Գևորգ ՇԱՀԻՆՅԱՆ / «ՑԼԱՄԱՐՏ»

Գևորգ ՇԱՀԻՆՅԱՆԻ «ՑԼԱՄԱՐՏ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 2-ում

ԷՈՒԹՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Գիտնականներն ավետում են մարդու «գենոմի» կառուցվածքը գտնելու մասին, դրանով թակելով թատրոնների դռներն ու շշնջալով, որ «Աբսուրդի թատրոնի» բեմի վարագույրներից նավթալինի հոտ է գալիս:

Լինելով «Ցլամարտ» պիեսի հեղինակը, ավա՜ղ, ցավով, այն էլ եմ տեսնում փտած թատրոնի փլատակների տակ: Ամենուրեք, նաև ինձ հետ վիճող, արվեստ ստեղծող ընկերներիս դիտարկումներում, հոգու թրթիռներում, բանական ձևակերպումներում արդեն առաջնայինը մարդ անհատի արարքների և բնության մեջ տեղի ունեցող երևույթների էությունն է:

Ժամանակի բացահայտման գլուխկոտրուկը՝ պահանջում է իր զավակի ծնունդը: Ըստ իս, թատերագրությունը շարժվում է դեպի «էության թատրոն»: Գուցե այն արդեն ծնվել է հույն թատերագիրների թեթև ձեռքով…

Մեծ ճնշումով էության ուրվականն է այսօր թևածում ամենուրեք: Աստծո կամքով, մթնոլորտը ողողված է այն որսալու անհագ ցանկությամբ և նստելու նրա հետ լուրջ երկխոսության, առաջին շարքում:

Որն է «էության թատրոնը». փորձելով պատասխանել այդ հարցին՝ ծիծաղելի կերևամ: Հարցի պատասխանը կտա քսանմեկերորդ դարը, հաջորդ հազարամյակը:

Եվս մի անգամ մեր առջև ընդգծված դրվում է որոնումի երկար ճանապարհը:

Գևորգ ՇԱՀԻՆՅԱՆ

ՑԼԱՄԱՐՏ

(Խամաճիկների թատրոնի համար)

ԽԱՄԱՃԻԿՆԵՐ

ԿՈՐԻԴՈ — ցլամարտիկ

ՑՈՒԼ

ՏԵՐ

Երգչախումբ, որը նաև հանդիսատեսն է

Պարուհիներ

 

Բեմում ցլամարտի հրապարակն է: Ցանկապատի վերևում երգչախումբ-հանդիսատեսն է:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ —

Հագենալու թեժ պայքարով արնածոր՝

Խմբվել է հրապարակի շուրջբոլոր

Ուրախ, կրքոտ, հոծ ամբոխը խենթացած,

Ուր դուրս կգան երկու զորեղ արարած:

Խաղ է կարծես ու զվարճանք

Այս ամենը, որի անունն է ցլամարտ,

Բայց երկուսից մեկի օրը

Մնալու է անավարտ…

Հսկա բեմը պճնված, ոնց անամոթ հայելին,

Ծիծաղի ու լացի մեջ ցույց է տալիս մերկ հոգին:

Ներս են մտնում պարուհիները, երգում են, զգլխիչ շարժումներով ցուցադրում գովազդագրեր:

ՊԱՐՈՒՀԻՆԵՐ —

Գնեք կոնֆետ, գնեք ծամոն, գնեք հյութեր,

Պաղպաղակներ, շոկոլադներ գնեք իսկույն:

Մեքենաներ, ուղեգրեր ճամփորդական,

Խելացնոր այս աշխարհում գնե՛ք մեզնից:

Ներս է մտնում Տերը:

ՏԵՐ — Բաժանում եմ համբույրներս բոլոր նրանց, ովքեր այսօր բարեհաճել են այստեղ՝ հիանալու ցլամարտով: Հաճելի ժամանց եմ ցանկանում, սիրելիներս: Կփորձենք վարձահատույց լինել ձեզ: Վճարած գումարի դիմաց մարտնչող կողմերն իրենց պատրաստվածությամբ և անողոք պայքարով կաշխատեն հաճույք պատճառել ձեզ: Եվ այսպես, ներկայացնում եմ նրանց: Քսանհինգամյա ցլամարտիկ Կորի՛դո…

Հանդիսատեսների հիացական բացականչություններ, սիրո խոսքեր, ծափահարություններ:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ —

Նա հպարտ է, քաջարի,

Սպանել է այնքանին,

Գեղեցիկ է ու ճարպիկ,

Չկա նրա պես մարտիկ:

Կեցվածք ունի փառահեղ,

Շատ կրքոտ է, ոնց հեղեղ:

Սեր է պոկում սրտերից

Աղջիկների խելահեղ:

ՏԵՐ — Կորիդոյի ողջույնները քեզ, սիրելի հանդիսատես:

Կորիդոն ողջունում է հանդիսատեսներին:

Այժմ հրապարակ կթողնենք մեր օրերի ամենահզոր ու կատաղի ցուլի՛ն…

Հանդիսականների հիացական բացականչություններ:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ —

Սա մի ցուլ է կատաղած,

Մարտնչում է գազազած,

Չորս մարտիկ է բզկտել,

Հինգին հաշմանդամ դարձրել:

Հենց տեսնում է թշնամուն,

Արյան ծարավ է զգում,

Բառաչում է, հարձակվում,

Սմբակների տակ ջարդում:

ՏԵՐ — Թող վախկոտը պարտվի, ով ուժեղ է՝ կհաղթի՛:

Դուրս է գնում: Հրապարակում ցլամարտիկն ու ցուլն են: Անհաշտ նայում են իրար, զգուշավոր պտտվում իրար շուրջ:

ԿՈՐԻԴՈ — Կուզես՝ բառաչիր, կուզես՝ մարտնչիր, կուզես՝ թաքնվիր հեռու անկյունում… այսօր քո վերջին օրն է:

ՑՈՒԼ — Առաջինը չես, որ ասում ես այդ խոսքերը:

ԿՈՐԻԴՈ — Կլինեմ վերջինը:

ՑՈՒԼ — Այդ ինքնավստահությունը կործանեց քո նախորդներին:

ԿՈՐԻԴՈ — Դու անարգել ես ցլամարտիկի հպարտ անունը:

ՑՈՒԼ — Դու և քո նմանները կոտորել են իմ եղբայրներին:

Կորիդոյի պարզած կարմիր թիկնոցից խրտնած՝ ցուլն անսպասելի հարձակվում է:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Օլե՜յ…

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ —

Ահա այսպես կատաղած՝

Գրոհում է ցուլը հզոր,

Արյան գույնով է ներկված

Մարտիկի թիկնոցը բոսոր:

ԿՈՐԻԴՈ — Այդքան շուտ մի շտապիր շունչդ փչել, ծանրաքա՛շ հիմար:

ՑՈՒԼ — Երբ առաջին անգամ ինձ՝ սոված ու գազազած, դուրս հանեցին վանդակից, հասկացա, որ ուզում են ծաղրի ենթարկելով՝ բոլորի աչքի առաջ ինձ սպանել:

ԿՈՐԻԴՈ — Ուզում ես գլուխ գովել, որ պոզահարելո՞վ նրան հաղթեցիր:

ՑՈՒԼ — Անկեղծ ասած՝ բախտս բերեց: Հակառակորդս անսպասելի սայթաքեց ու հայտնվեց սմբակներիս տակ:

ԿՈՐԻԴՈ — Թերթերը գրեցին, որ այս պոզերով ես վերջ տվել նրա կյանքին:

ՑՈՒԼ — Թերթե՜րը… Ինչ սուտ ասես՝ չեն հորինի: Փոքր բանը այնքան են ճոռոմացնում… Ցանկալին են պատկերում իրականի փոխարեն:

ԿՈՐԻԴՈ — Մյուսներն է՞լ սայթաքեցին:

ՑՈՒԼ — Թերթերն ու ասեկոսեներն ինձ շա՛տ օգնեցին: Մյուսները պարտվեցին, որովհետև վախը նրանց սիրտն էր մտել:

ԿՈՐԻԴՈ — Ի՞նչ է այդ վախը… ի՞նչ գույն ունի:

ՑՈՒԼ — Առաջին անգամ մարդկային արյան հոտն առնելուց հետո անընդհատ դրա ծարավն եմ զգում:

Ցուլը հարձակվում է Կորիդոյի վրա, նա խույս է տալիս:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Օլե՜յ… Կորիդո, ցո՛ւյց տուր քո պարը…

ԿՈՐԻԴՈ — Հույս չունենա՛ս ինձ էլ տեսնել սմբակներիդ տակ:

ՑՈՒԼ — Միտքդ նենգ է:

ԿՈՐԻԴՈ — Այսքան շուտ չեմ կարող քեզ սպանել: Թատերախաղն իր օրենքներն ունի: Նախ հարկավոր է ներկայանալ հանդիսականին, հետո պարզել իրավիճակը: Այնպես որ, դեռ ժամանակ կա շարունակելու համար այս կրքոտ խաղը:

ՑՈՒԼ — Ախ, այդպե՜ս… Լավ, զրուցենք: Կորիդո, քո հայրը ցլամարտի՞կ էր:

ԿՈՐԻԴՈ — Շատ մեծահամբավ:

ՑՈՒԼ — Պապդ հովի՞վ էր:

ԿՈՐԻԴՈ — Այդպես էլ կարելի է ասել: Նա այնպես հեշտ էր քո ցեղակիցների հախից գալիս, որ շրջակայքի գյուղացիները հաճախ էին հավաքվում նրա վարպետությամբ հիանալու:

ՑՈՒԼ — Բա ո՜նց… մեր տատերի տված կաթը նրան չէր բավարարում, սկսեց փող աշխատել ջահել ցուլերին մի հարվածով տապալելով:

ԿՈՐԻԴՈ — Դու որտեղի՞ց գիտես:

ՑՈՒԼ — Թերթերից….

ԿՈՐԻԴՈ — Կարծում եմ, պապս ոչ միայն փողի համար էր այդ գործով զբաղվում, նա դրանից հաճույք էր ստանում:

ՑՈՒԼ — Իսկ ինչի՞ց մահացավ:

ԿՈՐԻԴՈ — Պատահաբար սայթաքել, ընկել էր: Գլուխը քարին էր կպել:

ՑՈՒԼ — Հիշո՞ւմ ես նրան:

ԿՈՐԻԴՈ — Ես դեռ չէի ծնվել…

ՑՈՒԼ — Իմ նախնիներից միայն գովեստի խոսքեր եմ լսել հովիվների հասցեին: Ասում էին՝ նրանք մեզնով են ապրում, մենք՝ իրենցով:

ԿՈՐԻԴՈ — Ես հովիվ չեմ, ցո՛ւլ, ես ցլամարտիկ եմ:

ՑՈՒԼ — Ի՞նչ ասել է՝ ցլամարտիկ: Զինվո՞ր, թե՞ դահիճ:

ԿՈՐԻԴՈ — Եկ իրար չանպատվենք: Պարենք մեր պարը:

ՑՈՒԼ — Սպանելը պա՞ր ես համարում:

ԿՈՐԻԴՈ — Երևում է, որոշել ես պոզերդ հոգուս մեջ խրել: Դորե՜…

Ցուլը հարձակվում է:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Օլե՜յ…

ՑՈՒԼ — Ի՜նչ լավ ես խուսափում հարվածներիցս…

ԿՈՐԻԴՈ — Դու էլ հրաշալի ես գրոհում:

ՑՈՒԼ — Ճարպիկ շարժումներդ… խաղացկուն քայլվածքդ…

ԿՈՐԻԴՈ — Իսկ քո փնչոցնե՜րը… անսպասելի հարձակումնե՜րը… Մի՞թե այս ամենը չի կարելի պար անվանել:

ՑՈՒԼ — Երևում է՝ մանուկ ժամանակ չարություն անելու փոխարեն այս գործի նրբություններին ես տիրապետել:

ԿՈՐԻԴՈ — Սխալվում ես…

ՑՈՒԼ — Միայն չասես, թե ցլամարտիկ ես ծնվել:

ԿՈՐԻԴՈ — Իհարկե, ոչ: Փոքր ժամանակ շատ չարաճճի տղա էի: Գլխացավանքից ազատվելու համար ծնողներս ինձ գյուղ էին ուղարկում, մեր գերդաստանի տոհմական տունը՝ տատիկիս մոտ: Միայն տեսնեիր, թե ի՛նչ խառնաշփոթ էի սարքում հորթուկների գլխին:

Ցուլը փնչացնում է:

ԿՈՐԻԴՈ — Կանգնի՛ր, ցո՛ւլ, դեռ չհարձակվես… Այդ հորթուկները իմ ամենալավ ընկերներն էին: Լինում էր, որ նրանց հետ էի գոմում գիշերում: Հավատա, մի հորթուկի հետ նրա մոր կաթն ենք միասին կերել:

ՑՈՒԼ — Պարզվում է՝ կաթնեղբայրներ ենք, ցլասպա՛ն սրիկա:

ԿՈՐԻԴՈ — Ցլամարտիկ դառնալս տոհմական պատվասիրության հարց էր:

ՑՈՒԼ — Ոչ, տոհմական փառասիրությա՛ն…

Ցուլը հարձակվում է:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Օլե՜յ…

ՑՈՒԼ — Այս մեկը հանդիսականից հիացական բացականչություններ կորզելու համար էր:

ԿՈՐԻԴՈ — Գրոհներիցդ զգում եմ, թե ինչպես ես ճգնում ուժդ ու գեղեցկությունդ ցուցադրել: Երևի ընկերուհիներդ խենթանում էին քեզ համար, երբ ազատության մեջ էիր:

ՑՈՒԼ — Ազատությո՜ւն… Ծաղկած մարգագետին գետափին… Արածում էինք ու տրճիկ տալիս: Ընկերուհինե՜րս… Կորիդո, գեղեցկությունը հզոր ուժ է, բայց հարուստները այն գնում են ստրկության վերածելու համար:

ԿՈՐԻԴՈ — Պարզվում է՝ մտքի տկարություն էլ չունես:

ՑՈՒԼ — Ես ազնվատոհմիկ ցուլ եմ: Իմ արմատները շատ հին պատմություն ունեն: Իմ նախնիներից շատերը համաշխարհային համբավ ունեն: Քանի՜ ցուցահանդեսներում ոսկե մեդալներ են շահել, քանի՜ ցլամարտերում՝ հաղթանակ տարել:

ԿՈՐԻԴՈ — Ես ուրիշ բան եմ լսել քո ցեղի անցյալի մասին:

ՑՈՒԼ — Ես էլ լսել եմ, որ ձեր տոհմը սերում է հետամնաց, քոչվոր, խաշնարած գեղջուկներից:

ԿՈՐԻԴՈ — Քոչվորների՞ց…

ՑՈՒԼ — Երբ դեռ հորթուկ էի, պատվարժան ցուլերն էին ձեր մասին այդպես ասում: ԿՈՐԻԴՈ — Երբ փոքրիկ մանչուկ էի, պատվարժան այրերը ապացույցներ էին բերում, որ ձեր՝ իբր ազնվատոհմիկ ու հինավուրց ցեղը կիսավայրի, կիսագազան, անբարո խաչասերված, բիրտ ու անպիտան անասունների հավաքածու է:

ՑՈՒԼ — Խեղաթյուրել են քո մանչուկ հոգին:

ԿՈՐԻԴՈ — Կարծում ես՝ չե՞ն աղավաղել քո հորթուկ ուղեղը:

ՑՈՒԼ — Նրանք ասածներն ապացուցում էին փաստաթղթերով:

ԿՈՐԻԴՈ — Փաստաթղթե՞ր… Մեր գիտնականները դրանցից հարյուրներով ունեն: Դպրոցում մի քանի ժամ կերակրում էին դրանցով:

ՑՈՒԼ — Մենք արոտներում այդ ամենի մասին երգեր էինք երգում:

ԿՈՐԻԴՈ — Մեր տոհմի հիմնի մեջ այդ մասին ակնարկվում է:

ՑՈՒԼ — Ողջ աշխարհը գիտի ձեր արնախում լինելու մասին:

ԿՈՐԻԴՈ — Ձեր վախկոտ լինելը վաղուց է հայտնի:

ՑՈՒԼ — Այդ ամենը ձեր ծախու գրչակների ձեռքի գործն է:

ԿՈՐԻԴՈ — Ձեր հավաքներում ճառել են հոգեկան խանգարվածությամբ տառապող ազգամոլները:

ՑՈՒԼ — Երբե՜ք… Նրանք բարձրադիր ուսադիրներ ունեին:

ԿՈՐԻԴՈ — Կարծում ես՝ մեր ուսուցիչներին պակասո՞ւմ էին պետական մրցանակներն ու կոչումները:

ՑՈՒԼ — Երևում է՝ ձերոնք իշխանության ձգտող սրիկաներ են եղել:

ԿՈՐԻԴՈ — Իսկ ձերոնք՝ քաղաքականություն ծամող խավարատենչ սատանաներ: ՑՈՒԼ — Չէի ասի, որ վատ տղա ես:

ԿՈՐԻԴՈ — Իսկ ես կասեի, որ դու նույնիսկ հմայիչ ցուլ ես:

ՑՈՒԼ — Կարծում եմ, կինդ քեզ շատ կսիրեր:

ԿՈՐԻԴՈ — Իսկ դու կաթնատու, առողջ կովերի հայր կլինեիր:

ՑՈՒԼ — Դու ինձ դուր ես գալիս, Կորիդո:

ԿՈՐԻԴՈ — Չարությունս, որ քո դեմ էր, մեղմանում է:

ՑՈՒԼ — Երեխաներ ունե՞ս…

ԿՈՐԻԴՈ — Շուտով կամուսնանամ: Երեխաներ էլ կլինեն: Դու ձագեր ունեի՞ր:

ՑՈՒԼ — Նոր էի սիրահարվել… Վանդակը գցեցին ու այստեղ բերին: Հիմա այս մարտական հանդերձանքն է և այս մարտադաշտը…

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ —

Կապույտ երկնքի բորբ արևի տակ

Մեղմ հանդարտվեցին երկու արարած,

Զգալով, ինչպես մեղմ, թավշյա քամին

Տիրում է նրանց մռայլ սրտերին:

Սթափ աչքերով իրար նայեցին,

Վայելքը կյանքի գնահատեցին:

Տխուր զարմացան՝ ինչո՞ւ են անհաշտ,

Ինչո՞ւ են ելել դաժան մարտադաշտ:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ —

Հերի՛ք է քնես, Կորիդո, տապալի՛ր դրան:

Ցո՛ւլ, պոզահարի՛ր Կորիդոյին:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ —

Ավա՜ղ… խաղ է այս ամենը՝

Զվարճանքի համար ստեղծված,

Որ կոչվում է ցլամարտ:

Բայց երկուսից մեկի օրը

Մնալու է անավարտ:

ՑՈՒԼ — Լսո՞ւմ ես, ի՛նչ է գոռում դրամ վճարած հանդիսատեսը: Իսկ ես մանկուց երազել եմ ստրուկ չլինել:

ԿՈՐԻԴՈ — Ցավակցում եմ:

ՑՈՒԼ — Քեզ ցավակցիր:

ԿՈՐԻԴՈ — Կարծում ես, ես է՞լ եմ ստրուկ:

ՑՈՒԼ — Ինձ չես հավատում՝ հարցրու հանդիսատեսին:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Օլե՜յ…

ԿՈՐԻԴՈ — Ինչո՞ւ…

ՑՈՒԼ — Ինչո՞ւ…

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ — Խորամանկ տերը, զգալով խաղի հանդարտվող ռիթմը, մտավ հրապարակ, գոռաց «Ընդմիջում»:

Տերը մտնում է հրապարակ, գոռում «Ընդմիջում»: Ներս են գալիս պարող աղջիկները, երգելով ցուցադրում գովազդներ: Համարը վերջացնելով՝ դուրս են գնում:

ՏԵՐ — (առանձին): Երևում է՝ որոշել են խաղաղության դաշինք կնքել: Ո՞վ կթողնի ձեզ այդպես վարվել: Ինձանից բացի քանի՞ մարդ են դրամ վաստակում այս մենամարտից: ԵՐԳՉԱԽՈՒՄԲ — Ու ժպիտը աչքերում, շաքարաջուր լեզվի տակ, ողջ զայրույթը մաշկի մեջ՝ խոսեց կեղծ ու շողոքորթ…

ՏԵՐ — (մոտենալով ցուլին): Իմ սիրելի, իմ աննման ցուլ: Դու հրաշալի ես, դու ցնցող ես… Բայց այսօր մի քիչ մեղմ ես երևում… Երևի կախարդե՞լ է քեզ փոքրամարմին Կորիդոն: Կարծես խնայում ես նրան… Չեմ զարմանում, դա նրա գլխավոր զենքն է: Չարությունդ քիչ է փնչոցներիդ մեջ: Չի զգացվում, որ հարձակվելով նրա վրա՝ ուր որ է՝ տապալելու ես գետնին ու ճզմելու ես:

Ուշադիր նայիր նրա աչքերին… Անմեղ հայացքում որքա՛ն չարամիտ նետեր են պահված քեզ համար: Մի՞թե նրա քայլերից չես զգում, թե ի՛նչ խարդախ ծրագիր ունի: Նա երդվել է ոչնչացնել բոլոր ցուլերին: Եվ առաջին հերթին՝ քո՛ ցեղակիցներին: Դու նրա հոգուն աշխատիր տիրել: Երբ կարողանաս հասնել այն բանին, որ նա կորցնի ներքին հավասարակշռությունը, հետը կարող ես անել՝ ինչ կամենաս: Անունդ բոլորին սարսափի է մատնում: Ինձ քո հաղթանակն է պետք: Դու պիտի՛ հաղթես: Եթե խղճաս, ինքը սուրը կմխրճի պոզերիդ մեջտեղը: Կորիդոն միշտ այդպես է սպանում ցեղակիցներիդ:

Ցուլը բառաչում է, դոփում ոտքերը:

Միամիտ չլինե՜ս, ցո՛ւլ: Հիմա նրան քո դեմ կհանեմ: Կհամոզեմ, որ իր մշտական, ժողովրդականություն վայելող պարերից մի քանիսը ցուցադրի: Երբ սկսի արբել հանդիսատեսի ծափերից, առիթը ձեռքիցդ բաց չթողնե՜ս… Կոտոշներիդ վրա մխրճած՝ նրան մատուցիր հենց նույն ծափահարողներին:

Ցուլը կամաց փնչացնում է:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ —

Ցուլը փնչացրեց, բայց նաև տխրեց,

Նման խոսքերից սիրտը պղտորվեց,

Նպատակը չար տիրոջ հասկացավ,

Բայց մութ կասկածը հոգում տեղ գտավ:

Տերը մոտենում է Կորիդոյին:

ՏԵՐ — Բրա՛վո, Կորիդո: Դու հասուն վարպետին վայել խաղ ցուցադրեցիր՝ վարժ ու վստահ, սառնասրտորեն ապացուցելով ամբոխից հիացմունք պոկելու արվեստը: Այնպես թեթև էիր հետը վարվում, կարծես զրուցում էիր շատ մոտ հարազատի հետ: Կարծում եմ՝ ժամանակն է լիրիկական զեղումներից անցնել ավելի դրամատիկ ու դիտարժան խաղի: Դու լավ գիտես, որքան հարթակի վրա հասունանում է հանգուցալուծումը, այնքան արնախում է դառնում հանդիսատեսը: Նրանք լավ են վճարել այդ պահի բերկրանքն ապրելու համար: Դու էլ հավելյալ կվճարվես, եթե բավարարես նրանց պահանջը: Կարծում եմ, չես մոռացել, թե ով է հակառակորդդ, ի՛նչ ցեղից է: Քո տոհմը, հանձինս քեզ, տեսնում է այն քաջարի զավակին, ով կլուծի բոլորի վրեժն ու կփրկի անարգված պատիվը: Ուզում եմ քեզ հիշեցնել հայտնի ճշմարտությունը. «Խիղճը կարող է փակել գեղեցիկ կանանց սրտերը տանող բոլոր դռները: «Քաջ» բառին արժանանում են միայն հաղթողները»:

Տերը հեռանում է: Ցուլն ու Կորիդոն զգուշավոր մոտենում են իրար:

ՑՈՒԼ — Քեզ ի՞նչ խոստացավ տերը, Կորիդո…

ԿՈՐԻԴՈ — Նավթահորեր… իսկ քե՞զ…

ՑՈՒԼ — Համաշխարհային ճանաչում…

ԿՈՐԻԴՈ — Իսկ ինձ թվաց՝ թարմ խոտ՝ ամառ թե ձմեռ:

ՑՈՒԼ — Այդքանը ստիպված է տալ: Դրա համար եմ կռվում:

ԿՈՐԻԴՈ — Կռվելո՞ւ ենք:

ՑՈՒԼ — Ախր, թարմ խոտը շատ բուրավետ է:

Կորիդոն պարզում է կարմիր թիկնոցը: Ցուլը գրոհում է:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Օլե՜յ…

ԿՈՐԻԴՈ — Սա գրո՞հ էր, թե՞ կատակ…

ՑՈՒԼ — Ես չեմ ուզում, որ ևս մի հանգուցյալի հոգի հետապնդի ինձ:

ԿՈՐԻԴՈ — Ուրեմն պիտի այնպես խաղանք, որ հավատացնենք, թե կռվում ենք:

ՑՈՒԼ — Եվ ինչքա՞ն ենք այդպես խաղալու:

ԿՈՐԻԴՈ — Մինչև հոգնեն մեր կռվին նայելուց:

ՑՈՒԼ — Իսկ եթե մե՞նք հոգնենք:

ԿՈՐԻԴՈ — Իրավունք չունենք: Մենք դատապարտված ենք կռվելու:

ՑՈՒԼ — Ի՜նչ լավ եղանակ է այսօր…

ԿՈՐԻԴՈ — Հարձակվելո՞ւ ես…

ՑՈՒԼ — Պարզի՛ր կարմիր թիկնոցդ:

ԿՈՐԻԴՈ — Խույս տալու նոր ձև եմ մշակել: Ուզում եմ ցուցադրել:

ՑՈՒԼ — Պատրաստվիր, գալիս եմ…

ԿՈՐԻԴՈ — Ամբողջ թափով կգաս:

ՑՈՒԼ — Գալի՛ս եմ…

Ցուլը պտտվում է տեղում:

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ — Լուսանկարիչները թող շտապեն հավերժացնել այս պահը: Լրագրողները թող արձանագրեն իրենց ծոցատետրերում: Հեռուստատեսային մեկնաբանները թող շատախոսեն օրվա հացը վաստակելու համար: Պատմաբանները թող խեղաթյուրեն իրողությունը:

Ցուլը հարձակվում է:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Օլե՜յ…

Կորիդոն խույս է տալիս, բայց վիրավորվում է:

ՑՈՒԼ — Ի՞նչ պատահեց, տղա՛: Հո գնդակ չկպա՞վ:

ԿՈՐԻԴՈ — Չմոտենա՛ս… պոզդ…

ՑՈՒԼ — Արյան հետքեր եմ տեսնում վրադ:

ԿՈՐԻԴՈ — Ոչ մեկը ոչինչ չպիտի հասկանա…

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Բրա՛վո, Կորիդո…

Կորիդոն հաղթական դիրք է ընդունում:

ԿՈՐԻԴՈ — Խրախճանքի մե՜ջ ես…

ՑՈՒԼ — Այդպե՞ս ես կարծում:

ԿՈՐԻԴՈ — Համոզված եմ:

ՑՈՒԼ — Ինչո՞ւ:

ԿՈՐԻԴՈ — Չկարողացար մի քանի ավելորդ ծափեր զիջել հակառակորդիդ:

ՑՈՒԼ — Արեցի այն, ինչ պահանջեցիր:

ԿՈՐԻԴՈ — Խորամանկորեն…

ՑՈՒԼ — Այդ վարժությունը դեռ լավ չես հղկել:

ԿՈՐԻԴՈ — Կարող էիր, չէ՞, գլուխդ մի քիչ թեքել, ու պոզդ չէր դիպչի:

ՑՈՒԼ — Շատ արագ էի գալիս…

ԿՈՐԻԴՈ — Եթե ցանկանայիր…

ՑՈՒԼ — Ուզում ես ասել, որ գիտակցաբա՞ր եմ քեզ վիրավորել: Ինձ թվաց՝ դանակը ուզում ես խրել պոզերիս արանքը, դրա համար էլ թեքեցի գլուխս: Երևի դրան չէիր սպասում:

ԿՈՐԻԴՈ — Ստո՛ւմ ես… Ամեն ինչ ուզածիս պես էր գնում, ծափերը իմն էին լինելու: Դու պարզապես չհանդուրժեցիր հակառակորդիդ հաջողությունը:

ՑՈՒԼ — Ինձ զգուշացրել էին, որ այդպես խաբելով ես միշտ սպանել իմ ցեղակիցներին: ԿՈՐԻԴՈ — Քո ցեղակիցների՞ն… (Նիզակը խրում է ցուլի մարմնի մեջ: Ցուլը բառաչում է🙂 Սա՝ նրանց կողմից…

ՑՈՒԼ- Որոշեցիր խփել…

ԿՈՐԻԴՈ — Մեղավորը դու էիր:

ՑՈՒԼ — Դու էիր մեղավորը: Մեծ-մեծ չբրդեիր…

ԿՈՐԻԴՈ — Ի՞նչ էի արել, որ…

ՑՈՒԼ — Չնվաստացնեիր ինձ:

ԿՈՐԻԴՈ — Չէ՞ որ պայմանավորվեցինք…

ՑՈՒԼ — Պայմանավորվեցի՜նք… Բայց երաշխիքներ չկային:

ԿՈՐԻԴՈ — Բացում ես դիմա՞կդ…

ՑՈՒԼ — Ուզում էիր բոլորին ի ցույց դնել, որ ես հիմար անասուն եմ:

ԿՈՐԻԴՈ — Խառնածին տավա՛ր ես:

ՑՈՒԼ — Ձեր ողջ տոհմն արնախում սրիկաներ են: Ես կլուծեմ պապերիս դարավոր վրեժը:

Ցուլը հարձակվում է:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Օլե՜յ…

ԿՈՐԻԴՈ — Ձեր ցեղից մի ցուլ կենդանի չեմ թողնի:

ՑՈՒԼ — Բոլոր ցլամարտիկներին պոզահարելու եմ:

ԿՈՐԻԴՈ — Բոլորիդ պոզերից գինու բաժակներ եմ շինելու…

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ —

Ավա՜ղ… Խաղ է ասես՝ զվարճանքի համար ստեղծված

Այս ամենը, որ կոչվում է ցլամարտ:

Բայց երկուսից մեկի օրը

Մնալու է անավարտ…

Ատեցին իրար, խիստ թշնամացան,

Եվ հին վերքերին նորն ավելացավ:

Արդեն հույս չկա նրանց բաժանել,

Բարի խոսքերով ցավը մեղմացնել…

ԿՈՐԻԴՈ — Սո՜ւրս… Ժամանակն է նրան տապալելու…

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Օլե՜յ…

Տերը սուրը տալիս է Կորիդոյին:

ՏԵՐ — Շտապում ես, տղա՛: Մի քիչ էլ խաղացրու նրան: Հանդիսատեսը թող մի քիչ էլ վայելի մեռնողի տառապանքները:

ԿՈՐԻԴՈ — Փորձում էր ինձ ծաղրե՜լ… Հիմա ես կցուցադրեմ ցուլերին տապալելու նորագույն ձևը: Հանդիսատեսի հիացմունքին սահման չի լինի: (Մոտենում ու շոյում է ցուլի ճակատը🙂 Պատրաստվիր այն աշխարհ գնալ:

ՑՈՒԼ — Գլուխդ մի գովի: Գետնին երկու տարբեր արյուն է թափված: Ասենք, ոչ մեկը չի նկատել, բայց մենք հո գիտե՞նք…

ԿՈՐԻ ԴՈ — Ստացած վերքս աննշան է…

ՑՈՒԼ — Տաք ես, չես զգում:

ԿՈՐԻԴՈ — Դու ինձանից շուտ արնաքամ կլինես:

ՑՈՒԼ — Կռվի դաշտից ոչ ոք ողջ չի հեռանում: Մեկը մեռնում է մարմնով, մյուսը՝ հոգով: ԿՈՐԻԴՈ — Սկսում ես փիլիսոփայե՞լ… Նշանակում է, իրոք զգում ես, որ վերջդ եկել է: ՑՈՒԼ — Ինձ հետ ես մեռնելու:

ԿՈՐԻԴՈ — Մահը մեր ցեղի համար է:

ՑՈՒԼ — Տեսնում եմ, ինչպես ես պատրաստվում ինձ սպանել: Այն սուրը, որ փառք է բերում, ի վերջո խրվելու է իրեն ճոճողի սիրտը:

ԿՈՐԻԴՈ — Առաջինը դո՛ւ արյուն թափեցիր:

ՑՈՒԼ — Չփորձեիր ինձ հիմարի տեղ դնել: Ես չեմ ցանկացել քո մահը:

ԿՈՐԻԴՈ — Չփորձե՛ս արդարանալ, քեզ լավ իմացա… Դու պիտի մեռնես:

ՑՈՒԼ — Կմեռնեմ: Բայց դու այդպես էլ մնալու ես անիծված ու ստրուկ:

ԿՈՐԻԴՈ — Խոսելու փոխարեն լավ է՝ աղոթես…

ՑՈՒԼ — Ինչպե՞ս կարող է գեղեցիկը, բարին, երկրայինը սիրող արարածն այդպիսին մնալ սպանելուց հետո: Երեխայիդ բարության մասին ի՞նչ խրատներ ես տալու… Կամ սիրուհուդ ինչպե՞ս ես սիրելու… Ի՞նչ հոգով ես նայելու անմեղության աչքերին, երբ սպանել ես:

ԿՈՐԻԴՈ — Ե՞րբ էիր պատրաստել այդ մենախոսությունդ:

ՑՈՒԼ — Առաջին ցլամարտիկին սպանելուց հետո:

ԿՈՐԻԴՈ — Նեղն ես ընկե՞լ…

ՑՈՒԼ — Աստված ինձ հասանելիք պատժի բաժինն է ուղարկել:

ԿՈՐԻԴՈ — Չես սխալվում, ցո՛ւլ:

ՑՈՒԼ — Տեր Աստված, ինչո՞ւ այս պարծենկոտ մարդ արարածին գերադասել ես ինձնից: Նրան օժտել ես բանականությամբ, երկրագնդի վրա իշխելու մենաշնորհն ես տվել: Մի՞թե մեր ցեղը զիջում է մարդուն… Ասա՛, ո՞վ է ավելի պետքական երկրի վրա: Ցույց տուր մի այլ կենդանի, որ մեզանից ավելի կենսունակ է և օգտակար: Մեր միսը, կաշին, կաթը, կարագը, մածունը, երեխաների ամենասիրելի ուտելիքը՝ պաղպաղակը… Կա՞ մեզանից ավելի պարկեշտ, մեղմ, ենթարկվող, բայց միաժամանակ այդքան զորեղ ու հաղթանդամ կենդանի… Ինչո՞ւ ես մեզ պատժում արնախում, մսակեր, անբարոյական մարդ արարածի ձեռքով…

Ցուլն անսպասելի հարձակվում ու ծանր վիրավորում է Կորիդոյին:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ — Օլե՜յ…

ԿՈՐԻԴՈ — Ի՜նչ նենգն ես… Գութս շարժեցիր, որ դավադիր հարվածես…

ՑՈՒԼ — Կռվի դաշտում նենգությունն ուրիշ անուն ունի՝ խելացի դիվանագիտություն:

Կորիդոն սուրը խրում է ցուլի պոզերի մեջտեղը:

ՑՈՒԼ — (մահամերձ բառաչով): Կորիդո, գեղեցիկ տղա՛, ես մեռնում եմ: Եթե ես էլ նենգորեն քեզ չպոզահարեի, միևնույն է, պատիժդ գալու էր… Հավատա, անգութ աշխարհի պահանջներն ինձ նենգ դարձրին: Արյանս մեջ այնքան վրեժի ցասում էին ներարկել, որ անգամ ուժասպառ ու արնաքամ՝ հասցրի պոզահարել քեզ: Տեսնո՞ւմ ես, դու էլ ես մեռնում… Սուրդ ցած դիր…

Ցուլը սատկում է: Հանդիսատեսը բուռն ողջունում է ցլամարտիկին: Վիրավոր Կորիդոն մի կերպ ընդունում է նրանց ողջույնները:

ՏԵՐ — Կորիդո, դու արեցիր այն, ինչ քեզանից սպասում էինք…

Ներս են գալիս պարուհիները, շրջապատում են ցլամարտիկին: Երգչախումբ-հանղիսատեսներն իջնում են հրապարակ և ձեռքերի վրա բարձրացնելով Կորիդոյին՝ երգ ու պարով ուղեկցում են դուրս:

ԿՈՐԻԴՈ — Որքա՛ն դաժան է օրենքը կռվի: Խղճաս հակառակորդիդ՝ ինքը կսպանի: Թե դու սպանես՝ հոգիդ կթաղես:

 

Վարագույր

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։