Դավիթ ԽԱՉԻՅԱՆ / ՍՊԱՍՈՒՄ
Այս պիեսը սպասումի մասին է: Միայն մենք չէ, որ սպասում ենք: Մենք հաճախ անգամ չենք գիտակցում, որ ուրիշներն էլ մեզ են սպասում: Սպասում ու կարոտում: Մի հին բակ, մի անծանոթ մարդ, չորացած մի ծառ, հին նկարի վրա նստած փոշին, մանկությունից մնացած մի խաղալիք, հին բաճկոնի գրպանում ծվարած մի մետաղադրամ, ճերմակ մի թուղթ, սևուսպիտակ մի լուսանկար, ճռճռացող հատակով մի սենյակ… Ավա՜ղ, նրանք անխոս են, և մենք երբեք չենք իմանա, թե նրանք ինչ են զգում և մտածում: Իսկ նրանք սպասում են՝ անխոս ու համակերպված: Այդպես միայն սիրող սիրտն է սպասում:
Մոնոներկայացում՝ 1 գործողությամբ և 4 հերոսով
Նվիրում է Տա Թև-ին
Գործող անձինք
ՍԵՆՅԱԿ
ԱՍՊԵՏ
ԹԱՑ ՄԱԶԵՐՈՎ ԱՂՋԻԿ (Ասպետի ընկերուհին)
ՊԻՆՈՔԻՈ
Բեմը մեծ սենյակ է, ուստի նախընտրելի է կամերային չափի բեմը: Կիսամութ է: Հետնապատին՝ կիսաբաց վարագույրներով ֆրանսիական պատուհան, որից անդին երևում են շենքերի տանիքները: Պատուհանից աջ՝ հանդիսատեսին տեսանելի դուռ, որը տանում է հետնաբեմ: Պատին՝ ծուռ կախված սևուսպիտակ լուսանկար: Բեմը դատարկ է, բայց լուսավորության շնորհիվ հնարավոր է սենյակին տրամադրություն հաղորդել: Երաժշտությունը՝ ըստ բեմադրիչի հայեցողության, բայց, թերևս, դասական դաշնամուրային մոտիվներով:
Սենյակի ձախ կողմի պատը սև է: Դերասանուհին, որը ՍԵՆՅԱԿԻ մարմնավորումն է, հենված է պատին և գրեթե չի նշմարվում, քանի որ բեմական սև փորձազգեստով է: Նա երիտասարդ է և հմայիչ: Լույսն աստիճանաբար ուժեղանում է: Դերասանուհին դանդաղորեն պոկվում է պատից, մկանները բացող մի քանի վարժություն անում և դանդաղ ճեմում բեմում: Մոտենում է պատուհանին, նայում դուրս: Ապա մոտենում է դռանը, ձեռքով շոյում փականքը, դիտանցքից դուրս նայում ու միառժամանակ հայացքը հառում դռանը և փականքին: Ապա դանդաղաքայլ շրջվում է և քայլում դեպի հանդիսատեսը:
ՍԵՆՅԱԿ — (հանդիսատեսին՝ ոգևորությամբ): Իմ հեքիաթը լսե՞լ եք: Հիմա պատմեմ: Կար, չկար մի հնամենի ու գեղեցիկ քաղաք կար: Այդ հնամենի ու գեղեցիկ քաղաքում մի լուսավոր փողոց կար: Այդ լուսավոր փողոցի վրա վարպետները մի գեղեցիկ շենք էին կառուցել: Այդ գեղեցիկ շենքի երրորդ հարկում մի դատարկ մեկ սենյականոց բնակարան կար: (Ձեռքերով գրկում է ինքն իրեն:) Ասենք՝ դա բնակարանի նման էլ չէր. պարզապես մի մե՜ծ սենյակ էր` մուտքի դռնով ու լուսավոր փողոցի վրա բացվող մե՜ծ պատուհանով: Բայց և այնպես, նրա լրիվ անունն էր` հնամենի քաղաքի լուսավոր փողոցի գեղեցիկ շենքի երրորդ հարկի մեկսենյականոց բնակարան, որի տանիքը երկինքն ու աստղերն էին…
Կարճ դադար: Դերասանուհին հիացմունքով նայում է վեր, ապա քայլում սենյակում ու շոյում պատերը:
ՍԵՆՅԱԿ – Այդ սենյակը միայն մի բան գիտեր` սպասել: Նա սպասում էր այն բաղձալի օրվան, երբ բանալին կպտտվեր փականքի մեջ, դուռը ճռռոցով կբացվեր ու ներս կմտներ իր տերը՝ երիտասարդ ու դյուցազարմ Ասպետը: (Կարճ դադար:) Ու սպասում էր բնակարանը: Նախ՝ սրտատրոփ, ապա` ավելի փիլիսոփայորեն, հետո` համակերպված իր սպասմանը:
