Գառնիկ ԱՐԱԶՅԱՆ /«ՇԵՔՍՊԻՐԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՀԱՆԴՈՒՐԺԻ»

«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» ՀԱՆԴԵՍԻ ԱՐԽԻՎ/ ՊԻԵՍՆԵՐ

Գառնիկ ԱՐԱԶՅԱՆԻ «ՇԵՔՍՊԻՐԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՀԱՆԴՈՒՐԺԻ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2007 թ., թիվ 12-13-ում

 

Ինձ դուր է գալիս, երբ թատրոնը գեղարվեստական ու լուսավորչական լուրջ խնդիրներ է առաջադրում և ալեկոծում է մտքերը… Իմ ստեղծագործություններում, գրված թատրոնի կամ կինոյի համար, բազմաթիվ բարեկամներ եմ ձեռք բերում՝ ի դեմս նոր կերպարների: Սա Թատրոն կոչված այն հրաշքն է, որն ինձ հետ է մշտապես:

 

Գառնիկ ԱՐԱԶՅԱՆ

 

ՇԵՔՍՊԻՐԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՀԱՆԴՈՒՐԺԻ

Գործող  անձինք

ՌԵԺԻՍՈՐ

ՄՈՒՐԱՑԻԿ, նաև ՕԹԵԼԼՈ

ՄԱՐԶԻԿ, նաև ՅԱԳՈ

ԳԵՐԱԶԱՆՑԻԿ, նաև ԿԱՍՍԻՈ

ՄՈՒԼԱՏՈՒՀԻ, նաև ԴԵԶԴԵՄՈՆԱ

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ

ԳՈՀԱՐ – սրճարանատիրոջ կինը, նաև ԷՄԻԼՅԱ

ՇԻԿԱՀԵՐ – բուֆետապան, նաև ԲԻԱՆԿԱ

ԳԱՐԻԿ – սրճարանի աշխատող, նաև ՌՈԴՐԻԳՈ

ՎԱՀԵ – ֆիլմի օպերատոր

ՖԻԼՄԻ ՏՆՕՐԵՆ

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ

ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏ

ՈՍՏԻԿԱՆ

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

ՄԱՖԻԱՅԻ ՇԵՖ

ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐ

ՀԱՎԱՔԱՐԱՐ

ԹՂԹԱԿԻՑ

 

Բեմի երկու կողմերում կախիչներ են, որոնցից կախված են ֆրակներ և կանացի երեկոյան զգեստներ:

Նախաբեմ է դուրս գալիս Մուրացիկը, փալասի կտոր է փռում հատակին, նստում, դիմացը դնում է ստվարաթղթե տուփ: Հայտնվում է 1-ին անցորդը, մանրադրամը նետում է տուփի մեջ, գնում է: Հետո՝ 2-րդը՝ նույն կերպ: Հայտնվում է Ռեժիսորը, առանց դրամ տալու անցնում է նրա կողքով:

ՄՈՒՐԱՑԻԿ — Ներեցեք, ես վաղուց եմ ձեզ հետևում… Ինչո՞ւ ոչ մի անգամ փող չեք տալիս: Պատկառելի տղամարդ եք, տարիքով, լավ էլ հագնված: Փող չունե՞ք: Թե՞ մեծ ընտանիք ունեք, հոգսեր, երեխաներ: Ներեցեք, որ ես այսպես… առանց ձևականությունների…

ՌԵԺԻՍՈՐ — Դե, ինչպես ասեմ… դա երկար պատմություն է:

ՄՈՒՐԱՑԻԿ — Եթե պատմությունը երկար է, գուցե ոչ հիմա և ոչ այստեղ: Ահա, անձրևն էլ սկսվեց:

ՌԵժԻՍՈՐ — Ոչինչ, ոչինչ… (Մեկուսի:) Ինչպե՞ս թե՝ ոչ հիմա ու ոչ այստեղ: Իսկ որտե՞ղ… Թե՞ իմ տուն գալու հույս ունի: Գուցե բանալին է՞լ տամ… (Գնում է:)

 

Հաջորդ օրը: Մուրացիկը նստած է իր տեղում: Անձրև է գալիս: Հայտնվում է Ռեժիսորը:

ՄՈՒՐԱՑԻԿ — Բարի օր: Ժամանակ ունե՞ք, մի քիչ զրուցենք:

ՌԵԺԻՍՈՐ — (հետաքրքրված): Ժամանակ կգտնվի:

ՄՈՒՐԱՑԻԿ — (հավաքելով իրերը): Այդ դեպքում, եթե դեմ չեք, սուրճ խմենք դիմացի սրճարանում: Ես այնտեղ եմ ճաշում: Բայց մի պայմանով՝ ես եմ հյուրասիրում: (Գնում են:)

 

Բացվում է վարագույրը. սրճարան է՝ «Արևիկ»: Ձախ անկյունում արդեն նստած են Մուրացիկն ու Ռեժիսորը: Սեղանին օղի է, ուտելիք:

ՄՈՒՐԱՑԻԿ — (գրաֆինից օղի լցնելով): Չեմ սիրում շշից խմել: Օղին գրաֆինի մեջ պիտի լինի:

ՌԵԺԻՍՈՐ — Իսկ դուք էսթետ եք:

ՄՈՒՐԱՑԻԿ — Լավ է, երբ ամեն ինչ գեղեցիկ է, կոկիկ… Մանկությունից դրան եմ սովոր:

 

Խոհանոցից դուրս է գալիս Սրճարանատերը, սեղանին է դնում տապակած ճուտը:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (Մուրացիկին): Բարի ախորժակ, մաեստրո: Ճուտը Գոհարն է տապակել: (Գնում է:)

ՄՈՒՐԱՑԻԿ — Սրճարանի տերն է: Պարկեշտ մարդ է, ընկերացել ենք: Մասնագիտությունը չգիտեմ, բայց բանաստեղծություններ է գրում, ի դեպ, բավական տանելի: Գոհարը կինն է, հրաշալի խոհարար է: Իսկ, ներողություն, ձեր մասնագիտությունը… Կարող եք չպատասխանել, եթե չեք ուզում:

ՌԵԺԻՍՈՐ — Չէ, ինչո՞ւ, ես ռեժիսոր եմ, դերասան, երաժիշտ: Երեք բարձրագույն կրթություն ունեմ: Գործազուրկ եմ: Հովանավոր եմ փնտրում ֆիլմս նկարահանելու համար: Ծանոթ պատմություն է, այդպես չէ՞: Իսկ դո՞ւք ինչով եք զբաղվել մինչև… մինչև որ…

ՄՈՒՐԱՑԻԿ — Ուզում եք ասել՝ մինչև մուրացկանություն անե՞լս… Մի ամաչեք, հարցրեք: (Օղի է լցնում:) Գիտական աշխատող էի, գիտությունների թեկնածու: Գործերը վատացան, մեր բաժինը փակեցին, մեզ փողոց շպրտեցին: Կինս չդիմացավ, գնաց… ուրիշի գիրկը: Ասենք, վաղուց պիտի գնացած լիներ: (Լուռ ուտում են:) Նա հիմա օտարերկրացի է՝ հասցրեց քաղաքացիությունը փոխել: Աղջիկս մնաց նրա հետ, 17 տարեկան է, մուլատուհի, գեղեցկուհի:

ՌԵԺԻՍՈՐ — Մուլատուհիներն իսկական գեղեցկուհիներ են:

ՄՈՒՐԱՑԻԿ — Ես նրանց օգնում եմ, շատ եմ օգնում: Աղջկաս հետ էլ շուտ-շուտ եմ հանդիպում: «Աշխատանքիս» վայրում չէ, իհարկե, իմ տանը: Ծնողներիս էլ եմ օգնում: Մի խոսքով, ամեն ինչ նորմալ է:

ՌԵԺԻՍՈՐ — Իսկ ինչո՞ւ եք նստում այդ անկյունում, անցնող-դարձողը քիչ է:

ՄՈՒՐԱՑԻԿ — Հանգիստ է: Մարդաշատ տեղեր չեմ սիրում: Միայն ոստիկանին եմ մուծվում, իսկ հարկեր չեմ վճարում:

 

Բարի ետևից դուրս է գալիս Շիկահերը՝ շատ կարճ հագնված, մեծ լանջաբացվածքով: Սեղանին է դնում երկու բաժակ սուրճ:

ՇԻԿԱՀԵՐ — Գոհարն է եփել: (Կոնքերը ճոճելով վերադառնում է տեղը՝ Ռեժիսորի սևեռուն հայացքի ուղեկցությամբ:)

ՄՈՒՐԱՑԻԿ — Եթե գաղտնիք չէ, ի՞նչ եք ուզում նկարահանել:

ՌԵԺԻՍՈՐ — (հայացքը դժվարությամբ պոկելով Շիկահերից): Շեքսպիրի «Օթելլոն»: Լսած կլինեք:

ՄՈՒՐԱՑԻԿ — Շեքսպիր կարդում եմ բնագրով:

ՌԵԺԻՍՈՐ — Հրաշալի է: Իսկ ես այդպես էլ չսովորեցի: Հասկանո՞ւմ եք, Շեքսպիրը սխալ վերնագիր է ընտրել, սա, իհարկե, իմ կարծիքն է: Ես իմ ֆիլմը կանվանեմ «Յագո»: Այդպես ավելի արդիական է ու համոզիչ:

ՇԻԿԱՀԵՐ — (մոտենալով նրանց): Գոհարը հարցնում է՝ էլ բան պետք չէ՞:

ՌԵժԻՍՈՐ — Ինձ՝ չէ:

ՄՈՒՐԱՑԻԿ — Ոչ, շնորհակալ ենք: (Կոնքերը ճոճելով վերադառնում է տեղը՝ Ռեժիսորի սևեռուն հայացքի ուղեկցությամբ:)

ՌԵԺԻՍՈՐ — Ի դեպ, ես ձեզ կփորձեի Յագոյի դերում:

Ոտքի են ելնում:

ՄՈՒՐԱՑԻԿ — Ինչքա՞ն է պետք ֆիլմի համար:

ՌԵԺԻՍՈՐ — Համարյա ոչինչ… Մի 350 հազար: Բնականաբար, դոլար:

ՄՈՒՐԱՑԻԿ — Օ՜-հո…

Բարեկամաբար հրաժեշտ են տալիս, երկուսն էլ մի քիչ հարբած են:

 

Տեսարան. Նախաբեմ: Մուրացիկը նստած է իր տեղում: Հայտնվում է Ռեժիսորը:

ՄՈՒՐԱՑԻԿ — Ժամանակ ունե՞ք, խոսելու բան կա:

ՌԵԺԻՍՈՐ — Բա՞ն է պատահել:

ՄՈՒՐԱՑԻԿ — Չէ, բայց խոսել պետք է: Գնանք սրճարան, իմ հաշվին, բնականաբար:

 

Բացվում է վարագույրը: Սրճարանում՝ իրենց անկյունում, նստած են Մուրացիկն ու Ռեժիսորը: Մոտենում է Սրճարանատերը:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (Մուրացիկին): Մաեստրո, Գոհարը ձուկ է պատրաստել՝ մատներդ հետը կուտեք:

ՄՈՒՐԱՑԻԿ — (Ռեժիսորին): Ձուկ սիրո՞ւմ եք:

ՌԵԺԻՍՈՐ — Շատ, բայց… առանց օղու:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Եղավ: (Գնում է:)

 

Բարի ետևից դուրս է գալիս Շիկահերը, երկու բաժակ սուրճ է դնում սեղանին:

ՇԻԿԱՀԵՐ — Գոհարն է եփել: (Կոնքերը ճոճելով վերադառնում է տեղը՝ Ռեժիսորի սևեռուն հայացքի ուղեկցությամբ:)

ՄՈՒՐԱՑԻԿ — (գրպանից հանելով փաթեթ՝ մեկնում է Ռեժիսորին): Սա՝ ձեզ:

ՌԵԺԻՍՈՐ — Ի՞նչ է:

ՄՈՒՐԱՑԻԿ — 350 հազար դոլար: Ձեր «Յագոն» նկարահանելու համար: Իմ մասնակցությամբ, եթե, իհարկե, չեք առարկում:

ՌԵԺԻՍՈՐ — Դուք խելագար եք:

ՄՈՒՐԱՑԻԿ — Ձեզ չեմ հասնի: Իսկ Դեզդեմոնան կարո՞ղ է մուլատուհի լինել:

ՌԵԺԻՍՈՐ — Ձեզ հասկացա: Իհարկե, կարող է: Իսկ ինչո՞ւ ոչ: Շեքսպիրը ամեն ինչ կհանդուրժի: Չէ՞ որ նա հանճար է:

ՄՈԻՐԱՑԻԿ — Ես էլ նույն կարծիքին եմ:

Լույսը մարում է:

 

Տեսարան. Վաղ առավոտ: Սրճարանում հատուկենտ հաճախորդներ են: Իրենց տեղում նստած են Մուրացիկն ու Ռեժիսորը:

ՄՈԻՐԱՑԻԿ — Մեկ անգամ էլ կարդացի «Օթելլոն»: Իրավացի եք, այսօր Յագոն ավելի արդիական ու հզոր կերպար է, իսկ դերասանի համար այդ դերն իսկական գյուտ է:

ՌԵԺԻՍՈՐ — Շատ ուրախ եմ, որ համամիտ եք ինձ:

ՄՈՒՐԱՑԻԿ — Բայց դեռ շտապել պետք չէ:

 

Մոտենում է Սրճարանատերը, ձեռքին՝ գարեջրի շշեր ու բաժակներ:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Բարի լույս: Շոգ օր է լինելու, ծարավը հագեցնել է պետք:

 

Շիկահերը եփած խեցգետիններով սկուտեղ է դնում սեղանին:

ՇԻԿԱՀԵՐ — Բարի առավոտ: (Կոնքերը ճոճելով վերադառնում է տեղը՝ Ռեժիսորի սևեռուն հայացքի տակ:)

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Խեցգետինները Գոհարն է խաշել, մաեստրո: Ձայն հանեք, թե բան պետք լինի:

ՄՈՒՐԱՑԻԿ — Շնորհակալ եմ: (Մատնացույց անելով Ռեժիսորին:) Այ, նա է իսկական մաեստրոն:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Հասկացա: Բարի ախորժակ: (Գնում է:)

ՄՈՒՐԱՑԻԿ — Բայց դա իմ դերը չէ: Իմ էությամբ, խառնվածքով ես ավելի շատ Օթելլո եմ: Ու կնախընտրեի Օթելլո խաղալ:

Ախորժակով ուտում ու խմում են:

ՌԵԺԻՍՈՐ — Բայց ինձ առաջին հերթին Յագոն է պետք:

ՄՈՒՐԱՑԻԿ — Օթելլոն Յագոյից պակաս կերպար չէ: Առանց նրա Յագոն չէր լինի, այդպես չէ՞ :

ՌԵԺԻՍՈՐ — Համաձայն եմ, բայց Յագո, միևնույն է, չունենք:

ՄՈՒՐԱՑԻԿ — Դրա ճարն էլ կա:

 

Մոտենում է Շիկահերը:

ՇԻԿԱՀԵՐ — (Ռեժիսորին): Մաեստրո, Գոհարը հարցնում է՝ սուրճը քա՞ղցր եք խմում, թե՞ ոչ այնքան:

ՌԵԺԻՍՈՐ — Միջին:

Շիկահերը գնում է՝ դարձյալ Ռեժիսորի հայացքի ուղեկցությամբ:

ՄՈՒՐԱՑԻԿ — Եթե դեմ չեք, շատ հետաքրքիր մեկին կարող եմ առաջարկել այդ դերի համար: Իտալացիները պրոֆեսիոնալ դերասանների չէին նկարահանում, ու դա բավական հուզիչ էր ստացվում:

ՌԵԺԻՍՈՐ — Իտալական նեոռեալիզմի լավ գիտակ եք:

ՄՈՒՐԱՑԻԿ — Մի քիչ կա… Ուրեմն այսպես, իմ ընկերն է: Նրան տեսել եք՝ հարևան անկյունում է նստում, նույն գործի վրա ենք: Նախկին մարզիկ է, հայտնի անուն: Շատերի պես անգործ մնաց, իսկ թոշակով ապրել, հասկանում եք…

Լույսը մարում է:

 

Տեսարան. Սրճարանում՝ ծանոթ սեղանի շուրջ, արդեն նստած են Ռեժիսորը, Մուրացիկը, Մարզիկն ու Մուլատուհին:

ՄԱՐԶԻԿ — (Ռեժիսորին փաթեթ մեկնելով): Սա՝ ձեզ: 200 հազար է, իմ բաժինը: Ես ու Օթելլոն կլինենք ֆիլմի պրոդյուսերը: Ճիշտ է, Շեքսպիր բնագրով չեմ կարդում, բայց դանիերեն գիտեմ:

ՌԵԺԻՍՈՐ — Հրաշալի է: (Մուլատուհուն.) Ասացեք, խնդրեմ, գոնե թատերական խմբակում խաղացե՞լ եք:

ՄՈԻԼԱՏՈԻՀԻ — Չեմ խաղացել: Բայց հայրիկը ստիպում էր, որ բանաստեղծություններ անգիր անեմ ու դերասանուհի դառնամ: Իսկ մայրիկս դեմ էր:

ՌԵԺԻՍՈՐ — Մայրիկն ինչո՞ւ էր դեմ:

ՄՈԻԼԱՏՈԻՀԻ — Նա ասում էր, որ բոլոր դերասանուհիները… դե, էն տեսակից են:

ՄՈՒՐԱՑԻԿ — Մայրիկի ասածները չենք քննարկի: Նա իրավացի չէ:

ՌԵԺԻՍՈՐ — Ուրեմն՝ վերադառնանք մեր ոչխարներին: Մնաց Կասսիոն:

ՄՈՒՐԱՑԻԿ — Դրա ճարն էլ կա: (Շիկահերին.) Կանչիր տիրոջդ:

ՇԻԿԱՀԵՐ — Հիմա: Գոհարը հարցնում է՝ ի՞նչ պատրաստի ձեզ համար:

ՄՈՒՐԱՑԻԿ — Դրա ժամանակը չէ, տիրոջդ կանչիր:

 

Շիկահերը գնում է: Հայտնվում է Սրճարանատերը:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Լսում եմ, շեֆ:

ՄՈՒՐԱՑԻԿ — Շվացրու «Գերազանցիկին», թող գա: Ասա՝ գործ կա:

 

Սրճարանատերը գալիս է նախաբեմ, սուլում երեք անգամ: Նախաբեմի մյուս անկյունում նստած մուրացիկը, լսելով սուլոցը, տեղից բարձրանում է:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Շեֆը կանչում է: (Մտնում է սրճարան:)

 

«Գերազանցիկը» հավաքում է իրերը, մտնում սրճարան: Մոտենալով՝ Մուրացիկին է մեկնում փաթեթը:

ԳԵՐԱԶԱՆՑԻԿ — Եղածը սա է:

Այս պահին «Գերազանցիկի» ու Մուլատուհու հայացքները հանդիպում են:

ՄՈՒՐԱՑԻԿ — (Ռեժիսորին): Մեր «Գերազանցիկն» է: «Գերազանցիկ»՝ որովհետև ավարտել է թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը կարմիր դիպլոմով, ինչ-որ մրցույթի դափնեկիր է: Բայց դա արդեն կարևոր չէ: Ինստիտուտում Համլետ է խաղացել, Կասսիո կխաղա ու կխաղա: Բայց սա իմ կարծիքն է, որոշողը դուք եք:

 

Տեսարան. Կազինոյի մի հատված: Պտուտակախաղով տարված Տնօրենին է մոտենում Ռեժիսորը:

ՌԵժԻՍՈՐ — Խոսելու բան կա:

ՏՆՕՐԵՆ — Մի խանգարի:

ՌԵԺԻՍՈՐ — Գործերդ ո՞նց են, ի՞նչ ես անում:

ՏՆՕՐԵՆ — Ինչպես տեսնում ես՝ խաղում եմ:

ՌԵԺԻՍՈՐ — Ֆիլմս սկսում եմ, տնօրենը կլինե՞ս:

ՏՆՕՐԵՆ — Փողն ինչքա՞ն է:

ՌԵԺԻՍՈՐ — Կես միլիոն:

ՏՆՕՐԵՆ — Ի՞նչ ես նկարում:

ՌԵԺԻՍՈՐ — Շեքսպիրի «Օթելլոն», ավելի ճիշտ՝ «Յագոն»:

ՏՆՕՐԵՆ — Չեղավ, դա փող չէ: (Մտքում ինչ-որ հաշվարկներ անելով:) Հինգ գործողություն… պետք է կրճատել: Ո՞ւր է սցենարը:

Լույսը մարում է:

 

Տեսարան. Բեմի հակառակ կողմում փողոցի հատված է: Ռեժիսորը կանգնած է կոյուղու բաց հորի մոտ:

ՌԵԺԻՍՈՐ — (գոռում է հորի մեջ): Վահե՜…

ՎԱՀԵ — (հորի միջից հայտնվում է գլուխը): Ի՞նչ կա:

ՌԵԺԻՍՈՐ — Դուրս արի, ֆիլմ ենք նկարում: Քեզնից բացի ո՞վ կարող է լինել օպերատորը:

ՎԱՀԵ — Նախահաշիվն ինչքա՞ն է:

ՌԵԺԻՍՈՐ — Կես միլիոն:

ՎԱՀԵ — Քիչ է: Ի՞նչ ես նկարում:

ՌԵԺԻՍՈՐ — Շեքսպիր: «Օթելլոն»:

ՎԱՀԵ — Բան ու գործ չունե՞ս: Նկարահանումները Կիպրոսո՞ւմ են լինելու:

ՌԵԺԻՍՈՐ — Չէ, սրճարանում: (Վահեի գլուխն անհետանում է:) Բայց Դեզդեմոնան մուլատուհի է:

Վահեի գլուխը հայտնվում է:

ՎԱՀԵ- Իսկ Օթելլոն ուզբե՞կ է: Ինչքան հասկացա՝ ինտերնացիոնալ նախագիծ է: (Անհետանում է հորի մեջ:)

ՌԵԺԻՍՈՐ — Վաղը ժամը 10-ին հավաքվում ենք «Արևիկ» սրճարանում:

Լույսը մարում է:

 

Տեսարան. Նախաբեմում ջերմոցի հատված է: Արմենը սածիլներ է տնկում: Հայտնվում են Ռեժիսորն ու Վահեն:

ՌԵԺԻՍՈՐ — Բարև, ծերուկ:

ԱՐՄԵՆ — Ողջույն:

ՌԵԺԻՍՈՐ — Այ թե ջերմոց ես սարքել, ֆիլմ էլ կարելի է այստեղ նկարել:

ԱՐՄԵՆ — Վարձով կտամ: Բայց քեզնից շատ թանկ կվերցնեմ:

ՌԵԺԻՍՈՐ — Շեքսպիրը սկսել եմ, հնչյունային ռեժիսորը դու ես:

ԱՐՄԵՆ — Եթե էքսպեդիցիա կա, չեմ կարող: Տարին երաշտային է, ջրել է պետք:

ՌԵԺԻՍՈՐ — Նկարահանումները սրճարանում են լինելու:

ՎԱՀԵ — Դերասաններն էլ փողոցից են, մուրացիկներ:

ԱՐՄԵՆ — Տնօրե՞նն ով է:

ՌԵԺԻՍՈՐ — Մեր նախկինը, համաձայնությունր տվել է: Սցենարն արդեն վերցրել է նախահաշիվ կազմելու համար:

ԱՐՄԵՆ — Սրտովս չէ… Մուրացիկների հետ գործ բռնելուց քրեականի հոտ է գալիս: Տեսե՞լ ես, հեռուստացույցով ինչ հաղորդում էին արել…

ՌԵԺԻՍՈՐ — Քո իմացածներից չեն. Օթելլոն անգլերեն է խոսում, իսկ Յագոն՝ դանիերեն:

ՎԱՀԵ — Իսկ Կասսիոն, ոչ ավել, ոչ պակաս, գերազանցիկ է: Դու նրան թատերականից պիտի իմանաս:

ՌԵԺԻՍՈՐ — Տղերք, սա մեր վերջին շանսն է:

ԱՐՄԵՆ — Տնօրենը սրտովս չէ, օրերով կազինոյում վեր ընկած է: Բա որ փողերն առնի ու…

ՌԵԺԻՍՈՐ — Մի վախենա, Օթելլոյի պես դյուրահավատ չեմ:

ՎԱՀԵ — Էդ տղերքի ձեռքից փող չես փախցնի:

ԱՐՄԵՆ — Էլ չեմ ասում, որ մեջները մի պրոֆեսիոնալ դերասան չկա:

ՌԵԺԻՍՈՐ — Էդ նախահաշվով պրոֆեսիոնալ չես գտնի: Լավ, պայմանավորվեցինք, վաղը կհավաքվենք սրճարանում ժամը 10-ին:

Լույսը մարում է:

 

Տեսարան. Վարագույրը բացվում է՝ սրճարանն է: Սեղանի շուրջ նստած պիեսն են կարդում Ռեժիսորը, Օթելլոն, Յագոն, Դեզդեմոնան, Կասսիոն: Կողքի սեղանի մոտ նստած են Վահեն ու Արմենը՝ իրենց տեխնիկայով:   Արմենը ականջակալներով է:

ՌԵԺԻՍՈՐ — «Յագոյի» գլխավոր թեման չարագործությունն է, որի պատճառը նախանձն է, իշխելու մարմաջը: Համընդհանուր երևույթ, այդ իսկ պատճառով էլ կարևոր չէ, որ Դեզդեմոնան խառնածին է:

 

Քիչ հեռու նստած Կինոքննադատը, վերջին նախադասությունը լսելով, տեղից վեր է թռչում:

ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏ — Շեքսպիրի Դեզդեմոնան սպիտակամորթ է:

ՌԵԺԻՍՈՐ — (Սրճարանատիրոջը): Սա՞ ով է:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (Կինոքննադատին): Դուք ո՞վ եք:

ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏ — Ես կինոքննադատ եմ:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (Ռեժիսորին): Մաեստրո, կինոքննադատ կանչե՞լ եք:

ՌԵԺԻՍՈՐ — Միայն դա էր պակաս:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Խնդրում եմ ազատել սրճարանը, մեզ մոտ հաշվառում է:

ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏ — (գոռում է): Ձեր ռեժիսորը Շեքսպիր չի հասկանում:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Գնա գործիդ… (Դուրս է քշում հաճախորդին, դռանը ցուցանակ կախում՝ «Հաշվառում»:)

 

Շտապով ներս է մտնում Տնօրենը, մոտենում է Ռեժիսորին:

ՏՆՕՐԵՆ — (նրան թղթեր տալով): Սա քո նախահաշիվը, փողը քիչ է, գումարի մեջ չենք տեղավորվում:

ՕԹԵԼԼՈ — (Ռեժիսորին): Բա ասում էիք՝ 350 հազար… 550 հազար ենք տվել, էդ ո՞նց հասկանանք:

ՌԵԺԻՍՈՐ — Բանի տեղ չդնեք, դա տնօրենների պրոֆեսիոնալ հատկանիշ է: (Նայելով թղթերը՝ Տնօրենին:) Իսկ ո՞ւր են կոստյումները, ամպհովանիով մահճակալը:

ՏՆՕՐԵՆ — Կոստյումներ չեն լինի, դերասաններն իրենց հագուստով կնկարահանվեն: Հիմա ամբողջ աշխարհում այդպես են անում:

ՌԵԺԻՍՈՐ — Կաննը նախահաշվի մեջ կա՞:

ՏՆՕՐԵՆ — Հա, բայց ոչ բոլորի համար: (Մոտենում է Շիկահերին, սուրճ պատվիրում:)

 

Հայտնվում է Գոհարը՝ մատուցարանը ձեռքին: Գարեջրի շշերը շարում է սեղանին, արժանապատիվ լրջությամբ գնում խոհանոց:

ՌԵԺԻՍՈՐ — (հիացած): Պատրաստի Էմիլյա է:

ՇԻԿԱՀԵՐ — Էդ դեպքում ես Բիանկա եմ:

ՏՆՕՐԵՆ — Ես էլ՝ Հռոմի պապ:

 

Սկսվում է փորձը: Վահեն ու Արմենը միացնում են տեխնիկան, հարմարեցնում միկրոֆոնները: Գարիկը՝ սրճարանի աշխատողը, ներսուդուրս է անում, ապրանք է կրում, պահը հարմարեցնելով՝ մոտենում Ռեժիսորին:

ԳԱՐԻԿ — Մաեստրո, հիմա ես պե՞տք եմ:

ՌԵԺԻՍՈՐ — Չէ, Ռոդրիգոյի տեսարանը ավելի ուշ է: (Օթելլոյին.) Այս փոքրիկ մենախոսության մեջ պիտի արտահայտես վերաբերմունքդ… կինդ պառկել է Կասսիոյի հետ, հետը կամ վրան… Պատկերացրի՞ր:

ՕԹԵԼԼՈ — Առաջ կարող էի, բայց հիմա… պետքս չէ:

ՌԵԺԻՍՈՐ — Կնոջդ նկատի չունեմ, Դեզդեմոնայի մասին է խոսքը: Արի էդ կտորը էլի փորձենք:

ՕԹԵԼԼՈ — Պառկել է: Հետը կամ վրան: Զզվելի է: Թաշկինակը: Թող խոստովանի: Թաշկինակը:

ՌԵԺԻՍՈՐ — Թաշկինակին դեռ կվերադառնանք… Ավելի ուշ: Սա շատ կարևոր կտոր է, մեկ անգամ էլ:

ՕԹԵԼԼՈ — Պառկել է: Հետը կամ վրան: Զզվելի է: Թաշկինակը: Թող խոստովանի: Թաշկինակը:

ՌԵԺԻՍՈՐ — «Զզվելի է» բառի ժամանակ առաջ ես զալիս՝ խոշոր պլան է:

ՕԹԵԼԼՈ — Պառկել է: Հետը կամ վրան: Զզվելի է: Թաշկինակը: Թող խոստովանի: Թաշկինակը:

ՌԵԺԻՍՈՐ — (Տնօրենին): Ո՞ւր է խոստացածդ գրիմ անողը:

ОԹԵԼԼՈ — Տնից դուրս է եկել, շուտով այստեղ կլինի:

 

Յագոն ու Ռոդրիգոն մոտենում են բարին:

ՌՈԴՐԻԳՈ — Չե՞ս խաբի:

ՅԱԳՈ — Իմ կողմից միամիտ կաց… Շատ անգամ ասել եմ քեզ և նորից ու նորից կրկնում եմ. ես մավրին ատում եմ: Իմ դատը սրտումս է խրված, քոնն էլ նույնչափ խոր հիմք ունի: Միանանք և նրանից ոխ հանենք: Եթե կարողանաս նրա գլուխը եղջյուրներով զարդարել, դա քեզ համար հաճույք կլինի և ինձ՝ զվարճություն:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Գարիկ, մեքենան եկավ:

ՌՈԴՐԻԳՈ — Կներես, ապրանքը պահեստ պիտի իջեցնեմ: (Գնում է:)

 

Յագոն նստում է բարձր աթոռակին: Շիկահերը գարեջուր է լցնում: Յագոն խմում է ու նայելով Օթելլոյի կողմը՝ կամաց արտասանում:

ՅԱԳՈ — Ատում եմ մավրին:

Շատերը կարծում են,

Թե նա երբեմն սավաններիս մեջ իմ տեղն է բռնել:

Ճիշտ է այդ թե ոչ, դա ինձ հայտնի չէ,

Բայց ես այդ տեսակ կասկածի դեպքում

Այնպես կվարվեմ, որպես թե իրոք վստահ լինեի:

Նա հարգում է ինձ, ուրեմն՝ ավելի դյուրավ կարող եմ

Մտադրածներս գործ դնել վրան…

Մավրը մի անկեղծ, սրտաբաց մարդ է,

Որ բոլոր պարկեշտ թվացողներին

պարկեշտ է կարծում,

Եվ կարելի է այնպես քնքշությամբ քթիցը քարշ տալ,

Ինչպես էշերին:

ՌԵԺԻՍՈՐ — (Օթելլոյին): Օթելլոն դյուրահավատ է, սրտաբաց: Ամեն ինչի ու ամենքին հավատում է, դրա համար էլ քիչ մնաց՝ գժվեր, կարծելով, թե Դեզդեմոնան պառկել է Կասսիոյի հետ: Արի մեկ անգամ էլ փորձենք:

 

Սրճարան է մտնում Կոմպոզիտորը՝ ճամպրուկով, մոտենում է Ռեժիսորին:

ՌԵԺԻՍՈՐ — (Տնօրենին): Ծանոթացեք, մեր կոմպոզիտորն է: (Կոմպոզիտորին.) Մեր Տնօրենն է:

ՏՆՕՐԵՆ — (Ռեժիսորին՝ շշուկով:) Որտեղի՞ց ես սրան պեղել:

ՌԵԺԻՍՈՐ — Հանճարեղ երաժշտություն է գրում:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Որտե՞ղ եմ ապրելու: Խնդրում եմ, ասացեք՝ ճամպրուկս հյուրանոց տանեն: (Մոտենում է դաշնամուրին, ակորդներ վերցնում:)

ՏՆՕՐԵՆ — (Արմենին): Գուցե քո ամառանոցում ապրի, հը՞: Սածիլներդ էլ կջրի: (Արմենը գլխով համաձայնության նշան է անում:) Այդպես, այդպես… (Ձեռքերը շփելով:) Ահա և առաջին տնտեսումը:

ԱՐՄԵՆ — Ես էլ կարծում էի՝ Վերդիի երաժշտությունն է լինելու:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Ոչ մի Վերդի: Եթե ֆիլմում նրա մի նոտան էլ լինի, իմ ոտքն այստեղ չի լինի: Երաժշտությունը ես եմ գրելու:

ՌԵԺԻՍՈՐ — Հանգստացիր, Վերդի չի լինի:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Որտե՞ղ են մեր պերսոնաժները:

ՌԵԺԻՍՈՐ — Սա՝ Օթելլոն: Բարի մոտ գարեջուր խմողը Յագոն է: Կասսիոն էլ, այ, կանգնած է Դեզդեմոնայի հետ:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Դեզդեմոնան ո՞ր լողափում է այդպես սևացել:

ՌԵԺԻՍՈՐ — Մեր Դեզդեմոնան մուլատուհի է:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Ինչպե՞ս… Շեքսպիրի պիեսում նա ճերմակ է:

ՌԵԺԻՍՈՐ — Մեր դեպքում մի քիչ ուրիշ է:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Իսկ Օթելլոն այդպես էլ ճերմա՞կ է մնալու:

ՌԵԺԻՍՈՐ — (Տնօրենին): Գրիմ անողն ո՞ւր է:

ՏՆՕՐԵՆ — Դուրս է եկել…

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — «Ա» կետից… (Նորից է մոտենում դաշնամուրին, Դեզդեմոնային նայելով՝ արևելյան մեղեդի է նվագում:)

 

Ներս է մտնում Ոստիկանը, մոտենում է Ռեժիսորին:

ՈՍՏԻԿԱՆ — Ի՞նչ ես անում էստեղ: Գործդ թողել ես, փողոցը պարապ է… Տղերքը դժգոհ են, ուզում են տեղդ վերցնել: Նկատի ունեցիր՝ ես ընտանիք ունեմ, երեխաներ, իսկ մեր աշխատավարձը… ինձնից լավ գիտես…

ОԹԵԼԼՈ — (դերի մեջ է): Ամեն, ո՜վ երկինք:

Որչափ խոսում եմ հրճվանքիս վրա, դեռ չեմ կշտանում:

Դա խեղդում է ինձ: Շատ է ինձ այդքան ուրախությունը.

Այս և այս լինի մեր միջի միակ անհաշտությունը:

ՈՍՏԻԿԱՆ — (ցուցամատը քունքի մոտ պտտեցնելով): Ոչ, միակը չէ: Կզղջաս… (Դուրս է գնում:)

ՌԵԺԻՍՈՐ — Ո՞վ էր:

ОԹԵԼԼՈ — Մեր ոստիկանը: Նրան վճարում եմ տեղի համար:

 

Բարին է մոտենում Տնօրենը:

ՏՆՕՐԵՆ — (Շիկահերին): Սուրճ ու բուտերբրոդ: (Յագոյին.) Էդ ի՞նչ շիշ է:

ՅԱԳՈ — «Կոնդ»: Հրաշալի գարեջուր է:

ՏՆՕՐԵՆ — Պիտակի վրա հեռախոսի համար կա: (Վերցնում է շիշը, նայում, բջջային հեռախոսով համար է հավաքում:) Ալո, «Կոնդ» ֆիրմա՞ն է: Բարի օր: Միացրեք, խնդրում եմ, գովազդի բաժին: (Դադար:) Բարի օր: Ձեզ հետ խոսում է «Շեքսպիր և Ընկ.» կինոկոնցեռնի ֆիլմի տնօրենը: Մենք Շեքսպիրի «Օթելլոն» ենք նկարում: (Դադար:) Ո՞նց թե՝ որ… Վիլյամ: Օթելլոն ու Յագոն ֆիլմում կարող են խմել ձեր գարեջուրը: Չէի՞ք ցանկանա մեզ հովանավորել, իսկ մենք կգովազդենք ձեր ֆիրման: Ասում են՝ հրաշալի գարեջուր է «Կոնդը»: Այո, այո, գրում եմ… (Ինչ-որ բան գրելով:) Շնորհակալություն: Մինչ հանդիպում:

ՌԵԺԻՍՈՐ — (գոռում է): Ո՞ւր է տերը:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Այստեղ եմ, մաեստրո:

ՌԵԺԻՍՈՐ — Կանչիր Գոհարին, Էմիլյայի դերը փորձենք:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (գնում է՝ քրթմնջալով): Նրանից ի՞նչ Էմիլյա, նա ավելի շատ Բիանկա է, իսկ Բիանկայի դերը Շիկահերին է տվել… Ճիշտ որ, Շեքսպիրը ամեն ինչի կդիմանա:

ՌԵԺԻՍՈՐ — (Տնօրենին): Ո՞ւր է գրիմ անողը:

ՏՆՕՐԵՆ — Դուրս է եկել, շուտով այստեղ կլինի:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Ա՛յ քեզ Շեքսպիր… Դեզդեմոնան սև է, Օթելլոն՝ ճերմակ:

ՏՆՕՐԵՆ — Դուք ձեր երաժշտությունը գրեք:

ԳՈՀԱՐ — (գալով): Մաեստրո, կանչե՞լ եք:

ՌԵԺԻՍՈՐ — (նրան մեկնելով թղթերը): Էմիլյայի դերն է: Վաղն առաջին մենախոսությունը անգիր իմանաս, փորձ ենք անելու:

Գոհարը վերցնում է թղթերը, գնում է:

ՌՈԴՐԻԳՈ — Մաեստրո, հիմա Ռոդրիգոն ձեզ պե՞տք է:

ՌԵԺԻՍՈՐ — Կասեմ՝ երբ պետք լինեք:

ՌՈԴՐԻԳՈ — Թե չէ մեքենան եկել է, ապրանքը պիտի տեղավորեմ:

ՕԹԵԼԼՈ — (կողքով անցնող Ռոդրիգոյին): Օճառն ո՞ւր է:

ՌՈԴՐԻԳՈ — (դարակից վերցնում, տալիս է): Լավ օճառ է, բա անունը՝ «Մահ միկրոբներին»:

ՏՆՕՐԵՆ — Վրայի թուղթը ինձ տուր, հեռախոսի համար կա: (Հեռախոսահամար է հավաքում:) «Մահ միկրոբներին» օճառ արտադրող ֆաբրիկա՞ն է: Ձեզ անհանգստացնում է «Շեքսպիր և Ընկ.» կինոկոնցեռնի ֆիլմի տնօրենը: Մենք Շեքսպիրի «Օթելլոն» ենք նկարում: (Դադար:) Ինչպե՞ս թե՝ որ… Վիլյամ: (Ինքն իրեն:) Տարօրինակ մարդիկ են, ոչ մեկը չգիտե Շեքսպիրի անունը: (Լսափողի մեջ:) Մեր ֆիլմում Օթելլոն ու Յագոն կարող են ձեռքերը լվանալ ձեր մանկական օճառով: Չե՞ք ուզում մեր ֆիլմի հովանավորը դառնալ, իսկ մենք կգովազդենք ձեր միկրոբները, այսինքն, ներեցեք, օճառը: (Դադար:) Լավ, գրում եմ… Շնորհակալություն: Մինչ հանդիպում:

ՌԵԺԻՍՈՐ — Դեզդեմոնա, Կասսիո, ձեր կտորն ենք փորձում: Դեզդեմոնա, Կասսիո… (Օթելլոյին.) Որտե՞ղ է ձեր աղջիկը:

ОԹԵԼԼՈ — Դեզիկ, ո՞ւր ես… Դե՜զիկ:

ՌԵԺԻՍՈՐ — Համարյա Շեքսպիրն է, այն տարբերությամբ, որ նրա Օթելլոն է  փախցնում Բրաբանցիոյի աղջկան, իսկ այստեղ ձեր գերազանցիկն աչքի ընկավ:

ОԹԵԼԼՈ — Վաղուց էի նկատել… Էդ Կասսիոյին վռնդել է պետք:

ՌԵԺԻՍՈՐ — Միայն ֆիլմի ավարտից հետո:

Լույսը մարում է:

 

Տեսարան. Նախաբեմում այգու հատված է: Նստարանին նստած են Դեզդեմոնան ու Կասսիոն՝ գրկախառնված:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Դեհ, միամիտ կաց,

Ձեռքիցս եկածը կանեմ քեզ համար:

ԿԱՍՍԻՈ — Միքայել Կասսիոն կա և կմնա ձեր անկեղծ ծառան,

Ի՛նչ էլ գլխին գա:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Այո, լավ գիտեմ: Շնորհակալ եմ:

ԿԱՍՍԻՈ — Դատեք ինքներդ,

Որ ես բացակա և տեղս ուրիշին տված լինելով՝

Իմ զորապետը կարող է սերս և ծառայությունս

Իսպառ մոռանալ:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Չէ, միամիտ կաց, քեզ խոսք եմ տալիս

Որ քո պաշտոնը ետ կտրվի քեզ:

Ապահով եղիր:

Էլ հանգստություն չեմ տա ամուսնուս,

Քունը կկտրեմ մինչև մեղմանա,

Այնքան կխոսեմ, մինչև սպառեմ համբերությունը,

Նրա անկողինը դպրոց կշինեմ,

Եվ ճաշարանը՝ խոստովանարան…

Ուրեմն, Կասսիո, գնա, ուրախ կաց,

Քո միջնորդումիս պատրաստ է մեռնել, քան դատդ լքել:

 

Սրճարան. Նկարահանող խումբն զբաղված է նախապատրաստական աշխատանքով: Բեմի կենտրոնում Յագոն ու Օթելլոն տեսարանն են փորձում, Ռեժիսորը հետևում է նրանց:

ՅԱԳՈ — Երբ տանը հաճախում էիք,

Միքայել Կասսիոն գիտե՞ր ձեր սերը:

ОԹԵԼԼՈ — Այո, սկզբից գիտեր մինչև վերջ: Ինչո՞ւ ես հարցնում:

ՅԱԳՈ — Ոչինչ, իմ մտքի գոհացման համար. Մի վատ բան չկա:

ОԹԵԼԼՈ — Ի՞նչ է մտքիդ, Յագո:

ՅԱԳՈ — Ես չգիտեի, թե նա տիկնոջ հետ ծանոթ է եղել:

ОԹԵԼԼՈ — Այո, ծանոթ էր, և հաճախ նա էր միջնորդը մեր մեջ:

ՅԱԳՈ — Իրա՞վ:

ОԹԵԼԼՈ — Իրա՞վ, հա, իրա՛վ, մի՞թե դրա մեջ

մի բան ես տեսնում:

Մի՞թե պարկեշտ չէ:

ՅԱԳՈ — Պարկե՞շտ, տեր իմ:

ОԹԵԼԼՈ — Պարկեշտ, հա, պարկեշտ:

ՅԱԳՈ — Որքան ես գիտեմ՝ նա պարկեշտ մարդ է:

ОԹԵԼԼՈ — Ի՞նչ ես մտածում: (Ռեժիսորին.) Որտե՞ղ է աղջիկս… նաև «Գերազանցիկը»: ՌԵԺԻՍՈՐ — Ի՞նձ ես հարցնում:

 

Բեմի կենտրոնը թաղվում է խավարի մեջ, լուսավորվում է նախաբեմը՝ Դեզդեմոնան և Կասսիոն համբուրվում են: Քիչ անց լուսավորվում է բեմի կենտրոնը, նախաբեմը թաղվում է խավարի մեջ:

 

ՅԱԳՈ — Ես էլ այդ ձևով կարծում եմ՝ Կասսիոն մի պարկեշտ մարդ է:

ОԹԵԼԼՈ — Չէ, այդ բանի մեջ մի ուրիշ բան կա:

ՅԱԳՈ — Աչքներդ բացեք ձեր կնոջ վրա:

Զննեցեք նրան, թե Կասսիոյի հետ ինչպես է վարվում:

Նայեցեք այսպես՝ ոչ խանդոտի պես, ո՛չ էլ միամիտ:

 

Տնօրենը մոտենում է Ռեժիսորին:

ՏՆՕՐԵՆ — Մաեստրո, «Կոնդը» լավ գարեջուր է, իսկ օճառի գործարանը համաձայնել է մասնակի ֆինանսավորել մեր ֆիլմը: Կարող են Օթելլոն ու Յագոն «Կոնդ» խմել ու լվացվել «Մահ միկրոբներին» օճառով:

ՌԵԺԻՍՈՐ — Ինչքա՞ն է տված փողը:

ՏՆՕՐԵՆ — Շատ չէ, բայց փող է:

ՌԵԺԻՍՈՐ — Կարող են, իհարկե, կարող են: Շեքսպիրի պիեսում ամեն ինչ կարող են: Միայն թե այդ միկրոբներով թող լվացվեն Դեզդեմոնան ու Էմիլյան: Գուցե և Բիանկան: Ասենք, ոչ, Բիանկան թող չլվացվի:

 

Բարին է մոտենում Օթելլոն: Բիանկան նրան սուրճ է տալիս:

ОԹԵԼԼՈ — (մի կում սուրճ խմելուց հետո՝ Սրճարանատիրոջը):

Եթե համոզվեմ, որ բազես կրկին վայրենացել է,

Թեկուզ իմ սրտի լարերից լինեն նրա կապերը,

Դարձյալ սուլելով կարձակեմ նրան ես հողմերն ի վար՝

Գնա իր բախտին, իրեն որս ճարի:

 

Ներս է վազում Դեզդեմոնան, նրան հետևում է Կասսիոն՝ զգուշավոր քայլերով:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Հայրիկ, այսինքն՝ Օթելլո, գունատ ես, ի՞նչ է պատահել… Ճաշե՞լ ես:

ОԹԵԼԼՈ — Դեզիկ, ո՞ւր ես կորել:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Ի՞նչ կարևոր է: Տեսարանն էինք փորձում Կասսիոյի հետ:

ОԹԵԼԼՈ — Ներիր ինձ:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Այնպես կամաց ես խոսում… հիվա՞նդ ես:

ОԹԵԼԼՈ — Գլուխս է ցավում:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Որովհետև քիչ ես քնում: Հիմա թաշկինակով գլուխդ կկապեմ, կանցնի:

ОԹԵԼԼՈ — Թաշկինակը փոքր է, ու նաև պետք չէ: (Հրում է, Դեզդեմոնայի ձեռքից թաշկինակն ընկնում է:) Գնանք:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Մայրիկն էր զանգել:

ОԹԵԼԼՈ — Վերջերս ինչ-որ շուտ-շուտ է զանգում: Ուզածն ի՞նչ է:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Նորից սկսել է՝ բոլոր դերասանուհիները…

ОԹԵԼԼՈ — Արդեն լսել ենք: Գնացինք: (Գնում են:)

 

Թաշկինակը մնում է հատակին ընկած: Էմիլյան վերցնում է թաշկինակը, գրպանից հանում թուղթն ու արտասանում՝ աչքը թղթին:

ԷՄԻԼՅԱ — Ի՜նչ լավ, որ գտա այս թաշկինակը,

Մավրի աոաջին հիշատակն է սա Դեզդեմոնային:

Շոշորդ ամուսինս ինձ հարյուր անգամ ասել, խնդրել է,

Որ ես գողանամ, բայց իմ տիրուհին

Այնպես սիրում է այս հիշատակը…

Պետք է բանվածքը օրինակել տամ Յագոյի համար:

Ի՜նչ բանին է պետք, Աստված է գիտակ, ոչ ես:

Ես միայն

Ուզում եմ նրա քմահաճույքը կատարած լինել:

 

Գալիս է Յագոն:

ՅԱԳՈ — Վահ, ի՞նչ ես անում այստեղ մեն-մենակ:

ԷՄԻԼՅԱ — Լավ, մի մրթմռթա, Յագո, քեզ համար մի բան եմ պահել:

ՅԱԳՈ — Ինձ համար մի բա՞ն: Էհ, ի՞նչ կլինի…

ԷՄԻԼՅԱ — Ի՞նչ կտաս, եթե այն թաշկինակը…

ՅԱԳՈ — Ո՞ր թաշկինակը:

ԷՄԻԼՅԱ — Վահ, Օթելլոյի առաջին ընծան.

Այն, որ շարունակ ստիպում էիր, որ գողանայի:

ՅԱԳՈ — Հը, գողացե՞լ ես:

ԷՄԻԼՅԱ — Ոչ, երկինք վկա,

անզգուշությամբ ձեռքից վար ձգեց,

Ես էլ, պատահմամբ այնտեղ լինելով, գետնից վերցրի:

ՅԱԳՈ — Ի՜նչ լավ աղջիկ ես: Ինձ տուր, խնդրում եմ:

ԷՄԻԼՅԱ — Բայց ինչի՞դ է պետք,

որ այնքան սաստիկ հորդորում էիր,

Որ գողանայի:

ՅԱԳՈ — (ձեռքից հափշտակելով): Դա քո ի՞նչ գործն է:

 

Կոմպոզիտորը մեղեդի է նվագում ու նոտագրում: Մոտենում է Արմենը, դաշնամուրի վրա դնում միկրոֆոնը:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Ձայնագրեցի՞ր այն կտորը, որ նվագեցի քեզ համար:

ԱՐՄԵՆ — Ինչ ասի՞ր:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — (գոռում է): Ձայնագրեցի՞ր այն կտորը:

ԱՐՄԵՆ — Մի գոռա, ձայնագրել եմ:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Կտա՞ս՝ լսեմ:

ԱՐՄԵՆ — Լսում եմ, ասա:

ՌԵԺԻՍՈՐ — (մոտենալով նրանց): Ո՞ր թեման է:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Դեզիկի լեյտմոտիվը: Ի դեպ, ձայնի հետ կապված պրոբլեմ կունենանք: (Ցույց տալով Արմենին:) Իմ կարծիքով, նա վատ է լսում:

ՌԵԺԻՍՈՐ — Չեմ նկատել… Պարզապես անընդհատ ականջակալով ինչ-որ երաժշտություն է լսում: Շարունակենք փորձը: Օթելլո և Դեզդեմոնա, թաշկինակի տեսարանն ենք փորձում: (Նրանք առաջ են գալիս:) Շեքսպիրի պիեսում տեսարանը միայն երկխոսություն է: Բայց լավ կլինի, եթե մենք կարողանանք թաշկինակի տեսարանը խաղալ, ինչպես ժամանակին խաղացել է հռչակավոր Փափազյանը: Միզանսցենն այս է՝ Դեզդեմոնան կանգնում է Օթելլոյի թիկունքում: Օթելլոն ասում է՝ «Մի շատ խիստ հարբուխ նեղացնում է ինձ, թաշկինակդ տուր»,- ու ձեռքը պարզում է ետ՝ նրա կողմը: Դեզդեմոնան տալիս է թաշկինակը: Օթելլոյի դեմքի արտահայտությունը միանգամից փոխվում է՝ նա խաբված չէ, թաշկինակն իր ձեռքում է: Նա սպառնալից նայում է Յագոյի կողմը, ապա վերև՝ Ամենակալին: Ու համարյա արտասվելով թաշկինակը տանում է աչքերին ու միայն այդ պահին տեսնում, որ դա այն թաշկինակը չէ:

 

Այս հատվածը ինքն է խաղում, տեսարանը շարունակում են Օթելլոն ու Դեզդեմոնան: ՕԹԵԼԼՈ — Իմ ընծայածը:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Մոտս չէ հիմա:

ՕԹԵԼԼՈ — Ինչպե՞ս, մոտդ չէ՞:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Իրավ ոչ, տեր իմ:

ՕԹԵԼԼՈ — Դա շատ վատ բան է:

Այդ թաշկինակը մի եգիպտուհի տվել էր մորս…

Նա մորս ասել էր, որքան որ պահի այդ թաշկինակը,

Դա սիրո հմայք կբաշխի նրան:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Իրա՞վ ես ասում:

ՕԹԵԼԼՈ — Կորե՞լ է, ասա, ձեռքիցդ ընկե՞լ է:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Ասում եմ՝ չի կորել:

ՕԹԵԼԼՈ — Գնա բեր՝ տեսնեմ:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Կարող եմ բերել, հիմա չեմ ուզում:

Այդ էլ մի խաղ է միջնորդությունս մերժելու համար:

Խնդրում եմ՝ թույլ տուր, որ Կասսիոն ետ գա:

ՕԹԵԼԼՈ — Կորի՜ր:

 

Սրճարան է խուժում Կինոքննադատը, նրա ճամփան փորձում է փակել Սրճարանատերը:

ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏ — Էլի կարդացի, Շեքսպիրի Դեզդեմոնան սպիտակամորթ է: Ես թերթում կգրեմ, ձեր ռեժիսորը Շեքսպիր չի հասկանում:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Քեզ ասացինք՝ գործիդ գնա: (Դուրս է քշում:)

ՌԵժԻՍՈՐ — Այսօր հերիք է, տուն գնացեք:

ՌՈԴՐԻԳՈ — Մաեստրո, ե՞րբ է լինելու Ռոդրիգոյի տեսարանը:

ՌԵԺԻՍՈՐ — Շուտով, շատ շուտով:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Մաեստրո, ձեզ տուն հասցնե՞մ:

ՌԵԺԻՍՈՐ — Շնորհակալ եմ, ես մի քիչ կքայլեմ:

 

Բոլորը գնում են՝ Գոհարից ու Սրճարանատիրոջից բացի: Գոհարը կարգի է բերում շուրջը, այդ ընթացքում կարդալով Էմիլյայի մենախոսությունը:

ԷՄԻԼՅԱ — Ես կարծում եմ, որ եթե կանայք ճամփից շեղվում են,

Ամուսիններն են միայն մեղավոր:

Կամ իրենց պարտքը կատարելու մեջ դանդաղանում են

Եվ կամ մեր գանձը տանում, թափում են այլ գոգերի մեջ,

Կամ բռնկվում են հիմար նախանձից

Եվ զրկում են մեզ ազատությունից…

Հանգցնում է լույսերը, ամուսնու հետ դուրս է գալիս:

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Առավոտ է: Սրճարանում՝ սեղանի շուրջ, նստած են Ռեժիսորը, Էմիլյան, Սրճարանատերը, Յագոն, Ռոդրիգոն:         Սուրճ են խմում: Նրանց է միանում Բիանկան:

ՌԵԺԻՍՈՐ — (Յագոյին ու Ռոդրիգոյին): Վաղը ձեր տեսարանն ենք նկարում՝ Կասսիոյի սպանությունը:

ՌՈԴՐԻԳՈ — Ուրեմն այսօր ազատ եմ: (Յագոյի հետ դուրս է գնում:)

 

Գալիս է Տնօրենը, մեծ պայուսակից սեղանին է թափում դաշույններ:

ՏՆՕՐԵՆ — Թանգարանից եմ վերցրել, վարձով: Մեծ գումարով… էս մեկը խարակիրիի համար է, իսկ սա միջնադարյան իշխանի է պատկանել: Մաեստրո, գուցե թույնո՞վ բավարարվենք, հը՞… Դաշույն պետք չէ, գումարը չի հերիքում:

ՌԵԺԻՍՈՐ — (ընտրելով կարճ դաշույնը): Այս մեկը հարմար է:

ՏՆՕՐԵՆ — Մնացածները վերադարձնե՞մ:

ՌԵԺԻՍՈՐ — Վերադարձրու:

ՏՆՕՐԵՆ — (ցույց տալով Բիանկային): Գուցե նկարահանումներին օգնի: Արդեն վնասով ենք աշխատում:

ԲԻԱՆԿԱ — Ոչ, ես միայն Բիանկա կխաղամ:

ՏՆՕՐԵՆ — Մեկը մյուսին չի խանգարի, ի՞նչ է պատահել…

ՌԵԺԻՍՈՐ — Ինչ կա որ… Կարելի է:

ՏՆՕՐԵՆ — Այդպես, ևս մեկ տնտեսում: Դե, ես գնացի: (Դռան մոտ բախվում է օպերատորի հետ:) Բարի լույս: Խոշոր պլաններ նկարիր, մոնտաժելը հեշտ է:

 

Գոհարն ու ամուսինը գնում են խոհանոց: Վահեն կարգի է բերում ապարատուրան:

ՌԵԺԻՍՈՐ — Ներիր ինձ, Բիանկա,

Բոլոր ժամանակ կապարե հոգսեր ճնշել են հոգիս:

Բայց հիմա այնքան շարունակ կգամ, որ տեղը լցնեմ:

ԲԻԱՆԿԱ — Ասա, այս գիշեր շո՞ւտ կգաս ինձ մոտ:

ՌԵԺԻՍՈՐ — Քիչ տեղ եմ կարող քեզ ընկերանալ.

Պետք է հենց այստեղ նրան սպասեմ,

բայց շուտով կգամ:

ԲԻԱՆԿԱ — Շատ լավ, ի՞նչ անեմ, պետք է հարմարվեմ հանգամանքներին:

ՌԵԺԻՍՈՐ — Վատ չի ստացվում…

 

Բեմում լույսը մարում է, լուսավորվող նախաբեմ են գալիս Յագոն ու Ռոդրիգոն:

ՌՈԴՐԻԳՈ — Ճի՞շտ ես ասում: Ուրեմն՝ Օթելլոն և Դեզդեմոնան Վենետիկ են վերադառնում:

ՅԱԳՈ — Ոչ, Օթելլոն գնում է Մավրիտանիա և գեղեցիկ Դեզդեմոնային էլ տանում է իր հետ. միայն թե մի բան պատահի, որ նրան ստիպի ավելի երկար մնալ այստեղ, և դրա միակ միջոցը՝ Կասսիոյին մեջտեղից վերացնելն է:

ՌՈԴՐԻԳՈ — Ի՞նչ է նշանակում «մեջտեղից վերացնել»:

ՅԱԳՈ — Պարզ բան է, այնպես անել, որ նա չկարողանա Օթելլոյի տեղը բռնել, ուղեղը ցրել:

ՌՈԴՐԻԳՈ — Եվ ուզում ես, որ ես անեմ այդ բանը, չէ՞:

Դուրս են գնում:

 

Լուսավորվում է բեմը: Սրճարանում՝ բարի մոտ կանգնած Սրճարանատերը կարդում է Շեքսպիրի սոնետը: Բիանկան լսում է: Մյուսներն զբաղված են՝ ամեն մեկն իր գործով:

ԲԻԱՆԿԱ — Գիտե՞ք՝ բոլորից գաղտնի ես էլ եմ բանաստեղծություններ գրում, սիրային:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Քնարական:

ԲԻԱՆԿԱ — Դե, հա, քնարական: Ուզո՞ւմ եք՝ ձեզ համար կարդամ, շատ կամաց:

 

Բիանկան կամաց արտասանում է, նրա ձայնը կորչում է կոմպոզիտորի նվագում: Խոհանոցից դուրս է նայում Գոհարը, խանդում է: Ռեժիսորը մի պահ դադարեցնում է փորձը Յագոյի և Օթելլոյի հետ, նայում համարյա գրկված երկուսին: Մյուսները՝ նույնպես:

ՌԵԺԻՍՈՐ — (Վահեին): Շո՛ւտ, նկարի՛ր նրանց:

 

Օպերատորը նկարահանում է, իսկ Արմենը միկրոֆոնը զգույշ մոտեցնում է նրանց, բանաստեղծության վերջին քառատողը հնչում է դահլիճով մեկ:

ԲԻԱՆԿԱ — Ամուսնանաք, եղիր իմ կողքին,

Հավատա, դրախտ կլինի երկրային.

Ամեն ինչ երկուսիս է պատկանում՝

Երկիր ու երկինք անհատնում:

 

Լույսը վառվում է: Բիանկան ու Սրճարանատերը սթափվում են, բոլորը ծափահարում են՝ Գոհարից բացի: Նա աղմուկով փակում է խոհանոցի դուռը:

ՌԵԺԻՍՈՐ — Ահա քեզ ոչ պրոֆեսիոնալ դերասանուհի: Լավ, շարունակենք, Յագո, Օթելլո… Քիչ առաջ տեսանք, թե ինչպես Յագոն Ռոդրիգոյին աոաջարկեց սպանել Կասսիոյին: Նրան հաջողվել է Օթելլոյին հասցնել այնպիսի հոգեվիճակի, որ Օթելլոն ինքն է խորհուրդ հարցնում Յագոյից՝ ինչպես սպանել կնոջը: Այդ համակրելի, տաղանդավոր, խելացի սրիկան բացատրում է Օթելլոյին՝ ինչպես սպանել կնոջը… Յագոն ու մահը նույնն են: Նա ուզում է Ռոդրիգոյի ձեռքով սպանել Կասսիոյին, բայց պատահաբար սպանվում է Ռոդրիգոն: Նրա պատճառով մահանում են Բրաբանցիոն, Էմիլյան: Այո, այս ֆիլմը պիտի լինի Յագոյի մասին: Այդ յագոները բոլոր ժամանակների ու ժողովուրդների համար են: Նրանք գրավել են իշխանական բոլոր կառույցները, ու նրանցից ազատվելը համարյա անհնար է: Ուրեմն՝ փորձում ենք այդ տեսարանը:

ՅԱԳՈ — Թաշկինակն էլ տեսա՞ք:

ՕԹԵԼԼՈ — Ի՞մս էր:

ՅԱԳՈ — Ձերն էր, այս ձեռքս վկա…

Դե լա՜վ, այդ բոլորը պետք է մոռանաք:

ՕԹԵԼԼՈ — Յագո, նա թող փտի ու փչանա, պետք է այս գիշեր սատանայի բաժին դառնա, չպետք է ապրի:

ՌԵԺԻՍՈՐ — Ստո՛պ, չեղավ: Կարծես ոչ թե քո կնոջ, այլ ինչ-որ թխսկանի մասին ես խոսում:

ՕԹԵԼԼՈ — Նա ինձ ի՞նչ կին, կյանքում իմ աղջիկն է:

ՌԵԺԻՍՈՐ — Մոռացիր կյանքի մասին: Երբ այս տեքստին կհասնես, աղջկադ փոխարեն պատկերացրու կնոջդ, որ լքել է քեզ:

ՕԹԵԼԼՈ — Դա ուրիշ բան է… Վաղուց պիտի ասեիր: Մի հատ էլ կրկնենք:

ՅԱԳՈ — Թաշկինակն էլ տեսա՞ք:

ՕԹԵԼԼՈ — Ի՞մս էր:

ՅԱԳՈ — Ձերն էր, այս ձեռքս վկա… Դե լավ, այդ բոլորը պետք է մոռանաք:

ՕԹԵԼԼՈ — Յազո, նա թող փտի ու փչանա, պետք է այս գիշեր սատանայի բաժին դառնա, չպետք է ապրի, չէ՛: Սիրտս քար է կտրել, երբ ձեռքով զարկում եմ, ձեռքս ցավում է:

ՅԱԳՈ — Բայց ուրիշ կողմ ենք գնում:

ՕԹԵԼԼՈ — Գետինը մտնի: Ասում եմ, թե նա ի՛նչ բան է. ի՛նչ նուրբ ձեռք ասեղնագործության մեջ, ի՛նչ զմայլելի նվագող:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Այստեղ ես եմ նվագում…

ՌԵԺԻՍՈՐ — Մի խանգարի: (Օթելլոյին.) Շարունակիր:

ՕԹԵԼԼՈ — Մի քիչ թույն գտիր ինձ համար, Յագո, այս գիշեր: Չեմ ուզում հետը խոսքի բռնվել, գուցե նրա մարմինը և գեղեցկությունը միտքս խախտեն: Հենց այս գիշեր, Յագո:

ՅԱԳՈ — Թույնով մի արեք, անկողնում խեղդեք, հենց այն անկողնում, որ նա պղծել է:

ՕԹԵԼԼՈ — Լավ, լավ ասացիր, դրա արդարությունը ինձ դուր է գալիս, շատ լավ:

ՅԱԳՈ — Իսկ ինչ Կասսիոյին է վերաբերում, նրա գործը ինձ թողեք, կեսգիշերին լուրը կլսեք:

ՕԹԵԼԼՈ — Շատ լավ:

ՌԵԺԻՍՈՐ — Ստո՛պ, հիմա եղավ: (Ներս է մտնում Տնօրենը:) Ո՞ւր է գրիմ անողը, երկա՞ր ենք սպասելու:

ՏՆՕՐԵՆ — Դուրս է եկել, բայց ամեն տեղ խցանումներ են: Շուտով կհասնի:

ՌԵԺԻՍՈՐ — Պատրաստեք Դեզդեմոնայի մահճակալը, հիմա սպանության տեսարանն է:

ՏՆՕՐԵՆ — Գարիկ… Ռոդրիգո… Ո՞ւր է Գարիկը:

Հայտնվում է Գարիկը:

ՏՆՕՐԵՆ — Գարիկ, պատրաստիր Դեզդեմոնայի անկողինը… այսինքն՝ ամպհովանիով մահճակալը:

ՌՈԴՐԻԳՈ — Արդեն պատրաստ է:

ՏՆՕՐԵՆ — Բեր այստեղ:

Գարիկը քարշ է տալիս մահճակալը, Վահեն միացնում է տեսախցիկը, Արմենը ստուգում է միկրոֆոնները:

ՌԵԺԻՍՈՐ — Պատրաս՛տ: Բոլորը տեղերո՛ւմ… Գոհար, քո մուտքն է:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Իմ գործը չէ, բայց, ներեցեք, Շեքսպիրի պիեսում Օթելլոն նեգր է, նա

սև պիտի լինի: Ո՞ւր է ձեր գրիմ անողը:

ՌԵԺԻՍՈՐ — Խցանումի մեջ է:

ՏՆՕՐԵՆ — Դուք ձեր երաժշտությամբ զբաղվեք, ժամանակ չունենք:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Երաժշտությունը համարյա ավարտված է, նվագախումբ է պետք: Լավ դիրիժորով:

ՏՆՕՐԵՆ — Ոչ մի նվագախումբ, սինթեզատորով բավարարվեք:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — (ինքնիրեն): Խաբեբա:

ՏՆՕՐԵՆ — Խաբեբայից եմ լսում:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Լավ լսողություն ունեք:

ՏՆՕՐԵՆ — Երաժշտական դպրոց եմ ավարտել:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Զգացվեց:

ՌԵԺԻՍՈՐ — Վերջ տվեք, աշխատում ենք:

 

Սրճարան է մտնում մաֆիայի շեֆը երկու թիկնապահների և ոստիկանի հետ:

ՇԵՖ — (Տնօրենին): Այստե՞ղ են Շեքսպիր ցույց տալիս:

ՏՆՕՐԵՆ — Իսկ դուք ո՞վ եք: Կողմնակի անձանց մուտքն արգելվում է, մեզ մոտ հաշվառում է:

 

Շեֆը մի կողմ է հրում Տնօրենին, մոտենում է Ռեժիսորին:

ՇԵՖ — (միաժամանակ դիմում է Մուրացիկին, Մարզիկին և Գերազանցիկին): Ի՞նչ եք անում էստեղ, ձրիակերներ: Ո՞ւմ ձեռքին են ֆինանսները:

ՏՆՕՐԵՆ — Ասենք՝ իմ:

ՇԵՖ — Դուք ֆիլմը նկարում եք իմ փողերով:

ՏՆՕՐԵՆ — Հետո՞ ինչ, բյուջեն շատ քիչ է:

ՇԵՖ — Դա ինձ չի հետաքրքրում:

ՏՆՕՐԵՆ — Ուրիշ հովանավորներ էլ կան՝ մանկական օճառ ու «Կոնդ» գարեջուր:

ՇԵՖ — Էդպիսի գարեջուր չգիտեմ, ով ասես՝ գործ է կպցնում…

ՏՆՕՐԵՆ — Շատ էլ որակով գարեջուր է:

ՇԵՖ — 50 տոկոսը իմն է: Վարձույթից եկածը՝ նույնպես:

ՏՆՕՐԵՆ — Շատ է: 30 տոկոսը…

ՇԵՖ — Ասի՝ 50, ուրեմն՝ 50: Հետն էլ՝ էն շիկահերը:

ՏՆՕՐԵՆ — Նա Բիանկայի դերն է խաղում:

ՇԵՖ — Նրան էլ՝ վրադիր:

ԲԻԱՆԿԱ — Ես համաձայն չեմ:

ՇԵՖ — Կբարիշենք: (Տնօրենին.) Ինչքան հիշում եմ, Օթելլոն նեգր էր: Գրիմ անող է՞լ չունեք:

ՏՆՕՐԵՆ — Համակարգիչով ամեն ինչ կդզենք:

ՇԵՖ — Դե, տեսնենք, տեսնենք…

Շքախմբի հետ գնում է:

ՈՍՏԻԿԱՆ — (շրջվելով): Զգուշացրի, չէ՞… (Գնում է:)

ՌԵԺԻՍՈՐ — Պատրա՛ստ… նկարում ենք:

ՎԱՀԵ — Պատրաստ է:

ՌԵԺԻՍՈՐ — Ձա՞յնը… (Նայում է Արմենին:) Արմե՛ն: (Մոտենում, քաշում-հանում է ականջակալները:) Դե, անջատիր այդ սատանի երաժըշտությունը:

Տիրում է լիակատար լռություն, ամեն ինչ համրանում է Արմենի համար: Ռեժիսորը տեսնում է, որ դա լսողական ապարատ է:

ՌԵԺԻՍՈՐ — (վերադարձնելով ապարատը, կամաց): Ներիր, ծերուկ:

Արմենը ականջակալներն ամրացնում է, և սրճարան է վերադառնում ձայն-աղմուկը:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Զգուշացրի, չէ՞…

ՌԵԺԻՍՈՐ — Խոսակցություննե՛րը… Սկսեցի՛նք:

ՕԹԵԼԼՈ — Աղոթք արե՞լ ես այս գիշեր, Դեզդեմոնա:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — Այո, սիրելիս:

ՕԹԵԼԼՈ — Աղոթիր, և կարճ. ես ման եմ գալիս:

Չեմ ուզում սպանել անպատրաստ հոգիդ:

Ո՛չ, Աստված չանի, չէի կամենա հոգիդ սպանել…

 

Խաղում են տեսարանը, մինչև Օթելլոն դաշունահարում է Դեզդեմոնային:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — (շշուկով): Հայրիկ, զգույշ… տոմատի հյութը կթափվի, առանց «արյուն» կմնանք:

Ներս է խուժում Էմիլյան:

ԷՄԻԼՅԱ — Օ՜հ, բարի տերս,

Կասսիոն սպանեց Ռոդրիգո կոչված մի վենետիկցու:

ՕԹԵԼԼՈ — Ռոդրիգոն սպանվե՞ց, Կասսիո՞ն էլ սպանվեց:

ԷՄԻԼՅԱ — Կասսիոն չի սպանվել:

ՕԹԵԼԼՈ — Կասսիոն չի՞ սպանվել:

 

Նախաբեմում հայտնվում է Հավաքարարը՝ ավելը ձեռքին: Տեսնելով մահճակալին անշարժ պառկած Դեզդեմոնային՝ գրպանից հանում է բջջային հեռախոսը, համար է հավաքում:

ՀԱՎԱՔԱՐԱՐ – Ոստիկանությո՞ւնն է… Մեր թատրոնում (ասում է թատրոնի հասցեն, որի բեմում գնում է այս ներկայացումը) սպանություն է կատարվել: Շտապեք… (Ինքն իրեն:) Հաստատ պատվիրված սպանություն է: Ով ասես, թատրոն է մտնում, ինչ խելքներին փչի՝ անում են… (Փնթփնթալով դուրս է գնում:)

ՌԵԺԻՍՈՐ — Շարունակեք: (Կոմպոգիտորին.) Իսկ դու նվագիր:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Իսկ ես ի՞նչ եմ անում:

ԷՄԻԼՅԱ — (վազում է դեպի անկողինը): Ո՞վ է արել այս:

ՕԹԵԼԼՈ — Իբրև ստախոս գնաց ուղղակի այրող դժոխքը:

Ես եմ սպանել:

 

Խաղում են տեսարանը, մինչև որ Յագոն փորձում է սպանել Էմիլյային:

ԷՄԻԼՅԱ — Ո՜վ դու ապուշ մավր,

այն թաշկինակը, որ դու ասում ես,

Ես դեպքով գտա և տվի մարդուս:

Շատ և շատ անգամ նա խիստ լրջորեն ինձ աղաչել էր,

Որ գողանայի, ինչ որ իսկապես շատ անտեղի էր

Այսպիսի չնչին մի բանի համար:

ՅԱԳՈ — Անզգա՜մ պոռնիկ:

ԷՄԻԼՅԱ — Երկինքը վկա, ես սուտ չեմ ասում,

սուտ չէ, պարոններ:

Մարդասպան ապուշ, քեզ պես հիմարին

այնպես ազնիվ կին:

Օգնությո՜ւն, օգնությո՜ւն, հասե՜ք, օգնությո՜ւն.

Մավրն սպանել է իմ խեղճ տիրուհուն…

Մարդասպանությո՜ւն, մարդասպանությո՜ւն…

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — (կնոջը): Քիթդ ուրիշի ընտանեկան գզվռտոցի մեջ չխոթես: (Այդ ընթացքում Օթելլոն փորձում է դաշունահարել Յագոյին, բայց Սրճարանատերը դաշույնը խլում է նրա ձեռքից:) Հերիք է սրճարանս դիակներով լցնեք:

 

Յագոն սպանում է Էմիլյային, նա ընկնում է Դեզդեմոնայի կողքին: Սրճարան են խուժում ոստիկանները: Յագոն կանգնած է Դեզդեմոնայի և Էմիլյայի դիակների վերևում:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Ձեռնաշղթաները: (Յագոյի ձեռքերին ձեռնաշղթա են հագցնում:) Ձեր փաստաթղթերը: (Յագոն տալիս է վկայականը:) Յագո, ծննդյան թիվը… տարօրինակ է, այս ի՞նչ թիվ է: Երևի կեղծված է: Դրոշակիր… Ի՞նչ է ձեր ազգանունը:

ՅԱԳՈ — Ազնվորեն, չգիտեմ: Մտքովս էլ չի անցել՝ իմանամ:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Իսկ ո՞վ գիտե:

ՅԱԳՈ — Շեքսպիրը:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Էդ ի՞նչ Շեքսպիր է:

ՅԱԳՈ- Վիլյամ:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Որտե՞ղ է նա:

ՅԱԳՈ — Նա միշտ մեզ հետ է:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — (Ոստիկանին): Անմիջապես ձերբակալել:

 

Ոստիկանն սկսում է Շեքսպիրի որոնումը սրճարանում:         Յագոն զանգում է բջջային հեռախոսով, ինչ-որ բան խոսում, հետո հեռախոսը տալիս է Ոստիկանապետին:

ՅԱԳՈ — Ձեզ հետ ուզում են խոսել:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — (վերցնում, լսում է, հետո կանգնում «զգաստ»): Լսում եմ:

ՈՍՏԻԿԱՆ — (մոտենալով): Այստեղ Վիլյամ չկա: Ասում են՝ չգիտեն, թե հիմա որ երկրում է գտնվում:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — (Ոստիկանին): Հանեք ձեռնաշղթաները: (Օթելլոյին.) Իսկ դուք հետևեք մեզ:

ОԹԵԼԼՈ — Կամաց, երկու բառ՝ քանի այստեղ եք…

Խաղում է տեսարանը մինչև՝

Գրեցեք այսպես և ավելացրեք, թե Ալեպպոյում

Մի փաթթոցավոր չարագործ տաճիկ մի օր ծեծում էր

Մի վենետիկցու և հայհոյում էր մեր պետությանը,

Իսկ ես բռնեցի այն թլպատված շան կոկորդից և նրան

Զարկեցի, այսպես: (Ինքն իրեն զարկում է սրով ու տապալվում Դեզդեմոնայի վրա:) ԴԵԶԴԵՄՈՆԱ — (շշուկով): Զգույշ, հայրիկ, ծանր ես: (Զանգում է նրա բջջայինը:) Մամ ջան, հետո կզանգեմ: (Անջատում է հեռախոսը:)

ОԹԵԼԼՈ — Էլի՞ զանգեց:

ԴԵԶԴԵՄՈՆԱ — (շշուկով): Ասում էր, որ բոլոր դերասանուհիները…

ՌԵԺԻՍՈՐ — Ստո՛պ, չշարժվեք: Բոլորը մնում են իրենց տեղերում: Ափսեն մոռացանք, ո՞ւր է ափսեն:

ԷՄԻԼՅԱ — (տեղից բարձրանալով): Վա՜յ, մոռացել եմ, ներեցեք… (Գոգնոցի տակից հանում ու Տնօրենին է տալիս ափսեն:)

ՌԵԺԻՍՈՐ — (Օպերատորին): Նկարիր ափսեն:

ՏՆՕՐԵՆ — Վարձույթի 50 տոկոսի համար… (Ափսեն խփում է հատակին:)

 

Կոմպոզիտորը նվագում է:

ՌԵԺԻՍՈՐ — Գեղեցիկ երաժշտություն է… Ի՞նչ է:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ — Դեզդեմոնայի և Կասսիոյի լեյտմոտիվը:

ՏՆՕՐԵՆ — (Ռեժիսորին): Գրիմ անողը զանգեց, դեռ խցանումի մեջ է, բայց ասաց, որ հրաժարվում է մասնակցել այս սպանդին, այնքան դիակ կա որ…

ՌԵԺԻՍՈՐ — Այ քեզ ապուշ… Ոչինչ, չենք կորչի:

 

Լույսը դանդաղ մարում է: Ռեժիսորը, Օթելլեն, Յագոն, Կասսիոն կախիչներից վերցնում են ֆրակները և դուրս են գնում: Դեզդեմոնան, Էմիլյան ու Բիանկան հետևում են նրանց՝ նախապես կախիչներից վերցնելով երեկոյան զգեստները:

Այս պահից գործողությունը կարող է ընթանալ երկու տարբերակով

 

ՏԱՐԲԵՐԱԿ 1-ին

Այս տարբերակի համար անհրաժեշտ է տեսահամակարգ և մեծ էկրան:

Բեմը լուսավորվում է, բեմի կենտրոնում կախված էկրանին հայտնվում է հաղորդավարը:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ — Արտակարգ հաղորդագրություն: Այսօր, ժամը 15 անց 11 րոպեին, «Արևիկ» սրճարանում, որը վերջերս էր վերանվանվել «Գլոբուս», ինքնասպան է եղել ոմն Օթելլո: Ազգանունն անհայտ է: Մինչև ինքնասպան լինելը սրճարանի հաճախորդների աչքի աոաջ նա սպանել է ոմն մուլատուհու՝ Դեզդեմոնա անունով: Նրա ազգանունն էլ անհայտ է: Դեպքի վայրում ձերբակալվել է Յագո անունով մեկը, բայց քիչ անց ազատ է արձակվել ինչ-որ հեռախոսազանգից հետո: Ըստ շրջանառվող լուրերի՝ զանգել են սպորտկոմիտեից: Այս քրեական գործով Ինտերպոլը որոնում է ոմն Վիլյամ Շեքսպիրի, ով անմիջական մասնակցություն ունի այս ողբերգությանը: (Նրան ինչ-որ թուղթ են տալիս:) Հենց նոր գործի առնչությամբ ստացանք ևս մի հաղորդագրություն: Ոստիկանությունը սրճարանում հայտնաբերել է մեկ այլ դիակ՝ Գոհար Արամյանի դիակը: Փառք Աստծո, գոնե այս մեկի ազգանունը հայտնի է: Մնացեք մեզ հետ:

Էկրանը մարում է:

 

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Վերջ, էլ հաճախորդ չի գա այստեղ… Քաշվեցինք:

Սրճարան է մտնում Կինոքննադատը: Լուսավորվում է էկրանը:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ — Ուղիղ հեռարձակում Կաննի փառատոնից: (Էկրանին հայտնվում են Ռեժիսորը, Օթելլոն, Յագոն, Կասսիոն, Ռոդրիգոն, Դեզդեմոնան, Բիանկան և Էմիլյան՝ ֆրակներով ու երեկոյան զգեստներով, համաշխարհային աստղերի հետ: Մեր հերոսներին են հանձնում փառատոնի գլխավոր մրցանակը բուռն ծափահարությունների ներքո:) Մնացեք մեզ հետ:

Էկրանը մարում է:

 

Սրճարան է մտնում Թղթակիցը՝ ձայնագրիչը ձեռքին:

ԹՂԹԱԿԻՑ — (մոտենալով Կինոքննադատին): Ինչպե՞ս եք գնահատում մեր կինոյի հաղթանակը:

ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏ — Անսահման ուրախ եմ: Վերջապես… Բայց գլխավորը «Օթելլոյի»… ներեցեք, «Յագոյի» նոր մեկնաբանությունն է: Անկասկած, Դեզդեմոնան մուլատուհի պիտի լիներ: Ես ուրախ եմ, որ Ռեժիսորն ուղղեց Շեքսպիրի այդ սխալը: Ինչպես տեսնում եք, անգամ հանճարները կարող են սխալվել:

ԹՂԹԱԿԻՑ — Շնորհակալություն:

 

Լուսավորվում է էկրանը:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ — Անսահման ուրախ ենք մեր հայրենական կինոյի համար: Ախր, կարող ենք, չէ՞… Ի դեպ, շատ պատահաբար մեր տաղավարում է գտնվում «Շեքսպիր և Ընկ.» հոլդինգի նախագահ, պարոն…

Էկրանին հայտնվում է մաֆիայի շեֆը:

ՇԵՖ — Ազգանունը կարևոր չէ: Քանի որ հոլդինգի արժեթղթերի 70 տոկոսն իմն է, մենք որոշել ենք էկրանավորել Շեքսպիրի բոլոր գործերը՝ սոնետները ներառյալ, ինչպես նաև սկսել ենք օգտակար հանածոների և նավթահորերի շահագործումը:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ — Այս ժամին՝ այսքանը: Մնացեք մեզ հետ:

 

Էկրանը մարում է: Իջնում է վարագույրը: Լուսավորվում է նախաբեմ-«փողոցը»: Ստվարաթղթե տուփերը շարած՝ նստած են Օթելլոն, Յագոն, Էմիլյան և Կասսիոն: Հայտնվում է Ռեժիսորը:

ՕԹԵԼԼՈ — Բարի օր, մաեստրո:

ՌԵԺԻՍՈՐ — (ապշահար): Հիմա՞ ինչու եք այստեղ, Գրան պրի ստանալուց հետո…

ՕԹԵԼԼՈ — Ախր, երկրորդ ֆիլմի համար փող պիտի հավաքենք: Մաեստրո, Լիր արքայի կրտսեր դուստրը կարո՞ղ է մուլատուհի լինել:

ՌԵԺԻՍՈՐ — Քեզ հասկացա: Կարող է, իհարկե, կարող է: Շեքսպիրի դեպքում ամեն ինչ հնարավոր է, չէ՞ որ նա հանճար է:

ՕԹԵԼԼՈ — Ես էլ նույն կարծիքին եմ: Այդ դեպքում, եթե դեմ չեք, վաղը հանդիպենք, դիմացի սրճարանում սուրճ խմենք: Բնականաբար, իմ հաշվին:

ՌԵԺԻՍՈՐ — Անպայման:

Սուլելով դուրս է գնում՝ հերթով դրամ նետելով տուփերի մեջ:

 

 

ՏԱՐԲԵՐԱԿ 2-ՐԴ

(առանց էկրանի)

Բեմը լուսավորվում է: Սրճարանում մնացած Սրճարանատերը, Վահեն, Կոմպոզիտորը նստում են դեմքով դեպի դահլիճը, ասես հեռուստացույց են դիտում:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆԸ — Արտակարգ հաղորդագրություն: Այսօր, ժամը 15 անց 11 րոպեին, «Արևիկ» սրճարանում, որը վերջերս էր վերանվանվել «Գլոբուս», ինքնասպան է եղել ոմն Օթելլո: Ազգանունն անհայտ է: Մինչև ինքնասպան լինելը, սրճարանի հաճախորդների աչքի առաջ նա սպանել է ոմն մուլատուհու՝ Դեզդեմոնա անունով: Նրա ազգանունն էլ անհայտ է: Դեպքի վայրում ձերբակալվել է Յագո անունով մեկը, բայց քիչ անց ազատ է արձակվել ինչ-որ հեռախոսազանգից հետո: Ըստ շրջանառվող լուրերի՝ զանգել են սպորտկոմիտեից: Այս քրեական գործով Ինտերպոլը որոնում է ոմն Վիլյամ Շեքսպիրի, ով անմիջական մասնակցություն ունի այս ողբերգության մեջ: Հենց նոր գործի առնչությամբ ստացանք ևս մի հաղորդագրություն: Ոստիկանությունը սրճարանում հայտնաբերել է մեկ այլ դիակ՝ Գոհար Արամյանի դիակը: Փառք Աստծո, գոնե այս մեկի ազգանունը հայտնի է: Մնացեք մեզ հետ:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Վե՛րջ, էլ հաճախորդ չի գա այստեղ… Քաշվեցինք:

 

Սրճարան է մտնում Կինոքննադատը, նստում է:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ՁԱՅՆԸ — Հենց նոր հաղորդագրություն ստացանք Կաննի փառատոնից: Ինչ-որ անհայտ ֆիլմ ստացել է փառատոնի գլխավոր ու բոլորը մնացած մրցանակները: Սրտանց ուրախ ենք մեր հայրենական կինոյի համար: Ախր, կարող ենք, չէ՞… Մնացեք մեզ հետ:

Այս ընթացքում նախաբեմով անցնում են Ռեժիսորը, Օթելլոն, Յագոն, Կասսիոն, Ռոդրիգոն, Դեզդեմոնան, Էմիլյան ու Բիանկան՝ ֆրակներով ու երեկոյան զգեստներով, բոլորի ձեռքին փառատոնի մրցանակներն են:

 

Սրճարան է մտնում Թղթակիցը՝ ձայնագրիչը ձեռքին:

ԹՂԹԱԿԻՑ — (մոտենալով Կինոքննադատին): Ինչպե՞ս եք գնահատում մեր կինոյի հաղթանակը:

ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏ — Անսահման ուրախ եմ: Վերջապես… Բայց գլխավորը «Օթելլոյի»… ներեցեք, «Յագոյի» նոր մեկնաբանությունն է: Անկասկած, Դեզդեմոնան մուլատուհի պիտի լիներ: Ես ուրախ եմ, որ Ռեժիսորն ուղղեց Շեքսպիրի այդ սխալը: Ինչպես տեսնում եք, անգամ հանճարները կարող են սխալվել:

ԹՂԹԱԿԻՑ — Շնորհակալություն:

 

Սրճարան է մտնում մաֆիայի շեֆը:

ՇԵՖ — Տեղյա՞կ եք, երբ են վերադառնում մեր հերոսները:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Տեղյակ չեմ: Երևի դա էլ հեռուստացույցով կասեն:

ԹՂԹԱԿԻՑ — (մոտենում է շեֆին): Դուք «Շեքսպիր և Ընկ.» հոլդինգի նախագահն եք, այդպես չէ՞: Ի դեպ, ինչպե՞ս ձեզ դիմեմ, պարոն…

ՇԵՖ — Կարևոր չէ՝ ինչպես: Քանի որ հոլդինգի արժեթղթերի 70 տոկոսն իմն է, մենք որոշել ենք էկրանավորել Շեքսպիրի բոլոր գործերը՝ սոնետները ներառյալ, ինչպես նաև սկսել ենք օգտակար հանածոների և նավթահորերի շահագործումը:

 

Էկրանը մարում է: Իջնում է վարագույրը: Լուսավորվում է նախաբեմ-«փողոցը»: Ստվարաթղթե տուփերը շարած՝ նստած են Օթելլոն, Յագոն, Էմիլյան և Կասսիոն: Հայտնվում է Ռեժիոսրը:

ОԹԵԼԼՈ — Բարի օր, մաեստրո:

ՌԵԺԻՍՈՐ — (ապշահար): Հիմա՞ ինչու եք այստեղ, Գրան պրի ստանալուց հետո…

ОԹԵԼԼՈ — Ախր, երկրորդ ֆիլմի համար փող պիտի հավաքենք: Մաեստրո, Լիր արքայի կրտսեր դուստրը կարո՞ղ է մուլատուհի լինել:

ՌԵԺԻՍՈՐ — Քեզ հասկացա: Կարող է, իհարկե, կարող է: Շեքսպիրի դեպքում ամեն ինչ հնարավոր է, չէ՞ որ նա հանճար է:

ՕԹԵԼԼՈ — Ես էլ նույն կարծիքին եմ: Այդ դեպքում, եթե դեմ չեք, վաղը հանդիպենք, դիմացի սրճարանում սուրճ խմենք: Բնականաբար, իմ հաշվին:

ՌԵԺԻՍՈՐ — Անպայման:

Սուլելով դուրս է գնում՝ հերթով դրամ նետելով տուփերի մեջ:

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։