Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
2000 թ. մայիս ամսին, «Դրամատուրգիա» հանդեսի 1-ին համարի լույս աշխարհ գալու առաջին իսկ օրվանից մինչև այսօր՝ 2023-ի նախաշեմին, մեր միակ նպատակը հայ դրամատուրգիայի անխափան ընթացքին աջակցելն է, մեր դասական ու ժամանակակից դրամատուրգների պիեսները մեկ ընդհանուր հարթակում միավորելը՝ այդպիսով յուրօրինակ միջնորդ-կամուրջ դառնալով մեր թատրոնների համար:
Ինչ վերաբերմունք կա մեր սեփական, մեր ԱԶԳԱՅԻՆ դրամատուրգիայի հանդեպ՝ պարզապես նայեք մեր թատրոնների խաղացանկերը…
Բայց մեր հեղինակները, մեր անխոնջ դրամատուրգները շարունակում են իրենց պիեսներով «սնել» կայքը, որն իր բովանդակությամբ, իր մոտակա և հեռահար նպատակներով, ամբարած շտեմարանով միակն է: Հայ դրամատուրգը գրում է մեր տագնապների, ցավերի ու կորուստների, մեր ոգու և արժանապատվության, գրում է ՄԵ՛Ր մասին: Գրում է, որովհետև ոչ մի օտարի «խաղ», անգամ հանճարեղ, ի զորու չէ վերծանել մեր հոգու մորմոքն ու կարոտը…
Ի սրտե շնորհավորում եմ թատրոնի նվիրյալներին՝ բոլորին, մաղթելով խաղաղություն մեր երկրին և հույս ու հավատ՝ յուրաքանչյուրին:
Եվ ինչպես 2000 թվականի մայիս ամսին, այնպես էլ 2023-ի նախաշեմին, ասում եմ.
ՉԿԱ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ԱՌԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՅԻ:
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