Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ / «ԱԼԵՔՍԱՆԴՐ»
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «ԱԼԵՔՍԱՆԴՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թթ., թիվ 4-5-ում
Այս էլ գրվեց, ավարտին՝ բոլոր ժամանակների խարույկների բոցը, հարեմների ջերմությունը միտքս չէր տաքացնի, արևելքը չէ՛ր տաքացնի…
Գրվեց՝ սխալվեցի. կյանքը չքննելու հանճարեղ միամտությունից մի քայլ էլ հեռացա, հոգեբանական հանգստիս միջնորմները քանդեցի, անվտանգության սահմանը անցա, ումի՞ց եմ կառչելու։
Չափածո տողի երիվարներ սանձող ձգվածությունը կփրկի, հետո էլ՝ արտերի դեղինը կա, դաշտերի կանաչությունը, այգիների բերքը, հայացքիս ջերմությունը չի պակասի, դրանցո՛վ կապրեմ։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ
(Պիես երկու արարով)
Գործող անձինք
ԱԼԵՔՍԱՆԴՐ (Մակեդոնացի)
ԱՄԻՆՏՈՍ և ՊԱՐՄԵՆԻՈՆ – Ալեքսանդրի զորավարները
ԿՐՈՆԱՎՈՐ
ԱՇԽԱՐՀԻԿ
ԾԵՐ (Ալեքսանդր)
ԻՄԱՍՏԱՍԵՐ
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
ՄԱՀԱՊԱՐՏ
ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐ
- ՊԱՀԱՊԱՆ
- ՊԱՀԱՊԱՆ
ՄՈԳ
Հռոմեական պահակազոր, սենատորներ, Մակեդոնացու սպաներ և զինվորներ:
ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ
Տեսարան առաջին
ԱԼԵՔՍԱՆԴՐ
(թիկնապահ զինվորին)
Զորապետներին կանչի՛ր, թող մտնեն։
ԶՈՐԱՊԵՏՆԵՐ
Ողջո՛ւյն արքային։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ձեր զինակիցն եմ և ոչ թե արքան,
Խնդրեմ, հարմարվեք բարձերի վրա.
Ի՞նչ կասեք…
Ամինտոս, ասա՛…
ԱՄԻՆՏՈՍ
Հետախույզները նոր վերադարձան՝
Պաշարվածները խիստ բազմաթիվ են,
Պետք է համբերել մինչև ուշացող զորքը մոտենա։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Այդ բազմաթիվը ի՞նչ թիվ է անում։
ԱՄԻՆՏՈՍ
Մեծ զորք է, արքա,
Յոթ հազար հեծյալ՝ պատերազմական ողջ հանդերձանքով
Եվ հետևակի մի ստվար բանակ
Պատսպարվել են քաղաքի ներսում,
Չհաշված բերդի պահնորդ գնդերը –
Ընդհանուր թվով՝ քսանհինգ հազար մարդ.
Մեր զինվորների երևալուն պես կանցնենք հարձակման։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Զորքը կհասնի յոթ, թե ութ օրից,
Այդքան համբերել, գիտեք, չեմ կարող.
Վաղն առավոտյան ես տանելու եմ զորքը գրոհի։
ՊԱՐՄԵՆԻՈՆ
Բայց, Ալեքսա՛նդր,
Մեզ հետ միմիայն թիկնապահ գունդն է
Եվ թեսալացի հեծելազորը՝
Երկու հազար մարդ.
Այդքանով ո՞նց ենք քաղաքն առնելու։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Այդքանը բավ է՝ ինչ-որ քարակույտ առնելու համար։
ՊԱՐՄԵՆԻՈՆ
Սակայն քարուտն այդ բարձունքներում է՝ ամպերի վրա,
Լեռնային վարար գետով շուրջառված
Եվ մոտենալու մեկ ճանապարհ կա՝
Թե՛ք զառիթափը,
Գիշերո՛վ անգամ չենք կարողանա մոտենալ դրան՝
Առանց պահապան իր բազեների աչքին ընկնելու։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Որքա՜ն բարձր է դա.
Ի՜նչ է, ձգտում ես, որ ամրոցները ցածրերո՞ւմ լինեն՝
Լքյա՜լ, ավերված գյուղակների պես,
Իսկ դու՝ բարձրերից շիկամուկ տեսած բազեի նման
Ցա՞ծ իջնես նրանց լալկան քիվերին.
Ինձ ծա՞ղր ես անում, Պարմենիոն, ասա՛.
Փառքերի ճամփան բարձրանալով է,
Ո՛չ թե իջնելով…
ԱՄԻՆՏՈՍ
Զորավա՛ր, մենք էլ քեզ հետ միասին
Շատ ամրոցների առաջ ենք ելել՝
Զառիթափերի փոշին բարձրերում խառնած ամպերին,
Տափաստանի կենտ վագրերի նման հաղթ
Պարիսպների քարը ծամելով,
Երբ մեր զորքերը սակավ են եղել,
Բայց ինչո՞ւ այժմ վտանգվել իզուր,
Քանզի կարող ենք այս բերդը առնել,
Երբ փաղանգները կլինեն այստեղ.
Մեր անձը վաղուց հանձնված է քեզ,
Մենք չենք ցանկանում կյա՛նքդ վտանգել։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Տասը փաղանգով ամեն զորավար
Հեշտորեն կառնի այսպիսի ամրոց.
Իմ կյանքը ինձ ի՞նչ.
Իմ կյանքը ա՛յս է, առանց պայքարի
Այդ կյանքը՝ չկա։
ԱՄԻՆՏՈՍ
Քոնն է վճիռը, մենք ենթական ենք քո հրամանի։
ՊԱՐՄԵՆԻՈՆ
Զգուշավորությո՛ւն, ահա՛ թե ինչ էինք հորդորել ուզում։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ի՞նչ բառ ասացիր, բա՛ռդ՝ ի՞նչ բառ էր։
ՊԱՐՄԵՆԻՈՆ
Զգուշավորություն ասացի, արքա՛։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Զգուշավորությո՜ւն,
Աստվածնե՜ր, ո՞վ է առաջին անգամ այդ բառը ասել,
Ի՜նչ խղճուկ հոգի.
Դա մարդու միտքը կալանող բառ է՝
Նրան շարժումի հնար չթողած,
Եթե այդ բառը ասած լինեի,
Իմ միտքը երբեք ինձանից առաջ չէր լինի այստեղ.
Ո՜ւմ համար է դա, ի՜նչ իմաստ ունի.
Զգուշավորությո՜ւն.
Դա անդունդներում արտասվող բան է. չգիտե՜մ ինչ բան,
Մշուշների մեջ հածող թռչուն է, անվճիռ շուն է,
Ահա՛ ինչ է դա.
Եթե այդ բառը չարտաբերեի, հիշեի՛ անգամ,
Ինչպիսի՜ զորեղ խանդակներ իսկույն կելնեին իմ դեմ՝
Դրա ամեն մի հնչյունի խորքից,
Անանցանելի ի՜նչ անապատներ,
Լեռներ ու ծովեր անշրջանցելի.
Չհաղթահարվող ի՜նչ ճակատագրեր՝
Պատմության ամբողջ սփռումի վրա,
Գահեր՝ փոքր ու մեծ.
Այդ բառը երբե՛ք միտքս չեմ բերել՝
Ա՛յդ պատճառով է, որ մենք այստեղ ենք,
Եվ հիմա դո՛ւք եք այն թեթևորեն իմ առջև նետում,
Առանց զզվանքից փշաքաղվելու.
Ի՜նչ է եղել ձեզ — քո՛ս եք վարակվել…
ՊԱՐՄԵՆԻՈՆ
Արքա՛, իզուր ես մեր դեմ չարանում,
Հաշվարկը պարզ էր՝
Երկուսը քիչ են քսանհինգի առաջ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ձեր իմացածը ակադեմիական թվացույցից է՝
Ա՛յդ գիտեք միայն,
Այդպիսի ուսում ես էլ եմ ստացել,
Բայց հետագայում այլ բան իմացա.
Որ ոգևորված մարդն ավելին է, քան թե հազարը,
Մեկ զորավարը ավելին է, քան աշխարհի բոլոր
Գահերի կողքին բազմած անհամար զորապետների ընդհանուր թիվը–
Ձեր ողջ գիտությամբ կմտածեիք,
Որ Հունաստանը Միջերկրականից հնարավոր էր այնքա՜ն ձգձգել,
Որ տակը թողնի Միջագետքը ողջ,
Եգիպտոսն համայն՝ մինչ ավազների սահմանը վերջին,
Պարսկաստանն ամբողջ, Ասիան՝ փոքր ու մեծ՝
Մինչև հնդկական այս քարակույտը, որի դեմ կանգնած՝
Ինձ գումարումի դասեր եք տալիս.
Ի՜նչ եք պապանձվել, խոսքեր չեք գտնում…
ԹԻԿՆԱՊԱՀ
Տե՛ր, սուրհանդակ է եկել զորքերից:
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ասա՛, թող մտնի։
(Սուրհանդակը ներս է մտնում։)
Առա՛նց խոնարհման։ Պատմի՛ր։
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ
Գետանցման պահին, գետի զառիթափ ափերից
Հանկարծ, թշնամու զորքը մեր առջև ելավ,
Ութսուն մարտակառք արշավում էին ափ ելած
Ամեն զինվորի վրա.
Օրհասական էր վիճակը, արքա՛.
Ընդհարման բախտը վճռվեց հանկարծ՝
Երբ մակեդոնյան փաղանգը կտրուկ գետը անցնելով
Առավել հեռվից՝
Շրջան գծելով ուժգին հարվածեց նրանց թիկունքին,
Թշնամու զորքը ոռնաց վիրավոր գազանի նման՝ արյուն ոթելով.
Այդ վայրկյանները վճռորոշ եղան՝
Մերոնք հապճեպով ջրերը անցան և հարձակվեցին
Անակնկալից շարքերը խառնած ոսոխի վրա.
Ուժգին սպանդ եղավ,
Բազում մարմիններ հակվեցին հողին…
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Դաշնակիցների գունդը ինչպիսի՞ պահվածք որդեգրեց։
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ
Խուսափեց մարտից՝
Գետանցի կեսից վերադառնալով լքված ճամբարը։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ե՞րբ են զորքերը լինելու այստեղ։
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ
Չորս հեծելազոր և հետևակի մի պատրաստ փաղանգ,
Որոնք ամենից քիչ էին տուժել ընդհարումներից,
Մարտի ավարտից մեկ ժամ էլ չանցած՝
Վերակազմված շտապեցին հասնել արքայիդ խմբին։
Այս օրը, եթե վաղը համարենք,
Քանզի վաղուց է կեսգիշերն անցել՝
Արևամուտին հինգ բանակներն էլ կլինեն այստեղ։
ՊԱՐՄԵՆԻՈՆ
Այս օրն էլ սպասենք, վաղը…
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Արևածագին գրոհելու ենք քաղաքի վրա–
Ես եմ տանելու զորքը գրոհի՝
Ես՝ Ալեքսա՛նդրս:
Այժմ գնացեք…
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ
(վրանի դուռը բացելով)
Արևածա՛գ է…
Տեսարան երկրորդ
Տաճարի նախագավիթ, քիվերին՝ քանդակներ։
Տաճարի դուռը տանող հարթակի երկու կողմերում
արձաններ՝ կենդանիների և մարդկանց։
ԱՇԽԱՐՀԻԿ
Հիշի՛ր առյուծին, թաթերի ուժը, իրանը անհաղթ՝
Կարծես թե ձուլված համակ բնության ապրող մետաղից.
Ահա՛ նա, նայի՛ր.
Եթե քո բոլոր ջղերը անգամ երկաթից քաշեն,
Դու չես հարձակվի առյուծի վրա,
Հիշելի՛ս անգամ չես համարձակվի այդ բանը անել՝
Անիմանալի մի բան կլինի քո և նրա մեջ.
Դու կցանկանաս ձեռքերդ շարժել՝ չեն ենթարկվի քեզ,
Կձգտես քայլել, սակայն ոտքերդ չեն գնա առաջ՝
Անդամները քո զանց կառնեն մտքիդ կարգադրությունը,
Քո միտքը անգամ չի ենթարկվի քեզ.
Այդպիսի՛ բան է, ելնել նրա դեմ…
…Հասկանում ես դու, բարեկամս,
Այդպիսի մարդիկ օժտված են մեծ իմաստությամբ՝
Արծվի հայացք ունեն և վագրի քաջություն,
Նրանց ջիղը չի ճկվում հեշտանքի ցանկությունից,
Զավակների կարոտից չեն ուշաթափվում,
Գաղափարի՛ մարդիկ են.
Աջն ու ձախը գիտեն և ճի՛շտ կենտրոնը՝
Բանակները առաջնորդում են ցանկացած ուղղությամբ
Եվ հաղթում, պարտադի՜ր հաղթում.
Ամեն հարցում են այդպես,
Սենատների առջև, յուրայինների հետ շփվելիս,
Բանակցությունների սեղանին.
Ի՜նչ էլ ձեռնարկեն, այդպիսին են նրանք՝
Ա՛յդ է նրանց գործը…
ԿՐՈՆԱՎՈՐ
Ի՞նչ ես հասկանում հաղթություն ասելով,
Այդ ի՜նչ հաղթանակ է։
ԱՇԽԱՐՀԻԿ
Նրանք այդպիսին են իրենց ծննդյան օրից,
Ճակատագրի փոթորիկները անզոր են նրանց դեմ.
Լեռան զառիթափին աճած մենավոր կաղնու նման
Տոկո՜ւմ, զորանո՜ւմ են նրանք՝
Արմատները մխրճած ապառաժների խորերը,
Եվ սաղարթները՝ վեր, վե՜ր, դեպի երկինք պարզած։
Մանկական խաղերի ժամանակ նրանց ընկերները
Ակամայից հետևում են նմաններին,
Պատանեկության տարիներին տարիքով ավագները
Նրանցից խորհուրդ են հարցնում, ծերերը բարեհաճորեն բարևում,
Եվ ճիշտ ակնթարթին ճակատագիրը հրավերք է անում նրանց՝
Եվ հայտնվում են նախանշված տեղում.
Պատահականություններն ու դիպվածները նրանց հակառակորդները չեն,
Այլ հնազանդ սպասավորները միայն.
Նմանների շուրջ է աշխարհը կառուցվում.
Նրանք են պատմության երթին ուղղություն տվողները,
Դարերն ու հազարամյակները նրանց ապրած
Կյանքի արձագանքներն են միայն,
Ժամանակը՝ մեծ ավերողը, չի մոռացնում այդպիսիններին,
Այլ մտերմորեն դաշնակցում է նրանց հետ,
Կյանքը նմանների մեջ է վերագտնում իրեն
Եվ մատուցվում հազարներին, որ շարունակվի…
ԿՐՈՆԱՎՈՐ
Ինչե՜ր ես խոսում,
Նրանք չեն ազդում ոչնչի վրա, կյանքի հետ կապ չունեն,
Նրանք կորստյա՛ն դաշնակիցներն են,
Կեղեքո՜ւմ, զրկա՜նք են բերում միայն,
Արյո՜ւն, արյո՜ւն են սփռում,
Այդպիսիններին ծնող հայրենիքները հևում են երկաթե ճիրաններում,
Հարևան պետությունները մատնվում են սովահարության,
Այգիների բերքը չորանում է դրանց քայլերի ձայնից,
Դաշտերն ու արտերը՝ սմքում։
Աստծո հայացքի առջև չկան նրանք,
Կամ թե չնչին, քարեղեն կուռքեր են միայն, աննշա՜ն,
Ժամանակի ընդարձակ սևահողերի մեջ սփռված
փայլփլուն խճաքարեր են դրանք,
Կյանքի՛, բնությա՛ն ընդհանրական
փթթումի մեջ անհետանում, կորչում են,
Փոքրիկ բաղեղը անգամ ծածկում է դրանց,
Եվ կյանքը մի թեթև ճիգով վերագտնում է իրեն երկրի վրա։
ԱՇԽԱՐՀԻԿ
Այդպիսինները չեն կարող անհետանալ,
Պատմության յուրաքանչյուր շրջադարձի հետ
հայտնվում, նորանում են կրկին,
Ամենուրեք կան նրանք,
Նմաններն անգամ ինքնակամ խարույկ կնետվեն,
Միայն թե իրենց ջղերի ահագնական թրթիռը զգան,
Խաղաղ, հանդարտ կյանքը նմանների համար չէ,
Նրանք ատում են իրենց զգայարաններին իջած
ամենայն պարապություն,
Ծառանո՜ւմ են յուրաքանչյուր անդորրի դեմ,
Առանց ապրումների թեժության, պատերազմների,
Առանց մեծագույն ինքնազոհողությունների
կյանքը նրանց համար չէ.
Նրանք են մարգարեները երկրի,
Բարձրագույն մտածողները, պոետներն
ու զորավարներն աշխարհակալ…
ԿՐՈՆԱՎՈՐ
Ի՜նչ մարգարեներ, ո՜ւմ մասին ես խոսում։
ԱՇԽԱՐՀԻԿ
Ալեքսանդրի՛…
Տեսարան երրորդ
Անձավի մուտք։ Անտառ։
ԾԵՐ
Գնա՛ այստեղից, ասում եմ, գնա՛,
այստեղ գործ չունես.
Համա՜ռն ես անչափ։
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Մեկ է, այստեղից չեմ հեռանալու,
Մինչև թույլ չտաս անձավդ մտնեմ։
ԾԵՐ
Ի՜նչ է, ամրոցս պաշարել ես դու,
Գրոհո՜վ կուզես քաղաքս առնել.
Քարեր կնետեմ բարձրերից վրադ,
Հալած ձյութ կանեմ աշտարակներից, որ մոխիր դառնաս.
Մի՛ մնա այստեղ։
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Թեկուզ քարայրիդ առջևի ցախը
նիզակներ դարձնես՝
Ինձ քո ամրոցից քշելու համար,
Մեկ քայլ չեմ զիջի իմ այս դիրքերից.
Որքան տեսնում եմ՝ տունդ փոքր չի,
Երկու մարդ հանգիստ կարող է պահել…
Մե՛կ գիշեր միայն…
ԾԵՐ
Ոչ մի ակնթարթ.
Քարայրն աշխարհս է, երկու մարդ
շատ են աշխարհի համար,
Կարող է հանկարծ պատերազմ ծագել, արնահեղությո՜ւն.
Դե՜, հանգիստ թող ինձ, հեռո՜ւ գնա, խև՜,
Մեկ ուրիշ աշխարհ փնտրիր քեզ համար,
Տես, որքան շատ են այս տիեզերքում…
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Խոսքը անտառիդ մասին է, ծերուկ.
Անձավներ շատ կան, քո՛նն է հարկավոր,
Թո՛ղ ինձ՝ ներս մտնեմ։
ԾԵՐ
Հեռացի՛ր, գնա՛, չեմ թողնի՝ մտնես,
Ի՞նչ ես ցանկանում։
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Մեկ հարց ունեմ քեզ։
ԾԵՐ
Ուրիշ ի՞նչ գիտես, որ
Մեկ հարց ունես, ա՞յդ է մնացել.
Դե՜, մի՛ մոտեցիր, ասացի՝ գնա՛։
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Ես շա՜տ բան գիտեմ։
ԾԵՐ
Այդ ինչե՜ր գիտես.
Դու, սերմի ուժը, հասարա՛կ սերմի՝ գիտե՞ս՝ ինչից է…
Մի կողմ տար ոտքդ, ո՛տքդ մի կողմ տար,
Չէ, ա՛յս մեկը տար. մի՛ պարիր, խելա՛ռ.
Ո՜տքդ մի կողմ տար… ահա՛, ա՛յս մեկի։
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Ի՜նչ ես բղավում, ուրիշ սերմ չկար
Քո այս անտառում։
ԾԵՐ
Դու ամբողջ սերմը ոտնատակ արիր՝
Ճամփան մոլորած նախիրի նման.
Ինձ այս մեկն էր պետք։
Ա՛յս սերմի ուժը,
Որ ծառ դառնալով ընկնում է նորից միևնույն հողին՝
Իրեն տրոհած ճշգրիտ իր չափի այլ սերմիկների–
Եվ այսպես անվերջ բազմապատկվելով անտառ է դառնում՝
Գիտե՞ս ինչից է…
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Ես բանե՜ր գիտեմ աշխարհի մասին։
ԾԵՐ
Ի՜նչ էլ որ գիտես, գումարիր արդեն այդ չիմացածիդ
Եվ հաշվիդ վերջում կստանաս թիվը իմացածներիդ՝
Մի քարայր, մի խուց՝ տռուզ գանգիդ պես,
Որտեղ որ հանգիստ կարող ես մտնել։
Դե՛, շո՛ւտ, ինչ ունես, հավաքիր քեզ հետ,
Մտի՛ր գանգիդ մեջ.
Գլխարկդ մի թող, բա՜րձ վերցրու հետդ,
Դո՛ւռը պինդ կողպիր. կողպի՛ր, ասում եմ.
Նայի՛ր, հյուսիսի հողմը ծեծում է հարավի քամուն՝
Իր զույգ ձեռքերում Կիլիմանջարոն ու Մոնբլանն առած.
Շա՜տ ձյուն է գալու, սաստիկ ցուրտ կանի…
Շա՜տ բան գիտի սա…
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Մի հեգնիր, ծերուկ, թող քեզ բան ասեմ։
ԾԵՐ
Ասա՛, շուտ, ասա՛։
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Հանդարտվիր փոքր-ինչ, որ հարցս լսես։
ԾԵՐ
Մի մոտեցիր, չէ՛, այդ քարին նստիր.
Ա՜յ այդտեղ, լավ է։ Հիմա խաղաղ եմ։
Ի՞նչ հարց ես տալու։
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Շատ գիտունների դռներ եմ թակել–
Թեբեից մինչև չինաց կողմերը՝ Տիբեթ հասնելով,
Ոչ ոք իմ հարցին պատասխան չուներ,
Սակայն բոլորը մեկ բան են ասել.
Որ Ալեքսանդրը կարող է միայն պատասխան տալ քեզ,
Նա է, որ գիտի ամենայն հարցի ճիշտ պատասխանը,
Ես էլ քեզ եկա։
ԾԵՐ
Հիմար մարդիկ են ամենքը եղել. մարդու չես տեսել…
Ո՜ւր ես դու այդքան թափառել, խելա՛ռ.
Յուրաքանչյուր մարդ իր փորձը ունի աշխարհի վրա,
Այս մեկը հիշիր.
Երբ շուրջը ծով է՝ նավագնացությունը պիտի զարգանա,
Երբ անապատ է՝ ուղտ պիտի պահես,
Օձերի բարքից հարավցուց հարցրու,
Ոչ թե հյուսիսի բնակիչներից՝
Սրանք կարդում են եղնիկի վարգը ձյուների վրա.
Եվ այս ամենի ընդհանրությունն էլ՝ աշխարհի մարդկանց
Իմացությունն է աշխարհի մասին.
Իմաստուն մարդը գիտի՛, թե ումից ի՞նչ պիտի հարցնի։-
Ի՛նձ ի՞նչ հարց ունես,
Ի՞նչ ես ցանկանում ինձնի՛ց իմանալ։
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Թե նա, ով ստեղծեց այս խառնարանը,
Ի՞նչ էր նա սկզբում մտքին ունեցել
Եվ ինչո՞ւ այսպես ավարտեց բանը։
Չէ՛ր կարող լինել, որ իր մտքինը այս եղած լիներ։
ԾԵՐ
Խելագա՜ր ես դու, ի՜նչ հարց ես տալիս,
Ո՜վ է գոռացել քո մտքի վրա։
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Արարիչն ինքը,
Երբ որ ստեղծել է այս գոյությունը,
Եվ ճանաչումի տենչ է տվել մեզ։
ԾԵՐ
Մեղք ես, մի փնտրիր.
Ինչքա՜ն ընդլայնվես, այնքան էլ Աստված
կընդլայնվի քո դեմ,
Որքա՜ն բարձրանաս,
Աստված միշտ նույնքան
Բարձրում կմնա՝ որքան որ առաջ,
Դու կյանքդ ապրիր քեզ տրված չափով.
Մի՛ խելագարվիր…
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Գոնե մոտավոր պատասխան տուր ինձ։
ԾԵՐ
Աստծո՛ւց հեռացիր, ասում եմ, գնա՛,
չէ՜, այս կողմ արի.
Հեռացի՜ր Աստծուց, որ Աստծուն գտնես մեկ ուրիշ կողմում՝
Ամենո՜ւր ինքն է,
Քեզ պետք է միայն հայացքդ շրջել.
Զվա՛րթ բան գտիր։
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Ծերո՜ւկ, բա՜ն ասա։
ԾԵՐ
Ի՜նչ ես մտրակել զգացումներդ,
Վե՜րք ես արել, մա՜րդ…
Նայիր այդ քարին, որին նստած ես. մարմարե սալ է,
Դեմի լեռներից ե՛ս եմ դա բերել,
Երբ քեզ պես ես էլ բաներ էի փնտրում.
Նայի՛ր, ուշադի՛ր նայիր դու դրան,
Հիմա խորքե՜րդ՝ նե՛րսը քո նայիր և գտի՜ր ձևը՝
Ա՛յն կատարյալը, որը կուզեիր՝ այս սալը լիներ.
Եվ թող արհեստի ողջ վարժությունը այս արվեստի մեջ
Քո վրա իջնի.
Վերցրու բրիչն այս և խփիր սալին,
Որ ձևն այդ ստանաս։
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Մեկ է, չեմ կարող։
ԾԵՐ
Դե լավ, համբերիր,
Ես ինքս կասեմ, թե ինչ կստացվի.
Ամեն հարվածից հետո կտեսնես,
Թե ոնց է փոխվում քո մեջ եղածը՝ ա՛յն կատարյալը,
Նյութն էլ իր հերթին քեզ կթելադրի,
Թե ինչպես պիտի նրա հետ վարվես,
Եվ ա՛յն ճաքերը, որոնք որ սալն այս խորքերում ունի,
Քեզ կպարտադրեն իրենց աչքերում պատկերված ձևը։
Իսկ վերջում նայիր, թե ինչ կստացվի.
Քո մտածածից շա՜տ տարբեր մի բան,
Եվ դու չես հիշի, թե ինչ պատկեր ես քո մեջ ունեցել,
Եվ կասես՝ սա՛ է, ա՛յս ձևն եմ ուզել։
Ինքն էլ այդ ասաց՝ ա՛յս եմ ցանկացել,
Եվ թողեց այսպես…
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Մի՞թե այդ էր հենց։
ԾԵՐ
Այս էր, կամ էլ թե դրա պես մի բան,
Քեզ համար մեկ չէ՞։
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Մեկ չէ, ծերունի,
Այլ կերպ բացատրիր։ Խնդրում եմ, ասա՛։
ԾԵՐ
Այս տիեզերքն էլ Տերն է կառուցել՝
Բազում աստղերը մեկը մեկի հետ թաքուն կապելով,
Գնա՛, դու դրանց կապերը գտիր, հանգույցները այդ.
Կարո՞ղ ես, ասա՛…
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Դու հա՛րցս մեկնիր, պատասխան տուր ինձ…
ԾԵՐ
Խելագա՜ր մանչուկ, լացս բերում ես,
Իմ խուցը մտիր, ապրի՛ր քարայրում, չգնա՜ս հանկարծ,
Գնամ, քեզ համար նոր աշխարհ բերեմ.
Ա՛յս է, դու ապրի՛ր…
Մի տխրիր, խելոք, այլ կերպ բացատրեմ.
Ա՛յն, ինչ-որ գիտես, ինչին որ երբեք չես կասկածելու,
Փորձի՛ր շարադրել.
Եվ այդ ընթացքում նայիր, ինչպես են ճշգրիտ բառերը
Տեղները զիջում ուրիշ բառերի.
Քո մտքում հաճախ բառի պինդ նյութը չի կոտրվելու,
Այլ սայթաքելով ընկնելու է ցած,
Որ մարմրելով մեռնի քո խորքում,
Իսկ ակամայից ծնվածը թեթև ելնելու է դուրս՝
Իր կեղծ հագուստով փայլելով քո դեմ,
Եվ հաճախ բառն է ընտրելու, թե ինչ խոսքի մեջ լինի:–
Վերջում կտեսնես, թե ի՞նչ ասացիր, ի՜նչ իմաստ ստացար.
Մոտավո՜ր նման քո մտածածին։
Այս էլ՝ ուրիշ կերպ։
ԻՄԱՍՏԱՍԵՐ
Ա՞յդ էր, ծերունի,
Մի՞թե մեկ բառի, կես տոնայնության,
Թեթև վարժանքի սխալանք է սա.
Ո՞ւր է իմ կյանքը, ապրումները իմ,
Մենք ի՞նչ ենք անում այս երկրի վրա,
Ինչի՞ն ենք կանչված…
Հիմա ո՞ւր գնամ։
ԾԵՐ
Ճանապարհն ինքը քեզ կասի՝ թե ուր,
Դու քայլիր միայն…
Համբերի՜ր, ա՜յ մարդ, մոռացա ասել.
Կարող է վերջում իր իմացածով ավարտի բանը,
Սա սկիզբն է գուցե…
Տեսարան չորրորդ
Ժամանակակից, փսքր—ինչ վատ կահավորված սենյակ։
1.ԱԼԵՔՍԱՆԴՐ
Խենթությո՜ւն է,
Կյանքը խենթություն է, մտքային մարմաջ
Այն ճանաչելու ցանկությունը՝ ամբո՛ղջը ճանաչելու.
Յոթ միլիարդին կարո՞ղ ես սիրել՝
Յուրաքանչյուրին առանձին, առանձին,
Իրենց սերերով, արատներով, խեղճությամբ։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Բոլորին միանգամից, ո՜ղջ մարդկությանը կարող եմ,
Առանձին, առանձին դժվար է,
Չե՛մ կարող ասել։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Չէ՜, յուրաքանչյուրին առանձին։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Չե՛մ կարող, յուրաքանչյուրին առանձին չեմ կարող.
Արատները շատ են՝ մե՛կ մարդու արատները.
Մեկի աչքն է շիլ, մյուսը դավադրության,
Ուրանալու, սպանելու հակում ունի.
Չէ՛, չե՛մ կարող, քրտնահոտը շատ է…
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Թե կարողանայիր, Քրիստոս էիր լինելու, մարգարե,
Ամբողջությամբ՝ բոլորին հեշտ է՝
բանաստեղծությո՜ւն է, արվե՜ստ,
Լավ երևալու ցանկություն՝
Քո՛ աչքին այդպես երևալու.
Մարդո՛ւն սիրիր, առանձի՛ն մարդուն։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Սակայն ինչո՞ւ սիրել, ո՞ւմ համար է դա,
Ինչո՞ւ շեշտադրել այդ բանի վրա՝
Սիրե՛լ, ա՛նպայման սիրել.
Չէ՞ որ կամ, ապրում եմ,
Մի՞թե այդքանը հերիք չէ, բավական չէ
Աստծո աչքին երևալու համար,
Մի՞թե անընդմեջ ինչ-որ ածանցյալներ են պետք.
Գթասրտությո՛ւն, սե՛ր, ողորմածությո՛ւն,
Համաձայն եմ այդ ամենին, սակայն ինչո՞ւ երկրորդել.
Կյանքի իմաստը հենց ինքը կյանքն է, ապրի՛ր…
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ապրելը ինքնին կա, եղել է մեզանից անկախ,
Մենք չենք ստեղծել կյանքը, մեզ հետ կապ չունի,
Նրա բնակիչներն ենք միայն։
Բայց մենք, հե՜նց մենք՝ ես, դու
Ինչի՞ համար ենք ապրում. պատճառաբանությո՜ւն է պետք։
Ասացիր՝ կա՛մ, ապրո՛ւմ եմ,
Կարո՞ղ ես զոհաբերվել հենց այդ լինելուդ համար, առկայության,
Գոյության համար ընդհանրապես,
նրա շարունակելիության։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Դարձյալ նույնը.
Ինչի՞ն զոհաբերվել, ինչո՞ւ,
Ի՞նչը պատճառաբանել.
Ապրի՛ր, ամե՛ն գնով ապրիր, դիմացի՛ր, տոկա՛,
Ո՞ւմ է պետք այդ զոհաբերվելը։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Աշխարհին պատերազմներն են սպանում, մի՛շտ են սպանել,
Սակայն այս մեկը, որ պետք է լինի,
Կարո՛ղ է լինել,
Զոհաբերություն է ուզում, հազարների,
Գաղափարակա՛ն հազարների զոհաբերություն,
Որոնք վաշտ առ վաշտ պետք է նետվեն
Նրա՝ հետզհետե առավել ահագնությամբ պտտվող
Թափանիվների տակ,
Որպեսզի կանգնեցնեն նրա առաջխաղացումը,-
Թվում է, թե արդեն թողլքված, վրիպված, անշրջանցելի…
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ցնորանք է,
Ինչի՞ մասին ես խոսում,
Համբերիր, և կանցնի առանց վնասելու,
Ինքնըստինքյան, առանց միջամտությունների,
Մի՛ ընդդիմացիր, գուցե այդ դառնա աղետի սկիզբը.
Աշխարհն իր մարմնում պատերազմներ ունի,
Ցրտահարություն և շոգ. կանցնի՛,
Ապրի՛ր, այդ էլ բավական է,
Ճանաչիր քեզ բաշխված կյանքը.
Համբերել է պետք, համբերել։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Աշխարհի որբությունը երակներիս մեջ է,
Երակներիս և ոսկորներիս մեջ,
Գանգիս կաղապարի խորքում,-
Աշխարհի որբությունից չեմ կարողանում ազատվել,
Այս համատարած, սերնդեսերունդ
մեզ ժառանգված անհայրությունից։
Ո՞վ էր այս ամենի սկզբում կանգնածը,
Ո՞վ էր, որ անակնկալ շրջվեց,
Իրենից տարածված այս գունդը թողնելով
Համատարած որբության մեջ։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Սկզբում կանգնածը վերջում էլ կանգնած կլինի,
Համբերի՛ր.
Մտիր բնության խորքերը, ճանաչի՛ր գոյությունը՝
Լարի՛ր զգայարաններդ
Եվ կտեսնես, որ չկա, ի վերջո չկա՜ այդ որբությունը,
Անհայրությունն այդ։
Մենք պատրանքների մեջ ենք ապրում՝
Մահկանացուի մտքի պատրանքներում.
Աշխարհի թելադրած կանոնները,
Հասարակարգերն ու քաղաքակրթությունները,
Տանջարաններն ու պետությունների
աշխարհակալության ձգտումը՝
Մարդկային թյուր, անհեթեթ հորինվածքներ են՝
Մեր մսեղեն, խղճու՜կ մտքի.
Հազարամյակներ կրթել ենք մեզ
պատրանքային անիմաստությամբ,
Տարակերպ աստվածներով, ահագնական,
Անպատասխան հարցումներով, դիմամարտությամբ,
Եվ արդյունքում ստացել, ունեցել,
ինքներս մեզ ժառանգել
Զգայական ու տեսանելի անհեթեթություններ՝
Այս երկիրը և նրա շուրջ խարխափող
մեր որբ մտածումները։
Ազատվել է պետք, փրկվել մտքի աղտեղությունից՝
Չափազանցվա՛ծ մտքի,
Հայեցում է պետք, սպասում, որ շարժվենք
նրա ցուցանած ճանապարհով։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Գործել է պետք, շարժում,
Սպասումով ոչինչ դուրս չի գա.
Հենց հանո՛ւն գոյության,
Աստծո՛ պետք է գործել
Ընդդեմ աշխարհային աղետների,
Հոգիները ամայացնող ցրտի,
Մարմնական ցավերի, ընդդեմ չքավորության.
Հասկանում ես, բարեկամս –
չքավորությո՜ւն…
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Չքավորություն ասածը աշխարհի վարակն է, բացիլը,
Որը փոխանցվում է հայրերից զավակներին,
Հայրենիքներից ժողովուրդներին,
Պատերազմներից՝ համայն մարդկությանը,
Ես էլ եմ դա ճանաչել, Ալեքսանդր,
Ավելին, ավելին գիտեմ աշխարհի տանջանքների մասին.
Սակայն կարիք կա՞ր արդյոք այդքանը իմանալ, ո՜ւմ էր պետք,
Շրջվիր և կանցնի.
Հիվանդություններով չէ, որ ճանաչվում է կյանքը,
Իրականում այն մեծագույն բարիք է, ցնծություն…
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ի՜նչ ցնծություն է ասածդ.-
Չքավորություն, շուտով, շատ շուտով
Մարդկության թիվը անցնելու է յոթ միլիարդից
Եվ շարունակելու է աճե՛լ, աճե՛լ, աճե՛լ,
Մեկ տերության համար, երեքի,
Հինգ հզոր կայսրությունների համար:
Մնացյալ ազգերը ստրկության են քշվելու,
Դեղնամորթ ու սևադեմ, ասիացի կանանց բազմություններ
Չքավորության մտրակի տակ հեծեծալով պոռնկության են մատնվելու՝
Բռնի՛ պոռնկացման,
Տղամարդկանց անհաշիվ լեգեոններ տրվելու են ստրկության՝
Ինքնակա՜մ, անտրտո՜ւնջ,
Որ պատառ հաց վաստակեն իրենց սովահար մանուկների համար.
Կյանքի ո՛ր բարիքի մասին ես խոսում,
Որքա՜ն կցանկանայի, եթե պարզվեր, որ միտքս բորբոքված է,
Ուղեղի խանգարում ունեմ,
Եվ այդ պատճառով է, որ կյանքը ինձ այսպես է պատկերանում.
Սակայն չեմ կարծում, չե՛մ կարծում, թե սխալվում եմ։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Աշխարհն այն չէ, ինչը տեսնում ենք, ինչը կա.
Իրականում նա մեր խոհերի, վիթխարական ձգտումների,
Պատկերացումների հայրենիքն է նաև,
Որում և ամենքս ենք ապրելու վերջնականապես.
Իրացված երազների, կատարված ձգտումների,
Հաղթահարված մտքերի աշխարհում։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Անստույգ բաներ ես խոսում, անիրական, չշոշափվող.
Այդ ի՜նչ բարձունքներում ես ճախրում, Ալեքսանդր,
Ապացույցներ են պետք։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ի՜նչ ապացույցներ տամ.
Մտի՛ր քո խորքերը, կճանաչես…
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ո՜ւր, ո՜ւր, ո՜ւր…
ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ
Տեսարան առաջին
Հռոմեական թատրոն։ Կենդանիների պահապաններ,
մահապարտ, կայսր, սենատորներ, զինվորներ։
- ՊԱՀԱՊԱՆ
Քնե՞լ ես այսօր։
- ՊԱՀԱՊԱՆ
Ի՜նչ է, չէիր լսում, թե ի՛նչ աղմուկ էր,
Կարծես մի անտես թշնամի եկել
Ու վեճ էր գցել գազանների մեջ,
Ահավոր բան էր։
- ՊԱՀԱՊԱՆ
Վագրի մռունչը ականջիս մեջ է,
Քնից զարթնեցի դրա գոչյունից,
Կարծես հինգ անտառ վրաս էին գալիս։
- ՊԱՀԱՊԱՆ
Հովազը այնքան խփվեց ճաղերին,
Որ ինձ թվում է՝ կողը ջարդել է,
Անզոր պառկել է վանդակի ներսում։
- ՊԱՀԱՊԱՆ
Ճիշտ գժանոց էր,
Արջերը անզոր դես-դեն էին նետվում,
Ընձառյուծները քրքջում էին բորենու նման։
- ՊԱՀԱՊԱՆ
Ինչ-որ չարագույժ խորհուրդ կա այստեղ,
Վատ լուր կլսենք,
Այդ բաներին կենդանիները անչափ գիտակ են՝
Մեծ աղետները կանխատեսում են հինգ-վեց օր առաջ՝
Իրենց պահվածքը կտրուկ փոխելով։
- ՊԱՀԱՊԱՆ
Իրոք այդպես է,
Սրանք անտառի բնակիչներն են
Եվ բնությունը դրանց երակին ավելի մոտ է,
Քան թե մերինին,
Ուրվականների աշխարհն էլ նրանց աչքերի առաջ
Գաղտնիքներ չունի,
Շատ պարզ տեսնում են, ինչպես որ
Մենք ենք Հռոմը տեսնում։
- ՊԱՀԱՊԱՆ
Ի՞նչ պատահեց քեզ։
- ՊԱՀԱՊԱՆ
Աչքս բան ընկավ, թո՛ւ, էս ի՞նչ բան էր,
Կարծես կուրացա։
- ՊԱՀԱՊԱՆ
Թող որ ես նայեմ, դե՜, ձեռքդ քաշիր.
Իսկ հիմա՛ ո՞նց է։
- ՊԱՀԱՊԱՆ
Էլի մի բան չի,
Մշուշի մեջ եմ աշխարհը տեսնում.
Հաստա՛տ, ինչ-որ վատ լուր ենք առնելու՝
Զորքերի կորուստ, կամ կուսակալի մերձավորներից
Մեկի վախճանը.
Գուցե վտանգը հենց Հռոմին է հարվածն ուղղելու։
- ՊԱՀԱՊԱՆ
Առա՜ջ գնացիր,
Աչքիդ ճպուռով մի փորձիր երբեք Հռոմը չափել,
Հռոմին վտանգ չի կարող սպառնալ.
Կարող է հետին մի լեգեոն կորցնենք,
Կամ թե երկուսը,
Բայց հազար լեգեոնն էլի՛ Հռոմ չի.
Հռոմը Հռոմ է, ինքն է իրենից միայն զորավոր։
- ՊԱՀԱՊԱՆ
Լավ, լավ, դու ճիշտ ես,
Այդ ո՞ւմ են այսօր կենդանիների առաջ նետելու,
Ի՞նչ է արել դա:
- ՊԱՀԱՊԱՆ
Անհայտ աղանդի հավատացյալ է,
Վերջերս դրանք եկել, քաղաքի գետնախորշերն են
Խմբերով լցվել:
- ՊԱՀԱՊԱՆ
Էլի եզան ոտք, կամ կովի գլուխ,
Մեր գազանները մեղք չե՞ն, որ դրանց
Կեղտոտ լեշերն են դեմները նետում,
Ուրիշ կեր չկա,
Թող որ խորովեն խարույկների մեջ,
Կամ ցցի հանեն։
Սա՛ ի՞նչ է պաշտում։
- ՊԱՀԱՊԱՆ
Մի հանգուցյալի, որը մեռած չի։
- ՊԱՀԱՊԱՆ
Այդ բանը ինչպե՞ս կարող է լինել:
- ՊԱՀԱՊԱՆ
Հսկա աշխարհ է, հնարավոր է ամեն բան լինի.
Էդ հանգուցյալին տարել են, խաչել…
- ՊԱՀԱՊԱՆ
Ի՞նչ է, մեռել է, հետո՞ են խաչել։
- ՊԱՀԱՊԱՆ
Չէ, սկզբում ողջ էր. դու խոսքիս նայիր,
Երբ որ խաչել են, տեսել են՝ խաչին դեռ կենդանի է,
Ձեռքի տեգերով էլի՛ են կապել էդ փայտի վրա,
Բայց երբ որ խաչից իջեցրել են ցած,
Տեսել են, որ սա նորից ապրում է։
- ՊԱՀԱՊԱՆ
Ի՜նչ, պա՞ր էր գալիս ձեռքերը տնկած։
- ՊԱՀԱՊԱՆ
Դա ինձ չեն պատմել,
Ասում են՝ նրան մահանալ չկա՝
Ինչ էլ որ անեն։
- ՊԱՀԱՊԱՆ
Հիմա ո՞ւր է դա։
- ՊԱՀԱՊԱՆ
Հիմա էլ՝ իբր երկինք է ելել
Ու մեր աշխարհն էլ աչքերի մեջ է՝
Տեսնում է՝ այստեղ ինչ է կատարվում։
- ՊԱՀԱՊԱՆ
Է՜հ, մեզ ի՞նչ օգուտ։
- ՊԱՀԱՊԱՆ
Օգուտն էլ էն է,
Որ մեր աշխարհում ինչքան տանջված կա՝
Բորոտ, ոտքից կաղ, աչքի մեջ կատար,
Հոգու մեջ վերքեր ունեցող մարդիկ,
Գազանների մոտ ցրտին ու շոգին պահապան կանգնող,
Իր մոտ՝ երկինք է վերջում տանելու:
- ՊԱՀԱՊԱՆ
Կուզեի՝ նման մեկը որ լիներ,
Սակայն ես չէ, դու,
Այդպիսի բանի հավատ կընծայվի՞։
Դա նույն բանն է, թե
Աքլորին մի լավ փետրահան արած
Ջրի մեջ եփեն,
Եռ գալուց հետո, երբ որ կաթսայի գլուխը բացեն,
Տեսնեն՝ կտուրից իր ձենն է գցել.
Խելքին մոտ բան չի։
- ՊԱՀԱՊԱՆ
Բայց դե պատմում են։
Հանդիսատեսը արդեն գալիս է,
Ներկայացումը նրան դուր կգա։
- ՊԱՀԱՊԱՆ
Բայց կարճ կտևի։
- ՊԱՀԱՊԱՆ
Կարճ, բայց արյունոտ,
Այդքանը բավ է, որ սա գոչյունով
Քաղաքի հզոր հիմերը ցնցի։
- ՊԱՀԱՊԱՆ
Արյունը հերիք է,
Ա՛յլ բան ենք արդեն ցանկանում տեսնել։
- ՊԱՀԱՊԱՆ
Արյամբ է հիմնած աշխարհի տունը
Եվ արյունով էլ պետք է վերանա,
Դու գազաններիդ կերակուրը տուր, քո գործին մնա։
- ՊԱՀԱՊԱՆ
Մի՞թե կայսրն է, վերև մի նայիր,
Ահա գլխավոր դարպասների դեմ կառքը ձգելով,
Սենատորների փոքրիկ խմբի հետ
Այս կողմ է գափս։
- ՊԱՀԱՊԱՆ
Ինչո՞ւ է սակայն այդ կողմից գալիս,
Իր օթյակներում պետք է նա լիներ։–
Զգուշանալէ պետք,
Զինվորներն արդեն մահապարտին են
Քարշ տալիս այստեղ:
Մենք հեռու քաշվենք:
- ՊԱՀԱՊԱՆ
Գնանք այստեղից,
Մեր՝ գազանների կողքին լինելը
Ապահով է, քան իշխանության դեմ:
ԿԱՅՍՐ
Բերեք իմ առջև այդ խելագարին,
Թողեք բարձրանա,
Այդ կոշիկները չե՞ն կրծում ոտքդ.
Պատասխանի՜ր, ո՜րդ:
- ՍԵՆԱՏՈՐ
Տիրակալ, զուր ես այս մժղուկի հետ խոսքի բռնվում,
Էն աքլորների առաջը նետիր, թող մի լավ կտցեն։
ԿԱՅՍՐ
Հանդարտվե՛ք, պետք է սրա հետ խոսեմ,
Չե՛ս պատասխանում, լեզուդ կբացեմ…
(Զինվորներին մահապարտին մտրակելու նշան է անում։)
Նորի՛ց բարձրացրեք.
Համարձակվում ես դեռ դեմքիս նայել։
Դե՛, պատմիր, ստրուկ։
ՄԱՀԱՊԱՐՏ
Ի՞նչ ես ցանկանում, որ ես քեզ պատմեմ։
ԿԱՅՍՐ
Կենսագրությո՜ւնդ։
Պատմի՛ր քո աստծուց։
ՄԱՀԱՊԱՐՏ
Քեզ քո հնազանդ ծառաներն արդեն պատմած կլինեն,
Ես քեզ ի՜նչ պատմեմ։
Կենսագրությունս էլ քոնի նման է,
Ծնվել եմ մի օր և պիտի մեռնեմ։
ԿԱՅՍՐ
Նայիր, ա՜յս է քո մեռնելու օրը.
Ինչո՛ւ չես խոսում մեռյալիդ մասին,
Թերևս ես էլ զոհեր մատուցեմ իր պատվի համար՝
Խոսքդ լսելով։
ՄԱՀԱՊԱՐՏ
Ձեր մարմինները չեն թողնի, որ ձեր սրտերը լսեն,
Եթե պատրաստ եք զոհեր մատուցել՝ ձեզ պիտի զոհեք:
ԿԱՅՍՐ
Քա՛ջ ես, խոսք չունեմ,
Կցանկանայի, որ քեզ պես մեկն էլ իմ կողքին լիներ.
Զարմանալի է, ի՞նչ կերակուր է տերդ քեզ նետել,
Որ պատրաստվում ես զոհվել իր համար։–
Ի՜նչ է սենատի կարծիքն այդ մասին.
Լռելը ճիշտ է, խելոք եք վարվում…
Դե՜, ասա, ի՞նչ է նա քեզ խոստացել,
Որ ես չեմ կարող այդ բանը քեզ տալ.
Եթե ուրանաս, քեզ բաց կթողնեմ,
Կյանքից առավել ի՜նչ կարող է նա քեզ տված լինել։
ՄԱՀԱՊԱՐՏ
Քեզնից ստացածը ունեցածիդ պես բան է լինելու՝
Տե՜ս, կողքիններդ ինչպես են նայում քո պատմուճանին,
- ՍԵՆԱՏՈՐ
Այս օձի լեզուն, կա՛յսր, փորձում է քեզ էլ քարոզել,
Տո՛ւր գազաններին…
ԿԱՅՍՐ
Հանդարտվի՛ր, սպասե՛ք.
Ինչպե՞ս կարող է մեռյալը ողջին բաներ խոստանալ,
Մոլորվա՜ծ ես, մարդ.
Իսկ ես չեմ խաբում. անձովս եմ երդվում,
Եթե ուրանաս, ոչ միայն քեզ կյանք կբաշխեմ ազատ,
Կալվածքներ կտամ քեզ Հռոմի մեջ,
Անթիվ ստրուկներ, նաժիշտներ, հարճեր,
Քեզ տե՛ղ կբացեմ սեղանիս առջև.
Ավելին ի՜նչ տամ։
ՄԱՀԱՊԱՐՏ
Այդ գիտես միայն.
Քո իմացածը այդ նաժիշտներն են,
Տարփուհիները, ստրուկներն անթիվ,
Լեգեոններիդ զրահի փոշին՝ աշխարհի բոլոր ծիրերի վրա.
Դու այդ ես տեսնում. դրանք ինձ պետք չեն։
ԿԱՅՍՐ
Բայց ի՞նչ ես ուզում։
ՄԱՀԱՊԱՐՏ
Քե՛զ եմ ցանկանում՝
Առանց այդ մեռյալ պաճուճանքների։
ԿԱՅՍՐ
Շո՜ւն, ի՜նձ ես ուզում,
Իմ գա՞հը քեզ տամ։
ՄԱՀԱՊԱՐՏ
Աշխարհի բոլոր գահերը անգամ
Թե ինձ բաշխես դու,
Մարգարիտները բոլոր ծովերի,
Լեռան խորքերի անհաշիվ ոսկին՝
Ես չեմ ցանկանա.
Քանդի՛ր Հռոմը և ինձ հետ քայլիր։
ԿԱՅՍՐ
Ո՜ւր, աշխարհից դուրս.
Ամբողջ աշխարհը այս մեկ Հռոմն է,
Գետնի տակն անցնեմ։
ՄԱՀԱՊԱՐՏ
Այդ պատճառով էլ ասում եմ՝ քանդի՛ր,
Որ մեկ այլ Հռոմ այստեղ կառուցվի։
ԿԱՅՍՐ
Վտանգավոր է ձեզ ազատ թողնել,
Սկզբում թվում էր, թե լուսնոտներ եք,
Որ մեր քաղաքի կոյուղիների շուրջ թափառելով՝
Ձեր ցնորահար գաղափարներն եք մթնում տարածում,
Բայց հետո տեսա, որ աղվեսի պես
Կարողանում եք ամեն տուն մտնել՝
Ստրուկին հանած ընդդեմ իր տիրոջ,
Տիրոջը՝ ընդդեմ արքայի գահին.
Իսկ եթե թողնեմ, ինձ էլ կհանեք
Աստվածներիս դեմ պատերազմելու.
Դուք միամիտ չեք, խելագա՜ր չեք դուք.
Ասում են՝ նաև աճպարորեն
Կարողանում եք այրի և կնոջ մեջտեղը պառկել.
Այդ ի՜նչ եք անում նրանց մեղսավոր առագաստներում,
Ներքինի՛ չէր նա,
Ով սովորեցրեց ձեզ այդ բանն անել։
ՄԱՀԱՊԱՐՏ
Եթե ձեզ հետ եք զուգակցել փորձում՝
Ձեր այս քաղաքը իրենց հեշտանքի աղմուկով լցնող
Կատուներն անթիվ, շները բոլոր
Պիտի ներքինի համարվեն իրոք,
Ուր մնաց՝ թե նա։
ԿԱՅՍՐ
Դու փորձում ես դեռ ինձ պատասխանել.
Տարե՜ք այստեղից, նետե՛ք դրանց դեմ…
Համբերե՛ք, կանգնի՛ր,
Ի՞նչ է անունդ։
ՄԱՀԱՊԱՐՏ
Ալեքսանդրն եմ։
ԿԱՅՍՐ
Ի՞նչ քաղաքից ես։
ՄԱՀԱՊԱՐՏ
Մակեդոնիայից։
ԿԱՅՍՐ
Զարմանալի է,
Մակեդոնացին ի՞նչ էր որոնում Երուսաղեմում,
Որ ձեռքին բերեր Հռոմի առաջ…
ՄԱՀԱՊԱՐՏ
Ես այս աշխարհը չեմ տեսնում արդեն,
Ի՜նչ քաղաքների մասին ես խոսում։
ԿԱՅՍՐ
Ինձ է՞լ չես տեսնում։
ՄԱՀԱՊԱՐՏ
Ներսում եղածդ՝
Դեմքն ու մարմինը ինչի՞ համար են։
ԿԱՅՍՐ
Ներսո՛ւմս ի՞նչ կա։
ՄԱՀԱՊԱՐՏ
Մի մեծ խեղճություն՝ իրեն մատուցված
Իշխանության դեմ.
Կարեկցում եմ քեզ։
ԿԱՅՍՐ
Դո՛ւ, մահապա՛րտդ, շո՛ւնդ շղթայված
Ի՜նձ ես կարեկցում,
Ծաղրո՞ւմ ես դու ինձ։
Քարշ տվեք սրան գազանների դեմ,
Շղթան հանեցեք, սուր տվեք ձեռը.
Խելագարությո՜ւն, գնանք այստեղից:
- ՍԵՆԱՏՈՐ
Կուսակալ, մի՞թե մենք չենք տեսնելու այս շան վախճանը.
Օթյա՛կ բարձրացիր։
ԿԱՅՍՐ
Ի՞նչ, այստեղ մնանք… իհարկե, այստեղ.
Գահավորակնե՛ր, այստե՛ղ. դե, շտապե՜ք…
Պետք է այստեղից դրա արյունոտ վախճանը տեսնեմ։
ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՎԱԳ
Շղթա կազմեցեք ինքնակալի մոտ։
(Զինվորները գահավորակներ են բերում
կայսրի և չորս սենատորների համար։)
ԿԱՅՍՐ
Դե, սկսեք…
- ՍԵՆԱՏՈՐ
Թուրը վայր գցեց,
Չի ուզում կռվել։
- ՍԵՆԱՏՈՐ
Կենդանիներն էլ չեն նետվում վրան,
Հինգ քայլի վրա խմբվել են իր շուրջ։
ԿԱՅՍՐ
(Առանձին).
Ի՜նչ զարմանալի խաղաղություն է այս դեմքի վրա,
Առաջին անգամ ես սարսափում եմ, և այն էլ ումի՞ց.
Քարանձավների ինչ-որ չղջիկից, կատվից դալկադեմ,–
Տասն հազար լեգեոն թշնամու բանակ
Եթե տեսնեի Հոոմի առջև հարձակման պատրաստ՝
Փողեր փչելիս, չէի սոսկա ես…
Այս ի՞նչ է ինձ հետ։
- ՍԵՆԱՏՈՐ
Առյուծը ցատկեց, վերջացավ արդեն։
- ՍԵՆԱՏՈՐ
Էլ չի բարձրանա։
- ՍԵՆԱՏՈՐ
Կայսրի՞ն ինչ եղավ, դեմքին գույն չկա։
- ՍԵՆԱՏՈՐ
Կարծես Հոոմի անկումը տեսներ,
Ոչ թե ստրուկի մահ։
- ՍԵՆԱՏՈՐ
Բայց սպասիր, կանգնեց։
ԿԱՅՍՐ
Ի՜նչ լռություն է,
Ամբոխն ինչո՞ւ է իր ձայնը կտրել,
Ինչո՞ւ չի գոռում արյուն տեսնելով…
Ինչ-որ չարագույժ խորհուրդ կա այստեղ. որոգա՜յթ է սա,
Փակե՛ք Հռոմի դռները բոլոր,
Աշխարհի դուռն էլ սրանց դեմ փակեք,
Մարդկային հոգու դարպասներն էլ դուք կողպեցեք ամուր՝
Եթե կարող եք.
Սրանք ոչ միայն Հռոմի դեմ են, անձավների մեջ, գետնախորշերում,
Սրանց տիրույթը առավե՜լ լայն է, անչա՜փ ընդարձակ՝
Սրանք մեր մեջ են…
Տեսարան երկրորդ
Բացօթյա սրճարան:
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Նայի՛ր, նայի՛ր երկնքին,
Ասես միմոսի դիմակ է առել իր դեմքի վրա,
Մեկ մասը թխպած ամպերի հետ է՝ ունքերն էլ կիտել,
Մյուսը մաքուր շողերի խորքում՝ մանկան ժպիտ է նկարել դեմքին,
Երկու խորհուրդն էլ վրան է առել՝ մահվան և կյանքի.
Չեմ տեսել երբեք այսպիսի երկինք՝ վրան երկու միտք.
Զվարճալի է, կիսվել է խեղճը մտածումներից,
Իր տվնջական խոհերի բեռից ճաք է տվել նա,
Աստծուն է սպասում.
Ուզում է՝ ասեն, որ կողմով բացվի, որն է վերջնական,
Չի իմանում դա, որ այդ երկուսն էլ հավերժական են՝
Այդ կյանքն ու մահը՝ մշտնջենական ախոյաններն այդ,
Ըմբիշն այդ երկու, որ անվերջական գուպարով տարված,
Ամեն ակնթարթ մեկը մյուսի թիկունքն է խփում
Տիեզերքի բաց աստղազարդ գորգին։
…Մտորո՜ւմ է, բարեկամս, մտորո՜ւմ, կոնկրետ բան չկա՝
Նայած թե ո՛ր կողմից կմոտենաս, ո՛ր ակնթարթին՝
Ամուսնությանդ պահին, թե կնոջդ մահվան օրը–
Այդպես էլ կընկալվի կյանքը…
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Նավերն ու նավահանգիստները ծովերի՝
Ուր որ հասնելու են դրանք.
Խելագարվելու բան է,
Որքա՜ն ճյուղավորումներ ունի այս պատմությունը՝
Մետաքսի և մանգոյի բեռով, կղզյակներով և մայրցամաքներով,
Ծովախոտերին բախվող ալիքների հևքով, ծանծաղուտներով,
Նավահանգիստներում սպասողների հագուստների գունավառությամբ.
Շատ, շա՛տ բան էլի. բոցմանի ձայնը…
Ի՜նչ պատմություն է այս մեկ պատմությունը երկրի։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Նույնը կարելի է ասել և անապատների մասին.
Օազիսների կանաչությունը և քաղաքները անապատների վերջում,
Քաղաքներում վաճառվող ապրանքը,
Ուղտերի համառումը, քարավանապետերի գոռոցը,
Քամին անապատում, սամումը…
Սակայն ինչո՞ւ հիշեցիր, ինչի՞դ էր պետք։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ինձ համար գրավիչ է ծովերի պատմությունը,
Ինձ հուզում է դա,
Իսկ դու ցանկանում ես ապացուցել, որ սովորական
Գրիպը կամ միզակապությունը
Կարող է աշխարհընկալման հիմք դառնալ։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Իհարկե, բարեկամս, միզակապությունը կամ
Տվյալ ակնթարթի մատնաշունչը, ա՛յս է, ա՛յս է միայն։
Մեզ փիլիսոփայություններ է մատուցվել
Հազարամյակներով, որի կոնկրետ, ճշգրիտ պատճառը
Աստծո ստեղծած մտածողներից շատերի երիկամների վատ աշխատանքն է եղել, որից էլ անձրևոտ օրերին մտքի թալկացում է առաջանում, կամ թե ջղագար մյուսների եղբոր կամ քրոջ կորուստը, նրանց պատանեկության տարիներին, նմանատիպ ա՛յլ բաներ, ուրի՜շ, անհեթեթություն է, չէ՛, խաբկանք։
Եվ մենք գլուխկախ, աչքներս չորս արած հետևելու ենք դրանց,
դե՜ռ կհետևենք, հաշվի չառնելով, թե մեր սեփական օրգանները
ինչպիսի թեքությամբ են մեկը մյուսի առջև կանգնած,
մեր սեփական կենսագրությունը ո՞նց է ձևավորվել,
ինչպես է ընթանալու, ում ի՛նչն է մեռել, որովհետև այդ հինգը
հավակնություն են ունեցել ճշմարտությունն ասելու,
դու դրանց նայիր, ճշմարտությո՜ւն, մինչդեռ պետք է, որ
իրենց գյուղի հեքիմին դիմեին։ Գուշակություն է, գուշակություն՝
մարդու փորոտիքով, երիկամներով ու լյարդով,
մարդու կենսագրությամբ արված գուշակություն՝
աշխարհի փիլիսոփայությունները…
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Չափազանցնում ես, Ալեքսանդր,
չափազանցնում, չէ՞ որ կան գոյության
ընդհանրական փաստերի վրա արված
հանճարեղ եզրակացություններ, մարդու զգայական,
էսթետիկ, մարմնահոգեբանական հատկանիշներին
համառորեն հետևածների բացառիկ որակումները,
չէ՞ որ կան դրանք։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Կա՛ն, կա՛ն, բայց ոչ մի կարծիք իրավունք չունի
վերջնականը համարվելու, «այս է»
ասելու կարողությունը ոչ մեկինը չէ։
Գոյությունը սահմանումներ չի ընդունում,
իր վրա հարմարեցված ձևակերպումներ
չի հանդուրժում,
ինչպես փոթորկահալած գետը,
որն իր ափերը հետզհետե ընդլայնած
առաջանում է՝ ամենայն պատվար քանդելով,
այդպես էլ կյանքը իր հսկայական ընդգրկման խորքում
ոչնչացնում, ջնջում է մարդկային մտքի
յուրաքանչյուր ձևակերպում,
փիլիսոփայական ամեն մի կոնկրետացում,
որով փորձել են իրեն կալանել։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ի՜նչ ես առաջարկում, չմտածե՞լ, չէ՞ որ
մարդը պարտավորված էր գոնե փոքր-ինչ
կառավարելի դարձնել
իրեն շրջապատող
այս ամենը, իր մարմնի,
հոգու փոքր ու մեծ
փլուզումները շտկել,
չէ՞ որ դատապարտված էր նա
իրեն ամեն կողմից կալանած
պարապությունը լցնելուն, պարտավոր էր
գոնե իր զգայարանների համար
ընկալելի, հասկանալի դարձնել
արևահար տափաստանների ու ծովերի,
սառցե բևեռների ու անապատների անխիղճ ամայությունը։
Մարդու՝ տիեզերքը քարտեզագրելու՝
աստղախմբերի, համաստեղությունների
բաժանելու պահանջը առաջին հերթին
ոչ թե օվկիանոսներում՝ նավարկությունների ժամերին,
ոտքով ճանապարհորդելիս, անապատներում՝
օազիսների միջև չմոլորվելու համար էր արվում՝
աստղազարդ երկնքի քարտեզին նայելով,
այլ իր մտքի խարխափող, փլուզվող
տանիքը ինչ-որ կերպ պահպանելու,
կառուցելու, տիեզերքի վիթխարական
անհայտությունը ամեն գնով
ընկալելի դարձնելու համար,
քանի որ դա իր առջև էր ունենալու հավիտենապես։
Ես ասացի, բարեկամս, շարունակիր այս ցանկը։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ալեքսանդր, այլ հոգիներում արձագանքող
մտքեր ունես, ճիշտ է, ճի՛շտ է, որ
Աստված այս աշխարհի պատերը ստեղծեց միայն,
մնացածը մարդը պետք է լրացներ՝
քարանձավների առջև կրակ վառելով,
կենդանիներին անվանելով, աշխարհի
անվերջական սևահողերը մշակելով,
անտառներից՝ այգիների համար
մասնաբաժիններ հարկելով, լեռների
բարձունքներից հորիզոններին նայելով,-
զգայարաններով ու երազանքով, սրտի
ջերմությամբ ու շոշափելիքներով փորձելով
մեղմել արտաքին աշխարհի ցուրտը։
Ա՛յս, իր կենցաղի, ապրումների, իրեն
պարտադրված երթի թելադրանքով, և այս
ճանապարհի սխալմունքների հիմքում
գթության մասնաբաժինը շատ է, որպեսզի
փորձ անենք դրանք քննարկել։ Սակայն
հետագայում՝ քաղաքակրթության
բարձունքներում կանգնած մարդը՝
բարեկեցության և վայելքների առջև տագնապող՝
իր բնազդների ճանաչման ցանկությամբ
իրեն մասնատելով, տրոհելով
ամբողջականությունը արարչական ես-ի,
հիմնավորեց մարդու մարմնի մասին
գիտություն, մսի՛ փիլիսոփայություն՝
վերջնականապես խզելով նախնական
պահերին Աստծո հետ ունեցած իր կապերը…
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Մի դիպչիր մարդուն, մարդը բուժվել է ցանկանում,
ապրել, ճանաչել է ցանկանում
իրեն շրջապատող աշխարհը,
դիմագրավել դժվարություններին,
մարդը՝ գենի խորքը
թափանցող, մարդը՝ հսկայական
թնդանոթներով աստղաքարերի առջև կանգնած,
մարդը՝ զրկանքների առջև միայնակ. ամենուրե՜ք մարդը…
Մարդը իր կապի միջոցներով տարածությունը
կրճատեց, սպանե՛ց, դա լավ է.
Տարածության ամենայն ինչը մարդու
խորքերում տեղավորեց, մնաց ժամանակի խնդիրը։
Տարածությունը սպանեց, ասացի՝
լավ է. լա՞վ է, թե՞ վատ, չգիտեմ,
տարածության մեջ հրաշալիքներ կան՝
Նիագարա ջրվեժը, Արարատը՝ ձյուների մեջ,
Վեզուվը՝ ժայթքման պահին,
ափսոս է, որ մեռնեն…
Հաճախ, շատ հաճախ աշխարհի մեծերի
բնորոշումները անչափ դիպուկ են, ճշգրիտ,
և արժե հետևել դրանց. ինչպե՞ս կարող է
մի ողջ մարդկություն՝ սխալ հետքով
գնացող որսաշան նման,
հետևել նրանց ասածներին։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Կարող է,
վկա աշխարհի պատերազմները՝
հրահրված աշխարհացունց
փիլիսոփայություններով…
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Սխալ ճանապարհ ես ընտրել, համբերիր,
մարդկության ընթացքը այլ տրամաբանություն
ունի, հաճախ գաղափարները հարմարեցվում են
մարդկային փոքրիկ խմբի շահերին,
շահարկվո՛ւմ են միայն, օգտագործվում,
դա՛ էլ կա… Քրիստոսը մեղավոր չէր,
որ խաչակրաց արշավանքներ էին
կազմակերպվում, հազարներ էին այրվում
խարույկների վրա, գանահարվում էին,
լլկվում, նրա ուսմունքը այլ էր՝ մարդասեր,
իրա՜վ աստվածային, եկեղեցու
սպասավորների մեղքը նրանը չէ…
Արարիչ Աստված, Տե՛րը, Ստեղծի՛չը
պարտավորված էր, պե՛տք է, որ փրկիչ
գաղափար դներ մարդկանց հոգիներում,
որ չխարխափեր մարդկությունը տիեզերքի
ցնորական անհայտության, աշխարհային
մեղքերի, անապատների սամումի նման
անընդհատելիորեն արշավող ժամանակների
ավերիչ հոսքի առջև, և ահա դրվեց նրանով–
ճանապարհ եղավ։ Սակայն աշխարհը՝
իներցիայով տարված, դեռևս այլ ուղիով է
ընթանում՝ իր հաճախակի գայթումների
պահերին ավերածություններ անելով,
դա երկրի պատմությունն է, մարդու–
չկառավարվող, երե՛ր, երե՛ր, երե՛ր։
Սակայն մեղք է, մեղք է մարդը, մարդը,
որն ապրում է իր մերձավորների մահը տեսնելով…
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Թողնենք, թողնենք մարդուն.
Նայի՛ր երկնքին… այս ի՜նչ է, Տեր իմ…
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ի՞նչ պապանձվեցիր, ընձառյուծներ են կաթում երկնքից՝
Ճկուն, բարբարոս, կենսության ծով է երկինքը համակ,
Տեսնո՞ւմ ես՝ կյա՛նք է խորհուրդը նրա։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ո՞ւմ են ուտելու ընձառյուծները՝ մա՛հ է լինելու։
- ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ընձառյուծները շատ գեղեցիկ են, այս մեկը հիշիր…
Տեսարան երրորդ
Ալեքսանդրի ճամբարը։ Գիշեր։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Լուսինը ելավ.
Արարչության գիշերների մեջ այսպիսին է նա երևի եղել՝
Այն առանձգական օրերի ներսում,
Երբ աստվածները մարդուն ստեղծեցին,
Այսքան նյութական կախված է եղել
Երկրի, երկնքի ճամփաբաժանին՝
Իր պողպատակուռ, պաղ ցոլանքներով՝
Անդունդների մեջ, լեռների փեշին
Ցոլցոլացնելով նախնական կավի նյութը կենդանի,
Որը առաջին մարդու մարմինն է երևի եղել՝
Մեր ա՛յն նախահոր, որից ամենքս սերվեցինք հետո։
Այսքա՜ն նյութական…
Ճակատագրական պահերին երկրի նա է բարձրանում,
Այսպիսին էր նա, երբ ես հղացա
Իմ արշավանքը աշխարհասասան,
Նավակայմերին, ծովերի վրա նա էր տեսիլվում՝
Ջրերի ցոլուն մաշկի վրայով իմ տորմիղները
Առաջնորդելով թշնամու ափեր…
Ահա, նա դարձյալ ելել է իմ դեմ, իր ահագնական
Սկավառակի տակ երկիրը առած.
Ի՞նչ է այս անգամ ցանկանում ինձնից, ի՞նչ է ցուցադրում։
Աստվածնե՜ր, ո՜ւր եմ ես այսպես գնում, ո՜ւր է
Ավարտը իմ հավակնության։
ԶԻՆՎՈՐ
Կանգնիր, ո՞վ ես դու, նշանաբանը։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Արև և լուսին։ Ազա՞տ եմ արդեն։
Ո՞վ է մարդը այն, օտարականի իր հագուստներով,
Որ խարույկի մոտ խաղաղ նստած է զինվորների հետ։
Դե՛, մի պապանձվիր, խոսի՛ր, բարեկամ։
ԶԻՆՎՈՐ
Մոգ է, տեր արքա, մեր պահնորդները նրան բռնեցին,
Երբ թափառում էր ճամբարին մոտիկ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Դու գործիդ մնա, գնամ նրանց մոտ։
ԶԻՆՎՈՐՆԵՐ
- Կարծես արքան է։
- Այո, նա ինքն է։
- Ալեքսանդրն է։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ոտքի մի ելեք, դո՛ւ, նստիր, զինվոր, ամե՛նքդ նստեք,
Փոքր տեղ արեք ինձ խարույկի մոտ.
Այսպես, հարմար է։
ՍՊԱ ԶԻՆՎՈՐ
(Ալեքսանդրի հայացքը նկատելով).
Արևմուտից մեկ ժամ էր անցել–
Երբ նրան տեսանք լուսնի շողքի տակ՝ առանց ծածկվելու.
Խաղաղ նայում էր մեր ճամբարներին։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ո՞վ ես, բարեկամ, ի՞նչ ես որոնում իմ զորքերի մեջ։
ՄՈԳ
Իրն եմ այս երկրի, աշխարհի փոշին,
Որը փնտրում է իրեն ստեղծողին՝
Այն միակ Աստծուն, որ ոմն դառնա։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Քեզ չհասկացա,
Անհասկանալի լեզվով ես խոսում։
ՄՈԳ
Այդ նույն լեզուն է, որով ինքդ ինձ
Հարցում արեցիր։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Բառդ լսում եմ, իմաստն է օտար,
Նախ պետք է ճշտել. այդ ի՞նչ Աստըծո
Նկատի ունես, որ եզակի է…
ՄՈԳ
Չե՞ս տեսել ճամփիդ,
Հայացքիդ դեմ է շարունակ եղել։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Շա՜տ եմ ճամփորդել, որտե՞ղ էր կանգնած,
Որ չեմ նկատել։
ՄՈԳ
Ողջ ճանապարհին քո առջև էր նա,
Զբաղված ես եղել ուրիշ գործերով
Ու չես ճանաչել։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Մո՛գ, սովոր չեմ ես նման զրույցի,
Որ ենթադրում է բանի լինելը,
Բայց չի ցուցադրում.
Միտքդ պարզ ասա,
Ո՞վ է, ի՞նչ է նա։
ՄՈԳ
Ամեն ինչն է նա այս մեր աշխարհի.
Երկրում սփռված գեղեցկությունն է,
Լոտոսի տերև, գետի հոսք է նա.
Ահա՛ թե ինչ է։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Այդ շատ բան եղավ։
ՄՈԳ
Նա այս ամենի ընդհանրությունն է էության խորքում,
Որը իրենից սփռում է ողջը և պահում իր մեջ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ի՞նչ է առավել։
ՄՈԳ
Ցորեն հաց է նա,
Խաղաղությունն է աշխարհի հոգու։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Բայց ի՞նչ է անում այդպիսի աստված ռազմադաշտերում,
Ինչո՞ւ ես նրան դու այստեղ փնտրում։
ՄՈԳ
Այստեղ է, գիտե՛մ, զգում եմ ես այդ,
Մեծ գործ է շրջում ձիերիդ թամբին։
Դա քո մոլեռանդ հավակնությունն ես իրացնում այսպես՝
Ռազմի շեփորով,
Նա այդ միջոցով երկրի վերջնական խաղաղությունն է
Կատարված տեսնում։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Իմ կողքի՞ն է նա մարտնչում, ի՛նչ է։
ՄՈԳ
Ոչ, նա գործերիդ մասնակիցը չէ
Եվ չի հանդուրժում պատերազմները աշխարհի վրա,
Բայց քո միջոցով իր գործն է անում։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Այդ ինչպե՞ս, ասա՛,
Մի՞թե ես նրա գործիքն եմ այստեղ,
Որը չգիտի, թե ի՞նչ է անում։
ՄՈԳ
Դու ձեռնարկել ես մահկանացուին ոչ հատուկ մի գործ,
Իսկ նա շատ հաճախ դաշնակցում է հենց նմանների հետ,
Որոնց արարքը մեկ կենսագրությամբ չի սպառվում բնավ,
Այլ ավարտվում է սերունդների մեջ.
Քոնն էլ այդպես է.
Բոլոր այն անթիվ ազգերը, որոնց ռազմի մահակով
Դու ժողովեցիր քո փարախի մեջ, ծանոթացնելով մեկը մյուսին,
Վաղը միմյանց հետ դաշինք կնքելով,
Խաղաղությունն են հիմնելու երկրի։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Իսկ իմ տքնանքը, հավակնությո՜ւնն իմ։
ՄՈԳ
Քոնը կստանաս…
ՍՊԱ
Հեծելազորի դոփյունի ձայն է,
Այստե՛ղ է, մոտիկ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Մի՛ ելեք ոտքի, թիկնապահներիս հեծելազորն է,
Ուզում են տեսնել՝ ո՞ւր կորավ արքան,
Հո չի՞ մոլորվել իր ճամբարի մեջ։
ՀԵԾԵԼԱԶՈՐԻ ՍՊԱ
(մոտենալով).
Արքա՛…
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ի՞նչ ես ցանկանում, ինչո՞ւ եք եկել։
ՀԵԾԵԼԱԶՈՐԻ ՍՊԱ
Քո հեռանալը չնկատեցինք, քեզ էինք որոնում,
Չե՞ս ցանկանում քո վրանը դառնալ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Ետ վերադարձեք, ինքս էլ կարող եմ
Ճամփան հեշտ գտնել։
ՀԵԾԵԼԱԶՈՐԻ ՍՊԱ
Սակայն, զորավար,
Քի՞չ բան կարող է այդ ճամփին լինել։
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Թշնամիների զինվորների մեջ ինձ բան չի լինում,
Իմ զորքերի մեջ ի՞նչ պիտի լինի…
Գնացեք, կգա՛մ։
Մո՞գը ուր կորավ…
ԶԻՆՎՈՐՆԵՐ
- Ասես չքացավ, այս կողմը նայեք…
- Թփուտների մեջ փնտրեցեք դրան…
- Նա անտառ մտավ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ
Մի՛ փնտրեք, զուր է,
Գնաց ձուլվելու այն սփռումներին, որից խոսում էր–
Նա էլ երևի մի Ալեքսանդր է,
Ինչպես այս երկի հեղինակը խենթ,
Որ ցանկանում էր իր խռպոտ ձայնը
Թողնել աշխարհի ականջների մեջ…
Նժո՜ւյգս բերեք, ձեզ հետ եմ գալիս…