Կարինե ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
Կարինե ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
ՀՀ վաստակավոր արտիստ
2020 թվականի համար ակնկալիքներս շատ են։ Բավականին աշխատել եմ, հիմքեր դրել, պիտի որ հույսերս արդարանան։ Աննա Բայաթյանիս հետ նոր ներկայացում ենք սկսելու իմ երազած դերակատարմամբ։ Սպասել եմ ծերանամ, որ խաղամ այդ դերը, բայց դեռ գաղտնիք թող մնա։ Հաստա՛տ աղջկաս հետ լիամետրաժ ֆիլմ ենք նկարահանելու։ Աստվածային նոր Օրհնությամբ իմ տուն հաստատ երջանկություն է մտնելու։ Ես դրան երկար եմ սպասել՝ տեսնել զավակներիս երջանիկ ու ապահով: Հավատում եմ, գիտեմ:
Իմ երկրում հույսով ու հավատով սպասում եմ նոր, լավագույն փոփոխությունների։ Էլ բավ է, հոգնեցինք պայքարելուց ու ապրել երազելուց: Ժամանակն է իրագործելու մեր այսքան տարիներ սպասված լավագույն իղձերը: Իմ երամի՝ ընկերներիս հետ իրականացնելու ենք մեր մշակութային ծրագրերը, ու թող տեղները հանգիստ նստեն բոլոր նրանք, ովքեր այսքան տարի գլորման քար են եղել մեր ճանապարհին: Անելիք շատ կա եկող բարի տարում։ Աստված առողջ պահի, զորացնի բոլորիս։
Հայ թատրոններին մաղթում եմ խենթ մտահղացումներ, առողջ մրցակցություն։ Ինքս երբեք որ մեկի հետ չեմ մրցել, այդ պատճառով կուզենայի, որ մեր արտիստներն ավելի ազատ լինեին, առանց կաղապարների ու կապանքների: Շատ կուզենայի, որ իշխանությունները մեծ տեղ տային ազատ ստեղծագործողներին, լրջորեն մտածեն մեր վտանգված մշակույթի մասին։ Թատրոնի մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, մաղթում եմ լուրջ մասնագիտացում ու հոգևորի լիություն։ Նոր տարուց խնդրում եմ, որ ոչ միայն թատրոններում, այլ ամենուր մեր երկրում, ամեն ոք իր գործով զբաղվի, իր գործի մեջ մասնագիտանա: Եվ մի բամբասեք, ի սեր Աստծո՜… Ուրախացեք մեկդ մյուսով, սիրելինե՛ր, ու Նոր Տարին թող Բարով ու Սիրով գա: