Ռազմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ /  ՑԱՆՑ

Կարծում եմ, մի կողմից պատանեկության, երիտասարդության երազանքներով լեցուն ոսկե «նավակով» մարդը բարձրանում-բախվում է իրականությանը, ապա իրականության «նավակով» մյուս կողմից սկսում է իջնել, և այս երկու պտույտների միջև ընկած տարածությունը կոչվում է կյանք։ Այս պիեսում փորձել եմ այդ պտույտների միջև եղած կյանքի ինչ-որ հատված ցույց տալ։

(խաղ մեկ գործողությամբ)

Գործող անձինք

ԱՐՄԵՆ — երիտասարդ

ԱՆԻ — Արմենի ընկերուհին

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ

ՏԱՐԵՑ ԿԻՆ — տղամարդու կինը

ՄՈՒՐԱՑԻԿ

Բեմը բաժանված է երկու մասի։ Երկուսն էլ հիշեցնում են նույն սենյակը: Մեկը գեղեցիկ կահավորմամբ է, կարմիր մահճակալով, կողքին՝ հայելի, որի սեղանիկին օծանելիքի սրվակներ են: Մյուս սենյակը պատված է ցանցով. անկողինը սև է, հայելին՝ կոտրված։ Գործողության ընթացքում գեղեցիկ կահավորված սենյակը բարձրանում է,

իսկ ցանցով պատվածն իջնում է ներքև։

Անին նստած է կարմիր մահճակալի վրա, ներս է մտնում Արմենը՝

ձեռքին ծաղկեփունջ, մոտենում, գրկում է Անիին։

ԱՐՄԵՆ Սա քեզ։

ԱՆԻ (վերցնելով ծաղկեփունջը): Շնորհակալություն։ Այսօր տո՞ն է։

ԱՐՄԵՆ Ինձ համար ամեն օր էլ տոն է։

ԱՆԻ Ինչո՞ւ։

ԱՐՄԵՆ Որովհետև դու իմ կինն ես։

ԱՆԻ Զգացված եմ, չհաշված այն փաստը, որ տղամարդիկ սիրում են ստել ու դա հաճոյախոսություն անվանել։

ԱՐՄԵՆ Իսկ հնարավո՞ր չէ առանց ստելու հաճոյախոսել։

ԱՆԻ Եթե հնարավոր է, ինչո՞ւ այդպես չեք վարվում։

ԱՐՄԵՆ Ես բոլորին նման չեմ։

ԱՆԻ Հենց այդ նախադասությամբ հիշեցնում ես բոլորին։

Ցանցապատ սենյակում:

Տարեց տղամարդն ու կինը նստած են անկողնում՝ իրար մեջք արած։

ՏԱՐԵՑ ԿԻՆԱյդ օրը հասկացա, որ ստում ես։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԻսկ ինչո՞ւ չասացիր այդ մասին, գուցե երկուսիս էլ կարողանայի՞ր փրկել։

ՏԱՐԵՑ ԿԻՆՈւշ էր փրկելու համար։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԻնչո՞ւ էր ուշ։

ՏԱՐԵՑ ԿԻՆՄինչ այդ արդեն երկուսիս էլ սպանել էիր։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ Դե, տղամարդիկ որսորդներ են։

ՏԱՐԵՑ ԿԻՆ Որոնք ամենից հաճախ իրենց վրա են կրակում։

ԱՐՄԵՆ Չես հավատո՞ւմ։

ԱՆԻ Հավատում եմ։

ԱՐՄԵՆ Կանացի բնավորություն է՝ անպայման հակառակվել տղամարդուն։

ԱՆԻ Գուցե։ Ինչպե՞ս այդքան կարևոր դարձա քեզ համար։

ԱՐՄԵՆ Որբանոցում միակն էիր, ով լսում էր ինձ։

ԱՆԻ Ուրեմն դու ավելի շատ քեզ լսողի, քան սիրո կարիք ունեիր։

Ցանցապատ սենյակում։

ՏԱՐԵՑ ԿԻՆԵս սիրո կարիք չունեի, ոչ էլ ուշադրության։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԵրազանք էլ չունեի՞ր։

ՏԱՐԵՑ ԿԻՆՈւնեի, ուզում էի մոդել դառնալ։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՈրի համար ոչ մի հատկանիշ չունեիր։

ՏԱՐԵՑ ԿԻՆԻմ ամենաբացասական հատկանիշը դու էիր։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՈր սիրեցի՞։

ՏԱՐԵՑ ԿԻՆՈր սպանեցիր։

Արմենը դուրս է գալիս սենյակից։ Անին նստած է անկողնու վրա։ Ներս է մտնում Արմենը՝ երկու բաժակ գինի ձեռքին, մեկը տալիս է Անիին։

ԱՐՄԵՆ Ես ո՛չ լսողի, ո՛չ էլ սիրո կարիք ունեի։

ԱՆԻ Բա՞…

ԱՐՄԵՆ Ես քո կարիքն ունեի պարզապես, դու բոլորն ես։

ԱՆԻ Չգիտեմ՝ քեզ ուղղակի կի՞ն էր պետք, թե՞ ես, բայց ինձ հավատալ ես սովորեցնում։

ԱՐՄԵՆ Դա լա՞վ է, թե՞ վատ։

ԱՆԻ Չգիտեմ։

ԱՐՄԵՆ Ինձ մի հարց էր տանջում՝ ինչի համար ողջ մնացի: Քեզ հանդիպելուց հետո հասկացա՝ այդ օրը չմեռա, որպեսզի հանդիպեմ քեզ։

ԱՆԻ Օ՜, ինչպիսի կոմպլիմենտ։ Եվ քանի՞ կնոջ ես այդպես ասել։

ԱՐՄԵՆ Մեկ, ու ցավալիորեն այդ կինը դու ես։

ԱՆԻ Ցավո՞ւմ ես, որ ես եմ։

ԱՐՄԵՆ Չհավատալուդ համար եմ ցավում։

Արմենն ու Անին բաժակները խփում են իրար, խմում են։ Անին բաժակը դնում է անկողնու կողքի փոքրիկ պահարանին, վերցնում է հեռակառավարման վահանակը, միացնում է, հնչում է վալս։ Անին և Արմենը պարում են։

Ցանցապատ սենյակ։

Հնչում է վալսը։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԱնջատիր այդ երաժշտությունը։

ՏԱՐԵՑ ԿԻՆՈ՛չ, լսում եմ։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ(գոռում է): Անջատի՛ր, ասում եմ։

ՏԱՐԵՑ ԿԻՆ(անջատում է երաժշտությունը): Հետո՞։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՊիտի ֆուտբոլ նայեմ։

ՏԱՐԵՑ ԿԻՆԵրբվանի՞ց ես սկսել ֆուտբոլ սիրել։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՎերջերս, ինձ դուր է գալիս այդ խաղը։

ՏԱՐԵՑ ԿԻՆԻրականում դու ֆուտբոլ նայում ես, որովհետև ես զզվում եմ այդ խաղից։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՀենց դա է պատճառը, որ այդ խաղը ինձ հանճարեղ է թվում։

ՏԱՐԵՑ ԿԻՆԵ՞րբ սկսեցինք մեռնել այսպես անձայն։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԵրևի առաջին օրը, երբ հանդիպեցինք։

ՏԱՐԵՑ ԿԻՆՈրտե՞ղ ենք հանդիպել… ճաշարանում, այդ օրը նստել էի քո կողքին։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՈւ դրանից հետո ամեն ինչ անում էիր, որ նստեիր իմ կողքին։ Չգիտակցված երիտասարդական արարք։

ՏԱՐԵՑ ԿԻՆՔեզ պետք է մեկը, ում միշտ կմեղադրես։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԵս ամեն օր աշխատում եմ ու որևէ մեկին մեղադրելու ժամանակ չունեմ։

ՏԱՐԵՑ ԿԻՆԱնում ես չսիրածդ աշխատանքը, ապրում ես չսիրածդ կնոջ հետ։ Ինչո՞ւ կտրուկ քայլ չես անում։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԻ՞նչ անեմ։

ՏԱՐԵՑ ԿԻՆԲաժանվիր։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԳիտես, որ անհնար է, դրա համար այդպես ինքնավստահ խոսում ես։

ՏԱՐԵՑ ԿԻՆԻնչո՞ւ է անհնար։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԵթե բաժանվենք, պետությունը բնակարանը կվերցնի ձեռքներիցս։

ՏԱՐԵՑ ԿԻՆ Տեսնո՞ւմ ես, ինչ հեռատես է պետությունը։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԵվ ավելի խորամանկ, քան կինը։

Արմենը և Անին պարում են, վալսն ավարտվում է։

ԱՆԻ (վերցնում է բաժակը): Դու քեզ երջանիկ համարո՞ւմ ես։

ԱՐՄԵՆ Ըհը։

ԱՆԻ Լավ է հնչում, բայց սուտ է։

ԱՐՄԵՆ Ինչո՞ւ։

ԱՆԻ Ի՞նչ երջանկություն։ Եթե պետությունը չլիներ, երկուսս էլ հիմա մեռած կլինեինք, հասկանո՞ւմ ես։

ԱՐՄԵՆ Բայց կա պետությունը։

ԱՆԻ Լավ բան է, չէ՞, պետությունը։

ԱՐՄԵՆ Քաղաքացին ավելի լավ բան է, քան պետությունը։

ԱՆԻ Այսի՞նքն։

ԱՐՄԵՆ Պետության անվտանգության երաշխիքն է քաղաքացին։

ԱՆԻ Ուզում ես ասել…

ԱՐՄԵՆ Եթե մենք քաղաքացի լինեինք, պետություն չէինք կորցնի։

ԱՆԻ (գինի է խմում): Ինչո՞ւ չես խոսում ծնողներիդ մասին։

ԱՐՄԵՆ Չեմ հիշում նրանց… համարյա չեմ հիշում:

ԱՆԻ Ինչո՞ւ։

ԱՐՄԵՆ Վեց տարեկան եմ եղել, միայն մորս ճիչն եմ հիշում այդ ավտովթարից։

ԱՆԻ Հետո՞։

ԱՐՄԵՆ Ինձ հիվանդանոցից տարել են որբանոց։

ԱՆԻ Բա ձեր տո՞ւնը։

ԱՐՄԵՆ Մնաց հորեղբորս։

ԱՆԻ Մնա՞ց, թե՞ խլեց։

ԱՐՄԵՆ Փոքր եմ եղել, չգիտեմ, արի փակենք թեման։

ԱՆԻ Տեսնո՞ւմ ես, նոր ասում էիր՝ երջանիկ ես։

ԱՐՄԵՆ Էլի եմ ասում, երջանիկ եմ։

ԱՆԻ Երջանիկ մարդը չի խուսափում իր անցյալի մասին խոսելուց։

ԱՐՄԵՆ Արի խմենք։

ԱՆԻ (մի կում գինի խմելուց հետո, կտրուկ): Դու իրոք երջանիկ ես։

ԱՐՄԵՆ Ինչո՞ւ։

ԱՆԻ Որ ծնողներդ մահացել են։

ԱՐՄԵՆ Հարբեցի՞ր։

ԱՆԻ Չէ՛։

ԱՐՄԵՆ Խելագարվեցի՞ր։

ԱՆԻ Չէ՛:

ԱՐՄԵՆ Զառանցո՞ւմ ես։

ԱՆԻ Ո՛չ։

ԱՐՄԵՆ Հիմարացա՞ր։

ԱՆԻ — Ո՛չ։ (Գնում, նստում է անկողնու վրա): Ծնողներս ինձ տարել են որբանոց։

ԱՐՄԵՆ Այսինքն՝ մինչև հիմա ստո՞ւմ էիր, ծնողներդ մահացած չե՞ն։

ԱՆԻ Ո՛չ։

ԱՐՄԵՆ Ինչո՞ւ են որբանոց տարել։

ԱՆԻ Որովհետև աղջիկ եմ ծնվել, իրենք տղա էին ուզում։

ԱՐՄԵՆ Դրա համար ես ատում տղամարդկանց։

ԱՆԻ Դրա համար ուզում եմ նախագահ դառնալ։ Ու մահապատժի ենթարկել բոլոր նրանց, ովքեր սեռով պայմանավորված աբորտ են անում։

ԱՐՄԵՆ Երազում ես նախագահ դառնալ, որ մա՞րդ սպանես։

ԱՆԻ Որ մարդասպաններին սպանեմ։

ԱՐՄԵՆ Ես ուրիշ բան եմ ուզում։

ԱՆԻ Ի՞նչ։

ԱՐՄԵՆ Որ երեխաներ ունենանք, երջանիկ ապրենք, խաղաղ ծերանանք…

ԱՆԻ — (այլայլված): Երեխանե՞ր։ (Վեր է կենում անկողնու վրայից, մոտենում է հայելուն):

ԱՐՄԵՆ Հա։

ԱՆԻ Իսկ չի լինի՞, որ ո՛չ երեխաներ ունենանք, ո՛չ էլ ծերանանք։

Ցանցապատ սենյակ։

Տարեց տղամարդը բացում է պատուհանը։

ԱՄԲՈԽԻ ձայն — Պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ… Մա՛հ դավաճանին… Գնալու ենք մինչև վերջ…

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԼսո՞ւմ ես։

ՏԱՐԵՑ ԿԻՆԳնա միացիր։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ(փակում է պատուհանը): Միանամ՝ ի՛նչ անեմ:

ՏԱՐԵՑ ԿԻՆՄի բան արա, փրկիր երկիրը, գնա մինչև վերջ։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՄիշտ խուսափում ես։

ՏԱՐԵՑ ԿԻՆԻնչի՞ց։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԽոսելուց։ Ինչո՞ւ չէիր ասում, որ հիվանդ ես։

ՏԱՐԵՑ ԿԻՆ(գրկում է տիկնիկին): Ես հիվանդ չեմ։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԲժշիկն ասաց՝ քեզնից է, չլսեցի՞ր։

ՏԱՐԵՑ ԿԻՆԱսաց նաև, որ վարակը քեզնից է անցել։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՔեզ հույս տալու համար ասաց։

ՏԱՐԵՑ ԿԻՆՉթողեցիր՝ երեխա որդեգրեի։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՀեշտ ես ասում, որտեղի՞ց էիր որդեգրելու։

ՏԱՐԵՑ ԿԻՆՈրբանոցից։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՈրբանոցում ապրած ամուսինները որբանոցից երեխա են որդեգրել. գեղեցիկ վերնագիր կլիներ, եթե ընկներ լրագրողների ականջը։

ՏԱՐԵՑ ԿԻՆԹող ընկներ։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԴա էիր ուզում, որ գրեին քո մասին, ասեին՝ ինչ բարի է, տեսե՛ք, երեխա է որդեգրել, գային, նկարեին, ցույց տային։ Ուզում էիր շոու անել։

ՏԱՐԵՑ ԿԻՆՈւզում էի ապրել։

Արմենը և Անին սենյակում են, անձրևի ձայն։ Պատուհանը թակում են։

ԱՆԻ (վախեցած): Ո՞վ է այս ժամին… ի՞նչ է ուզում։

Արմենը մոտենում է, նայում, բացում է պատուհանը։ Պատուհանի մոտ կանգնած է մուրացիկը՝ սպիտակ մազերով, պատռված հովանոցը ձեռքին։

ՄՈՒՐԱՑԻԿ Բարի երեկո։

ԱՐՄԵՆ Բարի երեկո։ Ո՞վ ես… ի՞նչ ես ուզում։

ՄՈՒՐԱՑԻԿ Քո ապագան եմ։

ԱՆԻ Ոստիկանություն կզանգեմ, եթե չհեռանաք։

ՄՈՒՐԱՑԻԿ Զանգիր, բայց լավ կանես, գնաս խոհանոց, հաց բերես ու մի բաժակ էլ գինի։

ԱՆԻ (Արմենին): Հրամայում է։ Փակիր պատուհանը։

Արմենը փակում է պատուհանը։ Երկու քայլ հեռանում է, նորից վերադառնում է պատուհանի մոտ։

ԱՐՄԵՆ — Սոված է, հաց տանք։ (Բացում է պատուհանը):

Մուրացիկը կանգնած է՝ պատռված հովանոցը ձեռքին։

Անին դուրս է գալիս սենյակից, վերադառնում է՝ ձեռքի ափսեի մեջ միս ու երկու կտոր հաց, տալիս է մուրացիկին։

Մուրացիկը ափսեն դնում է պատուհանագոգին։

ՄՈՒՐԱՑԻԿ Բա գինի՞ն…

Անին բաժակի մեջ գինի է լցնում, տալիս է մուրացիկին։

ՄՈՒՐԱՑԻԿ (ուտում է միսը): Լավ չես եփել, հում է, աղը քիչ է, ու սխալ ես համեմել։

ԱՆԻ Ծաղրո՞ւմ ես…

ՄՈՒՐԱՑԻԿ Խորհուրդ եմ տալիս, որ մյուս անգամ այս թերությունները չլինեն։

ԱՐՄԵՆ Մենք թքած ունենք քո խորհուրդների վրա, մնացել էր՝ հասարակ բոմժը մեզ խորհուրդ տար։

ՄՈՒՐԱՑԻԿ (վերցնում է գինու գավաթը): Խմում եմ ձեզ համար, երիտասարդ ընտանիք եք, մաղթում եմ ձեզ երջանկություն, յոթ որդով սեղան նստեք, շատ երեխաներ ունեցեք, հատկապես տղա երեխաներ։

Մուրացիկը խմում է գինին, բաժակը դնում է պատուհանագոգին, հեռանում է։

Արմենը փակում է պատուհանը։

Լռություն: Անին դանդաղ մոտենում, նստում է հատակին՝ մեջքը հենած անկողնուն։

ԱՆԻ — Լսեցի՞ր, ինչ ասաց, երեխաներ, հատկապես տղա երեխաներ։ Չէ, բոլորդ նույնն եք, դուք ատում եք աղջիկ երեխաներին։ (Վեր է կենում, նետվում է դեպի Արմենը): Դու էլ ես այդպես մտածում, դե՛, մի՛ կեղծիր, ասա՛, ասա՛, որ տղա երեխա կուզեիր, դե ասա՛, վախենում ես, մի՛ լռիր, ասա՛։

ԱՐՄԵՆ Հանգստացիր, բան չասացի։

ԱՆԻ — Չասացիր, բայց մտածում ես։ Ո՞րն է տղամարդու առավելությունը, որ նա կին չէ՞։ Դե ասա՛, բացատրի՛ր, մեղք է կին ծնվելը, հա՞։ (Ձեռքերով բռնում է գլուխը, ծնկի է գալիս):

ԱՐՄԵՆ Դեղերդ որտե՞ղ են, նևրոզդ կսկսվի…

Արմենը դարակի մեջ փնտրում, ապա փակում է դարակն ու արագ դուրս է գալիս սենյակից։

Ցանցապատ սենյակ։

Տարեց տղամարդը կանգնած է պատուհանի մոտ՝ ձեռքին տուփի նմանվող խաղալիք, որի վրա բարակ ձող կա: Պտտեցնում է ձողը, լսվում է երաժշտություն։

Տարեց կինը նստած է հատակին՝ տիկնիկը գրկին։

ՏԱՐԵՑ ԿԻՆԴա ի՞նչ է։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԽաղալիք։

ՏԱՐԵՑ ԿԻՆՄանկությո՞ւնդ ես հիշել։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ — Անհնար է հիշել, ինչը չի եղել։ (Դանդաղ քայլում է կնոջ կողքով՝ պտտեցնելով բարակ ձողը, որից երաժշտություն է լսվում): Հիշո՞ւմ ես մեր դաստիարակին՝ Աննային։

ՏԱՐԵՑ ԿԻՆՈչ։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԵրբ տարան որբանոց, նա էր ինձ խնամում… փոքր էի ու չէի ճանաչում մորս, սկսեցի նրան մայրիկ ասել։ Մի անգամ, ծննդյանս օրը, կարծեմ յոթ տարեկան էի, գնեց այս խաղալիքը: Սա իմ առաջին ու վերջին խաղալիքն է։ Իսկ դու ասում ես՝ մանկությունդ ես հիշել, ահա իմ մանկությունը, ընդամենը։

ՏԱՐԵՑ ԿԻՆԴեղս կտա՞ս։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ(բացում է անկողնու կողքի փոքրիկ պահարանի դարակը, դեղը տալիս է կնոջը): Հետդ ոչնչից խոսել չի լինում։ Նևրոզդ սկսվում է։

ՏԱՐԵՑ ԿԻՆՔո ընտրությունն է, ինչ անեմ։ Տանել չեմ կարողանում, երբ մանկությունից կամ երեխաներից են խոսում իմ ներկայությամբ։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՏղա երեխաներից։

ՏԱՐԵՑ ԿԻՆԼռի՛ր, խնդրում եմ։

Տարեց տղամարդը գնում, կանգնում է պատուհանի մոտ՝ հայացքը դեպի դուրս. լռում է։

ՏԱՐԵՑ ԿԻՆԻնչի՞ մասին ես մտածում։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՄենակ մնալու։

ՏԱՐԵՑ ԿԻՆՀոգնե՞լ ես։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՀա։

ՏԱՐԵՑ ԿԻՆԱսում են՝ սարսափելի բան է մենակությունը։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՍարսափելին ինչ-որ մեկի ներկայությամբ մենակ մնալն է։

ՏԱՐԵՑ ԿԻՆ Տղա որ ունենայինք, քեզ մենակ չէի՞ր զգա։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԲնականաբար, ոչ։

ՏԱՐԵՑ ԿԻՆԻսկ եթե աղջի՞կ…

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴՀիմա դրան էլ եմ համաձայն։

ՏԱՐԵՑ ԿԻՆՈրովհետև տղա չունե՞ս։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԴե հա։

Տարեց կինը, օրորոցային երգելով, դանդաղ մասնատում է տիկնիկն ու մասերը փռում է հատակին։

Տղամարդն անշարժ կանգնած է պատուհանի մոտ։

ՏԱՐԵՑ ԿԻՆ(ընդհատում է երգը, վեր կենալով): Լսո՞ւմ ես, սիրելիս, լսո՞ւմ ես, նա գալիս է։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ(հայացքը չկտրելով պատուհանից): Ո՞վ։

ՏԱՐԵՑ ԿԻՆԲժիշկը՝ սպիտակ խալաթով, գալիս է ասելու, որ ես հիվանդ չեմ։ Մենք, ինչպես միշտ, կժպտանք, ցույց կտանք, որ երջանիկ ենք, նա կհիանա մեզնով, սիրալիր կժպտա ու կասի, որ պետք է հավատալ ու շարունակել բուժումը, մենք համաձայնության նշան կանենք գլխով, հետո ամեն անգամվա պես կասես, որ երեխան երեխա է, ինչ տարբերություն։ Կասես ու կմտածես տղա երեխայի մասին, ես կլռեմ, բժիշկը կհավատա… Բայց այս անգամ ուրիշ է կարծես, տեսնո՞ւմ ես, չի ժպտում, լուռ քայլում է դեպի ինձ, ասես կանչում է ձեռքի շարժումով, ուզում է ասել, որ ես հիվանդ չեմ, այո՛, հիվանդ չեմ… Բաց դուռը. նա հասավ…

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ(մոտենում է կնոջը): Գժվե՞լ ես։ Ո՞ւմ հետ ես խոսում, այստեղ ոչ ոք չկա, գիշերվա երեքն է։

ՏԱՐԵՑ ԿԻՆ(ուզում է գնալ դեպի դուռը): Նա դռան ետևում է, սպասիր։

ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ(բռնելով կնոջը): Հանգստացիր, ոչ ոք չկա այնտեղ, գնա պառկիր։

Տղամարդը, կնոջը բռնած, մոտենում է անկողնուն։

Անին պառկած է անկողնում, Արմենը նստած է նրա կողքին։

ԱՐՄԵՆ Ո՞նց ես զգում հիմա։

ԱՆԻ Արդեն լավ եմ։

ԱՐՄԵՆ Բժիշկ կանչե՞մ։

ԱՆԻ Ոչ, պարզապես մանկությունից ու երեխաներից մի խոսիր հետս, խնդրում եմ։

ԱՐՄԵՆ Լավ, ինձ մնում է ոչ մի բանի մասին չխոսել հետդ։

Պատուհանը թակում են։ Արմենը վեր է կենում, մոտենում է պատուհանին, նայում է պատուհանից, բացում է։

ՄՈՒՐԱՑԻԿ  Բարի երեկո։

ԱՐՄԵՆ Բարի երեկո։

ՄՈՒՐԱՑԻԿ Ինչպե՞ս ես։

ԱՐՄԵՆ Լավ, շնորհակալություն։

ՄՈՒՐԱՑԻԿ Ինչ անսիրտ տղա ես։

ԱՐՄԵՆ Ինչո՞ւ։

ՄՈՒՐԱՑԻԿ Քանի օր է՝ չենք տեսել իրար, սա ի՞նչ դիմավորելու ձև է։

ԱՆԻ (վեր է կենում անկողնուց, մոտենում է մուրացիկին): Դու իսկապես ուզում ես՝ զանգեմ ոստիկանությո՞ւն։

ՄՈՒՐԱՑԻԿ Ես իսկապես ուզում եմ՝ գնաս խոհանոց ուտելիք ու գինի բերես, և համոզվեմ, որ անցած անգամվա թերությունները չկան։

ԱՆԻ Բայց…

ՄՈՒՐԱՑԻԿ Ոչ մի բայց, ես պարապ չեմ, գնա՛, արագացրո՛ւ։

Անին դուրս է գալիս սենյակից։

ԱՐՄԵՆ Եթե մի անգամ էլ գաս, ինձնից չնեղանաս, համբերությունս սահման ունի, լսո՞ւմ ես։

ՄՈՒՐԱՑԻԿ Էլ չեմ գա, իսկ դու գուցե սպասես երկար ու երկար։

Անին ներս է մտնում, ձեռքին՝ ափսեի մեջ՝ կարտոֆիլ, երկու կտոր հաց։ Ափսեն տալիս է մուրացիկին, մուրացիկը ափսեն դնում է պատուհանագոգին։

ՄՈՒՐԱՑԻԿ Բա գինի՞ն։

Արմենը բաժակով գինի է տալիս։ Մուրացիկը ուտում է կարտոֆիլն ու հացը, ափսեն դնում է պատուհանագոգին, թևով սրբում է բերանը։

ՄՈՒՐԱՑԻԿ — (Անիին): Ապրես, աղը տեղն է, բայց կարտոֆիլը մյուս անգամ շատ մանր կկտրատես, որ չվառվի, ու մի՛ խնայիր ձեթը, մի քիչ շատ լցրու թավայի մեջ։ (Խմում է, գավաթը դնում է պատուհանագոգին, հանում է տիկնիկ, տալիս է Անիին): Քեզ նվեր եմ բերել։

ԱՆԻ Որտեղի՞ց ես բերել։

ՄՈՒՐԱՑԻԿ Դիմացի փողոցի աղբամանից, տես, ինչ գեղեցիկ է։

ԱՆԻ (վերցնում է տիկնիկը): Բայց…

ՄՈՒՐԱՑԻԿ — Ոչ մի բայց, ցտեսություն։ (Հեռանում է):

Արմենը փակում է պատուհանը։ Քայլում են անկողնու կողմ, Անին նայում է տիկնիկին։

Անին տիկնիկը դնում է անկողնու վրա, սենյակը դանդաղ սկսում է բարձրանալ։

Լսվում է կայծակի ձայն, ամպի գոռոց, անձրևի ձայն, նորից կայծակ։

Բեմը մթնում է։

ԱՐՄԵՆ Մոմը որտե՞ղ է։

ԱՆԻ Չունենք։

ԱՐՄԵՆ Ասեիր՝ հետս բերեի։

ԱՆԻ Մոռացել էի։

ԱՐՄԵՆ Բա որ այսօր չտա՞ն լույսերը։

ԱՆԻ Կտան, առաջին դեպքը չէ, կայծակից է։

ԱՐՄԵՆ Սա նման է մարդու կյանքին, մի պահ, և ամեն ինչ մթնում է։

ԱՆԻ Ու հետո՝ էլի լույս։

ԱՐՄԵՆ Նրանց համար, ովքեր կտեսնեն։

ԱՆԻ Երանի տեսնողներին…

Ցանցապատ սենյակ։

Սենյակն իջնում է վերևից, անկողնու վրա պառկած սպիտակահեր ծերունին պտտում է ձեռքի խաղալիքի բարակ ձողը, որից երաժշտություն է լսվում։ Քիչ անց ծերունին ընդհատում է նվագը, սենյակը դանդաղ շարունակում է իջնելԾերունին գրկում է կողքի բարձը, սեղմում է կրծքին:

ԾԵՐՈՒՆԻ Հիմա, երբ գնացել ես, ամենից շատ ինքս ինձ եմ կարոտել. ինձ տեսնելու համար պետք է նայեմ քեզ, ինքս ինձ վրա գոռալու համար պետք է վիճեմ քեզ հետ։ Մեկին գումարած մեկ հավասար է մեկի… Եվ ինչպես ասում են, մենակությունից սարսափելի բան չկա…

Ծերունին նորից նվագում է, սենյակն իջնում է ներքև ու կորչում է խավարի մեջ։ Բեմը մթնում է։

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։