Աննա ՀԵՔԵՔՅԱՆ / ԱՊՐՈՂԻ ՀՈԳՈՒՆ ԼՈՒՅՍ Է ՊԵՏՔ. «ՀԱՍՄԻԿ»

 

Հայրենիքիդ համար օրհասական ժամանակներում միտքդ կարող է շեղել միայն աշխատանքը։ Նայում ես ներկայացումներ ո՛չ գեղագիտական հաճույքի, ո՛չ էլ ընկերներիդ հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար։ Պարզապես դա քո աշխատանքն է։ Ապրում ես, որովհետև պարտավոր ես, աշխատում ես, որովհետև պարտավոր ես, հավատում ես հայրենիքիդ լուսավոր ապագային, որովհետև պարտավոր ես։

Ապրելու, աշխատելու և հոգիս զորացնելու համար մեկնեցի Գյումրի։ Ինքս ինձ խոստացել էի ամբողջ ընթացքում քաղաքականությունից չխոսել։

Մի ողջ օր դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ շրջեցինք քաղաքում։ Կարինեն, արտասահման ժամանած զբոսաշրջիկի ոգևորվածությամբ, հմայված լուսանկարում էր մեզ համար հարազատ, բայց նորից բացահայտվող շենքերը, դրանց դռներն ու զարդաքանդակները․․․ Սեր․․․ այդ զգացումն էր համակել մեր հոգին։ Անշուշտ, խոստումս պահել չկարողացա, բայց նույնիսկ քաղաքական իրադարձությունների հետ կապված մեր կարճ, բայց բուռն բոցկլտումները մարում էին քաղաքի հանդարտ սիրո ծածկոցի տակ։

Երեկոյան հրավիրված էինք Գյումրիի Վ․ Աճեմյանի անվան թատրոն։ Գնացի, որովհետև հրավիրված էի, գնացի, որպեսզի մտքերս ցրեմ և․․․ լցվեցի ջերմ զգացմունքներով։

Սիրո թեման շարունակեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը։ Ի՜նչ ոգևորությամբ էր ներկայացնում բեմերի, դահլիճների, կոլեկտիվի հանգստյան և աշխատանքային սենյակների մանր ու մեծ վերանորոգումները․․․ Ամեն ինչ արվել է առանց պետությունից գումար խնդրելու․ և էլի պլաններ, նպատակներ․․․ Սեփական թատրոնի և քաղաքի հանդեպ սերը հորդում էր աչքերից։

Եվ վերջապես «Հասմիկ»՝ մենաներկայացում թատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմում, որը ստիպեց ինձ կարդալ Աստղիկ Սիմոնյանի «Ճշմարտության հովտում» պիեսը։ Ընդհանրապես սովորություն ունեմ նախ ծանոթանալաու գրական հիմքին, ապա՝ դիտելու ներկայացումը։ Բայց հիմա ամեն ինչ գլխիվայր է շրջվել։

Երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանին վստահվել է թատրոնի առաջատար դերասանուհու հետ բեմադրել մենաներկայացում։ Ապագային ծառայելու միտում կա․․․

Սև կուլիսներ, սև ետնաբեմ, սև առաջակալներ. երեքը՝ ուղղահայաց կանգնած, մեկը հորիզոնական դրված է առաջնաբեմում։ Անսպասելիորեն դիմացի առաջակալի վրա հայտնվում է կանացի գեղեցիկ  դեմք, ապա ձեռք, որն արտահայտիչ պլաստիկայով սկսում է փոքր աղջկա պատմությունն իր անչափ սիրած հոր մասին։ Դերասանուհին նույնպես սևազգեստ է։ Դրանով ընդգծվում են աչքերը, դիմախաղը։ Զարմանալի թեթևությամբ ցատկում է առաջակալի վրայով, բարձրանում, նստում վրան։ Մոռանում ես, որ դերակատարը բուհի դասախոս է, երեխաների մայր։ Աղջնակ է, որն իր ամենավաղ տարիքի հիշողություններն է պատմում։

Հետևում ես ընթացքին և տեսնում հոգեբանական ճշգրիտ ու տպավորիչ անցումներ, ներքին ու արտաքին տեմպառիթմի ոչ մի պահի չդադարող շարժում և դադար պահելու կարողություն։ Տեսնում ես ռեժիսորի հետ ազնիվ և նվիրված աշխատանքի արդյունք, ռեժիսորական հետաքրքիր  լուծումներ։ Առաջակալները հերթով շրջվում են։ Հասկանում ես, որ դրանք սոսկ բեմական տարածքը կազմակերպելու և միզանսցեն կառուցելու համար չեն։ Հակառակ կողմից հայելապատ են։ Ամեն մեկը տարբեր չափերի կտորներից է և, հերթով շրջելով, իրենց բացատրությունն ու շեշտն է դնում գործողության և տեքստի բովանդակության վրա։

Ռեժիսորն ու դերակատարը մանրակրկիտ աշխատել էին դրամատուրգիական նյութի հետ՝ բեմադրության մեջ թողնելով հիմնական ասելիքը և ձևավորման գաղափարը, բայց նաև ավելացնելով լույսի այն շողերը, որ անհրաժեշտ են մարդուն, և ոչ միայն հիմա։

«Շատ էի անհանգստանում,- ներկայացումից հետո ասաց դերասանուհին՝ Հասմիկ Վիրաբյանը,- բեմի վրա գործելու էի միայնակ, առանց գործընկերներիս»։ Ինձ համար անսպասելի էր նաև փոքր բեմում խաղալու նրա անհանգստությունը․ «Մեծ բեմում հանդիսատեսից հեռու ես, իսկ այստեղ հանդիսատեսը կարծես քեզ հետ բեմի վրա է»։ Եվ աչքերը փայլում են։ Հաղթահարել է ամեն մտավախություն և հիմա իրեն ազատ է զգում, հիմա լիաթոք վայելում է ստեղծագործելու յուրաքանչյուր րոպեն։

Ներկայացման բովանդակությունը չեմ պատմելու։ Գնացե՛ք և դիտե՛ք։ Երևան- Գյումրի ընդամենը երկու ժամվա ճանապարհ է։ Արտասահմանում մարդիկ ամեն օր այդպիսի ճանապարհ են կտրում աշխատանքի գնալու համար։ (Ժամանակին շաբաթ գիշեր գնացք էինք նստում, առավոտյան Թբիլիսիում շրջում, երեկոյան ներկայացում դիտում և նույն գիշերային գնացքով վերադառնում Երևան՝ աշխատանքի։) Լավ ներկայացում նայելու համար ժամանակն ափսոս չէ։

Չեմ կարող գոնե հպանցիկ չհիշատակել ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի այս տարվա դերասանա-ռեժիսորական ավարտական կուրսի ներկայացումները, որոնց մակարդակը ոգևորեց մեզ։ Մեկը ներկայացվեց մասնաճյուղի բեմում (Բեկետ «Էնդշպիլ»), մյուսը (Օստրովսկի «Ամպրոպ»)՝ թատրոնի փոքր բեմում, երկու մենաներկայացում (ըստ Դոստոևսկու «Ծիծաղելի մարդու երազը», Տուրինի «Վերջ վերջապես»)՝ Հովհաննես Հովհաննիսյանի «Մտորումների թատրոնում»։

«Մտորումների թատրոն»՝ 1812 թվականին կառուցված և առ այսօր պահպանված մի գեղեցիկ շինության ներքնահարկում տեղակայված։ Ներսում ամեն ինչ հնաոճ է, կահույքը, հին գյումրեցիների լուսանկարները․․․ համակում է անցյալի հուշերով։ Հնաոճ է ամեն ինչ, բացի ներկայացումներից։ Ասեմ, որ ուսանողական բոլոր բեմադրությունները ժամանակակից գեղագիտություն, ժամանակակից լուծումներ ունեն։ Հնչում է ժամանակակից, բայց գրագետ, միևնույն ժամանակ օրգանական խոսք։ «Ամպրոպը» մտնելու է Վ․ Աճեմյանի անվան թատրոնի խաղացանկ և, ըստ իս, կարող է ռուսաստանյան փառատոների զարդը դառնալ։  Կուրսի  ղեկավար Հասմիկ Վիրաբյանի, ուսանողների և մասնաճյուղի ողջ կազմի համակարգված ու ներդաշնակ աշխատանքի արդյունքն է սա։

Գյումրին՝ իր թատրոններով և կրթօջախով, բոլորիս պես տառապելով ու մաքառելով, լույս է սփռում ապրողի սրտում, լույս, որը մեր մշակույթի հարատևման գրավականն է։

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։