Խորեն ԱՐԱՄՈՒՆԻ / «ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱՊԱԳԱ»
Խորեն ԱՐԱՄՈՒՆՈՒ «ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱՊԱԳԱ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում
«…Իսկ ինչո՞ւ եք մեզ ստիպում, որ ուրիշի տանը ապրենք մեր տան նման, ուրիշի ոգու խոհանոցում մեր ոգին սնենք այնպիսի սնունդով, որ չի մարսվում: Ինչո՞ւ եք դուք փախչում ձեզանից ու մեզ ստիպում, որ վերադառնանք ձեր ակունքներին…»: Այսպիսի բազում հարցականների առջև է կանգնած երեխային հայրենի հողից պոկած գաղթական ծնողը, հարցականներ, որոնք պատասխան չունեն, իսկ եթե՝ այո, ապա յուրաքանչյուր պատասխան իր հետ խոր վիշտ ու ցավ է բերում: Ծնողը հազիվ է տանում իրեն բաժին հասած տառապանքը: Ծնողի ենթագիտակցության մեջ կա մեղքի զգացում, ուղղակի մի քիչ հերոսություն, մի քիչ համարձակություն է պետք ոչ թե արդարանալու, այլ խոստովանելու համար…
Խորեն ԱՐԱՄՈՒՆԻ
ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱՊԱԳԱ
Գործող անձինք
ԿԱՐԻՆԵ — 25 տարեկան
ՈԳԻ
ԷԴԻԹԱ — 25 տարեկան
ԳԱՐԻԿ — 21 տարեկան
ԱՆՈԻՇ — 45-50 տարեկան
ԱՐՇԱԿ — 50-55 տարեկան
ՎՌԱՄ – ուսանող
Սենյակի մի անկյունում Կարինեն նկարում է նկարակալի առաջ: Եթերային երաժշտություն է հնչում: Ոգին (սպիտակ, երկար զգեստով, ծեր կնոջ տեսքով) քայլում է սենյակում:
ԿԱՐԻՆԵ — (տեղից բարձրանում, հեռվից նայում է կտավին): Ադամը ո՞նց է մենակ ապրել: Տատիկի մահից հետո տունը ամայացավ: Երբեմն այնպես եմ զգում նրա պահանջը… Երբեմն էլ թվում է՝ կողքիս է, խոսում եմ նրա հետ… Եթե մեկ ուրիշն ասեր՝ կսարսափեի կամ կծիծաղեի: (Շրջում է կտավը հանդիսատեսի կողմը՝ սենյակում շրջող Ոգին է պատկերված:) Լինում է, չի լինում, մի անտառ է լինում…
ՈԳԻ — Այդ անտառում մի մանուկ է լինում…
ԿԱՐԻՆԵ — (սարսափած): Ո՞վ է:
ՈԳԻ — Ես եմ:
ԿԱՐԻՆԵ — Ո՞վ ես… ո՞վ կա այստեղ:
ՈԳԻ — (մոտենում, ձեռքը դնում է ուսին. Կարինեն ինչ-որ բան է զգում): Հանգիստ, մի վախենա, ես եմ, իսկ դու իմ շարունակությունն ես: Տես, կտավի վրա պատկերվածը իսկ և իսկ դու ես, այսինքն՝ ես: Խորացիր նրա հոգու մեջ՝ ինքդ քեզ կգտնես:
ԿԱՐԻՆԵ — Ո՞վ կա այստեղ, ի՞նչ է կատարվում… (Դեսուդեն է վազում, կտավն ընկնում է: Ոգին կտավը դնում է նկարակալին:) Ո՞վ կա այստեղ:
ԷԴԻԹԱ — (ներս է մտնում): Բարև: Դուռը բաց էր: Ես եմ, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես գույնդ գցել:
ԿԱՐԻՆԵ — Ոչինչ էլ չի եղել, տատիկիս հետ եմ:
ԷԴԻԹԱ – Էլի՛ սկսեցիր, կարծես միայն դու ես տատ ունեցել: Կարո՞ղ ես մի բաժակ ջուր տալ մի աղջկա, ում սիրտն այստեղ չէ:
ԿԱՐԻՆԵ — Գիտեմ, քո սիրտը լեռներում է:
ԷԴԻԹԱ — Ոչ, սիրտ չի մնացել, սի՞րտ թողին… (Նայում է կտավին:) Ավարտեցի՞ր: Լավ է ստացվել, ո՞ւմ է նման:
ԿԱՐԻՆԵ — Ինձ, չե՞ս տեսնում:
ԷԴԻԹԱ – Էլի՞ սկսեցիր… Կարո՞ղ ես մի բաժակ ջուր տալ մի աղջկա, ում սիրտն այստեղ չէ, այլ լեռներում:
ԿԱՐԻՆԵ — Ո՞ր լեռներում:
ԷԴԻԹԱ — Շոտլանդական: Ես ջուր ուզեցի:
ՈԳԻ — Իսկ ինչո՞ւ շոտլանդական և ո՛չ հայկական:
ԷԴԻԹԱ — Ի՞նչ:
ԿԱՐԻՆԵ — (շփոթված կրկնում է): Իսկ ինչո՞ւ շոտլանդական և ո՛չ հայկական:
ԷԴԻԹԱ — Քեզ հետ ինչ-որ բան է կատարվում:
ԿԱՐԻՆԵ — Ամեն ինչ կարգին է: Ասում եմ՝ ինչո՞ւ ոչ հայկական:
ԷԴԻԹԱ – Օ՛քեյ, թող լինի հայկական: Ընդամենը ջուր տուր, սիրտ որ ունենայինք, սիրել կիմանայինք: Կար, ինչի՞ չենք սիրահարվում:
ՈԳԻ — Որովհետև սիրտդ լեռներում է:
ԿԱՐԻՆԵ — (շփոթված կրկնում է): Որովհետև սիրտդ լեռներում է:
ԷԴԻԹԱ — Չէ, իմ սիրտը Նևադայի տաք անապատներում է, Հայաստանիդ ցրտաշունչ լեռները քեզ պահիր: Իմ սիրտը ջերմություն է ուզում:
ՈԳԻ — (ծաղկամանի մեջ ջուր լցնելով): Ճիշտ է ասում աղջիկը, մարդկանց սրտներն սկսել են սառցակալել:
ԿԱՐԻՆԵ — Էդիթ, մտքովդ չի՞ անցնում, որ մեզ սիրո դիետա են նշանակել:
ԷԴԻԹԱ – Այսի՞նքն…
ԿԱՐԻՆԵ — Սրան կարելի է, սրան՝ ոչ, սա քրիստոնյա է, մյուսը հայ չէ, մեքսիկը քոլեսթերոլ ունի, սևը ճնշում է բերում: Հայերի հետ չաղանում ես:
ԷԴԻԹԱ — Մոդան Հայաստանից բերելն է: Երբ ներս մտա, ի՞նչ էիր արտասանում, թե՞ ինչ- որ մեկի հետ էիր խոսում:
ԿԱՐԻՆԵ — Տատիկիս հեքիաթն էի հիշել: Էս գիրքը տեսնո՞ւմ ես, տատս բացում ու հեքիաթ էր ասում:
ԷԴԻԹԱ — Ո՞նց թե՝ ասում, չէ՞ր կարդում:
ԿԱՐԻՆԵ — Շատ ուշ իմացա, որ բանավոր էր ասում, հիշում եմ, մատը տողերի վրա էր դնում, իբր կարդում է:
ԷԴԻԹԱ — Ոչ տատ եմ տեսել, ոչ պապ, մայրդ միշտ մորս երանի էր տալիս. «Ինքն է, իր տունը-տեղը»: Մայրս էլ մորդ էր օրինակ բերում. «Երեխաներին նայող ունի, ուր ուզում՝ գնում է, երբ ուզում՝ գնում է…»:
ԿԱՐԻՆԵ — (գնում է խոհանոց, խնձոր ուտելով վերադառնում է): Էդիթա, մինչև լույսը խավարից բաժանելը Աստված որտե՞ղ է ապրել:
ԷԴԻԹԱ — (այղ ընթացքում յոգայի դիրք է ընդունել): Մի խանգարի, չե՞ս տեսնում, էներգիա եմ հավաքում: Վարագույրը քաշիր ու մեղմ երաժշտություն միացրու:
ԿԱՐԻՆԵ — Լավ, մի ուրիշ հարց, ի՞նչ կստացվի, եթե խառնես լույսն ու խավարը:
ԷԴԻԹԱ — Մթնշաղ, այսինքն՝ այն, ինչ պահանջում եմ քեզնից, բայց դու…
ԿԱՐԻՆԵ — (երաժշտություն միացնելով): Աստված էդտեղ էլ ապրել է, հետո ձանձրացել ու միջավայրը փոխել է: Դու չե՞ս ձանձրանում, Էդիթա:
ԷԴԻԹԱ – Քեզնի՞ց: Իհարկե: Աստված ունեցողը չի ձանձրանա, Աստված լույս է: Թիվին միացրու: (Գնում է խոհանոց, վերադառնում խնձորով:)
ԿԱՐԻՆԵ — Աստված լույս է, սատանան՝ խավար: Պարզվում է, ժամանակին Աստված ու սատանան հաշտ ու խաղաղ են ապրել, հետո Աստված ձանձրացել ու սատանայից բաժանվել է: (Միացնում է հեռուստացույցը, երաժշտությունն անջատում է:)
ԷԴԻԹԱ — Աստված սատանայից չի բաժանվել, սատանան է Աստծուց բաժանվել: Փոխիր, փիլիսոփա ջան, կայանը փոխիր: Էս հայկականից զզվեցինք: Մեր տանն էլ քսանչորս ժամ հայկական է: (Զանգում է բջջային հեռախոսը:) Հա, մա, ի՞նչ կա… չէ, Կարինեենց տանն եմ: Կգամ, էլի, մարկետ մտնելու հավես չունեմ: Ասի՝ չէ, վա՜յ, չեմ ուզում, է՛լի… (Անջատում է:) Ամեն րոպե զանգում է, ոնց որ երեխա լինենք: Կար, Հայաստան էիր գնում, ի՞նչ եղավ:
ԿԱՐԻՆԵ — Չեն թողնում:
ԷԴԻԹԱ — Պիտի մի ամիս եկեղեցի կառուցես, ո՞ւմ հաշվին:
ՈԳԻ — Եկեղեցի չէ՝ իրեն է կառուցելու:
