Արտեմ ԳՐԻԳՈՐԵՆՑ / «ՀՈՒՍԱՆՔ»

Արտեմ ԳՐԻԳՈՐԵՆՑԻ «ՀՈՒՍԱՆՔ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում

Արտեմ ԳՐԻԳՈՐԵՆՑ

ՀՈՒՍԱՆՔ

Տխուր կատակերգություն 10 տեսարանով

Գործող անձինք

ՌՈԼԱՆԴ ԲԱԳՐԱՏԻՉ — ընտանիքի պատվավոր հայր

ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱԼԽԱԶՈՎՆԱ – նրա կինը 

ԷԹԵՐԻ — նրանց դուստրը 

ԲՈՐԻԿ — նրանց որդին, 24 տարեկան 

ԷՌՆԱ – բախտագուշակ, 45 տարեկան 

ՖՐԵԴ — կամ Ֆրեդիկ, անորոշ տարիքի, ամուրի 

ԱՆԺԵԼԱ – մականունը՝ Դուբայ, գործարար կին, 45 տարեկան 

ԲԵԳԼԱՐ — նրա հայրը, նախկին արհեստավոր, 71 տարեկան 

ՆԱԻՐԱ — Անժելայի դուստրը, 17 տարեկան 

ԷՐԻԿ — երիտասարդ հասարակական ակտիվիստ 

ՍՏԵՓԱՆ ԼՈՒԿԻՉ — էստրադային երգահան, 66 տարեկան 

Առաջին բեռնակիր 

Երկրորդ բեռնակիր

Գործողությունը կատարվում է Թբիլիսիում:

Առաջին տեսարան

Անժելա Դուբայի երկսենյականոց բնակարանը: Առաջին սենյակում Նաիրան հայելու դիմաց երգում է, ձեոքին բարձրախոսի փոխարեն աղաման է բռնել:

ՆԱԻՐԱ — (երգում է): Ես քեզ համար եմ ստեղծված, նայիր, աչերս են լցված: Դու ինձ համար ես ստեղծված, նայիր, աչերս են լցված…

Մոտեցող մեքենայի ձայն, անհասկանալի աղմուկ: Երկու բեռնակիր 2-րդ սենյակ են բերում արկղներ, ճամպրուկներ, պայուսակներ: Գալիս է Անժելան:

ԱՆԺԵԼԱ — (հևալով): Ամեն ինչ բերեցի՞ք… (Հաշվում է իրերը:) Մեկ, երկու, երեք… ինը, տասը… (Վճարում է բեռնակիրներին, նրանք գնում են: Նաիրան մյուս սենյակում շարունակում է երգել: Անժելան գնում է այնտեղ, հիացած լսում է:)

ՆԱԻՐԱ — (նետվում է դեպի մայրը, համբուրում): Մամ… բարի վերադարձ:

ԱՆԺԵԼԱ — Աղամանն ինչի՞դ է պետք: 

ՆԱԻՐԱ — (քրքջալով): Էնպես… սիրտս աղի ուզեց:

ԱՆԺԵԼԱ — (վախեցած): Վա՜յ, ինչպե՞ս թե՝ աղի ես ուզում: Թթու է՞լ…

ՆԱԻՐԱ – Ամենաշատը՝ քաղցր… Սա աղաման չէ, միկրոֆոն է:

ԱՆԺԵԼԱ — Ո՞նց թե…

ՆԱԻՐԱ — Դե, միկրոֆոնի փոխարեն… փորձ եմ անում, մրցույթի եմ մասնակցելու: 

ԱՆԺԵԼԱ – Ի՞նչ մրցույթ:

ՆԱԻՐԱ — «Աստղերի ֆաբրիկայի» պես բան է: Հաղթողներին մրցանակ են տալիս… անվճար տեսահոլովակ են նկարահանում… 

ԱՆԺԵԼԱ – Անվճա՞ր: Տես, է՛, մրցանակ, տեսահոլովակ… Հիմա անվճար բան որտե՞ղ կա, ո՞վ իր փողերը քամուն կտա:

ՆԱԻՐԱ — Երբ հաղթեմ, կտեսնես՝ ով: 

ԱՆԺԵԼԱ — Կարծում ես, կթողնե՞ն, որ հաղթես: Ամեն ինչ նախօրոք որոշված է:

ՆԱԻՐԱ – Հետո՞ ինչ, ինձպեսներ էլ նրանց շատ են պետք: Այդ մասին արդեն ասել են… 

ԱՆԺԵԼԱ — Դու ասա, թե ով է քեզ խելքահան արել:

ՆԱԻՐԱ – Ընդհակառակը, խելքի է բերել: Վլադիկ քեռուն պետք է շնորհակալություն ասել:

ԱՆԺԵԼԱ — Ո՞ւմ… այդ ո՞ւմ ջրերն ես ընկել: Պարզ է, խարդախի մեկն է, աֆերիստ…

ՆԱԻՐԱ – Ի՞նչ աֆերիստ, չե՞ս հիշում Վլադիկին, մեր դպրոցի պարի խմբի ղեկավարն էր: 

ԱՆԺԵԼԱ — Խաբեբայի մեկն է:

ՆԱԻՐԱ — Պատկառելի անձնավորություն է, կինը մեզ ֆիզիկա է դասավանդել, իսկ նրանց երեխաներն արդեն չափահաս են:

ԱՆԺԵԼԱ – Հետո՞ ինչ: Մի անգամ ետևիցս ծոռների տեր մեկն էր ընկել… քոնթի կատվի պես սիրահետում էր:

ՆԱԻՐԱ — Սա ուրիշ է… Վլադիկն առաջարկեց ընդունվել ընկերոջ ստուդիան: Այնտեղ սովորեցնում են այն ամենը, ինչ պետք է փոփ աստղին: Փորձում են ձայնը, վարժեցնում են… 

ԱՆԺԵԼԱ — (գործնական): Ինչքա՞ն ենք վճարելու:

ՆԱԻՐԱ – Ասաց՝ լսելը ձրի: Իսկ հետո, նայած ով ինչ տաղանդ ունի… Բոլոր դեպքերում, ավելի քիչ, քան մյուս ստուդիաներում:

ԱՆԺԵԼԱ — Գլխիդ տակ փափուկ բարձ թող չդնեն: Հետո կասեն՝ փող է պետք հագուստի, ավտոբուսի, սրա, նրա համար… Ես գիտեմ:

ՆԱԻՐԱ — Այ, երբ կասեն, այն ժամանակ կխոսես: Իսկ ես իմ երազանքից չեմ հրաժարվի: (Երգում է:) Ես քեզ համար եմ… (Աստիճանաբար Անժելային պարի մեջ է ներքաշում:) 

Մտնում է Բեգլարը:

ԲԵԳԼԱՐ – Ի՞նչ է կատարվում այստեղ… ի՞նչ խաբար ա:

ԱՆԺԵԼԱ — Ելույթ ենք ունենում: (Պարում է Բեգլարի շուրջը:)

ԲԵԳԼԱՐ – Հարբե՞լ եք… (Անժելային.) Թե՞ ճանապարհին խելքդ թռցրել ես…

ՆԱԻՐԱ – Ի՞նչ կա որ, պապիկ:

ԲԵԳԼԱՐ — Պարելու ժամանակ եք գտել: Չե՞ք տեսնում, դրսում ինչ է կատարվում:

ՆԱԻՐԱ — Իսկ ի՞նչ է կատարվում: 

ԲԵԳԼԱՐ – Չգիտե՞ս: Մարդիկ օրվա հացի փող չունեն, իսկ դուք ոնց որ ձեռ առնեք՝ երգում, պարում եք: Ի՞նչ կասեն: Իրենց մաղձը մեր վզին կփաթաթեն:

ՆԱԻՐԱ – Խե՜ղճ պապիկ, ջահել ժամանակ ոչ երգել ես, ոչ էլ պարել: Միայն աշխատել ես: Ախր, քո ժամանակ ով չաշխատեր՝ բանտ կնստեցնեին: Ով ավելորդ դուրս տար՝ կկալանավորեին: Այդ պատճառո՞վ ես այդքան զգույշ: 

ԲԵԳԼԱՐ — Հիմարություն ես դուրս տալիս: 

ՆԱԻՐԱ – Երևում է՝ համերգ էլ չես գնացել: 

ԲԵԳԼԱՐ — Ո՞նց թե՝ չեմ գնացել: Ո՞նց թե՝ չեմ երգել: Ե՛վ գնացել եմ, և՛ երգել եմ, էն ժամանակ էին իսկական երգիչները,  ոչ թե հիմիկվանները… (Ծաղրով:) Ես-քեզ-հա-մար-եմ-ստեղծ-ված… կոտրած պլաստինկի նման հա՜ կրկնում ես:

ՆԱԻՐԱ — Բայց այն ժամանակ փոփ խմբեր չկային, միայն ժողովրդական երգեր էին: 

ԲԵԳԼԱՐ — Ամեն ինչ էլ երգում էինք՝ և՛ ժողովրդական, և՛ էստրադային: Ամեն տարի Երևանից Այվազյանի էստրադային նվագախումբն էր գալիս: Հետո Օրբելյանը սկսեց գալ: Գոֆիլեկտի բաղում էր ելույթ ունենում: Հարվածային գործիքների սոլոն մեր հեռավոր ազգականը՝ Ոոբերտ Յոլչյանն էր կատարում: Իսկ այստեղ Ջանո Բագրատիոնիի նվագախումբն էր: Անձամբ ծանոթ էի նրան: Ո՜նց էր երգում… «Ղվավիլեբիս քվեղանա…» (Երգում է:)

ՆԱԻՐԱ — (հիացած ծափահարում է): Հրաշալի է: Էլի երգիր:

ԲԵԳԼԱՐ — (ոգևորվելով): Բա կինոյո՞ւմ ինչ երգեր էին… (Երգում է:) Առաջին սիրո երգը հոգուս մեջ հիմա էլ ապրում է: Ի՜նչ ժամանակներ էին… Մեր հայկական թատրոնն իր նվագախումբն ուներ: «Քյոռօղլու», «Սոս և Վարդիթերի», «Պեպոյի» ներկայացումների տոմս ճարելն անհնար էր, երբ Լուսինյանը, Բաբկեն Ներսիսյանն էին խաղում: Դրամարկղը գրոհով էինք վերցնում: Ոնց էին խաղում, հա՜… Մանավանդ այն տեսարանը՝ դատարանում, երբ Պեպոն մենախոսում էր. «Ո՞վ իս դուն, ի՞նչ իս դուն… գնա, Պեպո…»: Բայց ես կինոն էի սիրում: Թատրոնի դիմաց ամառային դահլիճ կար: Քիչ այն կողմ ձմեռային՝ Քսանվեց կոմիսարների անունով: Ի՜նչ ֆիլմեր էին… «Զանգեզուր», «Բայջու-բավրա», «Թափառական»… Ռաջ Կապուրը երգում էր՝ «Ավարա յա ո՜ւ-ո՜ւո՜ւ-ո՜ւ…»: Ոչ միայն թատրոն, անգամ կինո մարդիկ գնում էին զուգված, ամենալավ զգեստը հագած: Ոչ թե հիմիկվա պես… Մի դեպք հիշեցի: Լաքած կոշիկները նոր էին դուրս եկել: Մանավանդ կանացին… չտեսնված բան էր: Ախպարներն էին Երևանում կարում: Մեր բակի արտելական Այվազը Նավթլուղիում մահճակալի արտադրամաս ուներ: Կնոջ՝ Սիլվայի համար մի զույգ կոշիկին 1500 ռուբլի էր տվել… Մյուս օրն ամբողջ բակով կինո գնացինք: Սիլվան հագել էր թանկարժեք կոշիկները: Միայն տեսնեիք՝ բարձր կրունկներ, սև լաքի վրա փայլում էր ոսկե օղակը… Հիշում եմ, «Տախիր և Զուխրա» ֆիլմն էր: Մեկ էլ ֆիլմի կեսին Սիլվան հո չճչա՜ց՝ «Մեխանի՛կ, մեխանի՛կ…»: Հետո Այվազը երեք ամսական մորթվող գոճու պես հո չգոռա՜ց. «Մեխանի՛կ, լույսը վառիր…»: Պարզվեց, ինչ-որ մեկը նկատել է, որ Սիլվան կոշիկները հանել է… դե, նորը միշտ էլ սեղմում է… ու թռցրել է: (Քրքջում է:)

ՆԱԻՐԱ — Բա ասում ես՝ այն ժամանակ մարդիկ ավելի ազնի՞վ էին:

ԲԵԳԼԱՐ — Իհարկե, ավելի ազնիվ էին: Լույսը վառեցին, սկսեցինք փնտրել ու տեսանք, որ հեչ էլ չէին գողացել: Բեմի երկու կողմում դինամիկների վրա դրված էին: Ա՜յ թե հռհռոց էր դահլիճում… Հիմա ո՞վ այդպես կվարվի: Չեմ զարմանա, եթե կոշիկի համար տիրոջ ոտքերն էլ կտրեն: 

Դադար:

ՆԱԻՐԱ — Պապիկ, մի բան էլ երգիր: 

ԲԵԳԼԱՐ – Լավը՝ քիչ-քիչ: Հերիք է: 

ԱՆԺԵԼԱ — (Բեգլարին): Տեսնո՞ւմ ես, թոռնիկդ պաշտում է երգը: Քո գեներն են: (Նաիրայիև.) Հայրդ էլ վատ չէր երգում: Գուցե դրա համար էլ խելակորույս սիրահարվեցի նրան…

ՆԱԻՐԱ — Հիշում եմ, ինչպես նա, ա՛յ, այստեղ՝ պատուհանի մոտ կիթառ էր նվագում:

ԱՆԺԵԼԱ – Հիշո՞ւմ ես… չի՛ կարող պատահել: Ախր, երեք տարեկան էիր, երբ այդ սրիկան լքեց քեզ: Եթե մնար, գուցե հիմա ողջ կլիներ: 

ՆԱԻՐԱ — Եղածը եղած է: Ինչպե՞ս անցավ ճանփորդությունդ, ամեն ինչ կարգի՞ն է:

ԱՆԺԵԼԱ — Ոչինչ… մրցակիցներն ավելանում են: Բայց, մեկ է, ինձնից առաջ ոչ ոք չի անցնի: (Արկղները տեղավորում է, Նաիրային փաթեթ է տալիս:) Տար խոհանոց: Նրբերշիկ է… Էլի ինչ-որ բան, այնտեղից: Մի բան պատրաստիր, սոված մեռնում եմ:

Նաիրան գնում Է, Բեգլարը հետևում է նրան: Անժելան ինչ-որ թղթեր է հանում, հաշիվներ է անում: Դռան գանգ: Անժելան գնում, նայում է դիտանցքով:

ԱՆԺԵԼԱՈ՞վ է:

Կանացի ձայն — «Տրիումֆ» խանութից ենք… նոր ապրանքի հարցով…

Անժելան բացում է դուռը: Ներս են խուժում երկու դիմակավոր, կապում Անժելայի բերանը: Մեկը վազում է խոհանոց: Այնտեղից աղմուկ է լսվում, հետո նա դուրս է թռչում պատռված դիմակով ու փախչում: Նա ապրանքը բերողներից մեկն էր: Նրան հետևում է ընկերը: Անժելան ուշակորույս ընկնում է: Ներս է վազում Բեգլարը:

ԲԵԳԼԱՐ – Ի՞նչ է պատահել… (Անժելային ուշքի է բերում, քանդում է բերանի կապը:) Էս ի՞նչ փորձանք է…

ԱՆԺԵԼԱ – Որտե՞ղ է Նաիրան, ի՞նչ եղավ Նաիրայիս… նայիր: (Խոհանոցի կողմն է ցույց տալիս:)

ԲԵԳԼԱՐ – Վա՜յ, վա՜յ… (Վազում է խոհանոց:) Նաիրա ջան… (Դուրս է գալիս:) Չկա, այնտեղ չէ: Ի՞նչ է կատարվում, ոչինչ չեմ հասկանում…

ԱՆԺԵԼԱ — (լալիս է): Ո՞նց թե՝ չկա… բա ո՞ւր կորավ:

ՆԱԻՐԱ — (մտնում է դռնից, ձեռքին՝ ատրճանակ:) Այստեղ եմ:

ԲԵԳԼԱՐ — (ապշած): Դա ի՞նչ է… (Ատրճանակը ցույց տալով:) Որտեղի՞ց…

ՆԱԻՐԱ — Խլեցի, խաղալիք է… Բայց ինչպե՞ս դրանք ներս մտան:

ԲԵԳԼԱՐ — Ո՞վ մտավ: Վա՜յ… ախր, ասում էի… բացատրեք, բան չեմ հասկանում… 

ԱՆԺԵԼԱ — Թալանչիներ մտան, երկուսը… Մեկը հարձակվեց վրաս, մյուսը վազեց խոհանոց: (Նաիրային.) Ի՞նչ եղավ այնտեղ: 

ՆԱԻՐԱ — Ներս ընկավ երկու ատրճանակով: Ինձ չկորցրի, նրան խաբս տալով՝ մի ատրճանակը թռցրի, դեմքից քաշեցի դիմակն ու դուրս թռա պատուհանից: Հետո տեսնեմ՝ նա ու էլի մեկը դուրս վազեցին մեր մուտքից:

ԲԵԳԼԱՐ — (Նաիրային համբուրելով): Փա՜ռք Աստծո…

ԱՆԺԵԼԱ — (գրկում է նրան): Աղջի՜կս, հերո՛ս բալես… ինչ լավ է, որ թողնում էի կարատեի պարապմունքներին: (Դադար:) Թե ո՞նց դրանց թակարդն ընկա… սրիկաները կրկնակի էժան վերցրին օդանավակայանից տուն հասցնելու համար: Իզուր չեն ասում՝ ժլատը կրկնակի է վճարում: Պետք է ոստիկանություն հայտնել: 

ԲԵԳԼԱՐ — Ոչ մի դեպքում… Թե չէ նրանց ընկերները վրեժխնդիր կլինեն… տունն էլ կվառեն:

ԱՆԺԵԼԱ — Դե լավ, դու էլ… Հիմա կզանգեմ ընկերուհուս ամուսնուն՝ քննիչ Բոկերիային: Ինչի՞ս է պետք ծանոթությունը, եթե պետք եղած ժամանակ չեմ օգտվելու դրանից: (Բջջայինով համար է ուզում հավաքել:)

ՆԱԻՐԱ — Պարեկներին զանգիր… 0-22: 

ԲԵԳԼԱՐ – Գժվե՞լ եք… շառի մե՞ջ եք ուզում գցել…

ՆԱԻՐԱ — (Բեգլարին): Դուրս գնա… այդ պահին դու այստեղ չէիր:

ԲԵԳԼԱՐ — Տեսեք, ավել-պակաս դուրս չտաք: Մի «չգիտեմը» ինը «բարև ձեզից» լավ է: (Դուրս գնալով:) Զգում եմ՝ շառ է գալիս վրաներս…

ԱՆԺԵԼԱ — Ալո… բարև ձեզ: Երկու դիմակավոր ավազակ են խուժել մեր տունը: Կին էլ կար հետները, նրան դիտանցքից տեսա ու դուռը բացեցի: Լավ է, որ աղջիկս իրեն չկորցրեց, կարատեով ավազակից թռցրեց զենքը: Նրանք էլ փախան… Ապտեչնայա փողոցի վրա ենք ապրում: Մեկին ճանաչեցի, ինձ օդանավակայանից բերողն էր: Իբր տաքսիստ էր, հետինն էլ՝ բեռնակիր: Այո, այո… (Ապշահար:) Ի՜նչ եք ասում, մի՞թե… Հենց նո՞ր… Վա՜յ… Անժելա Քոչյան: Այո: Լավ: (Անջատում է բջջայինը:) 

ԲԵԳԼԱՐ — (դռան մեջ հայտնվելով): Ի՞նչ ասացին:

ԱՆԺԵԼԱ — Դրանց արդեն բռնել են: 

ԲԵԳԼԱՐ — Վահ… տես, է՜… ոնց են հասցրել:

ԱՆԺԵԼԱ — Երկրորդ տականքը վախից մոռացել է դիմակը հանել փողոցում: Հենց այդ պահին էլ անցել է պարեկը: Պարզվում է, նրանց վաղուց են փնտրում, առաջին դեպքը չէ:

Երկրորդ տեսարան

Ռոլանդ Բագրատիչի բնակարանը: Էլեոնորա Մալխազովնան դեղահաբի հրահանգն է կարդում: Կողքին արյան ճնշումը չափելու սարք է: Պատին կախված են Ռոլանդ Բագրատիչի հանգուցյալ ծնողների դիմանկարները: Էթերին բազմոցին նստած գիրք է կարդում: Հարևան սենյակում Բորիկը համակարգչի առաջ է: Կողքին՝ Էռնան հետևում է մոնիտորին: Դռան զանգ:

ԷԹԵՐԻ — Իրակլին է: (Վազում է դուրս, այնտեղից՝ դժգոհ:) Ի՞նչ ես այդքան զանգում… խուլ հո չե՞նք:

Մտնում է Ֆրեդի հետ:

ՖՐԵԴ(շփոթված): Ներեցեք, խնդրում եմ… ես մեքենայաբար… Բարև ձեզ, Էլեոնորա Մալխազովնա, ինչպե՞ս եք:

ԷԼԵՈՆՈՐԱ – Ա՛յ, ինչպես եմ… տեսնո՞ւմ ես, այսքան դեղ… Արդեն երկու կլոֆելին եմ խմել: 

ՖՐԵԴ — Չի կարելի: Դա շատ ուժեղ դեղամիջոց է:

ԷԼԵՈՆՈՐԱ – Ի՞նչ անեմ: Ուրիշ բան չի օգնում:

ՖՐԵԴ — Ձեզ մի վարժեցրեք այդ դեղին: Ցանկացած հակաստենոկարդիկ դեղամիջոց միզամուղ է: Իսկ սա՝ առավել ես: Օրգանիզմից քամում է կալիումը, կալցիումը, տարբեր կարբոնատներ: Դա ոսկորների փխրունություն է առաջ բերում… սկլերոզ: Աստված չանի՝ կոնքի վզիկի կոտրվածք ստանաք: Զզվելի բան է: 

ԷԼԵՈՆՈՐԱ — Այո, այո, սկեսուրս երեք տարի գամված մնաց մահճակալին: Իրեն տանջեց, մեզ էլ՝ հետը: Հետո պառկելախոցեր բացվեցին…

ՖՐԵԴ – Կամֆորայի յուղ էր պետք քսել… 

ԷԼԵՈՆՈՐԱ — Չէր օգնում: Թարախը ծորում էր… հո չէ՜ր ծորում…

ԷԹԵՐԻ — (զզվանքով): Դե, հերի՛ք է: Չե՞ք կարող հաճելի բաներից խոսել: Ֆրեդիկ, փոխիր թեման: Առանց այդ էլ մայրիկը ճնշում ունի:

ՖՐԵԴ — Այո, այո… ավելի լավ է պանանգին, կորինֆար խմեք: Էնապ հաշը շատ են գովում: Իսկ պապավերին դիբազոլի հետ նշանակե՞լ են: 

ԷԼԵՈՆՈՐԱ (հիացած): Այդքան բան որտեղի՞ց գիտես: Ուզում էիր բժի՞շկ դառնալ: 

ԷԹԵՐԻ — (դժգոհ): Մայրիկ, վերջ տուր: (Մեկուսի:) Թե որ սկսեց, էլ կանգնեցնել չի լինի:

ՖՐԵԴ — Քիմիական ֆակուլտետն եմ ավարտել, հետո մակրոբյուրեղներով եմ հրապուրվել: Ձուլման արտադրամասերում զբաղվել եմ դենդրիդի լիկվացիայի ախտորոշմամբ… 

ԷԹԵՐԻՖրեդի՛կ:

ՖՐԵԴ- Ի՞նչ, Էթերի:

ԷԹԵՐԻ – Չգիտե՞ս, «Անդերլեխտը» ոնց է խաղացել «Չելսիի» հետ:

ՖՐԵԴ — Չգիտեմ: Ֆուտբոլն ինձ չի հետաքրքրում:

ԷԼԵՈՆՈՐԱ — Ես էլ տանել չեմ կարող: 

ԷԹԵՐԻ — Ֆրեդիկ, դրսում ի՞նչ եղանակ է: 

ՖՐԵԴ — Այնպես, ոչինչ… Ուզում ես ինչ-որ տե՞ղ գնալ: Արդեն ուշ է… քեզ ուղեկցե՞մ: 

ԷԹԵՐԻ — Ոչ մի տեղ էլ չեմ գնում: (Մեկուսի:) Այն էլ քեզ հետ… (Վերցնում է խոսափողը:) 

Բ Ո Ր Ի Կ(կողքի սենյակից): Է՛յ, ցած դիր: Ես չաթում եմ:

ԷԹԵՐԻ — Արագացրու, Բորիկ, զանգի եմ սպասում:

ՖՐԵԴ — Ես մեկ րոպեով… գործ ունեմ Բորիկի հետ: (Գնում է նրա մոտ:)

Դադար:

ԷԼԵՈՆՈՐԱ — Բայց ի՜նչ խելացի է… իսկ դու շատ կոպիտ ես: Նա կարծես անտարբեր չի քո նկատմամբ: Միայն, ափսոս, կյանքում տեղը չի գտնում…

ԷԹԵՐԻ — Հեչ էլ խելացի չէ, ընդհակառակը, հիմար է:

ԷԼԵՈՆՈՐԱ — Կարծես քո մտերիմները նրանից լավն են: Ինչքան ժամանակ կորցրիր հարբեցող Նոդարի հետ: Հետո այն անբանը՝ ծուռոտ Ական: Հիմա այս բեղավորն է հայտնվել, ի՞նչ էր անունը…

ԷԹԵՐԻ — Մայրիկ, վերջ տուր: Բոլորն էլ այս գիտունիկից լավն են: Սրա ճառերն ուղղակի սպանում են… (Փնչացնելով:) Ֆ-ֆ-ֆ-ֆերդիկ: 

ԷԼԵՈՆՈՐԱ — Այդպես չասես… նրան դուր չի գալիս: Ֆերդիկը Ֆերդինանդն է: Իսկ նա Ֆրեդ է:

ՖՐԵԴ — (ներս մտնելով): Կանչեցի՞ք, Էլեոնորա Մալխազովնա:

ԷԼԵՈՆՈՐԱ(շփոթված): Այո… կանչեցի, ամսի քանի՞սն է:

ՖՐԵԴ — Չորսը: Ի՞նչ կա որ… 

ԷԼԵՈՆՈՐԱ (Էթերիին): Հորդ համար շատ կարևոր օր է: Նա շատ էր հուզվում… նրանց տրեստի ճակատագիրն է վճռվում: 

ՖՐԵԴ — Ռոլանդ Բագրատիչը քաղաքում հարգված մարդ է: Նա պրոբլեմ չպիտի ունենա: (Էթերիի ձեռքից վերցնում է գիրքը, կարդում է:) «Գնդապետի հետ՝ դժոխքում»… Օհո՜… (Թերթելով:) Բեքի Կոկի սուր սյուժեով էզոթերիկ վեպը: Հետաքրքիր է:

ԷԹԵՐԻ — Հետաքրքիր չլիներ՝ չէի կարդա: 

ՖՐԵԴ — Դե, նայած… մոդայից ետ չմնալու համար էլ են կարդում: (Բացում է պատահական էջը:) «Դենիելսենը Իրենին մատուցեց ածուխի պես սև քրիզանթեմների փարթամ փունջը և ասաց, որ հրավիրված են Տանզանիայի հյուպատոսի մոտ լանչի»: Օհո՜… (Ծիծաղում է:) Այնտեղ վայելելու են Դար-Էս-Սալամի կեշյո՞ւն: 

ԷԼԵՈՆՈՐԱ – Ի՞նչ են վայելելու:

ՖՐԵԴ — Կեշյու… պտուղ է, նաև «անակորդ» են ասում: Այդ ծառի հայրենիքը Հարավային Ամերիկան է, բայց շատ տարածված է Աֆրիկայում՝ Տանզանիայում:

ԷԼԵՈՆՈՐԱ – Որտեղի՞ց գիտես… կերե՞լ ես: 

Ֆ Ր եԴ — Չէ, կարդացել եմ:

ԷԼԵՈՆՈՐԱ – Բացառի՛կ հիշողություն: 

ՖՐԵԴ — (պաթոսով կարդում է): «Ոսկեծամ Իրենի պայծառ աչքերում Դենիելսենը ուռչող արյունոտ երակներ նկատեց…»:

ԷԹԵՐԻ — (գիրքը խլելով, զայրացած): Այստեղ թատրոն չէ:

ՖՐԵԴ — (հեգնական): Այսպիսի գրականությունը ուրիշ կերպ չես կարդա: Իրեն Դենիելսեն: Սա հաստատ Իրեն Ֆորսայթը չէ: Ի դեպ, Գուլսուորսիի վեպը կարդացե՞լ ես:

ԷԹԵՐԻ – Պատկերացրու՝ այո: Անգամ կասեմ, որ այնտեղ Իրենը դավաճանում է ամուսնուն:

ՖՐԵԴ- Այո, դա եղել է: Բայց մի՞թե դրա համար է հեղինակը Նոբելյան մրցանակ ստացել: 

Ներս է մտնում ուրախությունից փայլող Էռնան:

ԷՌՆԱ — Գիծն ազատ է, կարող եք զանգել: Աստված առողջություն տա Բորիկին: Ի՜նչ հետաքրքիր գուշակություններ քաշեց ինտերնետից՝ ուշքդ կգնա:

ՖՐԵԴ — (ծիծաղում է): Իսկ հիմա ձեր հաճախորդների ուշքը կգնա: Զարմանալի է, ո՜նց են շատացել միամիտ մարդիկ: 

ԷՌՆԱ — Միամիտը դու ես: Ժամանակին չսեփականաշնորհեցիր բնակարանդ, հիմա էլ չես կարողանա ձևակերպել: Ափսո՛ս խեղճ ծնողներիդ տանջանքր… ամբողջ կյանքում Հռիփսիկ մորքուրը փշուր-փշուր հավաքել, իրեն ամեն ինչից զրկել է՝ «Ֆրեդիկիս, Ֆրեդիկիս…», իսկ դու քամուն ես տալիս: Խելքի արի: Էդ ես եմ քեզ ասում՝ պայծառատես Էռնան:

ՖՐԵԴ- (ժպտում է): Համարյա Նոստրադամուսն ես… Այդ տունը տեր ուներ, ժառանգորդներ: Մեր սեփականությունը մի սենյակն էր: 

ԷՌՆԱ — Բա գորգե՞րը: Ի՜նչ գորգեր էին… Ցեցերին ու մկներին կեր դարձրիր: Ժամանակին չեկար, չհետևեցիր… ինչո՞ւ:

ՖՐԵԴ — Չէի կարող գալ, շատ զբաղված էի: Օրերով փորձարկումներ էինք անում… 

ԷՌՆԱ (ձեռքը թափ տալով): Ի՞նչ խոսեմ քեզ հետ… լոբի: (Դուրս է գնում:)

Ֆրեդը գնում է Բորիսի սենյակ: 

ԷԹԵՐԻ — Ընկերներիս մականուն ես կպցնում՝ մռութավոր, քթավոր, հաստափոր, ծուռոտ… Դժվա՞ր է նրանց անուններր հիշելը: Մի՞թե Իրակլիի մեջ, բեղերից բացի, ուրիշ բան չես տեսնում:

ԷԼԵՈՆՈՐԱ — Լավ էլ տեսնում եմ… Քիթը փոքր է, բայց սպանդանոցի շան հոտառություն ունի: Գալիս է այն ժամանակ, երբ մեր տանը ճաշկերույթ է:

ԷԹԵՐԻ — Հեչ էլ… վերջին անգամ ոչինչ էլ չկար:

ԷԼԵՈՆՈՐԱ — Այդ ժամանակ էլ հասկացա, որ դեռ չսկսված սիրավեպդ ավարտվեց: 

ԷԹԵՐԻ – Ինչի՞ց հասկացար: 

ԷԼԵՈՆՈՐԱ — Իմ տարիքի կինը ամեն ինչ պիտի նկատի, անգամ ամենափոքր մանրուքը: Իսկ ես նկատել եմ, որ մեկ շաբաթ է՝ նա չի զանգում:

ԷԹԵՐԻ — Նա զգուշացրել է, որ աշխատանքի է ընդունվում և խիստ զբաղված կլինի: 

ԷԼԵՈՆՈՐԱ — Բա դու ինչո՞ւ ես զանգում նրան: Ո՞ւր է կանացի հպարտությունդ… Նրա գլխում միայն ֆուտբոլի տոտալիզատորն է՝ սա հաղթեց, նա պարտվեց… Ախր, տեսնում եմ, ոնց ես նրան սպասում, նյարդայնանում ես… 

Մտնում է Ֆրեդը:

ՖՐԵԴ — Ցտեսություն, Էլեոնորա Մալխազովնա: Ցտեսություն, Էթերի: Ներեցեք անհանգստացնելու համար:

ԷԼԵՈՆՈՐԱ — Դե, ի՞նչ ես ասում… մնա, թեյ խմենք: Էթերի, թեյնիկը դիր: Հիմա Ռոլանդ Բագրատիչն էլ կգա: Շատ անհանգիստ եմ… 

ՖՐԵԴ — Ամեն ինչ լավ կլինի, Նորա Մալխազովնա, մի անհանգստացեք: Իսկ ես պետք է գնամ:

ԷԼԵՈՆՈՐԱ — Բորիկը կարողացա՞վ քեզ օգնել:

ՖՐԵԴ — Նա հրաշալի տղա է, բացեց էլեկտրոնային փոստս:

ԷԼԵՈՆՈՐԱ – Օ՜հ, իմ խելքը չի կտրում… ի՞նչ կար այնտեղ:

ՖՐԵԴ- Խելքը գլուխը բան չկար, գովազդ… ծառայություններ են առաջարկում՝ տատու, պիրսինգ… մեկ էլ Բահամյան կղզիներում հանգստանալու հրավեր կար: Ընդամենը մի քանի հազար բաքսով…

ԷԹԵՐԻ — (քինոտ): Իսկ դու գնա: Գորգերդ վաճառիր ու գնա:

ՖՐԵԴ — Հրաշալի միտք է… Հենց հիմա գնահատողի մոտ եմ գնում, գորգերի լուսանկարներն է ուզում տեսնել: Ասում է՝ եթե նախշը Ղարաբաղի «Ճալաբերն» է… (Լուսանկարն է ցույց տալիս:) Մորս արմատներն այնտեղից են… Այնպես որ, վնասված գորգով էլ կարող եմ կլորիկ գումար ստանալ: Այդ ժամանակ կգնամ ու քեզ էլ կհրավիրեմ:

ԷԹԵՐԻ — (փնչացնում է): Այստեղ էլ ինձ լավ եմ զգում:

ՖՐԵԴ — Ինչպես կամենաս: (Գնում է:)

Էթերին նստում է թախտին, գիրքն է կարդում:

ԷԼԵՈՆՈՐԱ — (նայելով Էթերիի բրդյա գուլպաներին): Անցած շաբաթ ձմեռային կոշիկ պիտի առնեիր: Ինչո՞ւ չես առնում:

ԷԹԵՐԻ — (գրքից չկտրվելով): Կառնեմ… հարմար բան չգտա:

ԷԼԵՈՆՈՐԱ — Բայց ասացիր, որ «Բաթում»-ում տեսել ես:

ԷԹԵՐԻ — (խուսափուկ): Մինչև գնացի, վաճառել էին: Սպասում եմ, ճաշակովս բան ստանան:

ԷԼԵՈՆՈՐԱ — Փողն ինձ տուր, որ չծախսես:

ԷԹԵՐԻ — Չեմ ծախսի:

ԷԼԵՈՆՈՐԱ — Համենայնդեպս, ինձ տուր: 

ԷԹԵՐԻ — Ես չափահաս եմ ու փողը կարող եմ տնօրինել ուզածիս պես:

ԷԼԵՈՆՈՐԱ – Կարո՞ղ է՝ փողր մոտդ չէ: 

ԷԹԵՐԻ — Մոտս է, բայց ուրիշ տեղ: 

ԷԼԵՈՆՈՐԱ – Ուրիշ՝ որտե՞ղ:

ԷԹԵՐԻ — Տոկոսով եմ տվել: 

ԷԼԵՈՆՈՐԱ — Աստված իմ, ո՞վ է խելքղ կերել: Հա՜, այն բեղավորին ես տվել, տոտալիզատորում խաղալու համար: Դրա համա՞ր էիր իրար անցել… ո՞նց էր… «Անդեր»… հա, «Անդերլեխտի» պարտությունից հետո:

ԷԹԵՐԻ — Հանճարեղ Շերլոկ Հոլմսն ես: Ո՞ւմ մտքով կանցներ, որ անիծվածներն այդպես տանուլ կտային արդեն կրած խաղը… որ հարձակվողին կրկնակի կոտրվածքով պատգարակի վրա խաղադաշտից կտանեն: 

ԷԼԵՈՆՈՐԱ — Ու դու հավատո՞ւմ ես դրան… Ա՜խ, ինչ հիմար եմ մեծացրել: Առողջությունս, ջահելությունս քեզ համար կորցրի, նույնիսկ Բորիկի հանդեպ այդքան ուշադիր չեմ եղել: Ձեռքիցդ բռնած երաժշտության դասի էի տանում: Չորեքշաբթի և շաբաթ՝ դաշնամուր: Հինգշաբթի՝ սոլֆեջո: Կիրակի՝ երգչախումբ: Լավագույն մանկավարժները, դասուսույցները… Երկու անգամ վճարել ենք սիմֆոնիկ նվագախմբի հետ նվագակցելու համար: Իսկ հետո ամբողջ նվագախմբին բանկետի հրավիրեցինք, միայն Բեթհովենը չկար: Եվ ի՞նչ… հիմա դաշնամուրին մատով չես կպչում:

ԷԹԵՐԻ — Դե, հերի՛ք է…

ԷԼԵՈՆՈՐԱ — Հերիք չէ: Հետո ինստիտուտ՝ տնտեսագետ-մենենջեր: Ի՞նչ սովորեցիր՝ պորտաբույծի փայփայե՞լ… Բա հայրդ, երբ սիրահետում էր, իրեն թույլ կտա՞ր ինձնից մի կոպեկ վերցնել: Իսկ այդ ալֆոնսը…

ԷԹԵՐԻ – Լռի՛ր: Դու հասկանո՞ւմ ես, թե հիմա ինչ ասացիր: (Ճչում է:) Հասկանո՞ւմ ես…

Մտնում է Ռոլանղ Բագրատիչը: 

ՌՈԼԱՆԴ – Ի՞նչ աղմուկ է… (Ձեռքերը թափ տալով՝ բացատրություն լսել չի ուզում:) Ձեննե՛րդ… ձեր պրոբլեմը ոչինչ է իմ վիճակի համեմատ: Սրտի կաթիլներ տվեք: 

ԷԼԵՈՆՈՐԱ — (սիրտը բռնելով): Ի՞նչ է պատահել, Ռոլանդ:

ՌՈԼԱՆԴ — Վարչությունը լուծարվեց: Վե՛րջ, այստեղ էլ «դաբախանայի» հոտ չի լինի:

ԷԼԵՈՆՈՐԱ – Ինչի՞ հոտը…

ՌՈԼԱՆԴ — Կաշեգործի մասին առակը չե՞ք լսել: Տնեցիները միշտ երեսները շուռ են տալիս, թե՝ «դաբախանայի հոտ է գալիս»: Մի անգամ էլ սա գալիս, հայտարարում է՝ «Վե՛րջ, էլ հոտ չի լինի: Ջրհեղեղը ունեցածս տարավ»:

ԷԼԵՈՆՈՐԱ — Բա հիմա ի՞նչ… 

ՌՈԼԱՆԴ — Ոչինչ: Ես գործազուրկ եմ: 

ԷԼԵՈՆՈՐԱ — Հիմա ի՞նչ ենք անելու: Ահա… (Բորիկին է ցույց տալիս:) Բարի ծառայությունների բյուրո է, 179 լարի պարտք է բերել գլխներիս… Այսօր չէ, վաղը հեռախոսը կանջատեն:

ՌՈԼԱՆԴ – Ի՞նչ, նոր պա՞րտք… Բո՛րյա, այստեղ արի, շո՛ւտ:

ԷԼԵՈՆՈՐԱ — Միայն շատ չնախատես: Դեռ լավ է, որ առավոտից գիշեր թափթփուկների ու թմրամոլների հետ փողոցներում չի թափառում: Չի խմում, չի ծխում, փառք Աստծո… 

ՌՈԼԱՆԴ — Միայն թմրամոլն էր պակաս: Բայց մնացա՞ծը… մամայի բալա ես մեծացրել:

Ներս է մտնում Բորիկը:

ԲՈՐԻԿ — (կամաց): Ի՞նչ է:

ՌՈԼԱՆԴ — Մորդ դաստիարակության պինչը… Շնորհավորիր հորդ:

ԲՈՐԻԿ — Շնորհավորում եմ: Իսկ ի՞նչ առիթով:

ՌՈԼԱՆԴ — Այն առիթով, որ հիմա գործազուրկ է ու չի կարող վճարել համակարգչի հետ քո սիլիբիլիների ծախսը:

ԲՈՐԻԿ — Իսկ ինչո՞ւ է գործազուրկ… (Բութ նայում է հորը:)

ՌՈԼԱՆԴ — Որովհետև գործը փակեցին: Ասացին՝ ավելորդ օղակ եք: Հետն էլ Կիկաբիձեի երգը հիշեցրին՝ «Իմ տարիներն իմ հարստությունն են»: Տուն գնա ու կեր՝ ինչ հասցրել ես կուտակել:

ԲՈՐԻԿԻսկ առաջ ավելորդ օղակ չէի՞ք:

ՌՈԼԱՆԴ — Պոկ արի քո համակարգչից, շուրջդ նայիր, տես՝ ինչ է կատարվում: Առաջ ուրիշ իշխանության էինք ծառայում: 

ԷԼԵՈՆՈՐԱ — Ռոլանդ, չե՞ս կարող մի տեղ կպչել: Դե, ասենք, որպես խորհրդատու…

ՌՈԼԱՆԴ – Ինչի՞ խորհրդատու… Ինչպես վերջին սարքավորումը հանձնել որպես մետաղի ջարդո՞ն… Հերի՛ք է, հարցերին վերջ տվեք: Մի բան տվեք ուտելու:

Բոլորը գնում են խոհանոց:

Երրորդ տեսարան

Ռոյալի կողքին դրված սինթեզատորի վրա Ստեփան Լուկիչը նվագում ու կամաց երգում է: Դուռը թակում են: Նա ծանր քայլերով գնում է կուլիսները և վերադառնում Անժելայի ու Նաիրայի հետ: Սիրալիր հրավիրում է նստելու, հարցական նայում է հյուրերին: Երկար դադար:

ՍՏԵՓԱՆ — (կամաց): Լսում եմ ձեզ:

ԱՆԺԵԼԱ — Մեկ անգամ ևս բարև ձեզ, Ստեփան Լուկիչ: Ձեզ մոտ ենք եկել:

ՍՏԵՓԱՆ – Ինչո՞վ կարող եմ ծառայել:

ԱՆԺԵԼԱ — Վլադիսլավ Աշոտիչն է ձեզ մոտ ուղարկել… ձեր ընկերը:

ՍՏԵՓԱՆ — Ներեցեք, չհասկացա՝ ով է ուղարկել:

ԱՆԺԵԼԱ — Վլադիսլավ Աշոտիչը: Ձեր ընկերը:

ՍՏԵՓԱՆ — Վլադիսլավ Աշոտի՞չ…

ԱՆԺԵԼԱ — Նա… միասին ֆիլհարմոնիայում եք աշխատել…

ՍՏԵՓԱՆ – Հա՜, Վլադիկ Կուրչյա՞նը…

ԱՆԺԵԼԱ — (ուրախ): Այո…

ՍՏԵՓԱՆ — Հիմա հասկացա: Մի ամիս առաջ զանգեց, ինչ-որ մրցույթի մասին էր պատմում: Ասաց՝ ուզում է հանդիպել, բայց այդպես էլ չերևաց: Վերջին անգամ երեսուն տարի առաջ ենք հանդիպել, մեր խմբում էր պարում: Ինքը ինչո՞ւ ձեզ հետ չէ:

ԱՆԺԵԼԱ — Նա հիմա համերգային խմբի հետ Անթալիայում է: Մենք որոշեցինք ժամանակ չկորցնել… Վլադիկն ասաց, որ հովանավոր պիտի փնտրենք:

ՍՏԵՓԱՆ — Եվ ի՞նչ…

ԱՆԺԵԼԱ — Դե, ես էլ որոշեցի աղջկաս հովանավորը դառնալ:

ՍՏԵՓԱՆ — Հրաշալի է… Ինչ վերաբերում է այս երիտասարդ էակի ստեղծագործական հնարավորություններին… արտաքինը, փառք Աստծո, լավիկն է: Մեր գործում դա շատ կարևոր է: Բայց առավել կարևոր է երաժշտական շնորհքը:

ԱՆԺԵԼԱ — Հավատացնում եմ ձեզ, դա էլ՝ փառք Աստծո: Կարող եք հենց հիմա փորձել: 

ՍՏԵՓԱՆ — Լավ, կաշխատենք: Հա, մի բան էլ… նախօրոք ասեմ, որ մրցույթի համար պահանջվում է եթե ոչ՝ նոր երգ, ապա գոնե թարմ, յուրատեսակ երանգավորում: Հետո՝ ձայնագրումը…

ԱՆԺԵԼԱ — Ո՞վ կանի:

ՍՏԵՓԱՆ — Նայած ում կպատվիրեք:

ԱՆԺԵԼԱ — Պարզ չի՞, որ ձեզ… ուրիշ էլ ո՞ւմ: Վլադիկն ասում է՝ ձեր գործի մեծ գիտակ եք: Մեր լավագույն երգիչները ձեր օգնությամբ են ճանաչում գտել: Ի՞նչ կարժենան ձեր պարապմունքները:

ՍՏԵՓԱՆ — Դժվար հարց է: Մեկ էլ տեսար՝ ինքս վճարեմ:

ԱՆԺԵԼԱ – Դո՞ւք… չեմ հասկանում: 

ՍՏԵՓԱՆ — (ծիծաղում է): Իսկ ինչո՞ւ՝ ոչ: Առավել ևս, որ ես երբեք չեմ երգել:

ԱՆԺԵԼԱ — (աչքերը չռելով): Հա՞… 

ՍՏԵՓԱՆ — Բայց գիտեմ՝ ինչպես սովորեցնեմ անգամ ձայն չունեցողին: Կարևորն այն է, թե նա ինչ է ուզում ասել ունկնդրին: Նաև՝ ընդունակ լինի:

ԱՆԺԵԼԱ — Աղջկաս ընդունակություններին կարող եք չկասկածել:

ՍՏԵՓԱՆ — Հրաշալի է:

Սկսում են պարապմունքը:

Չորրորդ տեսարան

Ռոլանդ Բագրատիչի բնակարանը: Ջահի մեկ լամպն է վառվում: Նա, թախտին պառկած, անքթիթ նայում է առաստաղին: Էլեոնորա Մալխազովնան խաղաթղթերով բախտ է բացում: Էթերին գիրք է կարդում: Բորիկը համակարգչի ստեղնաշարն է մաքրում: Դռան գանգ: Էթերին վազում է բացելու: Գալիս է Էրիկը, կոնֆետի տուփը տալիս է Էթերիին:

ԷԹԵՐԻ — (կարդում է տուփի վրա): «Քնքույշ հառաչ»… սրանից դեռ չեմ փորձել:

ԷՐԻԿ — Իսկականն է, մոսկովյան, փշրած վաֆլիով… շատ համով է: Բարև բոլորիդ: (Սեղմում է ձեռքերը, համբուրում է:) Եվ հեռախոսով, և բջջայինով էի զանգում, չէիք պատասխանում: Ի՞նչ է պատահել: Մտածեցի՝ գուցե ամառանոց եք գնացել: Ա՜յ, տեղ էր… հիշում եմ, Բորյայի ծնունդին խորոված արեցինք…

ԷԼԵՈՆՈՐԱ – Ի՞նչ ամառանոց, քանի տարի է՝ աչքաթող ենք արել: Վաղուց ոչ ջուր կա, ոչ ճանապարհ, հասնելը ծախս է… Առանց այն էլ ծախսերն ու ձախորդությունները պոչներիցս պոկ չեն գալիս: Իսկ եկամուտ չկա:

ԷՐԻԿ — Ոչինչ, դա ժամանակավոր է: Ես դեռ ձեր տուն կգամ զուռնա-դհոլով, ռեստորանից ամենալավ ուտեստները կպատվիրենք… Ռոլանդ Բագրատիչ, լուրջ գործով եմ եկել: Բայց ինչո՞ւ ձեր հեռախոսները չեն պատասխանում:

ԷԼԵՈՆՈՐԱ Պարտքեր ունենք:

ԷՐԻԿ — Այդ ինչպե՞ս, Ռոլանդ Բագրատիչ… 

ՌՈԼԱՆԴ — Հարցեր չտաս: Անգլիական առածը գիտե՞ս՝ կախվածի տանը պարանից չեն խոսում:

ԷՐԻԿ — Գիտեմ:

ԷԼԵՈՆՈՐԱ — Կարծես եթե չհիշենք, պարտքը կվճարվի, հեռախոսն էլ կմիանա: 

ՌՈԼԱՆԴ — Իսկ ես թքած ունեմ՝ կմիանա, թե չի միանա: Ինչ ուզում եք՝ արեք: Ես չեմ վճարի: Վե՛րջ:

ԷԹԵՐԻ — Բորիկը պարտքի տակ գցի՝ ե՞ս պատժվեմ:

ԲՈՐԻԿ — Խոսելու տեղ էլ ունենաս… Ո՞ւր է կոշիկիդ փողը, հը՞:

ԷԹԵՐԻ — Քո գործը չէ: Դու ո՞վ ես, որ քեզ հաշիվ տամ:

ԷՐԻԿ — Ընտանեկան վեճերը, խնդրում եմ, առանց ինձ… Ռոլանդ Բագրատիչ, շատ լուրջ գործով եմ եկել:

Դռան զանգ: Էթերին գնում է բացելու:

ՌՈԼԱՆԴ – Ի՞նչ գործ, հիմա ես խաղից դուրս եմ, անգործ…

ԷՐԻԿ — Մեր շարժման մեջ ենք ուզում ձեզ ներգրավել:

ՌՈԼԱՆԴ — Կարծեմ, սոցիալ-դեմոկրատների հետ ես:

ԷՐԻԿ — Դա ե՜րբ էր… «Նորերի» հետ էի, իսկ հիմա շատ հեռանկարային շարժում կա, «Գեղեցկության փրկության միություն» է կոչվում…

Գալիս են Էթերին ու Էռնան: 

ԷԼԵՈՆՈՐԱ — Իսկ ձեր շտաբը որտե՞ղ է: 

ԷՐԻԿ — Գրասենյակը քաղաքի կենտրոնում է, կոնսերվատորիայից երեք քայլի վրա: Ի՜նչ սենյակներ, եվրովերանորոգում, համակարգիչներ…

ԷԼԵՈՆՈՐԱ- Բորիկի համար աշխատանք չի՞ ճարվի:

ԷՐԻԿ — Իհարկե, կճարվի: Ես էլ էի ուզում առաջարկել: Մեր նախընտրական կարգախոսը իր նմանը չունի. «Պահպանենք հրաշալին»: Ձգում է, չէ՞…

ՌՈԼԱՆԴ — Լավ կարգախոսը քիչ է, կարևորը՝ ով է ձեր առաջնորդը, ով է կանգնած նրա թիկունքում:

ԷՐԻԿ — Մեր առաջնորդը Մոմո Պիվիշվիլին է: Իսկ նրա հայրը մագնատ է:

ՌՈԼԱՆԴ — Ո՞վ է… անունը լուրջ չի հնչում: Ջահե՞լ է:

ԷՐԻԿ — Մոմոն Մոսեն, Մովսեսն է: Ջահել է, խելացի, նրա հենարանը երիտասարդներն են: Միաժամանակ իր կողքին ձեզ նման պատկառելի մարդկանց է ուզում տեսնել:

ՌՈԼԱՆԴ — Իսկ ինքն ո՞վ է:

ԷՐԻԿ — Արվեստագետ է… ուրիշ գիտություններ էլ սովորել է Լոնդոնում, Փարիզում, Վենետիկում: Գերազանց դահուկորդ է: Հայրը երկու գինու գործարան Կախեթիում ունի, երկու փայտասղոցարան՝ Ռաճայում: 

ԷՌՆԱ — Իսկ չի՞ ուզում սեփական գուշակ ունենալ, հիմա քաղաքական գործիչներից շատերը առանց մեզ յոլա չեն գնում:

ԷՐԻԿ — Պարզ է… դուք, ոնց որ Գրիգորի Ռասպուտինը… Գիտե՞ք նրա մասին: 

ԷՌՆԱ — Համեմատելու բա՜ն գտար… Նա հիպնոսով էր զբաղվում, իսկ ես լուսավորում եմ իմ հաճախորդներին: Ինձնից լավ ոչ ոք չի հանում թուղթուգիրը, նավսը, անեծքը: Գուշակում եմ ցորենի հատիկներով, կոճակով, ձվի կճեպով, յուղոտ ասեղով…

ԷՐԻԿ — Ուրեմն, իսկական կախարդ եք: Դե, դուք էլ նվաճեք շեֆիս վստահությունը: Ռոլանդ Բագրատիչ, ձեզ հետ առանձին խոսել կարելի՞ է: (Գնում են հարևան սենյակ:) 

ԷՌՆԱ — (Բորիկին): Համակարգիչդ էլի չի՞ աշխատում:

ԲՈՐԻԿ — Այ, եթե նավսի փոխարեն համակարգչից վիրուսը կարողանայիր հանել…

ԷՌՆԱ — Այդ ի՞նչ վիրուս է:

ԲՈՐԻԿ — Այն է, որ մամկաս վառվեց: 

ԷՌՆԱ — (վախեցած նայելով Էլեոնորային): Ո՞նց թե… վառվեց…

ԷԼԵՈՆՈՐԱ- Ես չէ… դա ինչ-որ բան է համակարգչի մեջ:

ԲՈՐԻԿ — Ու 100-150 բաքս է պետք նորի համար:

ԷԼԵՈՆՈՐԱ- Պատկերացնո՞ւմ ես հորդ վիճակը, երբ այդ մասին իմանա:

ԲՈՐԻԿ – Մեղավո՞ր եմ, որ հակավիրուսը չաշխատեց:

ԷԼԵՈՆՈՐԱ- Աստված իմ, էլ չեմ կարող… (Սիրտը, գլուխն է բռնում:) Էռնա, թանկագինս, տեսնո՞ւմ ես, ինչ չար բախտ է մեզ հետապնդում:

ԷՌՆԱ — Դա անհաջողությունների գիծն է: Դեռ կշարունակվի մի երկու շաբաթ: Դիմանալ է պետք: Հետո ամեն ինչ կհարթվի: 

ԷԼԵՈՆՈՐԱ- Հեշտ է ասել… որտեղի՞ց այդքան ուժ:

Զանգում է Էռնայի բջջայինը: Նա մի կողմ է քաշվում, խոսում է: Գալիս են Ռոլանդն ու Էրիկը:

ԷՐԻԿ — Կտեսնեք, Ռոլանդ Բագրատիչ, մեր ատամանի հետ վատ չեք ապրի:

ԷՌՆԱ – Վա՜յ, ինչ է կատարվում գերեզմանոցներում… չեք կարող պատկերացնել:

ԷՐԻԿ — Հանգուցյալները շիրիմներից դո՞ւրս են գալիս: Ումա Տուրմանն է խաղում էդ ֆիլմում…

ԷՌՆԱ- Կատակի ժամանակը չէ: 

ԷԼԵՈՆՈՐԱ- Ի՞նչ է պատահել:

ԷՌՆԱ — Այն, որ գերեզմանոցներն են սկսել թալանել:

ԷԼԵՈՆՈՐԱ- (թեթևացած): Մե՞զ ինչ… 

ԷՌՆԱ — Այն, որ տեգորկնոջս քույրը սկեսրոջ ու երեխաների հետ այսօր բարձրացել է Վերին Կուկիայի գերեզմանոց, Ավթանդիլ քեռու շիրիմին…

ԷԼԵՈՆՈՐԱ- (անհամբեր): Հետո՞… 

ԷՌՆԱ — Հետո այն, որ ալյումինե ցանկապատը ինչ-որ ստահակներ կտրել, տարել են: Մերոնք վազել են տնօրենի մոտ բողոքի, նրանք էլ, թե՝ բան չենք կարող անել, ընդունման կետերին թող արգելեն այդպիսի ջարդոն ընդունել:

ՌՈԼԱՆԴ — Բայց մենք ինչո՞վ կարող ենք օգնել քո հանգուցյալին:

ԷՌՆԱ — Ավթանդիլ քեռուն հասնելու համար անցնում ենք ձեր գերեզմանի կողքով: 

ՌՈԼԱՆԴ — Ո՞ւմ…

ԷՌՆԱ- Օ յ, ներեցեք… ձեր ծնողների: Բարձր հուշաքար կա… կար: Հաճելի տեսք ուներ, աչք էր շոյում…

ՌՈԼԱՆԴ – Հետո՞…

ԷՌՆԱ — Հիմա չկա: Գողացել են:

ԷԼԵՈՆՈՐԱ — (սիրտը, գլուխն է բռնում): Ո՞նց թե՝ չկա:

ՌՈԼԱՆԴ — Հենց հիմա գնանք… (Տեղից վեր է թռչում ու… տեղում սառում:) Բայց ինչպե՞ս… մի կաթիլ բենզին չունեմ: Ակումլյատորն էլ…

ԷՐԻԿ — Վաղն իմ մեքենայով գնանք: Ուղիղ գերեզմանոցի տնօրենի մոտ: Հետո մեր գրասենյակ՝ ձեր բողոքը գրանցելու: Դա մեր պրոֆիլն է՝ ոչնչացված է հրաշալին: Պարոն Մոմոյի հետ էլ կծանոթացնեմ…

ՌՈԼԱՆԴ — Դա ի՞նչ կտա:

ԷՐԻԿ — Շատ բան… Մոմոն քաղաքապետարանում կապեր ունի, մի քանի հեռուստաընկերությունների հետ էլ կապեր ունի: 

ԷԼԵՈՆՈՐԱ- Չմոռանաք այդ Մոմոյին ասել Բորիկի աշխատանքի համար:

ԷՐԻԿ — Բորիկին էլ հետներս կտանենք:

Հինգերորդ տեսարան

Բեմում մութ է: Բարձր հնչում են Նաիրայի վոկալ վարժությունները՝ պարապում է Ստեփան Լուկիչի հետ: Բեմը լուսավորվում է: Էլեոնորան խաչբառ է լուծում: Էթերին պառկած գիրք է կարդում:

ԷԼԵՈՆՈՐԱ — Ո՞նց է «չափավորը» երաժիշտների լեզվով… ու նաև Հոֆմանի կանացի դերը:

ԷԹԵՐԻ — (գրքից չկտրվելով): Տուտսի: Իսկ չափավորը՝ լարգո:

ԷԼԵՈՆՈՐԱ- Լարգոն չի լինում: Այստեղ յոթ տառ է, վեցերորդը՝տ:

Դռան գանգ: Էթերին վազում է բացելու: Սառը դիմավորում է Ֆրեդին:

ՖՐԵԴ — Բարև, Էթերի: Բարև ձեզ, Էլեոնորա Մալխազովնա: Ինչպե՞ս է ձեր առողջությունը, ճնշումը, ի՞նչ կա:

ԷԼԵՈՆՈՐԱ — Ա՜խ, չգիտեմ էլ ինչ ասեմ: Մեր գերեզմանը քանդել, ավերել են: Ռոլանդը Բորիկի հետ այդ հարցով է գնացել:

ՖՐԵԴ — Մեր գերեզմանի չուգունե շղթաներն էլ են տարել: Դիակապուտներ են, ինչ ասես դրանց: Բոլոր ժամանակներում և ամենուր դիակապտությունը ամոթ է համարվել:

Գալիս է Ռոլանդ Բագրատիչը, ինչ-որ պարկ քարշ տալով՝ նրան է հետևում Բորիկը:

ԷԼԵՈՆՈՐԱ — Դե, ի՞նչ…

ՌՈԼԱՆԴ — Ամեն տեղ էլ եղանք: Խոստացան ամեն բան կարգի բերել: Այդ Մոմոյին էլ տեսանք: Շատ քաղաքավարի ընդունեց, առաջարկեց Նորվեգիայից վերադառնալուց հետո Բորիկին աշխատանքի ընդունել: Ինձ վերստուգիչ հանձնաժողովի մեջ է ուզում ներգրավել: 

ԷԼԵՈՆՈՐԱ — Էրիկը ձեզ հետ չէ՞ր: 

ՌՈԼԱՆԴ — Մեզ տուն հասցրեց, արտգործնախարարություն թռավ՝ փաստաթղթեր ձևակերպելու:

ԷԼԵՈՆՈՐԱ — Փառք Աստծո, ինչպես կասեր Էռնան, լույս է երևում: Պարկում ի՞նչ է:

ԲՈՐԻԿ — Գերեզմանի ցանկապատի մնացուկները: (Ինչ-որ մասեր է հանում պարկից:)

ԷԼԵՈՆՈՐԱ — Ցնդե՞լ եք, ինչպե՞ս կարելի է գերեզմանոցից տուն բերել…

ՌՈԼԱՆԴ — Թողնեինք, որ գեղեցկության վերջին մնացուկներն է՞լ գողերը տանեին: ԷԼԵՈՆՈՐԱ -Այդ դեպքում… գուցե պատի՞ց կախեք, դիմանկարների կողքին:

ԲՈՐԻԿ — (ցանկապատի բեկորը չափում է պապի դիմանկարի հետ): Ի՞նչ կա որ… շատ էլ սազում է:

ԷԼԵՈՆՈՐԱ — Հենց հիմա պատշգամբ տար:

ԷԹԵՐԻ — Ավելի լավ է՝ նկուղ իջեցնի:

ԲՈՐԻԿ — Գուցե ընդունման կե՞տ հանձնենք: Երեք-չորս լարի կտան:

ՌՈԼԱՆԴ — Ավելի լավ է՝ ինքդ հանձնվես: Համակարգչիդ հետ: 

Դադար:

ՖՐԵԴ — (Ռոլանդին): Ներեցեք հետաքրքրությանս համար, դուք Մոմո, Էրիկ անուններր տվեցիք: Եթե գաղտնիք չէ, ովքե՞ր են:

ՌՈԼԱՆԴ – Ի՞նչ գաղտնիք, նրանք «Հրաշալին փրկելու և պահպանելու համար» հասարակական շարժման առաջնորդներ են: Բնապահպանության հարցերով են զբաղվում: 

ՖՐԵԴ — Նրանց դիմել եմ քաղտնտեսական համակարգերի վերականգնման շատ լուրջ ծրագրի առաջարկով, որը Ախինոյում էինք մշակել: Բայց կարծում եմ, այդ Մումու թե Մոմոն նույնքան բնապահպան է, որքան ես՝ ֆլեյտիստ: Եվ որտեղի՞ց նրան այդ ջիպը: 

