ԼԻՈՒԼԻ ՕԳՏՎԵԼ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

 

Tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է դրամատուրգ, թատերագետ

Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆԸ

 

 

Ինչպե՞ս կբնութագրեք  2019 թատերական տարին:

Ա. ԱՍԼԻԲԵԿՅԱՆ — Այս տարին նույնպես թատերային էր Հայաստանի համար՝ նոր ներկայացումներ, միջազգային թատերական փառատոներ, ԵԹԿՊԻ-ում հետաքրքիր ուսանողական բեմադրություններ, պետության կողմից դրամաշնորհների տրամադրում թատերական որոշ գործիչների և կառույցների: Սակայն խնդիրները նույնպես քիչ չեն՝ ավարտող ուսանողների և աշխատանքի ընդունվողների թվի անհամամասնություն, թատերական ոլորտի (այդ թվում և՝ կրթական) աշխատողների՝ դեռևս ծիծաղելի մնացող աշխատավարձեր, թատերագիտություն մասնագիտության դերի միտումնավոր նվազեցում և այլն: Այս բոլոր հարցերը գուցե և տեղն ընկնեն թատրոնի մասին օրենքի շնորհիվ, որն այդպես էլ անհասկանալի պատճառներով կյանքի չի կոչվում: Կարծում եմ՝ թատրոններում որոշ համակարգային փոփոխություններ պետք է տեղի ունենան, հասունացել է անցումային մի փուլ, որը դեռ ձևավորման և ձևակերպման ընթացքում է: Սակայն կարևորարգույն մի իրադարձություն, այնուհանդերձ, ճեղքեց սովորական թատերական տարին՝ ԿԳՄՍ նախարարության և Սունդուկյան թատրոնի կազմակերպած ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ նախագիծն էր Երևանի ավագ դպրոցների աշակերտների հետ, որն, ըստ էության, թատրոնի ոլորտում աննախադեպ մի իրադարձություն էր՝ Հայաստանում թատերական ոչ ֆորմալ կրթության առաջին փորձը աշակերտների հետ: Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի կողմից հրավեր ստացա դասախոսություն կարդալու այս ծրագրի շրջանակում և մինչև բուն ծրագրի իրականացումը կարդացի մասնակցության հայտ ներկայացրած աշակերտների մոտ 80 շարադրություն՝ ինձ համար մի շարք կարևոր և դրական բացահայտումներ անելով եկող սերնդի մասին: Մի քանի օր Սունդուկյան թատրոնի նորաբաց Փոքր բեմում աշակերտները ունկնդրեցին հանրապետության լավագույն թատերական գործիչների դասախոսությունները, մասնակցեցին նրանց վարպետության դասերին, իսկ որպես արդյունք՝ սեփական դասախոսություններով հանդես եկան իրենց դպրոցներում: Աշակերտների ոգևորությունն այնքան մեծ էր, որ արդեն պլանավորվում է եկող տարի ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը՝ գնալով մարզեր: Միայն նման ծրագրերով, գործնականորեն, հնարավոր է ինչ-որ բան տեղից շարժել, հետաքրքրություն առաջացնել արվեստի ու մշակույթի հանդեպ և կրթել ապագա հանդիսատեսին, արվեստասերին, ինչու ոչ՝ հայտնաբերել ապագա արվեստագետին:

 

Ինչպիսի՞ն էր անցնող տարին դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի համար:

Ա. ԱՍԼԻԲԵԿՅԱՆ — Տարին նշանավորվեց ինձ համար մի քանի կարևոր իրադարձություններով՝ Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված հնգօրյա գիտական նստաշրջանին և Հայ Ֆեստի ու ԵԹԿՊԻ-ի կազմակերպած ժամանակակից թատրոնի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցությամբ, որտեղ ներկայացրի «Թումանյանը հայ բեմում» թեմայով և արդի հայ դրամատուրգիային նվիրված զեկուցումներս: Երկրորդ կարևոր իրադարձությունը պիեսներիս գերմաներեն և լեհերեն թարգմանությունների փաստը և դրանց հրատարակումներն են: Դեռևս 2015 թվականին միջազգային թատերական փառատոներից մեկում ներկայացնելով «Մերսեդես» պիեսս՝ Վարշավայի համալսարանի պրոֆեսոր թարգմանիչ, բանասեր, թատերագետ Անդրեյ Մոսկվինի կողմից առաջարկ ստացա հայ ժամանակակից գրողների պիեսների անթոլոգիա կազմել: Այս տարի առաջարկությունն իրականություն դարձավ և Վարշավայում լեհերենով լույս տեսավ «Արդի հայ դրամա» (Վարշավա-2019) անթոլոգիան, որտեղ ընդգրկվեցին իմ, Կարինե Խոդիկյանի, Սամվել Խալաթյանի, Սառա Նալբանդյանի և Էլֆիք Զոհրաբյանի պիեսները: Նաև գրքի առաջաբանի հեղինակն եմ: Հայ Ֆեստ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ ժողովածուի շնորհանդեսը, որի ժամանակ Մոսկվինի կողմից հնչեց երկրորդ անսպասելի առաջարկը՝ կազմել անթոլոգիայի երկրորդ գիրքը, որի վրա աշխատանքներն արդեն սկսել ենք: Պիեսս տպագրվեց նաև Վարշավայի հեղինակավոր «Դիալոգ» թատերական ամսագրում (թարգմ.՝ Յակուբ Ադամովիչ): Նշանակալից եմ համարում նաև գերմանացի ընթերցողի հետ ծանոթությունս: Նախ՝ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գերմանացի գրողների տարեգրքում (Օդա 3/2019) ընդգրկվեց պիեսիս գերմաներեն թարգմանությունը, ապա՝ գրողներ Բենիկ Ստեփանյանի և Ագապի Մկրտչյանի հետ հրավիրվեցինք մասնակցելու Մակդեբուրգ քաղաքում ՛՛InterLese 2019՛՛ գրական ընթերցումների փառատոնին, ուր բանաստեղծություններիս թարգմանությունների հետ (թարգմ.՝ Ագապի Մկրտչյան) ներկայացրի նաև հատվածներ պիեսից՝ զգալով գերմանաբնակ ընթերցողի հետաքրքրությունն ու համակրանքը հայ գրականության հանդեպ:

 

Ինչպե՞ս կբնութագրեիք դրամատուրգ և թատրոն հարաբերությունները, բնականաբար, մեր իրականությունում:

Ա. ԱՍԼԻԲԵԿՅԱՆ — Այս հարցը մեր թատերական իրականության ամենախնդրառատ հարցերից է, որտեղ բացերը շատ են: Չնայած դրամատուրգ-թատրոն հատուկենտ հաջողված փորձերին՝ երկուստեք անվստահություն կա ռեժիսորների և դրամատուրգների միջև, ճշտված չեն հեղինակային իրավունքի խնդիրները: Այս և ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցերի մասին հնարավորություն ունեցա արտահայտվելու արդի հայ դրամատուրգիային նվիրված ՀԳՄ լիանիստի ժամանակ (17. 05. 2019 թ.), ներկայացնելով «Արդի հայ դրամատուրգիայի և թատրոնի խրթին փոխհարաբերությունները» խոսուն վերնագրով զեկուցումս: Հոդվածն ամբողջությամբ տպագրվել է «Գրական թերթում» և, ցավոք սրտի, դրանում հնչած բոլոր մտահոգություններս դեռևս ակտուալ են: Առաջարկվեց երկրորդ նիստ գումարել՝ արդեն ոլորտի բոլոր մասնագետների մասնակցությամբ, ինչին դեռ սպասում ենք: Հուսամ՝ իմ և մի շարք գրողների հնչեցրած հարցերը օդում կախված չեն մնա, անշուշտ, սա ասում եմ ոլորտի բարելավմանը ուղղված միջոցառումներին նպաստելու պատրաստակամությամբ:

 

Ամանորյա Ձեր մաղթանքը կայքի ընթերցողներին:

Ա. ԱՍԼԻԲԵԿՅԱՆ — Բոլորին մաղթում եմ նոր տարում լիուլի օգտվել երջանիկ լինելու իրենց իրավունքից, որը հնարավոր չի լինի նախ և առաջ՝ առանց ընթերցանության, մեզ շրջապատող երևույթների հանդեպ առողջ և սթափ վերլուծական վերաբերմունքի և բարձր արվեստի հետ առնչության:

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։