Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ / ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Պիեսը տպագրվել է ՛՛Դրամատուրգիայի՛՛ 3-րդ համարում /հունվար-հունիս 2001 թ./:

(պիես երկու գործողությամբ)

Գործող անձինք
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — նիհար, ճլտուզ, փրչոտ թևերով, մեծ-մեծ, չորուկ ափերով, ձեռքին` սուր բահ
Զորացրված սարսաղ ԶԻՆՎՈՐ — հագին կրկնակի մեծ, մաշված զինվորական համազգեստ, դեմքին` հիմարավուն արտահայտություն
ԶՈՐՔ

Առաջին գործողություն

Զորքը մարտնչում է… Մարտի դաշտից հեռու նստած են գերեզմանափորն ու զինվորը. հետևում են մարտին… Գերեզմանափորը վեր է կենում, սկսում բահով փորփրել հողը…

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՜նչ հող է, ինչ հրաշք, ինչպես է խշշում բահի տակ… Չգիտեի, որ Հայաստանում էսպիսի փափուկ հող կա… (Կռանում է, մի բուռ հող վերցնում, հիացած տրորում Է բռան մեջ:) Կարելի է փորել ու փորել առանց հոգնելու… Ահա երջանկությունը` փորել ու փորել առանց հոգնելու…
ԶԻՆՎՈՐ — Սևանի այս ափին բնությունը լավն է. հողը քարքարոտ չէ, եղանակը` միշտ տաք… Այստեղ նույնիսկ խաղող ու ծիրան է հասնում… Իսկ եթե կարտոլ ցանելու համար ես ուզում փորել` պարտադիր չէ… Առանց դրա էլ եթե ցանես, հոյակապ բերք կստանաս…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (մարտնչող զորքին ցույց տալով): Հողագործ չեմ, նրանց հետ եմ…
ԶԻՆՎՈՐ — Արյունից վախենո՞ւմ ես, փախե՞լ ես…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (վիրավորված): Ի՞նչ վախենալ, ես նրանց առաջնորդն եմ… Ամեն վայրկյան իմ պատկերը նրանց աչքի առաջ է…
ԶԻՆՎՈՐ — (հարգանքով): Ա՜խ, գեներալ ես, հեռվից ես հետևում մարտին…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Գեներալն ի՞նչ է, որ հասնի ինձ… Գեներալը հրամայում է այսօրվա անունից, ես` ապագայի… Հիմա հասկացա՞ր. ես լուսանցք եմ փորում դեպի ապագան, մարդուն հնարավորություն եմ տալիս թռչել անցյալի վրայով դեպի լուսավոր ապագան:
ԶԻՆՎՈՐ — Պատկերացնում եմ` զինվորները ինչքան են սիրում քեզ… թռչել մահվան վրայով. դա երազանք է, իսկ դու նրանց մահվան վրայով թռչելու հնարավորություն ես տալիս… Թռչել դեպի լույսը… Իհարկե, լույսի մեջ անհամեմատ ապահով է, միշտ էլ ապահով է…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (ինքնագոհ): Նրանք ինձ սիրում են, նաևª սիրաշահում. տալիս են իրենց օրապահիկ սիգարետը, շաքարն ու հացը… Այ այսպես, բերում են ու դնում բուռս, խնդրում, որ վերցնեմ: (Բռնում է զինվորի ափն ու, իբր, ինչ-որ բան է դնում այնտեղ:) Որովհետև ավելի ապահով տեղ, քան իմ փորածն է, երկրի վրա չկա ու չի էլ լինի…
ԶԻՆՎՈՐ — Նախանձեցի…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Կնախանձես, բա ի՞նչ… Հլա նախանձից սիրտդ էլ կպայթի… Արի, արի գնանք, իմ փորածը ցույց տամ… (Զինվորին քարշ է տալիս իր ետևից:) Ա°ռ, վերցրո°ւ: (Նրան է մեկնում գրպանից հանած շաքարն ու հացի կտորը:) Կեր, եթե սիրտդ քաշում է…

Զինվորը ուտելով հետևում է նրան… Առաջին իսկ փոսի մոտ կանգ են առնում…

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (ձեռքը հպարտորեն մեկնում է դեպի փոսը): Ահա, խնդրեմ, նայիր… հիացիր ու նախանձիր…
ԶԻՆՎՈՐ — (փոսը զննելով): Հիանալու բան չկա, ոչ էլ նախանձելու… Որպես ապաստարան շատ է սաղր, իսկի երեխայի բոյ էլ չի տա, ուր մնաց` զինվորի… Էնքան լոպազ-լոպազ խոսեցիր, կարծեցի ստորգետնյա պալատ ես փորել…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Դիակի ինչի՞ն է պետք պալատը, հո կառնավալ չի՞ կազմակերպելու… Անշարժ պառկելու համար սա լրիվ հերիք է…
ԶԻՆՎՈՐ — Ուրեմն սրանք գերեզմանափոսե՞ր են…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ինչի՞ ես քեզ էշի տեղ դնում… Բա ի՞նչ էիր կարծում` պեղումնե՞ր եմ անում, թե՞ կարտոլի հոր եմ փորում…
ԶԻՆՎՈՐ — (զզվանքով): Եվ շաքարը, որ կերա հացի հետ, դու վերցրել էիր, որ փո՞ս փորես դեռևս ողջ մարդու համար… Թո°ւհ, սիրտս խառնեց քեզնից…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Նախ` ագահը դու ես… Ես ոչ թե վերցնում եմ, այլ խնդրում են վերցնել, որպեսզի մարտից հետո առաջինը իրենց թաղեմ… Լինում է, որ օրերով մնում են ընկած բաց երկնքի տակ… Ախր, նրանք շատ են, իսկ ես` մենակ… Եվ երկրորդ` դա ամենամարդասիրական գործն է. մարդը մի°շտ էլ երազել է երկինք համբառնել, իսկ ես օգնում եմ նրան… Ավելի պատվաբեր գործ կա՞… Չկա°… Դա ավելի պատվաբեր է, քան, ասենք, քահանայի գործը… Որովհետև ամեն մեռնող չէ, որ իր կողքին քահանա է ունենում, բայց ամեն դիակ անպայման ունենում է իր գերեզմանափորը…
ԶԻՆՎՈՐ — Իսկ ինչո՞ւ է մարդը շտապում երկինք, ի՞նչ է անելու այնտեղ… Ինչ-ինչ` բայց երկնքի կռիվը մարդու հույսին չեն թողել…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Գլուխ մի տար, հեչ որ չլինի, կողքից ծափ կտա…
ԶԻՆՎՈՐ — Եվ ի՞նչ կփոխվի դրանից…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Հե°չ… Մի պատվիրան էլ կավելանա` զուր ծափ մի տա…
ԶԻՆՎՈՐ — Մի ծաղրիր, ես հարգում եմ պատվիրանները…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Դրա համար էլ ջահել-ջահել սարսաղացել ես… Բայց քեզ պես սարսաղին ախպերավարի ասեմ. աշխարհը լիքն է հարստությամբ ու սիրով, և դրանցից ոչ մեկը մերը չէ… Հիմա ի՞նչ ես առաջարկում` չսիրենք, չապրենք, պառկենք-մեռնե՞նք…

Հեռվում թշնամին փախչում է… Հաղթողները նրանց հետապնդում են, վիրավորները հավաքվում են իրար գլխի… Դաշտում ընկած են անթիվ զոհեր…

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ըհը°, լավ է, շուտ ավարտվեց… Մեռնողը մեռավ, փախչողը փախավ, հետապնդողը շարունակում է հետապնդել… Մենք էլ գնանք մեր բանին… Արի ինձ օգնիր, դիակները հավաքենք, բերենք-թաղենք…
ԶԻՆՎՈՐ — Ես հոգնած եմ, բայց որ ճիշտն ասեմ` նաև վախենում եմ… Երբեք դիակի ձեռք տված չկամ… Նույնիսկ տեսած չկամ…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ես էլ քո փայ հարիֆն եմ, հա՞… Բա դու կռվի ժամանակ ի՞նչ ես արել. զինվորը կամ սպանում է, կամ սպանվում… Եթե ողջ ես, ուրեմն սպանել ես ու դիակ էլ տեսել… Բայց, անկախ ամեն ինչից, մենք արդեն կերել ենք նրանց հացն ու շաքարը և պարտք ենք… Էնպես որª նազ ու տուզ չանես, վեր կա°ց…
ԶԻՆՎՈՐ — Չեմ կարծում, թե էն աշխարհից հատուկ կգան ինձնից էդ մի կտոր շաքարի կամ մի պատառ հացի պարտքն ուզելու…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Չեն գա, իհարկե… Էս աշխարհից պրծնողը ետ կգա՞… Բայց մենք էլ գնացող ենք, չէ՞, դիմավորողներ կունենանք…

Զինվորը դժկամորեն ելնում է տեղից… Նրանք ուղղվում են դեպի մարտի դաշտ…

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Զինվորն ու գերեզմանափորը թաղել են բոլոր դիերը… Հոգնած նստել են վերջին փոսի մոտ, հանգստանում են…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (թևը զինվորի ուսին գցելով): Լավ տղա ես, ինձ ահագին օգնեցիր, արդարացրիր կերածդ հացն ու շաքարը… Մեր գործն արինք-պրծանք… Ափսոս, էս մի փոսը դատարկ մնաց…
ԶԻՆՎՈՐ — Թող մնա, հո վերջին պատերազմը չի՞, պետք կգա…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ես իմ գործը միշտ անթերի եմ արել. չեմ սիրում կիսատ-պռատ գործ… Էստեղ պետք է մեկը պառկի… Չի կարելի դատարկ թողնել, մեղք է…
ԶԻՆՎՈՐ — (հոգոց հանելով): Ի՞նչ ասեմ, մասնագետը դու ես…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (զինվորին ուշադիր զննելով): Մի բան եմ մտածել, տեսնեմ դուրդ կգա՞… Ինձ քրտնմխած օգնեցիր, էն գլխից էլ նստեցիր, հետս խոսեցիր, ես չձանձրացա մինչև մարտն ավարտվեց… Լա°վ ընկեր ես, լավ մարդ… Բեր, քո լավության տակից դուրս գալու համար, էս մի փոսն էլ քեզ տամ` ինձնից քեզ նվեր… սրտա°նց…
ԶԻՆՎՈՐ — (տեղից վեր թռչելով): Բայց ես մեռել չեմ… Տես` շնչում եմ, խոսում հետդ…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Եղբոր պես, արի համաձայնվիր… Առավոտից էստեղ ենք, հոգնած, սոված, արի համաձայնվիր, թողնենք, գնանք… Եվ հետո, անքաղաքավարություն է նվերից հրաժարվելը… Խոստանում եմª մի ցուցանակ կտնկեմ գլխավերևումդ. ՙԱստ հանգչի…՚… Հա, անունդ ի՞նչ էր, մի ողջ օր ապրեցինք կողք-կողքի, իսկ անունդ չգիտեմ…
ԶԻՆՎՈՐ — (կմկմալով): Անո՞ւնս…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Հա, անունդ, որ սիրուն գրեմ… Կուզես` ոսկեգույն տառերով` ի նշան փառքի, կուզես` սև տառերով` ի նշան սգո… Այ, էստեղ չեմ վիճում. փոսը քոնն է, իրավունքը` քոնը… Ոնց կուզես` կանեմ… Միայն անունդ ասա…
ԶԻՆՎՈՐ — Ճիշտն ասած` չեմ հիշում…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (զինվորին ոտից գլուխ չափելով): Չե՞ս հիշում… Դու իսկական մեռելացու ես, իմ հոտառությունը ինձ չի խաբել…
ԶԻՆՎՈՐ — (վախեցած): Չէ, դու ճիշտ չհասկացար… Ես, իհարկե, անուն ունեցել եմ, բայց կռվում եղած ժամանակ արկի մի բեկոր ընկավ է գլխիս… մոռացել եմ, հիշողությունիցս ջնջվել է…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Չե՞ս հիշում` հո՞րդ անունն էր վրադ, թե՞ պապիդ…
ԶԻՆՎՈՐ — (խեղճացած): Չէ, չեմ հիշում…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ուրեմն դու ոչ ոք ես, դու անուն չունես և ապրելու իրավունք չունես… Բայց քեզ վատ մի զգա. նույնիսկ անվանի մարդկանցից շատերը չունեն այդ իրավունքը… Իսկ դու, այ մարդ, բոլորովին անուն չունես… Ախր, էդպես չի լինի, չէ՞… Եվ, ընդհանրապես, չեմ հասկանում, թե քո էդ չեղած անունով ինչի՞ ես էդքան դողդողում քո չեղած կյանքի վրա…
ԶԻՆՎՈՐ — (վիրավորված): Իմ կյանքը չեղած չէ՛… Ամբողջ օրը միասին չե՞նք եղել, չե՞նք զրուցել, նույն հացը չե՞նք կերել, շաքարն էլ` քեզ նվեր… Բա դա չեղա՞ծ է…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Թաղողը ես եմ, կուզեմ՝ չեղած կհամարեմ, կուզեմ` եղած… Կարճ ու կոնկրետ…
ԶԻՆՎՈՐ — (թախանձագին): Ուրեմն եղած համարիր…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (չոր): Չեմ կարող…
ԶԻՆՎՈՐ — (գոռալով լաց է լինում): Խիղճ ունեցիր, մա°րդ ես…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — էդ ե՞ս եմ մարդը, էդ դո՞ւ ես խղճից խոսում… Շուտ թռիր, պառկիր փոսի մեջ, ես քո պարապը չեմ… Հերիք չէ` փոսը ձրի եմ տալիս, դեռ մի բան էլ պիտի խնդրեմ ու աղաչեմ, որ վերցնես… (Զինվորին հրում, գցում է փոսը:)
ԶԻՆՎՈՐ — (փոսի միջից աղաղակելով): Վա՜յ… Էս ի՜նչ ես անում, ախր, հետդ զրուցել եմ, հաց կերել… Ամո°թ քեզ…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ է պատահել որ…
ԶԻՆՎՈՐ — Էլ ի՞նչ պիտի պատահի, էս փոսը նեղ է: (Փոսի մեջ թռչկոտելով:) Նեղ է, էլի°, հո զոռով չէ՞…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Մի կերպ կդիմանաս, քոչարի չես պարելու…
ԶԻՆՎՈՐ — (զայրացած): Հարցը քոչարին չէ… Էս մեծ աշխարհից ինձ ընդամենը մի փոս է բաժին հասնում, այն էլ՝ նե՞ղ… Ես համաձայն չեմ… Եվ, առհասարակ, մեռնելը միակ բանն է, որ մարդը գլխառադ չի անում… Իսկ այս փոսում ես ինձ լիարժեք մեռել չեմ զգում. նեղ է, հասկանո՞ւմ ես…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (ձանձրացած): Լավ, քթի մազ, դուրս արի, հիմա կլայնացնեմ, թե չէ կյանքս կուտես…

