Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ / PRO MAX 

ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

ԱՐՄՄՈՆՈ 2023

(ընտանեկան սկետչ)

Տանը:

ԱՄՈՒՍԻՆ 

Դե էդքան համարձակություն ունես, միանգմամից ամուսնալուծվիր: Ո՞ւմ ես սպասում: Ինչ լինում է, վազում է մոր գիրկը: Նա էլ փոխանակ մեծավարի կանխի սխալներդ, կրակի վրա 150 լիտր բենզին է լցնում: Իսկ եթե մերն իմացավ, հանրապետության կեսը քննարկելու է մեր ընտանեկան թեմաները: Բա ընկերուհիները. պետք է ամեն ինչ մանրամասն իմանան, ամեն ինչ… Մարդ կրակն է ընկնում կնոջն իր հետ  տեղ տանելով. սրան մի նայիր, էն մեկին երկար ես զննում, էդ կարճ շրջազգեստ հագածի հետ ինչի երկար խոսեցիր, նա ինչո՞ւ աչքերը քեզնից չէր կտրում: Է, վրես նայելու բան կա, նայում է: Այ քեզ բան: Ոչ մի ֆինանսական խնդիր, ամեն հարց լուծված է, որ բարեկեցիկ ապրի, բայց էլի դժգոհ է, էլի մուննաթ… (Դադար:)

Ախպե՛րս, բարև: Կռվել ենք, գնացել է մոր տուն… Հա՛, նորից… Ընտանեկան պարտավորությունները չգիտի՝ ինչ են… Էլի ի՞նձ ես մեղադրում: Է՞լ ինչ անեմ. ուզածն ստանում է, ասի՝ գնա Մակրոնի մեքենան 2 օրով բեր, կբերեմ…  Չի լինի էսպես… Վախենում ենք իրար հետ զրուցելուց… Հիմա էլ դո՞ւ… Գժվե՞լ եք: Էլի եմ ասում՝ իմ կյանքում ոչ մեկը չկա… Ձե՞ռ ես առնում, ա՛յ ախպեր… (Դժվարությամբ:) Ամուսնանալիս իր ամեն ինչն էլ ինձ դուր էր գալիս. հատկապես աչքերը, ախ, էդ աչքերն իմ երազանքի պատին էր միշտ, հա, ֆեյսբուքի պատի ավատարի պես: Ինչ հմայիչ սատանաներ կային  դրանց մեջ, դե ու մնացածը… Ինձ համար, հա՛, ուրիշ հմայիչ կին չկար աշխարհում: Նա գիտեր՝ ես ինչ եմ սիրում, ինչից եմ հաճույք զգում, երբ կարող եմ ծիծաղել ու բարձր տրամադրություն ունենալ… Դե էլ ի՞նչ հետո. մնացած ամեն ինչն էլ գիտես… Իրենից հետո ոչ մի կնոջ չեմ նայել: Ա… գժվե՞լ ես, իրոք չեմ նայել… Ի՞նչ Սոնա: Ասում եմ՝ չէ՛: Հասկացա, որ անտարբեր չի իմ հանդեպ, բայց հասկացրի, որ ամուսնացած եմ ու անգամ մտքի ծերով չմտածի ուրիշ բաների մասին… Խնդրեմ: Դե խոհանոցի թագուհին է կինս, դա չեմ կարող ուրանալ, աշխարհի վարպետները նրա մոտ սկսնակ կարող են երևալ. ամեն օր մի նոր բան է հյուրասիրում, մատներդ հետը կուտես: Դե մնացած հարցերում էլ ամեն ինչ լավ է… Մենակ չի հասկանում՝ ինչ է ուզում կյանքից… Մի էնպիսի սկանդալ սարքեց, որ եթե հայտնի դեմք լինեի, լրագրողների համար նյութ էր. մուրաբայի ամբողջ տեսականին մեր հյուրասենյակի պատի վրա է դատարկել… Լուրջ եմ ասում՝ ինձ թվաց հոգեկան հիվանդություն է ձեռք բերել, անգամ մի պահ վախեցա: Մեկ կիլոգրամանոց բանկաները խփում էր պատին, իսկ ես ներքևում փռված էի բազմոցին ու հանգիստս էի վայելում: Սև հանգիստ բերեց գլխիս: Դե հիմա թեյ եմ խմում ու պատի վրայից լիզում եմ մուրաբան: Թող գա, մաքրի ու ներկի պատերը… Խնդում ես, բայց լացելու բան է… Ո՞ւր կորար, լսո՞ւմ ես ինձ: Լա՛վ, դու գնա տելեգրամիդ նամակներին պատասխանի, ինչ ասեմ: Լա՛վ: (Անջատում է հեռախոսը:)  Ասա՝ գիտես՝ ինչ հոգեվիճակում եմ, նամակներին պատասխանելու ժամանակ գտա՞ր: Կամ գոնե էս 5 րոպեն ինձ լսեիր, ա՛յ ախպեր, նամակներդ հո չեն փախչի: Մեկ էլ կինս էր, վերցնում էր հեռախոսն ու՝ քար լռություն: Մեկ է՝ աղջիկ ջան, առանց ինձ չես կարող երկար ձգել…

Լռություն:

     Շան աղջիկ, կարոտել եմ… Միայն բացբերանությանդ թարգը տուր…  Ես ոչ մի կարոտ չպետք է ցույց տամ: Ախորժակիդ՝ քացախ: Թող քիթդ աղաղվի, հերի՛ք եղավ: Բայց տեսնես՝ ե՞րբ կգա տուն… (Սկսում է զբաղվել հեռախոսով:)  Գիտեմ՝ կգա, կամ… կամ… ես ինքս ինձ կհաղթեմ ու…

Հայրական տանը: ճամպրուկներից հանելով զգեստները:

ԿԻՆ 

Դե էդքան համարձակություն ունես, միանգմամից ամուսնալուծվիր: Ո՞ւմ ես սպասում: Ինչ լինում է, վազում է մոր գիրկը: Նա էլ փոխանակ մեծավարի կանխի սխալներդ, կրակի վրա 160 լիտր բենզին է լցնում: Իսկ եթե մայրն իմացավ, հանրապետության կեսը քննարկելու է մեր ընտանեկան թեմաները: Բա ընկերները. պետք է ամեն ինչ մանրամասն իմանան, ամեն ինչ… Մարդ կրակն է ընկնում ամուսնու հետ տեղ է գնում.  սրան մի՛ նայիր, էն մեկին երկար ես զննում, էդ հին ծանոթիդ  հետ ինչի երկար խոսեցիր, էն մյուսն ինչո՞ւ աչքերը քեզնից չէր կտրում: Է, նայելու բան կա, նայում է: Այ քեզ բան: Ոչ մի կենսական խնդիր. ամեն հարց լուծված է, որ բարեկեցիկ ապրի, բայց էլի դժգոհ է, էլի մուննաթ… (Դադար: Զգեստները կրկին ճամպրուկի մեջ դնելով:) Էս անգամ վերջ, իսկականից վերջ: Ընտանեկան պարտավորություն ասվածը գոնե գիտե՞ս ինչ է:  Հոգնած տուն ես եկել, միշտ վայելել ես համեղ ուտեստներ, ամեն ինչ պատրաստված է եղել: Է՞լ ինչ անեի: Թող չվախենա ու զրուցի ինձ հետ, ասի՝ իր մեղքի պատճառները… 

Ալո՛, Մարի, բա՛րև… Հա՛, ճիշտ զգացիր: Եկել եմ հայրական տուն ու էլ չեմ գնալու, էլ չստիպես… Հա, հետո՞ ինչ: Նա գիտեր՝ ես ինչ եմ սիրում, ինչից եմ հաճույք զգում, երբ կարող եմ ծիծաղել ու բարձր տրամադրություն ունենալ… Դե էլ ի՞նչ հետո. մնացած ամեն ինչն էլ գիտես… Դե դա չեմ կարող ժխտել. թագուհու պես է պահել: Եղել է՝ զգեստ եմ հավանել մի այլ երկրից, հասել է, գնել, բերել: Հա՛, բայց ո՞վ չէր հասնի ինձ համար: Դե մնացած հարցերում էլ ամեն ինչ լավ է… Չի հասկանում՝ ինչ է ուզում կյանքից… Մի էնպիսի սկանդալ սարքեց, որ եթե հայտնի դեմք լինեի, լրագրողների համար նյութ էր. մուրաբայի ամբողջ տեսականին մեր հյուրասենյակի պատի վրա եմ դատարկել… Լուրջ եմ ասում՝ ինձ թվաց հոգեկան հիվանդություն է ձեռք բերել ամուսինս, անգամ մի պահ վախեցա: Մեկ կիլոգրամանոց բանկաները խփում էի պատին, իսկ ինքը փռված էր բազմոցին ու հանգիստն էր վայելում: Սև հանգիստ բերեցի գլխին: Թո՛ղ հուշ մնան պատերը…  Ծիծաղում ես, բայց լացելու բան է… Ո՞ւր կորար, լսո՞ւմ ես ինձ: Լա՛վ, դու քո գնա տելեգրամիդ նամակներին պատասխանի, ինչ ասեմ: Սպասում եմ, պատասխանի՛ր: (Մեկուսի:) Ասա՝ գիտես՝ ի՛նչ հոգեվիճակում եմ, նամակներին պատասխանելու ժամանակ գտա՞ր: Կամ գոնե էս 5 րոպեն ինձ հետ շփվիր, ա՛յ աղջիկ, նամակներդ հո չեն փախչի: Մեկ էլ նա էր, աչքերիս առաջ… ու՝ քար լռություն: Մեկ է՝ առանց ինձ չի կարող շատ ձգել…

Լռություն:

       Շան որդի, կարոտել եմ…, բայց ոչ մի կարոտ չպետք է ցույց տամ: Ախորժակիդ՝ քացախ: Թող քիթդ աղաղվի, հերիք եղավ: Բայց տեսնես՝ երբ կգա հետևիցս, քանի օր եմ տանջվելու առանց նրա… Մարի՞, ավարտեցի՞ր: Հա՛, գժվել եմ ու խոսում եմ ինձ ու ինձ… Կարճ կոնկրետ ասեմ՝ ինձ դավաճանում էր իմ իսկ ներկայությամբ, ժամերով՝ տարված նրանով… Չեմ կատակում, սրտովս գնա… Հա՛, դավաճանելը պոզով ու պոչո՞վ է լինում: Միասին բացահայտ պառկում էին բազմոցի վրա, իսկ ես նստած էի բազկաթոռին, մի անգամ եմ հայացք գցել նրանց վրա ու… վերջ… Ո՛չ, ես ինձ թույլ չէի տա բան ասել նրանց: Ու ամուսինս աստիճանաբար դարձավ սառույց… Չէ՛, ինչ անում է, աչքիս առաջ է անում… Մարի, ձեռ չեմ առնում, արդեն զայրացնում ես… Հա՛, անգամ միասին արտաքնոց են մտնում, հաց ուտելիս միասին են… Չէ՛, ինձ վրա չեն նայում, ասես եղած-չեղած: Ամուսինս երբեմն ժպտում է քթի տակ, ծիծաղում, ու բաց չի թողնում նրա սև մարմինը… Ես հոգնել եմ, անհնար է էսպես ապրել… Կողքը մարդ մեռնի, ամուսինս կարող է չնկատել… Իհարկե, մի բան էլ ես խոստովանեմ. էնպես չի, որ ես չեմ «դավաճանում» իրեն, բայց ոչ էդքան երկար: Հետո իմը գործնական դավաճանություն է, ու բաց, նրա աչքի առաջ: Բայց ամեն ինչ չափ ունի: Երբ ամուսինս ինձ հարց է տալիս, ես դադարեցնում եմ ամեն ինչ ու պատասխանում, բայց ինքը՝ ոչ… Ո՞ւմ ես անվանում ցնդածների ընտանիք, Մարի՛… Հա՛, վերջին 2 տարում էդ տեսակ  հարաբերությունների մեջ ենք… Դե կյանքն է ստիպում: Ի դեպ միայն մենք չէ, որ իրար աչքի առաջ դավաճանում ենք… Շատ ընտանիքներ գիտեմ… Հա՛, հավատա՛… Ամուսին կոչվածն իմ աչքերի առաջ գրկում է նրա սև մարմինը ու… Ոնց չլացեմ. դա դարիս դժբախտությունն է… Ի՞նչ ե՛ս, ի՞նչ ե՛ս, Մարի… Դու նրա՞ն ես արդարացնում: Ես նրա չափ չեմ դավաճանում… Ինձնից չէի՞ր սպասում: Սրանից հետո ամեն ինչ էլ սպասեք: Դեպի կատարելությունը թռչող մարդու թևերը չեն կտրում դադար առնելու պահին… Ինձ չեք էլ հասկանա… Հիմա ո՞վ է ում հասկանում… Ինչո՞վ պետք է ինձնից առավել լինի, Մարի: Դա ի՞նչ հարց է… Այդ սև օձը բոլորին իրենով է արել: Ոչ մեկն անտարբեր չի մնում նրա հանդեպ… Հա՛, նա բոլորից հմայիչ է, այլապես բոլոր տղամարդիկ չէին վազի նրա հետևից: Կանայք նույնպես ետ չեն մնում… Չեմ խելագարվել, հա՛, ավաղ, կանայք ևս իրենց ընտանիքի անդամների ներկայությամբ տրվում են նրան… Ու՞մ հետ են դավաճանում: Անո՞ւնն ես ուզում իմանալ: Ասեմ՝ 14 Pro Max, այֆոն 14 Pro Max…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։