ՄԱԹԵՅ ՎԻՍՆԻԵԿ

                                                  ՎԵՐՋԻՆ ԳՈԴՈՆ

                                       Մեկ գործողությամբ թատերկ

Գործող անձինք

ԳՈԴՈ

ՍԱՄՈՒԵԼ ԲԵԿԿԵՏ

Գործողությունը կատարվում է թատրոնի՝ փակված շենքի առաջ:

Զառիվեր, ամայի  փողոցում, մթնշաղին, ԳՈԴՈՆ՝ նիհարակազմ, բայց վայելուչ հագնված մի տղամարդ,  ոտքերը առվակի մեջ, նստած է մայթեզրին։ Ոչնչի մասին չի մտածում, տխրադեմ ծխում է։ Կողքին շուռ տված աղբաման կա։

Հայտնի չէ որտեղ, խուլ  իրարանցում է բռնկվում, անտեսանելի մի դուռ է բացվում ու երկրորդ նիհարակազմ  (նույնպես վայելուչ հագնված) տղամարդն է հայտնվում, մայթեզր շպրտվում։ Ինչպես քիչ անց կպարզվի՝  երկրորդ նիհարակազմ տղամարդը անձամբ ինքն է՝ ՍԱՄՈՒԵԼ

ԲԵԿԿԵՏԸ։ Նա գրեթե ընկնում է ԳՈԴՈՅԻ վրա։

ԲԵԿԿԵՏ — Ներիր։

ԳՈԴՈ — Ոչինչ։

ԲԵԿԿԵՏ — (թափ տալով հագուստը): Ես չէի ուզում քեզ ցավ պատճառել։

ԳՈԴՈ — Ոչի՛նչ, ոչի՛նչ։

ԲԵԿԿԵՏ — (վերցնելով գլխարկը): Գռեհիկներն ամեն տեղ, ամենուր գռեհիկ են։

ԳՈԴՈ — Բնական է: (Սևեռուն  նայելով:) Ուշադի՛ր, թևքիդ կարերը քանդվել են։

ԲԵԿԿԵՏ — (բարձրացնում է ձախ թևը, շոշափում անութը): Զգում էի։

ԳՈԴՈ — Ծեծեցի՞ն քեզ։

ԲԵԿԿԵՏ — Ո՛չ, ավելի շուտ շորերս կեղտոտեցին։

ԳՈԴՈ — (մեկնելով գլանիկի ծխուկը): Ուզո՞ւմ ես կում անել։

ԲԵԿԿԵՏ — Շնորհակալություն։

ԳՈԴՈ — Նստիր, ինչո՞ւ չես նստում: (ԲԵԿԿԵՏԸ նստում է մայթեզրին, ոտքերը առվակն է մտցնում:) Ինձ թվում է՝ նրանք քեզ դուրս շպրտեցին։ Հը՜,  շպրտեցի՞ն։

ԲԵԿԿԵՏ — (փոքր-ինչ նյարդայնացած): Դու քո աչքերով տեսա՞ր, որ շպրտեցին։

ԳՈԴՈ — (տխրադեմ): Եթե ճիշտը ասեմ՝ ինձ էլ են շպրտել։

ԲԵԿԿԵՏ — Որտեղի՞ց։

ԳՈԴՈ — Թատրոնից։

ԲԵԿԿԵՏ — Ե՞րբ։

ԳՈԴՈ — Հենց նոր։

ԲԵԿԿԵՏ — Տոմս ունեի՞ր։

ԳՈԴՈ — Իհարկե։

ԲԵԿԿԵՏ — Ուրեմն՝ ինչի՞։

ԳՈԴՈ — Չուզեցին մի հանդիսատեսի համար խաղալ։

ԲԵԿԿԵՏ — Պիտի պնդեիր։ Եթե տոմս ունեիր՝ հարկավոր էր համառել։ Չխաղալու իրավունք չունեին։ Ես քեզ հաստատ եմ ասում՝ նրանք պարտավոր էին խաղալ, եթե անգամ դահլիճում մենակ էիր։ Պիտի  պահանջեիր։

ԳՈԴՈ — Ո՞ւմ հետ վիճեի, այդ մարդկա՜նց․․․

ԲԵԿԿԵՏ — Պիտի չթողնեիր, որ իրենց ուզածն անեն, սխալվել ես, որ թողել ես։ Նրանք պարտավոր էին խաղալ։ Եթե անգամ դահլիճում հինգ հանդիսատես եղած լիներ։ Թիվը նշանակություն չունի, նրանք դերասաններ են։ Դա նրանց մասնագիտությունն է։

ԳՈԴՈ — Գուցե  նրանք էլ են ձանձրացել, անցյալ օրը, ինչպես դու ես ասում, դահլիճում հինգ հոգի կար։  Բայց, հասկանո՞ւմ ես, խաղացին։ Թերևս իրենք էլ են հոգնել․․․ Բոլորն էլ հոգնած են։ (Դադար։ Գլանակը վերցնում, ծխում է:) Երեկ դահլիճում երկու հոգի կար։

ԲԵԿԿԵՏ — Որտեղի՞ց իմացար։

ԳՈԴՈ — Երկուսից մեկը ես էի։ (Ծխում է:) Քեզ մի բան եմ ուզում ցույց տալ․․․ Երկու մատով կարո՞ղ ես ծխուկը շպրտել։ Նայի՛ր․․․ այս մատով․․․ ա՛յ,  այսպես բռնում, մատնազարկում, թռցնում ես․․․ (Ծխուկը հայտնվում է մյուս մայթին:) Տեսա՞ր։ Կարո՞ղ ես։

ԲԵԿԿԵՏ — Միայն դա՞ կարող ես  անել։

ԳՈԴՈ — Ի՞նչը նկատի ունես։

ԲԵԿԿԵՏ — Երեկ  ու այսօր թատրոն գալդ։

ԳՈԴՈ — Օ՜, ոչ, ես միշտ եմ գալիս։ Ամեն երեկո էլ գալիս եմ։

ԲԵԿԿԵՏ — Ինձ թվում է, ես քո դեմքը տեսել եմ։

ԳՈԴՈ — Ես էլ եմ տեսել քոնը։ Դահլիճի խորքում չէի՞ր։ Ուզում եմ ասել՝ երեկ երեկոյան երկրորդ հանդիսատեսը դու չէի՞ր։

ԲԵԿԿԵՏ — Այո՛, ես էի։ Գրողը տանի, իհարկե ես էի։

ԳՈԴՈ — Գլխի ընկա, որ դու էիր։ Հենց քեզ տեսա, գլխի ընկա։ Դո՞ւ ինչ էիր կորցրել թատրոնում։

ԲԵԿԿԵՏ — Դե՛, ես եմ գրել։

ԳՈԴՈ — Ի՞նչը։

ԲԵԿԿԵՏ — Այդ բանը։ Ներկայացումը։ Իմ գրածն է։

ԳՈԴՈ — Չի կարող պատահել։ Իսկապե՞ս դու ես գրել։

ԲԵԿԿԵՏ — Անձամբ։

ԳՈԴՈ — Ուզում ես ասել՝ հեղինակն ի՞նքդ ես։  

ԲԵԿԿԵՏ — Ես ինքս։

ԳՈԴՈ — Զարմանալի է, ուրեմն դու գոյություն ունես։

ԲԵԿԿԵՏ — Իհարկե՛, ունեմ։ Ո՞վ է գլուխդ մտցրել, որ գոյություն չունեմ։

ԳՈԴՈ — Ճիշտն ասած՝ վաղուց էի  հասկացել, որ դու գոյություն ունես։ Մի քանի տարի է արդեն՝ ինքս ինձ հարցնում էի՝ արդյո՞ք իսկապես գոյություն ունես։ Ինքս ինձ մտմտում էի՝ գոյություն ունի՞, չունի՞։ Օրեր էին լինում, երբ ինձ թվում էր, թե դու չես կարող գոյություն ունենալ։ Հասկանո՞ւմ ես։  Այդպիսի օրեր լինում են։ Պատկերացրու՝  օրեր և էլի օրեր։ Ամեն տեսակ օրեր։ Ասենք, դու չես կարող ըմբռնել։ Քո այդ դատարկ գանգով․․․

