Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ / ԻՄ ՍԻՐԵԼԻ

(ըստ Նուբար Ջանոյանի «Քասիմի գուլպաները» պատմվածքի)

Գործող անձինք`
ՏՂԱՄԱՐԴ
ՏԻԿՆԻԿ
ՃԱՄՊՐՈՒԿ

Տղամարդը ներս է մտնում, ձեռքի ճամպրուկը դնում է հատակին:
ՏՂԱՄԱՐԴ — (կասկածով): Որքան հիշում եմ, իմ ճամպրուկը մոխրագույն էր: (Ուշադիր տնտղում է ճամպրուկը:) Ոչ: Թե՞ կապույտ էր: Սա կապույտ է: Ախ, որ ասում էի` քիչ խմի` չէիր լսում: Ամեն անգամ մի պատմության մեջ ես ընկնում, բայց չես խրատվում: Հիմա էլ ճամպրուկի գույնն է ուրիշ: Եթե միայն գույնը լիներ… Բայց ի՞նչ եմ նստել ու մտածում եմ` կապո՞ւյտ էր, թե՞ մոխրագույն, ավելի լավ է` ճամպրուկը բացեմ: Անմիջապես կհասկանամ` ճամպրուկն ի՞մն է, թե՞ իմը չէ: (Բացում է ճամպրուկը:) Հետաքրքիր կլինի, եթե իմը չլինի: Հապա ո՞ւմը պիտի լինի… է՜… բայց… բայց իմը չէ: (Հերթով հանում է կանացի ներքնա­զգեստներ:) Կարծում եմ, սա (թափահարելով կրծկալը) չեմ հագնում: Թեև եղել է ժամանակ, որ մտածել եմ, թե ինչ կլիներ, եթե հագնեի: (Փորձում է իր վրա:) Քիչ է մնում` կասկածեմ: Լավ, ի՞նչ անեմ: Գուցե զանգեմ ու պահանջեմ իմ ճամպրո՞ւկը: Պահանջեմ, բայց ումի՞ց: Չէ: Երևի պիտի գնամ օդակայան: Օ՜ֆ… Այո: Հյուրանոցի հերթապահին խնդրեմ, թող գնա ճամպրուկիս ետևից: Նրան կվճարեմ, հարկ էլ չի լինի, որ ինքս գնամ օդակայան: (Զանգում է:) Ալո… Այո, 251 համարից է: Այո, այո… ոչ, ի՞նչ եք ասում, շատ գոհ եմ և անչափ շնորհակալ: Ձեր հյուրանոցը հյուրընկալ է, համարը` հարմար և ճաշակով կահավորված: Բայց ես այլ հարցով եմ ձեզ անհանգստացնում… ցանկանում եմ ձեզ խնդրել… հասկանո՞ւմ եք, այնպես է պատահել, որ իմ ճամպրուկի փոխարեն օդակայանում վերցրել եմ ուրիշի ճամպրուկը… Այն կապույտ է, մինչդեռ պետք է մոխրագույն լիներ… Չէ, ի՞նչ եք ասում, ես հիվանդ չեմ, իսկապես կապույտ է: Մի խոսքով, ես ուզում եմ, որ գնաք և բերեք իմ ճամպրուկը: Այո: Այո: Ճիշտ հասկացաք: Դե, իհարկե, կվճարեմ հավելյալ ծառայության համար: (Դնում է լսափողը: Ճամպրուկից հանում է կանացի զգեստն ու փռում սեղանին: Այն հսկայական չափսերի է:) Տեսնես ինչպիսի՞ն է կինը, որ հագնում է այս զգեստը: Ավելի պարկի է նման, քան զգեստի: Օհ, օհ, օհ… (Պահում է իր վրա, փաթաթվում զգեստի մեջ, ապա հագնում է:) Հա-հա-հա… իսկը` պարկն ընկած մուկ: Երբեք չեմ մտածել, որ կհագնեմ այս չափսի հագուստ, այն էլ` կանացի: (Հանում է զգեստը: Ճամպրուկից հանում է ներքնաշորերը, հերթով նայում, ապա հագնում: Կրծկալը հագնում է գլխին ու հռհռում է:) Հա-հա-հա… Սա գլխարկ է: (Զանգում է ձեռքի հեռախոսը: Դժգոհ:) Օ, Քեթթի, դո՞ւ ես: Այո, այո, բարեհաջող… Տեղ եմ հասել, տեղավորվել… Հան­գստանում եմ: Ի՞նչ… Չէ, ի՞նչ ես ասում, չես խանգարում, բայց ես քեզ կզանգեմ: (Անջատելով հեռախոսը:) Միայն տեսնեիր, թե ի՞նչ կա գլխիս: (Չափում է ներքնաշորը:) Քեթթին այնքան բարալիկ է: Սա Քեթթիին չի լինի: (Հագնում է: Երգում է:) Քեթթի, Քեթթի, դու բարալիկ, բարալիկ, բայց այս հագուստի տերը բավականին լավն է: Լավը: Վատ չէր լինի եթե… իսկ սա` միայն Քեթթիի գլխին կլինի: (Դուռը թակում են: Հանկարծակիի եկած` վազում է մեկ` դռան կողմը, մեկ` ետ, փորձում է հանել կանացի շորերը:)
ՏՂԱՄԱՐԴ — Ով է:
ՁԱՅՆ — Մենք բարի լուր ենք հաղորդելու:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ… Մի՞թե կարողա­ցել եք մտնել հյուրանոց և ձեր բարի լուրը հաղորդելու համար անհանգստացնում եք ինձ, այն էլ` այս պահին: Հեռացեք անմիջապես: Անգամ հյուրանոցում հանգիստ չեն տալիս: (Զանգում է հերթապահին:) Ինչո՞ւ եք թույլ տվել, որ օտար մարդիկ մտնեն հյուրանոց: Ոչ… Հապա ովքե՞ր են: Չգիտե՞ք: Ոչ… Չեն թակում, գուցե գնացին: Ես նրանց ուղարկեցի` ուր հարկն է: Հիմա կնայեմ: (Մոտենում, բացում է դուռը: Փակում է:) Ոչ ոք չկա: Նրանք չկան:
Կրկին թակում են դուռը:
ՏՂԱՄԱՐԴ — Ո՞վ է… Կրկի՞ն բարի լուր… Ես բարի լուրի կարիք չունեմ, գնացեք գրողի… Բայց գուցե ճամպրուկս է: Ճամպրուկս գտնելը նույնպես բարի է:
ՁԱՅՆ — Հերթապահն է:
ՏՂԱՄԱՐԴ — Ախ, հա… երևի ճամպրուկս եք բերել:
ՁԱՅՆ — Ոչ: Զանգել եք, իբր ինչ-որ մարդիկ ձեզ անհանգստացնում են: Այստեղ ոչ ոք չկա: Իսկ ճամպրուկը դեռ չեն գտել:
ՏՂԱՄԱՐԴ — Այլևս հարկավոր չէ: Նրանք ինձ չեն անհանգստացնում, կարելի՞ է, որ դուք ևս չանհանգստացնեք: (Զննում է հագուստը, չգիտի` հանի՞, թե՞ դուռը բացի: Դուռը չի բացում, խոսում է փակ դռան ետևից:) Վերջ… Վերջ: Այստեղ հանգիստ չկա: Սա հյուրանոց չէ: Ես կբողոքեմ: Վերջ: Այսպես չի կարելի: Ես վերջնականապես ցնդել եմ: Կարծես հեռացան, հա՞, լավ… Կանացի նման չափսերն ինձ երբեք չեն հրապուրել, մինչդեռ հիմա տարվել եմ և անգամ Քեթթիի մասին մտածել չեմ ցանկանում: Հա, խոստացա զանգել Քեթթիին… Նա սպասում է: Բայց եթե զանգեմ, ի՞նչ պիտի ասեմ, որ սիրո՞ւմ եմ` չեմ սիրում, որ կարոտո՞ւմ եմ` չեմ կարոտում, թե՞ երազում եմ իր հետ անցկացվելիք գիշերվա մասին… ոչ, ոչ: Ես երազում եմ այս կնոջ հետ հանդիպման մասին: Հետաքրքիր է, դեռ երեկ չգիտեի, որ իմ հոգին սիրում է կամ, ավելի ճիշտ, կարող է սիրել նման չափսերի կնոջ: Իսկ այսօ՞ր…
Զանգում է սենյակի հեռախոսով:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք կարո՞ղ եք բերել…
ՁԱՅՆԸ խոսում է այնպես, որ հանդիսատեսը չհասկանա:
ՏՂԱՄԱՐԴ — Այո, այո, հյուրանոց… 251 համարը… Խնդրում եմ: Վերցրեք իմ պատվիրածն ու բերեք: Լավ է: Կեցցե քաղաքա­կրթությունը: Մի քանի րոպե` և պատվերդ ինքն իրեն կհայտնվի քեզ մոտ:
Դուռը թակում են:
ՏՂԱՄԱՐԴ — Ո՞վ է:
ՁԱՅՆ — Ձեր պատվերը: Առաքիչն է:
ՏՂԱՄԱՐԴ — Թողեք դռան ետևում:
ՁԱՅՆ — Ոչ, դուք պետք է ստորա­գրեք:
ՏՂԱՄԱՐԴ — Ախ հա, լավ, հիմա…
Տղամարդը հանում է հագուստի մի մասն ու կիսաբացում դուռը, ստորագրում է և ներս բերում հսկա տուփ: Դուռը փակում է: Առաքիչը չի երևում:
ՏՂԱՄԱՐԴ — Ուֆ… (Բացում է տուփը, դուրս է բերում փչովի տիկնիկ: Սկսում է փչել: Քիչ հետո նրա գրկում հայտնվում է հսկա տիկնիկ-կին: Հիացած նայելուց հետո վրայից հանում է կանացի ներքնաշորերը, հագցնում է տիկնիկին:) Իրական չէ, բայց ինչ-որ կերպ կկարողանամ հասկանալ, թե ում եմ սիրահարվել: Հոյակապ է… Չեմ էլ ցանկանում, որ գտնվեն իրերս: Ինձ թվում է` սրանք ևս իմն են:
Զանգում է բջջային հեռախոսը:
ՏՂԱՄԱՐԴ — Քեթթին է: Ի՞նչ պիտի ասեմ: Մի՞թե չի հասկանում, որ չեմ ուզում պատասխանել: Զանգում է… Տանը չեմ: Հեռախոսը չեմ վերցրել ինձ հետ ու չեմ պատասխանում: (Զանգն անընդհատ հնչում է:) Չէ, երևում է` պիտի պատասխանեմ… Լավ, լավ, արդեն տանն եմ: Գտնվել եմ: Հիմա կվերցնեմ: Ահա… Լսում եմ: Քեթթի, դո՞ւ ես, դե… լոգարանում էի… չէ, ի՞նչ ես ասում, ինչպե՞ս կարող եմ արհամարհել կամ մոռանալ: Ոչ, չգաս… Ես ինքս: Ինչո՞ւ պետք է այդքան ճանապարհ կտրես ու… (Մի կողմ:) Գաս մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում: Միևնույն է, պիտի գա՞ս… ի՞նչ ասեմ, կամքը քոնն է: Եթե քեզ սպասեի, ինքս կգայի…
Տիկնիկին նստեցնում է բազմոցին, ինքն էլ է նստում:
ՏՂԱՄԱՐԴ — Ախ, հա… բայց մենք ծանոթներ չենք, ես չգիտեմ քո անունը: Քեթթի, Քեթթի… Գիտե՞ս, Քեթթին այն աղջիկն է, այսինքն` իմ նախկին ընկերուհին է, ում սիրում էի: Մտածում էինք` իրար կհասկանանք ու կամուսնանանք: Բարի ու նուրբ աղջիկ է, երբեք չի խանգարել, չի քննարկել իմ որոշումները, գնացել եմ գործուղումների, ահա, եկել եմ առանց նրան ու գտել եմ քեզ: Քո անունը… Դու արդեն իրական դարձար, իսկ ի՞նչ կլինի, եթե Քեթթին գա ու տեսնի: Չէի մտածել… Կխանդի՞: Բայց դե… մենք դեռ չենք ծանոթացել: Դե, իհարկե, բայց Քեթթին հո չգիտի՞: Նա կտեսնի իմ բազմոցին փռված կնոջն ու… ուրիշ ի՞նչ պիտի մտածի: Նրան կասեմ` սա քո մտածածը չէ, իսկ նա կհավատա թե ոչ` իր գործն է: Չէ, սիրելիս… Անուն… Հիմա… Իսկ գուցե դո՞ւ ես խանդում: Չէի մտածել: Մենք դեռ չենք ծանոթացել: Բայց Քեթթին մինչ այն րոպեն էր, երբ դու չկայիր: Հասկանո՞ւմ ես: Դե… դու դեռ տուփի մեջ էիր: Քեթթին իմ անցյալն է, իսկ դու` իմ ներկան: Ներկան: Իսկ եթե նրան այլևս չգտնե՞մ, եթե նա չգա՞ իր իրերի ետևից: Ես ինչպե՞ս կունենամ այդ ներկան: Տխրեցի: Դեռ քեզ չունեցած` պիտի կորցնեմ: Ախ, հա, դու հիմա կմտածես` այս ի՞նչ ձանձրալի, անհետաքրքիր տղամարդ է, որ արագ ծանոթանալու փոխարեն ինչ-որ մտքերի ետևից է ընկել: Արամ: Վերջ, ես ծանոթացա, այժմ ձեր հերթն է: Նեֆրի… Գեղեցիկ է հնչում… ստացվեց, չէ՞, այնպես չէ՞: Մտքովս չէր անցնում, որ կարող եմ կանացի հնչեղ անուններ հորինել: Հարկավոր է սա նշել: Պարե՞նք, թե՞ խմենք:
Միացնում է երաժշտություն, սկսում է պարել տիկնիկի հետ:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք այնքան թեթև եք… ձեր չափսերի համեմատ: Նման եք փետուրի: Լավ էլ պարում եք: Հոգնեցի… Նստե՞նք: Հանգիստ տեղավորվիր: Զգա` ինչպես քո տանը: Ես էլ իմ տանը չեմ, սակայն ինձ զգում եմ` ինչպես իմ տանը: (Հանում է վերնաշապիկը:) Հոգնեցի, շոգ է: Վաղուց այսքան չէի պարել: (Հանում է գուլպաները: Հոտ է քաշում:) Ա… ըհը… ըհը… (Հազում է, զզվանքից փսխելու շարժումներ անում:) Այ քեզ գարշահոտ… Մի՞թե այսքան փնթի եմ: Դե, իհարկե, արդեն քանի օր է` գուլպաներս չեմ փոխել: Իսկ ինչպե՞ս փոխեի: Այս ճամպրուկում միայն նուրբ զուգագուլպաներ են, դրանք հո չէի հագնի: Հը՞, էհ… Ի՞նչ իմանամ, կրծկալը կհագնե՞ս, զուգագուլպաները` ո՞չ: Ի՞նչ, ինչ ասացի՞ր… Կներես, քեզ մոռացել էի: Թեև… գուցե դու էլ մի պահ ինձ մոռացար: Չէ՞ որ այս գարշահոտը դու էլ զգացիր: Ո՞վ է մեղավոր: Դու: Ինչո՞ւ տարար իմ ճամպրուկը: Ինչ է, չէի՞ր տեսնում, որ այն կապույտ չէ: Մոխրագույն է: Հասկացանք, ես ցրված ու փնթի եմ, իսկ դո՞ւ, չէ՞ որ դու կին ես, այն էլ` այսպիսի… Նրբաճաշակ: Լավ, մի նեղացի, քեզ չեմ մեղադրում, գուցե գնացել էիր ինչ-որ տեղ, իսկ ես վերցրի առանց նայելու, հարբած էի: Ներիր, լա՞վ… Հիմա կասես` այս տղամարդը նոր է ծանոթացել ու արդեն վիճում է: Այդպես մի մտածի, ես կռվարար չեմ, ուղղակի ցանկանում եմ բացատրել իրավիճակը: Դու գեղեցիկ, չափազանց նրբաճաշակ կին ես, իսկ ես այնքան ծույլ եմ, որ ծուլանում եմ գուլպաներս լվանալ կամ հիշել, թե ինչ գույն ունի իմ ճամպրուկը: Կարծում եմ` մենք ծանոթանում ենք: Իսկ Քեթթիին հիշեցի, որովհետև նա իմ նախկին ընկերուհին էր և միշտ բարկանում էր իմ փնթիության վրա, ահա, նայիր, եթե անգամ մուրճով չեն փափկում այս գուլպաները, ի՞նչ կարելի է մտածել այս տղամարդու մասին: Եվ, հետո, ես չեմ սիրում անհավատարմությունը: Դու էլ, չէ՞… Կարծում եմ` մենք նման ենք: Այդպես ճիշտ է: Եթե զույգերը միմյանց չեն սիրում, ավելի լավ է` հեռանան: Ես այդպես էլ կասեմ Քեթթիին ու նա ինձ կհասկանա, այնպես որ… մի անհանգստացի, ես պատվիրաններ չեմ խախտի, որքան հասկացա` դու անչափ հավատացյալ ես, այլապես ի՞նչ գործ ունեին այս Ավետարանները քո ճամպրուկում: Ի՞նչ… մի՞թե զբաղվում ես քարոզով… չէ, դու նրանցից չես, ովքեր տնե-տուն բարի լուր են հաղորդում: Դու ազնիվ քրիստոնյա ես: Ամուսնանալիս մենք խորանի առջև էլ երդում կտանք ու կհամբուրվենք: Կհամբուրվե՞նք… Չես էլ հիշեցնում, որ մենք դեռ չենք համբուրվել: Դրա համար էլ այդքան անտարբեր ես, մտածում ես` սա ի՞նչ տեսակ երիտասարդ է, որ քանի ժամ է` դատարկ խոսում է, խոսում ու ոչ մի քայլ չի անում, հիվա՞նդ է, ինչ է… Իսկ գուցե կասկածեցի՞ր իմ սեքսուալ հնարավորությունների կամ ուղղվածության վրա: Ոչ, ոչ, միայն ոչ` դա: Ամեն ինչ կարգին է: Քեզ շփոթության մեջ է գցել իմ հագուստը, մի մոռացի, որ այն քոնն է, ես փորձեցի, որ քեզ զգամ, տեսնեմ, հասկանամ և, վերջապես, հոգով միաձուլվեմ: Այսպես… Ուզո՞ւմ ես, կհանեմ բոլորը: Խնդրեմ: Քեզ լինի, քո… ահա, ահա, վերջ: (Հանում է կանացի զուգագուլպաները:) Հիմա, կարծում եմ, դու կհավատաս, որ ես տղամարդ եմ: Վերջ: Էլ չեմ ցանկանում, վերջ… դու ինչո՞ւ մտար իմ կյանք: Դու ինչո՞ւ, ինչո՞ւ… Ես ունեի իմ Քեթթիին ու ապրում էի, իսկ լավ, թե վատ… նա ինձ սիրում էր, իսկ դո՞ւ… ո՞վ ես դու, որ անգամ չես խոսում, չես արձագանքում… որտեղի՞ց հայտնվե-ցիր, այս ճամպրուկի՞ց… Իսկ այս ճամպրու՞կը… որտեղի՞ց հայտնվեց: Ախ, հա… Ինչո՞ւ հենց այս ճամպրուկը, կարող էր, չէ՞, մի այլ ճամպրուկ լինել, որի մեջ, ասենք, տղամարդու հագուստներ լինեին, կամ թե մի ուրիշ բան, ասենք… ես ի՞նչ գիտեմ, չգիտեմ: Մի բան, որն ինձ այսքան չհուզեր: Բայց սպասիր, ճամպրուկն ի՞նչ մեղավոր է, չէ՞ որ ասում են` ամեն ինչ փնտրիր քո ներսում: Է՞… չբացեիր, քեզ ո՞վ էր թույլ տվել բացել այդ կապույտ, ուրիշի, օտար մեկի ճամպրուկը: Չէ՞ որ դա նաև դեմ է վարվեցողության կանոններին: Ահա: Փնտրիր, և կգտնես: Ես չեմ տարբերում գույները, դու ի՞նչ մեղավոր ես: Ներիր, որ բղավեցի քեզ վրա: Ես չեմ տարբերում գույները: Տեսար` մոխրագույն չէ, տանեիր, հանձնեիր համապատասխան տեղում, ու վերջ: Վերջ: Դու մոխրագույնի տերն ես:
Դռան թակոց:
ՏՂԱՄԱՐԴ — Ո՞վ է:
ՁԱՅՆ — Ձեր ճամպրուկը, պարոն: Մի ծեր կին եկել է իր ճամպրուկի ետևից: Խնդրեց, որ իրենը իջեցնեմ իր մոտ:
ՏՂԱՄԱՐԴ — Հիմա, հիմա… (Հանում է ներքնաշորերն ու շրջազգեստը, տեղավորում ճամպրուկում, տալիս դռնից դուրս, վհատված փակում է դուռը, մոտենում օդը դուրս մղված և անօգնական ընկած տիկնիկին:) Իմ սիրելի Քեթթի:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։