Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ… ՉՎԵՐԹ N…
ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ
ԱՐՄՄՈՆՈ 2023
ՆԵ
Հիմա կարևորը՝ արագ անցնեմ պասպորտ կանտրոլից, բագաժս հանձնեմ առյուծի երախին (ականջդ կանչի, Արթուր Հեյլի, ՛՛Օդանավակայան՛՛ վեպդ կարդացած չլինեի, որտեղի՞ց իմանայի, որ միայն անհույս լավատեսը կարող է ճամպրուկը դնել առյուծի երախ անունը ստացած շարժական սև ժապավենին ու հույս ունենալ, որ ետ կստանա)… Էլի շեղվեցի, իսկ դիմացս կանգնած թեթևաքարշ աչոնիկը վաղուց ինձնից առաջ է անցել. տեղից պոկվում, հասնում ու անցնում եմ աչոնին՝ նրա քթի տակից թռցնելով պլաստմասե տաշտակը, հանում եմ ժամացույցս (թե ինչիս է ժամացույցը՝ հեռախոսը ձեռքիս վաղուց է սերտաճել, ընդամենը թիթիզություն՝ ախր շա՜տ ոճային է ու տղայիս նվերը), կողքն եմ դնում այֆոնս, անձնագիրս, թեթև վերարկուս ու պայուսակս: Ու րոպեներ անց հայտնվում եմ սպասասրահում՝ փա՜ռք երկնային տիրոջը (բայց օդակայանում այս բառերը ավելի խոր իմաստ են ստանում, չէ՞)… Չէ, շտապեցի, մինչ այդ անպայման անցնում եմ dute free-ով, մի երկու օծանելիքի պրոբնիկ շնչում-արտաշնչում (ձևականություն, աղջիկս շատ հետևողականորեն լրացնում է պաշարս)…
Վե՛րջ, թռիչքային ծիսակարգիս առաջին մասը կատարված է: Անցնենք երկրորդին: Սրա համար նախապես հաշվարկված ժամանակն ունեմ: Հո իզուր չէ՞ր թռիչքից երեք ժամ առաջ այստեղ հայտնվելս… Ու հիմա կարող եմ անշտապ անցնել սրճարանների կողքով, գիտեմ՝ ինչ եմ ուզում՝ համեղագույն սուրճ ու թխվածք, ուրեմն՝ ֆրանսիական կամ իտալական սրճրարան, որը որ առաջինը հանդիպի: Ըհը՛, սա քեզ իտալականը, սա էլ՝ սրահի խորքում ազատ սեղանը: Նստում եմ և որերոդ անգամ գոհության խոսք ուղղում օդանավ, օդակայան ու սպասասրահում սրճարան հորինողներին՝ ես ձեզ պաշտո՜՜՜ւմ եմ…
- Ի՞նչ կցանկանաք,- մատուցողը արտիստիկ շարժումով մենյուն մեկնելը համատեղում է պրոֆեսիոնալ ժպիտի ու հարցի հետ:
Նրան հուսախաբ չեմ անի՝ պատվիրում եմ մի ափսե թխվածք ու կրկնակի ամերիկանո: Ես թխվածք ուտում եմ նոր տարուն՝ մի կտոր տիրամիսու, ծննդյան տորթիցս՝ նեղլիկ մի շերտ, ու վերջ… Այսինքն՝ մնացած օրերին թխվածքի համար տեղ չկա: Մի բացառությամբ. թռիչքից առաջ: Որովհետև որքան էլ պաշտում եմ օդային ճանապարհորդությունը, պրագմատիկ միտքս չափավորում է էմոցիոնալ պոռթկումս հնարավոր օդային վթարի պաղ ուրվականով ու արդարացնում քաղցրակեությանս վակխանալիան, — նվագելուց բացի նաև խորիմաստ նախադասություններ կառուցել գիտեմ…
Թվով երկրորդ տիրամիսուի կտորը ոչնչացնելուց հետո հայտարարում եմ փոքրիկ ընդմիջում, ինչը նշանակում է՝ շուրջբոլորս եմ նայում: Ես հետաքրքրասեր չեմ. ինձ շրջապատող աշխարհը ընդամենը ֆոն է՝ լինի փողոցում, տրանսպորտում թե համերգասրահում, և այդ աշխարհը զուգահեռ անցնում է՝ չդիպչելով ինձ: Բայց այստեղ՝ օդակայանում, մի փոքր այլ է: Ես զննում եմ սեղանների մոտ նստած, քիչ այն կողմ անցուդարձ անող մարդկանց, նրանց միջից ընտրում-առանձնացնում եմ որոշներին՝ հիմնականում տարբերվող տեսակին… Սրա պատասխանն էլ ունեմ՝ գուցե ենթագիտակցորեն մտապահում եմ մարդկանց, որոնց հետ, հնարավոր է, կիսեմ կյանքիս վերջին վայրկյանները… Չէ, չմտածեք, ես անհողդողդ (բառ եմ ասել, է՜) լավատես եմ, բայց գուցե հենց այդ լավատեսությունն է ստիպում թռիչքից առաջ նման մտքեր ունենալ՝ վայրկյան իսկ չկորցնելով ապրելու համն ու ինքնահեգնանքի հոտը… համն ու հոտը: Կողքիս սեղանից խոսակցության պատառ է հասնում. ՛՛…Էրեխեքը լա՞վ են… Հա, հեսա՝ պասադկի կկնաչեն… չէ, լավաշը չեմ մոռացել… բաստուրմա-սուջուխն էլ՛՛: Ե՜վս մի ազգային խոհանոցի հայրենասեր, որ ընտանիքով քոչել է ՛՛որտեղ հաց-էնտեղ կաց՛՛ մի տեղ ու հայրենիք կարճատև այցից իր օջախն է տանում լավաշն ու մնացածը… Ծուլորեն մտքերս եմ որոճում, իսկ հայացքս սահում է դեմքերի վրայով… Վերադառնում է սուրճիս բաժակին, նորից անցնում բվվացող սպասասրահի վրայով… Ում օրը բաժանված է ժամերի ու րոպեների, ով ապրում է non-stop ռեժիմով, միայն նա կհասկանա ինձ հիմա՝ երեք ժամ առանց իրարանցումի, շտապել-չուշանալու, առանց զանգել-հանդիպելու հարահոսի. այս երեք ժամը ես աշխարհի բոլոր պարապ գործերի նախարարն եմ, նույնիսկ՝ նախագահը և կարող եմ ինձ թույլ տալ պարզապես նստել-նայել և՝ այսպես շարունակ… կասեր հայտնի բլոգերը:
Ո՞ր պահից զգացի, որ ինչ-որ մեկը անթարթ նայում է ինձ: Ե՞րբ ինչ-որ անբացատրելի ծանրություն զգացի, կամ նման մի բան… Հա, շատերին ծանոթ զգացում է, բայց՝ տհաճ: Գոնե ինձ համար: Ես ոչ մեկով չեմ հետաքրքվում ու նույնը պահանջում եմ բոլորից… Րոպեներն անցնում են, իսկ զգացողությունը չի անցնում: Չէ, սա արդեն անտանելի է, հարկավոր է ինչ-որ բան անել: Բայց ի՞նչ… Հայացքը թիկունքից է, աջ կողմից, շրջվե՞մ… Չէ, չե՜ղավ, եթե իրոք ինչ-որ մեկը ինձ է զննում, որքան էլ փորձեմ, շրջվելս նրանից աննկատ չի մնա… Իսկ գուցե ոչինչ էլ չկա՞… Բայց չէ, իմ բնազդը (թե՞ մի այլ բան) վստահեցնում է՝ դու ինչ-որ մեկի ուշադրության կենտրոնում ես… Չէ, եթե դա համերգասրահում է, այսինքն՝ ես՝ բեմին, մյուսները՝ ներքևում, դա ոչ միայն բնական է, այլև պարտադիր: Մնացած բոլոր դեպքերում գերադասում եմ ՛՛անտեսանելի՛՛ մնալը: Ու հատկապես օդակայանում, ինքս ինձնից գողացած այս ժամերի ընթացքում: Եվ ինչ-որ մեկին թույլ չեմ տա…
Սպասիր, սիրելիս, իսկ իրո՞ք կա այդ հայացքը, թե՞ նյարդերս են խաղեր տալիս… Հենց հիմա դա կստուգենք: Ես դանդաղ բարձրանում եմ ու գնում դեպի ապակյա ցուցափեղկը… Իբր զննում եմ թխվածքները (սիրտս արդեն խառնում է), հետո մոտենում եմ բարմենին, ժամանակ ձգելու համար բառեր փոխանակում-ժպտում ու ֆրեշ պատվիրում: Շրջվում եմ, ալարկոտ ուղղվում դեպի սեղանս… ու հասցնում եմ բռնել այդ մեկի հայացքը: Ընդամենը մի ակնթարթ ուշ է թեքում գլուխը, բայց ես արդեն տեսել եմ քեզ… Հուսամ, հետաքրքրությունդ սպառվեց, նոր օբյեկտ փնտրիր: Նստում եմ, րոպե չանցած՝ նորից… Դե ինչ, ստիպում ես վերհիշել պատկերդ, ակնթարթային անծանոթ: Տեսողական հիշողությունս՝ երաժշտական լսողությանս հետ, աշխարհի վերջն է, ու հիմա այն գալիս է ինձ օգնության ու ասում՝ դու այդ մեկին գիտես: Ու մինչև ինքս ինձ համար կճշտեմ նրա ով լինելը՝ սիրտս հասցնում է կծկվել: Կծկվե՞լ… վերջին անգամ ե՞րբ է այսպես սեղմվել ու շունչս ճզմել… Չէ, չի կարող պատահել… անհնար է… Նախ՝ քսան… մեկ տարի ու քանի՞ ամիս է անցել վերջին հանդիպումից: Եվ հետո՝ ինչքան գիտեմ, վաղուց ապրում է երկրագնդի ուղիղ հակառակ կողմում: Դա, իհարկե, այս ժամանակների համար հեչ բան է, բայց նրա աշխատանքը… կիսագաղտնի ու համարյա անհայտ… Իսկ այս խառնակ օրերին նման գաղտնագրված ընկերոջը դժվար դուրս թողնեն փակ տարածքից… Հա, բայց ինքն է: Ոնց է փոխվել… ինչքան՝ ես: Եթե կինը կարողանում է հնարքներով պահել նախկինից ինչ-որ բան, տղամարդուն դա չի հաջողվի՝ ճաղատը չես ներկի, կնճիռները չես արդուկի… մի խոսքով: Բայց ինքն է: Միայն ինքը կարող է այդպես նայել՝ ասես ռենտգեն ճառագայթով շամփրում է ուղեղդ ու… Ես զգաստանում եմ՝ եթե ինքն է ու իրոք անթարթ հետևում է ինձ, ուրեմն շատ հեշտ կարող է գուշակել հոգեվիճակս: Իսկ այս պահին հոգեվիճակս շփոթված հավի հոգեվիճակին է համահունչ… Չնայած պահի երկիմաստությանը, հասցնում եմ պատկերացնել շփոթված հավին, գնահատել տտիպ հումորս ու ինքս ինձ կարգի հրավիրել՝ հայտարարում եմ թիվ մեկ զգոնություն, և այս ամենը՝ հաշված վայրկյանների ընթացքում: Ես թուլացնում եմ պարանոցիս մկանները՝ հո չե՜ն լարվել… շատ դանդաղ, համարյա աննկատելի անհոգություն եմ տալիս նստած դիրքիս ու երբ մատուցողը բերում է թարմ հյութով երկարավիզ բաժակը, և՛ գլխիս թեթևակի հավանություն տվող շարժումը, և՛ բաժակը ինձ մոտեցնելը, և՛ բիսկվիտից մի փշուր պոկելն ու նրբագեղ կորագծով բերանս տանելը կատարում եմ անթերի… Հուսամ, ինձ չեմ բացահայտել: Իսկ որ չպիտի բացահայտեմ, գոնե առժամանակ, դա անպայման է: Մեր վերջին հանդիպումը մենամարտի ելած գլադիատորների բաժանում էր՝ ոչ ես, ոչ նա մտքներովս չանցկացրինք, որ կարող էինք մի վերջին անգամ հանդուրժող լինել, թեև, հանուն արդարության ասեմ, որ այդպիսի վերջին անգամը մի քանիսն էին… Այո՜, ժամանակներ էին… ինձ թույլ եմ տալիս մտքումս ժպտալ՝ ախր շատ իրասածի… էծ էի թե ավանակ… Ջահել էի: Սրանով ասված է ամեն ինչ:
Ինձ համար էլ անսպասելի՝ նեղսրտում եմ այնքան, որ քիչ է մնում տեղիցս ելնեմ ու գնամ սպասասահի մյուս ծայրը. հերիք չէ գրողի ծոցը գնաց պարապ երեք ժամերիս հրճվանքը, փոխարենը հոգիս խռովվեց՝ իմ հանդարտ, կանոնակարգված ներաշխարհը: Եվ հետո, ուր էլ փախչեմ, այս լարվածությունն ու անորոշ սպասումը ինձ բաց չեն թողնի: Այսքանը ինձ բացատրելուց հետո մի բան է մնում՝ թույլ տալ գոնե մի քանի րոպե հին օրերի պես լսել սեփական սրտիս թավալգլոր զարկերը, իսկ հետո… հետո գուշակել դեպքերի հետագա ընթացքը: Զարկերը մի կերպ հանդարտեցրինք, անցնենք հաջորդ փուլին՝ ի՞նչ է սպասվում…
Տարբերակ առաջին. մոտենում է ինձ:
Այստեղ երկու զարգացում կա՝
ա/ Իբր՝ տեղը չեմ բերում, զարմացած բարձրացնում եմ խնամքով մշակված հոնքերս ու սպասում, որ առաջինը ինքը խոսի…
բ/ Առաջին իսկ պահից նախաձեռնությունը վերցնում եմ ձեռքս ու նա՝ դեռ կարգին չմոտեցած՝ լայն ժպտում եմ ու գեղգեղում՝ ՛՛Այ քեզ հանդիպո՜ւմ…՛՛:
Երկրորդ տարբերակը՝ չի մոտենա, չի ուզենա մոտենալ կամ չի կարողանա՝- կարևոր չէ: Որովհետև չի կարող չմոտենալ…
Հանկարծ մտքովս անցնում է՝ ինչ տեսք ունեմ աջ կողմից: Ընդհանրապես ես ինձ տեսնում եմ անֆաս՝ լվացվելիս, շպարվելիս, մի խոսքով… ու կարծես ամեն ինչ նորմալ է, որքան նորմալ կարող է երևալ քառասունն անց կինը: Իսկ կողքի՞ց, այն էլ՝ աջի՞ց… Էկրանի համար, ասում են, կա դեմքի աշխատող կողմ՝ հաղորդավարներն ու մնացած էկրանային պլանկտոնը լավ գիտեն՝ որ կողմից շահեկան երևան: Ես չգիտեմ, բայց հիմա կուզեի նվազագույն վստահություն ունենալ, որ հենց աջ կիսադեմս է այդ աշխատանքայինը ու… Ե՞րբ եմ խելքի գալու: Ինչ լավ է, որ ինձ իբր ճանաչողները չեն կարող կարդալ ցանցառ մտքերս… կանացի մտքերս… չէ, կնիկային կոմպլեքսներս: Անցանք առաջ: Սեղանի մոտ միայն ինքն էր: Իսկ գուցե այդ պահի՞ն միայն ինքն էր, իսկ կինը կամ աղջիկներից մեկը (երեք աղջիկ ունի, դա գիտեմ) այդ պահին բուտիկներում էին ու հիմա գրավել են իրենց օրինական տեղերը: Եթե անգամ դա այդպես է, նրա հայացքը ՛՛անջատված՛՛ չէ ու շարունակում է շաղափել ինձ: Ախ, ոնց եմ ուզում շրջվել ու նայել… Հանգիստ, աղջիկս, (դեռ ինձ ՛՛տիկինս՛՛ չեմ ասում), դու հիմա խաղում ես թքած ունենալու նրբին դերը: Այնպես որ, քո ինչի՞ն է՝ մենակ է, թե ընտանյոք, կարևորը՝ հայացքը քեզնից չի կտրում: Ու դու կարող ես քեզ թույլ տալ հիշել: Չէ՞ որ քսան… մեկ ու ամիսներ առաջ ինքդ քեզ խոստացար՝ նա՛ չկա՛: Փակեցիր մի էջ ու դրեցիր սնդուկը: Այնտեղ իսկը նրա տեղն էր. իրենից առաջ այնտեղ էիր ուղարկել վիրավորված ինքնասիրությունդ, ներել չկարողանալու հոգեկան տրավմադ, մի շատ կարևոր, այլևս քեզ չտրվող ուրախության կորստի գիտակցումդ ու ամենամութ գիշերին լաց չլինելու տաբուն:
Հետաքրքիր է, ի՞նչ ես տեսնում դու հիմա: Ավելի ճիշտ՝ ո՞ւմ: Քսան և մեկ տարի առաջվա ի՞նձ… ուրիշ ոչինչ որ չասեմ, կասեմ քո խոսքերը. ՛՛Քեզ տեսա ու հասկացա՝ իմ արևն ես այս կյանքում՛՛: Գիտե՞ս, երբ է կնոջ բախտը բերում… Չէ, ոչ հաջողակ ամուսնությունը, ոչ խելահեղ կիրքը, ոչ տարատեսակ ամբիցիաների իրականացումը… Այդ բախտբերուկը շատ պարզ, անպաճույճ մի բան է. երբ տարիներ (Աստված իմ, տասնյակ տարիներ) անց կարող ես հիշել այդպիսի մի նախադասություն ու վստահ լինել, որ եղել է մի ժամանակ, երբ գժական ջահել ես եղել, ծիծաղելիության աստիճան՝ անփորձ ու ախմախ, և հուզելու չափ՝ գեղեցիկ, քանի որ չես գիտակցել գեղեցկությունդ… Իսկ ի՞նչ ես տեսնում դու հիմա… Փորձենք նայել մեզ կողքից, սիրելի աղջիկս… Տխուր է: Չեմ նայի: Թող ինքը նայի ու տեսնի՝ իմ կյանքում ամեն ինչ բարեհաջող է ու հրաշալի: Եվ ինչպես միշտ, ես՝ իրասածի ու եսակենտրոն: Հա, նրա աչքից չի վրիպի ոչինչ: Ես, իհարկե, շատ բան կտայի, եթե հանկարծ մոտենար: Ու ես չգիտեմ՝ քիչ առաջվա տարբերակներից որը կընտրեի… որն էլ ընտրեմ, նախապես ֆիասկո է ինձ սպասում՝ նա միակ մարդն է, ում չեմ… ըըը, ո՞ր բայն է այստեղ ամենամեղմն ու չցավեցնողը,- երևի կեղծելը… Հա, դու եզակի մարդն ես, գուցե և՝ միակը, ում հանդեպ ես չեմ կեղծել: Համարյա չեմ կեղծել: Ու եթե մինչև վերջ անկեղծանամ՝ ասեմ,- քո մոտ դա չէր անցնի: Հե՛նց այդպես: Առա՛նց ավելորդ բացատրությունների: Վատ չէր լինի, եթե հիմա դու քո հերթին տարբերակներ մտմտայիր՝ ու գլխավոր դերում՝ ես: Ի՞նչ կանցնի մտքումդ… մի ժամանակ իրար պես էինք մտածում: Համարյա իրար պես: Բայց դա՝ այն օրերին: Իսկ հիմա՞… հիմա հարկավոր է ցնցում, շոկ՝- եթե բարձրանամ տեղիցս, հասնեմ ու գրկե՞մ քեզ… Առանց մի խոսքի… Պարզապես գրկեի ու փորձեի թաքնվել աշխարհից ու ինքս ինձնից… Ըհը՜,- արթնանում է միջիս պրագմատիկը,- և ինչպե՞ս դա կերևար կողքից՝ տեղից թռավ, մոտեցավ մոտերքում նստած մի արուի ու կախվեց վզի՞ց… Արտիստիկ ժեստավոր մատուցողը մտքում կխնդա, ձախ կողմիս տատիկը գլուխը կօրորի չինական մանդարինի պես՝ ծը-ծը-ծը, էս ո՞ւր ենք հասել… Էլ չեմ ասում, եթե կինդ կամ աղջիկներդ, կամ նրանցից մեկը նստած է կողքդ…
Գրողի ծո՛ցը,,- մտքումս պայթում եմ ես,- թե ով՝ ոնց նայեց, ինչ մտածեց, մի՞թե չեմ կարող գոնե մտքում անել այն, ինչ քսան… ու մեկ տարի առաջ կանեի առանց ակնթարթ երկմտելու, անգամ չգիտակցելով, որ ապրում եմ կյանքիս լավագույն հատվածը՝ հաշտ եմ ինքս ինձ հետ… Մեր վերջին հանդիպումը կարելի է դասական համարել՝ փորձում էինք իրար խնայել, խնամքով ընտրում էինք բառերը, որոնք վարպետորեն պիտի թաքցնեին չասված բառերի ցավն ու ջերմությունը, հաջողեցնում էինք հայացքներս չխաչաձևել,- երբեմն չոր աչքերում ավելի շատ արցունք կա… Չէ, որ դու այդպես էիր վարվելու՝ անպայման էր՝ հասուն տարիքդ, հարգանք ներշնչող փորձդ՝ բոլոր առումներով: Բայց որ ես՝ վայրկյանական բռնկվող, մի հայացքից խոցվող ու թևավորվող, երաժշտական աշխարհի նվաճումը իմ առաքելությունը համարող անկառավարելիս կարող էր այդքան նրբանկատ լինե՞լ… Հավատացած եմ, կողքից ինձ հետևող իմ հրեշտակն ու սատանան փորները բռնած թավալ էին տալիս՝ չափից ավելի հուզմունքը ցույց չտալու համար…
Հիմա, իհարկե, այդ առիթով կարող եմ թեթևակի իրոնիայով շոյել ինքնասիրությունս, բայց թե քեզնից բաժանվելուց հետո ինչպես եմ քայլել փողոցներով, ինչպես եմ տուն հասել, հիմա էլ չեմ հիշում: Ու միայն ժամեր անց, երբ կրկին մտա հյուրասենյակ, անկեղծ զարմանքով նայում էի դաշնամուրի պլոկված ստեղներին ու ո՛չ հրեշտակս, ո՛չ էլ սատանաս չէին կարող ինձ համոզել, որ դա իմ ձեռքերի գործն է: Բայց այդ երկուսը հուշեցին նայել ձեռքերիս՝ եղունգներս ջարդված, մատներս՝ արնջարդ… Բնազդս էր հուշել՝ մեծ ցավը ճզմելու համար ավելի մեծ ցավ պիտի պատճառես ինքդ քեզ…
Ինչ լավ է, որ ինձնից պակաս էծ կամ ավանակ չես… ավելի ճիշտ, մնում ես էդպիսին: Շարունակիր մնալ տեղումդ գամված, մենք մեկս մյուսիս արժենք: Մենք մեկս մյուսին էինք արժանի: Դրա համար էլ բաժանվեցինք: Ու եթե հիմա հարցնես՝ ինչու բաժանվեցինք, մեռնեմ, թե իրական, քիչ թե շատ լուրջ պատճառ գտնեմ-ասեմ: Չի եղել: Կամ եղել է, բայց արդեն կորցրել է իր կարևորությունը: Ու դա ամենասարսափելին է:
Լավ, ինչքա՞ն կարելի է այսպես նստել ու նայել առաջ, միայն առաջ, հո գայլ չե՞մ… Ձախ նայել, ինչպես և ՛՛ձախ գնալ՛՛՝ լավ չէ, բայց ախր նա աջ կողմում է… Տափակ հումորիստ… Ժամացույցիդ նայիր… Ուր որ է՝ կհայտարարեն թռիչքդ: Որին կհաջորդի քո պատճառաբանված փախուստը՝ հանկարծ ինքնաթիռից չուշանա՜ս… Իսկ դու հայտարարությանը մի սպասիր: Այստեղ էլ ցուցադրիր անկախությունդ: Կանչիր մատուցողին, վճարիր… ապրես, խելացիս, հիմա հնարավորինս պահպանելով շարժումներիդ նրբագեղությունն ու հոգեվիճակիդ շպարվածությունը՝ վեր կաց ու գնա: Քոնը վեցերորդ գեյթն էր, չէ՞, ուրեմն ուղղություն վերցրու այդ կողմ ու… Վերջին պահին, երբ սրճարանը պիտի մնա շրջադարձից այն կողմ, կշրջվես ու կնայես… Ուղիղ կնայես նրան, անթարթ, գուցե՝ անժպիտ կամ ընթացքը ցույց կտա՝ ինչպես, ու թքա՛ծ, թե նրա կողքին կլինի կինը կամ երեք աղջիկներից մեկը, որը գուցե քո անունն ունի (դա էլ գիտես, իմացրել են, որ առաջնեկին քո անունն է տվել), կնայես ու նա կհասկանա ամեն ինչ, չէ՞ որ բաժանումի վերջին պահը ևս կարողացար դարձնել անմոռանալի. ՛՛Դու կունենաս ամեն ինչ, բայց չես ունենա քո փնտրածը՛՛:
Ես ինձ տանում եմ անծանոթ մարդկանց միջով, ուր որ է՝ սրճարանը կմնա շրջադարձի այն կողմում, ու ես գիտեմ, ասենք, հենց սկզբից էլ գիտեի, որ դու չես մոտենա, ու ես էլ վերջին պահին չեմ շրջվելու, ուղիղ քեզ չեմ նայելու անթարթ, որովհետև… Մեկ էլ տեսար, էլի հանդիպեցինք, ու կրկին՝ օդակայանում, անհեթեթության աստիճան անսպասելի, ու գուցե այդ անգամ կարողանամ առաջինը մոտենալ քեզ: Հենց այնպես, սովորական, ասես ոչինչ չի եղել, մոտենամ ու ժպտամ: Ինչպես միայն քեզ եմ ժպտացել… հազարավոր տարիներ առաջ:
ՆԱ
Շաբաթն անցավ մեկ օրվա պես՝ կարծես երեկ էր, որ ինքնաթիռը վայրէջք կատարեց, ինձ դիմավորող եղբայրս թեթևակի գլխով արեց, իբր՝ բարով տեսանք, ձեռքիցս վերցրեց ճամպրուկս ու մինչև տուն համարյա չխոսեց: Շարժիչը միացնելուց առաջ ասաց. ՛՛Պատմիր՛՛, ու ես մինչև հայրական տուն ընկած ճանապարհին պատմում էի, ինչը, գիտեի, կարևոր չէր, բայց հետաքրքիր էր, գոնե ես էի այդպես ինձ համոզում… Տանը ինձ էին սպասում հեռու-մոտիկ ազգական-հարևան ու մնացածները, իսկ հիմա նորից օդակայան, նախապես իմ պահանջով՝ ինձ ճանապարհող միայն եղբայրս, որն ապրում է իր փոքրիկ աշխարհում, բայց գիտե ամենակարևորը՝ անբառ լռությամբ հրաժեշտ տալը:
Ուսանողական տարիներին խելքս իմը չէր ինքնաթիռով ճամփորդելու համար: Հիմա մտածում եմ, գուցե դա էր պատճառը, որ ընտրեցի հյուսիսային մայրաքաղաքի ինստիտուտը՝ տարին գոնե մեկ անգամ ինձ կարող էի թույլ տալ օդ բարձրանալ… մինչև օդ բարձրացնող սարքերից մեկի հեղինակը դառնալը: Տես, է, հիմա կարող եմ խոստովանել այդ թաքուն միտքս: Բայց ի տարբերություն դրա, մյուս միտքս լավ էլ գիտեի և ինձնից չէի թաքցնում: Չգիտեմ ինչու համոզված էի, որ նրան հանդիպելու եմ օդանավում… Միայն այնտեղ՝ վերևում կարող էր ինձ հանդիպել նա…
Ի՞նչ… Սահմանապահը հարցնում է այցիս նպատա՞կը: Պատասխանում եմ՝ այց հայրենի քաղաք, հարազատներիս: Զննում է ինձ, զննում է անձնագիրս (թե ինչ է գտնելու, ամեն ինչ այնտեղ ավելի քան օ քեյ է), հետո, բացահայտ չկամությամբ, վերադարձնում է անձս հաստատող փաստաթուղթը: Ես լայն ժպիտ եմ պարգևում զինվորական համազգեստի մեջ պարփակված տիկնոջն ու անցնում առաջ՝ ի՞նչ է զգում մարդը, երբ գիտե, որ այստեղով այլևս չի անցնելու: Ստուգում-զննումները բարեհաջող անցնելուց հետո duty free-ում գնում եմ կոնյակ (հետաքրքիր է, երբ ու ինչ հանգամանքներում կբացեմ շիշը), նայում եմ լուսացույցին՝ թռիչքին բավական ժամանակ կա, և անցնում սրճարան-ռեստորանների շարքով՝ սուրճ եմ ուզում, դառը սուրճ… Հեռախոսը հիշեցնում է իր մասին: Նայում եմ էկրանին՝ կինս է: Անհանգստանում է: ՛՛Ամեն ինչ նորմալ է, ես՝ նորմալից ավելի լավ, մի մտածիր՛՛… Նրա անհանգստությունը, իհարկե, չի փարատվում, բայց ես գոնե փորձեցի:
Հայացքս սահում է հերթական սրճարանի սեղանների, նրանց մոտ նստած մարդկանց վրայով… Կապույտ մազերով աղջիկը կծում է պիցցայի կտորը, տաք պանիրը երկար ձգվում է նրա շուրթերից ու չի պոկվում… նա բարձր ծիծաղում է, իսկ կողքի ջահելը, որ հաստատ ընկերն է, հեռախոսի մեջ է ու չի նկատում այդ հրաշալի տեսարանը. ապո՛ւշ, մխրճվել ես վիրտուալ հրաշքների մեջ, իսկ իրական հրաշքը քո կողքին է՝ պանրոտ շուրթերով ու բարձր ծիծաղով… Տես, է՛, երեք ամիս առաջ էսպիսի միտք ինձ չէր այցելի, իսկ հիմա… Լավ, մի՞թե ունեցածդ տեսնելու համար անդառնալին է անհրաժեշտ: Ստո՛պ, տվայտանքների ժամանա՞կ ես գտել: Հեռախոսի մեջ կորած ջահելին հեռավար խելք սովորեցնելու փոխարեն շուրջդ նայիր՝ նայեցի՞ր… Շունչ քաշիր ու… Օրդ է, քո բաժին օրերից մեկը: Անսպասելի մի թեթևություն է իջնում… հոգո՞ւս վրա: Տեղը չգիտեմ, գուցե հոգուս, սրտիս, հնարավոր է՝ մտքերիս վրա, բայց երեք ամիսների ճնշումից հետո առաջին անգամ այդ թեթևությունն եմ զգում… Խեր լինի, կասեր հայրս ու կժպտար բերանի անկյունով:
Ճապոնական սրճարանը հանգիստ է ու ներդաշնակ նույնիսկ այս սոդոմ-գոմորի մեջ, բայց վերջին պահին միտքս փոխում եմ՝ սուրճ եմ ուզում, իսկական, իտալական… Ըհը, ասացի ու հաջորդը իտալական է: Իմանայի՝ մտքիս եկածը կատարվելու է այս պահին՝ ի՞նչ կպահեի մտքումս… Է, բարեկամս, սենտիմենտալ ես դառնում… Թեև մեկ շաբաթ ազգուտակիդ ակնդետ հայացքի տակ լավ էլ զուսպ էիր ու հավասարակշիռ: Հիմա կոմպենսացնում ես՝ ոչինչ, բան չմնաց, մի քանի ժամից տուն կվերադառնաս ու այնտեղ կշարունակես լինել զուսպ ու հավասարակշիռ…
Սիրում եմ սուրճի հոտով ծանրացած սրճարանները: Սա այն է, ինչ ինձ պետք է: Հայացքով ազատ տեղ եմ փնտրում, ասենք, փնտրելու կարիք չկա, մի երկու սեղան ազատ են, բայց հայացքս ընտրում է լավագույնը (ամեն ինչում ու ամեն տեղ լավագույնը փնտրելու այս մարմաջը)… Ու տեսնում եմ նրան: ՆՐԱՆ: Նստած: Սեղանին՝ ափսե: Մեծ բաժակով սուրճ: Հայացքս տնտղում, ամրագրում է բոլոր մանրամասները՝ ափսեի մեջ մի քանի թխվածք (ե՞րբ է դարձել քաղցրակեր, այն օրերին կծվի համար հոգին կտար), սուրճը՝ հաստատ կրկնակի բաժին, հեռախոսը՝ վերջին մոդելի, աթոռի թիկնակին՝ քաշեմիրե թեթև վերարկու… Ես նայում եմ այդ ամենին՝ երկարաձգելու պահը, երբ կնայեմ դեմքին՝ անթարթ, քսանմեկ տարիների հետաքրքրությամբ: Ու դեռ հարց է՝ ինչքան կարող էի արձանանալ սեղանների մեջտեղում, եթե միտքը՝ հիմա կբարձրացնի հայացքն ու կտեսնի ինձ,- սթափեցնող խթան է դառնում, և արագ կողմնորոշվելով, ես անցնում են թիկունք,- նրա ետևում, աջ կողմի սեղանն այն է, ինչ ինձ պետք է: Կարծես երազում (իսկ տարիքիս թելադրանքով պիտի որ նման բաները մոռացած լինեի) նստում եմ, կողքի աթոռին հարմարեցնում ուղեպայուսակս, մատուցողուհուն կարծեմ սուրճ եմ պատվիրում ու հասկանում եմ, որ հայացքս հիմա կուղղվի նրան ու նրանից չի պոկվի մինչև… Աստված գիտե, մինչև ինչքան ու ինչպես պիտի պոկվի…
Իսկ նա կողքի է հրում ափսեն, հենվում է աթոռի թիկնակին ու նայում շուրջը կատարվողին: Ավելի ճիշտ, իր դիմացը կատարվողին, կողքերը չի նայում (չի՜ փոխվել, այն օրերին նրա սիրելի գազանը գայլն էր, որը միայն առաջ է նայում), ու լավ է, որ կողքերը չի նայում, շուտ չեմ բացահայտվի: Բայց անպայման կբացահայտվեմ. նրա զգայուն հոգեկառուցվածքը ցանկացած իմպուլսի արձագանքում է, այն էլ ինչպե՜ս, ու միայն ինքն է, որ այդպիսին լինելուն զուգահեռ կարող է խաղալ աշխարհի վրա թքած ունենալու իր դերը: Ես ինձ համոզում եմ, որ պետք է ժամանակ առ ժամանակ հայացքս անջատեմ նրանից, դադար տամ, բայց անկարող եմ, գոնե մոտակա ժամանակում: Ես զննում եմ նրա կիսադեմը՝ հունական քիթը, բարձր ճակատը, իսկ այ, շուրթերը կորցրել են նախկին ուռուցիկ կորագիծը, ու ռեսպեկտ նրան, որ արհեստական բաներին տուրք չի տալիս: Ձեռքերը… նյարդային, երկար ու ուժեղ մատները… Սա արդեն նորություն է՝ ամեն ձեռքին մի քանի մատանի, իսկ այն օրերին տանե՛լ չէր կարողանում դրանք, ասում էր՝ խանգարում է նվագելուն… Երկու ամսից ավելի էր՝ հանդիպում էինք, չգիտեի, որ նվագում է, ու միայն պատահական սրճարանում կիսալարված դաշնամուր տեսնելով, ինչպես միշտ՝ վայրկյանապես բռնկվելով՝ մոտեցավ ու կիսամեռ գործիքին ստիպեց հնչել: Մի քանի օր անց, հոգնելով իմ նվվոց-խնդրանքներից, հրավիրեց իրենց տուն (դասավորել էր՝ տանը երկուսով էինք), և հյուրասենյակի դաշնամուրը բացահայտեց իրեն՝ ինչպիսին էր իրականում:
…Դու ինձ համար նվագում էիր միայն բլյուզ, միայն քո սիրած գործերը, նվագում էիր ինքնամոռաց, տրվելով միայն քեզ հասկանալի պոռթկումին: Այդպես էիր նաև սիրելիս ու առավել՝ գժտվելու պահերին…
Ըհը, ափերս քրտնեցին, հիշեցի բժշկի հրահանգը՝ ոչ մի էմոցիա, ոչ մի սթրես… Իսկ սա տասը սթրես արժե՝ մի քանի քայլ հեռու՝ դու ես: Այսքան տարիների ընթացքում, տարին գոնե մի քանի անգամ ինձ թույլ եմ տվել երևակայել՝ ինչպիսին կլինի մեր հանդիպումը: Չէ, որ հանդիպումը լինելու էր, և անպայման, չէի կասկածում, վստահ էի, ինչպես այն պատահական հանդիպման պահին, երբ տեսա քեզ ու հասկացա՝ գտել եմ քեզ՝ իմ կյանքի արևին: Ու հիմա, ա՛յս պահին տեսնում եմ քեզ՝ մի քանի քայլ այն կողմ, նստած, ու եթե շրջվես, մեր հայացքները հանդիպեն…
Չնկատեցի՝ ինչպես սուրճի բաժակը հայտնվեց սեղանին, բույրից զգացի նրա ներկայությունը, մի քանի վայրկյան՝ առաջին կումն անելու համար, իսկ երբ հայացքս նորից գնաց իր ուղղությամբ, զգացի՝ ինչ-որ բան այն չէ, նրա աուրայում ինչ-որ բան է փոխվել… Դա զգացի, ոչ թե տեսա նրա լարված պարանոցից, նստած դիրքից: Պարզ է, բացահայտվել եմ: Գուցե դադա՞ր տամ: Բայց… անկարող եմ շեղել հայացքս, աչքերս կլանում են նրա ամեն շարժումն ու բլուզի տակ ալիքվող շնչառությունը… Իսկ նա… օ՜, նրան լավ եմ ճանաչում, նա արդեն զգացել է ինչ-որ մեկի ներկայությունը իր տարածքում, ու հիմա ուղեղը լարված գնահատում է իրավիճակը… Ելքեր է որոնում՝ ինչպես ստուգի կասկածը… Չէ, չի շրջվի, գլուխը մի սանտիմետր այս կողմ չի թեքի, բայց որ ինձ կհայտնաբերի՝ անկասկած է, միայն թե՝ ի՞նչ տակտիկա կընտրի… Ահա՜, տեղից դանդաղ բարձրանում է, սկզբում կմոտենա քաղցրավենիքի ցուցափեղկի՞ն, թե՞ բարմենին… Ի՜նչ հուզիչ զզվանքով է զննում տորթի կտորները, բայց բարմենի հետ թեթև ֆլիրտ խաղաց՝ մինչև ինչ-որ բան պատվիրելը: Հուսամ՝ ոչ ալկոհոլ: Այն օրերին ինձ խենթացնում էր նրա բացարձակ անտարբերությունը ալկոհոլային խմիչքների նկատմամբ: Սա այն եզակի բաներից մեկն էր, որը ոչ թե թքած ունենալ էր խաղում, այլ իրապես անտարբեր էր: Ու դա ինձ այնքան էր հուզում, որքան մեզ բաժանող տասնյոթ տարիները՝ ախ, այդ տարիքային պատնեշը, որ այն օրերին ինձ կաշկանդում էր… Ահա, շրջվեց, վերադառնում է իր սեղանիկի մոտ, ես փորձում եմ շրջվել, բայց նա հասցնում է… ահա, մեր աչքերը հանդիպեցին իրար: Բարև, իմ միակ արև… Նա, իհարկե, չլսեց բառերս, բայց ինձ ճանաչեց: Իսկ ես փոխվել եմ շատ. իր իմացած ինձնից քիչ բան է մնացել այսօր, բայց որ հպանցիկ հայացքով էլ տեղը կբերի՝ չեմ կասկածում: Դե ինչ, անցնենք շարունակությանը: Հիմա նստել, մտմտում է տարբերակները՝ կմոտենա՞մ, թե՞… Եթե մոտենամ, ինչ կանի՞… Զարմացած տեսք չի ընդունի՝ հոնքերը վեր քաշած, ոչ էլ կկանխի ինձ՝ ՛՛Ինչպիսի՜ հանդիպում՛՛ տափակությամբ: Չէ, դրանք նրա level-ը չեն: Թե ինչ կանի… դեպքերից առաջ չանցնենք: Իսկ չմոտենալու տարբերակ, կարծում եմ, չի քննարկի: Համոզված եմ, որ նա մտմտում է միայն իմ մոտենալու տարբերակը:
Ի՞նչ ես հիմա մտածում, ի՞նչ ես հիշում… Խռովվա՞ծ է հոգիդ, թե՞ տարիների հետ ձեռք ես բերել այս խելահեղ դարում ինքնավստահ կնոջ համար անհրաժեշտ ինքնապաշտպանության զրահապատ հրաժարումը: Իսկ ես հիշում եմ քեզ՝ ծիծաղելու աստիճան ջահել, գժվելու չափ՝ անփորձ ու հիմարիկ և ցնդելու չափ՝ գեղեցիկ, քանի որ լավ էլ գիտակցում էիր գեղեցիկ լինելդ… Քեզ հարցրե՞լ ես, եթե այո՝ քանի՞ անգամ, իսկ գուցե և՝ ոչ մի անգամ քեզ չես հարցրել՝ ինչո՛ւ բաժանվեցինք: Գուցե գտել ես պատասխանն ու հանդարտվել: Գուցե չես գտել ու մինչև հիմա փնտրում ես: Հնարավոր է, երբևէ այդ հարցը քեզ չես տվել: Իսկ ես… մեր հանդիպման առաջին պահից եթե գիտեի, որ դու իմ արևն ես այս կյանքում, ժամանակ էր պետք հասկանալու համար, որ ես նահանջելու եմ: Հա, վախենալու եմ՝ դու այնքան անկանխատեսելի էիր ու միաժամանակ այնքան հեշտ էր կռահել քո հերթական արարքը կամ բառերը: Այնքան անփորձ էիր ու միաժամանակ այնքան հասուն՝ միայն քո նախամորից ժառանգած անսխալ բնազդով: Այնքան ասելիք, հարց ու փնտրտուք ունեիր, որոնց համար քեզ լայն ճամփա էր պետք, իսկ ես քեզ, նույնիսկ չուզենալով, բայց անպայման փակելու էի իմ աշխարհի մեջ, որովհետև այդպիսի էր լինելու իմ ապագա աշխատանքը, այդպիսին էր լինելու մեր տարիքային (այն օրերին ինձ անդունդ թվացող) տարբերությունը և իմ անխոստովանելի վախը՝ որ ընդունված է խանդ անվանել… Քեզ թվում էր, չէ, դու համոզված էիր, որ մեր հերթական գժտության պատճառը կամ սկսողը դու էիր, այնինչ ես լարում էի իմ հերթական սարդոստայնը, ու դու անփորձ ճանճի պես ընկնում էիր ՛՛հարաբերություններ պարզելու՛՛ ցանցի մեջ, քեզ համոզելով, որ էծ ես կամ ավանակ… համառությամբ, իհարկե: Գիտես, չեմ զարմանում, եթե ինձ էլ ես էծ կամ ավանակ համարել: Իսկ թե ինչ եմ իրականում ես… երևի սարդ: Ուրեմն և՝ դու ոչ թե էծ ես կամ… այլ ճանճ, փոքրիկ, անփորձ ճանճ, որ իզուր փորձում էր դուրս պրծնել սարդոստայնից ու հայտնվել իմ ազատ գրկում: Ազա՞տ… Հա, դու ասում էիր, որ աշխարհից թաքնվում ես իմ գրկում: Այ, հիմա ճիշտ ժամանակն է. տեղիցդ ել, մոտեցիր ու գրկիր ինձ, բառեր պետք չեն… բայց անցնում են վայրկյանները, արդեն՝ րոպեն, վերջ, պահը կորցրիր… Ես՝ նույնպես: Ես ու դու թեկուզ մի քանի վայրկյան աշխարհից թաքնվելու մեր վերջին շանսը կորցրինք:
Ըհը… մանրից նյարդայնանում ես… ժամացույցին նայեցիր… Դու գուցե դեռ չես որոշել, բայց գիտեմ, որ քիչ անց, չսպասելով թռիչքիդ հայտարարությանը, հաշիվը կվճարես, դանդաղ, ցատկի պատրաստվող պանտերայի նման կբարձրանաս տեղից ու կհեռանաս: Եվ իզուր չմտմտաս, որ գուցե վերջին պահին կշրջվես, չէ մի չէ՛, ու դեռ մի հատ էլ նայես՝ անթարթ, ինչպես ես՝ այս ողջ ընթացքում: Դու գնում ես, հեռանում ես իմ կյանքից, այս անգամ արդեն՝ անվերադարձ: Ու լավ կլինի, եթե քեզ մխիթարես, որ մի օր գուցե էլի հանդիպենք, ու նորից օդակայանում, ու ես վերջապես կարողանամ մոտենալ քեզ…
Երբ գալիս էի, գիտեի, որ վերջին անգամ եմ մտնում հայրական շեմից ներս, վերջին անգամ եմ տեսնում մերոնց ու վերջին անգամ գրկեցի եղբորս: Հիվանդություններ կան, որոնք շատ ՛՛բարի՛՛ են, բժիշկը կարող է ճշգրիտ գտնել վերջին օրերդ… Երբ գալիս էի, գիտեի, որ այդ յոթ օրերի ընթացքում դու ինձ հետ հաճախ ես լինելու, իմ հուշերում, այն փողոցներում, մայթերով քայլելիս, որտեղ եղել է մեր… ամեն ինչը: Բայց որ հանդիպելու եմ քեզ… Երբ անբուժելի հիվանդ ես, սկսում ես հավատալ հրաշքի: Հիմա հանգիստ եմ՝ իմ բաժին հրաշքը ես ստացա՝ մենք հանդիպեցինք: Հետո՞ ինչ, որ այդպես էլ չշրջվեցիր ու չնայեցիր ինձ՝ ուղիղ, անթարթ… Ես գիտեմ, որ հիմա, այս պահին, ինքնաթիռի մեջ նստած ժպտում ես, ինչպես միայն ինձ ես ժպտացել… հազարավոր տարիներ առաջ: