ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻ ՊԻԵՍԸ՝ ԲՐՈԴՎԵՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Դրամատուրգ, արձակագիր, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի «Մադամ Զարուհի» մոնոդրաման («Մերսեդես և Զարուհի» վերնագրով) մասնակցել է Նյու Յորքում ընթացող United Solo մոնոներկայացումների փառատոնին՝ ամերիկահայ դերասանուհի Նորա Արմանիի թարգմանությամբ, բեմադրությամբ և կատարմամբ, բրոդվեյան հայտնի «Theatre Row»-ի բեմերից մեկում: Ներկայացման կոմպոզիտորը Վահան Արծրունին է: Առաջնախաղը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ արժանանալով ամերիկյան քննադատների, հեռուստատեսության և մամուլի ուշադրությանը: Ներկայացման մասին բարձր կարծիք է արտահայտել ամերիկացի ճանաչված քննադատ, Նյու Յորքի համալսարանի /City University New York/ պրոֆեսոր Մարվին Կարլսոնը: Թատերախոսականներ են լույս տեսել The Armenian Mirror Spectator, The Armenian Weekly պարբերականներում, ինչպես նաև հեռարձակվել են ռեպորտաժներ հայ-ամերիկյան հեռուստաալիքներով:
Նշենք, որ ներկայացման առաջնախաղին ներկա է եղել հեղինակը, Հանդիսատեսի շարքերում էին նաև ամերիկահայ անվանի մտավորականներ:
Միացյալ նահանգների Նյու Յորք քաղաքում հիմնադրված United Solo Festival-ը աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր մոնոներկայացումների փառատոնն է, որն այս տարի անցկացվում էր հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 20-ը, Նյու Յորքի թատերական ամենամեծ թաղամասում՝ Բրոդվեյում՝ Մանհեթնի 42-րդ փողոցի և 9-րդ ավենյուի միջև գտնվող «օֆֆ բրոդվեյան» «Theatre Row»-ի թատերական հարթակներում: Խոշորագույն փառատոնին ամեն տարի մասնակցում են տասնյակ ներկայացումներ արտերկրից և ԱՄՆ-ից՝ դրամատիկական, պարային, տիկնիկային, մուլտիմեդիաներ, իմպրովիզներ, սթենդափ շոուներ, մյուզիքլ և այլ ժանրերում: United Solo-ն հիմնադրվել է 2010 թ., և հիմնադրման տարեթվից ի վեր փառատոնի շրջանակում ցուցադրվել են ավելի քան 1000 ներկայացումներ ամբողջ աշխարհից: Փառատոնին մասնակցում են աշխարհահռչակ դերասաններ, «Էմմիի» և այլ հեղինակավոր թատերական մրցանակաբաշխությունների մրցանակակիրներ: Այս տարի փառատոնին մասնակցում էին 80 մոնոներկայացումներ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարը՝ Օմար Սանգարեն նշել է, որ 2022-ը վերածննդի տարի է քովիդյան սահմանափակումներից հետո, և փառատոնը հատուկ շուքով է անցկացվում:
Անուշ Ասլիբեկյանի այս պիեսը 2015-ին բեմադրվել էր Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շարքում, բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան, կոմպոզիտոր՝ Վահան Արծրունի, որի առաջնախաղին գլխավոր դերում հանդես գալու համար հրավիրվել էր Նորա Արմանին: Հետագա տարիներին գլխավոր դերում հանդես է եկել Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նառա Սարգսյանը: 2016-ին ներկայացումը մասնակցել է Կահիրեի թատերական միջազգային փորձարարական փառատոնին, գրվել են մի շարք թատերախոսականներ: Ներկայացումը ստացել է երկու «Արտավազդ» մրցանակ /լավագույն երիտասարդ դերաանուհի անվանակարգում՝ Նառա Սարգսյանը՝ Զարուհու դերակատարման համար և Վահան Արծրունին՝ ներկայացման համար գրված լավագույն երաժշտություն անվանակարգում/:





Պիեսը թարգմանվել է և տապագրվել տարբեր լեզուներով, 2017 թվականին արժանացել է «Երևանյան գրքի փառատոնի»՚ դրամատուրգիա մրցանակին, իսկ 2022 թ. ընդգրկվել է «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիայում» /ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ տպագրված/՝ 10-րդ դասարանի համար նախատեսված հատորում՝:

«Մերսեդես և Զարուհի» ներկայացման մասնակցությունը և հաջողությունը հռչակավոր Բրոդվեյում անցկացվող United solo մոնոներկայացումների միջազգային փառատոնում կարևոր իրադարձություն է հայ-ամերիկյան մշակութային կապերի տեսանկյունից: Այն նաև նշանակալից է՝ Հայոց Ցեղասպանութայն թեման միջազգային հարթակներում մեկ անգամ ևս բարձրաձայնելու առումով:


Լուսանկարները՝ Xiaopeng Zhan, Ching Juhl
tatron-drama.am