Զինվորը դուրս է գալիս փոսից, գերեզմանափորը ցատկում է փոսի մեջ… Սկսում է լայնացնել փոսը… Զինվորը պպզում է փոսի եզրին ու հետևում նրա աշխատանքին…

ԶԻՆՎՈՐ — (հիացմունքով): Ի՜նչ ներդաշնակություն. դու և փոսը, սոխակը և վարդը, սերը և սիրտը, գերեզմանափորը և գերեզմանափոսը` կատարելությո°ւն… Ինչքա՜ն եք սազում իրար… Նայելուց չեմ կշտանում…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Իզուր ես կաշվիցդ դուրս գալիս, քո ցերեկով անցած ճամփան ես գիշերով եմ անցել…
ԶԻՆՎՈՐ — Էդ դեպքում` դո°ւ եղիր մեռելը…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Չեմ կարող… Հո՞ չեմ կարող և° մեռնել, և° ինքս ինձ թաղել միաժամանակ…
ԶԻՆՎՈՐ — Չվախենաս, քեզ թաղելը ինձ վրա… Կթաղեմ ախպոր պես… Ժամանակին ահագին գրագետ էի. կարող եմ անգամ ճառ կարդալ շիրմիդ վրա կամ երգելով սգալ, ինչպես եղերամայրը` սրտակեղեք-սրտակեղեք, այնպես, որ քար ու թուփ լացեն… (Չորս կողմը նայելով:) Ափսոս, դուդուկ չկա այս… Խոստանում եմ, մինչև քառասունքդ, չէª յոթդ, թրաշ կպահեմ…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ինձ ինչի՞ տեղ ես դրել, երկու օրական երեխայի՞. մի քնձռոտ դուդուկ, մի սարսաղ անթրաշ… Դա էլ մա՞հ է… Ես հո քեզ նման անանուն մեկը չե՞մ, ես գերեզմանափո°ր եմ, մի ամբողջ զորք եմ թաղել, իմ մահը պիտի բոլորը սգան և բոլորն անխտիր թրաշ պահեն` կին թե տղամարդ, ծեր թե մանուկ… Իմ շիրիմի վրա երկնաքեր հուշարձան պիտի դրվի, և դարեդար մարդիկ պիտի հիշեն, որ ահա` այսպիսի բան էլ է հնարավոր. եղել է մի մեծ գերեզմանափոր և թաղել է մի մեծ զորք… (Դադար:) Թեև սերունդներին շլացնելու համար կարելի է թեթևակի ստել` երկո՛ւ մեծ զորք… Իսկ դու, ուրիշ բան որ չասենք, հիշողությունից անգամ զուրկ ես… Հենց երկու քայլ հեռացար` շիրիմիս տեղը մոռանալու ես, էլ ի՜նչ հուշարձան, ի՜նչ բան…
ԶԻՆՎՈՐ — (հիասթափված): Ուրեմն համաձայն չե՞ս…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Եղբոր պես, հարգիր իմ խոսքը, պառկիր թաղեմ, արդեն մթնում է…
ԶԻՆՎՈՐ — Շատ եմ ուզում հարգել, բայց վախենում եմ մեռած լինելուց, ապրելն ինձ ավելի է դուր գալիս…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Իսկ քեզ ո՞վ է ասել, որ ապրելը մեռնելուց լավ է… Անհեթեթ, շատ անհեթեթ զբաղմունք է ապրելը… Ցանկացած զբաղմունք արդյունք է տալիս. փորողն արդյունքում փոս է տեսնում, քնողը` երազ, աշխատողն` ապրուստ… Իսկ ապրողն իր արածի իմաստը չի հասկանում, չգիտի` ի՞նչ կա արդյունքում… Անհեթեթ, անհեթեթ զբաղմունք է ապրելը…
ԶԻՆՎՈՐ — Իսկ իմ կարծիքով, ապրելը հետաքրքրիր է. ապրելով մարդիկ իմաստուններ ու մարգարեներ են դառնում…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (վրա տալով): Որևէ իմաստուն կամ մարգարե ասե՞լ է, որ ապրելը լավ է մեռնելուց… Նրանք փառաբանել են բարին և ոչ թե կյանքը… Մեծահոգիները խոսել են նաև կյանքի մասին, բայց քեզ եմ հարցնում` որևէ մեկը փառաբանե՞լ է այն… Կարճ ասածª իմաստ չունի վերջին օրով քեզ լուսավորելը, պառկի°ր: (Մատնացույց է անում փոսը:)
ԶԻՆՎՈՐ — Բայց այդ առիթով մարդիկ մի լավ լողանում են վերջին անգամ, շքեղ կամ գոնե նոր շորեր են հագնում…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Շքեղ շորե՞ր… Երկրային շքեղությունները երկնքում անգամ քուրձ չարԺեն… Իսկ թե լողանալ ես ուզում, մոտակայքում գետ պիտի լինի… Արի գնանք, փնտրենք…
ԶԻՆՎՈՐ — Սրբապիղծ բաներ մի ասա. գետում մարդիկ մկրտվում են և ոչ թե մեռել լողացնում, մանավանդ, երբ գերզմանափորը մարգարե չէ…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Տարբերությունը քիչ է, իսկ ես առհասարակ տարբերություն չեմ տեսնում. մարգարեն ճամփա է բացում եկողի, ես` գնացողի համար…
ԶԻՆՎՈՐ — (կուրծքը բռնելով): Համա՛ մեծամիտն ես… Ինքնագոհ-ինքնագոհ դուրս ես տալիս, իսկ իմ սիրտը վախից ցավեց…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ անեմ, ինձ չես հավատում… Էս հողի վրա մարդու բաժինը ցավն է. մարդը ցավ պատճառելով գալիս է, ցավ պատճառելով` գնում… Իսկ երբ սկիզբն ու վերջը ցավ են, մեջտեղում չի կարող այլ բան լինել…
ԶԻՆՎՈՐ — Չէ, ինչո՞ւ, մարդ կա` հասցնում է արանքում սիրել… Սերն էլ հո ցա՞վ չէ…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (ներողամիտ ժպտալով): Խակ, խակ հոգի… պուճուր ժամանակ գլխի վրա շա՞տ ես ընկել… Հաստատ ընկել ես, թե չէ վաղուց պիտի հասկացած լինեիր, որ դա էլ է ցավ… (Մատները ծալելով թվարկում է:) Ծնունդը լուսավոր ցավ է, մահը մութ ցավ է, սերը ծակող ցավ է, կյանքը` աղաղակող ցավ… Ու ես ցավից փորում եմ ու փորում, փորում եմ ու փորում… Ինչքան շատ եմ փորում, այնքան մեծանում է ցավը և այսպես իրեղեն ցցվում առաջս… (Մանրամասնորեն շոշափում է զինվորին:) Չէ, չէ, ես քեզ պիտի թաղեմ, այլ կերպ հնարավոր չէ…

Զինվորին ուժով գցում է փոսը… Զինվորը ճարահատ ենթարկվում է, պառկում փոսի մեջ… Գերեզմանափորն սկսում է հողով ծածկել նրան…

ԶԻՆՎՈՐ — Բայց սառն է, գիտե՞ս, էս հող կոչվածը, ոտքերս փայտացան ցրտից…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ինչի՞դ են պետք ոտքերը, մահից չես փախչի…
ԶԻՆՎՈՐ — Փորս էլ ինչ-որ ծանրություն է ճնշում, շունչս կտրվում է…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Դա հողի ծանրությունն է. էսքան տարի հողն է տարել քո ծանրությունը, հիմա էլ դու տար նրա ծանրությունը…
ԶԻՆՎՈՐ — (սարսափահար): Արդեն ձեռքերս էլ անշարժացան…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ձեռքերը քեզ հեչ պետք չեն. հողը բարեգութ է, նա հավասարապես գրկում է անթևին ու թևավորին…
ԶԻՆՎՈՐ — Կոկորդս…. դեմքիս հող մի լցրու, չեմ կարողանում ձայն հանել…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Խոսելու անհրաժեշտություն չի լինի. երկինքը հաղորդակցվում է մտքով… Փակի բերանդ, թե չէ հող կլցվի…
ԶԻՆՎՈՐ — (թախանձագին): Գոնե աչքերիս հող մի լցրու, ես երկինք եմ նայում…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Հետո՞ ինչ…
ԶԻՆՎՈՐ — Հետո այն, որ չի կարելի հող լցնել երկինք նայող աչքը…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (չարացած): Ախ, դու երկնքի՞ն ես աչք դրել… Իզո°ւր, իզո°ւր… (Բահով հող է շպրտում աչքերին:) Հողը միակ բանն է, որ կշտացնում է մարդու աչքը…

Գերեզմանափորը, գործն ավարտելով, թռվռում է շիրմաթմբի վրա, պնդացնում հողը…

ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Եվ, առհասարակ, ի՞նչ ասել է՝ չի կարելի… Այս հողի վրա կարելի է ամեն ինչ… (Մատնացույց անելով երկինքը:) Միակ բանը որ չի կարելի` չի կարելի երկնքում մարդու տեղը բաց թողնել (ցույց է տալիս հողը) և երկիր վրա` Աստծո… Թե չէ ով ասես կարող է գրավել այն և խախտել տիեզերքի ներդաշնակությունը…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։