ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԵՐԶԱՄԻ ՄԱՍԻՆ․ Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
ՈՐՏԵ՞Ղ ԷԻՐ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ…
Պատերազմի երեսունմեկերորդ օրն էր
Չհասկացանք էլ՝ որերորդ օրը ամեն ինչ դարձավ պատերազմական, սկսեցինք ապրել՝ որ չապրելու պես անորոշ էր, սիրտ մաշող, երբեմն՝ հուսադրող ու մշտապես՝ սպասումով… Մինչև սեպտեմբերի 27-ի կյանքը կարծես չեղարկեցինք, բայց քանի որ ապրելը շարունակվում էր, ռազմաճակատի թելադրանքով օրվա նոր ժամանակացույց ստեղծեցինք, որտեղ երբեմն-երբեմն նախկին կյանքից երկչոտ մի հատված էր սպրդում՝ մի փոքր տանելի դարձնելով մղձավանջային երազի վերածված մեր ժամերը: Ինչո՞ւ ժամերը՝ որովհետև օրն ու գիշերը խառնվել-մեկ էին դարձել, որովհետև ռազմաճակատից եկած լուրը Ժամանակից դուրս էր:
Պատերազմի երեսունմեկերոդ օրն էր
Գնում էի ընկերուհիներիս հետ հանդիպման: Սեպտեմբերի 27-ից հետո առաջին անգամ էինք հանդիպելու չորսով, այն էլ՝ սրճարանում: Մինչ այդ միայն հեռախոսն էր մեզ փրկում՝ ամեն լուրից հետո իրար հուսադրելով կամ մխիթարելով: Խոստովանեմ՝ գնում էի հանցանք գործողի բարդույթով. այնտեղ պատերազմ է, իսկ ես… սրճարան… Փողոցներում ջահելները սնունդ ու սիգարետ էին հավաքում մեր զինվորների համար: Հիմա էլ աչքիս առաջ են երկու աղջիկ՝ ի՜նչ հոգատարությամբ էին արկղի մեջ դասավորում չորաբլիթի տուփերը: Ինքս ինձ սիրտ տվեցի՝ դե լավ, ժամ-ժամուկեսով ես դուրս եկել, սուրճդ կխմես ու նորից կգնաս ցանց գործելու… Իսկ ընկերուհիներիդ հանդիպել քեզ շա՛տ է պետք՝ քիչ առաջ ցանց գործող կանանց ու աղջիկներին էիր հույս տալիս, հիմա ընկերուհիներդ քեզ հույս կտան… այսպես էլ կդիմանանք, մինչև… ե՞րբ
Ինչ լավ է, որ հասա սրճարանի դռանը. այդ օրերին մի քանի բառ ինձ տեռորի էին ենթարկում, դրանցից էր նաև «մինչև երբ»-ը:
Սուրճը վաղուց էր սառել, առաջին րոպեների մեր իբր աշխուժությունը՝ չքացել, իբր բառեր էինք փոխանակում, ամեն մեկիս աչքը՝ Ֆեյսբուքում… Լուսինեի հեռախոսը խախտեց մեզ համար անօրինակ լռությունը: Աղջիկը՝ Մարիշոկն էր զանգում… խոսակցությունից հետո Լուսինեն անջատեց հեռախոսն ու պայծառացած դեմքով ասաց. «Իսկ հիմա կպատմեմ մի ֆանտաստիկ բան, իսկ դու, տիկին Խոդիկյան, լավ լսիր, գրելու ես»: Ես հաստատական գլխով արեցի, բայց մտքովս չանցավ, որ ամիսներ անց իսկապես գրելու եմ:
Եվ ուրեմն, Մարիշոկի ընկերուհին, անվանենք Նարե, սիրում է մի տղայի, նրան էլ կոչենք Նարեկ: Ինչո՞ւ ո՛չ իրենց անուններով… Պատճառը կասեմ պատմությանս ավարտին:
Ուրեմն Նարեն, որ մեր քաղաքում բավական հայտնի, նաև բարեկեցիկ ընտանիքի աղջիկ է, սիրում է Նարեկին: Նարեկը միջին խավից է, Մերսեդեսի փոխարեն մոտո ունի, հագնվում է կրեատիվ ու դեռ այդքանը հերիք չէ՝ մազերն էլ երկար են: Պատերազմից առաջ են սիրում, համարյա գաղտնի հանդիպում, մինչև մի օր, երբ Նարեկը Նարեին ուղեկցում է տուն, մեքենայով անցնող հայրը տեսնում է իր գեղեցկուհի աղջկան… Բրենդային հագուստ վրան չկա, ինչ-որ սամակատ է քշում, հերիք չէ, մի հատ էլ մազերը ականջներն են փակում… «Խի, էս տղայա՞…»:
Ընտանիքի որոշումը, գլխի ընկաք, ինչպիսին պիտի լիներ: Համարյա Ռոմեո ու Ջուլիետի պատմություն…
Բոլոր պատերազմները նման են իրենց դաժանությամբ: Բոլոր պատերազմողները տարբեր են իրենց սիրով:
Պատերազմից մի քանի օր անց Նարեկը կամավոր մեկնում է ռազմաճակատ: Նարեն ամեն օր սպասում ու ստանում է թանկ SMS-ները: Հետո՝ լռություն…
Ես չեմ գրի, դուք պատկերացրեք իմ հերոսուհու ապրումները: Սպասման օրեր, ժամեր, րոպեներ, վայրկյաններ… Մինչև լուր է ստանում, որ Նարեկը Երևանում է, հիվանդանոցում: Ու հաստատ պետք չէ, որ գրեմ, թե ինչպես է սլանում հիվանդանոց, հասնում հիվանդասենյակի դռանը… Բայց ներս չեն թողնում, նախապատրաստել է պետք աղջկան, ախր, համարյա անշունչ, պայթյունից խրամատի փլատակների տակ մնացած, մի կերպ Գորիս, իսկ հետո Երևան հասցրած, մի քանի վիրահատություն տարած Նարեկը համրացել է՝ չի խոսում, չգիտեն էլ՝ որևէ մեկին ճանաչո՞ւմ է, լսո՞ւմ է կամ գոնե հասկանո՞ւմ է, որտեղ է գտնվում: Իրեն «բուռը հավաքելով» աղջիկը մտնում է ներս, մոտենում է մահճակալին… Նարեկը՝ հայացքը անորոշ կետի, իր Նարեկը՝ խուզած, վիրակապված գլխով, նիհար, համարյա անծանոթ Նարեկը, այն Նարեկը, որ իրեն տեսնելիս ասես լույս էր ճառագում, այդ Նարեկը իրեն չի՛ ճա-նա-չո՜ւմ…
Հիվանդասենյակում լռությունը քարացել, ուր որ է պայթելու էր տղայի մոր զսպված հեկեկանքից, վայրկյանները րոպեներ էին դառնում, ու գնալով ամրանում էր համոզմունքը, որ այդ րոպեները ժամեր ու օրեր կարող են դառնալ, իսկ զինվորին շուրջկալած լռությունը միայն ավելի է թանձրանալու…
Իսկ Նարեն այնպես էր մեխվել-արձանացել տեղում, որ հիվանդասենյակում գտնվողները հասկացան, որ րոպեները ժամեր ու օրեր էլ դառնան՝ իր զինվորին գտած աղջիկը տեղից չի՛ շարժվելու…
Բոլոր պատերազմները նման են իրենց դաժանությամբ: Բոլոր պատերազմողները տարբեր են իրենց սիրով:
Դրա համար է, որ ժամերի թանձրությունն ունեցող րոպեներ անց Նարեկը բարձրացնում է հայացքն ու սովորական, առօրեական ձայնով, ասես մի քանի ժամվա բացակայությունից հետո, ասես ինքը չէ օրերով համրացածը, հարցնում է Նարեին.
- Որտե՞ղ էիր մինչև հիմա…
Ես գիտեմ այս պատմության անսպասելի շարունակությունը: Բայց չեմ պատմի: Որովհետև նրանք դեռ դժվար ճանապարհ ունեն, որ պիտի հաղթահարեն: Ու ես չգիտեմ, կհաղթահարե՞ն արդյոք: Որովհետև Նարեկի՝ պատերազմի լռությունից վերադառնալու պատմությունը որքան ֆանտաստիկ, նույնքան էլ իրական է: Եվ կյանքն էլ հեքիաթ չէ, որի ավարտին երկնքից երեք խնձոր է ընկնում: Նարեկը դեռ պիտի սովորի ապրել մեզ նման: Նարեն պիտի կարողանա ապրել Նարեկի պատերազմական լռության մեջ… Դրա համար էլ նրանց իրական անունները չեմ ասի: Բայց կհետևեմ նրանց՝ պատերազմով ամրացած ու նույն պատերազմով շատ փխրուն-անհաստատ դարձած սիրուն: Կհետևեմ՝ մտքումս խնդրելով խաղաղության աստվածներին, որպեսզի Պատերազմի մասին այս պատմությունը դարձնեն Ապրելու պատմություն: