Նորայր ԱԴԱԼՅԱՆ / ՊԱՏԸ

Մեկ գործողությամբ բեմախաղ

Գործող անձինք
ՌՈՄԵՈ
ՋՈՒԼԻԵՏ
ԲԱՆՎՈՐՆԵՐ

Թատրոնի միանման հագուստով չորս բանվորները, հրելով,
դատարկ բեմ են բերում աղյուսաշեն պատը
և կենտրոնը բաժանում աջ ու ձախ հավասար մասերի:
Ա ԲԱՆՎՈՐ — Ժամը յոթն անց է տասնհինգ րոպե, ներկայացումը սկսեք, անբաններ:
Հանդիսատեսի անհամբեր ծափողջույնները: Ընդհանուր կիսամթում պատը դանդաղ լուսավորվում է` վրան հայերեն ու օտար տառեր, մաթեմատիկական բանաձևեր, ավտոմեքենաների ու ծխնելույզների ստվերագծեր և պարզ, ընթեռնելի մի նախադասություն. «Ամեն սկիզբ վերջ ունի»:
Բ ԲԱՆՎՈՐ — (զննելով գրությունը): Ես վերջ չունեմ:
Գ ԲԱՆՎՈՐ — Դու հարբեցող ես:
Դ ԲԱՆՎՈՐ — Վատ օղի չի լինում, կա վատ խմող:
Բանվորները հեռանում են: Հազիվ լսելի ձայնանշաններ, որ նման են և նման չեն երաժշտության: Պատը խփում են: Լռություն: Ապա` ավելի ուժգին: Դարձյալ երկար ու սպասողական լռություն է: Անընդհատ խփում են: Լռությունը հասնում է վախի աստիճանին:
ՋՈՒԼԻԵՏ — (ձախակողմյան կուլիսից): Ո՞վ է:
Շեփորի նյարդային ձայն: Թավջութակի կարճատև մեղեդի:
ՋՈՒԼԻԵՏ — (կուլիսից): Ո՞վ է թակում դուռը:
ՌՈՄԵՈ — (աջակողմյան կուլիսից մոտենում է պատին): Երեքը մեծ է երկուսից:
ՋՈՒԼԻԵՏ — (մոտենում է պատին): Ո՞ւմ ձայնն եմ լսում:
ՌՈՄԵՈ — Սա դուռ չէ, այլ` պատ:
ՋՈՒԼԻԵՏ — Հեռացիր: Ես տանը չեմ:
ՌՈՄԵՈ — Հեռացողը դարձյալ մոտենում է, անկախ իմ ու քո կամ որևէ մեկի ցանկությունից:
ՋՈՒԼԻԵՏ — Տղամա՞րդ ես, թե՞ կին:
ՌՈՄԵՈ — Ասացի` երեքը երկուսից մեծ է:
ՋՈՒԼԻԵՏ — Հասկացա, տղամարդ ես:
ՌՈՄԵՈ — Իսկ դո՞ւ…
ՋՈՒԼԻԵՏ — Երկուսն է երեքից մեծ:
ՌՈՄԵՈ — Ամբողջ կյանքում երազել եմ հանդիպել քեզ պես գեղեցիկ կնոջ: Անունդ տուր ինձ:
ՋՈՒԼԻԵՏ — Շատ չուզեցի՞ր:
ՌՈՄԵՈ — Խնդրում եմ:
ՋՈՒԼԻԵՏ — Ջուլիետ:
ՌՈՄԵՈ — Իտալացի՞ ես:
ՋՈՒԼԻԵՏ — Ֆրանսիացի էլ չեմ:
ՌՈՄԵՈ — Եթե անգլիացի չես, ուրեմն հայ ես:
ՋՈՒԼԻԵՏ — Իսկ ինչո՞ւ քո անունը ինձ չես նվիրում, արժանի չե՞մ:
ՌՈՄԵՈ — Ես Ռոմեոն եմ, ոչ իտալացի, ոչ անգլիացի, ոչ ֆրանսիացի և ոչ իսկ աֆրիկացի:
ՋՈՒԼԻԵՏ — Դու էլ ես հա՞յ:
ՌՈՄԵՈ — Արարատն է իմ հայրենիքը:
ՋՈՒԼԻԵՏ — Քեզ ինչ-որ տեղ տեսել եմ:
ՌՈՄԵՈ — Քո ձայնն էլ ինձ է ծանոթ:
ՋՈՒԼԻԵՏ — Որտե՞ղ եմ տեսել:
ՌՈՄԵՈ — Այս աշխարհում ամեն ինչ սխալ է:
ՋՈՒԼԻԵՏ — Մի տխրեցրու ինձ:
ՌՈՄԵՈ — Մեր միջև պատ կա:
ՋՈՒԼԻԵՏ — Տեսել եմ, եթե նույնիսկ այդպես չէ:
ՌՈՄԵՈ — Դա շատ վաղուց էր, տասներեքերորդ դար, Վերոնա քաղաք, ես քո պատշգամբի տակ երգում էի իմ սերը…
ՋՈՒԼԻԵՏ — Ես քեզ սիրահարվեցի, Ռոմեո, օր ու գիշեր քեզ էի երազում: Երբ դու ինձ առաջին անգամ գիրկդ առար, համբուրում էիր շուրթերս, ես երջանկությունից խելագարվեցի: Դու ինչո՞ւ չէիր գժվում, անխիղճ:
ՌՈՄԵՈ — Ի՛նչ կարճ հիշողություն ունես, քեզ սիրելուց մեռա:
ՋՈՒԼԻԵՏ — Ճի՞շտ…
ՌՈՄԵՈ — Հարցրու Շեքսպիրին:
ՋՈՒԼԻԵՏ — Ասում է` երկուսդ էլ մեռած եք: Ասում է` մահը սիրո երջանկությունն է:
ՌՈՄԵՈ — Հիմա դու մեռա՞ծ ես:
ՋՈՒԼԻԵՏ — Առանց քեզ չեմ ուզում ապրել:
ՌՈՄԵՈ — (կամաց ծեծում է պատը): Ջուլիե՞տ… (Դարձյալ թակում է:) Ձայն հանիր, ախչի:
ՋՈՒԼԻԵՏ — Մի՛ մեռիր, խնդրում եմ: (Պատը թեթևակի ծեծում է:)
ՌՈՄԵՈ — Բարև:
ՋՈՒԼԻԵՏ — Ի՛նչ գեղեցիկ բառ արտասանեցիր:
ՌՈՄԵՈ — Բարև, սիրելիս:
ՋՈՒԼԻԵՏ — Հիշեցի, ես քեզ տեսել եմ Երևանի դրամատիկական թատրոնի բեմում:
ՌՈՄԵՈ — Այդտեղ դու հանդիպել ես դերասան Հրաչ Հարութին, նա ինձ մի քիչ նման էր, բայց նա` ես չէի: Ես մեռա, իսկ նա մինչև այժմ էլ ապրում է և կատարում զանազան ու զարմանազան դերեր, օրինակ` հիանալի է ներկայացնում Անտոնիոսին:
ՋՈՒԼԻԵՏ — Բարև, Անտոնիոս:
ՌՈՄԵՈ — Եթե ես Անտոնիոսը լինեի, կամուսնանայի Կլեոպատրայի հետ:
ՋՈՒԼԻԵՏ — Ինձ մի՛ դավաճանիր, Ռոմեո, ես քեզ երկնքի չափ սիրում եմ:
ՌՈՄԵՈ — Երազում եմ մի օր քեզ տեսնել, ոնց որ Ջուլիետ լինես:
Պատը կամաց թակում են աջ ու ձախից, ցնցում, ուժեղ թակոցներ: Շեփորի սղոցող ձայնը: Թավջութակի տևական մեղեդին աղավաղվում է սաքսոֆոնի հնչյուններով: Սպասողական լռություն: Փողոցային շների գզվռտոց:
ՋՈՒԼԻԵՏ — Մեր քաղաքում անհաշիվ շներ կան:
ՌՈՄԵՈ — Աղվեսներն էլ քիչ չեն:
ՋՈՒԼԻԵՏ — Հապա օձե՞րը…
ՌՈՄԵՈ — Մենք շրջապատված ենք բորենիներով, նրանք զզվելի գազաններ են, լուռ հոտոտում են գեղեցիկ կանանց, բայց ամենասարսափելին պատն է, որն ինձ բաժանում է քեզնից:
ՋՈՒԼԻԵՏ — Ո՞վ շինեց…
ՌՈՄԵՈ — Մարդը:
ՋՈՒԼԻԵՏ — Ելիր պատի վրա, դեմքդ տեսնեմ:
ՌՈՄԵՈ — Շատ բարձր է:
ՋՈՒԼԻԵՏ — Եթե չես ուզում բարձրանալ, ուրեմն մտածում ես Կլեոպատրայի մասին:
ՌՈՄԵՈ — Ասացի` ես Անտոնիոսը չեմ:
ՋՈՒԼԻԵՏ — Ինձ մենակ մի՛ թող այս գազանանոցում:
ՌՈՄԵՈ — Հիմա ո՞ր թվականի մեջ ենք:
ՋՈՒԼԻԵՏ — Կարծեմ քսանմեկերորդ դարն է:
ՌՈՄԵՈ — Դու իմ ժամանակն ես ու տարածությունը:
ՋՈՒԼԻԵՏ — Երդվիր:
ՌՈՄԵՈ — Արև ու լուսին:
ՋՈՒԼԻԵՏ — Ինչո՞ւ ես ինձ սիրում:
ՌՈՄԵՈ — Որովհետև կին ես:
ՋՈՒԼԻԵՏ — Ի՞նչ է կինը:
ՌՈՄԵՈ — Գաղտնիք:
ՋՈՒԼԻԵՏ — Ոնց որ փիլիսոփա լինես, Ռոմեո Անտոնիոս:
ՌՈՄԵՈ — Եթե սերը մեռնի, աշխարհը կվերանա:
Պատի միջնամաս անկյունից մի աղյուս է ընկնում: Բացված անցքից դուրս է գալիս Ջուլիետի նուրբ և հոլանի ձեռքը` կապույտ ուլունքաշար ապարանջանով: Ռոմեոն ձեռքը չի նկատում:
ՋՈՒԼԻԵՏ — Տուր ձեռքդ, վախենում եմ առանց տեսնելու կորցնել քեզ:
ՌՈՄԵՈ — Գտածը կորցնում են, կորցրածը` գտնում և մի օր դարձյալ կորցնում, կյանքի օրենքն է:
ՋՈՒԼԻԵՏ — Մի քիչ մարդ եղիր, տե՛ս, ձեռքս ինչ կարոտով է ձգտում քեզ:
ՌՈՄԵՈ — Զզվում եմ փիլիսոփաներից:
ՋՈՒԼԻԵՏ — Ո՞վ ես:
ՌՈՄԵՈ — Դրամատիկական թատրոնի մի պարզ դերասան, շատ էի ցանկանում Օթելլո լինել և խեղդել սիրելի Դեզդեմոնային, բայց ռեժիսորը, ինչպիսի անարդարություն, ինձ ստիպեց Ռոմեո խաղալ:
ՋՈՒԼԻԵՏ — (ձեռքը որոնում է Ռոմեոյին): Ի՛նձ խեղդիր, ի՛նձ:
ՌՈՄԵՈ — Դու Դեզդեմոնա չես:
ՋՈՒԼԻԵՏ — Եթե ինձ չես խեղդում, ուրեմն ինձ չես սիրում: Քիչ առաջ Կլեոպատրան էր, հիմա էլ` Դեզդեմոնան…
ՌՈՄԵՈ — Որտե՞ղ ես, ախչի…
ՋՈՒԼԻԵՏ — Ես Դեզդեմոնա եմ, ինձ սպանիր, Օթելլո, գոնե մեկ րոպե երջանիկ լինեմ:
ՌՈՄԵՈ — Կա րոպե, որ դարից երկար է:
ՋՈՒԼԻԵՏ — Սիրում եմ քեզ:
ՌՈՄԵՈ — Երբ կինն ու տղամարդը հայտնվում են անանցանելի պատի տարբեր կողմերում, սկիզբ է առնում նրանց սիրո հեքիաթը:
ՋՈՒԼԻԵՏ — Այդ հեքիաթը մե՞նք ենք:
ՌՈՄԵՈ — Դու ես, ես եմ, ես և դու:
ՋՈՒԼԻԵՏ — Ինձ մի խաբիր:
ՌՈՄԵՈ — Հարցրու պատին:
ՋՈՒԼԻԵՏ — Պատ, ինչո՞ւ ես կանգնել իմ և Օթելլոյի միջև, չքվիր աչքիցս, որ ես նրան տեսնեմ:
ՌՈՄԵՈ — Ես Օթելլոն չեմ:
ՋՈՒԼԻԵՏ — Գիտեմ, Անտոնիոսն ես:
ՌՈՄԵՈ — Ինձ մեռա՞ծ ես կարծում:
ՋՈՒԼԻԵՏ — Անցած գիշեր երազ տեսա, դու ինձ սեղմել էիր կրծքիդ, դու ինձ ասացիր` Ջուլ, ես սիրում եմ քեզ, այդ խոսքի վրա մարմնիս կայծակ խփեց, և ես զգացի երջանիկ մահվան շունչը:
ՌՈՄԵՈ — Հիմա մեռա՞ծ ես:
ՋՈՒԼԻԵՏ — Դու ես մեռած, որ միայն երազիս ես գալիս: Թռիր պատի վրայով այս կողմ:
ՌՈՄԵՈ — Մեռածներն էլ են ողջ:
ՋՈՒԼԻԵՏ — Ես քեզ ողջ եմ ուզում:
ՌՈՄԵՈ — Սիրտս դողում է քո ձայնից:
ՋՈՒԼԻԵՏ — Դուռը բաց և ներս արի, ես տանն եմ:
ՌՈՄԵՈ — Ոտքերս շղթայված են:
ՋՈՒԼԻԵՏ — Ձեռքերիցդ հանիր շղթան և գիրկդ առ ինձ:
ՌՈՄԵՈ — Դու իմ գրկում ես:
ՋՈՒԼԻԵՏ — Ձեռքերով ամուր շղթայիր մեջքս, որ չկարողանամ քեզնից փախչել:
Պատն այս ու այն կողմից թակում-ցնցում են: Մեկ թե երկու աղյուս է թրմփում հատակին: Պատի մյուս ծայրի միջնամասում գոյացած անցքից պարզվում է Ռոմեոյի ձեռքը` կարմիր վարդով: Ջուլիետը շարունակում է իր ձեռքով որոնել Ռոմեոյին:
ՌՈՄԵՈ — Որտե՞ղ ես, Ջուլի, քիչ առաջ այս վարդը քաղեցի դրախտի պարտեզից, քո չափ գեղեցիկ է ու բուրավետ:
ՋՈՒԼԻԵՏ — Դու ինձ չես տեսել, ի՞նչ գիտես` գեղեցիկ եմ:
ՌՈՄԵՈ — Քեզ տեսնելու համար աչքեր պետք չեն:
ՋՈՒԼԻԵՏ — Ինձ չես էլ հոտոտել:
ՌՈՄԵՈ — Քո վարդաբույրը բռնել է ամբողջ բեմն ու դահլիճը:
ՋՈՒԼԻԵՏ — Հոգնեցի բեմից, ուզում եմ ապրել իմ կյանքը և ոչ` Ջուլիետի:
ՌՈՄԵՈ — Բա ես ի՞նչ ասեմ, որ միաժամանակ Օթելլո եմ, Մարկոս Անտոնիոս ու Ռոմեո, և միաժամանակ սիրում եմ Դեզդեմոնային, Կլեոպատրային ու Ջուլիետին:
ՋՈՒԼԻԵՏ — Ինձ չես սիրում, մի խաբիր:
ՌՈՄԵՈ — Կյա՛նք…
ՋՈՒԼԻԵՏ — Կնամո՛լ:
ՌՈՄԵՈ — Ի՛նչ գրգռիչ ես հայհոյում:
ՋՈՒԼԻԵՏ — Քիչ է մնում քեզ ատեմ:
ՌՈՄԵՈ — Ատում է նա, որ սիրում է:
ՋՈՒԼԻԵՏ — Արի վերջ տանք այս թատրոնին և մարդ լինենք, ես` կին, դու` տղամարդ:
ՌՈՄԵՈ — Հիանալի դերասանուհի ես, Կլեոպատրան քեզ կնախանձեր, եթե ողջ լիներ, Դեզդեմոնան շատ կցանկանար նմանվել քեզ:
ՋՈՒԼԻԵՏ — Նա է՞լ է մեռած:
ՌՈՄԵՈ — Ես նրան սպանեցի չորս հարյուր տարի առաջ:
ՋՈՒԼԻԵՏ — Մարդասպա՛ն:
ՌՈՄԵՈ — Եթե երեքը մեծ չէ երկուսից, ուրեմն` երկուսն է երեքից մեծ: Իսկ երկուսին գումարած երեք հավասար է յոթի:
ՋՈՒԼԻԵՏ — Երբեք չեմ սիրել մաթեմատիկոսներին, նրանք միայն ճիշտ հաշվել գիտեն, իսկ ես ուզում եմ մի օր հանդիպել այնպիսի մարդու, որն ինձ մի սխալ բան ասի, օրինակ, ասի` արևը ծագում է արևմուտքից և մայր է մտնում արևելքում:
ՌՈՄԵՈ — Վան Գոգ:
ՋՈՒԼԻԵՏ — Նա ստեղծեց բնությունից տարբեր իր բնությունը:
ՌՈՄԵՈ — Աստիճանաբար մոտենում եմ մի սխալ տպավորության:
ՋՈՒԼԻԵՏ — Ավելի մոտեցիր:
ՌՈՄԵՈ — Դու Ջուլին չես:
ՋՈՒԼԻԵՏ — Վերջապես մարդ ես դառնում: Տուր վարդը հոտոտեմ:
ՌՈՄԵՈ — Որտե՞ղ ես:
ՋՈՒԼԻԵՏ — Պատի իմ կողմում:
ՌՈՄԵՈ — Որքա՛ն մոտիկ ես և հեռու:
ՋՈՒԼԻԵՏ — Քանդիր պատը:
ՌՈՄԵՈ — Դու քանդիր:
ՋՈՒԼԻԵՏ — Տղամարդը դու ես:
ՌՈՄԵՈ — (բռունցքով խփում է պատին): Չի ուզում քանդվել:
ՋՈՒԼԻԵՏ — Ախր ինչո՞ւ… (Ամբողջ ուժով ցնցում է պատը:)
ՌՈՄԵՈ — Պատը` մարդիկ են, նրանք սիրել չգիտեն:
ՋՈՒԼԻԵՏ — Ի՞նչ են ցանկանում կյանքից:
ՌՈՄԵՈ — Փող, ապրանք, փող:
ՋՈՒԼԻԵՏ — Իզուր ծնվեցի:
ՌՈՄԵՈ — Այդպես մի՛ խոսիր, արևը կնեղանա:
ՋՈՒԼԻԵՏ — Դու է՞լ ես ապրանք սիրում:
ՌՈՄԵՈ — Քե՛զ:
ՋՈՒԼԻԵՏ — Ես ապրանք չեմ:
ՌՈՄԵՈ — Դու սեր ես` վարդի բուրմունքով ու գեղեցկությամբ:
ՋՈՒԼԻԵՏ — Նկարիր ինձ:
ՌՈՄԵՈ — Ժպտա:
ՋՈՒԼԻԵՏ — Ես էլ քեզ եմ նկարում:
ՌՈՄԵՈ — Ի՛նչ քաղցր շուրթեր ունես:
ՋՈՒԼԻԵՏ — Աչքերդ ծովի պես կապույտ են:
ՌՈՄԵՈ — Մենք ծով չունենք:
ՋՈՒԼԻԵՏ — Դու ես իմ ծովը:
Պատի միջնամասից մի քանի աղյուս է ընկնում: Թավջութակի մեղմ ու զմայլելի երաժշտություն: Բացված անցքից դուրս է գալիս Ջուլիետի ձեռքը, շատ չանցած` Ռոմեոյի: Ձեռքերը շոյում են իրար:
ՋՈՒԼԻԵՏ — Բարև, կարմիր վարդ: (Վերցնում է վարդը և հոտ քաշում:)
ՌՈՄԵՈ — Ես ինձ նվիրում եմ քեզ:
ՋՈՒԼԻԵՏ — Քեզ կպահեմ սրտիս ծաղկամանում: Հազար տարի կապրես ու չես թառամի:
ՌՈՄԵՈ — Աստված դժոխքը ստեղծել է անսեր մարդկանց համար, որոնք շինեցին այս պատը:
ՋՈՒԼԻԵՏ — Մենք որտե՞ղ ենք ապրելու:
ՌՈՄԵՈ — Մերը դրախտն է, ծովերից այն կողմ, տիեզերական սիրո դաշտում: Ինչո՞ւ տխրեցիր…
ՋՈՒԼԻԵՏ — Շատ հեռու է: Վերացական ու անշոշափելի: Ես ուզում եմ այրվել, մոխրանալ, մեռնել քո գրկում:
ՌՈՄԵՈ — Չեմ կարող քեզ սպանել:
ՋՈՒԼԻԵՏ — Խնդրո՛ւմ եմ…
ՌՈՄԵՈ — Ի՛նչ նուրբ ձեռք ունես:
ՋՈՒԼԻԵՏ — Դրախտում ես կդառնամ հեքիաթ և կկորցնեմ իմ մարմինը:
ՌՈՄԵՈ — Հոգիդ կմնա:
ՋՈՒԼԻԵՏ — Մի՞թե հնարավոր է սիրել հոգին` առանց մարմնի:
ՌՈՄԵՈ — Կյա՛նք:
ՋՈՒԼԻԵՏ — Ատո՛ւմ եմ այս պատը, որ կանգնած է իմ ու քո մարմինների միջև:
ՌՈՄԵՈ — Մարդիկ չգիտեն` ինչ են անում:
ՋՈՒԼԻԵՏ — Ի՛նչ տաք է ձեռքդ:
Պատի նույն միջնամասից դարձյալ մի քանի աղյուս է ընկնում հատակին: Ավելի ընդարձակ բացվածքից ելնում են Ռոմեոյի ու Ջուլիետի զույգ ձեռքերը, որոնց բավականին երկար շարունակվող սիրային մնջախաղն ուղեկցվում է թավջութակի մեղմաձայն նվագակցությամբ` առարկայացնելով պատկերի զգացմունքայնությունը:
ՌՈՄԵՈ — Դեզդեմոնա, ես քեզ թաշկինակ տվեցի` ի նշան քո հանդեպ իմ համաշխարհային սիրո, ո՞ւր է թաշկինակը, ցույց տուր, թե չէ խանդից կմեռնեմ:
ՋՈՒԼԻԵՏ — Դու ինձ կարմիր վարդ նվիրեցիր:
ՌՈՄԵՈ — Ո՞ւր է թաշկինակս, պոռնիկ, ո՞ւր է սպիտակ վարդը:
ՋՈՒԼԻԵՏ — Վերջացրու կեղծ թատրոնդ, Մարկոս, մի խելագարեցրու ինձ, մի՞թե սիրելը պոռնկություն է, եթե կուզես իմանալ` դու առաջին տղամարդն ես, ում սիրեցի առանց տեսնելու: Քանդիր պատը, դուրս գանք թատրոնից, դու ինձ սիրես, ես` քեզ: Ձեռքդ դիր ձախ կրծքիս, տե՛ս` ոնց է սիրտս սիրուց դողում, շոյիր կուրծքս, համբուրիր, կծիր, անխիղճ մարդ…
ՌՈՄԵՈ — Աղավնի կրծքեր ունես:
ՋՈՒԼԻԵՏ — Ի՞նչ գույնի են:
ՌՈՄԵՈ — Կարմիր կտուցով, սպիտակ թևերով:
ՋՈՒԼԻԵՏ — Պատը քարուքանդ արա, որ գամ քո գիրկը:
ՌՈՄԵՈ — Շատ ամուր է:
ՋՈՒԼԻԵՏ — Ինձ տար անմարդաբնակ կղզի անսահման օվկիանոսի մեջ:
ՌՈՄԵՈ — Մարդիկ ամեն տեղ են` ինչպես մրջյուններն ու թունավոր սողունները:
ՋՈՒԼԻԵՏ — Երանի ձուկ լինեի:
ՌՈՄԵՈ — Նայիր հայելուն, քո նմանը չկա:
ՋՈՒԼԻԵՏ — Երբ ծնվեցի, մտքովս չանցավ, թե մի օր հանդիպելու եմ քեզ:
ՌՈՄԵՈ — Քանի՞ տարեկան ես:
ՋՈՒԼԻԵՏ — Քո տարիքին:
ՌՈՄԵՈ — Որքա՛ն սառն ու անտարբեր ես եղել իմ հանդեպ: Իսկ ես քսանյոթ տարի ամեն րոպե քեզ հետ եմ:
ՋՈՒԼԻԵՏ — Ծնվածդ օրի՞ց:
ՌՈՄԵՈ — Ավելի վաղ:
ՋՈՒԼԻԵՏ — Չեմ հավատում:
ՌՈՄԵՈ — Հարցրու Վիլյամ Շեքսպիրին:
ՋՈՒԼԻԵՏ — Ո՞վ է:
ՌՈՄԵՈ — Մեր հայրը:
ՋՈՒԼԻԵՏ — Իմ հոր անունը Արտավազդ է: Հին աշխարհում նա թագավոր էր: Երբ ես ծնվեցի, մի քանի օր հետո նա մեռավ ավտովթարից: Ես միայն նրա լուսանկարն եմ տեսել: Ես նման եմ նրան: Մայրս շատ գեղեցիկ էր: Ինձ հանձնեց մանկատուն և Ժորժի հետ փախավ Լոս Անջելես: Ես նրան այլևս չհանդիպեցի: Ժորժից հետո նա երեք թե չորս անգամ էլ ամուսնացավ: Անցյալ տարի նրանից հիսուն դոլար ստացա: Ուզեցի ինձ համար ձմեռային կոշիկ գնել: Կոշիկի խանութի դռան մոտ մի մուրացկան էր նստած` բջջային հեռախոսը ականջին: Երբ խոսակցությունն ավարտեց, ես կռացա և դոլարը դրեցի գետնին` նրա ոտքերի արանքում գտնվող գլխարկի մեջ, որտեղ կային մի քանի մետաղադրամներ: Նա հարցրեց` շա՞տ ես գողացել: Հաստատական շարժեցի գլուխս: «Բա ինչի՞ ես քիչ տալիս»,- ասաց նա:
ՌՈՄԵՈ — Այսքան տարի ո՞նց մտքովս չի անցել, որ թագավորի աղջիկ ես:
ՋՈՒԼԻԵՏ — Եթե իմանայիր, ինձ ավելի՞ էիր սիրելու:
ՌՈՄԵՈ — Իհարկե:
ՋՈՒԼԻԵՏ — Դու ինձ չես սիրում, դու սիրում ես իմ թագավորական ծառը:
ՌՈՄԵՈ — Սիրում եմ, թագուհի, ուզո՞ւմ ես` պատն այնպես քանդեմ, որ մարդիկ այլևս երբեք չկարողանան շինել:
ՋՈՒԼԻԵՏ — Թատրոնը քանդիր, պատը հիմնահատակ քարուքանդ արա, եթե ինձ իսկապես սիրում ես:
Ռոմեոն ոտքերով, գլխով, բռունցքներով խփում է պատին: Փողոցային շները ոռնում են: Ջուլիետը հուսահատ ոգևորությամբ հրում-ցնցում է պատը: Ամբոխի հայհոյալից գոռգոռոցներ: Թմբուկի ու շեփորի աղմուկ: Խավար մթություն, որը երբեմն լուսավորվում է ամպրոպի վայրկենական փայլատակումով: Պատի տարբեր կողմերից բազմաթիվ աղյուսներ են թափվում:
ՋՈՒԼԻԵՏ — Տեսնում եմ` ինձ սիրում ես, բայց ես քեզ` ավելի շատ:
ՌՈՄԵՈ — Որքան անարդար ես, թագուհի:
ՋՈՒԼԻԵՏ — Լրիվ քանդիր պատը, թող մեր միջև ոչ մի մարդ չմնա, լինենք միայն ես ու դու:
Շարունակում են պատը տապալել առավել մեծ եռանդով` գրեթե նույն մթության և աղմուկ-աղաղակների մեջ: Վառվող մոմերով բեմ են գալիս չորս բանվորները:
Ա ԲԱՆՎՈՐ — Թատրոն եք քանդո՞ւմ, անտաղանդ դերասաններ:
Բ ԲԱՆՎՈՐ — Ձեզ կուղարկեմ հազար տարվա հանգուցյալների մոտ:
Գ ԲԱՆՎՈՐ — Պատը շինեք, թե չէ ձեզ կշինեմ:
Դ ԲԱՆՎՈՐ — Վատ օղի չի լինում, կա վատ խմող:
ՋՈՒԼԻԵՏ — Ես ու Ռոմեոն իրար սիրում ենք:
Գ ԲԱՆՎՈՐ — Մեռած մոդա:
Դ ԲԱՆՎՈՐ — Եթե հարբեցող չեք, ուրեմն միասեռական եք, ես ձեր մերը…
ՌՈՄԵՈ — Կսպանե՛մ… (Աղյուսներ է նետում բանվորների վրա, որոնք լեղապատառ փախչում են:)
ՋՈՒԼԻԵՏ — Աշխարհն էլ քանդենք, սիրելի՛ս, մեզ այսպիսի աշխարհ պետք չէ:
Բեմը դանդաղ լուսավորվում է: Պատը վերածվել է ավերակակույտի, որից որոշ ժամանակ թանձր փոշի է բարձրանում: Ռոմեոն և Ջուլիետը հիացած նայում են իրար և չեն համարձակվում մոտենալ: Թավջութակի մեղեդին ասես ելնում է դրախտի բուրավետ ու ծաղկուն այգիներից և շարունակվում ամբողջ տեսարանի ընթացքում:
ՌՈՄԵՈ — Բարև, թագուհիս:
ՋՈՒԼԻԵՏ — Ինչքա՛ն նման ես Ռոմեոյին:
ՌՈՄԵՈ — Ես Ռոմեո չեմ: Իմ անունը Հայկ է: Ես արժանի չեմ քեզ:
ՋՈՒԼԻԵՏ — Դու ինձ ավելի ես արժանի, քան Ռոմեոն:
ՌՈՄԵՈ — Ես մի հասարակ մահկանացու եմ, անհայտ նկարիչ, որը ոչ մի նկար չի նկարել:
ՋՈՒԼԻԵՏ — Դու քանդեցիր պատը, որ մենք իրար մոտենանք:
ՌՈՄԵՈ — Սերը քանդեց:
ՋՈՒԼԻԵՏ — Սերը դու ես:
ՌՈՄԵՈ — Եվ դու, թագուհի:
ՋՈՒԼԻԵՏ — Իմ հայրը թագավոր չէր, նրան աքսորեցին Սիբիր` ճշմարիտ մարդ լինելու մեղադրանքով:
ՌՈՄԵՈ — Դու ավելի գեղեցիկ ես, քան գեղեցկությունը:
ՋՈՒԼԻԵՏ — Սիրտս փակիր սրտիդ մեջ: Այլևս ինձ Ջուլիետ չասես, ոչ էլ Անգլիայի թագուհի: Ինձ սիրիր իբրև քեզ կարոտած կնոջ: Կարդա աչքերիս երջանկությունը և խոսիր անունս:
ՌՈՄԵՈ — (երկար նայում է Ջուլիետի աչքերին): Ոսկե աստվածուհի…
ՋՈՒԼԻԵՏ — Ամեն վերջ ունի նոր սկիզբ և շարունակություն: Հիվանդ եմ քեզանով և չեմ ցանկանում բուժվել:
ՌՈՄԵՈ — (գրկում է Ջուլիետին): Անահիտ… որտե՞ղ էիր մինչև հիմա…
ՋՈՒԼԻԵՏ — Դու ինձ կանչեցիր քո գիրկը:
ՌՈՄԵՈ — Սա թատրոն չէ, այլ երանելի կյանք:
ՋՈՒԼԻԵՏ — Համբուրիր կուրծքս, համբուրիր անունս, համբուրիր շուրթերս:
ՌՈՄԵՈ — Ծաղիկ ծովային:
ՋՈՒԼԻԵՏ — Իմ տղամարդ:
ՌՈՄԵՈ — Մարմինդ երգում է:
ՋՈՒԼԻԵՏ — Ո՞ւմ համար են ղողանջում քո զանգերը:
ՌՈՄԵՈ — Ամենակին կնոջ:
ՋՈՒԼԻԵՏ — Մի՞թե ես եմ:
ՌՈՄԵՈ — Ջուլին չէ: Ոչ էլ Կլեոպատրան:
ՋՈՒԼԻԵՏ — Ես երեխա կծնեմ: Նա նման կլինի քեզ:
ՌՈՄԵՈ — Թատրո՞ն ես, թե՞ իրականություն:
ՋՈՒԼԻԵՏ — Թատրոնը վերջացավ:
Համր տեսարան: Բեմը ողողված է արևաշող լույսով: Փակ վարագույր, որի վրա խոշոր տառերով գրված է. «Երկուսից հանած երեք հավասար է հինգի»: Հանդիսատեսի ծափահարությունները:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։