում:

ԳԵՎՈՐԳ — Այ քեզ բան… Այդպես միանգամի՞ց…

ՍՈՆԱ — Հիմա դուք ո՞րն եք ուզում, վստահե՞մ, թե չվստահեմ:

ԳԵՎՈՐԳ – Երկրորդը: Եթե վստահեք, դա իմ մեջ ինքնաբերաբար պատասխանատվության զգացում կծնի, իսկ պատասխանատվությունը կապվածություն է, իսկ ես, ինչպես ասացի, մենակ եմ ուզում խաղալ այս խաղը:

ՍՈՆԱ — Հասկանալի է, ուզում եք գալ, նկարել ու չքվել:

ԳԵՎՈՐԳ — Այո, չի լինի՞:

ՍՈՆԱ – Կլինի:

ԳԵՎՈՐԳ — Զարմանալի է, կանայք սովորաբար սիրում են ամեն բան բարդացնել, և միայն վճարովի կանայք են, որ չեն բարդացնում:

ՍՈՆԱ — Դուք հիմա հասկացա՞ք` թե ինչ ասացիք:

ԳԵՎՈՐԳ — Վիրավորեցի՞… Վիրավորեցի, այո: Գրողը տանի: Բայց դուք ինձ ճիշտ չհասկացաք… 

ՍՈՆԱ – Ստոպ; Այլապես կխճճվեք, հանել չեմ կարողանա, բերեք պարզապես խմենք:

ԳԵՎՈՐԳ — Լսեք, դուք ինձ ավելի ու ավելի եք դուր գալիս:

ՍՈՆԱ — Խմիչքն է, սա էլ խմենք` սիրահարվելու եք: Ձեր կենացը:

ԳԵՎՈՐԳ — Էն փողի կենացը, որ քսանհինգ տարի առաջ տվեցի ու այսօր ձեզ ինձ մոտ բերեց:

ՍՈՆԱ — Չէ, խնդրում եմ, փողը չարժի, որ իր կենացը խմենք:

ԳԵՎՈՐԳ – Ինչո՞ւ, աշխարհը փողի շուրջն է պտտվում, իրար բուկ են կրծում, իսկ դուք ասում եք` չարժի:

ՍՈՆԱ — Հենց դրա համար էլ չարժի: Էլի մի բան նվագեք, հա՞, ուրախ մի բան:

ԳԵՎՈՐԳ — Պատվերդ` ի կատար: (Վերցնում է սրինգը:)

Պատի ետևից բարձրաձայն երաժշտություն է հնչում:

ՍՈՆԱ — Սա հաստատ դուք չեք, ձեր սրինգն այսպիսի աղմուկ չի կարող հանել:

ԳԵՎՈՐԳ — Հարևանս է, հազարավոր անգամներ ասել եմ` դու չես լսում եղբայր, դու լսացնում ես:

ՍՈՆԱ — Լավ, մի ներվայնացեք:

ԳԵՎՈՐԳ — Ոնց չներվայնանամ, է՜… (Պատն է թակում:) Վարդգես, է՛յ… Չէ, անօգուտ է: Սա նույնն է, թե իր աղբը իմ տուն լցնի: Բայց մենակ ինքը չի, Սոնա, այս քաղաքում արդեն լուռ տեղ չի մնացել, մեքենաներից, տներից, հրապարակներից, ամեն տեղից դմբդմբոց են լցնում ականջս, մենք անհեթեթ աղմուկի մեջ ենք ապրում, անդադար, և փրկություն չկա… ահա, ո՞նց փրկվես Վարդգեսից, ինչքան ուզում ես` ասա, անօգուտ է:  

ՍՈՆԱ — Իզուր եք վաճառել ձեր սենյակը, հիմա ձեր սենյակը վրեժ է լուծում ձեզնից:

ԳԵՎՈՐԳ — Երևի սա էլ ծախեմ, գնամ` լեռնային գյուղում մի խրճիթ առնեմ…

ՍՈՆԱ — Կկարողանա՞ք:

ԳԵՎՈՐԳ – Չգիտեմ: Սարերն ափսոս են: Սարերն ափսոս են, ձորերն ափսոս են, ջրերն ափսոս են, կենդանիներն ափսոս են, մենք ափսոս ենք, բոլորը, ինչ կա` ափսոս է ու մեղկ…

ՍՈՆԱ — Չեմ հասկանում…

ԳԵՎՈՐԳ — Սոնա, ես ստեցի, թե կնկարեմ քեզ, ես չեմ կարող նկարել քեզ` ո՛չ կատվով, ոչ առանց կատվի…

ՍՈՆԱ — Երևակայությամբ…

ԳԵՎՈՐԳ —  Ոչ էլ երևակայությամբ, առհասարակ: Ես վաղուց արդեն չեմ նկարում, որովհետև նկարելը խղճուկ զբաղմունք է, ուզում ենք ինչ-որ բան փրկել ժամանակի ճիրաններից, ժամանակն ավերում է, իսկ մենք, սարսափած, ջանում ենք պահել` մի ձև, մի գույն, մի լույս, մի ծվեն… պոկել ժամանակի երախից` դնել կտավի վրա` փրկել: Բայց փրկել հնարավոր չէ, պատրանք է, ժամանակն ամենազոր է: Հիմա ես նրա դաշնակիցն եմ` իմ թշնամո՛ւ, ավելին` ես նրանից առաջ եմ անցնում, նրանից շուտ եմ ավերում, նա դեռ նայում է, չափչփում, նշան բռնում, իսկ ես արդեն տեսնում եմ մոտալուտ ավերն ու իրենից շուտ սկսում` վերցնում եմ ներկն ու քսում կտավին` խառը, ոնց պատահի, էս կողմից, էն կողմից, վարից, վերից, բռով վերցնում եմ ներկը ու ցպնում կտավին… Իսկ նա կատաղում է, որ իրենից առաջ եմ ընկել, խփում է քիթմռթիս… Նայում եմ հայելուն` հա էլի, անցել է վրայովս, լավ էլ անցել է… Էսպես էլ ապրում ենք, ես ու ժամանակը:

ՍՈՆԱ — Ուզում եմ նկարես ինձ` հենց էդպես, էս կողմից, էն կողմից, վերից, վարից, ներկը վերցնես ու քսես, ցպնես… Ավերված Սոնայի դիմանկարը: Իր տեսակի մեջ` միակը:

ԳԵՎՈՐԳ — Ուզում ես միա՞կը լինել:

ՍՈՆԱ — Այո, ինչո՞ւ ոչ:

ԳԵՎՈՐԳ — Սեթևեթում ենք, ողբերգության ճահճում խրված` սեթևեթում ենք, ո՞ւմ ենք խաբում, Սոնա, ինքներս մե՞զ, աստծո՞ւն, ժամանակի՞ն…

ՍՈՆԱ — Խմեք, կհանգստացնի, շատ եք հուզված:

ԳԵՎՈՐԳ — Ուշ է, չի օգնի, նրանք արդեն եկել են… Տեսա՞ք, տեսա՞ք… Հրեն, փախավ, թախտի ետևում է…

ՍՈՆԱ — Առնե՞տն էր:

ԳԵՎՈՐԳ — Ոչ միայն… Ահա, ահա, գալիս են, եկան, վաղուց չէին երևացել… Բարի գալուստ, բարով եկաք…

ՍՈՆԱ — Ովքե՞ր:

ԳԵՎՈՐԳ — Բոլորը, կերպարանք առած` գալիս են, ահա, գալիս են իրենց վրեժն առնեն… Ոչխարին նայեք, նայե՛ք, գլուխն ընկած է, ինքն անգլուխ, արնոտ` գալիս է վրաս… Ի՞նչ ես ուզում, ոչխար ախպեր, էդպես էլ չներեցի՞ր, չէ՞, բեեե… Բա էս հավերին նայեք, ոնց են թպրտում արնաշաղախ… Աաա՜, օրիորդ, դո՞ւք էլ եկաք, ձե՞զ ինչ եղավ, ի՞նչ հիշեցիք հանկարծ… Օ՜, պարոն, համեցեք, համեցեք, առանց ձեզ ո՞նց կլինի…

ՍՈՆԱ — Սթափվեք, այստեղ ոչ ոք չկա մեզնից բացի:

ԳԵՎՈՐԳ — Դուք չեք տեսնի, տիկին, ի՛նձ համար են եկել, առաջին անգամը չի, սովորական բան է… 

ՍՈՆԱ — Դրանց էլ ավերեք, դրեք կտավին` ավերեք, պրծեք:

ԳԵՎՈՐԳ — Չի ստացվի, սրանք հզոր են, իմ ուղեղի կետերն են, միայն ինձ հետ կավերվեն… Գնացեք, Սոնա, ընդունելությունն ավարտված է, ուրիշ հյուրեր ունեմ: Գնա, Սոնա, խնդրում եմ, գնա՛… 

Համարյա հրելով` տնից դուրս է հանում Սոնային: Սոնան դուրս է գալիս: Գևորգը մի պահ վարանում, ապա առաջ է բերում մեծ կտավը, ներկերը սկսում ցպնել վրան:          

                        

                                        Պատկեր երկրորդ

Օրեր անց: Անմարդ կամուրջ: Գալիս է Գևորգը, կանգնում է կամրջին, բազրիքին հենվում` ցած է նայում: Մոտենում է Սոնան:

ԳԵՎՈՐԳ — Դո՞ւք: 

ՍՈՆԱ — Ես, այո, զարմացա՞ք:

ԳԵՎՈՐԳ — Միայն չասեք, թե պատահաբար հայտնվեցիք:

ՍՈՆԱ — Չեմ ասի: Սիրտս հուշեց, որ այստեղ եք և ուզում եք տեսնել ինձ:

ԳԵՎՈՐԳ — Ձեր սիրտը մեծամիտ է, տիկին: (Ցած նայելով:) Նայեք, ինչ շքեղ տեսարան է: Առաջներում բարձրության հմայքը չէի ընկալում, վախը խանգարում էր:

ՍՈՆԱ — (զած նայելով): Բռռռ, գլուխս պտտվեց:

ԳԵՎՈՐԳ —  Ասում են, շատ բարձր տեղից եթե քեզ գցում ես, օդում սիրտդ պայթում է, չես հասցնում խփվել գետնին, այսինքն խփվում ես, բայց  դու դու չես այլևս, չկաս: Պատկերացնո՞ւմ եք` ինչ սրընթաց տրանսֆորմացիա է, թռչում ես գիտակցված, բայց օդում արագ վերածվում ես դիակի և արդեն դիակդ է խփվում քարերին, մարդիկ էլ նայում, ասում են` խեղճ մարդ, էս ո՞նց է ջարդուխուրդ եղել… չեն իմանում, որ մարդը չի զգացել իր ջարդուխուրդ լինելը, որ նա արդեն ոչ միայն խեղճ չէ, այլև` գուցե երջանիկ է:

ՍՈՆԱ — Չգիտեմ, բայց կարծում եմ` ապրելն, ամեն դեպքում, չապրելուց լավ է:

ԳԵՎՈՐԳ — Ուրեմն ապրեք խաղաղ, ինչո՞ւ եք ձեզ տանջում: 

ՍՈՆԱ — Գիտե՞ք, ես եկել եմ այն համոզման, որ իմ ձախորդությունների, իմ մենակության պատճառն իմ եսակենտրոնությունն է, երբեք կարգին հոգ չեմ տարել որևէ մեկի նկատմամբ, նույնիսկ շուն կամ կատու չեմ պահում:

ԳԵՎՈՐԳ — Եվ որպես հոգածության օբյեկտ ի՞նձ եք ընտրել, շուն ու կատվի փոխարե՞ն:

ՍՈՆԱ — Չեմ ընտրել, ինքն իրեն ստացվեց… Մտածում եմ` նախախնամությունն է, որպես փրկություն է ուղարկել մեզ միմյանց ընդառաջ:

ԳԵՎՈՐԳ — Ես լավ օբյեկտ չեմ հոգ տանելու համար, Սոնա, ծանոթ եք արդեն: 

ՍՈՆԱ — Ծանոթ եմ, այո, սարսափ եք: Բայց ես էլ մի բարի պտուղ չեմ:

ԳԵՎՈՐԳ — Ուստի ի՞նչ եք առաջարկում:

ՍՈՆԱ – Ապրել:

ԳԵՎՈՐԳ — Հանուն հոգ տանելո՞ւ:

ՍՈՆԱ — Քիչ չէ: Բայց եթե ուզում եք` կարելի է` հանուն հաղթած սերմնաբջիջի… հուսախաբ չանենք նրան, կռիվ տանք մինչև վերջ: 

ԳԵՎՈՐԳ — Գուցե դուք խաբո՞ւմ եք ձեզ, Սոնա և ուզում եք, որ ես էլ ի՞նձ խաբեմ: Դուք ուզում եք, որ ես դավաճանե՞մ ինքս ինձ…

ՍՈՆԱ — Դավաճանիր, էլի, կարելի է կարծել` մի կարևոր մարդու ես դավաճանելու: 

ԳԵՎՈՐԳ — Լավ էր, գիտե՞ս, քեֆս բերեց:

ՍՈՆԱ — Հա, էլի, ի՞նչ ես էդպես պինդ կառչել ինքդ քեզնից, թույլ թող քեզ, թուլացիր… (Թևանցուկ է անում Գևորգին, հեռացնում կամրջից:) Համ էլ պիտի նկարես ինձ, խոստացել ես:

ԳԵՎՈՐԳ — Խոստացե՞լ… Չեմ հիշում, որ խոստացած լինեմ…

ՍՈՆԱ — Խոստացել ես, չես հիշում, խմած էիր…

ԳԵՎՈՐԳ — Մի րոպե, շփոթում ես ոնց որ… 

ՍՈՆԱ — Չեմ շփոթում… 

Աստիճանաբար հեռանում են բեմի խորքը, նրանց հետագա խոսքն աստիճանաբար մարում է:

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։