«ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ԱՊՐԵԼ»

«ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ԱՊՐԵԼ»

Լույս է տեսել Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԻ

«Հրամայված է ապրել» պիեսների ժողովածուն

(«Վան Արյան», 2022 թ.):

Կարեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

գրականագետ

Սամվել Խալաթյանի «Հրամայված է ապրել» պիեսների ժողովածուում ընդգրկված են դրամաներ («Մի անգամ գարնանը», «Անանունը», «Հրամայված է ապրել», «Մռավ լեռան լուսաբացը», «Առնետային թագավորություն», «Թռչնաբույնը», «Սիրերգ»), մոնոդրամաներ («Մի ֆունտ սիրտ», «Սեր, ջազ, քահանա») և կատակերգություններ («Կանխիկ սեր, ապառիկ ամուսնություն», «Լուսնային ռապսոդիա», «Եկա, տեսա, պարտվեցի», «Քաղաքացիական ամուսինը»):

Դրամատիկական տարբեր ժանրաձևերում հեղինակն արտահայտել է ժամանակակից հայ մարդուն հուզող տարբեր խնդիրներ:

Ինչպես հետպատերազմական շրջանում ստեղծված շատ երկերում, այնպես էլ այստեղ ուշադրություն է դարձված 44-օրյա պատերազմի հոգեբանական արձագանքներին: Սակայն հեղինակը, հավատարիմ մնալով իր գրողական նախասիրություններին և իրականության գեղագիտական ընկալման կերպին, չի սրում ողբերգական շեշտերը, չի տրվում հոռետեսության ալիքին: Ներկայացնելով սոցիալ-հասարակական և ազգային ցավոտ հարցերը՝ Ս. Խալաթյանն ընթերցողին չի տանում դեպի փակուղի: Անկախ ժանրային պայմանաձևերից՝ պիեսներում այս կամ այն կերպ առկա են լավատեսությունը, դրական իմաստով շրջադարձ բեկումները, պայծառ-«հումորային» երանգները: Ժողովածուն իր ընդհանուր բովանդակային ուղղվածությամբ ապրեցնող է. դա է փաստում նաև խորագիրը («Հրամայված է ապրել»):

Ժողովածուում տեղ գտած համանուն վերնագրով պիեսը նվիրված է Արցախյան պատերազմի նահատակների հիշատակին: Տարբեր սերունդների միջև առկա հարաբերությունների պատկերմամբ դրամատուրգը ներկայացրել է հայ ժողովրդի ազգային ճակատագիրը և հոգեբանական նկարագիրը՝ ընդգծելով այն գաղափարը, որ հաղթողը երբեք չի մեռնում:

Դրամատուրգն իր գրական նախասիրություններին հավատարիմ է մնացել նաև այն պիեսներում, որտեղ արծարծված են սոցիալ-հասարակական հարաբերությունները:

Ժողովածուի բոլոր պիեսներում առկա են գեղարվեստորեն պատճառաբանված շրջադարձեր, որոնք ապահովում են երկի գործողությունների ակտիվությունը, ներքին շարժը: Կերպարներն ունեն ամբողջական բնավորություն և բավականին կոլորիտային են: Վառ են ընդգծված միջավայր-կերպար հարաբերությունները: Հեղինակը հմտորեն ներբերել է նաև գեղարվեստական դետալ-մանրամասներ, որոնք երբեմն ապահովում են պիեսի գործողությունների հերթական շրջադարձը՝ նպաստելով կերպարի էվոլյուցիային: Հմտությամբ են կառուցված պիեսների կոնֆլիկտները, որոնք հաճելի սպասման մեջ են պահում ընթերցողին: Կատակերգությունները հարուստ են դրության և խոսքի կոմիզմի տարրերով, որոնց օգնությամբ ստեղծվում է արդի հայ հասարակական-քաղաքական հարաբերությունների մանրակերտը:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։