Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ/ՔԱՐԱՆՁԱՎԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Պիես երկու գործողությամբ

Գործող անձինք

Մայր — Հասմիկ

Հայր – Գևորգ

Աննա — Աղջիկ

Լուսյա — Հարևանուհի

Դասընկեր — Արամ

Ուսուցչուհի

Թանգարանի ուղեկցորդուհի

Տղա՝ Արսեն

Թորգոմ — հայր-արքա

Թորգոմի տղաներ

Անայա — Թորգոմի աղջիկ

Քուրմ — Թորգոմա տան

Բել — Միջագետքի բռնակալ

Զինվորներ — տարբեր, երկու բանակների

Չարզու – Չարերի գրասենյակի տնօրեն

Տձև — Չարերի գրասենյակի աշխատակից

Տաքսու վարորդ

Աշակերտներ

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

Առավոտ։ Ժամանակակից կահավորված բնակարան: Մայրն ուշանում է աշխատանքից, հագուստը՝ գեղեցիկ, բաց գույնի պիջակ, կիսաշրջազգեստ, փոքրիկ պայուսակ: Արագ հագնվում է, պայուսակը դասավորում, շպարվում: Աղջիկը նույնպես հագնվում է։ Հագուստը՝ ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ, դպրոցական պայուսակ: Ամեն ինչ վազքով ու արագ է, միմյանց խանգարելով։

Աննա — Մա՛մ, ինձ էլ տար քեզ հետ:

Մայր — Չե՛մ հասցնի, ուշանո՛ւմ եմ:

Աննա  — Չե՛ս ուշանա: Ես… արա՛գ, հիմա պայուսակս վերցնեմ…

Մայր — Դու հայրիկիդ հետ կգնաս:

Աննա — Այսօր հերթապահ եմ, առաջինը պետք է դասարան հասնեմ: Միևնույն է ուշանում ես, երկու րոպե այս ու այն կողմ` ոչինչ չի փոխվի:

Մայր – Արագացրո՛ւ…

Մայրը քիչ դանդաղում է, նա որոշում է սպասել աղջկան:

Այդ ընթացքում նրանք հավաքվում են, սանրվում, լվացվում, թեյ խմում, պայուսակ ու գրքեր դասավորում: Հայելու դիմաց հագնվում են:

Մայր — Կարող էիր երեկոյան հավաքել գրքերդ:

Աննա — Վե՛րջ, վե՛րջ, վերջացրի:

Մայր — (հեռախոսով  տաքսի է պատվիրում): Այո՛, լա՛վ, շնորհակալություն, հիմա դուրս կգամ:

Աննան պայուսակն ուսին գցելով վազում է դեպի դուռը, իսկ մայրն արդեն բացել է դուռն ու դուրս է գալիս: Դռան դիմաց հայտնվում է հարևանուհին` բաժակը ձեռքին:

Մայր — Բարի լույս, տիկին Լուսյա:

Լուսյա — Բարի լույս, Հաս ջան, էս ո՞ւր ես գնում: Լավ էլ բռնացրել եմ, մի քանի գդալ սուրճ տուր, Հակոբս հեսա գործի կգնա, սուրճ չունեմ, երեկ խանութ էի գնացել, ամեն ինչ գնեցի, էլ՝ միս, էլ՝ հաց, էլ՝ լոլիկ ու վարունգ, էլ՝ կաղամբ, հա՝ ուզում էի դոլմա փաթաթեմ, դրա համար էդ ամեն ինչը առա, բադրիջանն էլ էնքան էժան էր, որ մի տասը կիլո վերցրի, ասի՝ կարո՞ղ ա հետն էլ՝ փակեմ, դե գիտես, ամառվա նուշ…

Մայր — Տիկին Լուսյա ջան, ուշանում եմ, շուկայի բոլոր մթերքների անունները մինչև թվարկես, ես կմնամ առանց աշխատանքի:

Լուսյա – Վա՜յ, քո ցա՛վը տանեմ, էլ չե՛մ խոսի, մենակ երկու գդալ սուրճ տուր` գնամ:

Մայր — Աննային ասա, կտա:

Մայրը դուրս է գալիս: Տիկին Լուսյան ներս է մտնում, սենյակի մեջտեղում հանդիպում աղջկա դժգոհ հայացքին:

Աննա – Հիմա՛, հիմա՛… (Դժգոհելով, բայց պատրաստակամ վերցնում է բաժակը, ապա վազում է խոհանոց, սուրճի տարայից մի քանի գդալ լցնում Տիկին Լուսյայի ձեռքի բաժակի մեջ:)

Լուսյա — Այ, շա՜տ ապրես, աղջիկ ջան, թե չէ՝ երեկ շուկա էի գնացել, լոլիկ առա, բադրիջան առա, կանաչեղեն ու միս էլ առա, ծանր-ծանր կրեցի տուն… Առավոտ վեր կացա, որ սուրճ եփեմ, տեսնեմ` չկա:

Աննա – Գնացի՛նք, գնացի՛նք, տիկին Լուսյա ջան, ուշանում եմ, հիմա մաման կնստի տաքսին ու մենակ կգնա:

Աննան տիկին Լուսյային գրկելով ու գրեթե հրելով դուրս է հանում բնակարանից ու փակում դուռը:

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

Տաքսի մեքենայում է: Տեսարանը կարող է լինել էկրանի վրա:

Վարորդ — Գնացի՞նք: Գնացի՛նք: Գեղեցիկ առավոտ է: Ես սիրում եմ առավոտյան վարել:

Մեքենան շարժվում է մայրուղով, որի պատուհանից երևում է Արարատ լեռը:

Մայր — Ի~նչ գեղեցիկ է, հիասքա՜նչ է: Հրա՛շք: Ինչքան նայում եմ՝ չեմ հագենում: Ասես հոգուս լույսը լինի: Ես ամեն առավոտ բարևում եմ նրան, ինչպես իմ հարազատին: Նա ինձ լսում է ու պատասխանում:

Վարորդ (հեգնախառն ժպտում է): Սահմանից այն կողմ, օտար երկրում ապրող հարազատ: Հայրենիքը լքած հայի է նման: Տեսնում ենք հեռվից, հիանում ենք հեռվից: Խոսում ենք հեռվից:

Անսպասելի, միանգամից, աղջկան հոգի է միանում Անայայի հոգին: Աննան ցնցվում է, ընդունում իր մեջ հայտնված հոգուն, կատարվում է այնպես, որ գլխի էլ չի ընկնում կատարված փոփոխությունը: Եթե էկրանի վրա է՝ դա ցույց է տրվում թեթև հոգու միացմամբ, իսկ եթե բեմում է՝ Անայան կարող է գալ ու նստել Աննայի կողքին ու զրուցել, այսինքն՝ միանգամից երկու կերպար:

Աննա-Անայա — Զարմանում եմ: Դարեր շարունակ այն սահմանի այն կողմում չէր…

Մայրն ու վարորդը ծիծաղում են:

Վարորդ — Այդ դարերը վաղուց են փոխվել, ձեր դպրոցում դրա մասին չե՞ն սովորեցնում:

Աննա-Անայա — Ինչո՞ւ եք ծիծաղում: Ճի՛շտ եմ ասում, դեռ երեկ այն մեր թագավորության սահմանում էր: Իմ հայրակա՛ն սեփականությունն է: Ճի՛շտ է, այսքան բարձր չէր, հիմա ասես ավելի է բարձրացել ու նաև տեղափոխվել է… Չեմ հասկանում… (Խոսում է համոզված, հանգիստ:)

Վարորդ — Մի փոքր այս կողմ, մի փոքր այն կողմ, ի՞նչ տարբերություն, էլի՝ մե՛րն է, մեր հայրերի ժառանգությունը, և միշտ մե՛րը կլինի: Եվ վե՛րջ:

Աննա-Անայա – Ո՛չ, ես ճի՛շտ եմ: Այն մեր թագավորության կենտրոնո՛ւմ է: Նրանում պահվում են մեր գանձերը:

Մայրը լուռ, բայց անհանգիստ նայում է աղջկան: Նրա ժպիտը սառում ու չքանում է:

Վարորդ — Արարատը յուրաքանչյուր հայի սրտում է, մի անհանգստացեք: Հաջողություն քեզ, ես հավատում եմ, մի օր անպայման, այն լինելու է մեր թագավորության կենտրոնում:

Մայր – Լա՛վ, լա՛վ: Հավատում ենք: (Ինքն իրեն:) Շատ տարօրինակ է, հարկավոր է տանել բժշկի: Շատ է պարապում: Այդ դասերն այնքա՜ն շատ են՝ անգլերեն, մաթեմատիկա, երաժշտություն, ֆիզիկա… Տե՜ր Աստված…

Տաքսին մոտենում է դպրոցին: Աննան իջնում է: Անայան չկա: Աննային դիմավորում է ընկերը՝ Արամը, վերցնում է պայուսակը:

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

Արամ — Շփոթված ես… Ի՞նչ կա, նախնիներիդ հե՞տ ես վիճել:

Աննա – Չէ՛, ընդհակառակը` նախնիներիս եմ միացել…

Արամ — Ի՞նչ… չհասկացա… լավ կատակ էր:

Աննա — Կատակ չէր: Լո՛ւրջ էր…

Դասարանի են մտնում: Պատմության դաս է: Թեման` հնագույն հայոց պատմություն:

Ուսուցչուհի — Թորգոմա տուն, Հայոց երկրի անվանումն է ՝ ըստ Աստվածաշնչի և ըստ աստվածաշնչյան հնագույն մեկնությունների։ Թորգոմ անունն առաջին անգամ հիշատակվել է Ծննդոց գրքում՝ Նոյի որդու՝ Հաբեթի ազգաբանության մեջ:  Մովսես Խորենացու կազմած ազգացանկում Թորգոմը սերում է Հաբեթից (Հաբեթ-Գամեր-Թիրաս-Թորգոմ), իսկ Թորգոմից սերում է հայոց անվանադիր նախնի Հայկ Աղեղնավորը: Ուշագրավ է, որ Մովսես Խորենացին Հաբեթի տոհմի ճյուղագրությունը հանգեցնում է Արամին և Արա Գեղեցիկին՝ հենվելով իրեն հայտնի պատմության աղբյուրների վրա: Հայերիս ընկալման մեջ,  մեր երկիրը մեր տունն է, ու հենց այդպես էլ դարեր շարունակ կոչել ենք՝ Թորգոմա Տուն։ Թորգոմի մասին մեզ շատ տեղեկություններ չեն հասել։ Ըստ Խորենացու՝ Նոյի որդին Հաբեթն է, թոռը՝ Գամերը, ծոռը՝ Թիրասը, ծոռնորդին Թորգոմը Մեր անվանադիր Հայկը, ըստ Խորենացու, որդին էր Թորգոմի։ Իսկ Թորգոմը նույնպես անվանադիր է. «Հաբեթի նման՝ Թորգոմը ևս մեծագործ նահապետ, այսինքն ՝ ցեղի առաջնորդ էր, թագավոր, որի համար մեր ազգը կոչվում էր նաև Թորգոմյան ազգ, մեր երկիրը՝ Թորգոմա Տուն»: Ըստ որոշ հետազոտողների՝ Թորգոմա տունը խեթական արձանագրությունների Թեգարամա կամ Թագարամա երկրանունն է և ասորեստանյան արձանագրությունների Թիլ-Գարիմմու երկրանունը: Փավստոս Բյուզանդը ևս Թորգոմի որդիների տունը նույնացնում է Հայաստան աշխարհի հետ:

Աննայի դեմքն այլայլվում է: Անայայի հոգին կրկին միանում է աղջկան:

Աննա-Անայա — Այդպես չէ՛: Դուք ո՞վ եք… Ո՞վ է իրավունք տվել խոսելու… Նա իմ հայրն է: Նա մեր երկրի թագավորն է: Թորգոմ…

Ուսուցչուհի — Աննա… քեզ վա՞տ ես զգում, ի՞նչ պատահեց…

Դասարանում ծիծաղ է պոռթկում: Աննան խոսում է անհասկանալի լեզվով, զարմացած ու բարկացած նայում շուրջը:

Աննա-Անայա – Չյա… չյա… ես չիմ ուզյուլ ըմը գնի գլուշ: Ես չիմ ուզյուլ էլ լույժ հույզ դնել: Հայրի՛կ: Ես… չյա… չյա…

Աշակերտները մեկ ծիծաղում, մեկ զարմացած ու վախեցած լսում են:

Ուսուցչուհի – Գնա՛ տուն: Որևէ մեկը թող ուղեկցի նրան:

Արամ — Ես կուղեկցե՛մ: Գնա՛նք:

Արամն ու Աննան գնում են դեպի դուռը, Անայան նրանցից առաջ է անցնում ու դուրս գնում: Աննան էլի չի հասկանում՝ իր հետ ինչ պատահեց:

Աննա — Ինչո՞ւ ենք գնում… Ես լա՛վ եմ… Ի՞նչ է պատահել:

Ուսուցչուհի – Ոչի՛նչ, գնա, հանգստացիր, վաղը թանգարանում կհանդիպենք:

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ

Աննայի մայրը խոսում է հեռախոսով բժշկի հետ:

Մայր — Աղջիկս ինչ-որ բաներ է ասում, որը շատ տարօրինակ է հնչում:

Բժիշկ — Գուցե պատահական է:

Մայր – Ո՛չ: Շատ բնական ու համոզիչ է խոսում, և շատ իրական են թվում նրա պատմածները: Ասես ինքը ներկա է եղել դեպքերի, որոնք կատարվել են հեռու անցյալում, շատ դարեր առաջ:

Բժիշկ – Ուղղակի հոգնած է, տարեք հանգստանալու:

Այգում: Աննան ու Արամը քայլում են: Արամը փորձում է համբուրել աղջկան:

Աննա — Քեզ չե՛ս կորցնում:

Արամ — Իսկ ինչո՞ւ կորցնեմ, որ…

Աննա — Ստեցիր, որ ինձ հետ դուրս գաս: (Ծիծաղում է:)

Արամ — Այդ դու ստեցիր, գունատվել էիր, ուժեղ ցնցվում էիր, սկզբում վախեցա, բայց հետո մտածեցի, որ միասին քայլելու լավ առիթ է:

Աննա — Չե՛մ հիշում, երևի մի փոքր գլխապտույտ ունեցա…

Արամ — Բայց դու խոսում էիր մի լեզվով, որը անգլերեն չէր, ռուսերեն էլ չէր, անգամ գերմաներեն չէր… այսինքն՝ ինձ անծանոթ լեզու էր… Թեև, կարծես հայերեն էր հնչում…

Աննա – Հնարում ես, փչա՜ն, փչա՜ն, փչա՜ն… (Վազում է, ետ նայելով, որ Արամն իրեն հասնի-բռնի:) Ես ոչ մի ուրիշ լեզու չգիտե՜մ… միայն սիրո լեզուն գիտեմ, իսկ դա ֆրանսերե՜նն է…

Արամ — Ուրեմն դո՛ւ ես փչանը… բլբլում էիր… բլ… բլ… բլբլի՜կ… (Հասնում, գրկում է Աննային:)

ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Թանգարանում է: Աշակերտները խմբված են զբոսավարուհու շուրջը:

Զբոսավար — Թորգոմը հայերի, աղվանների, վրացիների նախահայրն է: Թորգոմի որդիներն են` Հայկը, Քարթլոսը, Աղվանոսը… Գիտնականները գտնում են, որ սեպագիր արձանագրություններում հիշատակված Թիլ-Գարիմու-Թեգարման նույնն է, ինչ Աստվածաշնչի Թոգարման և համապատասխանում է Մովսես Խորենացու Ազգ տանն Թորգոմային: Այսպիսով, վերին Եփրատի հովտի երկրները, սկսած հյուսիսում ընկած Հայասսայից մինչև հարավում ընկած Մելիտինեն, համատարած առընչվում են հայերի ցեղանուններին… Ցուցանմուշներին ձեռք տալ չի կարելի… Հայ ժողովրդի կազմավորումը սկզբնավորող ցեղերի նախնական բնակավայրը…

Աննան մոտենում է ցուցանմուշներին, մատի ծայրով հպվում է թագին: Ցնցվում է: Անայայի հոգին տեղավորվում է նրա ներսում՝ Անայան կանգնում է Աննայի թիկունքում:

Զբոսավար — Ցուցանմուշներին ձեռք տալ  չի՛ թույլատրվում, ես ձեզ զգուշացրել էի:

Հերթապահ  (մոտենալով): Հեռու կանգնեք: Ձեռք տալ չի կարելի:

Աննան ետ է քաշում ձեռքը, սակայն արդեն ուշ էր: Փոխակերպումը տեղի է ունեցել: Աննան հենվում է պատին և կամաց սահում ցած:

Զբոսավար — «Արանից հետո Քեկապոլ պարսից թագավորն ուղարկեց Փարշորոտ կոչեցյալ իր որդուն՝ հայոց և վրաց, և բոլոր Թորգոմյաններին ընդդեմ։ Իսկ Թորգոմյանները բոլորը ժողովեցան և դիմեցին Ատրպատական Հայոց և վրաց, ռանաց (աղվանների) և մովակաց, հիրաց և լեզգիների, յեգերաց և կովկասաց սոցա բոլորի հայրը մի էր՝ Թորգոմ: Թորգոմի որդվոց մեջ ութը հայտնի դարձան (իբրև) քաջ ու անվանի հսկաներ…

Աննան ընկնում է հատակին, բոլորը հավաքվում են նրա շուրջը:

Զբոսավար – Ի՞նչ պատահեց… արագ, ջուր բերեք: (Մոտենում է աղջկան:) Մի կողմ քաշվե՛ք, թողե՛ք՝ թող շնչի:

Հերթապահ — Ահա ջուրը…

Մթնեցում:

Լուսավորվում է բեմը՝ թագավորական պալատի բակ, որի սալահատակին ընկած է 21-րդ դարի հագուստներով աղջիկը: Նա վեր է կենում, թափ տալիս հագուստը, որը փոխվում է արքայադստեր հագուստի: Աշակերտների ու զբոսավարի փոխարեն Աննա-Անայայի շուրջը հավաքված են հին Թորգոմա տան բնակիչները:

ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ

Կանգնած են պալատականները, մեջտեղում նստած է թագավորը: Քիչ հեռու կանգնած են եղբայրները: Աննա-Անայան մոտենում է Թորգոմ թագավորին,  խոնարհվում, հայրը շոյում է աղջկա գլուխը, Աննա-Անայան հեռանում է բաց դռնով: Ներս է մտնում Բելն իր շքախմբով: Ծառաները նվերներով սկուտեղները դնում են Թորգոմ թագավորի ոտքերի մոտ:

Բել — Ողջույն եմ հղում մեծն Նոյի որդի Թորգոմին: Իմ զորագնդերը կանգնած են թագավորությանդ պարիսպների շուրջ, վրանել  և սպասում են քո պատասխանին և, իհարկե, իմ հրամանին: Եկել եմ բարեկամանալու առաջարկով: Եվ գիտեմ, որ իմաստուն արքան չի մերժի իմ խոսքը: Առաջարկում եմ բարեկամանալ առանց արյունահեղության: Թող քո թագավորությունը ենթարկվի իմ հզորությանն ու խոնարհվի հզորությանս առջև:

Թորգոմ — Չեմ կարծում, որ իմ զինվորներն ավելի թույլ են, քան քո զինվորները: Քիչ շտապում ես` հզոր Բել: Ինքդ էլ գիտես, որ երբեք գլուխ չեմ խոնարհի օտարի գահի առջև: Թե՞ փորձում ես, մտածում ես խոսքիդ ուժից, կամ հզոր, վեհագույն տեսքիցդ կվախենամ ու դարպասները կբացեմ զինվորներիդ առջև, որոնք մեկ վայրկյանում ավերակ կդարձնեն իմ որդիների օջախները: Կամ թե ծարավի եմ քո հետ բարեկամության և դու շտապում ես օգտվել պատեհ առիթից:

Բել — Մի՛ շտապիր մերժել առաջարկս: Ես եկել եմ բարեկամանալու առաջարկով:

Թորգոմ – Ի՞նչ բարեկամություն կարող եմ ունենալ` ոչ արյունակից ենք, ոչ էլ մեկ լեզու ունենք:

Բել — Կնության տուր ինձ քո դուստր Անայային: Տո՛ւր քո Անայային ինձ կնության և կվերանա մեր ցեղերի միջև եղած անջրպետը` լեզվի ու արյան: Մեր լեզուն մեկ կլինի և մեր արյունը կխառնվի:

Թորգոմ — Դուստրս արդեն հասած է, և ժամանակն է նրան կնության տալ, գիտեմ, որ նրան վայել է մեծ թագավորություն, վայել է թագուհի լինել: Բայց… Միջագետքի տիրակալ Բելից… չէի սպասում այդպիսի հանդուգն առաջարկ: Մեզ մոտ ու բարեկամ շատ հզոր ցեղապետեր ունենք, ովքեր կերազեն ստանալ իմ բարեկամությունը, բայց… որ այդ դո՛ւ կլինես… Չէի սպասում…Կմտածեմ: Եվ չեմ էլ ուզում քեզ ավելի չարացնել ու թշնամացնել, առանց այն էլ դու առիթ ես փնտրում երկիրս ավերելու: Ես կխոսեմ որդիներիս հետ, և Անայան գուցե ասի իր խոսքը, հետո միայն քեզ կպատասխանեմ: Մենք համաձայնության կգանք, հավատա: (Քիչ մտորելուց հետո, իբրև մտածում է:) Կարծում եմ, ես համաձայն եմ: Սակայն, չեմ շտապի, կլսեմ որդիներիս խոսքը ու նաև Անայային:

Բել — Սպասում եմ պատասխանիդ, մեծն և հզոր Թորգոմ արքա:

Հնչում են շեփորներ, Բելը դուրս է գալիս:

ՊԱՏԿԵՐ  ՅՈԹԵՐՈՐԴ

Անայան իր սենյակում անհանգիստ քայլում է այս ու այն կողմ: Ներս է մտնում Թորգոմ-հայր արքան:

Անայա-Աննա — Ես թշնամու հետ անկողին չե՛մ կիսի:

Թորգոմ — Լավ մտածի՛ր, աղջիկս, ժամանակ կա, մեր հարյենյաց խնդիրն է դրված: Երկիրը փրկելու միակ ճանապարհը քո ամուսնությունն է: Ես տկարացել եմ, երևի թե քիչ է մնացել ապրելու: Եղբայրդ փոքր է, մնացածն էլ խաղով են տարված: Ո՞վ պետք է կռվի Բելի դեմ: Բելի զորքը քանակով շատ է: Մտածելու ժամանակ էլ չկա: Կատարիր խնդրանքս, ամուսնացի՛ր: Բելի զորքը շրջապատել է տերությունն ու սպասում է իմ խոսքին, նրանք չեն հեռանա մինչև քեզ չտանեն իրենց հետ:

Անայա –Աննա – Հայրի՜կ, դու կառողջանա՛ս և դու էլ կկռվե՛ս:

Անայայի կողքին կանգնած Աննան չի համբերում, խառնվում է խոսակցությանը:

Աննա — Ի՞նչ, ամուսնանա՞լ, այդ ծերուկի հե՞տ, ա՜յդ էր պակաս:

Անայայի հետ կատարվել է նույն փոփոխությունը, ինչ Աննայի հետ:

ԱնայաԱննա — Մեր հեծելազորն ու նետաձիգները նույնպես կանգնած են պատրաստ, նրանք հզոր են ու կդիմագրավեն Բելի զորքին:

Թորգոմ – Չե՛մ կարող, ժամանակ չի տալիս: Հարկավոր է պատրաստվել: Թշնամին եթե իմանա, որ զորքի գլուխ կին է կանգնած, որ թագավորը հրաժարվել է իր տված խոսքից… ավելի կկատաղի և փրկության հույս էլ չի թողնի:

Անայա-Աննա — Չեմ կարծում, որ օտար արյանը խառնվելը փրկություն է… հայրիկ…

Թորգոմ — Հարկավոր է թագավորական գանձարանը թաքցնել սարի մեջ, աղջիկս: Հրաման տուր, հիմա դու ես իմ առաջնեկն ու զորքի առաջնորդը:

Աննա-Անայա — Սիրում եմ քեզ: Հայրի՜կ…

Թորգոմը դուրս է գալիս:

ՊԱՏԿԵՐ ՈՒԹԵՐՈՐԴ

Պալատի սենյակներից մեկում, մի քանի ճրագի լույսի տակ, նստած են Թորգոմի որդիները` Քարթլոսը, Աղվանոսը, Հայկը, նրանց հետ է նաև գլխավոր քուրմը: Ներս է մտնում Անայա-Աննան:

Անայա-Աննա — Հայկ, ես չեմ ամուսնանա թշնամու հետ: Այդ զառամյալ ծերուկի հետ, մի ոտքն այն աշխարհում ուզում է տասնհինգ տարեկան կի՞ն ունենալ: Ես կռվելու եմ Բելի դեմ: Ով իմ կողքին է` ի զե՜ն:

Հայկ — Տարօրինակ ես խոսում, քույր: Դու գունատ ու թույլ տեսք ունես, սակայն խոսում ես զինվորի նման: Գնա քրմերի մոտ, նրանք քեզ մի դեղ կտան: Իսկ ինչ վերաբերում է կռվին… ես համաձայն եմ մտքիդ հետ: Կողքիդ եմ: Մի՞թե կարծում էիր, որ քեզ մենակ կթողնեմ, այդ համաձայնությունն իմ սրտով էլ չէր: Զինվորներս քաջ են: Գիտես, նրանք ինձ որպես իրենց թագավոր են տեսնում:

Հայկը ոտքի է կանգնում, նրա հետ՝ բոլոր եղբայրները:

Միասին — Մենք էլ ենք պատրաստ:

Քուրմ — Դուք խախտում եք ձեր հոր խոստումն ու խնդրանքը: Այս աղջիկը հիվանդ է, բուժման կարիք ունի, դուք հետևում եք նրա մտքերի ընթացքի՞ն:

Քուրմը մոտենում է Անայային և պարզում ձեռքը համբույրի: Աննան, որ հետևում է Անայայի պահվածքին, ետ է հրում քուրմի ձեռքն ու պատասխանում:

Անայա-Աննա — Հայրենիքիս համար է: Հայրենիքս երբե՛ք չի կորցնի իր լեզուն: Մեր լեզուն մեր ազատության բանալին է: Իսկ ես սիրում եմ ազատություն: Հայկը պիտի հաղթի, որ հայրենիքս հարատևի: Ես ծերուկի հետ ամուսնանալու ցանկություն չունեմ:

Քուրմը մի քայլ է անում դեպի Անայան, սակայն ետ է դառնում ու բարկացած դուրս գալիս: Աննան գոհունակ ժպտում է:

Հայկ —  Դու հոգալով երկրի ու ժողովրդի ճակատագիրը՝ կկորցնես անձդ, սեփական երջանկությունդ, մենք պարտադրված կլինենք պատերազմելու:

Անայա-Աննա — Իսկ դու վախենո՞ւմ ես: Դարեր շարունակ, թեև շատ կորուստներով, սակայն երբեք հայ զինվորը վախկոտ չի եղել: Դու իմ եղբայրն ես:

Հայկ — Ի՞նչ դարեր:

Անայա-Աննա — Ոչինչ: Բանի տեղ մի դիր: Կարևորը հաղթանակն է: Ես ունեմ հայր թագավորի կարգադրությունը` գանձարանը փակել սարում: Հարկավոր է այդ կազմակերպել: Գնացինք:

Բոլորը դուրս են գալիս:

Տեսարանը միջանկյալ է: Բեմի մի կողմից դեպի մյուս կողմն է շարժվում սայլը, որի վրա լցված է գանձարանի պարունակությունը: Բեռները տանում են դեպի սարը, որի քարանձավում փակվելու են գանձերը: Հասնում են սարին լցնում քարանձավի մեջ ու մուտքը փակում քարերով: Պատկերը կարող է լինել էկրանի վրա:

Տեսարանը կրկին միջանկյալ է: Մեր օրերի թանգարանն է, որտեղ Աննան ուշքի է գալիս, նրան ջուր են տալիս, բարձրացնում: Աննայի վարսերի մեջ մնացել է օղակաձև արքայադստեր թագը: Արամն ուղեկցում է տուն:

ՊԱՏԿԵՐ ԻՆՆԵՐՈՐԴ

Կախարդական աշխարհ, որի բնակիչները չարեր են և ցանկանում են իշխել:

Չարզու – Լսե՞լ ես, ասում են՝ մի աղջիկ տեսնում է գանձերը: Այն գանձերը, որոնք մերն են եղել և մերը պիտի լինեն:  Եվ այդ գանձերը տեսնում է ինչ-որ մի աղջիկ, որն անգամ չի էլ հասկանում: Չէ՞ որ, ասում են, գանձերը կարող է գտնել միայն մաքուր հոգով պատանին:

Տձև — Ես չգիտեմ, դա լա՞վ է, թե՞ վատ է: Ասա՛, մեզ համար դա լա՞վ է, թե՞ վատ:

Չարզու — Դե այո՛, մտածում եմ, որ ինչ-որ բան լավ է: Սակայն…

Տձև – Ինչ-որ բա՞ն…Ի՞նչ…

Չարզու — Գանձերը տեսնվել են…

Տձև — Է՜…հետո ի՞նչ, իրենք տեսել են, իրենք հիացել, մենք իսկի դրանց փայլի փայլի հոտն էլ չենք առել…

Չարզու – Ինչպես միշտ, թե դու ե՞րբ ես խելք ունեցել, որ քեզ եմ հարցնում, մինչև մտածում ես՝ օրեր են անցնում:

Տձև – Իսկ օրեր անցնելը լա՞վ է, թե՞ վատ: Չէ՞ որ ասում են՝ կմեծանաս՝ կհասկանաս, իսկ երբ օրեր են անցնում՝ մեծանում ես:

Չարզու – Այո՛, այդպես է, բայց ոչ քեզ համար, ի տարբերություն շատերի, քեզ մոտ հակառակն է գործում:

Տձև – Հո՛ւ… (Բռունցքով հարձակվում է:)

Չարզու – Է՜յ, է՜յ… վերջ տուր: Գանձերը տեսնվել են, այսինքն՝ նրանք կան, նրանց տեղն իմացող կա և շուտով դուրս կբերեն այնտեղից: Իսկ եթե դուրս բերեն, ապա պարզ է՝ այն մերը կլինի:

Տձև – Հասկացա, մինչև ականջներիս ծայրը, հիմա հասկացա: Մենք կլինենք գանձերի տերը:

Չարզու – Շուտ մի ուրախացիր: Հարկավոր է ծրագիր մտածել: Այդ աղջիկն ո՞վ է, ի՞նչ է անում, ի՞նչ է սիրում:

Տձև – Շա՜տ պետքս է՝ իմանամ ի՞նչ է անում: Սիրում… պահ… էլ ո՞վ դիմանա՜… կարևորը գանձերն են:

Չարզու – Միշտ քո հիմարությամբ առաջինն ես: Նախ դու պետք է տանջվես, աշխատես, իսկ հետո կհասնես գանձերին: Հիմարին տես: Իսկ մինչ այդ, իմ ասածն օրենք է և դու կպարզես՝ ո՞վ է այդ աղջիկը:

Տձև – Պարզեմ… պարզից էլ պարզ է ՝ պարզելը … հինգ րոպեից… (Անհետանում է, մի քանի վայրկյանից հայտնվում: ) Պարզ է:

Չարզու — Անունդ պարզիկ պիտի դնեի, ո՞ւր գնացիր ու եկար:

Տձև – Պարզելու: Լավ, իմացա որ սովորական, դպրոց գնացող աղջիկ է, դասերից չի փախչում, վատ չի սովորում, ծնողներին լսում է և երազում է հոր հետ հնագույն մայրաքաղաք պեղելու մասին: Հոպա… հոպ… հոպպ… Իմ կարծիքով, հետաքրքիր չէ, բոլորովին: Միայն մի բան է հետաքրքիր, որ դա մեր գանձերի մայրաքաղաքն է: Եվ նա  միայն տեսնում է երազում, խոսում է դրանց մասին ու նրան ոչ ոք չի հավատում, բայց որոշել է… գտնել:

Չարզու – Հասկանալի է: Չէ, մի քիչ ապուշությունդ պակասեց: Հիմա հարկավոր է, այնպես անել, որ այդ աղջիկը մեզ էլ ցույց տա՝ ինչ ինքն այդքան դյուրությամբ տեսել է և դեռ կտեսնի:

Տձև — Դյու… դյու-ու… այդ ի՞նչ ասացիր, հը՞… ես նրանց հետ կգնամ:

Չարզու – Ասացի՝ վզիդ վրա դատարկ, տձև գունդ է գլխի փոխարեն: Այդ քո տեսքով նրանք քեզ իրենց մոտ էլ չեն թողնի: Կվախենան դեռ գործը չսկսած:

Տձև – Մի՞թե այդքան վախենալու եմ: Ի՞նչ է, անականջ ու առանց քիթ դատարկագլուխ երբեք չե՞ն տեսել:

Չարզու – Ե՛ս կգնամ: Դու կհետևես հեռվից: Հեռվից գեղեցիկ եմ, չէ՞:

Տձև(փռթկացնում է թաքուն): Հի՜… հի՜…

Չարզու – Աղջիկն ընտրյալ է: Նրա հոգու սերը մարդկանց ու հայրենիքի նկատմամբ անսահման է: Նա մաքուր է, անաղարտ:

Տձև — Անաղարտին աղտոտիր, և դու մաքուր ես:

Չարզու – Ընկերները դավաճանում են, կփորձեմ ընկերոջ միջոցով հասնել:

Տձև – Նոր բան չէիր կարող հնարել: Ծամծմված…

Չարզու – Լավ, դու գնա: Դու գոնե հիմար ես: Կծիծաղեն և վերջ:

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Տեսարանը միջանկյալ է: Աննան և Արամը դուրս են եկել թանգարանից, առանձնացել իրենց խմբից:

Աննա — Ես արդեն լավ եմ: Տուն գնալ չեմ ուզում:

Արամ – Բա՞…

Աննա – Գնանք մի տեղ, սրճենք, ուրախանանք: Կպարենք…

Արամ – Դու լավ չէիր:

Աննա — Գիտեմ, արդեն լավ եմ, գնացինք:

Ձեռքը տանում է գլխին, շոշափում թագը, մտածում, գլխից վերցնում է թագը և պահում պայուսակում:

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

Աթոռ, վրան «պպզած» է Աննան, խաղում է բջջային հեռախոսով:

Արսեն — Բա՛րև:

Աննա — …

Արսեն — Բա՜րև… չես լսու՞մ, թե՞ չես պատասխանում: Անունդ կասե՞ս:

Աննա – Աննա:

Արսեն — Ինչի՞ ես նստել, Ան, գնա՞նք…

Աննա – Ան չի, Աննա… ես աղջիկ եմ, տղա չեմ: Նստել եմ, որովհետև տխուր եմ:

Արսեն — Երևում է: Ինչո՞ւ ես տխուր:

Աննա — Բավակա՛ն է հարց տաս, խանգարում ես, գնա՛:

Արսեն — Խաղո՞ւմ ես: Ի՞նչ:

Աննա — Ասենք՝ ֆուտբոլ: Քեզ ի՞նչ, դրանից ի՞նչ կփոխվի:

Արսեն – Դե հեչ, Ան ջան, ոչինչ չի փոխվի, չեմ ուզում՝ տխրես:

Աննա – Ան-նա…Չէ, ոնց տեսնում եմ՝ դու հասկացողությունից շա՜տ հեռու ես, մաքրվի, չէ, վազն անցի, ցվրվի: Չէ՛, սպասիր… գոնե ծխելու ունե՞ս… մի լավություն կանես:

Տղան ծխախոտ է տալիս, հետո վառում է, հիացած նայելով աղջկան: Պարելով մոտենում է Արամը, ձեռքին՝ գինու բաժակներ:

Արամ – Աննա՜… էս էլ գինի՜ն… Ի՛, քո դեմքը ծանոթ է: Ֆեյսի նկար հո չե՞ս… (Ծիծաղում է:) Հա՛, կա՞ս…

Արսեն — Դեռ չէ, բայց կլինեմ:

Աննան իջնում է աթոռից, անջատելով հեռախոսը, քայլ է անում, որ գնա Արամի հետ, Արսենը բռնում է նրա դաստակը, ձգում դեպի իրեն:

Արսեն – Մի՛ գնա, մնա մոտս:

Աննա (քմծիծաղով փորձում է ազատել ձեռքը): Թո՛ղ…

Արամ – Ի՜… էս ո՞վ ես, արա… բաց թող հլը…

Արսեն – Քո ճամփով գնա:

Արամը ձգվում է, որ հարվածի Արսենին, Աննան չի թողնում:

Աննա —  Սպասի՛ր, թող ինքն էլ գա:

Արամ — Դու գիտես: Գնացինք:

Աննա — Բայց ես ձեզ խնդրե՞լ եմ, որ ինձ համար վիճեք: Ոչ մեկդ էլ ինձ հարկավոր չեք, կամ երկուսդ էլ եկեք, կամ երկուսդ էլ չքվեք:

Երաժշտություն: Երիտասարդները պարում են, մեղեդին փոխվում է դանդաղ- լիրիկականի: Արսենը պարում է Աննայի հետ:

Աննա — Քեզ չես կորցնում: Վաղը դաստակս կկապտի: Քո մատներից…

Արսեն – Ներիր… չզգացի, քո մոտիկությունն ինձ խելքահան է անում… Անընդհատ թվում է, որ ցանկանում ես փախչել… հեռանալ… մոտ ես ու մոտ չես… այդ պատճառով էլ ուժով պահելու ցանկությունն է գործում:

Աննա — Հանգիստ, դեռ այստեղ եմ…

Արսեն — Դե՜ռ… Որքա՜ն շատ է, դե՜ռ… Երևի թե անտարբերությունը չեն թաքցնում, որովհետև չեն մտածում թաքցնելու մասին… ավելի ցուցադրում են… սերը որքան էլ թաքցնես՝ երևում է, սերը լույս է, փայլում է ինքն իրենով, ես անտարբեր լինել չեմ կարող…

Աննա — Այդ երբվանի՞ց, մի քանի րոպեում սե՞ր… շուտ  չի՞…

Արսեն — Այդ դու ես այդպես կարծում…

Արամ – Բավական է, ինչքան պարեցիր, փսլնքոտ… Չհասկացա՞ր, աղջիկը քեզ չի ուզում, քո ատամի համար չի:

Արսեն – Ի՞նչ…

Արամ – Ինչ-որ լսեցիր:

Արսեն – Լսեցի՞… հիմա էլ դու լսի… բայց այսպես…

Արամը հարվածում է Արսենին. ծեծկռտուք: Զանգում է Աննայի հեռախոսը, նա մի կողմ է քաշվում: Մյուս պարողները տղաներին բաժանում են:

Աննա – Ալլո՜… մա՞մ… գալիս եմ… հասկացա… գալի՜ս եմ….

Աննան քայլ է անում, որ դուրս գա, ցնցվում է, ընկնում:

Տեսարանը փոխվում է. հին թագավորության բակում վիճում են երկու երիտասարդներ, ձեռնամարտ է ու ըմբշամարտ, Անայան միկ կերպ նրանց բաժանում է ու գնում է սենյակի կողմը: Աննան ուշքի է գալիս, տղաներն օգնում են, որ բարձրանա և հեռանում են միասին:

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

Աննան մոտենում է իր բնակարանի դռանը և կանգնում: Նրա հայրն ու մայրը զրուցում են՝ Աննան դռան այս կողմում ականջ է դնում նրանց խոսակցությանը:

Մայր — Գևո՛րգ, տոմսերը վերցրի՞ր: Խոսում են նոր թանկացումների մասին: Չգիտեմ, ճի՞շտ է, թե՞ չափազանցնում են:  Մարդիկ մի կերպ, ծայրը ծայրին են հասցնում, մի տեղ եթե ավելացնում են, մյուս կողմից անպայման տանում են… խե՜ղճ թոշակառուներ… խե՜ղճ ժողովուրդ…

Գևորգ — Լավ էլ գիտես, որ մեր երկրում մարդու մասին չեն մտածում: Որքան շուտ հեռանանք, այնքան լավ… Մեր երեխաների ապագան ապահով կլինի: Չնայած… իմ կարծիքով… համոզված չեմ…

Մայր – Ինչո՞ւմ…

Գևորգ — Ո՞րն է ճիշտ, արդյո՞ք ճիշտ եմ, բայց այդ էր պակաս, որ իմ որդին ծառայի սրանց համար…

Մայր – Հո տոմսերը չե՞ն թանկացել… Վերցրի՞ր…

Գևորգ — Հասցրեցինք… Մի երկու օրից կգնանք, հետո՝ ինչ ուզում են, թո՛ղ անեն:

Մայր – Մի կյանք ենք ապրում, այն էլ հարամ են անում: Երեխա ենք բերել, չենք կարողանում կարգին պահել… Ես այլևս չեմ կարող…

Գևորգ — Լավ, չափազանցնում ես: Մենք վատ չենք ապրում: Որ մտածում եմ… բա ուրիշները ո՞նց են դիմանում: Ի՞նչ է, բոլորն ունե՞ն… շատերն օրվա հացի կարոտ են, բայց մնում ու ապրում են:

Մայր – Չե՛մ ուզում, ես չե՛մ ուզում… Մի զանգելն ի՞նչ է, մի զանգ չեն կարողանում տալ… Երկուսն էլ հեռախոս ունեն, որ չունենան՝ հում–հում կուտեն… բայց զանգել չեն կարող: Գնում են ու մոռանում տան մասին: Գիշերվա ո՞ր ժամն է, որ դու դեռ տուն չես եկել… հեռախոսս ո՞ւր է… ի՞նչ եղավ… (Փնտրում է հեռախոսը:)

Գևորգ — Ուր պատահի՝ թողնում ես… գնացի քնելու…

Մայր – Գնա՛…

Աննա(ներս մտնելով): Ես տանն եմ արդեն:

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

Առավոտ, Աննայի ննջասենյակը:

Աննա – Մա՜մ… մա՜մ ….

Մայր – Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել… Փոխարեն սսկվես, որ հայրդ չիմանա, թե ո՞ր ժամին ես տուն եկել, գոռում ես… Ո՞ւր էիր… Էս անտեր քաղաքում, չե՞մ ասել, շուտ տուն եկեք… ե՞րբ պիտի գնանք, պրծնենք…

Աննա – Ո՞վ ա կոմպիս մեջ մտել… հը՞…

Մայր – Ինձ քո կոմպը հազար տարի հետաքրքիր չի, ո՛չ հասկանում եմ, ո՛չ էլ մտնեմ… Եղբորդ գործերը կլինեն… Ոչ մեկդ մի բան չեք… Էն էլ գլուխը մտցրել է, թե՝ ուզում եմ ամուսնանալ: Վաղը, մյուս օր ճանապարհ ենք գնալու, տուն-տեղ թողած տեղափոխվելու ենք, սա  ամուսնանալու մասին է մտածում, ո՞վ է կարոտել տասնութ տարեկան, առանց աշխատանքի հիմարին…

Ներս է մտնում Տիգրանը:

Տիգրան – Վաճառվում է… բնակարան… համակարգիչ… հազար դրամով… ո՞վ ավելի… երկու՞…. Երկու… հազար մեկ… վաճառված է…

Աննա —  Հի՜-հի՜… Ամուսնանում է… դուրս տվիր… խելքդ զրոյականում՝ տեղում է տալիս …

Տիգրան – Մի երկու բառ էլ, որ շարունակես, ծեփդ պատի վրայից կքերեն… ու չես հասցնի չվես տաք երկրներ…

Աննա — Պրիմիտիվ մեքենա…  (Աչքերում արցունքներ են հայտնվում:)

Տիգրան – Քեզ ի՞նչ եղավ: Լուրջ ե՞ս… ա՜յ քեզ նորություն…

Մայր – Վե՛րջ: Հասա՛նք: Արդեն կարող եք գալ հաց ուտելու, բավական է միմյանց ուտեք:

Տիգրան – Մա՛մ, մեր երես առած տիկնիկը լալիս է, քեզ հետաքրքիր չէ՞՝ ինչո՛ւ…

Մայր – Կանցնի, կանայք երջանկությունից էլ  են լալիս: Երևի ուրախացել է, որ արդեն տոմսերն ունենք և վաղը կհեռանանք այս վերջացած քաղաքից: Գնանք… ամեն ինչ կմոռացվի, արցունքներ են, էլի… Արագացրո՛ւ, դպրոցից չուշանաս: (Տիգրանի հետ դուրս են գալիս:)

Զանգում է բջջայինը, Աննան վերցնում է հայելու դիմաց դրված թագը դնում գլխին, բարձրանում է աթոռին՝ «պպզում», թագը գլխին:

Աննա — Դա՛… ալլո… դո՞ւ ես… որտեղի՞ց … ես գիտեմ… հե՛չ… չէ՛ քնած չեմ, շուտ եմ արթնացել… համ էլ ի՞նչ քնել, չեմ էլ քնել… այսօ՞ր… ուրախանալու եմ… կոնյակ… հա, կոնյակ եմ խմելու… այդ ինչպե՞ս հասկացար… կգամ, քիչ հետո նախնիներիս մեքենան կվերցնեմ ու… ի՞նչ ես ասում, վախենո՞ւմ ես ինձ համար, ուրեմն արի և ինքդ տար… ուր կցանկանաս… մտածում ես՝ վախեցրի՞ր… իսկի… կարող եմ, կարող եմ և ամուսնանալ… գիտեմ… պետքս էլ չի… հա… համաձա՞յն, վախենալու չունեմ, ոչ էլ կորցնելու… կես ժամից կանգառում: Հո՛պ…

Հեռախոսն անջատում, թռնում է աթոռի վրայից, թագն ու միքանի գիրք դնում է դպրոցական պայուսակի մեջ ու դուրս գալիս:

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ

Արամն ու Աննան քայլում են այգում: Պայուսակները Արամի թիկունքին են:

Աննա — Չէի կարծում, որ այսպես է լինում…

Արամ – Ի՞նչ… ինչի՞ մասին ես խոսում …

Աննա — Զգացողության:

Արամ – Ի՞նչ զգացողություն…

Աննա — Դու հիմա ի՞նչ ես զգում:

Արամ – Քեզ համբուրելու ցանկություն…

Աննա – Տեսա՞ր… Իսկ եթե չթողնե՞մ…

Արամ – Փորձիր: Դու այլևս չես կարող ձեռքերիցս դուրս պրծնել:

Աննա — Ես զգացողության մասին եմ մտածում, դու ֆիզիկական ուժի: Բռնացող:

Արամ(շոյելով աղջկա վարսերն ու շուրթերը): Դու գեղեցիկ ես:

Աննա – Շողոքորթո՞ւմ ես…

Արամ – Դրա կարիքը չկա: Չնայած, գուցե դա միայն իմ կարծիքն է, իսկ քո զգացողությա՞մբ… հը՞… շողոքորթո՞ւմ եմ, այո՞… մի՞թե, այդ դո՞ւ չէիր զգացողության մասին խոսում… սխալվեցի՞… հը՞… այդ ո՞ւր փախար… մի պահ թուլացրի բազուկներս՝ փախա՞ր… ախ, այդպե՜ս… ուրեմն միայն ե՞ս եմ համբուրվել ցանկանում: Եվ այն ստանալու համար շողոքորթո՞ւմ եմ…

Այդ ընթացքում Արամը հետապնդում է Աննային, հետո կտրուկ կանգնում է:

Արամ – Այսպես… Էլ չեմ ցանկանում: Վե՛րջ: (Նստում է, սպասումով նայում, Աննան մոտենում է:)

Աննա — Ես խաղում էի:

Արամ — Ըհը, երևի երեկ էլ էիր խաղում, ընկար, գունատվեցիր, իսկ այսօր վազում ես:

Աննա — Դե լա՜վ… ի՞նչ փքվեցիր… Ուզո՞ւմ ես, կհամբուրեմ: (Համբուրվում են:)…Այո, ընկա, բայց դեռ պարզ չէ պատահածը: Ինձ հետ ինչ-որ բան է կատարվում: Ես հայտնվեցի հին թագավորությունում: Չե՞ս հավատում, նայի՛ր: (Գլխին է դնում թագը:) Դե վերջ, գնացինք, թե չէ այսօր էլ դասերի վերջում կհասնենք:

ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Դպրոցի միջանցքում կանգնած է Տձևը:

Տձև — Հորս արև, պիտի աշխատեմ դուր գալ: (Փորձում է:) Ըհը… ո՞նց էր, հա… Բարև տղա, չէ՝ ընկեր: (Ուղղում է գզգզված մազերը, բերանը լայն բացում է, որ ժպիտ երևա, գլխին է դնում գլխարկը, որ ծածկի երկար ականջները, իսկ պոչը մտցնում է հագուստի տակ: Մոտենում է Արամին, ով դուրս է եկել դասարանից և սպասում է Աննային:)  

Արամ — Դու ո՞վ ես:

Տձև — Իսկ դու ինչո՞վ ես կաշառվում:

Արամ – Ի՞նչ, այդ էր պակաս: Գնացիր… էս ո՞վ ես…

Տձև — Ինձ ընկեր կլինե՞ս…

Արամ – Կաշառքո՞վ…

Տձև — Չէ, ի՞նչ ես ասում, սխալվեցի, ոնց կասես:

Գալիս է Աննան:

Աննա — Էլի երկուս ստացա, նախնիներս էլի կբարկանան:

Տձև — Նախնիներդ… օհո՜, այո, հենց նրանք էլ հարկավոր են… Ես կօգնեմ:

Աննա — Դո՞ւ… դու ո՞վ ես, որ օգնես: Սա ո՞վ է, Արամ:

Տձև — Դե… ասենք, ես կարող եմ քո երկուսը հինգ դարձնել, իսկ դու՝ փոխարենն ինձ մի լավություն կանես:

Աննա – Չէ՛, չէ մի, մենակ դու էիր մնացել ինձ օգնես:

Տձև — Ազնիվ չարախոսք:

Աննա – Չարախո՞սք: Ի՞նչ խոսք է, որ չարախոսք է: Լավ, համաձայն եմ: Հայրիկիս հետ  աշխատելու համար ամեն ինչի համաձայն եմ: Ի՞նչ պետք է անենք, ուսուցչանո՞ց մտնենք:

Տձև (վերցնում է տետրը, ձեռքը շարժում՝ և երկուսը դարձնում է հինգ): Կապդառա — պապդառա — հու… ահա:

Արամ — Այդ ինչպե՞ս:

Աննա(զարմացած): Ես հիմա ոչնչի վրա չեմ զարմանում, ինչ որ ես եմ տեսել… Այն հալյուցինացիաները, որոնց մեջ հայտնվում եմ, դրանց մոտ սա մանրուք է:

Տձև — Ի՞նչ… ի՞նչ ես տեսել: Ինչ ասացի՞ր… հալյայանննաներ…

Զույգը քչփչում է:

Արամ – Չասե՛ս:

Աննա – Նա ինձ օգնեց: Բայց որտեղի՞ց է հայտնվել:

Արամ – Ի՞նչ անենք: Բա որ… Լավ: Ինչպես կցանկանաս: Դու գիտես:

Աննա – Կասես՝ որտեղի՞ց հայտնվեցիր: Ես էլ կասեմ գաղտնիքս: Թեև ինչ գաղտիք է որ… միևնույն է ոչ ոք չի հավատում… Ես եղել եմ թագավորական տանը, թաքցրել եմ գանձերը…  Ոչ ոք չի հավատում, եթե դու հավատում ես, կարող եմ քեզ ցույց տալ: Ես մի թագ եմ ինձ հետ բերել: Գնա՞նք: Միանգամից էլ՝ հեռու կլինենք բոլորից:

Տձև — Հավատում եմ: Հորս արև: Քեզ չհավատամ, ո՞ւմ հավատամ:

Աննա — Գնացինք:

Տձև — Այսքան դյուրի՞ն: Նրանք իմ թակարդում են: Հո՛պ…

Տձևը, Արամը և Աննան դուրս են գալիս:

ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ

Չարերի քարանձավում:

Չարզու – Վերջապես հայտնվեցի՞ր: Ի՞նչ է, մոռացե՞լ ես՝ ով ես, դու մա՛րդ չես, հասկանո՞ւմ ես, որ գնացել ես մարդկանց մեջ ու չես վերադառնում:

Տձև — Այդ էր պակաս, այդ անպոչ հիմարներին նմանվեմ ու նրանց մեջ ապրեմ: Պարզապես չկարողացա այդ շա՜տ միմյանց սիրող զույգի միջև դավաճանություն մտցնել:

Չարզու — Դրա համար ուղեղ պիտի ունենայիր:

Տձև — Ինձ վիրավորելու պատճառ չունես, ես բերել եմ աղջկան և թագը: Ահա…

Չարզու – Տեսնեմ: Վատ չէ՜, սկսում եմ քեզ հարգել… Կարծում էի, բոլորովին անպետք ես, ուղեղիդ մի հատվածն աշխատում է, փոխելիս այդ հատվածին չդիպչես, թե չէ դրանից էլ կզրկվես:

Տձև — Տո լավ, է՜… տեսնեմ դու ի՞նչ ես անելու…

Չարզու – Այո, այո՛, իսկապես, քեզանից բոլորովին չէի սպասում: Այս ինչպե՞ս հաջողացրիր:

Տձև — Ոչ էլ տանջվել եմ: Նրանք ուզում էին հեռանալ տնից ինչ-որ տեղ, ես էլ առաջարկեցի ինձ հետ այլ աշխարհ գնալ: Վերջ: Նրանք էլ եկան:

Չարզու – Այդ տղային չպետք է բերեիր: Մի տեղ կորցրու կամ կապի՛ր: Աղջկան բե՛ր ինձ մոտ:

Բերում են Աննային, կապկպած:

Չարզու – Դե, ասա՛ տեսնեմ, որտեղ են գանձերը:

Աննա – Ի՞նչ գանձեր: Ես դպրոցական եմ: Գանձեր ունենայինք՝ երկրից չէինք հեռանա: Թե՞ մտածում եք՝ այնքան ունենք, որ գնում ենք այլ երկրում ծախսելու: Սխալվում եք:

Չարզու – Ի՞նչ է, դու դեռ կարծում ես, քո երկրո՞ւմ ես: Դու մեր աշխարհում ես: Եվ մինչև չասես գանձերի տեղը, քեզ փրկություն չկա:

Աննա – Եթե դուք կախարդներ եք, դուք էլ ձեզ համար ձեր գանձերը գտեք, ի՞նչ եք ուզում ինձանից:

Չարզու – Լավ, անկեղծ կլինեմ, միայն դու կարող ես դրանք տեսնել: Այդպես է, չէ՞, դու տեսել ես. չէ՞:

Աննա – Տեսել եմ: Ձեզ ի՞նչ:

Չարզու – Լա՛վ, լա՛վ, լեզվիդ տվեցիր… չնայած լավ է, որ խոսում ես, չես վախենում: Քեզ նմաններին սիրում եմ, որ մեզ օգնես, էլ հարց չի լինի: Ուրեմն՝ լսի՛ր, մեզ ցույց ես տալիս գանձերն ու՝ գնա՛ ուր կուզես: Այսպես, դե՛, ուրեմն դու մեզ գանձերը, մենք էլ քո ազատությունը, կամ էլ կվնասենք և՛ ծնողներիդ, և՛ ընկերոջդ:

Աննա – Չէ՛, չէ մի, նախ գանձերը ծերուկինն են, և հետո, ես ասող չեմ: Հայրս տարիներով փնտրել է այդ գանձերը, դրանք մեր հզոր թագավորի գանձերն են: Դուք ո՞վ եք, որ ձեզ ասեմ… որ տիրանա՞ք հարստությանը:

Չարզու – Քիչ առաջ ավելի խելացի էիր երևում: Կհամագործակցենք, դու՝ քո հոր մոտ, մենք՝ մեր գանձերի…

Աննա – Չէ, չե՛մ ասի: Ինձ ոչ ոք չի՛ ների:

Տձև — Արի գլուխը ջարդենք ու վերջ: (Ուզում է խփել:)

Չարզու – Ո՛չ: Համբերի՛ր: Լսիր՝ աղջիկ, դիր այդ թագը, տեսնենք քեզ հարմա՞ր է, գեղեցի՞կ է, ուրիշ ոչինչ հարկավոր չէ:

Աննա – Ի՞նչ եք ասում: Օ՜յ… օ՜յ… օ՜յ… Ես հրամաններ չեմ ընդունում:

Տձև — Չարզու, նրան ասա՝ խնդրո՜ւմ եմ, թե չէ մենք կմնանք առանց գանձերի: Իսկ ես գանձեր շա՜տ եմ սիրում…

Չարզու – Տեսնենք դա կօգնի՞: Խնդրո՜ւմ եմ… վերցրու թագն ու դիր գլխիդ…

Աննա – Կերազեք…

Չարզուն ու Տձևը կապում են աղջկան, քաշքշում, մի քանի հարված տալիս:

Աննա – Լա՛վ, ես ձեզ կտանեմ նրանց մոտ: Ազատեք ընկերոջս, նա էլ պետք է մեզ հետ գա: Տվե՛ք ինձ իմ պայուսակը, որտե՞ղ է պայուսակս: (Տձևը մեկնում է պայուսակը:) Ահա թագը, որ ինձ մոտ է մնացել:

Աննան դնում է թագը գլխին,  գունատվում է և անհետանում: Չարերը, որ հետևում էին նրա մտքի ընթացքին, ամուր բռնած Աննայի ձեռքից, գնում են նրա հետ:

ՊԱՏԿԵՐ ՅՈԹԵՐՈՐԴ

Թագավորական պալատում: Թագավորը պառկած է անկողնում, հիվանդ է: Սենյակում հայտնվում է Չարզուն՝ սև, մուգ ծխից:

Թորգոմ – Ո՞վ է:

Չարզու – Ամենահզորը: Ամենակարողը, որի առաջ դու քո իշխանությամբ ոչինչ ես:

Թորգոմ – Ամենահզորն ինձ Արարողն է:

Չարզու – Միևնույնն է: Քեզ համար հզոր եմ և դու՝ թույլ ու վախկոտ:

Թորգոմ – Ինձ դժվար պահի ես այցելել: Ի՞նչ է ուզածդ:

Չարզու – Թագավորությանդ գանձերը և այն հսկա բյուրեղը, որը միայն քեզ է թողել Արարողը:

Թորգոմ – Դու երբեք այն չես գտնի: Եթե անգամ հոգիս խլես մարմնիցս:

Չարզու – Դու ինձ շա՜տ ես բարկացնում: Հիմա կտեսնենք: (Բռնում է Թորգոմի կոկորդից և փորձում խեղդել:) Ես քեզ կտոր-կտոր կանեմ, կոչնչացնեմ: Ասա՛, որտե՞ղ է բյուրեղը:

Թորգոմ – Չես կարող: Բյուրեղը՝ հյուլե առ հյուլե, բաժանված է որդիներիս միջև և հոսում է նրանց երակներում և կհոսի իմ սերունդների երակներում:

Դուռը բացվում է, ներս են մտնում թիկնապահները:

Չարզու – Ա՜… (Դառնում է ծուխ ու անհետանում):

ՊԱՏԿԵՐ ՈՒԹԵՐՈՐԴ

Պալատում, Անայայի սենյակում: Աննան հայտնվում է Անայայի մոտ:

Անայա – Եկա՞ր: Վերջապե՜ս…

Աննա – Ես հանգիստ չունեմ այն օրվանից, ինչ մենք հանդիպել ենք: Ամեն ինչ իրար է խառնվել: Դասերս, մայրս, ընկերներս… Չգիտեմ, ի՞նչ անեմ:

Անայա – Ես էլ նույն վիճակում եմ, հանգիստ չունեմ: Հայրս որոշել էր ինձ կնության տալ, գիտես: Ես քեզ լսեցի և հակառակվեցի հորս կամքին: Նա հիվանդացել է: Քուրմերը ապստամբել ու չեն ենթարկվում հորս: Բելը պատրաստվում է պատերազմի: Իսկ ես հիմա վախենում եմ ու կասկածում, արդյո՞ք ճիշտ վարվեցի հակառակվելով: Արդյո՞ք չպետք է ամուսնանայի Բելի հետ: Հայրս ուրախ կլիներ, որ կատարում եմ իր հրամանը: Քուրմերը՝ հնազանդ: Չէ՞ որ նրանք որոշել են չմասնակցել խորհրդին և վախեցնել ժողովրդին՝ հանելով թագավորի դեմ: Չգիտե՜մ…

Աննա – Ի՞նչ ես ասում: Ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, մինչև չհաղթենք: Ես թույլ չեմ տա, որ ամուսնանաս այդ ծերուկի հետ: Եվ հետո, ես գիտեմ, որ Հայկը նետահարել է Բելին: Այդպես է գրել Խորենացին:

Անայա – Հայկն ինձանից փոքր է: Զինվորներին առաջնորդելու եմ ես: Հայրս դրա համար էլ մտահոգ է: Հայկը փոքր է ինձանից և  հորս գահը նախասահմանված է ինձ:

Աննա – Ես քեզ հետ եմ: Եվ թույլ չեմ տա: Մենք կհաղթենք: Սակայն քեզ խնդրանք ու առաջարկ ունեմ, ե՛տ կանգնիր առաջնորդ լինելու մտքից: Տո՛ւր, զիջի՛ր այդ տեղը Հայկին: Նա տղամարդ է:

Անայա — Հայկը խաղաղասեր է:

Աննա – Այո՛, խաղաղասեր է, սակայն հայ է, և երբ խնդիրը վերաբերվում է օջախի, հայրենիքի պաշտպանությանը՝ հայն անկոտրում է ու հզոր: Նա կպաշտպանի քեզ և իր հայրենին: Այդպես եղե՛լ է դարերով:

Անայա – Դու ճիշտ ես, ես հավատում եմ քեզ:

Աննա – Ես հավատում եմ լույսին:

Ներս է մտնում Հայկը եղբայրների, Արամի և թիկնապահների հետ:

Հայկ – Ժամանակն է, քույր: Ես կկանգնեմ թիկունքիդ:

Բոլորը միասին – Մենք քո թիկունքին ենք:

ՊԱՏԿԵՐ ԻՆՆԵՐՈՐԴ

Տեսարանը՝ դաշտ, բեմի աջ և ձախ կողմերում կանգնած են Աննա-Անայան՝ իր եղբայրներով ու զինվորներով, դիմացը՝ Բելը, իր թիկնազորով ու զինվորներով: Երկուսն էլ ձգած, պատրաստ են նետերն ու աղեղները: Վերջին պահին, երբ Բելը բաց է թողնում նետը՝ Անայայի դիմաց է հայտնվում Հայկն ու նետահարում Բելին: Վախեցած թշնամու զորքը, տեսնելով իր առաջնորդի տապալումը, ետ է քաշվում ու փախչում: Անայան գրկում է եղբորը, ապա հանում իր գլխից թագն ու դնում է Հայկի գլխին:

Անայա – Դու արժանի ես այս թագին, Թորգոմի հզոր որդի Հա՛յկ:

Զինվորները կապկպած բերում են Տձևին:

Զինվոր – Նրանք ուզում էին սպանել թագավորին: Ընկերն անհետացավ, չենք գտել:

Հայկ – Բանտախուց գցեք: Հաղթանակը մերն է: Բելի ծառաներն այլևս ոչինչ չեն կարող անել:

Տձև — Մենք Բելի ծառաները չենք:

Հայկ – Այդ դեպքում ո՞վ եք:

Տձև — Մե՛զ տուր բյուրեղը, և գանձերը, որոնք պահված են սարում: Որոնք ժառանգել ես Թորգոմից:

Հայկ – Երբե՛ք: Բանտախուց տանել:

Տձև — Միևնույն է, այն մե՛րը կլինի: Ես գանձերն եմ ուզում….

Զինվորները հրելով տանում են, սակայն նա սև ամպ դառնալով անհետանում է:

Աննա – Դե ինչ, իմ գնալու ժամանակն է: (Գրկում է Անայային և անհետանում:)

ՊԱՏԿԵՐ ՏԱՍՆԵՐՈՐԴ

Վերջին, միջանկյալ տեսարան բնակարանում: Մեր ժամանակներ:

Մայր – Ո՞ւր էիր, ամեն տեղ քեզ էինք փնտրում…

Աննա – Է՞, հիմա այստեղ եմ և ինձ փնտրելու կարիք չկա: Ես այստեղ եմ, ոչ մի տեղ չեմ գնացել ու չեմ գնալու: Եթե ինձ սիրում եք՝ դուք էլ կմնաք: Եվ միասին կապրենք ու կպայքարենք: (Զանգում է Արամին:) Արամ, ինչպե՞ս ես… լավ հասա՞ր, ձերոնք… ես ոչ մի տեղ չեմ գնում, պատրաստվելու եմ ինստիտուտ ընդունվել:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։