Դերասանուհին դադար է տալիս: Դանդաղաքայլ մոտենում է դռանը, շոյում փականքը, զգուշորեն նայում դիտանցքից: Ապա մոտենում է պատուհանին ու, վարագույրի ետևում թաքնված, զննում փողոցը: Նստում է հատակին, հանում մասիկներն ու բարձրակրունկ կոշիկներ հագնում: Կանգնում է ու նազանքով քայլում դեպի հանդիսատեսը: Լույսը թուլանում է: Որոտի և անձրևի ձայն է լսվում:
ՍԵՆՅԱԿ — (սիրատոչոր հայացքով): Մի աշնանային երեկո ես հատկապես անհամբեր էի սպասում: Դրսում, մթնշաղի հուշերում թաքնված լուսավոր փողոցի վրա, երկինքները անձրև էին մաղում: Բարակ ու լուսավոր անձրև: Դիմացի մայթի խունացած նեոնային ցուցանակը հուզմունքից թրթռում էր թաց մայթի վրա: Ու այդ բոլոր տեսիլքներն ինձ պատմում էին, որ հիմա բանալին կպտտվի փականքի մեջ, դուռը ճռռոցով կբացվի ու ներս կմտնի իմ տերը` երիտասարդ ու դյուցազարմ Ասպետը… (Կարճ դադար: Հոգոցով ու սրտացավով:) Ու երևի՝ թաց մազերով մի աղջկա հետ: Ու նրանք իրար սիրո խոսքեր ու համբույրներ կշշնջան… Հետո հենց հատակի վրա, քանի որ սենյակում կահույք չկա, սիրով կզբաղվեն… (Դադար:) Ու այդ պահին իմ պատերի, առաստաղի ու հատակի մեջ կշատանա ադրենալինը: Ու սպասումս կքարանա, իսկ աշխարհի երջանկությունը կմակարդվի մինչև իմ պատերը…
Դերասանուհին դադար է տալիս: Քայլում է սենյակում, մի պահ կանգնում դռան մոտ, ապա նստում է հատակին ու դանդաղորեն հանում բարձրակրուկներն ու կրկին մասիկներ հագնում: Մոտենում է պատուհանին ու մի քանի վայրկյան դուրս նայում:
ՍԵՆՅԱԿ — (ցածրաձայն և տխուր): Փողոցը դատարկվել է… Անձրևը դադարել է… Ու միայն նրա արցունքներն են հոսում պատուհանի ապակու վրայով: Կամ էլ՝ սրանք միգուցե հենց իմ արցունքներն են… (Շրջվում է դեպի հանդիսատեսն ու սրբում արցունքները: Քայլում է սենյակում: Հատակը ճռճռում է:) Ճռճռում է… Իհարկե կճռճռա… Երևի այս ահավոր սպասումից ոչ միայն տախտակները կսկսեն ճռճռալ, այլև սենյակի անկյուններում սարդերը ոստայններ կհյուսեն, իսկ այս պատերը, որ պիտի իմ սիրո ամրոցը լինեին, իմ բանտը կդառնան… Ու անձրևներն ու ձյուներն իմ մեջ կտեղան… (Տխուր դադար: Անորոշ տեղ է նայում, ապա դռանը:) Բայց ես այնքա՜ն եմ սիրում սպասել նրան՝ իմ երիտասարդ ու դյուցազարմ Ասպետին… Ախր այս երկնքի պես մաքուր ու փողոցի պես լուսավոր է իմ սիրտը՝ իմ սպասող սիրտը… Չէ՞ որ մի օր արդարացել է իմ պես միլիոնավոր սենյակների սպասումը: Չէ՞ որ մի օր բանալին պտտվել է նրանց փականքների մեջ, ու ներս են մտել նրանց ասպետները: Չէ՞ որ ժայթքել է միլիոնավոր սենյակների սպասումի արբունքը… Ու անվերջանալի սենյակներն իրենց սրտի թրթիռն ու մարմնի հևքն են տվել իրենց տերերին, որոնք միշտ մտնում են ժպիտով ու ուրախության ակնկալիքով: Պատից կախում են իրենց ծնողների սևուսպիտակ լուսանկարը (մոտենում է լուսանկարին) ու հետո թաց մազերով մի աղջկա հետ սիրով են զբաղվում նրանց սևուսպիտակ հայացքի ներքո: Իսկ հայրն ու մայրը նայում են իրենց որդուն ու նրա գրկում հևացող վարսագեղ ու սիրափողփող գեղեցկուհուն ու հիշում իրենց հնամենի քաղաքի լուսավոր փողոցի գեղեցիկ շենքի երրորդ հարկի մեկսենյականոց բնակարանը, որի տանիքը երկինքն ու աստղերն էին… Եվ որտեղ ժամանակին իրենք էլ էին սիրով զբաղվում՝ իրենց ծնողների սևուսպիտակ հայացքի ներքո…
Դերասանուհին դադար է տալիս: Քայլում է բեմում: Ձեռքով շոյում է դուռը՝ առանց կանգ առնելու: Մոտենում է կոշիկներին, կռանում ու ձեռքն առնում դրանք: Պտտում է ձեռքում, ապա դնում իրար կողքի: Մոտենում է պատին ու փարվում նրան ինչպես ներկայացման սկզբում… Մի քանի վայրկյան անց պոկվում-հեռանում է պատից, դարձյալ անցնում դռան մոտով ու կանգ առնում:
ՍԵՆՅԱԿ – Բայց գուցե, ես շա՞տ չեմ սպասում… Գուցե չկանչող ու թո՞ւյլ է իմ սպասումը… Թե՞ ընդհակառակը` չափից դուրս զորավոր է, ու իմ տերը ենթագիտակցորեն վախենո՞ւմ է իմ գիրկը գալ: (Զզվանքով:) Կամ էլ, որ ավելի ահավոր է, մի հիմար Պինոքիո կորցրել կամ վաճառել է իմ դռան դռան բանալին, ու հիմա պարթևատես ու գեղանի Ասպետի փոխարեն մի պառաված ու ամուլ կրկեսատե՞ր է մտնելու իմ մեջ: (Այլայլված:) Մտնելու է այլանդակ շարժուձևով, առանց սիրո կախարդական խոսքեր շշնջալու բացելու է իմ դուռը, ցավ ու կոպտություն է բերելու սիրացնոր քնքշության փոխարեն ու հետո խռմփացնելու է` մեջքով ինձ դարձած… Ահավո՜ր է… (Դադար:) Անգամ ճռճռացող հատակը սարսափից լռեց… Իսկ սարդերը կուչ եկան ու պապանձվեցին իմ անկյուններում… Իսկ իմ մեծ երկինքը մթնեց ու քարացավ… Ու աստղերը թափվեցին ցած ու գերի ընկան սարդոստայններում:
Դերասանուհին ձեռքերով ծածկում է դեմքը: Դադար: Մոտենում է կոշիկներին ու կանգնած դիրքում զգուշորեն հագնում դրանք՝ մասիկները մի կողմ դնելով:
ՍԵՆՅԱԿ – Բայց չէ՞ որ ես այնքա՜ն սեր ունեմ տալու իր Ասպետին: Ավելի շատ, քան մի որևէ այլ սենյակ: (Սիրախտիտ ձայնով:) Մի տաք երեկո բանալին կպտտվի փականքի մեջ, դուռը ճռռոցով կբացվի, նա հոգնած ներս կմտնի ու իր սև կոստյումով անուժ կփռվի տաք հատակին: (Զգուշորեն հանում է կոշիկները:) Այդ ժամանակ ես կմոտենամ նրան ու մեղմորեն կհանեմ նրա կոշիկները, կարձակեմ փողկապի հանգույցն ու վերնաշապիկի վերին կոճակը: Ու մեղմաձայն նրան «բարի գիշեր» կմաղթեմ: Իմ թրթռացող մատներով կբռնեմ տիրոջս մեծ ու ամուր ձեռքն ու անձայն կպատմեմ նրան այն հեքիաթները, որ տեսել եմ երկնքում ու լուսավոր փողոցի վրա: Հետո քնքուշ գգվանքով կհպվեմ նրան ու նրա ականջին սիրո խոսքեր կշշնջամ: Կպատմեմ, թե ինչպես եմ երազել նրա ձեռքերի ամեհի ուժն ու մատների հանդարտ մոլուցքը: Կպատմեմ, թե անքուն լիալուսնի գիշերներին ինչքան եմ սրտատրոփ սպասել, որ բանալին պտտվի փականքի մեջ, դուռը ճռռոցով բացվի, ներս մտնի իմ Ասպետը, մի ամուր մեխ խփի իմ չորս պատերի ամենաթեժ կետին ու… կախի իր ծնողների սևուսպիտակ լուսանկարը: (Կարճ դադար: Լույսն ընկնում է լուսանկարի վրա:) Բայց իմ սիրուց անգամ սևուսպիտակ լուսանկարը գույներ ու շունչ կառնի: Ու կժպտան իմ Ասպետի ծնողները… Ու ես իմ ներկապնակի տաք ու կաթնաբույր գույներո՛վ կներկեմ ամբողջ աշխարհը, երկինքը ու աստղերը: Անգամ անձրևից ու փոշուց խունացած այս պատուհանը…
Դերասանուհին մոտենում է պատուհանին ու երևակայորեն ներկում այն: Հետո դանդաղորեն մոտենում է սև պատին ու միաձուլվում նրան: Դռնից ներս են մտնում Ասպետն ու թաց մազերով աղջիկը: Դերասանուհին կես քայլ հեռանում է պատից ու քարացած նրանց նայում: Ասպետն ու թաց մազերով աղջիկը մի թեթև պարային պիրուետ անում, կանգնում, համբուրվում ու ծիծաղելով դուրս գալիս: Դերասանուհին հեռանում է պատից: Կրկին հագնում է կոշիկները, ապա շրջվում դեպի հանդիսատեսը:
ՍԵՆՅԱԿ – Գնացին… Իսկ ես կմնամ իմ սպասումների հետ: (Կարճ դադար: Տխուր ժպիտով:) Ես այնքան եմ սպասել, որ պատրաստ եմ ոչ միայն հանդուրժել, այլև ինչ-որ ձևով անգամ փայփայել այդ դալուկ մաշկով ու թաց վարսերով աղջկա անցողիկ գոյությունն անգամ… Հիրավի, ի՜նչ են նրա վտիտ տվայտանքներն իմ սիրո փոթորկի կողքին: Մի՞թե դա ժամանակավրեպ մի անհեթեթություն չէ իմ անսկիզբ ու անվերջ զգացմունքների կողքին, մի թույլ մակդիր՝ Սեր կոչվող հավերժությանը կառչած… (Հուսահատ զզվանքով:) Եվ մի հիմար Պինոքիո, որը լկտի հայացքը դեմքին, անհանդուրժելի հիմարությամբ կորցրել կամ վաճառել է իմ բանալին, իմ անհուն կարոտն ու սպասումը նսեմաբար «խանդ» է հորջորջելու: Եվ ոչ ոք չի էլ իմանալու, ուր մնաց թե՝ հասկանալու, այս հնամենի քաղաքի լուսավոր փողոցի գեղեցիկ շենքի երրորդ հարկի մեկսենյականոց բնակարանի չհորդած սիրո հեքիաթը… Հեքիաթ, որի պատերն անեզր աշխարհն էր, իսկ տանիքը՝ անվերջ երկինքն ու բոցավառվող աստղերը…
Դերասանուհին նստում է հատակին, հանում կոշիկներն ու կրկին մասիկներ հագնում: Հետո ալեխառն մի կեղծամ է գտնում ու անփութորեն հագցնում գլխին: Կոշիկները տանում-դնում է անկյունում: Չորացած քայլերով մոտենում է պատին ու, գլուխը կախ, միաձուլվում նրան՝ ինչպես ներկայացման սկզբում: Լույսը համապատասխանորեն փոխվում է: Լսվում է փականքի մեջ պտտվող բանալու ձայնը: Դերասանուհին կես քայլ հեռանում է պատից ու քարացած սպասումով նայում դռան կողմը: Լույսի մի շող ընկնում է Դերասանուհու վրա: Դուռը Ճռռոցով բացվում է, ներս է մտնում տարիքն առած հաստափոր Պինոքիոն՝ ցանցառ մորուսով ու ճտքակոշիկներով: Նա այլանդակ շարժուձևով պտտվում է սենյակում, հանում և արհամարհանքով մի կողմ նետում պատին կախված լուսանկարը, ապա մոտենում է սարսափած դեմքով Դերասանուհուն: Ձեռքերով գրկում է վերջինիս ուսերն ու իր ծանր մարմնով նրան սեղմում է պատին:
Լույսերը դանդաղորեն մարում են:
22 մարտի 2023 թ.
Երևան