ԿԱՐԻՆԵ — Ընդամենը տասնհինգ օր, և իմ հաշվին:
ԷԴԻԹԱ — Քեզնից ի՞նչ բանվոր: Ժողովրդին հաց տալու փոխարեն նոր եկեղեցիներ են կառուցում, հերիք չէ, քարուքանդ եղածներն էլ վերանորոգում են: Իսկականից որ խելառ են: (Խաչակնքում է:)
ԿԱՐԻՆԵ — Մի խելառ էլ՝ ես: Պրծա՞նք:
ԷԴԻԹԱ — Խելառ ես, բա ի՞նչ ես: Հայաստանը քարուքանդ են արել, գնում ես՝ ի՞նչ անես: (Հեռախոսազանգ:) Թոմ, լսում եմ… Կառենց տուն… Օ՜, նո, հավես չունեմ… Զանգ կտամ… Ասի՝ կզանգեմ, էլի, բայ, բայ… Սա էլ մի կողմից է զզվեցնում: Կար, մալ եմ գնում, չե՞ս գալիս:
ԿԱՐԻՆԵ — Երևի ճիշտ ես ասում, գնամ, հիասթափվեմ, դա էլ բան է, գոնե հանգիստ վեր կընկնեմ տեղս:
ՈԳԻ — Դու իմ շարունակությունն ես, Կարինե: Մարդ իրենից հիասթափվում է, երբ իրեն չի ճանաչում: Դու ինձ ես փնտրում, ես քո եսն եմ, քո հայրենիքն ու վանքը…
ԿԱՐԻՆԵ — Տրամադրություն չունեմ:
ԷԴԻԹԱ — Ես գնամ մալ, դու էլ նստիր տանը, երգիր «Թռչեի մտքով տուն»: Բայց չէ, դա տատիկդ էր երգում, էդ սեփական տունը լքողների երգն է: Քո տունը Ամերիկան է, երբ Ամերիկան լքես, կկարոտես, նոր էդ երգը կերգես: Դու ամերիկացի ես, Հայաստանում փլված վանքերը նորոգելու փոխարեն… Քեզ նայիր, ոնց որ նոր ես գյուղից եկել, նախ քեզ կառուցիր, հետո… (Գնում է:)
Կարինեն ծնկի է գալիս կտավի առաջ ու նայում: Ներս է մտնում Գարիկը, ուղղվում խոհանոց, ուտելիք է բերում, դնում սեղանին:
ԳԱՐԻԿ – Ի՞նչ ես դեբիլի պես նստել, քոք կա՞: (Դադար:) Քեզ հետ եմ՝ քոք կա՞:
ԿԱՐԻՆԵ — (շփոթված): Բարև:
ԳԱՐԻԿ — Հարց եմ տալիս՝ պատասխան տուր:
ԿԱՐԻՆԵ — (խոհանոցից բերում է շիշը): Հայաստան եմ գնում:
ԳԱՐԻԿ — (հեռուստացույցի ձայնը բարձրացնելով): Ինձ չի հետաքրքրում:
ԿԱՐԻՆԵ — Գնում եմ եկեղեցի նորոգելու: Տասնհինգ օր Երևանում եմ լինելու: (Դադար:) Գնալուս դեմ չե՞ս:
ԳԱՐԻԿ — Փող ունե՞ս:
ԿԱՐԻՆԵ – Ինչի՞ համար:
ԳԱՐԻԿ — Փողն ինչի՞ համար է:
ԿԱՐԻՆԵ — Ամեն ինչի:
ԳԱՐԻԿ — Ինձ փող է պետք:
ԿԱՐԻՆԵ- Մամային, պապային ասա՝ կտան:
ԳԱՐԻԿ — Ինձ հիսուն դոլար է պետք:
ԿԱՐԻՆԵ — Ես Հայաստան պիտի գնամ:
ԳԱՐԻԿ — Հասկացանք: Հիսուն դոլարո՞վ ես գնալու:
ԿԱՐԻՆԵ — Չէ, բայց… Երեկ չտվեցի՞:
ԳԱՐԻԿ — Էսօր էլ տուր, վաղն էլ կտաս, մի օր կվերադարձնեմ: Շուտով կհարստանամ:
ԿԱՐԻՆԵ — Դու չես աշխատում:
ԳԱՐԻԿ — Դու էիր մնացել վրաս խոսող… իմ դարդը ինձ հերիք չէ՞: (Մի ոստյունով հասնում, Կարինեի պայուսակից գումար է հանում, ուղղվում դեպի դուռը:) Դրսում հանգիստ չունեմ, տանն էլ չունենա՞մ, ոնց որ էս տան խորթ զավակը լինեմ:
ԿԱՐԻՆԵ — (դեմն առնելով): Խնդրում եմ, ասա, ինչքա՞ն վերցրիր, ախր Հայաստան պիտի գնամ…
Գարիկը դուրս է վազում: Կարինեն լուռ հեկեկում է, անջատում հեռուստացույցը: Քթի տակ երգ է դնդնում, Ոգին ձայնակցում է: Ներս է մտնում Անուշը՝ մթերքով լի տոպրակներով բեռնված:
ԱՆՈԻՇ — Էդ երգը տատդ սխալ էր երգում, քեզ էլ սխալ սովորեցրեց:
ԿԱՐԻՆԵ — (փարվելով նրան): Մա, վախենում եմ:
ԱՆՈԻՇ — Ինչի՞ց:
ԿԱՐԻՆԵ — Ինձնից:
ԱՆՈԻՇ — Սիրտ չունեմ… օգնիր, վրաս ուժ չկա, սրանք խոհանոց տար:
ԿԱՐԻՆԵ — Մա, երբևէ քեզ մենակ զգացե՞լ ես:
ԱՆՈՒՇ — Ես միշտ էլ մենակ եմ եղել: Հերդ չի՞ զանգել:
ԿԱՐԻՆԵ — Պապան ե՞րբ է զանգել որ…
ԱՆՈԻՇ — Գարիկն ո՞ւր է:
ԿԱՐԻՆԵ — Որ ասեմ՝ աշխատանքի, կհավատա՞ս:
ԱՆՈՒՇ — Նրան հասկանալ է պետք, անընդհատ կշտամբելով ոչինչ չի ստացվի: Տուն չի՞ եկել:
ԿԱՐԻՆԵ — Եկավ, կշտացավ, գնաց: Ես էլ եմ ուզում, որ ինձ հասկանաք:
ԱՆՈԻՇ — Ոչ թե կշտացավ, այլ ճաշեց: Չասա՞ց՝ ուր է գնում: Նախ ինքդ քեզ հասկացիր, նոր ուրիշից պահանջիր: Քննությանդ պատասխանը չեկա՞վ:
ԿԱՐԻՆԵ — Չէ, բայց վաղը պիտի պատասխան տամ: Պապայի հետ խոսե՞լ ես:
ԱՆՈԻՇ — Հետը խոսել լինո՞ւմ է…
ԿԱՐԻՆԵ — Բայց վաղը պիտի պատասխան տամ:
ԱՆՈԻՇ — Ասենք թե խոսել եմ ու նա համաձայնվել է, իսկ ես կարծիք չունե՞մ: Իմ կարծիքը չե՞ս հարցնում: Նա շա՞տ գիտե՝ տանը ինչ է կատարվում: Հետաքրքիր երկիր է. ոչ հայրիշխանություն է, ոչ՝ մայրիշխանություն: Մի ժամանակ ես էի հորիցդ վախենում, հետո նա սկսեց ինձնից վախենալ: Հիմա ոնց որ ամուսիններ չլինենք, ոչ ես եմ նրան հաշիվ տալիս, ոչ նա՝ ինձ: Կարինե, Հայաստան գնալդ թող եկող տարի, օ’քե՞յ:
ԿԱՐԻՆԵ — Մա, լո՞ւրջ ես ասում, թե՞ կատակում ես:
ԱՆՈԻՇ — Լուրջ: Ուսումդ շարունակիր, աշխարհ ման գալու ժամանակ դեռ շատ կա:
ԿԱՐԻՆԵ — Բայց ես աշխարհ ման գալու չեմ գնում, մա…
ՈԳԻ- (հրճվանքով): Ապրե՛ս, իսկ և իսկ ես եմ:
ԱՆՈԻՇ – Էլի՞ սկսեցիր… ի՞նչ հայրենասիրություն, կառուցում… Ջահելների միտքը պղտորում, տանում ձրի աշխատացնում են ու հավաքած փողերը…
ԿԱՐԻՆԵ — Պապայի խոսքերն ես կրկնում, ուրեմն խոսել ես…
ԱՆՈՒՇ — Հա, խոսել եմ, նրան եմ կրկնում, ես ո՞վ եմ… Գնա, ինքդ նրան համոզիր: (Միացնում է հայկական հեռուստաալիք: Աչքն ընկնում է գրքերին ու կտավին:) Սա ի՞նչ է:
ԿԱՐԻՆԵ — Ես եմ, հավանո՞ւմ ես:
ԱՆՈԻՇ — Սա էր պակաս… փոխանակ վարդ, ծաղիկ նկարես… Սրանք ի՞նչ են:
ԿԱՐԻՆԵ — Մանկական գրքեր:
ԱՆՈԻՇ — (ուզում է աղբարկղը գցել): Մեծ-մեծ խոսում ես ու մանկական գրքեր կարդում:
ԿԱՐԻՆԵ – Չգցե՛ս, դրանք իմ հուշերն են, տատիկի գրքերն են:
ԱՆՈԻՇ — Տատիկդ անգրագետ էր: Նրա իրերը հավաքեք, տուն-թանգարան սարքեք, էդ նկարն էլ փակցրեք տան ճակատին ու գրեք՝ 1978-1999 թվերին այս տանը ապրել և Անուշի կյանքը կերել է պրոֆեսոր Աշխեն Շահնազարյանը:
ԿԱՐԻՆԵ — Մա, խնդրում եմ, իմ անցյալին վերաբերվող ոչ մի բան չթափես:
ԱՆՈԻՇ — Գարաժը լիքն է քո հին շորերով, խաղալիքներով, ախր ինչի՞դ են պետք:
ԿԱՐԻՆԵ — Ես դրանցով եմ ապրում: Հիշողությունը կորցրած մարդը ինչի՞ է նման: (Իրերը հավաքում-տանում է մյուս սենյակը:) Ես գնացի, մա:
ՈԳԻ — (խանդավառ): Ապրե՛ս, իսկ և իսկ ես եմ…
ԱՆՈՒՇ — Էդ հեռախոսը տուր ու մինչև հորդ գալը տուն արի: (Ինքն իրեն:) Ապագան թողած՝ անցյալով է ապրում: Բան չեմ հասկանում: (Պառկում է բազմոցին, հեռախոսով կիսաձայն զրուցում, հետո հեռուստացույցի ձայնը բարձրացնում ու ննջում է:)
Ներս է մտնում Արշակը:
ԱՐՇԱԿ — Նորից քնե՞լ ես:
ԱՆՈՒՇ — Աչքդ եկա՞վ, ինչ է: Երազիս մորդ տեսա, եկել, ինչ-որ բան էր փնտրում:
ԱՐՇԱԿ — Երևի քեզ է փնտրել, տաներ՝ պրծնեինք, էլի:
ԱՆՈԻՇ — Տարել է, բա ի՞նչ է արել: Ե՞րբ թողեց, որ կյանքի երես տեսնեինք…
ԱՐՇԱԿ — Մորս հետ որ ապրած չլինեիր, հիմա քանի՞ տարեկան կլինեիր:
ԱՆՈԻՇ — Քսան:
ԱՐՇԱԿ — Բա ե՞ս…
ԱՆՈԻՇ — Դու երկար չէիր ապրի, առանց մորդ կյանք չունեիր:
ԱՐՇԱԿ — Բա հիմի ո՞նց եմ ապրում:
ԱՆՈԻՇ — Դու էլ, աղջիկդ էլ ցնդել եք: Մորդ մահից հետո Կարինեի աչքին ուրվականներ են երևում, խեղճ աղջկան էլ հանգիստ չի տալիս:
ԿԱՐԻՆԵ — (ներս մտնելով): Բարև, պա:
ԱՐՇԱԿ — Բարև: Ո՞ւր էիր:
ԿԱՐԻՆԵ — Սուրճ էի խմում:
ԱՐՇԱԿ — Տանը սուրճ չկա՞ր:
ԿԱՐԻՆԵ — Կա, coffee shop-ի հմայքը չկա:
ԱՐՇԱԿ — Ճիշտ ես ասում, մորս մահից հետո ամեն ինչի համն ու հոտն է կորել…
ԱՆՈԻՇ – Էլի՞ մայրդ… դեռ չպրծա՞նք:
ԱՐՇԱԿ — Գլուխս պայթում է, հեչ հավես չունեմ, սոված մեռնում եմ, մի բան դրեք սեղանին: (Գնում է կողքի սենյակ:)
ԱՆՈԻՇ — Իբր ես հավես ունեմ: Աշխատում ես՝ ես էլ եմ աշխատում, տան գործն էլ…
ԿԱՐԻՆԵ — Մա, ես հաց կդնեմ, դու…
ԱՆՈԻՇ — Հորդ չջղայնացնես, թող հացն ուտի՝ նոր… (Երկուսով սեղան են սարքում:)
ԿԱՐԻՆԵ — Վաղը վերջին օրն է, պիտի պատասխան տամ: Ես խոստացել եմ:
ԱՐՇԱԿ — (ձեռքերը սրբելով ներս է մտնում): Էդ ո՞ւմ ես խոստացել և ի՞նչ:
ԿԱՐԻՆԵ — Հազար անգամ ասել եմ՝ «Հայրենիք և մշակույթ» միության ակտիվ անդամ եմ:
ԱՐՇԱԿ — Պահ, աղջկաս ազգային հերոսի, հասարակական գործչի կոչում են տալու:
ԱՆՈԻՇ — Թե որ հայրենիք ու մշակույթ թողած լինեին, միությունը ինչի՞ էր պետք:
ԱՐՇԱԿ — Հացի ճամփա է, ջահելներին տանում, փլված շենքերի վրա մուֆթա աշխատացնում են, ժողովրդից հավաքած փողերն էլ…
ՈԳԻ — (մոտենում է Կարինեին, համարյա բռնում ձեռքը): Առանց ջղայնանալու:
ԿԱՐԻՆԵ — (վախեցած ընկրկում է): Դուք տարօրինակ բան չե՞ք զգում:
ԱՐՇԱԿ — Չեմ զգում, զգացումներս իսպառ կորցրել եմ:
ԿԱՐԻՆԵ – Ինչո՞ւ չեք ուզում ինձ հասկանալ:
ԱՐՇԱԿ — Ինչ է, հայերեն չե՞ս խոսում: Լավ, անգլերեն ասա, արդեն շատից-֊քչից…
ԱՆՈԻՇ – Ինչի՞ ես երեխայի հետ թարսվել:
ԿԱՐԻՆԵ — Պա, ուզում ես՝ հազար լեզվով խոսենք, միևնույն է, մենք շատ տարբեր ենք:
ԱՐՇԱԿ — Հաց կեր, հետո էլ ասա, թե ինչով ենք տարբեր:
ԿԱՐԻՆԵ — Ինձ չես հավատում, լսել չես կարողանում, մոռանում ես, որ քսանհինգ տարեկան եմ: Ամերիկայում դա նշանակում է…
ԱՆՈԻՇ — Վեր կաց, վեր կաց, բալես:
ԿԱՐԻՆԵ — Հաց եմ ուտում, մա:
ԱՐՇԱԿ — Թող, ուզում եմ աղջկաս լսել, ուզում եմ լսել սովորել: Անուշ, դու խմելու բան բեր, աղջիկս էլ լեկցիա կարդա:
ԿԱՐԻՆԵ – Նախ՝ ոչ թե լեկցիա, այլ դասախոսություն: Բայց ես զրուցում եմ:
ԱՐՇԱԿ — Օ’քեյ, զրուցիր, հեքիաթ պատմիր, շարունակիր…
ԿԱՐԻՆԵ — Պա, ինչո՞ւ ես ուզում իմ մեջ ապրող հային խեղճացնել: Ինչո՞ւ չես ուզում, որ իմ ներսում ապրող հայը հպարտ լինի:
ՈԳԻ — Ես եմ՝ որ կամ:
ԱՆՈՒՇ — (մի բաժակ օղի դնելով սեղանին): Աղջիկս, հպարտ ապրել ենք, հպարտ էլ կապրենք, մեզ ի՞նչ է եղել որ…
ԱՐՇԱԿ — (Անուշին): Ինչո՞ւ ես բաժակով բերում, էս հո ծխել չէ, որ տնից դուրս գամ, հոտից չնեղվեք: Գնա, հայավարի արաղի շիշը բեր: Աղջիկ ջան, ես հպարտ եմ, որ հայ եմ, դու էլ այնպես չանես, որ քեզնով ու իմ ընտանիքով ամաչեմ ու իմ միջի հայը… (Բղավում է:) Օ’քե՜յ, ամերիկահայ աղջիկս…
ԱՆՈՒՇ — (շիշը դնելով սեղանին): Համեցեք, հայկական ադաթ կա, պինդ պահիր՝ չկորցնես, հայաստանցի ամուսինս:
ԱՐՇԱԿ — Գարիկը տուն եկե՞լ է:
ԱՆՈՒՇ – Ե՞րբ չի եկել որ… Ջահել տղա է, մի քիչ շուտ, մի քիչ ուշ:
ԿԱՐԻՆԵ — Հաց կերավ, գնաց:
ԱՐՇԱԿ — Ո՞ւր գնաց:
ԱՆՈՒՇ — Ջահել տղա է, ամեն ինչ հո…
ԱՐՇԱԿ — Մենք ջահել չե՞նք եղել:
ԿԱՐԻՆԵ — Պա, արի միասին գնանք:
ԱՐՇԱԿ — Ո՞ւր:
ԿԱՐԻՆԵ — Հայաստան:
ԱՐՇԱԿ — Իմ բաժին Հայաստանը ես վայելել եմ: Հիմա ինձ հետաքրքրում են ընտանիքիս հոգսերն ու ձեր կրեդիտ քարտերը:
ԿԱՐԻՆԵ — Երբեմն ինքս ինձ ատում եմ: Ինչո՞ւ հայ ծնվել Ամերիկայում:
ԱՐՇԱԿ — Իսկ Ամերիկայում ի՞նչ են ծնվում:
ԿԱՐԻՆԵ — Ամերիկացի:
ԱՐՇԱԿ — Աչքդ լույս, Արշակ, տիկին Անուշ, քո աչքն էլ լույս, ամերիկացի ենք ծնել: Ասա, լավ ես ասում, արդեն քեզ ես ատում, բախտներս բերել է, որ մեզ չես ատում: Դու մեղավոր չես, մեղավորը տատդ էր, որ քեզ երես տվեց: Այ, էս հարցում մորդ հետ համաձայն եմ:
ԿԱՐԻՆԵ — Դու երևի ճիշտ ես, տատի գիրկը միշտ էլ տաք բույն է եղել, եթե հայի հոտ եմ առել, նրանից եմ առել:
ՈԳԻ – Ե՛ս եմ, իսկը ես եմ:
ԱՆՈՒՇ — (սպասքը հավաքելով): Մենք գիրկ չենք ունեցել, հա՞, մեր հոտը հայի հոտ չի եղել… Օրը տասը ժամ աշխատել եմ, տասը ժամ՝ հասկանո՞ւմ ես: Դա նշանակում է հիսուն կիլոմետր, շաբաթը՝ երեք հարյուր կիլոմետր, տարին՝ տասնհինգ հազար: Ամերիկայում մեքենան այդքան չեն չլում, ես ո՞նց եմ դիմացել:
ԱՐՇԱԿ — Մի հատ էլ իմ կիլոմետրը հաշվիր, էլի…
ԿԱՐԻՆԵ — Պա, խնդրում եմ, վերջ տվեք:
ԱՐՇԱԿ — Կար ջան, օր կա՞, որ աշխատածը երեսով չտա… Ո՞վ չի աշխատում:
ԿԱՐԻՆԵ — Ո՞ւմ համար եք աշխատում:
ԱՆՈՒՇ — Քո, եղբորդ…
ԿԱՐԻՆԵ — Ուրեմն մենք ձեզ բե՞ռ ենք:
ԱՐՇԱԿ — Ոչ, չեմ ուզում, որ մե՛նք ձեզ բեռ դառնանք: Ու ես Սարոյանի հերոսը չեմ, ում սիրտը լեռներում էր: Սիրտ չի մնացել, հասկանո՞ւմ ես, ես սիրտ չունեմ, ոչ այստեղ, ոչ այնտեղ: Ո՞ւր է, շեփոր չկա, բերեք շեփորեմ, որ սիրտ չունեմ… (Իբր շեփոր է նվագում:)
ԱՆՈՒՇ — Ախր մենք էսպես չէինք…
ԿԱՐԻՆԵ — Հոգնում եք, մա, ե՞րբ եք վերջին անգամ միասին եղել:
ԱՆՈՒՇ — Էնպես եմ կարոտել… Ա՜խ, Հայաստան…
ԿԱՐԻՆԵ — Իսկ ես երազում եմ…
ԱՆՈՒՇ — Ճիշտ ես ասում, աղջիկս, չտեսած բանն են երազում: Դու երազիր, մենք էլ կարոտենք:
ԿԱՐԻՆԵ — Ես էլ ուզում եմ Հայաստանը հայտնաբերել, ինչո՞ւ եք դեմ:
ԱՐՇԱԿ — Մենք Ամերիկա եկանք լավ ապրելու համար, իսկ դու գնում ես վանք կառուցելու, մեր քանդածը վերաշինելու, վերանորոգելու: Դու…
ԿԱՐԻՆԵ — Հա, գնում եմ վանք նորոգեմ, որ այդ վանքին կարոտեմ:
ՈԳԻ — Ես եմ… իսկ և իսկ ես եմ:
ԱՆՈՒՇ — Կարինե ջան, սուրճ դիր:
ԿԱՐԻՆԵ — Անցյալի և ներկայի շաղախով է ապագա կառուցվում: Ես ուզում եմ իմ անցյալը ճանաչել, իմ ժողովրդի պատմության վկաների հետ խոսել, որ ներկան լավ հասկանամ ու ամուր քայլերով գնամ ապագա: Սպանելով մեր անցյալը՝ վաճառում ենք ապագան: Դե հիմա ինձ ծաղրեք ու փիլիսոփա անվանեք: Այո, ես փիլիսոփա եմ: (Ուղղվում է դեպի դուռը:)
ՈԳԻ — (ուրախ): Ես եմ, ես եմ…
Ներս է մտնում Էդիթան՝ տոպրակներով:
ԷԴԻԹԱ — Բարի երեկո: Մորաք, ո՞նց ես:
ԱՆՈՒՇ — Լավ եմ, նստիր, հաց դնեմ:
ԷԴԻԹԱ — Նո, չեմ ուտում: Երեխաների հետ իտալական ռեստորան էինք գնացել:
ԱՐՇԱԿ — Ճիշտ ժամանակին ես եկել, Էդիթ: Հենց նոր Կարինեն հանճարեղ խոսք ասաց. «Անցյալի և ներկայի շաղախով է ապագա կառուցվում: Սպանելով մեր անցյալը՝ վաճառում ենք ապագան»: Հավանո՞ւմ ես:
ԷԴԻԹԱ – Շա՛տ:
ԱՐՇԱԿ — Դու քո ապագան ո՞նց ես կառուցում:
ԱՆՈՒՇ – (Արշակին): Տո քո ի՞նչ գործն է, ջահել աղջիկ է:
ԷԴԻԹԱ — Այ, ապրես: (Ցույց է տալիս տոպրակները:) Ես արդեն սպանել եմ անցյալս ու ապագաս դրել եմ վաճառքի:
ԱՐՇԱԿ — Իսկ ինչքանո՞վ ես վաճառում:
ԷԴԻԹԱ — Շատ թանկ:
ԱՐՇԱԿ — Դու հանցագործ ես, Էդիթ:
ԷԴԻԹԱ – Ինչո՞ւ, անցյալս ինձ չէ՞ր պատկանում:
ԱՐՇԱԿ — Ոչ:
ԿԱՐՒՆԵ — Մի րոպե… ե՛ս եմ դատում: (Տեսարանը նմանեցնում է դատարանի:) Էդիթա, դու մեղադրյալ ես, ես՝ դատավոր: Միայն, խնդրում եմ, կատակի չվերածեք: Սկսե՞նք:
ԷԴԻԹԱ — Սկսենք:
ԿԱՐԻՆԵ — Մեղադրյալ Էդիթա, դուք խոստովանո՞ւմ եք, որ սպանել եք ձեր անցյալը:
ԷԴԻԹԱ — Այո, պարոն դատավոր:
ԿԱՐԻՆԵ – Նախ՝ ոչ թե պարոն, այլ հարգելի դատավոր: Հետո՝ ինչո՞ւ սպանեցիք:
ԷԴԻԹԱ — Ստիպեցին:
ԿԱՐԻՆԵ — Ո՞վ:
ԷԴԻԹԱ — Ծնողներս: Անուղղակի, բայց ստիպեցին:
ԿԱՐԻՆԵ — Պարոն Արշակ, որպես ծնող ստիպե՞լ եք ձեր զավակին՝ սպանել իր անցյալը: Կամ որևէ դերակատարություն ունեցե՞լ եք այդ գործում:
ԱՐՇԱԿ — Ես Էդիթայի ծնողը չեմ, բայց նրա ծնողների կողմից կասեի՝ ո՛չ:
ԿԱՐԻՆԵ — Մեղադրյալ Էդիթա, վկաներ ունե՞ք, որ ծնողներդ են ստիպել…
ԷԴԻԹԱ — Վկա պետք չէ, հարգելի դատավոր: Որևէ ազնիվ ծնող եթե ձեռքը դնի խղճին ու նայի հայրենի հողից, ծննդավայրից պոկած իր երեխաների աչքերին՝ այնտեղ գաղթականին, օտարին հատուկ թախիծ կա: Մեր ծնողների ենթագիտակցության մեջ կա մեղքի զգացում, ուղղակի մի քիչ համարձակություն է պետք խոստովանելու համար:
ԱՐՇԱԿ — Մենք ժամանակի պահանջով ենք լքել մեր տունը, որ դուք այստեղ կյանք վայելեք, ինչպես վայելում եք:
ԷԴԻԹԱ — Իսկ ինչո՞ւ եք մեզ ստիպում ուրիշի տանն ապրել մեր տան նման, ուրիշի տան խոհանոցում մեր հոգին սնենք անմարս սնունդով: Հարգելի դատավոր, կարո՞ղ եմ մի բան խնդրել:
ԿԱՐԻՆԵ — Այո:
ԷԴԻԹԱ — Ցուցադրեք ձեր նկարած դիմանկարը:
ԿԱՐԻՆԵ — Տիկին Անուշ, ցուցադրեք, խնդրում եմ, այդ դիմանկարը:
Անուշը նկարը մեջտեղ է բերում:
ԷԴԻԹԱ — Սա մեր երիտասարդների հավաքական դիմանկարն է: Սա երիտասարդ գաղթականի ծերացած ոգու դիմանկարն է: Ձեզ թվում է՝ մենք կարոտ չունենք, ապրում ենք՝ ինչպես ձուկը ջրում… Ես անցյալս սպանել եմ, որ չկարոտեմ, որ ապրեմ մարդավայել: Ես չեմ ուզում մնալ գաղթական, հասկանո՞ւմ եք, տիկնայք և պարոնայք: Ես չեմ ուզում ծեր կնոջ դիմանկար նկարել, հասկանո՞ւմ եք…
ԱՆՈԻՇ — (ծափահարում է): Ապրե՛ս, Էդիթա ջան:
ԱՐՇԱԿ — Հետո՞:
ԷԴԻԹԱ — Հետո ոչինչ: Կարինեի համար շոր եմ գնել, որ Հայաստանում հագնի:
ԿԱՐԻՆԵ — Ես չհասկացա՝ ո՞ւմ մեղադրեցիք:
ԱՆՈՒՇ — Էդիթա, դու ինչո՞ւ Հայաստան չես գնում:
ԷԴԻԹԱ — Չի հետաքրքրում: Ասացի արդեն, որ անցյալս սպանել եմ, բայց Հայաստանը սիրում եմ:
ԱՐՇԱԿ — Հետաքրքիր է, Հայաստանի ի՞նչն ես սիրում:
ԷԴԻԹԱ — Ինչ տեսել եմ՝ ցուրտը, մութը, չոր ծորակները, բարեկամներիս, գարունը, աշունը, ձմեռը…
ԱՐՇԱԿ — Ես էլ՝ հունվարը, փետրվարը, մարտը… շարունակե՞մ: Չեմ հասկանում, որևէ երկրի մութն ու ցուրտը սիրել կլինի՞: Դուք չհասցրիք ճաշակել անարխիան ու կաշառակերությունը, պիտի թողնեինք՝ սովից գլխապտույտ ստանայիք: Նոր սերունդ եք, մեզնից շատ եք հասկանում, հայրենիքը սիրում եք, ուզում եք գնալ կառուցելու, բայց ոչ մի համոզիչ պատճառաբանություն չունեք:
ԷԴԻԹԱ – Ի՞նչ պատճառաբանություն, այնտեղ փոքր եմ եղել, այստեղ էլ ձեր կեղծ հայրենասիրությամբ զզվեցրիք: Մասիս սարի նկարով, խաշով, խորովածով ու ռաբիս երգերով զահլա տարաք: Ի՞նչ եք տվել և ի՛նչ եք պահանջում: Ի՞նչ եք արել հայրենիքի համար, որ մենք չենք անում: Մի քանի դոլար հարազատին ուղարկելո՞վ եք հերոսանում…
ԱՐՇԱԿ — Ամերիկայում ծնված, մեծացածը Հայաստանը չի սիրի: Ես այն կորցրի, չեմ ուզում, որ նա էլ կորցնի:
ԿԱՐԻՆԵ — Դու կորցրիր, ես գնում եմ գտնելու, վա՞տ եմ անում:
ԷԴԻԹԱ — Կար, ես գնում եմ:
ԿԱՐԻՆԵ — Սպասիր, բան ունեմ ասելու: (Միասին դուրս են գնում:)
ԱՐՇԱԿ — Ինքը ինչի՞ չի գնում, թող գնա, մի քար էլ ինքը դնի քարի վրա, եկեղեցի նորոգի:
ԱՆՈԻԵ — Դե լավ, համոզեցիր: (Կարինեին՝ լսելի բարձր ձայնով:) Կարինե ջան, Էդիթին էլ հետդ կտանես, մեկի փոխարեն երկուսը նորոգեք:
ԿԱՐԻՆԵ — (դրսից): Ուշ է, երկու ամիս առաջ պիտի հերթագրվեր:
ԱՐՇԱԿ — Պահ, Հայաստանը փրկելու համար հերթագրվում են: Ասա՝ ինձ էլ հերթագրեն, թե չէ կուշանամ ու Հայաստանը ձեռից կգնա:
ԿԱՐԻՆԵ — (դրսից): Ինչո՞ւ… Երկիրդ լքելու համար հերթ չէի՞ր կանգնել, ամեն շնչին հինգ հազար չե՞ս տվել: Սովետներից փախար, հիմա անկախ երկիր է, չես գնում՝ թող մենք գնանք:
ԱՐՇԱԿ — Ուզում ես ասել՝ դավաճան եմ: Հա, ես դավաճան եմ: Ե՞րբ ենք հայրենիք ունեցել, որ դավաճանեինք: Ընդհակառակը, հայրենիքն է մեզ դավաճանել, դրա համար էլ ոչ կներեմ, ոչ էլ կվերադառնամ: Դու գնա, աղջիկս, արդեն երեխա չես, քեզ փնտրելու իրավունք ունես, փնտրիր ու գտիր քեզ: Գնա տես՝ տատիկիդ թողած ժառանգությունը ոնց են քարուքանդ արել, լափել, բան չի մնացել: Հայրենիքը նախ և առաջ իր քաղաքացու ապահովությունն է երաշխավորում: Լսե՞լ եք, որ որևէ երկրի անկախացումով ժողովրդի կեսից ավելին լքի երկիրը: Ժողովուրդը չէ, որ երկիրն է լքում, երկիրն է նրանց վանում: Ես այստեղ ինձ ապահով եմ զգում, լավ եմ անում, ո՞ւմ ինչ գործն է… (Երգում կամ արտասանում է «Ես իմ անուշ Հայաստանի», Ոգին ձայնակցում է նրան:)
ԱՆՈՒՇ — Իսկականից որ ցնդել ես, հենց նոր երկիրդ էիր փնովում:
ԱՐՇԱԿ — Տո, լավ եմ անում, ո՞ւմ ինչ գործն է: (Շարունակում է երգել:)
Ներս է մտնում Գարիկը, մի տեսակ վերացած՝ մտնում է խոհանոց:
ԳԱՐԻԿ — Մամ, կոֆե տուր, էլի:
ԱՐՇԱԿ — Ինչ է, մեզ չտեսա՞ր:
ԳԱՐԻԿ — Տեսա:
ԱՐՇԱԿ – Հետո՞:
ԳԱՐԻԿ – Ասի՝ տեսա, էլի:
ԱՐՇԱԿ — (դանդաղ գնում է դեպի Գարիկը, Անուշը հետևում է նրան): Տուն ես մտել, մեզ էլ տեսել ես, բա մի բարևը…
ԳԱՐԻԿ — Հա, բարև: Ուզո՞ւմ ես՝ ձայնակցեմ. «Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում…»: Միշտ էլ լաց եք եղել ու էդ լարն եք սիրել: Որ լացակումած լար չեմ սիրում՝ մեղավո՞ր եմ, ուզում եմ ուրախ ապրել՝ վա՞տ եմ անում…
ԱՐՇԱԿ — Անուշ, սրան տար մյուս սենյակ, թե չէ…
ԿԱՐԻՆԵ — (ներս գալով՝ մոր և Ոգու հետ մոտենում է Գարիկին ու դանդաղ նրան դուրս տանում): Արի, արի, ես քեզ կոֆե կեփեմ…
ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ
Հայաստան: Գիշեր է, հորիզոնին՝ եկեղեցու ուրվագիծ: Կարինե, Ոգի:
ԿԱՐԻՆԵ — (նստած է, շուրջը նայելով): Ո՞վ է:
ՈԳԻ — Ես եմ, այսինքն՝ դու ես: Մենք ենք:
ԿԱՐԻՆԵ — (կարկամած): Ի՞նչ ես ուզում ինձնից, ինչո՞ւ չես երևում: Աստված իմ, ես կխելագարվեմ:
ՈԳԻ — Հանգիստ, Կարինե: (Մոտենում, գրկում է ուսերը:)
ԿԱՐԻՆԵ — Վռամ, դո՞ւ ես:
ՈԳԻ — Ոչ, ես եմ: Հանգիստ… դու եկել ես քեզ փնտրելու՝ գտար, ինչո՞ւ ես վախենում: Ես եմ քո պատմությունը, քո մշակույթն ու էությունը: Ես քո միջի հայն եմ, հայրենիքի նկատմամբ քո սերն եմ, տառապանքը, հայրենիքով ապրելու երջանկությունն եմ:
ԿԱՐԻՆԵ — (խեղդուկ ձայնով): Վռա՛մ, Վռա՛մ…
Արագաքայլ մոտենում է Վռամը:
ՎՌԱՄ — Կարինե, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես դողում:
ՈԳԻ — Ոչինչ էլ չի պատահել, երջանկության տենդով է տառապում:
ԿԱՐԻՆԵ — (սարսափած): Լսեցի՞ր… ձայնը:
ՎՌԱՄ – Ի՞նչ ձայն:
ԿԱՐԻՆԵ — Չգիտեմ, ինչ-որ բան է կատարվում՝ չեմ հասկանում:
ՎՌԱՄ — (գրկելով նրան): Հանգստացիր, պարզապես մութ է, երևի աստղերի հետ ես զրուցել:
ԿԱՐԻՆԵ — Չէի կարծում, որ աստղերից պիտի սարսափեմ:
ՎՌԱՄ — Իսկ ես աստղերի հետ եմ մեծացել:
ԿԱՐԻՆԵ — Ո՞նց:
ՎՌԱՄ — Թեհրանում կտուրներին էինք քնում: Աստղերը մեր ընկերներն էին, զրուցում էինք մինչև քնելը: Երբեմն էլ քեզ պես վախենում էինք:
ԿԱՐԻՆԵ – Ինչի՞ մասին էիք զրուցում:
ՎՌԱՄ — Փոքր տարիքում՝ գնդակի, խաղալիքների… Աստղերը պսպղուն խաղալիք էին թվում:
ԿԱՐԻՆԵ — Իսկ ինչի՞ց էիք վախենում:
ՎՌԱՄ — Հեռուներից, մենակությունից… երբ շատ էինք հեռանում տիեզերքի խորքերը՝ ինչ-որ ձայներ էինք լսում ու վերմակը քաշում գլխներիս:
ԿԱՐԻՆԵ – Հետո՞:
ՎՌԱՄ — Սիրո մասին էինք մտածում: Մեր սիրո աստղն էինք որոնում:
ԿԱՐԻՆԵ — Այնտեղ է՞լ աստղերն այսքան մոտիկ են:
ՎՌԱՄ — Երբեմն կարող ես նույնիսկ ձեռքդ երկարել ու…
ԿԱՐԻՆԵ — Փորձիր:
ՎՌԱՄ — Չէ, թող քո աստղը գտնեմ: Այ, այն մեկը, տեսնո՞ւմ ես, ամենապայծառ աստղը ժպտում է: Դու բախտավոր ես, Կարինե:
ԿԱՐԻՆԵ — Իսկ այդ աստղը Պարսկաստանում, ձեր տան կտուրից երևո՞ւմ էր:
ՎՌԱՄ — Իհարկե, վաղուց եմ ծանոթ նրան, նա իմ ամենահարազատ խաղընկերն էր: Մի օր խոստացավ, որ ինձ երջանկություն կբերի: Արի նրան կոչենք Կարինե:
ԿԱՐԻՆԵ — Մի պայմանով՝ այն մյուսին էլ անվանենք Վռամ:
ՎՌԱՄ — Իսկ այդ աստղին ծանո՞թ ես:
ԿԱՐԻՆԵ — Ոչ:
ՎՌԱՄ — Ինչ-որ է, համաձայն եմ, բայց դու երբևէ աստղերի հետ զրուցե՞լ ես:
ԿԱՐԻՆԵ — (ծիծաղում է): Մեզ մոտ աստղերն այսքան պսպղուն չեն, մենք նրանցով չենք հետաքրքրվում: Մեր աստղերը հոլիվուդյան են, մայթերի վրա: Մենք կարող ենք լուսանկարվել նրանց հետ:
ՎՌԱՄ — Վեր կաց, վեր կաց՝ աստղեր իջեցնենք: (Սկսում են թռչկոտել, Ոգին միանում է նրանց: Կարինեն սահում-ընկնում է Վռամի գիրկը:) Ահա իմ աստղը:
Վռամը Կարինեին գրկած պտտվում է, ծիծաղում են… Քիչ անց վերադառնում են իրենց տեղը:
ԿԱՐԻՆԵ — Երկու օր մնաց, Վռամ:
ՎՌԱՄ — Ինչի՞ն:
ԿԱՐԻՆԵ — Մեր աշխատանքին:
ՎՌԱՄ – Հետո՞:
ԿԱՐԻՆԵ – Հետո՝ չգիտեմ: Տասնհինգ օր Երևանում ու…
ՎՌԱՄ – Ի՞նչ ես մտածում:
ԿԱՐԻՆԵ — Կտավս կիսատ է մնում: Մտածում էի՝ մի քանի օր միայն նկարելուն նվիրեմ:
ՎՌԱՄ — Այնտեղ չես կարող շարունակել:
ԿԱՐԻՆԵ — Այստեղ գույներն ուրիշ են, այստեղ իմ ու բնության միջև տարածություն չկա, ես ինձ այս եկեղեցու մի մասնիկն եմ զգում… Իսկ Երևանը շատ գեղեցիկ է:
ՎՌԱՄ — Դու էլ գեղեցիկ ես, բայց իմը չես:
ԿԱՐԻՆԵ — Երևանը ինձնից խլել են:
ՎՌԱՄ- Ո՞վ:
ԿԱՐԻՆԵ — Գուցե ճակատագիրը:
ՎՌԱՄ — Իսկ ես ինչո՞ւ եմ Երևանում: Դու ինչո՞ւ ես այստեղ:
ԿԱՐԻՆԵ — Բարդ հարց ես տալիս: Դու կարողանո՞ւմ ես հարմարվել:
ՎՌԱՄ — Սկզբում մի քիչ դժվար էր, իսկ հիմա…
ԿԱՐԻՆԵ — Երևանը գեղեցիկ է, չէ՞:
ՎՌԱՄ — Դու էլ գեղեցիկ ես, բայց իմը չես:
ԿԱՐԻՆԵ — Իսկ ինձ քեզնից չեն խլել:
ՎՌԱՄ – Խլե՛լ են:
ԿԱՐԻՆԵ – Ո՞վ:
ՎՌԱՄ — Բարդ հարց ես տալիս: Կարինե՛:
ԿԱՐԻՆԵ — Լսում եմ:
ՎՌԱՄ — Իմը կդառնա՞ս:
ԿԱՐԻՆԵ — Եթե Երևանը պարգևես ինձ:
ՎՌԱՄ — Հրաշալի աղջիկ ես, Կարինե: Այս աստղերը վկա՝ ամեն ինչ կանեմ, միայն…
ԿԱՐԻՆԵ – Ի՞նչ ես կարծում, առաջինը ո՞վ կամուսնանա այս եկեղեցում:
ՎՌԱՄ – Առաջինը՝ չգիտեմ, բայց ես այստեղ պիտի ամուսնանամ:
ԿԱՐԻՆԵ — Աստծուն հավատո՞ւմ ես:
ՎՌԱՄ – Ի՞նչ նշանակություն ունի: Ես իմ անցյալին ու ապագային եմ հավատում, այս վանքն էլ դրա վկան եղել է, կա ու կմնա: Եկեղեցին սիրո պարգև է, սիրո քարե մարմնացում, իսկ Աստված ինքը Սերն է:
ԿԱՐԻՆԵ — Դու Աստված ունե՞ս:
ՎՌԱՄ – Կարո՞ղ ես պարգևել:
ԿԱՐԻՆԵ — Բարդ ճակատագիր ունենք ես ու դու: Վերադառնալո՞ւ ես:
ՎՌԱՄ — Դժվար: Թեհրանում անելիք չունեմ: Այդ մասին մտածելը դեռ շուտ է, համալսարանով չեմ ուզում բավարարվել:
ԿԱՐԻՆԵ — Մեզ մոտ պարսկահայեր շատ կան, մտքովդ անցե՞լ է Լոս Անջելես գալ:
ՎՌԱՄ — Ոչ: Մերոնց մտքով էլ չի անցնում: Տարօրինակ ծնողներ ունեմ:
ԿԱՐԻՆԵ – Վռա՛մ, արի աստղերն հաշվենք:
ՎՌԱՄ — Հաշվենք:
Երկնքին նայելով՝ դանդաղ դուրս են գնում:
ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐ
Առաջին արարի սենյակն է, պատին ավելացել են Հայաստանի և Արցախի քարտեզները, հայկական կարպետ, հայաստանյան հուշանվերներ: Ոգին տանն է: Հայկական երաժշտություն է հնչում: Գարիկը նստած է, կողքին՝ թմրադեղի սրսկման պարագաներ: Բազկին լար է կապում, Ոգին թուլացնում է լարը: Դա կրկնվում է մի քանի անգամ:
ԳԱՐԻԿ — Արա, ես սրա լավի…
ՈԳԻ — Ախր ինչի՞ համար, հանուն ինչի՞… (Շփոթահար անջատում է երաժշտությունը:)
ԳԱՐԻԿ — (վախեցած հավաքում է պարագաները): Կարինե, ո՞վ է, մա՜… (Սենյակները ստուգում, հանգստացած վերադառնում, թմրանյութը ներարկում է:)
Ոգին թևաթափ նստում, դիտում է: Գարիկը բարձրացնում է երաժշտության ձայնը, թմրած նստում է բազմոցին:
ԿԱՐԻՆԵ — (ներս է մտնում, տեսնում՝ ինչ է կատարվել, հապշտապ հավաքում է թմրադեղի պարագաները: Ոգին հետևում է նրան): Գարի՛կ… (Եղբայրը վերացած ժպտում է:) Աստված իմ, սա ի՞նչ դժբախտություն է, ի՞նչ ենք անելու…
ՈԳԻ — (գոռում է): Կարինե՛, Կարինե՛…
Կարինեն չի լսում, Ոգին ձեռքն ընկած բարձիկը շպրտում է նրա ոտքերի տակ:
ԿԱՐԻՆԵ — Ո՞վ կա տանը… Գարի՛կ… Այս ի՛նչ է կատարվում… (Գարիկին գրկած՝ տանում է կողքի սենյակ, քիչ անց վերադառնում, նստում է նկարակալի առջև:)
Ներս է մտնում Անուշը, զարմացած թե հիացած զննում է սենյակի կահավորանքը: Կարինեն նկարակալի մոտ իբր նկարում է:
ԱՆՈՒՇ — Սենյակը դարձրել ես թանգարան: Տատդ լիներ՝ վայելեր:
ԿԱՐԻՆԵ — Մա, երբեմն տատիկի բացակայությունը չեմ զգում: Ինձ թվում է՝ նա միշտ այս տանն է:
ԱՆՈՒՇ — Համոզված եդիր, որ նրա ոգին էստեղ է: Նա մեզ երբեք հանգիստ չի թողնի, նրանից պրծում չկա: Էս ի՞նչ է, լա՞ց ես լինում:
ԿԱՐԻՆԵ — Մա, պապային համոզիր, թող Երևանում մի հարկաբաժին առնի, թեկուզ մի սենյակ:
ՈԳԻ — (տեղից ցատկելով): Ապրե՛ս:
ԱՆՈՒՇ — Ասացի, չէ՞, սպասիր, միասին կգնանք: Էդ Հայաստանը քեզ լրիվ տակնուվրա արեց: Կա՞ մի հայ, որ չուզենա Երևանում տուն ունենալ:
ԿԱՐԻՆԵ — Բայց ի՞նչ դժվար է որ…
ՈԳԻ – Հա՛, ի՞նչ դժվար է…
ԱՆՈՒՇ — Մի անգամ քանդվեցինք, հիմա էլ, տեսնում ես, հորդ հետ շուն ու կատու ենք: Ես նրա հետ ավելի լուրջ հարցեր ունեմ պարզելու:
ԿԱՐԻՆԵ — Ինչ ինձ հիշում եմ՝ դուք հարցեր եք պարզում: Եթե ես ու Գարիկը չլինեինք…
ԱՆՈՒՇ — Հա, մի օր անգամ չէի դիմանա: Եկած օրվանից նույն աշխատանքին է, համարյա նույն աշխատավարձը: Ուրիշները մի քանի տարվա եկած՝ արդեն սարերի վրա տուն են առել, բիզնես ունեն, ամեն տարի Եվրոպա, Հավայան կղզիներ…
ԿԱՐԻՆԵ — Հա, գիտեմ, բայց… ինձ մտահոգողը Գարիկն է:
ԱՆՈՒՇ – Ինչի՞, տղա է, էլի՛, ջահել է, վաղը, մյուս օրը որ ծանրաբեռնվեց, շրջապատից էլ կկտրվի, ընկերներից էլ…
ԿԱՐԻՆԵ – Չե՞ս կարծում, որ խնդիրը լուրջ է:
ԱՆՈՒՇ – Ի՛նչ է, հիմա էլ աշխատանքս թողնեմ, ընկնեմ ախպորդ ետևի՞ց… Տղա է, էլի՛: Աշխատանքի անցնի՝ ձեռն ու ոտը կկապվի: Իմ վրա էլ հալ չի մնում, պաշտոնս բարձրացրին, վայելելու փոխարեն… էսքան վազք կլինի՞, որ մենք ենք վազում:
ԿԱՐԻՆԵ — Մա, ի՞նչ կպատահի, որ մտքիս դնեմ ու Հայաստան գնամ:
ԱՆՈՒՇ — Մտքիդ դրել ես, բայց չես գնա:
ԿԱՐԻՆԵ — Բա որ գնամ ու Գարիկին էլ համոզեմ…
ԱՆՈՒՇ — Աչքս լույս, հիմա էլ Գարիկին վարակիր:
ԿԱՐԻՆԵ — (սկսում է նկարել): Մա, Հայաստանում աստղերն այնքան մոտ էին, որ կարող էիր ձեռքդ երկարել ու… Մա, դու փորձե՞լ ես աստղերի հետ պարել:
ԱՆՈՒՇ — Լրիվ ձեռից գնացել ես:
ԿԱՐԻՆԵ — Մա, ես որոշել եմ… ամուսնանալ:
ԱՆՈՒՇ – Ի՞նչ…
ԿԱՐԻՆԵ — Ամուսնանալ:
ԱՆՈՒՇ — Ո՞վ է:
ԿԱՐԻՆԵ — Արի ցուլց տամ: (Կտավի վրա մի աստղ է նկարում:) Տեսնո՞ւմ ես, այ, այս աստղի հետ: (Պատուհանից դուրս ցույց տալով:) Նայի՛ր, հազիվ է երևում:
ԱՆՈՒՇ — Բան չեմ տեսնում: Հասունանալու փոխարեն օրեցօր մանկանում ես:
ԿԱՐԻՆԵ — Ամուսնանալը մանկանա՞լ է:
ԱՆՈՒՇ — Առանց քեզ կմեռնեմ, այս աշխարհում ինձ համար միայն դու ես մնացել:
ԿԱՐԻՆԵ — Պապան մեղք է, մա, դու էլ մեղք ես:
ԱՆՈՒՇ — Լավ, վերջ տուր:
ԿԱՐԻՆԵ – Էլի՛ վերջ տամ: Ինչի՞ց ես վախենում:
ԱՆՈՒՇ — Հոգնած եմ, հասկանո՞ւմ ես, աղջիկս, հոգնա՛ծ:
ԿԱՐԻՆԵ — Դու հոգնած չես: Դու նման ես այն մարդուն, ով գիտե, որ հիվանդ է, բայց վախենում է բժշկի գնալ: Մա, դու գիտես, որ մեր ընտանիքում ինչ-որ բան այնպես չէ, ինչ-որ բան մեզ տանում է կործանման…
ԱՆՈՒՇ — (արտասվում է): Ես ամեն ինչից հոգնած եմ, աղջիկս, ինձնից, հորիցդ, կյանքից: Չեմ էլ հասկանում՝ ինչի եմ ապրում:
ԿԱՐԻՆԵ — Ես լուրջ բան ունեմ ասելու, հետո ուշ կլինի, ինչո՞ւ ես հարցից շեղվում:
ԱՆՈՒՇ — Լավ, ես էլ ասելիք ունեմ: (Դադար:) Վաչիկը ի՞նչ վատ տղա է՝ ավարտել է, աշխատանք ունի… Աստղ ես գտել, մոլորակներ ես փնտրում, տասնվեց տարեկան երեխա՞ ես…
ԿԱՐԻՆԵ — Մա, ես տղաներից վախենում եմ, սարսափում եմ:
ԱՆՈՒՇ – Ինչի՞, հորդ ես տեսել…
ԿԱՐԻՆԵ – Մա՛… (Լաց է լինում:) Գարիկը բժշկի կարիք ունի:
ԱՆՈՒՇ – Ի՞նչ: Հիմա էլ դա տարածեք: Վաղը, մյուս օրը աղջիկ ուզելու ենք գնալու:
ԿԱՐԻՆԵ – Ինչո՞ւ չես ուզում տեսնել, որ Գարիկը ձեռից գնում է: Մի բան մտածեք, որդի եք կորցնում…
ԱՆՈՒՇ — Ձենդ կտրիր, լսե՛լ անգամ չեմ ուզում: Ջահել տղա է, շրջապատ ունի… էդքան էլ խոսե՞լ կլինի: Նա սովորել չի սիրում, ես մեղավո՞ր եմ:
Ներս է մտնում Արշակը:
ԱՐՇԱԿ — Էլի նույն պատմությունն է… Փառք Աստծո, էս անգամ իմ անունը չի շոշափվում:
ԱՆՈՒՇ — Նախ բարև տուր:
ԱՐՇԱԿ — Բարև, սիրելի ընտանիք, եթե, իհարկե, այդպիսին մնացել է: Թույլ կտա՞ք հանվեմ, աշխատանքից եմ գալիս, գուցե հոգնած լինեմ:
ԱՆՈՒՇ — Էլի սկսվեց…
ԱՐՇԱԿ — Իսկ լողանալ կարելի՞ է:
ԿԱՐԻՆԵ — Բարև, պա:
ԱՐՇԱԿ — Բարև, աղջիկս: Դասականները այսպես են տուն մտնում, իսկ մենք՝ ժամանակակիցներս, բարև չտված, մռայլ դեմքով ու խռպոտ ձայնով ասում ենք՝ հաց դրեք, սոված եմ:
ԿԱՐԻՆԵ — (ճաշի սպասքն է բերում): Պա, քսան տարում ի՞նչ ես ձեռք բերել և ի՛նչ ես կորցրել այս երկրռւմ:
ԱՐՇԱԿ — Նախ, կորցրել եմ տղամարդկային արժանապատվությունս ու բոլոր հատկություններս, իսկ մայրդ՝ կանացիությունը: Դարձել ենք ռոբոտ, բախտներս բերեց՝ ձեզ շուտ ունեցանք, թե չէ դրա ժամանակն էլ չէինք ունենալու: Մնացածը մորդ հարցրու: (Գնում է լոգարան:)
ԱՆՈՒՇ — Հարս եկա՝ դարձա էս տան քոծը, հիմի էլ չբեր ջորի եմ, աշխատեմ-ուղարկեմ բարեկամներիդ: Ընտանիք չենք՝ վելֆեր օֆիս ենք:
ԱՐՇԱԿ — (լոգարանից): Էս ի՛նչ է, սրբիչ չկա՞:
Անուշը արագ դուրս է գնում:
ԿԱՐԻՆԵ — Էս է, բերում է, պա… (Աչքն ընկնում է կարպետին՝ այն շարժվում է: Ոգին է: Կարինեն քարանում է:)
ԱՆՈՒՇ — (սրբիչը ձեռքին ներս է մտնում): Հը, էլի ի՞նչ պատահեց, Կարինե, ի՞նչ եղավ: (Գնում, ջուր է բերում:)
ԿԱՐԻՆԵ — (ջուրը խմելով): Ոչինչ, կանցնի, ինձ թվաց՝ անծանոթ մարդ կա տանը, գուցե… չգիտեմ… (Անուշը օգնում է, նա պառկում է բազմոցին՝ հայացքը կարպետին սևեռած:)
ԱՆՈՒՇ — Աչքիդ բան է երևացել, հանգստացիր, կանցնի:
ԱՐՇԱԿ — (գալիս, նստում է ճաշելու): Մի բաժակ խմելու բան բերեք, էսօր էն թարս օրերից է:
ԱՆՈՒՇ — (ջղային): Խմում ես՝ խմիր, էլ օրվա թարսն ու դուզը ո՞րն է:
ԱՐՇԱԿ — Լավ, էսօր սովորական օր է, խմելու մի բան դիր սեղանին: Եղա՞վ:
ԱՆՈՒՇ – Ե՞րբ չի եղել որ… էս աղջիկն էլ է գժվել, աչքին ինչ-որ բաներ են երևում: Մենք ե՞րբ ենք սովորելու նորմալ խոսել:
ԱՐՇԱԿ — Կարինե, արի, աղջիկս, արի հաց ուտենք: Գարի՞կն ուր է:
ԿԱՐԻՆԵ — (լացակումած): Քնած է:
ԱՆՈՒՇ — Վայ, ինչի՞ չէիր ասում: Գարիկ, Գարիկ ջան…
ԿԱՐԻՆԵ — Նրան հանգիստ թող, մա, ասաց՝ ձեն չտանք: Ոնց որ գլուխը ցավում էր:
ԱՐՇԱԿ — Շան տղեն նորից…
ԿԱՐԻՆԵ – Նորից՝ ի՞նչ:
ԱՐՇԱԿ — Ոչինչ, սանձը շատ է թուլացել, ես նրա հախից կգամ… լրիվ շարքից դուրս է եկել:
ԱՆՈՒՇ – Ինչո՞ւ, ինչ է եղե՞լ որ…
ԱՐՇԱԿ — Ոչինչ, ուզում եմ աղջկաս հետ լուրջ խոսել: Կարելի՞ է:
ԱՆՈՒՇ — Երանի մի օր էլ ինձ հետ լուրջ խոսեիր:
ԱՐՇԱԿ — Կարինե ջան, մի բաժակ գինի խմիր, ներվերդ կհանգստանան: Ֆրանսիացիները գտել են, որ օրը մեկ բաժակ գինի խմողին ինֆարկտ չի խփում: Տեսնո՞ւմ ես, Կարինե ջան, այսօրվա գիտությանն էլ եմ հետևում, այնպես որ, բավականին առաջադեմ հայր ունես: Խմիր գինին, ներվերը էնպես է հանգստացնում, էնպես է թուլացնում…
ԱՆՈՒՇ — (մեկուսի): Երբ թույլ չէր որ…
ԱՐՇԱԿ – Ի՞նչ ասիր:
ԱՆՈՒՇ — Հեչ: Կարինեն ասում է՝ լավ կլինի, եթե Երևանում մի հարկաբաժին գնենք:
ԱՐՇԱԿ – Հա՞… Կարինե ջան, դո՞ւ ես ասել, թե՞ ինքն է մոգոնել, միայն ճիշտն ասա:
ԿԱՐԻՆԵ — Ես եմ ասել:
ԱՐՇԱԿ — Նորից ասա:
ԿԱՐԻՆԵ — Ես եմ ասել:
ԱՐՇԱԿ — Վայ, ես քո ցավը տանեմ, ինձ թվում էր՝ աղջիկս ձեռքիցս գնացել է: Բա ասում են՝ սերունդ չի մնացել, ձուլվում-պրծնում են… Վայ, ես քո ցավը տանեմ: Էսօր իմ ամենաերջանիկ օրերից մեկն է, էսօր մեր վերադարձի հիմքն ենք դնում: Հիմնադիր կյանքիդ մեռնեմ, Կարինե ջան: Կենացդ: (Խմում է: Կարինեն, բաժակը ձեռքին, նայում է մորը:) Ինչի՞ ես շշմած մորդ նայում, խմիր, էլի:
ԿԱՐԻՆԵ — Պա, ինչո՞ւ ես ամեն ինչ կատակի վերածում:
ԱՐՇԱԿ — Հետո էլ ասում եք՝ կատակ չգիտեմ, չոր եմ, կոպիտ…
ԱՆՈՒՇ — Հիմի չհասկացանք՝ լո՞ւրջ ես, թե՞…
ԱՐՇԱԿ — (Անուշին): Էսօրվա ճաշդ համեղ էր, վաղուց ջրալի ճաշ չէինք կերել:
ԱՆՈՒՇ — Կարինեն է եփել:
ԱՐՇԱԿ — Փառքդ շատ լինի, Աստված, Կարինեն վերջերս հետաքրքիր սյուրպրիզներ է անում: Հայկական ճաշ, հայկական երաժշտություն, պատմություն… Դեռ չեմ խոսում տան տեսքի մասին: Երանի մինչև տատիկիդ մահանալը Հայաստան գնացած լինեիր:
ԱՆՈՒՇ — Ով ինչ ուզում է՝ թող ասի, իմ բախտը բերել է:
ԿԱՐԻՆԵ — Մա, էնպես ես խոսում, որ…
ԱՐՇԱԿ — Մենք որ չուզեինք, մենք որ անընդհատ չհիշեցնեինք, որ դու հայ ես, չասենիք՝ հայերեն խոսիր…
ԿԱՐԻՆԵ — Մեր ամերիկացի դասախոսն էլ է հայերեն խոսում, հա՞յ է: Ես էլ անգլերեն եմ խոսում, ամերիկացի՞ եմ, թե՞ անգլիացի:
ԱՆՈՒՇ – Ապրե՛ս, Կարինե ջան, մեր հայության մեջ կարոտից բացի ուրիշ բան չի մնացել: Ամերիկացի էլ չենք կարողանում դառնալ, երկու կրակի արանքում խորովվում ենք:
ԱՐՇԱԿ — Հայ եկել եմ, հայ էլ կգնամ, հայկական նյուզը դիր, ժամը ինն է:
ԿԱՐԻՆԵ — (հեռուստացույցին մոտենալով): Դու հայ եկել, հայ կգնաս, իսկ ես չգիտեմ՝ ինչ եմ եկել և ինչ եմ գնալու:
ԱՐՇԱԿ — Հայի ծնունդ ես, և վե՛րջ:
ԿԱՐԻՆԵ — Բայց ես հայերեն չեմ մտածում, միայն խոսում եմ: Ես շատ տարբեր եմ հայաստանցի իմ հասակակիցներից: Նրանք ուրիշ են, իմ երեխայի համար նրանք արդեն օտարներ կլինեն: Մենք օտարանում ենք:
ԱՐՇԱԿ — Ես գիտեմ: Քեզ ու քո ընկերների համար է դա նորություն:
ԿԱՐԻՆԵ — Բա ինչո՞վ ես մխիթարվում, հայկական նյուզ լսելո՞վ:
ԱՐՇԱԿ — Հիմա քո ուզածն ի՞նչ է, չեմ հասկանում: Երևանում որ մի հարկաբաժին ունեցանք, հայ ժողովուրդը կփրկվի՞: Մեր տունը ժամանակին ձրի տվեցինք, հիմի գնամ, հազարներ տամ՝ եսի՞մ, որերորդ հարկում մի հարկաբաժին գնե՞մ: Առանց ջրի, առանց գազի, ո՞ւմ համար…
ԿԱՐԻՆԵ — Ջուր էլ կա, գազ էլ… Քսան տարի է՝ եկել ես, ինչո՞ւ մի անգամ չես գնում, որ համոզվես. Երևանը հիմա ուրիշ է:
ԱՐՇԱԿ — Մեր ժամանակն էլ ուրիշ էր:
ԿԱՐԻՆԵ — Հա, գիտեմ, կարգերից ես փախել, հիմա կարգերը փոխվել են:
ԱՐՇԱԿ — Հիմի էլ ուրիշ բաներից են փախչում:
ԱՆՈՒՇ — Բոլոր ժամանակներում փախչում ենք, բա ո՞նց կլինի:
ԱՐՇԱԿ — Էդ կնկա բան չէ, կնիկը որ քաղաքականություն մտավ՝ մեր վայը եկել է: (Կարինեին.) Ասում եմ՝ թիվին միացրու, դեռ միացնում ես:
ԿԱՐԻՆԵ — Կներես, պա, իսկապես մոռացել էի, ես հիմա… (Ինչ-որ բան է տանում խոհանոց:)
Ոգին հեռակարգիչով միացնում է հեռուստացույցը: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
ԱՆՈՒՇ — Օրերը կանցնեն, մի անգամ չի հարցնի՝ Գարիկն ո՞ւր է, ի՞նչ է անում:
ԱՐՇԱԿ – Ի՞նչ անեմ, մայրն ես, մայրական պարտականությունդ է՝ հետևիր, հետը խոսիր, կիսվիր: Ուզածն ի՞նչ է, չեմ հասկանում: (Բաժակը մոտեցնում է բերանին:)
ԱՆՈՒՇ — Երբ ես հասկացել որ…
ԿԱՐԻՆԵ — (ներս է մտնում, հոր ձեռքից վերցնում բաժակը): Ուզում եմ քեզ հետ հավասար խմել:
ԱՐՇԱԿ — Խմիր:
ԿԱՐԻՆԵ — Կենացդ, պա:
ՈԳԻ — Դա էր պակաս…
ԱՐՇԱԿ — Սպասիր: Տիկին Անուշ, դուք չե՞ք ցանկանում:
ԱՆՈՒՇ — (զարմացած): Ոչ, պարոն Արշակ:
ՈԳԻ- Ապրե՛ս:
ԱՐՇԱԿ — (Կարինեին): Հիմա խմիր:
ԿԱՐԻՆԵ — Երկուսիդ կենացը: (Խմում է:)
ԱՐՇԱԿ — (նորից լցնելով): Կխմե՞ս:
ԿԱՐԻՆԵ — Այո: Գարիկի կենացը: (Խմում է:)
ԱՆՈՒՇ — (լացակումած): Էս ի՞նչ եք անում:
ԱՐՇԱԿ — (Կարինեին): Խմիր:
ԿԱՐԻՆԵ — Նորից երկուսիդ կենացը: (Խմում է:)
Անուշը նրա ձեռքից խլում է բաժակը:
ԱՐՇԱԿ — Ապրես, աղջիկս, վերջապես էս տանը մի տղամարդ գտնվեց:
ԱՆՈՒՇ — Ճիշտ ես ասում, էս տանը ե՞րբ տղամարդ կար… Գարիկին դժբախտացրիր, հերիք չի՞…
ԱՐՇԱԿ — Ձենդ կտրիր, քա՛ծ:
ԿԱՐԻՆԵ — (օրորվելով): Պա, նա իմ մայրն է:
ԱՐՇԱԿ — (օրորվելով): Իմ էլ՝ կինը:
ԱՆՈՒՇ — Կինդ էի:
ԿԱՐԻՆԵ — Կործանվում ենք, պա, ինչո՞ւ չեք ուզում ձեր ընտանիքի կործանումը տեսնել, ինչո՞ւ… (Օրորվում է, մայրը բռնում է:)
ԱՐՇԱԿ — Որ մի քիչ էլ շարունակես, Կարինե…
ԿԱՐԻՆԵ — (գնում, բերում է եղբոր սրսկման պարագաները, դնում հոր աոջև, ուրախ երաժշտություն է միացնում, արտասվելով): Գարիկինն է… չե՞ս ուզում պարել: Վեր կաց, վեր կաց պարենք…
ԱՆՈՒՇ — Վայ, տունս քանդվեց: (Վազում է Գարիկի ննջասենյակը:) Գարիկ, Գարիկ ջան…
ԱՐՇԱԿ — Վայ, ես դրա լավի… ինձ էլ ասում են, թե քնած է…
ԿԱՐԻՆԵ — Պա, մա, եկեք պարենք:
ԱՆՈՒՇ — (այլայլված վերադառնում է): Քնած է, Գարիկս քնած է, չի կարող պատահի…
Ներս է մտնում Էդիթան’ գերնորաձև հագնված, քթին՝ ակ, մազերը մի քանի գույն ներկված:
ԷԴԻԹԱ — Էս ի՞նչ է պատահել:
ԱՆՈՒՇ — Ոչինչ էլ չի պատահել, սովորական բան է, հայր ու աղջիկ…
ԿԱՐԻՆԵ — Հայր ու աղջիկ պարել են ուզում, բայց չի ստացվում:
ԷԴԻԹԱ — Սաղի տունն էլ նույն պրոբլեմն է, բոլորն էլ ուզում են պարել՝ չի ստացվում: Էս օրերին ընդհանրապես քիչ բան է ստացվում:
ԱՐՇԱԿ – Իհարկե, չի ստացվի: Սերունդը որ դու լինես… Ախր սա տո՞ւն է, օջա՞խ է, սա ընտանի՞ք է: Էս ի՞նչ վիճակ է…
ԱՆՈՒՇ — (թմրադեղի պարագաները արագ հավաքելով): Գնա, գնա հանգստացիր, թե չէ…
ԱՐՇԱԿ — (Էդիթին): Բա սա հայի աղջկա տե՞սք է, ես ձեր սերունդ ասողի…
ԱՆՈՒՇ — (զգուշավոր): Բա ի՞նչ էիր ուզում, Ամերիկայում Քյավառի տարազո՞վ ման գար:
ԱՐՇԱԿ — (դուրս գնալով): Ես ձեր աղջիկ ասողի… (Օրորվելով վերադառնում է:) Հայաստանին բան չասեք, թե չէ… (Հանդիսավոր:) Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս սիրտս կանգնում է, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են…
Արշակի ծնկները ծալվում են, ընկնում է: Անուշն ու Էդիթան նրան մյուս սենյակ են տանում: Էդիթան վերադառնում է:
ԿԱՐԻՆԵ — Ոչինչ, սա էլ կանցնի: Դու ո՞նց ես:
ԷԴԻԹԱ — Լավ եմ, մեր տանն էլ նույն պատմությունն է: Ուզում են՝ իրենց նմանվենք, բայց չգիտեն, որ իրենք էլ իրենց նման չեն: Որ խորն ես մտածում՝ ոչնչի նման էլ չեն, դեմք չի մնացել, տեսակ չի մնացել: Ինչ էլ անես, կասեն՝ հային վայել չէ, ինչ էլ հագնես՝ հային սազական չէ: Դե որ էդպես է, ինչի՞ էիք գալիս, հային վայել կյանք անեիք, մնայիք՝ հայավարի ապրեիք: (Կարինեին մոտենալով:) Լավ էլ խմած ես, ե՞րբ ես հասցրել: (Նստում է կարպետին:) Կարինե, սիրահարվել եմ էս կարպետին, մեկ էլ այ, էն բաժակներին: Երանի ինձ համար էլ բերեիր:
ԿԱՐԻՆԵ – Ի՞նչ իմանայի, որ կսիրես: Վեր կաց: (Տեղից հանում է Էդիթային, կարպետը ծալում, մի կողմ է դնում:) Քեզ եմ նվիրում, կտանես, մայրս էլ կուրախանա:
ԷԴԻԹԱ — Չեմ տանի… Կարինե, ինչ-որ բան քեզ շատ է նեղում, ինչո՞ւ չես խոսում:
ԿԱՐԻՆԵ — Ոչինչ էլ չկա, միայն Գարիկի վիճակն է…
ԷԴԻԹԱ — Տարիք է, գիժ ժամանակն է:
ԿԱՐԻՆԵ — Հիմա բոլորն են գժված: Եկան՝ լավ արին, գոնե մեզ թողնեն՝ մեր միջավայրում մեծանանք: Իրենք ամեն կերպ ձգտում են հարմարվել այստեղին, լեզու են սովորում, փորձում են ընդօրինակել սրանց ամեն ինչը, իսկ մեզ ստիպում են ետ նայել, մեր ազգությունն են հիշեցնում: Իսկ ես ինչո՞ւ չեմ կարողանում թքել այս ամենի վրա, ինչ-որ բան անընդհատ ինձ հետևում է…
ԷԴԻԹԱ — Դու մեր տները մտիր, մեր մեծերից հարցրու՝ վերջին տասը տարվա մեջ քանի՞ հայկական գիրք են գնել, բացի ձրի թերթերից ի՞նչ թերթ են բաժանորդագրվել, ընդհանրապես ի՞նչ են արել իրենց ազգի համար, որ մենք չենք արել կամ չենք անելու: Կամ ո՞վ է մեղավոր, որ Կալիֆորնիայում տասնմեկ հազար հայ բանտարկյալ կա, Հայաստանում տասնմեկ հազարանոց բանակ չկա: Որ էսպես ենք հագնվում, մեկի փոխարեն հինգ ականջօղ ենք կախում, դա չի նշանակում, որ ոչինչ չենք հասկանում:
ԿԱՐԻՆԵ — Լավ, մի տաքանա, հերս որ լսի՝ կկատաղի… Ախր, մեղքս գալիս են, ունեցածները կորցնում են, մեզ են ստիպում ամուր պահել եղածը: Ախր, ի՞նչ եք տվել, որ ամուր պահենք: Ուրախ են, որ հայկական թերթ ունեն, թիվի ունեն:
ԷԴԻԹԱ — Երանի դրանք էլ չլինեին, հենց այդ փինաչիներն են մեզ վանում հայությունից էլ, հայրենիքից էլ: Ներկան թողել, հուշերով ապրում են, կարոտախտը քիչ էր, հիմա էլ հուշախտը հայտնվեց: (Կարպետը բացում, փռում է իր տեղում: Ոգին նստում է կարպետին:)
ԿԱՐԻՆԵ — Երբեմն այնպես եմ հոգնում, որ ուզում եմ թքել ամեն ինչի վրա ու… Հայաստանում կարծում են՝ մենք ամբողջ օրը մեքենաներով ֆռֆռում, քեֆերի մեջ ենք: Թող մեզ նման սովորեն, աշխատեն, մեքենայի փեյմենթ տան, հեռախոսի բիլ տան, փորձեն հայ մնալ, հայկական թիվի նայեն, ծնողի խաթր առնեն… Իսկականից երանի նրանց, սովորելուց բացի ուրիշ հոգս չունեն: Ինչ մենք ենք երազում՝ նրանք ունեն, ինչ նրանք են երազում՝ մենք ունենք… Էդի՛թ, ինձ չե՞ս լսում:
ԷԴԻԹԱ — Չէ:
ԿԱՐԻՆԵ – Ինչո՞ւ:
ԷԴԻԹԱ – Ի՞նչ ես աշխարհի հոգսերը շալակդ առել ու ման գալիս, խելքդ գլուխդ հավաքիր, հայրենիքդ էսօր քեզնից փող է ուզում: Ունես՝ տար տուր շեֆերին, համ էլ Մեսրոպ Մաշտոցի շքանշան կստանաս: Չունես՝ նրանց հոգը չէ, հենց վիզայիդ ժամկետը լրացավ, օրական երեք դոլար կտաս Հայրենիքդ մի քանի օր ավելի վայելելու համար: Այնպես որ դու, արաբը, իտալացին, ամերիկացին ու պարսիկը հայրենի ղեկավարներիդ համար նույնն եք: Հասկացա՞ր: Դե հիմի գնա ու կիսատ թողած եկեղեցիդ կառուցիր, տես՝ հայրենի երկնակամարում քանի աստղ կա ու ծնողներիդ բողոքիր, թե ինչո՞ւ ես Ամերիկայում ծնվել: Իսկ ես գնացի:
ԿԱՐԻՆԵ — Ո՞ւր:
ԷԴԻԹԱ — Ապրելու: (Գնում է:)
ԿԱՐԻՆԵ — (նստում է կարպետին, Ոգու կողքը): Երանի էր, նստում էի տատիկի կողքին: Նա միակն էր, որ լսել գիտեր, լսում ու ժպտում էր: Միշտ անցյալից էր խոսում, երիտասարդ տարիներից, ապրած սիրուց: Բայց ամուսնացել էր հոր կամքով, ամբողջովին նվիրվել ամուսնուն, իսկ մինչև վերջին օրը մտքում փայփայում էր Սարգիսի սերը: Իմ հանդիպումը Վռամի հետ ու Հայաստանի գիշերները ոնց որ տատիկի սիրո պատմությունից էր: Նա էլ իր սերը փնտրել էր աստղերի մեջ: Տատիկ ջան, ինչքան բան պիտի ասեի քեզ, Վռամը ինձ համար հայտնվեց ճիշտ այնպես, ինչպես Սարգիսը՝ քեզ համար: Հիշում եմ, ասում էիր՝ Սարգիսը աստղերից ապարանջան էր հավաքում, պսակ էր սարքում, երբեմն էլ խենթանում ու աստղերն այնպես էր խառնում… Նոր եմ հասկանում քեզ, տատ, ես էլ Վռամի հետ աստղերի ընկերակցությամբ վալս պարեցի, սլացա երկինք, ցանկացա վար բերել իմ ընտրած աստղը, բայց… (Ոգին շոյում է նրա մազերը: Կարինեն ինչ-որ բան է զգում, ետ է նայում, ձեռքը քսում է մազերին:) Օգնիր, տատիկ, աղաչում եմ…
Պառկում է, գլուխն ընկնում է տատիկի ծնկներին: Կծկվում, քնում է:
Դանդաղ նրան է մոտենում Գարիկը, նստում է կարպետին, հայացքը հառում
անհայտ ուղղությամբ: Արշակն ու Անուշը ներս են մտնում, քարանում՝ նայելով տարբեր կողմեր: