Նորայր ԱԴԱԼՅԱՆ / «ԲԱՌԸ»

 

Նորայր ԱԴԱԼՅԱՆԻ «ԲԱՌԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում

 

 

Թատրոնի գլխավոր հերոսը Դիմակն է՝ ներկայից ետ ու առաջ, հազարամյակներին նայող իր խորհրդավոր հայացքով։ Նա լուռ է, հաճախ բացակայում է առարկայական բեմում, սակայն միշտ ներկա է ինչ-որ տեղ, մենք նաև լսում ենք նրա բառը։ Ի՞նչ բառ է խոսում նա։ Հրաշալի-առեղծվածային բառ։

Նա ասում է՝ Սեր։ Ուրիշ ոչինչ։ Եվ այս միակ բառն արտահայտում է մեր ամբողջ գոյի երջանկությունն ու դրաման հոգու անսահման տիրույթում։ Բացարձակ երջանիկ սեր չկա, նրա կողքին ու նրա հետ դրամայի սիրտն է բաբախում ամեն վայրկյան։ Սա վեհ, բարձրագույն լարվածության գործողություն է՝ երջանկության ու դրամայի իրար հակադիր միասնության տրոփյունը։ Այդ բարձրագույնի նշանապատկերը Դիմակն է։ Դիմակից է սկիզբ առնում թատրոնը, նրա աստվածային բառից։

 

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

ԲԱՌԸ

Երկխոսություն 1 գործողությամբ

Գործող անձինք

ՏՂԱ

ԱՂՋԻԿ —

 

ԱՂՋԻԿ — Ժամը քանի՞սն է։

ՏՂԱ — (աչքերը կկրոցած նայում է փայլող արևին)։ Կեսգիշեր։

ԱՂՋԻԿ — Թռչենք անդունդի վրայով։

ՏՂԱ — Ո՞ր կողմ։

ԱՂՋԻԿ — Դեպի երկինք։

ՏՂԱ — Չեմ ուզում խեղդվել։

ԱՂՋԻԿ – Ի՞նչ ես ուզում։

ՏՂԱ – Գոյություն չունի։

ԱՂՋԻԿ — Ես արթուն եմ ու երազ եմ տես­նում, ասված է՝ արևը ծագում է արևմուտքից և մայր է մտնում արևելքում, կապույտ երկնքից թափվում են անձրևները, նրանք երգում են, լսո՞ւմ ես երաժշտությունը… Մի՛ լսիր։

ՏՂԱ — Լսում եմ։

ԱՂՋԻԿ — Փակիր ականջներդ, խլացիր։ (Փակում է իր ականջները։)

ՏՂԱ – Տես, փակեցի։

ԱՂՋԻԿ — Աչքերդ էլ։ (Աչքերը փակում է։)

ՏՂԱ — Խնդրեմ։

ԱՂՋԻԿ — Արդեն չես լսում։

ՏՂԱ — Հիմա ավելի լավ եմ լսում։

ԱՂՋԻԿ – Ինչի՞ց է, որ ես էլ եմ ավելի լավ լսում։

ՏՂԱ — Մտածիր։

ԱՂՋԻԿ — Ես մայրիկիս չասացի՝ գնում եմ զբոսնելու։ Հիմա նա որոնում է ինձ. մայրի՛կ, ես այստեղ եմ։

ՏՂԱ — Տեսնում եմ, աղջիկս։ Ինչո՞ւ ես հագել կապույտ շրջազգեստ և ոչ կարմիրը՝ սպիտակ ժանյակներով։

ԱՂՋԻԿ — Ինչ-որ մեկն ինձ շշնջաց՝ կապույ­տը հագիր։

ՏՂԱ — Ո՞վ, աղջիկս, ո՞վ էր այդ մարդը։

ԱՂՋԻԿ — Գիտեմ և չգիտեմ։

ՏՂԱ — Եթե ասեիր՝ չգիտեմ և գիտեմ, ես կհա­մոզվեի, որ այդ մարդը գոյություն չունի։

ԱՂՋԻԿ – Մի՞թե նա ապրում է։

ՏՂԱ — Հազիվ թե։

ԱՂՋԻԿ — Մահ…

ՏՂԱ — Չի ծնվել։

ԱՂՋԻԿ — Ես այստեղ եմ։

ՏՂԱ — Զբոսայգում։ Երբ դու թիթեռ էիր, ես քեզ բերում էի այդ զբոսայգին, իսկ հիմա ինչ­քան ես մեծացել, քեզնից գեղեցիկը չկա։ Տուն վերադարձիդ չմոռանաս հաց գնել։

ԱՂՋԻԿ — Ռոմեո։

ՏՂԱ — Ես Ջուլիետը չեմ։

ԱՂՋԻԿ — Լսում եմ փակ ականջներով։

ՏՂԱ — Խնդիրը լուծիր, ինչո՞ւ ես լսում փակ ականջներով, մտածիր։

ԱՂՋԻԿ — Կանաչ դաշտի միջով հոսում է արծաթ գետակը։

ՏՂԱ — Միտքդ գնում է ճիշտ ուղղությամբ։

ԱՂՋԻԿ — Ծաղիկներ։

ՏՂԱ — Գույնզգույն, շատ։

ԱՂՋԻԿ — Նրանց բուրմունքից հարբում եմ։

ՏՂԱ — Նայիր աստղերին։

ԱՂՋԻԿ – Ինչ-որ բան պիտի գա։

ՏՂԱ — Որովհետև երաժշտության ականջը սիրտն է։ (Ափերը հեռացնում է ականջներից, բայց աչքերը դեռ փակ են։) Հնարավոր չէ սիրտը փակել։

ԱՂՋԻԿ — Երգում է, թռչկոտում, կարծես ու­զում է բարձրանալ երկինք… (Վախվորած, ձեռ­քերն արագ իջեցնում է կրծքին։) Աստղերր… (Անփորձ կույրի պես խարխափում է բեմահար­թակում այս ու այն կողմ։) Ռոմեո… (Բացում է աչքերը։) Ռոմեոն չես։ Նայիր քեզ, ո՞վ ես, քեզ աոաջին անգամ եմ տեսնում։

ՏՂԱ — (բացելով աչքերը)։ Ռոմեոն եմ։

ԱՂՋԻԿ — Բարև։

ՏՂԱ — Եթե կարծում ես՝ Ռոմեոն եմ կամ նրա հայր Գարեգինը, որի անունը Գարեգին չէ, կամ նրա մայրը, քեռին, քույրը, հարևանը և հարևանուհին, կամ պարզապես այս քաղաքի մի բնակիչ, խորապես սխալվում ես, քո տարի­քում ավելի գեղեցիկ բան չկա, բան սխալվելը։ Ասա, ի՞նչ կանի մեկին գումարած մեկ։

ԱՂՋԻԿ — Հը… Ինձ երեխա՞ ես կարծում… երկու։

ՏՂԱ — Լավ մտածիր։

ԱՂՋԻԿ — Հավասար է երեքի։

ՏՂԱ — Առանձնապես գեղեցիկ սխալ չասացիր, ընդամենը՝ թվաբանական սխալ։ Այ, եթե ասեիր՝ Ռոմեո, մեկին գումարած մեկ հավա­սար է մեկի, ոչ մի կաթիլ ավել-պակաս, դա կլիներ ոչ միայն հանճարեղ, այլև այնքան գե­ղեցիկ ու արբեցնող, որ մեռնելը կդառնար հա­վերժական տոն։

ԱՂՋԻԿ — Սրտիս մեջ հարց կա։

ՏՂԱ — Մի փորձիր գտնել պատասխանը, որոնիր, բայց մի գտիր, որովհետև եթե գտնում ես, շուտով գալիս է կորցնելու ժամանակը։ Եր­ջանկությունը որոնման ճանապարհին է։

ԱՂՋԻԿ — Մեկ և մեկ։

ՏՂԱ — Այս զբոսայգում, որն աշխարհից մեծ է, շատ հարց ու պատասխաններ կան, բայց դրանք իմը չեն։ Ինչ իմն է՝ դա է ճշմարիտ։

ԱՂՋԻԿ — Հավասար է մեկի՞։

ՏՂԱ — Ճիշտը միշտ չէ, որ ճիշտ է, իսկ սխա­լը՝ սխալ։ Ինձ ասա՝ Ռոմեո։

ԱՂՋԻԿ — Լինում է, չի լինում, մի թիվ է լինում։

ՏՂԱ — Տես, ես մեկ եմ և դու մեկ ես… Հո չե՞ս կարծում՝ հինգ ես, տասը, տասնհինգ։

ԱՂՋԻԿ — Կարմիր շրջազգեստի փոխարեն հագել եմ կապույտը։

ՏՂԱ — Կապույտ աղջիկս։

ԱՂՋԻԿ — Այո, մայրիկ։

ՏՂԱ — Հիմա մոտենանք։

ԱՂՋԻԿ — Ուզում ես մեկին գումարել մե՞կ։ (Քայլ է անում դեպի տղան։)

ՏՂԱ — (դանդաղ ընդառաջ է գնում աղջկան)։ Սսս…

ԱՂՋԻԿ – Չի՞ կարելի խոսել։

ՏՂԱ — Պահիր շունչդ։

Ընդհուպ մոտեցել են իրար և կանգ առել։ Երկար լռություն։

ԱՂՋԻԿ — Ուզում եմ երգել։

ՏՂԱ — Ձեռքերով երգիր։

ԱՂՋԻԿ — (փարվում է տղային)։ Դու ինչո՞ւ չես երգում… միայն ես…

ՏՂԱ — (գրկում է նրան)։ Հավասար է մեկի։

ԱՂՋԻԿ — Թող… Ռոմեոյի մեկը… (Ընկրկում է։)

ՏՂԱ – Ի՞նչ Ռոմեո… ուրիշ անուն տուր։

ԱՂՋԻԿ — Բուլդոգ։

ՏՂԱ — (գրմռում է և հաչում)։ Վախեցա՞ր։

ԱՂՋԻԿ — Հիանալի դերասան ես։ Ինչ-որ բան եմ ցանկանում։

ՏՂԱ — Ես էլ։

ԱՂՋԻԿ — Հո չե՞ս ցանկանամ այն, ինչ և ես։

ՏՂԱ — Եթե կարծում ես՝ ինձնից մի քանի քայլ հեռանալով հաշիվը փոխվեց՝ մեկին գու­մարած մեկ անում է երկու, խոր մոլորության մեջ ես։

ԱՂՋԻԿ – Հիմա՞ էլ ենք մեկ։

ՏՂԱ — Մինչև այս պահը երբեք այսքան մեկ չենք եղել։

ԱՂՋԻԿ — Նորից գռմռա, խնդրում եմ։

ՏՂԱ — Ես Բուլդոգը չեմ։

ԱՂՋԻԿ — Բա ո՞վ ես։

ՏՂԱ — Ասացի, Ռոմեոն։

ԱՂՋԻԿ — Խնդրում եմ, Ռոմեո։

ՏՂԱ – Ինչո՞ւ ես անվերջ ինձ Ռոմեո ասում։

ԱՂՋԻԿ — Դա խաղ է։

ՏՂԱ — Սսս…

ԱՂՋԻԿ – Ի՞նչ ես լսում։

ՏՂԱ – Քեզ:

ԱՂՋԻԿ — Բա ինչո՞ւ ես քեզ չեմ լսում, այնպես արա, որ գոնե մի քիչ էլ ես քեզ լսեմ։

ՏՂԱ — Աստված։

ԱՂՋԻԿ – Կա՞:

ՏՂԱ – Իմ մեջ է:

ԱՂՋԻԿ — Տուր։

ՏՂԱ — Կեսը վերցրու։

ԱՂՋԻԿ — Բոլորն եմ ուզում։

ՏՂԱ — Աստծո մի կաթիլն էլ Աստված է։

ԱՂՋԻԿ — Խաբում ես։

ՏՂԱ — Լույսի կաթիլը լույս է, ծովի, լեռների, երկնքի, քեզնից պոկված քո կաթիլն էլ դու ես։

ԱՂՋԻԿ — Իմ սիրտը լեռներում է։

ՏՂԱ — Այնպիսի մի բան ասա, որը ոչ ոք չի ասել։

ԱՂՋԻԿ — Մտածում եմ։

ՏՂԱ — Հաշվում եմ մինչև հազար։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, դե…

ԱՂՋԻԿ — Մի շտապեցրու։

ՏՂԱ — Հարյուր քսան, հազար հիսուն… ասա…

ԱՂՋԻԿ — Հազարին դեռ չես հասել։

ՏՂԱ — Լավ մտածիր, որ չսխալվես։ Վեց հարյուր քառասունյոթ…

ԱՂՋԻԿ — Կատու։

ՏՂԱ — Շուն, ձի, վագր, առյուծ, գայլ, արծիվ, կաչաղակ… (Ծիծաղում է։)

ԱՂՋԻԿ — (ծիծաղելով)։ Կոկորդիլոս… շիմ­պանզե… մեծ կոկորդիլոս…

ՏՂԱ — Բայց ինչո՞ւ հենց կատու։ Կատուն ջնջում եմ։

ԱՂՋԻԿ — Լավ կատու է, մյաո՜ւ…

ՏՂԱ — Ուրիշ բառ ասա, տես՝ երկինքն ինչ­քան բարձր է։

ԱՂՋԻԿ — Դու գիտե՞ս բառը։

ՏՂԱ — Ասա այն, ինչ ոչ ոք չգիտի։

ԱՂՋԻԿ — Հաշվիր, որ մտածեմ, դանդաղ հաշվիր, ինչո՞ւ ես վազում, հազիվ եմ հասնում քեզ։

ՏՂԱ — Վեց հարյուր քառասունյոթ…

ԱՂՋԻԿ — Արդեն ասել ես։

ՏՂԱ — Յոթ հարյուր…

ԱՂՋԻԿ — Կատու չես ուզում, ի՞նչ ես ուզում։

ՏՂԱ — Վեց հարյուր տասներկու…

ԱՂՋԻԿ — Ետ մի վազիր։

ՏՂԱ — Յոթ հարյուր չորս…

ԱՂՋԻԿ — Դանդաղ գնա։

ՏՂԱ — Մտածելուց հոգնեցի, հիմա դու հաշվիր։

ԱՂՋԻԿ — Յոթ հարյուր քսանվեց, քսանյոթ, քսանութ… Կատու չասես։

ՏՂԱ — Մտքովս էլ չի անցնում։

ԱՂՋԻԿ — Ասա՝ կատու։

ՏՂԱ – Մուկ:

ԱՂՋԻԿ — Ջուլիետն ես տղամարդու հագուս­տով։

ՏՂԱ — Դա ավելի մոտ է ճշմարտությանը, քան մուկը կամ Ռոմեոն։

ԱՂՋԻԿ – Ի՜նչ հետաքրքիր գիժ ես։ Քո գժու­թյունից մի կաթիլ տուր ինձ։

ՏՂԱ – Մի՞թե բառը չի ծնվել։

ԱՂՋԻԿ — Մի տխրիր, մինչև հազարը դեռ ահագին ճանապարհ կա։ Ութ հարյուր մեկ…

ՏՂԱ — Սպասիր… գտա…

ԱՂՋԻԿ — (ուրախությունից թոչկոտելով)։ Ասա… Ինչո՞ւ ես լռում… Դե, ասա այդ բառը…

ՏՂԱ — (շփոթված)։ Կորցրի։

Բեմում չորեքթաթ որոնում են բառը:

ԱՂՋԻԿ — Ութ հարյուր վեց… Հո բառը դու չե՞ս… յոթ… յոթ… ութ հարյուր տասը… Ինչո՞ւ ես քեզ կորցրել, նորից գտիր…

ՏՂԱ — Գուցե դո՞ւ ես… Ոնց որ թե քեզ էի գտել կորցնելուց առաջ…

ԱՂՋԻԿ — Եթե ես քեզ գտնեի, չէի կորցնի։

ՏՂԱ – Ինչո՞ւ ինձ չես գտել, ինչո՞ւ… գտի՛ր ինձ։

ԱՂՋԻԿ — Ութ հարյուր քսաներեք…

ՏՂԱ — Կանգ առ, էլ մի հաշվիր, հազարին քիչ մնաց, թող հույսը մեր մեջ ապրի։

Ոտքի են ելնում, և առանց իրար նայելու, դանդաղ պտտվում միմ­յանց շուրջ՝ ասես շարունակելով որոնել անհայտը՝ բեմում գծագրե­լով միաձույլ գործողության նրբա­գեղ շարժումներ։ Այստեղ երաժշտություն կա և չկա հազիվ լսելի կապույտ-եթերային ձայների բույլ։

ԱՂՋԻԿ — Անունդ չասացիր։

ՏՂԱ — Ռոմեո։

ԱՂՋԻԿ – Ինչո՞ւ Ռոմեո։

ՏՂԱ — Որպեսզի դու էլ Ջուլիետը լինես։

ԱՂՋԻԿ — Քո իմացածը չեմ։

ՏՂԱ — Ափսոս։

ԱՂՋԻԿ — Լավ, Ջուլիետն եմ։ Հիմա գտիր այն բառը։

ՏՂԱ — Ռոմեոն մեռավ։

ԱՂՋԻԿ — Դու մեռա՞ծ ես։

ՏՂԱ — Ես նա չեմ, նա քիչ առաջ գնաց։

ԱՂՋԻԿ — Ինչ լավ է, որ Ռոմեոն չես և ողջ ես։

ՏՂԱ — Նայիր ինձ։ Կարդա, ի՞նչ է գրված իմ գրքում։

ԱՂՋԻԿ — Իսկապես, բոլորովին նման չես Ռոմեոյին։

ՏՂԱ — Ուշադիր նայիր։ Դու նրան տեսե՞լ ես։

ԱՂՋԻԿ — Երազում ամեն օր տեսնում եմ։ Սպասիր, մի շարժվիր, պահիր շունչդ… Կար­ծես մի քիչ նման ես նրան… Դեմքդ նման է… Աչքերդ… Շրթունքներիդ վրա գիտե՞ս՝ ինչ է գրված… Ջու-լի-ետ…

ՏՂԱ — Նորից կարդա։

ԱՂՋԻԿ — Ջու-լի-ետ։

ՏՂԱ — Մեկ անգամ էլ։

ԱՂՋԻԿ — Ջու-լի-ետ… Ես եմ… Հազար ան­գամ կարող եմ կարդալ։

ՏՂԱ — Էլ չասես։ Երբ շատ ես կրկնում, բառը կորչում է։

ԱՂՋԻԿ — Նման ես ու նման չես։

ՏՂԱ — Նմանությունը դեմքով չէ։

ԱՂՋԻԿ — Գիտեմ, աչքերով է։

ՏՂԱ — Աչքերը կարող են խաբել։

ԱՂՋԻԿ — Ռոմեոյի շրթունքները, որոնք համ­բուրում են Ջուլիետի անունը։

ՏՂԱ – Ի՜նչ գեղեցիկ խոսեցիր. Ջուլիետի շուրթերը, որ համբուրում են Ռոմեոյի անունը։

ԱՂՋԻԿ — Ութ հարյուր հիսուն…

ՏՂԱ – Մի՛ հաշվիր։

ԱՂՋԻԿ — Ութ հարյուր հիսուն չորս… Ուզում եմ գտնել։ Քեզնից նեղացա, որ Ռոմեոն չես։

ՏՂԱ — Նմանությունն ուրիշ տեղ է։

ԱՂՋԻԿ – Որտե՞ղ է։

ՏՂԱ — Մտածում եմ։

ԱՂՋԻԿ — Չասես՝ կատու։

ՏՂԱ — Կոկորդիլոս չեմ ասում։

ԱՂՋԻԿ — Մուկ էլ չասես։

ՏՂԱ — Արի լռենք և նայենք իրար։

Լուռ նայում են միմյանց։ Քիչ առաջվա կապույտ-եթերային ձայ­ները՝ լուսավոր և անընթեռնելի։

ԱՂՋԻԿ – Լսո՞ւմ ես…

ՏՂԱ — Մարգարիտը ժպտում է ծիածանի գույներով։

ԱՂՋԻԿ — Ո՞ր գույնն է ամենից հուզիչ եր­գում։

ՏՂԱ — Կապույտը։

ԱՂՋԻԿ — Տնից դուրս գալիս, քիչ էր մնում՝ կարմիր շրջազգեստ հագնեի։

ՏՂԱ — Դու նման չէիր լինի քեզ։

ԱՂՋԻԿ — Ռոմեո։

ՏՂԱ — Չեմ հասկանում՝ ինչ ես գտել այդ բա­ռի մեջ։

ԱՂՋԻԿ — Աչքերդ։

ՏՂԱ — Կապույտի վրա գրված է։

ԱՂՋԻԿ — Ի՞նչ։

ՏՂԱ — Կապույտի ետևում կապույտ։

ԱՂՋԻԿ — Յասաման։

ՏՂԱ — Երկու հոգիների նմանությունը սրտի մեջ է, ոչ դեմքի վրա, ոչ աչքերում։ Ձեռքդ դիր սրտիդ։

ԱՂՋԻԿ – Գիտե՞ս ինչ… ասե՞մ, թե՞ չասեմ…

ՏՂԱ — Մի ասա, եթե շատ ես ցանկանում։

ԱՂՋԻԿ — Իսկ եթե քի՞չ…

ՏՂԱ — Երբեք չասես։

ԱՂՋԻԿ — Ձեռքով կարդա սիրտս, ես էլ՝ քո­նը։ (Առանց մոտենալու, հեռվից, ձեռքն զգուշո­րեն պարզում է դեպի Տղան, թվում է՝ ձեռքը նրա սիրտն է փաղաքշում։)

ՏՂԱ — (նույնությամբ կրկնելով Աղջկա ձեռքի շարժումը)։ Սիրտդ երգում է բողբոջի պես։

ԱՂՋԻԿ — (ամոթից թե հուզմունքից շառագունած)։ Ի՜նչ տաք ձեռք ունես։

ՏՂԱ — Բառը մոտենում է։

ԱՂՋԻԿ — Ասա։

ՏՂԱ –Վախենում եմ սխալ բառից։

ԱՂՋԻԿ — Չասես։

ՏՂԱ – Լսո՞ւմ ես… ձեռքս նվագում է սրտիդ ստեղները։

ԱՂՋԻԿ — Մի նվագիր… Ի՜նչ լավ ես նվա­գում… Որտե՞ղ ես սովորել… Ե՞րբ…

ՏՂԱ — Հենց որ քեզ տեսա։

ԱՂՋԻԿ — Մեկին գումարած մեկ հավասար է մեկի։

ՏՂԱ — Ոչ, դրանք թվեր են։

ԱՂՋԻԿ — Քիչ առաջ դու ասացիր։

ՏՂԱ — Հազար տարի է անցել։

ԱՂՋԻԿ —  Մի՞թե այդքան քիչ։

ՏՂԱ — Աշխարհը դեռ չկար։

ԱՂՋԻԿ — Վերջ կա՞։

ՏՂԱ — Գետը հոսում է օր ու գիշեր, ո՞վ կարող է ասել՝ ինչ է նա երգում։

ԱՂՋԻԿ — Մի հեռացրու ձեռքդ իմ սրտից։ Տես, ձեռքն էլ քո սրտի վրա է։

ՏՂԱ – Ինչքա՜ն կապույտ ես, ծով ու երկնքից էլ՝ կապույտ:

ԱՂՋԻԿ — Լսում եմ։ Դու լսո՞ւմ ես։

ՏՂԱ — Մեկ և մեկ…

ԱՂՋԻԿ — Այո, միայն մեկ և մեկ…

ՏՂԱ — Հավասար է մեկ սրտի… Ամեն ինչ սրտի մեջ է՝ ծովը, յասամանը, երկինքը, նաև այն բառը, որը որոնում ենք և չենք գտնում։

ԱՂՋԻԿ – Քանի՞ տառ ունի։

ՏՂԱ — Եթե իմանանք տառերի թիվը, նա մերն է:

ԱՂՋԻԿ – Յո՞թ…

ՏՂԱ — Գուցե հինգ կամ ութ։

ԱՂՋԻԿ — Երե՞ք…

ՏՂԱ – Երե՞ք ասացիր…

ԱՂՋԻԿ — Չորս։

ՏՂԱ — Տառերը չեն տեղավորվում նրա մեջ։

ԱՂՋԻԿ — Ես բառն արդեն գիտեմ։

ՏՂԱ — Լսիր երաժշտությունը։ Հանկարծ բառ չասես։ Մենք ապրում ենք միլիոնավոր սխալ, անհոգի ու չար բառերի աշխարհում։

ԱՂՋԻԿ — Մի վախեցիր, կատու կամ կոկորդիլոս չեմ ասի։

ՏՂԱ — Եթե ուզում ես ամենալուսավոր բառ մոտենալ, սրտով նայիր սրտիս, ինչպես ես եմ քեզ նայում հազար տարի։

ԱՂՋԻԿ — Երբ աշխարհը դեռ չկար։

ՏՂԱ — Ոչ ոք չկար, միայն՝ մենք։

ԱՂՋԻԿ — Ռոմեոն ես։ Ինչո՞ւ էիր այսքան ժամանակ խաբում ինձ։

ՏՂԱ – Ի՞նչ Ռոմեո, ես եմ։

ԱՂՋԻԿ — Ռոմեոյից ավելի Ռոմեո։

Սրտներին պարզած ձեռքերն իջեցրել են։ Նայում են իրար, ասես հազար տարիների միջից, բայց և՝ առաջին ծանոթության շփոթված հիացմունքով։

ՏՂԱ — Ոնց որ ծաղիկ լինես։

ԱՂՋԻԿ — Փոքրիկ տղան տեսավ մի վարդ։

ՏՂԱ – Ոչ։

ԱՂՋԻԿ — Կակաչ, ձնծաղիկ, մանուշակ… Անհաշիվ ծաղիկներ կան, գոնե մեկի անունով կոչիր ինձ։

ՏՂԱ — Քո տեսակը և նմանը չկա, միայն դու ես:

ԱՂՋԻԿ — Պոկիր։ Ես ինձ տալիս եմ քեզ։

ՏՂԱ – Մի՞թե կարծում ես՝ արժանի եմ։

ԱՂՋԻԿ — Վախկոտ։

ՏՂԱ — Քո այդ մեղադրանքից բառը գնաց-հեռացավ, հիմա ինչպե՞ս գտնենք նրան։

ԱՂՋԻԿ — Ներիր, ետ եմ վերցնում, ես չէի ցանկանում քեզ վիրավորել, ինչ նեղացկոտն ես։

ՏՂԱ — Ինձ ասա՝ Ռոմեո։

ԱՂՋԻԿ — Սուրդ պատյանից դուրս քաշիր, որ սիրտս խոցես։

ՏՂԱ — Կմեռնենք։

ԱՂՋԻԿ — Ես։

ՏՂԱ — Երջանկությունը գալիս է ու գնում, գնում է ու գալիս, կանգ չի առնում մի տեղ։

ԱՂՋԻԿ — Ինչպես այն բառը։

ՏՂԱ — Ո՞ր բառը։

ԱՂՋԻԿ — Չենք գտել։

ՏՂԱ — Գուցե գտել ենք։

ԱՂՋԻԿ — Ո՞ւր է։

ՏՂԱ — Կատուն և կոկորդիլոսը կան, բառը չկա։

ԱՂՋԻԿ — Դու կաս, մատներդ նվագում են ինձ, ես կամ, մեկին գումարած մեկ հավասար չէ մեկի, երկուսի, երեքի, չորսի, այլ անում է…

ՏՂԱ — Շշուկով ասա, որ սատանան չլսի, մի­այն երկինքը։

ԱՂՋԻԿ — Սիրտ։

ՏՂԱ — Հոգի։

ԱՂՋԻԿ – Իմ և քո հոգին։

ՏՂԱ — (հոտոտելով դանդաղ շարժվում է այս ու այն կողմ)։ Մոտենում է։

ԱՂՋԻԿ – Սատանա՞ն…

ՏՂԱ — Մի խոսիր, նա այստեղ է…

ԱՂՋԻԿ – Հոգի՞ն…

ՏՂԱ — Ծաղիկը, հոգին, սիրտը…

ԱՂՋԻԿ — Սատանային մոտ չթողնես, ես նրանից վախենում եմ։

ՏՂԱ — Հուդա։

ԱՂՋԻԿ — Ո՞վ է։

ՏՂԱ — Հավերժական մարդ։

ԱՂՋԻԿ – Ի՞նչ է ուզում մեզնից։

ՏՂԱ — Դավաճան բառը։

ԱՂՋԻԿ — Մոտ մի թող, ես նրանից էլ եմ վա­խենում։

ՏՂԱ – (շարունակելով հոտոտել)։ Ծովի հոտը չի… Դաշտերի հոտը չի… Լեռների հոտը չի…

ԱՂՋԻԿ — Թող լեռների հոտը լինի, քո սիրտը լեռներում է։

ՏՂԱ — Քո սիրտը։

ԱՂՋԻԿ – Իմ և քո։

ՏՂԱ — Բայց դա նման չէ լեռների հոտին։

ԱՂՋԻԿ — Ուրեմն աստղերի հոտն ես շնչում, որոնք անձրևում են մեզ վրա։

ՏՂԱ — Մանուշակագույն է, բայց…

ԱՂՋԻԿ — Ասա բառը։

ՏՂԱ — Նա գալիս է բառից առաջ։

ԱՂՋԻԿ — Բառը նրա ետևում է։

ՏՂԱ — Այդպես եմ զգում։

ԱՂՋԻԿ — (հոտոտելռվ)։ Բառ, կանգնիր իմ և Ռոմեոյի միջև։

ՏՂԱ – Լսո՞ւմ ես բուրմունքի մեղեդին։ Քեզնից է գալիս։ Յասամանն է բուրում իր գույներով։ Իմ աչքերով նայիր քեզ։ Դու յասաման ես։

ԱՂՋԻԿ — Պոկիր ինձ, սեղմիր կրծքիդ և ասա բառը։

ՏՂԱ — Բառը յասամանի մեջ է, ինչպես շող­շողուն մարգարիտը՝ ծովասույզ խեցու։

ԱՂՋԻԿ — Մենք որոնում ենք մարգարի՞տը։

ՏՂԱ — Դու ասացիր։

ԱՂՋԻԿ – Ի՞նչ ենք որոնում։

ՏՂԱ — Մարգարիտից թանկ ու լուսավոր մի բան։

ԱՂՋԻԿ — Ծովի խորքերում։

ՏՂԱ — Աստղազարդ երկնքի ծովում։

ԱՂՋԻԿ — Ծովն ալեկոծվում է։ Մեր նավը կարող է խորտակվել, նավապետ։

ՏՂԱ — Արի մի քանի րոպե լռենք ու խաղանք։

ԱՂՋԻԿ – Ի՞նչ խաղանք։

ՏՂԱ — Բառարան։

ԱՂՋԻԿ — Երբեք չեմ խաղացել։

ՏՂԱ — Դու կհաղթես։

ԱՂՋԻԿ — Դու ինձ հաղթիր։

ՏՂԱ — Ոչ մի դեպքում։

ԱՂՋԻԿ — Ուզում եմ քեզ պարտվել։

ՏՂԱ — Եթե մեզնից մեկը պարտվելու է, ապա՝ միայն ես։

ԱՂՋԻԿ – Ի՜նչ համառն ես, Ռոմեո։

ՏՂԱ — Ես Ռոմեոն չեմ։

ԱՂՋԻԿ — Ո՞վ ես։

ՏՂԱ — Ռոմեոն։

ԱՂՋԻԿ — Խաղն սկսվե՞լ է։

ՏՂԱ — Գետ։ Գ-ով սկսվող ուրիշ բառ ասա։

ԱՂՋԻԿ — Գետաձի, կենդանաբանական այ­գում եմ տեսել։

ՏՂԱ — Գիշեր։

ԱՂՋԻԿ — Գիրք։

ՏՂԱ — Հիանալի ես խաղում։ Մեկ-զրո օգուտ քեզ։

ԱՂՋԻԿ – Ինչո՞ւ օգուտ ինձ։

ՏՂԱ — Ես հաջորդ բառը չգիտեմ։

ԱՂՋԻԿ — Շուն։

ՏՂԱ — (վիրավորված)։ Ես առյուծ եմ։

ԱՂՋԻԿ — (ծիծաղում է)։ Շ-ով բառ ասա:

ՏՂԱ — Շալվար։

ԱՂՋԻԿ — Շանթ։

ՏՂԱ – Օ՜, շանթահարեցիր… Շեփոր։

ԱՂՋԻԿ — Շենք։

ՏՂԱ — Շշուկ, շղթա, շատրվան կապույտ ջրա­վազանում։

ԱՂՋԻԿ — Դու հաղթեցիր, մեկով մեկ։

ՏՂԱ — Հիմա ս-ով խաղանք։ Սողոմոն։

ԱՂՋԻԿ — Ո՞վ է։

ՏՂԱ — Սողոմոն իմաստունը։

ԱՂՋԻԿ — Դու Սողոմոն իմաստո՞ւնն ես։

ՏՂԱ — Երևի՝ Ռոմեոն։

ԱՂՋԻԿ — Լսիր, Ռոմեո, դա Ռոմեոն ես, չէ՞։

ՏՂԱ — Ասացի՝ Սողոմոն իմաստունն եմ։

ԱՂՋԻԿ — Խնդրում եմ, Ռոմեո դարձիր, թեև Սողոմոն իմաստունին էլ եմ սիրում։

ՏՂԱ – Ի՞նչ… մեկ անգամ էլ ասա… ի՞նչ բառ ասացիր… քո լեզվի վրա կարծես կանգնեց այն բառը…

ԱՂՋԻԿ — Ո՞ր բառը…

ՏՂԱ — Կրկնիր։

ԱՂՋԻԿ — Սիրտ։

ՏՂԱ — Սիրտ… սի՞րտ ասացիր…

ԱՂՋԻԿ — Կապույտ շրջազգեստս…

ՏՂԱ — Ս-ով էինք խաղում։

ԱՂՋԻԿ — Մեր քսանիններորդ տառն է։

ՏՂԱ — Սիրտ։

ԱՂՋԻԿ — Ասել եմ։

ՏՂԱ — Ինչ անենք, որ ասել ես, ես էլ եմ ասում՝ սիրտ։

ԱՂՋԻԿ — Հոգի։

ՏՂԱ — Հոգին սրտից հեռու է։

ԱՂՋԻԿ – Ինչքա՞ն։

ՏՂԱ — Պտտվում է նրա շուրջը։

ԱՂՋԻԿ — Սիրտ և հոգի։

ՏՂԱ — Նրանք երգում են յասամանի բույրը, նրանց արանքում է բառը թաքնված։

ԱՂՋԻԿ — Երկուսով մեկ, քո օգտին։

ՏՂԱ — Քո կարծիքով երկուսից մեկը շա՞տ է։

ԱՂՋԻԿ – Չհարցնե՞նք Սողոմոն իմաստունին։

ՏՂԱ — Ես նրա հետ գործ չունեմ, դու հարց­րու, մի հիմար պատասխան կտա։

ԱՂՋԻԿ — Հարգելի Սողոմոն իմաստուն, ասա, խնդրեմ, երկո՞ւսն է շատ, թե՞ մեկը։

ՏՂԱ — Մեկն էլ է քիչ, երկուսն էլ, բայց նրանց գումարը հավասար է անսահմանության։

ԱՂՋԻԿ — Դու Սողոմոն իմաստո՞ւնն ես։

ՏՂԱ — Ռոմեոն։

ԱՂՋԻԿ — Ես յասամանի բույրից կխելագար­վեմ։        Հ

ՏՂԱ — Սև ամպեր են կուտակվում։ Քամիներ են գալիս։ Անձրևներ են թափվում։ Ծովը փո­թորկվում է։

ԱՂՋԻԿ — Գոնե դու մի խելագարվիր, որ փրկես ինձ։

Խաղում են փոթորկվող ծովում։ Նավաբեկյալների տեսարան։

ՏՂԱ — Չմոտենաս ալիքների անդունդին։

ԱՂՋԻԿ — Ես վախենում եմ։

ՏՂԱ — Ամեն սկիզբ վերջ ունի։

ԱՂՋԻԿ — Ո՞ւր է արևը։

ՏՂԱ — Շուտով կծագի արևմուտքից։

ԱՂՋԻԿ – Քանի՞ տարեկան ես։

ՏՂԱ — Երբ եկա այս զբոսայգին, տասնութ տարեկան էի։

ԱՂՋԻԿ — Ինձնից ինչքա՞ն փոքր ես, ես տասնհինգ եմ։

ՏՂԱ — Կապույտը քեզ շատ է սազում։ Կարծիես երկինքն ես հագել։

ԱՂՋԻԿ — Զգույշ… ալիքները քեզ կուլ չտան։

ՏՂԱ — Այլևս ինձ չասես Ռոմեո, ես իմ անունն ունեմ։

ԱՂՋԻԿ — Գիտեմ, Սողոմոն իմաստունն ես։

ՏՂԱ — Մեկ էլ չկրկնես այդ անունը, երբ ես ծնվեցի, նա դեռ չէր ծնվել։

ԱՂՋԻԿ — Ո՞վ էր ծնվել։

ՏՂԱ – Բառը, որն այժմ մեզ հետ ալեկոծվում է։

ԱՂՋԻԿ — Մի ասա, թե ամեն սկիզբ վերջ ու­նի. թող ծովը փոթորկվի անվերջ և փոթորկվի, ուզում եմ խեղդվել նրա գրկում, քեզ հետ և բառի։

ՏՂԱ — Տես, Արարատի գագաթին լույս ծա­գեց, ծովը շուտով կժպտա։

ԱՂՋԻԿ — Հանգցրու լույսը։

ՏՂԱ – Արարատին ասա։

ԱՂՋԻԿ — Արարատ… հանգցրու լույսը։

ՏՂԱ — Երկինքը մաքրվում է սև ամպերից, ծովը խաղաղվում է, մեկին գումարած մեկ հա­վասար է մեկի։

ԱՂՋԻԿ — Հանկարծ կատու չասես։

ՏՂԱ — Յասաման։

ԱՂՋԻԿ — Հոգին սկսվում է ս-ով։

ՏՂԱ –Սիրտ ասե՞մ։

ԱՂՋԻԿ — Լույս։ Արարատի գագաթից մեզ է նայում։

Վերջ փոթորկի տեսարանին։

ՏՂԱ — Ես էլ դու ես, դու էլ՝ ես։

ԱՂՋԻԿ — Ոտանավոր է։

ՏՂԱ — Կատու։ (Ծիծաղում է։)

ԱՂՋԻԿ — Ուզում եմ ասել՝ ոչ թե Ռոմեո, այլ՝ վագր… չեմ վախենում քեզնից, սիրտս է թռչկո­տում միայն։

ՏՂԱ — Չմոռանաս հաց առնել։

ԱՂՋԻԿ — Արդեն գնում ես։

ՏՂԱ — Արևը մայր է մտնում։

ԱՂՋԻԿ — Արևը ծագում է։

ՏՂԱ — Մայր է մտնում և ծագում։

ԱՂՋԻԿ — Երկնքի մեջտեղում է։

ՏՂԱ — Մի գնա, որ քեզ կարոտեմ։

ԱՂՋԻԿ — Ո՞ւր ես գնում, զբոսայգին լաց կլի­նի։

ՏՂԱ — Աստված սեր է։

ԱՂՋԻԿ — Դու չասացիր անունդ։

ՏՂԱ – Անո՞ւնս… Տղա։

ԱՂՋԻԿ – Ի՜նչ գեղեցիկ անուն ունես։

ՏՂԱ — Իսկ քո՞նը…

ԱՂՋԻԿ — Աղջիկ։

ՏՂԱ — Աննման անուն է, նվիրիր ինձ։

ԱՂՋԻԿ – Որտե՞ղ ես պահելու։

ՏՂԱ — Դու ասա։

ԱՂՋԻԿ — (երջանիկ շիկնանքով)։ Ասացի։

ՏՂԱ — Ամենաթանկ բառերը լուռ բառերն են։

ԱՂՋԻԿ — Ես բառը լսում եմ։

ՏՂԱ — (նայում է երկնքին)։ Կապույտ-սպիտակ աղավնին… Երեք տառ։

ԱՂՋԻԿ — (երկար նայում է երկնքին)։ Նա մենք ենք։

ՏՂԱ — (շարունակելով նայել վեր)։ Բառը թռչում է։

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։