25-ՐԴ ԺԱՄԸ

Գործող անձինք

ՎԱՀԵ — հայր

ԱՐՓԵՆ — մայր

ԱՐԱՄ – նրանց որդին

ՀԵՐՄԻՆԵ / ՋԵՆԻՍ – նրանց աղջիկը

ՆԱՐԵ — լրագրող

 

Բեմում սեղան է՝ զուսպ ճաշակավոր սպասքադրումով՝ հինգ անձի համար: Սեղանի երկու ծայրում նստած են Վահեն ու Արփենը: Լարված են, նյարդային: Արփենը շուտ-շուտ նայում է ձեռքի ժամացույցին: Վահեն ՛՛հեռախոսի մեջ է՛՛՝ իբր լրահոսն է նայում:

 

ՎԱՀԵ — Էդպես էլ գիտեի…

ԱՐՓԵՆ – (կարծես չլսեց, զանգում է):

ՎԱՀԵ — Ասում էի…

ԱՐՓԵՆ – (հեռախոը մի կողմ է հրում): Հեռախոսն անջատել է:

ՎԱՀԵ — Նրանք անպայմա՞ն պիտի լինեն:

ԱՐՓԵՆ — Ալլան ասաց՝ ձևաչափը դա է՝ ընտանեկան դիմանկար:

ՎԱՀԵ – Երկուսով՝ ի՞նչ ընտանեկան, էն էլ՝ դիմանկար…

ԱՐՓԵՆ – (հեռախոսը կտրուկ դնում է սեղանին): Ի՞նչ ես առաջարկում:

ՎԱՀԵ – Եկողը չեն: (Գլխի շարժումով ցույց տալով ափսեները:) Հավաքիր դրանք:

ԱՐՓԵՆ – (որ չէր սպասում նման արձագանքի): Այսի՞նքն…

ՎԱՀԵ — Բոլորը:

ԱՐՓԵՆ — Նրանցը՝ հավաքեմ: (Մի սպասքը ցույց տալով:) Սրան ի՞նչ անենք…

ՎԱՀԵ — Ինձ համոզելու ես, որ անելիքդ չգիտե՞ս:

ԱՐՓԵՆ – Ասենք՝ գիտեմ, ոնց ասեմ…

ՎԱՀԵ — Մի ասա, գյոզերով ուղարկիր՝ որտեղից եկել է: Քո մոտ դա լավ է ստացվում:

ԱՐՓԵՆ – Որ ասում ես… (Ցուցադրական վերցնում է հեռախոսը, համար հավաքում, քա՜ղցր:) Ալո… այո, ես եմ, զանգել եմ ասելու, որ անսպասելի… ի՞նչ… արդեն տա՞նն եք մոտենում: Դե իհարկե, ձեզ սպասում ենք: (Հեռախոսն անջատելով:) Ուղարկել չստացվեց: Սուրճ կհյուրասիրենք ու…

ՎԱՀԵ – Արագի մեջ ճամփու կդնես:

ԱՐՓԵՆ — Դո՛ւ:

ՎԱՀԵ — Ե՞ս…

ԱՐՓԵՆ — Ուղարկելու քո հերթն է:

ՎԱՀԵ — Դու նրան ներս հրավիրես, ես`դուրս հրավիրեմ…

ԱՐՓԵՆ – Քեզ մոտ կստացվի:

ՎԱՀԵ – Որ ասում ես…

ԱՐՓԵՆ – (երկու սպասքը պահարանում դնելով): Իսկ ինչ վերաբերում է նրանց…

 

Դռան զանգ: Իրար են նայում:

Մթնեցում:

 

Բեմը լուսավորվում է: Սուրճի հյուրասիրությամբ սեղանի երկու ծայրում նստած են Վահեն ու Արփենը: Դիմացը՝ Նարեն:

 

ՆԱՐԵ – (սուրճը խմելով, սուրճը տաք է, այրում է բերանը, փորձում է ցույց չտալ: Ամուսինները ասես չեն նկատում: Մի կերպ կուլ տալով տաք կումը): Համեղ սուրճ է… անսովոր համ ունի:

ԱՐՓԵՆ — Պարզապես բարձր որակի սուրճ է:

ՎԱՀԵ — Հա, էդ սուրճով ուզենաս էլ՝ վատ չես եփի:

ԱՐՓԵՆ — Մի ժամանակ գովում էիր այն սուրճը, որի կեսը բոված գարի էր…

ՎԱՀԵ – (Արփենին): Ամեն ինչ իր ժամանակն ունի, սիրելիս: (Նարեին.) Արփենը անթերի սուրճ է եփում, արդեն առանց կատակի…

ՆԱՐԵ — Զգում եմ, որ հրաշալի հարցազրույց է ստացվելու:

 

Ամուսինները իրար են նայում, նրանց պաուզայից զգուշավորված՝ Նարեն խուզարկու զննում է մեկին ու մյուսին:

 

ՆԱՐԵ — Ինչ-որ բան այն չէ՞…

ԱՐՓԵՆ — Չէ, իհարկե, այն է… (Շփոթված լռում է, հայացքով՝ ամուսնուն՝ ՛՛Դե խոսի՛ր՛՛:)

ՎԱՀԵ – (ըմբոշխնելով կնոջ շփոթմունքը՝ վերջապես անցնում է հակահարվածի): Բայց ե՛ս այն չեմ… չնախատեսված զանգ եղավ ձեր գալուց առաջ… Պիտի հետաձգենք:

ՆԱՐԵ — Վայ, չէ, ի՞նչ եք ասում, խմբագիրը վիզս կպոկի… Գուցե դո՞ւք հետաձգեք… Ի վերջո, դուք եք շեֆը, դուք եք հրամայում… Իսկ ինձ հրամայում են…

ԱՐՓԵՆ — Հետո, ինչպես տեսնում եք, երկուսով ենք…

ՆԱՐԵ — Պրոբլեմ չէ… մենք սկսենք, ձեր երեխաները ընթացքում կմիանան մեզ:

ԱՐՓԵՆ – (անսպասելի քմծիծաղում է, նույն պահին էլ ՛՛իրեն հավաքում՛՛ է):

ՆԱՐԵ — Ինչ-որ բան էնպես չասացի՞…

ԱՐՓԵՆ — Չէ, էնպես ասացիք՝ երեխաներ… նրանք վաղո՜ւց իրենց կյանքով են ապրում:

ՆԱՐԵ — Հետո՞ ինչ… Ես էլ իմ կյանքն ունեմ, բայց մայրս ինձ երեխա է համարում… մինչև հիմա:  Ներեցեք…

ՎԱՀԵ – (ասես նոր տեսավ, կարճ զննումից հետո): Այո՜…

ՆԱՐԵ – (Արփենին՝ ակնարկելով Վահեի արձագանքը): Հիմա՞՝ ինչ…

ԱՐՓԵՆ – (իբր՝ հպանցիկ): Ընդամենը ուզում է ասել, որ իրեն սպասում են:

ՆԱՐԵ — Իսկ ես հիմա պիտի ձայնագրեմ, գիշերը սղագրեմ, առավոտյան պատրաստի նյութը դնեմ խմբագրի սեղանին:

ՎԱՀԵ — Աշխարհի վե՞րջն է…

ՆԱՐԵ — Աշխարհի՝ ոչ, բայց իմը հաստատ կլինի, որովհետև ձեր կինը շեֆի հետ պայմանավորվել է, որ նյութը կլինի էս համարում:

ՎԱՀԵ – (իբր՝ չզարմացած): Պայմանավորվե՜լ է… (Քինախնդիր նայելով կնոջը, վերջինս անտեսում է: Շեշտելով:) Բայց երեխանե՛րը չկան:

ՆԱՐԵ – (արագ կողմնորոշվելով՝ իբր խնդրող): Շեֆս ասաց, որ էս հարցազրույցից հետո վերջապես պայմանագիր կկնքի…

ՎԱՀԵ – (թեթև իրոնիայով): Չեք լացացնի:

ԱՐՓԵՆ – (մեղմ հանդիմանանքով): Վահե…

ՆԱՐԵ – Յոթ ամիս է, աշխատում եմ օդի մեջ կախված… Դուք չեք պատկերացնում, թե ինձ համար ինչ է էդ պայմանագիրը…

ՎԱՀԵ – (կարճ մտորումից հետո): 15 րոպե:

ՆԱՐԵ – (չթաքցնելով գոհունակությունը): Համարեք, որ ասածս չլսեցիք: (Այլ տոնով:) Կես ժամ…

ԱՐՓԵՆ – (որ հեռախոսով SMS էր գրում): Կես ժա՞մ…

ՆԱՐԵ – (Արփենին): Ավելացրեք ձեր կողմից… դե գոնե հինգ րոպե…

ՎԱՀԵ – (խաղացկուն սպառնալի): 10…

ՆԱՐԵ – (շտապով): Օքեյ, տասնհինգ րոպե: (Միացնում է հեռախոսը: Լրջանալով ու շուտասելուկով:) ՛՛Ընտանեկան դիմանկար. Հաջողակ ընտանիք՛՛… Էս խորագրի տակ է լինելու հարցազրույցը: Նպատակը՝ մեր ընթերցողին ներկայացնել կայացած, բարեկեցիկ, երջանիկ ընտանիքներ, որովհետև մեր հասարակությունը նման ընտանիքներով է ամուր և միայն…

ՎԱՀԵ – (ուսերը թոթվելով՝ ընդհատում է): Սովորական ընտանիք ենք…

ՆԱՐԵ — Սովորակա՞ն… Հարուստ քեռի չեք ունեցել, համընդհանուր թալանին չեք մասնակցել… Դուք (Վահեին) սկսել եք համակարգիչների վաճառողից, հիմա էդ խանութների ամենամեծ ցանցերից մեկը ձերն է: Դուք (Արփենին) սկսել եք պատվերով տորթեր թխելուց, էսօր ամենահայտնի հրուշակարանները ձերն են… Եվ ամենը՝ զրոյից:

ՎԱՀԵ – Միայն իմանաք՝ էդ զրոն ինչ է նստել իմ վրա:

ԱՐՓԵՆ – (մեղմ հիշեցումով): Մե՛ր վրա:

ՆԱՐԵ – Չգիտեմ, ինչու եք էդպես ասում, բայց գիտեմ, որ հաճախ են ձեզ օրինակ բերում:

ՎԱՀԵ — Իսկապե՞ս…

ՆԱՐԵ — Բամբասում են:

ԱՐՓԵՆ — Բնականաբար…

ՆԱՐԵ — Նախանձում են:

ՎԱՀԵ – (սարկազմով): Չէ հա…

ՆԱՐԵ — Բայց վնասել չեն կարող:

 

Ամուսինները անթաքույց սարկազմով նրան են զննում:

 

ՆԱՐԵ – (սուրճից կում է անում շփոթությունը թաքցնելու համար): Բայց իրոք էս սուրճը անսովոր համ ունի:

ՎԱՀԵ – (շեշտում է): Շատ թանկ սուրճ է:

ԱՐՓԵՆ — Miele-ն է պատրաստել…

ՆԱՐԵ – Ա՜, ձեր խոհարա՞րը:

ԱՐՓԵՆ — Սրճեփ մեքենան… CM6160 Obsidian black!

ՆԱՐԵ – Wow! Բայց եփողը…

ԱՐՓԵՆ – Ես եմ:

ՆԱՐԵ — Wow! Wow! Մայրս ասում է, որ նույնիսկ ամենաթարմ ձուն կարելի է անհամ խաշել, եթե շնորհք չունես: (Համարյա խանդավառ պաթոսով:) Իսկ ձեր տորթերը՝ ամեն մեկը արվեստի գործ, բա համովությո՜ւնը… հատկապես ծիրանի միջուկովը, ապացույցն են այս համեղ սուրճի:

ՎԱՀԵ — Լրագրո՞ղ եք:

ՆԱՐԵ — Ինչ է՞ որ…

ՎԱՀԵ – Կասկածելի ոգևորված եք: Դուք, այսինքն՝ ձեր… թայֆան հիմնականում…

ՆԱՐԵ — Խայթում է, կծում է, հարձակվում է, սադրում է… Սա էդ դեպքը չէ:

ՎԱՀԵ – (կասկածով): Տեսնենք, տեսնենք… Մնաց (նայելով ժամացույցին) 12 րոպե:

ԱՐՓԵՆ – (հանդիմանանքով): Վահե…

ՆԱՐԵ – (՛՛մուռ հանելով՛՛): Ձեր երեխաները ինչքա՞ն պիտի զբաղված լինեն, որ սիրելի ծնողի համար նույնիսկ այդ 12 րոպեն չունենան:

ՎԱՀԵ – Այ, հիմա ուրիշ՝ անցաք հարձակման: (Ակնդետ նայելով Նարեին:) Ըըըը…

ԱՐՓԵՆ – (կռահելով): Նա-րե…

ՎԱՀԵ – (Նարեին՝ ակնարկելով Արփենին): Ամբողջ կյանքում անհրաժեշտ պահին եղել է կողքիս ու հուշել է:

ԱՐՓԵՆ – (Նարեին): Ընդամենը քսանմեկ տարի:

ՎԱՀԵ – (Նարեին): Որպես գաղտնիք ասեմ՝ նրա հուշումից հետո եմ ճիշտ որոշում ընդունում: (Տեղից բարձրանալով` անջատում է Նարեի հեռախոսը:) Առանց ինձ լավ էլ կզրուցեք:

ՆԱՐԵ – (շփոթված): Դեռ տասնքանի րոպե կա… ու ազնիվ չէ:

ՎԱՀԵ — Հետաքրքիր էլ չէ:

ՆԱՐԵ – Չէինք էլ սկսել:

ՎԱՀԵ — Ձանձրացա:

ՆԱՐԵ – (Արփենին): Օգնեք… (Ի պատասխան Արփենի չհասկացող հայացքի:) Ինձ էլ հուշեք…

ՎԱՀԵ – (հընթացս գալով դեպի դուռը): Նա միայն ինձ է հուշում:

ԱՐՓԵՆ – (ինչ-որ բան որոշելով՝ Նարեին): Հարձակվեք… անխնա:

ՎԱՀԵ – (որ արդեն հասել էր դռանը, շրջվում, զարմացած նայում է, կինն ասես չի նկատում):

ՆԱՐԵ – (արագ կողմնորոշվելով): Դուք կամ անկիրթ եք, կամ վախենում եք:

ՎԱՀԵ – Ի՞նչ…

ՆԱՐԵ — Ինչ եկել եմ՝ ուզում եք ինձ դուրս քշել… (Վահեն նայում է կնոջը:) Տիկին Արփեն, չհուշեք:

ԱՐՓԵՆ – (անվրդով-սադրող՝ Վահեին): Իսկ դրա կարիքը կա՞:

ՎԱՀԵ – (կտրուկ): Չկա՛: (Նարեին): Ի՞նչ են սովորեցնում ձեր համալսարաններում:

ՆԱՐԵ — Ոնց հասկացա, հարցս մնալու է անպատասխան:

 

Լարված լռություն:

 

ԱՐՓԵՆ — Տորթը բերեմ: Ծիրանի միջուկով… (Գնում է:)

 

Դադար՝ երկուսը ուժերն են մտովի չափում մարտից առաջ:

 

ՆԱՐԵ – (չափազանցված զարմանքով): Ի՞նքը գնաց տորթը բերելու… տնային աշխատող չունե՞ք:

ՎԱՀԵ – Էսօր հանգստյան օրն է:

ՆԱՐԵ – (քինոտ): Բաց եք թողել, որ ավելորդ վկա չլինի…

ՎԱՀԵ – (անվրդով): Ինքն է խնդրել:

ՆԱՐԵ — Վճարելո՞ւ եք պարապուրդի համար:

ՎԱՀԵ – (դադարից հետո): Ես դեմ եմ եղել հարցազրույցին:

ՆԱՐԵ – (՛՛փուքսը՛՛ իջնում է): Դժվար չէ կռահել, էս տեսակ լիքը հարցազրույց եմ արել ու միայն մեկի ամուսինն էր անկապ ոգևորված:

ՎԱՀԵ – Ուրեմն ձեր ասած ՛՛անկիրթը՛՛ էս կոնտեքստում համարյա կոմպլիմենտ էր: Իսկ վախենալը… հորինեցի՛ք:

ՆԱՐԵ – Չէ՛-է: Համոզվա՛ծ եմ:

 

Իրար են նայում՝ հայացքների մենամարտ:

Գալիս է Արփենը՝ փոքրիկ տորթով:

 

ԱՐՓԵՆ – (հայացքով հետախուզելով): Հաշտվեցի՞ք:

ՎԱՀԵ – Շեֆին պարտավոր են սպասել: (Կնոջը:) Արեցի, ինչ կարող էի, հատկապես էն պահից, երբ հուշեցիր Նարեին:

ԱՐՓԵՆ – (արդեն կտրված տորթի կտորները դնելով ափսեները, ավելի շատ ինքն իրեն հուսադրելով): Արագ կպատասխանենք հարցերին ու ամեն մեկս կգնա իր գործին:

ՆԱՐԵ – (նորից միացնելով հեռախոսը): Սկսենք ամենասկզբից՝ ինչպես ծանոթացաք…

 

Դուռը աղմուկով բացվում է, ներս է խուժում Ջենիսը՝ տոնական նվերի տուփը ձեռքին: Հագնված է՝ ինչպես կհագնվի ռոք խմբի երգչուհին…

 

ՋԵՆԻՍ – (մարտահրավերով): Ե՛ս չե՛մ ուշացե՛լ:

ՎԱՀԵ – (նայելով ժամացույցին, կեղծ զարմանքով): Արդեն ժամը երե՞քն է:

ՋԵՆԻՍ – (տուփը դնում է թևի տակ, մոտենում, նայում է հոր ժամացույցին): Երեքն անց է քսան… յոթ րոպե: Ու ե՛ս չե՛մ ուշացե՛լ:

ԱՐՓԵՆ – (սպասքի մի բաժինը վերադարձնելով սեղան): Գուցե նստե՞ս…

ՋԵՆԻՍ — Իսկ ընտրություն ունե՞մ:

ՎԱՀԵ — Էստեղ՝ ո՛չ:

ՋԵՆԻՍ — Հանկարծ ու լսեի՝ այո՛:

ԱՐՓԵՆ — Նստիր վերջապես… ի՞նչ տուփ է թևիդ տակ…

ՋԵՆԻՍ — Հատուկ էսօրվա համար է: (Ասես նոր է տեսնում Նարեին՝ մորը:) Ի՞նքն է…

ԱՐՓԵՆ — Հերմինե՜…

ՋԵՆԻՍ – Ջե-նի՛ս… Վերջապես համակերպվեք անվանս հետ: Ի՞նքն է, հարցնում եմ:

ՆԱՐԵ — Ես եմ:

ՋԵՆԻՍ — Մեր մասին եք գրելու:

ՆԱՐԵ — Ես միայն ձայնագրում եմ:

ՋԵՆԻՍ – (մորը նայելով): Իսկ ինձ ասվել էր՝ լրագրող է…

ԱՐՓԵՆ – (մոտենում է տուփը վերցնելու մտադրությամբ): Նստիր վերջապես:

ՋԵՆԻՍ — Հըը՛… (Տուփը ավելի ամուր է սեղմում, գլխի շարժումով ակնարկելով սպասքը:) Ապագա դիվանագետին էլ չեք սպասում…

ԱՐՓԵՆ – (հասկանալով, որ Ջենիսին համոզելն անհնար է, ինքն է նստում): Դասի է:

ՋԵՆԻՍ – (Նարեին՝ ՛՛խաբար տալու՛՛ պես): Ապագա դիվանագետը եղբայրս է, համարյա դասի չի գնում, բայց համարյա գերազանցիկ է, նկատի ունեցեք՝ գնահատականները ստանում է բացառապես իր գիտելիքներով: Էդպես էլ ինձ համար գաղտնիք կմնա, թե ոնց ու երբ է կարդում, մի խոսքով՝ վունդերքինդ… хренов… (Կանխելով մոր լուռ բողոքը:) Իրեն չեմ ասում, խոսք է՝ ասում եմ: (Նարեին) Իսկ դուք չցնցվեցիք:

ՆԱՐԵ — Պիտի ցնցվեի՞…

ՋԵՆԻՍ — Ախ, հա, ձեզ զարմացնելը դժվար է:

ՆԱՐԵ — Ինձ զարմացնել անհնար է:

ՋԵՆԻՍ — Ու դա ինձ դուր է գալիս: (Իբր շահագրգիռ զարմանքով:) Ձեր ձայնագրությունի՛ց հետո մարդիկ իմանալու են մեր ընտանիքի մասի՞ն: Կարծում եք, նախապես պատրաստած տրիվիալ հարցերով… (Էլի կանխելով մորը:) ձեր տափա՛կ հարցերով մի բան կստացվի՞:

ՆԱՐԵ — Իսկ դուք ինչի՞ համար եք այստեղ:

ՋԵՆԻՍ — Օհո, քթածակ ունի… (Նորից կանխելով մոր լուռ բողոքը:)… դե լավ, մասնագիտական հոտառություն: Ճիշտ ա, ես հենց էնպես չեմ հայտնվել… ճիշտ ժամանակին:

ՎԱՀԵ – (ներքին խռովքով՝ Նարեին): Ծանոթացեք, մեր աղջիկը, Հերմինեն, մորս անունն է, որը փոխարինել է տափակ… տրիվիա՛լ Ջենիսով:

ՆԱՐԵ — Եթե Ջոփլինի պատվին է… տափակ չես ասի:

ՋԵՆԻՍ – (համր համապատասխան արձագանք Նարեին, հետո): Մամ, դո՞ւ ինչ կավելացնես:

ԱՐՓԵՆ — Այնպես չանես, որ զղջամ քեզ կանչելու համար:

ՋԵՆԻՍ – (Նարեին): Մորս կողմից իմ վրա գործադրվող ճնշման ուժը, գիտե՞ք, քանի պասկալ է:

ՆԱՐԵ – Գաղափա՛ր չունեմ:

ՋԵՆԻՍ — Որտեղի՞ց… նկատի ունեմ պասկալը: (Ասես անհասկացող աշակերտի է բացատրում:) Ուրեմն՝ ճնշման ուժի միավորը մեկ քառակուսի մետրի վրա 1 պասկալ է: Կա հեկտոպասկալ, կիլոպասկալ և մեգապասկալ… Մամայինը մեգապասկալն է:

ՎԱՀԵ – (կնոջը): Գո՞հ ես… (Ջենիսին.) Հանկարծ ու լռես:

ՋԵՆԻՍ — Բա ինչո՛ւ էիք ստիպում, որ անպայման ներկա գտնվեմ:

ՎԱՀԵ — Ե՞ս…

ՋԵՆԻՍ — Մաման: Ի՞նչ տարբերություն: Եթե էս տանը սինխրոն մի բան է արվում՝ երկուսիդ ձեռքի գործն է… Էն էլ՝ ոչ միշտ:

 

Ներս է մտնում Արամը, նրա հայտնվելը մնում է աննկատ Ջենիսի համար:

 

ՆԱՐԵ — Ռոք խմբում երգելը անպայման ըմբոստությո՞ւն է ենթադրում:

ՋԵՆԻՍ – (արտիստիկ): Էդ ե՞ս եմ ըմբոստը…

ԱՐԱՄ – (դռան մոտ է դեռ): Նա ընդամենը շուխուռչի է, ընդ որում՝ անիմաստ:

 

Վահեն ցուցադրական ՛՛մտնում է հեռախոսի մեջ՛՛:

 

ՋԵՆԻՍ – (չշրջվելով եղբոր կողմը): Սա էլ եղբորս կարծիքը՝ իմ մասին: (Շրջվում, զննում է եղբորը:) Ճիշտ ժամանակին հայտնվեցիր:

ԱՐԱՄ – (առաջ գալով): Էդ մեկը՝ կարող եմ:

ՎԱՀԵ – (ցուցադրական զարմանքով նայում է Արամին):

ԱՐԱՄ – (մարտահրավերով): Բայց կասկածողներ կան:

 

Հայր ու տղա՝ հայացքների մենամարտ:

 

ԱՐՓԵՆ – (փորձելով թուլացնել լարումը): Դասի՞ց ես գալիս:

ԱՐԱՄ — Ես դասի՞ էի գնացել… (Չտեսնելու տալով մոր շփոթմունքը՝ մոտենում է սեղանին:) Ինձ չե՛ք սպասում: (Մայրը հասցնում է սպասքը դնել:) Պետք չէ, հեսա գնալու եմ: (Ակնարկելով Նարեին՝ մորը:) Ի՞նքն է:

 

Ջենիսը փռթկացնում է:

 

ՆԱՐԵ — Ես եմ:

ԱՐԱՄ — Նորմալ հոնարար կա՞:

ՆԱՐԵ — Ավելի քան…

 

Ջենիսը ծիծաղում է:

 

ՎԱՀԵ – (զսպված զայրույթով): Բավական է… (Ավելի զուսպ՝ Նարեին:) Եթե մասնագիտական հոտառություն ունեք, պիտի հասկանաք՝ հարցազրույց չի լինի:

ԱՐՓԵՆ – (մեղավոր շեշտով): Հա, ընդունում եմ սխալս… Կզանգեմ Ալլային ու ներողություն կխնդրեմ, որ չեղարկի…

ՆԱՐԵ – (անվրդով՝ երեխաներին): Ալլան շեֆս է: Հարցազրույցը որ էսօր չանեմ՝ արմագեդոն կլինի: (Ծնողներին:) Բայց ինչո՞ւ… նորմալ շփվում ենք:

ԱՐԱՄ — Однако!!!

ՋԵՆԻՍ – (եղբորը): Ըհը, աղջիկը պրոֆեսիոնալ է: (Նարեին.) Ուզո՞ւմ եք, ցույց տամ մեր ընտանիքը… ոչ թե վերբալ, այլ դոկումենտալ…

ՆԱՐԵ – Վերբալ՝ այսինքն, բանավոր, դոկումենտա՞լը…

ՋԵՆԻՍ – Փաստերո՛վ: Դուք դրա համար եք եկել, չէ՞… (Կասկածող շեշտով:) Թե՞ ուրիշ բանի:

ՆԱՐԵ — Ինչի՞…

ԱՐՓԵՆ — Գուցե շունչ քաշես…

ՋԵՆԻՍ – (մորը՝ ժեստով՝ ՛՛Մի ընդհատիր՛՛): Իսկ ի՞նչ խորհուրդ կտա պապան:

ՎԱՀԵ — Շունչ քաշելուց հետո լռիր:

ՋԵՆԻՍ – (ծնողներին): Բա ինչի՞ եմ էստեղ:

ԱՐԱՄ – Պուպուշիկ աղջիկ խաղալու համար: (Նարեին.) Իսկ դո՞ւք ինչի համար եք եկել:

ՆԱՐԵ — Նորմալ հարցազրույցի:

ՋԵՆԻՍ – Շե՞ֆդ է ասել:

ՆԱՐԵ — Պահանջե՛լ է:

ՋԵՆԻՍ — Ուրեմն՝ ստացիր քո բաժին նորմալը: (Տուփը դնում է սեղանին, դանդաղ բացում:) Էստեղ մեր ընտանիքի համերաշխությունն է, միասնությունը, սերը, միմյանց նկատմամբ անպատմելի հոգատարությունը… (Բացում է՝ դատարկ է, շուռ է տալիս, ցուցադրում դատարկությունը:) Ո՞ւր է… չկա… երբ խանութից առա՝ ամեն ինչ էստեղ էր՝ համերաշխությունը, սերն ու հոգատարությունը… նույնիսկ միասնությունը, իմ աչքով եմ տեսել… բայց հետո… Ո՞ւր կորան… Ախ, հա՜, հենց տուն մտա՝ էդ ամենը ցնդեց… (Տուփը գցում է հատակին, ոտքով հրում սեղանի տակ, նստում է:)

 

Մայրը, փորձելով ՛՛պահպանել դեմքը՛՛, դուրս է գնում:

 

ՎԱՀԵ – (Արամին): Քո հերթն է:

ԱՐԱՄ – (որ մինչ այդ անմասնակից հետևում էր՝ հատու մի քանի անգամ ծափահարում   է):

ՎԱՀԵ — Էդքա՞նը…

ԱՐԱՄ — Ոմանց կարծիքով, էդքանին էլ ընդունակ չեմ:

ՎԱՀԵ – (մի կերպ իրեն զսպելով, Նարեին): Ոնց էր էդ… վերնագիրը՞…

ՆԱՐԵ — Ընտանեկան դիմանկար… Հաջողակ ընտանիք:

ՎԱՀԵ — Ըհը… հաջողակ… (Դուրս է գնում:)

 

Լռություն: Արամը ափսեի մեջ տորթ է դնում, Ջենիսը եղունգներն է հետազոտում:

 

ԱՐԱՄ – (Նարեին՝ գլխի շարժումով ցույց տալով ափսեի տորթը): Հյուրասիրվեք: Ձեր քյարը տորթի էդ կտորն է լինելու:

ՆԱՐԵ — Տորթ ուտելու չեմ եկել:

ՋԵՆԻՍ – (ծոր տալով): Եկել է փիառելու մամայի բիզնեսը, ձեռքի հետ էլ՝ մեր ընտանիքը՝ մէ հրաշք… մէ ուրախություն… (Նարեին.) Բայց ասեմ, որ դրա իրավունքն ունեք…

ԱՐԱՄ – Ի՛…

ՋԵՆԻՍ – Հա, ի՞նչ… (Գրպանից հանում է հեռախոսը, գտնում է հարկավոր էջ:) Խնդրե՛մ…

ԱՐԱՄ – (հոգնած տոնով՝ չնայելով քրոջը): Հիմա՞ ինչ…

ՋԵՆԻՍ – Բիզնեսվումենի ինստագրամը: (Նարեին.) Տեսած կա՛ք:

ՆԱՐԵ – (արհամարհական ժեստ՝ իհա՛րկե):

ՋԵՆԻՍ – (թերթելով էջերը): Մաման՝ օֆիսում, մաման՝ կոմպի առաջ… մաման՝ օպերայում… ընդունելություն է՝ ո՞ր դեսպանատունն է… ըհը, էս էլ մաման ու պապան… Նարե, բայց ասեք, որ նրանք հագնվել գիտեն… ու ոնց են ժպտում՝ իրար, շրջապատին ու աշխարհին… Էս էլ՝ մենք չորսով… ե՞րբ էր…

ԱՐԱՄ – (հետաքրքրված՝ տեղից բարձրանում, մոտենում, նայում է): Երկու տարի առաջ… Մեր վերջին կոլեկտիվ ֆոտոն է… (Նարեին՝ կծու:) Հաջողակ ընտանիք…

ՆԱՐԵ – (ցինիկ): Ինստագրամում բոլորն են երջանիկ:

ՋԵՆԻՍ – (Արամին): Արի մե՛ր երջանկության բաժինը ուղարկենք:

 

Առաջին պահ Արամը ետ է քաշվում, բայց Ջենիսը համառում է, կարճ քաշքշուկից ու հայացքով ՛՛մենամարտից՛՛ հետո սկսում են նկարվել: Սա Նարեին հունից հանելու մեսիջ էլ ունի: Սկզբում ծամածռվում են, բայց աստիճանաբար, իսկ վերջին լուսանկարում լրիվ մռայլ ու լուրջ են: Այս ընթացքում Նարեն աննկատ հեռախոսով լուսանկարում է նրանց:

 

ՋԵՆԻՍ – (լուսանկարն ուղարկում է): Ըհը… ի՞նչ ես կարծում, մեր մռութները շատ չե՞ն վշտացնի մամային:

ԱՐԱՄ – Քո սիրտը չունի: (Նարեին՝ բացատրական շեշտով:) Մաման զանգում է ձեր այդ Ալլային…

ՋԵՆԻՍ – Ու մաման տված փողը ետ չի վերցնում…

ԱՐԱՄ – Ու վատ գործ չէ՝ ոչինչ չանես ու վաստակես:

 

Համր տեսարան՝ լուռ ՛՛ճակատամարտ՛՛: Նարեն վերցնում է պայուսակը, տեղից բարձրանում, գնում է դեպի դուռը: Հասնելով դռանը՝ շրջվում, նայում է՝ երեխաները նույն դիրքով նստած են: Դուրս է գնում, չափազանցված զգույշ փակելով դուռը:

 

ՋԵՆԻՍ – Գը-նա՛ց:

ԱՐԱՄ — Հետո էլ ասում ես՝ պրոֆեսիոնալ է…

ՋԵՆԻՍ — Ըհը, իմ տուփը բավական էր կրինժի համար… Քեզ հերթ չհասավ:

ԱՐԱՄ – Բախտը բերեց: (Տորթից մի կտոր է տանում բերանը, դեմքը ծամածռելով:) Սրա ի՞նչն է համեղ…

ՋԵՆԻՍ — Մամայի ֆիրմային տորթը… Համը մոռացել եմ: Բայց չէ, պատկերացնո՞ւմ ես, ամսագրի շապիկին մենք չորսով՝ իրար գրկած… մինչև վերջին ատամներս բացած, ապուշ դեմքի…

ԱՐԱՄ — Ապուշ արտահայտությամբ…

ՋԵՆԻՍ – Մեր էրեխեքի ձեռքից պրծնել կլինե՞ր…

ԱՐԱՄ – (տեղից բարձրանալով, պաթետիկ): Դե ինչ, եկեք արձանագրենք, որ մեր նախնիների հերթական փայլուն գաղափարը հեչ բան էր…

ՋԵՆԻՍ — Ոնց որ միշտ… (Տեղից բարձրանում է:)

ԱՐԱՄ — Ո՞ւր…

ՋԵՆԻՍ — Որ տուն եմ հասել, գնամ հորիզոնական դիրք ընդունեմ: Դո՞ւ…

ԱՐԱՄ — Գնում եմ, իզուր էլ եկա…

 

Ջենիսը գնում է կուլիսները, Արամը գնում է դեպի դուռը, այն բացվում է, շեմին Նարեն է:

 

ԱՐԱՄ – (արտիստիկ՝ շփոթությունը ցույց չտալու համար): Բայց ինչի՞…

ՆԱՐԵ — Իմ բաժին տորթն ուտելու:

 

Նարեն շրջանցում է Արամին, նստում է իր տեղում և սկսում չափազանցված ախորժակով ուտել տորթը: Արամն ու Ջենիսը հայացքներով փորձում են ինչ-որ բան հասկացնել միմյանց, չի ստացվում, երկու կողմից դանդաղ մոտենում են սեղանին: Նարեն ասես չի նկատում:

 

ՋԵՆԻՍ – (կեղծ քաղցրությամբ): Որ ուտելը վերջացնեք, կգնա՞ք…

ՆԱՐԵ – (լիովին տրված ուտելուն, ասես ինքն իր հետ է խոսում): Գիշերային ակումբ, ջահելներ… նման հաստատությանը հատուկ աղմուկ, ծուխ… հետո սկսեցիր երգել… Cry Baby… բոլորը սսկվեցին, լսում էին… Դու կարողանում ես քեզ լսեցնել տալ… քո ձայնը հուզում է… իսկ երբ հերթը հասավ Summertim-ին…

ՋԵՆԻՍ – Չշարունակես… (Նարեի ձեռքից պտառաքաղը վերցնելով:) Միայն փորձիր…

ԱՐԱՄ – (մելանխոլիկ): Ո՜ւմ մտքով կանցներ՝ էդ տարիքին գիշերային ակումբ…

ՆԱՐԵ – (պատառաքաղը Ջենիսից վերցնելով՝ շարունակում է տորթ ուտելը): Դիվանագետը նա է, ով հասնում է իր նպատակին մարդկանց հետ հարաբերություններում հմտություն և նրբանկատություն ցուցաբերելով:

ԱՐԱՄ – Նրա ակումբից հետո մեր լսարանո՞վ եք անցել:

ՆԱՐԵ — Հը՛ը… Վիքիպեդիայից եմ օգտվել, ի դեպ, էնտեղ թարգմանված էր ՛՛նրբություն՛՛, բայց ինձ նրբանկատությունն ավելի է դուր գալիս:

ԱՐԱՄ — Թույլ տվեք հարցնել՝ ինչո՞ւ…

ՆԱՐԵ — Որովհետև դա քեզնից շատ հեռու բան է…

ՋԵՆԻՍ — Նկատեցի՞ր, ինչ հեշտ անցավ դու-ի:

ԱՐԱՄ — Կարևորը՝ մենք դու-ի չանցնենք:

ՋԵՆԻՍ — Մի քիչ արագ ծամեք… որ գնաք:

ՆԱՐԵ – (Արամին): Գնա՞մ…

ԱՐԱՄ — Տարրական քաղաքավարությունն է պահանջում:

ՆԱՐԵ — Տարրականը՝ չգիտեմ, բայց դուք՝ երկուսդ, չեք պահանջում:

ՋԵՆԻՍ — Պահանջելը ո՞նց է լինում… ամեն ինչ արեցինք, որ մեզ հանգիստ թողնեք:

ՆԱՐԵ — Հը՛ը… այլապես այստեղ չէիք լինի, ձերոնք էլ լավ-վատ՝ հարցերիս կպատասխանեին, ու վերջ: Բայց դուք եկաք ու ամեն ինչ արեցիք, որ ես մնամ:

ԱՐԱՄ – Պարզաբանե՛ք:

ՆԱՐԵ – (դատարկ ափսեն մի կողմ է հրում, պատառաքաղը տալիս Ջենիսին): Սիրով: Հերթական հաջողակ ընտանիքում տանտիրուհին խոսելու ընթացքում ձեռքը բարձրացրեց, թևքը բացվեց, արմունկը երևաց՝ կապտուկների մեջ կորած էր: Դժվար չէր գուշակել, թե ամռանը ինչու էր երկար թևերով բլուզ հագել: Դուք էլ հասկացաք՝ ընտանեկան բռնություն: Գիտե՞ք, նա ինչ արեց. անմիջապես փակեց թևքը: Որ չտեսնեմ:

ՋԵՆԻՍ – (պատառաքաղը՝ ձեռքում): Ուզում եք ասել…

ՆԱՐԵ – (նրա ձեռքից վերցնում է պատառաքաղը, դնում իր ափսեի մեջ): Իսկ դո՛ւք ուզեցիք, որ ես տեսնեմ: (Ջենիսին՝ գլխի շարժումով ակնարկելով սեղանի տակի տուփը:) Էժան սադրանք էր: (Նայում է Արամին՝ հերթը նրանն է:)

ԱՐԱՄ – (հանձնվողի պես, արտիստիկ բարձրացնում է ձեռքերը՝ կանխելով Նարեին): Ընդամենը հոնորարի մասին եմ հարցրել:

ՆԱՐԵ — Ընդամենը վիրավորել ես…

ԱՐԱՄ — Լսեք…

ՆԱՐԵ — Չէ, դուք ինձ լսեք… մեկը դրսում իր երգով լացացնում է, էստեղ ծնողներին է պատեպատ տալիս, մյուսը կուրսային է գրում դիվանագիտական ինչ-որ նրբության թե նրբանկատության մասին, էստեղ դրանք գրողի ծոցն է ուղարկում…

ԱՐԱՄ – Լա՜վ էլ տեղեկացված եք:

ՆԱՐԵ — Պրոֆեսիոնալ եմ:

ՋԵՆԻՍ – (քրթմնջում է): Կրակն ընկանք…

ԱՐԱՄ – Դուք ինչ ուզում եք՝ մտածեք, ես չե՛մ ուզում, որ կարդան ձեր սուտի պատմությունը:

ՆԱՐԵ — Ի՞նչն էր լինելու սուտ…

ՋԵՆԻՍ — Ամեն ինչը, ամեն տողը… գունավոր ֆոտոները, որտեղ մենք անպայման պիտի բերաններս բաց՝ երջանկություն խաղայինք:

ՆԱՐԵ — Ինչո՞ւ խաղայիք՝ հարուստ, բարեկեցիկ, ըստ պահանջի կյանք… անսահման հնարավորության զգացում… պակա՞ս երջանկության չափանիշ են:

ՋԵՆԻՍ — Ի՞նչ…

ԱՐԱՄ – (Ջենիսին): Հիմա ինքն է սադրում, հանգի՛ստ…

ՋԵՆԻՍ – (ձեռքը թափ է տալիս՝ ՛՛ձենդ՛՛, Նարեին): Դու ի՞նչ գիտես ըստ պահանջի կյանքի մասին… քեզ համար սա՞ է չափանիշը… (Սեղանի վրայից վերցնում է ծաղկամանը, շպրտում կուլիսները՝ փշրվող ձայն:)

ԱՐԱՄ – (մելանխոլիկ սուլում է): Չափանիշը՝ չգիտեմ, բայց չափն անցկացրիր, քույրիկս:

 

Ներս է գալիս Արփենը:

 

ՆԱՐԵ – (Արփենին չի նկատել): Հաստատ թանկ արժեր ու հաստատ դու չես վճարել:

ՋԵՆԻՍ – (նայելով մորը): Ես ուրիշ բանի համար եմ վճարել, դու չես հասկանա…

 

Նարեն տեսնելով Արփենին, ոտքի է ելնում:

 

ԱՐՓԵՆ – (Նարեին նշան է անում՝ նստիր, ինքն էլ է նստում): Երեխա ունե՞ք:

ՆԱՐԵ — Դեռ ոչ:

ԱՐՓԵՆ — Կունենաք, ու մի օր կկանգնեք ընտրության առաջ: Դաժան ընտրություն է՝ լինել լավ մա՞յր, թե՞… մնացածը:

ՋԵՆԻՍ – (իրեն անտեսում են,- նյարդային): Ես ջարդեցի ծաղկամանը…

ԱՐՓԵՆ – (ասես չլսեց, Նարեին): Իսկ մնացածը՝ աշխատանքն է, ոմանց համար մի քանի ժամ, իմ դեպքում դարձավ շուրջօրյա…

ՋԵՆԻՍ – (նյարդային): Ե՛ս ջարդեցի գրողի տարած ծաղկամանը…

ԱՐԱՄ – (օդի մեջ): Խոստովանեց, բայց իրեն մեղավոր չի զգում:

ԱՐՓԵՆ – (ասես չլսելով): Ես կարող էի ճարտարապետի դիպլոմը դնել մի կողմ ու, ինչպես ասում են, լիովին տրվել երեխաներիս դաստիարակությանը:

ՋԵՆԻՍ — …ուր շրջվես՝ թանկարժեք իրեր են, նրանք են էս տան տերերը:

ԱՐՓԵՆ — Կարող էի տեղավորվել մի հիմնարկում, որպես փորձ չունեցող երիտասարդ մասնագետ, նվազագույն զամբյուղի չափով աշխատավարձ ստանալ ու հետո գլուխ ջարդել՝ դրանով պամպե՞րս գնեմ, թե՞ լույսի վարձը տամ…

ՋԵՆԻՍ — Իմ տուփն ավելի թանկ է, քան էս ամենը…

ԱՐԱՄ — Լսող չկա, քույրիկս, իզուր քեզ մի ճղի…

ԱՐՓԵՆ — Ես ընտրեցի… տեսնում եք, ինչ եմ ընտրել:

ՆԱՐԵ — Դուք ուժեղ կին եք, շատերը կուզենային ձեզ նմանվել:

ՋԵՆԻՍ — Քանի որ ինձ իգնոր են անում (Նարեին), ստիպված ձեզ դիմեմ… Հարցրեք ուժեղ կնոջը, էս բոլոր տարիների մեջ քանի՞ ժամ է հատկացրել ինձ, միայն ի՛նձ: Բայց չլսեմ, որ հաջողության համար պիտի էշություն անես 24/7 ֆորմատով, հեռախոսը ականջիդ՝ ՛՛դասերդ ո՞նց են՛՛ հարցնես ու պատասխանը չլսած՝ շարունակես խոսակցությունդ…

ՆԱՐԵ – Բայց ո՞ւմ համար է դա արել…

ՋԵՆԻՍ – Դե իհարկե, ի՛նձ, բայց մանկությունս դայակի հետ է անցել:

ԱՐԱՄ — Իմ բախտը մի քիչ բերել է… Հիշում եմ, մաման ինձ կաֆե էր տանում, միասին խաղալիք էինք ընտրում, բայց գրքերը ինքն էր գնում՝ Թումանյանի հեքիաթները… քնելուց առաջ կարդում էր՝ ՛՛Տերն ու ծառան՛՛, ՛՛Բարեկենդանը՛՛, ՛՛Սուտլիկ ծառան՛՛… Իսկ Հարրի Փոթերի բախտը չբերեց, կեսին էլ չհասանք, մամայի գործերն արդեն շատացել էին, շարունակությունը կարդաց դայակը:

ՋԵՆԻՍ – Ջութակիս բախտն էլ չբերեց… (Նարեին,) Ընդունելության քննության կեսից գնաց՝ մշտական անհետաձգելի գործերով, բայց պարապելու տվեց մաէստրո Արամյանի մոտ…

ԱՐԱՄ – (սադրելով): Իսկ դու…

ՋԵՆԻՍ — Պատին խփեցի ջութակը, երկու կես եղավ… Նարե, նա հարց չտվեց, չգոռաց, միայն նայեց, ոնց որ քիչ առաջ…

ԱՐԱՄ – (մելանխոլիկ): Ոնց հասկանում եմ, խոստովանասնդուկ էիր ման գալիս ու ոնց որ գտար:

ՋԵՆԻՍ — Սսկվի՛ր… (Դադար:) Ես երազում էի ջութակահար դառնալ: Սովորական չէ, ոչ էլ նվագախմբի մի անկյունում ծվարած… երազում էի մեծ բեմերի մասին: Վերջին համերգին դահլիճում ոնց որ ծնողական ժողով լիներ… Բայց իմ պապան գործուղման էր, մաման էլ չեկավ: Նվագեցի, ոնց որ վերջին անգամ են նվագում՝ ամենալավը ե՛ս նվագեցի: Հետո ջութակը երկու կես եղավ…

ԱՐՓԵՆ — Հիմա անիմաստ է խոսել պատճառի մասին… բիզնեսի լինել-չլինելու հարց էր, ես գործում էի ռոբոտի նման, իսկ ուղեղիս մեջ ժամացույցն էր՝ համերգին մնաց մեկ ժամ, յոթ րոպե… արդեն սկսվեց, հիմա երևի աղջիկս է նվագում… Ես գիտեի, որ ամենալավը դու ես նվագելու ու գիտեի, որ երբեք ինձ չեմ ներելու…

ՋԵՆԻՍ — Իսկ դու ընդամենը հատակից վերցրիր կիսված ջութակն ու դուրս եկար…

ԱՐԱՄ — Մաման տանե՛լ չի կարողանում, երբ սենյակը թափթփված է:

ԱՐՓԵՆ — Ջութակը վարձով էի վերցրել… մի տարի մաս-մաս վճարել եմ, իտալական վարպետի գործ էր…

ՋԵՆԻՍ – (զարմանքից՝ չարացած): Ինչո՞ւ չես ասել…

ԱՐՓԵՆ — Ինչո՞ւ պիտի ասեի… քո գործը նվագելն էր, ու դու պիտի նվագեիր լավագույն գործիքի վրա:

ԱՐԱՄ — Դե հա, ջութակից հետո ծաղկաման ջարդելը հեչ բան է…

ՋԵՆԻՍ – (Արամին՝ քինոտ): Էդ հիմա ես ցինիկ ձևի մեջ, մոռացե՞լ ես… կարող եմ հիշեցնել:

ԱՐԱՄ — Ինձ հանգիստ թող, ես խոստովանվելու ցանկություն չունեմ:

ՋԵՆԻՍ — Իսկ որ օրերով չէիր խոսում, փակվել էիր սենյակումդ ու ես դռանը կպած լսում էի, որ հանկարծ մտքովդ չանցնի… (Նարեին.) Բայց էդ մասին չիմացան ոչ մաման, ոչ պապան…

ԱՐԱՄ – (բարձրանում է տեղից՝ զսպված զայրույթով): Գուցե լռե՞ս…

ԱՐՓԵՆ — Չեմ հասկանում, ի՞նչ եք ասում…

ԱՐԱՄ — Ո-չի՛նչ… եղել-անցել է, իսկ դու… (Ջենիսին՝ սպառնալիքով:) Ինձ հասկացար: (Գնում է իր սենյակը:)

ՋԵՆԻՍ – (Նարեին): Արածս էժան սադրանք էր, հա՞, բայց էդ տուփը հեչ բան է մեզ հետ կատարվածի համեմատ:

ԱՐՓԵՆ – (վերջապես ուղիղ նայում է աղջկան): Ի՞նչ է կատարվել ձեզ հետ… Լսողը կմտածի՝ բռնացել ենք ձեր կամքին, ճնշել ենք…

ՋԵՆԻՍ – Դե չէ՜… որոշ ժամանակից ի վեր մեզ ճնշել անհնար է:

ԱՐՓԵՆ — Որովհետև չբռնվելու բաներ եք դարձել… կոպտում եք, լավագույն դեպքում՝ անտեսում… լուռ, առանց բացատրության, մեջներդ ինչ-որ վիրավորանքներ եք կուտակել ու դրանցով կռիվ եք տալիս… Ի՞նչ չենք արել ձեզ համար, ոչինչ չենք խնայել… Բայց եղել է ժամանակ, երբ վախեցել եմ եղբորդ հետ խանութ գնալ, հանկարծ ու Սնիկերս տեսնի, ու ես քարշ տալով լացող տղայիս, դուրս վազեմ խանութից, քանի որ մի քանի հարյուր դրամի չնախատեսված ծախս ինձ թույլ տալ չէի կարող…  Մանկությունդ դայակի հե՞տ է անցել… Ու փառք Աստծուն, որ այդ ժամանակ կարող էի նրան վարձել, ու նաև դրա համար եմ եզի պես աշխատել: Դու գիտե՞ս, ինչ է նշանակում մտքում գծել ամենագժական շենքի նախագիծը, բայց մինչև լուսաբաց հերթական տորթերը ձևավորել, մեջքի ցավից մի երկու ժամ էլ չքնած՝ լույսը չբացված պատվերները տեղ հասցնել ու առանց դադարի նոր պատվերներին անցնել… Գործս չթեթևացավ, երբ առաջին սրճարանը բացեցի… ի՞նչ թեթևանալ, դարձավ տաժանակիր աշխատանք, ու ճակատդ մի՛ կնճռոտի, չեմ մանրամասնի, պարզապես իմացիր, որ եթե այդ ամենը չանեի…

ՋԵՆԻՍ — Առանձին սենյակ չէի ունենա, ոչ էլ հագուստից պայթող զգեստապահարան, ձմռանը Ծաղկաձոր ու ամառն էլ Մալդիվներ չէի տեսնի… Ռեստորան մտնելն ինձ համար հեչ բան է, իսկ մեր էրեխեքի մեծ մասը մինչև մտնելը լավ պիտի մտածեն ու գրպանները ստուգեն… Ես ունեմ ամեն ինչ, բայց դա ամեն ինչ է կողմնակի աչքի համար, ես չունեմ ամենակարևորը… դու իմ կողքին չես եղել, դու ինձ հետ չես եղել, մա՛մ… Հա, իմ կողմից էշություն էր ջութակ ջարդելը, եթե նույնիսկ չեմ իմացել դրա արժեքը… Հիմա էս լրագրողը մտքում հիանում է, որ էդքանից հետո ինձ չես ճնշել, բայց չե՞ս մտածել, թե դրանից հետո ինչ եմ զգացել ես…

ԱՐՓԵՆ — Երկու օր հետո զանգեցի Արամյանին ասելու, որ շուտով նոր ջութակը կբերեն ու դու կկարողանաս դասերդ վերսկսել, իսկ նա ապշեց՝ ՛՛Հերմինեն ձեզ չի՞ ասել…՛՛: Նարե, ի՞նչ կզգաք, եթե օտար մեկը հայտնի ձեր երեխայի ինքնագլուխ որոշման մասին… որ նա այլևս ջութակ ձեռքը չի վերցնելու:

ՋԵՆԻՍ — Երեխա՞… տասնհինգ տարեկան էի…

ԱՐՓԵՆ — Բայց երբ հարցրի, թե ինչու չես ուզում նվագել, դու, ինչպես փոքր ժամանակ, շուրթերդ ուռեցրիր, գլուխդ կախ՝ հոնքերի տակից միայն նայում էիր…

ՋԵՆԻՍ — Ես սպասում էի, որ կմոտենաս, կգրկես, ու կխոսենք… կամաց, համարյա շշուկով, չշտապելով, ասես աշխարհի բոլոր ժամանակը մերն է, ու ես ամեն ինչ կպատմեմ… Իսկ դու կրկնում էիր՝ ՛՛Ինչո՞ւ չես ուզում նվագել՛՛, բայց աչքդ հեռախոսին էր՝ զանգի էիր սպասում: Զանգը չուշացավ. ՛՛Հետո քեզ հետ կխոսեմ՛՛,- ասացիր ու շտապ դուրս եկար սենյակից: Առավոտյան իմացա, որ մեկնել ես պապայի մոտ: Ես մնացի մենակ իմ որոշման հետ… Իսկ Արամյանին էի ասել, որ ինքը քեզ հայտնի, որովհետև համարձակությունս չէր հերիքում… համ էլ հույս ունեի, որ կբարկանաս, կգոռաս ու… կստիպես փոխել որոշումս: Բայց դու չկայիր, դայակը՝ ի՞նչ… եղբայրս էլ՝ իր պրոբլեմներով… Ուզում էի լաց լինել ու չէի կարողանում, քարացել էի: Ու հանկարծ լսում եմ՝ ՛՛Oh your daddy’s rich and your ma is good lookin, So hush little baby, don’t you cry՛՛… Ջոփլինն էր երգում… Հայրս հարուստ է, մայրս՝ գեղեցկուհի, ես՝ լալիս եմ… Նա արեց, ինչ դու չկարողացար, մամ, Ջենիսն ինձ ստիպեց լաց լինել, իսկ հետո հուշեց՝ ոնց շարունակեմ ապրել…

ԱՐՓԵՆ — Հայրդ տհաճ պատմության մեջ էր հայտնվել… պարտնյորը, ոնց են ասում, քցել էր, դրանից բխող բոլոր հետևանքներով: Եթե այդ գիշեր գումարը չհասցնեի… չեմ ուզում ասել, թե ինչ կարող էր լինել…

 

Ջենիսն սկսում է կամաց ծիծաղել, որն աստիճանաբար վերածվում է հիստերիայի:

 

ՋԵՆԻՍ – (ծիծաղի միջից): Ու ոչինչ ասել չես կարող… Մի դեպքում՝ քո բիզնեսը, հետո՝ պապայինը… Դուք անընդհատ փրկելու-փրկվելու պրոցեսում եք, բայց մեզ չեք փրկում: Նարե, եթե մյուս վիրավորանքներիս… ոնց է՞ր… հա, մանկական տրավմաներիս մասին  խոսեմ, նույն պահին մաման էնպիսի պատճառաբանություն կբերի, որ ե՛ս ինձ մեղավոր կզգամ… Իսկ դա ինձ համար չէ, էստեղ ընդունված չէ մեղավոր լինելը: Ու պրոբլեմն էն է, որ մեր ընտանիքում բանը բանից անցել է: (Նարեին՝ կծու:) Էս պատմությունը ո՞նց եք լուսանկարելու՝ ձախորդ աղջիկը, կիսված ջութակը, փրկարար մաման ու քցված պապան՝ մի ամանում:

ՆԱՐԵ — Կարծում էի, էսքանը իմանալուց հետո բարիացած կլինես… գոնե մի քիչ:

ՋԵՆԻՍ — Հույս չունենա՛ս… մինչև հիմա երազումս ջութակ եմ նվագում: (Գնում է իր սենյակը:)

 

Լռություն:

 

ԱՐՓԵՆ — Ինչ ասում է՝ ավելի՛ն իրավունք ունի ասելու, ես նրա մանկությունն եմ գողացել, ես՝ չէ, գործս: Ես պիտի քնելուց առաջ հեքիաթ կարդայի, նրա բոլոր համերգներին ներկա լինեի, բայց մի զույգ կոշիկ գնելը պրոբլեմ կլիներ… Հիմա ինձ մեղադրում է, բայց նաև գիտե՝ ով է դիմացինը, խայթում է՝ իսկ հոգու խորքում հարգում է՝ վատ մայր եմ, բայց կայացած կին եմ: Իսկ իր ուզածո՞վ ի՛նչ կլինեի՝ թխսկան հավ, որն իր երեխային ուտեցնել-հագցնելուց բացի ուրիշ բանի ընդունակ չէ, կերցրածն ու հագցրածն էլ՝ ժամկետանց մթերքով ու սեկոնդհենդից… (Նարեն տեղից բարձրանալ է ուզում:) Նստեք… մեկը պիտի լինի՞, որ վերջապես ասեմ, ինչ կուտակվել է: (Դառը հեգնանքով:) Ախր, այնքան ուժեղ եմ, որ կնիկավարի գանգատվել անգամ չեմ կարող: (Ներքուստ ՛՛հավաքվում՛՛ է, չոր:) Ներեցեք, ակամա վկա դարձաք այս ամենին… ու քանի որ չեք գրելու… (Չի ուզում, բայց անհանգստությունը չի կարողանում թաքցնել:) Չեք գրելու, չէ՞…

ՆԱՐԵ — Եթե զանգեք շեֆին, ոնց խոստացաք…

ԱՐՓԵՆ — Կզանգեմ… Փիառ մենեջեր եմ ընդունել, ջահել է, բայց իր գործը գիտե… նրա իդեան էր այս հարցազրույցը… Մինչև հիմա խուսափել եմ, նրան լսեցի, ու տեսաք, ինչ ստացվեց… ՆԱՐԵ — Ես մանկատանն եմ մեծացել… Հայրս խոպան գնաց ու մնաց խոպանում: Մայրս երկու երեխա պիտի մեծացներ, իսկ պահելու համար պիտի աշխատեր… ձեզ պես: Պարզապես նրա 24/7 ֆորմատը բիզնես չդարձավ, հազիվ օրվա հաց… Ամիսը երկու կիրակի ես ու եղբայրս տուն էինք գալիս…

ԱՐՓԵՆ — Նա… չկա՞…

ՆԱՐԵ — Կա, պարզապես մանկատան ժամանակը ինձ համար մեռած է:

ԱՐՓԵՆ — Մեղադրո՞ւմ եք նրան…

ՆԱՐԵ — Նա ընտրության հնարավորություն չուներ:

 

Անսպասելի որոտում է ռոքը:

 

ԱՐՓԵՆ — Սկսվե՜ց…

ՆԱՐԵ — Նա շատ մենակ է:

ԱՐՓԵՆ – (մտախոհ՝ գլխով հաստատական ժեստ):

ՆԱՐԵ — Փորձե՞լ եք մոտը գնալ:

ԱՐՓԵՆ — Դուռը ներսից փակում է:

ՆԱՐԵ – (ինչ-որ բան որոշելով՝ տեղից ելնում է, բայց մինչ այդ պայուսակում ինչ-որ բան է նայում, հետո պայուսակը թողնում է իր աթոռին):

ԱՐՓԵՆ — (տեսնելով, որ դռան հակառակ ուղղությամբ է գնում): Այդ ո՞ւր… Ջենիսը…

ՆԱՐԵ — Մի անհանգստացեք, դուռ ջարդելու սովորություն չունեմ: (Գնում է:)

 

Արփենը մտախոհ քչփորում է ափսեի միջի տորթը: Երաժշտության ձայնն ավելի է բարձրանում:

Դուռը բացվում է, ներս է գալիս Վահեն: Կանգնում է շեմին՝ ռոքից ցնցվում է տունը: Ինչ-որ բան որոշելով, թափով ուղղվում է դեպի աղջկա դուռը, Արփենը ոտքի է կանգնում՝ նրան խանգարելու մտադրությամբ, բայց ճամփի կեսին լռություն է տիրում: Ամուսինները իրար են նայում:

 

ԱՐՓԵՆ – (՛՛ականջը՛՛՝ դեպի կուլիսները): Դուռը կարծես անվնաս է…

ՎԱՀԵ — Ի՞նչ…

ԱՐՓԵՆ – (ձեռքի շարժում՝ բանի տեղ մի դիր): Ի՞նչ ես մոռացել:

ՎԱՀԵ — Ոչ մի բան:

ԱՐՓԵՆ — Ինչո՞ւ վերադարձար:

ՎԱՀԵ — Ես էլ չգիտեմ… (Ծանր նստում է իր տեղը, հայացքով ցույց տալով Նարեի աթոռը:) Որ ասում եմ՝ ուղարկել կարող ես…

ԱՐՓԵՆ — Հերմինեի սենյակում է:

ՎԱՀԵ — Էդ աղջիկը շատ չի՞ իրեն թույլ տալիս:

ԱՐՓԵՆ — Գուցե, բայց ինչ-որ բան անելու ցանկություն չունեմ:

ՎԱՀԵ — Քեզնից չէ:

ԱՐՓԵՆ — Այս ժամին տուն գալ առանց պատճառի՝ քեզնի՞ց է:

ՎԱՀԵ — Գնացի օֆիս… կարծես առաջին անգամ էի տեսնում կաբինետս՝ էքստրա կլաս… իսկ ես նայում եմ, ու սիրտս խառնում է…

ԱՐՓԵՆ — Հասկանում եմ…

ՎԱՀԵ — Հա՞ որ…

ԱՐՓԵՆ — Ես էլ տանել չեմ կարող այդ բոլոր տորթերը, կարկանդակներ…

ՎԱՀԵ — Երբվանի՞ց…

ԱՐՓԵՆ — Վաղուց…

ՎԱՀԵ — Իմ սիրտը էսօր խառնեց, առաջին անգամ…

ԱՐՓԵՆ — Հարցազրույցի հետևանքն է, կանցնի:

ՎԱՀԵ – Իրո՞ք չես հասկանում…

ԱՐՓԵՆ — Ի՞նչ պիտի հասկանամ…

ՎԱՀԵ — Ինչո՞ւ էսպես ստացվեց:

ԱՐՓԵՆ — Ի՞նչը…

ՎԱՀԵ — Հարցիս չես պատասխանում, որովհետև վախենում ես…

ԱՐՓԵՆ — Ինչի՞ց…

ՎԱՀԵ — Անկեղծանալուց:

ԱՐՓԵՆ – (անսպասելի չոր): Նման շռայլություն ինձ թույլ տալ չեմ կարող:

ՎԱՀԵ — Իսկ մի ժամանակ…

ԱՐՓԵՆ — Մի ժամանակ ժամերն էի հաշվում, թե երբ պիտի տուն գաս ու քեզ պատմեմ օրվա ընթացքում կատարվածը:

ՎԱՀԵ — Ես էլ, քեզ ընդհատելով, իմն էի պատմում… Վրա տալով, արագ խոսում էինք՝ մի քանի ժամերի բաժանումը կոմպենսացնելու համար… էդ երբ էր…

ԱՐՓԵՆ — Ասես չի էլ եղել:

ՎԱՀԵ — Փոխվել ես…

ԱՐՓԵՆ — Ստատուսը պահանջում է խնամված տեսք ունենալ:

ՎԱՀԵ — Չէ… ներսում ես փոխվել:

ԱՐՓԵՆ — Նո՞ր նկատեցիր: Իսկ գուցե վաղուց գիտեիր, բայց այդպես հարմար է:

ՎԱՀԵ – Իրոք որ… ծանր օր է:

ԱՐՓԵՆ — Դեռ ուր ես… պիտի մարսենք էրեխեքի արածները… Ու խնդրում եմ, այդպես մի նայիր՝ նախկին Արփենը, որ կարող էր քո մի խոսքից լաց լինել ու մի հայացքից երջանկանալ՝ չկա: Ինչպես չկա այն Վահեն, որ այգուց թռցրած, բայց ծաղիկ էր բերում առանց առիթի:

ՎԱՀԵ — Լսիր, մենք ինչի՞ ենք ձգտել, ինչի՞ ենք էս ամենին հասել… ինչի՞ վրա ենք մսխել մեր կյանքը, երբ էսօր ոչ նորմալ ամուսին ենք, ոչ ծնող…

ԱՐՓԵՆ — Վերջին տասը տարին մենք կռվել ենք ժամանակի հետ… վազել ենք ժամանակի ետևից՝ ինչ-որ բան հասցնելու համար: Կարևոր չէ, ինչ՝ պայմանագիր կնքելու, ապրանք ստանալու, հազար ու մի բանի համար, ինչ է, թե դրանք չի կարելի հետաձգել, ու ժամանակ չենք գտել ամենակարևորի համար: Ուշ հասկացա, որ գոնե ե՛ս պիտի գտնեի այն ժամերը, որոնց պակասը էլ երբեք լրացնել չեմ կարող: Եթե անգամ 24 ժամ էի աշխատում՝ պիտի գտնեի 25-րդ ժամը երեխաներիս համար:

ՎԱՀԵ — Կաբինետում նստած, փորձում էի հիշել՝ երբ սկսվեց… ախր Արամին ես եմ հեծանիվ քշել սովորեցրել…

ԱՐՓԵՆ — Ընկերոջդ հեծանիվով…

ՎԱՀԵ — Բայց տղայիս աչքերում ես սուպերմեն էի…

ԱՐՓԵՆ – Հեծանիվը պարտիզանի պես էիր բերում-տանում, Արամս էլ գիտեր՝ գարաժից ես բերում:

ՎԱՀԵ – Բայց հետո դահուկների վրա կանգնել սովորեցի, ու դրանք արդեն իր սեփական դահուկներն էին: Որովհետև իմ տղան ոչ մեկից պակաս չպիտի լիներ, ամեն ինչ պիտի կարողանար, իսկ հետո՝ նաև ունենար: Իմ երեխաները պիտի սովորեին լավագույն դպրոցում ու լավագույն ուսուցիչների մոտ… Դրա համար ոչնչի առաջ չեմ կանգնել… Երբ տասներեք տարեկան կորցնում ես հորդ, կորստի ցավին ավելանում է վիրավորանքը, ու ինչքան էլ մայրս ասեր, որ կամավոր է գնացել Արցախ, չէի ներում նրան, չէի ներում, որ ինձ մենակ թողեց… Նրա մարտական ընկերները տարին մի անգամ՝ նրա զոհվելու օրը գալիս էին մեր տուն, իսկ մնացածը իմ անհայրության օրերն էին, երբ նախանձով էի նայում, թե ընկերս ոնց է վազում տուն վերադարձող հոր մոտ, ոնց  է դասարանցիս անփույթ ասում՝ ՛՛Պապայիս հետ ձուկ բռնելու էինք գնացել՛՛… Արամը միայն տղաս չէ, նրան հայրություն անելով՝ պիտի իմ որբ մանկությունը արդարացնեի, նրա հերոսական մահը իմ անհայր խեղճության հետ հաշտեցնեի…

 

Գալիս է Արամը: Անտեսելով հորը՝

 

ԱՐԱՄ — Մա, ուշ կգամ: (Գնում է դեպի դուռը:)

ԱՐՓԵՆ — Սոված ո՞ւր ես գնում:

ԱՐԱՄ — Ապրած կենա մեր սառնարանը:

ՎԱՀԵ — Իսկ կո՞ւշտ ուր ես գնում:

ԱՐԱՄ — Հանրային գրադարան:

ՎԱՀԵ — Ես հարց տվեցի:

ԱՐԱՄ – (կեղծ հոգոցով): Փաստորեն գրադարանը չհամոզեց… ուրիշ բան հնարել չեմ կարող:

ՎԱՀԵ — Քեզնից գո՞հ ես:

ԱՐԱՄ — Էս տանը գոնե մեկը պիտի՛ գոհ լինի ինձնից: Մամ, պատկերացնո՞ւմ ես, ինչ կլինի էս թշվառի վիճակը, եթե ես էլ դժգոհ լինեմ:

ԱՐՓԵՆ – (ցավով): Տղա՛ս, չե՞ս հոգնել…

ԱՐԱՄ — Ինչի՞ց… Որ հաշվենք, թե օրը քանի բառ ենք փոխանակում, եթե, իհարկե, բախտներս բերի, ու պատահաբար ես ու դու հանդիպենք էս օրհնյալ տան անկյուններից մեկում… Ամենաշատը՝ ՛՛Բարև — բարիլուս, — հաց կերե՞լ ես — հա – ե՞րբ կգաս — ուշոտ՛՛… Քանի՞ բառ եղավ, էդքանով հնարավո՞ր է հոգնել կամ հոգնեցնել: Իսկ թե ճիշտն ես ուզում իմանալ՝ հոգնել եմ, մամ, էնքան եմ հոգնել, որ սպասում եմ բանակ գնալուն…

ՎԱՀԵ — Հույսդ բանա՞կն է:

ԱՐԱՄ – (որ հասել էր դռանը, շրջվում է): Գուցե էնտեղ ինձ մարդու տեղ դնեն:

ՎԱՀԵ – (Արփենին): Դու գիտե՞ս, ինչ է սրա ուզածը…

ԱՐՓԵՆ — Վերջ տվեք, ներվերս գնաց…

ԱՐԱՄ — Ո՛ւր, մամ, ո՞ւր կարող է գնալ քո պողպատե ներվերը… (Ակնարկով՝ հորը:) Որ երեք ամսվա հրավերով գնաց աշխատելու, բայց մի տարուց ավել մնաց, կարո՞ղ է՝ դու չէիր նիհարել, դեմքիդ աչքերդ էին մնացել, բայց կաֆե էիր բացում, խմորեղենի ցեխի համար նոր սարքավորում էիր բերում դրսերից… Մի անգամ տեսա, թե քանի անգամ հեռախոսը վերցրիր ու դրեցիր սեղանին, քանի անգամ համարը հավաքեցիր ու կիսատ՝ անջատեցիր… (Վահեին.) Քեզ էր զանգելու:

ՎԱՀԵ – (Արփենին): Ի՞նչ է ասում…

ԱՐԱՄ — Քեզ հետ պիտի խոսեր, ու խոսեր անհոգ, հանգիստ, տուֆտա հարցեր տար ու իրեն պահեր ամենակարևոր հարցը՝ ե՞րբ ես վերադառնալու…

ԱՐՓԵՆ – (ասես առաջին անգամ է տեսնում որդուն, հուզմունքը փորձում է թաքցնել դիմակի տակ): Չգիտեմ՝ ինչ ես տեսել ու ինչեր ես քեզ համար երևակայել…

ԱՐԱՄ — Հիշո՞ւմ ես, տուն էի եկել քիթ-մռութս ջարդած… (Արփենը փորձում է հիշել:) Կոլոտ Հարութը հարցրեց՝ ճի՞շտ են ասում, որ պապադ էլ չի գալու… Քանի որ պատասխան չունեի՝ քացով խփեցի ու մռթիս կերա:

ՎԱՀԵ — Ես կարող էի երեք ամիս հետո գալ, բայց առաջարկեցին երկարաձգել, որովհետև ինձ տեսան ֆիրմայի երևանյան մասնաճյուղի ղեկավար: Բայց թե կարծում ես, որ միայն ինձ էին առաջարկել, սխալվում ես, չորսիցս մեկն էր մնալու… Մնացի ես, ու որ մնացի, նաև հաշվի առան, որ անգամ հրաժարվեցի կարճատև արձակուրդից:

ԱՐԱՄ – (հեգնանքով): Փաստորեն ֆեյսս լրիվ անիմաստ է տուժել…

ԱՐՓԵՆ – (ակնդետ նայելով Ավետին՝ պիտի զգացվի, որ ինչ-որ բան են թաքցնում): Մենք զանգելու պայմանավորված ժամեր ունեինք, որ գործին չխանգարեր… Երևի այդ անգամ անհամբեր եմ եղել, րոպեներն եմ հաշվել… (Վահեն հայացքը փախցնում է:)

 

Կարճ, լարված դադար:

 

ԱՐԱՄ – (զգում է՝ նուրբ իրավիճակ է՝ առավել հեգնանքով): Փաստորեն նաև իզուր եմ տվայտվել… (Արփենին.) Իսկ դու չես հիշի, որովհետև ճակատիս արյունը լվաց ու վերքը մշակեց քրոջս դայակը: Հա, ի գիտություն ձեզ՝ ձախորդ լրագրողը դռան մոտ պահակ է կանգնել… Ջենիսը դուռը չի բացում, բայց դռան ետևից լավ էլ դիալոգի մեջ է: Մամ, ինչի՞ մի անգամ ըտենց չփորձեցիր:

ՎԱՀԵ – Ձե՛նդ, լակոտ…

ԱՐՓԵՆ – Թո՛ղ, իրավունք ունի…

ՎԱՀԵ — Աջ ու ձախ վիրավորի՞, բոլորին քննադատի ու մարսի՞… Շատ չեղա՞վ: Դու ո՞վ դառար… դու ո՞վ ես…

ԱՐԱՄ — Հիմա՞՝ ոչինչ եմ… քո հացն եմ ուտում, քո փողերով եմ հագնվում ու մնացած բաները… ձեռի հետ էլ վիրավորում եմ, բայց կգա օրը, ու կապացուցեմ…

ՎԱՀԵ — Ի՞նչ պիտի ապացուցես, ո՞ւմ պիտի ապացուցես, ախր մինչև հիմա արածդ ի՞նչ է… հյուրի պես գալիս, հյուրի պես գնում ես, մի օր հետաքրքվե՞լ ես, գուցե մի բանով օգնես, մի բան անես…

ԱՐԱՄ — Մի բան արել եմ՝ անվճար եմ ընդունվել:

ՎԱՀԵ – Վրայիդ հագուստը քո տարեկան վճարն է:

ԱՐԱՄ — Ու ի՞նչ… ոտքե՞րդ ընկնեմ, գլուխս խփեմ հատակին ու անսահման շնորհակալությո՞ւնս հայտնեմ:

ՎԱՀԵ – (Արփենին): Սա լրիվ է ձեռից գնացել: (Արամին.) Ո՞վ է քեզնից ըտենց բան պահանջում… Ընդամենը ուզում եմ, որ ինձ… (Հարկավոր բառերը չի գտնում, կամ քաշվում է ասել:)

ԱՐԱՄ – (հուշելով): Սիրեմ… կամ գոնե հարգեմ:

ՎԱՀԵ – (կաշկանդված): Թեկուզ:

ԱՐԱՄ – (հնարավորինս ձգում է, դադարից հետո): Ներիր, չեմ կարող: (Գնում է դեպի դուռը:)

 

Վահեն շոկի մեջ հայացքով հետևում է Արամին, ապա կտրուկ տեղից պոկվում, հասնում է որդուն ու օձիքից բռնած՝ քարշ տալիս բեմի կենտրոն:

 

ԱՐՓԵՆ — Վահե, ի՞նչ ես անում…

ՎԱՀԵ — Չես կարող, հա՞… հետն էլ ներողություն ես խնդրում… թքած ունեմ քո ներողության, քո չեղած սիրո ու հարգանքի վրա…

ԱՐԱՄ — Թող, ի՞նչ ես անում… բաց թող… (Համբերությունը հատած:) Ատում եմ քեզ…

ԱՐՓԵՆ — Լռի՛ր…

ՎԱՀԵ — Ի՞նչ… ինչ ասացի՞ր… մի հատ էլ ասա:

ԱՐԱՄ — Էդ բառը մի անգամ են ասում…

ԱՐՓԵՆ — Աստված իմ, էս ի՞նչ դժոխք է…

ՎԱՀԵ – (ինչ-որ բան որոշելով՝ Արփենին): Գնա էստեղից…

ԱՐՓԵՆ — Ձեզ մենակ թողնե՞մ…

ՎԱՀԵ — Ասացի՝ գնա՛… (Արամին բաց թողնելով:)

ԱՐԱՄ – (օձիքն ուղղելով, ուղիղ նայելով հորը): Մամ, գնա, էլի…

 

Արփենը դուրս է գնում:

Հայր ու որդի, ծանր շնչելով, իրար են նայում:

 

ԱՐԱՄ — Ինչո՞ւ խփեցիր:

ՎԱՀԵ — Ժամանակին որ խփած լինեի, հիմա ամեն ինչ ուրիշ կլիներ:

ԱՐԱՄ — Ժամանակին խփել ես… բայց առանց օձիք ճղելու:

ՎԱՀԵ — Ո՞նց…

ԱՐԱՄ — Բառերով…

ՎԱՀԵ — Ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ բառերով:

ԱՐԱՄ – Չե՞ս հիշում:

ՎԱՀԵ — Չէ:

ԱՐԱՄ – Իսկ գուցե հիշես, թե երբվանից քեզ ուղիղ չեմ դիմում:

ՎԱՀԵ – Երբվանի՞ց… (Բացասաբար օրորում է գլուխը:) Բայց նկատել եմ:

ԱՐԱՄ — Գոնե նկատել ես, ո՞ւ…

ՎԱՀԵ — Մտածել եմ՝ կմեծանա, կհասկանա…

ԱՐԱՄ — Տասնվեցը մեծ չէ՞ր:

ՎԱՀԵ – (գլխի չի ընկնում): Այսինքն…

ԱՐԱՄ — Ծնունդիս օրն էր, տեղակալդ կենացս խմելուց հարցրեց՝ ի՞նչ եմ ուզում դառնալ:

ՎԱՀԵ – (փորձում է հիշել): Ի՞նչ պատասխանեցիր:

ԱՐԱՄ – Դո՛ւ պատասխանեցիր, իմ փոխարեն…

ՎԱՀԵ — …

ԱՐԱՄ – Ոչ-մի-բան:

ՎԱՀԵ — …

ԱՐԱՄ — Ուզում էի հնագետ դառնալ: Քեզ համար դա ոչ մի բան էր:

ՎԱՀԵ – Ամեն ինչով ապահովել էի, որ գործիս շարունակողը դառնաս, ոչ թե հողը փորփրես՝ ջարդած կուժ ու կուլա գտնելու հույսով:

ԱՐԱՄ — Տեղակալդ, իբր առիթից օգտվելով, առաջարկեց ինձ դասավորել,- էդպես էլ ասաց,- տղայիդ դասավորեմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Դու… ի՞նչ պատասխանեցիր:

ՎԱՀԵ – Ինչ-որ ապուշ խոսակցություն պիտի հիշե՞մ:

ԱՐԱՄ – (լարված, կեղծ անխռովութամբ): Կողքանց նայեցիր ինձ, թթու քմծիծաղեցիր. ՛՛Ինքը էնքան է հեռու դիվանագիտությունից, ինչքան էշը տուռնիկից՛՛: Ի՛նքը, այսինքն՝ ես:

ՎԱՀԵ – (չի ուզում ՛՛կոտր ընկնել՛՛): Ասենք՝ կատակել եմ…

ԱՐԱՄ – (անտեսելով): Եթե դա ասեր սեղանի մոտ նստածներից ցանկացածը՝ մաման հաշիվ չէ, թքած կունենայի բոլորի վրա, բայց ասողը դու էիր… Դու գիտե՞ս, ինչ բան է չքնել, սպասել, մինչև վերջապես տուն կգա հայրդ, ականջդ սրած սպասել՝ որ կանցնի սենյակիդ կողքով, մեկ էլ տեսար՝ դուռը կբացի ու ներս կնայի… Որ ինձ հետդ տեղ էիր տանում՝ էդ վերջն էր… Ամեն անգամ ինձ մեղավոր եմ զգացել, երբ հեծանիվը շալակած տանում էիր կողքի շենքը…

ՎԱՀԵ – (ապշահար): Ի՞նչ…

ԱՐԱՄ – Կարծում ես, չգիտեի՞…  Իսկ հետո դասարանում առաջինը ես համակարգիչ ունեցա… Էդ ամենը հիշում եմ, ու էլի շատ բաներ, քո ասած ամեն մի բառը ինձ համար օրենք էր, կեսբերան գովեցիր՝ հետս խոսել չէր լինում… Բայց հետո էդ ամենը կորավ… Պապան զբաղված է, պապան գործուղում է, պապան ժամանակ չունի… Սկզբում մաման էր արդարանում, հետո նա էլ խրվեց գործերի մեջ ու դայակը կամ տնային աշխատողն էին տեղեկացնում ձեր մասին:

ՎԱՀԵ – (կոպիտ): Վերադառնանք ծնունդիդ: Բան էր՝ ասել եմ…

ԱՐԱՄ – Էդ բանն ասել ես որտե՛ղ, ո՛ւմ ներկայությամբ…

ՎԱՀԵ – (չկամ զղջումով): Շատ չե՞ս լրջացնում…

ԱՐԱՄ – Հիմա եմ թեթևի մեջ պատմում, բայց էն ժամանակ, որ կարողացա սեղանը շուռ չտալ ու դուրս չփախչել, երբ կարողացա մինչև վերջ լսել կենացներն ու կենաց ասողներին չուղարկել գրողի ծոցը, իսկ վերջում խմեցի անմոռանալի երեկոն պարգևած ծնողներիս ու հատկապես հայրիկիս կենացը, այ, էդ պահին հասկացա, որ կարող  եմ ու պիտի դառնամ դիվանագետ, բայց ոչ թե տեղակալիդ դասավորելով, այլ իմ ուժերով, ու ոչ թե ԱԳՆ-ի շարքային աշխատող, չէ, մաքսիմալիստ քույրիկս ասած՝ լուրջ դիվանագետ:

ՎԱՀԵ – Իմ մի խոսքը քեզ դարձրեց դիվանագե՞տ:

ԱՐԱՄ — Գիտե՞ս, ինչ է անում 16 տարեկանը, երբ իր երազանքից հրաժարվում է վրեժխնդիր լինելու համար: Դա ոնց որ… վիրահատություն լինի, քո ներսի ամենացավոտ տեղից հանում ես մի մասնիկն ու տեղը դնում օտար մի բան, ու դա անում ես՝ մեջդ կուտակելով վիրավորանքը, իմանալով, որ օր օրի ավելի ես չարանալու…

ՎԱՀԵ – (մի կողմ դնելով իբր անվրդով վիճակը): Իսկ դու գիտե՞ս, ինչ է զգում 42 տարեկանը, երբ ստիպված է հրաժարվել միակ որդուն իր կյանքի գործը փոխանցելու մտքից… տո հենց երազանքից: Ես շատ զիջումների եմ գնացել, որ դու դժվարություն չունենաս, ինչ է, ես չէի՞ ուզում ծրագրավորող դառնալ, լավագույններից մեկը…

ԱՐԱՄ – Փաստորեն էդ մաքսիմալիզմը քեզնից ենք ժառանգել:

ՎԱՀԵ – (անտեսելով): Բայց կյանքը իր ծրագիրն է դեմ անում…

ԱՐԱՄ – Կյանքդ փչացրել ես՝ իմը հեշտացնելու համար ու դու էլ ստիպում ես, որ ե՞ս կյանքս փչացնեմ, ինչ է, թե բիզնեսդ անտեր կմնա:

ՎԱՀԵ – (ասես ապտակեցին՝ այլափոխվում է): Ա՛յ… նույն արհամարհանքով էն ժամանակ ասացիր…

ԱՐԱՄ — …

ՎԱՀԵ – Էդ օրն էլ ե՛ս եմ լավ հիշում, Սևանում էինք, պիտի հիշես, հայտարարեցիր, որ որոշել ես հնագետ դառնալ: Իմ հարցը հիշո՞ւմ ես:

ԱՐԱՄ – (դադարից հետո): Հիշում եմ:

ՎԱՀԵ – (այնպես պիտի նայի, որ Արամը չուզենալով, բայց պատասխանի):

ԱՐԱՄ — ՛՛Բա մեր բիզնե՞սը՛՛…

ՎԱՀԵ – Իսկ քո պատասխանը հիշո՞ւմ ես… (Արամը լուռ է՝ չի հիշո՞ւմ, թե՞…) Ասացիր՝ ՛՛Դա վերջին գործն է, որ ես կանեմ՛՛: Հա, տղաս, նույն արհամարհանքով ու մի նախադասությամբ ջնջեցիր ինձ, զրոյացրիր արածս… Ես էլ կարողացա ցույց չտալ վիրավորանքս, կարթը չշպրտեցի ջուրն ու կարողացա լռել: Բայց ծնունդիդ օրը ոնց որ թե տիրապետումս կորցրել էի…

ՎԱՀԵ – Չէի ասի… լավ էլ մտածված էր՝ քմծիծաղդ, կողքանց նայելդ… բառերը դեմքիս շպրտելդ…

ԱՐԱՄ – Իսկ դու հիշաչար ես…

ՎԱՀԵ – Համ էլ երախտամոռ եմ, չգնահատող… Բայց մեր ընտանիքի, գոնե ձևական տեսքը պաշտպանել կարող եմ:

ՎԱՀԵ – Էդ դո՞ւ ես պաշտպանը…

ԱՐԱՄ — Լրագրող եք բերել, որ մեր ՛՛համերաշխ ընտանիքի՛՛ մասին կարդացողը ասի՝ տես, է՛, Վահե Ավետիսյանը ի՜նչ հրաշալի ընտանիք ունի՞… Բայց էդ ամսագիրը կարդում են մեզ նմանները իրենց բիզնեսներով ու ընտանիքներով, որտեղ ոչ մեկը ոչ մեկից տեղյակ չէ, վաղուց ամեն մեկն իր կյանքն ունի, ու ոչ մեկը ոչ մեկին պետք չէ… Դրա համար էլ չեմ թողնի, որ մեզ նմանները կարդան էդ սուտը, նայեն մեր կեղծ լուսանկարներին ու քմծիծաղեն՝ ՛՛Սրանք ո՞ւմ են խաբում իրենց ֆեյք ընտանիքով՛՛:

ՎԱՀԵ – Ֆե՞յք…

ԱՐԱՄ – (նայում է համարյա խղճահարությամբ՝ հայրը անկեղծորեն չի հասկանում): Վերջին անգամ ե՞րբ ենք միասին նախաճաշել…

ՎԱՀԵ – Առավոտյան իրար երես շա՞տ ենք տեսնում, որ մի հատ էլ նախաճաշենք:

ԱՐԱՄ – Լավ, գոնե երեկոյան միասին թեյ խմել: Կարծում ես, դա հենց էնպես մի բա՞ն է: Երբ հավաքվում են ու ոչ մեկը ոչ մի տեղ չի շտապում, չի զանգում կամ զանգի չի սպասում, խոսում են, ինչ-որ բան են իրար պատմում… թե՞ էդ ամենը միայն անասուն ֆիլմերում է լինում, որ մարդկանց չեղածով խաբեն…

ՎԱՀԵ – Ասածդ ի՞նչ է: Ի՞նչ կհրամայես, որ անեմ… Ասեք, քույր-եղբայրով խելքի բերեք, չէ՞ որ դուք մեզնից խելացի եք, աշխարհն արդեն յոթ անգամ չափել ու կտրել եք… Քեզ դուր չի գալիս իմ արածը, օքեյ, իսկ ինչո՞ւ չես մտածում, որ գուցե էս ձևի կյանքն արդեն ինձ համար միակն ու անփոխարինելին է դարձել… (Աստիճանաբար ոգևորվելով:) Որ ռիսկի դիմելն ու սառը հաշվարկելը լավագույն հոբբին է, որ հերթական անգամ մրցակցիս քիթը տրորելը գերագույն հաճույք է…

ԱՐԱՄ — Իսկ սեփական տունդ՝ ընդամենը գիշերելու տեղ…

ՎԱՀԵ – (սթափվում է, սառը): Ներողություն խնդրիր…

ԱՐԱՄ — …որտեղ կարող ես գալ-գնալ ու չիմանալ, թե տնեցիներից ով ոնց է, ինչ է անում… Այ, հիմա կարող եմ ներողություն խնդրել:

ՎԱՀԵ – (անսպասելի գրկում, թե բռնությամբ սեղմում է տղային գրկում): Հիմա ինձ լսիր, լավ լսիր, որովհետև ինչ ասելու եմ, էլ չեմ կրկնի: Կարող ես մտածել՝ ինչ ուզում ես, իմ  սխալները՝ ակամա կամ մտածված, կարող ես քննադատել, ինձ վերևից նայել ու անունս չտալ… քո ընտրությունն է, շարունակիր էդ ոճով, բայց իմացիր՝ թքա՛ծ ունեմ մտածածիդ ու ընտրությանդ վրա, դու իմ տղան ես, լսո՞ւմ ես, ի՛մ՝ Արամ Վահեի Ավետիսյանն ես, իմ արյունն ու ազգանվանս շարունակողն ես ու դրանից փախչել չես կարող, հրաժարվել չես կարող, որովհետև կռիվդ մի բանի համար է՝ էն սիրո, հայրական ուշադրության համար է, որ քեզ չեմ տվել… պակաս եմ տվել: Իսկ հիմա գնա՛…

 

Արամն ազատվում է հոր գրկից, աստիճանաբար արագացնելով քայլերը՝ դուրս է գնում:

Վահեն բարից հանում է խմիչք, սուրճի բաժակի մեջ լցնում, թափով խմում է: Կտրուկ գնում, բացում է այն դուռը, որով դուրս էր եկել կինը:

 

ՎԱՀԵ – Արփե՛ն… գիտեմ, որ մոտերքում ես:

ԱՐՓԵՆ – (ներս է գալիս, զգացվում է, որ խոսակցությունը լսել է): Ո՞ւր գնաց…

 

Նստում են իրենց տեղերում:

 

ՎԱՀԵ – (դառը քմծիծաղով): Գրադարան… ու հատկապես՝ հանրային:

ԱՐՓԵՆ – Կատակելու սի՞րտ ունես…

ՎԱՀԵ – Լաց լինել կհասցնենք… Համոզված էի, որ չեն գա, ասածդդ բան տեղ չեն դնի, մեզնից կհասնի լրագրողից ներողություն խնդրելը… դե, լուրջ չեն վերաբերվում ծնողի ասածին, քի՞չ է պատահում: Իսկ նրանք եկան ու հասկացրին, որ ընդհանրապես չեն վերաբերվում մեզ ոչ-մի-կերպ…

ԱՐՓԵՆ – (կծու): Գոնե իմացանք՝ ինչ են մտածում մեր մասին:

 

Գալիս է Նարեն: Նրան տեսնելով՝ ամուսինները ՛՛մտնում են դերի մեջ՛՛՝ հավաք, զուսպ:

 

ՎԱՀԵ – (տեղից բարձրանում, հանում է դրամապանակը, թղթադրամներ է պարզում): Ձեզ պատճառած անհարմարության համար…

ՆԱՐԵ – Բոլո՞ր հարցերն եք էսպես լուծում:

ՎԱՀԵ – Այսինքն…

ՆԱՐԵ – Բացում եք դրամապանակը, հանում եք անհրաժեշտ գումարն ու՝ no problem!

ՎԱՀԵ – Ես ընդամենը…

ՆԱՐԵ – Բա կլիշեն՝ պատճառած անհարմարության համար…

ԱՐՓԵՆ – Նա ընդամենը…

ՆԱՐԵ – (Արփենին): Հուշել պետք չէ, հերթական անգամ թնջուկը քանդում եք փողով: Իմ դեպքում դեռ ոչինչ, ես օտար մեկն եմ, փողը կառնեմ, կգնամ ու կմոռանամ՝ դա է ձեր ուզածը, էդպես չէ՞, որ մոռանամ: Իսկ նրա՞նք… որ օտար չեն, նրանց է՞լ պիտի հերթական դրամական փոխանցումն անեք, բայց էս անգամ, հաշվի առնելով պատճառած անհարմարությունը, բարձր տոկոսադրույքով…

ՎԱՀԵ – Եթե կարծում եք, որ ինչ էստեղ տեսաք՝ ձեզ իրավունք է տալիս…

ԱՐՓԵՆ – (այստեղ է երևում նրա էությունը): Ոչ մի իրավունք էլ չի տալիս: Նարեն, իրենից անկախ պատճառով, հարցազրույց չկարողացավ վարել, Ալլան արդեն տեղյակ է, իսկ սա ընդամենը մեր փոքրիկ շնորհակալությունն է: (Վահեից վերցնում է գումարը, մոտենում է Նարեին:)

ՆԱՐԵ – (նայելով գումարին՝ գլուխը բացասաբար օրորում է):

ԱՐՓԵՆ – Այս հոնորարի մասին շեֆդ չի իմանա:

ՆԱՐԵ — Հիմա դո՛ւք չեք…

ԱՐՓԵՆ – (չոր): Ոչ էլ քիչ առաջ անկեղծացած ու գանգատվող Արփենն եմ: Ու թող ձեզ չհուզի մեր երեխաների պրոբլեմը, առավել ևս, որ ոչ մի պրոբլեմ չկա:

ՆԱՐԵ – Ես կարող եմ վերցնել փողը, բայց չմոռանամ:

ՎԱՀԵ – Կարող ես, բայց ավելի խելացի կլինի… (Նորից է բացում դրամապանակը, սպասողական նայում:)

ՆԱՐԵ – (հերթով նայում է ամուսիններին, ինչ-որ բան է որոշում): Ես նյութեր եմ տալիս մի կայքի… Ի տարբերություն ամսագրի՝ դեղին է, զզվելի դեղին: Հաջողակ ընտանիքներում տեսածս շատ բաներ որոշ ժամանակ անց հայտնվում են էդ կայքում՝ կեղծանունով, բնականաբար:

ՎԱՀԵ – (սպառնալով): Չհամարձակվես…

ՆԱՐԵ – (անվրդով): Երկրորդ հեռախոս ունեմ:

ԱՐՓԵՆ – Աղջիկս կասկածում էր…

ՆԱՐԵ – Հա, ձեր աղջկա աչքից բան չի վրիպում… Ասենք, գիշերով դռան արանքից տեսել է, թե ոնց եք տորթը ձևավորում ու լալիս եք, ու ոչ միայն մեջքի ցավից եք լալիս: (Դադար:) Մայրս ամեն ինչ անում է՝ մանկատան ժամանակը վերադարձնելու համար: Չի ուզում հասկանալ, որ էդ ժամանակը կորցրել է, չկա: (Աթոռին դրած պայուսակից հանում է երկրորդ հեռախոսը, բացում էկրանը, տալիս է Վահեին:) Ջնջեք: Իսկ դա՝ (գլխի շարժումով ցույց է տալիս դրամապանակը) պահեք:

ՎԱՀԵ – (դեռ չհավատալով, արագ վերցնում է հեռախոսը, շտապ ջնջում ձայնագրությունը, հեռախոսը վերադարձնելով, նայում է Նարեին, դրամապանակը դնում է գրպանը, շփոթվածությունը ցույց չտալու համար ՛՛կծում է՛՛): Ի՞նչ եք տալիս էդ կայքին, եթե ամեն անգամ սկանդալային ձայնագրությունը ջնջում եք:

ՆԱՐԵ – (հեռախոսը գցում է պայուսակը): Սա առաջին դեպքն է: Ու մեղավորը Ջենիսն է: Եթե գեղեցիկ սուտը կարող էր նրան էդպես տակնուվրա անել, այլանդակ ճշմարտությանը ո՞նց է դիմանալու…

ՎԱՀԵ – (գլուխը շարժում է՝ համաձայնվում է, թե շնորհակալ է… Նստում է, գլուխն առնում ձեռքերի մեջ):

ԱՐՓԵՆ – (մտացիր՝ դրամները ձեռքում տրորելով): Կարո՞ղ եմ հարցնել… (Նարեն մոտենում է:) Ի՞նչ էիք խոսում Ջենիսի հետ:

ՆԱՐԵ – Կարևոր՝ ոչինչ: Ավելի շատ լուռ էինք: Պարզապես նրա կողքին էի: (Նրա ձեռքից վերցնում է դրամները, դուրս է գնում:)

 

Արփենը նստում է իր տեղը, նայում անորոշ կետի:

Գալիս է Ջենիսը: Նայում է՝ ով է մնացել սենյակում: Սեղանի տակից հանում է տուփը:

 

ՋԵՆԻՍ – Մի ապուշ հարցազրույցի համար Նարեն ակումբ էր եկել, ինձ լսելու: Մի տարի է՝ երգում եմ, լսած կա՞ք…

ՎԱՀԵ – (գլուխը չբարձրացնելով): Չեմ լսել, բայց տղաներից մեկը քո ելույթի օրերին էնտեղ նստած է…

ՋԵՆԻՍ – (կռվարար): Հետևո՞ւմ ես…

ՎԱՀԵ – (հոգոց հանելով՝ հիմար աղջիկ): Նեղացնող չլինի…

ՋԵՆԻՍ – (հոգնած համակերպվածությամբ): Ու չգիտես՝ լաս թե խնդաս… (Տուփը ամուր գրկած նստում է, հայացքը անորոշ կետի):

ԱՐՓԵՆ – (զանգում է): Արամ, ո՞րտեղ ես… ոչինչ էլ չի պատահել… պարզապես զանգեցի…  (Նստած է՝ հայացքը անորոշ կետի:)

 

Դուռը բացվում է, շեմին Արամն է: Նայում է՝ հայրը՝ գլուխը ձեռքերի մեջ առած, մայրն ու քույրը՝ ամեն մեկը մի կողմ է նայում: Գալիս, նստում է, սկսում է ուտել կիսատ թողած տորթը, ու չես հասկանում՝ հաճույքո՞վ է ուտում, թե՞…

 

 

 

 

 

 

 

 

 

You may also like...