ԷԼԵՈՆՈՐԱ — Հիմա քաղաքի կեսը ջիպ է քշում:

ԷԹԵՐԻ — Մայրիկ, վերջ տուր… չե՞ս տեսնում, նրանք Ախինոյում ջիպ չեն տեսել:

ՌՈԼԱՆԴ — Ֆրեդիկ, թեև դու ինձնից ջահել ես, բայց իրականությունն իմ ջահելության չափանիշներով ես գնահատում: Դոն-Կիխոտ… ժամանակի հետ քայլիր:

ՖՐԵԴ — Ռոլանդ Բագրատիչ, խնդրում եմ, ինձ ցնդած իդեալիստ չհամարեք, չէ՞ որ հավերժական արժեքներ կան: Քիչ առաջ վրդովվել էինք թալանված գերեզմանների համար… արդարացնե՞նք այդ դիակապուտներին: Իսկ գուցե ձեր ալյումինի ջարդոնը ինչ-որ փողոցայինի համար նոր ջիպ առնելու գումա՞ր է դարձել: 

ԷԹԵՐԻ — Էրիկին համեմատում ես բոմժերի հե՞տ: Արդեն չափն անցար…

ՖՐԵԴ — Ուզում եմ ասել, որ այդ Էրիկն իր շեֆի հետ կատարյալ տգետներ են: Իսկ երբ պատահական մարդիկ լուրջ գործի գլուխ են կանգնում, լավ բան չսպասես:

ՌՈԼԱՆԴ — Հարցր Էրիկն ու նրա շեֆ Մոմոն չեն, հիմա ժամանակն այլ է: Դու էլ օգնիր Էրիկին… հո չե՞նք կռվելու նրանց հետ:

ՖՐԵԴ — Այդպես էլ գիտեի, որ օտար վանք եմ մտել:

ԷԹԵՐԻ — Ֆրեդիկը մի բան գիտե՝ վատաբանել բոլորին: (Ֆրեդին.) Վաղը մեր թիկունքում մեր ընտանիքն էլ կքննադատես: 

ԷԼԵՈՆՈՐԱ – Վե՛րջ տուր… (Ֆրեդին.) Հո գիտես նրա բնավորությունը… մեզ էլ է խայթում: Ուշադրություն մի դարձրու:

ՖՐԵԴ — Նույնիսկ նրա գեղեցկությա՞նը… Հավատացեք, միայն ձեր տանն եմ ջերմություն զգում: Երդվում եմ…

ՌՈԼԱՆԴ — Շնորհակալություն, Ֆրեդիկ, անկեղծությանդ չեմ կասկածում: Իսկ ինչ վերաբերում է Էրիկին ու Մոմոյին, հաշվի առ, հիմա նրանք են թամբին:

ՖՐԵԴ — Թող որ՝ թամբին: Բայց ոչ՝ Պեգասի… (Գնում է:)

Վեցերորդ տեսարան

Բեմում մութ է: Հաղորդավարի ձայնը. «Հաղթող է ճանաչվել Նաիրա Քոչյանը»: Ծափահարություններ:

Լուսավորվում է բեմը՝ Անժելայի բնակարանն է: Բեգլարը սպասքը շարում է սեղանի վրա: Գալիս են Անժելան, Նաիրան, Ստեփան Լուկիչը: Անժելան ծաղիկները դնում է ծաղկամանի մեջ:

ԱՆԺԵԼԱ — (Բեգլարին): Տեսա՞ր, թոռնիկդ ինչ փառքի հասցրեց մեզ: (Ստեփանին.) Ծանոթացեք, հայրիկս է, ջահել ժամանակ նա էլ վատ չէր երգում:

ԲԵԳԼԱՐ — Բեգլար Քոչյան, շատ ուրախ եմ…

ԱՆԺԵԼԱ — Հարգարժան մարդուն այդպե՞ս են շնորհակալ լինում: (Սեղանից վերցնում է շամպայնը:) Բաց, լցրու բաժակները: (Բեգլարը լցնում է բաժակները:) Ձեր առողջության կենացը, Ստեփան Լուկիչ: Ինչ արեցիք Նաիրայիս համար…

ՍՏԵՓԱՆ — Շնորհակալություն աշակերտուհուս ու նաև ձեզ, տիկին Անժելա, շնորհակալություն ձեր համառության ու եռանդի համար: Իմ արածը չնչին է, կարևորը ձեր աղջկա արածն է:

ՆԱԻՐԱ — Ուշքի չեմ կարող գալ, ասես բեմում ես չէի, կարծես ինձ փոխեցին՝ երգողը ես չէի, երգն էլ ուրիշ երգ էր:

ՍՏԵՓԱՆ – Դժգո՞հ ես քո ելույթից: 

ՆԱԻՐԱ — Ոչ թե դժգոհ եմ… ուղղակի չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ կատարվեց այնտեղ ինձ հետ:

ՍՏԵՓԱՆ — Տիկին Անժելա, համերգից առաջ Նաիրուհու CD-ն ո՞ւմ եք տվել:

ԱՆԺԵԼԱ — Ո՞նց թե՝ ում… Առավոտյան, գլխավոր փորձից առաջ, հավաքեցին ֆոնոգրամները, իսկ ելույթից հետո վերադարձրին: 

ՍՏԵՓԱՆ — Նաիրա, դու հերոս ես, քո դիապազոնից երկու տոն բարձր ես երգել: Ո՞նց գլխի չընկա… ֆոնոգրաման փոխել են, բայց դու երգեցիր: Ճշմարիտ դափնեկրի կենացը: Նրա մենահամերգների և ապագա հաղթանակների կենացը:

Բոլորը երգում են:

ԲԵԳԼԱՐ — Կամաց, կամաց: Չափը մի՛ անցեք:

ԱՆԺԵԼԱ – Լա՜վ, դու էլ: (Բացում է պատուհանը:) Մենք ամաչելու բան չունենք: (Երգում է, պարի է հրավիրում բոլորին: Հեռախոսազանգ: Վերցնում է լսափողը:) Ալո, լսում եմ: Ալո… վատ է լսվում: Ո՞վ է խոսում: Ո՞ւմ եք ուզում: Ո՞վ եք դուք: Ո-ո-ո՞վ… (Ձայնը խզվում է:) Ապուշի տեղ եք դրե՞լ… (Լսափողը դնում է, խորը շունչ քաշելով ընկնում է բազմոցին:)

ՍՏԵՓԱՆ – Ի՞նչ պատահեց… ձեր երեսին զույն չկա:

Բեգլարն անջատում է մագնիտոֆոնը: Հեռախոսազանգ: Անժելան կողքի է դնում լսափողը:

ԱՆԺԵԼԱ — Այն աշխարհից զանգեցին: Հանգուցյալը հարություն է առել:

ԲԵԳԼԱՐ — Ո՞վ զանգեց… որտեղի՞ց… 

ՍՏԵՓԱՆ — (Անժելայի զարկերակն է ստուգում): Ինչ-որ մեկը ձե՞ռք է առնում…

ԱՆԺԵԼԱ — Չգիտեմ… բայց ձայնը ճանաչեցի: (Բեգլարին.) Նախկին փեսայիդ ձայնն էր: 

ԲԵԳԼԱՐ — Ռոմանի՞…

ԱՆԺԵԼԱ — Այո:

ԲԵԳԼԱՐ — Էն, որ թողեց քե՞զ… ու Ռոստովում սպանեցի՞ն: Նրա մահվան մասին անգամ հեռագիր ստացար:

ԱՆԺԵԼԱ — Հա, բայց դիակն այդպես էլ չգտան:

ՆԱԻՐԱ — Նա քեզ ի՞նչ ասաց:

ԱՆԺԵԼԱ — Ասաց, որ ուզում է քեզ շնորհավորել: Ելույթդ հեռուստացույցով է տեսել… 

ՍՏԵՓԱՆ – Այո՜… զարկերակը համարյա երկու հարյուր է: (Նաիրային.) Կորվալոլ ունե՞ք: 

ՆԱԻՐԱ — Հիմա… (Նետվում է մյուս սենյակը:)

ԲԵԳԼԱՐ — Որտեղից էլ զանգի՝ ինձ համար նա վաղուց մեռած է:

ԱՆԺԵԼԱ — Ինձ համար էլ: Բայց Նաիրային էր զանգում… նա ի՞նչ կասի:

ՍՏԵՓԱՆ — Կարևորը աղջկա կարծիքն է: Նա արդեն չափահաս է:

ՆԱԻՐԱ — (գալիս, սրվակը տալիս է Անժելային): Մայրիկ, ինձ համար այդ զանգը ոչ մի տեղից է, համարիր, որ չի եղել:

ԱՆԺԵԼԱ — (խմում է սրվակից): Իսկ եթե նորից զանգի՞:

ՍՏԵՓԱՆ — Կյանքում այդպիսի՜ դեպքեր են եղել… (Թատերական պաթոսով:) «Անառակ ամուսնու վերադարձը»: Փիլիսոփայորեն նայեք, քաղաքակիրթ… «Թքելով գնաց, լիզելով եկավ»: (Ստուգում է Անժելայի զարկերակը:) Էլի արագ է… Կարևորն այն է, թե մտքինն ինչ է:

ԱՆԺԵԼԱ — Շնորհակալություն, Ստեփան Լուկիչ, խորհրդի համար: Բայց, ախր, վիրավորական է… ի՜նչ դժվարությամբ եմ աղջկաս մեծացրել: Ես ու ծեր հայրս… Ախր, ո՞վ էի մինչ այդ՝ գործարանի տնօրենի տեղակալի քարտուղարուհի… դարձա շրջազգեստով տղամարդ: Քանի՜ անգամ եմ անդունդի եզրով քայլել, ընկար՝ վե՛րջ: Ոչ ոք քեզ չի օգնի: Ու ոչ մի անգամ պատիվս չեմ կորցրել: Դուք չեք պատկերացնում, ինչքան դժվար է առևտուր անելը, խոշոր գործարքներ կնքելը, հարգանք, վստահություն վաստակելը: Լավ են գնում գործերս, ուզում եմ ծավալվել… ու հանկարծ էլի այդ սրիկան, այդ ցեցը… մի՞թե վիրավորական չէ:

Յոթերորդ տեսարան

Լույսը մարում է: Նաիրայի երգն է հնչում: Լույսը վառվում է: Ռոլանդ Բագրատիչը թախտին պառկած առաստաղին է նայում: Ընտանիքի անդամներն այստեղ են, նաև Ֆրեդը: Մտնում է Էռնան:

ԷՌՆԱ — Բարև ձեզ: (Նայում է Ռոլանդին:) Ձեզ վա՞տ եք գզում:

ԷԼԵՈՆՈՐԱ – Ինչպե՞ս կարող է իրեն լավ զգալ, երբ տունը մի կոպեկ չի մտնում: Անգամ թոշակ դեռ չի ստանում: Ստիպված ենք դաշնամուրը ծախել, «Պետրոֆ»… Մեկ է, Էթերին մոտիկ չի գնում: Գնորդ կգտնե՞ս: 

ԷՌՆԱ — Այնուամենայնիվ, որոշել եք ծախել, հա՞: Ափսոս չի՞… Պետք է մտածել: Ձեզ գնի համար չսակարկող գնորդ է պետք: Սպասեք… (Ժպտում է:) Ես գիտեմ: (Փակում է աչքերը: Բորիկն ու Էթերին զարմացած մոտենում են, նա բացում է աչքերը:) Բորիկ, քո համակարգիչն էլի՞ չի աշխատում:

ԲՈՐԻԿ — Մի քիչ ուշքի եկավ: Ֆրեդիկը պարտքս տվեց ու հին պրոցեսոր բերեց: Միայն կարգավորիչն է հին:

ԷՌՆԱ — Ոչինչ, Բորիկ ջան, ամեն բան լավ կլինի: Դաշնամուրն էլ ստիպված չեք վաճառի, դու էլ մեկի տեղ երկու համակարգիչ կունենաս: Միայն թե այդ ամենը քեզնից է կախված:

ԷԼԵՈՆՈՐԱ — (վախեցած): Իսկ նա ի՞նչ պիտի անի:

ԷՌՆԱ — Պիտի ամուսնանա: 

Դադար: 

ԷԼԵՈՆՈՐԱ — Ո՞ւմ հետ:

ԷՌՆԱ — (խորամանկ ժպիտով:) Վերջերս նա երիտասարդ տաղանդների մրցույթում հաղթեց: Մայրն էլ կրակ է, Դուբայում ավելի հաճախ է լինում, քան ես՝ Վորոնցովի վրա, տալիս մոտ:

ԷԹԵՐԻ — Իսկ այդ աղջիկը…

ԷՌՆԱ- Երգչուհի է: Նաիրա Քոչյան: Լսե՞լ եք… Քաղաքում միայն նրա մասին են խոսում: 

ԷԹԵՐԻ — Այո, մրցույթում նա հաղթեց: 

ԷԼԵՈՆՈՐԱ – Հա՞… ինչ-որ չեմ լսել: 

ՖՐԵԴ — Ես լսել եմ… հեռուստացույցով էլ տեսա: Երրորդ տեղը գրավեց:

ԷՌՆԱ — (Ֆրեդին): Հետաքրքիր է, այս աշխարհում կա՞ մի բան, որ չես լսել: Ինչ է, երրորդ տեղը պատվավոր չէ՞:

ԷԼԵՈՆՈՐԱ — Իհարկե, պատվավոր է: Իսկ դու նրա ընտանիքը ճանաչո՞ւմ ես:

ԷՌՆԱ — Տալիս քույրը Անժելայի հետ նույն դպրոցում է սովորել: Հենց հիմա այնտեղ կվազեմ… հետաձգել պետք չէ: Կթռցնեն: 

ԷԼԵՈՆՈՐԱ — Ճիշտ ես ասում: Բայց դու նորություն էիր ասելու… 

ԷՌՆԱ – Ա՜խ, հա… (Ճակատին է խփում:) Սկլերոզ: (Ողբերգական:) Էրիկին ձերբակալել են: Նրան ու ախպերությանը: Պարոն Մոմոյի գլխավորությամբ:

ՌՈԼԱՆԴ — (վեր է թռչում տեղից): Ո՞նց թե… քեզ ո՞վ ասաց:

ԷՌՆԱ — Գնում էի մոտը բախտագուշակ ձևակերպվելու, անգամ գուշակել եմ կոճակով ու սուրճով: Պետական ճամփա ուներ, հարցրի՝ ո՞ւր էդ ցուրտ տեղերը: Նա մտածեց ու՝ Նորվեգիա… Պարզվեց՝ խաբեբա են, մարդկանց ոսկե սարեր խոստացել, փող են հավաքել ու ցվրվել են ուզել… Չհասցրին:

ՌՈԼԱՆԴ — (սիրտն է բռնում): Բա իմ փողե՞րը… ես ստացական ունեմ…

Դադար: Հետո՝ իրարանցում:

ԷՌՆԱ — Օհ, չգիտեմ, չգիտեմ… վազեմ Բորիկի գործերով: (Գնում է.)

Լույսը մարում է:

Ութերորդ տեսարան

Էթերին բնակարանն է մաքրում: Դռան զանգ: Գլխաշորը հանում, սանրվածքն ուղղելով վազում է նախասենյակ: Այնտեղից…

ԷԹԵՐԻ — (արհամարհանքով): Դո՞ւ ես: Բորիկը տանն է, իր սենյակում:

Ֆրեդի հետ սենյակ է մտնում: Էթերին շարունակում է սրբել ապակին:

ՖՐԵԴ — Սանրվածքդ նոր է, քեզ սազում է: Մերի Պիկֆորդին ես նմանվել: Թեև նախկինն էլ վատ չէր:

ԷԹԵՐԻ — Ամեն ինչ նկատում ես… ամեն բան՝ հիշում…

ՖՐԵԴ – Վա՞տ է… ինչ տեսնում՝ ասում եմ: 

ԷԹԵՐԻ — Ուրիշներն էլ աչք ունեն, բայց ամեն ինչ չեն մեկնաբանում:

ՖՐԵԴ — Աչք բոլորն ունեն, բայց ամեն մեկը յուրովի է տեսնում: Ես, օրինակ, քեզ նայում ու մտածում եմ՝ ինչպիսի՞ տանտիկին կլինես քո այդ բնավորությամբ:

ԷԹԵՐԻ — (խոժոովելով): Իսկ ինչո՞ւ ես այդպես մտածում:

ՖՐԵԴ — (ծիծաղում է): Արգելո՞ւմ ես մտածել: 

ԷԹԵՐԻ — Արգելում եմ:

ՖՐԵԴ — Բան դուրս չի գա, դա ինձնից անկախ է:

ԷԹԵՐԻ — Կախված թե անկախ՝ մտքիցդ հանիր:

ՖՐԵԴ — Անհնար է, դու ինձ դուր ես գալիս: Մանավանդ երբ տեղի անտեղի բարկանում ես: 

Դադար:

ԷԹԵՐԻ — Իսկ դու… դու ինձ ջղայնացնում ես… ուղղակի համբերությունից հանում ես:

ՖՐԵԴ — (հանգիստ): Զգում եմ, միայն չեմ հասկանում՝ ինչու:

ԷԹԵՐԻ — Խոստովանում է, որ զգում է ու շարունակում է իրենը…

ՖՐԵԴ — (լուրջ): Էթերի, հոգիս, խնդրում եմ, ասա, միայն անկեղծ… Շուտով այստեղից գնում եմ ու երևի էլ երբեք քեզ չտեսնեմ… Ինչո՞ւ այդքան տհաճ եմ քեզ:

ԷԹԵՐԻ — Բառերով չես բացատրի…

ՖՐԵԴ — Անհնար է… Անգամ Էլլա Լյուդոյեդը, ներիր համեմատության համար, իր աղքատ բառապաշարով ինչ-որ բան հասկացրեց: 

ԷԹԵՐԻ – Հասկանա՞լ ես ուզում… խնդրե՛մ: Քեզ հետ տաղտուկ է, ես ձանձրանում եմ, իսկ քո իբր խելացի մտքերից սիրտս խառնում է… ես շնչահեղձ եմ լինում: 

Դադար:

ՖՐԵԴ — Շնորհակալություն, հասկացա… Իսկ այդ Էրիկի կամ տոտալիզատորի սիրահարի կողքին շնչահեղձ չե՞ս լինում:

ԷԹԵՐԻ – Պատկերացրու՝ չէ:

Դռան զանգ: Էթերին գնում է, վերադառնում է Էռնայի հետ:

ԷՌՆԱ- (անփույթ): Բարև, Ֆրեդիկ, գործերդ ո՞նց են… փչացած գորգերիցդ մի բան ստացա՞ր: 

ՖՐԵԴ — Սպասածիցս ավելին:

Մտնում են Ռոլանդը և Էլեոնարան:

ԷՌՆԱ — Ինչ լավ է, եկաք… խոսելու բան կա: Անժելան դեմ չէ, որ ես ու Բորիկն այցելենք իրենց, եթե երիտասարդը լավ ընտանիքից է, ինքն էլ փողոցային չէ: Զգուշացրեց, որ աղջիկը քննությունների է պատրաստվում, բայց վաղը երեկոյան մի ժամ ազատ կլինեն: Մյուս նորությունը՝ Անժելա Դուբայի ամուսինը հարություն է առել, այսինքն՝ իրականում հեչ էլ չի մեռել, ուղղակի լքել է նրանց: Բայց հենց աղջիկը դափնեկիր է դարձել, կենդանացել է: Անժելան ուշաթափվել է, բայց չի ներում նրան: Իսկ աղջիկն ուզում է գնալ, տեսնել հորը: Եվ Անժելան ուզի-չուզի՝ պիտի հաշտվի…

ՌՈԼԱՆԴ — Չեմ հասկանում, այդ ամենը ի՞նչ կապ ունի մեզ հետ:

ԷՌՆԱ — Բա որ հանկարծ գնա հոր մոտ ու մեկ ուրիշին հավանի…

ԷԹԵՐԻ – Հետո՞ ինչ… միևնույն է, Բորիկը չի գնա ծանոթանալու:

ԷԼԵՈՆՈՐԱ — Հա, մեր Բորիկը շատ ամաչկոտ է:

ԷՌՆԱ — Բա ի՞նչ անենք… Իսկ եթե Բորիկը Նաիրայի հետ երգի՞… դուետ: Բեմից լավ կերևան:

ԷԼԵՈՆՈՐԱ — Բայց Բորիկը ոչ ձայն ունի, ոչ՝ լսողություն:

ԷՌՆԱ — Չի երգում՝ թող պարի… կողքից: 

ՌՈԼԱՆԴ – Ի՞նչ ես դուրս տալիս, լուրջ բան մտածեք:

ՖՐԵԴ — Այդ Անժելան, ինչքան հասկացա, գործարար կին է և, իհարկե, համակարգիչ ունի: Բորիկը իբր նոր ծրագիր է տալու… 

ԷԼԵՈՆՈՐԱ – Ապրե՛ս:

ՌՈԼԱՆԴ — Այ, դա եղավ:

ԷՌՆԱ — (դժկամ): Գուցե… բայց Բորիկը համակարգչից պոկ չի գա ու շուրջը չի նայի: 

ԷԼԵՈՆՈՐԱ — Բա ի՞նչ անենք:

ՌՈԼԱՆԴ — (Էռնային): Իսկ դու աննկատ անջատիր համակարգիչը… իբր՝ քաղաքում լույսն անջատեցին:

Բարձրաձայն քննարկում են: Մտնում է Բորիկը, բոլորը լռում են:

ԲՈՐԻԿ — (Ֆրեդին): Ինտերնետում էի… նամակ ունես:

ՖՐԵԴ — Գիտեմ, երեկ հեռախոսով էլ հայտնեցին, շնորհավորեցին: Բացե՞լ ես նամակը:

Բ Ո Ր Ի Կ — Չէ, քարտը պրծավ:

ՖՐԵԴ — (քարտ մեկնելով): Վերցրու, նամակը բաց, խնդրում եմ:

Բորիկը գնում է, Էռնան հետևում է նրան:

ԷՌՆԱ- (մեկուսի): Հետաքրքիր է, ի՞նչ լուր է ստացել այս դանդալոշը:

ԷԼԵՈՆՈՐԱ — Ֆրեդ ջան, քեզ կարելի է շնորհավորե՞լ… ինչի՞ առթիվ:

ՖՐԵԴ — Կարելի է, Էլեոնորա Մալխազովնա: Ալեխինոյի մեր խումբը տենդերը շահեց: Ֆինանսավորում ստացանք չորս տարվա համար:

ՌՈԼԱՆԴ — Ուրեմն, գնալո՞ւ ես:

ՖՐԵԴ — Այո, Ռոլանդ Բագրատիչ, տոմսը գրպանումս է:

Ներս է ընկնում Էռնան, նրան հետևում է Բորիկը:

ԷՌՆԱ — (հանդիսավոր): Ֆրեդիկ ջան… Ֆրեդ Ռուբենիչ ջան, շնորհավորում եմ քեզ: Ձեզ… շնորհավորում եմ: Խեղճ Հռիփսիկ մորքուր, խեղճ Ռուբեն քեռի… Ափսոս, չտեսան, գոնե աչքի պոչով տեսնեին որդու հաջողությունը: (Համբուրում է:)

ՖՐԵԴ (Բոբիկին): Բացի՞ր…

ԲՈՐԻԿ — (կարդում է): Поздравляем с побадой! Срочно выезжай! Рубенич, если хочешь, привези на банкет что-нибудь э-да-ко-е!

ԷԼԵՈՆՈՐԱ — Ապրես, Ֆրեդիկ ջան, միշտ քեզ հավատացել եմ, միշտ հիացել եմ քեզնով: 

ՌՈԼԱՆԴ — Շնորհավորում եմ, ի սրտե: Հուսով եմ, մեզ չես մոռանա: Գուցե ինձ համար էլ մի գործ գտնես:

ՖՐԵԴ — Շատ հնարավոր է, մեր ծրագիրը շատ ծավալուն է:

Բոլորը շրջապատում են Ֆրեդին, գրկում, համբուրում են:

ԷԹԵՐԻ — (անվստահ մոտենում, դժկամ պարզում է ձեռքը): Շնորհավորում եմ:

ՖՐԵԴ — Շնորհակալություն բոլորիդ: Շնորհակալություն բարության համար, որ ստացել եմ այս տանը: Ներեցեք, եթե մեկիդ (Էթերիին նայելով) նեղացրել եմ: Ահա հասցես… (Գրում է թղթի վրա:) Լուր ուղարկեք… եկեք (Էթերիին նայելով), իհարկե, եթե ցանկանում եք… Մնաք բարով:

Բոլորը, Էթերիից բացի, ճանապարհում են Ֆրեդին: Էթերին սեղանից վերցնում է Ֆրեդի գրած թուղթը, կարդում է, դնում գրպանը:

Իններորդ տեսարան

Էռնան ու Բորիկը Անժելայի տան մուտքի առջև են: Բորիկի ձեռքին հսկայական տորթ ու ծաղկեփունջ է: Էռնան զննում է Բորիկին, ուղղում է փողկապը:

ԲՈՐԻԿ — (փորձում է տորթը տալ նրան): Դուք եք գնել, դուք էլ նվիրեք: Թե չէ կմտածեն՝ ես եմ գնել… անհարմար է:

ԷՌՆԱ — Շատ էլ հարմար է: Տղամարդը դու ես, ոչ թե ես: Ամեն ինչ առաջին տպավորությունից է կախված:

ԲՈՐԻԿ – Ի՞նչ՝ ամեն ինչ:

ԷՌՆԱ – Չե՞ս հասկանում… համակարգիչը քեզ չեն վստահի: (Ծիծաղում է:)

ԲՈՐԻԿ — Մի՞թե:

ԷՌՆԱ — Այո, այո… և այդքան մի լարվիր, բայց կինտոյի պես էլ կապերդ բաց չթողնես: Իսկ զրույցի ընթացքում մի բան դուրդ չգա՝ ցույց չտաս, անընդհատ գլխով արա: Այսպես… (Ցույց է տալիս:)

ԲՈՐԻԿ – Ինչի՞ համար է այս ամենը: Ասացիք՝ կոմպը պիտի նայեմ ու ծրագիր մտցնեմ: 

ԷՌՆԱ — Քաղաքավարության կանոններն այդպես են պահանջում: (Սեղմում է զանգի կոճակը, ականջ դնում:) Հեռուստացույցը միացրած է, ուրեմն տանն են:

ԲԵԳԼԱՐԻ ձայնը — Ո՞վ է:

ԷՌՆԱ — Ես եմ, Էռնան:

ԲԵԳԼԱՐԻ ձայնը — Ո՞վ եք, ո՞ւմ եք ուզում: 

ԷՌՆԱ — Գուշակուհի Էռնան եմ, համակարգչի մասնագետի հետ… Անժելան տա՞նն է: 

Անժելան բացում է դուռը:

ԱՆԺԵԼԱ — Ներեցեք, խնդրում եմ, գողերի ներխուժումից հետո հայրս այնպես է վախեցած, որ մեկ-մեկ ինձ էլ ներս չի թողնում:

Բորիկը տորթն ու ծաղկեփունջը պարզում է Բեգլարին, նա հայացքով մերժում է: Շփոթված Բորիկը շրջվում, դրանք մատուցում է մորն ու աղջկան:

ԷՌՆԱ — Շնորհավորում ենք Նաիրային և ձեր ընտանիքին հաղթանակի առթիվ: Ամբողջ քաղաքը միայն նրա հաջողության մասին է խոսում: Իսկ մեր Բորյան պարզապես խելքը թռցրել է: Ի դեպ, ծանոթացեք… Դե, ասա, Բորիկ, թե ինչ լավ էր երգում…

ԲՈՐԻԿ — (հայացքով համակարգիչն է փնտրում): Այո… այո…

ԷՌՆԱ- (ձեռքից քաշելով): Բորիկը նաև համակարգչի լավ գիտակ է:

ԱՆԺԵԼԱ — Հրաշալի է, մենք անընդհատ համակարգչի հետ պրոբլեմ ենք ունենում: Հուսով եմ, կօգնի:

ԷՌՆԱ — (Բորիկին): Կօգնես, չէ՞:

ԲՈՐԻԿ — (Անժելային): Դուք ուզո՞ւմ եք նոր ծրագիր մտցնել:

ԱՆԺԵԼԱ — Այո… երևի: Նաիրաս ավելի լավ գիտի… անընդհատ կախվում է…

ԲՈԲԻԿ — Դա շատ վտանգավոր է: Գուցե ամբողջ վինդոուզը պիտի փոխել: Հիմա նայեմ: 

ԷՌՆԱ — (դժգոհ): Հենց հիմա՞… (Սկսում է փռշտալ:)

Բոլորը միասին – Առողջությո՛ւն: 

ԷՌՆԱ — Շնորհակալություն: Վա՜յ, թաշկինակս վերարկուիս գրպանում մոռացա: (Վազում է նախասենյակ:)

ԱՆԺԵԼԱ — (հենց այդ պահին անջատված հեռուստացույցը ցույց տալով): Վա՜յ, լույսը կտրեցին:

Մտնում է Էռնան:

ԷՌՆԱ — Արդեն կտրեցին… առավոտյան հաղորդեցին, որ ամբողջ օրը լույս չի լինելու: 

ԲՈՐԻԿ — Բա ո՞նց միացնեմ համակարգիչը: Ինչո՞ւ առավոտյան չզգուշացրիք:

ԷՌՆԱ — Ներիր, Բորիկ, գլխիցս թռել էր: Սկլերոզ: Ուրեմն, բարին սա է, եկեք մեր դափնեկրին շնորհավորենք: Իսկ համակարգիչը ուրիշ անգամ կնայես: Ճիշտ չէ՞, Անժելա:

ԱՆԺԵԼԱ — Այո, իհարկե… մոտեցեք սեղանին, խնդրում եմ: Հայրիկ, բուֆետից լիկյոր հանիր, Նաիրա, թեյ, սուրճ պատրաստիր: Ի՞նչ եք նախընտրում:

ԷՌՆԱ — Միք անհանգստանա… բայց թեյից չէի հրաժարվի: Բորիկ, թե՞յ… սո՞ւրճ:

ԲՈՐԻԿ — Ինձ համար մեկ է:

Նաիրան գնում է խոհանոց:

ԱՆԺԵԼԱ — (կտրում է տորթը): Հիանալի տորթ է… թարմ, բուրավետ…

ԷՌՆԱ — Բորիկն է ընտրել:

Նաիրան սուրճ է բերում: 

ՆԱԻՐԱ — Հիմա թեյն էլ կլինի:

ԱՆԺԵԼԱ — Երիտասարդ, բաժակները լիկյոր լցրեք:

ԲՈՐԻԿ — Այո, այո, հիմա…

ԷՌՆԱ — Նախ ցանկանանք, որ մեր այցը բարի լինի: Եվ մեր երգչուհին նոր հաջողությունների հասնի: 

Խմում են, ուտում տորթը:

ԱՆԺԵԼԱ — Շնորհակալություն բարի մաղթանքի համար: Էռնա, մեր ընտանիքին ապագայում ի՞նչ է սպասում: Պայծառատես ես, չէ՞… 

ԷՌՆԱ — Քեզ ուրիշ ի՞նչ է պետք, նույնիսկ ամուսինդ հարություն առավ: Ասեմ միայն, որ բավական է մատդ թափ տաս՝ թևեր առած կգա:

ԱՆԺԵԼԱ — (քրքջում է): Ես էլ դա գիտեմ, բայց ինչո՞ւ է հիմա հայտնվել, դա չգիտեմ: 

ԷՌՆԱ — Եթե ոչ քեզ, ապա Նաիրային հարազատ հորը տեսնելը հաճելի կլիներ:

ԱՆԺԵԼԱ — Արդեն վճռված է՝ քոլեջը կավարտի, կընդունվի ու կմեկնի նրան տեսնելու, կարոտն առնելու: Իսկ այնտեղ ինքը կորոշի, այդպես չէ՞, Նաիրա:

ՆԱԻՐԱ — Այդպես է:

ԷՌՆԱ — Եկեք Նաիրայի կենացը խմենք, նրա հաջողության կենացը: Ես գիտեմ, իր նպատակին նա միշտ կհասնի: Դուք էլ համոզված եղեք: 

Բոլորը խմում են: Բորիկն անտարբեր բարձրացնում է բաժակը, նայում համակարգչին:

ԲՈՐԻԿ — (Նաիրային): Իսկ ձերը ի՞նչ պեն է: 

ՆԱԻՐԱ – Ի՞նչ…

ԲՈՐԻԿ — Պեն: Պենտիում ո՞րն է քոնը: 

ՆԱԻՐԱ — (ծիծաղում է): Հասկացա: Չորսը: Վերջին թողարկման:

ԲՈՐԻԿ — Վատ չէ: Իսկ ի՞նչ օպերատիվկա է: 

ԷՌՆԱ — Ինչ, ինչ… ոչինչ: Դա՝ հետո: (Նաիրային.) Ոտքի կանգնիր, վեր կաց, թանկագինս, շատ եմ խնդրում:

ՆԱԻՐԱ — (կանգնում է): Ի՞նչ կա:

ԷՌՆԱ — Խնդրում եմ, երգիր, ինչ այնտեղ երգեցիր:

Նաիրան երգում է, Էռնան պարում է՝ մյուսներին պարի հրավիրելով:

ԲԵԳԼԱՐ — (կողքի է քաշվում): Գժվել են բոլորը… աշխարհը խելքը թռցրել է:

Էռնան Բորիկին քաշում է պարելու: Նա անվարժ կրկնում է նրա շարժումները, հետո ավելի վստահ սկսում է պարել: Պարն ավարտվում է, նստում են սեղան շուրջը:

ԷՌՆԱ — Բռա՛վո, Բորիկ… Նաիրուհի, քո մասին խոսք չկա: Տաղանդ: Անժելա, դու էլ պակաս գրավիչ չես:

ԱՆԺԵԼԱ — Էռնա, դու էլ ապրես, ոնց տաքացրիր բոլորիս:

ԲՈՐԻԿ — (Նաիրային): Իսկ քո օպերատիվկան ինչքա՞ն է: Ինչքա՞ն է սեղմում:

ՆԱԻՐԱ – Ի՞նչ օպերատիվկա… հա՜, 512: 

ԲՈՐԻԿ – Օհո՜, 512… Գերազանց է: Իմը 128 է: Իսկ հաճախականությունը 2 մեգահերց, պատկերացնո՞ւմ ես:

ԱՆԺԵԼԱ — (վերցնում է բաժակը): Թող այն տաղանդը, որ Աստված տվել է յուրաքանչյուրիս, չկորչի անհետ: Թող ամեն մեկին տրվի ըստ իր արժանիքների: Սա ես եմ ասում, աննշմար քարտուղարուհի-մեքենագրուհի Անժելան, որ կարողացա հաղթել սովը, մենակությունն ու ծեր հորս հետ ոտքի կանգնեցրի աղջկաս:

Բոլորը բարձրացնում են բաժակները, խմում: Զանգում է Էռնայի հեռախոսը:

ԷՌՆԱ — Ալո: Այո… Ամեն բան լավ է: Լավ: Շուտով կգանք: (Անջատում է:) Դե, գնալու ժամանակն է: Կարևորն արված է՝ Նաիրային շնորհավորեցինք, ծանոթացանք:

ԱՆԺԵԼԱ — Այսպես միանգամի՞ց: Տորթը դեռ չենք կերել, վերջացրել:

ԷՌՆԱ — Հաջորդ անգամ կվերջացնենք: Իհարկե, ոչ թե սա, այլ ուրիշը: Բորիկն ավելի համեղը կընտրի:

ԱՆԺԵԼԱ — Ուրախ կլինենք: Գուցե հոսանքն էլ չանջատեն:

ԷՌՆԱ — Հա, գուցե չանջատեն…

Էռնան ու Բորիկը դուրս են գալիս: Լույսը մարում է:

Տասներորդ տեսարան

ԷՌՆԱ — Իսկ դու չէիր ուզում գալ: Հիմա ասա, ո՞նց էր, հավանեցի՞ր:

ԲՈՐԻԿ — Ո՞վ… ո՞ւմ:

ԷՌՆԱ — Ո՞նց թե… նրան:

ԲՈՐԻԿ — Ո՞ւմ՝ նրան:

ԷՌՆԱ — Մեր հետաքրքրության առարկան՝ օպերատիվկան:

ԲՈՐԻԿ — Չտեսա, հոսանքը կտրեցին: 

ԷՌՆԱ – Հա՜… ա՛յ քեզ փեսացու: Գլխում միայն համակարգիչ է: (Զանգում է հեռախոսը:) Ալո… (Բորիկին.) Ծնողներդ են, անհանգստանում են քեզ համար… (Հեռախոսով:) Ի՞նչ ասեմ, ամեն ինչ լավ է: Հրաշալի ընդունեցին… Միայն թե ձեր տղային կարող է օգնել միայն ակնաբույժը: Համակարգչից բացի ոչինչ չի տեսնում: Բայց հուսանք, որ հաջորդ անգամ տեսողությունը մի քիչ կլավանա և ուշադրություն կդարձնի աղջկան: (Դադար:) Ի՜նչ եք ասում… լո՞ւրջ: Տա Աստված, իզուր չէի ասում, որ շուտով ձեր անհաջողության շրջանը կավարտվի: Ի՞նչ էր ասում ձեզ պայծառատես Էռնան: Հենց հիմա գալիս ենք: (Անջատում է հեռախոսը, ուրախացած բամփում Բոբիկին:)

ԲՈՐԻԿ – Ի՞նչ է պատահել:

ԷՌՆԱ — Էթերին ճամփա է ընկել… գիտե՞ս՝ ուր և ում մոտ… Գնում է Ախինո, Ֆրեդի մոտ: Շուտ, գնանք, ճանապարհենք: Տաքսի… է՛յ, տաքսի՛…

Ռուսերենից թարգմանեց Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։