ԲԵԿԿԵՏ — Այնպես մի արա, որ հասցնեմ․․․

 ԳՈԴՈ — Պա՜հ, դու ուզում ես ինձ խփե՞լ։ Խփի՛ր։ Շուտ արա․․․ (Դադար։ Չարացած նայում է դիմացինին:) Եթե ուզում ես իմանալ, դինձ արդեն բավական խփել ես։ Այնպես որ էլ պետք չի։ Մինչև հիմա ես անընդհատ  խփել։

ԲԵԿԿԵՏ — Իմ մեղքով չեղավ։ Ինձ ստիպեցին, որ քեզ ցավ պատճառեմ։

ԳՈԴՈ — Տեսնո՞ւմ ես, բան չես հասկանում։ (Հայացքը սևեռում է վրան:) Ես այս երեկոյի մասին չեմ խոսում, ընդհանրապես եմ ասում։ Տարիներ շարունակ ինձ էշի տեղ ես դրել։

ԲԵԿԿԵՏ — Էշի տեղ ե՞մ դրել։

ԳՈԴՈ — Հա՛, հա՛, հենց դու, տարիներ ի վեր, ամեն երեկո, ամեն ակնթարթ ինձ ողջ-ողջ մորթել, ճնշել, ճզմել, կործանել ես։ Ինձ խամաճիկի, ուրվականի ես վերածել, ստորացրել ես։ Մի՞թե ես այդպիսին եմ։ (Սպառնալի կանգնում է:) Թշվառական, հիմա կվճարես։ Ամե՛ն, ամե՛ն ինչի  համար։ (Սադրիչ ձայնով:) Ես Գոդոն եմ։

ԲԵԿԿԵՏ — Այդ ինչե՞ր  ես խոսում։

ԳՈԴՈ — Ես Գոդոն եմ։ Դա քեզ ինչ որ բան ասո՞ւմ է։ Դու քեզ հաշիվ տալի՞ս ես։ Քո վերջը եկել է։ Վերջիվերջո քեզ պետք է հաշիվ տաս, զգաս, որ վերջդ եկել է։

ԲԵԿԿԵՏ — Դու գիժ ես, իզուր չէ, որ թատրոնից դուրս են շպրտել։

ԳՈԴՈ — Գի՞ժ, ե՞ս, ուրեմն՝ ե՞ս։ Գիժը դո՛ւ ես։ Իզուր տեղն ինձ գժի տեղ մի դիր։ Ես գիժ չեմ։ Գիժը նա է, ով գրել է։ Դա ի՞նչ գրելու ձև է։ Ինչո՞ւ շուրջդ չես նայում, որ իմանաս ինչպես են գրում։ Մի՞թե կարելի է գրել այնպիսի մեկի մասին, ով բեմում չի հայտնվում։ Ասա՛, որտե՞ղ է տեսնված։ (Պատասխանի է սպասում:) Հուդա՛։

Նստում է նորից։

ԲԵԿԿԵՏ — Դու իրավունք չունես ինձ Հուդա կոչելու։ Դու ինձնից հաշիվ պահանջելու իրավասություն չունես։

ԳՈԴՈ — Ե՞ս քեզնից հաշիվ պահանջելու իրավասություն չունեմ։ Համբերիր մի քիչ։ Ես միակն եմ, որ քեզնից հաշիվ պահանջելու իրավասություն ունեմ։ Քեզ ինչի՞ տեղ ես դրել։ Շեքսպիրի՛ն նայիր։ Նրա բոլոր կերպարները հայտնվում են բեմում։ Նույնիսկ՝ ուրվականները։ Այն, ինչ գրված է թղթի վրա, երևում է բեմում։ Իսկ դո՞ւ։ Քեզ թվում է, թե այդ ամբողջ ժամանակը հե՞շտ է եղել ինձ համար։ Ըստ էության ես ո՞վ եմ։ Դու ինչպե՞ս ես կարողացել այդպիսի խաղ խաղալ իմ գլխին։ (Հետզհետե լացակումում է:) Միայն մեկ վայրկյանը բավական կլիներ․․․ Նույնիսկ կես վայրկյանը․․․ Օրինակի համար՝ ես կարող էի ասել՝ ՈՉ․․․ Ներկայացման վերջում պարզապես հայտնվել ու բեմառաջում կանգնելով ասել՝ ՈՉ․․․ Ի՞նչ կպատահեր, եթե ՈՉ ասած լինեի։ Հավատացնում եմ քեզ, որ ոչինչ էլ չէր պատահի․․․ Իրավացի  չե՞մ՝ ոչինչ էլ չէր պատահի։

ԲԵԿԿԵՏ — Ո՛չ։

ԳՈԴՈ — Բավական է, իսկապես բավական է, ես  հոգնել, ձանձրացել եմ։ Ո՞նց կարելի է անընդհատ նույն ձևով շարունակել։ Միևնույն ժամանակ լինել ու չլինել։ Հասկանո՞ւմ ես, հենց դա՛ եմ ուզում քեզ հարցնել։ Հնարավո՞ր է միաժամանակ լինել ու չլինել։

ԲԵԿԿԵՏ — Չգիտեմ։

ԳՈԴՈ — Բայց պե՛տք է, որ իմանաս։  Եթե դու չիմանաս, ո՞վ պիտի իմանա։ Ո՞վ կիմանա, եթե դո՛ւ, դո՛ւ չգիտես։

ԲԵԿԿԵՏ — Ի՜նչ ասեմ։ Այդ միտքը հանկարծակի, անսպասելի է ծնվել։

ԳՈԴՈ — Շատ հնարավոր է, որ մոլորության պահ է եղել։  Հնարավոր է, որ․․․ մի ձախորդ օր, մոլորության պահի ծնված լինի։ Բոլորի հետ էլ կարող է պատահել, չէ՞․․․ Բայց կարելի է նաև իրավիճակը շտկել․․․ Խոստովանում եմ, ես միայն կես վայրկյանի, մի բառի կարիք ունեմ, որպեսզի դարձյալ ինքս լինեմ․․․ (Բաճկոնի գրպանից մի տրցակ թուղթ է հանում:) Տե՛ս․․․ Ահա՛․․․ Ես բացարձակապես ոչ մի հավակնություն չունեմ․․․ Ինձ մի տեղ խցկիր․․․ Ուր ուզում ես․․․ Փակագիծ բաց արա․․․ Արա՛ մի բան․․․

ԲԵԿԿԵՏ — (ձանձրույթով թղթատում է էջերը, մի կողմ շպրտում):: Իմաստ չունի, թատրոնը փակվել է։

ԳՈԴՈ — (հավաքում է գետնին ընկած թղթերը): Անհնարին է, անհնարին․․․ Սա չի կարող հենց այսպես վերջանալ․․․

ԲԵԿԿԵՏ — Բեմադրությունն այլևս չեն ներկայացնում։

ԳՈԴՈ — (զարմացած): Ինչպես թե՝ այլևս չեն ներկայացնում։

ԲԵԿԿԵՏ — Չտեսա՞ր, ինձ ինչպես փողոց շպրտեցին։ Այլևս չեն խաղում։ Ոչ մի տեղ, ոչ մի բեմում։

ԳՈԴՈ — Ո՜նց, դա ահավոր է, ահավոր․․․

ԲԵԿԿԵՏ — Բայց այդպես է։ (Դադար:) Գլանակ ունե՞ս։

 ԳՈԴՈ — Աղբարկղում դեռ մի քանի ծխուկ կա։

ԲԵԿԿԵՏ — Գրողը տանի, ամեն դեպքում չեմ պատրաստվում ամեն աղբ շուրթերիս տանել։

ԳՈԴՈ — Իսկ ինչո՞ւ՝ ոչ, սա թատրոնի աղբարկղն է։ (Բարձրացնում, շուռ է տալիս:) Ահա՛․․․ Ընտրիր․․․

ԲԵԿԿԵՏ — Չեմ կարող, զզվելի է։

ԳՈԴՈ — (ոտքով քչփորում է ցրիվ եկած աղբը): Գուցե և իրավացի ես․․․ (Շարունակում է քչփորել թատրոնի  աղբը:) Թատրոնն էլ չի կարողանում դիմանալ․․․ վաղուց այլևս այն չէ․․․ միայն այս աղբարկղն է մնացել, երևում է, որ թատրոնի  վերջը եկել է․․․

ԲԵԿԿԵՏ — Այդ ի՞նչ գտար։

ԳՈԴՈ — Դիմակ․․․ այլևս չեն դնում․․․ (Ծխուկ է գտնում, կպցնում:) Այս ի՜նչ ժամանակներ են․․․ այս ի՜նչ աշխարհ է․․․ Այսօր ո՞վ  գիտի դիմակ կրել: (Ծխուկից կում է անում, նստում է  ԲԵԿԿԵՏԻ կողքին, մեկնում է ծխուկը։ Ցածրաձայն:) Ինձ թվում է, ինչ-որ մեկը լսում է մեզ։

ԲԵԿԿԵՏ — (վերցնում է ծխուկը, իր հերթին  կում է անում, շուրջը նայում): Որտեղի՞ց։

ԳՈԴՈ — (դարձյալ  ցածրաձայն): Այն կողմից․․․ Մեր ետևից։ Ոմն մեկն է։ Արդեն հինգ վայրկյան կանգնել, մեզ է լսում։

ԲԵԿԿԵՏ — (մի կում էլ է անում, ծխուկը վերադարձնում): Ուշադրություն մի դարձրու։

ԳՈԴՈ — Ուզո՞ւմ ես՝ գրողի ծոցն ուղարկեմ։

ԲԵԿԿԵՏ — Կարիք չկա։

ԳՈԴՈ — Գնամ, գլուխը ջարդեմ։ Մեկ-երկու՝ ու վերջ։ Ասա՛, ուզում ես։

ԲԵԿԿԵՏ — Տեղդ հանգիստ մնա։

ԳՈԴՈ — Ուզում եմ քեզ համար ինչ-որ բան անել։ Չեմ կարողանում քեզ այդպես ընկճված տեսնել։ Մի հարվածով գետնին կփռեմ, խելքը գլուխը կգա։

ԲԵԿԿԵՏ — Ինչո՞ւ ես ուզում ծեծել։ Նա էլ է մարդկային էակ։ Չե՞ս տեսնում,  փողոցները որքան ամայի են։ Զարմանալի է, որ որևէ մեկը փողոցում դեռ մնացել է։

ԳՈԴՈ — Ես էլ անմիջապես զգացի, որ տնանկ է։

ԲԵԿԿԵՏ — Այստեղ գալու համար պուրակի միջով անցա։ Քո կարծիքով քանի՞ հոգի էին զբոսնում։

ԳՈԴՈ — Քանի՞։

ԲԵԿԿԵՏ — Երեք։

ԳՈԴՈ — (ծխելով, տխուր): Ուզում էի երեք ասել, բայց որոշեցի լռել։

ԲԵԿԿԵՏ — Երկու ժամ առաջ էլ բացօթյա տաղավար՝ գարեջուր խմելու գնացի։ Քո կարծիքով քանի՞ հաճախորդ կար։

ԳՈԴՈ — Քանի՞։

ԲԵԿԿԵՏ — Երեք։

ԳՈԴՈ- Գրողի ծոցը գնան բոլորն էլ։ Ուզում էի երեք ասել, բայց չգիտեմ ինչու նախընտրեցի  լռել։

ԲԵԿԿԵՏ — Փորձե՞լ ես ուղևորատար նստել։ Որ նստես, վերջնականապես կգժվես։ Ես այստեղ  ուղևորատարով եկա։ Քո կարծիքով ներսում քանի՞ հոգի կար։

ԳՈԴՈ — (հաղթական): Երեք։

ԲԵԿԿԵՏ — Միայն ես էի ու վարորդը։

ԳՈԴՈ — Պարզ է, ամեն ինչ արժեզրկվում է։

ԲԵԿԿԵՏ — Պատկերացնո՞ւմ ես՝ վարորդը խուլ էր, երբ հարցրի, թե որտե՞ղ պիտի իջնեմ, ուսերը թոթվեց։

ԳՈԴՈ — Վայրենիներ։ Հեչ տնից դուրս գալու ժամանակներ չեն։ Լավագույն միջոցը մեկուսանալն ու մտքերով տարվելն է։

ԲԵԿԿԵՏ — Փողոցի մյուս կողմը նայիր։ Բոլոր պատուհանները փակված, վարագույրներն իջեցված են։

ԳՈԴՈ — Ահա՛, մեկն էլ է գալիս։

ԲԵԿԿԵՏ — Ո՞վ է։

ԳՈԴՈ — (շշնջալով): Ոմն մեկը։ Կանգնել է մեր ետևում, մեզ է լսում։

ԲԵԿԿԵՏ — Թքած։

ԳՈԴՈ — Ուրախ եմ, որ դու հետզհետե բորբոքվում ես։ Եթե ուզում ես, հենց հիմա գնամ ու․․․

ԲԵԿԿԵՏ — Ո՛չ, ո՛չ․․․ Ավելի լավ է ծխուկդ կպցրու։

ԳՈԴՈ — Միակ բանը, որից  ես վախենում․․․ այո՛, ամենից շատ եմ  վախենում․․․ (Բառն է փնտրում:) Հասկանո՞ւմ ես, չիմանալն է, թե վաղը ո՞ւր եմ գնալու։

ԲԵԿԿԵՏ — Ինչպե՞ս թե։

ԳՈԴՈ — (փոքր-ինչ ավելի երկար ծխուկ է գտնում): Ուզում եմ ասել՝ թատրոն։ Գրազ կգամ՝ այս  մեկն էլ է փակվելու։

ԲԵԿԿԵՏ — Լսել եմ, որ ուզում են կաղամբի թթվի տակառների մթերանոց դարձնել։

ԳՈԴՈ — Արդեն թթվող կաղամբի հոտ գալիս է։

ԲԵԿԿԵՏ — Այդ հոտը ոչ թե թթված կաղամբից, կոյուղուց է գալիս: (Կռանում, ականջը հպում է մայթին:) Գետնի տակ ինչ-որ բան շարժվում է։ Լսո՞ւմ ես, որ գետնի տակ ինչ-որ բան է շարժվում։

ԳՈԴՈ — Իմ կարծիքով դադարեց։ Քեզ թվո՞ւմ է, որ դեռ շարժվում է ։

ԲԵԿԿԵՏ — Շարժվում է,  բայց շատ դանդաղ։

ԳՈԴՈ — Հաճախ, երբ առավոտները զարթնում եմ, տպավորություն եմ ունենում, որ գլխիցս մի բան դուրս է պրծնում, առաստաղին դիպչելով՝ փշրվում։ Կարծո՞ւմ ես, որ նման բան հնարավոր է։

ԲԵԿԿԵՏ — Մի քանի տարի առաջ քիչ էր մնացել իմ ինքնաշարժով հետիոտնի  ճզմեի։  Վերջին պահին արգելակելուց հետո նույնն զգացի։

ԳՈԴՈ — Դա ի՞նչ կարող է լինել։

ԲԵԿԿԵՏ — Չգիտեմ։ Գուցե ոչինչ էլ չէ։

ԳՈԴՈ — Ծերուկ, մի բան պիտի ասեմ․․․ Ես քեզ ավելի ու ավելի եմ համակրում։

ԲԵԿԿԵՏ — Ինքս էլ քեզ մի բան պիտի ասեմ․․․ Այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել, ցավում եմ․․․ Եթե ուզում ես, ինչպես ասում էիր, ներկայացման վերջում կարող ես բեմ մտնել։

ԳՈԴՈ — Ի՞նչ իմաստ ունի։ Թատրոնը մեռած է։

ԲԵԿԿԵՏ — Մեռնել-չմեռնելը կարևոր չէ։ Ես ուզում եմ, որ ներկայացման վերջում հայտնվես։ Տո՛ւր թղթերը։

ԳՈԴՈ — Դատարկ բան։ Կարևորը ողջ լինելն է։

ԲԵԿԿԵՏ — Ո՛չ, ո՛չ, ես ուզում եմ ինչ որ բան ավելացնել․․․ (Թղթատում է էջերը:) Որտե՞ղ է վերջին մասը։

ԳՈԴՈ — Ծերուկ, քո ասածները վերջի հետ կապ չունեն։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել․․․ Մի լիտր գինի ունեմ։

ԲԵԿԿԵՏ — Դա՞ էլ ես  աղբամանում գտել։

Այս ընթացքում անցորդները մոտենում, կանգ են առնում, երկուսի խոսակցությունը լսում։Վերջում նրանց շուրջը կիսաշրջան է գոյանում։

ԳՈԴՈ — Կարևոր չէ՝ որտեղից, կարևորը լինելն է։ Ու այն, որ իմ ձեռքերում է։ (Հանում է բաճկոնի գրպանից:) Ինչի՞ համար ենք խմում։

ԲԵԿԿԵՏ — Խմում ենք ու՝ վերջ։ Պարզապես խմում ենք։

ԳՈԴՈ — Ո՛չ, հենց  այնպես խմելը ճիշտ չէ։ Այս  աշխարհում չի կարելի հենց այնպես խմել։ Եթե հենց այնպես ես խմում, վատնում ես խմիչքը։ (Բարձրացնում է շիշը:) Հանուն թատրոնի։ Որը հենց նոր մահացավ։

ԲԵԿԿԵՏ — Գրողի ծոցը գնա թատրոնը․․․ (Վերցնում է շիշը, խմում:) Որքա՜ն էի սիրում․․․

ԳՈԴՈ — Սրիկաներ․․․ Ստորներ․․․ Սպանել արվեստը․․․ (Խմում է։  Ներքին զեղումով, շփոթահար:) Կարո՞ղ եմ քեզ համբուրել։

ԲԵԿԿԵՏ — (մեղմացած): Այժմ, այս վերջին տարիներին սովորություն էի դարձրել  սպրդնել դահլիճի  խորքը, կիսախավարում  թաքնվել․․․ Հետամտել․․․ Օ՜, որքան էի սիրում մի քիմեռի․․․

Համբուրվում են։

ԳՈԴՈ — (գլուխը ԲԵԿԿԵՏԻ ուսին հենած): Ի՞նչ ենք մենք հիմա անելու։ Ամեն ինչ վերջացավ․․․ Մայթը․․․ Առնետների պես սատկելու ենք․․․

ԲԵԿԿԵՏ — Վերջ տուր, չենք սատկի։

ԳՈԴՈ — (լացակումած): Ես չեմ կարողանա առանց թատրոնի ապրել․․․ Այստեղ երկար չեմ դիմանա․․․ Ամեն երեկո դահլիճում, հանդիսատեսների հետ էի, ես ապրում․․․ անասունի պես տառապում, բայց ապրում էի․․․ ապրում էի ամեն ինչի․․․ ամեն բառի մեջ․․․ Ինչպե՞ս  կարողացան այդ ամենը վերացնել, մարդկանց փողոց շպրտել։ Ինչի՞ եմ նմանվելու ես հիմա։

ԲԵԿԿԵՏ — (շփոթված շուրջն է  նայում, շշնջում): Լեզուդ քեզ քաշիր, չե՞ս տեսնում, բոլորը ծիծաղում են։

ԳՈԴՈ — Ի՞նչ, ի՞նչ։

ԲԵԿԿԵՏ — (շշնջալով): Ուրեմն չե՞ս տեսնում, մեզ ուզում են գրողի ծոցը ուղարկել, տե՛ս, որքան շատ  են։

ԳՈԴՈ — (շշնջալով): Որտեղի՞ց հայտնվեցին, ի՞նչ են ուզում։

ԲԵԿԿԵՏ — Չգիտեմ, էականն այն է, որ հիմա այստեղ են։

ԳՈԴՈ — Եթե դեմ չես,  հենց հիմա վեր կկենամ ու․․․

ԲԵԿԿԵՏ — Ո՛չ․․․ ո՛չ․․․ Խոսենք․․․ Էլի խոսենք․․․ Նույն կերպ շարունակենք։

ԳՈԴՈ — (զարմացած, վրդովված): Ինքս էլ չգիտեմ, թե որտեղից հայտնվեցին։ Փողոցն ամայի էր։ Ամայի էր հենց նոր։ Ամայի փողոցում ինչպե՞ս կարող է այսպիսի բազմություն հավաքվել։

ԲԵԿԿԵՏ — Նրանք կարող են։ Նրանց համար ամեն ինչ հնարավոր է։ Օրեր կան, որ հնարավոր է։

ԳՈԴՈ — Նայի՛ր, սկսեցին նստոտել։ Կարծում եմ, որ պիտի փախչենք։

ԲԵԿԿԵՏ — Ինչո՞ւ փախչենք։ Խոսենք։

ԳՈԴՈ — Հետո շատ ուշ կլինի։ Նրանք մեզ խեղդամահ կանեն։

ԲԵԿԿԵՏ — Դե՛, չէ, չէ․․․ Խոսենք․․․

ԳՈԴՈ — Ինչի՞ մասին խոսենք, ինչո՞ւ խոսենք։

ԲԵԿԿԵՏ — Խոսե՛նք, ամենակարևորը խոսելն է։ Խոսենք ամեն ինչի մասին։

ԳՈԴՈ — (ահաբեկված նայում է իրենց շուրջը խմբված մարդկանց, որոնք նստոտել են փողոցում): Աստված իմ, ի՞նչ եմ խոսելու։

ԲԵԿԿԵՏ — Հարցրու ինձ՝ դեմքս ջնջխե՞լ են․․․ Այդ ընթացքում կհանեմ կոշիկս ու ուշադիր կնայեմ։ Հետո կհարցնես, թե ինչ եմ անում այստեղ։

ԲԵԿԿԵՏԸ հանում է կոշիկը։

ԳՈԴՈ — (վճռական ձայնով): Ի՞նչ ես անում այստեղ։

ԲԵԿԿԵՏ — Կոշիկս եմ հանում։ Քեզ հետ երբևէ պատահե՞լ է։

                                                            ՎԵՐՋ

Թարգմանությունը ֆրանսերեն բնագրից՝ Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆԻ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։