Վասիլ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Վասիլ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Թատերագետ
Հոռետեսի աչքին Ամանորն ընդամենը օրացույցի փոփոխություն է, լավատեսին թվում է, որ հիմա սկսվելու է հրաշքների տարին, իրատեսն է հստակ պատկերացնում թե՛ անցնող տարվա բացթողումներն ու հաջողությունները, թե՛ գալիք տարվա սպառնալիքներն ու հեռանկարները: Անցյալ տարի մեր թատրոններում եղան բազմաթիվ նոր բեմադրություններ, որոնց մի մասը հրավիրեց հանդիսատեսի ուշադրությունը, ոմանց (այդ թվում ինձ)՝ հիացրեց: Շատ դերասաններ, բեմադրողներ փորձեցին նոր պիեսներ ու նոր դերեր: Հիանալի արդյունք յուրաքանրյուր տարվա համար, նույնիսկ եթե նոր ստեղծագործությունների զգալի մասը նշանակալի էր միայն դրանց կատարողների համար. կատարումներով է հղկվում վարպետությունը: Նոր, 2020 թվականին նույնպես լավ պիեսներ, բեմադրություններ, դերակատարումներ կլինեն, ինչու ոչ՝ նաև հետաքրքիր հրապարակումներ-արձագանքներ այդ ստեղծագործություններին: Վստահությամբ եմ ասում, քանի որ տեսնում եմ բազում անկախ, ինքնուրույն երիտասարդների, ում մտածողությունը սահմանափակված չէ ավանդական «փող չեն տալիս, արվեստը չեն գնահատում, պետությունը չի օժանդակում» ձևակերպումներով:
Թող նոր տարում մեր բոլոր դրամատուրգները տեսնեն իրենց պիեսները բեմում և տեսածով ներշչված նոր ստեղծագործություններին սկիզբ տան:
Թող յուրաքանչյուր բեմադրող գտնի այնպիսի պիես, որը թույլ չի տա իրեն հանգիստ քնել:
Թող ամեն դերասան ստանա այն դերերի առաջարկը, որոնց մասին երազում էր մասնագիտությունն ընտրելիս և կրթություն ստանալիս:
Թող տեսաբանները թատրոնի հետ առնչվեն գործնականորեն, հաճախակի նստեն հանդիսասրահում և գրելիս ներշնչանքի աղբյուր գտնեն ոչ միայն թատրոնի պատմությանը նվիրված գրքերում, այլև իրենց հոգու խորքում, որտեղ տեղի է ունենում հանդիպումը կերպարի, պիեսի, գեղարվեստի հետ:
Եվ թող հանդիսականներն ամեն անգամ թատրոնից հեռանալով զգան, որ քիչ առաջ մի իրադարձություն էր, մի եզակի պահ, որի մասնակիցը լինելու բախտ ունեցան: