Անահիտ ՄՈՒԹԱՖՅԱՆ/«ԹԻԹԵՌԻ ՕՐԸ»

Անահիտ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ «ԹԻԹԵՌԻ ՕՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2010 թ., թիվ 20-21-ում

ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆ

ԹԻԹԵՌԻ ՕՐԸ

Դրամատիկական պատմություն հինգ պատկերով

Գործող անձինք

ՄԱՆԵ — 36 տարեկան

ՏԻԳՐԱՆ — 46 տարեկան

ՄԱՏՈՒՑՈՂ

Պատկեր առաջին

Սրճարան: Սեղաններից մեկի մոտ նստած է կինը, մյուս սեղանի մոտ նստած տղամարդը հետևում է կնոջը:

ՄԱՆԵ (մատուցողին): Կրկնեք, խնդրում եմ:

ՄԱՏՈՒՑՈՂ Շատ բարի: Նույն կոնյակի՞ց:

ՄԱՆԵ Անպայման նույնից: Չեմ սիրում խառնել:

ՄԱՏՈՒՑՈՂ Հիմա կբերեմ: (Հեռանում է):

ՄԱՆԵ Չեմ սիրում խառնել… Լավ ասացի, չէ՞, հին ու փորձված կոնծաբանի պես: Կոնծաբան, լավ բառ է, հին ու հնաբույր բառ… (Մի կում խմելով): Չէ, այնքան էլ լավը չէ այս կոնյակը:

ՄԱՏՈՒՑՈՂ (բերում է մի շիշ կոնյակ, լցնում է բաժակը): Անուշ արեք:

ՄԱՆԵԴառը խմիչքին ասում ենք անուշ արեք: (Խմում է): Կրկնեք: (Խմում է): Մատուցող, անունդ ի՞նչ է:

ՄԱՏՈՒՑՈՂ Մատուցող:

ՄԱՆԵ Շատ ինքնատիպ անուն ունեք: Երևի ազգանունն էլ Մատուցողյան է:

ՄԱՏՈՒՑՈՂ Ըհը, Մատուցող Մատուցողյան: Իսկ ճիշտը գրված է բաջին:

ՄԱՆԵ Կարդալու տրամադրություն չունեմ: Ուրեմն, հարգելի մատուցող, կրկնեք:

ՄԱՏՈՒՑՈՂ Գուցե բավական է: Դուք արդեն…

ՄԱՆԵՀարգելիս, ես լավ գիտեմ, թե ի՛նչն է բավական ու ե՛րբ է բավական:

ՄԱՏՈՒՑՈՂ Բայց…

ՄԱՆԵ Ոչ մի բայց, վախենում ես` այնքան խմեմ, որ չկարողանամ վճարե՞լ:

ՄԱՏՈՒՑՈՂ Չէ, ի՞նչ եք ասում, ես ձեզ ճանաչում եմ, առաջին անգամ չեք այստեղ:

ՄԱՆԵ Ուրեմն, կոնյակ լցրու:

ՄԱՏՈՒՑՈՂ Ինչ-որ տո՞ն եք նշում:

ՄԱՆԵ Չէ, հոգուս հանգստության կենացն եմ խմում:

ՄԱՏՈՒՑՈՂ Կատակում եք:

ՄԱՆԵ Միանգամայն լուրջ եմ: Էլի կոնյակ լցրու: Իսկ երաժշտություն կարելի՞ է պատվիրել:

ՄԱՏՈՒՑՈՂ Իհարկե, դուք ի՞նչ եք նախընտրում: Գուցե ռետրո՞:

ՄԱՆԵ Չէ, ինչո՞ւ, նաև ժամանակակից…

ՏԻԳՐԱՆ(մոտենում, մատուցողից վերցնում է բաժակը): Ազատ ես:

ՄԱՏՈՒՑՈՂ Բայց ես սպասարկում եմ:

ՏԻԳՐԱՆՀիմա ես կսպասարկեմ:

ՄԱՏՈՒՑՈՂ (խորամանկ ժպիտով): Հասկացա… ինչ-որ բան կկամենաք` կանչեք: (Գնում է):

ՏԻԳՐԱՆԿարելի՞ է նստել:

ՄԱՆԵ (առանց նայելու): Չգիտեի, որ կարող եք նստել հաճախորդ հետ:

ՏԻԳՐԱՆԵս էլ չգիտեի, որ մատուցողի եմ նման:

ՄԱՆԵ (առանց նայելու): Եթե կոնյակ սիրում եք` նստեք:

ՏԻԳՐԱՆՍիրում եմ:

ՄԱՆԵ Լավ է:

ՏԻԳՐԱՆԻ՞նչն է լավ…

ՄԱՆԵ Որ կոնյակ եք սիրում:

ՏԻԳՐԱՆՈւրեմն` նստե՞մ:

ՄԱՆԵ Նստեք:

ՏԻԳՐԱՆ(նստում է): Մատուցող, ամենալավ կոնյակը:

ՄԱՆԵ Ժլատ չեք:

ՏԻԳՐԱՆՍիրում եք առատաձե՞ռն տղամարդկանց:

ՄԱՆԵ Սիրում եմ կանանց համար ոչինչ չխնայող տղամարդկանց:

ՏԻԳՐԱՆՁեր բախտը բերեց. ես ոչինչ չեմ խնայում գեղեցիկ կանանց համար:

ՄԱՏՈՒՑՈՂ (բերում է մի շիշ կոնյակ): Լցնե՞մ:

ՏԻԳՐԱՆՉէ, ինքս…

ՄԱՏՈՒՑՈՂ Չասացիք` ինչ երաժշտություն կուզեիք:

ՄԱՆԵ Մենդելսոնի «Հարսանեկան քայլերգը»:

ՄԱՏՈՒՑՈՂ Նման բաներ մեզ մոտ չկան:

ՄԱՆԵ Եթե չկան, ուրեմն պետք չէ;

ՄԱՏՈՒՑՈՂ Ներեցեք: (Գնում է):

ՄԱՆԵ Կնամո՞լ եք:

ՏԻԳՐԱՆԿնամեծար…

ՄԱՆԵԴուք պատկանում եք ոչնչացող տեսակին:

ՏԻԳՐԱՆԱյսի՞նքն…

ՄԱՆԵ Այսինքն…  խմենք ձեր կենացը:

ՏԻԳՐԱՆԽմում եմ գեղեցիկ կանանց կենացը, այսինքն` ձեր:

ՄԱՆԵ Ցիցերոնյան պերճախոսություն:

ՏԻԳՐԱՆՀեգնում եք…

ՄԱՆԵ Փաստն եմ արձանագրում:

ՏԻԳՐԱՆՀետաքրքիր աչքեր ունեք: Փաստն եմ արձանագրում:

ՄԱՆԵ Գայթակղո՞ւմ եք:

ՏԻԳՐԱՆԱսացի` փաստն եմ արձանագրում:

ՄԱՆԵ Չէի սխալվում, դուք իսկապես պատկանում եք ոչնչացող տեսակին:

ՏԻԳՐԱՆԻ՞նչ:

ՄԱՆԵ Ոչինչ, ուղղակի հիմա շատ քիչ են հաճոյախոսող տղամարդիկ:

ՏԻԳՐԱՆՈւրեմն, ձեր բախտը բերեց, մեկին հանդիպեցիք:

ՄԱՆԵ Այո, բախտավոր աստղի տակ եմ ծնվել:

ՏԻԳՐԱՆԵրկու ժամ է` հետևում եմ ձեզ… ինչ-որ բա՞ն է պատահել:

ՄԱՆԵ (խուսափուկ): Խմե՞նք:

ՏԻԳՐԱՆԽմենք:

ՄԱՆԵ Դե, կենաց առաջարկեք:

ՏԻԳՐԱՆԽմենք գեղեցկության կենացը… Այս կենացը ձեզ եմ նվիրում: Դուք շատ գեղեցիկ ու զարմանալիորեն խելացի եք, ձեր կենացը:

ՄԱՆԵ Իսկ դուք սիրո՞ւմ եք խելացի կանանց:

ՏԻԳՐԱՆՏանե՛լ չեմ կարողանում խելացի կանանց:

ՄԱՆԵ Ես չեմ սիրում թույլ տղամարդկանց:

ՏԻԳՐԱՆԵս թույլ չեմ:

ՄԱՆԵ Ուրեմն, ինչո՞ւ չեք սիրում խելացի կանանց:

ՏԻԳՐԱՆԿնոջ խելքը պիտք է միայն…

ՄԱՆԵ ճաշ եփելու և երեխաներ ունենալու համա՞ր:

ՏԻԳՐԱՆԿարդում եք մտքերս:

ՄԱՆԵ Ճանաչում եմ տղամարդկանց:

ՏԻԳՐԱՆԽմենք սիրո կենացը:

ՄԱՆԵ Մեծ ու անսահմա՞ն սիրո կենացը:

ՏԻԳՐԱՆԳուցե հետաձգե՞նք այս կենացը…

ՄԱՆԵ Վախեցա՞ք փորձությունից:

ՏԻԳՐԱՆԵս երբեք ոչնչից չեմ վախենում:

ՄԱՆԵ Քաջ եք ու համարձակ, խիզախ եք ու արի…

ՏԻԳՐԱՆՊերճախոս եք, հազվագյուտ, բառարանային բառեր եք օգտագործում:

ՄԱՆԵ Ուզում եք ասել, որ շա՞տ եմ խմել:

ՏԻԳՐԱՆԸնդհակառակը, ամեն ինչ դեռ առջևում է…  Իսկ մինչ այդ խմենք սիրո կենացը:

ՄԱՆԵ Ինչին չեմ հավատում` կենացը չեմ խմում: Իմ կարծիքով, սերը հիվանդություն է, որ տևում է մեկ-երկու ժամ:

ՏԻԳՐԱՆՍերը հավերժական է ու անմահ, սերը կարող է նվազել, բայց չավարտվել, ինչպես հեքիաթը:

ՄԱՆԵ Սերն, ասում եք, չի՞ ավարտվում…

ՏԻԳՐԱՆՈւղղակի նվազում է:

ՄԱՆԵ Իսկ երբ նվազում է, ի՞նչ է լինում:

ՏԻԳՐԱՆԴե… նվազում է, էլի:

ՄԱՆԵ Նվազում, նվազում ու ավարտվում է, չէ՞:

ՏԻԳՐԱՆԵրբևէ չե՞ք սիրել:

ՄԱՆԵ Արժանի մեկին չեմ գտել:

ՏԻԳՐԱՆՄեծամիտ ու լկստված…

ՄԱՆԵ Ինչո՞ւ եք վիրավորում:

ՏԻԳՐԱՆՈւղղակի փորձում եմ մտածածս ասել:

ՄԱՆԵ Մտածող մարդ… Ռոդենի մտածողի նման: Իմ արժեքը գիտեմ, ու ոչ մի տղամարդ արժանի չէ իմ սիրուն: Նրանք իմ արժեքը չեն հասկանում:

ՏԻԳՐԱՆԻսկ ի՞նչ արժեք դուք:

ՄԱՆԵ Ձեր գրպանի պարունակությունը չի հերիքի:

ՏԻԳՐԱՆԻ՞նչ գիտեք:

ՄԱՆԵ Իմ կենսափորձը, դիտողականությունը հուշում են ինձ:

ՏԻԳՐԱՆՈւրեմն` թանկարժեք պոռնիկ եք:

ՄԱՆԵ Կեցցեք, առանց դեսուդենի… Հա, շատ թանկարժեք պոռնիկ եմ, որը քեզ հասու չէ, որը սեր է փնտրում ամեն մի հաճախորդի մեջ, ում կարելի է խաբել, հետը  սեր խաղալ ու շպրտել, քանի որ նա չի սիրում թույլ տղամարդկանց, որոնք անգամ իրենց ստվերից են վախենում:

ՏԻԳՐԱՆՎախենում են իրենց ստվերի՞ց… Բոլորին նույն աչքով եք նայում:

ՄԱՆԵ Ես ատում եմ բոլորին, ձեզ էլ, քեզ էլ… (Անսպասելի հեկեկում է):

ՏԻԳՐԱՆՋուր տա՞մ… ես ուղղակի կատակում էի: Հանգստացիր, խնդրում եմ, սրբիր արցունքներդ… անձեռոցիկ տա՞մ:

ՄԱՆԵ Քեզ պահիր անձեռոցիկդ… հեռացիր…

ՏԻԳՐԱՆԲայց…

ՄԱՆԵ Գնա, ասում եմ…

ՏԻԳՐԱՆԿներես… կներեք…

ՄԱՆԵ Չե՞ս գնում…  Հետաքրքիր խա՞ղ է, դե, սկսիր խաղալ, սիրում ես, չէ՞, խաղալ:

ՏԻԳՐԱՆԻ՞նչ…

ՄԱՆԵ Ոչինչ:  Ինչո՞ւ չես խղճում ինձ, ինչո՞ւ չես գրկում, սփոփում: Դե,  սպասում եմ… Չէ, երգիր ինձ համար, դու լա՞վ ես երգում… Բանաստեղծություն կարդա ինձ համար, սիրային բանաստեղծություններ, որոնք կարդում ես կանանց համար, խոստացիր, որ քո կողքին ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ կինը, որ աշխարհը կնախանձի ինձ, մեծամիտ ապուշ…

ՏԻԳՐԱՆՄանե՞… Մանե…

ՄԱՆԵԵս եմ, հերթական անգամ չես սխալվել: Չէի՞ր սպասում այս հանդիպմանը…

ՏԻԳՐԱՆՓոխվել ես…

ՄԱՆԵ Իսկ դու նույնն ես: Մի քիչ ծերացել ես, իսկ աստղային փոշին չի թափվել ուսերիցդ: Փայլփլում ես…

ՏԻԳՐԱՆՄանե, Մանե…

ՄԱՆԵ Լավ է, որ անունս չես մոռացել:

ՏԻԳՐԱՆԱյսպես չէի պատկերացնում մեր հանդիպումը:

ՄԱՆԵ Իսկ ո՞նց էիր պատկերացնում… Թե՞ կարծում էիր, որ նախկին հորթային հրճվանքով պիտի գրկեի քեզ: Դու սպանեցիր այն հիմար աղջնակին, որը հավատում էր քեզ, սպանեցիր նրա մեծ սերը: Դու մարդասպան ես, Տիգրան, դու  անհոգի ես, անսիրտ… (Փողը շպրտում է սեղանին, դուրս է գնում):

ՏԻԳՐԱՆՄանե, սպասիր… (Գնում է դեպի դուռը, հապաղում, հետո վերադառնում է): Ո՞վ կսպասեր, որ այսքան տարի հետո հենց այստեղ պիտի հանդիպեի նրան… Մատուցո՛ղ:

ՄԱՏՈՒՑՈՂ (մոտենալով): Լսում եմ:

ՏԻԳՐԱՆԿոնյակ բեր:

ՄԱՏՈՒՑՈՂ Ո՞ր կոնյակից:

ՏԻԳՐԱՆՔիչ առաջ բերածից:

ՄԱՏՈՒՑՈՂ Իսկ Մենդելսոնի «Հարսանեկան քայլերգը» պետք չէ՞:

ՏԻԳՐԱՆՀիմա մահվան քայլերգ է պետք:

Պատկեր երկրորդ

Մանեի բնակարանը: Մանեն անհանգիստ գնումգալիս է, դեղ է խմում, փաթաթվում է մեծ շալի մեջ ու կծկված նստում է: Հեռախոսազանգ: Մանեն չի մոտենում: Հեռախոսազանգը կրկնվում է, կտրուկ մոտենում, վերցնում է ընկալուչը:

ՄԱՆԵ Լսում եմ… Կարինե, եթե վերցրել եմ ընկալուչը, ուրեմն` տանն եմ: Չէ, զբաղված եմ… Առանց ինձ գնա համերգ, դրան լսելու տրամադրություն չունեմ: Քեզ բարի ժամանց… (Շպրտում է ընկալուչը, գնում է խոհանոց, վերադառնում մածունով բաժակը ձեռքին): Ինչքան անտաղանդ կա` մենահամերգով է հանդես գալիս, ապուշներն էլ դրանց լսում են: (Ննջարանից վերմակ է բերում, ծածկվում է): Դրսում երեսուն աստիճան է, իսկ ես մրսում եմ: Կոնյա՞կն էր պատճառը… Էս անտեր քաղաքում ուրիշ սրճարան չկա՞ր… (Ելնում, սկսում է սենյակը կարգի բերել): Ինչո՞ւ հենց էդ սրճարանը եկավ, ինչո՞ւ նորից հանդիպեցի… (Հեռախոսազանգ, վերցնում է ընկալուչը): Ալո… բարև… ոչինչ, շնորհակալ եմ: Հա, նոր խմեցի… այսօր կարծես թեթև են ցավերս… չէ, չեմ նեղվում, սովոր եմ մենակությանը… շնորհակալ եմ: (Ընկալուչը դնելով): Ախր, ո՞նց նեղվեմ հավատարիմ ընկերոջից… միշտ իրար հետ ենք: Երբեմն ուզում եմ սպանել, կախել պարանից… ձեռքս դողում է, ինչպե՞ս սպանեմ հավատարիմ ընկերոջս, որն ամեն գիշեր մրափում է ոտքերիս տակ… Սուրճ պատրաստեմ, գլխացավս չի անցնում…

Գնում է խոհանոց: Ներս է մտնում Տիգրանը, վեհերոտ առաջանում` ուշադիր զննելով բնակարանը: Ձեռքին սուրճի գավաթ` գալիս է Մանեն:

ՄԱՆԵ Դո՞ւ:

ՏԻԳՐԱՆԸհը:

ՄԱՆԵ Ինչո՞ւ ես եկել: Անցնում էիր այս կողմերով, հիշեցիր շքամուտքը, մայթերը, ոչ միշտ աշխատող վերելակը, ու մատներդ ինքնաբերաբար սահեցին կոճակի վրայո՞վ…

ՏԻԳՐԱՆՄենդելսոնի «Հարսանեկան քայլերգն» եմ բերել:

ՄԱՆԵ Ո՞նց գտար ճանապարհը:

ՏԻԳՐԱՆՈվ փնտրե, զայն կգտանե:

ՄԱՆԵ ժամանակդ անտեղի չես վատնել, գրաբար ես ուսումնասիրել, հա՞:

ՏԻԳՐԱՆԾաղրո՞ւմ ես:

ՄԱՆԵ Փաստն եմ արձանագրում:

ՏԻԳՐԱՆԳուցե վեր՞ջ տաս…

ՄԱՆԵ Տանե՛լ չես կարող, երբ քեզ հետ այդպես են խոսում… Դու սովոր ես լինել թելադրողի դերում, իսկ երբ ընդդիմանում են` վիրավորվում ես: Նույնն ես մնացել… Կներես, կինդ տեղյա՞կ է, որ ինձ մոտ ես եկել: Կարող է, չէ՞, իմանալ, վիրավորվել, քեզ մեղադրել անհավատարմության մեջ:

ՏԻԳՐԱՆՆա չի կարող ինձ մեղադրել:

ՄԱՆԵ Մի՞թե վերջապես քո տղամարդկային խոսքն ասել ես:

ՏԻԳՐԱՆՆա…

ՄԱՆԵ Նա չգիտի: Ինչպես միշտ, եկել ես թաքուն, ամեն րոպե փախչելու պատրաստ… Նույն վախկոտն ես մնացել:

ՏԻԳՐԱՆԴե, չէ, նա…

ՄԱՆԵ Բայց կիմանա, անպայման կիմանա, չէ՞: Ընկերուհին կասի, որ քեզ տեսել է  անծանոթ շքամուտք մտնելիս: Զոքանչդ կասի, որ պատահաբար քեզ տեսել է ոչ այնտեղ, ուր քեզ իրավունք էր տրված լինել… Դե, վազիր տուն, ընկիր նրա ոտքերը, ներողություն խնդրիր, ասա, որ շփոթմունք է եղել… Կամ էլ ստիր, թե ընկերոջ տուն էիր գնացել գործով: Գնա, շտապիր… հարմար սուտն էլ ճանապարհին կհորինես, քանի որ ստեր հորինելու վարպետ ես: Նրան էլ ասա նույն ստերը, որոնցով անվերջ կերակրում էիր ինձ, հանգստացնում, լռեցնում…

ՏԻԳՐԱՆԼռի՛ր, դու շատ բան չգիտես:

ՄԱՆԵ Ինչո՞ւ, խոսքերս ցավեցնո՞ւմ են հոգիդ:

ՏԻԳՐԱՆՆա մահացել է…

ՄԱՆԵՄահացե՞լ է… ե՞րբ, ինչո՞ւ… Ցավում եմ… Ուրեմն, մենակ ես մնացել: Վատ է, շատ վատ… (Լռությունը երկարում է): Գիտես, որ հիմար Մանեն քեզ մենակ չի թողնի… թեև դու Մանեին թողեցիր ու գնացիր:

ՏԻԳՐԱՆԵկել եմ քեզ տեսնելու…

ՄԱՆԵ Ինչո՞ւ այսօր:

ՏԻԳՐԱՆԴու ամեն ինչ գիտեիր, ես քեզ չեմ խաբել, երբեք չեմ խաբել…

ՄԱՆԵ Դու միշտ ասել ես ճշմարտությունը, ուստի քեզ չեմ մեղադրում:

ՏԻԳՐԱՆԴու գիտեիր, որ ամուսնացած եմ…

ՄԱՆԵ Տեղեկացված էի:

ՏԻԳՐԱՆՆաև գիտեիր, որ պարտականություն ու պարտավորություն ունեմ:

ՄԱՆԵ Մի հուզվիր, սիրելիս, գիտեի:

ՏԻԳՐԱՆԵթե գիտեիր, հիմա ինչո՞ւ ես մեղադրում:

ՄԱՆԵ Կին ու պարտականություն ունեցող տղամարդը իրավունք չունի մեկ ուրիշի սիրտը մտնել…

ՏԻԳՐԱՆՊարտականության կողքին կա նաև զգացմունք, որը չես կարող խեղդել: Ես առաջին ու վերջին տղամարդը չեմ, ով կին ունենալով` գտել է իր մեծ սերը, բայց չի կարողացել, իրավունք չի ունեցել հեռանալ կնոջից, ընտանիքից, երեխաներից…

ՄԱՆԵ Մենախոսությունդ ավարտվեց, բեմից հեռանալու ժամանակն է… Գնա՛:

ՏԻԳՐԱՆՉեմ գնա, դու պիտի լսես ինձ:

Հեռախոսազանգ: Մանեն ուզում է վերցնել ընկալուչը, Տիգրանը չի թողնում:

ՄԱՆԵ Քանի տարի ապրել եմ առանց քեզ լսելու… Տեսնո՞ւմ ես, չեմ վհատվել… ողջ եմ մնացել: Դու էլ ես ողջ մնացել, անգամ մի քիչ չաղացել ես…

ՏԻԳՐԱՆԻնձ չես ուզում լսել, որովհետև դու քո ճշմարտությունն ունես: Ուրիշի ճշմարտությունը քեզ պետք չէ:

ՄԱՆԵ Այո, պետք չէ, որովհետև քո ճշմարտությունը միայն ու միայն արդարացում է: Տասը տարի, Տիգրան, տասը տարի… այդ տարիների ընթացքում փորձել եմ հասկանալ` ինչո՞ւ մտար կյանքիս մեջ ու ինչո՛ւ փախար: Քո կողքին կորցրի ամեն ինչ` ընկերներ, բարեկամներ, երջանկություն, ընտանիք ունենալու հույս… Ես ապրել եմ առանց քեզ ու վարժվել քո չգոյությանը: Գնա՛:

ՏԻԳՐԱՆՉեմ եկել գնալու համար… եկել եմ բացատրություն տալու:

ՄԱՆԵ Ուշ է: Այս տանը քո մասին կցկտուր հուշեր կան, թող դրանք մնան, իսկ դու ինձ պետք չես:

ՏԻԳՐԱՆԴու վռնդում ես, իսկ ես մնում եմ: Դա չի նշանակում, թե ինքնասիրություն չունեմ: Ես մնում եմ, որովհետև խոսքեր կան, որոնք չեն ասվել:

ՄԱՆԵ Դու ամեն ինչ ասել ես, բացատրել: Քո փախուստն արդեն բացատրություն էր:

ՏԻԳՐԱՆՄիամիտ բաներ մի ասա: Դա փախուստ չէր, դա քո փրկությունն էր: (Ուզում է ծխախոտ վառել):

ՄԱՆԵ Մի ծխիր, խնդրում եմ, ինձ վատ եմ զգում:

ՏԻԳՐԱՆԱյստեղ ծխողներ լինու՞մ են:

ՄԱՆԵ Մի ժամանակ հարցերն ուղղակի էիր տալիս… Հա,  ես գիտեի, որ ամուսնացած ես,  գիտեի, որ երբեք իմը չես լինելու, որ ապրելու ես երկատված կյանքով… Ես գիտեի, ամեն ինչ գիտեի, բայց հիմար էի, երիտասարդ, իսկ դու ինչո՞ւ չէիր բացատրում, ինչո՞ւ: (Ջրամանից ջուր է լցնում, խմում է):

ՏԻԳՐԱՆՔանի՞ անգամ եմ քեզ ասել…

ՄԱՆԵ Ստո՛ւմ ես: Դու երբեք քաջություն չես ունեցել խոսել ուղղակի, բացեիբաց… 

ՏԻԳՐԱՆԵս փորձում էի…

ՄԱՆԵ Չէ, Տիգրան, դու չէիր փորձում, դու այդպես ոչնչացնում էիր ինձ:

ՏԻԳՐԱՆԵս հիանում էի քեզնով:

ՄԱՆԵ Դու ստորացնում էիր ինձ:

ՏԻԳՐԱՆԼռիր:

ՄԱՆԵ Խաղում էիր ինձ հետ, ինչպես տիկնիկի հետ են խաղում…

ՏԻԳՐԱՆԵս սիրում էի քեզ:

ՄԱՆԵ Սիրում բառի արմատը սերն է, հասկանո՞ւմ ես… Դու ի՞նչ գիտես` ինչ է սերը, դու ի՞նչ գիտես սիրել բառի մասին… բառի` հասկանո՞ւմ ես… (Ջուր է խմում, զգացվում է, որ շնչահեղձ է լինում, բայց զսպում է իրեն, Տիգրանից թաքցնում է ցավից ծամածռվող դեմքը):

ՏԻԳՐԱՆԻնձ համար սերը դու ես, դու իմ առջև բացեցիր մեծ սիրո դռներն ու գաղտնիքները…

ՄԱՆԵ Այդ դեպքում ինչո՞ւ փախար մեծ սիրուց:

ՏԻԳՐԱՆԴու ջահել էիր, կյանքը քեզ համար հեքիաթ էր, կամ թատրոն… Ես չէի կարող փշրել այդ հեքիաթը:

ՄԱՆԵ Բայց փշրում էիր:

ՏԻԳՐԱՆՀերթական անգամ սխալվում ես: Դու կայացման ճանապարհին էիր, ես քեզ կխանգարեի… այդ պատճառով էլ հեռացա:

ՄԱՆԵ Հիմա, երբ կայացել եմ, եկե՞լ ես:

ՏԻԳՐԱՆԼռիր, եթե կարող ես… Բայց ես պիտի ծխեմ: (Ծխախոտ է վառում):

ՄԱՆԵ Հանգցրու, ծուխն անտանելի է… Ես լուռ տարել եմ քո  վիրավորանքները, լռել եմ ու սպասել, թե երբ մեր պարոնը կատարը կտաքացնի ու կհիշի ինձ, լռել եմ, երբ զանգում էիր ձեր լոգարանից ու ամեն անգամ զգուշացնում ու հրամայում, որ չզանգեմ քեզ` չհասկանալով, թե ինչպես ես ինձ վիրավորում: Լռել եմ,  երբ տոները կնոջդ հետ էիր անցկացնում, իսկ ինձ արգելում էիր տնից դուրս գալ: Երբ պատմում էիր կնոջդ մասին ու աչքերդ փայլում էին… Ես լուռ տանում էի այդ ամենը, իսկ դու ոչինչ չէիր նկատում, ապրում էիր քո աշխարհում, չմտածելով, որ կյանքի փորձ չունեմ ու հավատում եմ քեզ… Դե, սիրելիս, ինչո՞ւ ես լռում…

ՏԻԳՐԱՆԴու ինձ համար մեկ օրվա կին չէիր… Ճակատագիր էիր… Ես չեմ խոսել, չեմ բացատրվել, ու դու այն պատկերացմամբ ես ապրել, թե ես քեզ կործանել եմ, ինձ համար եղել ես հերթական կին… Ես երկու կնոջ եմ սիրել` քեզ ու նրան, ու շփոթվել եմ այդ սերերի մեջ: Երկուսիդ մեջ էլ նստած էր անսահման էգոիզմը,  սեփականատիրական ձգտումը…

ՄԱՆԵ Եվ առանց ամաչելու խոսո՞ւմ ես այդ մասին:

ՏԻԳՐԱՆԽոսում եմ: Ես չէի կարող վերջնական ընտրություն կատարել, չէի կարող լքել քեզ կամ նրան, բայց այդպես ապրել նույնպես չէի կարող: Ես հեռացա, որովհետև չուզեցի քեզ տանջել… որ մոռանաս ինձ, ապրես քո կյանքով, քո երջանկությամբ:

ՄԱՆԵ Ես քեզ էի սիրում, միայն քեզ էի պատկերացնում իմ կողքին: Ինչպե՞ս կարող էի մոռանալ, սկսել սկզբից:

ՏԻԳՐԱՆԴու պիտի սկսեիր, որովհետև ես մեծ զոհողության էի գնացել` հեռանալով քեզնից: Ես այլևս չէի կարող տանջել քեզ, խաբել…

ՄԱՆԵ Կարծես ուրիշ Տիգրան եմ տեսնում, գրեթե հրեշտակի թևերով մեկին… (Վատ է զգում):

ՏԻԳՐԱՆ(տագնապած բռնում է նրա ձեռքը): Ի՞նչ եղավ, վա՞տ ես զգում…

ՄԱՆԵ Չէ, բան չկա… ջուր կտա՞ս:

ՏԻԳՐԱՆԳուցե ծխախոտն էր պատճառը:

ՄԱՆԵ Ծխախոտը կապ չունի… ջուր տուր:

ՏԻԳՐԱՆՀիմա… (Ջուր է տալիս): Խմիր:

ՄԱՆԵ Շնորհակալ եմ…

ՏԻԳՐԱՆ(դադարից հետո): Չես փոխվել:

ՄԱՆԵ Ի՞նչ գիտես: Իմ երկրորդ ես-ը ստիպեց ատել քեզ ու աշխարհի բոլոր տղամարդկանց:  Ես ուրիշ եմ, իսկ դու ասում ես` չեմ փոխվել: Ես շատ եմ փոխվել:

ՏԻԳՐԱՆԴու նույն Մանեն ես` կախարդող-հմայող ժպիտով:

ՄԱՆԵ Դե լավ, երևի ծերացել եմ:

ՏԻԳՐԱՆԻ՜նչ հիմարություն… ուղղակի հասունացել ես: Գիտե՞ս` ինչից զգացի:

ՄԱՆԵ Ինչի՞ց:

ՏԻԳՐԱՆԷլ երեխայի պես չես տզզում… լացկան:

ՄԱՆԵ Դրա համար քեզ եմ շնորհակալ, կոփեցիր, դաստիարակեցիր… էլ արցունք չունեմ:

ՏԻԳՐԱՆԵրբ լաց էիր լինում, քիթիկդ կարմրում էր, այդ պահին ուզում էի բռնել ու պոկել… չէ, ուզում էի անվերջ համբուրել քիթիկդ:

ՄԱՆԵ Երանի բառերը կարողանային թաքցնել ամեն ինչ…

ՏԻԳՐԱՆԳուցե խաղաղություն հաստատելու ժամանա՞կն է: Ես հոգնել եմ…

ՄԱՆԵ Ես պատերազմ չեմ հայտարարել, ես հաշիվ եմ պահանջում իմ ապրած տառապանքի համար:

ՏԻԳՐԱՆՀիմա այստեղ եմ… Կարծում եմ, դա շատ բան է նշանակում:

ՄԱՆԵ Հիմա պարտադրում ես այլ կերպ նայել անցածին, այլ կերպ գնահատել, գուցե և` քեզ հասկանալ, բայց դա հեշտ չէ: Ապրում էի ինձ համար, կարծես շատ բան մոռացած, բայց եկար, ու ամեն ինչ նորից խառնվեց, ամեն ինչ նորից սկսվեց… Ես  ապրում էի միօրինակ կյանքով, բայց դու…

ՏԻԳՐԱՆԻսկ ես սովորական կյանքով չեմ ապրել…

ՄԱՆԵ Հիշո՞ւմ ես` ինչ էիր երգում:

ՏԻԳՐԱՆԻ՞նչ…

ՄԱՆԵ Հիշո՞ւմ ես` անընդհատ ինչ երգ էիր երգում:

ՏԻԳՐԱՆԵ՞րգ… ե՞ս… Հա, իհարկե… հիշեցի: (Ինչոր բան է փորձում դնդնալ, զգում է, որ այդ չէ, նայում է Մանեին, սկզբում կցկտուր, աստիճանաբար վստահ երգում է): Սա էր, իհարկե, սա էր: (Շարունակում է երգել):

ՄԱՆԵ Հիշում ես, իսկ դա արդեն շատ բան է նշանակում… (Միանում է նրան):

ՏԻԳՐԱՆ(երգելով): Մի խանգարի: (Մանեն չլսելու է տալիս, երգում է ավելի բարձր` խախտելով մեղեդու ռիթմը): Սխալ ես երգում:

ՄԱՆԵ Էգոիստ:

ՏԻԳՐԱՆԼավ, արի միասին երգենք, բայց ինձ ռիթմից չգցես:

Երգում են միասին: Տիգրանը համբուրում է Մանեին: Նա արձագանքում է, ապա կտրուկ վանում է Տիգրանին:

ՄԱՆԵ Ի՞նչ ես անում:

ՏԻԳՐԱՆԵ՞ս… ոչինչ:

ՄԱՆԵ Ինչո՞ւ համբուրեցիր:

ՏԻԳՐԱՆԱռաջինը դու համբուրեցիր:

ՄԱՆԵ Չէ, դու էիր, դու առաջինը…

ՏԻԳՐԱՆԵս համբուրելու միտք չունեի, ինքն իրեն ստացվեց:

ՄԱՆԵ Ասում ես` ինքն իրե՞ն…

ՏԻԳՐԱՆԸհը…

ՄԱՆԵ Տիգրան…

ՏԻԳՐԱՆԻ՞նչ…

Մանեն նայում է Տիգրանին, մղվում է դեպի նա: Տիգրանը լուռ նայում է, հետո գրկում է նրան:

                                           Պատկեր երրորդ

Նույն բնակարանն է: Մահճակալի վերածված բազմոցին պառկած են Մանեն ու Տիգրանը: Սենյակում կիսախավար է:

ՄԱՆԵ … Հետո արագ հագնվում էիր ու ինձ էլ հրամայում էիր հագնվել:

ՏԻԳՐԱՆՔեզ երբեք չեմ հրամայել, հետո… այն ժամանակ ուրիշ էր:

ՄԱՆԵԱյն ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ է… Տիգրան, իսկապե՞ս հավատացիր, երբ սրճարանում ասացի, թե պոռնիկ եմ դարձել:

ՏԻԳՐԱՆԻսկ դու հավատացի՞ր, որ չեմ ճանաչել քեզ…

ՄԱՆԵ Ճանաչե՞լ էիր:

ՏԻԳՐԱՆ(ծիծաղում է): Չէ, որսի էի դուրս եկել…

ՄԱՆԵ Զզվում եմ քեզնից:

ՏԻԳՐԱՆՀա, ես շատ զզվելի եմ… դու ասա, թե ինչո՞ւ էիր խմում:

ՄԱՆԵ (խուսափուկ): Հենց այնպես, պարզապես… Ի՛նչ է, խմել չի՞ կարելի: Միայնակ կին եմ, ինչ ուզեմ` կանեմ, ոչ մեկին պատասխանատու չեմ:

ՏԻԳՐԱՆԴու հենց այնպես չէիր խմի, այն էլ` սրճարանում, ինչպես ասում են` հասարակական վայրում քո փիառը չէիր վտանգի… Ուրեմն, ի՞նչ էր եղել:

ՄԱՆԵ Առիթ կար:

ՏԻԳՐԱՆԻ՞նչ առիթ:

ՄԱՆԵ Գիտեի, որ քեզ էի հանդիպելու: Ապառնի նշում էի հանդիպումը:

ՏԻԳՐԱՆՄանե, խաղդ չի ստացվում:

ՄԱՆԵ Էլի հին երգը… Քեզ երբեք չի գոհացրել իմ խաղը, բայց տես, թե այսօր ինչ ճանաչում ունեմ` թատրոնում` գլխավոր դերեր, ֆիլմերից` հրավերներ, իսկ դո՞ւ…

ՏԻԳՐԱՆԻ՞նչ` ես…

ՄԱՆԵ Ո՞ւր է կորել երբեմնի աստղը:

ՏԻԳՐԱՆԵրբեք աստղ չեմ եղել, ես այն խորքի մարգարիտն եմ, որի փառքն այսօր փրփուրն է խլում:

ՄԱՆԵ Նախանձից սիրտդ պայթում է, չէ՞…

ՏԻԳՐԱՆԸհը, նախանձում եմ: Մոռացա՞ր, որ ես քեզ դերասան դարձրի…

ՄԱՆԵ Երբեք չեմ մոռացել, միշտ շնորհակալ եմ քեզ:

ՏԻԳՐԱՆՄանե, ի՞նչ է կատարվում, ես ուզում եմ իմանալ:

ՄԱՆԵ (հուզմունքը հազիվ զսպելով): Ես մեռնում եմ, Տիգրան:

ՏԻԳՐԱՆԿարո՞ղ ես գոնե հիմա լրջանալ…

ՄԱՆԵ Ես լուրջ եմ, Տիգրան: Ինձ մնացել է ապրելու ընդամենը… ժամը կասե՞ս:

ՏԻԳՐԱՆՉեմ հասկանում…

ՄԱՆԵ Չհասկանալու բան չկա: Դու ժամն ասա:

ՏԻԳՐԱՆ(նայում է ձեռքի ժամացույցին): Ժամը տասն է:

ՄԱՆԵ Ուղի՞ղ տասը:

ՏԻԳՐԱՆՄի քանի րոպե անցել է:

ՄԱՆԵ Ճշգրիտ ասա, իմ կյանքի ժամերը կրճատելու իրավունք չունես:

ՏԻԳՐԱՆԱրդեն ջղայնանում եմ:

Մանեն ոտքերը կախում է մահճակալից:

ՄԱՆԵ Ինչո՞ւ ես ջղայնանում, ինձ մնացել են ժամեր, քանի որ…

ՏԻԳՐԱՆ(ելնում է տեղից, գրկում Մանեի ուսերը): Վերջապես լրջանալո՞ւ ես:

ՄԱՆԵ (խալաթը գցում է ուսերին, վառում է լույսը): Արի երեկոն չփչացնենք, արի ապրենք, հա՞: Տասը տարի չեմ ապրել, սպասել եմ, ու հիմա իմ կողքին իմ սիրելի տղամարդն է, ում կարող եմ ասել, որ սիրում եմ, սիրում եմ… Ու դու չես վախենա այդ բառերից, չես շտապի, ժամացույցիդ չես նայի: Գուցե դաժան եմ, բայց ուրախ եմ, որ ազատ ես ու իմ կողքին ես… Ու հենց այն ժամանակ, երբ ուզում եմ վայելել մնացած կյանքը, որը թիթեռի օրվա չափ է…  

ՏԻԳՐԱՆ(հագնում է վերնաշապիկը): Եթե իսկապես ճիշտ է ախտորոշումը` մենք կդիմենք ամենալավ բժիշկներին, արտասահման կգնանք, մենք միասին ուժեղ կլինենք, չենք թողնի,որ մահը հաղթի մեզ: Մենք երկար ենք սպասել երջանիկ լինելու մեր հերթին… Էլ երբեք քեզ մենակ չեմ թողնի, թանկագինս, լավս, միշտ քո կողքին կլինեմ, քեզ հետ:

ՄԱՆԵ (գրկում է Տիգրանին): Սպասիր, այդ ամենը կասես, երբ… երբ դամբանական խոսք ասելու պետք լինի… Հա, չմոռանաս ասել նաև, որ դու զրկեցիր ինձ մայր դառնալու իրավունքից, մեծագույն երջանկությունից: Կասես, որ դատապարտեցիր մենակության  ու դրանով սպանեցիր ինձ:

ՏԻԳՐԱՆՄանե…

ՄԱՆԵ (ափով փակում է Տիգրանի բերանը):  Լռիր, ոչինչ լսել չեմ ուզում… չխոսես, երբ խոսում ես` սկսում եմ շատ բան հիշել, իսկ հիմա չեմ ուզում հիշել: Հիմա ընթրիք կպատրաստեմ երկուսիս համար: Հիշո՞ւմ ես, մենք սիրում էինք տապակած կարտոֆիլ…

ՏԻԳՐԱՆՀավի տոտիկներով:

ՄԱՆԵ (գոհ ժպտում է): Չես մոռացել: Նաև դառը կարմիր գինի, որի մասին ասում էիր, թե մարդու կյանքը երկարացնում է կես տարով:

ՏԻԳՐԱՆՄենք կվայելենք քո տապակած կարտոֆիլն ու հավի տոտիկները, կարմիր գինի կխմենք, կես տարով կերկարացնենք մեր կյանքն ու կգնանք…

ՄԱՆԵ Թափառելու:

ՏԻԳՐԱՆԹափառելու:  

Իրար են նայում, բարձր ծիծաղում են:

ՄԱՆԵ և ՏԻԳՐԱՆ Արամ Խաչատրյանի արձանի մոտ:

Բարձր ու զիլ ծիծաղում են:

ՏԻԳՐԱՆԵրբեմն գնում էի այնտեղ ու փնտրում քեզ:

ՄԱՆԵ Տարօրինակ է, ապրել նույն քաղաքում ու… չհանդիպել: Ինչո՞ւ այդպես…

ՏԻԳՐԱՆՈւրեմն, չար նախախնամության ուժը բաժանեց մեզ:

ՄԱՆԵ Հետաքրքիր է, որ այդ չար նախախնամության մասին միայն դու ես խոսում:

ՏԻԳՐԱՆՈչինչ չեմ ուզում լսել… Հիմա կընթրենք, հետո կթափառենք Երևանի փողոցներով, իսկ առավոտյան կգնանք աշխարհի ամենալավ բժշկի մոտ: Նա չի թողնի, որ քեզ կորցնեմ… երկրորդ անգամ:

ՄԱՆԵ Մենք կընթրենք,  կթափառենք, գիշերը կվայելենք ոչ մեկից չվախենալով,  ազատ… Ես կկանգնեմ փողոցի կենտրոնում ու կգոռամ, որ սիրում եմ քեզ: Տարիներ շարունակ դա ասել եմ քեզ ու բարձիս: Դրանից հետո մահը սարսափելի չէ…

ՏԻԳՐԱՆԼռի՛ր, այդ հիմար բառը չասես, դու պիտի ապրես:

ՄԱՆԵ Ո՞ւմ համար ապրեմ: Ես ամեն ինչ ունեմ ու չունեմ ոչինչ: Ո՞ւմ համար ապրեմ…

ՏԻԳՐԱՆԻնձ համար, իմ սիրո համար, Մանե, մենք երեխա կունենանք…

ՄԱՆԵ (ճչում է):  Լռի՛ր, դու իրավունք չունես ասել այդ բառը, մի՛ պղծիր այդ անուշ բառը: Ես երազում էի, որ նա քեզ նման լինի, բայց դու սպանեցիր նրան, իսկ ինձ զրկեցիր մայր դառնալու երջանկություննից: Վախեցար, սարսափեցիր, մարդիկ իմանան` ի՞նչ կասեն, ի՞նչ կմտածեն… Իմ մասին չէիր մտածում…

ՏԻԳՐԱՆՀա, մտածում էի իմ մասին, բայց նաև ապագա երեխայի մասին էի մտածում: Ես պիտի ապրեի նրանից հեռու, միշտ` վախով… Քո մասին էի մտածում…  դու ծնվել էիր մայր լինելու համար, բայց ինչպե՞ս էիր մեծացնելու նրան, ի՞նչ էիր ասելու, եթե հարցներ հոր մասին…

ՄԱՆԵԵս ամեն ինչ կանեի, որ նա չզգար հոր պակասությունը:

ՏԻԳՐԱՆԹող միամիտ դատողություններդ: Կինը չի կարող և՛ հայր լինել, և՛ մայր:

ՄԱՆԵ Ես ուզում եմ մոռանալ, չհիշել այդ ամենը… Դու գիտես, որ մեղավոր ես, բայց լռիր, ես էլ կլռեմ… թող ապրեմ ինձ տրված այս ժամերը, լռի՛ր…

Մանեն գնում է խոհանոց: Տիգրանը հետևում է նրան, բայց մնում է դռան մոտ:

ՏԻԳՐԱՆԼավ, լռում եմ, բայց ուրիշ ելք չունեի, հասկացիր… Հետին թվով հեշտ է ասելը, բայց տաս տարի հետ գնա, տես մարդկանց հայացքները, այն վերաբերմունքը, որն արդեն կար քո հանդեպ…

Մանեն գալիս է` ձեռքին ամանեղեն, դանակ: Դրանք պարզում է Տիգրանին, ժպտում է, կարծես չի լսում նրան:

ՄԱՆԵ Սիրելիս, կօգնե՞ս ինձ:

ՏԻԳՐԱՆԴու լսո՞ւմ էիր ինձ:

ՄԱՆԵ Ես տոտիկներն եմ տապակում, դու կարտոֆիլը մաքրի:

ՏԻԳՐԱՆԳուցե հասարակությունը ընդուներ նրան, բայց…

ՄԱՆԵ Ի՞նչ գույնի անձեռոցիկ ես նախընտրում…

ՏԻԳՐԱՆԲայց նա երբեք քեզ չէր ների…

ՄԱՆԵ Եթե չեմ մոռացել` կապո՞ւյտ:

ՏԻԳՐԱՆԴու չես ուզում լսել ինձ…

ՄԱՆԵ Իսկ ի՞նչ բաժակներ դնեմ, գինու շատ գեղեցիկ բաժակներ ունեմ, Փարիզում եմ գնել, լյուդովիկոսյան ոճի են:

ՏԻԳՐԱՆՔո երեխան երջանիկ չէր լինի, անհայրությունը կճզմեր նրան… Ես էլ չէի կարողանա հանգիստ ապրել` ինչ-որ տեղ մեծանում է իմ երեխան, որը չի կարող լինել ինձ մոտ… Քանի՞ անգամ ասեմ, հասկացիր:

ՄԱՆԵԻսկ մոմեր դնե՞մ սեղանին: Վերնիսաժից պղնձե մոմակալներ եմ գնել, քեզ շատ դուր կգան:

ՏԻԳՐԱՆԴու կլսե՞ս ինձ:

Մանեն պահարանից հանել է մոմակալները, դրել սեղանին, սպասքն է դասավորում:

ՄԱՆԵ Դու սիրում ես ընթրել մոմի լույսի ու Շուբերտի Իրիկնային սերենադի տակ: Հուսով եմ, սովորություններդ չես մոռացել… (Վառում է մոմերը, միացնում է երաժշտությունը): Արդեն տասներկուսն  է, ինչ արագ է թռչում ժամանակը, երանի տասը տարին էլ այսքան արագ անցներ, գնար` հետք չթողնելով: Նստիր այստեղ, սա քո աթոռն է: Տանը շատ բան է փոխվել, նոր կահույք եմ գնել, բայց այս աթոռները պահել եմ… Նստիր, սա քո տեղը կլինի: Երբ ուզես` կարող ես գալ ու նստել: Բնակարանի բանալիները քեզ կթողնեմ:

ՏԻԳՐԱՆՄանե…

ՄԱՆԵ Հա, Մանեն եմ, հազար տարի Մանեն եմ… մի քիչ ծերացած, հիվանդ Մանեն եմ… Պարել եմ ուզում, պարել եմ ուզում…

ՏԻԳՐԱՆԳիտե՞ս` ինչի վրա եմ զարմանում:

ՄԱՆԵ Ինչի՞:

ՏԻԳՐԱՆՉես փոխվել, նույն Մանեն ես, նույն խենթը:

ՄԱՆԵՉէ, խենթ բառը շատ է գրական, ես գիժ եմ եղել ու գիժ էլ մնացել եմ: Միայն գիժը ամեն ինչ կմոռանար ու կառաջարկեր սեղան նստել…

ՏԻԳՐԱՆԴու զարմացնում ես ինձ:

ՄԱՆԵ Գիտեմ, որ զարմացնում եմ, մի՞թե հնարավոր է, որ այսքանից հետո մարդ  չդադարի սիրել… Բայց մի մտածիր, մոռացիր, ես անտեղի խոսելու ժամանակ չունեմ, ես այսօր պիտի ապրեմ, ինչպես ուզում եմ

ՏԻԳՐԱՆԻսկ եթե չհանդիպեի՞նք…

ՄԱՆԵ Աշխարհը չէր քանդվի: Սովոր եմ մենակ ապրել, մենակ էլ կմեռնեի:

ՏԻԳՐԱՆԻ՞նչ ես գլուխդ մտցրել, դու ապրելու ես, այսինքն` մենք ենք ապրելու:

ՄԱՆԵ Արդեն լավ է, գիտե՞ս:

ՏԻԳՐԱՆԻ՞նչն է լավ:

ՄԱՆԵ Անցյալում ես ու դու էինք, հիմա արդեն` մենք:

ՏԻԳՐԱՆՀասկացիր, վերջապես, անցյալում ուրիշ էր, հիմա` ուրիշ, և, վերջապես, արի առաջ նայենք:

Մանեն նստում է, ձեռքով հրավրում է, Տիգրանը նստում է:

ՄԱՆԵ Ուրեմն` խմենք ապագայի կենացը:

ՏԻԳՐԱՆՄեր ապագայի: Առանց քեզ ապագա չունեմ, առանց քեզ կյանք չունեմ: Եթե քո կատակները լրջանան` չեմ դիմանա, կմեռնեմ քեզ հետ:

ՄԱՆԵ Դու չես դիմանա ինձ կորցնելու ցավին, թույն կխմես, ու երկուսիս մի գերեզմանում կթաղեն, չէ՞: Դամբանաքարին էլ կգրեն. «Չկա աշխարհում պատմություն տխուր ավելի, քան պատմությունը Ռոմեոյի ու Ջուլիետի»…

Մանեն բարձր ու լիաթոք ծիծաղում է, Տիգրանը գինի է լցնում, բաժակը պարզում է Մանեին:

ՏԻԳՐԱՆԵ՞րբ պիտի հասկանաս, որ կյանքը թատրոն չէ:

ՄԱՆԵ Իմ կյանքը նման է թատրոնի, կյանքիս բոլոր իրադարձությունները բեմի հետ են կապված: Բեմը ստիպեց ճանաչել քեզ, բեմը մեզ մտերմացրեց… Ոտքս կոտրեր, թատրոն չերթայի` կասեր Պաղտասար աղբարը: Մենք թատրոնում սկսեցինք ամեն ինչ ու ամեն ինչ էլ թատրոնի վերածեցինք:

ՏԻԳՐԱՆՀիմա թատրոնի՞ կենացն ենք խմում, թե՞ մեր ապագայի:

ՄԱՆԵ Ամեն ինչի, Տիգրան, մեր ուշացած հանդիպման, մեր գժտության ու հաշտության, մեր երեկվա ու ապագայի, քո ապագայի, մեր կյանք-թատրոնի կենացը, որտեղ ես չափազանց անկեղծ եղա, իսկ դու տրվեցիր անկեղծ ձևացումին:

ՏԻԳՐԱՆԹող քո ասածը լինի: Խմենք:

ՄԱՆԵ Լավ գինի է… Երևի գիտեի, որ գալու ես, դրա համար էլ պահել եմ: Տոտիկները փորձիր, դու սիրում ես, երբ դրանք շատ կարմրացրած են լինում:

Տիգրանը մի տոտիկ է դնում ափսեի մեջ, ախորժակով ուտում է: Մանեն հմայվածվերացած նայում է նրան` ասես հաճույք ստանալով Տիգրանի ուտելուց:

ՏԻԳՐԱՆԱյսպես միայն իմ Մանեն է կարողանում պատրաստել: Դու էլ կեր:

ՄԱՆԵ Չէ, ես հետո կուտեմ: Կարտոֆիլը ո՞նց է:

ՏԻԳՐԱՆԻնչպես միշտ` անմահական… Կարոտել էի:

ՄԱՆԵ Ի՞նձ, թե՞ կարտոֆիլը:

ՏԻԳՐԱՆԱռաջին հերթին` քեզ… Գնանք դուրս, վաղուց անձրևի տակ չեմ քայլել, թրջվել եմ ուզում, ուզում եմ` անձրևը մաքրի վատ հուշերը…

ՄԱՆԵ Կարտոֆիլն ու տոտիկները մեզ կսպասեն, բայց անձրևը չի սպասի:

ՏԻԳՐԱՆՏաք հագնվիր, քեզ մրսել չի կարելի:

ՄԱՆԵ Ես հիմա…

Մանեն գնում է: Տիգրանը գինի է խմում: Բարձր լսվում է Մանեի ծիծաղը: Տիգրանը նայում է ննջարանի դռանը, հասկանում է, որ ծիծաղը իր հուշերի միջից էԾիծաղին միանում է թափվող անձրևի ձայնը:

Պատկեր չորրորդ

Երևանյան փողոց: Գիշեր: Վառվող լույսեր, մեքենաների խուլ ձայն: Ծառի մոտ Մանեն ու Տիգրան են` աշնանային վերարկուներով; Տիգրանը անձրևանոցը պահել է Մանեին վրա: Հեռվում` ֆիլհարմոնիայի շենքի ուրվագիծը:

ՏԻԳՐԱՆՀիշո՞ւմ ես մեր առաջին անձրևը:

ՄԱՆԵ Մեր առաջին հանդիպումը, առաջին համբույրը, առաջին անձրևը…

ՏԻԳՐԱՆԵս լուրջ հարց եմ տալիս:

ՄԱՆԵ Ես ամեն ինչ եմ հիշում:

ՏԻԳՐԱՆՆերկայացումն ավարտվեց, քայլելով եկանք այստեղ, որոշեցինք նստել սրճարանում, հանկարծ վարար անձրև թափվեց: Չհասցրինք մի տեղ մտնել…   Հիշում եմ թաց մազերդ, որոնք կպել էին դեմքիդ, կաթիլներն իջնում էին ճակատիդ վրա, շոյելով դեմքդ` հասնում շուրթերիդ… Այդ պահին երանի էի տալիս այդ կաթիլներին:

ՄԱՆԵ Ճակատիցս ետ տարար թրջված մազերս ու դողացող շուրթերով փորձեցիր բռնել չարաճճի անձրևի կաթիլը: Այդ պահին իսկական երեխա էիր… Ի՜նչ լավն էիր, Տիգրա՛ն:

ՏԻԳՐԱՆԵրբ կաթիլը հասավ շուրթերիդ, հասցրի բռնել ու  կուլ տալ… Այդ երեկոն, այդ անձրևն ու համբույրը շատ բան փոխեցին իմ մեջ… Դրանից հետո երբ կողքիդ տեսնում էի մեկին, խանդում էի` Մանեն իմն է, միայն իմը, ոչ ոք իրավունք չունի նրա կողքին լինել, նրա հետ քայլել ու զրուցել:  Բայց երբ գիտակցությունս հաղթում էր զգացմունքներիս, մտածում էի` ես ամուսնացած եմ, իրավունք չունեմ քեզ միայն իմը համարել, կյանքդ փշրել:

ՄԱՆԵ Այդ երեկոյից հետո ամեն գիշեր պատկերացնում էի, թե ինչպես ես գրկել կնոջդ… Խանդից գիտակցությունս մթագնում էր, բայց նույնն էի մտածում` ի՞նչ իրավունքով, ես խաթարել եմ ընտանեկան երջանկությունդ, հիմա էլ խանդում եմ… Այդպես էլ չհամակերպվեցի քեզ կիսելու մտքի հետ:

ՏԻԳՐԱՆԵս էլ չէի համակերպվում, բայց նաև ուզում էի, որ երջանիկ լինես: Չգիտեմ, ամեն ինչ խառնվել էր գլխումս…

ՄԱՆԵ Այս անձրևն էլ, այն անձրևի նման, կարծես չի ուզում կտրվել… (Սթափվելով` խոր հոգոց է հանում): Հիշողություններ, որոնք այլևս ոչ մեկին պետք չեն… Արի քայլենք Երևանի փողոցներով, մենք ետ նայելու ժամանակ չունենք:

ՏԻԳՐԱՆ(Մանեի մատները սեղմում է ափերի մեջ): Մրսել ես:

ՄԱՆԵ Չէ, չեմ մրսել:

ՏԻԳՐԱՆԴողում ես, մատներդ սառել են:

ՄԱՆԵ Սառն այն է, երբ բացում ես տանդ դուռն ու դեմքիդ փչում է մենակության ցուրտն ու մնում է քեզ հետ: Այսօր ազատվեցի դողից ու ցրտից:

ՏԻԳՐԱՆՄանե, պայմանավորվեցինք չէ՞, էլ ետ չենք նայելու: Ես քո կողքին եմ, մենք միասին ենք: Տուն գնանք, կմրսես:

ՄԱՆԵ Ժամը քանի՞սն է, ինձ ժամն ասա:

ՏԻԳՐԱՆԲժշկի սահմանած ժամն անցել է, ու դու ողջ  ես:

ՄԱՆԵ Անհնար է:

Մանեն տագնապած բացում է Տիգրանի թևքը, ժամացույցին է նայում, հետո վազում է դեպի բեմի խորքը:

ՄԱՆԵ Չէ, անհնար է, չի կարող պատահել… մի՞թե սխալվել է…

ՏԻԳՐԱՆԱսում եմ, չէ՞, մնացել ես նույն խենթուկը:

ՄԱՆԵ Չէ, բժիշկը չէր կարող սխալվել… Ուրեմն` էնքան անպետք եմ, որ երկնքի համար էլ պետք չեկա, էնտեղ էլ ինձ չընդունեցին…

ՏԻԳՐԱՆՉընդունեցին, որովհետև զգացին, որ դու ինձ ես պետք, կիսատ թողած գործեր ունես, դեռ նոր դերեր ունես…

ՄԱՆԵ Երեխա եմ ուզում:

ՏԻԳՐԱՆՀիմա՞:

ՄԱՆԵ Հա, հենց հիմա:

ՏԻԳՐԱՆԱյստե՞ղ…

ՄԱՆԵ Հենց այստեղ, Խաչատրյանի արձանի մոտ… Թող իմ ապագա երեխան էլ նշանավոր երաժիշտ դառնա…

ՏԻԳՐԱՆ(ակամա): Ճիշտ ես ասում…

ՄԱՆԵ Էլ ինչի՞ ես սպասում:

Մանեն գրկում, համբուրում է Տիգրանին, արձակում է անձրևանոցի կոճակները:

ՏԻԳՐԱՆՄենք դեռ կհասցնենք, հարազատս, բայց հիմա գնում ենք տուն, դու  հանգստանում ես, հետո գնում ենք բժշկի մոտ:

ՄԱՆԵ Իմ ամենալավ բժիշկը դու ես: Դու բուժեցիր մենակությանս ցավը…

ՏԻԳՐԱՆԱնձրևն ուժեղացավ, արի տուն գնանք:

ՄԱՆԵ Չէ, չեմ ուզում, պարենք, թող առավոտս դիմավորեմ քեզ հետ, քեզ գրկած… Նրանք պարում են:

ՏԻԳՐԱՆԻնչքան երկար եմ փնտրել քեզ:

ՄԱՆԵ Ինչքան եմ սպասել քո այս խոսքերին:

ՏԻԳՐԱՆՈ՞ւր էիր կորել:

ՄԱՆԵՄիշտ այստեղ եմ եղել, քո կողքին:

ՏԻԳՐԱՆԱյնպես ամուր կգրկեմ, որ էլ երբեք չկորցնեմ:

ՄԱՆԵ Գրկիր ինձ ամուր ու խոստացիր, որ երկրորդ անգամ ինձ մենակ չես թողնի, էլ չեմ դիմանա:

Մանեն նվաղում է Տիգրանի գրկում, փորձում է ցույց չտալ:

ՏԻԳՐԱՆՄանե, մենք դեռ շատ բան կհաղթահարենք, միայն խոստացիր, որ ինձ մենակ չես թողնի:

ՄԱՆԵ Հա… (Ուշաթափվում է): 

ՏԻԳՐԱՆՄանե, նայիր ինձ, խնդրում եմ… Տեր Աստված, սա ճիշտ չէ… հիմա ամեն ինչ կանցնի, հիմա աչքերդ կբացես… ես քեզ հիվանդանոց կտանեմ, միայն դիմացիր, Մանե, դիմացիր, բժիշկները սխալվել են, նրանք սխալվել են…

Մանեին գրկած` Տիգրանը դուրս է վազում:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։