Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ
2022-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ներբուհական հաջողությունները, մասնավորապես, կրթության համատեքստում համարում եմ շարունակական առաջնաքայլեր. հռչակավոր Ռոբերտ Ստուրուայի վարպետաց դասին մեր ուսանողների մասնակցությունը, Ս. Պետերբուրգից ժամանած միջազգային մրցանակների դափնեկիր Եգոր Գրաբարրի պլաստիկայի դասերը, բարձրակարգ մասնագետ Աննա Առաքելյանի՝ «Ինստիտուցիոնալ մարքեթինգի» մասին թրեյնինգը 21-րդ դարի ուսանողին մասնագիտական տիրույթում ուղղորդիչ, թանկ խորհուրդներով, հանդիպումները և այլն: Մեր թատերական բուհն առաջինը կազմակերպեց Գրետա Մեջլումյանի «Բեմական խոսքի ուսուցման համակարգը» կարևոր գրքի ինքնատիպ շնորհանդեսը: Չորս տարի է, որ Վանաձորի մասնաճյուղի շենքը վերանորոգվում է, բայց այդպես էլ չի հասնում իր ավարտին. ողբերգակատակերգական պիեսի թեմա է…
Իրար հաջորդող 3 պատմական դերերից հետո ինձ վստահվել էր 4-րդը՝ Տրդատ Ա-ն, ինքնատիպ ձևաչափով, բայց ռեժիսորի՝ պարոն Շահվերդյանի կորստյան պատճառով ընդհատվեց աշխատանքը: Արդի հայ դրամայի մասին միջազգային գիտաժողովին մասնակցելու (շնորհակալություն Անուշ Ասլիբեկյանին կազմակերպչական աշխատանքի համար) և գիտական ծավալուն հոդված գրելու համար ես պետք է կարդայի վերջին 12 տարվա տպագրված պիեսները… Հաճելիորեն զարմացա, որ պիեսների հեղինակներից ստանում եմ ջերմ շնորհակալություններ՝ անկախ նրանից՝ խոսել եմ արժանիքների, թե թերությունների մասին: Դրամատուրգիայի մասին խոսելիս պետք է լավ իմանաս թատրոնը, պարտադիր չէ գործնականորեն, բայց իմանալը պարտադիր է… Բազմակե՛տ:
Շնորհակալություն սիրելի Կարինե Խոդիկյանին մեր դրամատուրգիական կայքի մասին մշտապես հոգ տանելու համար, թատերագիտական ուղղվածությամբ «Թատերակետեր» կայքում էլ կան հետաքրքիր նյութեր (խմբ.՝ Տիգրան Մարտիրոսյան):
Եվ, մի շատ պատասխանատու հրավեր ստացա. միջազգային տիրույթում ներկայացնել արդի հայ դրամատուրգիան օտար լեզվով:
2023 թվականին թատերական դաշտում թող ստեղծագործական հրաշագործություններ լինեն, ունենք շնորհալի թատերագիրներ. թող գեղեցիկ անակնկալներ մատուցեն, իսկ մեր երկրին՝ ամրություն, ամրություն, ամրություն: