Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ԱՌԱՋ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՆԱՐԵԿ ԴԵՐՅԱՆ — ռեժիսոր, ճամբարի պետ
ԲՐԻՋԻԴ ՉՔՆԱՂՅԱՆ – շիկահեր, մշտապես մինի հագած
ՏՈՒՏՈՒ ՏՈՒՐՅԱՆ — շեփորահար
ՀԱՅՐՈՒՆԻ ԱՅՐՈՒՄՅԱՆ — հրշեջ
ԱՐՍԵՆ ԱՄԵՆՍՏԵՍՅԱՆ — հարկային տեսուչ
ՈՍԿԱՆ ՔԱՋԱԶՆՈՒՆԻ — ոստիկան
ՋԻՎԱՆ ԱՆԱՆՈՒՆ — փորձագետ
Ջոկատի անդամներ
ԳՅՈՒՏ ԱՐԵՎՅԱՆ — պրոֆեսոր
ԵՐՋԱՆԻԿ ՏԽՐՈՒՆԻ — բանաստեղծ
ԲԱԶՄԱՍԵՐ ԹՌՉՈՒՆՅԱՆ — Խառը մանկություն ունեցած դատավոր
ԶԱՐԶԱՆԴ ԱՊՐԵՍՅԱՆ — գեներալ
ԻՇԽԱՆ ՄԱՆՉՈՒԿՅԱՆ — նախկին պաշտոնյա
ՄԱՔՐՈՒՀԻ ՀՍՏԱԿՅԱՆ — մաքրուհի
ՄԻՀՐԴԱՏ ՉԱՐՅԱՆ — հանդիսատես
Մասնակցում են նաև դինոզավր, առյուծի ընտանիք և արջ՝ քոթոթներով և մի տարօրինակ արարած։
ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ
Դատարկ բեմահարթակ։ Հանդիսատեսներից ոմանք զարմանում են, թե՝ այսքա՜ն էլ դատարկ, չկա դեկորացիա, ոմանք էլ սպասում են անսպասելի հանգամանքների, որովհետև համոզված են, որ դատարկ տեղը դատարկ չի մնում։ Երկրորդ կարծիքի հանդիսատեսները ճիշտ են. աշխույժ քայլքով, կարմիր վզկապով բեմ է մտնում երիտասարդ շեփորահար։ Նա կանգնում է բեմառաջին և նվագում հանրահայտ՝ տու-տու, տու-տու-տու- տո՜ւ։ Ապա բարձրաձայն հայտարարում է՝ գովազդ։
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Բարի օր, հարգելի հանդիսատես, ես հիմա կբարձրաձայնեմ մեր թատերախաղի դերասաների կազմը։ Սկզբից ասեմ, որ մենք ընդգրկել ենք վառ և դառը մանկություն ունեցած 60 տարեկանից բարձր մարդկանց։ Նրանցից առաջինը հանրահայտ պրոֆեսոր, վառ մանկություն ապրած Գյուտ Արևյանն է։
Հանդիսատեսները ծափահարում են, ոմանք զարմանում, ոմանք էլ՝ հրճվում։
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Հարգելի հանդիսատեսներ, հռչակավոր գիտնականը հեռակապով է համաձայնել վերադառնալ մանկություն։ Նա, իր ասելով, 10 տարեկանում հանդիպել է մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին և որոշել է դառնալ աստղագետ, ու կատարվեց երազանքը, նա հիմա փորձում է վերադառնալ մանկություն և նորից հանդիպել մեր հանճարին, գուցե նրան նվիրի իր երկար ապրելու, լուսավորելու իր վերջին գյուտը։ Սա նրա միակ ցանկությունը չէր, նաև տենչում էր ևս մեկ անգամ 6 տարեկան լինել և թոնրի կողքը պառկած ծամծմել նոր թխած լավաշ ու այծի պանիր։
Հանդիսատեսները ծափահարում են, ավելի ճիշտ՝ մի քանի գյուղական ծագման հանդիսատես է խանգարում դահլիճի անդորրը։
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Շնորհակալ եմ ծափերի համար, դրանք հասցեագրում եմ մեր մեծ գիտնականին և լավաշ թխող տատիկին։ Իսկ հիմա՝ մեր երկրորդ թեկնածուի մասին. երկրորդը դառը մանկության տեր բանաստեղծ Երջանիկ Տխրունին է։ Կարճ ասած, այն հարցին, թե ինչո՞ւ է ուզում վերադառնալ մանկություն, նա պատասխանել է՝ ոչ թե վերադառնալ, այլ՝ առաջ, դեպի մանկություն, հաղթել պոեզիայի ուժով դառնությունը և նորից անպատասխան սիրով սիրահարվել իր ջոկատավարին, ահա այսպիսի ինքնազոհություն։ Եվ էլի շատ անակնկալներ Երջանիկ Տխրունիից։ Ծափահարենք։ Հա, սիրելի հանդիսատես, ձեզ ասեմ, բեմադրիչը որոշել է՝ թեկնածուները սկզբից բեմում չերևան, կարող է սկսեն երկխոսել, մեծախոսել և խանգարեն մեր ներկայացման մուտքը, ինչքան չլինի նրանք թոշակի տարիքի կազմակերպված անձեր են, հետո միասին կհայտնվեն։
Դահլիճը ծափահարում է։
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Լռություն։ Սիրո մասին ակնարկը ձեզ, հավատում եմ, զվարթացրեց։ Իսկ հաջորդ թեկնածուն վառ-ղառն է, մի խոսքով՝ խառը մանկություն ապրած Բազմասեր Թռչունյանն է։ Լռեք և լսեք՝ դատավոր։ Նրա մասին խոսելը շատ խառը կստացվի, հետևենք նրա կերպարանափոխությանը։ Չորրորդը վառ մանկության տիրակալ, գեներալ Զարզանդ Ապրեսյանն է։ Հասարակության մեջ նրա նկատմամբ կան շատ ասեկոսեներ, նա ինչ երազել էր. տրակտորի վարորդ դառնալը՝ հասել է և անցել, Արցախյան առաջին պատերազմի հերոսներից է և հետո՝ գործարար, գործիչ, տարբեր գործողությունների մասնակից։ Հարցին, թե ինչո՞ւ է ուզում վերադառնալ մանկություն, պատասխանել է, որ էլի երազեմ, իմ կյանքում ամենալավ բանը փոքր ժամանակ երազելն էր։ Պատիվ տանք գեներալին՝ տու-տու-տու, տու։
Հանդիսատեսներից ոմանք քրթմնջում են՝ արժանի չէ, ոմանք՝ արժանի է։ Քիչ է մնում բաժանվեն երկու մարտական ջոկատների։ Շեփորահարը ձեռքը խփում է իբր սեղանին։ Լռում են։
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Հինգերորդ մասնակիցը նախկին բարձր պաշտոնյա, թոշակի անցած Իշխան Մանչուկյանն է։ Խնդրում եմ, դադարեցրեք վեճերը։ Մենք կարճ կներկայացնենք նախկին պաշտոնյային, վաստակած հանգստի անցած Իշխան Մանչուկյանին։ 5-րդ թեկնածուն զարմանալի բան է պատասխանել հարցին, թե ինչու է ուզում վերադառնալ մանկություն՝ ոչ վառ էր, ոչ դառը, ոչ խառը, գնամ տեսնեմ, թե ի՞նչ էր, հետագա կյանքս կապ չուներ իմ մանկության հետ, ասես ուրիշ մարդ եմ։ Թույլ տանք ճանաչի իր մանկությունը։
Դահլիճից մեկը ճչում է.- Մի հասարակ դերակատար կամ մարդ չկա՞։ Կին չկա՞, դուք հակաֆեմինիստ եք։
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Դուք ճիշտ եք և ճիշտ չեք, կա, և դա նախկին հավաքարար, ներկա մաքրուհի Մաքրուհի Հստակյանն է։ Ծափահարություն։
Դահլիճից բղավոր կինը ծափահարում է։
ԿԻՆ – Վերջապես հարգվեց կանանց միջազգային իրավունքը։ Առանց դրա ի՛նչ մանկություն։
Դահլիճից ևս մեկը ճչում է.- Իսկ հնարավո՞ր չի, որ մեզնից մի պատահական հանդիսատես միանա ձեր թատրոնի խաղին։
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Եթե անցնի ընտրության զրույցը, դա շատ կարևոր է, ամեն պատահական չէ, որ անհրաժեշտ է, և հետո, մեզ անհրաժեշտ է վառ կամ դառն, կամ թեկուզ խառը մանկության տեր, ունե՞ք թեկնածու։
ՀԱՆԴԻՍԱՏԵՍ – Այո, ես՝ նախկին բանվոր, ապա՝ մարզպետ, ապա՝ գիտության դոկտոր։
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Ո՞ր գիտության։
ՀԱՆԴԻՍԱՏԵՍ – Բոլոր, դրան գումարած՝ մեկ տարի կալանավորված և ազգային հերոսի կոչում ստացած և էլի կալանավորված… մի խոսքով՝ խառը մանկություն ունեցած Միհրդատ Չարյանն եմ։
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Դուք, կարելի է ասել՝ մեր օֆիսի հարցերի կեսից ավելիին պատասխանեցիք, սակայն ձեզ հարկ է պատասխանել նաև մյուս շատ կարևոր հարցերին, խնդրում ենք բեմ բարձրանալ, որպեսզի պայքարեք մեր «Առաջ կամ վերադարձ մանկություն» ճամբարի 7-րդ՝ վերջին, ջոկատի անդամի տեղը։
Հանդիսատեսը բարձրանում է բեմ, որի կեսը աղոտ լուսավորվում է և գրասեղանի մոտ նստած շիկահեր աղջիկը գոչում է.
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Բարի գալուստ «Մանկութուն» ջոկատի ընտրատեղամաս։
ՄԻՀՐԴԱՏ ՉԱՐՅԱՆ – Բարև, աղջիկ ջան, սիրտս ճաքեց, ի՞նչ էլ զիլ ձայն ունեք։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Դուք հայտարարեցիք, որ մարզպետ եք աշխատել. Այդքան վախեցա՞ծ եք աշխատել։
ՄԻՀՐԴԱՏ ՉԱՐՅԱՆ – Չէ հա։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Հիմա չէ՞, թե՞ հա։
ՄԻՀՐԴԱՏ ՉԱՐՅԱՆ – Հա էլի՝ չէ՛։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Պարզ ասեք՝ հա՞, թե՞ չէ։
ՄԻՀՐԴԱՏ ՉԱՐՅԱՆ – Խառը, եթե վերադասն է զանգել զայրացած՝ հա, եթե խեղճացած ստորադասը՝ չէ, եթե ինչ-որ քաղաքացի՝ խառը, հիմնականում՝ խառը։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Մի խոսքով՝ խառնակիչ եք, ճի՞շտ եմ։ Ձեր անունն էլ՝ Միհրդա՛տ,
ձեր կալանավորումի՞ց հետո է ձեր անունը դրվել։
ՄԻՀՐԴԱՏ ՉԱՐՅԱՆ – Չէ, ի՞նչ եք ասում, պապուս անունն է։ Մանկությունս է խառը անցել՝ էլ միակողմանի որբ, էլ մանր գողություն, էլ կռիվներ…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Փողոցայի՞ն։
ՄԻՀՐԴԱՏ ՉԱՐՅԱՆ – Չէ, մանր խուլիգան եղել եմ, բայց հասկացա, որ իմ տեղը հայրենիքը պաշտպանելն է, զենք վերցրի ու…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Ի՞նչ էիք երազում մանուկ ժամանակ։
ՄԻՀՐԴԱՏ ՉԱՐՅԱՆ – Թագավոր դառնալ, հերոս դառնալ, օդաչու դառնալ, գիտնական դառնալ, հետախույզ դառնալ…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Մի խոսքով՝ խառը, մի քիչ դառը, մի քիչ՝ վառ… Դուք ընտրված եք. 7-րդ տեղում դուք եք, յոթերորդ դերակատար, գրանցում եմ՝ 7. Միհրդատ Չարյան։
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Տու-տու-տո՜ւ, տու։
Հանդիսատեսները ծափահարում են։ Բեմ է խուժում հրշեջի սաղավարտ դրած միջահասակ, խիստ դեմքով տղամարդ։
ՀՐՇԵՋ – Սպասեք, սպասեք, էս ի՞նչ օֆիս եք բացել, ընենց էլ ճղճղան անուն եք դրել՝ «Առաջ… վերադարձ մանկություն»… ո՞նց կարանք արտասանենք ու մի բան հասկանանք՝ հիմա առա՞ջ, թե՞ վերադարձ, համ էլ էսի կարևոր չի, ունե՞ք հակահրդեհային պահանջները բավարարող թույլտվություն։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Մեր օֆիսը դատարկ տեղում, այսինքն՝ բեմում է, ի՞նչ հրդեհային, առավել ևս՝ հակահրդեհային թույլտվություն։
ՀՐՇԵՋ — (շփոթահար): Իսկ… իսկ թատրոնի շենքն ապահովվա՞ծ է լողավազանով, հակահրդեհային բալոններով, խողովակներով, գծագրով, պայմանագրերով, իսկ տանիքի փայտերը փչե՞լ են հակահրդեհային հեղուկով, իսկ…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Շեփորահար, նորից փչիր քո…
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Տու-տու-տո՜ւ, տու։
ՀՐՇԵՋ — (զայրացած): Ի՞նձ եք ձեռ առնում… Ես հատուկ ծառայության կապիտան Հայրունի Այրումյանն եմ, ես…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Ես և Շեփորահարը պարզ ասացինք և՛ խոսքով, և՛ նվագով, որ մեր թատերախաղը դատարկ տեղում է, դափ-դատարկ բեմում և միջավայրում, ասենք՝ անապատում։
ՀՐՇԵՋ – Բա հանդիսատե՞սը։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Մենք ապահովել ենք նրա անվտանգությունը, իրավունքները, անգամ մեկին էլ ընդունեցինք թատերախաղի մասնակից, նրանք դատարկությունից եկան այլ դատարկություն, հասկացա՞ք։
ՀՐՇԵՋ – Դուք ձեր մազերից խոսեք՝ շիկահեր, շիկավարս, ռիժի, չե՞ք վախենում, որ կվառեք բեմը։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (ժպտալով): Կատակասերն եք երևում, ես միայն սրտեր եմ այրում։
ՀՐՇԵՋ — (ժպիտով): Ինչ որ ճիշտ է, ճիշտ է, ես շուլուխ սիրում եմ, ճիշտ է, սրտերի վառվելու դեմ մենք անզոր ենք, բայց դեռևս։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Եթե շատ ցանկանաք, ձեզ էլ զրույցի կանչեմ։ Եթե անցնեք՝ տանենք մեր մանկական ճամբար։
ՀՐՇԵՋ – Արդեն լրիվ ձեռ եք առնում, ես ասացի, որ կապիտան եմ, դիրքս չեմ կարող լքել: Գնամ, բայց սրտեր վառելուց չանցնեք այլ տեղեր վառելուն։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (ժպիտով, հանդիսատեսին ու Միհրդատին նայելով): Հրշեջն ո՜ւր, սեքսուալ ակնարկներն ո՜ւր, սրան չենք տանի մանկություն։
ՄԻՀՐԴԱՏ ՉԱՐՅԱՆ – Հիմա ես ո՞ւր գնամ։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (խիստ տոնով): Ես ձեր ջոկատավարն եմ այս պահից, գնա մթության մեջ, մինչև Շեփորահարը հայտարարի…
ՀՐՇԵՋ – Այ քեզ խելառ… Իրեն Գաբրիել հրեշտակապետի տեղն է դրել. ում ուզում, ուղարկում է մանկություն, ում էլ՝ մթություն… Էս ձավարը շատ ջուր կքաշի, համ էլ խողովակ ու լողավազան չունեն, գնամ ակտը գրեմ: (Գնալիս նայում է Շեփորահարին։) Էսպես չեմ թողնի, իմ ետևի՞ց եք ընկել, էս էլ չըլնի էն Փեթակի դեպքը։ (Գնում է)։
Քիչ անց բեմ է մտնում ոստիկանական գլխարկով մի անձ։ Նա պատիվ է տալիս հանդիսատեսին։
ՈՍՏԻԿԱՆ – Այս ամենը մեզ կասկածելի է թվում, մարդկանց, ավելի ճիշտ՝ ինչ-որ պոետի, տիեզերաբանի, գեներալի, ինքնահռչակ պատահական խառնակչիի և…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Մի րոպե, մի րոպե, դուք այն հրշեջը չե՞ք… Հենց նոր գնաց։ Շատ նման եք, միայն Հիտլերի բեղ ավելացավ։
ՈՍՏԻԿԱՆ – Հիտլերի բեղը դուք եք, ես ոստիկանության մայոր Ոսկան Քաջազնունին եմ, էս ի՞նչ ինքնագործունեություն է, ո՞վ է թույլ տվել։
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Ռեժիսորը, պարոն Դերյանը։
ՈՍՏԻԿԱՆ – Ի՞նչ ռեժիսոր, ի՞նչ կոչում ունի էդ պարոն Դերյանը։
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Մեծ, մեծ կոչում, ոչ մի կոչում, Մեյերխոլդի անվան մրցույթի դափնեկիր։
ՈՍՏԻԿԱՆ – Ձե՞ռ ես առնում, այ տու-տու-տու։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Շեփորահարը մեր ճամբարի մարդ-նվագախմբի ղեկավարն է, ռեժիսորն էլ՝ մանուկների սիրելի ծաղրածու, ժողովրդի արտիստ…
ՈՍՏԻԿԱՆ – Ո՞ւր է նա, թե՞ ինքնագլուխ չալոյի խմբակ եք, ամեն պատի տակ մեկը թատրոն է բացում, երկիրը թատրոն են սարքել։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Նա գնացել է Հանրապետության նախագահի մոտ ընդունելության, նրան թույլատրված է առժամանակ տարեցներին մանուկ հայտարարելու և ուղարկելու ճամբար, այսինքն թատերախաղի՝ «Առաջ կամ վերադարձ մանկություն»։
ՈՍՏԻԿԱՆ – Էս հանդիսատեսի իրավունքը չարաշահում եք, նրա աչքի առաջ մեծերի և փոքրերի գլխին ինչ օյին ասես որ չեք սարքում։ Գնամ զեկուցեմ վերադասին։ Ինձ չշփոթեք հրշեջի հետ, սիրունիկ շիկահեր, ես շուտ հալվողներից չեմ։ (Մի քիչ ճոճվում է։)
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Ձեր բեղն ավելի շուտ ասաց այդ մասին։ Բայց սպասեք, դուք ճոճվելով եք խոսում։ Կարո՞ղ է…
ՈՍՏԻԿԱՆ – Չկպնեք իմ բեղից, ես դա չեմ ների։ Իսկ ճոճվելը ուսիս դրած պետական ծանր բեռից է։ (Ճոճվելով դուրս գալիս բռնում է Շեփորահարի դոշից ու գոչում:) Մի դիմադրի, մի դի-մա-դրի, քեզ կտանեմ բաժին։ (Շեփորահարի ականջին շշնջում է:) Ինձ բեմից դուրս տար։
Շեփորահարը Ոստիկանի թևը մտած հանում է ու Տու-տու-տու նվագելով վերադառնում։
ՇԵՓՈՐԱՀԱՐ — Համա թե Քարահունջի արաղի հոտ էր փչում։ Տու-տու-տու, տո՜ւ… (Հեռանում է բեմից:)
Բեմ է մտնում Հարկային տեսուչը։ Մռայլ դիմում է Շիկահերին։
ՀԱՐԿԱՅԻՆ – Հարկային կոդ ունե՞ք։ Օֆիս եք բացել։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Գոնե բարևեիք, դրանից հո հարկ չեն պահում: Դուք ի՜նչ նման եք Ոստիկանին, միայն թե ձեր բեղը Մաստրոյանիին է հիշեցնում։
ՀԱՐԿԱՅԻՆ – Ի՞նչ Մաստերյանի, ի՞նչ Փաստերյանի, ես ձեզ ցույց կտամ… Բյուջեն չեք լցնում, ձեր ծաղրուծանակը ժողովրդի գրպանը մտնելն է, պետությունը թալանելն է, ես կզեկուցեմ վերադասին։ Ներկայանում եմ, ահա իմ վկայականը։ (Ցույց է տալիս։) Ես հարկային տեսուչ Արա Ամենատեսյանն եմ։ Բա որ իմացա՝ ըստեղ է խելառ բանաստեղծ Երջանիկ Տխրունին, եկել է բողոքի, ինքն էլ հարկային կոդ չունի ու ամեն օր բստրում է՝ մի օր չփլաղ աղջիկների մասին, մի օր հակա-հակա, իբր քաջ է…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Նա չէր բողոքում, նա պոռնո բաներ չի գրել, թե չէ չէինք գրանցի մեր ջոկատում, նա պարզապես հարգանքով նայեց արևայրուքից սևացած ոտքերիս, ասես շոյելով նայեց շեկ մազերիս ու մրմնջաց՝ դուք իմ մանկության երազանքն եք՝ Բարբի տիկնիկ…
ՀԱՐԿԱՅԻՆ – Լավ ջոկատ եք կազմում, հատկապես պոետի մուսան հանգիստ չի թողնի։ (Հեգնական ժպտում է։)
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Նա նաև հայտնի մանկագիր է, շոռաչք չէ։
ՀԱՐԿԱՅԻՆ – Եթե հարկ լինի, մի օր կայցելեմ ճամբար, կարծում եմ, ինձ ներս կթողնեք։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Սիրով, եթե ձեր հետ լինի այ-դի քարտը, սոց. քարտը և թույլտվություն վերադասից։
ՀԱՐԿԱՅԻՆ – Պահ-պահ, Օսվենցիմի ճամբար սարքիք, լավ է շուտ հեռանամ։ (Քայլում է բեմից դուրս, շրջվելով՝ դիմում է Շեփորահարին։) Դու էլ մտածիր հարկային մուծումների մասին, մուզիկանտ։ Անգործ տու-տու ես փչում։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Էսքան որ աջ ու ձախից փչում են, հարկ մուծո՞ւմ են։
ՀԱՐԿԱՅԻՆ – Չկպնես օրինական օլիգարխներին, պետական պաշտոնյաների աղքատիկ ռոճիկին։ Տուտուդ փչի։ (Հեռանում է)։
Բեմ է մտնում մի փորձագետ լիազոր մարմնից։
ՓՈՐՁԱԳԵՏ — Բարև, ժողովուրդ, նվաստս ՋԳԴԶ տեսչությունից է, փորձագետ։
ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — (ձայներ): Բարև, փորձանք ագետ։
ՓՈՐՁԱԳԵՏ — Կարելի է և այդպես։ Ես չեմ կարդա այս թատրոնի բացման հրամանը, բայց դուք (դիմելով շեփորահարին և շիկահերին), ինքնագործ խմբակ, հասկացեք, որ պահին ուզենք, կընդհատենք, եթե մեծերին զոռով փոքրացնեն, փոքրերին համոզեն, որ իրենք մեծ են… Ու նաև ղեկավարի տեղակալը զգուշացրեց՝ զգույշ մնա խառնակիչներից՝ փոքր լինեն, թե մեծ։ Մեր երկրում յուրաքանչյուր ոք իրավունք չունի թատրոն բացելու, բայց իրավունք ունի իր անձնական դերը խաղալ երկրի բարգավաճման գործում։ Կեցցե թատրոնը, կեցցեն մանուկները, կեցցեն թոշակառուները, կեցցեն կեցցեները։ (Ծուռ նայում է Շեփորահարին։) Էս ի՞նչ հնի վզկապավոր մնացուկ է։ (Ապա նայում է Շիկահերին, ժպիտով:) Դուք մեծերի հետ մեծ եղեք, մանուկների հետ՝ մանուկ։ Տեղերը չխառնեք, որքան էլ որ դատարկ տեղում եք։ Ձեզ բոլորիդ՝ ուրախ մանկություն։ (Շրջվում է դեպի հանդիսատեսը, խոնարհվում։) Ժողովրդի ծառա Ջիվան Անանուն։ (Հեռանում է։)
Այդ պահին հնչում է Շիկահերի հեռախոսի զանգը։
ՇԻԿԱՀԵՐ – Լսում եմ, պարոն ռեժիսոր, նույն ինքը՝ ապագա ճամբարի պետ։ Ի՞նչ, մեզ է տրվում Ծաղկաձորի «Տիեզերք» ճամբա՞րը… (Տեղից վեր է թռչում:) Շնորհավորում եմ, հանդիսատես ջան, մի քիչ հետո կժամանի նույն ինքը՝ռեժիսոր, համատեղությամբ ճամբարի պետ Նարեկ Դերյանը և կհանդիպի մեր ջոկատի անդամներին՝ արդեն «Տիեզերքի» հրապարակում։ Հա, չմոռանամ ասել իմ անունը՝ Բրիջիդ Չքնաղյան։ Շեփորահա՛ր, տո՜ւշ…
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Տու-տու-տու, տո՜ւ… Ժողովուրդ, իմ անունն էլ Տուտու Տերյան է։ Ծնված օրից՝ շեփորահար, տու-տու-տու։ Համ էլ՝ մարդ-նվագախումբ։ Հաջող, մինչև «Տիեզերք»։
ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ
«Տիեզերք» ճամբարի հրապարակ։ Յոթ հոգանոց ջոկատը շարվել է մի գծով։ Բոլորն ուշադիր սպասում են։ Բրիջիդ Չքնաղյան ջոկատավարուհին՝ քայլելով ջոկատի առջևից, հայտարարում է, որ մի երկու րոպեից կհայտնվի ռեժիսոր, նույն ինքը՝ ճամբարի պետ Նարեկ Դերյանը։ Շեփորահարը պատրաստ է ազդարարելու նրա մուտքը։ Հեծասայլակով արևելյան կողմից հրապարակ է մտնում սոմբրերո դրած, բավականին գիրուկ Նարեկ Դերյանը։ Նա մոտենում է ջոկատին։
ԲՐԻՋԻԴ ՉՔՆԱՂՅԱՆ – Ուշադրություն, ուշադրություն, հրապարակ է մտնում Մեյերխոլդի անվան 1-ին մրցանակաբաշխության դափնեկիր, մրցանակը՝ դափնու պսակի փոխարեն թանկարժեք սոմբրերո, ճանաչված ռեժիսոր և ճամբարի պետ Նարեկ Դերյանը։
ՏՈՒՏՈՒ ՏԵՐՅԱՆ — Տու-տու-տու, տո՜ւ…
ԲՐԻՋԻԴ ՉՔՆԱՂՅԱՆ – Հավսա՜ր, զգա՛ստ։
Ճամբարի պետը կանգնեցնում է հեծասայլակը ջոկատի դեմ, իջնում է ծանր ու մեծ, սոմբրերոն հանելով բարձր գոչում է.
ՆԱՐԵԿ ԴԵՐՅԱՆ – Ողջույն, «Տիեզերք» ճամբարի փորձարարական ջոկատի անդամներին։
ՋՈԿԱՏ — (միաձայն): Ողջույն հայոց ճամբարապետին։
ԴԵՐՅԱՆ – Համ էլ ռեժիսորին։
ՋՈԿԱՏ – Համ էլ ռեժիսորին։ Սոմբրերոյի դափնեկիր։
ԴԵՐՅԱՆ – Շատ եղավ, պարզապես՝ բեմադրիչ։ (Դնում է սոմբրերոն։) Ես այսօր մի ոտքի վրա չեմ զարթնել, այլ երկու, և շատ խիստ չեմ, ուղղակի ձեր հագուստները չափազանց բազմազան են, սիրելի փոքրիկներ, կարծում եմ, սխալը Բրիջիդ Չքնաղյանինն է, ձեզ չի զգուշացրել, ճիշտ չէ՞, օրիորդ Չքնաղյան։
ՉՔՆԱՂՅԱՆ – Ճիշտ այդպես։
ԴԵՐՅԱՆ – Սիրում եմ, որ մարդիկ ընդունում են իրենց բացթողումը։ Ուրեմն՝ դուք պիտի հագնվեք ինչպես Բրիջիդ Չքնաղյանը՝ կարճ շալվար, կարճ զգեստ, Մաքրուհին հատկապես, և կրեք արևապաշտպան գլխարկներ, քանզի Ծաղկաձորում լեռնային արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վառում-թողում են, հատկապես՝ ճաղատներին, հատկապես քեզ՝ Երջանիկ, և քեզ՝ Գիտունիկ Արևյան։ Չմտածեք, որ փոքր եք, չեմ ասում՝ տարեց, բայց արևի համար մեկ է, մեծ-փոքր, այրում է։
ՏՈՒՐՅԱՆ – Տու-տու-տու, տո՜ւ…
ԴԵՐՅԱՆ – Տեղը չէր… կարևոր բան ունեմ ասելու։ Ջոկատի բոլոր անդամները ատամի մածուկ և խոզանակ ունե՞ն։
ՋՈԿԱՏ — (միաձայն): Այո, նաև՝ վզկապ։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ես երբեք մինի կամ կարճ շալվար չեմ հագել։
ԴԵՐՅԱՆ – Դա կարող է երբեմն պետք գա, երբեմն՝ չէ։ Մենք տարբեր խաղեր ենք կազմակերպելու, հատկապես վաղը, ձեզ Չքնաղյանը կպատրաստի, մեկնելու ենք Քաչալ սարի քարանձավ ու հանկարծ հայտնվելու ենք մարդկության մանկության, վաղ մանկության ժամանակաշրջան։ Այնտեղ դուք կփորձարկեք ձեր կամքը, հմտությունը և այլն, և այլն։ Իսկ հիմա գնացեք օրիորդ Չքնաղյանի հետ, նա ձեզ կնախապատրաստի վաղվա շատ դժվար, շատ հետաքրքիր դերախաղի։ Կա՞ն առաջարկներ։
ԵՐՋԱՆԻԿ – Դինոզավրերի կհանդիպե՞նք։
ԴԵՐՅԱՆ – Առաջ մի ընկեք, քո դառը մանկությունը քեզ դասեր տված կլինի։
ԱՊՐԵՍՅԱՆ – Ավտոմատ վերցնե՞մ։
ԴԵՐՅԱՆ – Տղա ջան, սա ճամբար է, ռազմաճակատ չէ, ավտոմատը ո՞վ է թույլ տվել մանկական ճամբար բերել։
ՉՔՆԱՂՅԱՆ – Նրանք տեղեկացված էին, որ մանկական է, իսկական մանկական, բայց…
ԴԵՐՅԱՆ – Ոչ մի բայց, ավտոմատները, ատրճանակները…
ԱՊՐԵՍՅԱՆ – Իսկ տա՞նկը։
ԴԵՐՅԱՆ – Ասֆալտը դո՞ւ ես քանդել… Հայրիկդ հետո կնորոգի, դա՝ քեզ պատիժ։
ԱՊՐԵՍՅԱՆ – Ջի՞պն էլ չեք թողնում, ախր որսի ավտո է։
ԴԵՐՅԱՆ – Օրիորդ Չքնաղյան, այս երեխեքը շփոթել են՝ ուր են ընկել։ Զարզանդիկ ջան, սա փորձարարական ճամբար է, ոչ մի մեծի խաղալիք, զենք և այլն, հասկացա՞ք։
ԳՅՈՒՏ – Իսկ մեծի պես մտածել կարելի՞ է։
ԴԵՐՅԱՆ – Եթե հասցնեք, եթե ժամանակ ունենաք, ձեզ օրիորդ Չքնաղյանը կպատրաստի փորձությունների։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Ընկեր Դերյան, թող ինձ էլ անձամբ պատրաստի։
ԴԵՐՅԱՆ – Այսինքն՝ Բրիջիդն անձա՞մբ, թե՞ քեզ միայնակ, անձամբ։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Ինձ միայնակ, նա միայնակ, մի խոսքով՝ երկուսով։
ԴԵՐՅԱՆ – Թռչուն ջան, դու նախկինում դատավո՞ր ես եղել, թե՞ խոստովանահայր։
ՉԱՐՅԱՆ — (միջամտելով): Հա՛մ էն, հա՛մ էլ՝ էն։
Ջոկատը միաձայն խնդում է, որից հետո լսվում է Մանչուկյանի խռպոտ բասը.
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Դատավորները մինչև բռնվելն են դատավոր, հետո՝ խոստովանող։
Ջոկատը խնդում է միաձայն։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Դու սուս, կաչաղակ, մանկությունը չհասկացար, կանանցից ոչինչ չես հասկանա։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Ո՞վ, ե՞ս, երեք կին եմ առել, հինգ երեխա ունեմ, հիմա ազատ թռչուն եմ։
ԹՌՉՈՒՆՅԱՆ — (կծելով):– Ազատ մանչուկ։
ՉԱՐՅԱՆ – Կծելը դուրս եկավ, համա թե սուր լեզու ունես, Թռչուն։
ՉՔՆԱՂՅԱՆ – Ի՜նչ անուշ օդ է, լեռնային։
ՄԱՔՐՈՒՀԻ – Մաքուր օդ է, ասես Աստված է մաքրել իր կայծակի ավելով։
ԳԻՏՈՒՆԻԿ – Կեցցես, Մաքրուհի, մինչ այժմ չգիտեն, թե ո՞նց է կայծակն ազդում օդը կազդուրիչ դարձնելուն։ Փոքրուց եմ փորձել ճանաչել այդ բանը։
ԵՐՋԱՆԻԿ – Ընկեր Դերյան, դուք էլ չգիտեք՝ ո՞նց է կայծակը մաքրում։
ԴԵՐՅԱՆ – Ավել-պակաս հարցեր մի՛ տվեք, ձեզնով կզբաղվի Չքնաղյանը։
ՏՈՒՐՅԱՆ — Տու-տու-տու, տո՜ւ… Լսարանից՝ ճաշարան, ճաշարանի լվացարան, լվացարանից՝ զուգարան, զուգարանից՝ ննջարան, ննջարանից՝ քարանձավ, տու-տու-տու, տո՜ւ…
Դերյանը հեծասայլակով գնում է հրապարակից, բարձրացրած սոմբրերոն, գոչում է.
ԴԵՐՅԱՆ – Վաղը մեծ օր է լինելու, վաղն է սկիզբը մարդկության մանկության։
ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐ
Ադամամութին ջոկատը շարժվում է դեպի քարանձավ։ Բոլորն իրենց վրա գցել են կենդանիների մորթիներ, կարմիր վզկապներով են, ձեռքներին՝ փայտե նիզակներ։ Առջևից քայլում է Նարեկ Դերյանը, մորթիների մեջ հսկա արջ է հիշեցնում, նրանից քիչ ետ Տուրյանն է՝ այծի մորթով պատված, նրա կողքին Բրիջիդն է՝ զարդարված գիշանգղի փետուրներով ու գոտկատեղից ներքև, բաց պորտից վերև՝ գայլի մորթով ծածկված։ Երկուսն էլ՝ նիզակով։ Ջոկատը քայլում է կանոնավոր, բայց դանդաղ։
ԴԵՐՅԱՆ — (շրջվելով) – Ջոկատ, հո բիձեք չե՞ք, մի քիչ արագ քայլեք, արևի ծագելը տեսնենք… Մաքրուհի, հո չե՞ս խեղճանում։
ՄԱՔՐՈՒՀԻ – Չէ, ընկեր, պարոն Դերյան, էս ժամին եմ գործ անում, ավելի տեղ հիմա նիզակ է։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Նստակյաց կյանքին սովոր ենք, շուտ ենք հոգնում։
ԳԻՏՈՒՆԻԿ – Մարզանք էլ չես արել, տես ես ոնց եմ քայլում՝ մեկ-երկու, մեկ-երկու։
ՉԱՐՅԱՆ – Գիտությամբ է քայլում։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Փոքր ժամանակ էլ է գիտությամբ վազվզել, բանկա-փլավ խաղացել։
ԵՐՋԱՆԻԿ – Ոտքս քարի առավ, էս ինչո՞ւ չեն մաքրել դաշտերը։
ՉԱՐՅԱՆ – Հա էլի, շարժասանդուղք չեն դրել։
ԵՐՋԱՆԻԿ – Քեզ նայի, շունչդ կտրվում է։
ԲՐԻՋԻԴ – Ո՞նց է իրեն զգում Զարզանդիկը։
ԱՊՐԵՍՅԱՆ – Ոնց որ հեծանիվ քշեմ, ընկեր Բրիջիդ, ես գառներ եմ արածեցրել, այծերի ետևից վազվզել ու շան հետ կռվել եմ գայլերի դեմ։
ԲՐԻՋԻԴ – Կեցցես, դու պատրաստ ես պայքարելու դինոզավրերի դեմ։
ԱՊՐԵՍՅԱՆ – Ընկեր Չքնաղյան, ձեր խաթեր համար, կբռնեմ, կխեղդեմ։
ՉԱՐՅԱՆ – Պահ-պահ, հերոս է մեծանում։
ԱՊՐԵՍՅԱՆ – Տո պատահական հանդիսատես, ի՞նչ ես ձեռ առնում, նիզակով փորդ կթափեմ, հի՜-հի՜, կատակ եմ անում։
ԳԻՏՈՒՆԻԿ – Նման կատակը ողբերգությամբ է ավարտվում։
ԵՐՋԱՆԻԿ – Չարի կամ Չարյանի վերջը։
Ջոկատը ծիծաղում է։ Քիչ անց լսվում է Մանչուկյանի հառաչը։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Մեկը ըլներ, ինձ շալակած տաներ։
ՉՔՆԱՂՅԱՆ – Եթե դու չամաչես, ես կշալակեմ։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Ընկեր Բրիջիդ, ես ձեզնից չաղ եմ։
ՉՔՆԱՂՅԱՆ – Բայց դու մոռացա՞ր, որ մանչուկ ես։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Երեխա ժամանակ էլ չաղ եմ եղել, շատ էի վերմիշելով փլավ ուտում։
ԵՐՋԱՆԻԿ – Իմ մանկությունը էս տեղերում է անցել, նստած եմ գրում։ Հեմինգուեյի պես կանգնած գրել չսովորեցի, նրա պես առյուծի որսի չգնացի։
ՉԱՐՅԱՆ – Սովետը ո՞նց կթողներ գնայիր Աֆրիկա։
ԵՐՋԱՆԻԿ – Էս կողմերում արջեր կան։ Վա՛խ, ոտերս։
ԴԵՐՅԱՆ – Ջոկատ, կա՛նգ առ, մենք արդեն հասնում ենք քարանձավ, մի քիչ էլ վեր նայեք, ի՞նչ է գրված։
Քարանձավի ճակատին գրված է՝ Աֆրիկա։
ԳԻՏՈՒՆԻԿ – Վայ, Աֆրիկա է գրված։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Ի՞նչ Աֆրիկա, քարանձավ է։
ԴԵՐՅԱՆ – Մտնելու ենք քարանձավ, որ Աֆրիկան է, մարդկության մանկության մայրցամաքը։
ԳԻՏՈՒՆԻԿ – Այո, այնտեղից են սկիզբ առել չինացիք, հնդիկները, հայերը վրացիք, պարսիկները, վերջապես՝ աֆրիկացիք, հատկապես՝ բերբերները։
ԴԵՐՅԱՆ – Ով կվախենա մուտք գործել Աֆրիկա, թող նախապես խոստովանի։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Ես չեմ խոստովանի, ընկեր Դերյան։
ՋՈԿԱՏ — (միաձայն): Չենք խոստովանի, պատրաստ ենք լինել մարդկության մանուկներ։
ԴԵՐՅԱՆ – Կեցցե մեր ջոկատը, «Տիեզերք» ճամբարի «Առաջ կամ վերադարձ մանկություն» հրոսակախումբը։
ՇԵՓՈՐԱՀԱՐ – Ես կասեի՝ ոչ հրոսակախումբը։
ԱՊՐԵՍՅԱՆ – Հերոսակախումբը։
ՉՔՆԱՂՅԱՆ – Չքնաղ մանկախումբ։
ՄԱՔՐՈՒՀԻ – Էս ինչ մաքուր ձայն ունեք, ընկեր Բրիջիդ։
ԴԵՐՅԱՆ – Այո, ձայն բարբառո քարանձավի։ Ճի՞շտ ասացի, Տխրունի։
ԵՐՋԱՆԻԿ – Սրամիտ էր։
ԳԻՏՈՒՆԻԿ – Իսահակյանը կասեր՝ գյումրեցի Պոլոզ Մուկուչի ախպերն եք՝ սրամիտ։
ԴԵՐՅԱՆ – Շնորհակալ եմ անհամաչափ համեմատության համար, Գիտունիկ ջան, բայց էլի եմ կրկնում՝ մի՛ խոսեք մեծավարի։
ՉՔՆԱՂՅԱՆ – Մեզ սպասվում է մանկական նեանդերթալյան թրիլլեր Աֆրիկայում։
ԴԵՐՅԱՆ – Ինչպես միշտ՝ Բրիջիդը չքնաղ է, պատրաստ արշավելու Աֆրիկա… Նիզակները բարձր, իրար պաշտպանելու պատրաստ, ամեն պահ մեզ դարանում է վտանգ, այսինքն՝ սպասվում։ Ճի՞շտ ասացի, Տխրունի։
ԵՐՋԱՆԻԿ – Դրությանը համապատասխան։
ԳԻՏՈՒՆԻԿ – Մեծ գյուտերը ոգեշնչում են պահանջում։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ընկեր Դերյան, կարելի՞ է ձեր ականջին մի բան ասեմ։
ԴԵՐՅԱՆ – Իհարկե, Մաքրուհի ջան։
ՄԱՔՐՈՒՀԻ — (մոտենում, ականջին շշնջում է): Կարելի՞ է մինչև քարանձավ կամ Աֆրիկա հասնելը գնամ ծաղիկ հավաքելու։
ԴԵՐՅԱՆ — (բարձրաձայն): Միայն ոչ կակտուսի։
ՄԱՔՐՈՒՀԻ — (շփոթված): Չէ, շուտ կգամ։
ՉՔՆԱՂՅԱՆ – Ես էլ գնամ, օգնեմ։
ԴԵՐՅԱՆ – Նիզակները չմոռանաք թփերի տակ։
ՉՔՆԱՂՅԱՆ – Գնանք, Մաքրուհի։
Գնում, արագ վերադառնում են։
ԴԵՐՅԱՆ – Փչիր, շեփորահար, փչիր այս աշխարհից մարդկության վաղ մանկության անցնելու ռազմակոչը։
ՏՈՒՐՅԱՆ – Տու-տու-տու, տո՜ւ… Ճաշարանից ծաղկաստան, ծաղկաստանից քարանձավ, քարանձավից Աֆրիկա..
ՉՈՐՐՈՐԴ ԱՐԱՐ
Կամարակապ գրության տակով առաջինը ներս է մտնում Դերյանը, ապա՝ Տուրյանը, հետո՝ Չքնաղյանը, նրանց է հետևում իծաշարուկ ջոկատը։ Քարանձավում գազանների, անանուն թռչունների և այլ կենդանակերպերի անտանելի աղմուկ է։
ԴԵՐՅԱՆ – Ջոկատ, գլուխը բարձր, ոչ մի շփոթություն ու վախ, այնպիսի հայացք ընդունեք, որ ձեզանից վախենան։ (Սոմբրերոն ձեռքն առնելով՝ չռում է աչքերը։) Հը՞, սարսափելի է, չէ՞։
ԵՐՋԱՆԻԿ – Կիկլոպները գլուխը պատին են տվել, Դուք ավելի զարհուրելի եք։
ՉՔՆԱՂՅԱՆ – Բայց շատ ազդեցիկ, ասես Լուի դը Ֆյունեսը էն ֆիլմում։
ՏՈՒՐՅԱՆ – Երեխեք, սա դինոզավրի բույն է, տեսնես ո՞ր անկյունում է թաքնված։
ԱՊՐԵՍՅԱՆ – Առաջինը ես եմ դեմը գնալու։
ՉԱՐՅԱՆ – Չէ, ես։
ԱՊՐԵՍՅԱՆ – Արա, դու ո՞ւր էիր կռվի ժամանակ։
ՉԱՐՅԱՆ – Դոկտորական էի պաշտպանում։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Թողեք Զարզանդն իր երազանքին հասնի։
ԴԵՐՅԱՆ – Չհասկացա, ինձ շրջանցո՞ւմ եք, ձեզ էդ դերը չեմ զիջի, ես եմ նիզակահարելու։
ԵՐՋԱՆԻԿ – Ես կպաշտպանեմ Չքնաղյանին։
ԳԻՏՈՒՆԻԿ – Ես էլ Մաքրուհուն կպաշտպանեմ։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Թողեք գոնե մի անգամ դինոզավր սպանեմ։
ԱՊՐԵՍՅԱՆ – Դու ճանճ սպանած կա՞ս։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Լսիր, քեզ հերոսի տեղ ես դրել ու վանքի հավերն ես կերել, կարծում ես չգիտե՞նք։
ԱՊՐԵՍՅԱՆ — (նիզակը դեպի Թռչունյանի կուրծքը ուղղելով): Գնա Բրիջիդի ոտը պաչի, որ քեզ շանսատակ չեմ անում, ես կնոջ դեմ արյուն չեմ թափի։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Բա ո՞նց ես դինոզավր խոցելու։
ԱՊՐԵՍՅԱՆ – Նա ուրիշ, դու՝ ուրիշ, արա, համ էլ ի՞նչ գիտես, որ նրա արյունը կարմիր ա։
ԳԻՏՈՒՆԻԿ – Արյունն ընդհանուր բաղադրություն ունի, նույն սկիզբն ունենք բոլոր կենդանիներս, Զարզանդ ջան, Թռչունյանին թող, նայիր էն խորշին։
ԱՊՐԵՍՅԱՆ – Խորշը ի՞նչ ա, ես խորշանք եմ լսել։
Այդ պահին հսկա խորշից դուրս է գալիս դինոզավրը և անմարդկային վայնասունով վրա տալիս Դերյանին։ Դերյանը ճարպկորեն սոմբրերոն նետում է նրա երախը և, մինչ նա զզվանքով կծամծմեր, լսվում է Դերյանի ահեղ գոչյունը։
ԴԵՐՅԱՆ – Ա՛ռ քեզ ծղոտե սոմբրերոս, բուսակեր գազան, ա՛ռ քեզ։ (Նիզակով հարվածում է գազանի դոշին։)
Քարանձավը դղրդում է, դինոզավրը ընկնում է կողքի, գալարվում է ու ասես մարդու ձայնով ասում.
ԴԻՆՈԶԱՎՐ – Եվ դու, Նարեկ, ախր Փարիզում ես ապրել, կրթվել Ռոբեր Օլիվիեյի հայացքի տակ ու Բրիջի…
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ — (ձայնը՝ բարձրախոսից): Այստեղ ընդհատվում է նրա ճիչը։ Ջոկատը մտածում է, թե դինոզավրը նկատի ուներ Չքնաղյանի հետ Դերյանի գաղտնի սիրակապը, սակայն միայն Տխրունին էր մտքում հերքում այդ վարկածը, նա կարծում էր, թե իսկական Բրիջիդ Բարդոյին նկատի ուներ, և Չքնաղյանը միայն անմեղ ջոկատավար է։
ԴԵՐՅԱՆ — (հպարտ, խրոխտ ձայնով): Մեր դարդը քիչ էր, հիմա էլ ընկնենք կենդանասերների կուսակցության սև ցուցակը։
ԱՊՐԵՍՅԱՆ – Ընկեր Դերյան, ես իմ վրա կվերցնեմ, ինձ ինչ ասես ասել են։
ԴԵՐՅԱՆ – Զարզանդիկ ջան, դու էլի մոռացար, որ մանուկ ես և ոչ մի կապ չունես քո նախկին կերպարի հետ, քեզ տվել եմ այլ դեր, համակերպվի։
ԳԻՏՈՒՆԻԿ – Բա ի՞նչ ենք անելու էս դինոզավրի ջանդակը, գոնե ուսումնասիրենք։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Կմախքն էլ որևէ դպրոցի նվիրենք։
ՉԱՐՅԱՆ – Մի՞սն ինչ ենք անելու։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Ձեզանից մեկը սրա միսը կերած կա՞։
ԱՊՐԵՍՅԱՆ – Այ տղա, երևի մոռացա՞ր, որ առաջին անգամ ենք նախնադարում, մենք սովոր ենք խոզի չալաղաջ, կողեր ուտելուն, կրծելուն, գառան միս ենք ուտում, եղնիկինն էլ չխանգարի, էլ չեմ ասում արջ ու կաքավ։
ԳԻՏՈՒՆԻԿ – Զարզանդ, դու ոնց որ խոսես մսաղացի մասին։
ԱՊՐԵՍՅԱՆ – Բա, Գիտունիկ ջան, գիտե՞ս մարդը օդից ա շինված, մարդը ամենամեծ գազանն ա, հենց կռվի ժամանակ…
ԵՐՋԱՆԻԿ – Բա հիմա ի՞նչ ենք անելու։
ԴԵՐՅԱՆ – Նախ քեզ շնորհակալ ենք, Երջանիկ ջան, որ կազմակերպված պաշտպանեցիր Բրիջիդին, նրա մեջքը ձախ ձեռքով գրկած, աջով նիզակը նրա դեմը փակած։ Քեզ հատուկ շնորհակալագիր կտանք։
ԳԻՏՈՒՆԻԿ – Ես էլ Մաքրուհուն պաշտպանեցի, աջ ձեռքով իրանը գրկած, ես ձախլիկ եմ, նիզակը ձախ ձեռքումս Մաքրուհու դիմաց պահած։
Հանկարծ Տուրյանը փչում է շեփորը։
ԴԵՐՅԱՆ – Էդ ինչի՞ համար։
ՏՈՒՐՅԱՆ – Շնորհակալագրի։
ԴԵՐՅԱՆ – Հա, ճիշտ որ։
ԱՊՐԵՍՅԱՆ – Մի բան էլ իմ փորձից ասեմ. խփված գազանի մորթին հասնում ա զարկողին, ճի՞շտ չեմ ասում, Մանչուկյան։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Քիչ էր մնում քնեի, չթողիք զարկեմ թշվառականին։
ԴԵՐՅԱՆ – Հաջորդ անգամ։ Էլի կա որս, այն էլ՝ շատ վտանգավոր վայրերում։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Նոր-նոր եմ զգում կյանքի քաղցրությունը։ Դինոզավրի մորթին ձեզ շատ կսազի, ընկեր Դերյան։
ԳԻՏՈՒՆԻԿ – Հլա տեսեք, պետի սոմբրերոն էլ լրիվ չի հասցրել ծամել։
ԶԱՐԶԱՆԴ — (մոտենալով կենդանուն, նրա երախից զգուշորեն հանում է գլխարկը): Սա հիմա կբերեմ իր հին տեսքին, մեր պետը ընենց զարկեց, որ սոմբրերոն սաղլամ մնաց։
ՉՔՆԱՂՅԱՆ – Սոմբրերոն նրան շատ է սազում, նա ասես մեքսիկացի երգիչ լինի։
ԴԵՐՅԱՆ — (դոշը ցցելով): Լավ է չասիր՝ Սանչո Պանսային: (Դնելով սոմբրերոն՝ երգի մի քանի տող է օպերային ոճով երգում:) Ջամայկա՜, Ջամայկա՜… Դուն էն գլխե՜ն…
ԳԻՏՈՒՆԻԿ – Ի՜նչ տենոր ենք կորցրել։
ԵՐՋԱՆԻԿ – Մի քիչ էլ՝ բարիտոն։ Ռոբերտո Լորետտի՜։
ԱՊՐԵՍՅԱՆ – Այ տղեք, էն մեր գյուղի ռաբիսի պես անուշ ձեն ունի։
ՄԱՔՐՈՒՀԻ – Էս դինոզավրին թողենք անտեր ու խոսե՞նք օպերայից, ես իմ նիզակով կամ սատանի քար կգտնենք, մաշկենք, միսը խորո… չէ, ի՞նչ եմ ասում, հում-հում ուտենք։
ՉԱՐՅԱՆ – Տո ճիշտ էլ ասում է, տղեք, սատանի քար փնտրենք. առաջին անգամ դինոզավրի միս կճաշակենք։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Կերվավ՝ լավ, չկերվավ՝ էլի լավ, կգցենք մյուս գազանների ու թռչունների դեմ։
ԳԻՏՈՒՆԻԿ — (ժպտալով): Ինքն իր մասին է մտածում։
Ջոկատը միահամուռ խնդում է, քարանձավն արձագանքներով հիշեցնում է, որ նախնադար է և ամեն միս էլ կարելի է համտեսել։ Գտնում են սատանի եղունգներ և չորս կողմից շրջապատած՝ քերթում են դինոզավրին։ Դերյանը ռեժիսոր չէր լինի, որ չառաջարկեր բեմադրիչի հետաքրքիր խաղը։
ԴԵՐՅԱՆ – Ջոկատ, շատ ուրախ եմ, որ մենք կհամտեսենք, տեսնում եք՝ ես էլ պակաս մսակեր չեմ, ուզում եմ նիհարել, դիետա պահել, բայց եկավ, դեմս ելավ էս դինոզավրը։ Բայց, սիրելիներս, ամեն անգամ ո՞նց գտնեմ այսպիսի հայվան, որ սպանեմ ու բեմ բարձրացնեմ, կամ եթե ուտենք, բեմին ի՞նչ ցուցադրենք… Ես առաջարկում եմ Աֆրիկա գնալուց առաջ սրանից խորոված սարքենք, համտեսենք, փորձենք, ճաշակենք, վայելենք, իսկ բեմի համար կարտոնից մի դինոզավր կպատրաստենք, վրան մորթին կքաշենք ու հանդիսատեսը միշտ կծափահարի մեր հերոսությանը, ճիշտ չե՞մ, սիրելի հանդիսատես։
Հանդիսատեսներն ակամա ծափահարում են, և ոմանք ճչում՝ ճիշտ որ, ճիշտ որ…
Ջոկատը միահամուռ ժրաջանությամբ կտրտում, մաս-մաս է անում դինոզավրին։ Հանկարծ լսվում է Մաքրուհու ճիչը։
ՄԱՔՐՈՒՀԻ – Իսկ ո՞նց ենք խորովելու, եթե դեռ չկա կրակի գյուտը։
Ջոկատը անակնկալ հարվածից պապանձվում է։ Մինչ Դերյանը կփորձեր մի առաջարկ անել, խոսեց Գիտունիկը։
ԳԻՏՈՒՆԻԿ – Հարգելիներ, սա նոր, վաղ մարդկություն է, և չպետք է անտեղի խառնվենք իրար։ Երբ դինոզավրը հարձակվեց, նայեցի Չքնաղյանի սև-սև աչքերին, և ի՞նչ… կրակ էր ցոլում, բիբերը պեծին էին տալիս, դեմքս խանձվեց, ահա, նայեք։ (Թեքվում է դեպի հանդիսատեսը։) Դուք էլ նայեք, իմ ընկերներ։ Ուրեմն, առաջարկում եմ իմ՝ այս մանկության առաջին գյուտը՝ մի քանի մազ խնդրենք շիկահեր Չքնաղյանից, խնդրենք մի րոպե սևեռուն նայի իր իսկ մազերին և… կրակը պատրաստ է։ Մազերը կպահեմ իմ ձեռնափերում։
ԴԵՐՅԱՆ – Հանճարեղ է և հակահրդեհային, ինչ հավես՝ հրշեջ գա, տուգանի, փակեն թատրոնը…
ԵՐՋԱՆԻԿ – Ախր ես էի հսկում Բրիջիդին, քո դեմքը ո՞նց խանձվեց, այ գիտունիկ։
ԳԻՏՈՒՆԻԿ – Մի խանդիր, ես կողքից նայեցի, ճիշտ չի՞, Մաքրուհի։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ճիշտ որ ասեմ՝ իմ աչքերն էլ վախից կայծեր տվեցին։
ԳԻՏՈՒՆԻԿ – Բայց դու շիկավարս չես, մազերդ էլ շատ կարճ են։
ՄԱՔՐՈՒՀԻ — (գլուխը խոնարհած): Կներեք։
ԵՐՋԱՆԻԿ – Երկուսով բռնենք կրակը, պոեզիան զոհ է պահանջում։
ԴԵՐՅԱՆ – Հանուն մեր ներկայացման կայացման՝ մեր պաշտելի Չքնաղյանը, հավատացած եմ, կզոհաբերի երեք երկար մազ և մեկ րոպե կսևեռի իր բրիջիդային հայացքը Երջանիկի և Գիտունիկի ձեռնափերի մեջ։
ԳԻՏՈՒՆԻԿ – Թող ձեռքերս այրվեն, դա էլ իմ զոհաբերությունը առաջին գյուտիս ծննդյան առթիվ։
ԵՐՋԱՆԻԿ – Իմն էլ։
ԱՊՐԵՍՅԱՆ – Բա չե՞ք ասում, որ առաջին խորովածը կեղնի, էն էլ էս անդուր ջանդակից, այ թե իմ ռեստորանում էղնեինք…
ԴԵՐՅԱՆ – Ապրում ենք ներկայով, ինչքա՞ն ասեմ, հրամայում եմ կրակը վառել քարանձավում, սեղանն էլ էն հարթ բազալտը կլինի, աթոռներն էլ՝ ուրիշ քարերից, կամ կնստենք գետնին, դիմանանք թատերախաղի կտտանքներին։
ՉՔՆԱՂՅԱՆ – Դա կօգնի քաշ գցելուն։
ԴԵՐՅԱՆ – Դու ուղիղ թիրախի տասնոցին խփեցիր։ Բայց մի շեղվիր, նայիր Գիտունիկի ձեռքերին ու կրա՛կ, կրա՛կ, կրա՛կ…
ԱՊՐԵՍՅԱՆ – Համազարկ, սիրտս թունդ առավ, կրա՛կ թշնամուն…
ԵՐՋԱՆԻԿ – Խորովածը դարձրինք պատերազմ։
ԳԻՏՈՒՆԻԿ – Մի մոռացիր, Երջո ջան, դա իմ առաջին գյուտն է։
ԴԵՐՅԱՆ – Մինչև Աֆրիկա հասնելը՝ խորովածի ծես կհորինենք։ Առաջ՝ դեպի խորոված։
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՐԱՐ
Քարանձավում բոլորակ շարած քարերի վրա նստել է ջոկատը, գլխավոր քարին, սեղանի գլխին բազմել է Դերյանը։ Բազալտե սեղանին շարված է բնության բարիք կանաչեղենը, որը հիմնականում հավաքել է Մաքրուհին։ Խոշոր տերևների վրա դրված են դինոզավրի մսի կտորտանք, կմախքը հենած է քարանձավի պատին։ Կավե սափորով ջուր է դրված, սատանի եղունգները դանակներ են, իսկ որպես պատառաքաղ ծառայում են բնական ձեռքերը, որոնք ստեղծված են հենց պատառաքաղի տեսքով։ Քարանձավում հնչում է մեղեդի՝ խորովածին ձոնված առաջին երգը, դրան ձայնակցում են ջոկատի անդամները։
ԱՊՐԵՍՅԱՆ – Խորովա՜ծը շատ լավ բան ա, վա՜յ տուտու, տուտու, տուտո՜ւ…
ՏՈՒՐՅԱՆ – Տուտու-ները, Զարզանդ, թող ես երգեմ ու նվագեմ։
ԱՊՐԵՍՅԱՆ – Ախպեր, թող քո ասածը լինի՝ Խորովա՜ծը շատ լավ բան ա…
ՏՈՒՐՅԱՆ – Վա՜յ տուտու, տուտու, տուտո՜ւ… (Ապա նվագում է շեփորով՝ տու-տու, տու, տո՜ւ:)
ԴԵՐՅԱՆ — (կանգնելով, վրան գցել է դինոզավրի մորթին): Հրաշալի է, մենք այսօր բացում ենք նոր էջ մարդկության խոհանոցի գրքում։ Ով կարդացել է այդ գիրքը, թող ձեռք բարձրացնի։
ՉՔՆԱՂՅԱՆ — (ձեռքը բարձրացրած): Դա իմ սիրելի գիրքն է, ի՜նչ պոեզիա, ի՜նչ իմաստներ…
ՄԱՔՐՈՒՀԻ — (ձեռքն ուղղած Դերյանին): Ընկեր Դերյան, երբ մեծացա, դա իմ սեղանի գիրքն էր Այբբենարանից հետո։
ԴԵՐՅԱՆ — (խիստ): Էլի հիշեցիք ձեր ապագան, այսինքն՝ անցյալը, թողեք, վերջապես հասկացեք, մենք նախնադարում ենք և տոնում ենք մեր առաջին հաղթանակը դինոզավրի դեմ և…
ԳԻՏՈՒՆԻԿ – Եվ իմ գյուտի՝ խորովածի, նախ՝ կրակի, ապա…
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Էլ ի՜նչ ապա՝ տվիր Նյուտոնին անցար։
ԵՐՋԱՆԻԿ – Պրոմեթևսին էլ հետը։
ԳԻՏՈՒՆԻԿ – Հարգելի մանուկներ, դուք շփոթում եք ժամանակները, դուք…
ԱՊՐԵՍՅԱՆ – Արա, լավ էլի, բոլա մեզ հետ դուք-ով խոսես, մենք էլ քեզ պես լակոտ ենք վայրենի։
ՉԱՐՅԱՆ – Ես որպես նախկին գիտության դոկտոր պիտի հավաստեմ՝ սեղանի շուրջ դու-ով խոսելն ավելի ճիշտ է, քան եվրոպական…
ՏՈՒՐՅԱՆ – Ի՞նչ Եվրոպա, շփոթեցիր մեր քարանձավը Լոնդոնի հետ։
ԴԵՐՅԱՆ – Էլի խառնվեցիք իրար, սիրելի վառ, դառը և խառը մանկության տեր ընկերներ, հիշեք, նախնադարում էլ խնջույքը սեղանապետ է պահանջում։
ՉՔՆԱՂՅԱՆ – Ձեզնից լա՞վ։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ճիշտ է, ճիշտ է, ուռա՜։
ԱՊՐԵՍՅԱՆ – Դուզն ասեմ, իմ գլխով էլ էդի անցավ։
ԴԵՐՅԱՆ – Լավ, լավ, ընդունում եմ։ (Բռնում է ջրով կավե գավաթն ու ասում մարդկության առաջին կենացը։) Ես հոտնկայս խմելու եմ…
ԱՊՐԵՍՅԱՆ – Բա Քարահունջի արաղ չըլներ։
ԴԵՐՅԱՆ – Ես էլի եմ կրկնում, խմելու եմ մարդկության առաջին կենացը՝ «Տիեզերք» ճամբարի անունից խմում եմ տիեզերքի, ճիշտ հասկացեք, մեզ շրջապատած տիեզերքի, որ ծնել է մեզ, հետո էդ դինոզավրին, որին պատահաբար սպանեցի, ճիշտն ասած, նիզակը պարզեցի, ինքը վրա տվեց ու ընկավ։ Ես դեմ եմ կենդանական աշխարհի վերացմանը։ Լավ, խմում եմ տիեզերքի և դինոզավրի կենացը։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ուռա, ոտնկայս։
ԵՐՋԱՆԻԿ – Հոտնկայս։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ես անգրագետ եմ և հպարտանում եմ դրանով։
ԳԻՏՈՒՆԻԿ – Մենք էլ մի գրագետ չենք։
ԴԵՐՅԱՆ – Վերջ վեճերին, կանգնած խմելով կատարում ենք ֆիզիկական վարժություն, հետո նստում ենք, էլի կանգնում, էլի նստում, մեր քեֆերն այսուհետ կվերածվեն ֆիզկուլտուրայի դասի։
Ջոկատը հոտնկայս խմում է ու նստում։
ԱՊՐԵՍՅԱՆ – Ինչ համով է ստացվել։
ՉԱՐՅԱՆ — Իմ ու Մանչուկյանի սարքածն է, բա համեմունքները…
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Ընկեր Դերյան, կներեք, գուցե պարոն-ով դիմեմ՝ և՛ ռեժիսոր եք, և՛ ճամբարի պետ, և՛ թամադա։
ԴԵՐՅԱՆ – Ոնց կամենաք, ազատ եք, ինչպես վայրի բնությունը։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Կարո՞ղ եմ մի կենաց առաջարկել։
ԴԵՐՅԱՆ – Ազատ եք, ինչպես վայրենի։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Ես շատ ցանկացա խմել Մաքրուհու կենացը։ Ինչպես վայել է ծնունդով արցախցի աղջնակի, նա հատ-հատ ջոկեց ուտելի բույսեր և համեմեց միսը։ Կենացդ, Մաքրուհի։
ԴԵՐՅԱՆ – Արժանի կենաց, հոտնկայս։
Ջոկատը ոտքի կանգնած խմում է։ Իսկ Մաքրուհին սկսում է թոնթորալ, հետո կանգնած լաց լինել։
ԴԵՐՅԱՆ – Մի հուզվիր, Մաքրուհի ջան, ի՞նչ եղավ։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ես հիշում եմ իմ պապի Տող գյուղը, իմ մանկությունը… Հետո ես պիտի ձեզ ասեմ, որ իմ երազանքը երգչուհի լինելն էր, մասնակցել եմ համամիութենական «Ոսկե ձայներ» մրցույթին և շահել 2-րդ մրցանակ։ Էն Պուգաչովան չթողեց 1-ինը ստանամ։ Հետո իմ դեմ փակեց կենտրոնական հեռուստատեսության էկրանը, մեր դպրոցում էլ, լսելով Պուգաչովայի անունը, ինձ թարս նայեցին, ես էլ թողեցի երգը և համալսարանի երկրաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո…
ԱՊՐԵՍՅԱՆ – Պահո՜, Գիտունիկ, մրցակից հայտնվեց։
ՄԱՔՐՈՒՀԻ – Կներես, Զարզանդ ջան, մութ ու լույս…
ՉՔՆԱՂՅԱՆ – Մութ ու վառ։
ՉԱՐՅԱՆ – Մութ ու պաղ։
ԵՐՋԱՆԻԿ – Մութ ու դառը։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Մութ ու խառը։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Տո ինչի՞ մութ ու չգիտեմ ինչ, հենց էլ լույս ու լույս…
ԱՊՐԵՍՅԱՆ – Էն ժամանակ, Բազմասեր ջան, դատավո՞ր էիր։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Դա կարևոր չէ, դու էլ հետո ես եղել բոլորի դատախազ։
ԱՊՐԵՍՅԱՆ – Թռչուն, մի կռկռա։
ԴԵՐՅԱՆ – Լռեք, թողեք Մաքրուհին ավարտի կենացի պատասխանը։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Կներեք։
ՄԱՔՐՈՒՀԻ – Հետո ինձ բախտը տարավ դատախազություն, ավելը տվեց ձեռքս ու ամուսնացա մի գործարարի հետ, նա սնանկացավ, ինսուլտից մեռավ, ես էլի՝ ավել ձեռքիս, չկարծեք լացում եմ, որ խղճաք, բարձր, շատ բարձր աշխատավարձ եմ ստանում, որ…
ԵՐՋԱՆԻԿ – Կաշառք չվերցնե՞ս։
ՄԱՔՐՈՒՀԻ – Դատախազները։
ԳԻՏՈՒՆԻԿ – Այո, Մաքրուհին որպես դատախազության համակարգի մաքրուհի բոլորիցս էլ ավելի է թոշակ ստանում։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Մենք էլ պակաս չենք՝ դատավորական։
ԵՐՋԱՆԻԿ – Որ կաշառք չվերցնեիր։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Այո, և չեմ վերցրել։
ԱՊՐԵՍՅԱՆ – Այ դու ապրես, քո ազգանունը պիտի Ապրեսյան լիներ։
ՉՔՆԱՂՅԱՆ – Զարզանդը շատ բարի է, ազգանունն էլ զոհեց։
ԴԵՐՅԱՆ – Սիրելիներ, թողեք ավարտի Մաքրուհին։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ես ձեզ համար մի երգ կերգեմ, որ սովորել եմ արցախցի տատիցս. ՛՛Ծիծեռնակը բույն է շինում՛՛…
ԵՐՋԱՆԻԿ – Դա երգ չի, այլ Ղազարոս Աղայանի բանաստեղծությունը։ Նրա տոհմը Արցախից էր։
ՄԱՔՐՈՒՀԻ – Տատս է երգի վերածել։
ՉՔՆԱՂՅԱՆ – Այ տատ եմ ասել։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Էդ մի տողն էլ բավական է, որ հասկանանք թռչունների բարձր էությունը։
ԵՐՋԱՆԻԿ – Դա հայ մարդու տեսակի մասին է։
ԴԵՐՅԱՆ – Ընկեր պատանիներ և մանուկներ, դուք իրար սիրեք ու պաշտպանեք թռչունների պես։ Բայց չթողեցիք՝ Մաքրուհին երգի։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ես չեմ նեղանա։
ԱՊՐԵՍՅԱՆ – Տո պարոն Դերյան, տեսնես՝ ոնց են էգ ջուռջուռները, աքլորները կռվում։
ԴԵՐՅԱՆ — (կանգնելով): Ապրես, Մաքրուհի, նստիր, իսկ հիմա ես ուզում եմ խմել խորովածի նախահոր, կրակի հորինման նախապապ Գիտունիկի՝ Գյուտ Արևյանի, ազգանունն էլ կրակ է ու կրակ… Ես հետո կխոսեմ Արև — Ար աստվածության նախասկզբի մասին։ Գիտունիկ ջան, քո պատանի, բայց ստեղծագործ մտքի…
Դեռ չարտասանած «կենաց» բառը, քարանձավ մտավ ՋԳԴԶ տեսչության
փորձագետը։
ՎԵՑԵՐՈՐԴ ԱՐԱՐ
ՓՈՐՁԱԳԵՏ – Իա՜, ինչ լավ էլ հավաքվել եք, մեկը հարցնի՝ էս քրջերն ինչի եք գցել վրեքներդ։
ԴԵՐՅԱՆ – Գուցե բարևեիք, պարոն փորձագետ։
ՓՈՐՁԱԳԵՏ – Այո, ձեզ տեսա, բարևը մոռացա։ Էս ի՞նչ աղմուկ է, ո՞նց էլ իրար լսում եք, դեցիբալը սահմանվածից շատ բարձր է, սա կգրանցեմ տուգանքի համար։
ԱՊՐԵՍՅԱՆ – Արա, էդ բալը որդե տեսա՞ր։
ՓՈՐՁԱԳԵՏ – Վայ, մեր հերոսը, դեռ չի փոքրացել։
ԱՊՐԵՍՅԱՆ – Հիմա քեզ փոքրացնել ցույց կտամ։ (Վեր է թռչում նիզակով ու՝ դեպի փորձագետը:)
ԵՐՋԱՆԻԿ — (հասցնում է կանգնել նրանց միջև): Զարզանդիկ, մի՛ սպանիր նրան, նա դեռ մեծ է, չի հասկանում՝ ինչ է խոսում… Թե ուզում ես զայրույթդ մեղմել, ինձ զարկի, պոեզիան զոհ է պահանջում։
ԱՊՐԵՍՅԱՆ – Այ Երջո ջան, թե դու մեջտեղ չընկնեիր, սրա վերջը կտայի։
ՓՈՐՁԱԳԵՏ – Նախ՝ ոչ թե սրա, այլ՝ նրա։
ԱՊՐԵՍՅԱՆ – Սրա էլ, նրա էլ… Տո դու ո՞վ ես, որ մեր նախնադարյան քեֆը հարամես։
ՓՈՐՁԱԳԵՏ – Սա քարանձավ ռեստորա՞ն է էս սարի գլխին, շունչս կտրվեց մինչև տեղ հասա։ Վայրենանոց է, սա ձեր, պարոն Դերյան, փորձարարական ճամբարը չէ, այստեղ մանուկներ չեն, այլ նախկին ջղայնացած մեծեր։
ԴԵՐՅԱՆ – Սա ընթացք է մինչև մանկություն, սա մարդկության մանկության շրջանն է։
ՓՈՐՁԱԳԵՏ – Հերոսն էլ՝ նեանդերթալյա՞ն։
ԱՊՐԵՍՅԱՆ – Տո, ներ-անտեր-թալյանը դու ես, այ անտեր ու դուզ, ես Ապրեսյան ե՛մ ու կմնամ Զարզանդ… Թե կռվի ժամանակ իմ վզվոդից ըլներիր…
ԴԵՐՅԱՆ – Մի՛ տաքացիր, Զարզանդիկ, փորձագետը տեղյակ չէ, որ մենք հիպնոսող ունենք և, եթե մեկը համառում է ու չի մանկանում, մենք դիմում ենք հիպնոսի օգնության։ Վեր կաց, Չքնաղյան, և Ապրեսյանին տար դինոզավրի կմախքի մոտ։
ՉՔՆԱՂՅԱՆ — (վեր է կենում, մոտենում Զարզանդին): Օ՜, բո՜ւ, բո՜ւ, օ՜, պարոն Դերյան, արա՞գ, թե՞ դանդաղ հիպնոս։
ԴԵՐՅԱՆ – Ոնց Զարզանդը կուզի։
ԱՊՐԵՍՅԱՆ – Բրիջիդ ջան, քո արագն էլ, դանդաղն էլ ինձ դրախտ կտանի։
ՉՔՆԱՂՅԱՆ — (բռնելով Զարզանդի ձեռքից, տանում է կմախքի մոտ): Օ՜, բո՜ւ, բո՜ւ, օ՜, Զար, Զար-զանդ-զենդ, օ՜, մո՜ւ, բո՜ւ…
Զարզանդը թեքվում է, հենվում նիզակին ու անշարժ, աչքերը փակ արձանանում։
ԴԵՐՅԱՆ – Ապրես, Ապրեսյան, ապրես, Չքնաղյան։
ԵՐՋԱՆԻԿ – Պարոն Դերյան, թույլ կտա՞ք՝ ինձ էլ հիպնոսի։ Ես էլ եմ ուզում շտապ մանկանալ։
ԴԵՐՅԱՆ – Բայց դու արդեն այդ ճամփին էիր։
ԵՐՋԱՆԻԿ – Արագ եմ ուզում, Բրիջիդ ջան։
ՉՔՆԱՂՅԱՆ – Պարոն Դերյան, համաձա՞յն եք։
ԴԵՐՅԱՆ – Միանգամայն։
ՉՔՆԱՂՅԱՆ — (բռնելով Երջանիկի ձեռքից, տանում է կմախքի մյուս կողմը): Օ՜, բո՜ւ, բո՜ւ, մո՜ւ-բ…
Երջանիկը թեքվում է կողքի և աչքերը փակ ժպտում է անիմաստ ու լուռ։
Հնչում է փորձագետի հեռախոսը։
ՓՈՐՁԱԳԵՏ – Ալո՜, այո, պարոն Խասյան, ես եմ, ո՞ւր եմ… քարանձավ ռեստորանում… չէ, չէ, քեֆի չեմ, գործի ժամին ի՞նչ քեֆ, ես նախնադարում եմ… Չէ, ձեռ չեմ առնում, ոչ էլ խելագարվել եմ… դինոզավր են մորթել, Դերյանի վրա գցված է մորթին, նիզակներով են, ազգային հերոս Ապրեսյանին կմախքի կողքը մի համարյա ստրիպտիզի շիկահեր աղջիկ հիպնոսեց… չէ, իրոք չեմ գժվել։ Չե՞ք լսում իխտիոզավրի, դինոզավրների ու անանուն թռչունների կռինչ ու վայնասուն։ Այո, հրշեջը մնաց սարի տակ, չկարողացավ բարձրանալ Քաչալ սարը, ոստիկանն ու հարկայինն էլ սրտները բռնած՝ ընկան դաշտի մեջ, չէ, էստեղ ոչ մի ավտո չի բարձրանում… Հա, էստեղ բոլորն էլ համարյա մերկ են, հատկապես շիկահերը։ Հա՛, կգրանցեմ դեցիբալի ուժգնությունը, անթույլատրելի հիպնոսը երեխեքի հանդեպ, իհարկե, Դերյանն է թույլ տվել, ճիշտ է, դինոզավր են սպանել, կզեկուցենք բնապահպաններին, այո, այո, խախտվել են մեծերի և փոքրերի իրավունքները։ Ե՞րբ է ավարտվելու… Հիմա կհարցնեմ Դերյանին… Պարոն Դերյան, ե՞րբ է ավարտվելու էս կրկես-ստրիպտիզը…
ԴԵՐՅԱՆ – Մենք պատրաստվում ենք Աֆրիկա լինել վաղն իսկույն ևեթ։
ՓՈՐՁԱԳԵՏ – Պարոն Խասյան, բեմադրիչը հայտարարեց, որ վաղը լինելու են Աֆրիկայում, ճիշտ լսեցիք՝ Աֆրիկա, չէ, չգիտեմ, հարցնեմ… Պարոն Դերյան, ինքնաթիռո՞վ, թե՞…
ԴԵՐՅԱՆ – Թե՛, պարոն փորձագետ, մենք ապրելու ենք մարդկության մանկությունը Աֆրիկայում, ի՞նչ ինքնաթիռ, ի՛նչ անվասայլակ, բա չտեսա՞ք Չքնաղյան Բրիջիդի հունարը՝ հիպնոսով։ Թատրոնն ունի բոլոր միջոցները, հա, իմիջիայլոց՝ Ստանիսլավսկին ասել է՝ թատրոնն սկսվում է կախիչից, իսկ այսօր՝ հեռախոսների անջատումով։
ՓՈՐՁԱԳԵՏ – Դա ի՞նձ եք ակնարկում։
ԴԵՐՅԱՆ – Թատրոնում բոլորը հավասար են։
ՓՈՐՁԱԳԵՏ – Մենք դեռ կքննենք, սա թատրո՞ն է, թե՞ սպանդանոց, թե՞ կրկես, թե՞ քաոս։
ԴԵՐՅԱՆ – Բոլորն իրար հետ, սա բոլոր ժամանակների թատրոնների հիբրիդ է, ինչո՞ւ կլինեն հիբրիդային պատերազմներ, չի լինի հիբրիդային թատրոն։ Իմ ոճն է, հին և նոր թատրոն։
ՄԱՔՐՈՒՀԻ – Պարոն Դերյան, փորձագետը սոված կլինի, մի կտոր միս հրամցնե՞մ։
ՓՈՐՁԱԳԵՏ – Դինոզավրի միսը պետք է բժշկական քննություն անցներ, սա էլ կգրանցեմ։ Հո՞ւմ եք ուտում։
ԳԻՏՈՒՆԻԿ – Ոչ, կրակի գյուտը ես արեցի, Բրիջիդի մազերից ու նրա չքնաղ աչքերի բոցով։
ՓՈՐՁԱԳԵՏ – Լավ է, քարանձավ չհասավ հրշեջը, տեղում շունչը կփչեր, եթե արդեն չի մեռել, Աստված հեռու պահի։
ՉԱՐՅԱՆ – Դուք հավատացյա՞լ եք։
ՓՈՐՁԱԳԵՏ – Ոչ, դե խոսք էր, ասի։
ԴԵՐՅԱՆ – Մենք վաղը Աֆրիկայում կուսումնասիրենք առաջին աստվածների ծննդաբանության ակունքներն ու դրդապատճառները։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Հավատացյալ լինելը օգնում է կալանվածներին։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Ես իմ փորձով հաստատում եմ դա։
ՉԱՐՅԱՆ – Իմ նստած ժամանակ միայն մի հոգի չէր հավատում։
ԳԻՏՈՒՆԻԿ – Եվ այդ մեկը դու էիր։
ՉԱՐՅԱՆ – Ճիշտ ես, Գիտունիկ, չեմ հրաժարվի։
ԴԵՐՅԱՆ – Դուք էլի լրիվ մեծավարի եք խոսում, թույլ տանք փորձագետը եզրափակի այս արարը։
Այդ պահին քարանձավի բաց մուտքից ներս է մտնում մի տարօրինակ արարած
և հայերեն հարցնում.
ԱՐԱՐԱԾ – Դինոզավրը քարանձավո՞ւմ է։
ԴԵՐՅԱՆ – Չէ, նրա դերն ավարտված է։
ԱՐԱՐԱԾ – Որ հանկարծ նոր դեր տաք, ասեք՝ իր ընկեր իխտիոզավրն էր հարցնում։
ԴԵՐՅԱՆ – Անպայման, անշուշտ, իսկ ձեր անո՞ւնը։
ԱՐԱՐԱԾ – Իխտեցի։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Ի՞նչ, ախտեցի՞… Ինձ ա ձեռ առնում։
ԴԵՐՅԱՆ – Չէ, իխտեցի, իխտիոզավրների ցեղից։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Հա, եսիմ…
ՓՈՐՁԱԳԵՏ — (լսելով հեռախոսի ձայնը): Հա, դուրս եմ գալիս քարանձավից, շտապ կգամ տեսչություն։ Ցը։ (Դադար:) Դե, սիրելի նախնադարցիք, ձեզ հաջողություն եմ ցանկանում մինչև Դերյանի հետ ՋԳԴԶ-ում, այսինքն՝ Ջահել գրողների, դերասանների զորակցությունում, հանդիպելը։ Կարծում եմ՝ շատ շուտով, մինչև Աֆրիկա հասնեք։ Ցը։
ԴԵՐՅԱՆ – Ցը։
ՓՈՐՁԱԳԵՏ – Ձեր այս, թույլ տվեք ասել, խառնիճաղանջ թատրոնից մի օգուտ ունեցանք մշակութային առումով՝ խոհանոցային գյուտ խորովածը, մեր երկրի բոլոր հարևանները դեռ չեն ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ։ Կներկայացնեմ տեսչություն, կարծում եմ տեղին գյուտ է։
ԳԻՏՈՒՆԻԿ – Մենք դեռ Յուրայի դարաշրջանում արեցինք այդ գյուտը։ ՅՈՒՆԵՍԿՕ արագ ուղարկեք, պատենտի իրավունքից հրաժարվում եմ, նաև՝ կրակի գյուտից, արագ ուղարկեք, թե չէ նեանդերթալցիք իրենց կվերագրեն։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Բայց մենք ենք, չէ՞, առաջին մարդկության մանկությունը։
ՄԱՔՐՈՒՀԻ – Այո, առաջարկում եմ մի հրապարակ կոչել խորովածի պատվին, մեջտեղում՝ բարձր շամփուր դինոզավրի մսակտորներով, ես էլ խոստանում եմ անվճար շաբաթը մեկ մաքրեմ շուրջը։
ՋՈԿԱՏ — (միաձայն): Համաձայն ենք։ Եկեք փորձագետի հետ նիզակներով խորովածի պարը պարենք։ (Վեր են կենում, պտտվում փորձագետի շուրջը:) Հե՜յ, նիզակների պար է, խորովածի պար, ջան տույ, տույ…
ՏՈՒՐՅԱՆ – Տու-տու-տու՜, խորոված ջան, խորոված…
Խումբը արագ պտտվում է, բերում են դինոզավրի կմախքը, դնում կենտրոնում և պտտվում երգելով, նիզակներն իրար զարկելով, թռչկոտալով։
ՓՈՐՁԱԳԵՏ – Միայն առանց ինձ, չնկարեք հեռախոսով, հա՜… Շեփորի գյուտը մերը չէ, եղեգան փողն էլ վիճելի գործիք է։ Ցը, թողեք գնամ, ցը։
ՄԱՔՐՈՒՀԻ – Բարի գնաք, փորձագետ, իմ առաջարկը ևս խնդրում եմ զեկուցեք։
ՉՔՆԱՂՅԱՆ – Եթե հիպնոսի անհրաժեշտություն ունենաք, ինձ զանգեք։
ՓՈՐՁԱԳԵՏ – Շատ շուտով բոլորով հիպնոս կանենք։ Ցը։ (Գնում է։)
ԴԵՐՅԱՆ – Բրիջիդ, արթնացրու հիպնոսվածներին, լավ դեր խաղացին, հատկապես Զարզանդիկը, հայ-հայ է նիզակը շպրտում էր փորձագետի վրա, լավ զսպեց իրեն, ապրես, Ապրեսյան։
ԱՊՐԵՍՅԱՆ — (շարժվում է առաջ): Քիչ էր մնում զարկեմ, պարոն Դերյան, համ էլ, որ ճանաչեց, ամոթ արի դինոզավրի տեղը փռեմ, ինչքան չլինի ես էլ եմ պաշտոն վարել։
ԴԵՐՅԱՆ – Երջոն ինչի՞ չի շարժվում։
ՉՔՆԱՂՅԱՆ — (շոշափում է Տխրունու զարկերակը): Նա իսկապես հիպնոսված է։ Մաքրուհի ջան, մի ճար արա, զարթնի։
ՄԱՔՐՈՒՀԻ – Նիզակով կամաց բզի։
ՉՔՆԱՂՅԱՆ – Բա որ ուժեղ ստացվի։
ՄԱՔՐՈՒՀԻ – Լավ, ես կբզեմ։ (Գնում և նիզակը հպում է Տխրունուն։)
ԵՐՋԱՆԻԿ — (տեղում ուղղվում է): Էս ո՞վ ինձ Հիսուսի տեղ դրեց, նիզակը, բախտ է, սուր չէր, փայտ էր, թե չէ…
ՄԱՔՐՈՒՀԻ – Երջո ջան, դու ի՞նչ տեսար հիպնոսված։
ԵՐՋԱՆԻԿ – Իբր Աֆրիկայում էի, առյուծների որսի։
ՄԱՔՐՈՒՀԻ – Փո՞քր էիր, թե՞ մեծ։
ԵՐՋԱՆԻԿ – Համ էն, համ էն, համ էլ առյուծները թողո՞ւմ էին ինձ հիշեմ, վրա էին տալիս, ոտանավոր պահանջում իրենց մասին։
Ջոկատը խնդում է։
ԴԵՐՅԱՆ – Պոետն ինչպես միշտ մեզ փրկեց քաղաքական խառը վեճերից և ուղիղ ճանապարհ ցույց տվեց դեպի Աֆրիկա։
ՉՔՆԱՂՅԱՆ – Պատրաստ եմ իմ ուժերն ու շնորհը ներդնել, բայց պիտի հավատաք, ինչպես Երջանիկը։
ՅՈԹԵՐՈՐԴ ԱՐԱՐ
Քարանձավի մուտքի վրա ամրացված կամարակապ «Քարանձավ» գիրը փոխվում է «Աֆրիկա» գրության։ Քարանձավի պատերին ջոկատի անդամներից Թռչունյանը, որը հմուտ գեղագիր է, նկարում է որսի տեսարան, Ապրեսյանն ավելացնում է նոր թեմա՝ կռվի տեսարան, որի մեջ Թռչունյանը նկարում է Զարզանդի տեսքով քաջ մարտիկի։ Մաքրուհին կավիճով գծում է Խորովածի պարի մի փոքր պատկեր և մի մեծ շամփուր՝ վրան մսակտորներ, տակն էլ գրում է՝ Տիեզերք, Խորովածի հրապարակ։
Դերյանը կանգնած է Աֆրիկայի Նեղոս գետի ափին, որը նկարել է Չքնաղյանը։
ԴԵՐՅԱՆ – Սիրելի ջոկատ, հավաքվեք իմ կողքը։ (Արագ շրջապատում են նրան։) Տուրյան, փչիր Աֆրիկա մեր գալուստի հիմնը։
ՏՈՒՐՅԱՆ – Տու-տու-տու-տու, ողջույն, Աֆրիկա։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ուռա՜, երեխեք, վերջապես կոկորդիլոս կտեսնեմ։
ԴԵՐՅԱՆ – Շատ բան ենք տեսնելու, բայց էլի կրկնում եմ, կարևորը մանկանալն է, մարդկության սկիզբը ճանաչելը։
ՉԱՐՅԱՆ – Բա դպրոցում անցանք՝ Դարվինն ապացուցել է, որ կապիկից են առաջացել։
ԴԵՐՅԱՆ – Դարվինն իր տեսակետն ունի, մեր ճամբարն՝ իր, մենք այստեղ ենք Չքնաղյանի հիպնոսի շնորհիվ, իսկ գիտեք, որ Դարվինը հիպնոսից, յոգայից հեռու էր, նշանակում է մենք մեր փորձով ենք եզրահանգելու, թե մարդկության մանկությունն ինչ ճանապարհ անցավ։
ԳԻՏՈՒՆԻԿ – Ախ, ինչեր են մեզ սպասվում այս գետի ափին։
ԵՐՋԱՆԻԿ – Ես էլ եմ կարդացել, որ հենց Աֆրիկայից է մարդկությունը տարածվել Արաբական թերակղզիով, Ասորիքով, Հնդկաստանով, Իրանով, մեր Հայաստանով դեպի արևելք, արևմուտք, հյուսիս ու հարավ, ես մի ոտանավոր եմ գրել, հետո, եթե ցանկանաք, երկու տող է, կկարդամ, իմ առաջին ոտանավորն է։
ԴԵՐՅԱՆ – Եթե այդքան կարճ է, արտասանի, Երջո ջան։
ԵՐՋԱՆԻԿ – Աֆրիկա, քեզնից լավը, չէ, չկա,
Մարդկությունը մեզ վկա։
ԳԻՏՈՒՆԻԿ – Ավազի վրա գրի, չկորչի։
ԵՐՋԱՆԻԿ – Սեպագրել եմ քարի վրա։
ԴԵՐՅԱՆ – Երեխեք ջան, էն, այսինքն՝ էս ժամանակ դեռ գիր-միր չի հորինվել, ավելի լավ է արտասանիր աֆրիկացի ամենահին բնիկների լեզվով։
ԳԻՏՈՒՆԻԿ – Դա ո՞րն է։
ԴԵՐՅԱՆ – Ճիշտն ասած՝ չգիտեմ, խոսենք առայժմ մեր լեզվով, որը ևս մայր լեզվի հետ կապ ունի։
ԱՊՐԵՍՅԱՆ – Ի՞նչ կապ, մեր բարբառն ավելի հին է, պապս է ասել։
ԳԻՏՈՒՆԻԿ – Աֆրիկան հիանալի ազատ տեղ է վիճելու համար։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Էս ի՜նչ տարօրինակ թռչուններ կան։
ՉԱՐՅԱՆ – Երևի ձեր ցեղից են։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Չար-չար մի՛ խոսի, թե չէ…
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Հիշեք ձեր անցյալը և երեխա-երեխա կռիվ մի՛ արեք, փղերից խաղաղություն սովորեք։
ԴԵՐՅԱՆ – Սիրելի մանուկներ, մենք մոռացանք մեր մեծական տհաճ անմիտ սովորույթները՝ կռիվ, մարտ, պատերազմ… որ այստեղ նոր ձևով մտածենք։
ԵՐՋԱՆԻԿ – Բայց դուք մեծի պես եք դաս տալիս։
ԴԵՐՅԱՆ – Դիտողությունը ճիշտ է, ինձ Չքնաղյանը լավ չի հիպնոսել, որ ձեզ նման պայծառ երևակայեմ։
ՉՔՆԱՂՅԱՆ – Հենց հիմա, երկաթը տաք-տաք ծեծենք։
Այդ պահին հեռվից մոտենում է առյուծների մի ընտանիք։ (Առյուծների ընտանիքը կարելի է մարդկանցով խաղալ, կամ էկրանով՝ մի ֆիլմից առյուծներ պատկերել և նրանց հայերեն խոսեցնել, կամ թող բեմադրիչը մտածի։)
ԴԵՐՅԱՆ – Լավ հիպնոսեցիր, Բրիջիդ… ջոկատ, պատրաստ մարտի։
ՏՈՒՐՅԱՆ — (փչում է մարտակոչ): Տու-տու-տու-տո՜ւ։
Ջոկատը նիզակները պարզած՝ կանգնել է շուրջանակի։ Առյուծների ուղղության դեմ Դերյանն է։ Առյուծների ընտանիքը մոտենում է և որոշակի հեռավորության վրա կանգնում։
ՈՀՄԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Հեյ, մարդ արարածներ, փոքրեր և մի-երկու մեծ, էդ ի՞նչ մարտակոչ փչեցիք, եկել եք մեզ ոչնչացնելո՞ւ։
ԴԵՐՅԱՆ – Ոչ, առյուծների առաջնորդ, եկել ենք վերափոխման, այսինքն՝ բնությանը մերվելու, մարդկությունը, կարծում ենք, հեռացել է կենդանական, բուսական, ջրային, աստղային սկիզբներից։
ՄԱՅՐ ԱՌՅՈՒԾ – Լավ է, որ ձեր մեջ ինձ նման էակներ կան։
ԴԵՐՅԱՆ – Այո, շիկահերը Բրիջիդն է, սևահերը՝ Մաքրուհին։
ՈՀՄԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Մենք կբարեկամանանք, բայց սկզբից ասեք՝ էդ ի՞նչ մորթիներ եք հագել։
ԴԵՐՅԱՆ — (կակազելով): Մեր վրա քարանձավում մի դինոզավր հարձակվեց, սրընթաց եկավ վրա, ու նիզակը մխրճվեց կուրծքը։
ՈՀՄԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Տխուր է, դինոզավրները իրենց վերջը տալու սովորություն չունեին, չգիտեմ այդ մեկը ո՞նց է պատահել։ Դե լավ, համարենք դժբախտ պատահականություն, բայց կարո՞ղ է մսից խորոված եք սարքել, սելֆի ու լուսանկարներ արել։
Տիրում է լռություն։
ՄԱՔՐՈՒՀԻ — (առաջ է գալիս ու լաց լինում): Ես եմ մեղավոր, խորովածի հրապարակ ես եմ առաջարկել։
ԳԻՏՈՒՆԻԿ — (առաջ գալով): Չէ, ես եմ մեղավոր, հորինեցի կրակի գյուտ, Բրիջիդի մազերը վառեցի նրա իսկ աչքերի բոցով։
ՉՔՆԱՂՅԱՆ — (առաջ գալով): Ես եմ մեղավոր, ինչո՞ւ մազերս ներկեցի շեկ, ինչո՞ւ կրակոտ նայեցի մեծ տղամարդկանց, բոլորի սիրտը վառվում է, դա մեղք է, մեղք։ Ներիր ինձ, Նեղոս։
ԱՊՐԵՍՅԱՆ – Այ տղերք, էս ի՞նչ կրակն ընկանք, մի կտոր միս չկերած՝ սատանա դառանք։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Մեր տոհմը՝ թռչունյան, ատում է խորովածը, հատկապես թռչուններինը, քանիսին եմ առաջ դատել կաքավի չթույլատրված որսի համար։
ՈՀՄԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Լավ չհասկացա, դուք առաջ մե՞ծ եք եղել, կարո՞ղ է՝ նաև այլ կենդանի։
ԴԵՐՅԱՆ – Չէ, մարդ էին, բայց որոշել են մանկանալ, մարդկության այլ ճանապարհ անցնել, ասենք՝ առյուծների հետ նոր հասարակարգ ստեղծել։
ՈՀՄԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Մարդկանց հավատալը վտանգավոր է, այդպես մենք չենք հավատում առյուծների այլ ընտանիքների։ Իրարից նվաճելու միշտ մի բան լինում է։ Գուցե տիեզերքի բջիջի մեջ է դրված։
ԳԻՏՈՒՆԻԿ – Դուք մեծ փիլիսոփա Սոկրատեսի նման պարզ և ճշգրիտ եք մտածում։ Մենք էլ «Տիեզերք» ճամբարից ենք և փորձելու ենք հիմքերի հիմքը ճանաչել։
ԴԵՐՅԱՆ – Հարգելի առյուծներ, մեր Գիտունիկը Թումո կենտրոն է գնալու, երբ վերադառնանք ճամբար։
ՈՀՄԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ — (երկու ձագերին ցույց տալով): Սրանք էլ են լսել էդ կենտրոնի մասին, անընդհատ ասում են՝ գնա էնտեղ որս արա։ Լսել են, որ մոտիկից գետ է հոսում։
ԴԵՐՅԱՆ – Այո, նրանք ճիշտ են, հավատում եմ, ձագերին կընդունեն։
ՈՀՄԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Մենք մեր ձագերին դեռևս չենք վստահում մարդկանց գազանանոցներին, կրկեսներին, դպրոցներին, միշտ խաբվելու վտանգ կա։ Մենք չենք սիրում խաբվել, խժռում ենք մեզ խաբողին, սա, կարծում եմ, մեր օրենքով ճիշտ է, ձեր օրենքով՝ դատապարտելի շատ կարճ ժամկետով։
ԴԵՐՅԱՆ – Ինչ լավ եք ճանաչում մարդկանց, ե՞րբ եք այդքան շփվել նրանց հետ։
ՈՀՄԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Մեր մեջ էլ հիպնոս անողներ կան, ամեն հնարավոր վիճակների մեջ է նետում, և մենք պիտի պայքարելով ելք փնտրենք։
ՉՔՆԱՂՅԱՆ – Ո՜նց կուզեի ծանոթանալ նրա հետ։
ՈՀՄԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Առաջիկայում, եթե մի անգամ էլ հայտնվեք Աֆրիկայում։ Հիշում եմ, ձեր մեջ մի բանաստեղծ կա, նրանից պահանջեցինք մի փոքր բան՝ մեր մասին երգ գրի, իսկ նա հանկարծ անհետացավ։ Եկել էր մեզ որսալու։
ԵՐՋԱՆԻԿ – Ես հիպնոսից վեր թռա, կողս ծակեց Մաքրուհին։ Ես, ճիշտ է, գնացել էի առյուծ որսալու, բայց, երբ նրանք պահանջեցին իրենց մասին երգ, Մաքրուհին խոցեց, վեր թռա, սակայն երգը հորինել եմ, կարո՞ղ եք հիմա լսել, համ էլ նոր նվագակցության ձև եմ հորինել, թող ինձ հետ Տուրյանը ևս փորձի։
ՈՀՄԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Դա մեր հիմնը կընդունենք, եթե ձագերը չճանկռեն երգահանին, ի՞նչ է անունդ, երգիչ։
ԵՐՋԱՆԻԿ – Երջանիկ Տխրունի, շատ տարօրինակ համադրություն է, ինչպես երաժիշտներն են ասում։ Չգիտեմ ճիշտ է, թե սխալ՝ կոնտրապունկտ։
ՏՈՒՐՅԱՆ – Արդար է։ Ես սիրով կմիանամ։
Երջանիկ Տխրունին նստում է մի քարի, նետում վրայի մորթին, մի քարի էլ
նստում է Տուրյանը, ևս նետում է մորթին, բայց ձեռքում պահում է շեփորը։
ԵՐՋԱՆԻԿ – Առյուծների հզոր ոհմակ,
Դուք սարսափ ու վախ եք համակ,
Բայց երբ մոտից ծանոթացա,
Ձեր աչքերում արև տեսա։
Չքնաղ եք դուք բնության մեջ,
Չի մարի ձեզ ոչ մի հրշեջ,
Եկեք իրար ընկերանանք,
Մարդ ու առյուծ դառնանք ոհմակ։
Տխրունին ձեռքերով կամաց խփեց փորին, էլի խփեց, հետո՝ գլխին, այտերին, սրունքներին, ազդրերին, կողերին, նույնը անում էր Տուրյանը և մեկ-մեկ փչում շեփորը. մի անգամ այնպես ուժգին խփեց փորին, որ շեփորը վախից ճչաց, հետո Երջոն ու Տուրյանը վեր կացան ու թռվռացին։ Ջոկատը ևս թռվռում էր, առյուծի ձագերը ևս միացան նրանց։
Վերջապես Երջանիկն ու Տուրյանը ավարտեցին միացյալ երգուպարի համարը։
ՈՀՄԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Ձագերս որ ձեզ հետ թռվռացին, դա լավ նշան է, Երջանիկ Տխրունի, ինչպես հասկացա՝ այս երգուպարը էքսպրոմտ էր։
ԵՐՋԱՆԻԿ – Սրտիս բխածը… սա իմ երկրորդ ոտանավորն է մանուկ տարիքում։
ՈՀՄԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Իսկ նվագը։
ԵՐՋԱՆԻԿ – Սա ևս հանպատրաստից էր։ Ես ու մարմինս միացանք մի երգ ու պարի մեջ։
ՈՀՄԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Մի ոհմակ դառնալու գաղափարը նորություն է, ոհմակի տեղ կասես՝ փրայդ, մեզ դա ավելի է դուր գալիս, ոհմակը գայլերին է սազում։ Բառը փոխելուց հետո համաձայն ենք ընդունենք առյուծների մեր ընտանիքի հիմն։
ԵՐՋԱՆԻԿ – Ես վերջին տողը կփոխեմ, ահա այսպես՝ Մարդ ու առյուծ փրայդ դառնանք, կստացվի այսպես՝ Եկեք իրար ընկերանանք, Մարդ ու առյուծ փրայդ դառնանք։
ՈՀՄԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Ընդունելի է, այդպես չէ՞, տիրուհի։
ՓՐԱՅԴԻ ՏԻՐՈՒՀԻ – Լավ է, շատ լավ, մի քիչ վերջին երկու հանգերը պարզունակ ստացվեցին։
ՓՐԱՅԴԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Դե լավ, դու էլ գրականագետ դառար։ Տղեն ոտի վրա հորինեց, ձագերդ թող սովորեն։
ԴԵՐՅԱՆ – Ինձ ևս դուր եկավ, ապրես, Երջանիկ, պիտի ասեմ, թող մեր բարեկամ փրայդի առաջնորդն էլ իմանա՝ երգը լավն էր և նվագը ուղեկցող համաշխարհային երաժշտական նորույթ է՝ մարմնաջազ, միջազգային բառով՝ բոդիջազ։ Ապա, բոլորով փորձենք, կմիանա՞ք մեզ, առյուծներ։
ՓՐԱՅԴԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Իհարկե, թեպետ միջազգային բառը չհասկացա, երևում է՝ դուք ձեր լեզուն շատ չեք հարգում։
ԴԵՐՅԱՆ – Արդար եք, վեր կացեք։
Ջոկատն ու առյուծները միացյալ պարում են ու երգում հիմնը՝ զարկելով իրենց մարմինների՝ հնարավոր ձայն արձակող տեղերին։
ՓՐԱՅԴԻ ԱՌԱՋՆՈՐԴ — (պարից հոգնած): Առյուծ ընտանիք, հրամայում եմ հանգստանալ, նստել գետափին, մարդ ջոկատը թող պարի, ես էնքան հավեսով էի զարկում կողերիս, ասես թշնամի փրայդից լինեի։ Տիրուհի, հիմնի առաջին տողում էլ «ոհմակ» բառը կա, էդ երգչին չասե՞նք փոխի։
ՏԻՐՈՒՀԻ – Բայց լավ հանգեր են՝ ոհմակ-համակ, ինձ, որպես պոետեսայի, դուր եկավ։
ՓՐԱՅԴԻ ԱՌԱՋՆՈՐԴ — (ժպիտով): Լավ է «քամակ» չերգեց, ամբողջ Աֆրիկան կխնդար մեր վրա։ Դու ավելի լավ հանգեր ես գտնում՝ ոհմակ-մահակ։ Ճիշտն ասեմ, էդ ոհմակ բառը շատ էլ տեղին է, էս խեղճերին գայլեր հանդիպեն՝ կխժռեն։
ՏԻՐՈՒՀԻ – Իմ մտքին էլ էդ էր, ձագերին դայակ է պետք, որսի գնալիս կպահի, նաև, եթե որս չլինի, գուցե մարդու միս էլ փորձենք, լսեցի՞ր, դինոզավրին կերել են, խորոված են արել, մենք խորոված չենք անի, մեղք են, հետո ճենճերահոտը Աֆրիկան կբռնի։
ՓՐԱՅԴԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Արի արդար ձևով առաջարկենք, թող իրենք մեկին թողնեն, էդ շեկին կամ սևին։
ՏԻՐՈՒՀԻ – Սևահերը փոքրիկ աղջիկ է, տես, ինչ լավ է թռվռում, էն շեկն է աչքիս ալաբուլա, հլա դրա շորորալուն նայի, էն չաղլիկի դեմ քամակն է խաղացնում. Այ, դրան թողնեն, ես պնդում եմ, մեկ-մեկ էլ կհիպնոսի մեր թշնամիներին, տեղում լեշ դառնան, իհարկե, մինչև մեր սովածանալը։
ՁԱԳ – Մամ, մամ, էս ապերիկը չի թողնում հեռախոս նայեմ, ասում ա՝ տուր ես «Մաուգլին» կիսատ եմ թողել, մամ։
ՏԻՐՈՒՀԻ – Չասի՞ էդ հեռախոսը պահեք, էս մարդիկ հեռախոսի գիժ են, կթռցնեն։
ՓՐԱՅԴԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Տիրուհի, բայց ամոթ չի՞ թույլ չտանք նրանք ընտրեն դայակին, ճիշտն ասած՝ ես էլ եմ հակված շեկին պահենք։
ՏԻՐՈՒՀԻ – Չպահենք, այլ… աչքդ տնկեցիր վրեն, համա թե շոռաչք ես, հա՜, մի էգ չանցնի կողքովդ։
ՓՐԱՅԴԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Ամո՞թ չի, բա հիմնի մեջ ընկերացանք, իսկ իրականում ուզում ես շեկին հոշոտես։
ՏԻՐՈՒՀԻ – Հլը դրա ժխշվելը նայի, իր համար Աֆրիկան շոու ա, ի՞նչ ա։ Սա ներվերիս վրա ազդում ա։
Ջոկատը պարերգն ավարտում է, նստում է գետափին։
ԴԵՐՅԱՆ — (շունչը տեղը բերելով): Լավ էր, չէ՞, փրայդ ջան։
ՓՐԱՅԴԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Նման բան մեր մայցամաքը չէր տեսել։ Տիրուհիս, որպես Աֆրիկայի առաջին քնարերգու, առաջարկում է փորձի փոխանակման համար, նկատի ունի հիպնոսի հմտությունը, որոշ ժամանակ Չքնաղյանին թույլ տաք ապրի մեզ հետ։
ԴԵՐՅԱՆ — (անսպասելիությունից վեր է թռչում): Իսկ ինչո՞ւ նրան, մենք բա ո՞նց թռչենք մեր քարանձավ, ի՞նչ պատասխան տամ նրա հորն ու մորը։
ՏԻՐՈՒՀԻ – Տեր ջան, կներես, որ մտնում եմ ձեր խոսքի մեջ, բայց Դերյան ջան, դու ես խաղի բեմադրիչը, ոնց ուզում ես տակից դուրս արի։
ՉՔՆԱՂՅԱՆ – Էս Տիրուհին արդեն չափն անցնում ա, քեզ տակն ա դնում, ո՞ւմ տակ։
ՏԻՐՈՒՀԻ – Այ ախչի, չլսեցի՞ր, բեմադրության… Դու ինչի՞ խառնվեցիր իրար, քեզ հիպնոսի դասերի համար ենք պահելու, սիրով չես համաձայնվում, զոռով կպահենք, համ էլ պարի դասեր կտաս էգ ձագերիս։
ՉՔՆԱՂՅԱՆ – Պարոն Դերյան, ձեր աչքի առաջ ինձ նվաստացնում ա, սա բռնա…
ՓՐԱՅԴԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Չեղավ, չեղավ, մեր երկրի օրենքներում բռնաբարության հոդված չկա, մերը բնական հոժարությամբ, էգը ինքն է ընտրում ուժեղին։ Եթե համաձայն չեք, ես ու Դերյանը կռվենք, ով հաղթի՝ իր ուզածը լինի։
ԴԵՐՅԱՆ – Ի՜, իմ պիեսում նման կռիվ չի նախատեսված, սա ավելորդ խմբագրում է։
ԵՐՋԱՆԻԿ – Պարոն Դերյան, ես մարտն ընդունում եմ, մի քանի օր կարատե եմ պարապել դպրոցում։
ԴԵՐՅԱՆ – Երջո, դու կրակի հետ խաղ ես անում, դու դեռ պատանի պոետ ես, վաղամեռիկների շարքը մի ավելացրու։
ԵՐՋԱՆԻԿ – Հորս արև, էդ երդմնազանց ընկեր կոչվածի բաշը կպոկեմ։ (Գնում, կանգնում է Առաջնորդի դեմ։) Վեր կաց, մեծն կատվազգի։
Մինչ Առաջնորդն իր ուժին վստահ արժանապատվությամբ կկանգներ, Տխրունին կարատեի դիրք է ընդունում ու գոռում՝ հո՜ւ-հա՜…
ՏԻՐՈՒՀԻ – Տեր իմ, գա՞մ օգնության։
ՓՐԱՅԴԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Իա՜, էս երգչից կթողեմ միայն ոհմակ-համակ հանգը։ (Բարձրացրած աջ թաթով փորձում է հարվածել:)
ԵՐՋԱՆԻԿ – Տեսեք ինչ եմ անելու (Աջ ոտքի հարվածը հասնում է Առաջնորդի ետևի ոտքերի մեջտեղը, որից հետո բոլոր արուները կծկվում են:)
ՓՐԱՅԴԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Վախ, մամա ջան, վախ, էս ոնց որ սերունդ տալուց զրկվեցի։
ՏԻՐՈՒՀԻ – Հիմա ցույց կտամ… (Ցատկում է Տխրունու վրա:)
ՉՔՆԱՂՅԱՆ – Չվախենաս, Երջո, հիպնոս արեցի: (Տիրուհին ընկնում է Առաջնորդի կողքին:)
ԴԵՐՅԱՆ – Ջոկատ, պատրա՛ստ, էս ուխտադրուժ տարածքից թռչելու, Բրիջիդ, արագ հիպնոս, դեպի քարանձավ, չէ, «Տիրեզերք» ճամբար։
ԱՊՐԵՍՅԱՆ – Պարոն Դերյան, առյուծի ձագերին չտանե՞նք։
ՉԱՐՅԱՆ – Տանենք, որ հետո ռեստորան ունենամ, վանդակում պահեմ։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Միայն դու էդպես կերազեիր։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Երեխա է, էլի, թող երազի։
ԱՊՐԵՍՅԱՆ – Փոխանակ զենք բռնել երազես…
ԴԵՐՅԱՆ – Բրիջիդ, արագ, արագ, ոչ մի ձագ, նրանք մեծանան, վրեժ կլուծեն… «Տիեզերք», դեպի «Տիեզերք»…
ՉՔՆԱՂՅԱՆ – Ճիշտ այդպես, պարոն պետ։
Բեմից շտապ անհետանում են:
ՓՐԱՅԴԻ ԱՌԱՋՆՈՐԴ — (ոտքի ելնելով): Միամիտներ, լավ ա փախաք, առյուծներին ղշի տեղ էին դրել։ Ել, Տիրուհի։ Էն պոետին որդե բռնեմ, ճժից կտրելու եմ։
ՏԻՐՈՒՀԻ – Բա էն շեկ քածին, ո՞նց հիպնոսեց։
ՓՐԱՅԴԻ ԱՌԱՋՆՈՐԴ – Նրան էլ եմ ճժից կտրելու։
ՏԻՐՈՒՀԻ – Աչքդ վրեն մնաց, հա՜։ Լավ ա թռան։ Դրանից ելած ձագ չէի պահի։
ՈՒԹԵՐՈՐԴ ԱՐԱՐ
«Տիեզերք» ճամբարի հրապարակում, երեք բարձր թիկնակներով աթոռներին նստած են ոստիկան Ոսկան Քաջազնունին, նրանից աջ հարկային Արա Ամենատեսյանն է, ձախ կողմում Հայրունի Այրումյանն է։
Ցաքուցրիվ հրապարակ է աճապարում ջոկատը։ Տեսնելով նստածներին, Դերյանը կանգնում է։
ԴԵՐՅԱՆ — (շփոթված): Բարի երեկո, էս ի՞նչ խաբար է։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Բարև, հուսով եմ Աֆրիկայից ժամանեցիք։
ԴԵՐՅԱՆ — (նայելով ջոկատի անդամներին): Հա, առյուծներից հազիվ փախանք։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ — (լուրջ): Մենք այդ մասին արդեն տեղյակ ենք։ Խնդրում եմ ջոկատը նստի ձեր համար դրված աթոռներին, կենտրոնում նստեք դուք, պարոն Դերյան։
ԴԵՐՅԱՆ – Հա, շատ հոգնած ենք։ Համա թե շոգ էր էդ անաստված մայրցամաքում։
Ջոկատը նստում է։
ՄԱՔՐՈՒՀԻ — (բարձր ձայնով): Ի՛նչ էլ փնթի է հրապարակում, մեզնից հետո չեն մաքրել։
Հնչում է բարձրախոսը՝ Ոտքի՛, դատարանն է գալիս։ Ոտքի են կանգնում Քաջազնունին, Ամենատեսյանը, Այրումյանը։ Ջոկատի մի մասը կանգնում է, մյուս մասը նստած է մնում։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Պարոն Դերյան, օրենքը հարգեք, ոտքի կանգնեք, մյուս նստածները՝ ևս։
ԴԵՐՅԱՆ — (շփոթված): Հա, կանգնեմ, օրենքի համար մեռնենք, բայց ավելի լավ չէ՞ ապրենք։ (Կանգնում է:) Բայց ո՞ւր է դատարանը։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Հրամայված է վերևից՝ դատարանը մենք ենք, ես՝ դատավոր, Ամենատեսյանը՝ դատախազ, Այրումյանը ժողովրդական ատենակալ և համատեղությամբ՝ դատապաշտպան։
ԴԵՐՅԱՆ – Բա մեղադրյալներն ովքե՞ր են։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Կարգազանցության համար կասկածվող ջոկատը, այսինքն՝ դուք։
ԱՊՐԵՍՅԱՆ – Մե՞նք… մենք անչափահաս ենք, մեզնով պիտի թաղայինը զբաղվի։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Դու դեռ շատ փոքր ես մեզ ուղղորդելու համար։
ԴԵՐՅԱՆ –Չհասկացա, առանց սղագրելու ի՞նչ դատ։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Պիտի խնդրենք ձեր միջի գրագետը, ինչքան գիտեմ՝ Մաքրուհի է անունը…
ԴԵՐՅԱՆ – Նա երգչուհի է, հայերենից կաղում է։ Կարծում եմ՝ դուք ևս ոստիկան, հարկային, հրշեջ, բանասեր չեք, կարող է էլի հայերենը կաղել։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Մեր դատը թող մի ոտքից կաղի։ Մաքրուհի, խնդրում ենք գրավեք սղագրուհու տեղը։ Պարոն Դերյան, մեր գրագիտությանը կարող էր կասկածել Գիտունիկը, բայց՝ ոչ դուք, որ ֆրանսերեն ավելի լավ եք խոսում, քան գրաբար։
ԴԵՐՅԱՆ – Այ դա ճիշտ ա, չեմ առարկի, ա-ով խոսելս կներեք։ Մաքրուհի, գրավիր սղագրուհու տեղը, բայց շատ չսղագրես։
Մաքրուհին հնազանդ գնում-նստում է Քաջազնունու ցույց տված տեղը և գրիչը ձեռքն է առնում։
ԵՐՋԱՆԻԿ – Մաքրուհի ջան, թոշակդ կբարձրանա։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ի՞նչ թոշակ, ես ութերորդ դասարանցի եմ։
ԱՄԵՆԱՏԵՍՅԱՆ – Խնդրում եմ չխանգարել, մենք էդքան շատ ժամանակ չունենք, քիչ հետո լուսինը կբարձրանա։
ԳԻՏՈՒՆԻԿ – Սա հո ստալինյան տրոյկաներով դատարան չի՞։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ — (ժպտալով): Էս կրակվառիչը համ էլ լավ պատմություն գիտի։ Սիրելի Գյուտ, մենք մանրամասն ուսումնասիրել ենք գործը, որը 117 հատոր է և կարճ ու դիպուկ կշարադրենք ձեր հակաօրինական արարքները։
ԴԵՐՅԱՆ — (ծիծաղելով): 117 հատորից մի պիես գրեիք, բեմադրեինք, այ կատակերգություն կլիներ։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Ողբերգակետակերգություն։
ԱՅՐՈՒՄՅԱՆ – Մի քիչ էլ արկածային՝ անչափահասների համար։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Քանի որ պարոն Այրումյանը շեշտեց ձեր անչափահաս լինելու հանգամանքը, թող ինքն էլ ներկայացնի ձեր պաշտպանությունը, իսկ ավագներինը՝ այլ տեսանկյունից՝ ևս։
ԱՅՐՈՒՄՅԱՆ – Ուրեմն այսպես։ (Կարճ դադար:) Այս ճամբար կոչվածի հիմնական նպատակը և վերադասի կողմից թույլտվությունը կրեատիվ էր՝ մարդկանց մի խմբի, որպես էքսպերիմենտ, կներեք, Մաքրուհի, սղագրի՝ փորձ, վերադարձնել մանկություն, ձեզ հատկացվեց մեր երկրի լավագույն կուրորտային, կներեք՝ առողջարանային, կներեք՝ հանգստավայր Ծաղկաձորի «Տիեզերք» ճամբարը։ Դուք, սիրելի անչափահասներ, շփոթեցիք ժամանակները, կարծում եմ՝ Դերյանի ցուցումով, վերադարձաք ոչ թե ձեր, այլ մարդկության մանկություն, իհարկե, հարգարժան բեմադրիչը փորձում էր ձեզ ծանոթացնել վաղ նախնադարի հետ, նաև փոխվելու դեպի դրականը, լավը, խաղաղը, մարդկայինը՝ մարդկության ապագան, ճշմարիտ, գեղեցիկ, բարոյական կառուցելու համար… Հասցնո՞ւմ ես, Մաքրուհի։
ՄԱՔՐՈՒՀԻ – Տեղ-տեղ։ Շփոթվում եմ։
ԱՅՐՈՒՄՅԱՆ – Կարևորները չսղես։
ԱՊՐԵՍՅԱՆ – Սղոցի հետ կա՞պ ունի էդ բառը։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Սղալվում եք, ապագա գեներալ։
ԱՊՐԵՍՅԱՆ — Համա թե խզարեցիր, ոստիկան ախպեր։
ԱՄԵՆԱՏԵՍՅԱՆ – Հարգանքով խոսեք, Զարզանդ ընկեր։
ԱՊՐԵՍՅԱՆ — Դու էլ պակաս չխզարեցիր, հարկահավաք ջան։
ԴԵՐՅԱՆ – Դուք սխալվում եք, ընկնելով սղագրելու ետևից, գրաբարով խ է և ոչ՝ ղ։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ճիշտը գրեցի, պարոն Դերյան։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Լավ, հասկացանք, թողեք Այրումյանը ձեզ պաշտպանի։
ԱՅՐՈՒՄՅԱՆ – Պաշտպանյալները հասան քարանձավ և պատահաբար այնտեղ հայտնված դինոզավրին պատահաբար, ինչպես մեկ անգամ ասել է պարոն Դերյանը՝ դինոզավրն է դոշը զարկել փայտե նիզակին ու սատկել։ Հիմա, երբ այդքան միս է հայտնվում նախնադարի մարդու դեմ, ի՞նչ կմտածի նա՝ ուտել, ամոթ բան չի, կտրտել սատանի եղունգով, որ թափված է Ծաղկաձորի ճամփին և, այստեղ շատ կարևոր է մյուս հանգամանքը, խմբի մեջ կա Գյուտ Արևյանը, և նա պարտավոր էր գյուտարարությամբ զբաղվել և նախ Չքնաղյանի երեք մազը զգուշաբար քաշում է և ապա, պահելով օրիորդի վառվռուն աչքերի դեմ, հա, չմոռանամ ասել, որ Երջանիկ Տխրունին ինքնազոհաբար ևս ձեռքերի մեջ է պահում Բրիջիդի մազերը, որոնք հանկարծ այրվում են չքնաղ օրիորդի ներքին բոցերից և ահա՝ առաջին գյուտը, կրակի գյուտը, որի համար Գիտունիկը որևէ մեղք չի գործել, երկրորդը՝ խորովածի գյուտը, երեկ լուր ստացանք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է ՋԳԴԶ տեսչության ներկայացրած հայտը, որով կարող է մեր երկիրը համարվել խորովածի առաջին արարիչը և, պատկերացնում եք, մի անչափահաս գիտնական, ապա նրա վրա սևեռեք ձեր հայացքը, չնայեք, որ հիմա բեղ ունի, նախնադարում չուներ, օբսիդիանով, ձեր ասած սատանի եղունգով սափրում էր նոր ծլած բեղը, մեր երկրին արժանացնում է նման փառքի։ Պարոն Դատավոր, ճիշտ է, նա կրակը վառելու գյուտի հետ չի մտածել, որ չկա ծուխ առանց կրակի, և այդ ծուխը մթագնել է քարանձավի պատերի որմնանկարները, որոնք իրենք են նկարել։ Սա, իհարկե, լուրջ հարված էր նախնադարին, ինչու չէ, նաև ներկային և ապագային։ Այս մասով ես ավարտեցի քարանձավի հատվածը, իսկ Աֆրիկայի մասով ասեմ, որ պաշտպանյալները, հատկապես Երջանիկ Տխրունին, պարապելով կարատե և նախկինում ունենալով դառը մանկություն, Առյուծ առաջնորդի հարձակումից փրկվելու և Չքնաղյանին պատանդ վերցնելու և ապա դիտավորյալ մարդապղծություն թույլ չտալու համար աջ ոտքով հարվածել է առյուծի ետևի ոտքերի արանքի սերնդանպաստ սեռական օրգանին, ավելի ստույգ՝ ամորձիներին։ Առյուծը կրել է անշրջելի, անվերադարձ կորուստ և ահա, մեր առջև է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի բողոքը, կենդանիների պահպանման կուսակցության հայտարարությունը, բայց ես որպես դատապաշտպան ո՞նց չասեմ, առյուծների հիմնը գրողը հենց Երջանիկ Տխրունին է, որտեղ հղել է ուղերձ՝ առյուծների և մարդկանց բարեկամության և ընկերության մասին։ Իսկ ահա, Առյուծ առաջնորդը դրժել է դա և, բացի այն, որ խմբագրել է հիմնը, դեռ մի բան էլ փորձել է Չքնաղյանին պատանդ վերցնել։ Մի առյուծի համար ՄԱԿ-ն է մեզ բողոք-նամակ հղել, իսկ չասե՞նք, ա՛յ ՄԱԿ, շատ դեպքերում մի ողջ երկրի են ուզում պատանդ ու գերի վերցնել, ո՞ւր է քո վճռական պատժի գիլյոտինը։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Խնդրում ենք, մի՛ շեղվեք։
ԴԵՐՅԱՆ – Չէ, ինչո՞ւ, թշնամին թշնամի է։
ԱՊՐԵՍՅԱՆ – Ա՛յ թե նորից մեծանայի։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Շարունակեք, Այրումյան։
ԱՅՐՈՒՄՅԱՆ – Ահա այսպես, Տխրունին փրկում է Չքնաղյանի պատիվը և նրա հիպնոսի հմտությունը հասցնում մեր օրերը։
ԱՊՐԵՍՅԱՆ – Բրիջիդ ջան, մի հատ դատարանին հիպնոսի։
ՉՔՆԱՂՅԱՆ – Մեր դատապաշտպանը աշխարհի լավագույն հրշեջն է։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Չքնաղյան, նա հիմա կհանգցնի ձեր անշիջելի կրակը, սպասենք Այրումյանի առաջարկությանը։
ԱՅՐՈՒՄՅԱՆ – Պարոն Դերյանին դինոզավրից ինքնապաշտպանվելու և պատահաբար նրան սպանելու համար, եթե պիտի բեմադրիչին տրվեր ժողովրդականի կոչում, դա վերջերս հանվել է, առաջարկում եմ ներկայացնել վաստակավորի նույնքան պատվավոր կոչումի։ Դինոզավրի կմախքն էլ հանձնել Հին աշխարհի պատմության թանգարան, իհարկե, առանց վճարվելու։
ԴԵՐՅԱՆ – Մեզ ո՞վ է վճարում որ, արվեստը ինքն իրեն պիտի պաշտպանի առյուծներից, դինոզավրներից…
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Մի՛ տրտմեք, դա է ձեր կոչումը, թույլ տվեք Այրումյանը մյուսների մասին էլ արտահայտվի։
ԱՅՐՈՒՄՅԱՆ – Գիտունիկի գյուտերը, որքան էլ վտանգավոր, բայց հանցակազմ չեն պարունակում, քանի որ նա մարդկությանը փորձել է նվեր մատուցել կրակի և խորովածի գյուտով։ Առաջարկում եմ բարեխոսենք՝ նրան ընդունեն Երևանի ճարտարագիտական համալսարան։
Ջոկատը միաձայն ծափահարում է։
ԱՅՐՈՒՄՅԱՆ – Շնորհակալ եմ։ Երջանիկ Տխրունուն կառաջարկեմ մոռանալ իր նախկին դառը մանկությունը և պատրաստ լինի պոետական ավելի դառը, խիզախ հարվածների, շարունակի կարատեի հնարքները, խնդրենք թող կրկնի առյուծին զարկելու հնարքը։
Երջանիկ Տխրունին վեր է կենում, կանգնում դատարանի և ջոկատի անդամների մեջտեղում։
ԵՐՋԱՆԻԿ – Հու-հա-հա՛… (Ոտքը իրենից բարձր է թռչում:)
ԱՅՐՈՒՄՅԱՆ – Շնորհակալ ենք։ Նստիր։ Չքնաղյանին առաջարկում եմ իր հիպնոսի շնորհքը խորացնի և աշխարհը փրկի վերահաս պատերազմներից, գժտություններից, տո ինչի չէ, հրդեհներից, ցունամիներից, երկրաշարժերից։ Նրա շեկ մազերն ու հրաշունչ աչքերը ո՞ւմ չեն մոխրացնի։ Կարելի է նրան օգտագործել թաքուն նպատակների համար, ինչո՞ւ եք երկիմաստ խնդում, հը՞, նկատի ունեմ ռազմական նպատակները, պայծառատեսները, հիպնոսողները ևս զենք են։
ԱՊՐԵՍՅԱՆ – Բրիջիդը ատոմային ռումբ է։
ԱՅՐՈՒՄՅԱՆ – Իսկ Ապրեսյանին ցանկանում եմ՝ հասնի իր երազանքին։
ԱՊՐԵՍՅԱՆ – Տրակտորիս։
ԱՅՐՈՒՄՅԱՆ – Տանկի։
ԱՊՐԵՍՅԱՆ – Ապրես, Այրումյան։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Ավարտեցի՞ք, պարոն Այրումյան։
ԱՅՐՈՒՄՅԱՆ – Մյուսների մասով՝ միայն անորոշ, բայց ոչ կասկածելի, առաջարկում եմ դատավճիռ կայացնելիս նկատի առնել նրանց անչափահաս լինելը։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Պարոններ Դերյանը, Տուրյանը և օրիորդ Չքնաղյանը, կարծեմ, չեն մանկացել։
ԱՅՐՈՒՄՅԱՆ – Այո, ձեր նշած երկուսի մասին մանրամասն խոսեցի, Տուրյանի մասին կասեմ, որ նա հորինել է մարմնաջազը, կարելի է նաև ասել՝ ջանդակաջազ, քանզի առյուծներն էլ են պարել, երգել, միջազգային ասպարեզ ներկայացնելուն կնպաստեմ անձամբ ես։ Պար չի, երգ չի, վառում թողում ա, պարոն Քաջազնունի։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Տուրյանին ևս կոչմա՞ն են ներկայացնելու։
ԱՅՐՈՒՄՅԱՆ – ՅՈՒՆԵՍԿՕ, այո, միայն ՅՈՒՆԵՍԿՕ։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Շնորհակալ եմ, պարոն Այրումյան, ես որպես դատավոր զարմացած եմ։ Երբ երեքով խոսում էինք, այս երեքով (ցույց է տալիս իրենց), այդքան դրական չէր արտահայտվում պարոն Այրումյան դատապաշտպանը, ես կարծում եմ, այստեղ խառն է օրիորդ Չքնաղյան Բրիջիդի նրբագեղ մատը։
ՉՔՆԱՂՅԱՆ — (վճռական): Իմ մատը ինձ հետ է։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Նկատի ունեմ ձեր հիպնոսի տաղանդը, դուք փրկել եք ջոկատին դինոզավրից, առյուծներից, և այլ հանգամանքներ, այժմ խառնշտորում եք մեր դատը, հիմա չեմ հիշում, թե ինչի համար ձեզ պիտի մեղադրեմ, դատապաշտպանը ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց, հիմա պատկերացրեք, ես էլ հակառակն եմ շուռ տալիս, բա ո՛նց չասենք՝ Քարանձավի պատկերները ծխակալվեցին, մեր երկիրը զրկելով ամենաառաջին ժայռապատկերներ ստեղծողի համբավից, բնությանը վնասել եք, կտրելով առյուծների մի մասի ծնունդը, Հայաստան հասած մի դինոզավրից թողեցիք կմախքը, փոխանակ ձեզ հատկացված «Տիեզերք» ճամբարում լինեիք, ընկել եք է՛լ Քարանձավ, է՛լ Աֆրիկա, բա, սիրելիներս, պետությունը ձեր վրա ծախսել է զգալի գումար, դուք փոխանակ տավարի, ոչխարի, խոզի, հավի, բադի, ձկան և այլնի միս ուտեք, սպանում եք առանց էդ էլ վերացած խեղճ կենդանուն։ Էլ չեմ ասում, բողոքներ կան պետական, մասնավոր, հասարակական հիմնարկներից, միավորումներից, բա ամենակարևորը՝ ձեր ընտանիքներն են բողոք ներկայացրել ՋԳԴԶ տեսչություն, թե զոռով մեր հարազատներին տարել եք ճամբար, նշել են, որ դուք երևի հիշողությունը կորցրել եք առժամանակ, ախր փոքր տարիքի չեք, ամեն մեկդ մի պատկառելի Սիմոն ծերունի եք, բացի Չքնաղյանից ու, Մաքրուհի ջան, սղագրի՝ Մաքրուհուց։ Կանանց իրավունքները մեր դատարանը առաջնահերթ պաշտպանում է։ Մի բան էլ կա՝ գեներալի ընկերները թուր-թվանքով վաղը գալու են ճամբարի վրա։ Այսքանից հետո, խնդրենք դատախազին իր որոշումն առաջարկի։
ԱՄԵՆԱՏԵՍՅԱՆ – Շնորհակալ եմ, հարգելի դատավոր, կարծես ամեն ինչ ասվեց դատապաշտպանի և ձեր կողմից։ Շուռ տրվեց երկու տարբեր կողմերի վրա, ինչպես այն լուսինը։ (Մատը տնկում է վեր։) Պարզ է, ես միայն լուսնի հակառակ կողմը կներկայացնեմ, ինձ թող չհիպնոսի օրիորդ Չքնաղյանը։ Ես նրան կասեմ՝ հիպնոսից պարտադիր հարկի տեսակ կա, դա էլ է համարվում տաղանդ արվեստ։ Ինչևէ, առաջարկում եմ՝ պարոն Դերյանին չներկայացնել վաստակավորի կոչման, ընդհակառակը՝ իջեցնել նրա կոչումը։
ԴԵՐՅԱՆ – Այ պարոն Ամենատեսյան, ես ոչ մի կոչում չունեմ։
ԱՄԵՆԱՏԵՍՅԱՆ – Բա մարդ կոչո՞ւմը… (Խնդում է։) Դուք, ինչ խոսք, լավ մարդ եք, լավ հոր զավակ, լավ բեմադրիչ, բայց էս մեկը ոնց որ մեր ուզածը չէ։
ԴԵՐՅԱՆ – Ձեր ուզածը կրկե՞սն է։
ԱՄԵՆԱՏԵՍՅԱՆ – Բա էս երեխեքը չե՞ն սիրում կրկես։ Համենայնդեպս, «Տիեզերք» ճամբարին թողնել մի օր որպես փորձ, տեսնենք կարդարացնի իրեն։ Չքնաղյանին առաջարկում եմ ներկել շեկ մազերը թունդ սև՝ բրյունետ, տեսա՞ք, առյուծ արքան էլ խելռեց ձեզ տեսնելուց, քիչ էր մնում մարդկության պատմությունը փոխվեր։ Չարյանին առաջարկում եմ թողնել միայն անունը՝ Միհրդատ, դա հին և նոր դատեր է հիշեցնում, լավ է։ Թռչունյանն ու Մանչուկյանը ոչնչով աչքի չընկան… Էն Տխրունին անսպասելի ցատկ կատարեց՝ դառը մանկությունից խիզախ մանկություն, բայց որ ձեռքերը վառեց, դա ինքնահրկիզման առաջին փորձն էր մարդկության։
ԳԻՏՈՒՆԻԿ — (մեջ ընկնելով): Բա ե՞ս։
ԱՄԵՆԱՏԵՍՅԱՆ — (շարունակելով): Սակայն՝ ոչ քաջալերիչ, այդտեղ, պարզ է, խոսեց նրա՝ անչափահասի ենթագիտակցական կիրքն առ շիկահեր օրիորդը, որը խանդի տեսարանի չվերածվեց, քանզի բեմադրիչը չսրեց իրավիճակը և Տխրունին չհասցրեց օրիորդի ոտքերն ընկած դառը ողբալ իր դերը։ Տխրունուն առաջարկում եմ նոր կեղծանուն ընտրել և մոռանալ իր տարբեր կյանքերը, կամ եթե Աֆրիկան և Քարանձավը իր հերոսական կյանքի էջերն է համարում, թող ընտրի՝ Քարանձ Աֆրիկյան, հնչեղ է… Տուրյանին խնդրում եմ պարելիս խղճա իրեն, սարսափելի է նայել նրան՝ դեմքը կապտած, փորը կարմրած… Մի խոսքով՝ ոչ թե ջանդակաջազ, այլ ջհանդամջազ, իսկ բոդիջազ թարգմանությունը հայերեն այլ կերպ է երբեմն հնչում։ Ինչևէ, Ապրեսյանը ապրի, պահպանեց իր քաջի համարումը և իբր հիպնոսված՝ Քարանձավում մնաց մի ժամ ծռված դիրքով, համա թե ֆիզիկապես ամուր է։ Ջոկատին, շատ չերկարացնեմ, առաջարկում եմ տալ մեկ օր հավելյալ փորձաշրջան, որից հետո դատարանը կորոշի վճիռ ներկայացնի։
ՔԱՋԱԶՆՈՒՆԻ – Կարծում եմ, տվյալ իրավիճակում լավագույն լուծում է, մեկ օր էլ տրվի, համաձայն եմ, ջոկատի գործն էլ, ավելի ճիշտ, թատրոնն էլ շուտ չի ավարտվի, մի արար էլ թող ավելանա, մինչև վճիռը, մեր կյանքն ամեն օր դատ ու թատրոն է, թող լինի ևս մի օր Ծաղկաձորի «Տիեզերք» ճամբարում։ Ձեր խոսքը, պարոն Դերյան։
ԴԵՐՅԱՆ – Ինչ ասեմ, ես ավելի ծանր որոշում էի սպասում, կեցցե թատրոնը, մի օր էլ պոկեց հավերժությունից, մեր արդարադատ դատարանից։
ԻՆՆԵՐՈՐԴ ԱՐԱՐ
«Տիեզերք» ճամբարի առավոտյան տողան է։ Շարված է ջոկատը։ Տուրյանը շեփորեց օրվա բացումը։ Կան պլակատներ՝ «Ամեն ինչ մանուկների համար», «Մենք բոլորս, բոլորս մանուկներ չենք որբ»։
ԴԵՐՅԱՆ – Մաքրուհի և Թռչունյան, բարձրացնել ճամբարի դրոշը։
ԵՐՋԱՆԻԿ – Ընկեր պարոն Դերյան, Տերյանի միտքը սխալ են գրել պլակատին, ոչ թե՝ չենք, այլ՝ ենք։
ԴԵՐՅԱՆ – Էն ժամանակ էին որբ, հիմա՝ չենք։
ԵՐՋԱՆԻԿ – Հեղինակային իրավունքի խախտում է։
ԴԵՐՅԱՆ – Կբողոքենք կոմիտե հեղինակային, իրավ եք։ Հիմա լռենք, դրոշ են բարձրացնելու։
Մաքրուհին և Թռչունյանը մոտենում են դրոշակի ձողին և շեփորի երաժշտության ուղեկցությամբ բարձրացնում դրոշը։
ԴԵՐՅԱՆ – Ապրեք, երեխեք, շատ հանդիսավոր կեցվածքով բարձրացրիք, հիմա վերադարձեք ձեր շարքը։ Սիրելի մանուկներ և Չքնաղյան ու Տուրյան, մեզ տրված է հնարավորություն, որ ապացուցենք մեր գաղափարի, կներեք լուրջ բառի համար, մեր նպատակի կարևորությունը, այն է՝ վերադարձ մանկություն։ Ճիշտ է ասել Էքզյուպերին՝ մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից, կներեք, որ ես իմ գաղափարն եմ ներմուծում, այսինքն՝ վերադարձ, գալիս ենք մանկությունից և վերադառնում մանկություն, ահա սա է, որ մարդուն պահում է ջինջ, երևակայող, նոր, հանճարեղ, կներեք լուրջ բառի համար, էսօր բոլորը սոցցանցերում իրենց հանճար են համարում, կամ իրենց են համարում, ինչևէ, շատ չխոսեմ, այսօր մենք գնալու ենք Արջաղբյուր։ Երեխեք, լսե՞լ եք նրա մասին։
ՋՈԿԱՏ — (միաձայն): Այո, այո։
ԴԵՐՅԱՆ – Մենք մեզ հետ վերցնելու ենք չոր օրապահիկ և փափուկ…
ՉԱՐՅԱՆ — (ընդմիջելով): Մարմնաջազ, բոդիջազ։
Ջոկատից ոմանք ծիծաղում են։
ԴԵՐՅԱՆ – Լավ գաղափար է, իսկ Ապրեսյան, բալիկս, դու ի՞նչ ես վերցնելու։
ԱՊՐԵՍՅԱՆ — (հանկարծակիի գալով): Այնտեղ կերևա։
ԴԵՐՅԱՆ – Լավ և անսպասելի պատասխան է։ Իսկ դո՞ւ, Բրիջիդ։
ՉՔՆԱՂՅԱՆ — (ժպտալով): Իմ ժպիտը հիպնոսախառն։
ԴԵՐՅԱՆ – Դա հրաշալի է, վերջապես Արջաղբյուր է, ամեն ինչ հնարավոր է։ Դե, մանուկներ, քայլով մարշ դեպի ճաշարան, ճաշարանից՝ Արջաղբյուր։
Արջաղբյուրը անտառի մեջ է, դարերով հմայել է ու հատկապես խրախճանասերներին, մանուկներին կանչել իր շուրջը։ Ջոկատը հոգնած նստոտում է խոտերին, հմայվում ծաղիկներով, ծառերով։
ԵՐՋԱՆԻԿ – Ընկեր պարոն Դերյան, այս դիմացի հովտում մալականներն իրենց անասուններին են արածացրել և չեն թողել մեր գյուղի Մաքրավանքի ժողովրդին բարձրանա այստեղ, մի անգամ մեր բարեկամ տարեց Պատուրը զայրացել է և գերանդիով կտրել իրեն արգելող, խոտհունձ անելիս, մալականի ոտքերը։ Իրեն Սիբիր են ղրկել, իսկ մաքրավանցիք տոտիկ-տոտիկ բարձրացել են այս դաշտը, հետո տներ գնել հենց էդ մալականներից Ծաղկաձորում, ապրել են իրար հետ մինչև հիմա հաշտ և ախպերավարի։
ԴԵՐՅԱՆ – Հետաքրքիր պատմություն է, Երջո ջան, էդ մասին գրե՞լ ես։
ԵՐՋԱՆԻԿ – Չէ, դա բանաստեղծության թեմա չէ։
ԱՊՐԵՍՅԱՆ – Տո հենց էդ ա թեմա, քաշել ա գերանդին ու… Սիբիր, ռիսկով բիձա է եղել։
ԳԻՏՈՒՆԻԿ – Ի՜նչ լավ ծառեր են, թխկիներ, կաղնիներ, ծաղիկներ, էս օդը շնչողը խիզախ կլինի։
ՄԱՔՐՈՒՀԻ — (ամաչելով): Ընկեր Դերյան, կարո՞ղ եմ գնալ ծաղիկ հավաքելու։
ՉԱՐՅԱՆ — (հեգնանքով): Բա մեր կողքերը ի՞նչ են։
ԱՊՐԵՍՅԱՆ – Արա, էն աղջիկը ուրիշ ծաղիկ է ուզում։
ՉԱՐՅԱՆ – Հա… Դե ասա։
ԴԵՐՅԱՆ – Մաքրուհի, շատ չխորանաս, հազվագյուտ ծաղկատեսակներն էլ չպոկես։
Մաքրուհին թռվռալով գնում է։
ԵՐՋԱՆԻԿ – Այստեղի ծաղիկները չորացնում են ու թեյ խմում։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Էդպես արեցին, որ ծաղիկ չմնաց, Ծաղկաձորի անունն է միայն։
ԵՐՋԱՆԻԿ – Բա էն հրաշալի լորենիների ծաղիկների թեյը…
ՉԱՐՅԱՆ – Բա էն եզան լեզվի չայը։
ԱՊՐԵՍՅԱՆ – Եզան լեզուն խաշում են, աղ ցանում, սև բիբար ցանում, համով միս է։
ՉԱՐՅԱՆ – Ես բույսի մասին ասացի։
ԱՊՐԵՍՅԱՆ – Արա, եզից ի՞նչ բույս, ինքը արածում ա։
ԳԻՏՈՒՆԻԿ – Եզան լեզուն թարախ մաքրող հատկություն ունի, ժողովրդական բժշկությունն օգտագործում է։ Իմ ոտքն էլ եմ բուժել մի անգամ։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Երեխեք ջան, մաքուր օդ է, եկեք բանկափլավ խաղանք։
ՉԱՐՅԱՆ – Ոչ բանկա կա, ոչ փլավ։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Ուրեմն՝ բռնոցի։
ՉԱՐՅԱՆ – Մաքրուհին թող գա, հետո, աղջիկը չնեղանա։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Մենակ տղերքի համար՝ եկեք խաղանք էշ-մլիցա։
ԱՊՐԵՍՅԱՆ – Ցելա գցենք, հելանք։
Մանչուկյանը, Թռչունյանը, Չարյանը, Ապրեսյանը, Տխրունին և Գիտունիկը ցելա են գցում, միլիցու դերը մնում է Գիտունիկին։
ԳԻՏՈՒՆԻԿ – Դժգոհ չեմ։ (Ձեռքը ծառին հենած՝ կռանում է։ Վրան նստում է Երջանիկը, տղաները շրջապատում են։)
ԵՐՋԱՆԻԿ – Չմտածեք պոետ եմ, չեմ լքի իմ դիրքը, վրա տվեք, էնպես զարկեմ, մոռանաք հոր հարսանիք։
ԳԻՏՈՒՆԻԿ – Երջո, գիտությամբ խաղա, միայն քաջությունը բավական չի։
ԱՊՐԵՍՅԱՆ – Գիտություն, քաջություն պլյուս անօդաչու թռչող սարք, ճի՞շտ չի, Թռչունյան։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Հա՛։
ՉՔՆԱՂՅԱՆ – Էն Մաքրուհին ի՞նչ եղավ, Զարզանդ, խաղը պրծեք, Թռչունյանի հետ անտառում գոռգոռացեք, երևի կլսի իր անունը, կգա։ Դե, արագացրեք։
ԱՊՐԵՍՅԱՆ – Ես, Թռչունյանը, Չարյանը և ընկեր Տուրյանը ջանդակաջազ ենք պարապել, ձենս բացվել ա։
ԴԵՐՅԱՆ – Դե գնացեք։
ԳԻՏՈՒՆԻԿ – Բա՞ ես ու Երջոն։
ԴԵՐՅԱՆ – Գիտուն ու պոետ, շատ չարչարվեցիք, մնացեք, չասեն՝ մտավորականությանը ճնշում են։
Տղաները գնում են։ Լսվում են նրանց գոչգոչումները՝ Մաքրուհի՜, Մաքրուհի՜։
ՉՔՆԱՂՅԱՆ – Էդ էրեխեն չշփոթի տեղը։
ՏՈՒՐՅԱՆ – Որ շփոթի, լավ ձեն ունի, կերգի։
Խմբով բղավում են՝ Մաքրուհի՜, Մաքրուհի՜… Ոչ մի պատասխան։
ՏՈՒՐՅԱՆ – Ես էլ գնամ, հանկարծ…
ԴԵՐՅԱՆ – Ի՞նչ հանկարծ։
ՏՈՒՐՅԱՆ – Ի՞նչ իմանամ, խոր անտառ է։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Ես էլ գնամ։
Քիչ անց լսվում է Տուրյանի, Թռչունյանի, Չարյանի, Մանչուկյանի և Ապրեսյանի միացյալ գոչյունը՝ Մաքրուհի՜, Մաքրուհի՜։
ԱՊՐԵՍՅԱՆ – Տղերք, չե՞ք լսում, արջի մռթմռթոց։
ՉԱՐՅԱՆ – Վայրի խոզ է։
ՏՈՒՐՅԱՆ – Չէ, արջի տոնայնություն է։ Զգույշ, տղերք։
ԱՊՐԵՍՅԱՆ – Իա, տեսեք որջը, ի՜նչ էլ փոքր քարանձավ ա։ Մաքրուհուն կերած չլինի՞։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Լսեք, լսեք, Մաքրուհու բարակ ձայնն է։
ՏՈՒՐՅԱՆ – Սոպրանո է, նա է։
ՉԱՐՅԱՆ – Ո՞նց անենք՝ արջը փախչի։
ԱՊՐԵՍՅԱՆ – Ես ձևը գիտեմ, բարձր երգենք քարանձավի գլխին, բալքի մի ծակ լինի, դղրդա մեր ջազը քարանձավում, էլ ո՞ր օրվա ջանդակաջազի խումբն ենք, չէ՞, Տուրյան։
ՏՈՒՐՅԱՆ – Փորձենք։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Բա որ արջը մեզ վրա գա՞։
ԱՊՐԵՍՅԱՆ – Արա, մեզ երեխու տե՞ղ ես դրել, մոտս ատրճանակ կա, նախագահի նվերն է իմ հոբելյանին։
ՉԱՐՅԱՆ – 10 տարեկան հոբելյանի՞ն։
ԱՊՐԵՍՅԱՆ – Չէ, 60։
ՏՈՒՐՅԱՆ – Բայց արջի վրա կրակելն արգելվում է օրենքով։
ԱՊՐԵՍՅԱՆ – Բա Մաքրուհուն ուտի, մեզ էլ զակուսկի անի՞։
ՏՈՒՐՅԱՆ – Դե, լավ, ինքնապաշտպանության համար պետք կգա։
ԱՊՐԵՍՅԱՆ – Դե, հելանք քարանձավի գլուխ։
ՉԱՐՅԱՆ – Տղերք, ծակ տեսա։
ՏՈՒՐՅԱՆ – Զգույշ եղեք, չընկնենք մեջը։
ԱՊՐԵՍՅԱՆ – Իսկական ջազի համար ա։
Խումբն սկսում է անհոդաբաշխ գոչգոչել, խփել մարմիններին, Տուրյանը շեփորով նվագեց՝ լվացարանից՝ ճաշարան, ճաշարանից՝ զուգարան, զուգարանից՝ Արջաղբյուր և բարձրաձայն, սահմռկեցուցիչ դեցիբալով երգել։ Որոշ ժամանակ անց նրանց միացավ Մաքրուհին իր նրբագեղ սոպրանոյով, որով հասկացնում էր իր ողջ լինելը։ Արջը դուրս փախավ որջից և, նայելով ջազմենների խմբին, թքեց ու զայրալից մռթմռթալով վազեց անտառի վերևը, մութ թավուտները։
ՉԱՐՅԱՆ – Զարզանդ, ատրճանակդ պահի, վախից մեզ չխփես։
ԱՊՐԵՍՅԱՆ – Թե իմ խմբից, ոչ թե ջազի, այլ իսկական կռվի, քեզ վախենալ ցույց կտայի։
ՏՈՒՐՅԱՆ – Զարզանդ, պահի, Դերյանը չտեսնի։
Որջից դուրս է գալիս շփոթահար, վախեցած, ուրախացած Մաքրուհին։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ինձ Պուգաչովան չհավանեց, բայց դուք լավ լսեցիք երգս, վա՞տն էր։
ՏՈՒՐՅԱՆ – Մաքրուհի ջան, խիստ հազվագյուտ մեղեդային, խորքային, ես կասեի կոլորատուր սոպրանո, մի քիչ…
ԱՊՐԵՍՅԱՆ — (ատրճանակը պահելով): Ի՛նչ մի քիչ, շա՜տ, շա՜տ կոլորատուրյանային…
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Գոռանք, թող խումբը լսի։
ՏՈՒՐՅԱՆ – Ճիշտ որ, միաձայն՝ Մաքրուհին մեզ հետ է, ծաղիկ է հավաքում, արջը փախավ։
Արջաղբյուրի շուրջերքը նստածները ուրախության ճիչերով դիմավորում են անտառից դուրս եկածներին։
ԴԵՐՅԱՆ – Կեցցե Մաքրուհին, ինչ լավ ծաղիկներ է հավաքել։ Բայց ի՞նչ արջ։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ինչ մեղքս թաքցնեմ, ընկեր պարոն Դերյան, ես նման բան չեմ տեսել կյանքում, հանկարծ կողքիս հայտնվեց մի բռի արջ, վախից չորացա, եկավ, գրկեց ինձ, քիչ էր մնում կողերս ջարդի, ու տարավ իր որջը։ Ճամփին խոսում էր, բայց…
ԴԵՐՅԱՆ – Ի՞նչ լեզվով։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ոնց որ հայերեն, մեկ-մեկ՝ ռուսերեն։
ԵՐՋԱՆԻԿ – Մալականների լեզվով։
ՄԱՔՐՈՒՀԻ – Երևի։ Որջում շատ կուլտուրական ինձ նստեցրեց փափուկ գետնին, մի քիչ խիստ ու ավելի պարզ խոսեց՝ էդ ինչի՞ եք եկել Արջաղբյուր, բոլ չի բնությունն ավիրեք, չգիտեմ ինչ մարզակառույց, առանձնատներ, թաղամասեր… ձագերս գնացել են սարի վերևը օդ շնչեն, փոշի է, ցեխ, հիմա էլ էս կուրորտային գյուղը վերածեցիք շինհրապարակի՝ նեբասկրյո՜բներ եք շինում, էս գյուղացիք, որ գալիս են սունկ հավաքելու, հիվանդից բեթար են, խիղճս տանջում է նրանց ուտեմ։
ՉԱՐՅԱՆ – Բա քեզ ինչի՞ չկերավ, դու հո կարմիր թշերով աղջիկ ես։
ՄԱՔՐՈՒՀԻ – Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, հա, արջն էլ կոմպլիմենտ արեց և ասաց՝ կոմպլիմենտի համար չեմ ասում՝ շատ սիրուն աղջնակ ես և զարմանալի ջահել մնացած տիկին։ (Տղերքը խնդում են։)
ԴԵՐՅԱՆ – Լավ, տղերք, սպասեք, էլ ի՞նչ ասաց արջը։
ՄԱՔՐՈՒՀԻ – Ասաց, որ շուտով էս աղբրի վրա 25-հարկանի շենք են կառուցելու, իսկ «Տիեզերք» ճամբարի տեղում՝ 30-հարկանի։ Տիեզերքի հերն են անիծելու և, ամոթ է ասել՝ թքեց որջի գետնին՝ թու էս ագահ մարդկանց էրեսին։
ԴԵՐՅԱՆ – Բա ո՞նց փրկեցին քեզ մեր քաջերը։
ՄԱՔՐՈՒՀԻ – Բոդիջազով։ Արջը սկզբից ականջները ցցեց, կասկածելով ինձ նայեց, հետո, երբ ջազգրուպը ավելի կատաղի երգեց, քարանձավը դղրդաց ոնց որ երկրաշարժից, ու էլ ոչինչ չասաց արջը, դեմքը խոժոռվեց, հա՜, երբ ես միացա Բոդիջազին իմ սոպրանոյով, նա մի անգամ էլ թքեց մռթմռթալով՝ և դու, Մաքրուհի, քեզնից չէի սպասում, ու փախավ։
ԴԵՐՅԱՆ – Բա չուզե՞ց խմբին ուտել։
ՄԱՔՐՈՒՀԻ – Չէ, շատ էր զզված։
ԱՊՐԵՍՅԱՆ – Հլը թող դուրս գար։
ՏՈՒՐՅԱՆ – Զարզանդ, մի՛ տարածվիր։
ՉԱՐՅԱՆ – Մեր վախից արջ կմոտենա՞ր։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Մեր ջազը ընտիր է, գնանք Երևան, համերգներ տանք։
ՄԱՆՉՈՒԿՅԱՆ – Համալիրում ում ասես բերում են, մեր նմանի տեղը չգիտեն։ Է՛լ դոգ, է՛լ մո՜գ…
ԴԵՐՅԱՆ – Առաջարկում եմ նստենք, ճաշենք չոր, բայց ընտիր, շատ տանջվեցինք։
ԱՊՐԵՍՅԱՆ – Մի հատ թռչուն չխփե՞մ։
ՏՈՒՐՅԱՆ – Բնության մեջ ենք, Զարզանդ, մի՛ տարածվիր։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Թռչուններից ես եմ մնացել Ծաղկաձորում։
ԱՊՐԵՍՅԱՆ – Արա, հո՞ Գաբրիել հրեշտակը չես։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Է՜, Զարզանդ ջան, ուզում եմ ազգանունս փոխեմ։
ԴԵՐՅԱՆ – Անցնենք ճաշելու, այսինքն՝ խրթխրթացնելու։ Չքնաղյան, քաղցրավենիքն էլ բաժանի։ Մրգերն էլ։ Տուրյա՛ն, մի հատ տուշ, Մաքրուհին մեզ հետ է։ Ուռա՜։
Տուրյանը նվագում է, Բոդիջազը ճվճվում է։
ԴԵՐՅԱՆ – Տղերք, ես արջ չեմ՝ փախնեմ, բայց մեղք եմ, լռեք։ Ուտելիս չեն խոսում, երգում, առավել ևս՝ ականջ ծակում։ Հիշեք, իրիկունը դատն է սպասվում։ Տողանի ժամանակ։
Անտառում լռություն է տիրում։ Մեկ էլ խմբին է մոտենում մի մոլորված արջուկ և հարցնում՝ պապայիս չե՞ք տեսել։
ՏԱՍՆԵՐՈՐԴ ԱՐԱՐ
Ջոկատը շարվել է տողանի։ Դատարանի աթոռները դատարկ են։ Տուրյանը փչում է շեփորը։
ԴԵՐՅԱՆ – Մաքրուհի և Մանչուկյան, իջեցնել դրոշը։
Նրանք մոտենում են դրոշակի ձողին և սկսում իջեցնել։
Այդ պահին հրապարակ է մտնում դատարանը։
Դրոշն իջեցված է։
Դատարանը մոտենում է դատարկ աթոռներին։
ԴԱՏԱՎՈՐ – Ոտքի, դատարանն է գալիս։
ԱՊՐԵՍՅԱՆ – Արա, մենք կանգնած ենք, էլի։
ԴԱՏԱՎՈՐ – Նստեք ձեր տեղերը, ավարտվել է ձեզ տրված օրվա ժամանակը։ Խնդրում ենք, պարոն Դերյան, ջոկատի լրիվ նստելուց հետո ներկայացնեք օրը, որը կդառնա մեր, այսինքն՝ դատարանի վերջնական վճիռը։
ԴԵՐՅԱՆ – Հարգարժան դատարան, ջոկատը լրիվ նստած է։ Այժմ կարճ ներկայացնեմ օրը. առավոտ՝ տողան, ապա արշավ Արջաղբյուր, որի վրա, ըստ Ապրեսյանի և մեր Բոդիջազի, կառուցվելու է երկնաքեր։
ԴԱՏԱՎՈՐ – Ո՞վ ասաց։
ՏՈՒՐՅԱՆ – Արջը։
ԴԱՏԱՎՈՐ – Դատարանին ոչ ճիշտ պատասխան տալը հետապնդվում է օրենքի մի քանի հոդվածով։
ԱՊՐԵՍՅԱՆ – Բա որ ճիշտ ա ասում, քանի՞ հոդվածով կպարգևատրեք։
ԴԱՏԱՎՈՐ – Պատանի Զարզանդ, լավ կլինի չընդմիջեք, լսենք պարոն Դերյանին։
ԴԵՐՅԱՆ – Խնդրեմ։ Էդ արջը, որը փախցրել էր մեր աղջնակ Մաքրուհուն, բողոքել է՝ հովիտը սովետի օրոք սպորտբազա սարքելու իրողությունից, Արջաղբյուրը աղտոտելու հետևանքներից, բնությունը ոչնչացնելուց։
ԴԱՏԱՎՈՐ – Չհասկացանք, էդ ա՞րջ է եղել, թե՞ ընդդիմադիր կուսակցական։
ԴԵՐՅԱՆ – Նա Մաքրուհուն մաքուր հայերենով, մի քիչ ռուսերեն բառերով ասել է Ծաղկաձորի երկնաքերային ապագայի մասին։
ԴԱՏԱՎՈՐ – Պայծառատե՜ս է արջը, երևի Չքնաղյանն է հիպնոսել։
ՉՔՆԱՂՅԱՆ – Պարոն դատավոր, ես այնտեղ չեմ եղել։
ԴԱՏԱՎՈՐ – Բրիջիդ ջան, որտե՞ղ։
ՉՔՆԱՂՅԱՆ – Խոր անտառում, արջի որջում, ուր Մաքրուհուն պատմել է շատ բաներ։
ԴԱՏԱՎՈՐ – Օրինակ։
ԹՌՉՈՒՆՅԱՆ – Որ «Տիեզերք» ճամբարն էլ մի քանի օրից վերածվելու է շինհրապարակի՝ երկնաքերի համար։
ԴԱՏԱՎՈՐ – Այ ընկերներ, դա արջ չի եղել, այլ մի բամբասասեր պառավ, Մաքրուհուն ինչ ասես, որ չի բլթացրել։ Իսկ ո՞նց է ազատվել Մաքրուհին։
ԴԵՐՅԱՆ – Մեր Բոդիջազի նորակազմ խմբի ջանքերով՝ երգել և նվագել են ահավոր դեցիբալով, ինչպիսին լսում են ծաղկաձորցիք ամեն օր շինհրապարակներից։ Գոնե մինչև չորս հարկ սարքեն, օրենքը կարդան Ծաղկաձորի մասին։
ԴԱՏԱՎՈՐ – Օրենքի ատյանում շատ եք խոսում օրենքի մասին։
ԴԵՐՅԱՆ – Իմ ջոկատին պատրաստում եմ օրինավոր կյանքի, բոլ ա բառադի ապրենք։
ԴԱՏԱՎՈՐ – Էդ ի՞նչ գռեհիկ բառապաշարի անցաք, խնդրում եմ հարգեք դատարանի ականջները։ Ճիշտ է, մենք հիմա սովետի սարքած հալումաշ ճամբարում ենք, բայց մի մոռացեք, հպարտացեք՝ Հայաստանի անկախ Հանրապետությունում ենք։
ԴԱՏԱԽԱԶ — (ուղղելով): Անկախ Հայաստանի Հանրապետություն։
ԴԵՐՅԱՆ – Ախր ո՜նց դիմանամ էս փոշուն, էս սալերը ջարդելու, գետինը փոսի վերածելու անմարդկային աղմուկին։
ԴԱՏԱՎՈՐ – Աշխատատեղեր են բացվում։
ԴԵՐՅԱՆ – Գետինն է բացվում՝ մեզ իր մեջ առնելու։
ԴԱՏԱՎՈՐ – Երկիրը պատերազմի մեջ է, դուք հուսահատություն եք քարոզում, սա թատրոնի նպատա՞կն է։
ԴԵՐՅԱՆ – Մենք մտածում ենք երկրի, տիեզերքի մասին, անգամ արջն է մեզ հուշում մռթմռթալով։ Էլի չենք լսում։
ԴԱՏԱՎՈՐ – Իսկ չե՞ք լսում ճամբարի կողքը հավաքված այս երեխաների (ցույց է տալիս ջոկատին) զավակների, կանանց ու ամուսինների բողոքը։
ԴԵՐՅԱՆ — (զարմացած): Իսկապես, էս ի՞նչ աբսուրդ է, ո՞վ է բերել նրանց։
Լսվում են ձայները՝ բաց թողեք մեր հայրերին ու մայրերին, փակեք խելառ ճամբար կոչեցյալը, նրանց խաբելով են բերել, օգտագործել են նրանց հիշողության մասնակի կորուստը, իմ հայրը գեներալ է, նա անչափահաս կարգազանց չէ, բռնել բեմադրիչին, փակել թատրոնը, Չքնաղյանին կանչել պատասխանատվության և այլն, և այլն… Վերջում մեկը ծղրտաց՝ սա պետությո՞ւն է, թե՞ մանկապարտեզ։
ԴԱՏԱՎՈՐ – Պարոնայք և տիկնայք, լսեցի՞ք, նրանք ձեր հարազատներն են, իսկ պետությունը չի կարող սեպ խրել մոր և զավակի, հոր և աղջկա, տղաների և աղջիկների, քեռիների և մորքուրների միջև, նրանք…
ԴԵՐՅԱՆ – Դուք եք ուզում սեպ խրել մեր իրավունքների միջև՝ ուզում են մանկանալ, թույլ տվեք, սա երկար ապրելու մի տեսակ է։
ԴԱՏԱՎՈՐ – Դուք դեբիլացնում եք տարեցներին։
ԱՊՐԵՍՅԱՆ – Չեղավ, դատավոր ջան, թե տեղից չի դեբիլությունը, սարքովի չի լինի, էս բեմադրիչը մեզ էք… էք… էդ ի՞նչ էր է էդ զահրումարի անունը…
ԴԵՐՅԱՆ – Էքզյուպերի։
ԱՊՐԵՍՅԱՆ – Ապրես, ընկեր պարոն Դերյան, Էք-զյու,պե-րին, էս ի՜նչ էլ դժվար անուն է, ասել է՝ մարդիկ գալիս են մանկությունից, է՛, մենք էլ գնում ենք մանկություն, այսինքն՝ վերադառնում, սրա մեջ ի՞նչ վատ բան կա, պարոն դատավոր։
ԴԱՏԱՎՈՐ – Լսո՞ւմ եք ձայները, իմ ձայնն էլ չի լսվում, հարգեք ձեր հարազատներին։ Աստվածաշնչում ասվել է, չէ՞, սիրիր մերձավորիդ։
ԵՐՋԱՆԻԿ – Մենք էլ սիրում ենք։ (Ձեռքը դնում է Բրիջիդի բաց ազդրին։)
ՉՔՆԱՂՅԱՆ – Մի սիրային բան արտասանի (շշնջալով) կարճ։
ԵՐՋԱՆԻԿ – Ունես մազեր շիկահեր
Նաև չքնաղ հեր ու մեր։
ՉՔՆԱՂՅԱՆ — (Տխրունու ձեռքը մի կողմ հրելով, շշնջալով): Դու դեռ փոքրիկ ես, պատանյակ։
ԵՐՋԱՆԻԿ – Ինչ փոքր, երկու կին եմ առել, երեխեք ունեմ, հիմա ազատ եմ։
ՉՔՆԱՂՅԱՆ – Խեղճ բիձա։
ԴԱՏԱՎՈՐ – Մի խանգարի, օրիորդ Չքնաղյան, սա դատարան է, հասարակաց տուն չէ։ Շատ կրքոտ ու բարձր եք խոսում։
ԵՐՋԱՆԻԿ – Ես խանգարեցի, կներեք, ձեռքս պատահաբար հպվեց Բրիջիդի ոտքին։
ՉՔՆԱՂՅԱՆ – Ինքը մեղք չուներ, պատանի-տարեց է, ազդրս հպվեց։
ԴԱՏԱՎՈՐ – Չքնաղյան օրիորդ, սա ճամբար է մանկական, շուրջը՝ անտառներ, կարող էիք այնտեղ հպումներ անել, չհասկացա՝ համակարգչի մկնի՞կ եք խաղում՝ հպվել-չհպվել։
ԴԵՐՅԱՆ – Համլետի ողբերգություն արարվեց… Տխրունին՝ ո՞ւր, հպվելն՝ ուր, նա ավանդական քնարերգակ է, փոխենք թեման։
ԳԻՏՈՒՆԻԿ – Հարգելի դատավոր, ձեր ասած պատվիրանը՝ սիրեքը մերձավորին, ասվել է ատողների ու քանդողների համար։ Մենք ստեղծում ենք՝ կրակ, խոհանոց, երգ, նվագ, սեր բնության հանդեպ։
Այդ պահին հրապարակ է մտնում Արջը։
ԱՐՋ – Խնդրում եմ հաշվի առնել իմ հատուկ կարծիքը։ Էս մարդիկ մի քանի ժամ անտառում էին և ոչ մի ծաղիկ ու բույս չոչնչացրին, իսկ Մաքրուհին, որ ասել էր՝ գնում եմ ծաղիկ հավաքելու, միայն որպես վկայություն իր հետ տարավ մի քանի երիցուկ։ Նրանք լավ արվեստագետներ են, ես էլ եմ ինձ համարում արվեստի ծառա, մշակ։ Մի դատեք, որ չդատվեք։
ԴԱՏԱՎՈՐ – Ապրեսյան, մոտդ ատրճանակ չկա՞։
ԱՊՐԵՍՅԱՆ – Լինի էլ, չեմ հանի, էսի լավ արջ ա։
ԴԱՏԱՎՈՐ – Լսեք ձայները, թատրոնը փակվում է, «Տիեզերք» ճամբարը փակվում է, բեմադրիչը ներկայացվում է աբսուրդ կոչման, Չքնաղյանի մազերը շիկահեր, երկար, բուրավետ, ոչ թե ներկել սև, այլ, մի երգչուհի կա, նրա պես քաչալացնել։
ՉՔՆԱՂՅԱՆ – Ինչո՞ւ։
ԴԱՏԱՎՈՐ – Քաչալ սարը և քարանձավը նվաճելու համար (աչքով անելով դատախազին) սեփականատերերից:
ԴԱՏԱԽԱԶ – Ես լիովին համաձայն եմ, ջոկատ, ձեր հարազատների հետ տուն գնացեք, նորմալ վաստակած հանգստի անցեք և թոռներ պահեք, ոչ թե թոռ դարձեք ու պատիժ հասարակության համար։ Մի խոսքով վճիռը՝ փա-կել, փա-կել մինչև վերջ։
ԴԵՐՅԱՆ – Վերջը ո՞րն է։
ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆ – Մինչև վերջին հասնելը հարկ եմ համարում պաշտպանել դատավորին, էդ ի՞նչ էշ-մլիցա էիք խաղում, ի՞նչ էիք ակնարկում։ Ոսկան Քաջազնունին, այո, նախկին ոստիկան էր, այժմ՝ դատավոր, սա՝ ի գիտություն։ Իսկ վերջի մասին կասեմ շատ համառոտ։ Վերջը նոր սկիզբն է, ահա։
Հրապարակը նվաճում է տրակտորի հռնդոցը, վերամբարձ կռունկի կռկռոցը։ Ջոկատի հարազատները բղավում են՝ կեցցե շինարարությունը, բաց թողեք մեր պապերին, տատերին, ամոթ է, հո էրեխա չե՞ք։
Ջոկատը Դերյանի գլխավորությամբ երգում է՝
Ջան, իմ Ծաղկաձոր,
Որքան սիրուն ես…
Խորովածը շատ լավ բան է,
Վայ, տույ-տույ, տույ-տույ, տույ-տույ…
Արջն էլ զիլ ձգում է՝ «Մնացի մենակ…» տխուր երգը։
Ամենավերջում լսվում է առյուծի մռնչոց։
Բեմառաջ է գալիս Երջանիկը։
ԵՐՋԱՆԻԿ – Հա, հասկացանք՝ թատրոնը փակվում է, գոնե Չքնաղյանի մազերը ինձ տան ի հիշատակ իմ լուռ և այրող, անպատասխան սիրո։ Խնդրում եմ, պարոն դատավոր։
ԴԱՏԱՎՈՐ — (մոտենում է բեմառաջին): Պոետներին ոչ մի մերժում, նրանք մեր հոգու ճարտարապետն են, կեցցե խոսքի իրավունքը։ Ուռա՜…
Ճամբարից դուրս կանգնածներից լսվեցին զայրալից ճիչեր՝
Չենք թողնի աղբյուրները փակվեն։
Մենք Տիեզերքը կպաշտպանենք մարդկանցից…
Լսվում է Տուրյանի շեփորի դանդաղ ձայնը։
ՎԵՐՋ