ՀԹԳՄ ՎԱՆԱՁՈՐԻ ՍՏՈՒԴԻԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Ս. Պետերբուրգում տեղի ունեցավ Բրյանցեվի անվան միջազգային հեղինակավոր փառատոնը, որին մասնակցում էին Ռուսաստանը, Աբխազիան, Բելոռուսիան և այլ երկրներ: Մեր երկիրը ներկայացնում էին Հայաստանի թատերական գործիչների միության, 53-ամյա պատմություն ունեցող Վանաձորի թատերական ստուդիան, որի ղեկավարն է բան. գիտ. թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը: Իր հարցազրույցում փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Սերգեյ Շելգունովը հայտնեց, որ փառատոնին մասնակցելու համար 250 ներկայացումներից ընտրվել է 20 լավագույնը, այդ թվում՝ Հայաստանինը:
Հ. Ք. Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթը նոր մոտեցմամբ բեմականացրել ու բեմադրել էր Էլֆիք Զոհրաբյանը, որը նաև Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի առաջատար դերասաններից է: Թատերական հայտնի քննադատ, «Ոսկե դիմակ» հեղինակավոր մրցանակաբաշխության ժյուրիի երբեմնի անդամներից Ալեքսեյ Պասուեվը, որը նաև այս փառատոնի անդամ էր, մասնավորապես նշեց. ««Թագավորի նոր զգեստը» ներկայացումը հայ ստուդիականների կատարմամբ շատ վառ, պարադոքսալ, անսպասելի, լի էմոցիոնալ հագեցվածությամբ էր։ Դիտելիս չէինք կռահում, թե ինչ է լինելու, կամ հաջորդ վայրկյանին ինչ է անելու այս կամ այն կերպարը, ինչպես նա կկատակի, ինչ կասի։ Շատ կենդանի, պարդոքսալ, թատերային, իմպրովիզացիոն դերասանական համախումբ էր։ Սա շատ ինքնատիպ ներկայացում էր և նման չէր մեր իմացած ներկայացումներին։ Զգացմունքային առումով հագեցած էր և կարծես սպասում էր էմոցիոնալ փախադարձության։ Բոլորս այս ներկայացման վերջում լսեցինք օվացիաներ։ Իրոք, շատ կարևոր պահ է, որ տեսնում ենք հայտնի սյուժեն բավականին անսպասելի, պարադոքսալ, գրավիչ մեկնաբանությամբ։ Հենց դրա համար էլ տեղի են ունենում միջազգային փառատոններ, որպեսզի նայենք այն դիտակետից, որը նման չէ քո սեփականին և այսպիսով ընդարձակել մտահորիզոնդ, ընկալումներդ այս կամ այն հեղինակի գործի մասին»:
Վանաձորցի ստուդիականների ներկայացումն պարգևատրվեց հատուկ դիպլոմով և նվերներով, մասնագիտորեն գնահատվեց Է. Զոհրաբյանի բեմականացման նորովի մեկնաբանությունը: Ստուդիականները մասնակցեցին նաև վարպետաց դասերի, տեղի ունեցան կլոր սեղան-մասնագիտական քննարկումներ, կազմակերպվեց էքսկուրսիա Ս. Պետերբուրգի տեսարժան վայրերում, նրանք եղան Էրմիտաժում, ինչպես նաև դիտեցին Կարամզինի «Խեղճ Լիզա» դասական պիեսի մյուզիքլը պատանի հանդիսատեսի թատրոնում: ՀԹԳՄ այս ստուդիան, որ եզակի է Հայաստանում որպես մարզային բաժանմունքին կից, ստացավ տարբեր հրավերներ: Ռուս հանդիսատեսն անգամ հայտնեց, որ կարիք չկար համաժամանակյա թարգմանության, որովհետև ամեն ինչ այնքան հասկանալի էր ու համամարդկային:
Ներկայացման մեջ կար նաև քաղաքական նուրբ ենթատեքստ. «Երկիրը միշտ պետք է ղեկավարի առողջ մտածելակերպով մարդը, որը մտածում է ոչ թե ես-ի, այլ մենք-ի մասին…»: Այս թատերական ստուդիան, որ հիմնադրել է նշանավոր արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, տվել է բազմաթիվ անվանի անուններ և կատարել է գրեթե թատերական բուհի դեր Լոռու մշակութային կյանքում, մինչև ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի ստեղծումը: